Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՐԻՏԻԿԱ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅԱՆ (ՀԱՏՎԱԾ)

(էջ 247)

Ինքնագիրը չի պահպանվել: Գրվել է 1863 թ. Պետրոպավլովյան բերդում: Առաջին անգամ լույս է ընծայվել «Հանդես գրականական եւ պատմական», 1890, գիրք 3, էջ 322–352:

Այնուհետեւ մտել է ԵԼԺ III հատորը (1940):

Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել առաջին տպագրությանը

«Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» հոդվածի առաջին տարբերակը գտնվելիս է եղել Միքայել Նալբանդյանի մոտ: Նրա մահվանից հետո այն անցել է ձեռքից ձեռք եւ վերջապես ազգականներից մեկի կողմից լույս է ընծայվել միայն նրա պահպանված պատառիկը: Իսկ ինչ վերաբերում է վերջնական տարբերակին, ապա այն ուղարկվել էր III բաժանմունք, որտեղ եւ մնացել էր Նալբանդյանի քննչական թղթերում:

Ինչպես ճիշտ նկատել է Աշոտ Հովհաննիսյանը. «Սոս եւ Վարդիթերին» նվիրված Նալբանդյանի հոդվածի առաջին տարբերակը գրված է նրա «Աշխարհաբարի քերականություն» աշխատության կապակցությամբ, երբ նա լուրջ կերպով զբաղված էր լեզվաբանական հարցերով եւ նրան հետաքրքրում էին տեղական բարբառներով գրված գրական ստեղծագործությունները (տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, Եր. –Մ., 1935, էջ 633–634)

1863 թ. ապրիլի 8-ին եղբորը գրած նամակում Նալբանդյանը հայտնում է, որ մտադիր է գրել «Մեր լեզվի արմատական բարեփոխության մի փորձ» վերնագրով աշխատություն, իսկ ապրիլի 12-ին գրած նամակում խնդրում է իրեն ուղարկել Գ. Ախվերդյանի հրատարակած Սայաթ-Նովայի երգարանը, ինչպես նաեւ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» եւ Պ. Պռոշյանի «Սոս եւ Վարդիթերը» (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, էջ 189–190, 194): Հենց այս երկու վեպերն էլ հիմնական նյութ են ծառայել Նալբանդյանի լեզվաբանական դատողությունների համար՝ նրա հոդվածի առաջին տարբերակում:

Դատելով մեզ հասած պատառիկից, «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթեր»-ի առաջին տարբերակը գրվել է հիշյալ քերականական աշխատության հետ միաժամանակ: Անդրադառնալով «Նոր լեզվի համազգային միության հարցերին, Նալբանդյանը նշում է. «Մենք շատ փաստեր հավաքած ենք այս դրությունը պաշտպանելու համար, բայց այստեղ (այսինքն՝ այդ հոդվածում խմբ. ) անհարմար է ասպարեզ բանալ. ուրիշ ժամանակ մի առանձին գործով կհրատարակենք մեր տեսությունը նոր լեզվի մշակության մասին, եթե միայն աջողվի մեզ կատարելագործել այդ ձեռքկապ աշխատությունը»: Աշխատանքի ընթացքում Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ինքը եւս զգացել է, որ Պ. Պռոշյանի վեպին նվիրված հոդվածը ստանում է հիմնականում լեզվաբանական թեքում: Այսպես, խոսելով «նոր լեզվի մեջ վեց հոլովմունքի մասին», նա տալիս է հետեւյալ ծանոթությունը. «Այս բոլոր հոլովմունքը մանրամասն եւ իրենց խոտորմունքներով եւ բացատրություններով ավանդելը քերականության գործն է եւ մեր ներկա քննության մեջ տեղ չունի. ապա թե ոչ մեր հատվածը բնավ չի վերջանալ»: Միեւնույն ժամանակ Նալբանդյանը զգում էր, որ «Սաս եւ Վարդիթեր» վեպը, ինչպես հայ նոր գրականության եւ գեղագիտության մի նոր երեւույթ, պահանջում է առանձին խոսակցություն

Հենց այդ իսկ պատճառով նա նորից է գրի առնում իր հոդվածը, իսկ առաջին տարբերակը թողնում ինչպես նյութ իր տեսական, լեզվաբանական աշխատության համար:

Վերջնական տարբերակում Նալբանդյանը թողնում է Պռոշյանի լեզվի ու ոճի հարցերին նվիրված որոշ հատվածներ, բայց դրան ենթարկված են «Սոս եւ Վարդիթեր» վեպը, որպես ամբողջական գեղարվեստական երեւույթ տեսնելու խնդրին եւ դուրս չեն գալիս սովորական քննադատական հոդվածի սահմաններից:

Այսպիսով, «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» հոդվածի պատառիկը պետք է դիտել ինչպես լեզվաբանական աշխատություն Նալբանդյանի նմանօրինակ աշխատությունների ու դատողությունների շարքում: Մեզ հասած պատառիկում հեղինակը անդրադառնում է այնպիսի կարեւորագույն հարցերի, որոնք միշտ եղել են նրա տեսադաշտում լեզվաբանական հարցեր քննելիս՝ համազգային գրական լեզվի ընտրության գործում բարբառների ունեցած դերը, հայ նոր եւ հին լեզուների համադրությունը, մայրենի եւ օտար լեզուների փոխհարաբերությունը եւ այլն

Աշխարհաբարի զարգացումը դիտելով ինչպես ժողովրդի կենդանի խոսակցական լեզվի վրա հիմնված բնական պրոցես, որը չի հանդուրժում արհեստական միջամտություններ, Նալբանդյանը զգուշացնում է այս կամ այն բարբառին ստրկորեն ենթարկվելու վտանգից, որոնք, իր կարծիքով, «պիտի ընկնեն ճարտարապետ հեղինակների քուրայի մեջ եւ այնտեղ հալվելով եւ քիմիաբար (ֆիզիկաբար ո՛չ) միանալով պիտի դուրս գան ոչ որպես թլպատություն կամ անթլպատություն, այլ որպես նոր արարած»: Բայց ամենից ավելի նա ծառանում էր «հին լեզվի կեղեւին ստրկանալու» դեմ: Դիմելով նրանց, ովքեր կողմ էին դրան, Նալբանդյանը գրում էր. «…այն բարձրաստիճան պատվանդաններից իջեք հասարակ ժողովրդի մեջ: Հին լեզվի կարկատանները այնքան հարմարություն ունեին նոր լեզվին, որքան խաչը Աթենասին, որ Սիքստոս հինգերորդը տվեց Աթենասի արձանի ձեռքը, խլելով նորա նիզակը»:

Այս բառերում Նալբանդյանն է իր ամբողջ հասակով՝ ժողովրդական լեզվի կրքոտ պաշտպանությամբ, իր տեսակետի ճշմարտության խորին համոզվածությամբ, հնին կառչածների նկատմամբ անողոք ծաղրով

Այս մասին տե՛ս նաեւ «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթեր» հոդվածի կոմենտարում

Էջ 259, տ. 1. «Ավետիքյան հ. Գաբրիել ականավոր քերականը, սորանից հիսուն տարի առաջ խոստովանել է իր ընտիր քերականության մեջ, նոր լեզվի սեփական ուղղության իրավունքը» 1815 թ. Վենետիկում լույս ընծայած «Քերականութիւն հայկական, նորոգ քննութեամբ եւ կարգաւ» աշխատության առաջաբանում Գաբրիել Ավետիքյանը գրում է. «Բայց արդ՝ միթէ ածի՞ հասուցի՞ արդեօք սովիմբ այսու ի ծայր քերթողականին՝ որ ինչ հայախօս լեզուի են ձիրք եւ յատկութիւն բովանդակաբար. նա թէ ոք զնախադուռն եւեթ հայկաբանութենե ցուցանել՝ զիս վարկանիցի. ոչինչ դժուարանամ անգոսնօղ մտօք, այլ իրաւունս եւս խոստովանիմ առ այլովք անբաւ տեղեկութեամբք որոց պատճառս ետու առուգագոյն բանաքննաց ի խնդիր ելանել, անձանձրույթ՝ եւ ոչ վերիվերոյ դեգերանօք հետազօտեալ զխորշս գրոց» (էջ  զ, է):

Էջ 267, տ. 7. «Ասես թէ լուսահոգի Խառապաճին Կըկռիկյանի հետ է կռվում» Նալբանդյանը նկատի ունի «Ընծա» խորագրով գրքույկի հեղինակ Գրիգոր վարդապետ  Խառապաճի Կարապետյանի առանձին թերթիկով հրատարակած այն ընդդիմախոսությունը, որ նա գրել է ի պատասխան թոռնակ Կըկռիկյանի փայլուն երգիծական գործի՝  «Ընդունելություն ընծայի»: Թերթիկի լրիվ վերնագիրն է՝ «Թ. Կըկռիկյան եւ իր Մանտալ, Ծուռբերան, Թացվարտիկ, Անօրենք եւ այլն թղթակիցներուն պատասխանի», Փարիզ, 1857

Էջ 271, տ. 30. «Մինչեւ որ Սալլանթյանց Միքայել եպիսկոպոսը…» Նկատի ունի Միքայել վարդապետ Սալլանթյանի «Քերականութիւն գրաբար լեզուիս Հայոց» (Մոսկվա, 1827) գրքի 13-րդ էջում, Բ գլխում «Յաղագս անուան» բաժինը, ուր հեղինակը գրում է. «Իսկ առաքական անուն կոչին այնք, որք նշանակեն զիրս վերացեալս… եւ ամենայն արմատք բայից. եւս եւ բառք՝ որք ի վերջոյ ունին կցեալ զմի ի մասնկանցս իւն, ութիւն, ումն, ունդ. ուստ, անք, ուած…»