Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՌԱՋԱԲԱՆ «ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ»

Սույն առաջաբանը զետեղված է «Թափառական հրեայի» 1857 թվականի հրատարա­կության (Մոսկվա) I–XIV էջերում: Արտատպվել է Փարիզում լույս տեսնող «Արեւմուտ­քի» 1859 թվականի 21, 22-ում

Ձեռնարկելով Էժեն Սյուի վեպի հայերեն թարգմանությանը, Նալբանդյանը նպա­տակ է ունեցել ոչ միայն աշխարհաբար լեզվով ընթերցանության հետաքրքիր նյութ տալ ժամանակակից երիտասարդությանը, այլեւ ծանոթացնել եզվիտների զործունեության հետ ընդհանրապես: Նալբանդյանն ինքն էլ է նշում այն կապը, որ կար մխիթարյանների եւ հիսուսյանների միջեւ: Այսպիսով, ֆրանսիական հեղինակի աղմուկ հանած վեպը ստանում էր նոր, լրացուցիչ մի նշանակություն հայկական իրականության համար: Միայն այս տեսակետից է հասկանալի դառնում հիսուսյանների մասին այն ծավալուն եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը, որ նա կցում է «Թափառական հրեայի» իր թարգմանության առաջին հատորին: Դա սոսկ պատմական մի տեղեկանք չէր բնավ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Մտնելով արտաքնապես դավանաբանական խճճված հարցերի մեջ, Նալբանդյանն, ի վերջո, որոշակի քաղաքական նպատակ էր հետապնդում. եզվիտ­ ների՝ մարդկության պատմության մեջ խաղացած ռեակցիոն դերը բացահայտելով՝ ցույց տալ կաթոլիկական պրոպագանդի էությունը, պայքարել մխիթարյանների ազդեցության դեմ: «Պետք է տեսնես, թե Ժիտը ինչ փառավոր տպվում է, գրում է նա կատակով Գ. Սալթիկյանին 1857 թ. մայիսի 29-ին, փիր փերվենտե եւ լավ հասկանալի լեզվով. կաթոլիկների մեջքը կոտրելու է այդ» (ընդգծումը մերն է, Ն. Մ. ):

Սակայն «Թափառական հրեայի» նշանակությունը դրանով չի սահմանափակվում: Այդ գրքի տպագրությունն իրենով նշանավորել է եւ աշխարհիկ գրական լեզվի ձեւավորման առաջին փուլի ձեռքբերումները

«Վերք Հայաստանի» վեպի տպագրությունից մեկ տարի առաջ, 1857 թ. Մոսկվայում հրատարակվում են Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի երկու հատորները եւ «Թափառական հրեա» վեպի I հատորի թարգմանությունը. մինչ այդ, արդեն հրապարակ էին իջել Նազարյանի երկու աշխարհաբար գրքերը եւ տպագրության էր պատրաստվել աշխարհաբարի դատի պաշտպանությանը նվիրված Նալբանդյանի «Ճառը», թեեւ գրա­բար: 1857 թվականն, այսպիսով, այն սահմանագիծն է, երբ վավերացվում են աշխար­հաբարի քաղաքացիական իրավունքները եւ ուղի է հարթվում 1858-ին «Հյուսիսափայլի» երեւան գալու համար

«Հյուսիսափայլին» հաջորդում է «Վերք Հայաստանի» վեպի տպագրությունը, որը մի ամբողջ հեղաշրջում է կատարում հայ իրականության մեջ: Սակայն այդ հեղաշրջումը, թերեւս հեշտությամբ տեղի չունենար, եթե դրա համար պատրաստի հող չլիներ. այդ հողը պատրաստվել էր 40–50-ական թթ. գործիչներ Գ. Պատկանյանի, հենց իր՝ Խ. Աբովյանի, Ս. Նազարյանի եւ Մ. Նալբանդյանի ջանքերով

Այսպես, 1850 թ. աշխարհաբարով հրատարակելով իր «Արարատ» շաբաթաթերթը, Պատկանյանն ընդգծում էր այն միտքը, թե «Կովկասի» ձախողումը պայմանավորված էր դրա գրաբար լեզվով: Նազարյանը տպագրելով «Հանդես նոր հայախոսության» գրքի I հատորը, ազդարարում էր «հայկական բանական հոգու» արթնացումը երկար դարերի թմրության վիճակից եւ ազգի անդամների ձգտումը լուսավորության գործն իրենց ձեռքը վերցնելու մասին: Այս ամենի ֆոնի վրա, երբ մանավանդ Նազարյանի եւ Գեղամյանցի միջոցով Նալբանդյանը քաջատեղյակ էր Աբովյանի գործունեությանը, թերեւս նաեւ «Վերքի» գոյության փաստին, նա ձեռնարկում է «Թափառական հրեայի» թարգմանության գործը, դրան կցելով մի ծավալուն առաջաբան: Դժվար է այժմ ասել, նրան հայտնի՞ էր արդյոք «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանի բովանդակությունը: Բայց որ իր առաջաբանով նա ընդառաջում էր Աբովյանի բարձրացրած հրատապ հարցերին, այս աներկբայելի է

Նալբանդյանի առաջաբանի մասին թեեւ խոսվել է մեր պատմագիտական եւ բանասիրական գրականության մեջ (տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գիրք առաջին, էջ 115–120), բայց այն կարիք ունի առավել մանրակրկիտ ուսում­նասիրության: Այդ մի փաստաթուղթ է, որն աշխարհիկ լեզվի զարգացման վաղ շրջա­նում յուրօրինակ մանիֆեստի դեր է կատարել: Չպետք է մոռանալ, որ այն թեեւ գրված է Աբովյանի վեպից հետո, տպագրվել է դրանից առաջ եւ ազդեցության իր ոլորտներով ընդգրկել է ճիշտ նույնպիսի շառավիղներ, ինչպիսին «Վերք Հայաստանի» վեպը

«Հյուսիսափայլի» հրատարակության նախօրյակին «Թափառական հրեայի» առաջաբանում քննարկվում էին խնդիրներ, որոնք հետագայում ամբողջ խորությամբ պետք է արծարծվեին ամսագրի հրապարակախոսական եւ բանավիճային հոդվածներում: Դրանք էին՝ աշխարհաբարի իրավունքների պաշտպանության հարցը, գրականության ժողովրդայնության խնդիրը, ժողովրդի ընդհանուր կրթության պահանջի առաջ քաշումը, լուսավորական շարժման բազմապիսի ուղիների եւ միջոցների մատնանշումը, ժամանակի սխոլաստիկ գրականության քննադատությունը եւ այլն: Առանձնապես հետաքրքրական է գրաբարին տված Նալբանդյանի դատավճիռը, իբրեւ իր դարն ապրած մի գործոնի, որն ապարդյուն կերպով հնամոլ գործիչները ցանկանում էին անցած 14 դարերի անդունդի վրայից քաշելով՝ բերել-հասցնել XIX դար եւ պարտադրել նոր ժամանակների հայ մար­դուն: «Ժամանակը վազում է հառաջ. ուրեմն եւ ժողովուրդը պիտո է վազե. այստեղ նա միջոց չունի, թեեւ ցանկանար, ետ դառնալ այնքան հեռի, տասն եւ չորս դարու ճանապարհ ժողովուրդը ուղեկից է ժամանակին եւ մնացել է եւ մնում է նորա ազդեցության տակ» (տե՛ս սույն հատորում, էջ 74)

Ուշագրավ է, որ «Թափառական հրեայի» տպագրությունն անմիջապես չի կատար­վում. գրաքննիչ Բերոյանն այն արգելում է հետեւյալ պատճառաբանությամբ. «Թարգմա­նիչը չափազանց ազատ եւ անպատշաճ է արտահայտվում վենետիկյան այն աշխատասեր վանականների մասին, որոնք արդեն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց անմահ ստեղծագործություններով: …Նա մանրամասնորեն նկարագրում է ինկվիզիցիայի ողջ չարագործությունները եւ չափազանց համարձակ կերպով է անդրադառնում Հռոմի պապին՝ նրա կրոնական մոլորությունների կապակցությամբ»

Միայն այն բանից հետո, երբ Նալբանդյանը ստիպված է լինում հանել իր առաջաբանի այն մասերը, որոնց նկատմամբ գրաքննիչը 22 դիտողություններ էր արել, իսկ մնացած 7 դիտողություններին վերաբերող մասերը փոխել, Բերոյանը թույլ է տալիս հոդվածը եւ թարգմանությունը հանձնել տպագրության (ЦГИА СССР, фонд 777, оп. 2, ед. хр. 88: Հմմտ. Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երեւան, 1958, էջ 42)

Շատ հետաքրքրական է վեպի վրա կատարված աշխատանքը: Նալբանդյանը տիրա­պետում էր ռուսաց եւ ֆրանսերեն լեզուներին: «Թափառական հրեան» նա թարգմանել է ռուսական հրատարակությունից, միաժամանակ ձեռքի տակ ունենալով ֆրանսերեն բնագիրը, որի համեմատությամբ կատարում էր անհրաժեշտ ճշտումներ: Այս մասին Ստ. Նազարյանը հաղորդում է հետեւյալը. «Թարգմանիչը, ինչպես երեւում է, [թարգմանել է] ռուսական լեզվից, օգուտ քաղելով եւ ֆրանսիական բնագրից, թեպետ ասած չէ գրքի ճակատումը» (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, 10, էջ 319)

Ինչպես հայտնի է, Նալբանդյանը մինչեւ վերջ չհասցրեց «Թափառական հրեայի» իր թարգմանությունը: Չգիտենք, աշխատե՞լ է նա հաջորդ հատորի վրա եւ ի՞նչ չափով. կասկածից վեր է միայն, որ այդ գործին նա այլեւս չէր կարող վերադառնալ: Հասունացող քաղաքական կյանքը, նոր բեղմնավոր ու լարված գործունեությունը «Հյուսիսափայլում» ոչ միայն անհնար, այլեւ որոշ չափով ավելորդ դարձրին այդ

Վերջերս այն միտքը հայտնվեց, որ «Հյուսիսափայլի» շապկանկարի գաղափարը Նալբանդյանը եւ Նազարյանը վերցրել են «Թափառական հրեա» վեպի հեղինակային առաջաբանից: Այդտեղ նկարագրված է «հյուսիսային փայլողության» ծնունդը Բերինգի նեղուցի վրա. ահա մի հատված այդ առաջաբանից

«Հորիզոնում երեւեցավ պայծառ կիսագունդ, որի բերանի կենտրոնից, դուրս էին բխում ահագին լուսեղեն սյուներ, որոնք բարձրանալով գունդի ամենայն կողմից, լուսա­վորում են եւ երկինքը, եւ գետինը, եւ ծովը: Հրեղեն փայլմունքը, որպես արշալուսից, ընկնում է եւ սահում է ձյունապատ դաշտի վերայից, բացարձակում է հիանալի լույս սառուցի սարերի մոխրագույն գագաթների վերա եւ փոքր-ինչ կարմրեցնում է եւ թեթեւ, ոսկու գույն է տալիս երկու ցամաքահողի սեւ-սեւ ահագին ապառաժներին»

Ամսագրի շապկանկարի համեմատությունը Էժեն Սյուի հիշյալ նկարագրության հետ, խոսում է այդ վարկածի հավանականության օգտին (տե՛ս Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագրի շապկանկարի շուրջը, «Սովետական գրականություն», 1979, 2, էջ 145–147)

Էջ 72, տ. 14. Եվժեն Սյու ֆրանսիական ականավոր գրող (1804–1857), հեղինակ բազմահատոր «Փարիզի գաղտնիքները», «Թափառական հրեա» ( «Ագասֆեր») վեպերի: «Փարիզի գաղտնիքները» հիմնավոր քննադատության է ենթարկվել Կ. Մարքսի եւ Ֆ. էնգելսի «Սուրբ ընտանիքում», իսկ մի տարի առաջ, Բելինսկու կողմից, որի գրախոսու­թյունը տպագրվել է «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում: Էժեն Սյուի ստեղծագոր­ծության ուժեղ կողմերն արտահայտվել են նրա հակակղերական «Թափառական հրեա» վեպում: Բնութագրելով Է. Սյուի ստեղծագործությունը, Բելինսկին գրում է. «…Որպես ֆրանսիացի, Էժեն Սյուին խորթ չէ ընկածների եւ թույլերի նկատմամբ ցուցաբերվող հա­մակրանքը: Մարդկայնությունն ու մարդասիրությունը ֆրանսիացիների ազգային նկա­րագրի ցայտուն գծերից է (Полн. собр. соч., том. VIII, стр. 185): Միաժամանակ Բելինսկին նշում է եւ Սյուի թույլ կողմերը. չափազանցում, մելոդրամա, էֆեկտներ, թույլ խարակտերներ (Полн. собр. соч., том. X, стр. 307)

Էջ 74, տ. 11. «Ուսումն նավուղղության» տե՛ս Ուսումնասիրութիւն նաւուղղութեան յերիս գիրս բաժանեալ, աշխատութեամբ տեառն հ. Ղուկաս Վարդապետի Օղուլլուգեան Տրապիզոնցւո, 1809, Վենետիկ

Էջ 75, տ. 37, էջ 76, տ. 1. …հայերը օտարի լեզվով կարդում են յուրյանց սեփական հեղինակի գործը Նկատի ունի, գլխավորապես, Խորենացու օտար լեզուներով, այդ թվում եւ ռուսերեն, թարգմանությունները. այդ ժամանակ պատրաստվում էր Խորենացու «Պատմության» երկրորդ հրատարակությունը՝ Մկրտիչ Էմինի թարգմանությամբ

Էջ 76, տ. 3–4 …հրահանգ քրիստոնեական վարդապետության հավանորեն նկատի ունի 1825 թ. Տփխիսում լույս տեսած «Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան» գիրքը, որը պահպանվում է Նալբանդյանի անձնական գրադարանում

տ. 8. …իսկ մյուսի հոլովների կարգը այլ է բոլորովին Նկատի ունի Չամչյանի, Խուդաբաշյանի, Սալլանթյանի, Ավետիքյանի, Հարություն Ավգերյանի եւ ուրիշների քերա­կանությունները

Էջ 78, տ. 37, էջ 79, տ. 1. …եթե մեր Մխիթարյան գերապատիվ հարք չեն կամեցել այս բանը հայերեն թարգմանել Մխիթարյանների օրգան «Բազմավեպը» դեռեւս 1846 թ. Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի մասին գրած գրախոսականում այն բնութագրում է իբրեւ վնասակար գիրք (հմմտ, Ա. Բ. Կարինյան, Ակնարկներ հայ պարբերական մա­մուլի պատմության, հատոր 2, Երեւան, 1960, էջ 234):