Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՅԱՆՔ

(էջ 229)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 5, 6, 11, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: Մնացել է անավարտ

Մխիթարյանների մասին գրած այս ընդարձակ հոդվածը, որ առաջին հայացքից պատմաբանասիրական ուսումնասիրություն կարող է թվալ, ըստ էության բանավիճային մի գրվածք է: Թեպետ Նալբանդյանի փիլիսոփայական միտքը դեռ չէր ազատագրվել քրիստոնեական կրոնաբարոյախոսության հետքերից, այստեղ նա հիմնականում քննա­դատում է Մխիթարյաններին լուսավորական գաղափարախոսության դիրքերից: Նալբանդյան-լուսավորիչը «Յաղագս հայկական մատենագրութեան» ճառում արծարծած հարցերի ոգով արդեն հաստատուն կերպով շարադրում է XVIII–XIX դարերի հայ գրականության, մտքի եւ կուլտուրական ոգորումների պատմական ընդհանուր տեսությունը եւ այղ ֆոնի վրա բնութագրում Մխիթար Սեբաստացու եւ նրա ստեղծած միաբանության դերը

1857 թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Հյուսիսափայլի» հրատարակության կապակցությամբ գտնվելով Վենետիկում եւ Վիեննայում, հրապարակախոսը պետք է որ ի մոտո ծանոթացած լիներ Մխիթարյանների գործունեությանը եւ շատ նյութեր հավաքած իր ապագա աշխատության համար: Ինչո՞ւ, ուրեմն, նա չավարտեց իր հոդվածը: 1858 թ. մայիսին Լազարյաններն ստանում են մի նամակ, որի հեղինակները բողոքում էին «Հյուսիսափայլի» «վնասակար» ուղղության դեմ: Սեպտեմբերին Մսերյանը նույն հար­ցով դիմում է կաթողիկոսին՝ առաջարկելով Նալբանդյանին հեռացնել տալ Մոսկվայից: Հոկտեմբերին Այվազովսկին խնդրում է Խ. Լազարյանին՝ միջամտել «Հյուսիսափայլի» գործերին, այլապես, նշում է նա, ինքն ստիպված կլինի ներքին գործերի մինիստրի ուշադրությունը հրավիրել «Հյուսիսափայլում» տպագրված «անբարեմիտ եւ անվայել» հոդվածների վրա: Նոյեմբերին Լազարյանը հանձնարարում է Դելյանովին բացատրություն պահանջել Նազարյանից եւ դժգոհ՝ Նազարյանի բացատրությունից, Լազարյանը դեկտեմ­բերին կրկին դիմում է Դելյանովին եւ իր անբավականությունը հայտնում «Հյուսիսափայլի» 11-րդ №-ում տպագրված Նալբանդյանի երկու նոր հոդվածների առիթով («Նամակ առ հրատարակողը» եւ «Մխիթար եւ Մխիթարյանքի» 3-րդ բաժինը): Այնուհետեւ սրանց են միանում Այվազովսկու նամակը Լանսկոյին, Լազարյանի սպառնալիքը «Հյուսիսափայլի» խմբագրին, Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի առաջնորդական ատյանի հրամանագիրը, որով քահանաներին հանձնարարվում էր արգելակել «Հյուսիսափայլի» բաժանորդագրության գործը (տե՛ս Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, 1980, էջ 91–106, տե՛ս նաեւ Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժոդովածու, տեքստը պատրաստեցին, խմբագրեցին եւ ծանոթագրեցին Ա. Ինճիկյանը եւ Գր. Հարությունյանը, Երեւան 1956, էջ 93–120)

Այս պարագաներում, հավանաբար, Նալբանդյանը նպատակահարմար է գտել դա­դարեցնել «Մխիթար եւ Մխիթարյանք» հոդվածի շարունակության տպագրությունը եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել «Հիշատակարանների» վրա, ինչը նրան հնարավորություն էր տալիս՝ գեղարվեստական եւ հրապարակախոսական հնարանքների միջոցով քողարկել ասելիքը

Ինչպես արդեն ասվեց «Թափառական հրեայի» ընծայականի կոմենտարում, 1858-ի վերջին խափանվում է նաեւ «Թափառական հրեայի» թարգմանության մասին Նազարյանի գրած գրաքննադատական հոդվածի շարունակության տպագրությունը, որը նախա­տեսվում էր «հետագա տետրակների» համար (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, 10, էջ 334)

Էջ 230, տ. 4–5. …հիմնում էր յուր քաղաքական կյանքի կարգերը ճշմարտության վերա էապես Ակնարկում է ռեֆորմացիան Գերմանիայում

տ. 10. …Արիստոտելի Պորփյուրոսը Այստեղ աղճատանք կամ սխալ կա: Հավանորեն եղած պետք է լինի «Արիստոտելին, Պորփյուրոսին…» եւ այլն, ինչպես տեքստում:

տ. 23-24. …մեր ազգի հոգեւորների եւ մարմնավորների անդաստիարակութենից Ակնարկում է Լամբրոնացու Ատենաբանությունները. տե՛ս «Սրբոյ Ներսիսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարագին», Վենետիկ, 1847

Էջ 232, տ. 7. …թե հոգեւոր եւ թե իմացական պիտույքը» Մեզ չհաջողվեց գտնել այս նամակի աղբյուրը

տ. 29–30 …որի յուրաքանչյուր թերթերից կաթում է պապականության թույնը Նկատի ունի Խաչատուր վարդապետ Առաքելյանի երկհատորանոց քարոզագիրքը, որի առաջին հատորը խորագրված է «Բանք եւ քարոզք յաղագս տէրունական Տոնից, եւ աւուրց աղուհացից եւ տօնախմբութեանց Մարիամու եւ սիրոյ խաչի, շարադրեցեալք ի Վենետիկ ՌՉԺ 1710»

Էջ 233, տ. 12–13. …Թովմաս Գեմբացի անունով գիրքը Խոսքը Թոմա Կեմպացու հայտնի «Յաղագս համահետեւմանն Քրիստոսի» գրվածքի չորրորդ տպագրության մասին է (1700), խորագրված՝ «Գիրք Թոմայի… ի հոգեկան զուարճութիւն մերազնեայց. եւ տպագրեցեալ ի Կոստանդնուպօլիս, արդեամք եւ ջանիւք ոմանց փափաքողաց գրգոյս այսօրիկ… ի թուաբերութեան Հայոց ՌՃԽԹ-ին հոկտեմբերի ամսոյն»

տ. 13. …«Գիրք մտածութեանց» Տե՛ս «Գիրք մտածական աղօթից, բանալի ջերմեռանդակերտ, որ բանայ ըզդրունս սրտից, մեղօք փակեցելոց», թարգմանեցեալ ի լաթին եւ իտալական լեզուէ ի հայ բարբառ ի Պետրոսէ վարդապետէ թիֆլիզեցւոյ», Կոստանդնուպոլիս, 1701

տ. 13–14. …Հովհաննու հայտնության մեկնությունը Հավանորեն խոսքը «Գիրք Մեկնութեան Յայտնութեանն Սրբոյ Յովհաննու Աւետարան չի, ի լաթինացւոց թարգմանեցեալ ի հայ բարբառ ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեցւոյ», Կոստանդնուպոլիս, 1700 թ., աշխատության մասին է

տ. 15. …Սոլոմոնի Երգոց երգույն մեկնությունը Տե՛ս «Համառօտ մեկնութիւն Երգոյն երգոցն Սողոմոնի, շարադրեցեալ ի Խաչատրոյ Էրզրումեցւոյ Աստուածաբան վարդա­պետէ… ի Կոստանդնուպօլիս քաղաքի, եւ թուաբերութեան Հայոց ՌՃԾ եւ ի թուին փրկչին, 1700»:

Էջ 244, տ. 33–34. …չորս պատվելի վարդապետների վերադարձը դեպի յուրյանց ծնող եկեղեցին Նկատի ունի Թեոդորյան Սարգիս, Այվազյան Գաբրիել, Գալֆայան Ամբրոսիոս եւ Գալֆայան Խորեն վարդապետներին, որոնք 1856–57 թթ. կաթոլիկ եկեղեցուց անցան լուսավորչական կղերի շարքը

Էջ 245, տ. 2. …«Վա՛յ, որ ասիցէ զխաւարն լոյս, եւ զլոյսն խաւար»— Եսայի, Ե, 20:

տ. 3–4, …Խօսեցարուք զճշմարտութիւն… զի եմք միմեանց անդամք» Զաքարիա, Ը, 16:

Էջ 253, տ. 5. …«ծառը յուր պտղիցն է ճանաչվում» Աւետարան ըստ Ղուկասի, Զ, 44:

Էջ 254, տ. 31–32. …«կտրել եւ դուրս ձգել այդպիսի գայթակղեցուցիչ անդամը» Աւետարան ըստ Մատթէոսի, Ե, 29–30:

Էջ 260, տ. 18. …այն խորհրդավոր երեկոյին Ակնարկում է 1572 թ. օգոստոսի 24-ին, սուրբ Բարդուղիմեոսի տոնին կազմակերպած հուգենոտների վայրենի կոտորածը, որ պատմության մեջ հայտնի է Բարդուղիմեոսյան գիշեր անունով

Էջ 261, տ. 9–10, …թե ամենայն րոպե կարելի էր վայր ձգել երեսի վերայից այդ խավարատեսիլ դիմակը Տե՛ս «Ուրուագիծ ոգւոյ եւ ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետկոյ», Փարիզ, 1857, էջ 55

Էջ 264, տ. 5. հոգեւոր Չինաստան Տե՛ս «Հիսուսյանք» հոդվածի 123-րդ էջի ծանո­թագրությունը

տ. 34–35. …Քրիստոսը Երիքովից Երուսալեմ գնալու ժամանակ Աւետարան ըստ Մատթէոսի, ԻԱ, 18–22

Էջ 266, տ. 7–8. …ասպետները ընկան Արմիդայի ձեռքը Ակնարկում է Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը» պոեմի հերոսուհուն, որի խորամանկու­թյանը եւ կանացիական հրապույրներին զոհ դարձան շատ խաչակիրներ

Էջ 268, տ. 7. Րավալյակ Այն հիսուսյան աբեղան, որը դանակահար է անում ֆրանսիական թագավոր Հենրի IV-ին (1553–1610)

Էջ 278, տ. 2. …«Վահան հաւատոյ» անունով Չամչյանի գործի մասին «…Չամչյան վարդապետը իր ուղիղ խղճմտանքեն ու ճշմարիտ բայց վախկոտ ազգասիրութենեն ստիպված՝ Հայաստանեայց եկեղեցւոյ ուղղափառ վարդապետությանը ջատա­գովություն մը գրեց Վահան ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ անունով՝ ընդդեմ անխիղճ զրպարտությանց լատինացոց եւ լատինահայոց: Գիտենալով թե մեր ազգին թշվառության գլխավոր պատճառներեն մեկը կաթոլիկությունն է, եւ ուզելով որ Հայերը հեռու մնան ի լատինացվոց, ու ձեռվընին զորավոր զենք մը ունենան իրենց ուղղափառ եկեղեցին պաշտպանելու ընդդեմ բադերայից, քոլեճոց, թրեստացվոց, եւ անոնց նման մոլենախանձ կաթոլիկաց, շարադրեր էր այն հռչակավոր գիրքը գործակցությամբ Ավգերյան հ. Մկրտիչ վարդապետին…» («Ուրուագիծ ոգւոյ եւ ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ», Փարիզ, 1857, էջ 43): Նույն հեղինակի վկայությամբ, ձեռագիր այդ աշխատանքը գողացված եւ տարված է եղել Հռոմ

Էջ 280, տ. 17. …եւ այժմ զիա՞րդ մոլորամիտ գտաւ Հայկական տպագրական գործի այս պիոներների մասին ավելի մանրամասն տե՛ս Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատ. 1, Երեւան, 1977

Էջ 282, տ. 15. …Հայր Միքայէլ Չամչեան» Չհաջողվեց գտնել այս նամակի աղբյուրը:

տ. 27–28. …քաղկեդոնական է մինչեւ յուր կաթողիկոսանալը Նալբանդյանը շփոթում է, գրելով, թե Չամչյանը Հովհաննես կաթողիկոսին քաղկեդոնական է համարում մինչեւ կաթողիկոսանալը: Չամչյանի մոտ ասված է. «Այլ դիտելի է, զի որպէս եւ յայտնի երեւի ի գրուածս սորա, սա զպատմութիւն իւր մինչեւ ցԱշոտ՝ արար նախ քան զլինել իւր կաթողիկոս. յորում ցուցանէ զինքն թշնամի քաղկեդոնականաց՝ համարելով զնոսա իբրեւ զնեստորական: Իսկ յԱշոտոյ եւ անդր՝ արար յետ կաթողիկոսութեան՝ գրեթէ մերձ ի վախճան կենաց իւրոց յորում ոչ եւս ցուցանէ զինքն թշնամի նոցա, այլ՝ յաւետ հաճեալ  ընդ նոսա, ըստ որում յայտ է ի թղթոյ նորա գրելոյ ի պատմութեան նորին աո կայսրն  Կոստանդին Պերփեռուժէն» (տե՛ս «Պատմութիւն Հայոց», Բ, էջ 725):

տ. 34. …Ավգերյանի՝ Թասսոնի թարգմանությունը Թասսոնի Աղեքսանդր, Ապացոյց կրօնի եւ պատասխանատուութիւնք, Թարգմանեաց. հ. Մկրտիչ վ. Ավգերեան, Աթոռակալ Մխիթարեան ուխտին, Վենետիկ, Ս. Ղազար, 1844

տ. 34–35. …Փափազյանի Եկեղեցական պատմությունը Տե՛ս «Պատմութիւն  Եկեղեցական, հավաքեալ յարժանահաւատ մատենագրաց, աշխատասիրութեամբ տեառն  Իգնատիոսի Փափազեան», Վենետիկ, 1848: