Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵԳԵԼԸ ԵՎ ՆՈՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ

(Էջ 118)

Պահպանվել է մեկ սեւագիր ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 9-1/8։ Գրվել է 1963 թ. օգոստոսի 12-17 ընկած ժամանակահատվածում, Պետրոպավլովյան բերդում: Այն ունի «Քաղվածք եւ մտածմունք» ենթավերնագիրը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Լումա», 1902, 6 եւ 1903, Հետագայում մտել է ԵԼԺ. III հատորը (1940)։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը։ 

Այն գերմանական բուրժուական անվանի փիլիսոփա եւ պատմաբան Ռուդոլֆ Հայմի «Հեգելը եւ նրա ժամանակը» (1857) դասախոսությունների կոնսպեկտն էր, որ ռուսերեն հրատարակվել էր Պետերբուրգում 1861 թ.: Այդ նույն թվականին Չեռնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի զինակից Մ. Անտոնովիչը «Սովրեմեննիկում» (№ 8) հրապարակում է իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Հեգելյան փիլիսոփայության մասին», որը Հայմի վերոհիշյալ գրքի ռուսերեն թարգմանության ընդարձակ գրախոսականն է: Երբ Անտոնովիչի հոդվածը լույս ընծայվեց, Նալբանդյանը գտնվում էր արտասահմանում եւ դժվար թե այն կարդացած լիներ Ռուսաստան վերադառնալուց հետո էլ, քանի որ անմիջապես ձերբակալվել էր։ Անտոնովիչի եւ Նալբանդյանի հոդվածների համեմատական քննությունը ցույց է տալիս, որ դրանք գրված են միասնական մատերիալիստական դիրքերից եւ վկայում են, որ երկար մտածողներն էլ, իրարից անկախ, կանգնած էին ժամանակի առաջադեմ փիլիսոփայական մտքի մակարդակի վրա։ 

Անտոնովիչի եւ Նալբանդյանի փիլիսոփայական հետաքրքրությունները շատ բանով մոտ էին իրար: Բացի Հայմի գրքից, Նալբանդյանը բերդում կարդում էր Գ. Լյուիսի «Առօրյա կյանքի ֆիզիոլոգիան» աշխատությունը ., 1861), որի հիման վրա Անտոնովիչը գրել էր իր «Ժամանակակից ֆիզիոլոգիան եւ փիլիսոփայությունը» հոդվածը («Սովրեմեննիկ», 1862, 2), Նալբանդյանը բերդում ուսումնասիրում էր նաեւ Կ. Ֆիշերի «Նոր փիլիսոփայության պատմությունը»-ը (CП6., 1862), որը նույնպես գրախոսել էր Անտոնովիչը «Սովրեմեննիկում» (1882, 2)։ 

Սակայն պետք է ասել, որ եթե Անտոնովիչի հոդվածները, մասնավորապես «Հեգելյան փիլիսոփայության մասին»-ը, գրված են զուտ փիլիսոփայական հայեցակետով, ապա Հայմի գրքի հիման վրա Նալբանդյանի կոնսպեկտը հրապարակախոս-դեմոկրատի մտորումների հետեւանքն էր։ «Քաղվածք եւ մտածությունքի» մեջ Նալբանդյանը ներկայանում է ավելի շատ որպես քաղաքագետ եւ սոցիոլոգ, քան փիլիսոփա

Այն հանգամանքը, որ Ռուդոլֆ Հայմի «Հեգելը եւ նրա ժամանակը» գիրքը հետաքրքրել է եւ՛ Անտոնովիչին, եւ՛ Նալբանդյանին, սոսկ զուգադիպության արդյունք չէր: Անցյալ դարի կեսերին սուր պայքար էր մղվում մատերիալիզմի եւ իդեալիզմի միջեւ, եւ վերաբերմունքը Հեգելի, գերմանական կլասիկ փիլիսոփայության այդ խոշորագույն ներկայացուցչի նկատմամբ մի տեսակ «փորձաքար» էր ժամանակի մտածողների համար։ Հեգելը, Էնգելսի խոսքերով ասած, «տիրապետում էր ոչ միայն ստեղծագործական հանճարին, այլեւ օժտված էր հանրագիտարանային իմաստնությամբ», եւ այդ պատճառով հեգելյան համակարգը գրավել է անհամեմատ ավելի լայն շրջանակ, քան որեւէ այլ նախկին համակարգ, եւ այդ շրջանակում զարգացրել է դեռեւս մինչեւ այժմ զարմացնող մտքերի հրսատություն» (K. Maркc и Փ. Энгельс, Coч., т. 21, cтp. 278)։ 

Ռուսական հեղափոխական-դեմոկրատների տեսակետը այդ հարցի վերաբերյալ արտահայտել է Չեռնիշեւսկին դեռեւս իր «Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր» աշխատության մեջ («Սովրեմեննիկ, 1855, 1856)։ Նա գրել է. «Հեգելի երկիմաստ եւ ամեն տեսակի օգտագործումից զուրկ ակնարկներից սկսած հետեւողական հայացքների զարգացումը մեզ մոտ կատարվում էր Հեգելից հետո հանդես եկած գերմանական մտածողների ազդեցության ներքո (նկատի ունի առաջին հերթին Լ. Ֆոյերթախին–խմբ. ), մասամբ, մենք հպարտությամբ կարող ենք ասել այդ, մեր սեփական ուժերով (նկատի ունի Բելինսկուն եւ Գերցենին–խմբ. Այստեղ առաջին անգամ ռուսական միտքը ցույց տվեց իր ընդունակությունը մասնակից լինելու համամարդկային գիտության զարգացման գործին»։ 

Բելինսկու, Գերցենի եւ Ֆոյերբախի ավանդները Չեռնիշեւսկին զարգացրեց իր հետագա աշխատությունների մեջ («Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն», «Անտրոպոլոգիական սկզբունքը փիլիսոփայության մեջ», «Պոլեմիկական գեղեցկություններ» եւ այլն)։ 

Ռուդոլֆ Հայմի գիրքը նշանակալից իրադարձություն էր փիլիսոփայական գիտության ասպարեզում։ Անտոնովիչի խոսքերով, այդ գործի մեջ «ավելի շուտ եւ հստակ կարելի է ըմբռնել Հեգելի փիլիսոփայության ընդհանուր ոգին եւ բնույթը, քան հենց իր, Հեգելի տրամաբանության եւ էսթետիկայի մեջ»: «Հայմը, -շարունակում է նա, -չի պատկանում Հեգելի երկրպագուների եւ պաշտողների թվին, սակայն նրան ճիշտ չի լինի անվանել նաեւ Հեգելի անվերապահ նախատողներից մեկը: Նա վերաբերվում է Հեգելին եւ նրա համակարգին պատմականորեն, ինչպես մի երեւույթի, որն ապրել է իր դարը եւ անցել պատմության ոլորտը, որի մասին եւ՛ կարելի է, եւ՛ պետք է դատել հանգիստ եւ սառնասրտորեն... հենց այդ պատճառով էլ Հայմի ստեղծագործությունը հանդիսանում է ամենալավ մենագրությունը Հեգելի մասին» (M. A. Антонович, Избр․ философ. произв., М., 1945, cтp. 96, 102)։

Հայմի գրքի կոնսպեկտում Նալբանդյանը լիովին արտահայտել է իր վերաբերմունքը Հեգելի նկատմամբ, ցույց տվել նրա դերն ու տեղը փիլիսոփայության պատմության մեջ։ Դեռեւս 1860 թ. իր «Հիշատակարանի» էջերում բացատրելով, թե ի՛նչ դպրոցի եւ ի՛նչ փիլիսոփայության հետեւող է, Նալբանդյանը գրում է. «Առանց դատողության չեմ ընդունում ոչ Քանթը եւ ոչ Հեգելը. նախ, որ իմ մտածողությունքը եւ խորհելու ազատությունը չկամիմ երբեք ստրկացնելու այդ փիլիսոփաների իշխանությանը, առողջ փիլիսոփայության առաջին ընդդեմ գործ համարելով ազատության կորուստը. երկրորդ, փիլիսոփայությունը մի կենդանի շարժուն եւ համորեն մարդկության սեփական բան լինելով, ուսանում եմ ներկայումս, ազգերի ժամանակակից պատմություններից եւ երեւույթներից»: (Սույն հրատարակություն, հ. III, էջ 194)։ Մոտեցման այս սկզբունքը դրված է նաեւ Նալբանդյանի «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատության հիմքում։ 

Հայ փիլիսոփան հասկանում էր, որ Հեգելի փիլիսոփայությունը, ինչպես նաեւ անցյալի մտածողների փիլիսոփայական համակարգերը ապրել են իրենց դարը եւ այդ պատճառով չի կարելի դրանք ընդունել առանց քննադատության, դոգմատիկորեն։ «Փիլիսոփա պարոնները, –գրում է Նալբանդյանը, –իրենց համակարգությունքը հենց դրել են մեջտեղ, որպես մի հավատալիք, որպես դոգմա, մենք ոչ թե ձեռնոց ենք նետում իմաստության, այլ այն ձեւին եւ դատապարտելու ենք նույն վարդապետությանը, որ երեւում է որպես դոգմա»: Չի կարելի ստրկորեն հետեւել Կանտին, Ֆիխտեին, Բեկոնին կամ Հեգելին, որեւէ շրջանի փիլիսոփայությունը չի կարող ճշմարտություն լինել բոլոր ժամանակների համար, որովհետեւ «ժամանակն առաջ է վազում, հասկացողությանց գումարը կերպարանափոխ է լինում»: Փիլիսոփայությունը, որտեղ մեթոդը եւ համակարգը հանդես են գալիս ինչպես «անմերժելի եւ անբողոքելի», եթե նա անգամ քարոզում է ազատություն, արդեն թշնամի է ազատության, արդեն խորտակում է իր փիլիսոփայությունը»։ Եվ Նալբանդյանը գալիս է ընդհանուր եզրակացության, որ «փիլիսոփայական համակարգությանց ժամանակները անցան» եւ «այժմ կրիտիկի ժամանակ է», իսկ «համակարգությանց կործանումը արդեն մի մեծ եւ հոյակապ համակարգություն է», այս նոր համակարգության տակ հասկանալով փիլիսոփայական մատերիալիզմը, որը, իր խոսքերով, դեռ «գլուխներ, պրակներ ու կատեգորիաներ չունի», այսինքն դեռեւս գտնվում է իր սկզբնական զարգացման շրջանում: Եվ այդ նոր փիլիսոփայության իմաստը կայանում է նրանում, որ ձգտում է թափանցել մարդկային կեցության ոլորտները: «Բարվոքել մարդկային կյանքը–ահա՛ փիլիսոփայությունը», –եզրակացնում է Նալբանդյանը

Նալբանդյանը որոշակի տեսնում էր Հեգելի փիլիսոփայական համակարգի երկակի բնույթը: Բացահայտելով Հեգելի սկզբունքների եւ եզրակացությունների միջեւ գոյություն ունեցող խոր հակասությունները, նա՝ որպես հեղափոխական դեմոկրատ, իր  քննադատության սայրը ուղղում է սոցիոլոգիայի ասպարեզում գերմանական փիլիսոփայի ունեցած հետադիմական հայացքներին: Ցույց տալով հեգելյան փիլիսոփայական համակարգի դասակարգային բովանդակությունը, Նալբանդյանը այն դիտում է որպես XVIII դարի ֆրանսիական մատերիալիստական փիլիսոփայության եւ 1789-1793 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխության նկատմամբ ցուցաբերած արիստոկրատական ռեակցիա եւ վճռականորեն մերժում գերմանական ազգի բացառիկության վերաբերյալ Հեգելի դատողությունները, ինչպես նաեւ նրա տեսակետը պրուսական պետության մասին, որպես կառավարման իդեալի։ Իրականում, ասում է նա, գերմանական փիլիսոփայությունը հանդես է գալիս որպես առաջընթացի թշնամի եւ «Հեգելի պես մարդը փրկություն է տեսնում բռնական ֆրիդրիկոսների ձեռքով դարբնված շղթայի մեջ, քան թե... սահմանադրության... »:

Հեգելի փիլիսոփայական եւ սոցիոլոգիական հայացքների քննադատության հարցում Նալբանդյանին մեծապես օգնել են ռուս առաջադեմ մտածողների ասույթները։ Իր աշխատանքի հենց սկզբում նա մեջբերումներ է կատարում Տ. Ն. Գրանովսկու երկերի երկհատորյակից (M., 1856), Նալբանդյանի արխիվում պահվում են Գրանովսկու եւ ռուս այլ նշանավոր դեմքերի հրապարակային դասախոսությունները, որոնք տպագրվել էին Մոսկվայի համալսարանում, 1852 թ. ։ Հնարավոր է, որ Նալբանդյանը կարդացել էր նաեւ Չեռնիշեւսկու գրախոսականը Գրանովսկու հիշյալ երկհատորյակի առաջին հատորի վերաբերյալ («Սովրեմեննիկ», 1856, 6) 

  «Հեգելը եւ նոր ժամանակը» աշխատության մեջ հանգամանորեն անդրադառնալով 1852 թ. հունվարի 12-ին Մոսկվայի համալսարանի հանդիսավոր ժողովում Գրանովսկու կարդացած «Ընդհանուր պատմության ժամանակակից վիճակի եւ նշանակության մասին» դասախոսությանը, Նալբանդյանը դրան տալիս էր սկզբունքային մեթոդաբանական նշանակություն, ընդգծելով, որ այնտեղ շարադրված են «մարդկության պատմության մասին գիտության վերաբերյալ եղած ամենահասուն հասկացողությունները»: Չեռնիշեւսկին Գրանովսկու մեծագույն վաստակն էր համարում այն, որ նա կարողացավ լայնացնել ընդհանուր պատմության հորիզոնը», մուծելով այնտեղ կյանքի «նյութական պայմանները», որոնք կազմում են «մարդկային ցեղի» պատմության «համարյա բոլոր երեւույթների արմատական պատճառները» (Н․ Г․ Чернишевский, Полн․ собр․ соч., т․ III, стр․ 356–360)

Գրանովսկու գիտական մեթոդի այս կարեւոր առանձնահատկությունը էականորեն տարբերվում էր արեւմտաեվրոպական գիտնականների պատմական կոնցեպցիաներից (Հեգել, Գիզո, Շլոսսեր եւ ուրիշներ), եւ այն օգտագործվեց Նալբանդյանի կողմից «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատության մեջ։ Քննադատելով Հեգելի «Պատմության փիլիսոփայությունը» աշխատության մի շարք դրույթներ (մասնավորապես պատմության օրինաչափության բնույթի ֆատալիստական բացատրությունը), Նալբանդյանը, ինչպես եւ Չեռնիշեւսկին հենվում էին Գրանովսկու նույն ճառի վրա եւ նույնիսկ մեջբերում կատարում նույն հատվածից, պատմության մեջ ավանդույթների նշանակության մասին, պաշտպանելով նշանավոր ռուս գիտնականի կարծիքը. «պատմական խորհրդի ազդեցությունը, որ աճել էր անցածի, մնացած ավանդությանց հիման վրա» (տե՛ս նաեւ Н․ Г․ Чернишевский, Полн․ собр․ соч., т․ III, стр․ 350–361)։ 

Սակայն, մերժելով հեգելյան փիլիսոփայության հետադիմական կողմերը, Նալբանդյանը Հեգելի փիլիսոփայության մեջ ամենակարեւորը եւ արժեքավորը համարում է նրա դիալեկտիկան։ Այս հարցում եւս նա լիովին համակարծիք է Չեռնիշեւսկուն։ Նալբանդյանի «Հեգելը եւ նորա ժամանակը» կոնսպեկտի վերջին հատվածը սկսվում է  Ն. Չեռնիշեւսկու «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատությունը» («Սովրեմեննիկ», 1858, 12) աշխատությունից բերված մեջբերումով, իհարկե, առանց չակերտների եւ աղբյուրի հիշատակման: Եվ դա միանգամայն հասկանալի էր։ «Կոլոկոլում» 1864 թ. հոկտեմբերի 15-ին հրապարակված «Ն. Գ. Չեռնիշեւսկի» հոդվածում Գերցենը գրում է. «Ռուսաստանում ներկայումս այդ անունը արգելված է եւ դժվար թե հնարավոր կլինի գրել Չեռնիշեւսկու մասին ոչ միայն որպես մարդու, այլ նաեւ որպես գրողի, ամենայն հավանականությամբ, շուտով արգելված կլինի նրա երկերից մեջբերումներ կատարել եւ աղբյուրը հիշատակել... »

Առաջին անգամ «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատության մեջ Չեռնիշեւսկուց առանց չակերտների բերված մեջբերման վրա ուշադրություն է դարձրել քննադատ Ցոլակ Խանզադյանը իր «Միքայել Նալբանդյանի «Դիվանի առթիվ» (1933) ընդարձակ հոդվածում, որը, ցավոք, երկար ժամանակ մնացել էր անտիպ (տե՛ս Ց. Խանզադյան, Հոդվածների ժողովածու, Ե., 1963, էջ 165–211)։ Առաջին անգամ այդ մասին գրել է Աշոտ Հովհաննիսյանը . Նալբանդյան, Անտիպ երկեր, Ե. ., 1935, էջ 621–622)։ 

Չեռնիշեւսկու աշխատություններից քաղված մեջբերումները արտահայտում են ռուսական ականավոր փիլիսոփա-հեղափոխականի վերաբերմունքը Հեգելի կողմից հայտնաբերված զարգացման դիալեկտիկական օրենքի նկատմամբ, որի հիման վրա Չեռնիշեւակին արտահայտել էր իր հանճարեղ միտքը այն մասին, որ որոշ ժողովուրդներ իրենց զարգացման ճանապարհին այլ, ավելի առաջավոր ժողովուրդների ազդեցության տակ կարող են շրջանցել միջին տրամաբանական օղակները եւ հասնել զարգացման բարձր աստիճանի: Նալբանդյանի համար այս միտքը խիստ կարեւոր էր, քանի որ հիշյալ դրույթը վերաբերում էր նաեւ հայ ժողովրդին

Չեռնիշեւսկին, նրա հետ միասին նաեւ Նալբանդյանը, ելնելով հասարակական զարգացման այս օրինաչափությունից, տեսնում էին Ռուսաստանում կապիտալիստական զարգացման տանջալից փուլը շրջանցելու եւ Արեւմտյան Եվրոպայի առաջավոր կապիտալիստական երկրների օրինակով զարգացման արդյունքներն օգտագործելու եւ գյուղացիական հեղափոխության օգնությամբ ստեղծված գյուղական համայնքների միջոցով ուղղակի սոցիալիզմին անցնելու հնարավորությունը։ 

Իհարկե, նման նախագիծը կրում էր ուտոպիստական բնույթ, սակայն հետամնաց երկրների սոցիալիստական զարգացման պատմական յուրահատկության գաղափարը ինքնըստինքյան արդեն հեռանկարային էր եւ բեղմնավոր

Մարտնչող մատերիալիզմի հեղափոխական ոգով գրված Նալբանդյանի «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատությունը հանդիսանում է հայ դեմոկրատական մատերիալիստական փիլիսոփայության գլուխգործոցը։ 

էջ 118, տ. 2. «... Բեռլինի համալսարանի մեջ կարդացած Հայմի դասերը... »-Տե՛ս Рудолф Гайм, “Гегель и его время”, перевод Соляникова, СПб., 1861: Հետագա բոլոր վկայակոչումները կատարվում են այդ հրատարակությունից

Էջ 118, տ. 5. «Ամեն փիլիսոփայություն ուրիշ բան չէ... (Հեգել, Իրավանց փիլիսոփայության հառաջաբանության մեջ)»–Մեջբերումը ըստ Հայմի։ Հեգելի «Իրավունքի փիլիսոփայության» ներածության մեջ ասված է. «Ինչը հասկանալը փիլիսոփայության խնդիրն է, որովհետեւ այն ինչ կա, է բանականությունը։ Ինչը վերաբերում է անհատին, ապա ամեն ոք իր ժամանակի զավակն է. այդպես է նաեւ փիլիսոփայությունը, որ իր ժամանակն է մտքերի մեջ ըմբռնված. ինչպիսի հիմարություն կլիներ կարծել, թե որեւէ փիլիսոփայություն կարող է իր առկա աշխարհից դուրս գալ, այնպես էլ՝ թե անհատը կարող է իր ժամանակից վեր թռչել» (G. W. F. Hegel, “Grundlinten der Philosyphie der Rechts”, Schtutgart, 1928, S. 35)

Էջ 118, տ. 23. «Գրանովսկին թեեւ խոստովանում է այս դրությունը, բայց ոչ դրականապես: Նա ասում է, թե որովհետեւ պատմության... եւ ցավում է, որ Մեկենտոշից ջոկ ուրիշ հեղինակները շատ քիչ ուշադրություն են դարձնում պատմության հոգեբանական տարրի վրա»–Գրանովսկին իր «Ռեֆորմը Անգլիայում», հոդվածում, որը գրված է 1847 թ. որպես գրախոսական Օդենի «Հենրիխ VIII-ի պատմությունը եւ Անգլիայի անջատումը հռոմեական կաթոլիկությունից» գրքի վերաբերյալ, ասում է. «Բնության երեւույթները կատարվում են ավելի միանման եւ ճիշտ, քան պատմության երեւույթները: Պատմությանը տրված է օրենք, որը անխուսափելիորեն պիտի կատարվի, բայց կատարման ժամկետը չի ասված... Ահա այստեղ էլ հանդես են գալիս իրենց ողջ իրավունքներով առանձին անհատները... Ցավոք սրտի, մեր ժամանակի պատմաբանները շատքիչ ուշադրւթյուն են դարձնում իրենց գիտության մեջ հոգեբանական տարրերի վրա: Ինչքան մեզ հայտնի է, միայն Մակինտոշն է խոր կերպով մխրճվել Հենրիխ VIII-ի հոգու մեջ եւ ճիշտ հասկացել նրա արարքների գլխավոր պարտճառների իմաստը դժբախտ ամուսնալուծությունից հետո» (Соч. Т. Н. Грановского, т. I, М., 1856, cтp. 320).

Էջ 119, տ. 12. «... ասում է թե  «պատմության փորձերը անպտուղ են անց կենում... »— Մեջբերումը ըստ Գրանովսկու «Ընդհանուր պատմության ժամանակակից վիճակի եւ նշանակության մասին» ճառի, կարդացված 1852 թվականի հունվարի 12-ին Մոսկվայի համալսարանի հանդիսավոր ժողովում, «Հին դարերի պատմության գործնական իմաստը, հիմնված նրա դասերը անմիջապես կյանքում օգտագործելու հնարավորության վրա, չի կարող տեղի ունենալ նոր հասարակությունների բարդ օրգանիզմների պայմաններում: Կրքերի եւ մոլորությունների միանման խաղերը, որոնք խեղաթյուրել են բազմաթիվ ժողովուրդների ճակատագրեր, շատերին բերեցին այն համոզման, որ պատմության դասերը անցնում են անպտուղ, մարդկության հիշողության մեջ չթողնելով խրատական ոչ մի հետք: Արտահայտելով այս միտքը, ինչպես անվերապահ ճշմարտություն. Հեգելը (Պատմության փիլիսոփայության ներածություն, էջ 9) դրա վերաբերյալ առաջ է քաշում բազմաթիվ արդարացի առարկություններ» (Соч. Т Н. Грановского, т. I, М., 1856, стр. 26–27):

Հեգելի «Պատմության փիլիսոփայության» (եւ ոչ թե «Փիլիսոփայության պատմության», ինչպես սխալմամբ գրում է Նալբանդյանը) ներածության մեջ ասված է. «Հանձնարարում են կառավարողներին, պետական գործիչներին, ժողովուրդներին սովորելու գլխավորապես պատմության փորձերի միջոցով: Սակայն ինչ փորձն ու պատմությունն են սովորեցնում, այն է, որ ժողովուրդներն ու կառավարությունները երբեք որեւէ բան պատմությունից չեն սովորել եւ չեն գործել ըստ այդ ուսմունքի, ինչ կարելի էր նրանից դուրս բերեր։ Յուրաքանչյուր ժամանակ այնպիսի յուրահատուկ պայմաններ ունի, այնպիսի անհատական գրություն է ներկայացնում, որ նրա մեջ, միայն նրանից պետք է եւ հնարավոր է վճիռ հանել: Համաշխարհային իրադարձությունների հախուռնության մեջ չի օգնի որեւէ ընդհանուր սկզբունք, նման հարաբերությունների որեւէ վերհուշ, որովհետեւ այնպիսի մի բան, ինչպիսին գունատ վերհուշն է, անուժ է ներկայի կենդանության եւ ազատության հանդեպ»: (G. W. F. Hegel, Vorlesumgen über die Philosophie der geschichte, Schtutgart, 1928, էջ 31):

Էջ 119, տ. 27. «…այդպիսի օրենքը կենդանի ներկա ժամանակի մեջ…»– Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 8.

Էջ 125, տ. 23. «…ես սկսելով քննել…  մինչեւ այժմ գիտեի»— Դեկարտի խոսքերի մեջբերումը Նալբանդյանը կատարել է Բոկլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» աշխատությունից որոշ կրճատումներով։ Բոկլի մոտ մեջբերումը կատարված է այս ձեւով. «Երբ ես, –ասում է Դեկարտը, –սկսեցի քննել ճշմարտությունը, գտա, որ ամենալավ միջոցը դրա համար, ամեն ինչ, ինչ որ ես նախկինում ստացել էի՝ դեն նետելն է»։ (Տե՛ս նշված աշխատություն, СПб., 1864. т. I, часть II, стр. 439) :

Էջ 128, տ. 27. «…այնուհետեւ քիթը մինչեւ ի Կոկիսոն հայոց բարձրացնել…»–Քաղաք Կիլիկիայում, Անտի Տավրոսում, Զեյթունից վերեւ, անառիկ լեռների մեջ, Ջահան գավառում։ Կոկիսոնը Կիլիկիայի հյուսիս-արեւելյան սահմանի վրա ամրացված բերդ էր, որը գրավելուց հետո միայն թշնամիները կարողանում էին իջնել եւ ասպատակել հայկական բերդերն ու ավանները:

Այստեղ օգտագործված է բարձր վայր իմաստով։ (Տե՛ս  Հ. Տեր-Ղազարյան, Հայկական Կիլիկիա. Տեղագրություն, Անթիլիաս, 1966)։

Էջ 130, տ. 14. «Այսպես է սովորական եւ ըստ մեծի մասին արժանի…»–Ադամ Շմիդտի գրքին նվիրված գրախոսականում Գրանովսկին գրում է. «Այդպիսին է սովորական եւ մեծ մասամբ արժանի բաժինը գերմանական գրքերի։ Չնայած հին օրինակների անընդհատ ուսումնասիրմանը, գերմանական գիտնականները այդպես էլ չկարողացան նրանցից վերցնել գեղեցիկ ու կենդանի շարադրման ձեւը։ Այդ պատճառով հաճախ նրանք խոսում են հունական արվեստի հավերժական գեղեցկությունների մասին այնպիսի լեզվով, որ կասկածանքի տակ է դրվում այդ արվեստի ազդեցությունը նրանց երկրպագուների վրա։ Տարօրինակն այն է, որ շատերը ձեւին չտիրապետելը համարում են գերմանական ցեղի ամեն ինչին հիմնավորապես մոտենալու ի ծնե հատկություն»:

էջ 130, տ. 26. «Սենեկան խոստովանում է յուրաքանչյուր մարդկային անձին սրբությանը…»– Գրանովսկու նույն աշխատություն 284 էջում ասված է. «Սենեկան ընդունում է յուրաքանչյուր մարդկային անձնավորության սրբությունը. Homo res sacra «Ամեն մարդ ազնիվ է, քանի որ առաջացել է Աստծուց։ Եթե քո տոհմագրության մեջ կան մութ աստիճաններ, ապա քայլիր դրանց վրայով, կանգնիր ավելի բարձր։ Ելիր ազնվության աղբյուրի մոտ, նրա մոտ, որից սերում ենք մենք բոլորս. մենք բոլորս Աստծո զավակներն ենք»։ Այս արտահայտություններում արդեն հնչում են քրիստոնեության նախազգացումները։ Հռոմեական կրկեսի արյունոտ տեսարանները նրա մոտ արթնացնում են նույն զգացմունքները, որոնք հեռացրին նրանցից առաջին քրիստոնյաներին։ Նա դիմում է հանդիսատեսներին դառը խոսքերով. «Առանց զայրույթի, առանց վախի, միայն զվարճության համար դուք մահվան եք ուղարկում մարդուն եւ հիանում նրա մահամերձ տխրությամբ։ Դուք կասեք, որ դրանք ոճրագործներ են, որ դրանք արժանի են մահ ընդունելու։ Համաձայն եմ, բայց ի՞նչ հանցագործություն եք կատարել դուք ինքներդ, որի համար դատապարտվել եք ականատես լինելու մահապատժի»:

Էջ 130, տ. 27. «  Homo res sacra»—Մարդը նվիրական բան է (լատիներեն)։

Էջ 131, տ. 15. «Բոռքը իր ծերության ժամանակ, մանավանդ ընկճված իր որդու մահի կսկծի տակ, չկարողացավ կլլել Ֆրանսիո մեծ ռեւոլյուցիոն»— Անգլիական քաղաքական գործիչ Էդմոնդ Բոռքի մասին Նալբանդյանը տեղեկություններ է քաղել Թոմաս Բոկլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» գրքի I հատորի «Մտավոր զարգացումը Անգլիայում XVI —XVIII դդ. » գլխից։

Անգլիական պառլամենտական գործիչ եւ իր ազատամտությամբ հայտնի Բորքը, ահաբեկված ֆրանսիական հեղափոխության ծավալումից, կտրուկ կերպով փոխում է իր դիրքորոշումը եւ սկսում պայքարել ֆրանսիական հեղափոխության դեմ։ Բոկլը այդ հանգամանքը բացատրում էր նրա հոգեկան ծանր կացությամբ։ «Հիմա, գրում է Բոկլը, երբ անցել է այսքան ժամանակ եւ Բորքի բոլոր մոտիկ ազգականները մահացած են արդեն, անբնական կլիներ չպնդել, որ նա իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր խելագար վիճակում։ Երբ սկսվեց ֆրանսիական հեղափոխությունը, նրա միտքը, հոգնած անընդհատ աշխատանքից, չկարողացավ տանել այդպիսի իրադարձությունների տեսարանները, այդպիսի չտեսնված, այդքան սարսափելի եւ այդքան հսկայական ու զարմանահրաշ հետեւանքներ խոստացող․․․ այդ հեղաշրջումը նրա մոտ ավելի ուժեղացավ տխուր կորստից հետո… Չի կարելի մոռանալ սքանչելի ու հուսահատ այն խոսքերը, որ նա ասել էր իր միակ որդու մահվան կապակցությամբ... » (էջ 347-348)։

Էջ 131, տ․ 19․ «Բոռքը, յուր հայրենիքի անձնական оգուտը երկու ձեռքով զոհում էր ամերիկյան անկախությանը»– «Այս ամենի հետեւանքը եղավ այն, շարունակում է Բոկլը, որ Բոռքը դեմ կանգնեց բոստոնյան նավահանգստին առաջադրած բիլլին, այն ամոթաբեր օրենքին, որը իզուր չէ, որ կոչվում է «սովամահության նախագիծ»․ այդ բռնի միջոցներով թագավորը ուզում էր ընկճել գաղութներին եւ կոտրել այն ազնիվ մարդկանց հպարտ ոգիները, որոնց նա ավելի շատ ատում էր, քան վախենում» (էջ 346)։

Էջ 131, տ․ 33․ «... երբ Կարլոս II եւ Հակոբ II Ստյուարտները Լյուդովիկոսի արծաթագին վասալները դառնալով... նենգում եւ դավում էին Անգլիո ազատության»–Կարլոս II Ստյուարտը անգլիական գահ բարձրացավ 1660 թ․ եւ թագավորեց մինչեւ 1685 թ․ քանի որ իր անխոհեմ ծախսերի հետեւանքով միշտ կարիքի մեջ էր, Լյուդվիկոս XIV-ին զիջեց Դյունկիրխենը 5 միլիոն լիվրով։ Նրան սիրաշահելու համար, առանց լուրջ պատճառի պատերազմ սկսեց Նիդերլանդների դեմ, որը ավարտվեց Անգլիայի պարտությամբ։ 1669 թ․ կազմակերպվեց Կաբալի մինիստրությունը (մինիստրներ՝ Կլիֆորդի, Աշլիի, Բուկինգեմի, Առլինգտոնի եւ Լոուդերդելի անվան սկզբնատառերով), որը Լյուդովիկոս XIV-ի դրամով աշխատում էր Անգլիայում նորից կաթոլիկության ներմուծումը գլուխ բերել եւ վերականգնել բացարձակ միապետականությունը երկրում։ Ֆրանսիայի հետ ունեցած գաղտնի պայմանագրի զորությամբ Կարլոս II-ը 1672 թ․ նորից պատերազմ հայտարարեց Նիդերլանդներին, եւ նորից պարտություն կրեց։

Կարլոս II-ին հաջորդեց Հակոբ II Ստյուարտը (1685–88), որը նույնպես աշխատում էր ուժեղացնել կաթոլիկների իշխանությունը Անգլիայում։ Ստյուարտների ժամանակ Ֆրանսիան դարձել էր Անգլիայի վտանգավոր մրցակիցը ծովում, Լյուդովիկոսը ամեն կերպ աշխատում էր վնասել Անգլիային եւ օգնում էր Ստյուարտներին։ Երբ անգլիական պառլամենտին հաջողվեց Հակոբ II-ի դուստր Մարիայի ամուսնուն՝ Վիլհելմ Օրանժյանին դարձնել թագավոր եւ երկրից դուրս քշել դավաճան Հակոբ II-ին, վերջինս ապաստան գտավ Ֆրանսիայում։ Չնայած այն բանին, որ Ռիսվիկյան հաշտության պայմանագրով Լյուդովիկոսը ճանաչել էր Վիլհելմ Օրանժյանին, նա, Հակոբ II-ի մահվանից հետո, որպես Անգլիայի օրինավոր թագավորի ճանաչեց վերջինիս որդուն։

Էջ 132, տ․ 8․ «... նա էլ չէր հիշում Անգլիո քաշածները Կարլոս I-ի ձեռքից, չէր հիշում երկայն-պառլամենտը․․․ եւ այսպես անվանված պոչի (երկայն-պառլամենտի մնացորդքը)  լրբությունը»–Ակնարկը վերաբերում է Կարլոս I Ստյուարտի՝ սեփական ժոդովրդի եւ պառլամենտի դեմ մղած պայքարին:

Կարլոս I-ը 1640 թվականի աշնանը վերակոչեց երկար պառլամենտը, որը եւ անմիջապես զինված պայքարի անցավ թագավորի դեմ, եւ նրա մահապատժից հետո ստեղծեց հանրապետություն 1649 թ. ։ Այդ պառլամենտը ցրեց Կրոմվելը 1653 թ. եւ նորից կանչեց 1660 թ., Անգլիան պատրաստվում էր Ստյուարտների վերականգնմանը։ Երկրի կառավարությունը գտնվում էր երկար պառլամենտի ձեռքին, որին սկսել էին անվանել իսկական պառլամենտի «պոչ»։ «Պոչի» անդամներին մեղադրում էին թագի եւ եկեղեցու ունեցվածքը անօրինաբար վաճառելու, ռոյալիստների կալվածքները սեփականացնելու եւ նմանօրինակ գործարքների մեջ։

Էջ 133, տ. 11. «Կարելի է նորան չարչարում էր մի նախազգացություն…»–Տե՛ս Р. Гейм, Гегель и его время, стр. 374.

Էջ 133, տ. 21. «... Վերանորոգեցեք, ասում են Ռոսսելի բարեկամքը— որ կարողանանք պահպանել»—1831 թ. մարտի 1-ին լորդ Ջոն Ռոսսելը պառլամենտում մտցրեց «բիլլ ռեֆորմի մասին» նախագիծը, որը առաջարկում էր վերանորոգություններ կատարել համայնքների պալատի ընտրական սիստեմի մեջ։ Այդ առաջարկության համաձայն կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք նախկինում զրկված էին ընտրական իրավունքներից, պետք է ստանային իրենց իրավունքը։ 1831 թ. այդ բիլլը օր ու գիշեր տեւող պառլամենտական դեբատներից հետո տապալվում է եւ մեկ տարի հետո միայն նրան հաջողվում է օրինականացնել իր նախագիծը։

Էջ 133, տ. 28. «Bill of reform»– «Օրենք ռեֆորմի մասին»– այսպես էր կոչվում 1832 թվականի Անգլիական պառլամենտական ակտը, որը փոփոխեց եւ կարգավորեց համայնքների պալատի դեպուտատ ընտրվելու սիստեմը։ Մինչ այդ անգլիական ժողովրդի ընտրական սիստեմը պահպանում էր ֆեոդալական իրավունքի ձեւը. ընտրական նոր սիստեմը օրինականացվում է 1832 թ. հունիսի 7-ին:

Էջ 133, տ. 31. «Այս հատվածի մակարդը է երկյուղը... գոնե տեսական հարաբերությամբ կարող են համարվել որպես առաջադիմություն» Տե՛ս P. Гайм, Гегель и его время, стр. 375.

Էջ 135, տ. 15. «…չէ կարելի երեւակայել ավելի միակողմանի դատողություն… պոլիցակազմ ազատության մեջ»– Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 376.

Էջ 135, տ. 34. «Հասկանալի է, —շարունակում է Հայմը, «ինչպես անգլիական պառլամենտականության մեջ»— Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 376.

Էջ 136, տ. 18. «Անգլիական պառլամենտի մասին Հեգելի դատողությանց մեջ… ինչպես է Դուքս Վելինգտոնը, ողորմության է գտնում Հեգելից» Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 377.

Էջ 137, տ. 16. «... ինչ որ գրված էին դուքս Վելինգտոնի հայտարարությանց մեջ» —1828 թ. դուքս Արթուր Վելինգտոնը գրավեց Անգլիայի առաջին մինիստրի պաշտոնը։ Նրա մինիստրությունը ուներ շեշտված պահպանողական բնույթ։ Վելինգտոնը իրեն հատուկ համառությամբ հակադրվում է պառլամենտական ռեֆորմին, առիթ տալով ժողովրդի վրդովմունքին: Ֆրանսիական հուլիսյան հեղափոխությունից եւ Վիլհելմ IV-ի գահ բարձրանալոլց հետո Վելինգտոնի կառավարությունը հրաժարական է տալիս։

Էջ 137, տ. 20. «Sine gua non»–Անխուսափելի (լատ.

Էջ 139, տ. 13. «... որի լոկ Habeas corpus ակտը…»— Բառացի՝ «մարմին ունենաս» (լատ. ): Այս ակտը անգլիական պառլամենտը ընդունել է 1679 թ. Կարլոս II-ի թագավորության ժամանակ: Այն ապահովում էր քաղաքացիների անձի անձեռնմխելիությունը: Փոխանակ երկար ժամանակ տքնելու բանտում, Անգլիայի քաղաքացին հնարավորություն էր ստանում արագ կերպով ենթարկվելու արդար դատաստանի, կամ ազատ արձակվելու։

Էջ 141, տ. 3. «Մի քանի թերությունք, եւ վնասակար դրությունք, ինչպես եւ անդրանկական համակարգությունը…»– Անդրանիկական համակարգությունը կամ մայորատը ժառանգության այն ձեւն է, համաձայն որի հողը առանց մասնատվելու անցնում է ավագ որդուն, կամ ընտանիքի, ցեղի կենդանի մնացած ավագին։ Միջնադարում այն հանդիսանում էր հողային սեփականության պահպանման միջոց։ XVIII դարի վերջերին եւ XIX դարի սկզբներին ֆեոդալական օրենքների վերացման հետ այդ իրավունքը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալուց։ Մայորատը պահպանվում էր միայն Անգլիայում, որպես անշարժ գույքի ժառանգության հաստատուն եւ անփոփոխ օրենք:

Էջ 141, տ. 25. «մնում է մեջտեղը որպես միակ բարերար ելք հասարակական  սկզբունքը (общинное начало) որ կա Ռուսսիո մեջ»—Հասարակական սկզբունքի  (общинное начало) կամ այլ խոսքով, ռուսական համայնքի՝ որպես հասարակության սոցիալիստական կառուցման հնարավոր սաղմի՝ ուտոպիստական գաղափարը Չեռնիշեւսկին զարգացրեց մի շարք հոդվածներում «(Studien) բարոն Հակստհաուզենի «Ուսումնասիրություն Ռուսաստանի ժողովրդական կյանքի ներքին հարաբերությունների եւ առանձնապես զեմստվոյական հիմնարկությունների վերաբերյալ» (Սովրեմեննիկ, 1857 սեպտեմրեր-հոկտեմբեր), «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» (Սովրեմեննիկ, 1858, դեկտեմբեր), «Տնտեսագիտական գործունեություն եւ օրենսդրություն» (Սովրեմեննիկ, 1859, փետրվար), «Տրամաբանության նախապաշարումներն ու օրենքները» (Սովրեմեննիկ, 1859, հոկտեմբեր)։ Դրանցից նշանավոր է մանավանդ «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածը, որտեղ հեղինակը ցույց է տալիս իր հակառակորդների տեսակետների փիլիսոփայական հիմունքների սնանկությունը։ Այս գործում Չեռնիշեւսկին ձգտում էր ապացուցել, որ հասարակության զարգացումը տանում է դեպի ոչ միայն հողի, այլեւ ընդհանրապես արտադրության միջոցների համայնականացում։ «Հեգելը եւ նորա ժամանակը» գրելիս Նալբանդյանը ձեռքի տակ է ունեցել «Սովրեմեննիկի» 1858 թվականի դեկտեմբերի համարը, որտեղ տպագրված է Չեռնիշեւկու «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածը:

Էջ 141, տ. 25. «... բայց ով գիտե թե երբ կարող են զարթնել Անգլիո եւ Ֆրանսիո  գրակխոսները»–Նկատի ունի Հին Հռոմի քաղաքական գործիչներ Տիբերիոս եւ Գայոս  Գրակքոս եղբայրներին (162–133, 153–121 մ. թ. ա. Տիբերիոսը 133 թ., ընտրվելով ժողովրդական տրիբուն, առաջարկում է մի օրինագիծ, որով սահմանափակվում է պետական հողի օգտագործումը՝ մինչեւ 300 հեկտար ամեն մի ընտանիքին (ager publicus): Ավելորդ հողերը վերցվում էին պետության կողմից եւ ոչ մեծ հողաբաժիններով (մոտ. 9 հեկտար), վաճառվում չունեւոր քաղաքացիներին առանց վերավաճառելու իրավունքի։ Այս օրինագիծը հանդիպեց խոշոր հողատերերի եւ սենատի դիմադրությանը եւ Տիբերիոսը զոհ դարձավ դավադրության։

Նրա եղբայր Գայոսը 123 թ. դառնալով ժողովրդական տրիբուն, վերականգնում է Տիբերիոսի ագրարային օրինագիծը։ Դեմոկրատական ռեֆորմի իրականացմամբ Գրակքոս եղբայրները առաջին հերթին աշխատում էին կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայման պրոցեսը։ Ագրարային ռեֆորմի կիրառումով մոտավորապես 80 հազար քաղաքացիներ հողաբաժիններ ստացան։

Սակայն այդ ամենը կրեց ժամանակավոր բնույթ, քանի որ արտադրության զարգացման ստրկատիրական ձեւը անխուսափելիորեն տանում էր դեպի մանր սեփականատերերի քայքայումը։ 121 թվականի ընտրություններում Գայոսը զրկվում է ժողովրդական տրիբունի իրավունքից եւ շուտով զոհվում զինված ապստամբության ժամանակ։

Էջ 143, տ. 3. «... մասգարալըք փարա իլեն փուլ իլեն դեյիլ տըր»— Մասխարությունը փողով-փարայով չէ» (թուրքական առած)։

Էջ 144, տ. 6. «Հեգելը մեռավ խոլերից նոյեմբեր 14-ին 1831-ին»– Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 377–378.

Էջ 145, տ. 6. «Նա ձգտում էր հպատակեցնել միտքը... որին հպատակված էր  մարդոց կամքը»—Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, стр. 378.

Էջ 145, տ. 22. «Ոչ Հեգելի աշակերտն ենք եւ ոչ Շելլինգի... առարկայական էության հասցնելուց»– Թարգմանությունն է Չեռնիշեւսկու «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածի հետեւյալ հատվածի, առանց չակերտների եւ հեղինակի անվան հիշատակության։

«Мы не последователи Гегеля, а тем менее последователи Шеллинга. Но не можем не признать, что обе эти системы оказали большие услуги науке раскрытием общих форм, по которым движется процесс развития. Основной результат этих открытий выражается следующею аксиомою: «По форме высшая ступень развития сходна с началом, от которого оно отправляется». Эта мысль заключает в себе коренную сущность шеллинговой системы: еще точнее и подробнее раскрыта она Гегелем, у которого вся система состоит в проведении этого основного принципа через все явления мировой жизни от ее самых общих состояний до мельчайших подробностей отдельной сферы бытия» Н. Г. Черныневский, Полн. собр. соч., т. V, М., 1950, стр. 363—364).

Էջ 145, տ. 36. «Հեգելը դրականապես ասում է... առարկայական էության հասցնելուց»— Մեջբերումը կատարված է Չեռնիշեւսկու «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածի տողատակի մեկնությունից.

«Гегель положительно говорит, что средние логические моменты чаще всего не достигают объективного бытия, оставаясь только логическими моментами. Довольно того, что известный средний момент достиг где-нибудь и когда-нибудь, этим избавляется процесс развития во всех других временах и местах об необходимости доводить его до действительного осуществления, прямо говорит Гегель». («Критика философских предубеждений», т. V, стр. 387).

Էջ 146, տ. 6. «Որ զփորձ առեալ է, կարող է փորձանաւորաց օգնական լինել» —Տե՛ս Աստվածաշունչ, Թուղթ առ Եբրայեցիս, գլուխ Բ, 18։

Էջ 146, տ. 29. «Առաջին առած... որոնցից անցել էր առաջին ազգը»— Հատվածը թարգմանություն է Չեռնիշեւսկու «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածից.

1. Высшая степень развития по форме совпадает с его началом.

2. Под влиянием высокого развития, которого известное явление общественной жизни достигло у передовых народов, это явление может у других народов развиваться очень быстро, подниматься с низшей ступени прямо на высшую, минуя средние логические моменты («Критика философских предубеждений», т. V, стр. 389).