Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

<«ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ» ԸՆԾԱՅԱԿԱՆԸ>

(էջ 71)

1857 թ. ապրիլին լույս է տեսնում Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի թարգմանությունը, որը Նալբանդյանը մեծ ակնածանքով նվիրում է Ստեփանոս Նազարյանին: 

Նալբանդյանի «Թափառական հրեայի» ընծայականը հավաստում է երկու ականավոր գործիչների վաղ շրջանի համագործակցության եւ մեծ բարեկամության իրողությունը: Դրվատանքի այն անկեղծ խոսքը, որով Նալբանդյանը դիմում է իր ավագ գրչակցին, զգացումների միակողմանի զեղում չէր եւ լիովին արտահայտում էր 1855–58 թթ. նրանց փոխհարաբերությունների էությունը: Դրանում համոզվելու համար պետք է թերթել նաեւ «Թափառական հրեա» վեպի թարգմանության առիթով Նազարյանի գրած «Կրիտիկան» (Կրիտիկա. «Թափառական հրեայ», գործ Էժեն Սյու ֆրանսիացու, հեղինակի «Փարիզյան գաղտնիքների» եւ այլ գրվածների: Պ. Միքայել Նալբանդյանցի աշխատութենով: Հատոր Ա. Մոսկվայի մեջ, 1857: Հոդված առաջին: (Տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, № 10, էջ 315–334): 

Նազարյանի այս հոդվածն այն կարեւոր փաստաթղթերից է, որոնք պարզաբանում են անցյալ դարի 50–60-ական թթ. հայ լուսավորական շարժման ակունքները: Հայտնի է, որ այդ շարժման անկյունաքարը աշխարհաբար գրական լեզվի եւ հայ նոր գրականու­թյան զարգացման մտահոգությունն էր. ուստի զարմանալի չէ, որ «Հյուսիսափայլի» առա­ջին տարիների համարներում տպագրված բոլոր գրաքննադատական հոդվածները այս կամ այն չափով պատասխանում էին առաջնահերթ այդ հարցին: Այսպես, Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առիթով գրած իր գրաքննադատական հոդվածում Նալբանդյանը աշխարհիկ գրականության ասպարեզի այդ նոր, արժեքավոր գրքի երեւան գալը ողջունում էր ոգու «գերապայծառ ուրախությամբ»: Նա՝ իբրեւ մեծ հաղթանակ, ավետում է, որ հանձին այդ գրքի հայ նոր գրականությունը, իր քաղաքացիական իրա­վունքները խլելով հնից, «հառաջ է խաղում մեծ-մեծ քայլերով եւ տանում է յուր հետ միասին եւ մեր ընթերցող ազգը» (տե՛ս սույն հատորում, էջ 142): 

Նալբանդյանը հավատում էր Նազարյանի գործին, այն բանին, որ նրա գրչի տակ հայկական ժողովրդական լեզուն «կստանա առավել քաղաքացիություն եւ օր ըստ օրե կմոտենա յուր նպատակին — գեղեցիկ եւ ընտիր գործիք դառնալու ժողովրդի դաստիարա­կության համար» (էջ 149): 

Նազարյանն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրում է «Թափառական հրեայի» վրա, որպես մի գրքի, «որ հայկական զգեստով հանդես է հանել պ. Նալբանդյանցը» (էջ 319): Այս շրջանում նրանք ոչ միայն հանդես էին գալիս տոգորված միեւնույն խոհե­րով, այլեւ զարմանալի կերպով արտահայտվում էին միանման արտահայտչաձեւերով: Ահա մի օրինակ. խոսելով «Հանդես նոր հայախոսության» գրքի մասին, Նալբանդյանն իր «անպատմելի» ուրախությունն էր հայտնում, որ «ժողովրդական լեզուն ձեռք ու ոտք է ստացել եւ մեր նոր մատենագրության աղքատիկ գանձարանի մեջ երեւում է մտավորա­կան եւ կենսական շարժողություն» (էջ 149): 

«Թափառական հրեայի» մասին գրած գրախոսության մեջ Նազարյանը հայտարարում է, թե «մեր կենդանի լեզվի գանձը օրե օր ճոխանում է նորանոր օգտակար գրվածներով, …մեր հայկական խոսքը օրե օր առավել մշակվում է, գեղեցկանում է եւ լինում է մի  մտածող ազգի լեզու» (էջ 315): Միանգամայն ուշագրավ է եւ այն, որ Նալբանդյանն իր ընծայականում Նազարյանին է դիմում «ո՛վ առաքինի, հոգիացած Ազգասեր» խոսքերով, իսկ Նազարյանն իր գրախոսության մեջ նրան համարում է իր ժամանակի «առաքինի եւ հոգիացած մարդերից մինը»: 

Մտածողության այս հարազատությունը մեծ չափով երեւան է գալիս «Թափառական հրեայի» մասին գրված Նազարյանի հոդվածում: Հավանաբար համոզված չլինելով, որ «Թափառական հրեա» վեպը կարող է հասնել ընթերցող լայն հասարակությանը եւ օգտվե­լով «Հյուսիսափայլի» հրատարակության առիթից, Նազարյանը վճռում է ամսագրի էջե­րում մասսայականացնել Նալբանդյանի ծրագրային առաջաբանը, որը նա համարում էր «շատ գեղեցիկ առաջաբան» եւ արժանի՝ «մեր ազգի բոլոր ուշադրության»: 

Համեմատությունից երեւում է, որ Նազարյանն անվերապահորեն ընդունելով Նալբանդյանի դրույթները՝ նոր լեզվի գնահատականի եւ դրա զարգացման ուղիների հար­ցում, իր հոդվածում գրեթե ամրողջությամբ մեջ է բերում Նալբանդյանի գրքի առաջա­բանը: Ընդ որում, այդ արվում է կամ ծավալուն մեջբերումների ձեւով եւ կամ Նազարյանը բառացի վերաշարադրում է առաջաբանի առանձին պարբերությունների բովանդակությունը:

Երկու հարցում միայն Նազարյանը առաջ է անցնում առաջաբանից եւ լայնորեն մեկնա­բանում՝ Նալբանդյանի առաջ քաշած դրույթները. գործնական այդ հարցերից մեկը ազ­գային դպրոցների հաստատման պահանջն է, իսկ մյուսը, որ գրված է զուտ նազարյանական գործիմացությամբ եւ կրքով — գրավաճառության մի կանոնավոր սիստեմ ստեղծե­լու հարցը՝ Թիֆլիսում եւ Ռուսաստանի հայաբնակ կենտրոններում: 

Ինչպես երեւում է այդ գրախոսությունից, Նազարյանը ոչ միայն նպատակադրվել է հրապարակել Նալբանդյանի առաջաբանի հիմնական թեզերը՝ կապված հայ նոր գրա­կանության եւ լեզվի զարգացման հետ, այլեւ մասսայականացնել «Թափառական հրեային» կցված «Հիսուսյանք» հոդվածը: 

Խոսելով Էժեն Սյուի վեպի թարգմանության նպատակների մասին, Նազարյանն իր կողմից ամենախիստ արտահայտություններով դատապարտում է հիսուսյանների գործու­նեությունը: Նա ներկայացնում է Նալբանդյանի հոդվածի կառուցվածքն ըստ գլուխների եւ հայտնում ընթերցողներին, որ իր հոդվածի հաջորդ գլուխներում պետք է ոչ միայն հան­գամանորեն խոսի հիսուսյանների մասին, ծանոթացնելով ազգին Նալբանդյանի աշխա­տությանը, «այլեւ, եթե կարելի էր, տեղ-տեղ լցուցանելով նորա պակասորդքը» (էջ 334): Հաջորդ, [3-րդ], հոդվածով, Նազարյանը խոստանում է ընթերցողներին պատմել «Թա­փառական հրեայի» բովանդակությունը եւ ապա քննել «թարգմանչի գործի արժանավորությունը հայկական լեզվի կողմից, ամենայն զգաստությամբ միտ դնելով նորա պատվականութեններին եւ թերութեններին» (էջ 334): 

Պետք է ափսոսալ միայն, որ 1858–59 թթ. «Հյուսիսափայլի» համար ստեղծված գրաքննական աննպաստ պայմանները խանգարում են ոչ միայն Նազարյանի արժեքավոր այս հոդվածի, այլեւ Նալբանդյանի «Մխիթար եւ Մխիթարյանք» հոդվածաշարի շարունակության տպագրությանը: