Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՃԱՌ

Ինքնագիրը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Նալբանդյանի արխիվում, : Դա փոքրադիր մի տետր է, 21X17 չափսով, ընդհատվում է 44-րդ էջում: Ունի անվանաթերթ՝ «Միքայէլի Նալբանդեանց, Յաղագս հայ­կական մատենագրութեան ճառ», ապա բնաբան՝ «Այլ ինձ թուի…» եւ այլն, վերջապես՝  «<Ի տպա>րանի Վօլդիմարայ Գոտե, Մոսկվա»: Անվանաթերթը ձախ կողմի ներքեւից մի փոքր պատռված է: Ձեռագիրն ընդհանրապես մաքուր է եւ ընթեռնելի (թեեւ այժմ մատիտով գրված առանձին լրացումներ եւ փոփոխություններ խունացել են բոլորովին): Ինքնագրի վրա կատարված են բազմաթիվ ուղղումներ եւ լրացումներ ինչպես թանաքով, նույնպես եւ մատիտով: Նալբանդյանի երկերի նախորդ գիտական հրատարակության մեջ բոլոր այդ ուղղումները վերագրվել են իրեն՝ հեղինակին: Հետագա առավել մանրակրկիտ զննումները ցույց տվեցին, որ հիմնականում ճիշտ էր առաջին հրատարակիչ Մ. Բարխուդարյանի այն ենթադրությունը, թե ուղղումները պատկանում են Ստ. Նազարյանին: Իրա­պես, ուղղումները պատկանում են եւ՛ Նազարյանին (մեծ մասը), եւ՛ Նալբանդյանին: Չնայած երբեմն դրանք դժվարությամբ են զանազանվում

Սույն հրատարակության մեջ Նազարյանի ուղղումները առանձնացված են հեղինակի կատարած ուղղումներից, ընդ որում բուն բնագրի մեջ դրանք տրվում են ուղիղ փակագծերում

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմական», 6-րդ գիրք, 1895, Հավելված: Հրատարակիչը ձեռքի տակ ունեցել է ոչ թե Նալբանդյանի ինքնագիրը, այլ արտագրությունը: «Զետեղելով «Հանդեսի» մեջ հանգուցյալ Մ. Նալբանդյանի սույն աշխատությունը, գրում է Բարխուդարյանը, հարկ ենք համարում հիշատակել այս­տեղ, որ ձեռագիրը փոփոխել է հանգուցյալ Ս. Նազարյանը եւ լուսանցքներում արել է բազմաթիվ նկատողություններ: Ձեռքի տակ չունենալով ներկայումս ձեռագիրը, մենք չկարողացանք եւ զուգահեռաբար հառաջ բերել այդ նկատողությունները» (Հավելված, էջ 8)

Հայտնի է նաեւ, թե ինչպես է Բարխուդարյանը ձեռք բերել Նալբանդյանի ձեռագիրը: Ոգեւորված մեծանուն հրապարակախոսի անտիպ աշխատությունները ընթերցող հասարա­կությանը ներկայացնելու բարի ցանկությամբ, նա շատ անգամ է դիմել Նալբանդյանի ձեռագիր ժառանգությանը մոտ կանգնած մարդկանց, մասնավորապես Երվանդ Շահազիզին, խնդրելով հետաքրքրվել եւ իրեն ուղարկել Նալբանդյանի անտիպ գրվածքներից: Ահա՛ թե ինչ է պատասխանել այդպիսի դիմումներից մեկին Ե. Շահազիզը. «Դու գրում ես Նալբանդյանի գրվածքների մասին: Եղա նորա ազգականի մոտ, քրքրեցի հանգուցյալի թղթերը. թերի, կիսատ-միսատ բաներ են, մի թերթ այս տեղից, մի թերթ այնտեղից: Թղթերի մեծամասնությունը գտնվում է, ինչպես ես իմացա, մի ուրիշ ազգականի մոտ, որ  հրաժարվելով հրաժարվում է մի որեւէ մարդու ցույց տալ: Գտա միայն երկու կտոր բան, այն եւս ճշտությամբ չգիտեմ տպագրված չե՞ն արդյոք: Բոլոր «Հյուսիսափայլի» օրինակները ես չունեմ ձեռքիս. ինքներդ նայեցեք, ստուգեցեք: Մեկ կտորի վերնագիրն է. «Միքայէլի Նալբանդեանց, Յաղագս հայկական մատենագրութեան ճառ»: Այդ մի 43 թերթից կազմված փոքրադիր տետրակ է, որի մեջ համառոտաբար շարահարված է գրաբար լեզվով մեր մատենագրության պատմությունը, չորրորդ դարից սկսած մինչեւ 19 դարը, մինչեւ Նազարյանցը: Գրվածքը շատ անգամ ուղղվելուց աղտոտվել է եւ տեղ-տեղ անհաս­կանալի դարձել: Գրվածքի սկզբում տրված է «Ծանիջի՛ք զճշմարտութիւն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» խոսքերը: Գրվածքը վերջանում է մի պարբերությամբ, որի մեջ հեղի­նակը հայտնում է, որ այս յուր վերջին աշխատանքն է գրաբարով, որ այնուհետեւ պետք է աշխարհաբար գրե» . Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարան, Մկրտիչ Բարխուդարյանի արխիվ, 99)

Նամակը գրված է Նոր Նախիջեւանից, 1888 թ. ապրիլի 22-ին: Ո՞ւմ է դիմել այնու­հետեւ Բարխուդարյանը՝ թույլտվություն ստանալու համար, եւ ո՞վ է կատարել արտագրությունը, չգիտենք. Սակայն մի բան պարզ է. ձեռքի տակ չունենալով Նալբանդյանի ինքնա­գիրը, Բարխուդարյանը ոչ միայն հենվել է ընդօրինակության վրա, այլեւ, ինչպես երեւում է, հավատ է ընծայել ընդօրինակողին ձեռագրի արտաքին նկարագրության հարցում: Մ. Բարխուդարյանի տրամադրության տակ եղել է Ճառի ամբողջական ձեռագիրը: Ուրեմն պետք է ենթադրել, որ ինքնագրից պակասող էջերը անջատվել եւ կորել են հետագայում, մինչեւ թանգարան հասնելը

Ե՞րբ է գրել Նալբանդյանը իր այս Ճառը, դժվար է ստույգ պատասխանել. հավա­նորեն այն գրված պետք է լինի 1855 թվականի ընթացքում

Աշխատության մեջ, խոսելով Խուդաբաշյանի բառարանի մասին, նա հիշատակում է նաեւ Ալամդարյանի եւ Երիցփոխյանի բառարանները, որոնցից վերջինը լույս էր տեսել, ինչպես ինքն է գրում, «ի նորումս»: Գ. Երիցփոխյանի բառարանը տպագրվել է Թիֆլիսում, 1854-ին, հետեւաբար թվում է, թե այս տողերը գրված կարող են լինել դրանից միայն ամիսներ հետո, բայց ո՛չ տարիներ: Այնուհետեւ, հոդվածի վերջին պարբերությունից իմանում ենք նաեւ, որ նրա հեղինակն ուսանող է Մոսկվայի համալսարանում, իսկ դա պետք է ձեւակերպված լինի 1854 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բայց ո՛չ ավելի շուտ, քանի որ նրա այն նամակը, որով նա Լազարյաններից միջնորդություն է խնդրում համալսարան ընդունվելու համար, ստորագրված է 1854-ի հոկտեմբերի 19-ին (հմմտ. Ա. Մ. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրու­թյունը, Երեւան, 1980, էջ 69)

Իր այս ուսումնասիրությունը Նալբանդյանը գրել է գրաբար: Դեռ երիտասարդ, նա հմտորեն տիրապետում էր մեր հին լեզվին: Հարուստ է նրա բառապաշարը. նա լիովին ծանոթ է գրաբարի քերականական բոլոր կանոններին, ոճերին ու դարձվածներին եւ նույ­նիսկ ճարտասանական ձեւերին: Լեզվի հակիրճությունն ապահովելու նպատակով նա, որպես կանոն, սղում է էական բայը, սովորաբար հատկացուցիչը դնում է նախադաս, հատկացյալի նախդիրներով. գլխավոր նախադասության մեջ սղելով անձնական դերանունը, երկրորդական նախադասության մեջ հարաբերական դերանունը (ենթական) դնում է սղված հարաբերյալի հոլովով: Դրա շնորհիվ էլ, պետք է ասել, նրան հաջողվել է մեռյալ լեզուն կենդանացնել՝ իր մտքերը պատկերավոր, աշխույժ եւ սահուն լեզվով արտահայտելու համար

Ինչպես վերն ասվեց, ինքնագիրը լրիվ չի հասել մեզ, եւ աշխատության շարունակությունը տպագրվում է ըստ «Հանդեսի», որ տեքստաբանական իմաստով քննության չի կարող դիմանալ: Աշխատել ենք, հնարավորության սահմաններում, օտարել վրիպակները եւ վերականգնել աղճատված տեղերը

«Յաղագս հայկական մատենագրութեան ճառը» Նալբանդյանի կենդանության ժա­մանակ լույս չտեսավ, թեեւ անվանաթերթը ցույց է տալիս, որ այն նախատեսված էր առանձին հրատարակության համար: Դժվար է այժմ որեւէ ենթադրություն անել այդ մասին. թվում է նույնիսկ, որ հեղինակն ինքը նպատակահարմար չի համարել դրա տպագրու­թյունը: Ընդարձակ իր ճառի մեջ երիտասարդ Նալբանդյանը հանդես է գալիս իբրեւ ոչ միայն աշխարհաբար լեզվի, այլեւ աշխարհիկ նոր գրականության համոզված ու կրքոտ պաշտպաններից մեկը: Նա փորձ է անում ավելի եւս զարգացնելու ու խորացնելու այն գաղափարները, որ հօգուտ հայ նոր գրականության իր աշխատություններում բերել էր Ստեփանոս Նազարյանը

Շատ ուշագրավ է նաեւ, որ իր այս առաջին ծավալուն գործում Նալբանդյանը կրում է նաեւ Բելինսկու ազդեցությունը: Այն որոշակի է մասնավորապես ճառի հետեւյալ հատվածում. «Ժողովուրդն մեր դատապարտելի է վասն անմիաբանութեան եւ անազգասիրութեան. ի նմա բնակի ոգի ոչ աստուածային, որ միջնորմ արկանէ ընդ ընկեր, օցտէ եւ փեռեկտէ յիրերաց. առ մեզ, որպէս եւ առ կիսալուսաւոր ազինս, բաժանեալք այդոքիկ ունին զիւրեանց հատկութիւնս, զառանձին կերպ կենաց, զայլ տարազ զգեստու, զեղանակ մտածութեան եւ որ ողբալին է եւ չար քան զամենայն, զայլ ոճ խոսից. առ ի ապացուցանել զայս կարծիք պիտոյ է գէթ հրաւիրել յիւրաքանչիւր անջատ վիճակացդ այդոցիկ զմի մի այր, որպէս. ազնուական, հոգեւորական, ուսումնական, ուսանող, հին հայագէտ, վաճառական, քաղաքացի եւ գիւղական, լսել ապա կարծեաց նոցա իւրաքանչիւրոց, եւ տեսանել, թէ դոքա իբրեւ անդամ միոյ ազգի ունէին ամենեքին զմի նպատակ վերաբերութեամբ առ լուսաւորութիւն ազգին, քաւ լիցի. գիտեի՞ն եւ հասկանալ կամէին արդեօք, զի՞նչ է լուսաւորութիւն ազգային»: Այս կտորը համարյա ազատ շարադրանքն է Բելինսկու մտքերի (տե՛ս В. Г. Белинский, Полное собрание сочинений, т. IX, стр. 430. Հմմտ. նաեւ Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գիրք առաջին, էջեր 94, 99. X. С. Саркисян, Налбандян и вопросы языка, Ереван, 1955, стр. 22–23)

Ճառի մեջ արտացոլվել են նաեւ երիտասարդ հրապարակախոսի ձեւավորվող աշխարհայացքի որոշ թույլ, հակասական կողմերը, որոնք հետեւանք էին նրա իդեալիստական պատմահայեցողության: Այսպես, նա համարյա անգիտանում է ուշ միջնադարի, ավելի որոշ հայկական պետականության անկումից հետո ստեղծված հայ գրական կուլտուրան, հայկական մշակույթը: Այս տեսակետները հետագայում հաղթահարվում են հեղինակի հասուն աշխատություններում

Կարող է տարօրինակ թվալ, որ սկզբից մինչեւ վերջ աշխարհաբարի դատին նվիրած այս ճառը Նալբանդյանը գրել է գրաբարով: Բայց նա եզակի չէր. այս նույն ձեւով էլ աշխարհաբարի պաշտպանությամբ ժամանակին հանդես էր եկել Ս. Նազարյանը: Հայացք­ներով որքան էլ առաջադիմական եւ նորարար, նրանք իրենց ուսերին զգում էին ավան­դության ծանրությունը եւ ձգտում էին ցույց տալ, որ պակաս լավ չգիտեն այն գրաբարը, որի ժամանակը, սակայն, անցած էին համարում: Նալբանդյանի այս ելույթը անպայման առաջադիմական նշանակություն ուներ. մի ակնարկ նետելով ամբողջ հայ գրականության վրա լեզվի տեսակետից, նա գալիս է այն ճիշտ եզրակացության, որ գրաբարն այլեւս մեռած է, այն դադարել է ժողովրդի լեզու լինելուց, հետեւաբար անկարելի է նրանով առաջ տանել նոր լուսավորության գործը

«Յաղագս հայկական մատենագրութեան ճառը» տպագրվում է ըստ ինքնագրի, բա­ցառությամբ այն հատվածի (էջ 37-59), որի համար հիմք է ծառայել «Հանդես գրականական եւ պատմական» տարեգրքի 1895 թ. 6-րդ գիրքը (հավելված, 39–64): «Ճառի» հեղինակային ինքնագրի վրա Ստ. Նազարյանի արած լրացումները եւ ուղղումները առնված են ուղիղ փակագծերի մեջ [ ], բացի այդ՝ բնագրի մեջ ինչպես Նազարյանի, այնպես էլ Նալբանդյանի մտցրած բոլոր փոփոխությունները նշվում են Բնագրային տարբերություններ բաժնում

«Յաղագս հայկական մատենագրութեան ճառի» սույն հատորում հրատարակվող բնագիրը (բնագրային տարբերություններով հանդերձ) տպագրության է պատրաստել բանասիրական գիտությունների թեկնածու Մ. Մխիթարյանը

Էջ 5, տ. 7. Ծանիջի՛ք զճշմարտութիւն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ Աւետա­րան ըստ Յովհ., Ը, 32

Էջ 13, տ. 9. …Երկհատոր տաղաչափութեամբք Հմմտ. Ոսկի դար Հայաստանի, երգեալ Յովհաննու Միրզայեան Վանանդեցի վարժապետ քահանայի, ի Զմիւռնիո, 1841, Արփիական Հայաստանի, տաղաչափեալ Յովհանու Միրզայեան Վանանդեցի վարժապետ քահանայի Զմիւռնիո, 1836, Ճառ ներբողական ի սուրբ խաչն Քրիստոսի եւ պատմագրա­կան առասացութիւն ի սուրբ նշանն Վարագայ, ի Մոսկուա, 1853

Էջ 18, տ. 4. Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան Մսերյանցի հիշյալ աշխատությունը՝ «Հրահանգ քրիստոնէական հավատոյ» խորագրով լույս է տեսել Մոսկվայում 1850 թվականին

Էջ 18, տ. 27. զՆոր Կտակարան ի լեզու աշխարհիկ Նոր կտակարանի այդ հրատարակությունը անհայտ մնաց մեզ. դժվարանում ենք նույնիսկ ասել, թե ինչ հրա­տարակություն է այդ, որը ոչ միայն մեր գրադարաններում, այլեւ հ. Արսեն Ղազիկյանի հանրահայտ «Հայկական նոր մատենագրության» մեջ չի հիշատակվում

Էջ 26, տ. 5. …Ի սիրտս իւրեւանց դրոշմեն: Մեզ չհաջողվեց պարզել այս հատվածի աղբյուրը

Էջ 28, տ. 10. …որք եւ այժմ դեռ եւս անյագութեամբ գինով ընդ մեռելոյն կագին Տե՛ս Ղազար Փարպեցւոյ, Թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից, Մոսկվա, 1853, էջ 65:

Էջ 28, տ. 14. Ի գալուստ Քրիստոսի յԵրուսաղեմ աւանակա Հմմտ. Մամբրէ Վեր­ ծանողի Ճառք, Վենետիկ, 1833, տպված է Կորյունի եւ Դավիթ Անհաղթի մատենագրությանց հետ

տ. 21–22. …ոճ գրութեանն ստրկացեալ յունական բաղդասութեան: Տե՛ս Դաւթի Անհաղթ փիլիսոփայի մատենագրութիւնք… Վենետիկ, 1833

Էջ 29, տ. 12–13. …աստուածաբանականք եւ բարոյականք Հմմտ. Սրբոյ հօրն Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք, ի Վենետիկ, 1838

տ. 29–30. …արժանի եղեն ընդունակաթեան Հետագայում բանասերներից ոմանք նույնպես այն կարծիքը հայտնեցին, որ այս Խոսրովը, որին վերագրվում է «Պատմութիւն ս. Սահակայ հայրապետի» գործը, պետք է որ այն Խոսրովիկը լինի, որի մասին խոսում է Փարպեցին: Այս հարցի մասին եղած քննական գրականությունը տե՛ս Հ. Տաշյանի «Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք»: Հետազոտութիւն եւ բնագիրք, մասն, I, Ա–Զ, Նեմեսիոս, Պրոկղ, Խոսրովիկ, Եպիփան եւ Սեկունդոս հավաքածուի մեջ, Վիեննա, 1895 էջ 49–75

Էջ 30. տ. 16. …աշակերտի նորին Սարգսի Բուխարացւոյ Թեոդորոս Քռթենավորի երեք ճառերը տե՛ս Յովհաննու իմաստասերի Օձնեցւոյ Մատենագրութեանց մեջ:

տ. 27. …հեռի է ի Մովսիսէ Խորենացւոյ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվին, որ իրոք անհիմն էր այդ ենթադրությունը. Մովսես Սյունեցին, որ կոչվում էր նաեւ Թերթող, ապրել է VII դարում եւ հեղինակ է համարվում քերականական եւ ճարտասանական գրվածքների: Հմմտ. Հ. Զարբհանալյան, Հայկական հին դպրության պատմություն, Վենետիկ, 1897, էջ 472

տ. 33. …Մկրտիչ էմին տալ տպագրութեամբ ի լոյս Գիրքը լույս տեսավ 1860 թ.: Տե՛ս Մովսէսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհին, ի լոյս ընծայեաց Մկրտիչ էմին, Մոսկվա

Էջ 33, տ. 5. …տպեալ ի Սանկտպետերբուրգ Տե՛ս Գիրք որ կոչի ընդհանրական, արարեալ սրբազնասուրբ հայրապետին մերոյ տեառն Ներսէսի Շնորհալւոյ… 1788 Սանկտ Պետերբուրգ

Էջ 36, տ. 23. Այվազովսքի իւրով պատմաբանական գրուածովք Նալբանդյանի վե­րաբերմունքը Գաբրիել Այվազովսկու նկատմամբ միանշանակ չի եղել. ինչպես այստեղ, այնպես էլ քիչ վարը նա հարգանքով է արտահայտվում Այվազովսկու պատմաբանական եւ լեզվագիտական աշխատությունների մասին: Եվ իսկապես, փոքր չէ Գ. Այվազովսկու վաստակը հայ բանասիրության եւ գրականության մեջ: Լինելով Մխիթարյան միաբանու­թյան անդամ, նա 1843 թվականին հիմնադրել եւ հինգ տարի խմբագրել է «Բազմավեպը», ապա, գժտվելով Մխիթարյանների հետ, վերադարձել է հայ առաքելական եկեղեցու գիրկը. Փարիզում խմբագրել եւ հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը: Վերադառնալով Ռուսաստան, Թեոդոսիայում նա հիմնել է Խալիբյան վարժարանը, շարունակել հրատարակել «Մասյաց աղավնին»: Նալբանդյանին ծանոթ էին նրա «Համառօտ պատմութիւն ռուսաց» (1836), «Պատմութիւն Օսմանեան պետութեան» . 1–2, 1841) եւ այլն: Արտաքուստ Նալբանդյանը բարյացական վերաբերմունք է ցույց տվել Այվազովսկու նկատմամբ մինչեւ այն պահը, երբ վերջինս պայքարի մեջ մտավ «Հյուսիսափայլի» դեմ

տ. 28. …«Եվրոպա» լրագիր Վիեննայի, 1853… հունուար 20, Նալբանդյանը խոսելով Չամչյանի Պատմության մասին, վկայակոչում է «Եվրոպա» լրագրի 1853 թ. հունվարի 20-ի համարը, որտեղ տպագրված նրա հոդվածը վկայում էր հեղինակի մոլի պապակա­նությունը: Սակայն «Եվրոպան» 1853-ի հունվարի 20-ին չի հրատարակվել (թերթի հեր­թական համարները լույս են տեսել հունվարի 10-ին, 17-ին, 24-ին եւ 31-ին): Ինչ վերա­բերում է Չամչյանի հիշյալ հոդվածին, ապա առայժմ հայտնի չէ, թե որտեղ է տպագրվել այն

Էջ 40, տ. 7–8. …մաքուր խղճմտանօք առ ի նմանէ Նալբանդյանը սխալվում է այստեղ. Ղուկաս Պալտազարյանի հրատարակած օրագիրը կոչվում էր «Արշալույս Արա­րատյան» (1840–1887)

Էջ 42, տ. 11. …եւ պատճառ այդունակ ուղղութեանն Հրատարակվել է Սինգապուրում 1847 թ.: Ունեցել է կարճ կյանք եւ, հավանորեն, տպագրվել է վիմատիպ

տ. 32. …1 թերթն յունուար ամսոյ 1853 թուականի Նալբանդյանը հիշատակում է «Եվրոպա» լրագրի 1853 թ. հունվարի առաջին համարը, որտեղ Մխիթարյաններր Մեսրոպ Մաշտոցին պարտական են դարձնում Մխիթար Սեբաստացուն: Այդ հոդվածը զետեղ­ված է ոչ թե հունվարի 1-ի համարում, այլ 1853 թ. մայիսի 16/4-ի 20-րդ համարում (տե՛ս «Ազգային» հոդվածը, էջ 80)

Էջ 44, տ. 2. «Մուզայք Արարատեան» Լույս է տեսել Մոսկվայում, 1829 թ.:

տ. 16. …Յարաթիւն վարդապետ Ալամդարեանց Տե՛ս համառօտ, բառարան ի Ռուսաց լեզուէ ի Հայ, աշխատասիրութեամբ Յարութիւն քահանայի Մանուկեան Ալամդարեանց, ի Մոսկով, 1821

տ. 17. …պարոն Երիցփոխեանցն ի նորումս տե՛ս Բառարան ի Ռուսաց լեզուէ ի Հայ, Աշխատասիրեալ ի Գաբրիելէ Երիցփոխեանց, Տփխիս, 1854

Էջ 59, տ. 36. «Որ զչար գործէ… գործք նորա» Աւետարան ըստ Յովհ., Գ. 20: