Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՔ

(էջ 310)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 10, էջ 299–311, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: 

«Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի վաղ շրջանի հրապարակախոսական գործունեության ցայտուն արտահայտություններից մեկն է, որի մեջ իրենց ձեւակերպումն են  ստացել հայ դեմոկրատական հրապարակախոսության մի շարք սկզբունքներ: Մինչեւ այս  հոդվածի հրապարակումը, Նալբանդյանն արդեն «Հյուսիսափայլի» մի քանի համարներում հանդես էր եկել իբրեւ այդ հրապարակախոսության հիմնադիրը: Հայոց աշխարհիկ լեզվի եւ հայ նոր գրականության քաղաքացիական իրավունքների կրքոտ պաշտպա­նությունը, հայ դեմոկրատական քննադատական մտքի հիմնադրումը, հրապարակային  բանավեճը «Մեղու Հայաստանի» թերթի հետ, հայ հոգեւորականության վարքագծի քննադատությունը, — երեւույթներ էին, որոնք հիմք են դառնում Նալբանդյանի հրապարա­կախոսական գործունեության երկրորդ եւ առավել նպատակային փուլի համար:

«Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի հյուսիսափայլյան գործունեության առա­ջին տարվա հանրագումարն էր, հայ լուսավորական դեմոկրատական մտքի հետագայում  անցնելիք ուղու մարտական ծրագիրը: 

Այս հոդվածում առաջին անգամ Նալբանդյանը խոսում է պարբերական մամուլի խնդիրների եւ ուղղության որոշակիության մասին: Մինչ այդ, 40-ական թթ. ռուս նշա­նավոր հրապարակախոս Վ. Գ. Բելինսկին խոսելով իր օրերի պարբերական հրատարակությունների մասին, մամուլի օրգանի առաջին կարեւոր արժանիքն էր համարում դրա հստակ ձեւակերպված ուղղությունը. 

«Ամսագիրը պետք է ամեն բանից առաջ ունենա իր նկարագիրը, բնույթը: Ալմանախային անդեմությունը նրա համար ամենից վատն է: Ամսագրի նկարագիրն ու բնույթը  արտահայտվում են նրա ուղղության, կարծիքների, այն տիրապետող ուսմունքի մեջ, որի օրգանը պետք է լինի ամսագիրը» (В. Г. Белинский, Полное собрание сочинений, М., 1953, т. II, стр. 46): 

Այս ոգով էլ հենց Նալբանդյանը ձեւակերպում է իրենց ամսագրի ուղղությունը: «Հյուսիսափայլը» նա համարում է ազգային ամսաթերթ, որի խնդիրն էր ծառայել ազգի  լուսավորությանն ու առաջընթացին: Այնուհետեւ արդեն, երբ այդ հիմնական հարցը  պարզված էր, Նալբանդյան-հրապարակախոսն առաջադրում է խնդիրներ, որոնք հետա­գայում պետք է բազմակողմանիորեն քննարկվեին նրա «Երկու տող», «Ազգային թշվառություն», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատություններում:  Դրանք էին՝ ազգի եւ ազգության բնորոշումները, ազգի հանրության առջեւ անհատի պատասխանատվության հարցը, ազգային ճնշումների նշավակումը, ազգերի խաղաղ համագործակցության կարեւորության վերհանումը եւ այլն: 

«Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը բարձրացնում է հասարակական տարբեր հոսանքների միջեւ առկա հակասությունները պայքարի միջոցով լուծելու անհրաժեշտությունը եւ խոսելով բանավեճերի կարեւորության մասին, ձեւակերպում է դրանց էթիկական նորմերը: Այստեղ էլ հենց նա ընդգծում է 60-ական թթ. հայ դեմոկրատական հրապարակախոսության կարեւորագույն այն սկզբունքը, ըստ որի՝ «մի ազգի հասարակական շինվածքի հիմքը» հասարակ ժողովուրդն է: Ղեկավարվելով այս ելակետով, նա ժամանակի առաջավոր սերնդին կոչ էր անում անվարան ու հետեւողականորեն ծառայել ազգային առաջընթացին՝ մշտապես եւ անընդհատ «կենդանի կապակցություն» պահպանել հասարակ ժողովրդի հետ: Այս հատվածում է, որ մեծ հրապարակախոսը, ընդգծելով ժողովրդին լուսավորելու կարեւորությունը, պահանջում է հոգեւորականությանը մեկուսացնել լուսավորության գործի ասպարեզից:

«Նկատողությունք» հոդվածում առաջին անգամ հայ ընթերցողի համար նոր տեսանկյունից մեկնաբանվում էին ազգ, լուսավորություն, մտքի ազատություն, գաղափա­րական պայքար, բանավեճ եւ այլ հասկացություններ: Հոդվածը մշակված եւ խորապես  հիմնավորված էր՝ իբրեւ բուրժուազիայի զարգացման ժամանակաշրջանի հայ լուսավորա­կան շարժման դեմոկրատական ծրագիր: Դա ժամանակի հայ հասարակական կյանքի առաջին գիտական գնահատականն էր, ազգային ինքնաճանաչության մարզի առաջին առնական խոստովանությունը, «ապագայի լավության համար» ներկան բարվոքելու՝ մեծ հայրենասերի գործունեության ղեկավար սկզբունքը: 

Էջ 313, տ. 1–2. …դարձյալ պիտի պար գա Հերոդիադան — տե՛ս Մատթ., ԺԴ, 3–12:

Էջ 317, տ. 32–35. Մեք մեր կողմից խոստանում ենք… դնել մի օր մեր ազգի առաջեւ նորա հինգերորդ դարու հեղինակների գործերը — Նալբանդյանը չկարողացավ իր այս ծրագիրը գործի վերածել, եթե չհաշվենք Փարպեցու «Թուղթի» թարգմանությունը: