Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՎՈՐԳ ԳԵՂԱՄՅԱՆՑ

(էջ 183)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 2, էջ 143–154, «Մահացուցակ» ընդհանուր խորագրի տակ, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի նորավարտ Գեւորգ Գեղամյանցի վաղաժամ մահվան առթիվ գրված այս հոդվածը, ինչպես եւ սրան հաջորդող դամբանա­կան խոսքը, Նալբանդյանի հրապարակախոսական առաջին ելույթներից է: Շարադրելով հանգուցյալի կարճատեւ եւ զրկանքներով լի կյանքը, Նալբանդյանը միաժամանակ ընդ­գծում է ժամանակի նշանավոր մարդկանց անհոգի վերաբերմունքը դեպի ուսումնավառ պատանին: Այս կապակցությամբ է ահա, որ Նալբանդյանը խոսում է Գեղամյանցի պաշտելի ուսուցիչ Խաչատուր Աբովյանի մասին: Աբովյանի կյանքի այն դրվագի շարադրանքը, որ կապված է Գեղամյանցի ուսումնառության տարիներին, կենդանի մի վկայություն էր: Ապրելով Գեղամյանցի հետ նույն հարկի տակ եւ ոգեւորվելով նույն գաղափարներով, Նալբանդյանը շատ հաճախ պետք է առիթ ունեցած լիներ հետաքրքրվելու Աբովյանի անձնական ողբերգությամբ, նրա սիրելի աշակերտից լսելու այնպիսի մանրամասներ, որոնք չափազանց արժեքավոր կարող էին լինել նրա ընդհանուր նկարագիրը ըմբռնելու համար: Ահա թե ինչու Նալբանդյանի հաղորդած կենսագրական տեղեկությունները Աբովյանի մասին, մասնավորապես նրա եւ Ներսես կաթողիկոսի հարաբերությունների հարցի մասին հայտնած կարծիքը, պետք է միանգամայն արժանահավատ համարել: Այս հոդվածում է, որ Նալբանդյանը եւ Նազարյանը առաջին անգամ ըստ արժանվույն գնահատում են Աբովյանի խոշոր դերը մեր հասարակական մտքի պատմու­թյան մեջ

Էջ 187, տ. 1–2. …Կարապետ եւ Սերովբե արքեպիսկոպոսների հետ հարուցել էր կաթողիկոսը անվերջանալի վեճ Ներսես կաթողիկոսի՝ դեպի Վրաստանի թեմակալ առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսն ու Աստրախանի առաջնորդ Սերովբե արքեպիս­կոպոսն ունեցած բացասական վերաբերմունքն սկսվում է այն տարիներից, երբ նոր էր դրված ապագա Ներսիսյան դպրոցի հիմնադրման հարցը: Չկարողանալով հաշտվել էջմիածնի կրթական մթնոլորտին, Սեբովբեն գտնում էր, որ մի կանոնավոր ուսումնարան կարող է արդյունք տալ միայն Ռուսաստանի տիրապետության ներքո եւ ոչ թե էջմիածնում կամ Թուրքիայում. այս նկատառումով նա առաջարկում էր դպրոցը բացել Թիֆլիսում, ընդսմին ուսումնարանի ղեկավարությունը նա հանձն էր առնում վերցնել իր ձեռքը:

Սերովբեի այս առաջարկի դեմ դուրս եկավ Ներսեսը, որը գտնում էր, թե ուսումնարանը պետք է բաց անել էջմիածնում: Հետագայում, երբ Ներսեսը կարգվեց Վրաստա­նի թեմի առաջնորդ, նա ընդունեց Սերովբեի տեսակետը եւ դպրոցը կառուցել տվեց Թիֆլիսում: Հանձին Սերովբեի տեսնելով մի մարդու, որը ձգտում է իր ձեռքը վերցնել կրթության գործը, Ներսեսը թշնամաբար տրամադրվեց նրա նկատմամբ

Ավելի երկարատեւ եւ համառ էր Ներսեսի հակամարտությունը Կարապետ արքեպիսկո­պոսի հետ: Վերջինս իր սեփական տեսակետն ուներ կրթության եւ ազգային լուսավո­րության մասին: Ահա՛ թե ինչու Ներսեսը մտածում էր նրան հեռացնել Ախալցխա եւ ինքն ստանձնել թեմի առաջնորդությունը

Հասկանալի է, որ սկզբունքային այս վեճերը չէին կարող զերծ լինել անձնական բնույթ կրող հաշիվներից եւ կրքեր բորբոքող երկարատեւ ու բարդ ինտրիգներից, որի մասին եւ հիշատակում է Նալբանդյանը (տե՛ս նաեւ Եղիշե քհն. Գեղամյան, «Պատմական պատկերներ», պրակ VIII, Բաքու, 1915, էջ 1325 եւ շար. )

տ. 15–16. «օրհնա՛ծ, ի՛նչ անհանգիստ մարդ ես. քեզ մի բան ասացին, այլեւս ձեռք չես վեր առնում դու»— Սարգիս Քամալյանի կողմից գրի առնված Ակիմյանի հու­շերում կաթողիկոսի՝ Աբովյանին ուղղած այս խոսքը (մի քիչ փոփոխված) ասված է այլ առիթով, այն է՝ Ներսիսյան դպրոցում պաշտոն ստանալու կապակցությամբ (հմմտ. «Ժամանակակիցները Աբովյանի մասին», Երեւան, 1941, էջ 118): Թվում է՝ ավելի ար­ժանահավատ պետք է համարել Նալբանդյանի պատմածը

Էջ 189, տ. 23–24. …թարգմանել էր գերմանական լեզվից Հոֆմանի… գեղեցիկ գործը Հավանորեն խոսքը գերմանացի հռչակավոր բժիշկ Ֆրիդրիխ Հոֆմանի մա­սին է:

տ, 35–36. Քաղցր պարտականություն կհամարենք մեզ, հրատարակել այս աշխատությունը տպագրությամբ Որքան հայտնի է, Գեղամյանցի կատարած թարգմանու­թյունը չի տպագրվել

Էջ 190, տ. 15. …կոմս Շերեմետեւի գյուղում Այն է՝ Օստանկինոյում, ժամանակի մերձմոսկովյան ամենագեղեցիկ վայրերից մեկում

 

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌ

(էջ 194)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 2, էջ 156–158, «Դամբանական ճառերը» ընդհանուր խորագրի տակ, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: Այստեղ տպագրվել են նաեւ Ս. Նազարյանի ուսանող Նիկ. Փուղինյանցի եւ Լազարյան ճեմարանի աշակերտ Ս. Շահազիզյանի ճառերը (Տե՛ս «Հյուսիսափայլ, 1858, 2, էջ 154–160):

Էջ 194, տ. 4–5. …եւ մի՞թե ճշմարիտ չէ մարգարեի խոսքը, թէ մարդը վայրի ծաղկի պես ծաղկում է Սաղմոս Դավթի, ՃԲ, 15–16