Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՏՈՇ

Կիսամսեայ (խմորատիպ)։ Երգիծաթերթ։ Աղթամար (Գաւաշ)։ 1908 Դեկտ. [1] - 1909 Յունիս՞։ Պատկերազարդ (երգիծանկարներով)։ «Նպատակն էր քննադատել ազգային եւ տեղական կեանքի յոռի երեւոյթներն ու դէմքերը»։ [2]

Խմբագրական կազմ - Հայկ(ակ) Կոսոյեան, Արամ Շալճեան եւ Յովսէփ Խլղաթեան։

Հայկ(ակ) Կոսոյեան (1882-՞)։ Շրջանաւարտ Էջմիածինի Գէորգեան ճեմարանէն (1902)։ 1903-ին կ՚անդամագրուի Հ. Յ. Դ. ի։ 1903-1909 ուսուցիչ Վանի, Աղթամարի եւ Շատախի զանազան դպրոցներուն մէջ։ Շատախի եւ Ռշտունիքի մէջ վարած է կուսակցական շատ պատասխանատու գործեր եւ կազմակերպած՝ գիւղացիութիւնը։ 1915-ի հերոսամարտին՝ «Ղեկավարն ու ոգին Քաղաքամէջի կռիւներուն»։ [3]

Նախագահ Հ. Յ. Դ. Զինուորական մարմնին։

Արամ Շալճեան (երբեմն գրուած է Շալջեան, ծն. 1882-83՞)։

Աւարտած է Էջմիածինի Գէորգեան ճեմարանը։ Դաշնակցական։

Ուսուցչական պաշտօններ վարած է Վանի եւ գաւառներու մէջ։

Վասպուրականի Ապրիլեան հերոսամարտին՝ Բուռնութեանենց տան դիրքի խմբապետ։ [4]

Տեւողութիւնը եւ բովանդակութիւնը

Ըստ Հայկ Աճէմեանի, Կոտոշը լոյս տեսած է 13 թիւ։ [5] Եթէ ճիշդ է, կրնայ լոյս տեսած ըլլալ մինչեւ Յունիս, 1909։

Կոտոշի վերաբերեալ որոշ տեղեկութիւններ ստիպուեցանք հաղորդել Ծովակի յատկացուած բաժինին մէջ։ Նայիլ հոն։

Կոտոշի երգիծանկարներէն մէկուն մասին կան որոշ տեղեկութիւններ Ե. Սարգսեանի յուշերուն մէջ։ Վասպուրականի նահանգին մէջ կրթական քննիչի շրջապտոյտէն վերադարձին, կը հանդիպի Աղթամար։ Դպրոցի կարգապահութեան պատասխանատու եւ Կոտոշի խմբագիրներէն Յովսէփ Խլղաթեան ցոյց կու տայ Կոտոշի թիւ մը։ Ե. Սարգսեան կը գրէ.

«Առաջին եւ էական հարցը հիմա դարձել էր դպրոցի ուսուցչական խումբը լրացնելու խնդիրը։ Սահմանադրութեան հետեւանքով մեր աշխատանքները ընդարձակուել էին, մանաւանդ հասարակական ու դպրոցական ասպարէզում, բայց մարդ էր պակասում։

«Նոր տեղ էի հասած, երբ Յովսէփը (կոչւում էր նաեւ Պլթենից Յովսէփ) իր մի քիչ շիլ աչքերով յանցաւորի պէս ժպտալով ցոյց տուեց ինձ իր եւ Կոսոյեանի հրատարակած երգիծաբանական թերթը՝ Կօտօշ անունով։ Այս թերթի անունով էլ մեր սիրելի Յովսէփը այնուհետեւ մկրտուեց՝ Կօտօշ Յովսէփ։ Թերթեցի խմորատիպ մի քանի էջերից բաղկացած սրամիտ թերթը։ Մի երեսում ծաղրանկար կար։

Ինձ նման էր։ Նկարուած էի ես կանգնած մէջտեղում ու վազողի դիրքում։ Մի ոտքս ընկել էր Կարճկան, միւս ոտքս՝ Գաւաշ, մի ձեռքս հասել էր Շատախ, միւսը՝ Հայոց-Ձոր եւ գլխարկս թռել էր Մոկս ու Կարկառ։ Ու տակը աւելացրած էր՝ «Մարդ չունինք, մարդու սով է... »... »։ [6]



[1]            Դեկտեմբերը կը նշէ Ա. Ալպօյաճեան, նշ. աշխ., էջ 137։

[2]            Վասպուրական, էջ 279։

[3]            Նոյն, էջ 279-280։ Կոսոյեան ունի ինքնակենսագրական կարճ ակնարկ մը Վարագ, թ. 62 (Յուլիս, 1968), էջ 16։

[4]            Վասպուրական, էջ 301։ Վարագ, թ. 62 (Յուլիս, 1968)։ էջ 16։

[5]            Վասպուրական, էջ 279։

[6]            Հայրենիք ամս., ԼԴ. տարի, թիւ 1 (Յունուար, 1956), էջ 53։ Իր կրթական տեսուչի շրջապտոյտին ընթացքին հանդիպած էր Աղթամար եւ իր յուշերուն մէջ անդրադարձած է (Ծովակ, տողատակ 2) ուսուցիչներու լոյս ընծայած Ծովակին եւ Կոտոշին։ Վերադարձը պէտք է ըլլայ 1908-ի Դեկտեմբերի վերջերը կամ 1909-ի Յունուարի սկիզբը։ Հոս ակնարկուած Կոտոշի թիւը պէտք է ըլլայ երկրորդը կամ երրորդը։