Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԷԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 

(էջ 7) 

Տպագրուել է՝ «Հիւսիսափայլ»‚ 1858‚ N 4-10‚ 1859‚ N 1‚ 2‚ 8‚ 9‚ 11 եւ 1860‚ N 5‚ 6‚ «Յիշատակարան. Կոմս Էմմանուէլի օրագրական թերթերից» խորագրով։ Որոշ հատուածներ արտատպուել են Յ. Սուաճեանի «Մեղուի» էջերում‚ «Կոմս Էմմանուէլի օրագրութեան յիշատակարանէն» խորագրով (տե՛ս «Մեղու»‚ 1860‚ N 86‚ 101‚ 109)։ Ձեռագիրը չի պահպանուել։ «Յիշատակարանը» տեղ է գտել նաեւ Նալբանդեանի երկերի հետագայ բոլոր հրատարակութիւններում: Սոյն հատորում արտատպւում է «Հիւսիսափայլից ու 

Միքայէլ Նալբանդեանի այս երկը նրա հրապարակախօսական գործունէութեան երկրորդ փուլի՝ հիւսիսափայլեան շրջանի բացառիկ կարեւոր էջերից է‚ որի մէջ իրենց գեղարուեստական արտացոլումն են գտել XIX դարի 60-ական թուականների հայ հասարակական կեանքի ամենաբազմազան երեւոյթները։ «Յիշատակարանի» ծնունդը՝ իբրեւ գրական նոր ժանրի ստեղծագործութեան‚ կապւում է «Հիւսիսափայլի» հրատարակութեան‚ ժամանակի առաջադէմ գործիչների գաղափարական պայքարի հետ՝ կղերաֆէոդալական հոսանքի ուժերի դէմ։ 

«Հիւսիսափայլի» խմբագրութիւնը հանդէս էր գալիս 60-ական թթ. հայ լուսաւորականութեան հիմնական պահանջներով‚ որոնք յանգում էին հայ նոր գրական լեզուի ձեւաւորմանը եւ գրականութեան աշխարհականացմանը‚ հայ ժողովրդի լուսաւորութեանը‚ արեւելահայ կեանքի եւրոպականացման անհրաժեշտութեանը։ 1858 թ. լոյս է տեսնում «ընդհանուր ազգային լուսաւորութեան եւ դաստիարակութեան» օրգան «Հիւսիսափայլի» առաջին համարը‚ որի բնաբանը պատկերաւոր խօսքով ազդարարում էր հրատարակիչների լուսաւորական ծրագիրը. «Այսուհետեւ ոչինչ եգիպտոսեան խորամանկ քուրմեր‚ որ կամէին լինել գիտութեան միայնակ պահապանքը‚ այսուհետեւ ոչինչ չինեական պարիսպ‚ որ պիտոյ է փակեր լուսաւոր գաղափարների մուտքը ազգերի մէջ: Այսուհետեւ լոյս եւ ճշմարտութիւն եւ ազատութիւն խաւարի բաբելոնեան գերութիւնից»։ Այդ ծրագիրը ներդաշնակում էր պատմական ժամանակաշրջանի առաջադիմական շարժման‚ լուսաւորականութեան ոգուն‚ որը Ռուսաստանում նոյնպէս արտայայտւում էր իբրեւ լոյսի‚ բանականութեան յաղթանակի‚ եւրոպական քաղաքակրթութեան հաստատման պահանջ‚ ռուս մտաւորականութեանը մղում պայքարի՝ խաւարի‚ յետամնացութեան‚ ֆէոդալական յարաբերութիւնների բոլոր արտայայտութիւնների դէմ։ 1857 թ. արտասահմանում հիմնադրելով իր «Կոլոկոլ» թերթը‚ Ա. Ի. Գերցէնը հետեւեալ կերպ էր ներկայացնում թերթի /353/ ուղղութիւնը: «Ամենուր եւ ամեն ինչում՝ լինել ազատութեան կողմը‚ բռնութեան դէմ. բանականութեան կողմը՝ նախապաշարումների դէմ‚ գիտութեան կողմը՝ մոլեռանդութեան դէմ‚ զարգացող ազգութիւնների կողմը՝ յետամնաց կառավարութիւնների դէմ» («Կոլոկոլ»‚ 1857‚ 3‚ 1‚ 1 յուլիսի‚ էջ 1)։ 

Ռուս առաջաւոր գրականութեան եւ ռուս լուսաւորիչների համար առաջին հարցը‚ որ դրւում էր ամբողջ սրութեամբ՝ ճորտատիրական սիստեմի դէմ պայքարի հարցն էր‚ մի խնդիր‚ որը առաջին տեղն է գրաւում նաեւ «Կոլոկոլի» գործնական ծրագրում։ Հայ լուսաւորական շարժման հիմքում ընկած էին ազգային շահախնդրութիւնները‚ դարաւոր բռնութիւններից եւ եկեղեցական սխոլաստիկ քարոզներից ընդարմացած ազգութեանը ինքնաճանաչութեան հասցնելու եւ ազգային կեանքի զարգացումը հրահրելու նպատակը

«Հիւսիսափայլի» առաջին համարը բաց է Ստեփանոս Նազարեանի «Հայկայ կան լեզուի խորհուրդը» ծրագրային յօդուածով։ Այն‚ ինչ կատարել էր Խաչատուր Աբովեանը մէկեւկէս տասնամեակ դրանից առաջ‚ այժմ գիտական հիմնաւորումով հայ ընթերցողին էր ներկայացնում նրա բարեկամը՝ Նազարեանը։ Աշխարհաբարի քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած հրապարակախօսական այդ յօդուածում‚ որը‚ միաժամանակ‚ ծանրակշիռ գիտական հետազօտութիւն էր‚ Նազարեանը համարձակօրէն կարդում էր իր դարն ապրած գրաբարի դատավճիռը‚ չխնայելով ոչ մի հեղինակութիւն: Սակայն միայն հեղինակութիւնները չէին ընկնում Նազարեանի քննադատութեան կրակի տակ: Յօդուածում հիմնաւորապէս հերքւում էին հայ հասարակութեան մէջ վաղուց արդէն արմատացած «տեսութիւնները»՝ հայ ժողովրդի եւ հայոց լեզուի հնութեան‚ ազնւութեան‚ գրաբարի գործածութեան յաւերժական ժամկէտների մասին։ Այս ոգով էր գրուած եւ նոյն համարում տպագրուած Մ. Նալբանդեանի գրախօսութիւնը՝ Նազարեանի «Հանդէս նոր հայախօսութեան» գրքի մասին

«Հիւսիսափայլի» առաջին իսկ համարը հանդիպում է կղերաֆէոդալական հոսանքին պատկանող հայ պարբերականների դիմադրութեանը։ Ճիշտ է‚ Նազարեանի առաջին աշխատութիւններն արդէն հրապարակի վրայ էին‚ որոնց դէմ մանկավարժ Առաքել Արարատեանը հասցրել էր երկու գրքոյկ հրատարակել‚ բայց ամսագրի խօսքն այլ կշիռ ունէր: Հայ յետադիմական գործիչները հասկանում էին‚ որ «Հիւսիսափայլի» հրապարակախօսութեան շառաւիղները շատ աւելի լայն էին‚ իսկ ներգործուն ուժը՝ անառարկելիօրէն մեծ։ Ուստի եւ նրանք խնամքով նախապատրաստուած մի արշաւանք են կազմակերպում նոր ամսագրի դէմ։ «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Ստեփանոս Մանդինեանն իր վրայ է առնում հայ հասարակութեան իրաւունքների եւ‚ այսպէս կոչուած‚ ազգային սրբութիւնների պաշտպանութեան միսիան ու մի անվերջանալի եւ տաղտուկ բանավէճ սկսում «Հիւսիսափայլի» դէմ: Շուտով նրան է միանում նաեւ «Ճռաքաղ» հանդէսը‚ աւելի ուշ՝ «Մասեաց աղաւնին»։ 

Այդ բանավէճը‚ սակայն չէր յատկանշւում հաւասար ուժերի միջեւ տարուող պայքարի նորմերով: Մանդինեանի‚ նրա թղթակիցների եւ «Ճռաքաղի» գործիչների յօդուածները զուրկ էին գիտական հիմքից եւ տրամաբանութեան տարըական սկզբունքներից: Այդ՝ միմեանց դէմ հանդիման բարձրացած երկու հակադիր աշխարհայեացքների բախումն էր։ Ֆէոդալական մոլեռանդութեան կրող թեւը հանդէս էր գալիս կրօնական դոգմաների եւ աստուածաշնչեան առասպելների վրայ հիմնուած հարցադրումներով‚ դրանցից բխող հետեւութիւններով ու մեղադրանքներով։ 

Հայ լուսաւորիչներն անվարան շարունակում են իրենց հռչակած ծրագրի մասսայականացումը‚ առանց որի իրականացման‚ անհնար պիտի դառնար ժողովրդի մտաւոր վե/354/րածնութեան եւ նրա ազգային-քաղաքական լիարժէք կեանքի ստեղծման կարելիութիւնը։ Այդ նպատակին հասնելու համար բաւական չէր Նազարեանի հրապարակախօսական յօդուածների ազդեցութիւնը ընթերցող հասարակութեան վրայ։ Կենսական այդ պայքարում յաջողութեան հասնելու համար զգացւում էր հրապարակախօսական նոր միջոցների օգտագործում։ Եւ ահա՛ Միքայէլ Նալբանդեանը պայքարի դաշտն է իջնում հրապարակախօսական-գրական ուրոյն ժանրի մի գործով՝ «Յիշատակարանով»‚ որով իրենց հակառակորդներին նա պէտք է խարաներ բանավիճային պայքարի հզօր միջոցներով: «Յիշատակարանն» այս առումով‚ յիրաւի‚ պատմական դեր խաղաց։ Նշանաւոր այդ երկը Նալբանդեանն ստորագրում է Կոմս Էմմանուէլ գրական կեղծանունով‚ որով մինչ այդ՝ «Հիւսիսափայլի» առաջին համարներում‚ արդէն ստորագրել էր չորս բանաստեղծութիւն (Էմմանուէլ՝ եբրայերէն Emmanuel անունից‚ որ նշանակում է «աստուած է մեզ հետ»։ 

Կոմս Էմմանուէլն այստեղ ներկայանում է որպէս նոր ժամանակների լուսաւորականութեան գաղափարները կրող մի գործիչ‚ որը պատրաստւում էր հրապարակային քննութեան առնելու ազգային խնդիրները‚ ծառայելու «ազգի ճշմարիտ օգտին եւ դաստիարակութեանը»: «Յիշատակարանն»‚ այսպիսով‚ մուտք է գործում հայ հասարակական կեանք՝ իբրեւ զաղափարական պայքարի մի հատու զէնք‚ ազգային առաջադիմութեան պաշտպանութեան միջոց: Հետեւողականօրէն արծարծելով ու տարածելով լուսաւորական դեմոկրատական իր գաղափարները‚ Նալբանդեանը հայ ժողովրդին հաղորդակից է դարձնում նոր ժամանակների քաղաքակրթութեան լոյսին‚ բորբոքում նրա ազգային արժանապատւութիւնը

Կոմս Էմմանուէլը հանդէս է գալիս որպէս մեծ հայրենասէր‚ որի համար չկար այլ մի կոչում‚ գործունէութեան այլ ասպարէզ‚ անձնական այլ մի նպատակ‚ քան սեփական ազգի վշտերի ու տառապանքների ամոքումը‚ նրա ազգային-մշակութային կեանքի զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը‚ ի վերջոյ‚ նաեւ ազգի սոցիալական ու քաղաքական ազատութիւնը։ Կոմս Էմմանուէլն այրւում է ազգային կեանքի շահախնդրութիւններով‚ որոնք դարձել են նրա կեանքի իմաստը‚ հոգին‚ ողջ էութիւնը։ Ոչինչ նրան չի գրաւում. ո՛չ եւրոպական մայրաքաղաքների շքեղութիւնը‚ ո՛չ դրանց փառաւոր կեանքը‚ քանի որ մշտապէս նրա աչքի առջեւն են «աւերակ Հայաստանը‚ ցիրուցան ժողովուրդը‚ անդաստիարակ եւ նիւթապաշտութեան ոգով գործականապէս տաշուած ազգի զաւակները» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 134)։ 

XIX դարի 60-ական թթ. հայ լուսաւորիչների գործունէութեան հիմքում ընկած էր ազգի անդամների ընդհանուր լուսաւորութեան ծրագիրը‚ որի անբաժան մասն էր կազմում ազգային դպրոցների ստեղծման գործը։ Թէ՛ Նազարեանը‚ թէ՛ Նալբանդեանը մեծ նշանակութիւն են տուել աշխարհիկ դպրոցների հիմնադրմանը‚ դրանց յաջողութեան առաջին պայմանը համարելով եւրոպական կրթական սիստեմի չափանիշների ընդօրինակումը։ «Յիշատակարանում» Նալբանդեանը բազմիցս անդրադառնում է այս հարցին. վեր է հանում գոյութիւն ունեցող դպրոցների թերութիւնները‚ ամբողջական ծրագրեր մշակում ապագայ ազգային դպրոցների համար։ Սրան զուգընթաց նա մեծ ուշադրութիւն է նուիրում ընտանեկան դաստիարակութեանը եւ կանանց դերին՝ այս հարցում։ 

Կոմս Էմմանուէլը պրոպագանդում է գիտութեան ու մշակութային կեանքի նորոյթները‚ հայ ընթերցողին հաղորդակից դարձնում ժամանակի գիտական մտքի նուաճումներին: Նա ժամանակ է գտնում գնահատելու իր օրերին Ռուսաստանում եւ արտասահմանում տպագրուած հայ գրական երկերը‚ ցոյց տալիս դրանց տեղը հայ նոր գրականութեան զարգացման ընդհանուր շարժման մէջ. յիշատակում է նոր հիմնադրուած թերթերն /355/ ու հրատարակութիւնները‚ խրախուսանքի խօսքով ոգեւորում հայ գրական գործիչներին ու հրատարակիչներին‚ մատնանշում նրանց գործի օգտաւետութեան չափը եւ կամ վրիպումները

Կոմս Էմմանուէլը‚ թէեւ հպանցիկ‚ քննարկում է եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպման հետ կապուած հարցերը: Հայ ժողովրդի թուաքանակի ճշգրտման նրա պահանջը‚ Հայաստանի վերաբերեալ վիճակագրական եւ տեղագրական նիւթերի ձեռքբերման հետ կապուած խորհրդածութիւնները խօսում են դրա օգտին

  Նալբանդեանին մեծապէս զբաղեցրել է իր ժողովրդի մշակութային կեանքի զարգացման հեռանկարը: Կարեւոր հարցադրումներ ու ծրագրեր է առաջադրում նա հայ մտաւորականութեանը՝ ազգային գիտական պատմութիւն ստեղծելու‚ հին մատենագրութեան նմուշները որոնելու‚ դրանք տպագրելու եւ հետազօտելու ուղղութեամբ։ Հայ ազգային կեանքի վերածնունդի շահագրգռութեամբ էլ նա քննադատում է հակապատմական‚ հակագիտական այն աշխատութիւնները‚ որոնք հրապարակ էին իջնում գիտութեան հետ կապ չունեցող անձանց ջանքերով

  Երկրագործութեան միջոցների բարելաւում‚ հայ վաճառականների առեւտրական ձեռնարկումների կատարելագործում‚ առանց միջնորդների՝ ուղղակի կապերի հաստատում եւրոպական առեւտրական տների հետ‚ երկրի ոչ միայն մտաւոր‚ այլեւ տնտեսական բարգաւաճման ապահուում‚– այսպիսին է Կոմս Էմմանուէլի շօշափած խնդիրների ոչ լրիվ ցանկը։ Սակայն «Յիշատակարանի» կենտրոնակէտը մնում է ազգային կեանքի առաջընթացի նկատմամբ հեղինակի դրսեւորած բուռն հետաքրքրութիւնը‚ նրա բուռն սէրը ժողովրդական զանգուածների նկատմամբ եւ մտահոգութիւնը իր ժողովրդի կեանքի բարվոքման համար: «Մեր սիրտը լցուած է արիւնով. - ինքնաբնութագրման մարգարէական տողեր է թողել Նալբանդեանը‚– մէք այստեղ չենք ծառայում մեր ախտերին‚ ինչպէս մի քանի գիշերադէմ մարդիկ հայհոյեցին մեզ‚ այլ սպասաւորում ենք ազգի օգտին. գուցէ մեղաւոր ենք նորանով‚ որ մեր աչքի առաջեւ են Հայոց ազգի համար‚ սորանից հարիւր տարի յետոյ գալոց օրերը…» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 172)։ 

  «Յիշատակարանը» Նալբանդեանին հնարաւորութիւն է տուել դրսեւորելու Հմուտ լրագրողի իր անբասիր ունակութիւնները‚ եւ‚ մասնաւորապէս‚ բանավիճային արուեստի տաղանդը: Այս իմաստով իրենց տրամաբանական ուժով եւ խօսքի սղութեամբ ուշագրաւ են «Մեղու Հայաստանի» թերթի դէմ գրուած բանավիճային ելոյթները‚ բանակռիւը՝ Շամիլի հետ‚ Խուդաբաշեանի գրքի գրախօսութիւնը եւ այլն: Նալբանդեանն օր-օրի բացայայտում էր հայ հասարակական կեանքում դեռեւս յարատեւող կեղծ հայրենասիրական գաղափարախօսութեան սնոտի էութիւնը եւ երգիծանքի ամենակարող միջոցներով դատափետում այդ գաղափարախօսութեան մունետիկներին։

  «Յիշատակարանում» մեծապէս օգտագործելով ծիծաղի եւ ծաղրի միջոցները‚ Կոմս Էմանուելը հասնում է աննախադէպ արդիւնքների։ Նրա հակառակորդներն ընթերցողին են ներկայանում իրենց բարոյական սնանկութեամբ‚ գիշատչական կրքերով‚ հասարակական գործունէութեան ասպարէզի իրենց ապիկարութեամբ: Աշոտ Յովհաննիսեանի դիպուկ բնութագրմամբ՝ «Ծաղրն ու քրքիջը‚ տիրողների այլանդակ կերպարների թովչանքի լուսաշող գագաթներից իջեցնում էին հասարակական պատասխանատւութեան գորշ հրապարակը։ Գրոտեսկը պիտի ցոյց տար երեւոյթի անբնական‚ անտրամաբանական էութիւնը‚ իւշելով ընթերցողին այն յաղթահարելու անհրաժեշտութիւնը» («Նալբանդեանը եւ նրա ժամանակը»‚ գ. 1‚ 1955‚ էջ 184)։ 

Երգիծանքի հետ մեկտեղ Նալբանդեանը 60-ական թուականների գրական-քաղաքական /356/  պայքարում իր հակառակորդներին բարոյապէս ոչնչացնում էր բանավիճային պայքարի բազում միջոցներով։ Նրա բանավիճային ելոյթները‚ որոնցից շատերը ցրուած են «Յիշատակարանի» էջերում‚ աչքի են ընկնում բարձր քաղաքացիականութեամբ‚ համոզմունքների ներդաշնակութեամբ‚ հակառակորդի հայեացքներում խոցելի կէտերն անվրէպ նշմարելու եւ հզօր տրամաբանութեամբ դրանք ջախջախելու հմտութեամբ։ 

  Ինչպէս բազմիցս նշել են նալբանդեանագէտները‚ «Յիշատակարանի» մեծագոյն նուաճումներից է Կոմս Էմմանուէլի գրական ամբողջական կերպարի ստեղծումը: Ժամանակի դեմոկրատական մտաւորականութիւնը մի քանի տարի շարունակ հնարաւորութիւն ունէր «Հիւսիսափայլի» միջոցով հիանալու այդ գրական կերպարի անսահման հայրենասիրութեամբ‚ ազգային կեանքի վերածնունդն արագացնելու նրա բուռն ջանքերով‚ հասարակ ժողովրդին «խաւարի թագաւորութիւնից» բարձրացնելու նրա անօրինակ կամքի՝ մերթ ամպրոպային ուժի‚ մերթ էլ քնարական դրսեւորումներով։ 

  Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանը» Ա. Յովհաննիսեանը համարում է իր ժամանակի հայ դեմոկրատական մտաւորականութեան հոգեկան կենսագրութիւնը‚ «խտացած մի մարդու մէջ‚ որի երգիծանքը եւ ռեալիզմը ոչ միայն անդրադարձնում էին նրա հոգու դառնութիւնն ու վիշտը‚ այլեւ դրսեւորում պայքարելու եւ յաղթանակելու նրա մեծ վճռականութիւնը» («Նալբանդեանը եւ նրա ժամանակը»‚ գ. 1‚ էջ 192)։ Աւելի քան երկու տարի տպագրուել է «Յիշատակարանը»‚ յուզել ժամանակակիցների մտքերը‚ խանդավառել դեմոկրատական սերնդի հայ գործիչներին եւ անդառնալիօրէն փշրել կղերաֆէոդալական հոսանքի գաղափարախօսների հեղինակութիւնը։ 

  Հայ բանասիրութեան մէջ շատ է խօսուել «Յիշատակարանի» ներգործուն մեծ ուժի‚ նրա‚ իբրեւ գրական-հրապարակախօսական յուշարձանի‚ բացառիկ նշանակութեան‚ նրա պարունակած ձեւերի ու ժանրերի հարստութեան եւ գեղարուեստական արժանիքների մասին (տե՛ս Աշ. Յովհաննիսեանի‚ Խ. Սարգսեանի‚ Էդ. Ջրբաշեանի‚ Ս. Դարոնեանի եւ այլոց աշխատութիւնները) «Յիշատակարանում» լիուլի դրսեւորուել են Նալբանդեանի գեղարուեստական մտածողութեան ամբողջականութիւնն ու միասնութիւնը։ Այդ միասնութեան հիմքը Մ. Նալբանդեանի ստեղծագործութեան հրապարակախօսական ուղղուածութեան եւ գեղարուեստականութեան օրգանական համաձուլուածքն է

«Յիշատակարանում» Նալբանդեանը հանդէս է գալիս ոչ միայն Կոմս Էմմանուէլ‚ այլեւ Սերովբէ Խաչատուրեան Շահբեգ‚ Մեսրոպ Տիրատուրեան եւ Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկենեանց գրական կեղծանուններով: «Ստեղծելով այսքան բազմազան դիմակներ իր հերոսի եւ հէնց սեփական անձի համար‚ Նալբանդեանը հասնում էր մի քանի նպատակի։ Դրանով ընթերցողի մէջ առաջանում էր այն տպաւորութիւնը‚ որ հասարակական կեանքի եւ մշակոյթի հարցերում հեղինակի դիրքորոշումը շատերն են պաշտպանում։ Դա «Յիշատակարանն» ազատում էր միապաղաղութեան վտանգից‚ մտցնում գրական հնարանքների եւ գնահատման հայեցակէտերի բազմազանութիւն» (Էդ. Ջրբաշեան‚ Միքայէլ Նալբանդեանի արձակի գեղարուեստական համակարգը‚ «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1979‚ N 3‚ էջ 11)։ Նալբանդեանը «Յիշատակարանի» միջոցով հայ պարբերական մամուլի բովանդակութիւնը հարստացրեց ճշմարիտ հրապարակախօսութեան հիանալի օրինակներով եւ ժուռնալիստիկայի ասպարէզում ստեղծեց չափանիշներ‚ որոնք երկար տասնամեակներ մնացին չգերազանցուած։ Սակայն «Յիշատակարանը» մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում նաեւ իր ներքին էվոլիւցիայով‚ քննարկուող հարցերի նշանակալիութեան մեծացումով‚ իր իսկ հեղինակի գաղափարական բուռն աճով։ Նրա գործունէութիւնը համընկնում է անցեալ /357/ դարի 60-ական թուականների յեղափոխական ճգնաժամի ժամանակներին‚ որի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրութիւնը Նալբանդեանին հնարաւորութիւն է տալիս զգալիօրէն առաջ անցնելու իր հայ ժամանակակիցներից: Նրա երկերի եւ յօդուածների լուսաւորական դեմոկրատական գաղափարախօսութիւնը վերաճում է յեղափոխական դեմոկրատիզմի՝ արդէն «Յիշատակարանի» վերջին հատուածներում։ 

  «Յիշատակարանի» էջերում «Մեղու Հայաստանի» թերթի դէմ վարած նրա բանավիճային ելոյթներից մէեկուկէս տարի անց‚ իբրեւ Նալբանդեանի հայեացքների զարգացման նոր աստիճանի արտայայտութիւն‚ պոռթկում է «Ազատութիւն» բանաստեղծութիւնը: Այդ շրջանում է նաեւ‚ որ Կոմս Էմմանուէլը շարադրում է իր խորհրդածութիւնները՝ ազգի սոցիալական կազմի‚ հասարակ ժողովրդի բարոյական մեծ կշռի մասին։ «Հասարակի» իրաւունքների պաշտպանութեան օգտին Նալբանդեանի արտայայտած գաղափարները նրան մօտեցնում էին ռուս յեղափոխական դեմոկրատներին‚ նրանց անվերապահ հաւատին՝ ժողովրդի ուժերի եւ հնարաւորութիւնների նկատմամբ։ 

  Ռուս յեղափոխական-դեմոկրատների հետեւութեամբ Մ. Նալբանդեանը մեծ ուշադրութիւն է նուիրում «հասարակ» ժողովրդի մտաւոր մակարդակի բարձրացմանը‚ նրա քաղաքական ակտիւութեան հզօրացմանը: Այս առումով էլ ուշադրութեան արժանի է‚ որ դեռեւս «Հիւսիսափայլի» էջերում յեղափոխական-դեմոկրատիզմի գաղափարախօսութեանը զինուորագրուող Նալբանդեանը որոշակիօրէն հեռանում է Նազարեանի լիբերալ-ռեֆորմիստական քաղաքական ուղեգծից

  Դեռեւս իր «Նկատողութիւնք» յօդուածում Նալբանդեանը մտքի ու խղճի անհատական ազատութեանը հակադրում է ազգային ինքնորոշման պահանջը. «Ազգի լուսաւորութիւնը պիտոյ է յառաջանայ բուն ազգի հոգաբարձութեամբ‚– գրում է նա։– Լուսաւորութիւնը այնքան հիմնաւոր է‚ որքան ազատ է եւ անկախ‚ ստրկութեան մէջ չէ կարող լուսաւորութեան ծիլը կանաչիլ» (տե՛ս սոյն հրատարակութեան հ. II‚ էջ 322-323)։ «Այստեղ դրուած է ոչ միայն լուսաւորութեան գործի ազգայնացման (իմա՛ ժողովրդականացման) պահանջ‚ այլեւ շօշափուած է ազգի (իմա՛ ժողովրդի) քաղաքական եւ սոցիալական ազատագրման խնդիրը» (Աշ. Յովհաննիսեան‚ Նալբանդեանը եւ նրա ժամանակը‚ գ. I‚ էջ 238)

  Քանի որ «Յիշատակարանն» արձագանքում էր հայ հասարակական կեանքում տեղի ունեցող բոլոր նշանակալից իրադարձութիւններին‚ այն մշտապէս գտնւում էր Նալբանդեանի ե’ւ բարեկամների‚ ե’ւ հակառակորդների ուշադրութեան կենտրոնում։ Կոմս Էմմանուէլին ողջունում էին եւ պարսաւում‚ նրանք փորձում էին նմանուել եւ նրան հայհոյում էին անզուսպ արտայայտութիւններով։ 

«Յիշատակարանի» նկատմամբ շատ «զգայուն վերաբերմունք» է դրսեւորել «Ճռաքաղի» խմբագիրներից Զարմայր Մսերեանը: Վերջինս հեգնական արտայայտութիւններով խօսելով Նալբանդեանի գրական կեղծանուան մասին‚ փորձել է արժէքազրկել նաեւ ողջ «Յիշատակարանը»: Այսպէս‚ իր յօդուածներից մէկում նա գրում է‚ որ «Հիւսիսափայլը» լցւում է «տգեղ‚ անհամ‚ անալի խօսուածքներով եւ վարագուրուած՝ բայց անարուեստ եւ գեղջուկ երգիծաբանութեամբ»‚ որոնք գրում է «անզգաստ եւ անհեռատես մի երիտասարդ»‚ խմբագրի անվերապահ հաւանութեամբ (տե՛ս «Մեղու Հայաստանի‚ 1858‚ 56 35‚ էջ 278)։ 

Մի այլ յօդուածում‚ դարձեալ «Յիշատակարանի մասին‚ Զ. Մսերեանը գրում է. «Այս օրագրութեանց մէջ բաց ի դիմակաւոր կամ ի քողարկեալ երգիծաբանութիւններից՝ որք ակնարկում են առ այս եւ առ այն ոք‚ բաց ի շեղտումեղտ խօսքերից‚ եւ բաց ի մտացածին մանրալուրերից‚ այլ ինչ չէ՛ գտանւում։ Այս ամենայն գրուածքն՝ բոլորն ի միասին առեալ՝ /358/  կարծես թէ մի դանգի եւս արժէք չեն ունենալ բանագէտ անձանց առաջեւ» («Ճռաքաղ»‚ 1859‚ 6‚ էջ 234)‚ 

Սակայն շատ հետաքրքրական է‚ որ քննադատելով հանդերձ Նազարեանի ամսագիրը‚ Մսերեաններն իրենց «Ճռքաղը» հիմնականում հրատարակում են «Հիւսիսափայլի» լեզուով‚ աշխարհաբար‚ եւ քննադատելով «Յիշատակարանը»‚ նրանք իրենց պարբերաթերթում ստեղծում են դրա նմանակը՝ «Հայկազնեան տարեգիր» բաժինը։ «Տարեգրի» ղեկավարը Զարմայր Մսերեանն էր‚ որն այդ բաժնում ներկայացնում էր հայ հասարակական եւ մշակութային կեանքի նորոյթները (բանավիճային ելոյթներ‚ թատերական ներկայացումներ‚ նորահրատ գրքերի ծանուցումներ‚ գրախօսութիւններ‚ նամակ-թղթակցութիւններ եւ այլն): Այս բաժնում Մսերեանը պարոդիայի է ենթարկում Կոմս Էմմանուէլի բարեկամ‚ Ռեդուտկալէի բնակիչ Սերովբէ Խաչատուրեան Շահբեգին եւ ստեղծում իր թղթակից Քերովբէ Աստուածատուրեան Ասլանբեկի կերպարը‚ որն իբր բնակւում էր Սուխում գալէում։ Մեր կարծիքով՝ Կոմս Էմմանուէլի անուան նմանողութեամբ է ընտրուած նաեւ «Ճռաքաղում» տպագրուած «Երազ» պասկուիլային բանաստեղծութեան հեղինակի անունը (Մելիք Միսայէլ Հայկազնեան)‚ որը մի այլ բանաստեղծութեամբ‚ դարձեալ ուղղուած «Հիւսիսափայլի» գործիչների դէմ‚ հանդէս է եկել նաեւ «Մեղու Հայաստանի» թերթում։ 

«Յիշատակարանի» հետեւութեամբ են գրուած նաեւ «Մեղու Հայաստանի» թերթի շատ թղթակցութիւններ։ Այստեղ 1861 թ. սկզբից երեւում են երիտասարդ պատմաբան եւ լրագրող Ալ. Երիցեանի («Օրագրաց բարեկամ») յօդուածները‚ որոնք շուտով մտնում են մի նոր ձեւի մէջ‚ ստանալով «Օրագրաց բարեկամի յիշատակարանից» խորագիրը: Իր յիշատակարանում Երիցեանը զետեղում էր Թիֆլիսի մշակութային եւ առտնին կեանքի նորութիւններ‚ մատենախօսութիւններ‚ թղթակցութիւններ‚ արտասահմանեան մանրալուրեր եւ այլն: Այս դէպքում եւս‚ որ խիստ ուշագրաւ է‚ Երիցեանը ոչ միայն ծաղրում է Նալբանդեանի՝ Կոմս Էմմանուել գրական կեղծանունը‚ այլեւ հանգիստ խղճով իր մշտական հաղորդումները ձեւաւորում «Յիշատակարանի» նմանողութեամբ: Երբ 1863-ին «Մեղու Հայաստանին» անցնում է Պ. Սիմէոնեանի տնօրինութեան տակ‚ այս անգամ նոյնպէս‚ թերթի էջերում «Յիշատակարանի» նմանութեամբ ստեղծւում է «Զբօսարան» նոր բաժինը‚ որը վարում էր երիտասարդ լրագրող Գեւորգ Տէր-Ալեքսանդրեանցը

  Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանը» հետագայում եւս ունեցել է իր հետեւորդները‚ որոնցից էր «Հայկական աշխարհ» ամսագիրը (1864-1871‚ 1874-1879)։ Յայտնի է‚ որ այդ հանդէսի խմբագիր Խորէն Ստեփանէն (Ստեփան Ստեփանեան) Մոսկուայի համալսարանում ուսանելու տարիներին շատ մօտ էր կանգնած «Հիւսիսափայլին» եւ դրա էջերում տպագրած‚ ինչպէս եւ հետագայի իր բանաստեղծութիւնները‚ Կոմս Էմմանուէլի նմանութեամբ ստորագրում էր Իշխան Բագրատունի։ Տարիներ անց‚ դառնալով «Հայկական աշխարհի» խմբագիրը‚ նա «Յիշատակարանի» ակնյայտ նմանողութեամբ ստեղծում է «Մեր ներքին գործեր» բաժինը: Այստեղ եւս ժանրերը խառնւում են. լրատւութիւն‚ պատմական ակնարկ‚ գրախօսութիւն‚ բանաստեղծութիւն‚ բանավէճ‚ ինտիմ խորհրդածութիւններ՝ ազգի առաջընթացի հետ կապուած հարցերի շուրջ‚ եւ այլն: Սակայն‚ չնայած խմբագրի ջանքերին‚ «Մեր ներքին գործեր» բաժինը չունէր «Յիշատակարանի» խորութիւնը‚ նրա հարցադրման սրութիւնն ու գեղարուեստական արժանիքները: Այս նկատի ունէր «Մեղու Հայաստանի» թերթի աշխատակից Ս. Պ. (Ստեփանոս Պալասանեան)‚ որը «Հայկական աշխարհի» դէմ գրած իր բանավիճային յօդուածներից մէկում ասում է. «Երբեմն Մոսկուայում հրատարակւում էր ճշմարտափայլ «Հիւսիսափայլը»‚ որի խմբագիրը գերահարգոյ Ստեփանոս Նազարեանցն էր։ Պարոն Ստեփանէն կարծես կամեցաւ իրան երկրորդ Նազար/359/եանց եւ իր «Հայկական աշխարհը»‚ «Հիւսիսափայլ» ձեւացնել‚ յայտնի բան է‚ փոքրիկ գիրքով миниатюре)։ «Հիւսիսափայլը» ունեցաւ շնորհալի Կոմս Էմմանուէլին‚ պ. Ստեփանէն էլ դառաւ Իշխան Բագրատունի։ «Հիւսիսափայլը» ունեցաւ իր այլ անուն գրողները‚ պ. Ստեփանէն էլ ունեցաւ Թիֆլիսեցի հայ եւ Հայասէր: Միայն‚ դժբախտաբար‚ «Հայկական աշխարհը» նոյնքան հեռու մնաց «Հիւսիսափայլից» իր ուղղութեամբ եւ իր ճշմարտութիւններով‚ որքան Իշխան Բագրատունու բանաստեղծական անշնորհքութիւնը՝ Կոմս Էմմանուէլի շնորհքից» («Մեղու Հայաստանի»‚ 1867‚ N 34)։ Այս ընդօրինակումները‚ որքան էլ պարզունակ‚ այնուամենայնիւ խօսում են Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանի» բարոյական մեծ ուժի‚ կառուցուածքային կատարելութեան‚ գեղարուեստական միջոցների հմայքի մասին: Այս էր պատճառը‚ որ ինչպէս 60-ական թթ. այնպէս էլ հետագայ տասնամեակներում‚ հայ մտաւորականութեան ներկայացուցիչները նորից ու նորից անդրադարձել են «Հիւսիսափայլի» «բաց-կապոյտ‚ շողարձակ» տետրակներին‚ որոնց էջերում առանձնապէս որոնել ու կարդացել են «Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանն» ու միւս գրուածքները» . Թումանեան): Դեռեւս 60-ական թուականներին՝ «Ներսիսեան դպրոցի նորաւարտ աշակերտները բոլորն էլ «Հիւսիսափայլին» էին համակրում եւ սրտատրոփ սպասում Կոմս Էմմանուէլի գրուածքներին»‚-վկայում է Ղ. Աղայեանը: «Կոմս Էմմանուէլ‚ Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկենեանց եւ այլ կեղծանուն կրող գողտրիկ յիշատակարաններն էին միմեանցից խլելով կարդացւում»‚– ականատեսի անկեղծութեամբ պատմում է Պ. Պռօշեանը: «Ամսի սկզբին ամեն բաժանորդ անհամբերութեամբ սպասում էր «Հիւսիսափայլի» նոր համարը դուրս գալուն‚ որ կարդայ Կոմս Էմմանուէլի (Նալբանդեան) «Յիշատակարանը» կամ միւս յօդուածները»‚ յայտնում է Նալբանդեանի առաջին կենսագիր Միքայէլ Տէր-Գրիգորեանը։ Գրական քիչ երկեր կան‚ որոնց բախտ է վիճակւում այս ճակատագիրը‚ եւ «Յիշատակարանն» այդ քչերից մէկն է: Հայ մտաւորականութեան բազում սերունդներ խանդավառուել են դրա ազնիւ հայրենասիրութեամբ ու քաղաքացիական պաթոսով‚ ուսանել՝ լրագրային պայքարում հեղինակի օգտագործած հնարանքներն ու միջոցները: Այսպէս‚ հայ քաղաքական հրապարակախօսութեան լաւագոյն երկերից մէկի՝ Յ. Պարոնեանի «Հոսհոսի ձեռատետրի» ժանրաին եւ քաղաքացիական ուղղուածութեան որոշ գծեր‚ անշուշտ‚ սկիզբ են առնում «Յիշատակարանի» ձեւի եւ բովանդակութեան հետ ունեցած բարեբեր շփումներից։ 

«Յիշատակարանի» կենսական բովանդակութեան‚ նրա ժանրային կազմի եւ կառուցուածքի‚ պարունակած փաստերի եւ ակնարկների զարմանալի հարստութիւնը‚ բազմազան այլաբանութիւնները մի շարք դժուարութիւններ են ստեղծում ժամանակակից ընթերցողի համար։ Այդ ամենի իրական իմաստը բացայայտելու ճանապարհին մեծ աշխատանք է կատարուել‚ բայց շատ բան այսօր էլ դեռ մնում է չպարզաբանուած եւ դեռ շատ ջանքեր է պահանջելու մեր բանասիրութիւնից

  Հետագայ‚ առարկայական ծանօթագրութիւններ կազմելիս օգտագործուած են Միքայէլ Նալբանդեանի երկերի նախորդ‚ քառահատոր հրատարակութեան I հատորի կազմող Նշան Մուրադեանի ծանօթագրութիւնները‚ «Յիշատակարանի» նախորդ ծանօթագրութիւնների վերաբերեալ Սուրէն Շտիկեանի հրապարակած լրացումներից հետեւեալ ծանօթագրութիւնները. Վերստովսկի‚ Չիկուանիձէ‚ Կ. Բոսքօ‚ Ֆրանկլին‚ Մաքիաւելի‚ Մեսմեր‚ Չիք յարութիւն դաւանող‚ լոթեռ‚ Ֆարմասոն‚ Էֆիմերին‚ ինչպէս նաեւ՝ Գամառ Քաթիպայի նամակի‚ «Արիստակէս» ողբերգութեան անուան‚ «աբեղայական գրականութեան» հետ կապուած բացատրութիւնները (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1979‚ N 3‚ էջ 130-134‚ «Բանբեր Երեւանի համալսարանի»‚ 1979‚ N 3‚ էջ 169–183)։ «Ստեփան Ոսկան» եւ «Ճա/360/նիկ Արամեան» ակնարկների համար օգտագործել ենք Միքայէլ Յակոբեանի՝ այդ նպատակով գրած յօդուածները‚ որի համար շնորհակալութիւն ենք յայտնում վերոյիշեալ ընկերներին

  Էջ 7‚ տ. 395. պատահեցաւ իմ եւ պ. խ… մէջ… եկել էր իմ մօտ գիշերազգեստով (խալաթով)  

  Մինչ այժմ անյայտ մնացած պարոն Խ. ինքնութիւնը մասամբ պարզւում է Մսեր Մսերեանի՝ կաթողիկոսին ուղղած անթուական մի նամակի սեւագրութեան շնորհիւ։ Բողոքելով «Հիւսիսափայլ» ամսագրի ուղղութիւնից‚ որը‚ նամակագրի կարծիքով‚ վտանգում էր եկեղեցու ապահովութիւնը‚ Մսերեանը միաժամանակ ուշադրութիւն է հրաւիրում Նազարեան-խմբագրի եւ Կոմս Էմմանուէլի գործունէութեան վտանգաւորութեան վրայ։ Այդ նամակում նա Կոմս Էմմանուէլի մասին գրում է. «Խորթացեալն այն ստահակ զաւակ Հայաստանի ո՛չ միայն զազգ եւ զեկեղեցի մեր նախատէ ընդհանրապէս ի գրուածս իւր‚ այլեւ թափէ անխնայ զմաղձ դառնութեան սրտի իւրոյ ի վերայ այնց անձանց՝ զորս համարի իւր հակառակորդս: Եւ այսպէս համարձակեցաւ նա պէս պէս այլաբանական գրուածովք յէջս Հիւսիսափայլին իւրոյ երգիծանել զարժանամեծար անձինս եկեղեցականաց մերոց եւ յաշխարհականաց‚ որ է՝ զՅ. Ս. Հոնանեանց‚ զՅ. Պ. Խալիպեանց‚ . Կ. Խալաթեանց զԱ. Արարատեանց‚ զՍարգիս եպիսկոպոս Ջալալեանց‚ զորոյ եւ զանունն կամելով յայտնել վեցերորդ տետր‚ էջ 84)‚ անդրադարձութեամբ տառից ի մէջ բերէ‚ փոխանակ անուանս Սարգիս՝ գրելով Գիրսաս եւ այլն» (ընդգծումը մերն է - Մ. Մ. տե՛ս Մ. Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 207‚ վաւ. 2129)։ 

  Այսպիսով՝ Նալբանդեանի կողմից խալաթ բառի յիշատակութիւնը‚ այլեւ պարոն Խ. հետ ունեցած զրոյցի բովանդակութիւնը ոչ մի կասկած չեն թողնում‚ որ «Յիշատակարանի» առաջին գլխում՝ Կոմս Էմմանուէլի խօսակիցը վաճառական Խալաթեանն է։ 

տ. 10. Կարդացե՞լ ես «Հայաստանի Մեղուի» 16–երորդ համարը «Մեղու Հայաստանի» (1858–1886)‚ լրագիր քաղաքական‚ բանասիրական եւ առեւտրական: Հրատարակուել է Թիֆլիսում‚ Ստեփանոս քահանայ Մանդինեանի խմբագրութեամբ‚ 1858-1862 թթ.: 1863-ից մինչեւ դադարելը հրատարակուել է Պետրոս Սիմէոնեանի խմբագրութեամբ‚ փոխուած ուղղութեամբ: Հրատարակութեան առաջին շրջանում «Մեղու Հայաստանին» կղերաֆէոդալական հոսանքի օրգանն էր‚ որը թէեւ խօսում էր ժողովրդի լուսաւորութեան անհրաժեշտութեան մասին‚ բայց մնում էր կառչած հին‚ սխոլաստիկ դաստիարակութեան սկզբունքներին‚ պրոպագանդում էր հայեցական հայրենասիրական գաղափարներ‚ իբրեւ անվերապահ հեղինակութիւն՝ ընդունում եկեղեցին եւ ղեկավարւում միմիայն կրօնի դոգմաներով

  XIX դարի 60-ական թթ. հայ պարբերականների եւ «Հիւսիսափայլի» միջեւ ծաւալուած բանավէճը հիմնականում սկսւում է «Մեղու Հայաստանի» թերթի 1858 թ. 16-րդ համարում տպագրուած Ստեփանոս Մանդինեանի յօդուածով‚ որով նա ահազանգում էր հայութեանն սպառնացող կարծեցեալ վտանգի մասին («Մի քանի խօսք գերապատուելի Ստեփանոս Տէր-Եսայեան Նազարեանցի գրուած մատեանների վերայ»)

  «Մեղու Հայաստանի» թերթի 14-րդ համարում Ս. Մանդինեանը տպագրում է ղզլարցի մանկավարժ Մովսէս Իսահակեանի «Հրաւիրակ հայրենասիրութեան»‚ ապա՝ նոյն հեղինակի «Յորդոր հայրենասիրութեան» յօդուածները (N 22)։ Առաջինի մէջ Իսահակեանը յայտարարում է‚ թէ հանդէս է գալիս պաշտպանելու ազգի ոտնահարուած շահերը‚ հաշուի առնելով այն իրողութիւնը‚ որ «ազգի գաղթական որդիների քնարները իրենց աններդաշնակ ձայներով խլացնում են ազգային սուրբ զգացմունքները եւ պախարակում ազգի յետամնացութիւնը։ Յօդուածի հիմնական ոգին այն էր‚ թէ ազգի յետամնացութեան նշաւակումը կա/361/րող էր յուսահատեցնել հայերին‚ ուստի «Մեղուի» յօդուածագիրը խորհուրդ է տալիս այդ նուրբ խնդրի մասին արտայայտուել զգուշութեամբ‚ «սրտառուչ եւ համոզական խօսքերով»‚ մխիթարել եւ խրախուսել «Հիւանդագին ազգը»‚ որովհետեւ «մանկութիւնը սիրում է գգուանք‚ սիրում է փափկութիւն‚ սիրում է փաղաքշանք» (N 14‚ էջ 111)։ Երկրորդ յօդուածում Իսահակեանը ընկերասիրութեան եւ հայրենասիրութեան է կոչում հայերին‚ նկատի ունենալով‚ որ հայերից ոմանք‚ «թեպետ մեծանուն գիտնական»‚ փշոտում ու աղտոտում են ազգի առաջադիմութեան ճանապարհները (N 22‚ էջ 173)։ Իսահակեանի առաջին յօդուածին յաջորդում է խմբագրի՝ վերը յիշուած յօդուածը‚ որով Մանդինեան քահանան ազգի անդամներին զգուշացնում էր Նազարեանից եւ նրա օգնական ոմն Նալբանդեանցից»‚ որոնք‚ իբր թէ‚ անարգական խօսքերով սկսել էին պարսաւել ողջ ազգութեանը (N 16‚ էջ 125)։ Նազարեանի մտցրած լեզուն յայտարարելով անպէտք‚ Մանդինեանն‚ այնուհետեւ‚ քննում է Նազարեանի աշխատութիւնները‚ վերջում տալով նաեւ «Հիւսիսափայլի» գնահատականը. նրա համոզմունքով՝ այն էր «…տաղտկացուցիչ մտաց‚ վշտացուցիչ սրտի‚ խօսք վատաբանութեան ազգի եւ ամբար ինքնահաւանութեան» (էջ 126)

  «Հիւսիսափայլի» N 4-ում հրապարակելով «Յիշատակարանի» առաջին գլուխը‚ որտեղ խօսւում էր «Մեղուի» N 16-ի մասին‚ Նալբանդեանը‚ հաշուի առնելով հարցի լրջութիւնը‚ անհրաժեշտ է գտնում միաժամանակ Մանդինեանի յօդուածը վերլուծել առանձին: «Հիւսիսափայլի» միեւնոյն համարում նա տպագրում է «նամակ առ հրատարակողը» յօդուածը‚ որը բանավիճային պայքարի առաջին ցայտուն արտայայտութիւններից էր հայ իրականութեան մէջ: Այս յօդուածում Նալբանդեանը բացայայտում է Մանդինեանի ժամանակավրէպ ելակէտը‚ որը նա համարում է լոյսի եւ բանականութեան դէմ՝ խաւարամտութեան պատերազմի արտայայտութիւն: «Մեղուն» Նալբանդեանը դիտում է իբրեւ հայ իրականութեան մէջ գոյութիւն ունեցող «խաւարապաշտների ընկերութեան» խօսափողը եւ բանավիճային խօսքի ընձեռած հնարաւորութիւններով ծիծաղելի վիճակի մէջ է դնում հրապարակախօսութիւն խաղացող տգէտ քահանային (տե՛ս սոյն հրատարակութեան 2-րդ հատորում‚ էջ 225–228)

  Մանդինեանը չի ուզում տեղի տալ եւ իր հետագայ քայլերով ապացուցում է‚ որ նրա թերթն‚ իսկապէս‚ արտայայտում էր մի ամբողջ հոսանքի տրամադրութիւնները։ Այնուհետեւ‚ չորս տարի շարունակ «Մեղու Հայաստանին»‚ «Ճռաքաղ» եւ «Մասեաց աղաւնի» պարբերականների դաշնակցութեամբ‚ հետեւողական պայքար է ծաւալում «Հիւսիսափայլի» դէմ‚ ջանալով վերջինս կասկածելի դարձնել հոգեւոր իշխանութիւնների եւ հէնց հայ հասարակութեան աչքում: «Մեղուի» էջերում 1858 թ. տպագրուած յօդուածներից են Մ. Իսահակեանի՝ թուով երրորդ‚ այս անգամ բանավիճային յօդուածը՝ Նալբանդեանի դէմ («Պատասխանի կրիտիկային Շահրեգի»‚ N 37)‚ Ղազար Մարգարեանի երեք յօդուածները («Պ. Ստեփանոս Նազարեանը եւ նորա գրաւոր վաստակը»‚ N 29‚ 30‚ «Բանաքննութիւն»‚ N 36): 1858 թուականին են տպագրւում նաեւ Վահան Արամեանի (Զարմայր Մսերեան) երեք նամակները՝ ուղղուած «Հիւսիսափայլի» դէմ (N 24‚ 25‚ 35)‚ Թովմաս Դաւթեանի յօդուածը՝ նուիրուած աշխարհաբարի նշանակութեան հարցին (N 48)։ 

  Ի՞նչ հարցերի շուրջ էին վիճաբանում վերոյիշեալ յօդուածների հեղինակները: Իսահակեանն իր քաղցր-մեղցր հայրենասիրական «յորդորներով» եւ խրատներով խճճւում է անտրամաբանական դատողութիւնների եւ ճոռոմ ոճերի բաւիղներում‚ եւ Շահբեգի գրչի տակ ընկնում զաւեշտական վիճակի մէջ։ Շահբեգին ուղղած նրա պատասխանն արդէն ինքնապաշտպանական խղճուկ մի խօսք էր‚ իր առաջին յօդուածների հարցադրումների վերաշարադրանքը։ Ուշադրութեան արժանի միակ դիտողութիւնն այն էր‚ թերեւս‚ որ Կոմս /362/ Էմմանուէլը չէր կարող ապրիլի 20-ին Մոսկուայում կարդալ՝ Թիֆլիսում ապրիլի 19-ին տպագրուած «Մեղուի» 16-րդ համարը (տե՛ս Կոմսի զրոյցի սկիզբը՝ պարոն Խ. հետ‚ սոյն հատորում‚ էջ 7)

  Ղազար Մարգարեանը քննութեան էր առնում Նազարեանի աշխատութիւնները եւ քննադատում նրա լեզուաշինական տեսութիւնը‚ աշխարհաբարից հեռանալու եւ լեզուական իբր ինքնահնար ձեւեր ստեղծելու մեթոդը։ Առաջին հոգեղէն կերակուր» գրքի մասին արւում է այն դիտողութիւնը‚ որ հեղինակը մատչելի բնագրերի փոխարէն խառնիխուռն պատմութիւններ էր հրամցնում երեխաներին։ 

  Անկանխակալութեան շղարշով էր պարուրուած Թովմաս Դաւթեանի յօդուածը՝ ուղարկուած Օդեսայից: Ձեւականօրէն Դաւթեանը բարձրացնում էր աշխարհաբար լեզուի‚ աւելի ճիշտ՝ հայ բարբառների ուսումնասիրութեան անհրաժեշտութեան հարցը։ Իրականում այդ յօդուածը նոյնպէս կառուցուած էր բանավիճային հենքի վրայ: Վիճարկելով Նազարեանի այն միտքը‚ թէ հայ բարբառներից աւելի շատ խանգարուած են Ագուլիսի եւ Թիֆլիսի բարբառները‚ յօդուածագիրը պնդում է հակառակը եւ ընդգծում Թիֆլիսի բարբառի արժանիքները։ Դարձեալ ակնարկելով Նազարեանին‚ որին մեղադրում էր աշխարհաբար լեզուի մէջ ինքնահնար ձեւեր եւ գրաբարեան տարըեր մտցնելու համար‚ Դաւթեանը գրում է. «Լեզուի խանգարիչը պատմութեան նիւթերու եւ աղբիւրներու խանգարիչ է» (էջ 384):

Սակայն եթէ Մարգարեանը եւ Դաւթեանը փորձում էին ռուսաց լեզուի զարգացման օրինաչափութիւնների հետեւութեամբ ինչ-որ բանական տեսակէտներ ձեւակերպել‚ այդ նոյնը չի կարելի ասել «Մեղու Հայաստանիի» թղթակից Զարմայր Մսերեանի մասին: Վերջինս գոհունակութիւն յայտնելով Ս. Մանդինեանի ելոյթի առիթով‚ իր հերթին «Հիւսիսափայլի առաջին համարից դուրս է բերում մի շարք մտքեր եւ ասոյթներ‚ որոնք ազգի եւ ազգայնոց նախատինք են վերաբերում‚ կամ թէ անիրաւ մեղադրանքներ են եւ կամ արտաքոյ ճշմարտութեան կարծիքներ»։ Դրանով նա ցանկանում էր օգնել «համազգի հարազատաց» եւ նախազգուշացնել «Հիւսիսափայլի» խմբագրին՝ հետագայ նման քայլերից: Մուտքի այս խօսքին յաջորդում է Զ. Մսերեանի կողմից «Հիւսիսափայլից» քաղուածաբար հանուած 14 հատուածների շարադրանքը եւ դրանց պատասխանները՝ գրուած Մանդինեան քահանայի մտածողութեան մակարդակով: Այսպէս‚ նա բողոքում է այն բանից‚ որ «Հիւսիսափայլի» խմբագրութիւնը վիրաւորական արտայայտութիւններով է խօսում հայ գիտնականների մասին‚ հոգեւորականութեանն անպատւում է՝ աբեղայ անունը դարձնելով անմիտ բառի հոմանիշ։ Նազարեանը մերժում է հայոց լեզուի «առաջնութեան իրաւունքն» աշխարհի լեզուների մէջ‚ նսեմացնում գրաբարի դերը նոր ժամանակներում‚ Նալբանդեանի երգիծական գրուածքներով «անպատւում» ազգի մեծերին‚ եւ այլն‚ եւ այլն

1858 թ. «Հիւսիսափայլի» N 11-ում տպագրւում է Նալբանդեանի նամակը հրատարակողին՝ Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների հարցի մասին: Որ այս յօդուածի գրութեան ուղղակի առիթը կապուած էր Գ. Այվազովսկու առաջնորդական գործունէութեան եւ Խալիբեան դպրոցի հիմնադրման հետ‚ այդ վեր է կասկածից: Սակայն‚ հետաքրքրական է‚ տուեալ հարցի հետ «Մեղու Հայաստանի» թերթի ունեցած առնչութիւնների պատմութիւնը։ Իր թերթի N 28-ում Ս. Մանդինեանը հրապարակում է Այվազովսկու՝ յունիսի 27-ի թուակիր նամակը‚ որով նա աւետում էր «Մեղուի» խմբագրին‚ թէ Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների առիթով ծայր առած գժտութիւնները դադարել են‚ եւ որ …«եղեւ հաշտութիւն եւ խաղաղութիւն մեծ» (էջ 220)։ Այվազովսկին այնուհետեւ պատմում էր «բազմաւաստակ եւ հեռատես» Խալիբեանի «վեյանձն առատաձեռնութեամբ եւ չքնաղ ազգասիրութեամբ» տուած նուիրատւութեան եւ Խալիբեան դպրոցի կառուցման մասին։  /363/

Թերթի N 39-ում Մանդինեանը հրապարակում է Խալիբեան դպրոցի հաստատման վերաբերեալ պաշտօնական փաստաթղթերը եւ դպրոցի ընդունելութեան կանոնները: Միաժամանակ‚ մուտքի խօսքում‚ Մանդինեանը խրախուսում է Այվազովսկու նախաձեռնած գործը‚ նրա համար երաշխաւորում համայն ազգի օժանդակութիւնը («Ազգը չի թողուլ Ձեզ առանց օգնելու. հաստատո՛ւն կացէք Ձեր գործին‚ մեծ յոյս ունեցէ՛ք ոչ միայն մեր մեծատուններից եւ հարուստներից‚ այլեւ աղքատներից…»‚ էջ 308)։ 

  Նալբանդեանն իր յօդուածում պարզութիւն է մտցնում այս խնդրի մէջ եւ հայ ընթերցողներին պատմում ճշմարտութիւնը ե’ւ գումարների‚ ե’ւ «չքնաղ ազգասիրութեամբ» արուած նուիրատւութեան մասին

  1859 թ. սկզբին Մանդինեանը «Մեղու Հայաստանի» թերթի 10-ում տպագրում է Ստեփանոս Պալասանեանի յօդուածը Նալբանդեանի դէմ («Հիւսիսափայլ» ծրագրին նամակներէն մէկը»)։ Յօդուածագիրն աշխատում էր նորաբաց Խալիբեան դպրոցում‚ եւ նրա բուռն կիրքը‚ յայտնի է‚ թէ ինչ ակունքից կարող էր սնունդ առնել։ Իհարկե‚ շատ աւելի բնական կը լինէր‚ եթէ Պալասանեանի յօդուածը տպագրուեր «Մասեաց աղաւնու» էջերում‚ բայց Փարիզից փոխադրուելու կապակցութեամբ ամսագրի հրատարակութիւնը սկզբում 6 ամսով‚ ապա մէկ տարով ընդհատւում է: Շատ խորհրդանշական է‚ որ Այվազովսկու համար այդ տագնապների օրերին Մանդինեանը ձեռք է մեկնում նրան եւ հրապարակում Պալասանեանի յօդուածը‚ որի տպագրութիւնը եւ դրան առնչուող Այվազովսկու գործողութիւնները մեծամեծ անախորժութիւններ են բերում «Հիւսիսափայլի» խմբագրութեանը: (Այս մասին տե՛ս սոյն հրատարակութեան 2-րդ հատորի ծանօթագրութիւններում՝ էջ 426-427): Այս թուականին մէկ անգամ եւս երեւում է Մովսէս Իսահակեանը‚ բայց ոչ հրապարակախօսական յօդուածով: Նա ընտրել էր պարսաւագրի աւելի ապահով պաշտօնը: «Րոպէական երազ» պատկերով Իսահակեանը ներկայացնում է Նազարեան-գործչին‚ խմբագրին‚ ծնողին… Ծաղրում է խօսելու նրա ոճը‚ կեղծ համարում հայրենասիրութիւնը‚ մեղադրում է նիւթապաշտութեան մէջ եւ այլն: Իսահակեանն այս պատկերին կցում է նաեւ չափածոյ՝ «Գորտ եւ աղուէս» առակը‚ որի հիմքում ընկած էր այն միտքը‚ թէ բազմաթիւ հիւանդութիւններով տառապող մէկը յանդգնել է ստանձնել «Արամեան ազգի» բժշկի պաշտօնը (տե’ս «Մեղու Հայաստանի»‚ 1859‚ N 46)։ 

  1859 թ. տպագրւում է Մանդինեանի «Քանի մի խօսք հայոց վարդապետաց աշխատանքի վերայ» ծաւալուն յօդուածը‚ որով նա անուղղակիօրէն պատասխանում էր «Հիւսիսափայլի» հրատարակիչներին‚ ճգնելով բարձրացնել հայ հոգեւորականութեան հեղինակութիւնը (N 21-27)։ 

  «Մեղու Հայաստանին» իր բանավէճը շարունակում է նաեւ հետագայում‚ 1860 թ. տպագրւում է «Պարոն Նազարեանցի աշխարհաբառ լեզուի վրայ» անստորագիր յօդուածը (N 5‚ 6)‚ որով շարունակւում էր երկու տարի առաջ սկսուած բանավէճը։ Հեղինակը‚ ռուսական բանասիրական գրականութեան լաւատեղեակութեամբ‚ վիճարկում էր Նազարեանի որոշ սկզբունքները եւ հանդէս գալիս անաղարտ աշխարհաբարի պաշտպանութեամբ։ Նա պահանջում էր գիտականօրէն ուսումնասիրել հայ բարբառները‚ առանց սակայն դրանց օրինաչափութիւնները խառնելու գրաբար լեզուի օրէնքների հետ

1860 թուականի բանավիճային յօդուածների ամենածաւալուն բաժինը պատկանում էր Յովսէփ Չերքեզեանի գրչին: Ի դէպ‚ Չերքեզեանը մինչ այդ մեծ եռանդով աշխատակցում էր «Ճռաքաղին»‚ այժմ նուաճում է «Մեղու Հայաստանի» թերթի հրապարակը‚ որպէսզի 1881-ին հիմնաւորապէս հաստատուի Այվազովսկու ամսագրում։ Պատշաճը հատուցելով Մանդինեանին՝ Ստ. Նազարեանի դէմ տպագրած նրա յօդուածների համար‚ Չերքեզեանը /364/ նոյնպէս յայտնում է‚ որ վճռել է մէկ առ մէկ վերլուծել Նազարեանի գրուածքները‚ որոնք ըստ նրա‚ չէին կարող դիմանալ լուրջ քննութեան։ Չերքեզեանն իր խնդիրն է համարում ցոյց տալ հայ ազգին Նազարեանի լեզուագիտութեան չափը‚ այն հաշուով‚ որ ազգը «լուսաւորութիւն սիրելով եւ համանգամայն ծարաւի գոլով լուսաւորութեան‚ մտածէ‚ թէ պե՞տք է արդեօք նորան դիմել այդ նոր բացուած‚ պատառուած կեղտոտ աղբիւրին‚ (1860‚ N 13‚ էջ 98)։ 

  Թէ ի՞նչ հայեացքներ էր դաւանում Լազարեան ճեմարանի եւ Մոսկուայի համալսարանի շրջանաւարտ‚ մոսկովաբնակ հայ բանասէրը‚ երեւում է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին նրա տուած գնահատականից: Մանդինեանի «բարեհամբաւ լրագիրը» նրա որակումով՝ «եղել է մեր Ռուսաստանի հայերի համար սիրելի ընթերցանութիւն‚ այնպիսի ընթերցանութիւն‚ որ ո՛չ միայն բաւականացնում է ժամանակիս մտաւոր պահանջմունքներին‚ այլեւ հանդիսանում է հզօր եւ արդար ախոյեան լուսաւոր ձեւացած տգիտութեան եւ անբարոյական գրուածքների» (էջ 98)։ 

  Բացի Չերքեզեանի յօդուածներից‚ որոնք տպագրւում են 13 եւ 31-37 համարներում‚ եւ որոնց կանդրադառնանք այլ առիթով‚ «Մեղուի» էջերում «Հիւսիսափայլի» դէմ այդ տարիներին տպագրուել են զանազան թղթակցութիւններ‚ բազմաթիւ այլաբանական ոտանաւորներ‚ առակներ ու «երազներ»

  «Մեղուի» թղթակիցներից մէկը‚ օրինակ‚ Ալ. Յովակիմեան Շահազիզեանց Կամսարականը «մահուան դատավճիռ» է հանում «Հիւսիսափայլի» համար: «Յայտնի է ամենեցուն‚ գրում է նա‚- որ շատ օգուտ է հասարակութեան՝ մահը մի նշաւակեալ չարագործ եւ նենգամիտ մարդոյ։ Բայց հարիւրապատիկ եւ հազարապատիկ է մի ազգի համար դադարումն մի օրագրի‚ որ ունի նպատակ ստութիւն տարածելու իբրեւ ճշմարտութիւն եւ այնու մեռուցանելու գեղեցիկ սկզբունքները իւր ազգի» (1860‚ N 26‚ էջ 204)։ 

1861 թ. Մանդինեանը «Մեղուի» 6-րդ համարում տպագրում է մի յօդուած դարձեալ ուղղուած «Հիւսիսափայլի» դէմ («Հիւսիսափայլի» 6‚ 7 եւ 8 ամսատետրակներումը 1860 թուականի տպագրած նամակների վերայ»)։ Անդրէաս Պետրոսեան ստորագրութիւնը կրող այս յօդուածով «Մեղուի» խմբագրութիւնը հանդէս էր գալիս Չերքեզեանի պաշտպանութեամբ‚ որին իր «Յիշատակարանի» վերջին գլխում պատասխանել էր Նալբանդեանը։ Թունով լի այս յօդուածում միաժամանակ պատասխան էր տրւում Սադա Դաւթեան Ալեքսանդրեանցի եւ Կիրակոս Մարգարեանի նամակներին‚ որոնք հանդէս էին եկել «Հիւսիսափայլի» էջերոմ՝ այդ ամսագրի պաշտպանութեամբ (տե՛ս «Մեղու Հայաստանի»‚ N 6‚ էջ 44-48)։ 

1861 թուականին «Մեղու Հայաստանին» Նալբանդեանի «Յիշատակարանի» թարմ տպաւորութեան տակ դեռեւս սուր էր ճոճում «Հիւսիսափայլի» եւ Կոմս Էմմանուէլի դէմ։ Միայն 1862-ին է‚ որ վիճակը փոխւում է: Եթէ 1861-ին Նալբանդեանի հասցէին կարելի էր գրել «ստախօս»‚ «երազաբան»‚ «թափառական» եւ այլն‚ ապա 1862-ին‚ նրա ձերբակալութիւնից յետոյ‚ Նալբանդեանի հասցէին որեւէ անպատշաճ բան չի գրւում: Այս շրջանում «Մեղուն» հրատարակւում էր գլխաւորապէս Միքայէլ Պատկանեանի ջանքերով‚ եւ Մանդինեանն այլեւս գերիշխող դեր չուներ խմբագրութեան մէջ: Եւ ահա‚ 1862-ի աշնանը Մ. Պատկանեանը հնարաւորութիւն է տալիս Մ. Միանսարեանին՝ համարից համար տպագրելու իր հաւաքած ազգային բանաստեղծութիւնները: Կից յօդուածում Միանսարեանը բացատրում է ազգային երգերի տպագրութեան անհրաժեշտութիւնը՝ «Հայրենի լեզուն սովորելու եւ տարածելու»‚ ինչպէս եւ «ազգայնութեան եւ հայրենասիրական ոգին արթնացնելու եւ զարգացնելու համար (տե՛ս «Մեղու Հայաստանի»‚ 1862‚ N 47‚ էջ 186)։ Շատ խորհր/365/դանշական է‚ որ «Մեղուի» 47–52 համարներում զետեղուած բանաստեղծութիւնների շարքում տեղ են գտել նաեւ «Իտալացի աղջկայ երգ 1859 թուականից» (N 48) եւ «Ազատ աստուածն այն օրից» բանաստեղծութիւնները (վերջինը՝ N 49-ում)‚ բնականաբար առանց ստորագրութեան: 1863 թուականից «Մեղու Հայաստանի» թերթը խմբագրում էր ազգային պահպանողական հոսանքի աչքի ընկնող գործիչներից մէկը‚ Պետրոս Սիմէոնեանը‚ որը բարեացակամօրէն էր արտայայտւում ե’ւ Նալբանդեանի‚ ե’ւ «Հիւսիսափայլի» մասին

Էջ 8‚ տ. 24-25. …նոյն կոնդակը Մանդինեանց տէր Ստեփանոսը մատեան էր անցուցանում Ակնարկը վերաբերում է Ներսէս Աշտարակեցուն‚ որի մօտ գրագիր էր եղել Ստեփանոս Մանդինեանը։ 

  Էջ 10‚ տ. 5-6. …երեւ սոքա արժան համարէին գլովս դնել… շնչառութիւնը շատ կը ծանրանար Նալբանդեանը «Յիշատակարանի» առաջին գլխից բացի Մանդինեանի յօդուածին պատասխանում է եւ առանձին յօդուածով («Նամակ առ հրատարակողի»‚ «Հիւսիսփայլ»‚ 1858‚ N 4)։ 

տ. 20-21. …ինչպէս մի ուրիշի մագիստրոսութիւն‚ մի բարձրաստիճան մասնաւոր մարդու ձեռքից ստացուած Ակնարկում է Մսեր Մսերեանին‚ որն իր կազմած կրօնի դասագրքերի համար Ներսէս Աշտարակեցուց ստացել էր «աստուածաբանութեան մագիստրոս» տիտղոսը։ Նալբանդեանի ակնարկը խորապէս խոցում է հայր եւ որդի Մսերեաններին‚ որոնք‚ տպագիր յօդուածներից բացի‚ իրենց անձնական նամակներում եւս բողոքում էին «Հիւսիսափայլի» աշխատակիցներից՝ Մսեր մագիստրոսին վիրաւորելու համար

  Այս հարցին յատուկ անդրադարձել է Զարմայր Մսերեանը՝ իր «Հայկազնեան տարեգիր» բաժնի մի յօդուածի ընդարձակ սեւագրութեան մէջ («Մասնաւոր դիտողութիւնք ի վերայ ընթացից եւ նպատակի «Հիւսիսափայլ» ծրագրի»)‚ որի՝ մեզ հետաքրքրող հատուածը մնացել է անտիպ: Նալբանդեանը‚– գրում է յօդուածագիրը‚- յաճախակի կրկնելով մագիստրոս բառը‚ ցոյց է տալիս յայտնապէս մի առանձնական կիրք մախանաց կամ ատելութեան ընդդէմ մի այնպիսի անձին՝ որ ունի զայդ ուսումնական պատուանունը: …Եթէ մախանաց եւ ատելութեան պտուղ չէ այդ‚ ի՞նչ է ուրեմն: Ճշմարտախօսութի՞ւն. բարւոք է. բայց միթէ մեծ եւս եւ անհակառակելի ճշմարտախօսութիւն չպիտի՞ համարուի ասել՝ թէ մի քաջ հայկաբան մատենագրէ եւ աստուածաբանական գիտութեան հմուտ անձնէ այնքան հեռի չէ’ Մագիստրոսական արժանաւորութիւնն‚ որքան մի սոսկ դարբնական անձնէ հեռի է Կոմսականն» . Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 192‚ վաւ. 123)։

Էջ 11‚ տ. 5-6. …ինչպէս ասել էր Նալբանդեանցը- Խօսքը վերաբերում է Նազարեանի «Հանդէս նոր հայախօսութեան» գրքի մասին Նալբանդեանի գրած գրախօսութեանը (տե՛ս «Կրիտիկա «Հանդէս նոր հայախօսութեան»‚ սոյն հրատարակութեան հ. II‚ էջ 172-182)

տ. 13. …մի յօդուած տեսա վաճառականութեան մասին Նկատի ունի Ստ. Նազարեանի «Թէ ինչ է վաճառականութեան խորհուրդը ընդհանրապէս եւ թէ ինչպէս է կերպարանագործուել Անգլիաի վաճառական զօրութիւնը» յօդուածը‚ որը տպագրուել է «Հիւսիսափայլի» 1858 թ. երրորդ համարում։ 

տ. 23. …Կարոլոս Բոսքոյի ճարտարութեամբ - Իտալացի նշանաւոր ձեռնածու Բարտոլոմեօ Բոսկոյի որդին՝ Կարոլոս Բոսկոն հօրից սովորելով ձեռնածուի արուեստը‚ այն աւելի է կատարելագործում։ Նրա ձեռնածուական առաւել նշանաւոր համարը հետեւեալն էր. հասարակութեան ներկաիւթեամբ փակում էր արկղը‚ կնքում այն մի քանի տեղից‚ ապա‚ առանց կնիքները եղծելու‚ արկղից հանում էր միջի պարունակութիւնը կամ նորանոր  /366/ առարկաներ աւելացնում. պ. Խ. ցանկանում էր ասել‚ որ իրենց յաջողւում է վարժ ձեռնածութեան ճանապարհով տէրութեան ներսում գործած ապրանքների վրայ դնել տալ մաքսատան կնիքը եւ այդ կեղծիքի միջոցով հաստատել ապրանքների արտասահմանեան ծագումը:

Էջ 13‚ տ. 5-6. …«Ըստ խոզի‚ հարսնացելոյ կոյաջուր բաղանիք» Տե’ս Ղազար Փարպեցու «Թուղթը» (Մոսկուա‚ 1853‚ էջ 49)։ 

  տ. 14. …պատահեցայ ես մի հազուագիւտ քաղաքավարի մարդու «Քաղաքավարի մարդու» հետ պատահած անցքը‚ ըստ Երուանդ Շահազիզի տուեալների‚ տեղի է ունեցել Մսեր Մսերեանի հետ: Նրան հիւր գնացողներն են եղել Մ. Նալբանդեանը եւ Մովսէս քահանայ Ալամխանեանը։ Զարմայր Մսերեանը իր վերը յիշուած յօդուածի անտիպ հատուածում յիշատակում է եւ այս դէպքը‚ որը արտացոլուել էր «Յիշատակարանում» եւ որը‚ ինչպէս երեւում է‚ իսկապէս‚ իրական հիմք ունէր

  Էջ 15‚ տ. 3. …որով վճռուեցաւ «Կովկասը» - «Կովկաս» (1846 –1847)‚ քաղաքական եւ բանասիրական շաբաթաթերթ։ Հրատարակւում էր Կովկասի փոխարքայութեան պաշտօնական «Кавказ» լրագրին զուգահեռ‚ Յակոբ Արզանեանի եւ Յակոբ Կարէնեանի փաստական խմբագրութեամբ։ Պաշտօնական պատասխանատոմ «Кавказ»-ի խմբագիր Իոսիֆ Կոստանդինովն էր: 1846-ի սեպտեմբերից խմբագրութեան անդամ է դառնում եւ Գաբրիէլ Պատկանեանը։ 

«Կովկասում» տպագրուած նիւթերը գերազանցապէս թարգմանութիւններ էին «Кавказ» լրագրից. լեզուն գրաբարն էր: Շաբաթաթերթին աշխատակցում էին Թիֆլիսի մտաւորականները‚ հոգեւորականներ‚ զինուորականներ‚ Ներսիսեան դպրոցի եւ Լազարեան ճեմարանի աշակերտներ: Այստեղ տպագրուել են եւ Խ. Աբովեանի պանսիոնի սաների  թարգմանութիւնները

  «Կովկասը» լայն տարածում չգտաւ ընթերցողների շրջանում. թերթը առաջին տարին ունէր 138 բաժանորդ‚ երկրորդ տարին՝ 192

  տ. 9. …որով վճռուեցան… «Արարատը» - «Արարատ» (1850-1851) լրագիր քաղաքական‚ առեւտրական եւ բանասիրական: Խմբագիրն էր Գաբրիէլ քահանայ Պատկանեանը: «Կովկասի» անյաջողութիւնը բացատրելով դրա գրաբար լեզուով‚ Պատկանեանն իր շաբաթաթերթը հրատարակում է աշխարհաբար: Այն նախատեսուած էր ընթերցողների լայն շրջանակի‚ «բազմաթիւ չուսելոց համար‚ ուստի եւ համարները կազմւում էին ընթերցանութեան ժողովածուի ձեւով: «Արարատի» էջերում տպագրուել են գեղարուեստական արձակի նմուշներ‚ բանաստեղծութիւններ‚ երգիծական մանրապատումներ‚ որոնք աչքի էին ընկնում բարոյախրատական ուղղուածութեամբ։ Այստեղ են տպագրուել նաեւ Միքայէլ Նալբանդեանի եւ Ռափայէլ Պատկանեանի առաջին բանաստեղծութիւնները

  «Արարատում» տեղ են գտել բանասիրական‚ մանկավարժական‚ բնագիտական յօդուածներ‚ առեւտրական ծանուցումներ‚ ներքին եւ արտաքին լուրեր եւ այլն: Պատկանեանն իր թերթով ձգտում էր նպաստել հայ ազգի ինքնաճանաչութեան արթնացման գործին‚ ազգի առաջընթացի եւ լուսաւորութեան երաշխիքը տեսնելով ռուս մեծ ժողովրդի հետ նրա ունեցած կապի մէջ: Հրատարակուել է շաբաթաթերթի 33 համար

  Էջ 16‚ տ. 1-2. …«Նոր քնար Հայաստանի» անունով տետրակի չորրորդ համար «Նոր քնար Հայաստանի» ընդհանուր խորագրով Ոսկան Տէր-Յովհաննիսեանի հրատարակութեամբ լոյս են տեսել

ա) Զանազան երգք‚ հանգուցեալ Ադամայ Երեւանեցւոյ‚ Ազբար մականուանելոյ‚ ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1855։  /367/

բ) Ջանազան երգք‚ պարոն Յովհաննիսի Կարապետեան Աշըգ Շիրին մականուանելոյ‚ ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1856։ 

  գ) Զանազան երգք‚ պարոն Յովհաննիսի Շահրամանեանց Ներանի մականուանելոյ‚ ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1856։ 

դ) Զանազան երգք‚ պ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ Սէյեադ մականուանելոյ‚ յօգուտ ազգի ի լոյս ընծայեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1857։

ե) Երկասիրութիւնք ազգային երգչաց‚ ի լոյս ընծայեաց յօգուտ համազգեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ արդեամբք պ. Յովսէփայ Աստուածատրեան Իզմիրեանց Ղըզլարեցւոյ‚ Մոսկուա‚ 1858։ 

  զ) Զանազան երգք‚ պ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ Սէյեադ մականուանելոյ‚ ի լոյս ընծայեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1859։

է) Երկասիրութիւնք ազգային երգչաց‚ ի լոյս ընծայեաց Ոսկան Տէր-Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի‚ Մոսկուա‚ 1859։ 

  Էջ 19‚ տ. 36. …ուր շատ անգամ ընկնում են մարդիկ Անշուշտ նկատի ունի Խորենացու պատմած առասպելը Արտաւազդի մահուան մասին (տե’ս Մովսէս Խորենացի‚ Պատմութիւն Հայոց‚ գիրք Բ. ԿԱ)։ Հմմտ. նաեւ՝ Մ. Աբեղեան‚ Հայ ժողովրդական առասպելները («Արարատ»‚ 1900‚ N 6‚ էջ 305)։ 

տ. 20. …Ներսիսեան դպրոցի շնորհքով շատ հեռի չէք կարող գնալ-«Յիշատակարանի» հետագայ բաժիններում եւս Նալբանդեանը բացասական կարծիք է յայտնում Ներսիսեան դպրոցի մասին‚ նշելով‚ թէ այն չի կարող ուրախացնել իրեն‚ մինչեւ «օրինաւոր կերպով եւ իրաւունքով արժանի լինի դպրոց անունը իւր վերայ կրելու: Այժմեան ժամանակումս‚-շարունակում է Նալբանդեանը‚- թո՛ղ նորա ուրիշ բազմամասնեայ թերութիւնքը‚ միմիայն այն ուղղութիւնը ամենայն բան ուսուցանել օտարի լեզուով‚ հերիք պատճառ է‚ որ ամենայն հայի սիրտ օտարանայ այդ դպրոցից եւ նայի նորա վերայ որպէս մի խրտուիլակի վերայ» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 94)։ Վրաստանի հայոց հոգեւոր դպրոցը‚ որ հետագայում ստանում է «Ներսիսեան» անունը‚ 1824 թ. հիմնադրել է Վրաստանի թեմի առաջնորդ Ներսէս Աշտարակեցին‚ Եփրեմ կաթողիկոսի նախաձեռնութեամբ: Սկզբնական շրջանում‚ մասնաւորապէս Յարութիւն Ալամդարեանի տեսչութեան տարիներին (1824–1830 թթ. )‚ նորաբաց դպրոցը զգալի յաջողութիւնների է հասնում‚ ապա սկսում է վայրէջք ապրել։ 

Այն բանից յետոյ‚ երբ 1836 թ. մարտի 11-ին ընդունւում է «Պոլոժենիէն»‚ դրա 112-րդ յօդուածով որոշւում է Ռուսաստանի լուսաւորչական հայոց վիճակներում հաստատել հոգեւոր դպրոցներ (սեմինարիա): «Պոլոժենիէի» ոգով 1837-ի փետրուարին բացւում է Էջմիածնի սինոդը‚ օգոստոսին՝ Թիֆլիսի կոնսիստորիան‚ Վրաստանի առաջնորդ եւ կոնսիստորիայի նախագահ Կարապետ արքեպիսկոպոսը անցնելով աշխատանքի‚ ձեռնարկում է թեմական դպրոց բացելու գործը։ Այդ հարցով նա բանակցում է բարոն Ռոզէնի հետ‚ իր կողմից առաջարկելով արդէն գործող Ներսիսեան դպրոցը վերածել թեմականի։ Փոխարքան ստանում է ներքին գործոց մինիստրի համաձայնութիւնը եւ 1837 թ. յուլիսի 1-ից Ներսիսեան դպրոցը պաշտօնապէս ճանաչւում է Վրաստանի հայոց թեմի սեմինարիա: Դպրոցն այդ շրջանում ունէր ընդամենը չորս դասարան‚ փոքրաթիւ աշակերտներով եւ սահմանափակ ուսումնական ծրագրերով: Ռուսաց լեզու‚ պատմութիւն‚ աշխարհագրութիւն եւ թուաբանութիւն առարկաներն աւանդւում էին ռուսերէն. չկային դա/368/սագրքեր եւ օժանդակ այլ նիւթեր։ Հետագայում այլեւայլ պատճառներով դպրոցն ընկնում է ծանր վիճակի մէջ: Դրութիւնը բաւականաչափ բարելաււում է Պետրոս Շանշեանի տեսչութեան տարիներին (1853-1857)‚ սակայն Սարգիս Ջալալեանի ծաւալած գալայ ծանքների պատճառով նա հրաժարական է տալիս‚ Շանշեանի տեսչութեանը յաջորդում է Ներսիսեան դպրոցի պատմութեան անփառունակ մի շրջանը‚ որին քաջատեղեակ Նալբանդեանը արդէն հնարաւոր է համարում այդ դպրոցը խրտուիլակ անուանել:

Ներսիսեան դպրոցի այդ շրջանի իրադարձութիւններին Նալբանդեանը նուիրել է նաեւ մի առանձին յօդուած‚ «Հռոմէական նամակը»‚ Ալֆոնզոյ Ռաթթի ստորագրութեամբ (տե՛ս սոյն հատորում‚ էջ 281)։ Միայն 1861 թուականից է‚ որ Մատթէոս կաթողիկոսն ընտրում է նոր հոգաբարձութիւն‚ հաստատում նրա ներկայացրած կանոնադրութիւնը‚ եւ դպրոցը պաշտօնապէս անուանում Ներսիսեան

Էջ 21‚ տ. 3. …կարդացած կը լինիք Լերմոնտովի «Մարգարէն» - Խօսքը Լերմոնտովի «Пpopок» բանաստեղծութեան մասին է: Այդ բանաստեղծութեան՝ Նալբանդեանի թարգմանութիւնը երկար ժամանակ մնացել է անտիպ: Առաջին անգամ տպագրուել է «Արշաւ» հանդէսում (Թբիլիսի‚ 1940‚ N 3)։ «Մարգարէի» թարգմանութեան տպագրութեան հանգամանքների մասին տե՛ս սոյն հրատարակութեան առաջին հատորում (էջ 420-422)։ 

էջ 22‚ տ. 11. …միւս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով -Յովհաննէս Դրասխանակերտցու վերոյիշեալ աշխատութիւնը Նալբանդեանը սխալմամբ վերագրել է Խորենացուն։

տ. 12. …Կարդացէք Ղազար Փարպեցու «Նամակը» Տե՛ս Ղազարայ Փարպեցւոյ թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից

Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին տեսուչ Լազարեան ճեմարանի Արեւելեան լեզուաց: Մոսկուա‚ ի տպարանի Վլադիմիրայ Գոտիէ‚ 1853‚ էջ 1-68: Տե՛ս նաեւ այս հրատարակութեան 4-րդ հատորը։ 

տ. 16–17. …մօտենում են նորա խնկելի ոսկրներին եւ հանելով գերեզմանից թափում են ջրի մէջ - Նալբանդեանը յենուելով Փարպեցու «Թղթի» վրայ եւ կրկնելով ժամանակի բանասէրներին‚ իր մի քանի աշխատութիւններում յիշատակում է այն փաստը‚ որ հոգեւորականները ձեռնամերձ են եղել Մովսէս Խորենացու աճիւնին եւ նրա ոսկորները հանելով գերեզմանից‚ թափել են գետը։ Սակայն‚ սկսած 1890-ական թուականներից‚ Միաբանի (Գալուստ Տէր-Մկրտչեանի եւ Նորայր Բիւզանդացու յօդուածներում աստիճանաբար հերքուեց այդ տեսակէտը‚ իսկ Ստ. Մալխասեանցը որոշակիօրէն յանգեց այն եզրակացութեան‚ որ «բացեիբաց պէտք է հրաժարուել այն սխալ ենթադրութիւնից‚ թէ ոսկորները գերեզմանից հանելու տեղեկութիւնը Խորենացուն է վերաբերում»: (Մովսէս Խորենացի‚ Հայոց պատմութիւն‚ Երեւան‚ 1940‚ էջ XIII): Այդ մասին նա տալիս է հետեւեալ բացատրութիւնը. «Ղ. Փարպեցու «Թղթում» Խորենացու մահուան յիշատակութիւնից յետոյ‚ ձեռագրում մի թուղթ է ընկած. ընդմիջումից յետոյ «Թուղթը» շարունակում է թուարկել աբեղաների կողմից հալածանքների ենթարկուած ուրիշ անձեր‚ որոնցից մէկի (որի անունը կորած թղթի մէջ է եղել) ոսկորները գերեզմանից հանել են եւ գետը թափել» (Ստ. Մալխասեանց‚ Խորենացու առեղծուածի շուրջը‚ Երեւան‚ 1940‚ էջ 140)։ 

Էջ 23 տ. 1. …հնարել է Բենիամին Ֆրանկլինը Շանթարգելի գիւտի հեղինակ Ֆրանկլինը մինչեւ 1860-ական թթ. հայ իրականութեան մէջ գերազանցապէս ներկայացւում էր որպէս սրբակենցաղ բարոյախօս («Շտեմարան»‚ 1822‚ 20 17‚ «Բազմավէպ»‚ 1844‚ N 24)‚ որպէս աստուածահաճոյ վարք ու բարքի ջատագով («Բազմավէպ»‚ 1845‚ /369/ N 11 «Մեղու»‚ 1856‚ N 15) եւ այլն։ Մ. Նալբանդեանը թերեւս առաջինն էր‚ որն իր «Յիշատակարանում» խօսեց Բենիամին Ֆրանկլինի մասին՝ իբրեւ ականաւոր բնախոյզ գիտնականի եւ «Հիւսիսափայլ» ամսագրի միջոցով ցոյց տուեց նրա կատարած մեծ գիւտի արժէքն ու նշանակութիւնը:

տ. 15–18. …ինչ մարդու կամենար‚ որ նա կայծակից զարկուեր… մոմ էր շինում եւ վառում էր եկեղեցում Այս սիւժէն նոյնպէս ստեղծուել է իրական հիմքի վրայ: Ահա թէ ինչ է գրում Զ. Մսերեանը իր անտիպ յօդուածի սեւագրութեան մէջ. «…միւս մանր մունր յօդուածոց մէջ մտցուցած սուտն ես՝ այստեղ բացայայտեմ ձեզ‚ պատմելով վերեւում յիշուած կնոջ եկեղեցումը մոմ դնելն՝ թէ ինչպէ՞ս եղեր է եւ ինչպէ՞ս «Հիւսիսափայլի» մէջ տպած է‚ եւ ի՞նչ նպատակով» . Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 192‚ վաւ. 123)։ Դժբախտաբար‚ վաւերագիրն այստեղ ընդհատւում է եւ Զ. Մսերեանը չի պատմում կատարուած դէպքը։

Էջ 27‚ տ. 18. «Մեծ մայր» Այս բանաստեղծութիւնը Բերանժէի «Ma grande mère» երգի թարգմանութիւնն է‚ որ Նալբանդեանը‚ հաւանօրէն‚ կատարել է ռուսերէնից։ 

Էջ 32‚ տ. 34. «Նոր քնար Հայաստանի» անունով չորրորդ տետրակը - «Նոր քնար Հայաստանի» մատենաշարի Դ. գիրքը‚ որը հրատարակուել է 1853 թ. («Երկասիրութիւնք ազգային երգչաց»)‚ Նալբանդեանը խոստանում է գրախօսել։ Հետագայում նա կատարում է խոստումը եւ‚ ինչպէս երեւում է Գ. գլխի համապատասխան տողերից‚ խմբագրին է ներկայացնում «մի փոքրիկ տետրակ» իր նկատողութիւններով: Սակայն տողատակի ծանօթութեամբ Ստ. Նազարեանը թէեւ յայտնում է‚ որ «հետեւեալ ամսատետրակներից մինի մէջ» պէտք է հրատարակուի այդ յօդուածը՝ իր նկատողութեամբ հանդերձ‚ առ այսօր բանասիրութեանն անյայտ պատճառներով այդ յօդուածները չեն հրապարակուել: Դատելով «Մեռելահարցուկ» վէպում վերոյիշեալ մատենաշարով հրատարակուած երգերի մասին Նալբանդեանի արտայայտած կարծիքներից‚ ինչպէս եւ նոյն հարցի մասին Պետրոպաւլովեան ամրոցից գրած մի նամակից‚ Նալբանդեանը չէր բաժանում Ոսկան Յովհաննիսեանի չափազանցուած կարծիքները՝ տպագրուող տաղերգուների ստեղծագործութեան արժանիքների եւ նշանակութեան վերաբերեալ (տե՛ս Մ. Նալբանդեան‚ սոյն հրատ. հ. 1‚ էջ 315 եւ ԵԼԺ‚ հ. 4‚ էջ 193)։ 

  Էջ 34‚ տ. 3-4. «Մի պարոն‚ որ պարտական էր մնացած մի կառավարութեան մի արծաթի մեծ գումար Ամբողջ այս զրոյցը‚ հաւանաբար‚ ունեցել է իրական իր հենքը‚ որովհետեւ Զ. Մսերեանն իր վերը յիշուած յօդուածի սեւագրութեան մէջ‚ ի թիւս Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանի» այլ մանրալուրերի‚ անդրադառնում է եւ այս պարոնի մասին Նալբանդեանի պատմածին

  Էջ 36‚ տ. 29. …ներս մտաւ պ. Բեգզադէն «Յիշատակարանում» Նալբանդեանն ստեղծել է Բեկզադէի չափազանց կենդանի եւ ամբողջական կերպարը‚ որը մշտական հակամարտութեան մէջ էր ժամանակի լուսաւորական շարժման գործիչների հետ։ Պարբերաբար երեւալով «Յիշատակարանի» 4-րդ‚ 7-8-րդ եւ 12-րդ գլուխներում‚ Բեկզադէն‚ ասէք‚ օրինականացնում է այդ ստեղծագործութեան հիմնական գործող անձերից մէկը լինելու իր իրաւունքը։

Սակայն ինչպէ՞ս է ստեղծուել բանասիրութեան համար մինչ վերջերս առեղծուածային մնացած այդ կերպարը։ «Յիշատակարանի» նախորդ հրատարակութեան ծանօթագրող Ն. Մուրադեանն այն կարծիքն է յայտնել‚ որ Բեկզադէ «անունը անշուշտ մտացածին է»‚ «հաւաքական մի տիպ»‚ «ժամանակի բացասական տիպի գեղարուեստական ընդհանրացումը» (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հատոր 1‚ էջ 531)‚ Էդ. Ջրբաշեանը գրում է. /370/ «Թերեւս իրական նախատիպ ունեցող‚ բայց որոշակի տիպականացման հասցուած այս կերպարը իր մէջ խտացնում է այն ողջ վատթարը‚ ինչ‚ Նալբանդեանի պատկերացմամբ‚ ունէր ազգային բուրժուազիան։ Ընչաքաղցութիւնը‚ հոգու դաժանութիւնն ու նենգութիւնը‚ բութ ինքնավստահութիւնը իր ուժի նկատմամբ… նրան դարձնում են որոշակի սոցիալական միջավայրի եւ հոգեբանութեան հարազատ արտացոլում» («Միքայէլ Նալբանդեանի արձակի գեղարուեստական համակարգը»‚ «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1979‚ N 3‚ էջ 14)։ 

Զարմայր Մսերեանը՝ իր վերը յիշուած յօդուածի սեւագրութեան մէջ («Մասնաւոր դիտողութիւնք ի վերայ ընթացից եւ նպատակի «Հիւսիսափայլ» ծրագրի») անուղղակիօրէն հաստատում է‚ որ Բեկզադէն կոնկրետ անձնաւորութիւն է: Այսպէս‚ Մսերեանը «Կոմսական օրագրութիւնքը» համարելով «չնչին եւ անշահ»‚ այդ գնահատականը հիմնաւորում է նրանով‚ որ «անոնց միջումը պարունակուած այլաբանական խօսքերի թաքուն իմաստքը ոչ ոք չկարողանար իմանալ ինքնին՝ եթէ գիտացողներից մինն չբացատրէ նմա՝ ասելով թէ այս բանս՝ այն ինչ մարդու վրայ է գրուած‚ եւ այն բանն՝ այս ինչ մարդու վերայ. ինչպէս ես ինքս եւս ցորչափ կոմսի մերձաւորներից մինն չէր ինձ յայտնած առանձնատար՝ չէի հասկանում‚ եւ չէի կարողանում գուշակել‚ թէ Սխոլաստիկ ո՞վ է‚ երազի մէջ Մագիստրոս ո՞վ է‚ այն մարդն՝ որոյ վերայ գրուած է «Հայ մարդու հայրենիքը» վերնագրով ոտանաւորն‚ ո՞վ է‚ թէ Շամիլն ո՞վ է‚ թէ Բեգզադէն ո՞վ է եւ այլն» . Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 192‚ վաւ. 123)։ 

1861 թ. «Մեղու Հայաստանի» թերթի թղթակիցներից՝ Անդրէաս Պետրոսեան ստորագրութեամբ մէկը «Հիւսիսափայլի» դէմ տպագրած իր յօդուածով ասում է. «Չէ՜‚ Կոմս Էմմանուէլ‚ այդպէս չէ՜‚ մեր խօսածը Բեկզադէի վերայ չէ՞‚ որ չգիտենք‚ թէ ո՞վ է‚ որի վերայ կարողանաս ծածկաբար խօսել ինչ որ կամենաս» («Մեղու Հայաստանի»‚ 1861‚ N 6‚ էջ 46)։ Ակներեւ է‚ որ տուեալ դէպքում յօդուածագիրը հեռու է Բեկզադէին հաւաքական կերպար ընդունելու մտքից

  Այս փաստերը‚ սակայն‚ եթէ օգնում էին որոշ չափով հաստատելու Բեկզադէի կերպարի նախատիպի հարցը‚ դեռեւս չէին լուծում Բեկզադէի առեղծուածը։ 

  Ինչպէս արդէն ասուեց «Յիշատակարանի» առաջին ծանօթագրութեան մէջ‚ Նալբանդեանը ներկայացնելով պարոն Խ. -ին‚ որն «ընդդէմ ամենայն քաղաքավարութեան» նրա մօտ էր եկել գիշերազգեստով (խալաթով)»‚ նկատի է ունեցել վաճառական Խալաթովին (կամ Խալաթեանին) Բեկզադէի եօթ հրաշալիքներին նուիրուած ԺԲ գլխում կոմս Էմմանուէլը‚ շարադրելով իր հերոսի առաջին «սխրագործութիւնը»‚ ասէք իմիջիայլոց‚ գրում է հետեւեալը. «Այս գործողութենից յետոյ‚ մի քանի մարդիկ տեսնում են Բեգզադէին‚ որ նա‚ քաղաքի նշանաւոր փողոցի մէջ‚ իւր վաճառանոցի առաջեւ‚ օր ու ցերեկով‚ գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ‚ աշխատելով խաբել‚ կամենալով մի մուշտակ գնել նորանից» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 174): Այս տողերով Նալբանդեանը թողել է նաեւ այդ այլաբանութեան բանալին‚ որն է՝ գիշերազգեստ-խալաթ-Խալաթեան: Այսպիսով‚ «Յիշատակարանի» առաջին գլխում իր հերոսին ներկայացնելով պարոն եւ անունով‚ Նալբանդեանը հետագայում ծրագրում եւ ստեղծում է գրական մի կերպար‚ որին կոչում է Բեկզադէ։ Թէեւ Խալաթեանի անձնաւորութեան եւ գործերի մասին առայժմ չունենք որոշակի տուեալներ‚ բայց հաստատ է այն‚ որ այդպիսի վաճառական‚ իրօք‚ Նալբանդեանի ժամանակներում ապրել է Մոսկուայում։ Այսպէս‚ «Նոր քնար Հայաստանի» մատենաշարի հրատարակող Ոսկան Տէր-Յովհաննիսեանցը «Զանազան երգք» գրքոյկների Բ. պրակի վերջին էջերում զետեղել է ժամանակի այն քաղաքացիների ծաւալուն ցանկը‚ /371/ որոնք նիւթապէս եւ բարոյապէս օժանդակել են իր հրատարակութեանը: Ի թիւս այլ անձանց‚ նա յիշում է եւ հետեւեալ անունը. «Խալաթեանց՝ տ. Բախշի Կիրակոսեան‚ տփխիսեցի‚ վաճառական‚ ի Մոսկուա» (տե՛ս «Նոր քնար Հայաստանի»‚ տետրակ Բ. Մոսկուա‚ 1859‚ էջ 151)։ 

Էջ 37‚ տ. 20. …ունիմ երկու հարիւր ութսուն բարեկամ Ակնարկում է «Հիւսիսափայլի» բաժանորդներին‚ որոնց թիւը տարուայ վերջում հասաւ 296-ի։ 

  Էջ 39‚ տ. 31. …դու մի էֆիմերդէն առնուս ձեռքդ «Էֆիմերիս» յունարէն բառ է‚ որ նշանակում է «օրագրութիւն»: Ալեքսանդր Մակեդոնացու եւ Յուլիոս Կեսարի ժամանակներում ռազմական իրադարձութիւններն արձանագրող այս ծրագիրը հետագայում ծանրաբեռնւում է զանազան տոմարագիտական‚ բժշկական‚ աստղաբաշխական եւ այլ տեղեկութիւններով։ XIII դարում այդ ժողովածուն թափանցում է Հայաստան՝ «Էֆիմերդիէ» անուամբ (ժողովրդական ձեւը՝ «էֆեմերդի» կամ «Եփրեմվերդի»)։ Առաջին անգամ տպագրուել է Վենետիկում‚ 1748 թ. ։ XVIII եւ յատկապէս XIX դարերում Էֆիմերդէն կորցնում է իր գիտապատմական հեղինակութիւնը եւ դառնում գրբացների‚ հեքիմների եւ հմայաբոյժների ձեռնարկ։ 

  Դեռեւս 1857 թ. «Թափառական հրեայ» վէպի թարգմանութեան առաջաբանում Մ. Նալբանդեանը‚ խօսելով հայ գրականութեան աղքատութեան մասին‚ ի թիւս այլ անարժէք հրատարակութիւնների‚ յիշատակում է եւ Էֆիմերդէն: Այն դասելով «տխուր մատենագրութեան» կարգը‚ Նալբանդեանը գրում է. «Եւ ի՞նչպէս կարելի է պահանջել‚ որ ժողովուրդը ընթացք տայ այսպիսի մատենագրութեան‚ ընդունի նորան սիրով սեղանով» . Նալբանդեան‚ սոյն հրատարակութեան հ. II‚ 1980‚ էջ 76)։ 

  Մէկ տարի անց‚ իր «Մինին խօսք‚ միւսին հարսն» վէպում Նալբանդեանը Էֆիմերդէն համարում է «խաբեբայական եւ յիմար գիրք»‚ որի խորհուրդն է «մարդ խաբել եւ յիմարացնել» . Նալբանդեան‚ սոյն հրատարակութեան հ. 1‚ էջ 166)

Այդ պարզունակ‚ ոչ գիտական ժողովածուները եւ իր ժամանակի օրացոյցները քննադատելով‚ Նալբանդեանը ծրագրել էր ստեղծել իր օրացոյցը‚ որի հրատարակութեան վերաբերեալ 1859 թ. յայտարարութիւն է հրապարակւում «Հիւսիսափայլում» (N 5‚ էջ 421): Այդ օրացոյցի որեւէ օրինակը‚ սակայն‚ առ այսօր չի յայտնաբերուել (տե՛ս Ս. Դարոնեան‚ Միքայէլ Նալբանդեան‚ կեանքը եւ գործունէութիւնը‚ 1979‚ էջ 76)։ 

  Էջ 40‚ տ. 7. Դուք բոլորովին դարձել էք Լոքեռ Լութերական բառի ժողովրդական աղճատուած ձեւը: Լութերականութիւնը հայ իրականութիւն է թափանցել 1800-ական թուականներից։ Դրա կողմնակիցները գտնում էին‚ որ հայկական հնադարեան եկեղեցին ունի ծէսեր ու եկեղեցական սովորոյթներ‚ որոնք ետ են մնացել ժամանակի պահանջներից եւ‚ հետեւաբար‚ արգելակում են նրան՝ աւելի մօտիկից շփուելու ժողովրդի հետ: Այստեղից էլ առաջ էր քաշւում հայկական եկեղեցին որոշ բարեփոխումների ենթարկելու պահանջը‚ որի ջատագովներից էին ե’ւ Ստ. Նազարեանը‚ ե’ւ Մ. Նալբանդեանը։ 

տ. 7. Դուք բոլորովին դարձել էք… ֆարմասոն ասեմ Ֆարմասոն –ֆրանկմասոն բառի աղճատուած ձեւը. մասոնականութեան հետեւող։ Բառացի նշանակում է՝ «ազատ աղիւսագործներ»։ Ձեւաւորուել է Անգլիաում՝ XVIII դարի սկզբում‚ իբրեւ քարագործ բանուորների կամաւոր ընկերութիւն։ Կազմակերպական ձեւը փոխառնուած էր քարագործ բանուորների միջնադարեան ցեխային միութիւններից‚ որոնք ունէին իրենց ընդհանուր կանոնադրութիւնը եւ իրենց առանձին հաւաքատեղին (լոժ)։ Մասոնականութիւնը հանդէս էր գալիս մարդկանց բարոյական ինքնակատարելագործման‚ եղբայրական սիրոյ սկզբունքով նրանց միաւորելու քարոզներով։ Շուտով այդ շարժումը տարածւում է ամ̸372̸բողջ աշխարհում։ XVIII դարի 30-ական թթ. թափանցում է Ռուսաստան‚ այնուհետեւ‚ XIX դարում՝ Թուրքիա‚ Կոստանդնուպոլսի եւ Զմիւռնիայի հայկական հասարակութեան մէջ: Հայ մասոնական կազմակերպութեան աչքի ընկնող անդամներից է Յարութիւն Սուաճեանը‚ որի միջոցով‚ Նալբանդեանը Կ. Պոլսում‚ հաւանաբար‚ ծանօթանում է տեղի հայ ֆրամասոնների հետ։ Մասոնականութեան ծրագրի մարդասիրական‚ անմեղ նկարագիրը տարբեր ժամանակներում հնարաւորութիւն է տուել քաղաքական‚ հասարակական որոշ գործիչների՝ ստեղծելու իրենց մասոնական լոժերը եւ դրանք օգտագործելու լուսաւորական գործի ծաւալման կամ քաղաքական նպատակներով

տ. 8. …չիք յարութիւն դաւանող ասեմ - Գիտափիլիսոփայական ուղղութիւն‚ որը ձեւաւորւում է Եւրոպայում XIX դարի սկզբում եւ որը ժխտում էր Քրիստոսի յարութեան աստուածաշնչեան լեգենդը: Սկզբում առաջ է քաշւում այն տեսակէտը‚ որն առհասարակ մերժում էր յարութեան պատմութիւնը: Սրան յաջորդում է երկրորդ տեսակէտը՝ Քրիստոսի լեթարգիական քնի եւ աշակերտների օգնութեամբ գերեզմանից նրա դուրս գալու մասին: Նալբանդեանի ժամանակ մեծ տարածում է ստանում Դ. Շտրաուսի տեսութիւնը‚ ըստ որի Քրիստոսը հասարակ մահկանացու էր եւ թաղուելուց յետոյ չէր կարող յարութիւն առնել

  Էջ 43‚ տ. 5. Գիրսաս է այդ բրամինապետի անունը Ջալալեան Սարգիս եպիսկոպոսի անուան անոգրամը։ Եկեղեցական ռեակցիոն գործիչ (1810–1879)։ 1851-1853 թթ. Ներսէս Աշտարակեցու կարգադրութեամբ‚ որպէս լիազօր քննիչ‚ մասնակցում է Գ. Պատկանեանի եւ Մ. Նալբանդեանի դէմ յարուցուած գործերի քննութեանը։ 1857 թ. դառնում է Վրաստանի թեմի առաջնորդ եւ յամառ պայքար ծաւալում ազգային-պահպանողական գործիչների եւ մասնաւորապէս Պետրոս Շանշեանի դէմ։ Վերջինս հարկադրուած է լինում հրաժարական տալ Ներսիսեան դպրոցի տեսչի պաշտօնից: Իր յետադէմ գործունէութեամբ Ս. Ջալալեանը առաջացնում է ժամանակի Կովկասի հայ հասարակութեան անբաւականութիւնը‚ թողնում է առաջնորդութիւնը եւ մենանում Սանահնի վանքում։ Հետագայում իբրեւ թեմակալ առաջնորդ աշխատում է Ղարաբաղի եւ Ատրպատականի թեմերում։

տ. 27. …նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արիւնով 1857 թ. փետրուարին Ներսէս Աշտարակեցու յանկարծամահ լինելու կապակցութեամբ Թիֆլիսի մտաւորականութեան շրջանում տարածւում է այն կարծիքը‚ թէ կաթողիկոսին թունաւորել է Սարգիս Ջալալեանը։ Այդ կասկածն‚ իհարկէ‚ հիմնազուրկ էր։ Աւելի ուշ‚ 1867 թ. յունիսի 6-ին Կովկասեան փոխարքայութեան գլխաւոր վարչութեան պետին ուղղած մի դիմումի մէջ այդ հարցի մասին Ս. Ջալալեանը գրում է. «Մի կողմից տեսնելով‚ որ անհնարին է վարկաբեկել ինձ ժողովրդի աչքում‚ միւս կողմից նկատելով հասարակութեան մէջ պատուաւոր տեղ գրաւող անձանց նուիրուածութիւնը եւ կառավարութեան յատուկ ուշադրութիւնը դէպի ինձ‚ նրանք զայրացան եւ վախենալով‚ որ այդ լաւ նշանների ազդեցութեան տակ ես միշտ էլ ի վիճակի կը լինեմ հակազդել նրանց դիտաւորութիւններին‚ նրանք վերջապէս վճռեցին ամենաանխիղճ արարքը գործել՝ ինձ բարոյապէս սպանելու նպատակով եւ դրանով ստիպելու ինձ հեռանալ ասպարէզից եւ թողնել դպրոցը նրանց կամայականութեանը. լուր տարածեցին‚ որ կառավարութեան հրամանով ես ձեռք եմ բարձրացրել Ներսէսի կեանքի վրայ‚ եւ առաջինը յանդգնել է այդ լուրը մամուլին յանձնել նոյն Նալբանդովը‚ այդ ժամանակ Մոսկուայում հրատարակուող «Հիւսիսափայլ» ամսագրում‚ բայց վախենալով արդարադատութեան հետապնդումներից‚ տեղափոխել է իմ անուան առաջին տառերը եւ Սարգսի փոխարէն գրել է «Գարնաս»‚ ըստ որում մասնաւոր նամակներով ̸373̸ ամենուրէք լուր է տուել‚ որ այդ յօդուածը ինձ է վերաբերում» (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. 1‚ 1945‚ կոմենտարներ եւ ծանօթագրութիւններ‚ էջ 531)։

Էջ 43‚ տ. 33. …հօրեղբայրս ներս մտաւ Հօրեղբայր անուան տակ այստեղ‚ ինչպէս եւ հետագայ էջերում‚ Նալբանդեանը‚ հաւանօրէն‚ նկատի ունի Ստեփանոս Նազարեանին

  Էջ 45‚ տ. 34. …մի ստոյգ տեղեկութիւն հասուցանէին մեզ այս իրողութեան մասին Այս աւանդութիւնը հիմնաւորող որեւէ փաստ յայտնի չէ։ Ճիշտ չի կարող լինել եւ սպանութեան հիմնական մոտիւը‚ այն է՝ իր անունով հրովարտակ ստանալը։ Պետրոս Մարկոսեանը մեռնում է 1779 թ. յունուարին‚ այնինչ նրա անունով տրուած կայսրուհու հրովարտակն ստացւում է նոյն թուականի նոյեմբերին

  Էջ 46‚ տ. 4-5. Ահա՛ այդ հրովարտակի հարազատ թարգմանութիւնը Տե՛ս Собрание актов‚ относящихся к обозрению истории армянского народа‚ часть 1‚ Mocквa‚ 1833. Նալբանդեանի անձնական գրադարանում պահպանուել են այդ հրատարակութեան երեք պրակները‚ որոնցից առաջինը՝ հեղինակի նշումներով‚ մի բան‚ որ հիմք է տալիս ենթադրելու‚ թէ հէնց այդ օրինակն էլ ձեռքի տակ է ունեցել։ 177 էջում‚ Եկատերինա II-ի հրովարտակի վրայ Նալբանդեանի գրչով գրուած է «N 1»‚ իսկ վերջում՝ «տե՛ս երես 196». այդ էջում Պաւելի հրովարտակի վրայ՝ «N 2»‚ իսկ վերջում՝ «տե՛ս երես 248». այդ էջում‚ Ալեքսանդրի հրովարտակի վրայ՝ «N 3»։ Նալբանդեանի օգտագործած էջերը իրենց վրայ կրում են աշխատանքի հետքեր. ունեն ուղղումներ եւ այլն։ 

  Էջ 58‚ տ. 9-10. …հեռացուեցաւ այդ պաշտօնից‚ որպէս զգուշալի մարդ - Ակնարկում է իր երբեմնի ուսուցիչ‚ կաթոլիկ Մկրտիչ Եգենեանին‚ որին Գաբրիէլ Պատկանեանի փոխարէն Նոր Նախիջեւանում վարժապետ էր կարգել Ներսէս Աշտարակեցին: Եգենեանի դպրոցի հետ կապուած միջադէպով էլ սկսւում է Նալբանդեանի հասարակական գործունէութիւնը։

Էջ 59‚ տ. 36–37. Այս բանի մանրամասն նկարագրութիւնը… «Մինին խօսք‚ միւսին հարսն» աշխատութեան մէջ - «Մինին խօսք‚ միւսին հարսն»՝ Մ. Նալբանդեանի անդրանիկ վէպը‚ որը տպագրուել է 1858 թուականին‚ բայց հեղինակի կամքով հրապարակ չի հանուել: Երկար ժամանակ բանասէրների որոնումները‚ գտնելու վէպը‚ չհասցրին որեւէ արդիւնքի: Միայն 1969 թ. «Մինին խօսք‚ միւսին հարսն» վէպի պահպանուած եզակի օրինակը գտնուեց Եգիպտոսում (Գահիրէ) եւ բերուեց Հայաստան‚ որտեղ այն տպագրուեց 1971 թ.: (Վէպի մասին աւելի հանգամանօրէն տե՛ս սոյն հրատարակութեան I հատորի ծանօթագրութիւններում‚ էջ 447–490)։ 

  Էջ 63‚ տ. 24. Թէ ո՞րքան ժամանակ ել է այդ դպրոցը‚ չկայ այդ մասին մի գրաւոր յիշատակարան- Սուրբ Խաչի վանքին կից դպրոցի շինարարութիւնը Յովսէփ Արղութեանն սկսում է 1783 թ. եւ աւարտում 1780-ական թուականների վերջերին: Դպրոցն սկզբնական շրջանում ունէր 40 աշակերտ: Շուտով Արղութեանը՝ եւս 30 երեխաների‚ որոնք որբացել էին ռուս-թուրքական պատերազմի օրերին‚ ուղարկում է Սուրբ Խաչի վարժարան‚ այնտեղ ապրելու եւ սովորելու: Այդ դպրոցը Գ. Պատկանեանի արտայայտութեամբ առաջին գիշերօթիկ հայկական դպրոցն էր։ Այն ղեկավարում էր եռանդուն եւ հմուտ մի գործիչ՝ Թադէոս վարդապետը (տե՛ս Վ. Բարխուդարեան‚ Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմութիւն‚ 1967‚ էջ 405)։ 

Յովսէփ Արղութեանի Ռուսաստանից մեկնելուց յետոյ‚ 1800 թ. երբ վախճանւում է նաեւ Թադէոս վարդապետը‚ Սուրբ Խաչի դպրոցը փակւում է: Հետագայում‚ սակայն‚ յաջորդ վանահայրերի օրօք մերթ բացուելով‚ մերթ փակուելով յարատեւում է մինչեւ ̸374̸ 1868 թ. ։ Այդ թուականին Գեւորգ IV-ի առաջարկով այն վեր է ածւում «ժառանգաւորաց դպրոցի» (տե՛ս Ե. Շահազիզ‚ Նոր Նախիջեւանի Ս. Խաչ վանքը‚ Թիֆլիս‚ 1901‚ էջ 51-52)։ Պէտք է ենթադրել‚ որ դպրոցի վերջին շրջանի գործունէութիւնը խիստ աննշան է եղել‚ եթէ Նալբանդեանը որոշակի տուեալներ չունէր դրա մասին

Էջ 63‚ տ. 30-31. …մի քանի զրկանք‚ որ բաւական մաքուր դուրս են եկած այդ տպարանից Յիշատակուած տպարանը Սուրբ Խաչ վանքում հիմնադրուել է վանքի շինութիւնից անմիջապէս յետոյ‚ 1790 թ. ։ 

  Պետերբուրգում ծանօթանալով հայ տպարանատէր Գրիգոր Խալդարեանի հետ եւ տեսնելով նրա կրած դժուարութիւնները‚ Յովսէփ Արղութեանը‚ որ վաղուց ծրագրել էր տպարան հիմնադրել‚ նրան առաջարկում է տեղափոխուել Նոր Նախիջեւան կամ Աստրախան։ Երկար բանակցութիւններից յետոյ‚ Խալդարեանը պատրաստւում էր ճանապարհուել‚ սակայն հիւանդանում է եւ 1787 թ. վախճանւում։ Արղութեանը Թադէոս վարդապետին ուղարկում է Պետերբուրգ‚ իբրեւ տպարանի կառավարիչ եւ յանձնարարում միաժամանակ տպագրել Ն. Շնորհալու «Դիրք որ կոչի ընդհանրական»-ը (1788 թ. Այնուհետեւ մեծ դժուարութեամբ փակելով տպարանի 1200 թուման պարտքը‚ Արղութեանը Խալդարեանի տպարանը փոխադրում է Սուրբ Խաչի վանքը։ Այստեղ‚ երեւանցի մշակութային գործիչ‚ գրող Մարգար Խոջենցի գործակցութեամբ 1790-1795 թթ. ընթացքում տպագրուել են 20-ից աւելի գրքեր։ Այն բանից յետոյ‚ երբ Արղութեանը առաջնորդական նստավայրը փոխադրում է Աստրախան‚ տպարանը նոյնպէս՝ անհրաժեշտ հսկողութեան տակ պահպանելու համար տեղափոխում է այնտեղ: 1796-1800 թթ. Աստրախանում տպագրուել են վեց գրքեր։ (Սուրբ Խաչի վանքի տպարանի մասին հանգամանօրէն տե՛ս Վ. Բարխուդարեան‚ նշուած աշխատութիւնը‚ էջ 421-435)

  Ահա Սուրբ Խաչի տպարանում հրատարակուած գրքերի ցուցակը‚ ըստ «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակի» (1512-1800)‚ Երեւան‚ 1963

1. Ալեքսանդր Ջուղայեցի Աղօթամատոյց‚ 1790 թ. 2. Սիմէոն Երեւանցի-Զբօսարան հոգեւոր‚ 1790 թ.

3. Սաղմոս Դաւթի‚ 1790 թ

4. Ստեփանոս Սիւնեցի (Օրբէլեան) Ողբք եւ հառաչանք ի դիմաց մօր մերոյ սրբոյ Էջմիածնի‚ 1790 թ

5. Ժամակարգութիւն հասարակաց աղօթից (Ժամագիրք)‚ 1791 թ.

6. Սաղմոս Դաւթի որ կոչի Սաղմոսարան‚ 1791 թ.

7. Ղազար Ջահկեցի - Գիրք աղօթից‚ որ կոչի աստուածաղերս‚ 1792 թ

8. Յովհաննէս Երզնկացի Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ‚ 1792 թ. Յունիսի 22։ 

9. Յովհաննէս Երզնկացի Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ‚ 1792 թ. դեկտեմբերի 17

10. Յովսէփ Արղութեանց Տետրակ համառօտ անուանեալ Դուռն ողորմութեան‚ 1792 թ

11. Տարեցոյց եւ օրացոյց‚ 1792 թ

12. Ղազար Ջահկեցի Գիրք աղօթից‚ որ կոչի աստուածաղերս‚ 1793 թ.

13. Յովհաննէս (Պետրոս) Քալանթարեան Ջուղայեցի - Բժշկարան համառօտ‚ 1793 թ

14. Ֆրանչեսքօ Ֆենելոն Պատմութիւն Թէլամաքի որդւոյ Յուլիսի‚ 2 հատորով‚ թարգմ. Մարգար Երեւանցի‚ 1793 թ

15. Խորհրդատետր‚ 1794 թ ̸375̸

16. Յակոբ Նալեան - Գրքոյկս կոչեցեալ հոգեշահ յերկուց ճառից սրբոյն Յոհաննու Ոսկեբերանին յանդրիանդեայ գրքոյ երրորդ եւ չորրորդ ճառիցն ոտանաւորեալ (Հոգեշահ)‚ 1794 թ

17. Պօղոս Տիւրիկեցի Թօրոսեան Տետրակ համառօտ բառարանի (թուրք-հայերէն չափածոյ բառարան)‚ 1794 թ

18. Սիմէոն Երեւանցի - Գիրք աղօթից‚ 1794 թ

19. Ֆրանչեսքօ Ֆենելոն Պատմութիւն Թելամաքի որդւոյ Յուլիսի‚ 2 հատորով‚ թարգմ. Մարգար Երեւանցի‚ 1795 թ

20. Յովսէփ Արղութեանց - Քարոզ‚ 1795 թ.

21. Տարեցոյց եւ օրացոյց ամի տեառն 1795 եւ մերոյ թուականի ՌՄԽԴ‚ 1795 թ.: 

Ցուցակում բերուած «Աղօթամատոյց» եւ «Զբօսարան հոգեւոր» գրքերը տպագրուել են մէկ գրքով՝ «Գանձարան ուխտականութեան» ընդհանուր խորագրի տակ: Այստեղ էլ «Զբօսարան հոգեւոր» գրքի 47-49 էջերում զետեղուել է «Նշանք թագաւորացն հայոց» հատուածը‚ որը Գ. Լեւոնեանը յիշատակում է իբրեւ առանձին հրատարակութիւն (տե՛ս «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ»‚ էջ 109‚ 166)

Ի դէպ‚ Նալբանդեանը խօսելով այս տպարանի հրատարակութիւնների մասին‚ ի թիւս մի քանի այլ գրքերի‚ որոնք «բաւական մաքուր դուրս են եկած այդ տպարանից»‚ յիշում է եւ Շնորհալու «Յիսուս որդին»: Պարզւում է‚ սակայն‚ որ «Յիսուս որդին» տպագրուել է Պետերբուրգում‚ Խալդարեանի տպարանում‚ 1785 թ. Յովսէփ Արղութեանի յանձնարարութեամբ։ Հաւանաբար երբ 1789-ին Արղութեանը տպարանը տեղափոխում է Նոր Նախիջեւան‚ բերում է եւ Խալդարեանի հրատարակութիւնների տպաքանակների մնացած մասը‚ որը տարածւում է տեղի հայութեան մէջ։ Հնարաւոր է‚ որ Նալբանդեանի յիշողութեան մէջ մնացած լինի «Յիսուս որդու հէնց այդ‚ իսկապէս շատ վայելուչ տեսքի‚ հրատարակութիւնը։ 

Էջ 64‚ տ. 15. …ժողովրդից անուանւում է Սագլըգ սու Սագլըգ սու (թուրքերէն՝ առողջարար ջուր) - աղբիւր Նոր Նախիջեւանի Սուրբ Խաչ վանքի մօտ։ «Հին ժամանակներից նախիջեւանցիք սովորութիւն են արել գնալ այդ աղբիւրը‚ լողանալ նորա մէջ‚ լուանալ հիւանդ եւ ցաւած տեղերը եւ հնոտիներ փաթաթել նորա մօտ գտնուած ծառերի ճիւղերին» . Շահազիզ‚ նշուած աշխատութիւնը‚ էջ 16)։ 

Էջ 70‚ տ. 31. …« » ծրագրի միջնորդութեամբ Տե՛ս Մ. Թաղիադեան‚ 100000 ռուփիք («Ազգասէր»‚ 1846‚ 60‚ 61) եւ օրինակ կտակի Բաբաջանի կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համադանցւոյ («Ազգասէր»‚ 1846‚ 34 60)

  Էջ 75‚ տ. 3-5. …համարձակւում էին բազմութեան մէջ… թէ հասուցած էին 400 աշակերտք - Ակնարկը վերաբերում է Ներսիսեան դպրոցին

  Էջ 76‚ տ. 34. …Մաքիաւելու հոգով տոգորուած մարդերի գործակատարութեանը - Արձակագիր‚ բանաստեղծ‚ դրամատուրգ‚ հասարակական կեանքի տեսաբան Նիկոլօ Մաքիաւելին (1469-1527) իտալական Վերածննդի ժամանակաշրջանի գործիչներից էր։ Նա հիմնադիրն էր մի ուսմունքի‚ որի հիմքում ընկած էր բաժան-բաժան եղած Իտալիայի միաւորման խնդիրը։ Դրան հասնելու համար‚ սակայն‚ նրա առաջարկած միջոցները հեռու էին բարոյական լինելուց։ Մաքիաւելին զարգացնում էր այն միտքը‚ որ երկրի միաւորումը կարող է իրականացուել միայն հզօր ու անկախ միապետի միջոցով‚ որին՝ իշխանութեան հասնելու համար թոյլատրելի են բոլոր միջոցները՝ խաբէութիւն‚ երկերեսանիութիւն‚ քաղաքական շանտաժ‚ հաւատուրացութիւն: «Մաքիաւելիզմ» արտայայտութիւնը‚ որն սկսեց գործածուել աւելի ուշ շրջանում‚ դարձաւ հոմանիշ՝ երկերեսանիութեան‚ բարոյական եւ մարդկային չափանիշների ոտնահարման եւ այլն։ 

  Էջ 80‚ տ. 30-31. «Մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց‚ զի մի առ ոտն կոխեսցեն» Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի‚ Է‚ 6. Բնագրում՝ «Մի արկանէք զմարգարի՞տ ձեր առաջի խոզաց‚ զի մի՛ առ ո՛տն կոխիցեն զնոսա»

  Էջ 81‚ տ. 15–17. Սուտ ազգասէրների սրտի մեծ ցաւի համար… տպւում են ժողովրդական ընտիր լեզուով Խօսելով աշխարհաբար լեզուով լոյս տեսած ութ անուն աշխատութիւնների մասին‚ Նալբանդեանն աւելացնում է‚ թէ դրանք յիշատակում է «սուտ ազգասէրների սրտի մեծ ցաւի համար»‚ այսինքն՝ ունենալով որոշակի միտում: Այդ միտումը հասկանալի կը դառնայ‚ եթէ յիշենք‚ որ հայ իրականութիւնը լցուած էր այնպիսի գրքերով‚ որոնք Նալբանդեանի դիպուկ որակումով ստացել են «աբեղայական գրականութիւն» անունը։ Միայն 1858 թ. տպագրւում են Գ. Այվազովսկու «Քրիստոնէական վարդապետութիւն ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (Փարիզ)‚ Ա. Արարատեանի «Դիմագրաւ ընդդէմ սատան յարուցելոյ ամենապատուական լեզուիս հայոց» (Թիֆլիս)‚ նոյն հեղինակի՝ «Սխալանք‚ որ կոչի վարդապետարան կրօնի» (Թիֆլիս)‚ Մկրտիչ Գերմանիկեցու «Առաջնորդ սրբազան տեղեաց» (Կ. Պոլիս)‚ Աւգուստինոս Հիպոնայի «Առանձնախօսութիւնք եւ առձեռնականք» (Վենետիկ)‚ անյայտ հեղինակի «Լուսաւորեալներն ու լուսաւորութիւնը» (Կ. Պոլիս)‚ Ս. Թէոդորեանի «Յաղագս մարդկային իրաւանց եւ պարտուց» (Փարիզ) եւ այլ գործեր։ Ահա սրանց էր Նալբանդեանը հակադրում իրենց հրատարակութիւնները եւ հաւաստում‚ որ ոչ միայն «ճշմարտութեան քարոզիչքը գործելու են անդադար… այլեւ նոր-նոր գրքեր եւս դուրս տալու: Եւ այս գործունէութիւնը մի ժամանակաւոր բան չէ» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 81)։ 

տ. 18. 1) «Հոգեղէն կերակուր հայոց երեխաների համար» - Տե՛ս Ստեփանոս Նազարեանց‚ Առաջին հոգեղէն կերակուր հայոց երեխաների համար‚ Մոսկուա‚ 1853

տ. 19. 2) «Վարդապետական կրօնի» - Տե՛ս Ստեփանոս Նազարեանց‚ Վարդապետարան կրօնի‚ Մոսկուա‚ 1853։

տ. 20. 3) «Հանդէս նոր հայախօսութեան»‚ երկու մեծ հատոր Տե՛ս Ստեփանոս Նազարեանց‚ Հանդէս նոր հայախօսութեան‚ երկու հատոր‚ Մոսկուա‚ 1857։ 

տ. 21. 4) «Թափառական հրեայ» (առաջին մեծ հատոր) Տե՛ս «Թափառական հրեայ գործ Եժեն Սիւ ֆրանսիացու‚ հեղինակի «Փարիզեան գաղտնիքների» եւ այլ գրուածների: Միքայէլ Նալբանդեանցի աշխատութենով‚ հատոր առաջին‚ Մոսկուա‚ 1857։

տ. 22. 5) «Դքսուհի դը Շեւրէոզ» Կլեմանս Րոբերտի «Դքսուհի դը Շեւրէոզ» վիպակը Նալբանդեանի թարգմանութեամբ առաջին անգամ լոյս տեսաւ «Հիւսիսափայլում» (1853‚ N 2)‚ ապա նոյն թուականին՝ առանձին գրքով:

տ. 23. 6) «Պաւլոս եւ Վիրջինիա» Տե՛ս Բեռնարդան դը Սան Պիեռ‚ Պաւլոս եւ Վիրգինիա‚ թարգմ. Ստեփանոս Նազարեանի‚ Մոսկուա‚ 1858։ Վէպին կցուած է նոյն հեղինակի եւ նոյն թարգմանութեամբ «Հնդկական խուղ» պատմուածքը: Մինչ Նազարեանի թարգմանութիւնը‚ «Պաւլոս եւ Վիրգինիա» վէպը հայերէն թարգմանուել եւ տպագրուել է երեք անգամ՝ Մադրասում‚ Վենետիկում եւ Փարիզում։ Թէեւ Վենետիկի հրատարակութիւնն աշխարհաբար էր‚ Նազարեանը բաւարար չհամարելով այդ թարգմանութիւնը‚ վէպը նորից թարգմանեց բնագրից։ 

տ. 24. 7) «Մինին խօսք‚ միւսին հարսն» Տե՛ս «Մինին խօսք‚ միւսին հարսն»‚ գործ Միքայէլի Նալբանդեանց‚ Մոսկուա‚ 1858 ̸377̸ 

տ. 25. 8) «Այբբենարան հայկական լեզուի» - Տե՛ս «Այբբենարան հայկական լեզուի»‚ աշխատութին Յովհաննու Բերբերեանց‚ Մոսկուա‚ 1858‚ 

Էջ 84‚ տ. 7-8. …մտքո՞ւմ է այն Լինդման անունով հաստափոր եւ զուարճախօս բժիշկը «Յիշատակարանին Է գլուխն սկսւում է Շահբեգի մի այլաբանական նամակով‚ որը դեռեւս չի յաջողուել վերծանել: Մօտաւոր ձեւով կարելի է ենթադրել‚ սակայն‚ որ դրա գրութեան շարժառիթները կապւում են Գ. Այվազովսկու ռուսաստանեան գործունէութեան առաջին շրջանի հետ: Այսպէս‚ Շահբեկը պատմում է‚ որ Տրապիզոնում հանդիպել է Լինդման անունով մի բժշկի‚ որին իրենք մէկ տարի առաջ տեսել էին Աւստրիայի Մարիենբադ քաղաքում (որտեղ նա օրը 12 շիշ գարեջուր էր խմում)։ Կարելի է ենթադրել‚ որ նա ակնարկում է Այվազովսկու տեղափոխութիւնը Փարիզից Թէոդոսիա‚ ընդ որում՝ Փարիզում նա հրատարակում էր «Մասեաց աղաւնին»՝ տարեկան 12 համար: Այժմ նա անցել է Ռուսաստան: «Ի՞նչպէս ուրախացանք տեսանելով միմեանց‚ կարծես թէ գտանք մեր սրտի ազգականը» արտայայտութեամբ Շահբեգն ընդգծում է Այվազովսկու նկատմամբ տածած իր «մտերմական» զգացումները։ Նամակագիրն այնուհետեւ շարունակում է խօսել այն մասին‚ որ Լինդմանը՝ Գերմանիայի հանքային ջրերի բժշկական եւ բնագիտական ժողովի կողմից‚ արքունի ծախքով‚ ուղարկուել է Տաճկաստանի Բրուսա քաղաքը‚ քննելու այն տեղի հանքային ջրերը։ Նալբանդեանը սրանով‚ հաւանաբար‚ ծաղրում է Այվազովսկու՝ դէպի Ռուսաստան կատարած ճանապարհորդութեանը նախորդած աղմուկը»։

1858 թուականին «Սովրեմեննիկ» ամսագրի «ժամանակակից տեսութիւն» բաժնում տպագրւում է Կ. Եզեանի յօդուածը՝ նուիրուած հայոց լեզուի‚ գրականութեան եւ պատմութեան ուսումնասիրութեանը Եւրոպայում։ Այդ յօդուածում հեղինակը Այվազովսկու 1857 թ. ճանապարհորդութիւնը Ռուսաստանում բացատրում է բացառապէս գիտական նպատակներով։ Նա առանձնապէս կանգ է առնում այն մեծ սպասելիքների վրայ‚ որ այդ ճանապարհորդութեան հետ կապում էր գիտական աշխարհը‚ եւ‚ մասնաւորապէս‚ ֆրանսիական Արեւելեան ընկերութիւնը։ Եզեանը նշում է‚ որ այդ ընկերութիւնը Այվազովսկուն յանձնարարել է դարերի փոշիների տակից հանել մի շարք ձեռագրեր‚ ուսումնասիրել Էջմիածնի շրջակայքի հնութիւնները‚ հաւաքել արժէքաւոր արձանագրութիւններ եւ հնագիտական տեղեկութիւններ‚ որոնել կորած որոշ ձեռագրեր‚ Հայաստանի օրէնքների գիրքը եւ այլն (տե՛ս «Սովրեմեննիկ»‚ 1858‚ N 4)։ 

  Շահբեկի նամակը թուագրուած է 1858 թ. սեպտեմբերի 18-ին եւ‚ միանգամայն հնարաւոր է‚ որ արձագանքում էր նոյն թուականի ապրիլին տպագրուած՝ Եզեանի յօդուածին: Լինդմանի ցանկութիւնը՝ գնալ Հայաստան եւ տեսնել Էջմիածինը‚ թերեւս ակնարկում է Այվազովսկու՝ Էջմիածին գնալու եւ եպիսկոպոսութիւն ձեռք բերելու ծրագրերը։ 

  Ինչ վերաբերում է Լինդման անուանը‚ ապա այդ‚ հաւանաբար‚ անոգրամ է‚ որ յիշեցնում է Մանդին[եան] ազգանունը: Թւում է՝ այս նոյնպէս ժուռնալիստական մի հնարանք է‚ որով Նալբանդեանը կապում է երկու գործիչներին‚ ցոյց տալով նրանց հայեացքների նոյնութիւնը։ 

  Արամ Ինճիկեանը եւ Սուրէն Շտիկեանը Մարիենբադ քաղաքի յիշատակութիւնը համարում են լրացուցիչ եւ հիմնաւոր փաստարկ‚ որը հաստատում է 1857 թ. ամռանը Նալբանդեանի՝ դէպի Եւրոպա կատարած առաջին ճանապարհորդութեան վերաբերեալ Աշոտ Յովհաննիսեանի յայտնած կարծիքը: Լինդման անունը‚ պէտք է ենթադրել‚ նրանց կողմից ընկալւում է իբրեւ Մարիենբադեան ջերմուկների՝ Նալբանդեանի ծանօթներից որեւէ մէկը։ (Տե՛ս Աշ. Յովհաննիսեան‚ Նալբանդեանը եւ նրա ժամանակը‚ գիրք առաջին‚ էջ ̸378̸ 149–153‚ Ա. Ինճիկեան‚ Միքայէլ Նալբանդեանի կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւնը‚ 1980‚ էջ 323-325‚ Ս. Շտիկեան‚ Լրացումներ Նալբանդեանի «Յիշատակարանի» ծանօթագրութիւններին‚ «Բանբեր Երեւանի համալսարանի»‚ 1978‚ N 3‚ էջ 181)։ 

  Չբացայայտուած է մնում Շահբեգի նամակում եղած ակնարկը անգլիացի «քաջ երկրաչափիի» մասին

տ. 13-14. «Տրովատորի» ուվերտիւրը զմայլեցնում էր - Խօսքը վերաբերում է իտալական նշանաւոր կոմպոզիտոր Ջուզեպպէ Վերդիի «Տրուբադուր» օպերային‚ Նալբանդեանի խորհրդով՝ նրա մտերիմ ընկեր Հ. Սահրադեանը թարգմանել է «Տրովատորը»‚ որը լոյս է տեսել Պետերբուրգում‚ 1864 թ. ։ Գրականութեան եւ արուեստի թանգարանում պահպանւում է այդ գործի՝ Նալբանդեանին ընծայաբերուած օրինակը՝ Սահրադեանի մակագրութեամբ.

Էջ 90‚ տ. 4–5. .. որ ի լեզու պանծալի եւ ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան - Տե՛ս Մովսէս Խորենացի‚ Պատմութիւն Հայոց‚ գիրք Գ‚ ԿԱ։ Բնագրում՝ «Ի լեզու պանծալի‚ ի ստոյգ յօդանալ ճեմարանին վերաբանութեան»:

Էջ 92‚ տ. 3-4. …աշակերտ հեղգք առ ուսումն եւ փոյթք առ ի վարդապետել‚ նախ քան զտեսութիւնն աստուածաբան - Տե՛ս Մովսէս Խորենացի‚ Պատմութիւն հայոց‚ գիրք Գ‚ ԿԸ։ Բնագրում՝ «Աշակերտք հեղգք առ ուսումն եւ փոյթք առ ի վարդապետել‚ որը նախ քան զտեսութիւնն աստուածաբանք»։ 

  Էջ 93‚ տ. 14–16. «Եթէ զլեզուս մարդկան խօսիցիմ… որ ղողանջեն եւ այլն» Առ Կորնթացիս‚ Ա‚ ԺԳ‚  

  տ. 16. «. մի’ յուսմունս օտարոտիս եւ պէսպէսս դանդաչիք» Առ Եբրայեցիս‚ ԺԳ‚

Էջ 94‚ տ. 5‚ …պ. Դիւմայի կոմս Ֆենիքսի նման Խօսքը կոմս Ջուզեպպէ Բալզամօ Կալիոuտրի մասին է (1743-1795)‚ որը յայտնի էր նաեւ կոմս Ֆենիքս անունով: Կալիոստրը իտալացի բախտախնդիր էր‚ մասնագիտութեամբ բժիշկ։ Հետեւելով Մեսմերի մեթոդին‚ նա հիւանդներին փորձում էր բուժել արեւի եւ լուսնի ճառագայթների միջոցով։ Կալիոստրը երկար տարիներ շրջագայել է Արեւելքում եւ Արեւմտեան Եւրոպայի երկրներում‚ 1785-ին հաստատուել է Փարիզում‚ որտեղ կարճ ժամանակում մեծ յաջողութիւնների է հասել Լիւդովիկոս XVI-ի արքունիքում: Յարել է ֆրանկ-մասոնական շարժմանը։ Վարկաբեկուել է պալատում եւ 1786 թ. արտաքսուել Ֆրանսիայից: Ինկուիզիցիոն դատարանի որոշմամբ Կալիոստրը 1791 թ. դատապարտուել է մահուան‚ ապա դատավճիռը փոխարինուել է ցմահ բանտարկութեամբ։ 

  Իբրեւ գեղարուեստական կերպար կոմս Ֆենիքսը գործում է Ալեքսանդր Դիւմա հօր «Մի բժշկի յիշողութիւնները»‚ «Կոմսուհի Շարնի»‚ «Թագուհու մանեակը» վէպերում: Ի դէպ‚ «Թագուհու մանեակը» վէպի ֆրանսերէն հրատարակութիւնը (1850‚ Բրիւսել)‚ պահւում է Նալբանդեանի անձնական գրադարանում

տ. 5-6. …ամենայն բան գուշակում է գործ դնելով Մեսմերի արուեստը Ֆրեդերիկ Անտուան Մեսմեր (1734–1815)‚ գերմանացի բժիշկ‚ որի «Մոլորակների կայունութեան մասին» աշխատութիւնը (1766) մեծ աղմուկ է հանում։ Մեսմերն ապացուցում էր‚ որ տիեզերքի մոլորակները‚ եւ‚ մանաւանդ‚ արեւն ու լուսինը ուղղակիօրէն ներգործում են կենդանի արարածների եւ‚ առաջին հերթին‚ մարդու նեարդային համակարգի վրայ‚ առաջացնելով զանազան «մագնիսական գրգիռներ»: Այդ գրգիռները կանոնաւորելու եւ ղեկավարելու շնորհիւ‚ ըստ Մեսմերի‚ հնարաւոր էր դառնում բուժել մինչ այդ անբուժելի համարուող մի շարք հիւանդութիւններ։ 

Իր գիւտը մասսայականացնելու նպատակով Մեսմերը 1778 թ. Վիեննայից փո̸379̸խադրւում է Փարիզ‚ հիմնում մասնաւոր բուժարան եւ մեծ յաջողութեան հասնում։ Շուտով‚ սակայն‚ ֆրանսիացի նեարդաբանների յանձնաժողովը Մեսմերի տեսութիւնը եւ բուժման մեթոդները քննելուց յետոյ յանգում է այն եզրակացութեան‚ որ Մեսմերը սովորական հիպնոզացնող է։ Մեսմերը թողնում է Փարիզը եւ հեռանում‚ իսկ մեսմերիզմը կորցնելով իր հմայքը‚ զանազան անձանց ձեռքին դառնում է ամեն ինչ բուժելու‚ ամեն հիւանդութիւն գուշակելու եւ կանխելու մի «մեթոդ»։ «Յիշատակարանի» գրուելու ժամանակ‚ 1850-ական թթ. վերջերին‚ այն վերջնականապէս վերածուել էր պարզունակ գուշակութիւնների մի անլուրջ «ուսմունքի»։ 

  Էջ 98‚ տ. 30. …մի թափառական գազանանոց Փոքրիկ այս ֆելիետոնը‚ մեր կարծիքով‚ ուղղուած է Գաբրիէլ Այվազովսկու դէմ։ Թափառական գազանանոց ասելով՝ Նալբանդեանը նկատի ունի Այվազովսկու «Մասեաց աղաւնի» ամսագիրը‚ որը 1858-ի վերջին արդէն վճռուած էր փոխադրել Թէոդոսիա: Գազանանոցի մուտքի վճարը (կէս մանեթ) հաւասար է «Մասեաց աղաւնու» բաժանորդագնին‚ որը Ռուսաստանում կազմում էր 6 ռուբլի (իւրաքանչիւր համարը՝ 50 կոպեկ)։ 

  Շեշտելով այն հանգամանքը‚ որ գազանանոցի կենդանիներն արհեստական էին‚ Նալբանդեանը բնութագրում է թերթի աղքատիկ բովանդակութիւնը: Այդ միտքը նա աւելի է ընդգծում‚ խօսելով հասարակ արագիլի կամ մսրահաւի մասին (հնդկահաւ)‚ որը շպարուելով՝ գազանանոցում ներկայացւում էր իբրեւ մանուկ կազուար (թռչուն՝ ջայլամների ցեղից. ապրում է Հնդկաստանում եւ հիւսիսային Աւստրիալիայում)։ 

  Նկատի ունենալով Այվազովսկու նենգութիւնն ու նրա ամսագրի աղաւնի անունը‚ Նալբանդեանը բացականչում է. «Ինչպէս կարելի է‚ որ արագիլը կամ մսրահաւը թէեւ ծածկուած էին վահանի տակ‚ չյայտնէին իւրեանց ինչ լինելը»: Մեզ թւում է‚ այստեղ նոյնպէս անմիջական կապ պէտք է տեսնել յիշեալ ֆելիետոնի եւ Եզեանի յօդուածի միջեւ‚ որը գունազարդում էր Այվազովսկու գիտական եւ հրապարակախօսական գործունէութիւնը

  Էջ 104‚ տ. 20. …Գալիս է իմ մօտ ծանօթներիցս մինը‚ որին դուք չէք ճանաչում - Հաւանօրէն‚ նկատի ունի իր մտերիմ ընկեր Անանիա Սուլթանշահին:

Էջ 108‚ տ. 31-33. Այս բանը պատահեցաւ… Միքայէլ Յարութիւնեան Ստեփանեան մեծարգոյ պարոնի տանը Մոսկովաբնակ հայ վաճառական Միքայէլ Ստեփանեանցը հայ բանաստեղծ‚ լրագրող‚ հետագայում հոգեւորական գործիչ Ստեփան Ստեփանեանի (Խորէն Ստեփանէի) եղբայրն էր։ Նա ժամանակի ազատամիտ հայեացքներով օժտուած գործիչներից էր‚ որի տանը ազատ ել ու մուտ ունէին հայ ուսանողները։ Քաջբերունին (Գաբրիէլ Տէր-Յովհաննիսեան) պատմում է‚ որ Մոսկուայի հայ ուսանողները բոլոր տօնական օրերին‚ Խորէն Ստեփանէի հետ մեկտեղ‚ հիւրասիրւում էին նրա եղբօր տանը (տե՛ս Քաջբերունի‚ Ստեփաննոս Նազարեանցի շուրջը վաթսունական թուականներում‚ Էջմիածին‚ 1917‚ էջ 8)

Իր բնակարանի դահլիճը 1859-ի յունուարի 27-ին Միքայէլ Ստեփանեանը տրամադրում է հայ ուսանողներին‚ որոնց կողմից տրուած ներկայացումներով փաստօրէն սկզբնաւորւում է արեւելահայյ թատրոնը: Այդ իրադարձութիւնը Մ. Ստեփանեանը նշանաւորում է մի ճոխ ընթրիքով‚ որին հրաւիրուած էին բոլոր թատերասէր հայ ուսանողները։ 

  Գիտակցելով կատարուածի մեծ նշանակութիւնը հայ մշակոյթի զարգացման գործում‚ հէնց այդ երեկոյ Խորէն Ստեփանէն մի խանդավառ բանաստեղծութիւն է ձօնում հայ թատրոնին: Ահա մի հատուած այդ բանաստեղծութիւնից

Ժամ ուրախական‚ օր մեզ ցնծալի‚

Այս օր մեր կեանքում բախտաւոր կլինի‚ ̸308̸ 

Այս օր հայոց ազգ կգրէ համարձակ‚

Այս օրին կտայ Հայ ազգ իւր պսակ։ 

Խմե՞նք‚ եղբա՛րք իմ‚

Խմե՞նք աս կենաց‚

Բոկալների լի 

Մեր ազգի կենաց։

(Տե՛ս «Մեղու Հայաստանի»‚ 1859‚ N 10‚ էջ 74)։ 

Ի դէպ‚ «Հիւսիսափայլի» 1858 թ. 4-րդ համարում Ստեփանէն տպագրում է ֆրանսերէնից թարգմանուած «Հայ Մեհի Կանտիմիր» պատմուածքը‚ որը նա նուիրել էր «իր հայրախնամ եղբօրը՝ Միքայէլ Ստեփանեանցին»։ 

  Էջ 109. տ. 15. եղերերգութիւնը «Արիստակէս» անուանուած‚ ձեւացնում էր Ներսէս Մեծը (Պարթեւը) Թէեւ Նալբանդեանը ուսանողների բեմադրած առաջին պիեսն անուանում է «Արիստակէս»‚ իրականում Սարգիս Վանանդեցին նման խորագրով պիես չի գրել։ Նալբանդեանի եւ «Ճռաքաղի» յօդուածագիր Խազանճեանի յօդուածներում բերուած պիեսի բովանդակութեան շարադրանքից երեւում է‚ որ Մոսկուայի ուսանողները բեմադրել են  զմիւռնահայ դրամատուրգ Սարգիս Վանանդեցու «Սուրբ Ներսէս կամ Հայաստանի բարերար» գրաբար ողբերգութիւնը (Փարիզ‚ 1858)։ 

  Այն‚ վերամշակել էր Նիկողայոս Փուղինեանը‚ որը գրաբար լեզուն փոխել էր աշխարհաբարի եւ անուանումը՝ «Սուրբ Ներսէս կամ Հայաստանի բարերար»՝ դարձրել «Արիստակէս»

  Էջ 110‚ տ. 19. …Թէոդորոս Եսայեան Խատամեանցի «Խնդայ այսօր Հայաստան» երգը - Թէոդորոս Խատամեանը ծնուել է Ղարասու-բազարում: Աւարտել է նախ Լազարեան ճեմարանը‚ ապա Մոսկուայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ «Մուզայք Արարատեան» ժողովածուում տպագրուել են նրա վեց բանաստեղծութիւնները: Նոր Նախիջեւանում լայն տարածում է գտել Խատամեանի «Խնդայ այսօր Հայաստան» երգը‚ գրուած Երեւանի գրաւման առիթով։ 30-ական թթ. վերջին Նախիջեւանի հասարակութեան կողմից Խանամեանը հրաւիրւում է իբրեւ տեղի դպրոցի ուսուցիչ. նրա աշակերտներն են եղել Կ. Հայրապետեանը եւ նրա հասակակիցները՝ «Խատամեանի եւ Սերովբէ վարժապետի գալը մի մեծ դարագլուխ է եղել Նախիջեւանցոց համար»‚– գրում է Ե. Շահազիզը («Նոր Նախիջեւանի ուսումնարանական գործի անցեալը»‚ Նոր Նախիջեւան‚ 1894‚ էջ 27)։ 

  Ինչպէս երեւում է Նալբանդեանի վկայութիւնից‚ Խանամեանը Ս. Տիգրանեանի հետ նշանակալից դեր է կատարել դպրոցական թատրոն կազմակերպելու գործում։ 

տ. 22. …պ. Տիգրանեանցը քանի անգամ պատճառ տուեցին …մայրենի լեզուով - Տիգրանեան Սարգիս (1812-1873). նորնախիջեւանցի‚ մանկավարժ‚ թատերական տեսաբան‚ հասարակական գործիչ։ Սովորել է Լազարեան ճեմարանում‚ ապա Վ. Գ. Բելինսկու հետ միաժամանակ՝ Մոսկուայի համալսարանում։ 1835 թ. համալսարանն աւարտելուց յետոյ մեկնել է Նոր Նախիջեւան եւ ստացել ուսուցչի պաշտօն: Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարել Սիմֆերոպոլում. եղել է Թէոդոսիայի Խալիբեան վարժարանի տեսուչը (1858–1870 թթ. ): Նոր Նախիջեւանում իր հայրենակից եւ համալսարանական դասընկեր Թ. Խատամեանի հետ‚ աշակերտութեան ուժերով‚ կազմակերպել է թատերական ներկայացումներ

  Տիգրանեանի առաջին բանաստեղծութիւնները տպագրուել են «Մուզայք Արարատեան» (1829)‚ ապա «Քնար հայկական» (1868) ժողովածուներում։  ̸381̸ 

1834 թ. տպագրուել է Ռասինի «Գոթողիա» ողբերգութեան նրա թարգմանութիւնը‚ որին կցուած էր թարգմանչի ծաւալուն ուսումնասիրութիւնը՝ նուիրուած թատրոնի պատմութեան եւ տեսութեան հարցերին («Ինչ ինչ զեղերերգութենէ»)։ Այստեղ նա խօսում է ռուսական դրամատուրգիայի մասին‚ հանգամանօրէն կանգ առնում անգլիական դրամատուրգիայի եւ Շեքսպիրի ստեղծագործութեան գնահատման հարցի վրայ: «Հայ գրականութեան մէջ‚– գրում է Ա. Արշարունին‚– Ս. Տիգրանեանի կատարած վերլուծութիւնը Շեքսպիրի ստեղծագործութեան առաջին քննադատական-թատերագիտական փորձն է։ Այսօր մենք համարձակօրէն կարող ենք ասել‚ որ հայկական շեքսպիրագիտութիւնը սկսուել է 1834 թուականից‚ Սարգիս Տիգրանեանի գործում տրուած բնութագրով» . Արշարունի‚ Մոսկուայի համալսարանը ու հայ առաջաւոր ինտելիգենցիան‚ 1955‚ էջ 35)։ 

«Գոթողիայի» ընտրութիւնը‚ որն աչքի է ընկնում ազատասիրական ոգով եւ բռնակալութեան դէմ պայքարի պաթոսով‚ կապւում է Մոսկուայի համալսարանի ուսանողական առաջադիմական խմբակների գործունէութեան եւ յատկապէս Բելինսկու գաղափարական ազդեցութեան հետ: Տիգրանեանի եւ Բելինսկու անձնական կապերի վերաբերեալ առաւել հետաքրքրական է հետեւեալ հաղորդումը‚ որ տպագրում է Բելինսկին «Մոլվայի» էջերում‚ այդ թերթի խմբագրին փոխարինելու շրջանում. «Մոսկուայի համալսարանի ուսանող Ս. Տիգրանեանը Ռասինի «Գոթողիա» ողբերգութիւնը թարգմանել է եւ հրատարակել հայերէն-արեւելեան հնագոյն լեզուներից մէկով» . Արշարունի‚ նշուած աշխ. էջ 42‚ Ս. Տիգրանեանի մասին տե՛ս նաեւ Ս. Դարոնեան‚ Միքայէլ Նալբանդեան‚ Կեանքը եւ գործունէութիւնը‚ 1980‚ էջ 25-29)։ 

  տ. 24–25. …այդ երգը չերգուեցաւ այնպէս‚ ինչպէս նորա եղանակն էր‚ այլ պ. Վերտովսկու «Ax‚ noдруженьки‚ как грустно!» երգի եղանակով Խօսքը վերաբերում է ռուս կոմպոզիտոր Ալեքսէյ Նիկոլաեւիչ Վերստովսկուն (1799-1862)‚ որի ստեղծած օպերաներից յայտնի են՝ «Պան Տվարդովսկի»‚ «Վադիմ կամ տասներկու քնած աղջիկներ»: Վերստովսկու ստեղծագործութեան գլուխգործոցն է եղել «Ասկոլդի գերեզմանը» օպերան (1835)‚ որի թեման վերցուած է ուկրաինական ժողովրդի անցեալից: Նալբանդեանի ակնարկած երգը՝ աղջիկների խմբերգն է «Ասկոլդի գերեզմանը» օպերայից։ 

տ. 26-28. …պ. Չիքուայիծէ վրացի ուսանողը… իւր վերայ դարձուց մեր մասնաւոր ուշադրութիւնը Վրացական մշակութային գործիչ‚ թարգմանիչ եւ հրապարակախօս Միխայիլ Ֆիլիպի Չիկուանիձէն (1837–1911) աւարտել է Թիֆլիսի Վրացական կլասիկական գիմնազիան‚ ապա 1857-ին ընդունուել Մոսկուայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Սովորել է շուրջ երեք տարի եւ 1860-ին վերադարձել հայրենիք: Այստեղ նա դարձել է Իլեա Ճաւճաւաձէի գաղափարակիցը եւ նուիրուել կրթական-հրապարակախօսական գործունէութեան։ Աշխատակցել է վրացական վաթսունականների օրգան «Սաքարթուելոս մոամբէ» («Վրացական լրաբեր») ամսագրին եւ ժամանակի այլ պարբերաթերթերի։ Իր գրական-հասարակական գործունէութեան առաջադիմական ուղղուածութեան շնորհիւ դասուել է վրացական «Վաթսունականների» շարքը։ 

  Էջ 111‚ տ. 11. …առաջին անգամ մի փոքր անհարթ է գնացել գործը‚ ուրիշ անգամ` գուցէ լաւ լինի Թէեւ Նալբանդեանի խօսքը հայ ուսանողութեան ներկայացման մասին գրուած էր տակտով եւ ապագայի հեռանկարների նկատմամբ լաւատեսօրէն‚ Մոսկուայի համալսարանի ուսանող Մ. Խազանճեանը բողոքում է «Հիւսիսափայլի» դիրքից: «Ճռաքաղին» ուղղած իր նամակում նա գանգատւում է «Հիւսիսափայլի» «անյայտ հեղինակի» ելոյթից‚ որը‚ իբր‚ լի էր «մաղձային բառերով»: Ըստ Խազանճեանի‚ այդ յօդուածի հեղինակն աշխատել է ցոյց տալ միմիայն ներկայացման եւ իր ընկերների անկատարելու̸382̸թիւնները: «Ճռաքաղի» յօդուածագիրը վերջում զարմանք է յայտնում‚ որ «Հիւսիսափայլ» ամսագիրը հայ երիտասարդներին խրախուսելու փոխարէն‚ զետեղել է մի յօդուած‚ որը կարող էր յուսահատեցնել նրանց եւ արգելակել թատերական գործի առաջընթացին (տե՛ս «Ճռաքաղ»‚ 1859‚ N 4‚ էջ 142)

«Ճռաքաղի» խմբագրութիւնն այս հարցին անդրադառնում է նաեւ N 6-ում։ Յօդուածագիրը‚ որ թաքնւում էր Նիկ. Յովհ. Պապունաբեկ գրական կեղծանուան տակ‚ քննութեան է առնում «Վա՜յ իմ կորած յիսուն ոսկի» թատերգութեան ժանրի հարցը

  Յայտնի է‚ որ Նալբանդեանն աւելի հակուած էր այդ գործը նկարագիր անուանել (картины)‚ քան վոդեւիլ։ «Ճռաքաղի» յօդուածագիրը Ալադաթեանի պիեսը վոդեւիլ է համարում‚ նշելով միաժամանակ‚ որ «Հիւսիսափայլի» յօդուածագիրը չի հասկացել картины բառի նշանակութիւնը: Նա միաժամանակ ծաղրում է նրան‚ ասելով‚ թէ թատրոնում նստած ժամանակ այդ նամակագիրը ննջացել է կամ միտքն զբաղուած է եղել երեւելի բաներով (քանի որ «կոմսի բարեկամն եւ այսպիսի խորամիտ նամակագրողն չի լինի մի հասարակ մարդ»): Մսերեաններն ակնյայտօրէն յուզւում էին. այս փոքրիկ ռեպլիկը («Վոտեւիլ եւ картины») նրանք նուիրում են պարոն Լ’ Ամբանտիերին‚ որը Նալբանդեան ազգանուան անոգրամն է (տե՛ս «Ճռաքաղ»‚ 1859‚ N 6‚ էջ 208)

տ. 32. Սաղմոսի գուբղաները այս մարմնոյն կենդանութիւն չեն տալ Գուբղայ՝ 24 գլուխ սաղմոսները միասին վերցրած: Գուբղայ է կոչւում եւ Սաղմոսարանի 8 կանոններից իւրաքանչիւրը։ 

  Էջ 113‚ տ. 26. Դարձեալ մի այլ նամակ ստացայ պ. Գամառ-Քաթիպայից - «Դարձեալ մի այլ նամակ ստացած ձեւից պէտք է կռահել‚ որ Նալբանդեանը մինչ այդ Գամառ-Քաթիպայից ստացել էր մի նամակ՝ բանաստեղծութեամբ հանդերձ‚ որը չէր տպագրուել: Գամառ-Քաթիպայի այս երկրորդ նամակից պարզւում է‚ որ 1858 թ. սկզբին նա Նալբանդեանին էր ուղարկել «Դեւ Մրուս» բանաստեղծութիւնը՝ «Հիւսիսափայլում» տպագրելու համար‚ սակայն այն ոչ միայն չէր տպագրուել‚ այլեւ խմբագրութիւնը հեղինակին չէր յայտնել բանաստեղծութիւնը «չընդունելու շարժառիթն»: Նոյն թուականի վերջին Գամառ-Քաթիպան ուղարկում է իր երկրորդ՝ «Բռնի պսակ» բանաստեղծութիւնը (հետագայում՝ «Ծեր այր») եւ կից նամակում անում է մի քանի դիտողութիւններ (տե՛ս Ռ. Պատկանեան‚ Երկերի ժողովածու‚ հ. 6‚ 1970‚ էջ 209-210)։ 

  Մ. Նալբանդեանն այս անգամ «Յիշատակարանում» նպատակայարմար է գտնում յայտնել Պատկանեանին‚ որ նրա երկրորդ բանաստեղծութիւնը նոյնպէս չի տպագրուելու։ 

  Էջ 115‚ տ. 11-12. …Հիւսիսում… բնակւում է ցրտաշունչ եւ դաժան Բորէասը - Հին յունական դիցաբանութեան մէջ աստղալից երկնքի՝ Աստրէի եւ արշալոյսի՝ Էոսի որդին‚ հիւսիսային քամիների աստուածը։ Հիւսիսային լեռներից փչող խստաշունչ այդ քամու բնակավայրն էր համարւում Թրակիան: Պատկերուել է հսկայական թեւեր ունեցող ուժեղ տղամարդու կերպարանքով։ 

  Նալբանդեանն այդ արտայայտութիւնն օգտագործել է փոխաբերական իմաստով‚ նկատի ունենալով ցարական ինքնակալութիւնը։

Էջ 117‚ տ. 16. …պիտի բաժանորդ գրուէի «Մասեաց աղաւնուն» - «Մասեաց աղաւնի» (1855-1858‚ 1860-1865)‚ ամսագիր‚ 1861-ից՝ երկշաբաթաթերթ. սկսել է հրատարակուել Փարիզում‚ Գ. Այվազովսկու խմբագրութեամբ՝ «Մասեաց աղաւնի եւ աւետաբեր Հայաստանեայց» խորագրով‚ ազգային յօդուածների ֆրանսերէն թարգմանութիւններով։ Այվազովսկու Ռուսաստան փոխադրուելուց յետոյ նոյնպէս‚ ամսագիրը 1858-ին  ̸383̸ շարունակում է տպագրուել Փարիզում‚ Խորէն եւ Ամբրոսիոս Գալֆայեանների անմիջական հսկողութեամբ: 1859 թ. ամսագիրը փոխադրւում է Թէոդոսիա‚ բայց կազմակերպչական աշխատանքների պատճառով տպագրութիւնը նախ վեց ամսով‚ ապա մէկ տարով դադարեցւում է: Սկսում է հրատարակուել 1860-ից՝ արդէն նոր վերտառութեամբ‚ «Մասեաց աղաւնի եւ Ծիածան Հայաստանեայց»‚ «Ծիածան» եւ «Радуга»‚ ֆրանսերէն եւ ռուսերէն յաւելուածներով։ Ֆրանսիական յաւելուածը դադարեցւում է 1861-ի յունուարից

  «Մասեաց աղաւնու» նկատմամբ Նալբանդեանի անբարեացակամութիւնը պայմանաւորուած էր նրա եւ Այվազովսկու բարդ փոխյարաբերութիւններով‚ որոնք ժամանակի ընթացքում սրւում են՝ նրանց քաղաքական դիրքորոշմանը համապատասխան

  Գաբրիէլ Այվազովսկին (Այվազեան‚ 1812-1880) ծնուել է Թէոդոսիայում։ Սկզբնական կրթութիւնն ստացել է լուսաւորչական ոգով‚ այնուհետեւ սովորելով Մխիթարեանների մօտ‚ ընդունել է կաթոլիկ դաւանութիւն: Դեռեւս ուսումնառութեան տարիներին Այվազովսկին ցուցաբերում է մեծ ընդունակութիւններ եւ հետագայում դառնում միաբանութեան աչքի ընկնող անդամներից մէկը։ Նա «Բազմավէպ» ամսագրի հիմնադիրներից էր (1843) եւ առաջին խմբագիրը։ Տիրապետում էր բազմաթիւ լեզուների‚ հեղինակ էր մի շարք ուսումնասիրութիւնների («Պատմութիւն Ռուսաց»‚ «Պատմութիւն օսմանեան պետութեան»‚ «Նախակրթանք հայերէն լեզուի» եւ այլն): 1850-ական թթ. կէսերին Նալբանդեանը Այվազովսկուն համարում էր Մխիթարեան միաբանութեան «կորովաբան» հայրերից մէկը‚ բարձր գնահատում նրա պատմաբանական գրուածքները եւ «ընտիր հայախօսութիւնը» («Յաղագս հայկական մատենագրութեան ճառ»‚ տե՛ս սոյն հրատարակութեան հ. II‚ էջ 36)։ Վեց տարի խմբագրական աշխատանք կատարելուց յետոյ‚ Այվազովսկին նշանակւում է Փարիզի Մուրադեան վարժարանի դաստիարակ: 1855 թ. նա հեռանում է Մխիթարեաններից‚ փոխում դաւանութիւնը եւ լուսաւորչական հայերի զաւակների համար Փարիզում բացում Հայկազեան վարժարանը‚ բայց մի շարք դժուարութիւնների հանդիպելով‚ վճռում է վերադառնալ Ռուսաստան: 1857-ի սկզբին Այվազովսկին դիմում է Փարիզի ռուսական դեսպան Կիսելյովին՝ առաջարկելով Օդեսայում հիմնադրել հայկական դպրոց‚ որտեղ ներգրաւուեն նաեւ արեւմտահայ քաղաքացիների զաւակները։ Դրանով նա ցանկանում է նպաստել «հայերի մերձեցմանը Ռուսաստանին եւ այդպիսով նաեւ վերջինիս ազդեցութեան ուժեղացմանը Արեւելքում»: Այս դիմումի մասին հաղորդելով Արտաքին գործերի մինիստրին‚ Կիսելյովն իր կողմից նպատակայարմար է գտնում նման դպրոցի հիմնադրումը՝ որպէս Արեւելքի քրիստոնեայ բնակչութեան վրայ Ռուսաստանի ազդեցութիւնն ուժեղացնելու կարեւոր միջոցի (տե՛ս Մ. Նալբանդեան «Անտիպ երկեր»‚ էջ 346)

1857 թ. մարտին Կիսելյովը տեղեկացնում է Այվազովսկուն‚ որ ռուսական կառավարութիւնը համաձայնութիւն է տուել‚ որպէսզի Ռուսաստանի հարաւում նա բացի ծրագրած հայկական դպրոցը։ Նոյն թուականի ամռանը Այվազովսկին գալիս է Թէոդոսիա‚ ապա հոկտեմբերին մեկնում Մոսկուա եւ Պետերբուրգ: Մայրաքաղաքում նրան ընդունում են Ալեքսանդր II-ը եւ արտաքին ու ներքին գործերի մինիստրները։ Այվազովսկին այստեղ ստանում է նաեւ կառավարական հրամանը՝ իրեն Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմակալ առաջնորդի տեղակալ նշանակելու մասին: Հոգեւոր կոնսիստորիան Քիշնեւից փոխադրելով Թէոդոսիա‚ Այվազովսկին իսկոյն ձեռնամուխ է լինում իր պաշտօնական պարտականութիւնների կատարմանը‚ դրան զուգընթաց նա զբաղւում է Խալիբեան դպրոցի եւ տպարանի հիմնադրման աշխատանքներով‚ ծաւալում է կրթական եւ հրատարակչական բեղուն գործունէութիւն: . Այվազովսկու ̸384̸ գործունէութեան այս շրջանի մասին հանգամանօրէն տե՛ս Վ. Միքայէլեան‚ Ղրիմի հայկական զաղութի պատմութիւն (1801-1917)‚ 1970‚ էջ 200–248)։ Գ. Այվազովսկին Թէոդոսիայում միաժամանակ խմբագրում էր «Մասեաց աղաւնի» ամսագիրը‚ որը թէեւ գրական‚ գիտական իր մակարդակով անհամեմատ բարձր էր «Մեղու Հայաստանի» եւ «Ճռաքաղ» պարբերականներից‚ բայց քաղաքական-գաղափարական իր յետադիմական ուղղուածութեամբ ամբողջովին նուիրուած էր կառավարական‚ պաշտօնական գաղափարախօսութեան պրոպագանդմանը: Այս շրջանում Այվազովսկին‚ օգտուելով թեմի առաջնորդի իր դիրքից‚ այլեւ հոգեւոր գրականութեան գրաքննիչ լինելու արտօնութիւնից‚ սկսում է լուրջ խոչընդոտներ ստեղծել հայ առաջադիմական հրապարակախօսութեան եւ հայ գործիչների համար: «Մասեաց աղաւնին» քանի դեռ հրատարակւում էր Փարիզում‚ հեռու էր կանգնած արեւելահայ իրականութեան առօրեայից եւ նոյնիսկ 1858-ին չէր մասնակցում հայ թերթերի բանավէճերին։ Խմբագիրը‚ սակայն‚ գտնուելով Ռուսաստանում‚ ակնդէտ հետեւում էր «Հիւսիսափայլի» հերթական համարներին եւ իր դժգոհութիւնը թերթի ուղղութիւնից՝ յայտնում էր Լազարեաններին եւ պաշտօնատար այլ անձանց։ Արդէն 1858 թ. դեկտեմբերին‚ Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների մասին Նալբանդեանի հրապարակած յօդուածից յետոյ‚ Այվազովսկու դժգոհութիւնը փոխւում է զայրոյթի եւ նա դիմում է ներքին գործոց մինիստրին՝ ամսագիրը դադարեցնել տալու վճռական պահանջով (այս մասին տե՛ս սոյն հրատարակութեան II հատորի 426–427 էջերի ծանօթագրութիւնը)։ 

1859 թուականին‚ երբ «Մասեաց աղաւնին» չէր հրատարակւում‚ Այվազովսկին նախկին եռանդով շարունակում էր պայքարել Նազարեանի եւ Նալբանդեանի դէմ‚ իսկ 1860 թ. երկրորդ կէսից արդէն խառնւում է արեւելահայ թերթերի բանավէճերին։ Տարեվերջին նա սպառնում է 1961 թուականից քննութեան տակ ձգել «Հիւսիսափայլի» բոլոր համարները։ Ճիշտ է‚ իրերի բերումով այդ սպառնալիքը նա չի կատարում‚ բայց բաւականաչափ աշխուժօրէն հետեւում է «Հիւսիսափայլի» համարներին եւ‚ ինչպէս առանձին յօդուածներով‚ այնպէս էլ անուղղակի արտայայտութիւններով փորձում չէզոքացնել այդ ամսագրի յօդուածների թողած տպաւորութիւնը

  Այսպէս‚ 1860 թ. վերջին Այվազովսկին «Մեղու Հայաստանի» թերթից արտատպում է Յախ-Վերդի Յախ-Նազարեանց ստորագրութիւնը կրող «Հայաստան‚ խեղճ իմ Հայաստան» բանաստեղծութիւնը՝ ուղղուած Նազարեանի դէմ‚ Զարմայր Մսերեանի հաղորդումը՝ ուղարկուած Մոսկուայից‚ որոնց աւելացնում է իր ներածական խօսքը՝ «Հիւսիսափայլ» օրագիր» խորագրով։ Այվազովսկին բարձր է գնահատոմ Մանդինեան քահանայի դերը՝ գտնելով‚ որ նրա «պատմական լրագիրը» «Հիւսիսափայլի» դէմ սկսած իր պայքարով «ընդհանուր ազգին շնորհակալութեանը արժանի է»: Իր հերթին ինքն էլ խոստանում է առաջիկայում «ոչ եւս լուռ կենալ»‚ այլ համարձակօրէն քննել «Հիւսիսափայլի» «հոգին‚ ոճը‚ լեզուն‚ ընթացքը»

  Այվազովսկին ընթերցողների յիշողութեան մէջ թարմացնում է Սարգիս Վարշաւեանցի նամակի մուտքի խօսքը‚ ըստ որի՝ «1858 թուականը արժանի է ոսկեղէն տառերով արձանագրուելու ամենայն բանասէր հայկազնի յիշատակարանի մէջ»‚ քանի որ այդ թուականին է ծնւում «Հիւսիսափայլ» ամսագիրը‚ որը՝ «հիւսիսից փայլելով‚ մի ամենեւին նոր լոյս թափեց մեր կենդանի բարբառի վերայ‚ առաջին եւ գլխաւոր պատճառ դառնալով կենդանի ազգի մէջ կենդանի լեզուով խօսելու եւ գրելու»: Այվազովսկին իր կողմից շարունակում է «Հիւսիսափայլը» յիրաւի 1858-ին ծնաւ ազգիս մէջ‚ բայց իբրեւ հրէշ մը‚ եւ ոչ թէ ̸385̸ լոյս մը… այդ բազմարդիւն ըսած ծրագրին արդիւնքն է խռովութիւն‚ պղտորութիւն‚ հակառակութիւն սերմանել ազգիս մէջ. տգիտական մոլորութիւններ տարածել ընդդէմ ազգային լեզուի‚ դաւանութեան‚ պատմութեան եւ բնաւորութեան‚ ճշմարտութեան անունով ստութիւն ծաւալել‚ հիւսիսային լոյս ըսելով լուտերական կրօնի վարդապետութիւնները տարածել մեր խեղճ ազգին վրայ։ Այո՛‚ ահա ըստ մեր կարծեաց՝ ա՛յս կողմանէ անմոռանալի է 1858 թուականին մեր ազգին գլխուն բերած կարճատեւ՝ բայց նոր պատիժը» («Մասեաց աղաւնի»‚ 1860‚ N 12‚ էջ 193)։ 

1861 թ. Այվազովսկին «Մեղու Հայաստանի» թերթի 9-րդ համարից արտատպում է Ստ. Պալասանեանի յօդուածը‚ ուղղուած Նալբանդեանի՝ Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների մասին գրած յօդուածի դէմ: Չբաւարարուելով նրանով‚ որ Պալասանեանի յօդուածը լի էր ամենակոպիտ եւ վիրաւորական արտայայտութիւններով՝ Նալբանդեանի դէմ‚ Այվազովսկին նոյնպէս մուտքի խօսքում հայհոյեանքների իր բաժինն է մտցնում թերթի էջերը‚ «բարի խօսքով» յիշելով նաեւ Ստեփան Ոսկանին‚ որն իր «Արեւմուտքում» արտատպել էր Շահբեկ-Նալբանդեանի նամակը։ Ակնարկելով Նալբանդեանի արտասահմանեան ուղեւորութիւնը‚ Այվազովսկին գրում է. «Հիմա կլսեմք‚ որ «Հիւսիսափայլին» մէջի նամակին հեղինակը ինքը անձամբ ելեր է արեւելք‚ արեւմուտք‚ հիւսիս‚ հարաւ քալելու եւ գրչով չկրցածը լեզուով‚ փողով‚ պոռալով‚ կանչվռտելով առաջ տանելու: …Մենք այսպիսի եռանդուն թափառական քարոզչի մը դէմ վէճ ու պատերազմ ընելու միտք չունիմք. վասնզի թէ որ խնդիրը արժանի ալ ճանչընամք մտադրութեան‚ իբրեւ ազգային գործ‚ բայց ո՛չ եւ խնդրոյն գրգռող‚ զոր չեմք ճանչնար ամենեւին անկողմնասէր քննիչ կամ իրաւացի դատախազ» («Մասեաց աղաւնի»‚ 1861‚ N 3‚ էջ 27)

  Հետագայում առերես չխօսելով Նալբանդեանի մասին‚ Այվազովսկին իր խմբագրական յօդուածներում թափանցիկ ակնարկներով շարունակում է հայհոյել նրան: 1861-63 թուականներին Այվազովսկին ձեռք է բերում մի նոր թղթակից‚ որի պայքարի եռանդը սահման չգիտէր։ Դա «Մեղու Հայաստանի» եւ «Ճռաքաղ» պարբերականների յօդուածագիրն էր‚ «Հիւսիսափայլի» երդուեալ թշնամի Յովսէփ Չերքեզեանը։ 

  «Մասեաց աղաւնու» էջերում նա տպագրում է ամբաստանութիւններով լի բանավիճային բազմաթիւ յօդուածներ‚ կաթողիկոսին ուղղուած բողոքի նամակներ եւ այլն (տե՛ս «Մասեաց աղաւնի»‚ 1861‚ N 4‚ 5‚ 9-11‚ 21-22‚ 1862, N 14): Այվազովսկին հրապարակում է նաեւ Սինոդի քննութեան նիւթերն ու վճիռը «Հիւսիսափայլ» ամսագրի մասին (տե՛ս «Մասեաց աղաւնի»‚ 1862‚ N 16)

  Նալբանդեանի ձերբակալութիւնից յետոյ կրքերը Նոր Նախիջեւանում շատ են բորբոքւում‚ եւ ժողովուրդը Այվազովսկուն է համարում իր մեծ համաքաղաքացու դժբախտութեան պատճառը։ Հրապարակով հանդէս գալ՝ Այվազովսկին պատշաճ չի համարում‚ ուստի ամսագրի ամբիոնը տրամադրում է Աղ. Պոյաճեանին։ Վերջինս հրապարակում է «Արդեօք ո՞վ էր կամ ի՞նչ էր Նախիջեւանի երկպառակութեան պատճառը» բազմապլան յօդուածը‚ որն ըստ երեւոյթին մշակուել էր խմբագրի օգնութեամբ։ Արդարութեան հարկը պահանջում է խոստովանել‚ որ Պոյաճեանի ելոյթը կազմուած էր մեծ խնամքով եւ հեռատեսօրէն

Յօդուածի առաջին խնդիրն էր՝ սրբել Այվազովսկու արդէն արատաւորուած պատիւը: Երկրորդ խնդիրն էր՝ կատարելապէս հիմնազուրկ համարելով Նալբանդեան-հայրապետեանական խմբակցութեան պահանջները եկեղեցական գումարների հարցում‚ վարկաբեկել այդ կուսակցութեանը‚ իբրեւ խռովարարութիւն հրահրողի։ Երրորդ խնդիրն աւե/386/լի մեծ նենգութիւն էր պարունակում։ Յօդուածագիրն ընթերցողներին էր հասցնում ոչ միայն այն փաստը‚ թէ Նալբանդեանը «վտանգաւոր» գործիչ էր‚ որին բանտարկել են «տէրութեան դէմ յանցաւոր գտնուող չարագործաց» բերդում‚ այլեւ այն իրողութիւնը‚ որ Նախիջեւանի հասարակութեան մի հատուածը կամ «փառթիան»‚ Նալբանդեանի հետ էր։ Նա գրում է. «Երբոր նոյն տարին‚ նոյն օրը առաջնորդին Նախիջեւանէն դուրս ելլելուն պէս եկաւ հասաւ այն տեղը խռովասիրաց մեծ պատգամաւոր եւ խորհրդական եւ գործակալ «Երկու տող» անունով հայհոյական տետրակին հեղինակը‚ եւ ուրիշ շատ մեծագործութեանց (ըստ նոցա) կատարողը‚ մի՞թէ գեր. առաջնորդն էր կառքերով ու ձիերով անոր ընդառաջ վազողը‚ եւ ովսաննաներով քաղաք ընդունողը…» («Մասեաց աղաւնի»‚ 1865‚ N 2‚ էջ 47)։ Ի վերջոյ‚ Այվազովսկի-Պոյաճեան եղբայրակցութիւնը ընդլայնում է հարցի ընդգրկման հորիզոնները… Ըստ յօդուածագրի մեկնաբանութեան‚ պայքարելով Այվազովսկու դէմ‚ Նալբանդեանի խմբակցութեան նպատակն էր եղել Նոր Նախիջեւանում իշխող դեր ստանձնել եւ շարունակել Նալբանդեանի սկսած գործը: Արդէն զաւեշտի ենթարկելով իրենց հակառակորդներին‚ որոնց պարտուած էր ենթադրում‚ «Մասեաց աղաւնու» յօդուածագիրը իր հովանաւորի հետ ձեռքերը պարզում է դէպի այլ հորիզոններ‚ մէջբերելով Նալբանդեանի այլ զինակիցների… Այո՛‚ առանց սպառնալիքի չէ‚ որ նա յայտարարում է‚ թէ հակառակորդ «փառթիան» իր ձեռքը կառնէր դպրոցական եւ քաղաքական վարչութեան գործերը‚ կը տպագրէր թերթեր՝ «Հիւսիս»‚ «Հարաւ»‚ «Արեւելք»‚ «Արեւմուտք» անուններով‚ «Երկու տող» չէ‚ երկու հարիւր‚ երկու հազար երեսներով մատեաններ» կը տպագրէր (էջ 47)

  Նալբանդեանը զրկուած էր Պոյաճեանին ուղղակի պատասխանելու հնարաւորութիւնից‚ բայց նրա զինակիցները շարունակում էին հսկել Այվազովսկու իւրաքանչիւր քայլը եւ հասնում են այն բանին‚ որ նա պաշտօնանկ է արւում (տե՛ս «Այվազովսկու վարդապետարանի մասին» նամակի ծանօթագրութիւնը‚ էջ 424-425)։ 

  Էջ 117‚ տ. 16. …պիտի բաժանորդ գրուէի… «Մեղուին» Տե՛ս «Մեղու Հայաստանի» լրագրին նուիրուած ծանօթագրութիւնը (էջ 361-366)։ 

տ. 16. …պիտի բաժանորդ գրուէի… «Ճռաքաղին» «Ճռաքաղ» (1858–1862) բանասիրական ամսագիր‚ վերջում՝ ամսագիր կրօնական եւ բանասիրական գիտելեաց: Հրատարակւում էր Մոսկուայում՝ Լազարեան ճեմարանի կրօնուսոյց Մսեր Մսերեանի եւ նրա որդու՝ Զարմայր Մսերեանի խմբագրութեամբ‚ որոնք ցանկանում էին ազգի մէջ վառ պահել սէրը կրօնի‚ եկեղեցական տօների‚ կրօնական ծէսերի նկատմամբ: Յատկապէս 1860 թ. երբ հանդէսը կիսամեայ դադարից յետոյ սկսում է հրատարակուել‚ խմբագիրները դրան տալիս են ընդգծուած կրօնական ուղղութիւն‚ ազգի լուսաւորութեան եւ երջանկութեան համար անհրաժեշտ համարելով «զարթուցանել զամենեցունց ուշադրութիւնը դէպի կրօնական խնդիրս»

XIX դարի 60-ական թթ. կղերաֆէոդալական հոսանքի աչքի ընկնող օրգանն էր «Ճռաքաղը» եւ իբրեւ այդպիսին՝ հրատարակութեան հէնց սկզբից‚ թշնամական դիրք էր բռնել «Հիւսիսափայլի» նկատմամբ: Թէեւ իբրեւ հրապարակախօսներ Մսերեանները առանձին կշիռ չունէին‚ բայց յետադէմ գործիչների հետ ունեցած իրենց կապերով‚ «Մեղու Հայաստանի» թերթի էջերում հրապարակած բանսարկութիւններով քիչ անախորժութիւններ չէին պատճառում «Հիւսիսափայլի» խմբագրութեանը։ 

Հայր եւ որդի Մսերեանները Նազարեանի եւ Նալբանդեանի դէմ պայքարում էին եւ բանավիճային յօդուածների‚ եւ այլաբանական պատկերների‚ եւ ամբաստանագրերի մի/387/ջոցով։ Յատկանշական է‚ որ այդ պայքարի ճակատում եթէ Մսեր Մսերեանը գլխաւորում էր կրօնական դոգմատիկ վէճերը‚ ապա նրա որդին հանդէս էր գալիս ժամանակի հասարակական կեանքի հետ կապուած տարբեր հարցերի քննարկումներով

  Այսպէս‚ Մսեր Մսերեանը «Զննութիւնք հրատարակեալ գրուածոց՝ Ստեփանոսի Նազարեանց տոքթորի արեւելեան լեզուագիտութեան» յօդուածում ամենասխոլաստիկ մեթոդներով քննադատում է «Վարդապետարան կրօնի» աշխատութիւնը‚ ցոյց տալիս այդ դրսի կարծեցեալ ժամանակագրական եւ պատմական սխալները‚ «անհարազատ բառերն» ու անճիշտ կարծիքները։ Քայլ առ քայլ հետապնդելով Նազարեանին‚ Մսերեանը նրան մեղադրում է աստուածաշնչեան դոգմաների «կամայական» մեկնաբանութիւնների համար (տե՛ս «Ճռաքաղ»‚ 1859‚ N 5‚ էջ 174-182 եւ N 11‚ էջ 374–378)

1858 թուականի երկրորդ համարում‚ երբ արդէն հրապարակի վրայ էր «Հիւսիսափայլի» առաջին տետրակը‚ Զարմայր Մսերեանը տպագրում է «Խորհրդածութիւն ի վերայ ազգասիրութեան» յօդուածը եւ ձայնակցելով Մ. Իսահակեանին‚ անուղղակիօրէն բանավիճում է «Հիւսիսափայլի» հրապարակախօսների հետ: Ըստ յօդուածագրի‚ աշխարհի բոլոր բարիքները բխում են ազգասիրութիւնից‚ իսկ թշուառութիւնների աղբիւր է ազգատեցութիւնը։ Հայերի մէջ նա մատնացոյց է անում «թուլամիտք եւ անհամախօսք» գործիչների‚ որոնք անարգում են ազգը‚ այն դէպքում‚ երբ անհրաժեշտ է սիրել եւ բարձրացնել նրան: Այս միտքը Զարմայրը բանաձեւում է Իսահակեանի ոգով. «Որպէս զաւակ բարի ջանայ զպակասութիւնս ծնողաց իւրոց ծածկել‚ նոյնպէս եւ ամենայն ոք պարտական է խոհեմութեամբ ծածկել զպակասութիւնս ազգին իւրոյ‚ մանաւանդ յօտար ազգաց միջի» («Ճռաքաղ»‚ 1858‚ N 2‚ էջ 10)։ 

  Այնուհետեւ‚ 1859-ին‚ Զ. Մսերեանը յատուկ ուշադրութիւն է նուիրում Ստ. Պալասանեանի յօդուածին‚ տպագրուած «Մեղուի» 10-րդ համարում («Հիւսիսափայլ ծրագրին 11-րդ համարին մէջ տպուած պ. Նալբանդեանցի նամակին վրայ դիտողութիւնք»)։ Զ. Մսերեանն այն միտքն է յայտնում‚ որ Պալասանեանի յօդուածի նման պատասխանները շատ են պէտք հայերին: Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների վերաբերեալ Նալբանդեանի բերած թուերը կարող են ապակողմնորոշել ընթերցողներին‚ ուստի ամեն ոք‚ ով գրիչ ունի ձեռքին‚ պարտաւոր է հերքել նման «յանդուգն ստախօսութիւնը» եւ մաքրել պատկառելի անձանց պատիւը:

Զարմայր Մսերեանը տարբեր առիթներով եւս խայթում եւ խոցում է «Հիւսիսափայլը»‚ յայտարարում‚ որ նրա էջերում‚ բացի էժանագին երգիծական պատկերներից ու մանրալուրերից‚ ոչինչ չկայ։ Ինչ վերաբերում է թարգմանական վէպերին‚ ապա‚ ըստ նրա‚ դրանք չեն կարդացւում‚ որովհետեւ «այսպիսի բաներ տպելու ժամանակն ռուսիաբնակ հայերի համար՝ դեռ հասած չէ՛»: Նրա կարծիքով՝ բնագիտական յօդուածները նոյնպէս «կարողանալու չեն մեծ օգուտ տալ ազգին‚ որովհետեւ ընթերցողաց շատերին (չեմ ասում ուսումնականներին) բաց ի լեզուի այլատարազութենէն՝ նիւթքն եւս անհասկանալի են գլխովին: Նախ եւ առաջ հա՛ րկ է պատրաստել ընթերցողներ‚ հասուցանել զնոսա ա՛յն աստիճանին‚ որ կարողանան հասկանալ‚ եւ ապա գրել‚ տպել եւ հրատարակել (Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 192‚ վաւ. 123)։ Նման դատողութիւնները երեւում են եւ 1861 թ. յունուարի 1-ի «Մտածութիւն տարեմտի օրում» խօսքի մէջ‚ «Հայկազնեան տարեգիր» օրագրութիւններում եւ այլն: «Հիւսիսափայլի»‚ Զարմայրի խորին համոզմունքով‚ խախտում էր «ազգային պատմութեան հիմունքը‚ ուստի ինքն իր յօդուածներով՝ «իբրեւ վահան լինելով»‚ պաշտպանում էր «ո՛չ իւր ան/388/ձը‚ այլ իւր ազգի փառքը‚ պատիւը‚ պարծանքը‚ նորա նուիրական պատմութիւնը եւ սուրբ եկեղեցին»։

1860 թ. տպագրւում են Զ. Մսերեանի բանավիճային յօդուածները՝ կապուած Սարգիս Տէր-Միքայէլեան Վարշամեանցի նամակի հետ (տե՛ս սոյն հատորի յաւելուածն ու նրա ծանօթագրութիւնը‚ էջ 453-455)։ 

  Բուն հրապարակախօսական բանավէճն սկսւում է 1860 թ. երբ «Ճռաքաղի» էջերում տպագրւում են Յովսէփ Չերքեզեանի յօդուածները («Հերքումն կարծեաց այնոցիկ‚ որ քարոզում են‚ թէ պէտք է վերանորոգութիւն (ռեֆորմ) առնել Հայաստանեայց եկեղեցումը եւ «Մեկնութիւն մեկնութեան‚ որ տամ է Նազարեանցը «Հիւսիսափայլի» 3 ամսատետրակումը‚ Ալիշանեանցի անունով իւր անցեալ տարի գրած Հայոց եկեղեցու րեֆորմին 10 ամսատետրակումը» («Ճռաքաղ» 1860‚ N 9 եւ 1861‚ N 23‚ 24)։ Հայ ազգին ուղղուած հրապարակային մի յօդուածով Ստ. Նազարեանը պատասխանում է Չերքեզեանին‚ սակայն «Ճռաքաղի» խմբագիրներն շտապում են հրապարակել ոմն «բուն թիֆլիզեցի» Մարտիրոս Ադամեանցի բանավիճային ելոյթը (1861‚ N 18‚ էջ 288- 300‚ N 19‚ էջ 310–316)։ 

  Մսերեանները‚ սակայն‚ չեն բաւարարւում բանավիճային յօդուածներով: Երբ Նալբանդեանը գտնւում էր արտասահմանեան ուղեւորութեան մէջ‚ 1861 թուականի ապրիլին‚ «Ճռաքաղում» զետեղում են Մելիք Միսայէլ Հայկազնեանի «Երազ» այլաբանական բանաստեղծութիւնը՝ ուղղուած Նազարեանի եւ Նալբանդեանի դէմ։ Բանաստեղծը երազում տեսնում է կախաղանի սեան մօտ կապուած Նազարեանին. նրա գրքերը‚ «Հիւսիսափայլը»‚ գրիչը եւ թանաքամանը դրուած էին սեւով ծածկուած մի սեղանի վրայ: Դատապարտեալը պատմում է‚ որ Համադանցի է‚ ուսանել է Եւրոպայում‚ դադարել յարգելուց իր ազգի մեծատուններին եւ կրօնը: Այդ վիճակում անգամ նա հայհոյում է հայ հոգեւորականներին… 

Սոցա մասին ի՛նչ գրած եմ՝ շատ քի՛չ են‚

Բայց ես ունիմ ինձ հըպատակ մի ընկեր…

Պատրա՛ստ ունի ինչ դեռ այժմուս յայտնի չեն‚

Պիտի յետոյ լոյս ընծայէ նոր բաներ

  Նա յայտնում է‚ որ իր գրքերը պէտք է այրեն‚ իսկ իրեն՝ կախեն: Բանաստեղծն արթնանում է քնից եւ կարդում դատավճիռը

Եւ վերջապէս ասացի ես ինքս ինքեան‚

Թէ ճշմարիտ՝ ո՛վ որ իցէ սըտաբան‚

Լիրբ‚ ազգատեաց‚ իւր կրօնին դաւաճան‚

Պիտի արժա՛ն լինի այնպէս վատ մահուան։ 

(«Ճռաքաղ»‚ 1861‚ N 17‚ էջ 280)

Մսերեանները շատ հետեւողական էին: Նրանք մշտական ուշադրութեան կենտրոնում էին պահում «Հիւսիսափայլի» գործիչների իւրաքանչիւր քայլը։ Զարմայր Մսերեանը ոչ միայն հետեւում էր «Հիւսիսափայլի» հրատարակութեան ընթացքին‚ այլեւ զանազան‚ երբեմն ոչ ազնիւ‚ ճանապարհներով տեղեկութիւններ էր հաւաքում Նազարեանի խմբագրական խոհանոցի անցուդարձի վերաբերեալ: Այսպէս‚ 1860-ին «Մեղու Հայաստանի» թերթին հաղորդելով‚ որ արդէն լոյս է տեսնում «Հիւսիսափայլի» ուշացած առաջին հա/389/մարը‚ թէեւ այն դեռ չկար հրապարակի վրայ‚ ինքը յայտնում է բովանդակութիւնը‚ որի մասին տեղեկութիւնները ձեռք էր բերել «ստոյգ աղբիւրից» (տե՛ս «Մեղու Հայաստանի»‚ 1860‚ 17‚ էջ 129-131)։ 

  Աւելի ուշ‚ երբ լոյս է տեսնում Նալբանդեանի «Յիշատակարանի» վերջին գլուխը‚ Զարմայր Մսերեանը գրում է‚ թէ դեռ այն չտպագրուած‚ անկիւններում խօսում էին‚ որ Խուդաբաշեանը‚ Չերքեզեանը եւ Մսերեանը պէտք է խայտառակուեն։ Իրեն յայտնի են եղել «Յիշատակարանի նիւթերը‚ գրում է նա‚ բայց դրանց մասին չի շտապել գրել‚ որովհետեւ հարուածի տակ կը գցէր մէկը‚ որին «Հիւսիսափայլի» խմբագիրները կասկածում էին‚ թէ խմբագրութեան լուրերը հաղորդում էր Զարմայր Մսերեանին (1860‚ 36 32‚ էջ 252–253)։ 

  Ազատուելու համար իրենց ուժեղ հակառակորդներից‚ Մսերեանները դիմում են նաեւ գործնական քայլերի: Պահպանուել է Մսեր Մսերեանի մի նամակի սեւագրութիւնը կաթողիկոսին (որի մասին խօսք եղաւ առաջին ծանօթագրութեան մէջ)‚ որտեղ հայր Մսերեանը շարադրում է բողոքի իր խօսքը Նազարեանի եւ Նալբանդեանի դէմ։ Նա մատնանշում է «Հիւսիսափայլի» համապատասխան էջերն ու յօդուածները‚ որոնց միջոցով Կոմս Էմմանուէլը «անթոյլատրելի» մտքեր է տարածում ժողովրդի մէջ‚ վիրաւորում է առաջնորդին . Այվազովսկուն)‚ խօսում Մսեր Մագիստրոսի պատուի դէմ եւ այլն։ Մսեր Մսերեանը յայտնում է նաեւ‚ որ Այվազովսկին Նազարեանի վարքագծից բողոքել է Խ. Լազարեանին‚ եւ թեպետ սա քանիցս զգուշացրել է այդ «ազգատեացին»‚ «բայց զի՞նչ օգուտ‚ անզգամն այն առաւել եւս կատաղեալ չկամի ամենեւին ունկնդիր լինել եւ անսալ այնպիսի բարեյորդոր բանից եւ խրատուց‚ եւ օր ըստ օրէ յաւելու զլրբութիւն եւ զհանդգնութիւն իւր ի մեծագոյն եւ յանբուժելի գայթակղութին ժողովրդոց»

Առաւել լրջութեամբ եւ խորին մտահոգութեամբ Մսերը կաթողիկոսի ուշադրութիւնը հրաւիրում է հայ եկեղեցու վիճակի վրայ‚ որի վէրքերը գնալով մեծանում են եւ եթէ կաթողիկոսը անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի‚ ապա՝ «եկեղեցի մեր ի վերջնուն կայ ի վտանգի գլորման»

  Այս ամենը յայտնելուց յետոյ‚ Մսերեանն աղաչում է կաթողիկոսին‚ որպէսզի նա Նալբանդեանի առիթով դիմի ոմն բարձրաստիճան պաշտօնեայի (նամակում այդ անուան տեղը բազմակէտերով է նշուած)‚ օղի սաստեցէ վայրախօսին այնմիկ… զի օր ըստ օրէ յաւելանա զլրբութիւնն իւր եւ ո՛չ դադարի հրատարակելոյ ի մէջ ազգիս զայնպիսի նախատալից յօդուածս ընդդէմ անձանց արժանաւորաց…»: 13-րդ կետում Մսերը բացում է բոլոր քարտերը եւ առաջարկում կաթողիկոսին‚ որ այդ բարձրաստիճան պաշտօնեային խորհուրդ տայ՝ ոչ միայն «որո՛վ եւ իցէ հնարիւք կարճել զգազանական կատաղութիւնն խելացնոր փիլիսոփոսին» [Նազարեան]‚ այլեւ երկուսին էլ «անպատճառ հեռացուցանել ի քաղաքէ աստի» . Մաշտոցի անուան Մատենադարան‚ Մսերեանների արխիւ‚ թղթ. 207‚ վաւ. 2129)

  Ինչպէս ցոյց է տալիս հարցի պատմութիւնը‚ Մսերեանները բանսարկութիւններով շատ բանի չեն հասնում: Պատմական ժամանակաշրջանը ի՛նքն էր որոշում գործիչների ճակատագիրը եւ սահմանում նրանց թերթերի գոյատեւման իրաւունքը: 1862 թուականին անհաւասար մարտերում ուժասպառ եղած «Ճռաքաղը» դադարում է հրատարակուել։

Էջ 117‚ տ. 30–31. …առանց Շամիլի հրամանին չենք կարող քեզ արձակել Շամիլ անուան տակ Նալբանդեանը նկատի ունի Գ. Այվազովսկուն‚ իսկ Խալիլ Նայիբը Յարութիւն Խալիբեանն է: Այս հաստատում է եւ ինքը Նալբանդեանը՝ Գրիգոր Սալթիկեանին ուղղուած 1859 թ. մարտի 31-ի նամակում. «2 N Յիշատակարանն‚ իհարկէ‚ կարդացիր‚  /390/ թող պ. Շամիլը իւր Խալիլ Նայիբին մին հոգոց ասէ» . Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 6)

Էջ 120‚ տ. 5. …մեր չիք նզովեալ Սարգիս Բուխարացու ձեռքով Սարգիս Բուխարացի կամ Սարգիս Բխիրա‚ Արիանոսի աղանդին հետեւող հայ կրօնաւոր‚ Սինա անապատից։ Ըստ աւանդութեան‚ նա ծանօթացրեց Մուհամմեդին իր նոր ուսմունքի հետ։ (Հմմտ. «Պատմութիւն Հայոց արարեալ Կիրակոս վարդապետի Գանձակեցւոյ»‚ Թիֆլիս‚ 1909‚ էջ 55։ Հմմտ. նաեւ՝ Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. III‚ էջ 481)։ 

Էջ 121‚ տ. 11–13. Ես ծնած էի սուննաթ‚ բայց… ընդունել էի այդ վարդապետութիւնը Շամիլի կրօնափոխութիւնը նկարագրելով‚ Նալբանդեանը նկատի ունի Այվազովսկուն‚ որը մկրտուել էր հայ լուսաւորչական եկեղեցու կարգով: Գնալով Վենետիկ‚ Մխիթարեանների մօտ ուսումնառութեան‚ նա 1834 թ. կաթոլիկութիւն էր ընդունել եւ հանդէս էր գալիս այդ դաւանութիւնը փառաբանող գործերով։ Քաղաքական-հասարակական‚ ինչպէս եւ անձնական մի շարք պատճառներով‚ 1855 թ. Այվազովսկին հրաժարուելով կաթոլիկութիւնից կրկին վերադառնում է հայ լուսաւորչական եկեղեցու գիրկը եւ այս անգամ էլ հանդէս է գալիս կաթոլիկութեան եւ դրա հիմնական սկզբունքների դէմ։

Էջ 123‚ տ. 6-7. …պաշտեցին‚ այս է բանականութեան աստուածը ասելով Հմմտ. «Սօս եւ Վարդիթերի» կրիտիկայի ծանօթագրութիւններից մէկի այն հատուածի հետ‚ ուր‚ ծաղրելով «փարիսական կրօնամոլութեամբ քրիստոնէութեան անունով» կատարուող անմաքուր գործերը‚ Նալբանդեանը գրում է. «…Թեթեւաբարոյ կինը‚ պչրելով եւ «անուէրարկու ծանակութեամբ» Նոտըր-Դամի սեղանի վրայ կանգնած‚ ընդունեց ամբոխի երկրպագութիւնը…»: (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. III‚ էջ 135)։ 

տ. 34–35. Իմ որդին Պետերբուրգում կրթուած լինելով Որդի ասելով՝ Նալբանդեանն ակնարկում է Գ. Այվազովսկու եղբօրը՝ հռչակաւոր ծովանկարիչ Հ. Այվազովսկուն

  Էջ 128‚ տ. 29-31. Ես ունէի նորա կտակը‚ եւ ամեն օր եւ ամեն ժամ կարդալով նորան‚ ասես թէ մոռանում էի իմ ցաւերը Նալբանդեանի «Յիշատակարանի» այլաբանական հատուածներից առաւել բարդութիւն է ներկայացնում այս հատուածը‚ որտեղ Շահբեգին երազում ներկայանում է մի անծանօթ երիտասարդ իր խորհրդաւոր պատմութեամբ։ Ինչպէս պարզւում է նրանց երկխօսութիւնից‚ երիտասարդը հայ է‚ որդի «մի անբախտ ազգի‚ որ երբեմն ունեցել է իւր քաղաքականութիւնը‚ իւր հողը‚ օրէնքը‚ սուրը եւ դրօշակը: Որ այս րոպէիս բեւեռից մինչեւ բեւեռ ցրուած աշխարհի երեսին գտանւում է խղճալի վիճակի մէջ‚ գերի եւ ստրուկ խաւար նախապաշարմունքների եւ ամենեւին անհոգ լուսաւորութեան մասին» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 130)։ 

Երիտասարդը տառապում է մի անբացատրելի հիւանդութեամբ‚ շատ զգայուն է‚ շարունակ յուզւում է կամ արտասւում… Պարզւում է‚ որ նա ունեցել է մի զօրաւոր կտակ‚ ստացած հէնց իրենից` փրկչից‚ եւ այդ կտակը մշտապէս մխիթարել է իրեն: Սակայն‚ ինչ-որ «նախանձոտ մարդիկ» նրա ձեռքից խլել են կտակը‚ դրա փոխարէն տալով նրան՝ «Հազար կարկատաններով կցկցած» պատառոտուն հանդերձների մի կապոց։ 

  Մենք կարծում ենք‚ որ կտակի հետ կապուած պատմութիւնը ինչ-որ առնչութիւն ունի ռուս-պարսկական պատերազմի շրջանում Ներսէս Աշտարակեցու եւ Պասկեւիչի միջեւ տեղի ունեցած անպաշտօն բանակցութիւնների հետ: Յայտնի է‚ Ներսէս արքեպիսկոպոսի հայրենասիրական բուռն գործունէութիւնը 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի շրջանում եւ հայ կամաւորական գնդերի մասնակցութիւնը արեւելեան Հայաստանը պարսկական բռնապետական լծից ազատագրելու գործում։ Ազատագրուած հայկական հողում‚ որը Նիկոլայ I-ի հրամանով «Հայոց աշխարհ» անունն է ստանում‚ ստեղծւում է «ժամա/391/նակաւոր վարչութիւն» քաղաքական մարմինը‚ որի ղեկավար կազմի մէջ էր մտնում եւ Ներսէսը։ 

  Սակայն իրադարձութիւնները յաջորդում են միմեանց: Պասկեւիչը Կովկասից արտաքսում է Ներսէսին‚ արքունիքին յղած իր նամակներում նրան ներկայացնելով իբրեւ «մի ինչ-որ գաղտնի դիտաւորութիւններ ունեցող անվստահելի անձ»‚ որի ներկայութիւնը Կովկասում իբր թէ վտանգաւոր էր տէրութեան համար» (Ալ. Երիցեան‚ Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում‚ մասն Ա. Թիֆլիս‚ 1894‚ էջ 357)։

Մի քանի տարի անց‚ «Հայոց աշխարհի» քաղաքական նշանակութիւնը ընդամենը յանգեցւում է հայոց եկեղեցու Պոլոժենիէի ստեղծմանը: Ներսէսի դառնութիւնն անսահման էր։ Ալեքսանդր Երիցեանը այդ առիթով յիշատակում է կիսաֆանտաստիկ‚ կիսաիրական մի զրոյց‚ որի վաւերականութիւնը չի հաստատում որեւէ փաստաթղթով: «Քանի մի անգամ տպագրութեան մէջ յիշուած է եւ այժմ էլ կենդանի ականատես պատմողներ կան‚ որ Ներսէսը մինչեւ իր կենաց վերջին րոպէն ձախ ծոցի գրպանում մի թուղթ էր պահում‚ որից չէր բաժանւում գիշեր եւ ցորեկ. թէ ի՞նչ բովանդակութիւն ունէր այդ թուղթը ոչ ոք չգիտի‚ որովհետեւ նա ոչ ոքի չէր ցոյց տալիս: Բայց երբ որ Բեսարաբիայից վերադարձաւ նա կաթողիկոսական վեհ աստիճանով եւ մտերիմների հետ խօսք ու զրոյց էր լինում Պասկեւիչի եւ անցած-գնացած անցքերի մասին‚ ծերունի հայրապետը ձեռքը դնում էր ձախ ծոցի վրայ եւ խորին հառաչանքով ասում՝ «Պասկեւիչը ահա այստեղ է կաշկանդուած» (Ալ. Երիցեան‚ նշուած աշխ. էջ 356)։ 

Շատ կարելի է‚ փորձում է բացատրել այդ առեղծուածը Երիցեանը‚ որ «պատերազմն սկսելուց առաջ‚ փառքերին հետամուտ Պասկեւիչը‚ ինքնագլուխ եւ առանց բարձրագոյն հաճութեան‚ որեւէ խոստմունք լինի արած Ներսէսին‚ սորան աւելի եւս ոգեւորելու համար: Եթէ մի այդպիսի խոստմունք կար եւ Ներսէսը պատերազմի վերջանալուց յետոյ պահանջում էր դորա կատարելն‚ ու Պասկեւիչը չէր կարողանում կատարել‚ այն ժամանակ հասկանալի է‚ թէ ինչո՞ւ էր սպարապետն այնպէս գրգռւում եւ ձգտում հեռացնել նորան Կովկասից» (էջ 357)։ 

Շահբեգի խօսակիցը սիմվոլացնում է հայ ժողովուրդը («որովհետեւ նորա արիւնը շրջանառութիւն է կատարում իմ երակների մէջ‚ որովհետեւ գիշեր-ցերեկ նորանով զբաղուած է հոգիս»)։ Նրանից խլել են երկրի քաղաքական ազատութեան նրա երազանքը‚ որ այնքան մօտ էր իրականանալու‚ ասելով‚ թէ կտակը՝ նա ինքն իրենով չի կարողանայ հասկանալ‚ «թէ առանց առաջնորդի» կը գայթակղուի եւ կը կորչի‚ ուստի միայն նրանց հոգաբարձութեան տակ լինելով պիտի լսի նրանց։ 

  «Չկամիմ լսել‚- բացականչում է երիտասարդը‚- եւ ո՛վ գրել է ձեզ հոգաբարձու իմ վերայ… Հեռի՜ ինձանից‚ դուք‚ գիշերադէմ մարդիկ: Բայց ականջ դնող չեղաւ իմ բողոքին» (էջ 129)։ 

  Էջ 132 տ. 17-18. …Փարիզում հրատարակւում է մի նոր ազգային օրագիր թէ լրագիր «Արեւմուտք» անունով Խօսքը վերաբերում է արեւմտահայ ականաւոր հրապարակախօս Ստեփան Ոսկանի «Արեւմուտք» հանդէսին‚ որը հրատարակուել է Փարիզում‚ 1859 եւ 1864–1865 թթ.: 

տ. 22. Հրատարակողներից մինը պ. Յ. Ոսկան‚ ունի բանաստեղծական ճոխ քանքար –1850-ական թթ. Արեւմտեան Հայաստանում կային երկու գործիչներ՝ Յակոբ Ոսկան անունով: Նրանցից մէկը բնակւում էր Կ. Պոլսում‚ իսկ երկրորդը՝ արեւմտահայ կրթական-մշակութային գործիչ Յակոբ Ոսկանը (1824–1907) «Արեւմուտքի» խմբագիր Ստէ/392/փան Ոսկանի աւագ եղբայրն էր եւ ապրում էր Զմիւռնիայում։ Շահբեգ-Նալբանդեանը հաւանաբար ձեռքի տակ չունենալով «Արեւմուտքի» առաջին համարը‚ շփոթել է խմբագրի անունը‚ ընդ որում այժմ դժուար է ասել‚ թէ ո՞ր Ոսկանին է շփոթել «Արեւմուտքի» խմբագրի հետ։ Վերջինս այդ պատճառով ժամանակին իր հանդէսում յատուկ ծանուցումն է տուել. «Շնորհակալ ենք մեծապէս «Հիւսիսափայլին» արգոյ եւ գիտուն հրատարակողներէ‚ բայց կ՚աղաչենք‚ որ հաճին ազդ անել‚ թէ «Արեւմուտքին» մինակ շարադիրն է ս. Մ. Ոսկանեանը իզմիրցի եւ ոչ պ. Յ. Ոսկանը («Արեւմուտք»‚ 1859‚ N 10‚ էջ 80)։ Կարճ ժամանակից տեղի է ունենում երկու հրապարակախօսների ծանօթութիւնը‚ որը վեր է ածւում գաղափարական մեծ բարեկամութեան։ 

  Ստեփան Ոսկանեանը (Ոսկան‚ 1825-1901) արեւմտահայ առաջադիմական-դեմոկրատական ուղղութեան նշանաւոր հրապարակախօսներից է։ Ծնուել է Զմիւռնիայում‚ սովորել տեղի Մեսրոպեան վարժարանում‚ եղել է մշակութային Սիւնեաց ընկերութեան քարտուղարը‚ թղթակցել է «Արշալոյս Արարատեան» թերթին: Ուսումնառութեան նպատակով 1846-ին մեկնել է Փարիզ‚ ուր կարճատեւ ընդհատումով ապրել է շուրջ քսան տարի։ 1843 թ. փետրուարին Ոսկանեանը զէնքը ձեռքին մարտնչել է Փարիզի բարիկադների վրայ‚ իսկ 1849 թ. յունիսին մասնակցել է ուսանողական ցոյցին՝ ընդդէմ կառավարութեան արտաքին քաղաքականութեան։ Այդ գործունէութեան համար նա ենթարկուել է երկամսեայ բանտարկութեան։ 

1865 թ. վերադառնալով Զմիւռնիա‚ Ոսկանեանն ստանձնել է Մեսրոպեան եւ Հռիփսիմեան վարժարանների տեսչութիւնը‚ հիմնել է Ուսումնասէր ընկերութիւնը‚ սակայն 1868 թ. մեկուսացել է գաղթօջախի կեանքից

  Ստ. Ոսկանեանը 1853 եւ 1854 թթ. հրատարակել է «Ներքին համոզումն» եւ «Հռոմէական պարգեւ» պամֆլետները‚ 1855-1856 թթ. «Արեւելք» եւ 1859‚ 1864–1865 թթ. ՝ «Արեւմուտք» հանդէսները (Փարիզ)։ Ենթադրւում է‚ որ 1861-1862 թթ. Թուրին քաղաքում նա խմբագրել է ֆրանսերէն «L՚Italie» թերթը: 1869–1901 թթ. Ոսկանեանը Զմիւռնիայում հրատարակել է «La Réforme» ֆրանսերէն թերթը։ Հետագայում 1878–1879 թթ. նա գրել է ֆրանսերէն երկու պամֆլետ. «Օգիւստ Կոնտը Զմիւռնիայում եւ աթէիզմը» եւ «Մ. Է. Լեթրէն եւ աթէիզմը»։ Այդ տարիներին Ոսկանեանը զանազան ծածկանուններով աշխատակցում էր եւ հայ պարբերական մամուլին։ 

Իր հրապարակախօսական գործունէութիւնը Ոսկանեանը նպատակամղել է ազգային կեանքի զարթօնքին եւ առաջադիմութեան նպաստելուն‚ անզիջում քննադատութեամբ բացայայտել է ազգային կեանքի խոցերը‚ մերկացրել կղերապահպանողական գործիչներին ու նրանց գաղափարաբանութիւնը։ Ոսկանեանը նշանակալից ծառայութիւն է մատուցել արեւմտահայ գրական լեզուի ժողովրդականացմանն ու զարգացմանը‚ հայ նոր գրականութեան եւ հասարակական մտքի վերելքին: Իր հանդէսներում նա հրատարակել է բազմաթիւ մարտաշունչ յօդուածներ‚ պամֆլետներ‚ գրական ստեղծագործութիւններ‚ ֆրանսիական առաջադէմ գրողների երկերը‚ իր գրախօսութիւններով պրոպագանդել ֆրանսիացի ականաւոր մտածողների գաղափարները

  Ինչպէս Ոսկանեանը‚ այնպէս էլ նրա հանդէսները մշտապէս ենթարկուել են արեւմտահայ յետադէմ եւ ռէակցիոն գործիչների հալածանքներին եւ անդադրում հետապնդումներին: Չբաւարարուելով դրանով‚ Ոսկանեանի հակառակորդները նրան մեղադրում էին իբրեւ «կարմիր հասարակապետական»‚ իսկ նրա դէմ տարածուած յատուկ թռուցիկում կոչ անում՝ «Արեւմուտք» լրագիրը վառել‚ փոշի դարձնել‚ «որպէսզի ուրիշ մէկն ալ անոր ոճին կամ յանդգնաբար զրուցուածքէն չխաբուի» («Արեւմուտք»‚ 1859‚ N 16‚ էջ 118)։  /393/

Ինչպէս երեւում է Շահբեգի ազդից‚ Մ. Նալբանդեանը‚ տակաւին անծանօթ Ստ. Ոսկանեանին‚ ողջունում է նրա «Արեւմուտք» հանդէսի հրատարակութիւնը եւ սիրով ստանձնում դրա գործակալութեան պարտականութիւնը։ 

  1859 թ. մարտի 31-ին Վարշաւայից եղբօրը գրած նամակում Նալբանդեանը յանձնարարում է իրեն հասցէագրուած նամակներն ուղարկել Նազարեանին‚ որն «Արեւմուտքի» խմբագրի ձեռքով դրանք իրեն կը հասցնի։ 

Մ. Նալբանդեանը Ոսկանեանի հետ ծանօթացել է 1859 թ. ապրիլին՝ հաւանաբար 15-ից 23-ի միջեւ: Ապրիլի 23-ին (մայիսի 5) Փարիզից Գ. Սալթիկեանին յղած նամակում Նալբանդեանը գրում է այն մասին‚ որ Ոսկանեանի «Արեւմուտքը» «սաստիկ խայտառակում է» Գ. Այվազովսկուն եւ որ ինքը պատուիրել է հանդէսից մի քանի օրինակ ուղարկել Նազարեանին‚ որպէսզի նա դրանք տարածի։ Նալբանդեանը‚ հաւանաբար‚ միաժամանակ հոգ է տարել‚ որ «Հիւսիսափայլի» համարները հասնեն Ոսկանեանին։ «Արեւմուտքի» 1859-ի մայիսի 15-ի համարում Ոսկանեանը մի հաղորդում է տպագրում «Հիւսիսափայլի» մասին‚ սրտանց փափագելով‚ որ այդ հանդէսը Թուրքիայի մէջ տարածուի. «Հիւսիսէն կը փայլի լոյսը»‚– ազդարարում էր Ոսկանեանը։ 

  Նալբանդեանի «Յիշատակարանի» փարիզեան հատուածը եւ մի շարք գրառումներ ցոյց են տալիս‚ որ նա բարձր է գնահատել Ոսկանեանի գործունէութիւնը‚ հակահարուած տուել «Արեւմուտքի» հակառակորդներին‚ նամակներ է յղել Ոսկանեանին՝ Ռուսաստան վերադառնալուց յետոյ: Նալբանդեանը մասնաւորապէս շնորհակալութիւն է յայտնել Ոսկանեանին՝ «Արեւմուտքում» Խ. Աբովեանի «Վէրք Հայաստանի» վէպին նուիրուած յօդուածաշարի տպագրութեան համար‚ թէեւ առանձին հարցերում առարկում էր նրան: Շատ հետաքրքրական է‚ որ արտասահմանեան իր երրորդ ուղեւորութեան ժամանակ Նալբանդեանը Ամենայն հայոց կաթողիկոս Մատթէոսից կոնդակ է տարել եւ հասցրել Ոսկանեանին։ Յիշատակութեան արժանի է‚ որ Ոսկանեանը եւ «Արեւմուտքի» հետագայ հրատարակողները «Հիւսիսափայլից» արտատպել են Մ. Նալբանդեանի «Նամակ առ հրատարակողը»՝ նուիրուած Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների հարցին եւ «Թափառական հրեայի» թարգմանութեանը կցած Նալբանդեանի առաջաբանը (տե՛ս «Արեւմուտք»‚ 1859‚ N 11-12 եւ  N 21-22):

1859 թ. վերջին «Արեւմուտքը» դադարում է լոյս տեսնել‚ որով եւ ընդհատւում է Նալբանդեան-Ոսկանեան կապը‚ որ ազգային-ազատագրական պայքարի արեւելահայ եւ արեւմտահայ գործիչներին միաւորող օղակներից մէկն էր։ 

տ. 27-28. …ուստի թողնում եմ այլ բաների մասին խօսել‚ մինչեւ մի այլ յաջող րոպէ «Յիշատակարանի» Թ գլխի աւարտի այս խօսքերից յետոյ Նալբանդեանը գրել է մի փոքրիկ հատուած Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանի» համար . Կ. Էմ[մանուէլ])‚ որը‚ սակայն‚ չի հասցրել աւարտել եւ այն դուրս է մնացել «Հիւսիսափայլի» բնագրից

Հատուածում Կոմս Էմմանուէլի նամակագիրը գոհունակութիւն է յայտնում «Հիւսիսափայլի» 1859 թ. առաջին համարում «Յիշատակարանի» շարունակութեան տպագրութեան առթիւ: Պէտք է ենթադրել‚ որ 1858 թ. N 11-ում տպագրուած Նալբանդեանի նամակից յետոյ պաշտօնատար անձանց ուղղուած Այվազովսկու նամակներն այնպէս էին վտանգել Նազարեանի ամսագրի հրատարակութեան գործը‚ որ «Հիւսիսափայլին» մօտ կանգնած գործիչները լրջօրէն մտահոգուած էին ամսագրի հետագայ բախտի համար: Նալբանդեանը լի էր ստեղծագործելու եռանդով եւ խոստանում էր ամբողջ տարին հրատարակել իր «Յիշատակարանի» շարունակութիւնը: Ահա այդ հատուածը. /394/ 

«Պ. Կ. Էմ[մանուէլ] 

Կարդալով քո «Յիշատակարանը» «Հիւսիս[ափայլի»]1 մէջ ուրախացայ շատ եւ ասես թէ մի նոր կենդանութիւն եկաւ վրաս։ Չար լեզուներ ասել էին‚ թէ քո թոքախտութիւնը զարգանալով զրկել է քեզ հնարից շարունակելու մեր սիրելի «Յիշատակարանը»: Ոմանք աւելի վատթար լեզուք «Յիշատակարաններիդ» մի փոքր ուշանալը մեկնել էին չարաչար։ Բայց‚ փառք աստուծոյ‚ ամեն կասկածանք ու տարակուսանք փարատուեցաւ եւ ես ցնծում եմ‚ որ թէ կենդանութիւն լինի‚ ամբողջ տարի պիտի վայելեմ քո «Յիշատակարանը» . Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 303)։ 

  Էջ 136‚ տ. 6-7. …ձեռքս հասաւ Թիֆլիզի առաջնորդի «Ճանապարհորդութեան» երկրորդ հատորը Խօսքը Վրաստանի եւ Իմերեթի թեմակալ առաջնորդ‚ արքեպիսկոպոս Սարգիս Ջալալեանի «Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան» աշխատութեան II հատորի մասին է: Առաջինը լոյս էր տեսել 1842 թ. ։

Էջ 137‚ տ. 27–28. …զի եթէ ի սակաւատառ հնամաշ դրամոց եւ ի կեղակարծ նոցունց Բնագրում՝ «Զի թէ ի սակաւատառ հնամաշ դրամոց եւ ի կիսեղծ նոցունց…»‚ այնուհետեւ ինչպէս շարունակութեան մէջ

  Էջ 138‚ տ. 29. …յեզր միոյ վտակի Բնագրում՝ «Մերկանան զհանդերձս իւրեանց եւ պատեալ զիւրեաւ զկտաւ սպիտակ՝ կանգնին յեզր միոյ վտակի» եւ այլն‚ ինչպէս շարունակութեան մէջ է:

Էջ 139‚ տ. 8. «Մինն ի գլխաւոր շռայլութեանց է անուանակոչական տօնախմբութիւնն Բնագրում՝ «Մինն ի գլխաւոր շռայլութեանց է անուանական տօնախմբութիւնն» եւ այլն‚ ինչպէս շարունակութեան մէջ է։ 

  Էջ 142‚ տ. 17. Ուսումնարանն Հայոց ի նորոյ կառուցաւ Բնագրում՝ Ուսումնարանն ի նորոյ եւ այլն‚ ինչպէս շարունակութեան մէջ է։ 

տ. 29-30. …գրում էր քսան տարի յառաջ մի ուսումնական ազգային –Նալբանդեանը հաւանօրէն նկատի ունի իր ուսուցիչ Գաբրիէլ Պատկանեանին:

Էջ 144‚ տ. 7-8. …Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան վարդապետքը կամենում են մի նոր օրագիր հրատարակել «Հրեշտակն Հայաստանի» անունով Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան եղբայրները 1858 թ. վերջին «Մասեաց աղաւնին» դադարեցնելուց յետոյ յայտարարում են‚ թէ 1859 թ. օգոստոսին «Հրեշտակն Հայոց» անունով պատկերազարդ երկշաբաթաթերթ պէտք է հրատարակեն. «Այս թերթը լոյս չկրցաւ տեսնել‚- գրում է Գր. Գալեմքարեանը‚– եւ կանխաւ վճարուած բաժանորդագինք Փարիզի Հայկազեան վարժարանին պարտատեարց յանձնուեցան» (Գր. Գալեմքարեան‚ Պատմութիւն հայ լրագրութեան ի սկզբանէ մինչեւ մեր ժամանակը‚ հ. Ա. Վիեննա‚ 1893‚ էջ 225)։ 

տ. 27-30. …արժանայիշատակ Մուրադը նուիրած լինելով մի ժառանգութիւն… հասանում է այդ բոլորը պապական հայերին Խօսքը վերաբերում է Մխիթարեան միաբանութեան տնօրինութեան տակ գործող երկու դպրոցներից մէկին‚ Մուրադեան վարժարանին‚ որն այցելում է Նալբանդեանը Փարիզում։ «Յիշատակարանում» նա ազնիւ զայրոյթով է խօսում այն իրողութեան մասին‚ որ Մխիթարեանները հնդկահայերի նուիրատւութիւններով հիմնադրած իրենց դպրոցում‚ խախտելով կտակարարների դրած պայմանը‚ ընդունում էին միայն կաթոլիկ դաւանութեան ընտանիքների երեխաների։ «Ինչո՞ւ համար ազգը լուռ ու մունջ նստած‚ սառն հանդիսատես է այդ անիրաւութեանը եւ այն‚ ծայրացեալ անիրաւութեան»‚- բացականչում է Նալբանդեանը (էջ 144)։ «Չգիտենք‚ թէ ինչ է Մխիթարեանց իրաւունքը‚– շարունակում է նա‚– որի վերայ հիմնուելով ընդունում են /395/ միմիայն հռովմէական հայերի որդիքը‚ չնայելով կտակողի վերջին‚ ուրեմն եւ նուիրական կամքին‚ որով աւանդում էր կտակը համօրէն ազգի օգտի համար» (էջ 149)։ 

Հարցի պատմութիւնն այսպիսին էր։ Մադրասի մեծահարուստ Եդուարդ Ռաֆայէլ Ղարամեանը Մխիթարեան միաբանութեան կողմից Հնդկաստան ուղարկուած երկու վարդապետների հետ համաձայնութեան գալով՝ 7310 հուն (65. 000 ֆրանկ) դրամագլուխ է առանձնացնում գանձատանը‚ որի տոկոսներով Մխիթարեանները պէտք է թարգմանէին եւ հրատարակէին Հռոմէական պատմութեան 16 հատորները եւ Ռոլլենի Հնախօսութեան 13 հատորները: Դրանից յետոյ նրանց յանձնարարւում էր այդ տոկոսների տուած հնարաւորութեան չափով հիմնադրել մի դպրոց՝ «վասն աղքատ մանկանց հայոց»։ Սա 1785 թուականին էր։ 1791 թ. Ղարամեանը վախճանւում է: Նրա կտակակատարներից մէկն էր փեսան՝ Սամուէլ Մկրտիչ Մուրադը‚ որն զբաղուելով այդ կտակի գործով‚ տարիներ անց‚ իր կողմից եւս կտակում է մի պատկառելի գումար՝ 150. 000 հուն (1. 400. 000 ֆրանկ)‚ որպէսզի Վենետիկի Մխիթարեանները մի դպրոց հիմնադրեն հայոց ազգի աղքատ եւ որբ մանուկների համար: Կտակը կազմելուց կարճ ժամանակ անց‚ 1816 թ. Սամուէլ Մուրադը վախճանւում է։ Նրա ժառանգները կտակի գոյութեան մասին յայտնում են Մխիթարեան միաբանութեանը‚ որտեղից 1817 թ. Հնդկաստան են ուղարկւում երկու վարդապետ‚ Սուքիաս Սոմալեանը եւ Սարգիս Թէոդորեանը։ Պատահում է այնպէս‚ սակայն‚ որ ինչպէս Եդուարդ Ռաֆայէլի որդիները‚ այնպէս էլ Սամուէլ Մուրադի ժառանգները փոխում են իրենց մտադրութիւնը եւ հրաժարւում են նուիրատւութիւնը յանձնելուց: Մխիթարեան վարդապետները 1820-ին ձեռնունայն վերադառնում են Վենետիկ: Նոր բանակցութիւնների համար Թէոդորեանը 1824-ին վերստին ուղեւորւում է Հնդկաստան‚ որտեղ ամբողջ տասը տարի բանակցութիւններ է վարում կտակարարների ժառանգների հետ‚ պայմանագրեր կնքում‚ դատեր վարում եւ այլն: Անգամ այն բանից յետոյ‚ երբ 1829-ին աբբահայրը նրան կարգադրում է թողնել այդ անյոյս գործը եւ վերադառնալ‚ Թէոդորեանը շարունակում է մնալ Մադրասում: Ի վերջոյ‚ նրան յաջողւում է շահել գործը‚ եւ ամբողջ գումարների իրաւունքն ստանալով՝ 1835-ին վերադառնում է Պադուա: Այստեղ‚ մինչ նրա գալը‚ 1832 թ. Մխիթարեաններն արդէն բացել էին Մուրադեան վարժարանը: 1836 թ. Վենետիկում բացւում է եւ Ռաֆայէլեան դպրոցը: Երկու դպրոցների տեսչութիւնը յանձնւում է Սարգիս Թէոդորեանին‚ 1846 թ. աւստրիական կառավարութեան ինչ-որ պահանջի պատճառով Մխիթարեանները Մուրադեան դպրոցը փոխադրում են Փարիզ

  Թէեւ Ս. Թէոդորեանի շուրջ քսանամեայ ջանքերով կտակների կնճռոտ խնդիրը բաւարար լուծում է գտնում‚ եւ գումարները փոխանցւում են Մխիթարեան միաբանութեանը‚ բայց լուրջ շեղում է կատարւում կտակի բուն ոգուց։ Բանն այն էր‚ որ լուսաւորչական եկեղեցու դաւանութեանը պատկանող երկու կտակարարներն էլ իրենց կտակներով նախատեսել էին դպրոցներ հաստատել հայազգի որբ ու տնանկ երեխաների համար‚ առանց հաշուի առնելու նրանց դաւանանքը: Ահա թէ ինչ էր գրում Սամուէլ Մուրադը իր կտակում. «Ես իմ հաշուագրքումն մին որբոց‚ աղքատաց եւ տնանկաց հաշիւ ունեմ. իմ ստացուածքիցն մին հարիւր եւ յիսուն հազար հուն հանեն եւ տանեն նոյն հաշիւն‚ եւ յետոյ ասացեալ հարիւր յիսուն հազար տունն ասացեալ հաշիւն տանելէն‚ զոր ինչ որ ասացեալ հաշւումն տալիք գումարի՝ ասացեալ գումարի բոլորն թողման ամ հայոց ազգի որբ եւ աղքատ մանկանց դպրատան շինութեան համար‚ որ ըստ խորհրդոյ եւ միջնորդութեան Վենետիկի հայոց միանձանց՝ ո՛ր մի կողմն Եւրոպիոյ որ աջողակ համարեն‚ գետին գնեն‚ եւ ասացեալ գետնի եկամուտն քանի մանկանց տարեկան ծախուցն որ բաւական առի‚ այնքան /396/ հայոց ազգէն որբ եւ աղքատ մանկունք ասացեալ դպրատանն ձրիապէս ուսումն եւ լեզու ուսանեն եւ դառնան իւրեանց հայրենիքն» («Պատմութիւն Մուրադեան եւ Հայկազեան վարժարանաց եւ Մխիթարեան աբբայից»‚ գրեալ դիմառնաբար ի Ս. վարդապետն Թէոդորեան‚ ի Փարիզ‚ 1866‚ հ. Ա‚ էջ 67)։ 

  Սարգիս Թէոդորեանը հաշուի չառնելով կտակի այն անորոշ բացատրութիւնները‚ որոնք Մխիթարեաններին բացարձակ իրաւունք չէին տալիս գումարները տնօրինել ցանկացածին պէս‚ անուղղակիօրէն նպաստում է աբբահայր Հիւրմուզեանին՝ բացարձակ տիրապետութիւն հաստատելու գումարների վրայ: Վերջինս անվերապահօրէն ենթարկուելով Հռոմի պապին‚ ջանում էր Մուրադեան վարժարանը փոխադրել Հռոմ եւ այն դնել պապի անմիջական հսկողութեան տակ: Թէեւ նրան չի յաջողւում դպրոցը Փարիզից փոխադրել Հռոմ‚ բայց հայ լուսաւորչական երեխաներին զրկելով կտակից օգտուելու իրաւունքից‚ Հիւրմուզեանն այդ շնորհը յանձնում է լոկ կաթոլիկ հայերին

  Այն բանից յետոյ միայն‚ երբ 1855 թ. գարնանը Ամբրոսիոս եւ Սարգիս վարդապետները վտարւում են Մուրադեան դպրոցից եւ խզում կապերը Մխիթարեանների հետ‚ նրանք զիջում են Կ. Պոլսի պատրիարքարանին եւ յորդորում Յակոբոս պատրիարքին՝ Մխիթարեանների ձեռքից առնել Մուրադեան կտակի գործածութիւնը‚ որն ընդհանուր ազգի երեխաների համար էր սահմանուած` 1855-ի յուլիսի 5-ի նամակով պատրիարքն ուշադրութեան է առնում այդ առաջարկը եւ զարմանք յայտնում‚ որ 40 տարուց ի վեր գոյութիւն ունեցող կտակի վերաբերեալ «առաջին անգամն է‚ որ վաւերական գրութեամբ կը հաղորդվի իրենց ազգային իրաւունքը»: Պատրիարքարանի կողմից որոշ քայլեր են կատարւում այդ հարցն ուսումնասիրելու ուղղութեամբ‚ բայց նիւթական դժուարութիւնների պատճառով Փարիզ եւ Լոնդոն ուղարկուած պատուիրակները գործը չեն կարողանում շարժել տեղից

60-ական թուականներին‚ «Հիւսիսափայլից» բացի‚ այս հարցի մասին բազմիցս խօսւում է եւ արեւմտահայ պարբերական մամուլի էջերում‚ բայց դարձեալ անարդիւնք։ Աւելի ուշ‚ 1875 թ. երբ Վենետիկի Մխիթարեանները պատրաստւում էին վաճառել Փարիզի վարժարանի շէնքը եւ միացնել Մուրադեան ու Ռաֆայէլեան վարժարանները (մի բան‚ որ կատարում են)‚ Կ. Պոլսի Ազգային ժողովը կրկին զբաղւում է այդ հարցով։ 

Պարզւում է‚ սակայն‚ որ գործնական քայլ կատարել անհնար է‚ որովհետեւ‚ նախ‚ ամբողջ գործը գտնւում էր Մխիթարեանների ձեռքին‚ եւ ապա՝ «կտակը՝ անգլիական‚ վարժարանը գաղղիական‚ կալուածները իտալական եւ միաբանութիւնը օսմանեան հպատակութեան ներքեւ կը գտնուէին‚ ուստի պէտք եղաւ Մխիթարեանց պարզ յայտարարութեամբը խնդիրը փակել» . Օրմանեան‚ Ազգապատում‚ Գ. հատոր‚ մասն Բ. Պէյրութ‚ 1961‚ էջ 4362)

  Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանը‚ այս հարցի լաւագոյն ուսումնասիրողը‚ խնդիրը եզրափակում է հետեւեալ դիտողութեամբ

  «Թէոդորեանի գործունէութեան եւ աշխատութեան արդիւնքն եղան Մուրադեան եւ Ռափայէլեան վարժարանները‚ որոնց դրամագլուխները ազատեց կորսուելու վտանգէն եւ իրենց նպատակին յատկացուց‚ բայց եւ պատասխանատու մնաց կտակները բացարձակ եղանակով Մխիթարեանց հաճոյքին յանձնելու գործին մէջ‚ որով իր ազատածը ինքը կորուստի մատնած եղաւ‚ ընդհանուր հայութեան օգտին յատկացեալ հաստատութիւնները կրօնամոլ ուղղութեան ձեռքն անցնելուն պատճառ հանդիսացաւ‚ եւ օգուտի հռոմէադաւան փոքրիկ փոքրամասնութեան սեփականելու առիթ տուաւ» . Օրմանեան‚ նշուած աշխ. էջ 4363)

Էջ 146‚ տ. 34. …արձանների մէջ կանգնած էր եւ մեր Արշակունի Տիգրանի արձանը /397/ 1859 թ. արտասահմանեան ճանապարհորդութեան ժամանակ Նալբանդեանը Վերսալում բազմաթիւ այլ արձանների մէջ տեսնում է «եւ մեր Արշակունի Տիգրանի արձանը»: Դժուար է ասել‚ թէ Վերսալի պարտէզներում այժմ պահպանւո՞ւմ է արդեօք այն‚ թէ ոչ։ Սակայն‚ ինչ էլ որ լինի‚ չենք կարող բաժանել Նալբանդեանի երկերի լիակատար ժողովածուի հատորի ծանօթագրութիւնների հեղինակի այն կարծիքը‚ թէ Նալբանդեանը Տիգրանի արձանը շփոթել է Լուվրում պահուող Տրդատի արձանի հետ (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. 1‚ 1945‚ էջ 537)։ 

  Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանի» ԺԱ գլուխը‚ որը Նալբանդեանը գրել է արտասահմանից վերադառնալուց մէկ ամիս անց‚ աչքի է ընկնում դէպքերի նկարագրութեան մանրամասնութեամբ‚ բանասիրական բազմապիսի հարցերի քննութեան ճշգրտութեամբ եւ տպաւորութիւնների թարմութեամբ։ 

  Անկարելի է‚ որ մէկ ամսուայ ընթացքում նա մոռանար‚ թէ որտեղ է տեսել Տիգրանի արձանը։ Չէ՞ որ նա նոյնիսկ աւելացնում է‚ թէ «Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը»

  Էջ 147‚ տ. 16. …Դիւբարրի Մարիա Ժաննա Դիւբարրի (1746-1793). Լիւդովիկոս XV-ի սիրուհին։ Թագաւորի մահից յետոյ 1774 թ. ձերբակալւում է եւ տարւում վանք: Յեղափոխութեան տարիներին կապուած էր էմիգրանտների եւ ժիրոնդիստների պարագլուխների հետ: 1793 թուականին դատի է տրւում եւ գլխատւում։ 

տ. 16. …Մենթնոն Ֆրանսուազա դ՚Օբինէ‚ մարկիզուհի Մենտենոն (1635–1719)‚ Լիւդովիկոս XIV-ի երկրորդ կինը: 1684 թ. թագուհու մահից յետոյ‚ գաղտնի ձեւակերպւում է Լիւդովիկոս XIV-ի եւ նրա ամուսնութիւնը։ 1686 թ. մարկիզուհի Մենտենոնը մանկավարժական դպրոց է հիմնադրել Սեն-Սիրում: Նրա վրայ մեծ էր Ֆենելոնի ազդեցութիւնը

տ. 16. .. Փոմփադուր Ժաննա Անտուանետտա Պուասսոն (1721–1764). Լիւդովիկոս XV-ի սիրուհին: 1745-ին թագաւորը նրան դարձնում է իր պաշտօնական ֆաւորիտուհին՝ մարկիզուհի Պոմպադուր անունով։ Ամբողջ քսան տարի‚ մինչեւ իր մահը‚ նշանաւոր դեր է կատարել պալատում։ Նա էր ղեկավարում Ֆրանսիայի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը‚ թելադրում խոշոր պաշտօնեաների եւ զօրահրամանատարների նշանակումները: Նրա զուարճութիւնները‚ զգեստները եւ զարդերը հսկայական գումարներ էին կլանում։ 

տ. 19. …պոլիտիկական մեծ աւազակը Նկատի ունի Նապոլէոն III-ին (Լուի-Նապոլէոն Բոնապարտ‚ 1808-1873)։ 

  Էջ 148‚ տ. 2-3. …պոլոնիացի Մարիա Լեշչինսկին Մարիա Լեշչինսկայեա (1703– 1768). Ֆրանսիայի թագուհի (1725–1768)‚ Լիւդովիկոս XV-ի կինը։ Լեհական թագաւոր Ստանիսլաւ Լեշչինսկու դուստրը

տ. 17‚ …Մարիա Անտուանետտան (1755–1793). Ֆրանսիայի թագուհի (1774-1792)‚ Լիւդովիկոս XVI-ի կինը։ Աւստրիական թագաւոր Ֆրանց I-ի եւ Մարիա Թերեզայի դուստրը։ Գլխատուել է 1793 թ. հոկտեմբերի 16-ին

տ. 24–25. …Նոցա կտրուած գլուխների յար եւ նման մոմեղէնքը… մադամ Տիւսոյի մօտ Խօսքը վերաբերում է Լոնդոնում 1833 թ. հիմնադրուած‚ իր տեսակի մէջ առաջին՝ «Մադամ Տիւսոյի թանգարանին»‚ որը գործում է առ այսօր

  Այդ թանգարանի սրահներում‚ բնական մեծութեամբ‚ ներկայացուած են պետական խոշոր գործիչների‚ զօրավարների‚ արուեստագետների եւ նշանաւոր այլ անձանց մոմէ արձանները

տ. 33–34. Փարիզի մէջ կան երկու ազգային վարժարանք‚ մինը Մուրադեան / 398/ իսկ միւսը Հայկական –1850-ական թուականներին Փարիզի Մուրադեան վարժարանում աշխատում էին Մխիթարեան երեք վարդապետներ՝ Սարգիս Թէոդորեանը (վերատեսուչ)‚ Գ. Այվազովսկին (դաստիարակ) եւ Ամբրոսիոս Գալֆայեանը (ուսուցիչ)։ Այն բանից յետոյ‚ երբ 1852 թ. Մխիթարեանների հրատարակած «Նոր պարսաւագիրքը» յայտնի է դարձնում Մխիթարեանների թշնամական վերաբերմունքը հայոց լուսաւորչական եկեղեցու նկատմամբ‚ Փարիզի երեք վարդապետներն արտայայտում են իրենց դժգոհութիւնը աբբահայր Հիւրմուզեանի քաղաքականութիւնից‚ իսկ Այվազովսկին Մխիթարեանների դէմ նոյնիսկ հանդէս է գալիս «Արշալոյս Արարատեանի» էջերում։ Դրանից յետոյ կրքերը բորբոքւում են այն աստիճան‚ որ Այվազովսկին հարկադրուած է լինում թողնել Մուրադեան վարժարանի իր կացարանը եւ առանձնանալ: Հիւրմուզեանի ջանքերով՝ 1855 թ. գարնանը ամենակոպիտ ձեւով‚ ոստիկանութեան միջամտութեամբ‚ դպրոցից վտարւում են եւ Այվազովսկու երկու գործընկերները: Նրանց հետ դպրոցից հեռանում են հարուստ ընտանիքներից ուղարկուած 15 թոշակաւոր աշակերտներ

Գ. Այվազովսկին‚ Ս. Թէոդորեանը եւ Ա. Գալֆայեանը ստեղծում են գործունէութեան նոր ասպարէզ. 1855 թ. սկզբից նրանք հրատարակում են «Մասեաց աղաւնի» ամսագիրը‚ իսկ նոյն թուականի օգոստոսին՝ Մուրադեան դպրոցից հրաժարուած 12 աշակերտներով հիմնադրում են մի դպրոց՝ Հայկազնեան վարժարան անունով: Քանի որ այս դպրոցը պէտք է մրցակցեր Մուրադեան վարժարանի հետ‚ դպրոցի հիմնադիրների համար Փարիզում ստեղծւում են բազմապիսի արգելակներ‚ որոնցից ամենածանրը՝ նիւթական դժվարութիւններն էին: Առանց անհրաժեշտ դրամագլխի կամ որեւէ նուիրատւութեան‚ նրանք շտապել էին հիմնադրել իրենց նոր դպրոցը‚ համոզուած լինելով‚ թէ քանի որ իրենք պաշտպանում էին լուսաւորչական հայերի իրաւունքները‚ հայութիւնը սատար պէտք է լիներ իրենց ձեռնարկած գործին: Նրանց յոյսերը‚ սակայն‚ չեն արդարանում

  1856 թ. գարնանը բանակցութիւնների նպատակով Ամբրոսիոս Գալֆայեանը գնում է Կ. Պոլիս‚ բայց ոչ մի էական արդիւնքի չհասնելով համոզւում է‚ որ միմիայն լուսաւորչական եկեղեցու գիրկը վերադառնալու միջոցով է‚ որ իրենք յուսալի հովանաւորութիւն ձեռք կը բերեն: Այդ մասին նա գրում է իր երկու ընկերներին‚ որոնք պաշտօնական յայտարարութիւններ են պատրաստում՝ ուղղուած Ներսէս կաթողիկոսին եւ Յակոբոս պատրիարքին: Վերջիններս սիրով են ընդունում վարդապետների վճիռը եւ խոստանում են նիւթապէս օժանդակել նրանց դպրոցին: Դպրոցի համար հաւաքւում են 40 աշակերտներ. Գալֆայեանը Կ. Պոլսում ստանում է 16000 ֆրանկ‚ իսկ հետագայի համար 30000 ֆրանկ ստանալու յոյսեր եւ վերադառնում է Փարիզ։

Ներսէս կաթողիկոսի վերահաս մահը խանգարում է Ռուսաստանի օգնութեան կազմակերպմանը‚ իսկ Կ. Պոլսում երեւան են գալիս բազմապիսի հոգսեր‚ որոնք խանգարում են Փարիզի դպրոցի օժանդակման գործին: Գաբրիէլ Այվազովսկին սկսում է յուսահատուել: Երկու տարի Հայկազնեան վարժարանում աշխատելուց յետոյ‚ նա եղբօր խորհրդով 1857 թ. մայիսին բաժանւում է ընկերներից եւ գալիս Ռուսաստան: Նրա խոստումները‚ թէ Կ. Պոլսից անցնելիս տեղում կը զբաղուի դպրոցի նիւթական վիճակը բարելաւելու գործով‚ երբեւէ արդիւնքի չեն հասցնում։ 

  Այվազովսկու մեկնելուց յետոյ վարժարանում շարունակում էին աշխատել Սարգիս Թէոդորեանը եւ Ամբրոսիոս Գալֆայեանը։ 1857-ին ծանօթանալով ստեղծուած իրավիճակին‚ Ամբրոսիոսի եղբայր Խորէն Գալֆայեանը նոյնպէս‚ եղբօր յորդորներով‚ Հիւրմուզեանին յայտնում է իր հրաժարականի վճիռը։ Աբբահայրը նրան վտարում է միաբանութիւնից։ 1857 թ. օգոստոսին Խորէն Գալֆայեանը գալիս է Փարիզ‚ որտեղից Յակոբոս պատ/399/րիարքին է ուղարկում իր դաւանութեան եւ հպատակութեան մասին կազմած յայտարարութիւնը։ Այս օրերին Գ. Այվազովսկին Թէոդոսիայում բացում է իր դպրոցը եւ գլխովին նուիրւում նրա գործունէութեանը

  Քանի որ Հայկազնեան վարժարանի ծախքերը հիմնականում ընկած էին Կ. Պոլսի հայութեան վրայ‚ Թէոդորեանը Տատեան Պօղոսի հրաւէրով 1858-ին գալիս է Կ. Պոլիս։ Այստեղ նա կրկին համոզւում է‚ որ Կ. Պոլսի հայ համայնքը իրենց մշտական դրամական օգնութիւն տալ չի կարող‚ ուստի իր յոյսերը կապում է նորընտիր Մատթէոս կաթողիկոսի հետ։ Վերջինս սիրով խոստանում է վարժարանի ապագան հոգալ իր կաթողիկոսական իշխանութեամբ

  1858-ի դեկտեմբերին Կ. Պոլիս են հասնում նորընտիր կաթողիկոսի պատուիրակները։ Այնուհետեւ ամիսներ շարունակ Կ. Պոլսում տեղի են ունենում ճաշկերոյթներ‚ հրաւէրքներ‚ տօնախմբութիւններ‚ պաշտօնական փոխայցելութիւններ… 1859-ի յունիսին միայն կաթողիկոսն իր մեծաքանակ շքախմբով ճանապարհւում է Ռուսաստան‚ իր հետ տանելով նաեւ Ս. Թէոդորեանին: Վերջինս յոյս ունէր Ռուսաստանում լուծել տալու իրենց յուզող հարցերը‚ բայց այստեղ նոյնպէս շարունակւում էին անհոգ եւ անվերջանալի տօնախմբութիւնները… Կաթողիկոսը բաւարարուած լինելով Կ. Պոլիս եւ Երուսաղէմ ուղարկած իր մի քանի շրջաբերականներով‚ այլեւս չի անդրադառնում Փարիզի վարժարանի հարցին։ 

  Սարգիս Թէոդորեանը Էջմիածնում եւ Թիֆլիսում 10 ամիս թափառելուց յետոյ‚ 1860-ի յուլիսին վերադառնում է Փարիզ։ Այվազովսկու հրաւէրով Խորէն Գալֆայեանն արդէն մեկնել էր Թէոդոսիա եւ պաշտօնավարում էր Խալիբեան դպրոցում‚ իսկ Հայկազնեան վարժարանը Կ. Պոլսի պատրիարքի հրամանով 1859-ի վերջին փակուել էր արդէն

  Մուրադեան եւ Հայկազնեան վարժարանների պատմութեանը նուիրուած իր քառահատոր աշխատութեան մէջ Ս. Թէոդորեանը դպրոցի անյաջողութիւնների համար մեղադրում է բոլորին՝ ե՛ւ արեւմտահայերին‚ ե՛ւ ռուսահայերին‚ ե՛ւ իր գործակիցներին: Ճշմարտութիւնն այն էր սակայն‚ ինչ գրում է Նալբանդեանը. «Պէտք էր մի փոքր աւելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում… Որովհետեւ ընդդէմ է առողջ բանականութեան որեւիցէ գործ սկսանել առանց մի հաստատ հիմք ունենալու‚ այս պատճառով եւս ազգային դպրոցը որպէս արդիւնք մի պատահական կայծի‚ առանց որեւիցէ ապահովութեան‚ այս րոպէումս գտանւում է նեղութեան մէջ դրամական մասին» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 151)։ Այս դպրոցի առիթով էլ Նալբանդեանը մէկ անգամ եւս շարադրում է ազգային դպրոց հիմնադրելու առաջնահերթ խնդիրները։ 

Էջ 153‚ տ. 4-5. …«Les Harmonies» մակագրով տաղերգութենների հայ թարգմանութիւնը հին լեզուով Տե՛ս «Դաշնակք Լամարթինեայ»‚ թարգմ. Խորէն Ա. Գալֆայեան‚ Փարիզ‚ տպագր. Արամեան‚ 1859

տ. 23-24. …Լամարթինի գործերը առաջին հարկաւոր բաները չեն Լամարթին Ալֆոնս Մարի Լուի դէ (1790–1869) ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ‚ պատմաբան‚ քաղաքական գործիչ: 1848 թ. յեղափոխութեան շրջանում՝ արտաքին գործերի մինիստր, ժամանակաւոր կառավարութեան փաստական ղեկավար։ Նա նախապատրաստում է Փարիզի պրոլետարիատի յունիսեան ապստամբութեան ճնշումը եւ իր անգործունէութեամբ նպաստում հանրապետութեան անկմանը։ 1848 թ. դեկտեմբերին ձախողուելով պրեզիդենտական ընտրութիւններում‚ հետագայում զբաղւում է պատմագիտական աշխատանքներով: 1852 թ. դեկտեմբերի 2-ի յեղաշրջումից յետոյ Լամարթինը մեկուսացւում է քաղաքական ասպարէզից եւ ենթարկւում Լուի Բոնապարտի հալածանքներին։ 

  Մ. Նալբանդեանը Փարիզում ծանօթանալով Խորէն Գալֆայեանի թարգմանութեամբ /400/ հրատարակուած Լամարթինի «Դաշնակներ» գիրքին‚ անհրաժեշտ է գտնում հայ ընթերցողներին ցոյց տալ դրա վնասակարութիւնը։ Իր «Յիշատակարանում» նա գրախօսականի կշիռ ունեցող ընդարձակ խօսք է գրում ֆրանսիացի բանաստեղծի ժողովածուի մասին‚ որն ամբողջովին տոգորուած էր կրօնամիստիկական տրամադրութիւններով։ 

  Լամարթինի գրքի տպագրութիւնն առաւել եւս զգաստ մօտեցում էր պահանջում‚ քանի որ թարգմանիչը բարձրաբարբառ յայտարարում էր‚ թէ իբր հայ ընթերցողները շատ վաղուց էին փափագում մայրենի լեզուով կարդալ Լամարթինի բանաստեղծութիւնները։ Նա միաժամանակ յոյս էր յայտնում‚ որ առաջիկայում նրա միւս բանաստեղծութիւնները եւս կը թարգմանուեն‚ եւ հայերի օրինակին կը հետեւեն նաեւ արեւելքի այլ երկրների ժողովուրդները։ «Այսպիսով‚ առաջադրւում էր ռեակցիոն ռոմանտիկ Լամարթինի կրօնամիստիկական պոեզիան Հայաստանում եւ արեւելքի միւս երկրներում լայնօրէն տարածելու մի իւրօրինակ «ծրագիր»։ Դեմոկրատական-ռէալիստական գրականութեան համար պայքարող Նալբանդեանն այդ երեւոյթի կողքից անցնել չէր կարող» (Էդ. Ջրբաշեան‚ Միքայէլ Նալբանդեանը եւ արեւմտաեւրոպական գրականութիւնը‚ «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1958‚ N 2‚ էջ 78)

  Միքայէլ Նալբանդեանը ոչնչացնող քննադատութեան ենթարկելով առհասարակ միստիցիզմի էութիւնը‚ որն ընթերցողներին կտրում էր կենդանի իրականութիւնից‚ հայ նոր գրականութեան խնդիրն է համարում ընթերցողներին դաստիարակել լաւատեսական տրամադրութիւններով‚ նրանց մէջ ամրապնդել պայքարի եւ աշխատանքի կամքը: «Մեզ հարկաւոր է կեանք եւ շարժողովթիւն‚– գրում է Նալբանդեանը‚– հարկաւոր է յոյս ունենալ մեր անձին եւ մեր ընկերի վերայ‚ եւ առանց լքանելու եւ վերացական բաների թողնելու մեր մասին հոգաբարձութիւնը‚ մեր ձեռքով վարել մեր հողը» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 153-154)։

տ. 25. մինչեւ ի Կոկիւսոն հայոց Նալբանդեանն իր աշխատութիւններում մի քանի անգամ օգտագործում է այս արտայայտութիւնը‚ իբրեւ գերադրական աստիճանի չափանիշ։ Զէյթունից 6 ժամ հեռաւորութեան վրայ‚ բարձրաբերձ լեռների ստորոտում էր գտնւում Զէյթունին հարկատու Ֆրնուզ գիւղը։ Սրա մօտ‚ երկու լեռների կատարներին‚ միմեանց հանդիման բարձրանում էին Օհաննու Կարապետի եւ Զէյթունի Փրկչի վանքերը։ Օհաննու Կարապետի վանքին ենթակայ 10000 բնակիչ ունեցող 14 գիւղերից մէկն էր Կոկիսոնը‚ որը պատկանում էր Ֆրնուզի թեմին: Հնում կոչուել է Մեծն Կոկիսոն կամ Երկիր Կոկաց (տե՛ս «Արաքս»‚ 1889‚ Գիրք Ա‚ էջ 84)։ 

«Ի Կոկիւսոն հայոց արտայայտութիւնը հաւանաբար ժամանակին օգտագործուել է ժողովրդի մէջ՝ կապուած Կոկիսոն գիւղի բարձրադիր վայրում գտնուելու հետ:

Էջ 154‚ տ. 15-16. Մի՞թէ ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14000 ֆրանկ որպէս ողորմութիւն Ակնարկում է Լուի Բոնապարտին (1808-1873)։ 

տ. 18. …որով բողոքում է նա Անյայտ է‚ թէ ինչ հանգամանքներ են արգելք հանդիսացել այդ խոստումը կատարելուն: Յայտնի չէ նաեւ՝ Նալբանդեանն առհասարակ այդ յօդուածը թարգմանե՞լ է‚ թէ՞ ոչ

  Էջ 155‚ տ. 7. …ընդարձակ բառարանների վերայ Տե՛ս «Բառգիրք հայ-գաղղիարէն եւ գաղղիարէն-հայերէն‚ յօրինեաց Ամբրոսիոս Գալֆայեան‚ նախկին վերատեսուչ Հայկազեան վարժարանին‚ Փարիզ‚ 1881։ 

տ. 8. …ժողովրդական լեզուով՝ Ֆենելոնի Տելեմաքը Տե՛ս «Տելեմաք»‚ վիպասա/401/նութիւն Ֆենոլոնի արքեպ. Գաղղիացւոյ‚ թարգմ. Ամբրոսիոս Վ. Գալֆայեան‚ անդամ Պատմական Ճեմարանին Գաղղիոյ եւ Ասիական Ընկերութեան Փարիզու‚ պատկերազարդ‚ Փարիզ‚ 1860։ 

տ. 9. …տպած պատկերազարդ եւ հոյակապ պ. Արամի տպարանում Արամեան Ճանիկ (1820 –1879). Արեւմտահայ հասարակական գործիչ‚ ծնուել է Նիկոմեդիայում։ 1846 թ. մեկնել է Փարիզ‚ նպատակ ունենալով հետեւել արհեստներին‚ եւ իր կոչումը գտել է տպագրական գործում: Ֆրանսիական մի տպարանում նա հիմնել է հայկական տպագրութեան արտադրամաս‚ ապա հաստատել է առանձին տպարան‚ ստեղծել տառատեսակ եւ զարկ տուել հայ գրատպութեանը։ Նրա մշակած եւ ձուլած տառատեսակները դիմացել են ժամանակի փորձութեանը (այսօր էլ նրա ստեղծած «Արամեան» տառատեսակը շարունակում է մնալ մեր լաւագոյն տառատեսակներից մէկը)։ 

Ճանիկ Արամեանի տպարանում է ծնունդ առել հայ առաջին ազատ խօսքը եւ հրապարակախօսութիւնը։ Այստեղ են տպագրուել Ստեփան Ոսկանեանի «Արեւելք» (1855–1856)‚ եւ «Արեւմուտք» (1859‚ 1864–186) հանդէսները: Արամեանը մեծ նպաստ է բերել հայ հասարակական մտքի զարգացմանը՝ տպագրելով Միքայէլ Նալբանդեանի «Երկու տող» պամֆլետը‚ իսկ հետագայում‚ արդէն Կ. Պոլսում՝ Ս. Տէր-Սարգիսենցի «Շահենն ի Սիպիր» վէպը։ Ժամանակի հայկական առաջնակարգ այդ տպարանը հայ ընթերցողին պարգեւել է բարձրորակ հրատարակութիւններ՝ թերթեր‚ հանդէսներ‚ հարիւրաւոր գրքեր

  Ճանիկ Արամեանի տաղանդը դրսեւորուել է նաեւ հայ գրականութեան անդաստանում: Նրա գրչին է պատկանում հայ նոր երգիծական գրականութեան անդրանիկ գործերից մէկը՝ «Ընդունելութիւն Ընծային‚ որ նա հրատարակել է Թոռնակ Կըկռիկեան ծածկանունով: Իր Փարիզում գտնուած օրերին Նալբանդեանը հիացել էր այդ գործով եւ «Յիշատակարանում» ամենաջերմ տողերով է արտայայտուել դրա հեղինակի մասին

  1860 թ. Ճանիկ Արամեանը լոյս է ընծայել «Դասարան Հայկազն մանկանց» 9 մասից բաղկացած դասագիրքը‚ որ յայտնի չափով նոր էջ է ե՛ւ հայ տպագրութեան‚ ե՛ւ դասագրքի զարգացման պատմութեան մէջ: Դպրոցականներին հայոց այբուբենն ու հայ պատմութիւնը ուսուցանելու նպատակով Արամեանն իր դասագիրքը շարադրել է դիւրամատչելի լեզուով‚ այբուբենի իւրաքանչիւր տառի տակ տալով որեւէ դրուագ եւ այդպիսով ներառնելով ամբողջ ազգային պատմութիւնը՝ սկզբից մինչեւ Դաւիթ Բեկի նուաճած անկախութիւնը‚ Սիւնեաց թագաւորութեան անկումը։ Յուրաքանչիւր դրուագ նա ուղեկցել է չափազանց խօսուն եւ մեծ խնամքով կատարուած գրաւիւր պատկերով։ Ամբողջ գրքում Արամեանը զետեղել է 236 նկար։ 

Այդ նկարների շարքում մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում այբուբենի վերջին՝ «ֆ»-րդ հատուածը‚ որտեղ հեղինակը զետեղել է «Արդեան վիճակ Հայաստանին» անուանուած պատկերը. հայոց երկրի աւերակներ‚ տխրաթախիծ‚ բայց «լուսասփիւռ աչօք» հայուհի‚ որ հոգնաբեկ ու անյոյս նստած է այդ աւերակների վրայ ու խորհում է։ «Օրըստօրէ Հայաստան ոտնակոխ եղաւ»‚– կից տեքստում գրում է Արամեանը եւ աւելացնում՝ «իսկ Հայաստանի ոգին ողջ մնաց‚ հսկէ նա… աւերակաց վրայ… դիտէ՝ մանաւանդ ի լուսաւորութիւն յորդորէ իր սեռն»: Յաջորդ‚ 96-րդ էջում արդէն ամբողջ էջի վրայ տեղաւորուած է մի այլ պատկեր «Ոգի Հայաստանեայց» մակագրութեամբ. հերարձակ‚ ոտաբոբիկ‚ տխրադէմ հայուհին‚ փչող հովերին դէմընթաց քայլում է անապատացած երկրով‚ աւերակների վերածուած ու անկենդան Հայաստանով: Այդ երկու գծանկարների միջեւ հրատարակիչը տեղաւորել է պատմական Հայաստանի քարտէզը։ 

  Պատկերները‚ քարտէզի եւ դասագրքի բուն բովանդակութիւնը իւրատեսակ նախա/402/պատրաստական հիմք են ծառայել այն բանի համար‚ որ 1861 թուականին Արամեանն ստեղծէր հայ ժողովրդի վերջին դարի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը գտած «Հայաստան» կամ «Հայաստանի ոգի» հանրայայտ նկարը‚ որի հեղինակը մինչեւ վերջերս յայտնի չէր բանասիրութեանը։ Նկարի բնօրինակը գծագրել է Արամեանը‚ ապա պատուիրել գրաւիւրի ֆրանսիացի փորագրիչ վարպետներին‚ որոնք պատկերը փորանկարել են նրա հսկողութեան ներքոյ: Այսպիսով‚ պատկեր-պլակատի հեղինակը թէ՛ գաղափարական‚ թէ՛ կատարման-իրագործման առումով Ճանիկ Արամեանն է‚ որը‚ ինչպէս բնութագրել է Թէոդիկը‚ դրսեւորել է «գեղեցկագէտի յոյժ զարգացած իր ճաշակը»։ Նկարը, ինչպէս ազդարարուել է ժամանակի մամուլում‚ նրա սեփականութիւնն էր (այս մասին աւելի հանգամանօրէն տե՛ս Մ. Յակոբեան‚ Ժողովրդական մի նկարի պատմութիւնից‚ «Գարուն»‚ 1980‚ N 9‚ էջ 85–89)։ Ճանիկ Արամեանի գրչին են պատկանում նաեւ «Դիտողութիւն ի վերայ տեղեկագրի կաթուղիկոսական յանձնաժողովոյ» (1866)‚ «Ռուսիա եւ ընդհանուր ժողով հայոց ի Կ. Պոլիս» (1866)‚ «Զէյթունցիք եւ լուսաւորչական հայք» (1867) եւ այլն։

տ. 29. Այս արժանապատիւ անձը ծանօթ է հայոց ազգին մանաւանդ Նահապետի անունով Չնայած Մխիթարեանների նկատմամբ ունեցած իր վերապահ վերաբերմունքին‚ Նալբանդեանն արտակարգ ջերմութեամբ է արտայայտուել Ղեւոնդ Ալիշանի անձնաւորութեան‚ նրա բանաստեղծական տաղանդի եւ վաստակի մասին: Հայ նոր գրականութեան զարգացման նախանձախնդրութեամբ գնահատելով Նահապետի երգերի «Հայրունի» շարքի բերած նորութիւնը եւ թարմութիւնը‚ Նալբանդեանը բանաստեղծին խորհուրդ է տալիս առաւել մօտենալ ժողովրդական լեզուի ակունքներին։ Թէ որքան խորն էր Նալբանդեանի համակրանքը Ալիշանի նկատմամբ եւ որքան բարձր էր գնահատում նա Ալիշանի աշխարհաբար բանաստեղծութիւնները‚ երեւում է նաեւ «Սօս եւ Վարդիթերի» կրիտիկայում» հայ նոր գրականութեան առաջին երկերի նրա տեսութիւնից։ Նալբանդեանը գրում է. «Չենք մոռացած «Նահապետ» ստորագրութեամբ Հ. Ղեւոնդ Ալիշանեանց արժանաւոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթուածքը՝ «Պլպուլն Աւարայրի»‚ «Հայոց աշխարհիկ» եւ միւս բոլոր աշխարհաբար ոտանաւորքը‚ բայց այստեղ չյիշեցինք‚ որովհետեւ արձակ բանաստեղծութեան վրայ էր մեր խօսքը. ապա թէ ոչ‚ չափաբերական քերթուածոց մէջ արժանաւոր վարդապետի ախոյեան չունի‚ եթէ մենք լռենք‚ Աւարայրի բլբուլը կը խօսի: …«Կանչէ՜ պլպուլիկ‚ կանչէ՛ հոգեձայն. արդեօք զուխտ մահուն սուրբ յիշէ՞ Վարդան» . Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. III, էջ 120)։ 

Էջ 156‚ տ. 14-15. …Հայաստանի լուսնակը իւր շողը կը կաթէ նորա գերեզմանաքարի վերայ Նալբանդեանը մեծ ջերմութեամբ‚ գրեթէ բառացի‚ ձայնակցում է Ալիշանի «Լուսընկայն գերեզմանաց Հայոց» բանաստեղծութեան վերջին քառատողում արտայայտուած՝ Նահապետի բաղձանքին։ 

Էջ 157‚ տ. 15. .. «Ընդունելութիւն Ընծայի» անունով գիրքը –1856 թ. Փարիզում հրատարակւում է Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետեանի՝ պապականութեան դիրքերից գրուած «Ընծայ» գիրքը‚ որն առաջացնում է արեւմտահայ առաջաւոր մտաւորականութեան զայրոյթը։ Այդ տրամադրութիւններն առաւել ցայտունութեամբ արտայայտւում են Թոռնակ Կըկռիկեան ծածկանունը կրող հայ գործիչներից մէկի «Ընդունելութիւն Ընծայի» երգիծական գրքի տպագրութեամբ (Փարիզ‚ 1856‚ 140 էջ)։ 

«Ընդունելութիւն Ընծայի» գրքի առաջին բաժնում հեղինակը երգիծանքի սուր միջոցներով ծաղրում է վարդապետ Կարապետեանի բարոյական սկզբունքներն ու նորմերը‚ ցոյց տալիս նրա գրքի վտանգաւորութիւնը՝ կաթոլիկութեան անսքող պրոպագանդի  /403/ առումով։ Այդ բաժնում նա նկարագրում է գրքի գտած ընդունելութիւնը Կ. Պոլսում եւ Հայաստանի գաւառներում‚ ընդ որում հեղինակը գաւառներից նամակներ է ստանում Ամասիայի իր թղթակից Մանտալեանի միջոցով։ Գրքում ներկայացուած են Եւդոկիայի‚ Սեբաստիայի‚ Երզնկայի‚ Ակնի‚ Մուշի‚ Վանի եւ այլ վայրերի ու Կ. Պոլսի զանազան խաւերի նամակագիրների թղթակցութիւնները‚ որոնք ստորագրուած էին ծածկանուններով (Արութ Ծուռբերանենց‚ Մարկոս Անուշլեզուեան‚ Մկրտիչ Թացվարտիկեան‚ Խլանկաճենց եւ ուրիշներ)։ 

  Մանտալեանի ուղարկած նամակներում խօսւում էր այն աղմուկի եւ իրարանցման մասին‚ որ տիրում էր գաւառներում եւ մայրաքաղաքում: Մարդիկ իբր յափշտակուած էին «Ընծայի» հրաշագործ ուժով‚ նրանք փափագում էին ձեռք բերել այդ գիրքը եւ այդ նպատակին հասնելու համար չէին խուսափում անգամ տուրուդմփոցից։ 

Սակայն այս ամենը հեղինակը տեսնում է երազում։ Գրքի երկրորդ եւ ամենաուժեղ հատուածում Թ. Կըկռիկեանը հրապարակային բանավէճ է բացում «Ընծայի» հեղինակի դէմ եւ մերկացնում այն հակազգային պրոպագանդի էութիւնը‚ որը նա խորամանկօրէն հրամցնում էր հայ ընթերցողին եւ այն՝ ձրի։ Այս բաժինն է հէնց‚ որ ամբողջութեամբ մէջ է բերում Նալբանդեանը՝ Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանում» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 157-163)։ 

  Գր. Կարապետեանը «Ընդունելութիւն Ընծայի» գործի հեղինակի դէմ շտապում է մի առանձին թերթիկով հրապարակել կոպիտ ոճով գրուած իր պատասխանը (տե՛ս «Թ. Կըկռիկեան եւ իր Մանտալ‚ Ծուռբերան‚ Թացվարտիկ‚ Անօրէնք եւ այլն թղթակիցներուն պատասխանի»‚ Փարիզ‚ 1857)։ 

  «Ընծայի» եւ «Ընդունելութիւն Ընծայի» գրքերի մասին արտայայտւում է եւ ժամանակի մամուլը: Այսպէս‚ «Մասիսի» խմբագրութիւնը 1856 թ. ծանուցում է «Ընծայի» տպագրութեան լուրը‚ միաժամանակ զետեղելով «Ընդունելութիւն Ընծայի» գրքի առաջաբանը (N 254)։ Խմբագրութիւնն իր կողմից «Ընծան» անուանում է խառնախօսարան‚ «խենթ ու խելառ խօսքերու եւ մտածութիւններու ժողովածու»

  Թոռնակ Կըկռիկեանի գրքի տպագրութիւնից անմիջապէս յետոյ Յ. Սուաճեանը նոյնպէս արձագանքում է «Ընդունելութիւն Ընծայի» գրքին: Նա այդ գրքի ոգով եւ ոճով «Մեղուի» էջերում զետեղում է մի նամակ Յ. Տոլապեան ստորագրութեամբ: Վերջինս տեղեակ էր դարձնում Գր. Խապարաճեանին‚ որ հաշուի առնելով նրա գրքի նկատմամբ ծագած մեծ հետաքրքրութիւնը‚ ինքը համաձայնութեան է եկել «Մեղուի» խմբագրի հետ‚ նրա թերթի էջերում սոպագրելու «Ընծան»‚ որպէսզի «ժողովրդեան սիրտը շինուի» եւ հեղինակի ջանքերն ապարդիւն չանցնեն (տե՛ս «Մեղու»‚ 1856‚ N 7‚ էջ 155)

Այնուհետեւ Սուաճեանը «Մեղուի» 1851 թ. չորս համարներում տպագրում է «Ընծայում» զետեղուած առաջին եւ երկրորդ առաջաբանները‚ Գ. գլուխը եւ խմբագրութեան եզրափակիչ խօսքը: Այստեղ նշւում է‚ որ «Ընծայի» տպագրութիւնն ընդհատւում է իբր թէ ընթերցողների բողոքի պատճառով («Մենք «Մեղուին» համար տարին 60 ղուրուշ կու տանք կոր. նէ ափեղցփեղ «Ընծայ» կարդալու համար չէ»)։ 

  Սուաճեանը ոչ միայն երգիծական բազմազան հնարանքներով ծաղրում է Խապարաճեանի գիրքը եւ նրա «…Պատասխանին»‚ որն անուանում է «60 փարանոց թաց վարտիք»‚ այլեւ‚ որ ամենակարեւորն է‚ տպագրելով նրա գրքի առաջաբանները‚ դիպուկ կերպով մերկացնում է հեղինակի հեռահար ծրագրերն ու միտումները‚ հայ եկեղեցին հռոմէականին մօտեցնելու նրա նպատակը: Այս առումով շատ պերճախօս է Գ. գլուխը‚ որտեղ Խապարաճեանն առանց վարանելու դատապարտում է հայ հոգեւորականութեանը՝ հռոմէական /404/ եկեղեցուց հեռանալու եւ Քաղկեդոնի ժողովի բացատրութիւնն ու սահմանադրութիւնը չընդունելու համար (տե՛ս «Մեղու» 1837‚ N 13‚ էջ 301-308)

  Տարիներ անց‚ Պետրոպաւլովեան ամրոցում աշխատելով «Սօս եւ Վարդիթերի» կրիտիկայի առաջին տարբերակի վրայ‚ Նալբանդեանն առիթը բաց չի թողնում մէկ անգամ եւս զաւեշտի ենթարկելու «Ընծայի» հեղինակի պահուածքն ու ոճը: Պռօշեանին կշտամբելով այն բանի համար‚ որ ըստ նախադրութեան գործածութիւնը չարաշահում է‚ Նալբանդեանը մէջ բերելով «Ընդունելութիւն Ընծայի» գրքի հեղինակի դէմ Խապարաճեանի հրատարակած «…Պատասխանի»-ից մի արտայայտութիւն‚ գրում է. «Ասես թէ լուսահոգի Խապառաճին Կըկռիկեանի հետ է կռւում. «Կը քննեն‚ կը քաշքըշեն‚ կը կրկտեն ըստ զանազան խելաց եւ իդէայից» («Կրիտիկա «Սօս եւ Վարդիթեր» ազգային վիպասանութեան»‚ հատուած‚ Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. III‚ էջ 210)։ Հետաքրքրական է‚ որ Նալբանդեանից անկախ Սուաճեանը նոյնպէս Չամուռճեանի դէմ գրած իր յօդուածներից մէկում օգտագործում է Խապարաճեանի «…Պատասխանի»-ից քաղուած միեւնոյն արտայայտութիւնը (տե՛ս «Մեղու»‚ 1864 թ. N 233‚ էջ 50)։ 

  Պէտք է ենթադրել‚ որ «Ընդունելութիւն Ընծայի» գիրքը մեծ տպաւորութիւն է թողել Նալբանդեանի վրայ։ Պետրոպաւլովեան ամրոցի՝ իր «Բերդի Յիշատակարանում» երկու անգամ նա օգտագործում է այդ գրքի սրամիտ խորագիրը‚ նկատի ունենալով‚ հաւանաբար‚ «անզովանալի ծիծաղ» յարուցող ծաղրանկարը: Երբ 1863 թ. նոյեմբերի 25-ին նա լուր է ստանում‚ որ կաթողիկոսը Գ. Այվազովսկուն ընդունել է ոչ սիրալիր‚ գրանցում է. «Այսօր իմացայ‚ թէ վեհափառ կաթողիկոսը Ընծայի ընդունելութիւն է արել Այվազին»: 1864-ի սեմին‚ դեկտեմբերի 31-ին‚ դժգոհ՝ անցնող 1863 թուականից‚ Նալբանդեանը կատարում է հետեւեալ գրառումը. «Այս 1863 թիւը վերջացնելու վրայ եմ՝ բիւր տեսակ մտածութիւններով: Երանի թէ 1864-ը որ մէկ ժամից կգայ‚ աւելի երջանկութիւնաբեր լինէր։ 12 ժամ. 1863 [ին] Ընծայի ընդունելութիւն» (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 290‚ 291)։ 

տ. 16-18. Այդ գրքի հեղինակը… թագուցէլ է իւր անձը Թոռնակ Կըկռիկեան շինովի անունի տակ Թոռնակ Կըկռիկեան գրական կեղծանունի վերծանման շուրջը հայ բանասիրութեան մէջ յայտնուել են մի շարք կարծիքներ։ Դեռեւս անցեալ դարի 60-ական թուականներին‚ արեւմտահայ իրականութեան մէջ փորձել են ճշտել հեղինակի ինքնութիւնը եւ‚ այսօր մեզ անյայտ մնացած պատճառներով‚ «Ընդունելութիւն Ընծայի» գրքոյկի հեղինակ են համարել Խաչատուր Միսաքեանին: Վերջինս Փարիզից ուղարկած իր նամակում յայտնում է‚ թէ ինքը չէ Կըկռիկեանը (տե՛ս «Մասիս‚ 1857‚ N 260)։ Կարճ ժամանակից կասկածներ են ծագում եւ հայ մտաւորական‚ «Մուրատեան վարժարան» աշխատութեան հեղինակ Աստուածատուր Ջունդի նկատմամբ: Սակայն‚ այս անգամ էլ մամուլում հանդէս է գալիս Ջունդը եւ մի յայտարարութեամբ հերքում տարածուած լուրերը: Նրա խնդրանքով «Մասիսի» նոյն համարում հանդէս է գալիս նաեւ Միսաքեանը եւ հաստատում‚ որ «Ընդունելութիւն Ընծայի» գրքի հեղինակը Ջունդը չէ‚ որին սկսել էին կասկածել իր առաջին յայտարարութեան ինչ-որ արտայայտութիւնների հիման վրայ (տե՛ս «Մասիս»‚ 1857‚ N 267)

  Հետագայում նոյնպէս յայտնուել են թեր եւ դէմ կարծիքներ‚ բայց Կըկռիկեան գրական կեղծանունը իր վերջնական լուծումը չի գտել: Դարասկզբին Միհրան Յովհաննէսեանն այն միտքն է յայտնել‚ որ հայ երգիծական գրականութեան մարզում առաջինը Խ. Միսաքեանն է հանդէս եկել իր «Ընդունելութիւն Ընծայի» գրքով (տե՛ս «Քննական պատմութիւն ԺԹ դարու հայ դպրութեան»‚ Փարիզ‚ 1901‚ էջ 106)։  /405/ 

Նոյն թուականին Հրանտ Ասատուրը գրում է‚ թէ Խաչատուր Միսաքեանն ու Ճանիկ Արամեանը հրատարակեցին «Ընդունելութիւն Ընծայի» գրքոյկը‚ որ զաւեշտական առաջին հրատարակութիւնը կ՚երեւայ հայոց մէջ» . Ասատուր‚ Կ. Պոլսի հայերը եւ իրենց պատրիարքները‚ «Ընդարձակ օրացոյց Ազգային հիւանդանոցի»‚ Կ. Պոլիս‚ 1901‚ էջ 256)։ 

  Այս տեսակէտները‚ ինչպէս ասացինք‚ յայտնուել են 1901 թուականին։ Դրանից 11 տարի անց‚ 1912 թ. իր «Տիպ ու տառ» աշխատութեան մէջ Թէոդիկը որոշակիօրէն Ճանիկ Արամեանին է համարել այդ գրքի հեղինակ։ Թէոդիկի վկայութիւնը հիմք է ծառայել Աշոտ Յովհաննիսեանի համար՝ Թոռնակ Կըկռիկեան գրական կեղծանունը վերագրելու Ճանիկ Արամեանին (տե՛ս «Անտիպ երկեր»‚ էջ 719)։ Սակայն‚ «Նալբանդեանը եւ նրա ժամանակը» մենագրութեան երկրորդ հատորում անդրադառնալով այս հարցին‚ տողատակի ծանօթագրութեան մէջ‚ Յովհաննիսեանը բոլորովին նոր կարծիք է յայտնում։ Նա նշում է‚ որ ժամանակին սխալ հասկանալով Թէոդիկի այն արտայայտութիւնը‚ թէ Արամեանը «խմբագրել է» «Ընդունելութիւնը»‚ ինքը նրան հեղինակային իրաւունք է յատկացրել եւ այդ սխալը հետագայում կրկնել են Նալբանդեանի երկերի լիակատար ժողովածուի կազմողները. «Ժամանակն է շտկել սխալը»‚- անվերապահօրէն յայտարարում է Ա. Յովհաննիսեանը եւ առաջարկում իր նոր տեսակէտը. «Որչափ գրքոյկի լեզուն եւ ժանրը մօտ է ոչ թէ Արամեանի‚ այլ Միսաքեանի գրուածքների բնոյթին‚ հաւանական ենք գտնում հէնց նրան էլ համարել գրքոյկի հեղինակ՝ Արամեանը‚ ըստ երեւոյթին‚ գրքի հրատարակողն էր սոսկ» («Նալբանդեանը եւ նրա ժամանակը»‚ գիրք II‚ էջ 437)։ 

  Իր կարծիքը հաստատելու համար Աշոտ Յովհաննիսեանը վկայակոչում է Հր. Ասատուրին եւ Մ. Յովհաննէսեանին‚ ինչպէս եւ ընդգծում Թէոդիկի այն արտայայտութիւնը‚ թէ Ճանիկ Արամեանը խմբագրել է Թ. Կըկռիկեանի գրքոյկը։ Ուշադիր ծանօթութիւնը Թէոդիկի յօդուածին մեզ բերում է այն համոզման‚ որ այս հարցում‚ այնուամենայնիւ‚ առաւել հաւաստի է «Անտիպ երկերում» ձեւակերպուած վարկածը. եւ ահա թէ ինչու։

  Նախ‚ Թէոդիկն իր գիրքը գրել է Ասատուրից եւ Յովհաննէսեանից մէկ տասնամեակ անց‚ հետեւապէս‚ ժամանակ է ունեցել աւելի հանգամանօրէն վերլուծելու անցեալի բանասէրների յայտնած կարծիքները: Այնուհետեւ‚ Ճանիկ Արամեանին նուիրած իր ակնարկում Կըկռիկեանի մասին նա խօսում է երկու տարբեր էջերում‚ տարբեր առիթներով: Առաջին էջում գրուած է. «Վալտերի քով շարած հայ գիրքերուն մէկ քանին «Ի գրանոցի Ճանիկի Արամեան Նիկոմիդացւոյ» բանաձեւը կը կրեն: Ասոնցմէ է «Ընդունելութիւն Ընծայի» գրքոյկը զոր 1856-ին ինք խմբագրած էր Թ. Կըկռիկեան ծածկանունով‚ ի պատասխան Գր. Վ. Գապարաճեանի «Ընծայ» գիրքին» (Թէոդիկ‚ Տիպ ու տառ‚ 1912‚ «Ճանիկ Արամ եան»‚ էջ 94)։ 

Եթէ մի կողմ թողնելու լինենք «ինք խմբագրած էր» արտայայտութիւնը‚ որ կարելի է հասկանալ եւ իբրեւ՝ ինքն էր կազմել‚ հարցին սպառիչ պատասխան է տրւում «Ճանիկ Արամեան» ակնարկի յաջորդ բաժնում‚ որտեղ խօսւում է անձամբ նրա գրական ստեղծագործութեան մասին: Թէոդիկը գրում է. «Իր «Ընդունելութիւն Ընծային» զոր ոմանք Ջունդի եւ Միսաքեանի վերագրեցին‚ սրամիտ գրուածք մըն է‚ եւ մեր երգիծաբանական գրականութեան ամենահին վաւերագիրը կրնայ նկատուիլ։ Ոճն ինքնուրոյն շնորհ մը ունի եւ եթէ ուրէք ուրէք կան կոշտ բացատրութիւններ‚ «շառիվարի» գրուած ըլլալու նկատումով են անշուշտ։ Այդ երկը հոս մեծ աղմուկ հանած է ժամանակին եւ մեծաքանակ սպառած» (նոյն տեղում‚ էջ 95)։ 

Կարծում ենք‚ Աշոտ Յովհաննիսեանն այս կռվանին յենուելով է‚ որ «Անտիպ եր/408/կերում» յանգել է իր յայտնի եզրակացութեանը: Ինչ վերաբերում է նրա տողատակի ծանօթութեանը‚ ապա մնում է ենթադրել‚ որ հետագայում յենուելով Թէոդիկի յօդուածի առաջին հատուածի վրայ‚ նա հարցը համարել է սպառուած։ 

  «Ընդունելութիւն Ընծայի» գրքի հեղինակի հարցը Թէոդիկից յետոյ նոյնպէս շարունակել է զբաղեցնել հայ բանասէրներին։ Այսպէս‚ Հրանտ Ասատուրն այդ խնդրին անդրադարձել է ե՛ւ իր «Դիմաստուերներում» (1921 թ. )‚ եւ աւելի ուշ՝ 1923 թ. տպագրուած «Խաչատուր Միսաքեան Բարիզի մէջ» յօդուածում: Այստեղ յիշելով Միսաքեանին եւ Ջունդին գրքի հեղինակ համարելու անցեալներում եղած վարկածը‚ որին ինքը եւս տուրք էր տուել‚ Հր. Ասատուրը գրում է. «Ճանիկ Արամեանն էր այդ երգիծանքի գրողը‚ ինչպէս կ՚երեւայ ետքէն իր հրատարակած մէկ գրացուցակին մէջ‚ ուր իր անունը նշանակուած է իբր հեղինակ»։ Այնուհետեւ աւելի հիմնաւորելով ասածը‚ շարունակում է. «Միսաքեանի «Մասիսի» մէջ լոյս տեսած վերոյիշեալ երկու նամակները վերջերս առիթ ունեցայ կարդալու: Անկէ առաջ‚ իմ ալ համոզումս եղած էր պահ մը‚ թէ Միսաքեան՝ Ճ. Արամեանի աշխատակցած է այս գրուածքին մէջ‚ ինչ որ տպաւորութիւնն էր նաեւ Կ. Ս. Իւթիւճեանի‚ եւ ես 1890-ին յատկապէս իրմէ քաղած նիւթերուն մէջ նշանակուած կը գտնեմ այս պարագան:

Սակայն վերջերս կարդալով Միսաքեանի գրեթէ բոլոր լոյս տեսած գրութիւնները եւ ուսումնասիրելով իր աշխարհաբարը‚ իր գրելու եւ խորհելու եղանակը‚ սա եզրակացութեան եկած եմ‚ թէ սխալ ըլլալու է այս ենթադրութիւնը‚ որում արձագանք եղած եմ «Դիմաստուերներուս» մէջ։ Ոճի‚ ուղղագրութեան տեսակէտով մանաւանդ բոլորովին կը տարբերին Միսաքեանի գրուածքները եւ Կըկռիկեանի «Ընդունելութիւն Ընծային» («Ամենուն տարեցոյցը»‚ 1923 թ. Կ. Պոլիս‚ ԺԷ տարի‚ էջ 113)։ Թէեւ մեր բանասիրութեանն այսօր յայտնի չէ Ճանիկ Արամեանի հրապարակած գրացուցակը‚ բայց Հրանտ Ասատուրի յայտարարութեամբ թերեւս կարելի է սպառուած համարել «Ընդունելութիւն Ընծայի» գրքի հեղինակի ինքնութեան հարցը

տ. 20. …Գրքի ճակատում դրած պատկերը «Ընդունելութիւն Ընծայի» գրքոյկի առաջին իսկ էջում (տիտղոսաթերթից յետոյ) զետեղուած է մի սրամիտ ծաղրանկար‚ որով գրքի հեղինակը ցոյց է տալիս «Ընծայի» իսկական արժէքը եւ դրան սպասելիք ընդունելութեան զաւեշտական պատկերը: Ընթերցողը աքացի է խփում «Ընծան» խորհրդանշող արարածին»։ 

  Էջ 159‚ տ. 29. …Մէկովը Ֆոպլասին‚ միւսովն ալ Թառթիւֆին ունեցած նմանութեան պատմութիւնն ընենք Ֆոպլաս - ֆրանսիացի գրող Լուվէ դէ Կուվրէի «Կաւալեր Ֆոբլասի սիրարկածները» վէպի հերոսը. Թառթիւֆ - Մոլիերի «Տարտիւֆ» կատակերգութեան հերոսը

  Էջ 162. տ. 22. …գնա՛‚ «Ներքին համոզման» 29–երորդ երեսի վերջին հինգ տողերը կարդա՛ «Ներքին համոզումն» գրքոյկի հեղինակը Ստեփան Ոսկանեանն է: Այդ պամֆլետը նա հրատարակել է 1853 թ. ՝ ծածկանունով։ Հետաքրքրական է‚ որ «Յաղագս հայկական մատենագրութեան» իր ճառում Նալբանդեանը խօսելով «Եւրոպա» թերթի մասին‚ դրա նկատմամբ ցուցաբերում է այն դիրքորոշումը‚ ինչ աւելի վաղ ցուցաբերել էր Ս. Ոսկանեանը՝ Վիեննայի Մխիթարեանների դէմ ուղղուած իր վերոյիշեալ պամֆլետում։

Էջ 163‚ տ. 37. …արգոյ Շահնազարեանց Կարապետ վարդապետը… որ գտանւում է այժմ Փարիզում Կարապետ Շահնազարեանը (1814-1865) ծնուել է Համադանում։ Սովորել է Էջմիածնի ժառանգաւորաց դպրոցում‚ այնուհետեւ ռուսաց լեզուի եւ մաթեմատիկայի մէջ հմտացել Յակոբ եւ Դաւիթ Արզանեանների մասնաւոր վարժարանում (Թիֆլիս)։ 1836 թ. ընդունուել է Լազարեան ճեմարանը: 1839-ին ձեռնարդրուել է սարկաւագ եւ /407/ նշանակուել ժառանգաւորաց դպրոցի տեսուչ եւ ուսուցիչ։ Այստեղ աշխատել է մինչեւ 1842 թուականը‚ որի ընթացքում զբաղուել է հայ հին գրչագրերի եւ դրանց յիշատակարանների ուսումնասիրութեամբ‚ հրատարակել է մի շարք դպրոցական ձեռնարկներ‚ որոնցից մի քանիսը թարգմանուած էին ռուսերէնից։ Շահնազարեանը 1843-ին նշանակւում է Տաթեւի վիճակի յաջորդ‚ որտեղ նոյնպէս՝ շարունակում է իր բանասիրական հետազօտութիւնները։ 1846 թ. Ներսէս կաթողիկոսը նրան տանում է Թիֆլիս եւ նշանակում թեմական ատենի (կոնսիստորիա) նախանդամ: Աշխատում է եւ իբրեւ Ներսիսեան դպրոցի տպարանի տեսուչ‚ ապա նշանակւում Ներսիսեան դպրոցի վերատեսուչ։ Ամբաստանուելով հակառակորդների կողմից‚ առաջացնում է կաթողիկոսի զայրոյթը եւ նրա հետապնդումներից խուսափելով՝ 1850 թ. անցնում է Կ. Պոլիս

Կ. Պոլսում Շահնազարեանն զբաղւում է քարոզչական աշխատանքով եւ մեծ համարում ձեռք բերում տեղի մտաւորականութեան մէջ: Շուտով‚ սակայն‚ նա ընդհարւում է Յ. Չամուռճեանի եւ Կարապետ Ամիրա Պալեանի հետ եւ հալածւում նրանց կողմից։ Նրա պահանջով կազմուած յանձնաժողովը պատրիարքարանի երկու նիստերում լսելով կողմերին‚ արդարացնում է Շահնազարեանին

1855 թ. նա մեկնում է Փարիզ‚ որտեղ հաստատում է իր տպարանը եւ հիմնադրում «Շար հայ պատմագրաց» մատենաշարը: 1857-1862 թթ. տպագրում է Ղեւոնդ վարդապետի‚ Ստ. Ասողիկի‚ Մովսէս Կաղանկատուացու‚ Ստ. Օրբէլեանի‚ Սմբատ սպարապետի‚ Վահրամի եւ Թովմա Մեծոփեցու աշխատութիւնները։ Շահնազարեանը ֆրանսերէնի է թարգմանել եւ տպագրել Ղեւոնդի «Պատմութիւնը»: Միաժամանակ տպագրել է եւ իր աշխատութիւնները‚ որոնցից նշանաւոր են՝ «Դաշանց թուղթը»‚ «Նկարագիր պատմութեան հայոց»‚ «Ընդարձակ տեղագրութիւն Հայաստանի» (վերջին երկուսը ֆրանսերէն)։ Շահնազարեանն ընտրուել է Փարիզի Արեւելեան ընկերութեան անդամ‚ Լազարեան ճեմարանի խորհրդարանի անդամ եւ այլն։ 1862 թ. Զէյթունի ապստամբութեան օրերին նա մի յիշատակարան է ներկայացնում Նապոլէոն II-ին‚ նրա ուշադրութիւնը հրաւիրելով Կիլիկիայի հայերի վիճակի վրայ

1862 թ. Մանչեստրի հայ համայնքի հրաւէրով մեկնում է Անգլիա եւ ստանձնում Մանչեստրի հայութեան առաջնորդի պաշտօնը: Այստեղ 1864-ին նա սկսում է հրապարակել «Երկրագունդ» հանդէսը‚ բայց նոյն թուականին հիւանդութեան պատճառով տեղափոխւում է Եգիպտոս‚ ապա մեկնում Կ. Պոլիս‚ որտեղ եւ վախճանւում է (տե՛ս «Լումա»‚ 1910‚ N 5–6‚ էջ 3-38 եւ Թէոդիկ‚ Տիպ ու տառ‚ 1912‚ էջ 152-153)։ 

  Էջ 166‚ տ. 3-4. …«Արեւելք» անուն օրագիր (խափանուած մի հայ ճիզուիթի դարանագործութեամբ…) Հայ ճիզուիտը Յակոբ Կռճիկեանն էր‚ 19-րդ դարի 40-60-ական թթ. թուրքական կառավարող շրջանների աչքի ընկնող գործիչներից։ Իբրեւ դեսպանատան խորհրդական եւ առաջին թարգման աշխատել է Վիեննայի‚ Լոնդոնի եւ Փարիզի թուրքական դեսպանատներում: Հետագայում հաստատուել է Կ. Պոլսում եւ աշխատել իբրեւ փոխարքայ Ռեշիդ փաշայի խորհրդական: Խառնուել է պատրիարքարանի գործերին‚ կրօնական եւ քաղաքական ժողովների ստեղծմանը։ Դպրոցներ է հիմնել գաւառներում‚ գրել է ձեռնարկ մետաքսագործութեան մասին‚ շարադրել գործնական կանոններ՝ բամբակի‚ բրնձի‚ գետնախնձորի մշակութեան վերաբերեալ։ Կռճիկեանին եւ Այվազովսկուն յատուկ յօդուած է նուիրուել ֆրանսիական «Հանրագիտական բառարանում» (1858)‚ որը քաղուածաբար տպագրուել է «Մեղու» թերթում (տե՛ս «Մեղու»‚ 1859‚ N 5‚ էջ 34–35)

  Փարիզում աշխատելու տարիներին Կռճիկեանը իր պաշտօնական գործերից բացի /408/ հետեւում էր եւ հայ հրատարակութիւնների ուղղութեանը‚ փորձում զսպել Ստ. Ոսկանի «Արեւելքի» համարձակախօսութիւնը։ Ի պատասխան ռեակցիոն գործչի ոտնձգութիւններին‚ Ստ. Ոսկանը 1856 թ. գրում է մի յօդուած‚ որի շարուածքին ծանօթանալով Արամեանի տպարանում‚ Գ. Այվազովսկին այդ մասին տեղեակ է դարձնում Յ. Կռճիկեանին: Վերջինս արգելել է տալիս ոչ միայն այդ յօդուածը պարունակող 15-րդ համարը‚ այլեւ «Արեւելքի» հրատարակութիւնը առհասարակ։ 

  Հետագայում միայն‚ 1859 թ. «Արեւմուտքի» 7-րդ համարում‚ Ոսկանը կից նամակով հրապարակում է վերոյիշեալ՝ «Առ պարոն Յակոբ Կռճիկեան» յօդուածը (տե՛ս «Արեւմուտք»‚ 1859‚ N 7‚ էջ 49-154. տե՛ս նաեւ «Արեւելք» (1855-1856) եւ «Արեւմուտք» (1859‚ 1864-1865) հանդէսների անոտացուած մատենագիտութիւն‚ 1980‚ էջ 54-55)։ 

Էջ 168‚ տ. 21-22. …մեր ազգից կարգուած պարոնը… հեղինակների հետ Խօսքը վերաբերում է Յակոբ Կռճիկեանին։ 

  Էջ 169‚ տ. 8. «Ազատ աստուածն այն օրից…» Այս բանաստեղծութիւնն‚ իբրեւ առանձին գործ‚ առաջին անգամ «Ազատութիւն» խորագրով տպագրուել է «Մեղուի» 1860 թ. N 109-ում‚ առանց ստորագրութեան (տե՛ս սոյն հրատարակութեան I հատորում զետեղուած ծանօթագրութիւնը‚ էջ 438–439)։

  Էջ 171‚ տ. 11–13. …մաքուր խղճմտանքով… քարին ենք զարկում Կեղծ հայրենասէրների եւ շահամոլ հայերի վերաբերեալ Նալբանդեանի դատապարտութեան խօսքը‚ ըստ երեւոյթին‚ առնչւում է ամմոնացիների հետ կապուած աստուածաշնչեան մի առասպելի հետ։ 

Ըստ այդ առասպելի‚ իրենց կռապաշտութեամբ յայտնի ամմոնացիք բազմիցս յարձակւում էին Իսրայէլի վրայ եւ անհանգստացնում հրեաներին։ Մարգարէները նրանց սպառնում են կործանումով‚ մի բան‚ որ‚ իրօք‚ կատարւում է: Չնայած եգիպտացիների եւ եթովպացիների օժանդակութեանը‚ իրենց հերթական արշաւանքներից մէկից յետոյ նրանք գերեվարւում են‚ ստորացւում‚ հալածւում… «…եւ զտղայս նորա [Ամմոնի] զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա» (տե՛ս Մարգարէութիւն Նաւումայ‚ գլ. Գ.  

  Ինչ վերաբերում է այն բանին‚ որ Նալբանդեանը իր հակառակորդներին քաղդէական սերմից առաջացած ծնունդներ» է կոչում‚ մինչդեռ ամմոնացիք կապ չունէին նոր բաբելական (կամ քաղդեական) թագաւորութեան ժողովուրդների հետ‚ ապա այդ արտայայտութիւնը սիմվոլիկ նշանակութիւն ունի։ Քաղդէացիք նոյնպէս‚ ինչպէս ամմոնացիք‚ մոլի կռապաշտներ էին‚ եւ Նալբանդեանը‚ հաւանաբար‚ աստուածաշնչեան այդ առասպելի մէջ նոյնացնելով երկուսին‚ ընդգծում է առհասարակ կռապաշտների դատապարտուածութեան եւ անխուսափելի կործանման փաստը։ 

տ. 6. «եւ բանն վերացաւ յինէն» Տե՛ս Դանիէլ մարգ. Բ‚  

Էջ 183‚ տ. 3. «Քեզ քո սիրական հայրենի բարբառ…» Այս բանաստեղծութիւնն‚ անկասկած‚ պատկանում է իրեն‚ Կոմս Էմմանուէլին‚ եւ այն ինչ-որ «հայ բանասէրի» վերագրելը գրական մի հնարանք է‚ որ նա սիրում է գործածել «Յիշատակարանի» մէջ։ Երրորդ վեցնեակի առաջին չորս տողերը հանուած են‚ թերեւս‚ գրաքննութեան կողմից (տե՛ս սոյն հրատարակութեան I հատորի ծանօթագրութիւնը‚ էջ 439)

Էջ 184‚ տ. 37. Հայ կանա՛յք‚ ձեր պէս չէին ձեր մայրերը Ինչպէս հստակ երեւում է բնագրից‚ այս ամբողջ պարբերութիւնը (էջ 184-185) ներշնչուած է Եղիշէի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» պատմութեան «Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին» հատուածից։ Գրական արձագանքի այս եղանակը կրկին անգամ ցոյց է տալիս Նալբանդեանի /409/ հրապարակախօսութեան զինանոցի հարստութիւնը‚ հարկ եղած դէպքում հայ դասական գրականութեան ամենաընտիր էջերը «խօսեցնելու» նրա մեծ հմտութիւնը։ 

  Էջ 189‚ տ. 31–32. …արգելառիթ է այս գաղափարի իրագործութեանը Պարբերութիւնն անաւարտ է մնացել‚ թերեւս գրաքննական միջամտութեան հետեւանքով։ 

  Էջ 192‚ տ. 27. …Էդմոն Շերթիէ ֆրանսիացու գիրքը Էդմոն Շերթիէ‚ Ռեֆորմները Թուրքիայում‚ Փարիզ‚ 1858 (ֆրանս. )

  Էջ 193‚ տ. 11. …Մեսրոպ Տիրատուրեանի ստորագրութեամբ… Նալբանդեանի գրական կեղծանուններից մէկը՝ «Յիշատակարանում»

  Մեր կարծիքով‚ այս ծածկանուան համար հիմք է ծառայել Մեսրոպ Մաշտոցի անձնաւորութիւնը‚ որին հեղինակը տալիս է Տիրատուրեան‚ աստծուց տրուած ազգանունը: Այս ենթադրութիւնն ինչ-որ չափով հաստատւում է նաեւ նամակի բովանդակութեամբ‚ որն ամբողջովին նուիրուած է «հայ ազգութեան շինուածի» կատարելագործմանը: Նամակագիրը կոչ է անում որոնել եւ յայտնաբերել հայ ձեռագրական յուշարձանները‚ խնամքով պահպանել դրանք եւ տպագրել: Նա յորդորում է հայերին զբաղուել հնագիտական աշխատանքներով‚ հետազօտել ձեռք բերուած նիւթերը եւ այլն

  Ի վերջոյ Մեսրոպ Տիրատուրեանը խորհուրդ է տալիս՝ մշակութային եւ նիւթական արժէքների յայտնաբերուած նմուշների հիման վրայ ստեղծել հայ ժողովրդի գիտական պատմութիւնը‚ իբրեւ ազգութիւնը հզօրացնելու «ամենամեծ եւ զօրաւոր հնարներից մինը» (էջ 194)։ 

  Էջ 195‚ տ. 12. «Յաճախապատում» գիրքը սկիզբն դնում է քրիստոնէական հայոց մատենագրութեան «Յաճախապատում» ճառերի ժողովածու‚ որն ըստ աւանդոյթի վերագրւում է Գրիգոր Լուսաւորչին: Գիտնականների զգալի մասը‚ սակայն‚ գտնում է‚ որ այդ ժողովածուն Մեսրոպ Մաշտոցի գրի արգասիքն է

  Էջ 199‚ տ. 11–12. …ինչո՛ւ համար լուռ մնացինք կարդալով… Չերքեզեանցի հայհոյութիւնքը «Հիւսիսափայլի» դէմ տպագրուած բանավիճային յօդուածների առատութեան մէջ առանձնայատուկ կրքով աչքի են ընկել Նազարեանի երդուեալ հակառակորդ‚ ժամանակի յետադէմ մտաւորականութեան ներկայացուցիչ Յովսէփ Չերքեզեանի յօդուածները: Ապրելով Մոսկուայում‚ որտեղ նա ի մօտոյ ծանօթ էր ե՛ւ «Հիւսիսափայլի» շրջանակի գործիչներին‚ ե՛ւ «Ճռաքաղի» խմբագիրներին‚ Չերքեզեանը մշակում է պայքարի հիմնաւոր մեթոդների մի ամբողջ սիստեմ: Պէտք է ենթադրել‚ որ նա այդ գործին ձեռնամուխ էր եղել դեռեւս 50-ական թուականներից‚ երբ սկսում են հրատարակուել Նազարեանի աշխատութիւնները։ Տիրապետելով մի շարք եւրոպական լեզուների‚ նա հնարաւորութիւն ունէր օտարալեզու սկզբնաղբիւրների հետ համեմատելու Նազարեանի գրքերը‚ որոնք հետագայում անարդար կերպով համարում է սոսկ թարգմանութիւններ‚ «Վարդապետարանի կրօնի» գրքի թեզերի հիման վրայ Նազարեանին հռչակում լութերական եւ այլն: «Հիւսիսափայլի» տպագրութիւնը Չերքեզեանին նոր յարձակման առիթ է տալիս‚ եւ նա վճռում է իջնել հրապարակախօսութեան ասպարէզը: Այսպէս‚ «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. N 13-ում‚ որի մասին տուեալ դէպքում խօսում է Կոմս Էմմանուէլը‚ Չերքեզեանը զետեղում է մի յօդուած‚ խմբագրին ուղղուած կից նամակում յայտնելով այն միտքը‚ թէ քանի որ «Հիւսիսափայլը» դուրս է եկեր ամենեւին պատշաճաւոր խօսակցութեան սահմաններից»‚ ապա ինքը վճռել է հրապարակել իր կարծիքը Նազարեանի գրուածքների մասին։ 

Առաջին յօդուածի հէնց մուտքի խօսքում Չերքեզեանը վարկաբեկում է Նազարեանին‚ նրան ներկայացնելով իբրեւ անուսում‚ սնապարծ‚ լութերամիտ‚ «լեզուագէտ լեզուագար՝  /410/ առանց կատարեալ գիտութեան որեւէ լեզուի‚ փիլիսոփայ՝ առանց դատողութեան‚ մատենագիր թարգմանիչ՝ իւրեան սեփականող այլոց գրութիւնքը‚ խօսքով անշահասէր՝ գործով արծաթամոլ» եւ այլն‚ եւ այլն («Մեղու Հայաստանի»‚ 1860‚ N 13‚ էջ 98)։ Նա յայտնում է իր մտադրութիւնը՝ զբաղուելու Նազարեանի երկերի քննութեամբ եւ ցոյց տալու նրա «հարիւրաւոր սխալանքը՝ լեզուի‚ մտքերի‚ հայկական հոգու‚ քերականական արուեստի ընդդէմ»։ Ապա Չերքեզեանը կանգ է առնում նաեւ Նազարեանի‚ այսպէս ասած‚ բարոյական նկարագրի վրայ‚ քանի որ «Հիւսիսափայլի» խմբագիրն իբր հայհոյում էր հայ գործիչներին եւ ոտնահարում ազգային սրբութիւնները‚ գրաբարի գիտելիքների մէջ տկար էր‚ իր զաւակներին չէր սովորեցնում հայերէն եւ այլն: Հայհոյում է «Հիւսիսափայլը»՝ «սանձարձակ եւ անդուռն բերանով» ազգային գործիչների մասին խօսելու‚ ուսանողական թատրոնը թերագնահատելու‚ Խալիբեան դպրոցը ծաղրելու համար: Վերջում յօդուածագիրը յայտնում է‚ որ խօսում է միմիայն Նազարեանի մասին‚ քանի որ ամսագիրը տպագրւում է նրա պատասխանատւութեամբ: Սակայն նա չի մոռանում եւ Նազարեանի գործակիցներին‚ եւ «նոցա երազական ծածկաբանութեանց» առիթով մէջբերում է կատարում Շնորհալուց‚ որով ամենակոպիտ վիրաւորանքն էր հասցնում Մ. Նալբանդեանին (էջ 102)։ Այս յօդուածն իր մեծամտութեամբ եւ գռեհկութեամբ անցնում էր բանավիճային խօսքի թոյլատրելիութեան ամեն սահման‚ ուստի «Հիւսիսափայլի» գործիչները արժանապատւութիւնից ցած են համարում պատասխանել դրան։ Սակայն‚ ինչպէս երեւում է Նալբանդեանի խոստովանութիւնից‚ «Հիւսիսափայլի» բարեկամներն ստիպում են նրան պատասխանել անկոչ դատախազին‚ եւ ահա Կոմս Էմմանուէլը իր խօսքն է ասում եւ Չերքեզեանի մասին

Սրանով‚ սակայն‚ չեն սպասւում Յովսէփ Չերքեզեանի ասպատակութիւնները հայ հրապարակախօսութեան մարզում: «Մեղու Հայաստանի» թերթի եօթ համարներում (N 31-37) նա տպագրում է մի յօդուածաշար՝ «Նազարեանց եւ նորա նշանակութիւնը Հայոց գրականութեան մէջ» խորագրով‚ որտեղ «Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ» աշխատութեան վերլուծութեամբ մատնացոյց է անում գրաբար լեզուի դէմ Նազարեանի կատարած մեղանչումները (թուով՝ 248 դիտողութիւն): Յօդուածի վերջում նա սպառնում է գրել մի նոր ուսումնասիրութիւն՝ Նազարեանի «աշխարհաբարի եւ գերմանացոց լեզուից ռուսերէն եւ հայերէն թարգմանութիւնների վերայ» (N 37‚ էջ 296)

Երբ կարգաւորւում է «Ճռաքաղի» հրատարակութեան գործը‚ Չերքեզեանը հանդէս է գալիս այդ պարբերաթերթի էջերում‚ ողջունելով դրա խմբագիրներին՝ ամսագրին նոր շրջանում կրօնական ուղղութիւն տալու համար: Նա գտնում է‚ որ այդ քայլը կատարուած է ժամանակին‚ քանի որ «յայտնուել են մեր ազգի մէջ հանդերձիւք ոչխարաց զայլք յափշտակողք » (ընդգծումը՝ Չերքեզեանինն է)։ Կրօնի պաշտպանութեան նպատակով էլ ինքը վճռում է հանդէս գալ այդ գործիչների դէմ «Ճռաքաղ» «պատուական կրօնուսոյց ամսագրի միջնորդութեամբ»

Չերքեզեանը «Ճռաքաղում» տպագրում է երկու ծաւալուն յօդուած. 1. «Հերքումն կարծեաց այնոցիկ‚ որ քարոզում են‚ թէ պէտք է վերանորոգութիւն (րեֆորմ) առնել Հայաստանեայց եկեղեցումը» (1860‚ N 9‚ էջ 144–151) եւ 2. «Մեկնութիւն մեկնութեան‚ որ տամ է Նազարեանցը «Հիւսիսափայլի» 3 ամսատետրակումը Ալիշանեանցի անունով իւր անցեալ տարի գրած Հայոց եկեղեցու րեֆորմին‚ 10 ամսատետրակումը» (1861‚ N 23‚ էջ 367-379 եւ N 24‚ էջ 384–398)։ 

  Թէ՛ առաջին‚ ե՛ւ թէ երկրորդ յօդուածներում Չերքեզեանը եկեղեցական դոգմաների  /411/ ոգով քննելով հայոց եկեղեցու ռեֆորմի վերաբերեալ Նազարեանի յայտնած մտքերը» խօսքն ուղղում է հայոց կաթողիկոսին‚ «ամենաջերմեռանդն պաղատանքով» խնդրելով նրանից՝ ազատել վերահաս վտանգից Հայոց «Քրիստոսահիմն‚ առաքելաշէն‚ մշտապայծառ եկեղեցին» (էջ 393)։ 

  «Ճռաքաղի» հրատարակչական գործերը շուտով կրկին վատանում են եւ Չերքեզեանը խարիսխ է գցում Թէոդոսիայի մատոյցներում: 1861 թուականից նա «Մասեաց աղաւնու» թղթակիցն էր արդէն‚ ըստ որում գրում էր աւելի հիմնաւորուած‚ աւելի կատաղի եւ հետեւողական յօդուածներ: Այս ամսագրի էջերում հրապարակուել են Չերքեզեանի նամակը՝ ուղղուած Ստ. Նազարեանին («Յովսէփայ Չերքեզեանց նամակ առ Ստեփանոս վարդապետ Նազարեանց»‚ «Մասեաց աղաւնի»‚ 1861‚ N 4‚ 5‚ 9‚ 10‚ 11)‚ «Պատասխանատւութիւն Յովսէփայ Չերքեզեանց առ բողոք պ. Ստեփանոսի Նազարեանց» (1861‚ N 21‚ 22)‚ «Անդրադարձ «Հիւսիսափայլ» ծրագրի ներկայ տարու 1 ամսատետրակում տպագրած արձագանքին» (1862‚ N 14)‚ ինչպէս եւ «Հիւսիսափայլ» ամսագրի 1850 թ. 10-րդ համարի առիթով կաթողիկոսին ուղղած նրա երկու նամակները (1862‚ N 16)

  Չերքեզեան գործչի համար շատ յատկանշական է այն‚ որ բանավիճային յօդուածներից բացի նա գործուն մասնակցութիւն է ունեցել «Հիւսիսափայլը» փակել տալու խնդրին: Այսպէս‚ կաթողիկոսին ուղղած իր 1860 թուականի դեկտեմբերի 26-ի նամակում յայտարարելով‚ թէ Նազարեանը հրապարակաւ քարոզում է Լութերի աղանդը‚ խորհուրդ է տալիս փութով հաւաքել տալ «Հիւսիսափայլի» 10-րդ ամսատետրակների օրինակները եւ «Վարդապետարան կրօնի» աշխատութեան տպաքանակը եւ հրի ճարակ դարձնել դրանք։ 

  Չերքեզեանի «բարենպատակ գրութիւնը» կաթողիկոսի կարգադրութեամբ քննարկւում է եւ բաւականաչափ կողմնորոշում Սինոդի անդամներին‚ որոնք իրենց վճռի առաջին բաժինը բառացիօրէն կազմում են այդ նամակի ձեւակերպումներով: 1861 թ. յունիսի 12-ին Սինոդը քննում է «Հիւսիսափայլի» հարցը. շատ հետաքրքրական է‚ որ որոշում է ընդունւում Սինոդի վճռի մասին տեղեակ դարձնել «խնդրագործ պարոն Չերքեզեանցին» (տե՛ս «Մասեաց աղաւնի»‚ 1862‚ N 16‚ էջ 190)։ 

Չերքեզեանը չի բաւարարւում դրանով‚ քանի որ գրաքննական կոմիտէն քննելով գործի հանգամանքները‚ «Հիւսիսափայլը» դադարեցնելու որոշում չէր կայացրել: 1861 թ. դեկտեմբերի 11-ին մի նոր նամակով Չերքեզեանը դիմում է կաթողիկոսին եւ բողոքում գրաքննական կոմիտէի գործելակերպից: Նա միաժամանակ տեղեակ է պահում կաթողիկոսին‚ որ գրաքննական կոմիտէի պահանջով Նազարեանն ինքն է թարգմանել իր «Մենդելսոն‚ Լեսսինգ եւ Լաւատեր» յօդուածը եւ‚ բնականաբար‚ ղեկավարուել է իր շահերով: Նա նորանոր մէջբերումներ է անում «Հիւսիսափայլի» հետագայ համարներից եւ ահազանգում. «Եթէ շարունակեսցի օրագիրն այն‚ ետինն եղիցի չար‚ քան զառաջինն. կամ լաւ եւս ասել‚ արդէն իսկ նշմարի չարութեանն առաւելութիւն ի նորանոր ամսատետրակն նորին» (էջ 187)։ Նա խորհուրդ է տալիս կաթողիկոսին՝ օգտուել Պոլոժենիէով իրեն տրուած իրաւունքներից եւ հասնել այն բանին‚ որ Սինոդի վճիռը կատարուի։ Դրա համար նպատակայարմար է գտնում‚ որ կաթողիկոսը «ստիպողական թղթով» դիմի ներքին գործոց մինիստրին‚ դիմումին կցելով «Հիւսիսափայլից» հանուած քաղուածքները: Ի դէպ‚ նա հէնց իր նամակի հետ ուղարկում է այդ քաղուածքները‚ որոնք անձամբ թարգմանել էր ռուսերէնի՝ աւելացնելով «առ մեն մի ի նոցունց զյարմարաւոր ծանօթութիւնս» (էջ 188)։ Վերջում Չերքեզեանը պաղատում է կաթողիկոսին‚ որ նա իր «աստուածապարգեւ եւ կայսերանիստ իշխանութեամբ» ի կատար ածի «զմիանգամ սկզբնաւորեալն առ ի Ձենջ /412/  զպանծալի գործ խափանման «Հիւսիսափայլ» անուանեալ վնասաբեր եւ ազգակործան» օրագրին» (էջ 188)։ 

  Հէնց այս օրերին էլ Չերքեզեանը պայքարել է գրաքննական կոմիտէից ստանալու Մոսկուայի հայ գրականութեան գրաքննիչի պաշտօնը‚ բայց այդ նրան չի յաջողուել (տե՛ս Մ. Նալբանդեան‚ Անտիպ երկեր‚ էջ 756)։ Պէտք է ենթադրել‚ որ այդ գործում իրենց դրական դերն են կատարել Պետերբուրգի վարչական շրջաններին մօտ կանգնած հայ գործիչներ Մ. Բերոյեանը եւ Կ. Եզեանը։ Յայտնի է‚ որ սրանցից առաջինը յատկապէս‚ մեծ ջանքեր է գործադրել փակուելու վտանգից «Հիւսիսափայլը» փրկելու համար։ 

  Էջ 199. տ. 16. …Խուդաբաշեւի «Обозрение Армении» մակագրով գործի վերայ Տե՛ս «Обозрение Армении в географическом‚ историческом и литературном отношениях»‚ coбpaл и составил А. Худобашев‚ Санктпетербург, 1859

տ. 18–20. Մեզ գրում են‚ թէ ո՛ր զանցառութեան պատճառով չմերժեցինք լուրերը‚ որ… հրատարակեց որ Մանդինեանցի «Մեղուի» մէջ Ինչպէս երեւում է եւ մեր նախընթաց ծանօթագրութիւններից (էջ 363‚ 389-390)‚ յատկապէս 1860 թ. Զ. Մսերեանը (Սկայորդի) պարբերաբար թղթակցում էր «Մեղու Հայաստանի» թերթին: Այստեղ նա երեւում էր «Ազգային տարեգիր» բաժնում եւ ներկայացնում էր մոսկովեան հայկական կեանքի նորոյթները: Ի թիւս այլ լուրերի‚ 1860 թ. մարտին Սկայորդին յայտնում էր‚ որ «Հիւսիսափայլի» հրատարակութիւնն ուշանում է եւ‚ հաւանաբար‚ այն կը դադարի‚ որովհետեւ‚ ինչպէս ասում են՝ բաժանորդք չկան‚ եւ Կոմս Էմմանուէլն այսուհետեւ՝ չգիտեմ ինչ պատճառաւ‚ չէ կամենում գործակից լինել հրատարակչին» («Մեղու Հայաստանի»‚ 1860‚ N 12‚ էջ 93): Նոյն թերթի 17-րդ համարում նա յայտնում է «Հիւսիսափայլի» առաջին համարի տպագրութեան լուրը եւ հաղորդում է բովանդակութիւնը։ Յենուելով Նազարեանի բողոքների վրայ‚ Զարմայր Մսերեանը նշում է‚ թէ‚ հաւանաբար‚ ճիշտ է իր ծանուցած լուրը՝ «որպէս թէ Կոմս Էմմանուէլը այսուհետեւ գործակից լինելու չէ պ. Նազարեանցին» (էջ 130)։ Այս նոյն թղթակցութեան մէջ նա չարախնդօրէն յայտարարում է‚ թէ Անանիա Սուլթանշահը «Հայոց ազգի լուսաւորիչը» թարգմանել է «Սովրեմեննիկ» ամսագրից եւ կասկածի տակ է առնում «Հիւսիսափայլի» միւս յօդուածների հեղինակական գրուած լինելը» (էջ 131)։ 

տ. 27–28. …հարեւանցի քերուելով ազգային խնդիրների մօտից Թէեւ «Հիւսիսափայլը» հրատարակւում էր Մոսկուայում եւ հայկական կենտրոններից հեռու գտնուելով չէր կարող անմիջաբար լուսաբանել հայ գաւառների կեանքը‚ բայց եւ այնպէս ամսագրի հրապարակախօսութիւնն ամբողջովին տոգորուած էր ազգային կեանքի վերածնութեան գաղափարով։ 

Թէ՛ «Հիւսիսափայլը»‚ թէ՛ Կոմս Էմմանուէլի «Յիշատակարանը»‚ ինչպէս հաստատում է եւ Նալբանդեանը‚ «կարելի եղածի չափ» պարապում էին «ազգային բաներով» եւ շարունակ ուշադրութեան կենտրոնում պահում ազգային շահախնդրութիւնները։ «Հիւսիափայլի» խմբագրութիւնն աշխատում էր զոհաբերութիւնների գնով եւ մշտական պայքարի մէջ էր այլեւայլ արգելքների դէմ։ Խմբագրութիւնը պէտք է հաշուի նստէր նաեւ ցարական գրաքննութեան հետ‚ մի բան‚ որ մոռանում էին ամսագրին մեծ պահանջներ ներկայացնող անձինք

Էջ 200‚ տ. 25-26. …«Քերականութեան» վերայ‚ որ պ. Չերքեզեանցը հրատարակել էր Պարզուած չէ‚ թէ որտեղ է տպագրուել Չերքեզեանի այս գրախօսութիւնը։ 

տ. 33-34. …այդ քննութեան հեղինակը եղել է ո՛չ պ. Չերքեզեանցը‚ այլ Սալլանթեան  /413/ Միքայէլ եպիսկոպոսը Բանավիճային մի յօդուածում «Մեղու Հայաստանի» թերթի յօդուածագիրը առարկում է Նալբանդեանին‚ պաշտպանելով Չերքեզեանի հեղինակային իրաւունքը: Գուցէ «այժմ եւս‚- գրում է նա‚- ներկայ օրերումս Միքայէլ Սալլանթեան արքեպիսկոպոսն է‚ որ յարութիւն է առել եւ կրկին գրում է Չերքեզեանցի անունով՝ Նազարեանցի անհամար սխալները «Մեղու Հայաստանի» 31‚ 32‚ 33‚ 34‚ 35 եւ 36 համարներումը» («Մեղու Հայաստանի»‚ 1861‚ N 6‚ էջ 46)

դէպ Յօդուածագիրն այստեղ մոռացել է‚ որ Չերքեզեանի յօդուածի տպագրութիւնն աւարտւում է 37 համարում):

Էջ 201‚ տ. 14. …մեր սիրելի բարեկամի պարզմտութեան եւ անփորձութեան մասին Հաւանօրէն նկատի ունի Ստ. Նազարեանին‚ որի հետ ծանօթացել էր 1853 թ.: 

  Էջ 202‚ տ. 16. …գրուածը հաւանելի էր եղել մի թեթեւամիտ պառաւի Հնարաւոր չեղաւ պարզել «թեթեւամիտ պառաւի» ինքնութիւնը եւ վերականգնել մոսկովեան մտաւորականութեան շրջաններում «մի կտրիճ բանասէրի» կողմից նրա ստացած արժանի պատասխանի պատմութիւնը։ 

  Էջ 202‚ տ. 25. …հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի Զ. Մսերեանն իր երկրորդ նամակում (գրուած՝ Վահան Արամեան գրական կեղծանունով) մէկ առ մէկ քննադատելով Նազարեանի աշխատութիւնները‚ ակնարկում է‚ թէ դրանք պատրաստւում է համեմատել օտար սկզբնաղբիւրների հետ: Ինչ վերաբերում է «Վարդապետարան կրօնի» աշխատութեանը‚ ապա գրում է. «Վարդապետարանի» թարգմանութիւնն գերմաներէն բնագրի հետ (որ լուտերական հեղինակի գործ է)‚ ի վաղուց բաղդատուած է զգուշաբար այն բարեջան ուսումնասիրի աշխատութեամբ‚ որ թարգմանչին շատ ծանօթ է‚ եւ ինձ եւս ո՛չ անծանօթ» («Մեղու Հայաստանի»‚ 1858‚ N 25‚ էջ 200)։ Կարծում ենք‚ որ «երկակենցաղ պարոն» ասելով Նալբանդեանն ակնարկում էր Զ. Մսերեանի գործունէութիւնը ե՛ւ «Ճռաքաղի»‚ ե՛ւ «Մեղու Հայաստանիի» էջերում

տ. 28-29. …«Կոտրած ոտքով կովի» անմահ տաղերգուն Անյայտ

Էջ 203‚ տ. 36. Յաջողութիւն մաղթելով Չերքեզեանցին‚ պ. Նազարեանցի պատճառով գրելու գրքի մէջ Նալբանդեանը նկատի ունի Չերքեզեանի այն սպառնալիքը‚ ըստ որի նա պէտք է ցոյց տար («տպագրութեամբ շուտ ժամանակում») «պ. Նազարեանցի հայերէն‚ ռուսերէն եւ գերմաներէն իմացածի չափը» («Մեղու Հայաստանի»‚ 1860‚ N 13‚ էջ 103)։ 

  Մէկ տարի անց‚ սակայն‚ Չերքեզեանը յայտարարում է‚ թէ Նազարեանի թարգմանական գործերի մասին թէեւ պէտք է գրեր‚ «բայց նորա յայտնած անճոռնի րեֆորմը գրաւել է իր ամբողջ ուշադրութիւնը‚ եւ ինքը հարկադրուած զբաղւում է նրա կրօնական զանցանքների քննութեամբ (տե՛ս «Մասեաց աղաւնի»‚ 1861‚ N 21‚ էջ 248)։ 

  Էջ 204‚ տ. 26. Եզր անունի սկզբնատառը Հայոց եկեղեցու պատմութեան մէջ Եզր Փառաժնակերտացի կաթողիկոսի անունը անարգանքով է յիշւում այն բանի համար‚ որ նա մեղանչել է Հայոց եկեղեցու դէմ‚ քաղաքական նկատառումներով զիջում անելով քաղկեդոնականութեանը։ Կարնոյ ժողովում (632) նա ընդունում է Հերակլ թագաւորի հաւատոյ գիրը‚ որտեղ չէր նզովուած Քաղկեդոնի ժողովը։ Այդ անարգանքը հետագայ պատմիչների‚ ինչպէս եւ Նալբանդեանի մօտ արտայայտուել է նաեւ նրանով‚ որ նրա անուան սկզբնատառը գրուել է գլխիվայր

տ. 30. …պ. Խուդաբաշեւի գրուած հոգին Խուդաբաշեւին նոյնացնելով պատմութեան կողմից դատապարտուած Եզր կաթողիկոսի հետ‚ Նալբանդեանը Խուդաբաշեւ ազգանուան առաջին տառը նոյնպէս գրում է գլխիվայր /414/ 

Էջ 205‚ տ. 9. : Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկենեանց» Նալբանդեանի գրական կեղծանուններից մէկը «Յիշատակարանում»։ Գրական այս կեղծանունը նալբանդեանագէտ Խորէն Սարգսեանը վերծանում է հետեւեալ կերպ. «Կեղծանուան բոլոր բաղադրիչ մասերը՝ անուն‚ հայրանուն (Դիոսկորոսեան) եւ ազգանուն՝ ծագում են նշանաւոր պատմական‚ հակաքաղկեդոնական գործիչների անուններից‚ որոնցից երկուսը՝ հայ կաթողիկոսներ Բաբկէնը եւ Աբրահամը Նալբանդեանի կողմից յիշւում են նոյն նամակի մուտքի խօսքում‚ իսկ երրորդը‚ Ալեքսանդրիայի պատրիարք Դիոսկորը՝ նամակի տողատակի ծանօթագրութիւններից մէկի մէջ» (տե՛ս Микаэл Налбандян, Сочинения в двух томах, т. I, Е., 1968, комментарии, стр. 486)։ 

  Որ այս անուան տակ թաքնուած է եղել ինքը՝ Մ. Նալբանդեանը‚ յայտնի էր նաեւ ժամանակակիցներին։ Այսպէս‚ Պերճ Պռօշեանն իր յուշերում գրում է. «…Հիւսիսափայլի» միայն վերջին երկու-երեք էջերի թերթերն էին բացւում եւ Նալբանդեանցի «Կոմս Էմմանուէլ»‚ «Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկենեանց» եւ այլ կեղծանուն կրող գողտրիկ Յիշատակարաններն էին միմեանցից խլելով կարդացւում…» (Պերճ Պռօշեան‚ «Յուշեր»‚ տեքստը‚ ներածութիւնը եւ ծանօթագրութիւնները պատրաստեց Խորէն Սարգսեան‚ Երեւան‚ 1940‚ էջ 152  

տ. 31–32. «Եթէ զանարժանն ըստ պիտոյիցն ոչ յանդիմանես‚ մի՛ լինիր վարդապետ» Տե՛ս «Եզնկայ Կողբացւոյ Եղծ աղանդոց»‚ Վենետիկ‚ 1826‚ էջ 313։ 

  Էջ 207‚ տ. 16. Այս միջոցներումս ձեռքս ընկաւ… «Обозрение Армении» А. Худабашева Խուդաբաշեան Ալեքսանդր‚ բանասէր‚ պատմաբան: Ծնուել է Գրիգորիոպոլսում‚ սովորել Մոսկուայի Լազարեան ճեմարանում։ Պաշտօնավարել է Արտաքին գործերի մինիստրութիւնում։ 1817 թ. գեներալ Ա. Երմոլովի դեսպանախմբի կազմում մեկնում է Թեհրան՝ իբրեւ Երմոլովի անձնական թարգմանիչ

  1839 թ. Մոսկուայում տպագրուել է Խուդաբաշեանի երկհատոր «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» աշխատութիւնը՝ գրաբար մեկնաբանութիւններով: Նոյն թուականին Պետերբուրգում տպագրուել է «Գիրք նախակրթութեան հայկազեան լեզուի‚ յորում համառօտիւ բացատրին սկզբունք գլխաւոր գիտութեանց»: Գրքի վերջում (էջ 165-171) զետեղուած է «Յաղագս ի Մոսկով կառուցեալ Տեարց Լազարեանց Հայկական ճեմարանի Արեւելեան լեզուաց» ակնարկը։ Նա գրել է նաեւ Հայաստանի պատմութեան տեսութիւնը‚ որը տպագրուել է Պետերբուրգում 1859 թ. («Обозрение Армении в географическом‚ историческом и литературном отношениях»)

  Էջ 209‚ տ. 17. A очи словно два солнышка Գրելով «մեզ աւելի մօտ է թւում» խօսքերը‚ Նալբանդեանը ցոյց է տուել‚ որ նա որոշ վերապահութեամբ է մօտենում նաեւ Էմինի թարգմանութեանը‚ որն աւելի յաջող լինելով‚ քան Խուդաբաշեանինը‚ անթերի չէր: Այսպէս‚ բնագրի «Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղեգնիկն» տողը Էմինը թարգմանել է «Mope разрешилось красненьким тростником»‚ որ ճիշտ չէ‚ քանի որ ոչ թէ ծովն է երկունքից ազատւում կարմիր եղէգնիկով‚ այլ երկունքը բռնել էր ծովում նաեւ կարմիր եղէգնիկին (հմմտ. Մովսէս Խորենացի‚ Հայոց պատմութիւն‚ թարգմանութիւն‚ ներածութիւն եւ ծանօթագրութիւններ Ստ. Մալխասեանի‚ Երեւան‚ 1940‚ էջ 276) 

տ. 40. …ինչպէս տեսանում ենք պ. Խուդաբաշեւի բառարանում Տե՛ս Աղեքսանդր Խուդաբաշեանց‚ Բառարան ի հայկական լեզուէ եւ ռուսաց բարբառ‚ հատ. Ա եւ Բ. Մոսկուա‚ 1838

Էջ 210‚ տ. 37. (մի խրտուիլակ թագաւորի հրամանով) Ակնարկում է Խադ եպիս/415/կոպոսի քարկոծուելը Արշակ թագաւորի կողմից (հմմտ. Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց‚ գիրք Գ‚ գլ. ԼԲ)։

Էջ 211‚ տ. 1. …պիղծ թագաւորի ձեռքով թունաւորուելով Ակնարկում է Ներսէս մեծի թունաւորուելը Պապ թագաւորի կողմից‚ որ սակայն նորագոյն հետազօտողները (Գարագաշեան‚ Մալխասեան) չեն ընդունում։ (Հմմտ. Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութիւն հայոց‚ Վենետիկ‚ 1832‚ Դպրութիւն Ե. գլ. Դ)։

Էջ 214‚ տ. 37. …Սեբէոս եպիսկոպոսի Պատմութեան մէջ Տե՛ս «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի»‚ Կոստանդնուպոլիս‚ 1851‚ գլ. ՀԳ

Էջ 216‚ տ. 30–31. …միմիայն Ընդհանրական գիրքը ունինք Տե՛ս «Գիրք որ կոչի Ընդհանրական‚ արարեալ սրբազնասուրբ Հայրապետին մերոյ՝ Տեառն Ներսէսի Շնորհալւոյ»‚ Սանկտ Պետերսբուրգ‚ 1788։ 

Էջ 220‚ տ. 37. …քննելով Գամառ-Քաթիպայի` Եզովպոսի առակները Եզովպոսի առակները Ռ. Պատկանեանը թարգմանել եւ տպագրել է 1859 թ. ։ Գրքում զետեղուած են 46 առակ‚ 25 լիտոգրաֆիական նկարներ եւ տարբեր ժողովուրդների 121 առածներ: Ծաւալն է 8x6 սմ‚ որի համար էլ Նալբանդեանն անուանում է «կէս մատնաչափ» գիրք (այս մասին աւելի հանգամանօրէն տե՛ս Ռ. Պատկանեան‚ Երկերի ժողովածու‚ հ. VI‚ էջ 548-ի ծանօթագրութիւնը)։ Զարմայր Մսերեանը «Եզովպոսի առակները» գրախօսում է «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. N 17-ում: Երբ Նալբանդեանը «Յիշատակարանում» ծաղրում է նրա քննադատական յօդուածը‚ Զարմայրը «Մեղուի» էջերում բացատրութիւն է տալիս իր վերոյիշեալ յօդուածի վերաբերեալ (տե՛ս «Մեղու Հայաստանի»‚ 1860‚ N 32‚ էջ 253  

Էջ 222‚ տ. 14–16. Երկիրը շատ անգամ բուսուցանում է… արեւագալից յառաջ –Ակնարկում է ցարական գրաքննութիւնը։