Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՇԽԱՐՀԻ ԿԱԶՄԱԾԸ ԵՎ ՆՈՐԱ ՀՐԱՇՔՆԵՐԸ

(էջ 198)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 3, էջ 190–216, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ:

Նալբանդյանի այս հոդվածը նրա գիտա-հանրամատչելի բնույթի երկու աշխատու­թյուններից մեկն է: Հոդվածն առանձին ուշադրության է արժանի այն նկատառումով, որ վկայում է հրապարակախոսի լայն գործունեության եւ բազմակողմանի հետաքրքրության մասին: Որպես առաջադիմական օրգան, «Հյուսիսափայլը» հենց առաջին համարներից լուրջ աշխատանք սկսեց գիտության մասսայականացման, նրա ժողովրդականացման համար: «Հյուսիսափայլում» զետեղված այս կարգի հոդվածները, քաղված մեծ մասամբ ռուսական պարբերականներից, մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Նալբանդյանի համար բնական գիտությունների մասսայականացումը երկրորդական խնդիր չէր: Բնագիտության առաջադիմություններին մոտիկից ծանոթ լինելը զգալիորեն արագացրեց նրա մատերիալիստական հայացքների կազմավորումը, հաստատուն հիմքերի վրա դնելով այն: «Հյուսիսափայլը» չէր, իհարկե, որ սրեց նրա ուշադրությունը այս հարցերի վրա. ինչպես հայտնի է, դեռեւս համալսարանական միջավայրում նրան լրջորեն զբաղեցնում են դրական գիտությունների շատ բնագավառներ: Նրա հարցասիրությունն այս տեսակետից արտակարգ է իրոք. երկրաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն, սաղմնաբանություն, գործնական քիմիա եւ այլն, ահա՛ թե մասնագիտական ինչպիսի բնագավառներ են զբաղեցնում նրան: Առավել էական է այն, որ այս արտակարգ հետաքրքրությունը լոկ տեսական բնույթ չէր կրում. Նալբանդյանը, ինչպես եւ այս շրջանի բոլոր մեծ գործիչները, մտահոգված էր առաջին հերթին նրանց գործնական նշանակությամբ: Հետագայում գրած նրա բազմաթիվ նամակները լիովին ամբողջացնում են Նալբանդյանի հայացքը ուշագրավ այս խնդիրների մասին

«Աշխարհի կազմածը եւ նորա հրաշքները» շատ կետերում մեզ համար հնացել է արդեն, եւ դա լիովին հասկանայի է: Գիտության վիթխարի, աննախընթաց առաջադիմությունը XIX դարի երկրորդ կեսում եւ մանավանդ մեր դարում, առաջադիմություն, որի նկատմամբ այնքան խոր հավատ ուներ Նալբանդյանը, այնքան նորության են մտցրել աստղաբաշխության մեջ, որ այս հոդվածը, իր ժամանակ հայ ընթերցողի համար չափազանց ուշագրավ, այժմ միամիտ մի գործ կարող է թվալ: Արդիականության մեջ չէ բնավ նրա արժեքը, այլ այն բանում, որ հոդվածը վկայում է, թե նրա հեղինակը եղել է իր դարի առաջադիմական գաղափարների, գիտության վերջին նվաճումների հետ, լրջորեն զբաղվել է գիտության ամենօրյա պրոպագանդով, համարելով դա ճշմարիտ լուսավորության անհրաժեշտ նախապայմաններից, կրոնական մտածողության դեմ պայքարելու հիմնական զենքերից մեկը

Բանասեր Ռուզան Նանումյանին հաջողվել է պարզել, որ «Աշխարհի կազմածը եւ նորա հրաշքները» հոդվածը ազատ թարգմանություն է գերմանացի բնագետ Լուիս Թորասի «Der illustrirte Jugendireund» աշխատության երրորդ գլխից: Նույն գրքի առաջին գլխի փոխադրությունն էլ կատարել է Ստ. Նազարյանը եւ տպագրել դարձյալ «Հյուսիսափայլում» (տե՛ս Ռ. Նանումյան, «Ստեփանոս Նազարյան», Երեւան, 1978, էջ 283)

Թե՛ Նալբանդյանը, թե՛ Նազարյանը բնագիտական այդ հոդվածները հարմարեցնելով «Հյուսիսափայլի» խնդիրներին, դրանք տպագրել են նոր խմբագրությամբ, փոխված վերնագրերով

Էջ 215, տ. 13, …16 դարու մեջ չինական լեզվով շարադրած մի բնապատում գրքի մեջ, որ ասվում է Բուն-լոո-գան-մու, Անհայտ է: Թերեւս չինական Գան-ֆու կոչված հանրագիտարանի աղավաղված ձեւն է