Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

(էջ 324)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 11, էջ 428–438, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: Արտատպվել է՝ «Արեւմուտք» (Փարիզ), 1859, 11, 12 հատուկ ծանո­թագրություններով

Իր ունեցած քաղաքական նշանակությամբ եւ բուռն արձագանքով Նալբանդյանի վերոհիշյալ նամակը առանձնակի տեղ է բռնում նույնիսկ «Հյուսիսափայլի» պատմության մեջ: Բավական է ասել, որ այս նամակով զբաղվեց ոչ միայն հակառակորդ մամուլը, այլեւ Էջմիածինը եւ III բաժանմունքը, եւ քիչ էր մնում, որ այն պատճառ հանդիսանար «Հյուսիսափայլի» փակվելուն

«Մեղու Հայաստանին» տպագրեց Ստեփան Պալասանյանի՝ «Հյուսիսափայլ օրագրին  11-երորդ համարին մեջ տպված պ. Նալբանդյանցի նամակին վրա դիտողությունք»  հոդվածը (1859, 10): Նալբանդյանը դրան պատասխանեց ընդարձակ մի հոդվածով որ շարվեց «Հյուսիսափայլի» համար, բայց արգելվեց գրաքննության կողմից (տե՛ս  Ստ. Նազարյանի՝ Աբել Մխիթարյանին գրած 1860 թ. մայիսի 7-ին նամակը. Ստեփանոս Նազարյան, Նամականի, 1969, էջ 231): Բայց Այվազովսկին եւ յուրայինները չէին  կարող բավարարվել մամուլի գրչապայքարով, այնքան ուժգին եւ դիպուկ էր հարվածը 1858 թվականի դեկտեմբերին Այվազովսկին ներքին գործոց մինիստր Ս. Ս. Լանսկոյին է դիմում հատուկ մի նամակով

Ստանալով նամակը, ներքին գործոց մինիստրը 1859 թ. հունվարի 28-ին մի գրու­թյամբ դիմում է լուսավորության մինիստրին եւ, շարադրելով Այվազովսկու դիմումի  բովանդակությունը, պահանջում է տեղյակ դարձնել այն միջոցառումների մասին, որոնք  կձեռնարկվեին «Հյուսիսափայլի» եւ Նալբանդյանի դեմ

Ժողովրդական լուսավորության մինիստրը, ստանալով Լանսկոյի այս գրությունը, քննություն է բաց անում «Հյուսիսափայլի» շուրջը: 1859 թ. փետրվարի 18-ի գրությամբ  նա բացատրություն է պահանջում «Հյուսիսափայլի» ցենզոր Մ. Բերոյանից: ՍՍՀՄ պե­տական պատմական արխիվի Լենինգրադի բաժանմունքի ներքին քաղաքական բաժնում պահվում են այս գործի կապակցությամբ Ստ. Նազարյանի ընդարձակ բացատրություն­ները, ինչպես եւ Բերոյանի զեկուցագիրը, ուր նա իր պաշտպանության տակ է առնում  «Հյուսիսափայլը»: Անբավական դրանից, լուսավորության մինիստրությունը «Հյուսիսափայլի» նկատմամբ սահմանում է հատուկ հսկողություն, որի մասին եւ 1859 թվականի  հուլիսի 17-ին հայտնում է ներքին գործոց մինիստրությանը: Միաժամանակ տեղեկաց­նում է Պետերբուրգի ուսումնական օկրուգի կառավարչի օգնականին, որ Բերոյանը  «Հյուսիսափայլի» գրաքննության ժամանակ «կարեւոր շեղումներ է կատարում» եւ «թույլատրում գրաքննության կանոնադրությամբ արգելված հոդվածները»

Հետագայում անդրադառնալով այս խնդրին եւ հիշելով Այվազովսկու պահանջը՝ իրեն Սիբիր աքսորելու մասին, իր «Երկու տողի» ծանոթության մեջ Նալբանդյանը  գրում է

«Այս հրավերը առնում ենք պ. Այվազովսքիին, մինչ արդեն նախընթաց տարիներում  քանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսսիո ներքին գործոց մինիստրի առաջեւ որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ եւ խռովեցուցիչ ժողովրդյան: Պ. Այվազովսքին առաջարկում էր քաջափայլ մինիստրին, Հյուսիսափայլ վնասակար  օրագիրը դադարեցնել եւ մեզ ձգել սաստիկ պատժի տակ, օրենքի բովանդակ խստու­թյամբ: Գուցե պ. Այվազովսքին, հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ… Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը… (բուն առողջապահական խորհրդով): Պ. Այվազովսքին չէ կարող ուրանալ այս իրողությունքը. ըստ որում երկար քննությունք եւ գրագրությունք եղան մինիստրերի եւ ցենզուրյան ժողովի մեջ, այլեւ առաջարկվեցան հարցմունքներ…» (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. III, էջ 31, ինչպես նաեւ՝ Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն եւ կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Երեւան-Մոսկվա, 1935, էջ 284–285, Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, էջ 101–118, Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու, էջ 93–120)

Էջ 324 տ. 9–10. …համարձակվում են կատարյալ հավատ պահանջել մեզանից այդ եղջերվաքաղի վերա Եղջերվաքաղ երեւակայական կենդանի, որը իբր առաջացել  է եղջերուից ու քաղից (արու այծ)

Էջ 327, տ. 19–20. …մեք խոստանում ենք այդ… մամուլի տակ ձգել մի ժամանակ «Մեր տեսած ու լսածը» Այս խորագիրը կրող հուշագրությունը Նալբանդյանի այն աշխատություններից է, որոնք պետք է կորած համարվեն

Էջ 328, տ. 19–22. Կաթողիկոսը, 1848 թվակ. հունիսի 20-ից 160 համարով… արծաթ կարող էր տալ մի մասնավոր մարդու» Հավանորեն խոսքը Ներսես Աշտարակեցու Մատթեոս արքեպիսկոպոսին ուղղած 1848 թ. հունիսի 20-ի 190 կոնդակի  մասին է եւ ոչ թե 160, ինչպես հանդիպում ենք բնագրում: Այդ կոնդակում, ի միջի այլոց, ասված է

«…եւս գրէք ծանուցանել Ձեզ՝ թէ գումարք ամենայն եկեղեցեայց որք մերով հրամանաւ յանձնեցեալ են իւրաքանչիւր աշխարհական անձանց ում եւ իցէ՝ որպիսի կար­գաւորութեամբ են յանձնեցեալք գրաւոր թէ բերանացի, եւ մինչեւ ե՞րբ ունեն մնալ ընդ  նոցուն իշխանութեամբ թարց վերահասութեան վիճակաւորաց եւ ստորագրութեանց ականաւոր անձանց իւրաքանչիւր եկեղեցեայց, որք խնդրենն գիտել ամ ըստ ամէ, որպէս  գումարաց, նոյնպէս եւ նոցուն շահուցն եւ տուչութեանցն, թէ՝ որո՞յ որպիսի՞ հավատարմութեամբ են տրեցեալք. երկնչելով թէ գուցէ մատնեսցին ի կուրուստ նման Թումանցեանց ընկալեալ բաւական գումարաց» եւ այլն: (Տե՛ս Մատենադարան, ձեռ. 4586, «Պատճէնք  գրութեանց Ներսէս կաթողիկոսի V-ի յԱշտարակեցւոյ», թերթ 34 բ եւ շար. )

տ. 24–25. նույն կոնդակից: Բնագրում ասված է. «Յայսցանէ Ձերոց գրուածոց ստիպեալ մեք ահաւասիկ զայս հարցումն Ձեր մեզ. դարձուցանեմք առ Ձեզ: Ո՞վ ասաց Ձեզ, կամ ուստի՞ գիտացեք Դուք թէ գումարք եկեղեցական տիրեցեալ են ում եւ իցէ մերով հրամանաւ: Զի մերով հրամանաւ տիրեցեալ են միայն Գրիգորապօլու քաղաքի յարդեանց եկեղեցւոյն նոցա գերազնուական Բուղդան Յովհաննիսեան Սաթովեանց  բարերարի հասարակութեան այնմ քաղաքի հայոց տասն հազար րուբլի ասիղնացի  դրամ, որոյ յանձնեալ եմ Ձեզ զմուրհակսն: Յանձնեալ եմ եւ զայլս մուրհակս քանիս  վաղնջական կորուսեալ գումարաց, որոց չգոյր հնար ստացմանց եւս այնմ ժամանակիս» (նույն տեղում): Ի դեպ, բնագրում Նալբանդյանի կողմից Ներսեսին վերագրված տողերը վերը հիշված՝ Ներսեսի կոնդակի համապատասխան հատվածների վերաշարադրանքն է (տող 20–22 եւ 24–25)

Էջ 331, տ. 16. …էմմանուել Պոպովյանց «Հյուսիսափայլում»՝ Հովհան Գողբետլյան. ուղղում ենք ըստ ամսագրի «վրիպակի»

Էջ 332, տ. 8–10. …Պ. Խալիբյանցը հրատարակվեցավ ազգասեր… եւ վերջապես ար­ժանացավ «Մեղուի» ջատագովությանը Խոսքը վերաբերում է Գաբրիել վրդ. Այվազովսկու՝ «Մեղու Հայաստանիի» խմբագրին ուղղած դրվատանքով լի նամակին, որ լույս տեսավ «Մեղու Հայաստանի» թերթի 1858 թ. 28-ում: Հարցի ուսումնասիրության տե­սակետից արժանի է ուշադրության եւ Մանդինյանի պատասխան-նամակը Այվազովսկուն տպված «Մեղվի» նույն տարվա 39-ում

Էջ 333, տ. 16. …թո՛ղ եւ Նախիջեւանի հասարակությունը ճաշակե այս ազոխի  տտիպ բաժակը Ազոխը չհասած խակ խաղողն է, ընդհանրապես խակ պտուղը: