Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ

(էջ 363)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1859, 10, էջ 808–810, Ծատուր Պողոսյանց ստո­րագրությամբ

Այս նամակի Նալբանդյանին պատկանելը երկար ժամանակ անհայտ է եղել բա­նասերներին: Առաջին անգամ Աշոտ Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այս եւ հա­ջորդ նամակների վրա, իրավացիորեն դրանք վերագրելով Նալբանդյանին (տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, Երեւան, 1935, էջ 301)

Ի՞նչ հիմք ունենք կարծելու, որ այս գրությունն իրոք պատկանում է Մ. Նալբանդյանի  գրչին:

Հայտնի է, որ երկրորդ՝ 1859 թ. ճանապարհորդության ժամանակ Նալբանդյանը Փարիզում է եղել երկու անգամ, այդ տարվա ապրիլին եւ հուլիսին: Դժվար է ասել, թե որքան է նա մնացել Փարիզում. կարելի է կարծել, որ ոչ շատ, առաջին անգամ ընդամենը մեկ շաբաթ եւ երկրորդ անգամ մի քանի օր, բայց կարելի է վստահորեն ասել, որ նա այդ մի քանի օրերը անց է կացնում լարված աշխատանքի մեջ, գրելով հոդված­ներ, թղթակցություններ եւ նամակներ: Այսպես, օրինակ, «Ծոցատետրի նկատողություն­ներում» (ուղարկված թղթերի մատյանում) 1859 թ. հուլիսի 4-ի տակ նշված է. «Նազարյանցին հոդվածներ, Մեռելահարցուկ եւ Հիշատակարան…»: Հաջորդ գրառումը կատարված է հուլիսի 7-ին: Նալբանդյանի թողած հիշատակություններից երեւում է, որ 1859 թ. հուլիս-օգոստոս ամիսներին նա ուղեւորություններ էր կատարում Լեհաստանում եւ միայն սեպտեմբերին է մեկնում Մոսկվա (տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ. I, էջ 296, տե՛ս նաեւ Անտիպ երկեր, էջ 229)

Չի՞ ժխտում սա արդյոք մեր ենթադրությունը. չէ՞ որ նամակը թվագրված է «Փարիզ, 4/16 սեպտեմբերի, 1859 թվականին»: Ոչ միայն չի ժխտում, այլեւ հաստատում է

Ամենից առաջ, Նալբանդյանը դիմել է մի պրիոմի, որին հաճախ կարելի է հանդիպել լրագրության մեջ: Նա չէր կարող երբեք իր անունով հանդես գալ, եթե նույնիսկ ցանկանար, հենց այն պատճառով, որ այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայում, մինչ ամսագրին ձեռնտու էր, որ իր թղթակիցը ականատես եղած լինի դեպքերին, այն է՝ Փարիզից ուղարկած լինի նամակը

Բայց ավելի կարեւոր է հետեւյալ հանգամանքը. Նալբանդյանը թերեւս միակ մարդն էր Մոսկվայում, որ կարող էր գրել այդ նյութի մասին եւ այդ ոճով: Նամակագրի բացա­սական վերաբերմունքը դեպի Նապոլեոն Երրորդը եւ, ընդհակառակը, համակրական խոսքը էմիգրանտական գրականության նկատմամբ լիովին համընկնում է այն տրամադրու­թյանը, որով համակված են Կոմս էմմանուելի «Հիշատակարանի»՝ ամսագրի նախորդ համարում տպագրված թերթերը, որոնք գրված էին Փարիզում: Փարիզյան այդ թարմ տպավորությունների տակ է ահա, որ Նալբանդյանը գրում է նաեւ ուշագրավ այս նա­մակը:

Էջ 363, տ. 6. …Վիլլաֆրանկյան խաղաղութենից հետո 1859 թ. ապրիլին Ֆրան­սիան եւ Սարդինիան պատերազմի մեջ են մտնում Ավստրիայի դեմ: Պատերազմն արա­գացնում է հեղափոխական ճգնաժամը Իտալիայում: Ապրիլից սկսած Ավստրիայի դեմ ապստամբության դրոշ են բարձրացնում մի ամբողջ շարք իտալական քաղաքներ: Վախեցած այդ բոլորից, ինչպես եւ Պրուսիայի, Բավարիայի եւ գերմանական այլ պետությունների՝ պատերազմի մեջ մտնելուց, Նապոլեոն Երրորդը Վիլլաֆրանկա բնակավայրում սեպարատ հաշտություն է կնքում Ավստրիայի հետ: Այդ պայմանագրով Ավստրիան Ֆրանսիային է հանձնում Լոմբարդիան, բայց իր ձեռքում է պահում Վենետիկն իր մարզով: Իր հերթին Նապոլեոնը Լոմբարդիան զիջում է Սարդինիայի թագավորությանը

Էջ 364, տ. 4–5. Դեկտեմբերի 2-ի քաղաքական դարանագործը Ակնարկում է Նապոլեոն III-ին, որը քաղաքական ուժերի վերադասավորման եւ ռեակցիայի ուժեղացման պայմաններում կարողանում է 1851-ի դեկտեմբերի 2-ին կատարել պետական հեղաշրջում, իսկ 1852 թ. դեկտեմբերի 2-ին՝ հռչակվել կայսր

տ. 6. Ձեզ հայտնի կլինի Լուի Բլան Բլան Լուի (1811–1882) ֆրանսիական ուտոպիստ սոցիալիստ, պատմաբան եւ քաղաքական գործիչ: 1848 թ. օգոստոսին վտար­վում է Ֆրանսիայից. հայրենիք է վերադառնում 1870-ին

տ. 6. …Վիկտոր Հյուգո Վիկտոր Հյուգո (1802–1885) ֆրանսիական մեծ գրող, հանրապետական: Նա Ֆրանսիայից հեռանում է 1851-ի դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո, ասելով թե կվերադառնա հայրենիք, երբ այն ազատ կլինի: Ա. Ի. Գերցենը Հյուգոյին անվանում է «Դեկտեմբերի 2-ի ագիտատոր» (տե՛ս А. И. Герцен, Собр. соч., в 30-ти томах, т. XI, стр. 44)

տ. 7. …Եդգար Կինե Կինե Եդգար (1803–1875) ֆրանսիական քաղաքական գոր­ծիչ եւ պատմաբան, «Առաջին հեղափոխությունը» գրքի հեղինակը

տ. 10. …Գնդապետ Շարրաս Ժան Բատիստ Ադոլֆ (1810–1865) Նապոլեոնյան  գեներալ Ժոզեֆ Շարրասի որդին, գնդապետ, 1851 թ. դեկտեմբերյան հեղաշրջման դեմ կազմակերպված հակապետական խմբակի ղեկավարներից: Ձերբակալվել է եւ աքսորվել Բելգիա: Այստեղից գրված նրա առաջին նամակը Նապոլեոնին անլեգալ տարածվում է Ֆրանսիայում: Բելգիական կառավարության պահանջով թողնում է երկրի սահմանները, բնակություն հաստատում Հոլանդիայում, ապա փոխադրվում է Շվեյցարիա, որտեղ եւ վախճանվում է: Նապոլեոնին ուղղված նրա երկրորդ նամակը, որն ամբողջությամբ մեջ է բերված «Հյուսիսափայլում», գրված է Ցյուրիխում, 1859-ի օգոստոսի 21-ին

Շարրասի հիշյալ նամակի մի հատվածն օգտագործել է Է. Գրեգուարը իր «История Франции в XIX в. » աշխատության III հատորում (Մոսկվա, 1906): Շարրասի գրչին է պատկանում «Նապոլեոնի 1815 թ. արշավանքի պատմությունը»: Նրա մասին տեղեկու­թյուններ կան Վ. Հյուգոյի «Մի ոճիրի պատմություն» վեպում (տե՛ս նաեւ «Լարուս», 3–1867, էջ 1031)

տ. 10. …Կայեննե Ժամանակակից տառադարձությամբ Գվիանա. հոդվածագիրը սխալմամբ Շարրասի աքսորավայրը համարում է Գվիանան, այնինչ, ինչպես արդեն ասվեց, նամակն ուղարկված էր Ցյուրիխից: