Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

(էջ 383)

Ինքնագիրը չի պահպանվել: Գրվել է 1865 թ.: Առաջին անգամ տպագրվել է՝ «Երկրագունդ», Կ. Պոլիս, 1871, 1, էջ 5–8, 2, էջ 19–23: Երկրորդ անգամ՝ «Փորձ», 1877–78, 3, էջ 247–259:

Առաջին տպագրությունն անավարտ է, տողատակին տրված է հետեւյալ բացատրությունը. «Մեզի այնպես կթվի, որ թե հոդվածին եւ թե ծանոթության վերջը կորսված ըլլալու է: Կարելի է, որ կորսված մասն ալ օր մը գտնվի եւ հրատարակվի, առ այժմ ինչ որ ձեռքերնիս անցավ՝ այն հրատարակեցինք»: Երկրորդ տպագրությունը լրիվ է: Այնուհետեւ մտել է ԵԼԺ, III հատորը: Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել «Փորձի» հրապարակումը:

«Նկատողությունը» «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (Վենետիկ, 1862) գրքի գրախոսականն է: Գրության ժամանակի վերաբերյալ կան մի քանի կարծիքներ: Կոմենտարների հեղինակ Ա. Աբրահամյանը գտնում է, որ Նալբանդյանը Վարդանի «Պատմությունը» ստացել է Պետրոպավլովյան բերդում գտնվելու ժամանակ եւ հենց այդ ընթացքում էլ գրել է իր գրախոսականը, այսինքն՝ 1862 թ. հուլիսից 1865 թ. մայիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում (Տե՛ս Մ. Նալբանյան, ԵԼԺ, հ. III, էջ 484): Ա. Ինճիկյանը «Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրության» առաջին հրատարակության մեջ սույն գրախոսականի գրառման ժամանակը տեղագրում է 1865 թ. մայիսի առաջին կեսի եւ նոյեմբերի միջեւ, այսինքն՝ Նալբանդյանի բերդից դուրս գալուց հետո, մինչեւ աքսորավայրը մեկնելը: Սակայն «Լրացումներ եւ ծանոթագրություններ»-ում նա հնարավոր է համարում մի այլ թվագրում եւս՝ 1862 թ. մայիսի 26-ից մինչեւ հունիսի 25-ը, այսինքն՝ արտասահմանից Պետերբուրգ վերադառնալուց հետո (տե՛ս Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, Ե., 1954), որը եւ երեւի ճշգրիտ համարելով սրանցում է «Տարեգրության» երկրորդ հրատարակության մեջ (տե՛ս Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատ. Ե., 1980, էջ 209, 334):

Ա. Հովհաննիսյանը բնագրի մանրակրկիտ քննության հիման վրա եւ էական փաստարկներով հաստատում է, որ «Նկատողությունը» գրվել է միայն արգելափակումից ազատվելուց հետո (Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ. 2, Ե., 1956, էջ 560–562): Այս ճշգրտումը, որ ավելի հավանական է, հաստատվում է նաեւ այլ ապացույցներով (Տե՛ս С. Даронян, Микаэл Налбандян, Ереван, 1975, стр. 361–363):

Արտասահամանից վերադառնալուց հետո Նալբանդյանը Պետերբուրգում մնում է մոտավորապես մեկ ամիս: Նա եկել էր հեռու աշխարհներից, երկարատեւ ճանապարհորդությունից եւ ինչպես ցույց են տալիս դատաքննական հանձնաժողովի նյութերը, լինելով «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության անդամ, ստացել էր կարեւոր հանձնարարություններ լոնդոնյան խմբակցությունից Պետերբուրգի հեղափոխական կենտրոնին հասցնելու համար: Այդ ընթացքում նա զբաղված էր Բակունինի կնոջը Ռուսաստանից Լոնդոն փոխադրելու հարցերով եւ այդ կապակցությամբ հանդիպումներ էր ունենում Ի. Ս. Տուրգենեւի հետ, մտահոգված էր նաեւ Հայաստանի աշխարհագրական քարտեզի հրատարակման գործով եւ այլն: Վերջապես, նա շտապում էր հայրենիք, Նոր Նախիջեւան, ուր նրան սպասում էին իրեն վստահված կարեւոր գործի՝ հնդկական ժառանգության ստացման հաշվետվությունները: Այդ պատճառով նա հազիվ թե հնարավորություն եւ ժամանակ ունենար զբաղվելու Վարդանի «Պատմության» մանրազնին վերլուծությամբ, եթե նույնիսկ ենթադրենք, թե 1862 թ. հրատարակված գիրքը նա ստացել էր նույն ամսում, որը քիչ հավանական է:

Գրախոսականը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Նոր հասավ մեր ձեռքը 1862-ին, Վենետիկ, Մխիթարյանց ձեոքով տպված Վարդան վարդապետի ժամանակագրությունը «Հաւաքումն պատմութեան» մակագրով»: Եվ, անկասկած, ճիշտ է Ա. Հովհաննիսյանը, երբ գրում է, թե դժվար թե այս խոսքերով սկսվեր «գրախոսականը, եթե գրված լիներ գիրքը լույս տեսած տարում»:

Այնուհետեւ գրախոսության մեջ Նալբանդյանը իրեն հատուկ հումորով տալիս է հետեւյալ ծանոթագրությունը. «Որչափ ցավում ենք, որ այս ծանոթությունը գրելու ժամանակ Վարդանի գիրքը չկար այլեւս մեր ձեոքում: Երկու օր սորանից առաջ, բազմաթիվ բարեկամք խառնագոչյուն աղաղակներով իմ վերա գալով, բռնի հափշտակեցին այդ գիրքը, որ տանեն կարդան: Արդյոք գրքի բրդգզված կտորները պիտի հետ ստանա՞մ, այդ մասին եւս տարակույս ունիմ, որովհետեւ նոցա տանելը սովորական տանելու նման չէր, եւ մինչեւ սենյակիցս դուրս գալը արդեն քանի մի անգամ խլեցին իրարու ձեռքից»:

Ա. Ինճիկյանը հենց այս տողերի վրա է հիմնավորում իր այն պնդումը, թե «Նկատողությունը» գրվել է մինչեւ Նալբանդյանի ձերբակալումը, քանի որ, բանտից հետո դժվար թե ընկերները ազատ ելումուտ ունենային նրա մոտ: Նախ, Նալբանդյանի խոսքերը որոշակի ոչինչ չեն ակնարկում թվագրման փաստի վերաբերյալ, իսկ ավելի շուտ կարող են հաստատել Ա. Հովհաննիսյանի ենթադրությունը՝ բանտից դուրս գալուց հետո Պետերբուրգում գրված լինելու մասին:

Եվ, վերջապես, այն ենթադրությունը, թե Նալբանդյանի մոտ բանտում եւ բանտից դուրս գալուց հետո չէին կարող ազատ ելումուտ ունենալ «բազմաթիվ բարեկամք», չի համապատասխանում իրականությանը: Բանտում Նալբանդյանին այցելում էին բազմաթիվ ծանոթներ եւ բարեկամներ, որոնց մասին պահպանվել են հենց իր վկայությունները՝ եւ՛ նամակներում, եւ՛ «Բերդի հիշատակարանում»: Ղազարոս Աղայանն, օրինակ, իր հուշերում վկայում է, որ հանդիպումներ էր ունեցել Նալբանդյանի հետ հենց այդ շրջանում։ Նա հավաստում է, որ Նալբանդյանը «ազատություն ստացավ գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ… Նրան խոսել արգելել էին բժիշկները. թոքախտը մաշել էր նրան, առաջվա Նալբանդյանի ստվերագիծն էր մնացել» (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 3, Ե., 1974, էջ 365–366): Նույնը վկայում է նաեւ Նալբանդյանի առաջին կենսագիր Մ. Տեր-Գրիգորյանը, որը այցելել էր նրան աքսորավայր մեկնելու նախօրեին. «…Հիվանդությունը այն տեղը հասուցել էր նորան, ճանաչել կարելի չէր. այն աստիճանի լղարել էր, միայն ոսկոր ու կաշի էր դարձել, էլ առաջվա աշխուժությունը ու կենդանությունը վրան չէր մնացել, բոլոր բարեկամների ու ծանոթների սիրտը մղկտում էր, նայելով առաջվա կրակոտ հայկազունի ուրվականի վրա» (Միքայել Տեր-Գրիգորյան, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը։ Ղազար Փարպեցու թուղթ, թարգմ. եւ բացատրությունք Մ. Նալբանդյանց, Ս. Պետերբուրգ, 1868, էջ XVIII–XIX):

«Հաւաքումն պատմութեանը» պատկանում է XIII դարի պատմաբան Վարդան Արեւելցու (Վարդան Մեծ) գրչին: Վարդանը շատ է ճանապարհորդել, զբաղվել է ուսուցչությամբ եւ գրական գործունեությամբ։ Նրա բազմաթիվ աշակերտների թվում է եղել ականավոր գրող Հովհաննես Երզնկացին։ «Հաւաքումն պատմութեան» գրքում Վարդանը շարադրում է Հայաստանի պատմությունը սկսած Հայկի եւ Բելի առասպելից։ Ուսումնասիրողների կարծիքով (մասնավորապես՝ Մ. Աբեղյանի), այդ աշխատության մեջ կան բազմաթիվ տվյալներ, որոնք հայտնի չեն այլ աղբյուրներից:

Վարդանի «Պատմությունը» առաջին անգամ ամբողջությամբ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1861թ. Մոսկվայում։ Նույն տարում տպագրվել է նաեւ նրա ռուսերեն թարգմանությունը (Всеобщая история Вардана Великого): Մեկ տարի անց լույս է տեսնում գրքի վենետիկյան հրատարակությունը, որը եւ իր վրա է հրավիրել Միքայել Նալբանդյանի ուշադրությունը։

Իր բնույթով «Նկատողությունը» հիշեցնում է «Հիշատակարանի» գրական-քննադատական ֆելիետոնները։ Ի դեպ, ինքը՝ գրախոսականի հեղինակը եւս չի թաքցնում այդ, դիմելով իր «Հիշատակարանի» «գործող անձերից» մեկի՝ Կըկռիկյանի օգնությանը։ Խիստ քննադատության ենթարկելով Վարդանի պատմության առաջաբանն ու ծանոթագրությունները, Նալբանդյանը գրախոսականի հենց սկզբում գրում է. «Թե հառաջաբանը եւ թե ծանոթությանց մանրամասն պատասխանը մենք թողնում ենք, որ տա մեր արգո հայրենակից Թոռնակ Կըկռիկյանը, որովհետեւ նա լավ գիտե, թե ինչ արժեք ունին այդ բաները եւ թե ինչպես պետք էր պատասխան տալ…: Բայց …մինչեւ արգո Կըկռիկյանի պատասխան գրելը, մենք մի քանի խոսք ասենք»: Նալբանդյանը, այսպիսով, հասկացնում է ընթերցողներին, որ Մխիթարյանների հրատարակություններին հարկավոր է ցուցաբերել քննադատական վերաբերմունք «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» գրքի վենետիկյան հրատարակության մեջ, ինչպես հաճախ լինում է Մխիթարյանների նմանօրինակ տպագրություններում, չի նշված բնագիրը պատրաստողի, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակի անունը։ Այդ իսկ պատճառով Նալբանդյանը խոսելով նրա մասին, օգտագործում է «անանուն Մխիթարյանը» արտահայտությունը։ Սակայն մի տեղ նա նշում է. «…թեպետ եւ գիտենք մենք այդ Մխիթարյանի անունը, բայց որովհետեւ ստորագրություն չկա, ուստի եւ իրավացի չենք համարում անունը հրապարակել մենք Մեղուն չենք, որ ուրիշի գոցածը բանանք…»։

Ւնչո՞ւ Նալբանդյանը չի ցանկացել «բանալ այդ Մխիթարյանի» անունը: Հայտնի է, որ «Հավաքումն պատմութեան Վարդանա վարդապետի» գիրքը հրատարակության է պատրաստել եւ առաջաբանն ու ծանոթագրությունները գրել Ղեւոնդ Ալիշանը (տե՛ս Н. Марр, Сборник притч Вардана, ч. 1, СПб., 1899, стр. 284. Արսեն Ղազիկյան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կյանքի, հ. I, Վենետիկ, 1909–1912, էջ 63): Մ. Նալբանդյանի վերաբերմունքը Ալիշանի նկատմամբ հակասական է եղել. նա բարձր է գնահատել նրան իբրեւ բանաստեղծ եւ չի ընդունել ինչպես գիտնական-մխիթարյանի: Առաջին անգամ 1859 թ. նրան Փարիզում հանդիպելուց հետո Նալբանդյանը գրել է իր «Հիշատակարանում». «Հ. Ղեւոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար եւ այդ քանքարը կարող էր ավելի պարզ եւ վառ երեւել, եթե աբեղայական սեւաթույր վերարկուն չլիներ խափանառիթ» (սույն հրատարակություն, հ. III, էջ 156): Մի քանի տարի անց, արդեն արգելափակված Պետրոպավլովյան բերդում, Նալբանդյանը «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթեր» հոդվածում կրկին հաստատում է իր հիացումը Ալիշանի պոեզիայի նկատմամբ․ «Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղեւոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը… Չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի» (տե՛ս սույն հատոր, էջ 170):

Սակայն Ալիշանի կողմից հրատարակության պատրաստած Վարդան վարդապետի գիրքը առաջ բերեց լուրջ առարկություններ Նալբանդյանի մոտ ինչպես բնագրի պատրաստման, այնպես էլ առաջաբանի եւ ծանոթագրությունների խնդրում: Եվ խնայելով Ալիշան-բանաստեղծին ու չհրապարակելով նրա անունը, Նալբանդյանը անողոքաբար քննադատում է նրան ինչպես պատմաբան-մխիթարյանի: Գաղափարական հարցերում Նալբանդյանն, իրոք, անզիջող էր:

Ի՞նչ կերպ կարող էր Նալբանդյանն իմանալ գրախոսվող գրքի առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակի անունը: Պետք է ենթադրել, որ հենց իրենից, Ալիշանից, որի հետ, ամենայն հավանականությամբ, նա հանդիպումներ էր ունեցել Փարիզում իր մյուս այցելությունների ժամանակ, 1861, 1862 թթ. գարնանը: Ինչպես հայտնի է, նա ուշի-ուշով հետեւում եւ հետաքրքրվում էր Մխիթարյանների բոլոր հրատարակություններով: Չի բացառվում նաեւ, որ Նալբանդյանը այդ մասին իմացել էր փարիզյան տպարանատեր Ճանիկ Արամյանից, որի տպարանում լույս էր ընծայվել նրա «Երկու տողը»:

Բայց եթե Նալբանդյանը Ալիշան-բանաստեղծի նկատմամբ տածած խորին հարգանքից ելնելով չի ցանկացել տալ նրա անունը, ապա ամենեւին չի թաքցրել վերաբերմունք իր գաղափարական ոխերիմ թշնամու՝ Հովհ. Չամուռճյանի նկատմամբ, որի հետ նա «խաչաձեւել է իր սուսերը» դեռեւս «Երկու տողում»: «Մեր բարեկամներից մինը ասում էր, հոդվածի վերջում գրում է Նալբանդյանը, թե մեզ հարկավոր է շնորհակալ լինել այն մարդերից, որ պարզապես հայտնում էին յուրյանց միտքը: Մեր բարեկամը հիշեցնում էր մեզ ֆերնեյյան իմաստուն ծերունու (Վոլտերի խմբ. ) խոսքերը. «Ինչքան եմ սիրում այն մարդկանց, որոնք ասում են այն, ինչ մտածում են»: Բայց եթե այստեղ նա իր հեգնանքն արտահայտում է Վոլտերի խոսքերով, ապա մի այլ տեղում գրելով, «որ կաթոլիկ Հռովմը ոչ ավելի էր եւ ոչ պակաս կայսերական կռապաշտ Հռովմից», նա վկայակոչում է Յուվենալիսի սատիրաները, որոնք մերկացնում էին հռոմեական հասարակարգի սոցիալական արատները:

«Նկատողությունը» Նալբանդյանի՝ մեզ հասած վերջին հոդվածն է: Դա հրապարակախոսի քաղաքական կտակն էր հետագա սերունդներին: Խոսելով Հունաստանի ազատության մասին, Նալբանդյանը, անշուշտ, ակնարկում էր Հայաստանը հեղափոխական ճանապարհով ազատագրելու հեռանկարը: Դրանով իսկ հերքվում է այն թյուր կարծիքը, թե Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդից դուրս գալուց հետո իբր թե «զղջացել» էր իր «անխոհեմությունը», խորհուրդ էր տալիս երիտասարդությանը հեռու մնալու նման քայլերից (Տե՛ս Լեո, Գր. Արծրունի, հ. I, Թիֆլիս, էջ 109 եւ հետո):

Էջ 383, տ. 5. «Հրատարակելով այդ միջնադարյան գործը. Մխիթարյանք գրել են հառաջաբանը եւ թե ծանոթությունքը…» «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» գիրքը լույս է ընծայվել 1862 թ. Վենետիկում:

Էջ 383, տ. 8. «Հավելացուր սոցա վերա եւ Եվրոպական բացականչական նշանը (!). որ ամեն տեղ տնկած է…» Եվրոպական բացականչական նշանը առաջաբանում օգտագործված է միայն մեկ անգամ հետնյալ նախադասության մեջ. «Զնոյն յայտ արարաք եւ երբեմն լոկով նշանկաւս (!), ուր զժողովոյն կամ զհաւատոց Քաղկեդոնի բանք էին…»:

Էջ 383, տ. 11. «Առհասարակ անանուն Մխիթարյանը թե՛ հառաջաբանի եւ թե՛ ծանոթությանց մեջ յուր բոլոր ուժը եւ զորությունը կենտրոնացնում է քաղկեդոնյան ժողովի վրա…» Քաղկեդոնի չորրորդ տիեզերական ժողովը տեղի ունեցավ Բութանիայի Բոսփորի ափին գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս Գատը գյուղ), 451 թ. հոկտեմբերի 8-ին: Ժողովը հաստատեց Քրիստոսի անխառն ու անբաժանելի երկու բնության տեսակետը: Ժողովի նպատակն էր միություն հաստատել քրիստոնեական եկեղեցու ներսում, որը պառակտվել էր դեռեւս 403 թ. Կոստանդնուպոլսի եպիսկոպոս Նեստորի եւ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Կյուրեղի միջեւ բորբոքված դավանաբանական վեճերի ժամանակ: Բյուզանդիային այդ միությունը անհրաժեշտ էր Հռոմը եւ մյուս քրիստոնյա երկրները իրեն ենթարկելու համար: Քաղկեդոնի տիեզերական ժողովում երկու կուսակիցները՝ կայսրն ու պապը ստացան այն, ինչ որ ուզում էին, սակայն հենց ժողովում էլ վերջացավ նրանց միությունը: Դրա պատճառն այն էր, որ ժողովը եկեղեցական կարգ ու կանոնի վերաբերյալ ընդունեց եւ խմբագրեց 28 կանոններ, որոնցից վերջինը՝ Կոստանդնոլպոլսի եպիսկոպոսին տրվող լայն իրավունքները, անհանդուրժելի էին Հռոմի պապի համար:

Հայերը հրաժարվեցին մասնակցել Քաղկեդոնի տիեզերական ժողովին եւ հետագայում չընդունեցին այդ ժողովի որոշումները, պահպանելով իրենց եկեղեցու ինքնուրույնությունը եւ դրանով արդեն անջատվելով ուղղափառ եկեղեցուց:

Էջ 383, տ. 16. «Թե՛ հառաջաբանի եւ թե՛ ծանոթությանց մանրամասն պատասխանը մենք թողնում ենք, որ տա մեր արգո հայրենակից Թոռնակ Կըկռիկյանը…» «Ընդունելություն ընծայի» գրքի վերջաբանում հեղինակը գրում է. «Մխիթարյան համախոհք, խոսքերնիս ընծային չէ, վասն զի այն պատվին անոր ընելու միտք չունինք, եւ ուխտիվք կըխնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանենք, որպեսզի ձեր ծիծաղելի դրությունը բոլոր ազգն աղեկ մը իմանան եւ արժեքնիդ ճանչնան: Բայց ձեզի վերջին խրատ ըլլա ըսելիքնիս, եւ երանի թե կարենայիք օգտել:

Մեք, Հայկա զավակներս, համոզված եւ մտքներիս հաստատ դրած ենք, թե մեր ամեն թշվառությանց միակ եւ առաջին ու վերջին պատճառ դուք (եւ ձեզի նման ազգատյաց թե Լուսավորչական, թե Հռոմեական եւ թե Հունական քահանայքդ) եղած եք, դուք եք Հայաստանն ավերակ դարձնողը, դուք եք միլիոնավոր ժողովրդոց անհետ ըլլալուն պատճառը, դուք եք թագավորաց թագն ու ժառանգությունն օտարոց ձեռքը մատնողը, դուք եք Հայկա անմեղ զավակներուն ետեւեն ու առջեւեն ընկնողը, որ գետերումն, սարերումն եւ գայլերուն բերանը բյուր հազարներով ձգելեն ետեւ՝ մնացածներն ալ իրենց մարցը գրկեն հափշտակեցիք ու անոնց արտասվալից եւ սրտապատառ աղերսանացը ձայներուն ականջնիդ ու սրտերնիդ խփելով, տարիք ձեր փառասեր ակընկալությանց իբրեւ փոխարեն՝ դժոխաորդկաց ձեռքը գրավ ձգեցիք…

Դուք եք, որ Երեւելի եւ  Աներեւույթ  ծաղրալի խնդիրներով Ազգը ճղակտոր հանեցիք եւ ընտանյաց մեջ հուր, սուր, բաժանում եւ ատելություն ձգելեն ետեւ ազգություննիս մահվան եւ գերեզմանաց դռները հասուցիք:

Դուք եք նաեւ, որ մինչեւ ցայսօր չկշտացաք մեր արյունը ծծելեն․

Ձեզ ասեմ, ո՛վ համախոհք եւ գեղատեսիլք Հայկյան սեռին, անմեղաց արյան շոգին աստծո կենդանվույն առաջեւն ելած, բնակության տեր ավերակ լիցի, ըսելու վրա է… Բայց մինչեւ այն ատենը՝ կատակեն ուրիշ բանի մի սպասեք. վասն զի անկեց ալ ուրիշ արժեք մը չունինք»:

Էջ 383, տ. 19. …երբ Մխիթարյանը չի ամաչում ասել, թե մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւս քաղկեդոնական էր» Առաջաբանի մեջ ասված է. «Գրելով զայսմ խնդրոյ առ Հեթում արքայ, յառաջաբերեալ զբանս Աթանասի եւ Կիւրղի եւ զԳրիգորի Աստուածաբանի, որք երկուս ասեն բնութիւնս, եւ ընդունելով զնոյնս՝ ասէ…» (էջ ը):

Էջ 384, տ. 5. «…հոգեւարք նեղսրտությանը Վատիկանի, որ ինչպես հայտնի է հազիվ հազ պահպանվում է ֆրանսիական սվիններով» Վատիկանը Հռոմի արեւմտյան մասում Մոնտե-Վատիկան բլրի վրա գտնվող Հռոմի պապի աթոռանիստն է: Ավելի ընդհանուր իմաստով նշանակում է պապական իշխանություն:

1861 թ. Տուրինում գումարված համընդհանուր իտալական պառլամենտը Սարդինիան եւ նրան միացված բոլոր հողերը հայտարարեց Իտալական թագավորություն եւ Վիկտոր-էմմանուելին հռչակեց Իտալիայի թագավոր: Նոր թագավորության մայրաքաղաք դարձավ Ֆլորենցիան: Սակայն մի քանի միլիոն իտալացիներ Ավստրիայի իշխանության տակ գտնվող Վենետիկյան մարզում եւ Պապի իշխանության տակ գտնվող Պապական մարզում դեռեւս շարունակում էին կտրված մնալ միավորված Իտալիայից եւ պահպանվում էին Նապոլեոն III-ի զենքի ուժով:

Էջ 384, տ. 9. «Ե՞րբ արդյոք վերակենցաղյալ Իտալիայի եռագույն դրոշակը պիտի տնկվի Ս. Ղազար վանքի դեմ հանդիման…» 1862 թ. Ջուզեպե Գարիբալդին երկու հազարանոց մի ջոկատով փորձեց ազատագրել Հռոմը, սակայն պարտություն կրեց Նապոլեոն III-ի զորքերից: Միայն 1866 թ. Գարիբալդիի զորախմբին հաջողվում է պարտության մատնել Ավստրիային եւ Վենետիկյան մարզը միացնել Իտալիային:

Նալբանդյանը հույս ուներ, որ ավստրիական լծից ազատվելուց եւ Վենետիկի մարզը Իտալիայի հետ միավորելուց հետո Գարիբալդին կկարողանա ստեղծել դեմոկրատական ուժերով կառավարվող Իտալիա, ուր գործելու համար անպայման պետք չի լինի փոխել դավանանքը, ինչպես այդ ստիպված էին անել Մխիթարյան միաբանության անդամները Ս. Ղազար կղզում, այլ կհայտարարվի դավանանքի ազատություն, որը հնարավորություն կընձեռի Մխիթարյաններին վերադառնալու հայ լուսավորչական եկեղեցու հավատին:

Էջ 386, տ. 15. «…որ հաւատայն յիս՝ կեցցէ…» Մեջբերումները կատարված են Ավետարանի զանազան հատվածներից, հիշողությամբ, գլխավորապես Աւետարան ըստ Մատթեոսի, գլ. 36, 45:

Էջ 386, տ. 29. «Ի Յիսուս Քրիստոս ոչ թլպատութիւն ինչ կարողե՝ եւ ոչ անթլպատութիւն» Տե՛ս Աստուածաշունչ, Թուղթ Պօղոսի առ գաղ., գլ. 5, 6:

Էջ 387, տ. 7. «Թայ, որ գայթակղեցուցանէ…» —Տե՛ս Աւետարան ըստ Ղուկ., գլ. Ժէ, 2:

Էջ 387, տ. 20. «…Գրեթե կես դար սորանից հառաջ հոյակապ լորդ Բայրընի բերանով խոստովանվել է հայոց ազգի բարոյականության բարձրությունը» խոսքը վերաբերում է 1818 թվականին հայ-անգլերեն քերականության համար Բայրոնի գրած առաջաբանին, ուր ասվում է. «Երբ 1816 թ. Վենետիկ հասա, իմ միտքն այնպիսի վիճակի մեջ էր, որ կարիք էր զգում ծանր զբաղումի… Այդ ժամանակ ես էլ, մյուս ուղեւորների նման, խիստ հետաքրքրվում էի ս. Ղազար մենաստանի հասարակությամբ, որը կղերական հաստատության մեջ միավորում էր բոլոր առավելությունները, առանց յուրացնելու դրա մոլորություններից որեւէ մեկը…:

Այս մարդիկ քահանաներ են մի հարստահարված եւ ազնվական ազգի, որը հրեաների եւ հույների նման տարագիր եւ ստրուկ է եղել, առանց առաջինների պես խստասիրտ, կամ վերջիններիս պես գերի դառնալու: Այս ժողովուրդը հարստացել է առանց վաշխառության եւ վաստակել է ամեն պատիվ, որ կարող են գերության մեջ վաստակել, առանց խարդախության…

Գուցե դժվար կլիներ որեւէ այլ ազգի տարեգրությունները գտնել ավելի նվազ արատավորված ոճիրներով, քան հայոց, դրանց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները՝ ճնշման հետեւանք: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը…:

Եթե ս. Գիրքը ուղիղ ըմբռնենք, Հայաստանի մեջ էր, որ զետեղված էր դրախտը, Հայաստան, որ Ադամի սերունդների չափ նույնքան թանկ վճարեց իր հոգու վաղանցուկ մանկության համար այն մարդու երջանկությանը, որն իր փոշուց էր ստեղծված…

…Բայց կարելի է ասել, թե դրախտի անհետացման հետ միասին սկսվեց նաեւ այս երկրի տարաբախտությունը, որովհետեւ թեպետեւ երկար ժամանակ նա եղավ մի զորավոր թագավորություն, բայց հազիվ երբեք անկախ մնաց․ եւ՛ պարսից սատրապները, եւ՛ թուրքական փաշաները հավասարապես անապատ դարձրին այն երկիրը, ուր աստված ստեղծել էր մարդուն ըստ իր հատուկ պատկերի»:

Բայրոնի այս Առաջաբանը մնաց անտիպ, քանի որ Մխիթարյանները հրաժարվեցին տպագրել այն, վախենալով թուրքերի ու պարսիկների հասցեին ասված սուր խոսքերից:

Սույն առաջաբանը Թոմաս Մուրը հետագայում գտավ բանաստեղծի թղթերում եւ հրատարակեց 1830 թ. նրա կենսագրության մեջ (Th. Moore  Lord Byron’s Lile, Letters und journals), որտեղից եւ՛ թարգմանվեց, եւ՛ տարածվեց գրեթե բոլոր քաղաքակիրթ ազգերի լեզուներով (Տե՛ս Խ. Դաշտենց, Բայրոնը եւ հայերը, Ե., 1959, էջ 91–97):

Էջ 387, տ. 24. «Հավանական է ենթադրել, թե մինչեւ այսօր պահվում են Մխիթարյանց գրատան մեջ Բայրոնի նաեւ «The Liberal» օրագրի անմոռանալի թերթերը» —1821 թ. հոկտեմբերին Բայրոնը Ռավեննայից տեղափոխվում է Պիզա: Ռավեննայում անդամագրվելով Կարբոնարների կազմակերպությանը, նա քաղաքական հետապնդումներից խուսափելու համար անցնում է Պիզա եւ Շելլիի ու Լեյ Հանտի հետ ձեռնարկում «Կարբոնարի ամսագրի հրատարակումը, որն այնուհետեւ վերանվանվել էր «The Liberal» 1822–23 թթ. հրատարակվել է ամսագրի ընդամենը 4 համար: Դատելով Նալբանդյանի վերոհիշյալ արտահայտությունից, նա «Մխիթարյանց գրատան մեջ» տեսել է այդ հազվագյուտ հրատարակությունը եւ դրանով արդեն հաստատում է ժամանակակիցների այն ենթադրությունը, որ նա 1857 եւ 1859 թթ. եղել է Վենետիկում (տե՛ս Սերգեյ Դարոնյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1979, էջ 512):

Էջ 387, տ. 35. «…Անմահ Բոքլը հանդես է հանել յուր մինչեւ այժմ անօրինակ մեծ գործի մեջ, այս բաների վերաբերությամբ» Նկատի ունի Թոմաս Բոքլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» աշխատությունը:

Էջ 388, տ. 36. «…անանուն Մխիթարյանը… մինչեւ այն աստիճան տաքացել է, որ քաղկեդոնյան ժողովի գլուխը լաց լինելով, միեւնույն ժամանակ դարձել է եւ հույների փաստաբանը» Առաջաբանում Քաղկեդոնի ժողովի մասին գրված է հետեւյալը. «Զնոյն յայտ արարք եւ երբեմն լոկով. նշանակաւս, ուր զժողովոյն կամ զհաւատաոց Քաղկեդոնի բանք էին, եւ սպրդեալ ինչ էր անճահ ի լուի ոչ միայն մերումս ողջամտութեան, այլ եւ ոչ ինքեան՝ յայլսն զգուշավոր եւ բարեպաշտ հեղինակին, եթե յետնոցս հասեալ էր ժամանակաց, յորս պարզագոյն եւ բացատրի եւ ճանաչի դաւանութիւն սրբոյ ժողովոյն, համաձայն նախագումար երիցն ժողովոց եւ մերոց երիցագոյն Հարց եկեղեցւոյ. եւ եթէ կամեցեալ էր կամ կարող լեալ՝ առաւել անաչառապէս քան կանխակալ մեծարանօք զյառաջ քան զինքն կացեալ վարդապետսն քննել, յորոց ոչ սակաւք նովին թերուղիղ այլ անչար մտօք խաբեալք կամ անհասք նրբութեան խնդրոյն՝ խորշէին ի քաղկեդոնակաց, քստմնելով ի կարծեցեալ նեստորական բաժանմանց՝ որ յանձն եւ ի բնութիւնս աստուածայրականին Քրիստոսի: Բայց եւ զայս արժան է ազդեց զբարեսէր հեղինակէս, զի թէպէտ եւ իւր հարազատ բանս համարեսցուք զգրեալսն զքաղկեդոնակաց, տակաւին հեզագոյն եւ հանդարտ գտանի քան զյոլովս յայլախոհիցն, եւ ոչ թերանա ի մեծարելոյ զհարս ժողովոյն եւ զայլս նոցին հետեւողս արժանաւոր անձինս» (էջ ը):

Էջ 389, տ. 1. «Մենք «Մեղուն» չենք, որ ուրիշի գոցածը բանանք» Նկատի ունի «Մեղուի» 1860 թ. ապրիլի 30-ին (№ 96) տպագրված «Մենք կգոցենք Մեղուն կբանա» բանաստեղծությունը.

«Չորս տարի է, որ Մեղու մը կելլա

Բան մը չըմընար, միշտ հայտնի կըլլա,

Ռամկին աչքերը խոշոր կը բանա

Մեր գաղտնի գործած հանցանաց վրա.

Մենք կըգոցենք

Ան կըբանա

եւ այլն.

Էջ 389, տ. 30. «Աղաչում ենք, որ ընթերցողը աշխատություն հանձն առնու եւ բանալով Փարիզ տպված Ստեփանոս Ասողիկի 146-րդ երեսը կարդա» Ստեփանոս Ասողիկի 146-րդ էջում ասված է․

«Իսկ զկնի Աշոտոյ՝ յ340 թուականին թագաւորէ Սմբատ՝ որդի նորին, ամս 24 կամակցութեամբ Լեւոն թագաւորի Յունաց, զի Վասիլ թագաւորեալ ամս 19՝ վախճանեցաւ. եւ թողու փոխանակ զորդի իւր զԼեւոն, որ թագաւորեաց ամս 26, այր խաղաղարար եւ բարեխոհ ամենայն երկրի, առատաձեռն ի տուրս, եւ ի բաշխելն ոչ որպես զՀոռոմս ռիշտ. զի չէ սովորութիւն Հոռոմաց առատ լինիլ. եւ ոչ յիւրեանց լեզուն ասի առատ, այլ նա որդի Հայու էր, եւ աւելի քան զՀայ առատատուր: (Տե՛ս Ստեփանոս վարդապետի Տարոնեցի, «Տիեզերական պատմութիւն», Փարիզ, 1859, էջ 145–146):

Էջ 390, տ. 21. «Որ ի փոքուն անիրաւ է ի բազմին հաւատարի՞մ լինի» Նալբանդյանը տառադարձել է Ղուկասու Աւետարանի (գլ. ԺԶ, 10) հետեւյալ խոսքերը. «Որ ի փոքուն հաւատարիմ է, եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն, անիրաւ է, եւ ի բազմին անիրաւ է»:

Էջ 390, տ. 22. «Որդի մարդոյ եկեալ գտանիցէ՞ արդեօք հաւատս յերկրի» —Տե՛ս Ղուկասու Աւետարան, գլ. ԺԸ, 8:

Էջ 390, տ. 25. «…մինչեւ անգամ բառարանին մեջ» Նալբանդյանը, հավանորեն, նկատի անի «Նոր բառգիրք հայկազուն լեզուի» (Վենետիկ, 1838) մեջ բերված կրոնական դավանանքների հետեւյալ բացատրությունները. «1. կաթողիկէ-ընդհանրական, տիեզերական. սեպհականեալ մակդիր ընդհանուր եկեղեցւոյ Քրիստոսի: Կաթողիկէ եւ առաքելական եկեղեցի. 2. Ուղղափառ իբր ուղղավարկ, կամ որում փառք է ուղիղն, ըստ կրկին նշ. յն. օրթոտօքսըս, այն որ ունի զուղիղ կարծիս. ուղղադավան, ուղղահաւատ, ողջամիտ, եւ ողջամտական: 3. Լուսավորիչ եւ սեպհականեալ կոչմամբ զսբն Գրիգորէ Պարթեւ է, որ լուսավւորեաց զՀայաստանեայքս առ հասարակ»:

Իսկ լուսավորչական դավանության մասին ընդհանրապես ոչ մի բացատրություն չի տրված, զանց է առնված:

Էջ 390, տ. 26. «Անցյալները մի բարեկամի մոտ տեսա Չամչյան երեք հատոր պատմությունը…» Խոսքը վերաբերում է Միքայել Չամչյանի «Պատմութիւնն Հայոց» եոահատոր աշխատությանը, ուր հեղինակը այն տեսակետն է հայտնում, թե հայերը սկզբից եւեթ կաթոլիկ են եղել եւ իբրեւ թե հայոց պատմության ամբողջ ընթացքում, Գրիգոր Լուսավորչից սկսած, հայ եկեղեցին հետամուտ է եղել Հռոմի հպատակությանը:

Էջ 390, տ. 29. «Պատմեցին ինձ անօրէն զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո» Տե՛ս Սաղմոս, ՃԺԸ, 85:

Էջ 391, պետիտ, տ. 16. «(Հովհ. կաթ. երես 112–13)» Տե՛ս Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի, Պատմութիւն հայոց, Մ., 1853:

Էջ 392, տ. 5. «Այս է գիր ձեռին իմոյ Սահակայ հայրապետիս Հայոց առ զօրավարդ Մոհմատ» Սահակ Գ-ի ուղեւորությունը նկարագրելիս Վարդան Բարձրբերդցին օգտվել է ուղղակի Ղեւոնդից, մերժելով այն «կարծիքը», թե Սահակը ընդառաջել է Օկբային եւ ոչ թե Մահմեդին, որ բացի Ղեւոնդից եւ Վարդանից ընդունում էին մյուս բոլոր պատմիչները: Պետք է նշել, սակայն, որ Սահակի նամակը Մահմեդին՝ բերում է միայն Ղեւոնդը, այն էլ ոչ թե «Այս է գիր ձեռին իմոյ Սահակայ…» սկսվածքով, այլ՝ «Ես, ասէ, առաքեցայ ընդ առաջ քո յազգէն իմ…» խոսքերով: (Ղեւոնգ, Գլ. թ)

Եթե ընդունենք, որ Խառանում Սահակի գիրն ստացող եւ սրանից առաջ Սեւանա կղզին պաշարող Մահմեդները միեւնույն մարդիկ են, ապա բոլոր պատմիչներն էլ անվանում են սրան «Մահմեդ» զորավար: Հարկ է ավելացնել, որ Ասողիկը տարբեր տեղերում կրկնելով Սահակի ուղեւորությունը եւ վախճանը Խառանում՝ մի տեղում Օկբայի անունն է տալիս, իսկ մյուս տեղում՝ Մահմեդի, որով եւ հակասում է ինքն իրեն:

Էջ 393, տ. 6. «…որ Մխիթարյանք մերժում են այժմ յուրյանց Միարարների (unitor) ձեռքով արվեստակած Դաշանց թուղթը…» «Դաշանց թուղթ»-ը այն պայմանագիրն է, որն, իբր, կնքվել է մի կողմից հայկական թագավոր Տրդատի եւ Գրիգոր Լուսավորչի, իսկ մյուս կողմից՝ Կոստանդին կայսեր եւ Սիլվեստրոս պատրիարքի միջեւ: Փաստաթուղթը մի կեղծիք է, որ կատարվել է ուշ միջնադարում կաթոլիկ քարոզիչների կողմից եւ պարունակում է բազմաթիվ պատմական, կրոնական, աշխարհագրական, ժամանակագրական վրիպումներ:

Էջ 393, տ. 6. «…այն հիսներորդ թվականներում Արժ. Կարապետ Շահնազարյանց վարդապետի մերժելուն համար քիչ էր մնացել, որ միջնադարյանք Ոսփորում խեղդեին խեղճ վարդապետին» Իր «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումը» աշխատությունը Կարապետ վրդ. Շահնազարյանցը լույս է ընծայել 1862 թ. Փարիզում, սակայն դեռեւս 1850 թվականին նա հետաքրքրվել է այդ հարցով եւ բանավոր կերպով հանդես եկել այդ կեղծ փաստաթղթի դեմ: 1850 թվականին Կարապետ վրդ. Շահնազարյանը Թիֆլիսից գալով Պոլիս եւ ջերմ ընդունելություն գտնելով մի քանի ամիրաների եւ Հակոբոս պատրիարքի կողմից, նշանակվում է Ղալաթիայի եկեղեցու քարոզիչ: Շուտով նախագծվում է Պոլսում հիմնել մի հոգեւոր վարժարան եւ նրա տեսչությունը հանձնել Կարապետ վրդ․ Շահնազարյանին: Սակայն Հովհաննես Չամուռճյանը, որին Կարապետ վրդ․ Շահնազարյանը անվանել էր Տղմապետյան, նրա դեմ է տրամադրում մի քանի ամիրաների եւ բարձրաստիճան եկեղեցականների, փորձելով խափանել այդ գործը, կարծիք տարածելով նաեւ, թե նա անհավատ է եւ հակառակ Հայոց եկեղեցուն: Շահնազարյանը պահանջում է ժողով գումարել եւ քննել այդ հարցը: 1851 թ. փետրվարի 21-ին եւ ապրիլի 20-ին գումարվում են ժողովները, եւ հակառակ Չամուռճյանի ու Կարապետ ամիրա Պալյանի ջանքերին, հաղթանակ է տանում Շահնազարյանը:

Էջ 393, տ. 10. «Մխիթարյանը յուր ծանոթությանց մեջ պարզապես մերժում է այդ թղթի ցնդաբանությունքը…» Նկատի ունի «Դաշանց թղթի» ծանոթագրության մեջ Ալիշանի հետեւյալ վկայությունը. «Առ բազմերախտ հայրս մեր Լուսավորիչ՝ տարապայման մեծարանք ոմանց յորդւոցն՝ զայսպիսիս բարրեցին բանս, որոց նախօրինակ է Դաշանցն անուանեալ թուղթ․ ոչ եթէ Դաշինքն՝ այլ բանքն անհեդեղք երկբայականք են եւ անընդունակք» (էջ 40):

Էջ 393, տ. 15. «Ո՛վ էր մինչեւ այն աստիճան կուրացողը, որ Հայկազյան բառարանի մեջ անցուցաներ որպես կլասիկական բառեր ֆրանսիական խոսքերը, եթե ոչ փիլիսոփա Մխիթարյանք» 1836 թ. լույս ընծայված «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի»-ի մեջ (Գաբրիել Ավետիքյան, Խաչատուր Սուրմելյան, Մկրտիչ Ավգերյան) մի շարք բառերի բացատրությունը տրված է նախ հունարեն, ապա լատիներեն: «Բազմաբարբառ է մասամբ իմն, գրում են հեղինակները, բառգիրք մեր այս, ոչ առ ի շեղջակուտելոյ անխտիր զձանս զանազան լեզուաց հանդեպ յիւրաքանչյուր բառի, այլ ի տալ ըստ տեղւոյն զիմաստս հայկական բառից անվրեպ՝ ըստ հետոց հնութեան. վասն որոյ բաց յարեւելեան դիւրահաս բառից՝ յիշեցաք ստեպ եւ զպարսկականս, զարաբականս, զեբրայականս, եւ այլն. եւս առաւել յաճախեցաք զյունականս՝ համեմատութեամբ լատինականի, ոչ ըստ յետնոցն ոճոյ, այլ ըստ վաղեմի թարգմանութենէ նախնեաց մերոց, ցորչափ կարեւոր դատեալ եղեւ, զի ուսցին եւ յետինք թարգման լինել հարազատ հայկաբանութեամբ («Նոր բառագիրք Հայկազեան լեզուի», Վենետիկ, 1836, էջ 7):

Նալբանդյանն այս հարցում հասնում է ծայրահեղության, լատիներեն (ինչպես ինքն է ասում՝ ֆրանսերեն) բացատրությունները դիտելով որպես ստրկամտություն եւ պապականության դրսեւորում:

Էջ 394, տ. 3. «Հիշեցնում է ֆերնեյյան իմաստուն ծերունու խոսքը» Ֆրանսիական հայտնի փիլիսոփա Մարի Ֆրանսուա Վոլտերի կյանքի ֆերնեյյան շրջանը սկսվում է 1758 թվականից եւ վերջանում 1778 թվականին:

Տեղափոխվելով իր կալվածքը՝ Ֆերնե, որը գտնվում էր Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի սահմանի մոտ, եւ ազատ զգալով հետապնդումներից, Վոլտերն ստեղծում է իր փիլիսոփայական վիպակները՝ «Կանդիդը», «Տանկրեդը», «Օլիմպիան», «Սկյութները», որոնցում անհաշտ պայքար էր մղում կրոնի, անհանդուրժողականության եւ մոլեռանդության դեմ: Այդ տարիներին նա բարեկամներին ուղղված իր գրությունները ավարտում էր «Ճզմեցեք հրեշին» արտահայտությամբ, նկատի ունենալով կաթոլիկական եկեղեցուն: Այդ արտահայտությունը դարձել էր լուսավորիչների նշանաբանը

Էջ 394, տ. 5. „Gue j’aime les gens qui disent ce q’uils pensent «Ինչքան եմ սիրում այն մարդկանց, որոնք ասում են այն, ինչ մտածում են» (ֆր. ) արտահայտությունը պատկանում է Վոլտերին

Էջ 393, տ. 10. «Հայր, թող դոցա՝ զի ոչ գիտեն զինչ գործեն» Տե՛ս Ղուկ. Աւետարան, Գլ. ԻԳ, 34: