Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈԻ ԳՐԱԾ ԹՈԻՂԹԸ

(էջ 303)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., : Գրվել է Պետրոպավլովյան բերդում, 1864 թ. մարտից մինչեւ 1865 հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում: Առաջին անգամ տպագրվել է 1868 թ. Պետերբուրգում առանձին գրքով՝ «Ղազար Փարպեցու գրած թուղթը, մեղադրություն ստախոս աբեղաներին, թարգմանություն եւ բացատրությունք Մ. Նալբանդյանց, տպագրություն Մ. Տեր-Գրիգորյանց»:

Այնուհետեւ մտել է հեղինակի Դոնի Ռոստովի հրատարակության II հատորը (1906) եւ ԵԼԺ III հատորը (1940):

Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը:

Գրքի վերջում կցված է Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանությունը, որի համար բնագիր է հանդիսացել Մկրտիչ Էմինի 1853 թ. հրատարակությունը: Միքայել Նալբանդյանի աշխատությունը բարձր գնահատականի է արժանացել հետագա հրատարակիչների կողմից: Այսպես, Ղազար Փարպեցու «Թղթի» վենետիկյան հրատարակության առաջաբանում (1873) ասվում է. «Ետ նորա . Էմինի) եւ այլ ոմն եռանդուն բանասեր Միք. Նալբանդյանց եղեալ զնոյն յաշխարհիկ բարբառ իւրոյ գաւառին՝ երկարագոյն եւս խորհրդածութեամբ բանից՝ եթող առ մտերիմսն, որոց ետ տարաժամ մահու նորին՝ հոգացեալ հրատարակեցին ի մայրաքաղաքս Ռուսաց, յամի 1868»:

Մ. Նալբանդյանի առաջին կենսագիր եւ Ղազար Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանության հրատարակիչ Միքայել Տեր-Գրիգորյանը «Հյուսիսափայլի» աշխատակիցներից եւ Միքայել Նալբանդյանի մտերիմներից մեկն էր: Նա բազմիցս այցելել է իր ընկերոջը Պետրոպավլովյան բերդում, որի մասին գրառումներ կան Նալբանդյանի «Բերդի հիշատակարանում» (ԵԼԺ, հ. IV, էջ 286, 289, 290): Ղազար Փարպեցու «Թուղթը», փաստորեն, Նալբանդյանի գրական ժառանգության առաջին ետմահու հրատարակությունն է: Մ. Տեր-Գրիգորյանի կենսագրական ակնարկը, ինչպես նաեւ Փարպեցու «Թղթի» եւ Պետրոպավյովյան բերդից ու Կամիշինից Նալբանդյանի գրած մի քանի անտիպ նամակների հրապարակումը հաստատում էին հեղափոխական դեմոկրատի գաղափարների կենսանակությունը հայ երիտասարդության շրջանում:

Նալբանդյանի կենսագրությանը որպես բնաբան դրված էր Հենրիխ Հայնեի «Ազատության պատերազմի մոռացված ժամանապահը…» բանաստեղծության քառատողը, որը Ա. Վ. Լունաչարսկին համեմատում էր Պուշկինի «Հուշարձանի» հետ դեպ, այդ բանաստեղծությունը Մ. Միխայլովի թարգմանությամբ 1864 թ. տպագրվել էր «Սովրեմեննիկ» ամսագրում): Ահա այդ տողերը հնչեցին որպես տապանագիր Նալբանդյանի շիրմաքարի համար. «Մինը ընկնում է մյուսները հետեւում են նորան բայց ես ընկնում եմ չըհաղթված, եւ իմ զենքերը չեն կոտորած…»:

Նալբանդյանի հակառակորդները չհապաղեցին իրենց վերաբերմունքը արտահայտել Մ. Տեր-Գրիգորյանի հրատարակած գրքի նկատմամբ: Դեռ լույս չէր տեսել Ղազար Փարպեցու «Թուղթը», երբ նրանք լրտեսագիր ուղարկեցին ցարական ոստիկանությանը: 1869 թ. մայիսի 21-ին Եկատերինոսլավի նահանգային ոստիկանության Ռոստովյան մարզի պետի տեղակալ կապիտան Բելոցերկովսկին (նա, որը հայտնել էր III բաժանմունք Ն. Նախիջեւանում տեղի ունեցած Նալբանդյանի հանդիսավոր թաղման մասին) III բաժանմունք է ուղարկում գիրքը, առանձնակի ուշադրություն հրավիրելով Նալբանդյանի կենսագրության վրա. «Ներկայումս շատ հայերի մոտ հայտնվել է մի տպագրված հրատարակություն հայերեն լեզվով «Ղազար Փարպեցի» վերնագրով, թարգմանություն եւ բացատրություններ Միքայել Նալբանդովի, կազմված է 1868 թվականին Միքայել Տեր-Գրիգորյանցի կողմից, որը ապրում է Ս. Պետերբուրգում… Այդ գրքում զետեղված է Միքայել Նալբանդովի կենսագրությունը, եւ հրատարակիչը առանձնապես աշխատել է ի հայտ բերել Նալբանդովի ազգօգուտ գործունեությունը, ասելով, որ նա մեծ ազդեցություն ուներ ժողովրդի վրա եւ զարմացնում էր բոլորին իր ուղղությամբ եւ գրվածքներով… Այդ հրատարակությունը խոսակցությունների առիթ է տալիս հայերի շրջաններում, քանի որ խմբագիրը, ինչպես երեւում է, լույս է ընծայել քաղաքական հանցագործի կենսասգրությունը, նպատակ ունենալով հավերժացնելու նրա հիշատակը, որպես իր ժողովրդի օգտակար գործչի…» . Նալբանդյան, Անտիպ երկեր, Երեւան-Մոսկվա, 1935, էջ 708–709):

Մ. Տեր-Գրիգորյանը առաջինն էր, որ զբաղվեց Նալբանդյանի անտիպ ստեղծագործությունների փնտրումների ու ձեռքբերումների գործով, որոնց թվում էր եւ Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանությունը: Այդ առթիվ «Մ. Նալբանդյանցի համառոտ կենսագրությունում» կարդում ենք. «…Փարպեցու թուղթը հաջողեցավ մեզ ձեռք բերել անցած տարի: Հրապարակավ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը հանգուցյալ Նալբանդյանցի եղբորցը, Գրիգոր եւ Սերովբե Նալբանդյանցներին, որոնք ամենայն ջանք եւ փույթ գործ էին դրել իրենց եղբոր գրավոր աշխատությունը ձեռք բերելու եւ անկորուստ պահելու: Կրկին շնորհակալություն այս ազնվամիտ պարոններին, որ… «Ղազար Փարպեցու թուղթը» հանձնեցին մեզ եւ իրավունք տվին հրատարակելու»   Ղազար Փարպեցու գրած թուղթը», Ս. Պետերբուրգ, 1868, էջ XXII–XXIII):

Բնագրի վերջում, «Թարգմանչի բացատրությունք» բաժնում հրատարակիչը գրել է հետեւյալը. «Այստեղ պակասում են մի քանի բացատրությունք, գուցե ծանր հիվանդության եւ այլ պատճառներով հանգուցյալը կարողացած չէր ավարտել կամ պարզագրել, իսկ սեւ օրինակների մեջ շարունակությունը եւ վերջը մենք չգտանք: Աստծու փառք, որ գեթ այսքանը հաջողվեցավ մեզ ձեռք բերել եւ հրատարակել: Բայց գուցե Պ. Սերովբե Նալբանդյանցի մոտը եղած թղթերի մեջ գտնվի սորա պակասը: Մենք խոնարհաբար խնդրում ենք այս ազնիվ պարոնից հասուցանել մեր ձեռքը իր մոտ գտնված սեւ օրինակները որ մի օր կարողանանք աստծու աջողելով այս պատվական աշխատության պակասը լցուցանել» (նույն տեղում, էջ 74): Սակայն այդ պակաս թերթերը այդպես էլ հնարավոր չեղավ հայտնաբերել:

Նալբանդյանի անձնական գրադարանում, բացի «Ղազարայ Փարպեցւոյ թուղթ առ Վահան տէրն Մամիկոնեից, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին» (Մոսկվա, 1853) գրքից, պահվում է նաեւ «Ղազար Փարպեցւոյ արարեալ պատմագրութիւն, ի բաժանմանէ թագաւորութեան Արշակունեաց մինչեւ ցօր մարզպանութեան Վահանայ Մամիկոնոյ» (Վենետիկ, 1793), որը նույնպես թարգմանել էր բերդում եւ որի մասին ակնարկում է Ղազար Փարպեցու «Թղթի» § § 1, 9 ծանոթագրությունների մեջ:

Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանության եւ ծանոթագրությունների վրա Նալբանդյանը աշխատել է Պետրոպավլովյան բերդում գտնվելու ընթացքում: «Բերդի հիշատակարանում» արված գրառումներից, ստացված գրքերից, բերդից գրված նամակներից եւ այլ տվյալներից ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ Նալբանդյանը այս աշխատանքին է ձեռնարկել «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» ընդարձակ ուսումնասիրությունը ավարտելուց անմիջապես հետո, 1864 թ. մարտից մինչեւ 1865 թ. սկիզբը ընկած ժամանակահատվածում (տե՛ս Մ. Ավդալբեգյան, Բանասիրական ճշգրտումներ, Ղազար Փարպեցու «Թղթի» Միք. Նալբանդյանի թարգմանության տարեթվի հարցը, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», հասարակական գիտ., 1957, էջ 93–97):

Միքայել Նալբանդյանի հետաքրքրությունը հայ հին գրականության եւ առանձնապես նրա V դարի նկատմամբ պատահական երեւույթ չէր: Այդ մասին են վկայում նրա բազմաթիվ երկերը, մասնավորապես «Յաղագս հայկական մատենագրութեան ճառը» (1854–55), ինչպես նաեւ հայ հին գրականության վերաբերյալ նրա բազմաթիվ վկայակոչումները Էժեն Սյուի «Թափառական հրեայի» թարգմանության առաջաբանում, «Մեռելահարցուկ» վեպում, «Հիշատակարանում», «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանքում», «Երկու տողում», «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերում», «Նկատողությունում» (1865), հրապարակախոսական ու քննադատական աշխատություններում: Հենվելով հին գրականության ավանդույթների վրա, նա վեր էր հանում իր ժամանակակից իրականության սոցիալական արատները, տալիս ազգի առաջադիմությունը խաթարող հոգեւորականության արատավոր պատկերը: Այդ իմաստով նրա ուշադրությունը առանձնապես գրավում էր Ղազար Փարպեցու կյանքն ու գործը:

Խավարամոլների դեմ ուղղված պայքարի ընթացքում մեկ անգամ չէ, որ Նալբանդյանը դիմել է Փարպեցուն, որի երկերի մերկացնող պաթոսը մոտ էր իր խառնվածքին: Փարպեցու գործերում նա գտնում էր «չհատու իմաստից զեղմունս». «Ոգի հեղինակիս անվեհեր եւ գրվածք սորա, նկատում էր Նալբանդյանը, ամենայնիւ ճշգրտապատումք, ի հայկաբանութեանն մասին համարի ընդ առաջինս…»:

Չի կարելի չնկատել, որ Նալբանդյանի «Յաղագս հայկական մատենագրութեան ճառի» բազմաթիվ էջեր եւ հատկապես «Երկու տող» պամֆլետը իրենց վրա կրում են Փարպեցու «Թղթի» հռետորական պաթոսի եւ բառապաշարի հետքերը: Խարազանելով իր ժամանակակից խավարամոլ եկեղեցականներին, Նալբանդյանը հիշեցնում էր նրանց Փարպեցու ողբերգական ճակատագիրը: Նա անարգանքի սյունին էր գամում «կատականաց աբեղաներին», որոնք Փարպեցուն «մերկ, ողորմելի» դուրս վռնդեցին այն վանքից, որի բարեկարգման համար նա դրել էր իր ողջ կարողությունը: «…Եւ այժմեան հակառակորդք լուսաւորութեան, եզրակացնում է Նալբանդյանը, որդիք են առաջնույն, որք զայս արարին»:

Դրանցից մեկին (Հովհաննես Չամուռճյանին) Նալբանդյանը գամել էր անարգանքի սյունին իր «Երկու տողում»: Եվ դարձյալ Փարպեցու օգնությամբ: Խոսելով այն հետապնդումների մասին, որոնց ենթարկվում էին V դարի «տոնելի թարգմանիչները» եկեղեցականների կողմից, Նալբանդյանը գրում էր. «Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին՝ աղանդավոր»: Եվ ավելացնում էր. «Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո, գեղեցիկ նկարագրում է հայոց եկեղեցականությունը, նաեւ հինգերորդ դարում…»:

Այսպես էր իրականանում կապը Ղազար Փարպեցու հռետորական արվեստի եւ Միքայել Նալբանդյանի հրապարակախոսության միջեւ: Այս ամենից հետո պարզ է դառնում, թե ինչու էր նա այդպես ջերմորեն ողջունում «Թղթի» առաջին հրատարակությունը եւ ցանկանալով հասցնել Փարպեցու սուր խոսքը լայն ընթերցող հասարակությանը, նա նախաձեռնում է V դարի այդ անզուգական գրական հուշարձանի աշխարհաբար թարգմանությունը: Միեւնույն ժամանակ «Թղթի» թարգմանությամբ Նալբանդյանը ցանկանում էր ցույց տալ, որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս հոգեւորականությունը միատարր չէր, որ նրանց մեջ էլ եղել են առաջավոր մտածողության գործիչներ, որոնց նկատմամբ հալածանքներ էին նյութվում խավարամիտ եկեղեցականների կողմից: Պատմելով «Թղթի» բովանդակությունը իր § 2 ծանոթագրության մեջ, Նալբանդյանը գրում է. «Առհասարակ այս հիշատակարաններից ենթադրելով միայն, պիտի գուշակել այն դառը հանգամանքը, որոնց մեջ փակված էր Փարպեցին: Նորա «Թուղթը» եւ հառաջաբանը, պարզ երեւում է, որ պահել են իրենց մեջ եղած բաների հազիվ մի հարյուրերորդ մասը. եւ այս է պատճառը, որ տեղ-տեղ անհասկանալի է մնում մեզ «Թուղթը», որովհետեւ մենք չգիտենք այն բաները, որոնց վրա ակնարկում է «Թղթի» հեղինակը»:

Նպատակ ունենալով շեշտել, Փարպեցու ստեղծագործության մերկացնող պաթոսը, ի տարբերություն Մկրտիչ Էմինի, Նալբանդյանը իր անվանաթերթերի վրա տալիս է նաեւ «Թղթի» ենթավերնագիրը՝ «Մեղադրություն ստախոս աբեղաներին», դրանով արդեն իր մեղադրական վճիռը ներկայացնելով ինչպես անցյալի, այնպես էլ իր ժամանակակից «ստախոս աբեղաներին»:

Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանությունը գիտական լուրջ մի աշխատություն է, որտեղ փայլուն կերպով դրսեւորվել են Միքայել Նալբանդյանի բանասիրական ակնառու ընդունակությունները: Նա, ըստ էության, կարողացել է կազմել «Թղթի» թարգմանության հիմնավորապես համոզիչ քննական տեքստը, մատակարարել այն բովանդակալից ու մանրամասն ծանոթագրություններով, օգտագործելով դրանց համար մեծաքանակ սկզբնաղբյուրներ, որոնց ցանկը նա բերում է իր § 2 ծանոթագրության մեջ, կամ տալիս տեքստում (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Ասողիկ, Թովմա Արծրունի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Վարդապետ, Միքայել Չամչյան, Մկրտիչ Էմին եւ ուրիշներ):

Իր աշխատության մեջ Միքայել Նալբանդյանը քննական հայացքով վերանայում է Մկրտիչ Էմինի հրատարակությունը, չհամաձայնելով նրա հետ, ինչպես ինքն է ասում, երեք ուղղություններով. «Թղթի» տեքստում Էմինի կողմից կատարված ուղղումների, նրա մի քանի ծանոթագրությունների եւ նրա «Թղթի» առաջին հրատարակության առաջաբանի մեջ բերված մի քանի դրույթների հետ: (Տե՛ս Նալբանդյանի § 1 ծանոթագրությունը):

Նալբանդյանի բանավեճը Էմինի եւ հայ հին գրականության մյուս ուսումնասիրողների հետ կրում էր սկզբունքային բնույթ. «Թղթի» թարգմանությունն արդեն Փարպեցու մտքերի ճիշտ արտահայտման համար պահանջում էր հստակություն եւ պարզություն, որպիսին չէին ընձեռում ձեռագրի թերություններն ու առաջին հրատարակության սրբագրությունները: Հեղինակի կողմից քողարկված արտահայտություններն ու ակնարկները բացատրելու համար անհրաժեշտ էր դիմել մանրամասն ծանոթագրությունների օգնությանը: Այս կապակցությամբ Նալբանդյանը իր § 38 ծանոթագրության մեջ ասում է. «Մեր ուսումնական եղբարքը չնեղանան մեզ, որ այսպիսի մանրամասն ծանոթություններ ենք դնում ամեն քայլափոխ․ նոքա ազատ են չկարդալ․ մենք հասարակ ժողովրդի համար ենք գրում»: «Թղթի» ծանոթագրությունների մեջ Նալբանդյանը, բնականաբար, անդրադարձել է նաեւ Ղազար Փարպեցու «Պատմությանը», համեմատելով այն Տակիտոսի «Անալների» հետ «թե իր անախտակիր ոգու, եւ թե ճարտարության մասին»:

Նալբանդյանի կարծիքով Փարպեցու «Պատմությունը» «ստույգ, անցքերի դասակարգությունքը պարզ, եւ ժամանակագրական հաջորդությունքը անշփոթ» մի աշխատություն է 9):

Միքայել Նալբանդյանն անդրադարձել է նաեւ դասական-պատմաբանների շարքում Ղազար Փարպեցու զբաղեցրած տեղի վերաբերյալ վիճելի հարցին, հարց, որը հետագայում նույնպես առաջ է բերել զանազան դատողություններ եւ կարծիքներ: Հետազոտողը այստեղ առաջ է քաշում մի հետաքրքիր տեսակետ: Բերելով Փարպեցու միտքը, որ «երրորդ է կոչել իր  պատմությունը, առաջինը համարելով Ագաթանգեղոսի եւ երկրորդ Փավստոս Բուզանդացու գրածները», Նալբանդյանը նկատում է. «Այս դասակարգությունը ուղիղ է, եթե միայն վերաբերենք այդ աշխատությանց ժամանակին, կամ նոցա բովանդակած անցքերի ժամանակին. իսկ թե կամենանք գործի արժանավորությամբ դասակարգել, նայելով նոցա վրա որպես պատմական աշխատությանց վրա, ապա ուրեմն, այս երեքի մեջ առաջինն է Ղազար Փարպեցին…»: Եվ ապա. «Հայոց մեջ եղել են հեղինակներ, որ Փարպեցուն դասել են Եղիշեից հետո. եթե որպես պատմագիր, Եղիշեից երկրորդ պիտի համարվի Փարպեցին, այդ մենք չենք ընդունում. պատճառ, միմիայն մի մարդ կա, որ կարող է Փարպեցուց առնուլ նորա առաջնությունը, եւ այդ մարդը է անզուգական Մովսես Խորենացին» 9):

Նկատենք, որ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառում» եւս Նալբանդյանը «ոսկեդարի» գրականությունը ներկայացնելիս Ղազար Փարպեցուն դնում է Խորենացուց հետո, բայց Եղիշեից առաջ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նա թերագնահատում է Եղիշեին: Ո՛չ, իհարկե: Այդ նույն «Ճառում» Նալբանդյանը «Վասն Հայոց պատերազմին» գրքի հեղինակի մասին ասում է. «Ոգի հեղինակիս զուարթ, պայծառ եւ հեզ, գրուածքն ի հայկաբանութեան մասին անզուգական, եւ ինչ որ մեղանչեմք եւ ոչ ըստ չափ ինչ չանցանեմք, եթէ կոչել ըստ համարձակեսցուք «Ոսկի բերան» առ Հայս, զի որ սորայս են պարզութիւնն ոճոյ լծորդեալ ընդ փիլիսոփայականին, առողջ եւ կենդանի հայեցողութիւնք, առ եւ ոչ մի ընկերակիցս նորին գտանեմք»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ առաջին հերթին նշված է Եղիշեի՝ պատմաբան-գրողի վարպետությունը: Այդ կապակցությամբ Նալբանդյանը որոշ նկատողություններ է անում Փարպեցու հասցեին. «…Ի հայկաբանութեանն մասին համարի ընդ առաջինսն թէպէտ ի տեղիս տեղիս ցուցանէ ճապաղ ոճ խօսից եւ ամենեւին հակառակ ամփոփախօս Մովսիսի Խորենացւոյ» . Նալբանդյան, սույն հրատարակություն, հ. II, էջ 28–29): Հետագայում նույնպես խոսելով Եղիշեի մասին Նալբանդյանը միշտ նշել է նրա լեզվի պարզությունն ու գեղեցկությունը, դնելով նրան Խորենացու կողքին. «Ի սմա (Յովհան Երզնկացի Պլուզ. խմբ. ) դադարեալ տեսանեմք զոճ հայախօսութեան Խորենացւոյ եւ Եղիշէի». «զի ի հինգերորդ նուիրական դարու ոչ ամէն ոք Եղիշէ, ոչ ամեն ոք Խորենացի» (սույն հրատարակություն, հ. II, էջ 34, 41): Հ. Գեոքչեյանին 1855 թ. մայիսի 12-ին գրած նամակում Նալբանդյանը ասում է. «Հին լեզվի երիտասարդությունը համարում եմ Եղիշեի քաղցրախոս Վարդանանց պատերազմի նկարագրությունը» (սույն հրատարակություն, հ. I, էջ 22):

Խորենացու եւ Եղիշեի լեզուն ու ոճը Նալբանդյանի համար հանդիսանում էին հայոց հին լեզվի բարձր չափանիշ: Իսկ ինչ վերաբերում է Նալբանդյանի կողմից V դարի պատմագիրների մեջ Փարպեցուն հատկացրած տեղին, ապա, ինչպես կարելի է մակաբերել վերը ասածից, նա նախապատվությունը տալիս էր Փարպեցուն՝ Եղիշեի համեմատությամբ, որոնք երկուսն էլ, սակայն, զիջում են Խորենացուն: Միեւնույն ժամանակ Նալբանդյանը ասում է. «Բայց մենք մանրամասն կխոսենք այս բաների մասին, երբ աստծու աջողելով հրատարակենք Փարպեցու Հայոց պատմության թարգմանությունը» 9): Նալբանդյանին չհաջողվեց իրականացնել իր մտահղացումը, եւ մենք չգիտենք նրա առաջ քաշած դրույթի փաստարկումները, որոնք, անկասկած, մեծ հետաքրքրություն պիտի ներկայացնեին գիտության համար: Իր այդ ցանկության մասին Նալբանդյանն ակնարկել է նաեւ տարիներ առաջ «Հյուսիսափայլում» հրատարակած «Նկատողությունք» (1858) հոդվածում. «Մեք մեր կողմից խոստանում ենք, եթե ամենակալ տերը շատ չհամարե այս խոստմունքը եւ ժամանակ տա մեզ, դնել մի օր մեր ազգի առաջեւ նորա հինգերորդ դարու հեղինակների գործերը, զորօրինակ, Խորենացին, Եղիշեն, Ղազարը եւ այլն եւ այլն նոր, ժողովրդական կենդանի եւ հասկանալի լեզվով» (սույն հրատ., հ. II, էջ 317):

Էջ 304, տ. 15. «… նորան հանձնեց Նոր քաղաքի երեւելի եւ հոյակապ տեղը, որի անունը սուրբ Կաթողիկէ եկեղեցի էր…» § 6 ծանոթագրության մեջ Նալբանդյանը նոր քաղաքի մասին էմինի հետ վիճելիս առաջադրում է ճիշտ ստուգաբանություն: Թեեւ արդի բանասիրությունն այս հարցր համարում է վճռված, այնուամենայնիվ կարելի է բերել Խորենացու վկայությունը եւս. «Այս Երուանդ՝ առաջինն է, սակաւակեացն, որ ի Հայկազանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեաց զաւանս զայս, յորում եւ Տիգրան միջին յԱրշակունեաց նստոյց զհասարակ առաջնոյ գերութեանն Հրէից. որ եղեւ քաղաքագիւղ, վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ եւ հզօր պատուարաւ եւ անուանեաց Վաղարշապատ, որ եւ Նոր Քաղաք» (Խորենացի, Տփխիս, 1913, էջ 199–200):

Էջ 305, տ. 27. «…տղամարդի որդի լինելով…» § 15 ծանոթագրության մեջ Նալբանդյանը բերում է բնագրի «Առն եղեալ որդի» արտահայտությունը եւ որից նա բառացի թարգմանել էր նախադասությունը, ասելով, որ ինքը չի կարողացել ըմբռնել միտքը, եւ թողնում է ապագա կարդացողներին լուծելու այս խնդիրը: Բանասերներից ոմանք այս արտահայտությունն են հիմք ընդունում Փարպեցուն եւ նրա ծնողներին ազնվական ծագում տալով:

§ 23 ծանոթագրության մեջ Նալբանդյանը մի շարք փաստերով ցույց է տալիս Ղազար Փարպեցու ծագման վերաբերյալ իր ենթադրությունները: Հիշյալ նախադասության մեջ, որն օգտագործված է ինքնանվաստացման առումով, Փարպեցին ինքն իրեն համեմատում է երբեմնի հեթանոս դատավոր Պողոս Տարսոնացու հետ, նպատակ ունենալով շեշտելու իր նախկին ոչնչությունը հետագա բարձր դիրքի նկատմամբ:

Էջ 306, տ. 23. «խաղալու ժամանակ ձեր արկանելին ձեր քամակից տանելով…» § 26 ծանոթագրության մեջ նշելով, որ չի կարողացել ճիշտ թարգմանել «արկանելի» բառը, Նալբանդյանը մեկնաբանում է. «Արկանելի բառը, մեր լեզվի մեջ, գլխարկից սկսած մինչեւ օթոցը (փռվածք, խալիչա) ամեն բան նշանակելով, մեր թարգմանության մեջ բնագրի խոսքը պահեցինք, որովհետեւ չգիտենք ստուգապես թե ի՞նչ բան էր, որ Փարպեցին տանում էր Վահանի քամակից, խաղալու ժամանակ»:

Ներկա դեպքում արկանելի բառը պետք է հասկանալ արկանել բայական իմաստով, որ նշանակում է նետել, ձգել:

Ամենայն հավանականությամբ, Վահանի, «արկանելիները» ոչ այլ ինչ էին, եթե ոչ «խաղալիքներ», կոնկրետ իմաստով նետեր, նիզակներ եւ արկանելի զենքերի այլ տեսակներ, որոնք գործ են ածվել մանկական զինախաղերի ժամանակ:

Արկանելի բառն ունի նաեւ օթոցի կամ վերնազգեստի ընդհանուր նշանակություն:

Էջ 310, տ. 14. «Դարձյալ ասում էին «աղանդավոր է» V դարում Հայաստանում տարածված են եղել մի քանի աղանդներ, որոնց գործունեության վերաբերյալ պահպանվել են միայն կցկտուր տեղեկություններ: Այդ աղանդներից ամենատարածվածներն էին Մարկիոնի աղանդը, Մանիքեացիների աղանդը եւ Մծղնեացիների աղանդը:

Մարկիոնի աղանդը հետամուտ էր բարեփոխություններ մտցնելու ամբողջ եկեղեցու մեջ: Մերժում էր Հին կտակարանը, մաքրում եկեղեցական ավանդությունները, հերքում Հիսուսի ծննդյան պատմությունը, սրբագրում Պողոսի 10 թղթերը եւ կազմում իր ավետարանն ու առաքելականը: Պաշտոնական եկեղեցին մարկիոնականությունը համարում էր իր հիմնական հակառակորդը եւ Մարկիոնին անվանում «Սատանայի անդրանիկ որդի»: V դարի առաջին կեսում մարկիոնականները բազմաթիվ հետեւորդներ ունեցան Ասորիքում, որտեղից էլ շարժումը մուտք գործեց Հայաստան:

Մանիքեացիների աղանդը, որ սկիզբ առավ Պարսկաստանում III դարում, ձգտում էր քրիստոնեությունը հաշտեցնել զրադաշտության հետ: Մանիի էթիկան պահանջում էր անպայման ճգնական կյանք, խավար տարրերից հեռու մնալու եւ լուսավորների հետ հարաբերության մեջ մտնելու համար: Մանիականը պետք է իրեն հեռու պահեր անմաքուր խոսակցություններից, կենդանական կերակրից, գինուց եւ բարձր կանգնած լիներ ամեն զգայականություններից: Մանիի աղանդն ունեցավ բազմաթիվ ճյուղավորումներ․ հավանորեն սրա մի ճյուղն էր «բարբարիտոն» կոչված աղանդը Արեւմտյան Հայաստանում, որը խիստ հալածանքի ենթարկվեց հայոց եկեղեցու կողմից: Նույն աղանդը հիմք դարձավ VII դարի Պավլիկյան շարժման համար:

Մծղնեացիների աղանդը ամենատարածվածն էր V դարի Հայաստանում: Մծղնյանները, Մեսալյանները կամ Յուխիտները կոչվում էին ծայրահեղներ, քանի որ մերժում էին եկեղեցու խորհուրդները, ժխտում օրենք դարձած աղոթքները, պահանջում, որ յուրաքանչյուր ոք ազատ լինի աղոթելու այնպես, ինչպես թելադրում է իր սիրտը (մեսալյան = աղոթող), մերժում էր պահքը եւ հայտարարում, որ Սուրբ Հոգու շնորհը կարելի է ստանալ միայն աղոթքի միջոցով: Մեսալյանները մերժում էին ամուսնությունն ու աշխատանքը եւ ապրում մուրալով եւ բացօթյա: Եփեսոսի ժողովը 431 թ. դատապարտեց այդ աղանդը: Այն դատապարտվել է նաեւ Շահապիվանի ժողովի 19-րդ կանոնով, խիստ պատիժներ սահմանելով նրա դեմ: Այս փաստը վկայում է, որ հիշյալ աղանդը տարածված է եղել նաեւ Հայաստանում:

էջ 310, տ. 16, «…իմ մեջ եղած շնորհի վարդապետությանը, որպես մի թերի բանի վրա նայել էին տալիս: Աղանդի անունն անգամ… ես շատ աղտեղի եմ համարում» —Թե որ աղանդին են վերագրել Փարպեցու «շնորհի վարդապետությունը», դժվար է ասել, քանի որ նա չի հիշել դրա անունն ու գաղափարական ուղղությունը, այդպիսի հիշատակությունը ինքնին համարելով աստծո դեմ ուղղված մի հայհոյանք: Իր «Թղթում» Փարպեցին թեեւ դատապարտում է հիշյալ աղանդները, սակայն իր պաշտպանության տակ է առնում նրանց կենցաղը, համարելով, որ նրանք «մարմնի պարկեշտությամբ, ամեն ճգնության մեջ, մինը մյուսից գերազանցում են եւ մանավանդ կերակրի, խմիչքի եւ ցանկականի համբերության մեջ»:

Դրա փոխարեն նա դատապարտում է մի ինչ-որ տեղական, հայկական աղանդ, որի հետեւորդները զուրկ են «ուսումից եւ հավատքից, գործի մեջ ծույլ եւ անհամբեր»:

Էջ 310, տ. 36. «Այս պատճառով եւ մյուս բոլորը եւ ինչ որ նոցա մոտ եղած մարդոցը վերաբերյալ, նորա ծառաները, Ալեքսանդրացի Արիոսի… Քանի որ Նալբանդյանի ձեռքին եղած հրատարակության մեջ ցույց տրված չի եղել բազմակետով բնագրում եղած թերին (որն, ամենայն հավանականությամբ, եղել է մի քանի նախադասություն), ուստի իմաստը նրա համար մնացել է անհասկանալի: Փարպեցու «Թղթի» 1904 թ. գիտական հրատարակության մեջ սույն հատվածը տպված է այսպես. «Որք զնոյն շաւիղ առողջ մտութեանն հետեւեալ վարդապետեցին… Յաղագս որոյ եւ զայլսն ամենայն եւ զորս առ նոսա արանցն՝ ծառայք նորա ունեն զամենայն գրեալսն, զԱրիոսի Աղեքսանդրացոյ», եւ այլն . տ., էջ 192):

Թեեւ հնարավոր չէ վերականգնել աղավաղված այս մասը, սակայն նկատի ունենալով, որ այստեղ, «ծառա» եղողները հանդիսանում են Նեստորը, Արիոսը, Ապոլինարը, Եվդեքիոսը եւ Մանեսը, ամենայն հավանականությամբ, խոսքը այստեղ անհայտ մի վարդապետության կամ աղանդի մասին է, եւ նորա դերանվան տակ պետք է հասկանալ անհայտ մի աղանդ:

Էջ 313, տ. 24. «…եւ այրն ոչինչ թեթեւ եթե, ես…» Ձեռքի տակ ունենալով Մ. Էմինի հրատարակած օրինակը, Նալբանդյանը այս հատվածը չի հասկացել եւ խուսափել է թարգմանելուց: Իրոք, էմինի հրատարակած «Թղթի» աղավաղումներից մեկն է այս. այնտեղ տպված է. «Եւ նորա պատասխանի արարեալ ասաց առ պատգամաբերնլ. «շնորհելով Քրիստոսի ողջ լեր, եւ այրն ոչինչ թեթեւ եթէ ես, եւ ի տեսանել իսկ չիշխեմ զքեզ առ երկիւղի՝ դու ասես, եթէ գամ բժշկեմ եւ կամ թաղեա. մի գուցէ զգացեալ ուրուք զսուրբ հոգւոյն, թէ վայ որ պահէ զագահութիւն ի չար բան իւրում» ., 1853, էջ 53):

Մինչդեռ Փարպեցու «Պատմության» եւ «Թղթի» 1904 թ. գիտական հրատարակության մեջ այդ հատվածն ընթերցվել է այսպես. «Եւ նորա պատասխանի արարեալ ասաց, եւ պատգամաբերն շնորհելովն Քրիստոսի ողջ է, եւ այրն ոչինչ թեթեւ, եթէ «ես եւ տեսանել իսկ չիշխեմ զքեզ առ երկիւղի. դու ասես, եթէ գամ բժշկեմ, եւ կամ թաղեա. մի գուցէ զգացեալ ուրուք՝ եւ զիս ընդ քեզ թաղիցէ»:

Էջ 317, տ. 7. «Հիշելով, ասում է, մի անգամ մի մարդ իմ անունը ավագի մոտ. մի քանի պարեգոտավորների առջեւ. տրտում հառաչանքով ասաց, թե «իրավացի չեղավ Ղազարի մեր աշխարհից հեռանալը. պատճառ, նա եկեղեցու զարդ էր…» Այս նախադասությունը ճիշտ չէ թարգմանված, որի հետեւանքով աղավաղվել է միտքը: Ինչպես կարելի է նկատել, Ղազար Փարպեցին այս նախադասությունը բերում է որպես ուրիշի խոսք: «Ասէ» (ասում է) միջանկյալ բառի գործողություն կատարողն անհայտ է, որը լսել կամ տեսել է, թե ով ինչ է ասել պարեգոտավորների առաջ, եւ որին Ղազարն ակնարկում է անորոշաբար՝ «ուրումն» դերանվամբ, որը նշանակում է «ոմն», կամ «մի ոմն» եւ ոչ թե «մի անգամ», ինչպես թարգմանել է Նալբանդյանը: Բնագրում ասված է. «Յիշեալ, ասէ, ուրումն երբեմն առն աւագի զանուն իմ առաջի պարեգոտաւորացէ ասաց տրտմագին հառաչմամբ, եթէ «ոչ եղեւ իրաւացի հեռանալ առն յաշխարհէն, քանզի զարդ էր եկեղեցւոյ» նախադասությունը թարգմանվում է այս կերպ՝ «Հիշելով, ասում է, իմ անունը մի քանի պարեգոտավորների առաջ՝ մի ոմն նախկին ավագ, ասաց տրտմագին հառաչանքով, թե «իրավացի չեղավ այդ մարդու հեռանալը մեր աշխարհից, որովհետեւ նա եկեղեցու զարդն էր»:

Ուրեմն, Ղազարի անունը հիշված է եղել ոչ թե ավագի ներկայությամբ, այլ մի երբեմնի ավագի կողմից՝ պարեգոտավորներից մի քանիսի առաջ:

Էջ 320, տ. 11. «…երանելի Մովսես Փիլիսոփոսը (Խորենացին)…» Բնագրում (Խորենացին) բառը չկա եւ ավելացված է Նալբանդյանի կողմից:

«Թղթի» ծանոթագրություններում Էմինը տողատակին տվել է հետեւյալ բացատրությունը. «ԶՄովսիսէ Խորենացւոյ են խօսք: Արժանի ուշադրութեան է, զի Ղազար աստանօր զծերունւոյն Խորնոյ ճառելով՝ փիլիսուփոս կոչէ զնա, որով եւ ակնարկել տայ մեզ ի հայրն Պատմութեան ազգիս իբրեւ յիմաստասէր ականաւոր, եւ ոչ իբրեւ ի պատմաբան կամ ի քերթող լոկ՝ որպէս սովոր են կոչել զնա ամենայն մատենագիրք մեր: Ի յետագայ սակաւամասն բանից Ղազարայ ակներեւ տեսանի, եթէ բաց ի նշխարաց գործոց Խորենացւոյ՝ առ մեզ հասելոց, արարեալ էին սորա նաեւ զիմաստասիրական գրուածս, յորոց եւ ոչ մի ինչ հատուած չէ ժամանեալ առ մեզ. քանզի այժմ ոչ երեւին ի միջի «լուսաւորիչ եւ տգիտահալած գրեանն նորա»:

Էջ 320, տ. 15. «…Տգիտությամբ Փաթաղիկես էին կոչում…» Փաթաղիկես բառը հայերեն բացատրական բառարանում բացատրված է հետեւյալ կերպ. «ասորերեն wftla եւ ikkis ծուռ  ? բառերից կազմված նախատական կոչում, որ հինգերորդ դարում տգետ հայ աբեղաները տալիս էին փիլիսոփա Մովսեսին, եղծված, մոլորված (անաստված նշանակությամբ) (Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան, հ. IV, Ե., 1945, էջ 477):

Էմինը տվել է այլ բացատրություն. «Փաթաղիկես» բառս այս չէ հայոց: Թուի ինձ, եթէ հելլենացի բառ համարելի է կամ թէ լաւ եւս ասել՝ հելլենացուցեալ լատինական fatalicus որոյ ծագումն յետին ժամանակաց` այն է, սկզբան միջին դարուց՝ ընծայելի է, առ Աղեքսանդրացի իմաստասէրս եւ առ նախնի հարս եկեղեցւոյ ի Ραταλιχοζ փոխադարձեալ` ի կիր արկեալ լինէր այդ բառ իբրեւ նշանակիչ «ճակատագրականի, фаталистический Զիմաստասիրական զգործս Խորենացւոյ «Փաթաղիկէս» կոչեին պարեգօտաւորք ժամանակին՝ թերեւս ցուցանել կամելով այդու, եթէ վարդապետութիւն նորա ի փիլիսոփայական ի գրուածս նորա առաւել արտաքին իմաստնոց էր եւ հեթանոսական, յոյր սակս եւ վնասաբեր, քան թէ քրիստոնէական եւ օգտաբեր: Այլ այս կարծիք եւեթ է զօր առաջարկեմքն» (Տե՛ս «Ղազար Փարպեցու գրած թուղթը», Ս. Պ. Բ., 1853, էջ 64):

Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» ասված է. «Փաթաղիկես նախատական վերագիր է անհայտ նշանակությամբ: Էմինը մեկնում է լտ. fatalicus «ճակատագրական», իբր թե նույն գրքերի իմաստասիրական բովանդակության ակնարկությամբ (Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Ե., 1979, էջ 468):

Էջ 320, տ. 19–20. «…շատ լավ տեղեկացած լինելով, գիտեք…» Այս բառերից հետո երկու թերթ պակասում է: Էմինը գրել է. «Որպէս յօրինական մեր՝ նոյն եւ ի բուն գրչագիրն երկու թերթք պակասին աստէնա»:

Էջ 320, տ. 34. «…որում ըստ ձաթի խորհրդոյն… գրգռելով զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյս» Շեղատառով տրված այս ամբողջ հատվածը մութ է մնացել ինչպես Էմինի, այնպես էլ թարգմանչի համար: Էմինը տվել է հետեւյալ բացատրությունը․ «Աղճատեալ երեւի որպէս բառս այս (ձաթի), նոյն եւ ողջոյն յօգուածս յետագայ»

Նալբանդյանը չկարողանալով թարգմանել սույն հատվածը՝ թողել է այն անփոփոխ, ձեռագրի վրա, լուսանցքում անելով հետեւյալ նկատողությունը. «Наборщику Все Подчеркнутое набирать курсивом, как искаженное и непонятое».

«Թղթի» 1904 թ. գիտական հրատարակության մեջ եւս հատվածի միտքը վերջնականապես չի պարզված, թեեւ հրատարակիչները փորձել են հասկանալի դարձնել այն. «…Որում ըստ ձայնի խորհրդոցն ու չհանգուցաներ ի ծերութեանս, եւ կարող լինէի առ նմա գոնեա սուղ ինչ ժամանակ մնալ․ թէպէտ եւ ոչ թերակատար գոչով սուրբ եւ տոյգ հաւատ, զոր ուսեալ է տղայութեանն յերանելւոյ Աղանայ՝ կեամ նովիմբ ի նմին ամփոփոխութեամբ մինչեւ ի վախճան կենցաղոյս իմոյ. այլ յաղագս իմաստաւոր բանի, ըստ նորա տեառն մեծ հրահանգին, շահեալ ի նմանէն՝ հանգոյն մեծի գանձու ամփոփելոյ հաշուէի զպարապումն զայն: Յորոյ վերայ տեսեալ պարեգոտաւորաց զայրացունեալ իմն զօրհնելոյ տիկնոջ աւագի զմիտսն ի վերայ եղբօր, այլ առաւելս զայրացուցեալ գրգռելով՝ զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյսն» (202–203):

էջ 321, տ. 12. «Իսկ զյառաջագույն գրելոցս… դրոշմեալ յիշատակէ»: Անփոփոխ թողնված տողերը դարձյալ հետեւանք են բնագրի թերության, այսինքն նախադասությունը անդամահատված է վերջակետով: Գիտական հրատարակության մեջ այսպես է. «Իսկ զյառաջագոյն գրելոցս սուրբ արանցն, զորս ի պատմութեանն նահատակին Գրիգորի դրոշմեալ յիշատակէ, զի՞նչ եւս…» եւ այնուհետեւ ինչպես կոնտեքստում:

Էջ 324, տ. 8. «Խորենացի քերթողահայր, պատմ. Հայոց, Ամստերդամ 1695-ին, հրատ. Վանանդեցի Թովմա եպիսկոպոսի» Մ. Նալբանդյանի ձեռքին գտնված Խորենացու պատմությունը եղել է պատառոտված եւ պակասավոր էջերով: «Սոս եւ Վարդիթերի» Կրիտիկայում» նա այդ մասին ասում է հետեւյալը. «Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում. պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեեւ խիստ աղավաղ, բայց եւ այնպես հազվագյուտ լինելով, նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ: Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտանեն Պետերբուրգում, բայց եւ այնպես չգտան: Ուստի եւ գործ եմ դնում այս աղավաղ օրինակը: Սա տպված է Ամստերդամում, 1695-ին Վանանդեցի Թովմա եպիսկոպոսի տպարանում» (տե՛ս սույն հրատարակություն, հ. IV, էջ 217):

Էջ 339, տ. 4–10. «Հ. Միք. Չամչյանը» բառերից հետո մինչեւ «ականատես է Մեծ թարգմանչաց եւ հետո թե» նախադասությունը նախապես եղել է հետեւյալ կերպ. «Վարդանի չափ խորը չէ մտնում. նա ոչ միայն չէ ասում այն բաները, ինչ որ Վարդանից ենք լսում, այլ գրեթե նախապաշարմունքից ստիպված եւ ակամա հաշվում է Փարպեցուն Մեծ թարգմանչաց աշակերտների կարգում, որովհետեւ իսկույն բացատրում է իր խոսքը, թեեւ մի փոքր ծիծաղելի մեկնաբանությամբ»: Լուսանցքում հեղինակը փոփոխել է այն, մոռանալով ջնջել սկզբնականը:

Էջ 342, տ. 23. «…կնքեց իր մահկանացու կյանքը 439-ի սեպտեմբերի 9-ին» —Այստեղ Նալբանդյանը դրել է ծանոթության նիշ, բայց մոռացել է գրել ծանոթությունը:

Էջ 354, պետիտ, տ. 3. «…բնիկ հայկական ոճ չէ, այլ հունական լեզվի ուղղակի ազդեցություն, ըստ որում կարդում ենք…» Այս նախադասության շարունակությունը մնացել է թերի: Գրականագետ Մայիս Ավդալբեգյանին հաջողվել է գտնել առանձին թերթիկի վրա արված մի նշում, որը անմիջականորեն վերաբերում է այս նախադասությանը. «№ 38 ծանոթության մեջ մոռացել եմ գրել հունարենը «անեծք լինել» եւ «նզով լինել» եւ այս սխալը եղած է արտագրելու ժամանակը, երբ հունարեն Աստվածաշունչը ձեռքս չէր, ուստի խնդրում եմ գրել առաջինը պետս է որոնել Գաղ. Է 13 համարում, իսկ երկրորդը՝ Հռով. Գլ. թ. 3 համարում: Լավ հիշում եմ, որ բայով գրված չէին երկուքն էլ, այլ մեր թարգմանության պես անեծք եւ նզովք բառերով, որովհետեւ չեմ մոռացել katajas, ανανεμα բառերը, որ այդպես էին գործ դրված, թեեւ չեմ հիշում մյուս բաները, ուստի աղաչում եմ նայել հունարենի մեջ եւ գրել, որ թերի չմնա» (Տե՛ս ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 24, եւ ԳԱ հասարակական գիտ. «Տեղեկագիր», 1957, 1):