Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐԳՈ ԽՄԲԱԳԻՐ «ՄԵՂՈՒ» ՀԱՆԴԵՍԻ

(Էջ 100)

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսի «Մեղուում»՝ 1862 թ., ապրիլի 20-ին, 159, էջ 90–96։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել հիշյալ տպագրությունը։

Այս հոդվածի՝ Մ. Նալբանդյանի գրչին պատկանելու ենթադրությունը առաջինը հայտնել է Ասատուր Ասատրյանը (տե՛ս Աս. Ասատրյան, Նորահայտ մի էջ Մ. Նալբանդյանի գրական ժառանգությունից, «Սովետական Հայաստան», 17. 10. 1954)։ Այդ ենթադրության օգտին նրա կողմից առաջ են քաշվել երկու հիմնական փաստարկումներ։ Առաջինը, «Նամակում» քողարկված ձեւով ներկայացված են կենսագրական փաստեր, կապված Նալբանդյանի արտասահմանյան ճանապարհորդությունների հետ եւ երկրորդ՝ որ այն գրված է «նալբանդյանական շնչով ու ոճով» ու մոտ է այդ տեսակետից Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետին։ Այս ենթադրությանը պաշտպան կանգնեց Գ. Գասպարյանը (տե՛ս Գ. Ն. Գասպարյան, Հարություն Սվաճյան, Ե., 1958, էջ 37–39)։ Այս հարցի վերաբերյալ մի փոքր այլ տեսակետ հայտնեց Ս. Բազյանը։ Տեղադրելով հիշյալ «Նամակը» Հ. Սվաճյանի «Հրապարակախոսություն» ժողովածուի «Հավելվածում» եւ իր համաձայնությունը հայտնելով Աս. Ասատրյանին՝ Միքայել Նալբանդյանի հեղինակության վերաբերյալ, Բազյանը միեւնույն ժամանակ գտնում էր, որ հոդվածում «որոշակի երեւում է նաեւ Սվաճյանի գրելաձեւը» եւ չի բացառված «նրա մասնակցությունը հոդվածի ստեղծման աշխատանքներին» . Սվաճյան, Հրապարակախոսություն, Ե., 1960, էջ 525–526, «Կազմողի կողմից»)։ Հետագայում այս տեսակետը ընդունեց նաեւ Աս. Ասատրյանը: Կապ տեսնելով «Կտոր մը Այվազովսքիաբանություն» («Մեղու», 1864, դեկտեմբերի 5) եւ հիշյալ «Նամակի» միջեւ, նա պնդում էր, որ նրանք երկուսն էլ «թե նալբանդյանական եւ թե սվաճյանական ոգով են գրված» . Ասատրյան, Հարություն Սվաճյան, Ե., 1967, էջ 51)։ 

«Նամակի» բովանդակության եւ ոճի մանրազնին ուսումնասիրությունը բերում է այն հաստատ համոզմանը, որ նրա հեղինակը, անկասկած, Նալբանդյանն է, թեեւ հնարավոր է նաեւ Հարություն Սվաճյանի մասնակցությունը, բայց միայն լեզվական հարցում, եթե ենթադրենք, թե Նալբանդյանը չէր տիրապետում արեւմտահայերենին այն չափով, ինչ չափով «Մեղրի» խմբագիրը։ 

Բերենք ավելի ընդարձակ փաստարկումներ, քան մինչեւ այժմ արվել է։ «Նամակը»  թվագրված է հետեւյալ կերպ, –«Ռոստով Դոն գետի վրա, 10 ապրիլ, 1962»։ Այդ ժամանակ Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում, որտեղից եւ ուղարկել էր իր հոդվածը «Մեղուի» խմբագրություն, որի հետ սերտ կապ էր պահպանում իր ուղեւորության ընթացքում։ Ինչպես երեւում է Մ. Նալբանդյանի «Ծոցատետրի նկատողություններից», Լոնդոնից 1862 թ. մարտ-ապրիլ ամիսներին նա «Մեղուի» խմբագրություն, Հ. Սվաճյանին, Ս. Թագվորյանին եւ Կ. Պոլսի իր մյուս ծանոթներին ուղարկել է մի քանի նամակներ։ Այդ ամիսներին Նալբանդյանը նամակներ է ուղարկել նաեւ Ն. Նախիջեւան, եղբայրներին, Կ. Հայրապետյանին, Հովհ. Բերբերյանին եւ այլոց (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, Ե., 1949, էջ 271-272)։ Հենց այս նամակագիրների միջոցով էլ նա կարող էր մանրամասնություններ իմանալ Ն. Նախիջեւանի տեր Պողոս Ստեփաննոսյան քահանայի գործի վերաբերյալ, որի մասին է հենց «Նամակի» բովանդակությունը։ Իսկ ինչ վերաբերում է «Նամակի» վրա նշված «Ռոստով Դոն գետի վրա» ուղարկման վայրը, ապա այդ Նալբանդյանի կիրառած քողարկման ձեւերից մեկն է: Այսպես, նրա «Հռոմեական նամակ» հոդվածի տակ («Հյուսիսափայլ», 1861, 10) գրված է «Հռոմ, 20 մարտի, 1861», իսկ նրա հեղինակը այդ օրերին ոչ թե գտնվում էր Հռոմում, այլ Փարիզում, ցանկանալով գաղտնի պահել արտասահմանում իր տեղաշարժումները։ Նալբանդյանը «Նամակի» հենց սկզբում գծում է իր հայրենիք «վերադառնալու» ուղին, «Պոլսեն հեռանալես ու Միջերկրականին վրայով Իտալիո զվարճալի եզերքը քերելես ետքը հասա Մարսիլիա, ուսկից շոգեշարժ կառքով ճանապարհորդեցի ի Փարիզ, անկե ալ Վարշավիայի վրայեն Պետերբուրգ անցնելով՝ վերջապես այս կողմերս (այսինքն՝ Ն. Նախիջեւան–խմբ. ) ընկա... »։

Ուշագրավ է այն, որ Նալբանդյանը իր ուղին գծելիս բաց է թողել Լոնդոնը, որտեղից ուղարկվել էր «Նամակը»։ Հենց այդ շրջանում՝ Լոնդոնում գտնվելու ժամանակ էր. որ նա սերտ կապեր էր հաստատել լոնդոնյան հեղափոխական կենտրոնի հետ (Գերցեն– Օգարյով–Բակունին), եւ կոնսպիրատիվ նպատակներից ելնելով ցանկանում էր քողարկել իր՝ Անգլիայի մայրաքաղաքում գտնվելու փաստը։ Նրա գաղափարական հակառակորդները հետեւում էին հեղափոխական-դեմոկրատի ամեն քայլափոխին նույնիսկ արտասահմանում, նպատակ ունենալով խոչընդոտելու նրա հասարակական-քաղաքական գործունեությանը։ 

Բայց, իհարկե, Նալբանդյանի «Նամակի հեղինակ լինելու ամենագլխավոր փաստարկը նրա բովանդակությունն է։

Պողոս քահանայի գործը դարձյալ մի նոր հնարավորություն էր ստեղծում Գաբրիել Այվազովսկուն եւ «անոր գործակատարներ» Հ. Խալիբյանին, Ե. Շաբշնիքյանին եւ մյուսներին դիմակազերծ անելու համար, որոնց հետ Նալբանդյանը բախումներ էր ունեցել դեռեւս 40-50-ական թվականներին Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակում քարտուղար եղած ժամանակ եւ մանավանդ հետագա տարիներին։

«Նամակում» մասնավորապես խոսվում է այն հետապնդումների ու հալածանքների մասին, որ այդ հրոսակախումբը ենթարկել էր Նալբանդյանի ուսուցչին՝ Գաբրիել քահանա Պատկանյանին, որին նրանք ցանկանում էին «Սիբերիո սառնամանյաց արժանի տեսնել»։ Իր այդ սկզբնական պատմածին «Նամակի» հեղինակը տողատակին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Այս քահանային վրա կատարված անիրավությունները թողուցի անձամբ պատմել ձեզ»: Եվ նորից Նալբանդյանը գիտակցաբար չի ցանկանում խորանալ այս պատմության մեջ, որպեսզի հետքերը չբերեն իր մոտ, սակայն իրեն իրավունք է վերապահում մանրամասնորեն պատմելու այն «Մեղուի» խմբագրին անձամբ հանդիպելու ժամանակ, հանդիպում, որը նա ծրագրել էր, չենթադրելով իր ձերբակալության մասին։ «Նամակում» հիմնական հարվածը ուղղված էր Նալբանդյանի գաղափարական կատաղի թշնամի Գաբրիել Այվազովսկու դեմ, մերկացնելով նրան եւ՛ որպես «զրպարտիչ», եւ՛ որպես «չարախոս», եւ՛ որպես «կրոնադրուժ», եւ՛ որպես «տիրադրուժ», եւ՛ որպես «ապերախտ», եւ որպես «մատնիչ», «խավարապաշտ», «խաբեբա», այսինքն՝ այնպիսի բազմազան դեմքերով, ինչպես նա ներկայացված է «Երկու տող» պամֆլետում եւ նրա մյուս գործերում։ Եվ իր բոլոր այս բնութագրումների համար «Նամակում» բերված կան այնպիսի փաստեր, որոնց հետ մենք արդեն հանդիպել ենք Նալբանդյանի մոտ, մասնավորապես նրա «Երկու տողում»: Բերենք ուղղակի տեքստային համընկնումների մի քանի օրինակ։

1. «Անցան գնացին այն ժամանակները, երբ մարդիկ կուրորեն հավատք կընծայեին հոգեւորականաց կեղծուպատիր խոսքերուն, կխաբվեին անոնց խարդախամիտ խոստմունքներեն, կհամբուրեին անոնց չարագործ ու պիղծ ձեռքերը, կսարսափեին անոնց այլանդակ նզովքներեն» («Նամակ»)։

«Անցան եւ անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին համբուրելով մի սեւագլխի քղանցք կամ շատ անգամ զոշաքաղությամբ, պոռնկությամբ ապականված մի ձեռք» («Երկու տող»)

2. Գ. Այվազովսկին «Օսմանյան պատմության» մեջ հայոց ազգը հերձվածող է կպոռա, ու հետո կելլե կըսե, թե առանց իր կամքին վանքը ավելցուցեր է այն կտորները» («Նամակ»)։

«Պ. Այվազովսքին «Օսմանյան պատմության» մեջ Հայոց ազգը հերձվածող է գանչում»։

Այդտեղ նա մեղավոր չէ. առանց նորա կամքին, վանքը հավելացուցել է այդ էջերը» («Երկու տող»)։ 

3. Գ. Այվազովսքին «մեր եկեղեցվույն գիրկը դիմելեն ետքը տպագրած «Վարդապետարանին մէջ հայոց եկեղեցվո վարդապետության դեմ կխոսի, ու հետո անամոթաբար կըսե, թե տպագրության սխալներ են անոնք» («Նամակ»)

«Քրիստոնեական հավատո «Վարդապետարանի» մեջ, պ. Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության։

Տպագրության սխալանք են. գրաշարը շարադրել է այն բոլոր կտորները» («Երկու տող»)։

4. Գ. Այվազովսկին «յուր այնքան տարվան բարեկամը ու հոր տեղ դրած ծերունին, Թեոդորյան Սարգիս վարդապետը, մինչդեռ նա Հռովմա եւ ս. Ղազարու վանքին դեմ պատերազմելով կպաշտպաներ զինքը, ինքը նույն միջոցին լրտեսական թղթեր կգրե աբբային. սոսկալի զրպարտություններ բարդելով անոր վրա... Իսկ այն սարսափելի զրպարտությունները անշուշտ իրեն ծայրահեղ փառասիրությանը հնազանդելով, որպեսզի ինքն ալ անոր տեղը անցնի» («Նամակ»)։ 

Գ. Այվազովսքին հայտարարում էր «թե հ. Սարգիսը յուր վերա շարժեց վանքի բարկությունը, պ. Այվազովսքիի տպագրությամբ անըստգտանելի հռչակված հ. Սարգիսը, մինչդեռ պատերազմում էր պ. Այվազովսքիի օգտի համար, սա գրում էր Աբբային... նամակներ... », «Վ. հ. Սարգիսը յուր պաշտոնից ձգելու համար, պ. Այվազովսքին գրում էր Աբբային լրտեսական նամակներ («Երկու տող»)։

Ուշագրավ է մի հանգամանք. Գ. Այվազովսկու՝ Սարգիս Թեոդորյանի նկատմամբ թույլ տրված խարդավանքների նկարագրության ընթացքում տողատակում գրված է հետեւյալ բացատրությունը, «Թող չսրդողի եթե մենք ալ այս գործողությունը Եզոպոսի սառած օձին ու բարձր գյուղացույն առակը իրեն շատ հարմար տեսնենք»։ Այդ նույն  առակը, նույնանման իրադրության պայմաններում օգտագործված է նաեւ «Հռոմեական նամակում», «Խորհրդական անդամը» գլխում նկարագրվում է մի հոգեւորական, որը իր բնավորությամբ, բարոյական կերպարով, արարքներով հիշեցնում է Գաբրիել Այվազովսկուն: Ինչպես վերջինս, նա նույնպես տեղացի չէ, այլ «եկավոր է», «խորամանկ», «անբարոյական», «նենգ հոգի», «դժոխային կիրք», «կեղծավոր», «չարախոս», «բավականին արծաթի տեր դարձավ անգոսնելի ճանապարհով» եւ այլն, եւ այլն։ Եվ ի մի բերելով իր ասածները այդ հոգեւորականի մասին, «Հռոմեական նամակի» հեղինակը նկատում է. «Ահա այս է Եզովբոսյան սառած օձի եւ երախտավոր մարդու առակի միտքը, որ այնքան իմաստությամբ է ասած» (տե՛ս սույն հրատ. հ. III, էջ 3-801)։

«Մեղուի» խմբագրին ուղարկված «Նամակը» գրված է «Հռոմեական նամակից» մի քանի ամիս անց։ Եթե առաջին դեպքում հոգեւորականի կերպարը տրված է քողարկված ձեւով (քանի որ «Հռոմեական նամակը» նախատեսված էր գրաքննության ենթակա «Հյուսիսափայլում» տպագրելու համար), ապա «Նամակում», որը պիտի հրապարակվեր արտասահմանում, այն ներկայացված է շատ ավելի բացորոշ (ինչպես եւ «Երկու տողում»)։

«Մեղուի» խմբագրին ուղարկված «Նամակում», Գ. Այվազովսկու «խարդախությունների ու չարագործությունների շարքում դրված է «եկեղեցին կողոպտող մը» մեղադրանքը: Այս խնդրի շուրջ Նալբանդյանը Այվազովսկու դեմ երկարատեւ պատերազմ էր մղում, սկսած իր հայտնի «Նամակ առ հրատարակողը» հոդվածից (11 հոկտեմբերի 1858 թ. ), որը հրատարակվել էր «Հյուսիսափայլում» (1858, 11) եւ առիթ ծառայել Այվազովսկու՝ «Հյուսիսափայլի» դեմ ուղղված մատնագրերին եւ հալածանքներին: Այս մասին մանրամասն խոսվում է «Երկու տողում»։ Ավարտելով Այվազովսկու կատարած հանցանքների ցանկը, «Նամակի» հեղինակը գրում է. «Բայց կհուսամք, որ օր մը... պատիվ կունենանք... ալ ավելի ըսել իրեն... »։ Եվ նա կատարեց իր խոստումը «Մեղու»-ի էջերում երկու տարի անց հրապարակելով իր «Կտոր մը Այվազովսքիաբանություն» պամֆլետը, դրանով ավարտելով այդ հետադիմական կղերի «դիմանկարը»:

«Արգո խմբագիր «Մեղու» հանդեսի» հոդվածը գրված է պամֆլետի ոճով, որ շատ հատկանշական է Նալբանդյանի մարտական հրապարակախոսության համար: Այնտեղ մենք հանդիպում ենք նույն ոճական հնարանքներին, որոնք օգտագործված են նրա մյուս պամֆլետների մեջ։ Կուզեինք նշել մասնավորապես նախադասության սկզբի բառերի բազմակի կրկնությունները, որը մեծ թափ է հաղորդում մտքին. --«Այս, այն մարդն է, որ... », «այս այն քահանան է, որ... », «այս այն եկեղեցականն է, որ... », «այս այն որդին է, որ... », «Վերջապես, այս այն հավատարիմ գործակատարն ու արբանյակն է, որ... » («Նամակ»)։ Համեմատության համար բերենք մի երկու հատված «Երկու տողից»

«Այս «Վարդապետարանն էր, որ Ռուսիո ներքին գործոց... »

«Այս «Վարդապետարանն էր, որի վերա... », «Այս Վարդապետարանն էր դարձյալ, որ... » 

Այժմ մի քանի տող «Հռոմեական նամակից»

«Այն պապին, որի խոհեմության վերա», «այն պապին, որ մոռացության տալով... », «այն պապին, որ անբախտ Հռոմի... », «այն պապին, որ Հռոմի նախկին իրավունքը... »

«Նամակում» օգտագործված են բոլոր այն երգիծական զենքերը, որը կային Նալբանդյանիզինանոցում, սուր իրոնիան, կծու սարկազմը, ոչնչացնող ծաղրը, չքողարկված ծիծաղը եւ այլն, որոնք նրա մերկացումներին մեծ ուժ ու զորություն էին հաղորդում։

«Նամակը» ներծծված է Նալբանդյանի գաղափարների եւ մտքերի ոգով, որոնք հուզել են նրան իր ողջ կյանքի ընթացքում։ Այն առաջին հերթին հակակղերական ստեղծագործություն է, որը անարգանքի սյունին է գամում հետադեմ հոգեւորականությանը, որը դարերի ընթացքում ձգտել է պահել ժողովրդին խավարի, տգիտության ու հնազանդության մեջ, արգելակել հասարակական առաջընթացը։ «Անցան գնացին այն ժամանակները, երբ մարդիկ կուրորեն հավատք կընծայեին հոգեւորականաց կեղծ ու պատիր խոսքերուն, կխաբվեին անոնց խարդախամիտ խոստմունքներեն, կհամբուրեին անոնց չարագործ ու պիղծ ձեռքերը, կսարսափեին անոնց այլանդակ նզովքներեն»: Այստեղ «Նամակի» հեղինակը վկայակոչում է «ֆրանսիական հեղափոխության պատմությունը», «թե ինչպես այն ճնշյալ ու հարստահարյալ ժողովուրդը մեկ սիրտ մեկ հոգի եղած խզեր քակեր է ստրկության ծանրաշարժ շղթան. բնաջինջ ըրեր է բռնակալության դաժան ոգին եւ զգեցեր է անձնիշխանությանը, հոգվո եւ մտաց ազատությանը»:

Այս, ըստ էության, իրականության հեղափոխական վերափոխման մի կոչ էր, որը դրանից առաջ պարզորոշ հնչել էր «Երկու տողում»

Էջ 100, տ. 4, “Laisser ie crime en paix, c’est s’en rendre complice”

Crebillon–

«Ոճրագործությունը չհետապնդել, նշանակում է դառնալ ոճրագործության գործակից»

Կրեբիյոն.

Թեւավոր խոսքը պատկանում է ֆրանսիացի դրամատուրգ եւ ֆրանսիական ակադեմիայի անդամ Պրոսպեր դե Կրեբիյոնին (1674–1762)։

Էջ 101, տ. 23. «Եվ նախ ուրախությամբ սրտի իմացանք, որ ազգին վրա ունեցած սերերնիդ մեկ կողմեն, ուրիշ կողմանե ալ ձեր բարեկամաց ստիպմունքը... »– Ակնարկը վերաբերում է «Մեղուի» 1862 թ. հունվարի 10-ի 149-ում տպագրված «Հայտարարություն» առաջնորդող հոդվածի հետեւյալ տողերին. «Բայց մեկ կողմեն մեր բարեկամներուն ստիպումը եւ մյուս կողմեն մեր անկեղծ սերը ազգային առաջադիմության վրա հաղթեցին մեր որոշմանը: Մեր բարեկամները, որոնք կսիրենք, կհարգենք եւ կպատվասիրենք՝ զի Ազգին բարեկամներն են, մեր որոշումը ցավալի գտան եւ կխնդրեին, որ տակավին շարունակենք մեր խմբագրությունը՝ վստահանալով ապագային բերմանցը»

  Էջ 103, տ. 4. «Սակայն առիթ առնելով «Մեղուիդ» 149-րդ թվույն մեզ Նոր Նախիջեւանի տեր Պողոս քահանային դեմ հրատարակած նամակը»– Հիշյալ նամակը, որը ամբաստանում է Ն. Նախիջեւանի քահանա Պողոս Ստեփանոսյանին իր ծխականներին գողություն սովորեցնելու, ինչպես նաեւ մեղադրում նրան անբարոյական արարքների մեջ, տպագրված է «Մեղուի» 1862 թ. հունվարի 10 149-ում առանց ստորագրության։

      Նկարագրելով տեր Պողոսի անվայել վարքագիծը, հոդվածագիրը մեղադրում է վիճակի առաջնորդ Գաբրիել Այվազովսկուն, որ փոխանակ պատժելու անբարոյական քահանային, բավարարվել է նրան միայն առժամանակ զրկել քահանայագործելուց. «Ընթերցողք այս եղելության վրա բավական խնդալեն ետքը անշուշտ պիտի հարցնեն իրարու, թե այն տեղին առաջնորդն ո՞վ է եւ պիտի ուզեն իմանալ, թե ի՞նչ պատիժ տրված է այս քահանային:

Այվազովսքի Գաբրիել վարդապետն է եւ լսածին պես այս գործը, սոսկալի, սարսափելի, ահռելի պատիժ մը տված է քահանային. պատիժ մը, որ գործադրված օրը երկիրս անգամ սարսեցավ... գետնաշարժեն։ Առժամանակյա կերպով տերտերին փիլո՜նը առավ... Կերեւա որ Գաբրիել վարդապետը ի պատիվ մարդկության Տեր Պողոսը չուզեց պատժել, հապա անոր քահանայությանը, այսինքն փիլոնը․ ըստ որում մարդը չէր այն մեղքը գործողը, հապա քահանայությունը, ուստի եւ փիլոնը բանտարկել տվավ առժամանակյա կերպով»։

Քանի որ նամակում բերված փաստերը համընկնում են Մ. Նալբանդյանի «Երկու տող»-ում Պողոս Միքայելյան վարդապետի կատարած հանցագործությունների եւ նրան տրված պատժաձեւի հետ, ինչպես նաեւ «տիրացու» Հռիփսիմեի տեր Հարությունի գործի հետ, ուստի Սվաճյանը Ն. Նախիջեւանից ուղարկած հոդվածը տպագրել էր, համարելով այն մեկ այլ փաստ հոգեւորականության դեմ «Մեղուի» եւ Նալբանդյանի մղած համատեղ պայքարի համար:

Էջ 103, տ. 12. «... այն նամակը գրվելուն գրավոր շարժառիթը, որպես եւ գլխավոր հանցավորը Շաբշնիքյան Եղիա քահանան կճանչնանք»– Ն. Նախիջեւանի Ավագ քահանա Շապոշնիկյանը հայտնի էր իր խառնակիչ բնավորությամբ։ Հանդիսանում էր Խալիբյան-Այվազովսկի խմբակցության գործուն անդամներից մեկը, նրանց ուղարկած լրտեսագրերի հորինողն ու առաքողը։ Դեռեւս 1852 թ. կռվելով Միքայել Նալբանդյանի հետ, ամբաստանություններ ու բողոքներ էր գրել նրա մասին Նախիջեւանի վիճակային կոնսիստորիա (տե՛ս Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, վավ. 1344)։ Հայտնի էին նրա լրտեսագրերը Գաբրիել Պատկանյանի՝ 1851 թ. օրացույցի մեջ կայսերական ընտանիքի անդամների տոների ամսաթվերի ոչ ճիշտ լինելու մասին: Հետագայում մեծ մասնակցություն է ցուցաբերել Նալբանդյանի հուղարկավորության մասին ոստիկանության գերատեսչությանը լրտեսագրեր գրելու գործում. «Խալիբից զատ, գրում է Աշոտ Հովհաննիսյանը իր «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» գրքում, գաղտնի ոստիկանության հետ հարաբերության մեջ էր նաեւ քաղաքի տերտերներից մեկը՝ Եղիա Շապշնիկյանը . Հովնաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, Ե., 1986, էջ 577)։

1870-ական թթ. Ռափայել Պատկանյանը հետեւյալ կերպ է բնութագրել նրան իր նամակներից մեկում. «... Մի տեր Եղիա Շափշնիկով ունինք, որ ո՛չ Նախիջեւան, այդ Հյուսիսային Ամերիկայի բոլոր Միացյալ Նահանգներ կկործանե վասն զբոսանաց... Ցավը այն չէ՛, որ նա չարագործ է, այլ ցավը այն է, որ նորան այստեղի լավ, խելոք, մեծատուն մարդիկ «խելոք մարդ» են ճանաչում, խրատները լսում են, խորհուրդները կատարում են... » (տե՛ս Ռ. Պատկանյան, ԵԺ, Ե., 1970, հ․VI, էջ 374)։ 

Էջ 103, տ. 15. «... Եվ, նախ նամակին մեջ պատմված առաջին անցքին վրա խոսելով... »- Հիշյալ նամակի պատմած անցքը հետեւյալն է. «Օր մը ասոր ծուխերեն մեկը խոստովանելու կերթա ու իր թշվառ վիճակը իմացնելով անոր, կխնդրե որ օգնություն մը ընե իրեն՝ ժամը ծանուցում մը ընելով ու գանձանակ պտտեցնել տալով: Մեր աղվորիկ Տերտերաճանը խրատ կուտա որ գողություն ընե ու ապրի... Գիշերր իր դրացիին կառքն ու ձին փոխ կառնե, կերթա շիտակ տերտերին տունը. համբարը կմտնե ու պարկերով ալյուր, տակառով եղ, վերջապես իր տունին ձմռան պաշարը ամբողջ կառնե կառքը կլեցնե ու տուն կբերե։ Տերպապանիս առտուն կելլե ու իր տունը գող մտած ըլլալն իմանալով շիտակ դատավորին կվազե, հոն իրեն կհարցվի թէ որմէ՞ կասկած ունի։ Տերտերը իր այն խոստովանորդիեն կասկած կցուցանե։ Մարդը հոն կբերեն, որ ամեն բան կխոստովանի։ Դատավորը հելալ ըլլու քեզի, կըսե գողացածներդ... Քահանան ալ փառավոր խայտառակությամբ տեղը կդարձնե»։

  Էջ 103, տ. 31. «... այն քահանային կըսեմ, որ Պատկանյանց տեր Գաբրիելին դեմ քահանայից կողմեն ու Այվազովսքիին թելադրությամբ թղթին չուզեց ստորագրել»–1860 թ. մարտի 22-ին ազատված լինելով Ռոստովի բանտից եւ նույն թվի օգոստոսի 3-ին զրկված քահանայագործությունից, Գաբրիել Պատկանյանը փորձ կատարեց մասնավոր դասերով ապահովել իր գոյությունը Ն. Նախիջեւանում։ Սակայն Խալիբյանը թշնամաբար տրամադրելով նրա դեմ Բեսարաբիայի թեմի նոր առաջնորդ Գաբրիել Այվազովսկուն, հորդորեց վերջինիս խնդրագիր ներկայացնելու ներքին գործերի մինիստր Լանսկոյին՝ Գաբրիել Պատկանյանին իր թեմից հեռացնելու մասին: Սեպտեմբերի 20-ին Ն. Նախիջեւանի 13 հոգեւորականների ստորագրությամբ մի դիմում է ներկայացվում Այվազովսկուն՝ Գ. Պատկանյանին քաղաքից վտարելու մասին։

Էջ 103, պետիտ, տ. 1. «Այս քահանային վրա կատարած անիրավությունները թողուցի անձամբ պատմել ձեզ»– Դեռեւս 1830-ական թթ. Գաբրիել քհ. Պատկանյանը հասարակական լայն գործունեություն էր սկսել Ն. Նախիջեւանում։ Լինելով հոգեւոր գործերի քարտուղար, նա առաջինն էր նկատել եկեղեցական գումարների չարաշահման փաստը եւ հարց բարձրացրել հաշվետվության վերաբերյալ, խոշոր բախումներ ունենալով ինչպես եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքի իշխանությունների հետ: Դառնալով քաղաքում բորբոքված Հայրապետյան-Խալիբյան պայքարի պարագլուխներից մեկը, Հայրապետյան կուսակցության կողմից նա 1850-ական թթ. սկզբներին անհաշտ պայքար էր սկսել կաթողիկոս Ներսես Աշտարակեցու, Սարգիս Ջալալյանի եւ քաղաքագլուխ Հարություն Խալիբյանի դեմ: Սակայն շուտով նրա հակառակորդներին հաջողվեց 1853 թ. օգոստոսի 10-ին Խալիբյանի դեմ մահափորձ կատարելու կեղծ մեղադրանքով, ինչպես նաեւ կեղծ դրամ կտրող Կրուտիկովի հետ առնչություններ ունենալու եւ այլ հնարովի «մեղքերի» պատճառով, նրան ձերբակալել Ռոստովի բանտում: Գործը Ռոստովի գավառական դատարանում քննվելուց հետո անցնում է Եկատերինոսլավի դատական պալատը, եւ երկու տեղում էլ վճռվում է հօգուտ Պատկանյանի: Խալիբյանը դժգոհ մնալով այս վճիռներից, գործը փոխադրում է Պետերբուրգ՝ Սենատի քննությանը, որը 1857 թ. դեկտեմբերի 17-ին փոխելով Եկատերինոսլավի դատական պալատի քրեական բաժնի վճիռը, որոշում է մեղավոր ճանաչել Պատկանյանին միմիայն Խալիբյանի կյանքի դեմ սպանության փորձ կատարելում եւ դատապարտել աքսորի՝ Սիբիր, նախապես զրկելով նրան ամեն իրավունքից։ Գ. Պատկանյանի կողմնակիցներին հաջողվում է գործը Սենատից փոխադրել պետական խորհուրդ, ուր 1859 թ. դեկտեմբերի 7-ին իշխան Օռլովի նախագահությամբ կայացած նիստում որոշվում է փոխել Սենատի վճիռը, քահանային թողնել խիստ կասկածանքի տակ եւ ենթարկել հոգեւոր իշխանության հսկողությանը: Սակայն երբ վճիռը ներկայացվում է թագավորին, նա մակագրում է գործի վրա. «եթե նա այդքան ծանր հանցանքի համար մնում է խիստ կասկածանքի տակ, պետք է ուրեմն զրկվի քահանայությունից»։ 1860 թ., 7 տարի բանտում մնալուց հետո, Գաբրիել քահանային ազատում են եւ կարգազուրկ անելուց հետո՝ թույլ տալիս որպես աշխարհական մնալ Ն․ Նախիջեւանում: Բայց, ժամանակ անց, Գաբրիել Այվազովսկու եւ Հարություն Խալիբյանի ջանքերով, 1861 թ. հուլիսին, առանց մեղադրանքի ներկայացման, Գ. Պատկանյանը աքսորվում է Վյատկա՝ ցմահ բնակության: Նույն թվականի դեկտեմբերին հաջողվում է նրան տեղափոխել Կոստրոմա, ուր մնում է մինչեւ 1863 թ. օգոստոսը։

Էջ 104, տ. 2. «... թեպետ եւ վերջապես Գաբրիել վարդապետին շանթաձիգ սպառնալիքներեն ստիպված՝ բռնի կստորագրե... »

Իսկապես, հիշյալ դիմումի տակ ստորագրած 12 հոգեւորականների անուններից ամենավերջինը Պողոս Ստեփանոսյանինն է (տե՛ս Մատենադարան, Ա. Հովհաննիսյանի դիվան, թղթ. 243, վավ. 145 եւ Ռ. Պատկանյան, ԵԺ, հ. VI, էջ 624)։

Էջ 104, տ. 6. «... ինչպես Գաբրիել վարդապետը դժոխաց արժանի որդի կըտեսնե» Մխիթարյան միաբանության աբբան, որ միաբաններին մեկուն, իրեն խղճմտանաց եւ համոզմանը հակառակ գրված թղթի մը ստորագրել չուզելուն... »– Ակնարկը վերաբերում է «Յայտարարութիւն անցից Մուրատեան վարժարանին» գրքի մեջ բերված հետեւյալ հատվածին, որտեղ քննադատելով աբբահայր Գեւորգ Հյուրմյուզյանին, Այվազովսկին գրել է. - «ո՞չ ապաքեն այս այն մեծավորն է, որ անցյալ տարի երբ իր վանականներեն մեկը չէր ուզած ստորագրել Հռովմա Աթոռոյն տրվելու Հայտարարության, ըսելով թե «Խղճմտանքս թող չի տար որ Միաբանությանս դատապարտեմ», այս Գ. Հյուրմյուզյանը կըսեմ, աղաղակեր է անոր երեսին, թե «փսխեմ խղճմտանքիդ մեջ»: Ո՜վ սարսափելի հայհոյություն։ («Հայտարարություն անցից Մուրատեան վարժարանին», Փարիզ, 1855, էջ 151–52)։

Էջ 107, տ. 25. «... եթե կուզե, որ օր մը Այվազովսքին Բեկնազարյանցին նման սրբոց կարգը դասե զինքը... »– Իր «Նամակ առ հրատարակողը» հոդվածում («Հյուսիսափայլ», 1858, 11) Բեկնազարյան Հովհաննես վարդապետի մասին Նալբանդյանը պատմում է հետեւյալը. երբ 1835 թ. Ն. Նախիջեւանի հասարակությունը կրկին խնդիր է տալիս վիճակի առաջնորդ Մատթեոս Վեհապետյանին, Խալիբյանից պահանջելու եկեղեցական գումարների հաշվետվությունը եւ գումարները, Ներսես Աշտարակեցին ի հեճուկս առաջնորդի, կարգադրում է նրան 1848 թ. հետո գոյացած գումարն էլ հանձնել  Խալիբյանին, քանի որ ինքը պատրաստվում է նրա հետ տեսնել ընդհանուր հաշիվ. «թեմական ատյանը, որ այն միջոցին գտնվում էր Բեկնազարյան Հովհաննես վարդապետի ազդեցության եւ կառավարության տակ, այն վարդապետի, որ խաչի էր սպասում Ներսես կաթողիկոսից Սարգիս վարդապետի եւ նորա տիրացուի բարեխոսությամբ, ինչպես ինքը կաթողիկոսը գրեց այդ խաչը տալով, իսկույն տնօրինեց ուղարկել յուր մոտ գտանված թղթերը գանձարանի եւ արծաթքը, այլեւ առաջարկեց առաջնորդին, որ սա եւս հասուցանե պ. Խալիբյանցին այն արծաթքը եւ գանձարանի տոմսակները, որ գտնվում էին նորա մոտ» (տե՛ս սույն հրատարակություն, հ. II, էջ 330)։ 

Հավանորեն իր այս արարքի համար Գաբրիել Այվազովսկին նրան հետագայում հատուկ շնորհակալություն է հայտնել։

Էջ 108, տ. 6. «... ազգուրաց մը, որ Օսմանյան պատմության մեջ Հայոց ազգը հերձվածող է կպոռա)- Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 32, տ. 10. ծանոթագրությունը։

Էջ 108, տ. 10. «... որ մեր եկեղեցույն գիրկը դիմելեն ետքը տպագրած Վարդապետարանին մեջ... ու հետո անամոթաբար կըսե թե տպագրական սխալներ են անոնք»–Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 32, տ. 19. ծանոթագրությունը։ 

  Էջ 108, տ. 26. «... ինքը նույն միջոցին լրտեսական թղթեր կգրե աբբային... » - Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 27, պետիտ, տ. 8. ծանոթագրությունը: