Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՐԻՏԻԿԱ «ՀԱՆԴԵՍ ՆՈՐ ՀԱՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ»

(էջ 172)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 1, էջ 71–80, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ

Ստեփանոս Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առիթով Նալբանդյանի գրած կրիտիկան նրա առաջին գրաքննադատական ելույթն էր: Այս հոդվածը հայ ընթերցողին միանգամից ծանոթացնում էր երկու ծանրակշիռ արժեքների՝ աշխարհաբար լեզվով լույս տեսած կարեւոր մի գրքի եւ բացառիկ նոր մի երեւույթի՝ կրիտիկա հասկացողության հետ

Աշոտ Հովհաննիսյանի եւ մեր այլ բանասերների աշխատություններում արդեն վա­ղուց է խոսվել ռուս հանճարեղ քննադատ Վ. Գ. Բելինսկու հայացքների ազդեցության մասին Նալբանդյանի տեսական-քննադատական հոդվածների վրա (տե՛ս Աշ. Հովհան­նիսյան, «Նալբանդյանը եւ նրա ժամանակը», գիրք առաջին, էջ 93–95, 105–106): Ս. Դարոնյանը նկատել է, որ այս՝ առաջին քննադատական հոդվածում Նալբանդյանը գրեթե նույնությամբ կրկնում է Բելինսկու «Քննադատության մասին» հոդվածի մտքերը (1842), որոնք Նալբանդյանի հոդվածում ստացել են հետեւյալ ձեւակերպումը

«Մեր ազգի մեջ մի սխալ կարծիք է տարածված, թե կրիտիկան վատ բան է, թե նա մարդ է խայտառակում, թե նա հեղինակի պակասությունները երեսին զարկելով ծի­ծաղում է նորա վերա եւ ցույց է տալիս հասարակությանը մի այսպիսի հեղինակի տգի­տությունը որեւիցե բանի մեջ: …Այժմ հարցանում ենք. մեղավո՞ր է մեր ժողովուրդը, եթե մեր պատվելի սխոլաստիկները հասկացրել են նորան, թե կրիտիկան բամբասանք է կամ նախատինք (пасквиль). գրել են մի այսպիսի հիմար բան եւ ասել են ժողովրդին, թե ահա այս է կրիտիկան…» (տե՛ս սույն հատորի էջ 174–175. տե՛ս նաեւ B. Г. Белинский, Полное собрание сочинений, М., 1955, т. VI, стр. 271. Հմմտ. նաեւ C. Даронян, М. Налбандян и русские революционные демократы, М., 1967, стр. 107)

Խիստ հատկանշական է, որ Բելինսկու մահվանից ընդամենը տասը տարի անց, երբ Չերնիշեւսկին «Մռայլ յոթնամյակի» տարիներից հետո «Սովրեմեննիկի» էջերում մասսայականացնում էր նրա ավանդները, Նալբանդյանի շնորհիվ հայ ընթերցող հա­սարակությունը նույնպես ծանոթանում էր մեծ մտածողի ստեղծած քննադատական դպրո­ցի որոշ սկզբունքներին

Նալբանդյանն այս հոդվածով հաստատում է հայ աշխարհիկ գրականության քաղա­քացիական իրավունքները եւ միաժամանակ, դրանից անբաժան՝ քննադատական մտքի ծնունդն ու ապրելու անկասելի իրավունքը: Այս հոդվածում է, որ Նալբանդյանը ընթեր­ցողներին ծանոթացնում է քննադատության խնդիրների, նշանակության, գրականության զարգացման գործում դրա ունեցած անփոխարինելի դերի եւ, վերջապես, քննադատու­թյան ծանր ու պատասխանատու պարտականությունների հետ

Հայտնի է, որ իր հետագա հոդվածներում Նալբանդյանը քայլ առ քայլ ընդլայնում է այս հարցի վերաբերյալ իր քննության շրջանակները եւ հետագայում Պետրոպավլովյան ամրոցում գրած «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկայով վերջնական ավարտի է հասցնում 60-ական թվականներին իր կողմից սկզբնավորված հայ քննադատական մտքի ամբող­ջական տեսությունը

Էջ 172, տ. 5. Մեր «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով այժմուս տպի տակ եղած …գործի հառաջաբանության մեջ Նալբանդյանի «Մինին խոսք, մյուսին հարսն» վեպի մասին, տե՛ս սույն հրատարակության I հատորում

Էջ 174, տ. 16–18. …մի հայ սխոլաստիկ Թիֆլիզ քաղաքից ուղարկել էր յուր Մոսկվայի համախոհ սխոլաստիկին Մոսկվայի հայ սխոլաստիկը Մսեր Մսերյանցն է, նրա թիֆլիսաբնակ բարեկամը եւ համախոհը՝ Առաքել Արարատյանը: Գրախոսականի համար առիթ է ծառայել Հակոբ Կարենյանցի «Եղերերգութիւնք ի մահն Աբելի ի զե­նումն Իսահակայ…» աշխատությունը (Տփխիս, 1841): Արարատյանի գրախոսականը ինչպես հայտնում է Աշ. Հովհաննիսյանը, ձեռագիր է եւ գտնվում է Մսերյանի ընտանե­կան արխիվում («Նալբանդյանը եւ նրա ժամանակը», հ. 1, էջ 125):

Էջ 178, տ. 35–36. «Հյուսիսափայլի» հետեւյալ համարների մեջ կհրատարակենք մեր հայացքը Մխիթարյանց վերա Նալբանդյանը կատարեց իր խոստումը: Տե՛ս այս հատորում զետեղված «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» հոդվածը

Էջ 179, տ. 25–26. …ծանոթացնենք մեր ագգը գերապատիվ Նազարյանցի Նոր հայախոսության հանդեսի հետ Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» աշխատության երկրորդ մասը լույս տեսավ նույն 1857 թ. վերջին

Էջ 181, տ. 12–14. …Եթե համեմատենք միմյանց հետ նույն մատենագրի «Առաջին հոգեղեն կերակուրը հայոց երեխաների համար», «Վարդապետարանը կրոնի» ա) «Առաջին հոգեղեն կերակուր հայ ազգի երեխաների համար», Ստեփանոս Նազարյան վարդապետի աշխատասիրություն, Մոսկվա, 1853: բ) Ստեփանոս Նազարյան, «Վարդա­պետարան կրոնի» հասարակաց հայախոսությամբ, մասն առաջին, Մոսկվա, 1853

Էջ 181, տ. 30. «հոգով չափ պատրաստ էր ուսանել յուրյանից լավ խոսողներից տես քննարկվող գրքի առաջաբանը, էջ 5

Էջ 182, տ. 31–34. Քաղցր պարտականություն կհամարենք… այս օրերումը դուրս է եկած տպագրական մամուլի տակից Նալբանդյանը չկարողացավ, թերեւս հարմար չհամարեց կատարել իր խոստումը: