Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿՆԵՐ

Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի V հատորն ընդգրկում է մեծ հրապարակախոսի նամակագրական ժառանգությունը, որը միայն մի մասն է կազմում նամակների այն հսկայական քանակության, ինչ գրված է եղել նրա ձեռքով։ Որպեսզի լրիվ պատկերացում կազմվի Նալբանդյանի գրած նամակների քանակի ու հասցեատերերի մասին, ներկա հատորում զետեղվել է նաեւ նրա կորած նամակների ցանկը, որը «Ծոցատետրի նկատողությունների» եւ «Բերդի հիշատակարանի» տվյալներով կազմել է անվանի նալբանդյանագետ Արամ Ինճիկյանը: Այդ ցանկը տպագրվել է Ա. Ինճիկյանի կազմած «Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրության» մեջ, որտեղից եւ արտատպում ենք։ Նալբանդյանի գրական ժառանգության մեջ առանձնակի արժեք են ներկայացնում նրա նամակները։ Նրանք ոչ միայն ուրվագծում են մեծ հրապարակախոսի կյանքը, պատկերում այդ կյանքի թանկագին մանրամասները, պատմում նրա մաքառումների, մտորումների ու երազանքների մասին, այլեւ հնարավորություն ընձեռում հետեւելու նրա գաղափարական զարգացման հուժկու թռիչքին, սկսած վաղ երիտասարդությունից մինչեւ Պետրոպավլովյան բերդի մռայլ մենախուցը, որտեղից դարձյալ հնչում է նրա անվհատ, բոցավառ խոսքը, նրա շարունակվող հերոսական պայքարի գրավականը։

Նալբանդյանի նամակների առաջին հրապարակման պատիվը պատկանում է Միքայել Տեր–Գրիգորյանին, որը դեռեւս 1868թ. կարողացել էր «Ղազար Փարպեցու թուղթը» գրքում հատվածաբար հրատարակել բանտից եւ աքսորավայրից գրած հինգ նամակ։ Այնուհետեւ, 1871թ. «Մեղուի» էջերում Հարություն Սվաճյանը հրապարակում է 1860թ. Նեապոլից իրեն գրած հրապարակախոսի մեծարժեք նամակը։ Առանձնակի մեծ երախտիք ունի Նալբանդյանի նամակների պահպանման, հրապարակման եւ ծանոթագրման գործում Երվանդ Շահազիզը, որը 1889 թվականից պարբերաբար սկսեց հրատարակել նրա նամակները մեծարժեք ծանոթագրություններով, հարազատների, ականատեսների, ժամանակակիցների հիշողություններով ու վկայություններով («Հանդես գրականական եւ պատմական», «Կենսագրություն Միքայել Նալբանդյանի», «Լումա», «Նորք»)։ 1932թ. Երվանդ Շահազիզը հրատարակեց «Դիվան Միքայել Նալբանդյանի» աշխատությունը` ի մի հավաքելով հեղինակի տպագրված եւ անտիպ բոլոր նամակները՝ թվով 75 հատ։ Դարձյալ Երվանդ Շահազիզն էր, որ առաջին անգամ թարգմանեց եւ «Դիվանում» տպագրեց Նալբանդյանի՝ բերդից գրված ռուսերեն նամակները: 1935թ. նալբանդյանագիտության մեծ երախտավոր Աշոտ Հովհաննիսյանը «Անտիպ երկերում» հրապարակեց եւս հինգ նամակ: Դրանից հետո զանազան պարբերականներում երեւան եկան հայտնաբերված մոտ քսան նամակներ։ 1949թ. Միքայել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի IV հատորում ի մի հավաքվեցին բոլոր տպագրված եւ անտիպ նամակները, կազմվեցին դրանց գիտական ճշգրիտ տեքստերը տրվեցին հիմնավոր ծանոթագրություններ։ Առաջին անգամ ռուսերեն նամակների թարգմանությունների հետ միասին տրվեցին նաեւ ռուսերեն բնագրերը։ Հատորը հրատարակության էր պատրաստել Արամ Ինճիկյանը։ Ռուսերեն նամակների թարգմանությունները կատարել էր Խորեն Սարգսյանը։

Ներկա՝ Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի V հատորի համար հիմք են ծառայել անվանի նալբանդյանագետ Արամ Ինճիկյանի կազմած տեքստերը եւ ծանոթագրությունները։ Առաջին անգամ սույն հատորում Նալբանդյանի գրած նամակների հետ միասին ներկայացվում են նաեւ նրա ստացած նամակները, որոնք հավաքված են «Հավելված» բաժնում

Նոր հրատարակության համար նամակների բնագրերը նորից ստուգվել եւ ճշտվել են պահպանված ինքնագրերի կամ պատճենների եւ առաջին հրատարակությունների հիման վրա։ Այդ աշխատանքը կատարել է հանգուցյալ գրականագետի դուստրը, ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արմենուհի Ինճիկյանը, իսկ վերջին ստուգումն ու ճշտումը՝ հատորի խմբագիրներ Մ. Սաղյանը եւ Ե. Ալեքսանյանը։ Զգալի չափով լրացվել են հատորի ծանոթագրությունները՝ ելնելով նալբանդյանագիտության վերջին տասնամյակների ձեռքբերումներից: Նալբանդյանի նամակների ծանոթագրությունները լրացրել եւ նրա ստացած նամակների ծանոթագրությունները կազմել են Մ. Սաղյանը, Ս. Դարոնյանը եւ Արմենուհի Ինճիկյանը

 

1 8 4 6

1. ՏԻՐԱՑՈՒ ՍԱՐԳՍԻՆ, 1846 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ

ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Արտագրությունները պահվում են՝ ԳԱԹ, ՄՆՖ, 83(66) 11, ԿՊՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2789, էջ 61–62

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Լումա», 1905 թ., N 1, էջ 70—92, N 2, էջ 93–115, ապա «Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932, էջ 22–27, այնուհետեւ՝ ԵԼԺ, IV, էջ 7–8:

Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ԳԱԹ–ի օրինակը: Տողատակին տրված են ԿՊՊԱ–ի օրինակի տեքստային տարբերությունները:

Այս եւ հաջորդ նամակը նշանակալից են ո՛չ միայն նրանով, որ հանդիսանում են Նալբանդյանի մեզ հասած առաջին գործերը, այլեւ որպես նրա կյանքի առաջին շրջանի լուսաբանման համար կարեւոր նշանակություն ունեցող վավերագրեր։ Նոր Նախիջեւանի կղերաաղայական ռեակցիան՝ դաշնակցած Ներսես Աշտարակեցուն եւ նրա արբանյակներին, այս նամակներն առիթ ծառայեցնելով, հալածանք է սկսում Նալբանդյանի դեմ։ Տիրացու Սարգիսը, հետագայում Բարսեղ քահանա Պոպովը, իր «հոգեւոր տերերին» հաճոյանալու եւ միաժամանակ իր նկատմամբ խախտված վստահությունը վերականգնելու նպատակով, նամակները հանձնում է Ներսես Աշտարակեցուն: Վերջինս, 1849թ. սեպտեմբերի 2–ի N 218 կոնդակի հետ միասին, նամակների պատճեններն ուղարկում է Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Հարություն Խալիբյանին, հոգեւոր կառավարությունից պահանջելով՝ նշանակել մի «դեպուտատ», նրա ներկայությամբ քննել գործը եւ պատժել Միքայել Նալբանդյանին

Իր դեմ սկսված հալածանքից խուսափելու համար Նալբանդյանը նախ փորձում է կտրականապես ժխտել, թե ինքն է այդ նամակների հեղինակը եւ, ապա, տեսնելով, որ Ներսեսի եւ Խալիբյանի հետապնդումներից փրկություն չկա, 1853թ. փախչում է Մոսկվա:

Այս մասին Գաբրիել Պատկանյանն իր «Հիշատակարանում» պատմում է հետեւյալը. «Հանկարծ եկավ Միքայել Նալբանդյանն եւ երեւեցավ տեր Գաբրիել Պատկանյանի տանն. այդտեղ իմացավ Պատկանյանն, որ Ներսես կաթողիկոսն հալածանք է հարուցել... Նալբանդյանի վերա... 

Միքայել Նալբանդյանն ընդ նմին պատմեց տեր Գաբրիել Պատկանյանին, թե վեհափառն գրել էր կոնդակ Քիշինեւի կոնսիստորիային, որ զՄիքայել Նալբանդյանն հանձնե Քիշինեւի ոստիկանության, իսկ Քիշինեւի քաղաքապետին գրել է, որ ի ձեռն ոստիկանության զՄիքայել Նալբանդյանն ուղարկե ի սուրբ էջմիածին: Վերջապես, երբ որ Նալբանդյանն հայտնեց, թե ես Քիշինեւեն փախստական եմ եկել, եւ թե [1 անընթ. ] Խալիբյան, Սարգիս վարդապետն եւ Եկենյանն կամենում են զիս որսալ եւ մատնել ի ձեռս [1 անընթ. ] եւ եթե ես այսօր մնամ Նախիջեւան, անշուշտ զիս ձերբակալ կանեն եւ կտանեն անդր քան զԿովկաս, վարանյալ եմ եւ չգիտեմ, թե ինչ անեմ»:

Այնուհետեւ պատմվում է, թե ինչպես Գաբրիել Պատկանյանը, Նալբանդյանի Նոր Նախիջեւանում մնալը համարելով վտանգավոր, նրան խորհուրդ է տալիս փախչել Մոսկվա: Այդ նպատակով Գ. Պատկանյանը Նալբանդյանին է տրամադրում իր կառքը, տալիս է ճանապարհածախս: Հենց նույն օրը Նալբանդյանը փախչում է Մոսկվա, հազիվ ազատվելով ձերբակալությունից, որովհետեւ, ինչպես Գ. Պատկանյանն է պատմում, Նալբանդյանը նոր էր հեռացել, երբ ոստիկանները գալիս են եւ Նալբանդյանին հարցնում։ Գ. Պատկանյանի տունն ապարդյուն խուզարկելուց հետո, նրանք ձեռնունայն  հեռանում են։ (Հմմտ. «Հիշատակարան», էջ 409 –411, ԳԱԹ, ՄՆՖ, N 20)։ 

Նույն ժամանակ Պետերբուրգի համալսարանում Նալբանդյանը հայոց լեզվի ուսուցչի ցենզ է ձեռք բերում, որը եւ հնարավորություն է տալիս նրան այդ պաշտոնով տեղ ստանալ Լազարյան ճեմարանում։ 

Սակայն Ներսես կաթողիկոսի արբանյակները չեն դադարում հետապնդել Նալբանդյանին։ Կաթողիկոսը դիմում է մինչեւ իսկ Կովկասի փոխարքա Վորոնցովին՝ Նալբանդյանին ձերբակալելու եւ Էջմիածին ուղարկելու պահանջով: Նալբանդյանը օգտագործելով Ներսես կաթողիկոսի եւ Լազարյանների միջեւ այդ շրջանում գոյություն ունեցող տարաձայնությունները, հալածանքից ազատվում է։ 

 

Էջ 7, տ. 9. «... զանտառս Կովկասու ի գործ դիցուք փոխանակ գրչի.. » Նալբանդյանն իր այս պատկերավոր համեմատությունը կազմել է Նարեկացու նմանությամբ։ «Զի եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից, եւ զդաշտս ասպարիսօք բազմօք սահմանեալ ի տարածումն լայնության քարտենի չափեցից, եւ զպուրակս յոքունց անտառաց շամբից եղեգանց ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից, եւ ոչ զթիւ մի ի բարդելոցն անօրէնութեանց զօրեցից ընդ գրով սահմանի գրաւել» (Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, 1868, էջ 30, բան Թ)։

Էջ 8, տ. 7. «... ի հնազանդութեան կացցէ » «Թուղթ Պօղոսի առ հռօմայեցիսն»։  ԺԳ, Բնագրում այսպես է՝ «Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է՝ ի հնազանդութեան կացցէ»

էջ 8, տ. 14. «... շարադրեալ եմ «զՄարդեղութիւն Քրիստոսի » Նալբանդյանին չհաջողվեց տպագրել իր այդ երկը, որ գրած է եղել աշակերտության տարիներին Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Չի պահպանվել նաեւ ձեռագիրը

 

2. ՏԻՐԱՑՈՒ ՍԱՐԳՍԻՆ, 1846 Թ. ՄԱՐՏԻ 5, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Արտագրությունները պահվում են՝ ԳԱԹ, ՄՆՖ, 83 (66) 11, ԿՊՊԱ, ֆ. 56, գ. 2789, էջ 61–62։ 

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Լումա», 1905 թ., N 1, էջ 70–92, N 2, էջ 93–115, ապա «Դիվան», 1932, էջ 22–27, այնուհետեւ՝ ԵԼԺ, IV, էջ 7–8

Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ԳԱԹ–ի օրինակը։ Տողատակին տրված են ԿՊՊԱ–ի օրինակի տեքստային տարբերությունները

Էջ 9, տ. 5. «... զի իցէ թէ ստացեալ էք զգիր իմ, գրեալ ի 5 փետր. ... » Խոսքը վերաբերում է N 1 նամակին:

Էջ 9, տ. 17. «... զժամանակ օծութեան կաթողիկոսին... » Խոսքը վերաբերում է կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն (1771–1857)։ Թե՛ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդության շրջանում եւ թե՛ կաթողիկոսության տարիներին Ներսես Աշտարակեցին հենվում էր հայ առեւտրական բուրժուազիայի վրա: Նոր Նախիջեւանում նրա բացարձակ լիազորը եւ ներկայացուցիչը աղա Խալիբյանն էր։ Նալբանդյանն իր հասարակական–հրապարակախոսական գործունեության սկզբից անողոք մերկացումներով պայքարել է Կաթողիկոսի եւ նրա հենարան աղայական դասի դեմ, որի համար էլ խիստ հալածանքի է ենթարկվել նրա կողմից 

Էջ 9, տ. 19–20. «... այլ միայն փախուստի Սերկեյ Մարտինիչի, տէր Մարտիրոսի փեսին... » Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարության ատենակալ տեր Մարտիրոս քհ. Թորոսյանի փեսա վաճառական Սարգիս Սարգսյանը եղել է Ներսես կաթողիկոսի մտերիմներից։ Փախչելով իր պարտատերերից, գաղտնի անցել է Նովոչերկասկ, անցագիր ստացել եւ մեկնել Թիֆլիս՝ կաթողիկոսի մոտ, որը չիմանալով նրա գալու պատճառը, սիրով ընդունել է նրան, իսկ իմանալուց հետո իր պաշտպանության տակ առել . Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 1932, էջ 26)

1 8 4 8

3. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ, 1848 Թ. ԱՊՐԻԼԻ 7, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 84 (25) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 27–28. Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը։ 

Ողջույնի ուղերձ՝ կարդացած Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի նորընտիր առաջնորդ Մատթեոս Սրբազան Վեհապետյանի՝ Նոր Նախիջեւան ժամանելու առթիվ։

Էջ 10, տ. 3. « Բազում ժամանակք են, յորս բանաւոր փարախս այս կայ առանց  Հովուապետի... » 1843թ. ընտրվելով ամենայն հայոց կաթողիկոս, Ներսես Աշտարակեցին մինչեւ 1847թ. թափուր էր թողել Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմը «արժանավոր մարդ» չունենալու պատրվակով եւ փաստորեն շարունակում էր ինքը կառավարել այն: Վերջապես 1847թ. կաթողիկոսը ընտրել էր Շամախու արքեպիսկոպոս Մատթեոս Վեհապետյանին, սակայն նրա գալը դարձյալ ուշացել էր այն պատճառով, որ Ներսես Աշտարակեցին կարգադրություն էր արել նորընտիր առաջնորդին նախ մեկնել Աստրախան՝ տեղում ծագած անախորժությունները քննելու եւ ապա միայն ուղեւորվելու Քիշինեւ

Նալբանդյանի սույն ճառը եւ անձնական ծանոթությունը շատ լավ տպավորություն են արել առաջնորդի վրա, եւ նա շատ շուտով դարձել է նրա անձնական քարտուղարը՝ «գրագիր առաջնորդական գործոց» («Դիվան», էջ 28)։ Իսկ 1849թ. օգոստոսի 19–ին Մ. Վեհապետյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը տեղեկացնում է, որ տեսնելով Նալբանդյանի ընդունակությունները, նրան վերցնում է իր մոտ գրագիր–քարտուղարի պաշտոնով։ 

 

4. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, 1848 Թ., ՄԻՆՉԵՎ  ՄԱՅԻՍԻ 10–Ը, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է՝ «էջմիածին», 1948, N 5–6, էջ 60, որտեղից եւ արտատպվում է։

էջ 11, տ. 1–2. «... Խնդրե արձակեալ ի Նախիջեւանայ հայոց հասարակութենէ յաղագս մտանելոյ ի հոգեւորական կոչումն.. Դեռեւս 1845թ. սկսած, Նալբանդյանը դպիրի կամ տիրացուի պաշտոն է կատարել Նոր Նախիջեւանի ս. Լուսավորիչ ավագ եկեղեցում, ապա Մատթեոս Վեhապետյանի ժամանումից հետո ստանձնել է Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարության գրագրի պաշտոնը: Ամենայն հավանականությամբ, հենց նրա խորհրդով որոշել է ընդունել հոգեւոր կոչում, քանի որ այն հնարավորություն կընձեռեր ազատվելու հարկերից եւ կարգավորելու ընտանիքի տնտեսական պայմանները։ 

 

5. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ, 1848 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 9, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ  ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է ԿՊՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2311, էջ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գիտական նյութերի ժողովածու», N 1, Ե., 1911, էջ 196–198, ապա ԵԼԺ, IV, էջ 9:

էջ 11, տ. 23–24. «... թեպետ ես ի 10–էն մայիսի խնդրամատոյց լեալ էի ի հոգեւոր կառավարութիւնն տեղւոյս... » նկատի ունի N 4 նամակը։ Տնտեսական ծանր պայմաններից ստիպված եւ հարկերից ազատվելու նպատակով Նալբանդյանը դիմում է ներկայացնում Նոր Նախիջեւանի հասարակական ժողովին, խնդրելով ազատել իրեն մեշչանական դասից՝ հոգեւոր կոչման մեջ մտնելու համար: Մայիսի 10–ին նա ստանում է իր խնդրի դրական պատասխանը եւ նույն օրը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը ներկայացնելով մեշչանական դասից արձակման իր վկայականը՝ խնդրում է  այն ուղարկել ուր հարկն է՝ իրեն հոգեւոր կոչման մեջ ընդունելու համար։ Հունիսի 2–ին հոգեւոր կառավարությունը քննելով Նալբանդյանի դիմումը, որոշում է խնդրել Մ. Վեհապետյանին, որ վերջինս անի համապատասխան կարգադրություն։ Հունիսի 8–ին Մ. Վեհապետյանը Սինոդին ներկայացնելով Նալբանդյանի դիմումը եւ մեշչանական դասից ազատվելու վկայականը, խնդրում է ընթացք տալ նրան հոգեւոր կոչման մեջ ընդունելու հարցին ( Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, Ե., 1980, էջ 24–25)։

 

1 8 4 9

6. ԳՐԻԳՈՐ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆԵՐԻՆ, 1849 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 7, ՕԴԵՍԱՅԻՑ  ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 28(49) 11. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», 30–33, ապա ուղղումներով ԵԼԺ, IV, էջ 10–12։

էջ 13, տ. 4. «... եւ Կայանուշինն ստացա... »– Խոսքը վերաբերում է Մ. Նալբանդյանի հարազատ քրոջը՝ Գայանեին։ Մ. Նալբանդյանը ծնվել էր հոր՝ ուստա Ղազար Նալբանդյանի չորրորդ եւ մոր՝ Մարիանե Նալբանդյան–Չերչենյանի երկրորդ ամուսնությունից։ Ղազարոս Նալբանդյանը երրորդ անգամ այրիանալով, մտածում է նորից ամուսնանալու մասին, սակայն հանդիպում է եկեղեցական իշխանությունների դիմադրությանը: Դիմելով Վիճակի առաջնորդին եւ բացատրելով, որ իր առաջի երեք կանանց հետ նա կենակցել է ընդամենը 5 տարի (առաջինի՝ Տիրուհու հետ երկու, երկրորդի՝ Գեղեցիկի հետ՝ երեք, իսկ երրորդի՝ Աննայի հետ՝ ընդամենը 10 ամիս), նա ստանում է չորրորդ ամուսնության իրավունք: Առաջին երեք ամուսնություններից նա ունեցել է. Տիրուհուց՝ Գրիգոր որդուն, Գեղեցիկից՝ Լուսեղեն եւ Հակոբ որդիներին, իսկ Աննայից՝ Գայանե դստերը։ Ամուսնանալով 4 զավակների մայր, այրի Մարիանե Չերչենյանի հետ, որը իր հետ բերել էր Լուսեղեն, Ղազարոս, Սերովբե որդիներին եւ Վարվառե դստերը, ուստա Ղազարը չորրորդ ամուսնությունից ունենում է դարձյալ 4 զավակ՝ երկու որդի՝ Գաբրիել եւ Միքայել եւ երկու դուստր՝ Շահզադե եւ Գայանե անուններով: Նալբանդյանի չափահասության տարիներին այս բազմաթիվ երեխաներից կենդանի էին՝ Գրիգորը (հորից մեկ, մորից ջոկ), Լուսեղենը (մորից մեկ, հորից ջոկ), Ղազարոսը (մորից մեկ, հորից ջոկ), Վարվառեն (մորից մեկ, հորից ջոկ), Սերովբեն (մորից մեկ, հորից ջոկ) եւ Գայանեն (հարազատ քույրը, հորից եւ մորից մեկ)։ 

էջ 13, տ. 8. «... ուրախացա Սերոբին Խառքովա չի գնացածին համար... » Խոսքը վերաբերում է Նալբանդյանի եղբորը՝ Սերովբեին, որը Նոր Նախիջեւանում ուներ դեղորայքի խանութ (աթթարնոց): Սույն նամակը լցված է կատակներով. դեղորայքը, որոնք, իբր, պիտի Խարկովի տոնավաճառում գներ Սերովբեն, նույնպես հիշատակված են զավեշտական ձեւով (անգլիական աղ, գրեխ եւ այլն)։ 

էջ 14, տ. 3–4. «... միայն կմտածիմ, թե ո՞վ գիտնայ Սերոբն Պալչօքին թաղման օրը ինչպես կսկծուեցաւ... » Խոսքը վերաբերում է Սերովբեի շանը՝ Պալչոքին, որի սատկելու կապակցությամբ մեծ վիշտ էր ապրում եղբայրը: Շարունակելով իր կատակերը, Նալբանդյանը հարցնում է, արդյոք եղբայրը շան համար հոգեհաց տվե՞ց, թե ոչ։ 

էջ 14, տ. 12. «... եւ սրբազան հայրն ալ... » Նկատի ունի Մատթեոս արքեպիսկոպոս Վեհապետյանին, որի մոտ Մ. Նալբանդյանը նախ պաշտոնավարում էր որպես գրագիր, ապա որպես քարտուղար (1848–1853 թթ. 1848 թ. ապրիլին ժամանելով Նոր Նախիջեւան եւ մի առ ժամանակ մնալով այնտեղ, Մատթեոս սրբազանը հոկտեմբերի սկզբներին իր հետ վերցնելով քարտուղար Մ. Նալբանդյանին, մեկնում է Ղրիմ՝ Վիճակին այցելություն անելու նպատակով։ Նալբանդյանը նրան էր ընկերակցել գլխավորապես խոլերայի հետեւանքներից բուժվելու նպատակով։

էջ 14, տ. 15–16. «... Սրբազանն այս փոշտի Պապային եւ Մկրտիչ վարդապետին գիր գրեց... » Նկատի ունի իր հորը՝ ուստա Ղազարին եւ Մկրտիչ Բաբամյան վարդապետին (1817—1892), հետագայում եպիսկոպոս եւ կաթողիկոսական տեղապահ։

էջ 14, տ. 16. «... որ թաթիեորիին Կարապետին խրկեն »։ Այսինքն՝ ուղարկեն Օդեսա ոսկրաբուժ (սնխչի) Կարապետին: Ճանապարհորդության ընթացքում վայր ընկնելով կառքից եւ կոտրելով ոտքը, Մատթեոս Վեհապետյանը ստիպված կանգ է առել Օդեսայում եւ բուժվել մինչեւ 1849թ. գարունը։ Մ. Նալբանդյանի խորհրդով առաջնորդը Օդեսա է հրավիրել Ն. Նախիջեւանում հայտնի «թաթիոր» Կարապետին, ոտը տեղում բուժելու։

էջ 15, տ. 15. «... մեք թեպետ անցյալներն Մանուկ աղային գրեցինք պատկերը չօծելու համար... » Խոսքը վերաբերում է նորնախիջեւանցի հարուստ վաճառական Մանուկ աղա Ալաջալյանի կողմից քաղաքի եկեղեցիներից մեկին նվիրաբերած սրբապատկերի օծմանը։ Նվիրաբերողը, ամենայն հավանականությամբ, ցանկացել է, որ սրբապատկերն անպայման օծի Մատթեոս սրբազանը, որը, սակայն, վերջինիս հիվանդության պատճառով անհնարին է եղել:

էջ 16, տ. 6. «... Ծածուկ կարդացեք։ Ամոթ է։ Օտար մարդու առջեւ չի կարդաք »: Քանի որ նամակը գրված է զավեշտական ձեւով եւ մասնավորապես խոսվում է սատկած շանը հոգեհաց տալու մասին, Մ. Նալբանդյանը չի ուզել, որ այն կարդան ուրիշների առաջ։

 

1 8 5 0

7. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, 1850 Թ., ՄԱՐՏԻ 8 ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԿՊՊԱ, ֆ. 139, ց. 1, մաս II, գ. 185, էջ 1. Ինքնագրի սեւագրությունը պահվում է՝ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթ. 151, վավ. 68, էջ 15։

Առաջին անգամ տպագրվել է աշխարհաբար թարգմանությամբ՝ «Սովետական գրականություն», 1941, N 4, էջ 89–90. Տողատակին տրվում են սեւագրության ջնջումները:

Էջ 17, տ. 5. «... Նախ՝ ըստ հավաստի տեղեկութեանս իմացեալ եմ զի Բարսեղ քահանայն Պոպովեանց... ) Տե՛ս N 1 նամակի ծանոթագրությունը։

Էջ 18. պետիտ տ. 26. «... [յորմէ հետեւի զի քահանայն Բարսեղ ինքն է իսկ հեղինակ... Արդեն իր այս առաջին դիմումի մեջ Նալբանդյանը որոշել էր ինքը անցնել  հակահարձակման եւ մեղադրել տիրացու Սարգսին կեղծ նամակներ գրելու մեջ, սակայն զգուշանալով ինչ–որ բանից, ջնջել էր մեղադրանք պարունակող հիշյալ նախադասությունը։ 

 

8. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, 1850 Թ. ԱՊՐԻԼԻ 3 ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԿՊՊԱ, ֆ. 139, ց. 1, մաս II, գ. 1853, էջ 6–8. Ինքնագրի սեւագրությունը պահվում է՝ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթ. 151, վավ. 68, էջ 15

Առաջին անգամ տպագրվել է աշխարհաբար թարգմանությամբ՝ «Սովետական գրականություն», 1941, N 4, էջ 89–90։

Տողատակին տրվում են սեւագրության ջնջումները:

Էջ 19, տ. 7—10. « Բարեհաճեսցի հոգեւոր կառավարությունդ, գիտել ի քահանայէն Պոպովեանց թէ նա որ յերկբայս գտանի արդիս թէ Նալպանտեանն էր գրողն ինքեան զգետ, թէ Ուստայեանն... » Իր նախորդ՝ մարտի 8–ին հոգեւոր կառավարությանը գրած դիմումի մեջ Նալբանդյանը հրաժարվել էր Միքայել դպիր Ղազարյան Ուստայանց ստորագրությամբ գրված նամակների հեղինակ լինելուց: Հոգեւոր կառավարությունը դիմել էր Բարսեղ քահանա Պոպովյանին (տիրացու Սարգիս) եւ պահանջել բացատրություն տալ նամակների հեղինակի ով լինելու վերաբերյալ: Մարտի 15–ին Բարսեղ քհ. Պոպովյանը իր բացատրականում հայտնում է, թե չի կարող հաստատ ասել, թե դա Նալբանդյանն է, որովհետեւ նամակները ստորագրված էին ոչ թե Միքայել դպիր Ղազարյան Նալբանդյանց, այլ՝ Միքայել դպիր Ղազարյան Ոստայանց (տե՛ս «Տարեգրություն», էջ 31)։ 

Էջ 19, տ. 19. « զոր խօսեցիք յունկանէ, քարոզեսցի ի վերայ տանեաց » Բերված է հիշողությամբ, պետք է լինի «զոր յունկանէ խօսեցայք ի շտեմարանս, քարոզեսցի ի վերայ տանեաց»: Հմմտ. Աւետարան ըստ Ղուկասու, ԺԲ,

Էջ 19, տ. 21—24. «... որ տակաւին անգէտ գտեալ զինեն եւ զիմս մականուանէ հայրենւոյ որ է Նալպանտեան, որպէս եւ գտանի արձանագրեալ ի րեվիզսկի սկազկային ութերորդ աշխարհագրութեան » Բարսեղ ք. Պոպովյանի մարտի 15–ին տրված անհաստատ պատասխանը Նալբանդյանին հնարավորություն է ընձեռում պնդելու, որ ինքը ոչ մի առնչություն չունի Ուստայան ազգանվան հետ, եւ «ռեվիզսկի սկազկային ութերորդ աշխարհագրության» մեջ (մարդահամար) նա գրանցված է որպես Նալբանդյան եւ սրանից եզրակացնում է, որ նամակների հեղինակը ինքը Պոպովյանն է: Նալբանդյանի այս դիմումը Բարսեղ քհ. Պոպովյանին ներկայացնելուց հետո, վերջինս արդեն հաստատորեն սկսեց պնդել, որ նամակների հեղինակը Նալբանդյանն է, քանի որ մինչեւ իր հեռանալը Նոր Նախիջեւանից եւ մինչեւ «Ռեւիզսկի սկազկայի ութերորդ աշխարհագրությունը» Նալբանդյանը հայտնի էր Ուստայան ազգանունով («զի որպես այլք յորջորջեն զնա Ուստայեան, նոյնպէս եւ ես գիտեմ զնա Ուստայեան եւ ոչ Նալբանդեան»): Տե՛ս Տարեգրություն, էջ 33

 

1 8 5  1

9. ԵՓՐԵՄ ՎԱՐԴԱՊԵՏ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ, 1851 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻՑ  ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 3 (45) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 36, ապա ԵԼԺ, IV, էջ 16

Էջ 21, տ. 9–11. « Աշակերտ Ղազարյան լսարանի Ռափայել Պատկանեան որ գտանի այդր նպատակաւ մտանելոյ յակադեմիայն... » 1848թ. ավարտելով Լազարյան ճեմարանը, Ռ. Պատկանյանը ցանկանում էր ընդունվել բժշկական ֆակուլտետ եւ երազում՝ ուսանելու հատկապես Դորպատի համալսարանում։ Սակայն ավարտած լինելով Ճեմարանի հոգեւոր բաժինը, նա պարտավոր էր վեց տարի անպայման աշխատել հոգեւոր իշխանությունների տրամադրության ներքո, կամ ստանալ հոգեւոր կոչումից ազատվելու փաստաթուղթ։ Ներսես Աշտարակեցին, որին 1850թ. նոյեմբերին դիմել էր Ռ. Պատկանյանը հոգեւոր կոչումից ազատվելու վկայական ստանալու համար, մերժել էր նրան եւ առաջարկել մեկնել Պետերբուրգ տեղի համալսարանում ազատ ունկնդիր գրվելու եւ հայկական եկեղեցում աշխատելու։

1851թ. փետրվարին Ներսես Աշտարակեցին իրավունք է տալիս Գաբրիել Պատկանյանին Թիֆլիսից վերադառնալու Նոր Նախիջեւան։ Նույն թվականի հուլիսին վերադառնալով Նոր Նախիջեւան, տեր Գաբրիելը անցնում է իր պարտականությունների կատարմանը։ Մտերմանալով Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդ Մատթեոս արքեպիսկոպոս Վեհապետյանի հետ, նա շուտով դառնում է հոգեւոր կառավարության առաջին տեղակալ եւ իր անձնական բոլոր հարցերը լուծում է առաջնորդի անմիջական օգնությամբ, մի կողմ թողնելով Ներսես Աշտարակեցուն, այդպիսով ավելի ու ավելի գրգռելով վերջինիս իր դեմ: Հոր միջնորդությամբ ստանալով առաջնորդի բանավոր համաձայնությունը արձակման թուղթ տալու մասին, Ռ. Պատկանյանը հունիսի 10–ին առաջնորդի անունով խնդրագիր է ներկայացնում թեմի հոգեւոր կառավարությանը։ Սեպտեմբերի 4–ին Մատթեոս Վեհապետյանը Սիմֆերոպոլում ստորագրում է Ռ. Պատկանյանի՝ հոգեւոր կոչումից արձակվելու վկայականը եւ կարծես իր իրավասությունը թեմի բոլոր հարցերում շեշտելու նպատակով՝ ընդգծում հատկապես այն հանգամանքը, որ «Ռափայել Պատկանյանի բարձրագույն ուսումնական հաստատություն մտնելը եւ գիտությունների մեջ կատարելագործվելը Հոգեւոր իշխանության կողմից ոչ մի արգելքի չի ենթարկվում»։ (Տե՛ս ԳԱԹ, ՌՊՖ, N 1336)։ Սակայն երկյուղ կրելով Ներսես Աշտարակեցուց, Գաբրիել Պատկանյանը մյուս օրը, սեպտեմբերի 5–ին, խնդրում է Միքայել Նալբանդյանին, համենայն դեպս դիմել վարդապետ Եփրեմ Ալթունյանին՝ իր որդուն տեղում գրագրի պաշտոն տալու խնդրով, որը նրան նյութական հնարավորություն կտար ընդունվել Զինվորական բժշկական ակադեմիա եւ այդպիսով կատարած կլիներ կաթողիկոսի պահանջը։ Նամակի նույն թերթի վրա Գաբրիել Պատկանյանն իր կողմից երկրորդում է Միքայել Նալբանդյանի խնդիրը եւ թախանձում վարդապետին անմիջապես որդու մատուցած դիմումը ուղարկել Պերեկոպ՝ առաջնորդի կողմից հաստատվելու համար։ Նամակը ուղարկվում է Ռ. Պատկանյանին՝ վարդապետ Ալթունյանին հանձնելու նպատակով: Սակայն նա իր ողջ էությամբ ձգտում էր դեպի Դորպատ։ Ստանալով սույն նամակը, նա ակամայից այցելում է վարդապետ Ալթունյանին եւ նրան տանը չգտնելով, կարծես, ուրախանալով, նամակը թողնում է սպասավորի մոտ, երկրորդ անգամ այլեւս չգնալու որոշումով։ Նամակի վրա Ռ. Պատկանյանի ձեռքով գրված է հետեւյալ երկտողը՝ «Ռափայել Պատկանյանի նամակումն դրած էր այս գիրը՝ հայր սուրբ, որ Ձեզ տանը չի գտնելով թողեց բանվորի մոտ»: Մինչեւ 1851 թ. օգոստոս մնալով Պետերբուրգում, Ռ. Պատկանյանը կարողանում է Պետերբուրգի եկեղեցու վարչության կողմից տրվող նպաստով մեկնել Դորպատ տեղի համալսարանի բժշկական բաժին ընդունվելու որոշումով։

 

10. ԿԱՐԱՊԵՏ ՉՈԼԱԽՅԱՆԻՆ, 1851 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, ՔԻՇԻՆԵՎԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ, 57 (56) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 39, դեկտեմբերի 12 ամսաթվով, ապա՝ ԵԼԺ, 19, էջ 17, ուղղված ամսաթվով

Էջ 22, տ. 16. «... սրբազան հայրն ձեր գիրն ստանալով, կրկին գրեց աղայենց... ) Խոսքը վերաբերում է Մատթեոս Վեհապետյանին, որը ստանալով Նոր Նախիջեւանի ս․ Համբարձման եկեղեցու քահանա եւ հոգեւոր կառավարության անդամ Կարապետ Չոլախյանի խնդրագիրը իր որդի Հարությունին Լազարյան ճեմարանում ձրիավարժ աշակերտ ընդունելու վերաբերյալ, հանձն է առել միջնորդել Լազարյանների առջեւ

 

11. ԿԱՐԱՊԵՏ ՉՈԼԱԽՅԱՆԻՆ, 1851 Թ., ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, ՔԻՇԻՆԵՎԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 58 (55) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 38–39, ապա ԵԼԺ, IV, էջ 17–18։

 

1 8 5 2

12. ԿԱՐԱՊԵՏ ՉՈԼԱԽՅԱՆԻՆ, 1852 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 9, ՔԻՇԻՆԵՎԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 59 (57) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 40–41, ապա՝ ԵԼԺ, IV, էջ 19։ 

Էջ 24, տ. 11. «... զի մարդասիրութեան նորա ժամանեալ կորզեաց զողորմելի անձն իմ ի գերեզմանէ »: Խոսքը վերաբերում է 1848թ. հունիսի 8–ին խոլերայով հիվանդանալուն, որից հետո նա երկար ժամանակ տառապել է թուլությամբ եւ միայն ճանապարհորդության ընթացքում սակավ առ սակավ ապաքինվել է։ 

 

13. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ, 1852 Թ., ԱՊՐԻԼԻ 20, ՔԻՇԻՆԵՎԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԿՊՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2789, էջ 14–16։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 47–53, որոշ կրճատումներով, ապա ԵԼԺ, IV, էջ 20 –23, լրիվ եւ ուղղված

Էջ 25, տ. 15. « Վիճակային կոնսիստորիայն թեմիս հրովարտակաւ իմով յանուն իմ, 9 էն ամսոյս... » Դեռեւս 1852թ. հունվարի 8–ին Ներսես կաթողիկոսը հատուկ կոնդակով Սինոդին առաջարկում է հրամանագրել Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային, որ վերջինս Միքայել դպիր Ղազարյան Ուստայանցին (Նալբանդյանին) ուղարկի էջմիածին, Սինոդի ատյանի առաջ անձամբ պատասխան տալու։ Փետրվարի 22–ին Սինոդը որոշում է հրամանագրել Ն. Նախիջեւանի Կոնսիստորիա՝ «հույժ փութով» Նալբանդյանին Էջմիածին ուղարկել «անձամբ բացատրություն տալու Սինոդի ատյանին եւ «անկարգությունների եւ ամբարիշտ գործողությունների համար»։   Մարտի 7–ին այդ հրամանը ուղարկվում է Ն. Նախիջեւան, իսկ ապրիլի 9–ին այն հանձնվում է Նալբանդյանին (տե՛ս Տարեգրություն, էջ 35–36)։

 

14. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1852 Թ., ՄԱՅԻՍԻ 14, ՔԻՇԻՆԵՎԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 29 (47) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 54–55, ապա ԵԼԺ, IV, էջ 24։ 

էջ 30, տ. 21–23. «... թեպետ կանչել էին   պատասխան տվի, ինչպես հարկն էր... –Խոսքը վերաբերում է տիրացու Սարգսին գրած նամակների առթիվ Ներսես կաթողիկոսի հրամանով Նալբանդյանին Էջմիածին կանչելուն։ Տեր Եղիան նոր Նախիջեւանի քհ. Շապոշնիկյանն է, որ իր «ամբարիշտ» վարքի համար նույն հրամանով նույնպես Էջմիածին էր կանչված: «Պատասխան տվի» ասելով, Նալբանդյանը, հավանորեն, նկատի ունի 1852թ. ապրիլի 20–ի իր «Հայտարարությունը»՝ ուղղված Ն. Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմական առաջնորդ Մատթեոս արքեպիսկոպոս Վեհապետյանին (տե՛ս նախորդ՝ N 13 նամակը)։ Նալբանդյանին առանձնապես մեծ վստահություն էր ներշնչել առաջնորդի ապրիլի 23–ին ներկայացրած միջնորդագիրը Սինոդին, որտեղ նա հաստատում էր Նալբանդյանի պատճառաբանությունների իսկությունը եւ խնդրում նրան ազատել էջմիածին գնալու եւ անձամբ Սինոդին ներկայանալու պահանջից, քանի որ չունի մեկ ուրիշը, որը որպես «գրագիր եւ լեզվագետ» կարողանա փոխարինել նրան, մանավանդ որ, ինքն էլ ռուսերեն չի իմանում, ուստի եւ անհնար է համարում առանց նրան իր գործերը վարելը (տե՛ս Տարեգրություն, էջ 37–38)։ 

Էջ 31, տ. 1. « Երեկ մեր Խազարոս աղայեն գիր առի Յակոռիցկիեն... » Խոսքը վերաբերում է իր եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին, որն այդ ժամանակ գտնվում էր Յակուռեցք (Գիորգիեւսկ) քաղաքում

 

15. ԷՋՄԻԱԾՆԻ ՍԻՆՈԴԻՆ, 1852 Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, ՔԻՇԻՆԵՎԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԿՊՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2311, էջ 12։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 42–43, ապա ԵԼԺ, IV, էջ 24–25։

 

1 8 5 3

16. ԷՋՄԻԱԾՆԻ ՍԻՆՈԴԻՆ, 1853 Թ. ՄԱՅԻՍԻ 24, ՔԻՇԻՆԵՎԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԿՊՊԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2311, էջ 17–18։ Առաջին անգամ տպագրվել է՝ Մատենադարանի «Գիտական նյութերի ժողովածու», 1941, N 1, էջ 198–200, ապա ԵԼԺ, IV, էջ 26–28

Էջ 33, տ. 8. « Յամի 1845 ի լինել ծայրագույն պատրիարգ կաթողիկոսի ի Նոր Նախիջեւան... » Խոսքը Ներսես Աշտարակեցու մասին է։

Էջ 36, տ. 21–22 « Ի սմին խնդրոյ զոր շարադրեցի եւ պարզագրեցի ես, –ստորագրեցի » Այս նախադասությունը գրված է համարակալված տողերի արանքներում՝ բառ առ բառ։

 

1 8 5 4

17. ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆԻՆ, 1854 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 9, ՄՈՍԿՎԱՑԻՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագրի լուսապատճենը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 5ա—II։ Առաջին անգամ տպագրվել է ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ. «Տեղեկագիր», 1954, N 7, վավ. 23, ապա Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու, էջ 59–60։ Առաջին տպագրության մեջ ամսաթիվը սխալմամբ տպագրված է «19 օգոստոսի», երկրորդ տպագրության մեջ ուղղված է` «9 օգոստոսի»:

Էջ 37, տ. 5. « յերեկիաւուր ընկալայ ի նորին բարձր սրբազնութենէ զապահովեալ նամակ... » Նկատի ունի 1854թ. հուլիսի 27–ին Քիշինեւից Մատթեոս Վեհապետյանի գրած նամակը Խաչատուր Լազարյանին, որտեղ նա դիմում էր Լազարյաններին եւ դարձյալ խնդրում Նալբանդյանին վերադարձնելու Ճեմարանում գտնվող նրա փաստաթղթերը, ինչպես նաեւ տալու վկայական ուսուցչական կոչման մեջ hաստատված լինելու մասին, քանի որ առանց դրանց նա զրկվում է համալսարան ընդունվելու հնարավորությունից (տե՛ս Վավերագրերի ժողովածու, էջ 56–59 եւ 347)։ 

Էջ 38, տ. 1–3. «.. եւ զառանձին վկայութիւն՝ յայնմ, թե կառավարիչ սենաթն հաստատեալ է զիս ի վարժապետական կոչման » Հարկատու անձանց ուսումնական մասում պաշտոնի մեջ հաստատելու եւ միաժամանակ գլխահարկից ազատելու համար անհրաժեշտ էր Սենատի թույլտվությունն ու հաստատումը։ 1853թ. նոյեմբերի 21–ին Լազարյան ճեմարանի գլխավոր կառավարիչ Ա. Ֆ. Օռլովը դիմել էր կառավարիչ Սենատին այդ հարցով եւ 1854թ. հունվարի 27–ին ստացել Սենատի՝ Միքայել Նալբանդյանին ուսումնական մասում ծառայության մեջ ընդունելու հաստատումը եւ մեշչանական դասից արձակվելու հրամանը: Նալբանդյանին համալսարանի բժշկական բաժին ընդունվելու համար իր մյուս փաստաթղթերի հետ միասին հույժ անհրաժեշտ էր նաեւ հիշյալ արձակման եւ հաստատման վկայականը

էջ 38. տ. 5–6. «... խնդրեալ էի ի բարձրապատիւ Եփրեմ վարդապետէ միջնորդել առաջի Ձերոյն գերազանցութեան » Նկատի ունի Պետերբուրգի հայկական հոգեւոր կառավարության անդամ Եփրեմ վարդապետ Ալթունյանին

 

18. ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻՆ, 1854 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2,

ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինքնագիրը պահվում է՝ МОГИА, Լազարյան ճեմարանի ֆ., գ. 645, 62–63 թերթ։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անտիպ երկեր», էջ 389, ապա ԵԼԺ, IV, էջ 29.

Այս դիմումի հիման վրա Նալբանդյանը հարցաքննության ենթարկվեց, որի ընթացքում հայտնվեց նրա գիտության անբավարար չափը: Համալսարանի խորհուրդը մերժեց նրա դիմումը եւ ետ տվեց նրան իր ներկայացրած փաստաթղթերը։

Ստորեւ բերում ենք Նալբանդյանի տված քննությունների արդյունքները եւ համալսարանական խորհրդի համապատասխան եզրակացությունը։

Михаил Налбандов                  Отказано

Pyccк. язык         2 (двa)            Փ. Буслаев

Математика       1 (eдиницa)    И. 3epнов

Физика                3 (три)            М. Спасский

Pycck. ист.           3 (три)            П. Кудрявцев

Bceoбщ. ист.      3 (три)            П. Кудрявцев

Латинск. язык    2 (два)            Ю. Фельнель

Франц. язык        2 (два)           A. Пако

Немецк. язык      2 (два)           Ю. Фельнель

[Նալբանդյանի ձեռքով՝] Документ обратно получил Михаил Налбандов (տե՛ս Անտիպ երկեր, էջ 389)։ 

 

19. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ, 1854 Թ., ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 87 ա II (237 թ)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անտիպ երկեր», էջ 390–391, ապա ԵԼԺ, IV, էջ 30–31։ 

Էջ 40, տ. 28–30. « Այժմ թէ բարեհաճեսցիք շնորհել ինձ զարձակուրդ ըստ օրինադրեալ կարգին, մեծ արարեալ ի վերա իմ զՁեր բարերարութիւնք » Չնայած անհաջող քննություններին հաջորդած մերժումին, համալսարանի տնօրենությունը, ամենայն հավանականությամբ, Լազարյանների միջնորդությունից հետո հնարավոր համարեց նրան ազատ ունկնդիրների շարքը ընդունել, պահանջելով արձակման թուղթ Լազարյան Ճեմարանից։ Լազարյանները հնարավոր համարեցին բավարարել Նալբանդյանի խնդրանքը ազատման թուղթ տալու վերաբերյալ, մակագրելով սույն դիմումի վրա։ 

(Մակագրություն) «По этому письму от Налбандова вытребовать старое» (տե՛ս «Անտիպ երկեր, էջ 390–391)։ 

Էջ 40, տ. 30–32. «... իսկոյն առանց ժամավաճառ լինելոյ ունիմ մատուցանել զայն ընդ այլ թղթոց եւ անցանիլ ի կարգս օրինաւոր ուսանողաց ». «Օրինաւոր ուսանողաց կարգն» անցնելու վերաբերյալ պաշտոնական վավերագրեր չեն պահպանվել։ Կան միայն Նալբանդյանի նամակների մեջ հիշատակված փաստեր համալսարանական պարապմունքների եւ քննությունների վերաբերյալ, ինչպես նաեւ իր ձեռքով նշված հասցեն՝ «Студенту Московского императорского университета Михаилу Лазаревичу Налбандову» (տէ՛ս «Անտիպ երկեր, էջ 392–397)։ 

 

1 8 5 5

20. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1855 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 10, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 30 (51) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 60–64, ապա ԵԼԺ, IV, էջ 32–34։ 

Էջ 42, տ. 4. «... շնորհավոր բակլա խորան տեյի... » Նախիջեւանում մեծ պասի երկուշաբթի օրը այցելություններ են արել միմյանց եւ շնորհավորել մեծ պասի սկիզբը, ասելով՝ «շնորհավոր բակլա խորան», այսինքն՝ բակլա ուտելու օրերը։ Քանի որ նամակը ստացվել էր երկուշաբթի օրը եւ լի էր հանդիմանական խոսքերով, ուրեմն շնորհավորանքի փոխարեն խոցել էր նրա սիրտը։

Էջ 43, ց. 19–20. «... բայց պրն. Իվան Խրիստոֆորովիչ Ալաճալովից կարող եք իմանալ » Ն. Նախիջեւանի վաճառական, որը առեւտրական գործերով հաճախակի լինում էր Մոսկվայում։ 

Էջ 44, տ. 23–24, «... եթէ մեղանչել եմ Ավտուշին այստեղ բերելովս... » –Նալբանդյանի Վարվառե քրոջ Ավետիք որդին

Էջ 44, տ. 27. «... ինձի սիմ սիմ մի ասեք, գրեցեք պարզ... » Ն. Նախիջեւանում, երբ մեկը խոսում է ակնարկներով, նրան ասում են. «Սիմ սիմ–Սիմավոն պետք չէ, Սիմավոն ասա՛ ու վերջացուր» 

Էջ 45, տ. 15. «... պարոն Գրիգոր Սալթիկովից եւ պարոն Մատթեոս Խաչատրյան Երեցփոխյանից »։ Գրիգոր Սալթիկյանը Նալբանդյանի մտերիմ ընկերներից էր, որի հետ միասին սովորել էր Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Այդ տարիներին զբաղվում էր առեւտրական գործունեությամբ եւ հաճախակի լինում Մոսկվայում: Մատթեոս Խաչատրյան Երեցփոխյանը եղել է Նոր Նախիջեւանի ս. Գեւորգ եկեղեցու երեցփոխը եւ այդ տարիներին սերտ հարաբերություններ է ունեցել Նալբանդյանի հետ:

էջ 45, տ. 30. « Խնդրում եմ ողջույնս հասուցանես պարոն Խատամովին: –Թեոդորոս Խադամյանը եղել է Ն. Նախիջեւանի սակավաթիվ կրթված մարդկանցից մեկը։ Ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանը, նա վերադարձել է հայրենիք եւ պաշտոնավարել տեղի «Հայկական Մագիստրատում»։ 

 

21. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՈՔՉԵՅԱՆԻՆ, 1855 Թ. ՄԱՅԻՍԻ 12, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինքնագիրը չի պահպանվել։ Պատճենը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 1–I (16)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Հանդես գրականական եւ պատմական», II գիրք, 1889, ապա ԵԼԺ, 1, էջ 21–23։ 

Նամակը հանդիսանում է Մ. Նալբանդյանի 1851–55 թթ. գրված բանաստեղծությունների տետրակի առաջաբան–ընծայականը՝ ուղղված Հարություն Գյոքչեյանին (մանրամասն այս մասին տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, 1979, էջ 420–422)։ 

էջ 48, տ. 28. «... հուսալով, որ ձեզ մոտ չէ կարող Սատուրնոսը մերձենալ եւ իմ գրածներովը յուր որկորը խճողել »: Ինչպես երեւում է այս տողերից, իր բանաստեղծությունների տետրակը Նալբանդյանը քհ. Գեոքչեյանին է հանձնել ապահովության համար, վախենալով, որ իր մոտ նրանք կարող են բռնագրավվել եւ ոչնչացվել։ Սատուրնոսը հին հռոմեական ցանքի եւ պտղաբերության աստվածն է, որին նույնացնում էին հունական Կռոնոսի եւ սեմական Մոլոքի հետ։ Նրանց պատվին մատուցում էին մարդկային զոհեր, մասնավորապես երեխաներ։

 

22. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1855 Թ. ՀՈՒԼԻՍԻ 11, ՄՈՍԿՎԱՑԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 31 (52) II. Առաջին անգամ լույս է տեսել՝ «Դիվան», էջ 56–58, ապա ԵԼԺ, IV, էջ 35 –36։

Էջ 49, տ. 5–6. «... ողջ եւ առողջ եմ, նույնպես Ավետիքը եւ Մարտին Մակարիչը... » Խոսքը վերաբերում է Նալբանդյանի Վարվառե քրոջ ամուսին Մարտիրոս Մյասնիկյանին, որը եկել էր Մոսկվա առեւտրական գործերով, ինչպես նաեւ իր որդուն՝ Ավետիքին տեսնելու համար։ 

Էջ 49, տ. 20–21, « ասոր մեկ խայիրլըսըն կա » եւ հանձնեցի աստծուն » Այսինքն՝ մի շահավետ, օգտակար բանը որ կա, չգնալն է (խայր–բարի)։ Ամենայն հավանականությամբ, Նալբանդյանը խուսափում էր հայրենի քաղաք վերադառնալուց, Խալիբյան–Հայրապետյան խմբակցությունների բորբոքված կռիվներին չմասնակցելու եւ իր հակառակորդների լարած որոգայթների մեջ չընկնելու նկատառումով, ինչպես այդ պատահեց Գաբրիել քհ. Պատկանյանի հետ:

Էջ 49, տ. 24. «... մի գիր գրել իմ օֆիցեր հայ Գեորգ Հովհաննիսյան Շահխաթունյանցի հետ » Խոսքը վերաբերում է շահրիարցի կալվածատեր Օհան–Սուլթան Շահխաթունյանի որդի Գեւորգին, որն այդ տարիներին ուսանում էր Մոսկվայում եւ մտերմացել էր Նալբանդյանի հետ։ Գեւորգ Շահխաթունյանը Աբովյանի գավառական դպրոցի սաներից էր:

Էջ 50, տ. 1. «... Ֆլորա յանզայիս » Խոսքը վերաբերում է Նալբանդյանի ավագ եղբոր՝ Գրիգորի կնոջը:

էջ 50, տ. 6. «... եւ Ռափայել Գավրիլիչին », Խոսքը վերաբերում է Գայանե քրոջ ամուսնուն, վաճառական Ռափայել Խաչատրյանին։ 

1 8 5 6

23. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1856 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 23, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 32 (53) II. Առաջին անգամ լույս է տեսել՝ «Դիվան», էջ 65–67, որոշ կրճատումներով, ապա ԵԼԺ, IV, էջ 37–38, լրացված։ 

էջ 51, տ. 6–7. «... Աստված տա, որ Տկաչովի ձեռքով բժշկություն ստանաս »։ –Խոսքը վերաբերում է ռոստովաբնակ բժիշկ Տկաչովին, որը մեծ համբավ ուներ Նոր Նախիջեւանում եւ հանդիսանում էր քաղաքացիներից շատերի տնային բժիշկը

էջ 51, տ. 8. «... երկրորդը՝ ծխելը թարաքը հանե » Ծխելը դիր դարակի վրա, այսինքն վերջ տուր։ 

էջ 51, տ. 10–11. «... եղբայր, ինչ որ սրբազանի մասին կգրիս նե, սուտ բան է –թշնամիի խոսք է... » Խաչատուր Լազարյանի աղջիկների «չհաս» պսակը թույլատրելու համար Մատթեոս Վեհապետյանի վրա զայրացած կաթողիկոս Ներսես Աշտարակեցին նրան Էջմիածին էր կանչել, սակայն վերջինս, ըստ երեւույթին, Լազարյանների ազդեցիկ դիրքին ապավինած՝ չենթարկվեց նրա հրամանին եւ մնաց Պետերբուրգում։ 

Էջ 52, տ. 3. « Ավետիք Խազեզովը եւս նորա մոտ է » Ավետիք Խազեզյանը Նալբանդյանի հետ միասին սովորել էր Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Զրկվելով Նալբանդյան քարտուղարի ծառայություններից, սրբազան Մատթեոս Վեհապետյանը փոխարինել էր նրան Խազեզյանով։

Էջ 52, տ. 5. « Այստեղ ամեն բերանից լսվում է խաղաղության մասին » Խոսքը վերաբերում է հաշտության բանակցություններին, որ այդ ժամանակ տեղի ունեին Ղրիմի պատերազմին մասնակցող կողմերի միջեւ

Էջ 52, տ. 7. « Չգիտեմ Մատվեյ Խրիստոֆորիչր այդտեղ է... » Խոսքը վերաբերում է Նոր Նախիջեւանի վաճառականներից մեկին, Մատթեոս Խաչատրյան Երեցփոխյանին։

 

24. ՍԻՄԵՈՆ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ, 1856 Թ. ՄԱՐՏԻ 21, ՄՈՍԿՎԱՑԻՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը չի պահպանվել։ Պատճենը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 82 (69) II։ Առաջին անգամ լույս է տեսել՝ Ե. Շահազիզ, Միքայել Ղազարյան Նալբանդյան, կենսագրություն 1897, էջ 58–60, ապա «Դիվան», էջ 68–72 եւ ԵԼԺ, IV, էջ 38–40։

էջ 53, տ. 2. «... մանավանդ, որ չուխոնները, մինչեւ անգամ... » Նալբանդյանը նկատի ունի ֆիններին:

էջ 53, տ. 5. «... որ մեզ եւս թույլտվություն լինի տերությունից տպել ամենայն ամիս հայկական օրագիր »: Ղրիմի պատերազմից (1853—1856) հետո, ռուսական առաջադիմական շարժման ազդեցության տակ, Ստ. Նազարյանն ու Նալբանդյանը հայկական ամսագիր հրատարակելու իրենց վաղուցվա ցանկությունն իրականացնելու ուղղությամբ սկսում են գործնական քայլեր անել

էջ 53, տ. 24. « Այս մասին խնդրի մեջ ասված է... » Խնդիրը, որի մասին խոսում է Նալբանդյանը, ներկայացված էր 1856 թ. մարտի 18–ին ազգային լուսավորության մինիստր Ա. Ս. Նորովին. այնտեղ գրված է. «Քանի որ նախատեսվելիք պարբերական հրատարակությունը պետք է լինի Մոսկվայում, իսկ մոսկովյան գրաքննչական ատյանում չկա հայերեն լեզվով գրաքննիչ, ապա համարձակվում եմ մատնացույց անել այստեղ Լազարյան ճեմարանում դասընթացն ավարտած նահանգային քարտուղար Եգոր Սուրենյանին, որը պատրաստակամություն է հայտնել առանց վարձատրության ընդունելու հայկական գրաքննիչի պարտականությունները, եթե ձերդ բարձր գերազանցությանը ցանկալի կլինի հաստատել նրան այդ կոչման մեջ (տե՛ս Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու, 1956, էջ 70)։ 

էջ 54, տ. 11–12. « Պարոն Նազարյանցը նույնպես, մի պրոֆեսոր Մուխլինսկիից խնդրել է, որ նա եւս աշխատի »: Նկատի ունի Պետերբուրգի համալսարանի արեւելյան բաժնի դեկան, արեւելագետ, պրոֆեսոր Անտոն Օսիպովիչ Մուխլինսկուն

 

25. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1856 Թ. ՄԱՐՏԻ 26, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 65 (58) 11. Առաջին անգամ լույս է ընծայվել «Դիվան», էջ 73–74, ապա ԵԼԺ, IV, էջ 40–41։ 

էջ 55, տ. 9. 38, 54, 76 Հիշյալ թվերը ինչ–որ իրավիճակ արտահայտող պայմանական թվեր են։ Պետք է ենթադրել, որ այդ թվանշաններով չափվում էին ոգելից խմիչքներից առաջացած տրամադրության եւ վիճակի չափը։ Այդ են հուշում դարձյալ Գրիգոր Սալթիկյանին 1857թ. հունիսի 1–ին գրած նամակի հետեւյալ խոսքերը. «Հիվանդությունից հետո մի լավ օրինավոր առողջության երես տեսած չեմ, որ քիչ մը կռատուսի ուժով բան տեսանեի. քո գնալեդ հետո կռատուսը մինչեւ 0 իջել է, փոխանակ որ ձմեռը բարձրանում էր մինչեւ 74 կամ ավելի, մանավանդ Պետերբուրգի քաֆեռեստորանումը »:

Էջ 55, տ. 18. «... հետո Պետերբուրգ գնացի » Նալբանդյանը Պետերբուրգում է եղել փետրվարի վերջերից մինչեւ մարտի 25–ը։

Էջ 33, տ. 24. « Պրն. Նազարյանցի նամակից իմացած կլինես նոր օրագրի մասին հետեւածներս... » Նկատի ունի լուսավորության մինիստր Նորովին «Հյուսիսափայլի» հրատարակության վերաբերյալ տրված դիմումը

էջ 56, տ. 6. « Շնորհավոր լինի խաղաղությունը » Նկատի ունի Ղրիմի պատերազմից հետո 1856թ. մարտի 18–ին կնքված փարիզյան խաղաղության պայմանագիրը։ 

 

26. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1856 Թ. ԱՊՐԻԼԻ 19, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 66 (59) II։ Առաջին անգամ լույս է տեսել՝ «Կենսագրություն», էջ 70–71, հետո «Դիվան», էջ 76–77, ապա ԵԼԺ, IV, էջ 41–42։ 

էջ 56, տ. 27. «... միայն այսքան իմացեք, որ դուք միաբանվելով շատ բան կարող եք առնել... » Ամենայն հավանականությամբ, Նալբանդյանը ակնարկում է հակախալիբյան կուսակցության գործունեությունը: Գրիգոր Սալթիկյանը այդ տարիներին հանդիսանում էր Հայրապետյան կուսակցության պարագլուխներից մեկը։

էջ 57, տ. 14. « Խնդրեմ մյուս անգամ գիր գրելու ժամանակ ինձ հայտնես, ի՞նչ եղավ մեր վարժապետի գործը... » Խոսքը վերաբերում է Գաբրիել քհ. Պատկանյանին, որը 1853թ. հուլիսի 6–ից ձերբակալված էր Խալիբյանի դեմ մահափորձ կազմակերպելու սուտ մեղադրանքով։ Թե՛ Սալթիկյանը, թե՛ Նալբանդյանը Գաբրիել Պատկանյանի դպրոցի աշակերտներից էին։

 

27. ՍԱՆԿՏ–ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳՐԱՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ, 1856 Թ. ՀՈՒՆԻՍԻ 19 ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը պահվում է՝ЦГИАЛ, ֆ. 777, ց. 2, պ. մ. N 89, էջ Առաջին անգամ տպագրվել է «Բանբեր Երեւանի համալսարանի», 1981 թ., N 2, էջ 105–106, որտեղից եւ արտատպվում է

Էջ 58, տ. 16–18. «... ներկայացնելու իմ աշխատությունը հայերեն լեզվով՝ «Էժեն Սյուի ստեղծագործության («Թափառական հրեա») ներածություն» խորագրով » –Հունիսի 19–ին Նալբանդյանը «Թափառական հրեայի» թարգմանության իր առաջաբանը ներկայացրել է գրաքննչական կոմիտե: Նույն թվականի հուլիսին հիշյալ առաջաբանը ուղարկվել է գրաքննիչ Բերոյանին: Հուլիսի 16–ին գրաքննիչ Բարոյանը Ս. Պետերբուրգի ուսումնական շրջանի կառավարիչ կոմս Գ. Ա. Շչերբակովին ուղղված գրության մեջ հայտնում է, որ «Հայերեն աշխարհաբար լեզվով գրված ձեռագիրը՝ Էժեն Սյուի աշխատության ներածականը Նալբանդյանցի թարգմանությամբ, որը Ձերդ պայծառափայլության կողմից ուղարկված էր ինձ քննարկման համար, կազմված էր երկու մասից. ա) նախաբանից, որտեղ թարգմանիչը չափազանց ազատ եւ անպատշաճ կերպով է խոսում այն աշխատասեր վենետիկյան վարդապետների մասին, որոնք հայտնի են իրենց անմահ աշխատություններով. բ) երկու առանձին հոդվածներից, որոնց մեջ նա ճիզվիտներին ցուցադրում է ամենամռայլ գույներով իրենց բոլոր արատներով, մանրամասն նկարագրում է ինկվիզիցիայի բոլոր չարագործությունները եւ շատ համարձակ կերպով անդրադառնում է Հռոմի պապին՝ նրա կրոնական մոլությունների կապակցությամբ: Անհնար համարելով նման աշխատության տպագրությունը եւ վերադարձնելով բուն ձեռագիրը, պատիվ ունեմ բացատրելու Ձերդ պայծառափայլության, որ թարգմանիչ Նալբանդյանցը կարող է ցենզուրա ներկայացնել «Թափառական հրեայի» միայն մաքուր թարգմանությունը՝ կրոնական նյութի վերաբերյալ առանց որեւէ դատողության»: Հուլիսի 24–ին ՍՊԲ ուսումնական շրջանի հոգաբարձուի օգնական իշխան Շչերբակովը գրություն է հղում գրաքննիչ Բերոյանին, խնդրելով նրան պարզաբանել այն տեղերը, որոնք անթույլատրելի են տպագրության համար, իսկ ամենախիստ արտահայտությունները ներկայացնել ռուսերեն թարգմանությամբ: Օգոստոսի 6–ին Բերոյանը գրաքննության կոմիտեին է ներկայացնում Շչերբակովի պահանջի համաձայն անթույլատրելի տեղերը եւ խիստ արտահայտությունների ռուսերեն թարգմանությունները։ Սեպտեմբերի 19–ին «Թափառական հրեայի» առաջաբանը ետ է վերադարձվում Մ. Նալբանդյանին կատարված նշումների համաձայն ուղղելու համար։

 

29. ԳՐԱՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ, 1856 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը պահվում է՝ ЦГИАЛ, ֆ. 177, ց. 2, պ. մ. N 89, էջ 15. Առաջին անգամ տպագրվել է՝ «Բանբեր Երեւանի համալսարանի», 1981, N 2, էջ 122, որտեղից եւ արտատպվում է:

Հոկտեմբերի 9–ին սույն դիմումը՝ ուղղված ձեռագրի հետ միասին, ուղարկվում է գրաքննիչ Բերոյանին, որը հոկտեմբերի 17–ին գրաքննչական կոմիտեին ուղղած իր գրության մեջ գրում է. «Քննարկելով երկրորդ անգամ գրաքննչական կոմիտե ներկայացված էժեն Սյուի ստեղծագործության («Թափառական հրեա») ներածության հայերեն ձեռագիրը, որ մանրազնին կերպով ուղղված է թարգմանիչ Նալբանդյանցի կողմից, ես գտա, որ այդ բոլոր ուղղումները համապատասխանում են գրաքննչական կոմիտեի ցուցումներին, ըստ իմ կողմից արված դիտողությունների, ուստի սույն ձեռագիրը, արդեն իր մեջ չպարունակելով գրաքննչական կանոնադրությանը հակասող ոչ մի բան, կարող է հավանություն ստանալ եւ թույլատրվել տպագրության, որի համար պատիվ ունեմ տեղեկացնել Ձերդ գերազանցությանը եւ դրա հետ միասին վերադարձնել ինչպես բուն ձեռագիրը, այնպես եւ Նալբանդյանի խնդրագիրը», Հոկտեմբերի 20–ին Նալբանդյանը ետ է ստանում ձեռագիրը՝ տպագրության թույլտվությամբ

 

1 8 5 7

29. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1857 Թ. ԱՊՐԻԼԻ 12, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 67 (61) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 79–80, ապա ԵԼԺ, IV, էջ 43։

Էջ 61, տ. 6. « Ֆեոդոր Միխայլիչից 200 մանեթ առածս » Նորնախիջեւանցի վաճառական։

Էջ 61, տ. 12. «... բայց դեռ բանի էսենցիալն չկա... » Խոսքը վերաբերում է ներքին գործերի նախարարությունից Մատթեոս Վեհապետյանի՝ վիճակը կառավարելու արտոնության ստացմանը։ 1850–ական թթ. կեսերին Մատթեոս Վեհապետյանը առանց Ներսես Աշտարակեցու համաձայնությունը ստանալու արտոնեց Լազարեւ քույրերի «չհաս» պսակը։ Ներսես Աշտարակեցին Էջմիածին կանչեց Մատթեոս առաջնորդին, որը, սակայն, ապավինելով Լազարյաններին, բժշկվելու պատրվակով մնաց Մոսկվայում, ապա Պետերբուրգում մինչեւ Ներսեսի մահվան տարին։ Ի պատասխան դրան, Ներսեսը պաշտոնազուրկ հայտարարեց «ապստամբ» եկեղեցականին։ Իր արտոնությունների հաստատման համար առաջնորդը բազմիցս դիմել էր ներքին գործերի մինիստր Լանսկոյին, եւ այդ գրագրություններից մեծ մասը կատարվել էր Նալբանդյանի ձեռքով:

էջ 61, տ. 14. «... Միխայիլ Մանուիլիչից կստանաս... » Նորնախիջեւանցի վաճառական։

Էջ 62, տ. 2. « Լեբեդեւան ավարտեց ուսումը, բայց բնակվում է դարձյալ շկոլայի մեջ... » Խոսքը վերաբերում է ապագայի նշանավոր ռուս պարուհի Պրոսկովյա Պրոխորովնա Լեբեդեւային, որի հետ, հավանորեն, ծանոթ էր Սալթիկյանը։

Էջ 62, տ. 5. « Բոգդանովան գնաց զագրանից » Խոսքը վերաբերում է Մոսկվայի Մեծ թատրոնի հայտնի պարուհի Նադեժդա Կոնստանտինովնա Բոգդանովային (1836–1897), որի շուրջը այդ տարիներին մեծ ռեկլամ էր արվում նույնիսկ արտասահմանում

Էջ 62, տ. 5–6. « Բոզիոն գնաց. Լոդդի տի լա Սանտան եւս գնաց » Նալբանդյանը խոսում է իտալական թատրոնի հայտնի երգչուհիներ Անժելիկա Բոզիոյի եւ Լոդդի դե լա Սանտայի մասին, որոնք հանդես էին գալիս հատկապես Վերդիի եւ Ռոսսինիի օպերաներում եւ մեծ համբավ էին վայելում Ռուսաստանում: Պետք է ենթադրել, որ Սալթիկյանը հետաքրքրվում էր թատերական կյանքով, եւ Նալբանդյանը նրան հաղորդում էր այդ աշխարհում եղած նորությունները։

 

30. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1857 Թ. ՄԱՅԻՍԻ 29, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 68 (60) II. Առաջին անգամ որոշ կրճատումներով տպագրվել է՝ «Կենսագրություն», էջ 67–68, ապա «Դիվան», էջ 81–82, այնուհետեւ ԵԼԺ, IV, էջ 44–45։ 

Էջ 62, տ. 21. «... որ գիտե աստված տիվ ու գիշեր սրբազանի մոտ... » Խոսքը վերաբերում է Մատթեոս Վեհապետյանի մոտ կատարած քարտուղարի պարտականություններին։ 

Էջ 62, տ. 23. «... հետո Ժիտի տպագրությունը. ամեն թերթ պիտո է երեք անգամ սրբագրել » Մ. Նալբանդյանը ԷԺեն Սյուի «Թափառական hրեան» թարգմանել էր ռուսերեն թարգմանությունից («Странствующий жид»), Նալբանդյանի այդ թարգմանությունը լույս է տեսել Մոսկվայում, 1858 թ. եւ արժանացել Ստեփանոս Նազարյանի դրական գնահատականին (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, N 10)։ Այստեղ նա նկատի ունի «Թափառական հրեայի» առաջին հատորի թարգմանության տպագրությունը։ Հետագա նամակներում Նալբանդյանը դժգոհություն էր հայտնում գործի դանդաղ ընթացքի համար, որովհետեւ գրաշարները հայեր չէին: Մի քանի անգամ սրբագրելուց հետո էլ, այնուամենայնիվ, զգալի թվով վրիպակներ են մնում գրքում։ Գրքի վերջին էջում, վրիպակների ցանկից հետո, Նալբանդյանը հարկ է համարել դնել հետեւյալ ծանոթությունը. «Թարգմանչի բազմադիմի պարապմունքը եւ գրաշարների օտարազգությունը պատճառ են դարձած այս անկարգությանը։ Պատվելի ընթերցողներից խնդրվում է ներողություն. այսպիսի սխալատպությունք, թեեւ ոչ այսքան շատ, երեւում են եւ «Թափառական հրեայի» մեջ, բայց որովհետեւ դոքա այնպիսի բաներ չեն, որ խանգարեին բանի ընթացքը, այս պատճառով ավելորդ համարվեցավ նշանակել, հուսալով, որ ընթերցողքը կարող են ուղիղ կարդալ» (գրքում նշված են միայն առաջաբանի վրիպակները)։ 

Էջ 63, տ. 15. «... Բերբերովի ձեռքով անպատճառ կստանաս » Խոսքը վերաբերում է բժշկության ուսանող, նորնախիջեւանցի Հովհաննես Բերբերյանին (1838–1917), որի հետ սերտ մտերմություն ուներ Նալբանդյանը։ Ուսանել է նախ Լազարյան ճեմարանում եւ ապա Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է «Հյուսիսափայլին» Կարամզինի «Бедная Лиза»–ի թարգմանությամբ, ինչպես նաեւ կազմել է «Աշխարհաբար այբբենարան» դասագիրքը: Մտերմական հարաբերությունները Նալբանդյանի հետ շարունակվեցին մինչեւ վերջ։ Վերջինիս բանտարկության շրջանում այցելում էր նրան։ Թաղման ժամանակ հանդես է եկել դամբանական ճառով, որի համար ենթարկվել է հարցաքննության եւ խուզարկումների:

 

31. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1857 Թ. ՀՈՒՆԻՍԻ 1, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 69 (60) II. Առաջին անգամ տպագրվել է «Կենսագրություն», էջ 62– 64, ապա «Դիվան», էջ 83–86 եւ ԵԼԺ, IV, էջ 45–47։

Էջ 63, տ. 31. «... որ մեր օրագրի թույլտվությունը դուրս եկած լինելով, հրատարակում ենք այժմ հայտարարությունքը » «Հյուսիսափայլի» հրատարակությունը թույլատրվում է 1857թ. մարտի 17–ին: Նույն թվականի մայիսի 10–ին գրաքննությունը թույլատրում է տպագրել «Հյուսիսափայլի» հայտարարությունը ամսագրի ծրագրի եւ բաժանորդագրության պայմանների մասին, իսկ մայիսի 30–ին այն լույս է տեսնում Մոսկվայում

Էջ 64, տ. 2. « Ռուսկի վեստնիկ » Գրական–քաղաքական ամսագիր, որ 1856թ. լույս էր տեսնում Մոսկվայում Կատկովի խմբագրությամբ։ 

էջ 64, տ. 31. «... եթե դու չլինեիր մեծահոգությունովդ հանձնառու դորա տպագրությանը » Նալբանդյանը նկատի ունի Գրիգոր Սալթիկյանի նյութական աջակցությունը «Թափառական հրեայի» տպագրության գործին:

էջ 65, տ. 1. « Ուղարկում եմ Քռիլովի առակը. խրիստոմատիային վերջին տիպը դեռ չէ դուրս եկել » Պետք է ենթադրել, որ Նալբանդյանը այստեղ խոսում է Հովհաննես Բերբերյանի «Այբբենարան Հայոց լեզվի նոր ոճով» դասագրքի մասին, որը այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի տպարանում տպագրության ընթացքի մեջ (տե՛ս «Թափառական հրեա, գործ Եիժեն Սյու ֆրանսիացու», աշխատությամբ Մ. Նալբանդյանց, Մոսկվա, 1858, գրքի վերջում բերված է տպագրական մամուլի տակ գտնված գործերի ցանկը)։ Կռիլովի առակը, ամենայն հավանականությամբ, դրված է ընթերցանության քրեստոմատիայի բաժնում։

էջ 66, տ. 8. « պուռուս » պուռուս բժշկական տերմինը նշանակում է զուտ, մաքուր, մաքրագույն։ Պետք է ենթադրել, որ այդպիսի անվանում ուներ իրենց ընկերությունը

 

32. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1857 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ լույս է տեսել «Խորհրդային գրականություն», 1935, N 2, էջ 144–145, ապա ԵԼԺ, IV, էջ 53–54։ Առաջին հրապարակման տարեթիվը ԵԼԺ–ում սխալմամբ փոխված է 1858–ի: Հիմք է ընդունված պատճենը ( ԳԱԹ, ՄՆՖ, 8–12 II (54): Այս եւ Կարապետ Հայրապետյանին ուղղված մյուս չորս նամակները (1858 մարտի 27, սեպտեմբերի 1, նոյեմբերի 27, դեկտեմբերի 19) արտագրված են մի տետրի մեջ ոմն Մարիամ Սրմաքեշյանի ձեռքով եւ պաhվում են նույն համարի տակ։

էջ 66, տ. 18. «... որի զորությունով պիտի ստացվեր Կամենշիքյանից 650 մանեթ, ստացա » Խոսքը վերաբերում է «Հյուսիսափայլի» բաժանորդագրության գումարի ստացմանը, որը Հայրապետյանը ուղարկել էր նորնախիջեւանցի Մոսկվաբնակ վաճառական Աստվածատուր Կամենշիքյանի ձեռքով

էջ 67, տ. 5–6. « Ձեզ հայտնել էի մասնավորապես, որ շարադրել էի մի գիրք «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով » Այս գրքի մասին մանրամասն տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, էջ 447–450։ 

Էջ 67, տ. 12. «... ինչպես Նազարյանցի հանդեսը տպվեցավ տպագրությամբ նվիրաբերաց... » Խոսքը վերաբերում է Ստեփանոս Նազարյանի 1857թ. Մոսկվայում հրատարակած «Հանդես նոր հայախոսության» առաջին հատորին, որի տպագրության համար դրամ էին հատուցել 24 հոգի, այդ թվում նաեւ Կարապետ Հայրապետյանը։ Նոր Նախիջեւանից մասնակցել էին եւս 8 քաղաքացիներ (տե՛ս «Հանդես նոր հայախոսության», 1857, Մոսկվա, հ. 1, էջ ղ)։ 

 

1 8 5 8

33. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1858 Թ. ՄԱՐՏԻ 27, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել։ Տպագրվում է պատճենից՝ ԳԱԹ, ՄՆՖ, 8–12 II (54)։ Առաջին անգամ լույս է ընծայվել՝ «Խորհրդային գրականություն», 1935, N 2, 143–144, ապա ԵԼԺ, IV, էջ 48–49։ Առաջին տպագրության մեջ թվագրված է 1857, որը, ըստ երեւույթին, արտագրողի վրիպումն է։ Ճշտված է ԵԼԺ, IV, ըստ նամակի բովանդակության։ 

Էջ 68, տ. 10. «... սպասում էի ձեզանից իմ նամակի պատասխանին, որ գրել էի դեռեւս անցյալ տարումը... » Տե՛ս սույն հատորի 32 նամակը (1857 թ. նոյեմբերի 7)։ 

էջ 68, տ. 13–14. « Օրագրի առաջին ամսատետրակը ստացաք... » «Հյուսիսափայլի» առաջին համարի գրաքննչական թույլտվությունը եղել է 1858թ. փետրվարի 17–ին, իսկ այն լույս է ընծայվել նույն թվականի մարտի 1–ին։ 

Էջ 69, տ. 4–6. « Եվ ես պարծենում եմ նորանով, որ այդ տպարանը եւ օրագիրը պարտական է յուր գոյությամբ իմ քաղաքացոց եւ գլխավորապես ձեզ » Նոր Նախիջեւանի մեջ «Հյուսիսափայլի» գործակալ էր կարգված Կարապետ Հայրապետյանը, իսկ նրա հրատարակության առաջին տարում բաժանորդների ամենամեծ քանակությունը տվել էր  Նոր Նախիջեւանը՝ 58 հոգի, Մոսկվան՝ 33, Պետերբուրգը՝ 11, Հաշտարխանը՝ 35, Թիֆլիսը՝ 55, Հին Նախիջեւանը՝ 3, Երեւանը՝ 4, Ագուլիսը՝ 7, Շամախին՝ 12 եւ այլն:

էջ 69, տ. 19. « Նազարյանցի հանդեսի Բ հատորը ավարտված է » Խոսքը վերաբերում է «Հանդես նոր հայախոսության» II հատորին: Չնայած գրքի տիտղոսաթերթին գրված է 1857թ., բայց տպագրությունը լիովին ավարտվել է 1858թ. ։ 1858 թ. մարտին, «Հյուսիսափայլի» N 1 իր «Կրիտիկա. Հանդես նոր հայախոսության» հոդվածի մեջ Նալբանդյանը գրում է. «Մեր խոսքը գերապատիվ Նազարյանցի առաջին հատորի վերա է, որ անցյալ 1857թ. Մոսկվայի մեջ տպվեցավ եւ որի երկրորդ հատորը շատ շուտով հրատարակվելու է նույնպես ազգի մեջ»:

էջ 69, տ. 20. «... շուտով կտպվի Պավլոս եւ Վիրգինիան » Ֆրանսիացի վիպագիր Բեռնարդեն դը Սան–Պիեռի վեպը, որ Նազարյանի թարգմանությամբ լույս ընծայվեց 1858թ.: 

էջ 69, տ. 22. «... իմ մյուս աշխատությունը » Խոսքը վերաբերում է «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակին։

Էջ 70, տ. 8–9. «... գրել եմ այս փոշտով եւ խնդրել եմ պ Սաղաթել Դավթյան Քայալյանից »։ Խոսքը վերաբերում է նորնախիջեւանցի վաճառական, Հայրապետյան կուսակցությանը հարող Սաղաթել Դավթի Քայալյանին։ 

Էջ 70, տ. 11–12. «... մինչեւ այս րոպես դեռ Մոսկվա չեն եկած Սիբիրից. ո՛չ ձեր եղբայրը եւ ո՛չ Հակոբ Մատթեւոսյանը » Նկատի ունի վաճառականներ Մկրտիչ Հայրապետյանին եւ Հակոբ Խըլտճյանին, որոնք զբաղվում էին Սիբիրից Նոր Նախիջեւան հալած յուղի փոխադրումով ու վաճառքով:

Էջ 70, տ. 14. « Տեր Մովսեսը ստացավ ավագ քահանայություն » Խոսքը վերաբերում է Մոսկվայի հայկական եկեղեցու քահանա ղզլարցի Մովսես Ալամխանյանին, որը պաշտոնավարում էր այնտեղ 1841թ. ։ Ներսես Աշտարակեցու հակառակորդներից էր եւ ընդհակառակը՝ Վեհապետյանի, Նազարյանի եւ Նալբանդյանի բարեկամը։ 

էջ 70, տ. 15—16. « Չգիտեմ, թե կաթողիկոսի մասին ո՞վ ձեզանից ընտրվեցավ դեպուտատ » Ներսես Աշտարակեցու մահվանից հետո, որը տեղի էր ունեցել 1857թ. փետրվարի 13–ին, 1858թ. մայիսի 17–ին կայանալու էր հաջորդ կաթողիկոսի ընտրությունը։ 

 

34. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1858 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, ՄՈՍԿՎԱՅԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 70 (61) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Կենսագրություն», էջ 61–62, ապա «Դիվան», էջ 87–88 եւ ԵԼԺ, IV, էջ 50–51։

էջ 70, տ. 31. «... խնդրում եմ ներողություն «Թափառական հրեայի» ճակատին գրած երկու տող բանիս համար... » «Թափառական հրեայի» տպագրության գործին  ցույց տրված դրամական օգնության համար, իբրեւ երախտագիտության արտահայտություն, Նալբանդյանը ցանկացել էր իր աշխատությունը նվիրաբերել Գրիգոր Սալթիկյանին, սակայն վերջինս հրաժարվել էր («Քո առաքինությունը գերազանցեց, քան թե իմ երախտագիտությունը»)։ Այդ է ապացուցում նաեւ արդեն Գրիգոր Սալթիկյանին ձոնված «Մինին խոսք, մյուսին հարսն» գրքի ընծայականի հետեւյալ խոսքերը. «... մեր  ազգի բուն եւ ստույգ օգուտը, վաղուց ահա պարտականություն էր դրել իմ վերա հրապարակով հայտնելու քեզ իմ շնորհակալությունը»։ «Թափառական հրեան» ձոնված է Ստեփանոս Նազարյանին:

Էջ 71, տ. 7–8. «... դարձուր առանձին ուշադրություն, մանավանդ 7 եւ 8 համարներին 8–ի մեջ շատ սաստիկ խառնված են մեր թշնամիների աղբաթը եւ այսուհետեւ եւս պիտի խառնվի »։ «Հյուսիսափայլի» 1858թ. N 7–ի «Հիշատակարանում» Գիրսաս անվան տակ ծաղրված է Նալբանդյանի հակառակորդներից՝ Սարգիս եպիսկոպոս Ջալալյանը։ Ակնարկված է նաեւ, որ վերջինս թունավորել է Ներսես Աշտարակեցուն. «Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով, այդ մարդը մի շարժական գահ է սատանայի եւ բոլոր դժոխքի զորության. նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով... » («Հյուս., 1858, N 7, էջ 85)։ Այդ մերկացումների մասին Սարգիս Ջալալյանը հետագայում, 1867 թ. հունիսի 6–ին, Կովկասի փոխարքայի գլխավոր վարչության պետին ուղղված իր զեկուցագրում գրում է. «Մի կողմից տեսնելով, որ անհնարին է վարկաբեկել ինձ ժողովրդի աչքում, մյուս կողմից նկատելով հասարակության մեջ պատվավոր տեղ գրավող անձանց նվիրվածությունը եւ կառավարության հատուկ ուշադրությունը դեպի ինձ, նրանք զայրացան եւ վախենալով, որ այդ լավ նշանների  ազդեցության տակ ես միշտ էլ ի վիճակի կլինեմ հակազդել նրանց դիտավորություններին, նրանք վերջապես վճռեցին ամենաանխիղճ արարքը գործել՝ ինձ բարոյապես սպանելու նպատակով եւ դրանով ստիպելու ինձ հեռանալ ասպարեզից եւ թողնել դպրոցը նրանց կամայականությանը. լուր տարածեցին, որ կառավարության հրամանով ես ձեռք եմ բարձրացրել Ներսեսի կյանքի վրա, եւ առաջինը այդ լուրը հանդգնել է մամուլին հանձնել նույն Նալբանդյանը, այդ ժամանակ Մոսկվայում հրատարակվող «Հյուսիսափայլ» ամսագրում, բայց վախենալով արդարադատության հետապնդումներից, տեղափոխել է իմ անվան առաջին տառերը եւ Սարգսի փոխարեն գրել է «Գիրսաս», ըստ որում մասնավոր նամակներով ամենուրեք լուր է տվել, որ այդ հոդվածը ինձ է վերաբերում» (ԳԱԹ, ՄՆՖ, N 616/198)

«Հյուսիսափայլի» նույն տարվա N 8–ի «Հիշատակարանը» ամբողջությամբ նվիրված է Նոր Նախիջեւանի հասարակական կյանքին, ժողովրդի տնտեսական եւ կուլտուրական կարիքներին, նրա պատմությանը, նրա մեջ բուն դրած խռովությանը եւ տգիտությանը։ Արված է եվրոպական ձեւով ուսումնարան հիմնելու եւ Հնդկաստանում դրա համար Մասեհ Բաբաջանի կտակած գումարը ստանալու առաջարկություն: Նալբանդյանը իրեն հատուկ սուր լեզվով քննադատում է իր հակառակորդներին, որոնց «Անձնասիրությունը, փառասիրությունը եւ խավարասիրությունը մեծ էր, քան թե նոցա հայությունը եւ ազգասիրությունը... » Հայտնի է եւ այն, որ ստությունը ինչպես եղած է միշտ եւ կա այժմուս աշխարհիս երեսին, պիտո է շատ հետեւողներ ունենար, քան թե կարող էր ճշմարտությունը գտնել, որովհետեւ ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դորանով հաճոյանալ մարդերին եւ մի անցավոր եւ ունայն փառք ճարել, իսկ ճշմարտությունը չունի այդ նյութական նախամեծարությունքը, նա մի վերին եւ գերամեծար առաքինություն է, նորա ճանապարհը նեղ է եւ փշոտ, նորա դրոշակը կրողի վերա արձակում են, մանավանդ ստության խավարատեսիլ զինվորքը, յուրյանց նետերը եւ քարերը» (159–160)։ Նալբանդյանն իր խոստումին հավատարիմ, թե «մեր թշնամիների աղբաթը (մաղձը) այսուհետեւ եւս պիտի խառնվի», «Հյուսիսափայլի» նույն տարվա N 9 ում ավելի եռանդով շարունակում է իր մերկացումները. «Այդ խավարատեսիլ գիշերի զավակները, կամելով վնասել ճշմարտության հրապարակական քարոզիչներին, գայթակղության որոգայթները լարեցին ազգին... Ցնծացեք, սուտ ազգասերք, օբսկուրանտներ, եզվիտներ եւ Մաքիավելու հոգով խմորված պարոններ, կատաղեցեք եւ փրփրացեք, եւ ձեր պարսավները, որ գրում եք, որքան առանց լոգիկայի գրեք, այնքան փառք ու պատիվ ձեզ, բայց ագահություն մի՛ արեք այդ պատվի մեջ, մի փոքր բաժին տվեցեք նորանից եւ ձեր միականի նախագահներին.. Նոքա եւս թող մասնակից լինին այդ հերոստրատոսյան պարծանքին, որովհետեւ մասնակից էին ձեր գործին, եւ դուք աշխատում էիք, ամրացնելով ձեր ոտքերը նոցա ձյունապատ ուսերի վրա» (147–148)

Էջ 71, տ. 17. « Դեռեւս նոր կաթողիկոսի հաստատությունը չկա » Խոսքը վերաբերում է Պոլսի պատրիարք Մատթեոս Չուխաջյանին, որը Ներսես Աշտարակեցուց հետո ընտրվել էր ամենայն հայոց կաթողիկոս: Նրա հաստատումը եղավ հաջորդ՝ 1859 թվականին

Էջ 71, տ. 18. «... ձայն կա, որ Լանսկոյն պիտի փոխվի եւ նորա տեղը. ասում են, որ պիտի կարգվի Ռոստովցեւը » Խոսքը վերաբերում է ներքին գործերի մինիստր Սերգեյ Ստեպանովիչ Լանսկոյին (1855–1861) եւ այդ ժամանակաշրջանում ճորտերի ազատագրման ծրագրերի ուսումնասիրման կոմիտեի անդամ Յակով Իվանովիչ Ռոստովցեւին։ Լանսկոյը իր մինիստրական պաշտոնը թողեց միայն 1861թ., իսկ Ռոստովցեւը վախճանվեց 1860թ. ։ 

էջ 71, տ. 19. « Վարժապետի գործի մասին... » Խոսքը վերաբերում է Գաբրիել Պատկանյանին։ 

էջ 71, տ. 31. « Մսերը հունվարից կամի «Ճռաքաղը» իբրեւ օրագիր տպել ամիսը 4 թերթ » «Ճռաքաղ» ամսագիր, որ հրատարակվում էր Մոսկվայում Մսեր Մսերյանի եւ Զարմայր Մսերյանի խմբագրությամբ (1858–1862)։ Մսերյանի այդ ցանկությունը՝ տպել ամիսը չորս թերթ՝ չիրականացավ։ 1859 թ. հունվարից այն նույն ձեւով լույս էր տեսնում երկու ութածալ թերթի ծավալով

էջ 71, տ. 34. « Այս օրերս մեր օրագիրը մի–երկու խոսք խոսելու է «Մասյաց Աղավնու» վերա » «Մասյաց աղավնի» ամսագիր, որ 1855–1858թթ. լույս էր տեսնում Փարիզում Գաբրիել Այվազովսկու, Ամբրոսիոս եւ Խորեն Գալֆայանների խմբագրությամբ, իսկ 1859–1865թթ. ՝ Թեոդոսիայում։ Նալբանդյանի խոստացած հոդվածը «Հյուսիսափայլում» լույս չտեսավ։

էջ 72, տ. 4. « Գայիանէ Նիկոլաեւնայի սիրով ողջույնը եւս մոռացած չեմ »: Խոսքը վերաբերում է Գրիգոր Սալթիկյանի կնոջը, որն այդ շրջանում տառապում էր ինչ–որ ծանր հիվանդությամբ

Էջ 72, տ. 8. « Պետրոս Նիկողոսյանի նշանածներդ իմացա » Խոսքը վերաբերում է Գրիգոր Սալթիկյանի կնոջ խորթ եղբորը՝ Պետրոս Խումաջյանին։

Էջ 72, տ. 14. « Բերբերովը ողջունում է ձեզ » Խոսքը վերաբերում է Հովհաննես Բերբերյանին։ 

 

35. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1858 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, ՄՈՍԿՎԱՅԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ լույս է տեսել՝ «Խորհրդային գրականություն», 1935, N 2, էջ 145–146, ապա ԵԼԺ, IV, էջ 51–52: Տպագրվում է պատճենից։

էջ 72, տ. 19. «... որ հասել էր Ձեր պատվականության ձեռքը իմ աշխատությունը » Նկատի ունի «Թափառական հրեան»։ 

էջ 73, տ. 3–4. « Խնդրեմ առանձին ուշադրությամբ կարդաք 7 եւ 8 համարների «Հիշատակարանքը ». Տե՛ս 34 նամակի էջ 71, տ․ 5–8 ծանոթագրությունը։ 

Էջ 73, տ. 6—7. « 8–րդ համարը սարը թամըզին տպվելով... » Մաքուր դեղինով (թուրք. ), այսինքն՝ ամեն ինչ տեղը տեղին

էջ 73, տ. 8. «... վասն որո արժան է պ. Սախավյանի ուշադրությունը դարձնել այս բանի վերա եւս կըսկսե յուր գործակատարությունը » Պետրոս Դանիելի Սախավյանը 1856թ. ապրիլին ստեղծված հանձնաժողովի 6 անդամներից մեկն էր, որը քննելով քաղաքագլուխ Հարություն Խալիբյանի հաշիվները, պարտավորեցրին նրան վճարել եկեղեցուն 150, 000 ռուբլի եւ այս պահանջը ապահովելու համար, օրենքի հիման վրա փականք դրին Խալիբյանի անշարժ գույքի վրա: Նալբանդյանը հույս ուներ, որ նոր կաթողիկոսի օրոք հնարավոր կլինի վերսկսել հանձնաժողովի գործունեությունը եւ պատասխանատվության կանչել Խալիբյանին: Հանձնաժողովի անդամներն էին՝ Կարապետ Հայրապետյանը, Դանիել Գարագաշը, Գրիգոր Սալթիկյանը, Պետրոս Սախավյանը, Հակոբ Հալաջյանը, Հովհան Կողբեթլյանը

էջ 73, տ. 15–16. « Իհարկե կարդացած կլինեք Մխիթարյանց մասին գրածս, նոյեմբ. տետրակի մեջ կկարդաք վերջը եւ կտեսնեք բանի զորությունը »։ Նկատի ունի իր «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» հոդվածաշարը, որ տպագրվել էր «Հյուսիսափայլ», 1858, N 5, էջ 399–416, N 6, էջ 456–485, N 11, էջ 416–427: Չնայած նամակում եղած «կկարդաք վերջը» հավաստիությանը եւ հոդվածի վերջում գրված «Շարունակությունը հետագա տետրակներում» նախադասությանը, Նալբանդյանը այլեւս չի անդրադարձել իր այս հոդվածին եւ ինչպես ծրագրել էր սկզբում, Մխիթարյանների գործունեությանը նվիրված շարքը ավարտել է N 11–ում։ Հոդվածը վերջանում է հետեւյալ նախադասությամբ. «Կնքենք այս գլուխը եզրափակելով, թե Մխիթարյանց մատենագրական գործունեությունը ունի երկու շարժառիթ, ինչպես ասել ենք, եւ այդ շարժառիթքը անմիջական հետեւանք են Մխիթարյանց ճիզվիթությանը»։ 

էջ 73, տ. 30. « Մեղուն» հոգեվարք է եւ Թիֆլիզում լավ խայտառակվել է » Խոսքը «Մեղու Հայաստանի» լրագրի մասին է (1858–1886), որը մինչեւ 1863 թ. լույս էր  տեսնում Ստեփանոս Մանդինյանի խմբագրությամբ։ «Հյուսիսափայլի» եւ «Մեղու Հայաստանիի» գաղափարական պայքարի մասին տե՛ս ԵԼԺ, հ. 1, էջ 527–529։ 

էջ 73, տ. 31. «... նույնպես նորա պաշտպանը Սարգիսը » Նկատի ունի Սարգիս եպիսկոպոս Ջալալյանին (1810—1879), հետագայում արքեպիսկոպոս Նալբանդյանի կատաղի հակառակորդներից մեկը։ Խալիբյան–Ներսիսյան խմբակցության՝ Նալբանդյանի դեմ վարած հալածանքին սկսեց մասնակցել 1851 թվականից, երբ Ներսես կաթողիկոսի կողմից նշանակված լինելով որպես լիազոր–քննիչ, գնացել էր Քիշինեւ եւ Նոր Նախիջեւան։ 

Էջ 73, տ. 32–33. «... դորան կարող են ստորագրվել միայն մեր թշնամիքը » «Հյուսիսափայլի» եւ «Ճռաքաղի» գաղափարական պայքարի մասին տե՛ս, ԵԼԺ, հ. 1, էջ 534–536

 

36. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ, 1858 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, ՄՈՍԿՎԱՅԻՑ ԱՍՏՐԱԽԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ լույս է տեսել՝ «Հորիզոն», 1916, N 72, ապա ԵԼԺ, IV, էջ 53։ Տպագրվում է լուսապատճենից։ Հասցեատերը հավանական ենք համարել Մատթեոս Վեհապետյանին՝ ելնելով նամակի բովանդակությունից (Վեհապետյանն այդ ժամանակ Աստրախանի թեմի առաջնորդն էր)։

 

37. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1858 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, ՄՈՍԿՎԱՅԻՑ  ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է՝ «Խորհրդային գրականություն», 1935, N 2, էջ 146–148, ապա ԵԼԺ, IV, էջ 55–56։ Տպագրվում է պատճենից։ 

Էջ 75, տ. 6–7. «... կարծեմ, որ հասանի ձեզ եւ «Հյուսիսափայլի» 11 N–ը. այնտեղ կտեսնեք իմ մին նամակը առ հրատարակողը... » «Հյուսիսափայլի» 1858թ. N 11–ում տպագրվեց Նալբանդյանի «Նամակ առ հրատարակողը» (էջ 428–438), որով Խալիբյանը մերկացվում էր որպես հասարակական մեծաքանակ գումարներ կողոպտող եւ Այվազովսկին՝ իբրեւ նրա գործակիցն այդ կողոպուտի մեջ։ Մերկացվում էր նաեւ Ներսես Աշտարակեցին, որպես Խալիբյանի եւ Այվազովսկու հովանավոր: Մեծ էր այդ նամակի հասարակական արձագանքը։ Գաբրիել Այվազովսկին «Հյուսիսափայլի» N 11–ի դեմ ներքին գործերի մինիստր Ս. Ս. Լանսկոյին մի լրտեսագիր ուղարկեց, առաջարկելով փակել ամսագիրը, իսկ Նալբանդյանին պատժել «օրենքի ողջ խստությամբ» (ԵԼԺ, II, էջ 428–429)։ 

էջ 75, տ. 8–11. « Այսքան Ձեզ հայտնի լինի, որ գեր[ապատիվ] Այվազովսկին հայտնի թշնամի է մեր օրագրին, գանգատել է Լազարյանց մեր վերա. եւ սոքա մի անտեղի նամակով սպառնանք գրում են մեզ... » 1858թ. սեպտեմբերի 2–ին Լազարյաններին ուղղված իր նամակի մեջ Գաբրիել Այվազովսկին գրել է. «Օգտագործելով հարմար առիթը, ես ինձ թույլ եմ տալիս դիմելու Ձերդ գերազանցությանը, որպես Լազարյան ճեմարանի հոգաբարձուի եւ խոնարհաբար խնդրելու, որ Դուք հասկացնել տաք մոսկովյան «Հյուսիսափայլ» ամսագրի պարոն խմբագրին այն անբարեմության եւ ընդհանրապես մեր հոգեւոր դասի դեմ եղող տրամադրությունների մասին, որոնցով լի են նրա հրատարակության որոշ հատվածներ եւ խնդրել նրան, ապագայում տեղ չտալ իր ամսագրի մեջ նման անպատշաճ հոդվածների: Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ գնալու «Հյուսիսափայլ» ամսագրի դեմ օրինական ճանապարհով, դարձնելով ներքին գործերի պարոն մինիստրի ուշադրությունը անբարեմիտ հոդվածների վրա» (տե՛ս «Վավերագրերի ժողովածու», էջ 86–87)։ Այվազովսկու սույն նամակին 1858թ. նոյեմբերի 11–ին Խաչատուր Լազարյանը գրում է հետեւյալ պատասխանը. «Ձեր կարծիքը մոսկովյան «Հյուսիսափայլ» ամսագրի խմբագրի մասին արդարամիտ է եւ հիմնավորված: Իմ գրության մեջ ես անհապաղ պաշտոնապես հայտնել եմ պ. խմբագիր պրոֆեսոր Նազարյանցին այն մասին, որ նա ձեռնպահ մնա եւ դադարեցնի մեր հոգեւորականների մասին անվայել, վիրավորական հոդվածների հրապարակումը, ինչպես նաեւ այն անձնավորությունների վերաբերյալ, որոնք աշխատում են Լազարյան ճեմարանում, ինչպիսիք են պ. Մսուրը եւ պ. Էմինը, որովհետեւ հրատարակիչը եւ նրա վնասակար աշխատակիցը թշնամական հարաբերությունների մեջ են նրանց հետ։ Հայտնի է, որ պ. Նազարյանցը կրթված է եւ օժտված ընդունակություններով, սակայն զրկված է ողջախոհությունից, կռվարար է եւ համառ։ Հենց որ նրանից պատասխան ստանամ, անմիջապես տեղյակ կպահեմ Ձեզ... » (տե՛ս «Վավերագրերի ժողովածու», էջ 87–88)։

էջ 76. տ. 28. « Եթե այս 1859 թվականում եւս Նախիջեւանի մեջ այնքան լինեն մեր ստորագրողքը, որքան այս տարի էր, բանը խինդ կլինի... » –1858թ. «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվը հասավ 296–ի

Էջ 77, տ. 3. «... երեկի երեկոյին եկավ Սավել Դավիդիչը » Խոսքը վերաբերում է Սաղաթել Քայալյանին։

 

38. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1858 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, ՄՈՍԿՎԱՅԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Տպագրվում է պատճենից։ Առաջին անգամ լույս է տեսել՝ «Խորհրդային գրականություն», 1935, N 2, էջ 148–149, ապա ԵԼԺ, IV, էջ 57–58։ 

էջ 77, տ. 23. «... վերադարձյալ Գաբրիել վարդապետ Այվազովսկին » Ակնարկում է Գաբրիել վարդապետ Այվազովսկու «դարձը» կաթոլիկությունից լուսավորչական դավանության

էջ 77. տ. 24. « Առ նախարարն ազգային լուսավորության... » Այդ ժամանակ լուսավորության մինիստրն էր Ի. Դ. Դելիանովը (1818—1897)։

Էջ 78, տ. 24. «... Լազարյանք, որպես թշնամի ազգային լուսավորության կխափանեին... » Լազարյանների վերաբերմունքը Նալբանդյանի գրական–հասարակական գործունեության նկատմամբ խիստ բացասական էր. այդ վերաբերմունքը որոշակի ձեւակերպվեց «Հյուսիսափայլի» հրատարակության հենց սկզբից: Ի դեմս Նալբանդյանի, նրանք տեսան ո՛չ միայն Ներսես Աշտարակեցու եւ Խալիբյանի, այլեւ առհասարակ կղերաաղայական դասի, հետեւապես եւ իրենց սկզբունքային եւ լուրջ հակառակորդին։ Այդ է պատճառը, որ Խաչատուր Լազարյանը 1858թ. վերջերին գրած մի նամակում ցավ է  հայտնում, որ ինքն ու իր եղբայրը սխալվել են՝ լսելով Մատթեոս արքեպիսկոպոս Վեհապետյանի հորդորները՝ «վնասակար» Նալբանդյանին ազատել են Ներսես Աշտարակեցու հալածանքներից («Անտիպ երկեր», էջ 329—330)։ 

էջ 79, տ. 1. «... մինչդեռ այդ բանը չի երեւիլ «Մասյաց աղավնու մեջ »։ Հնդկական կտակների մասին «Մասյաց աղավնին» գրեց բավական ուշացումով։ 1861թ. հուլիս–օգոստոսի համարներում, երբ Նալբանդյանն արդեն գտնվում էր Կալկաթայում եւ հաջողությամբ վարում էր կտակների գործը։ Այվազովսկու այդ հոդվածը մի թույլ եւ ուշացած փորձ էր հերքելու, որ ինքը բնավ նպատակ չի ունեցել խանգարելու «ումեւիցե»՝ հնդկական կտակները ձեռք բերելու գործում։

 

1 8 5 9

39. ՍԱԴԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻՆ, 1859 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է՝ «Անտիպ երկեր», էջ 716, որտեղից եւ արտատպվում է

Էջ 80, տ. 4. « Ահա ուղարկում եմ Ձեզ տեր Մովսեսի ինձ գրած նամակը » Տեր Մովսես Ալամխանյանի գրությունը Նալբանդյանին հետեւյալն է՝ «Իմ հատուկ բարեկամ Միխայիլ Լազրիչ: Ձեր խաղաղասեր հոգվո համաձայն, գործո մասին խոսեցա նորա հետ, ասաց որ՝ առանց համաձայնության (նաչալնիցայի) չեմ կարող խոստանալ․ վաղը կատարյալ կարեմ իմաց առնել Ձեզ, եւ հուսամ գլուխ տանել այդ չնչին գործումն հարգելով զմիջնորդություն պատվելի անձանց․ ոչինչ անպատվություն չի առաջանա։ Մնամ բարեկամիտ Մ. Ա. Ք. Ալամխանյանց. 7 փետրվարի 1859»։ (Տե՛ս «Անտիպ երկեր», էջ 716 )

 

40. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1859 Թ. ՄԱՐՏԻ 16, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 72 (63) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Կենսագրություն», էջ 77–78, ապա «Դիվան», էջ 90 —93, ԵԼԺ, IV, էջ 59–60։

էջ 80, տ. 16. «... մինչդեռ Մոսկվա էին դեռեւս պ. Ալեքսանովն եւ պ. Պոպովն » –Խոսքը վերաբերում է նորնախիջեւանցի վաճառականներ Էմմանուել Մինասի Պոպովին եւ Հակոբ Ալեքսանովին, որոնք Նալբանդյանի համակիրներից էին

Էջ 81, տ. 1–2. «... ես Սադայից փոխ առի... » Նկատի ունի շամախեցի վաճառական Սադա Դավթյան Ալեքսանդրյանին, որը «Հյուսիսափայլի» ջերմ պաշտպաններից էր։

Էջ 81, տ. 14. «... Պետր Նիկոլաեւիչի նամակը ստացա... » Խոսքը վերաբերում է վաճառական Խոմաջյանին

Էջ 81, տ. 20–21. « Ես դուրս կերթամ Մոսկվայից դեպի Վարշավ » Նալբանդյանը Մոսկվայից դուրս է եկել 1859թ. մարտի 24–ին եւ Վարշավա հասել ամսի 31–ին, ինչպես պարզվում է նույն օրը Վարշավայից Գրիգոր Սալթիկյանին գրած նամակից։ 

Էջ 81, տ. 23. « Լազարյանք քո նամակը եւ մյուս բանը իսկույն ուղարկել են Այվազ[ին]... » Երվանդ Շահազիզը «Դիվանում» hիշյալ տողերին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Լազարյանք ուղարկել են Գաբրիել վարդապետ Այվազյանին Գրիգոր Սալթիկյանի նամակը եւ նրա մի առանձին թուղթը, որ պարունակում էր յուր  մեջ նրա առանձին կարծիքը Նախիջեւանի գործերի մասին: Այդ կարծիքը, անկասկած Սալթիկյանի բերանից գրել էր ինքը Նալբանդյանը եւ մի օրինակ էլ ուղարկել կոմս Սիվերսին (էջ 93)։

Էջ 81, տ. 29. « Վառվինսկին տեսավ իստորիա հիվանդությանը » Խոսքը վերաբերում է Սալթիկյանի կնոջ՝ Գայանե Նիկոլաեւնայի հիվանդությանը

Էջ 81, տ. 32. «Заочно лечить невозможно, пусть посоветуются с местными врачами » «Հեռակա կարգով բուժել անհնար է, թող խորհրդակցեն տեղացի բժիշկների հետ։ 

էջ 82, տ. 16–17. «... կստանաք չորրորդը՝ կտակներով հանդերձ... » Նկատի ունի Մասեհ Բաբաջանյանի կտակը, որ «Ազգային ժառանգությունք» հոդվածի հետ միասին  տպագրվեց «Հյուսիսափայլի» 1859թ. N 5–ում (էջ 379–404), եւ ո՛չ N 4–ում, ինչպես նախատեսել էր Նալբանդյանը: Նախքան այդ, հնդկական կտակների հարցը, թեեւ հարեւանցիորեն, Նալբանդյանը արծարծել էր «Հիշատակարանում» («Հյուսիսափայլ», 1858, N 8, էջ 163), Նոր Նախիջեւանում դպրոց հիմնելու առնչությամբ։ 

 

41. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1859 Թ. ՄԱՐՏԻ 31, ՎԱՐՇԱՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 73 (63) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Կենսագրություն», ապա «Դիվան», էջ 94–96, ԵԼԺ, IV, 61–62։ 

էջ 83, տ. 7. «... կարդացած կլինիք «Մեղուի» 10 համարի իմ նամակիս պատասխանը, որ գրել է պ. Բալասանյանցը... » Խոսքը Ստեփանոս Պալասանյանի մասին է որ «Մեղու Հայաստանիի» 1859թ. N 10–ում հանդես է եկել «Պ․ Նալբանդյանցի նամակին վերա դիտողությունք» հոդվածով, որով պաշտպանության տակ էր առնում Խալիբյանին (Նալբանդյանի «Նամակ առ հրատարակողը», տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, N 11, էջ 428–438): Հոդվածագիրն անհրաժեշտ համարելով պատասխանել «ազնվական ու պատկառելի անձանց անվանը նախատինք բերող «զրուցվածքներուն», ակնհայտորեն ցույց է տալիս իր՝ Խալիբյան–Այվազովսկի բուրժուա–կղերական խմբակցությանը պատկանելը

էջ 83, տ. 9. «... որ հարկ մերժողությունը գրեմ (опровержение) եւ ուղարկեմ «Հյուսիսափայլին» ես նոցա ցույց կտամ յուրյանց հոր հարսանիքը... » Մ. Նալբանդյանը պատասխանել է Ստ. Պալասանյանի հոդվածին, որը, սակայն, չի տպագրվել։ Այս հոդվածի մասին հիշատակում է Ստ. Նազարյանը իր` 1859թ. մայիսի 11–ին Աբել Մխիթարյանին գրած նամակում. «... Մի շատ գեղեցիկ պատասխանատվություն պ. Նալբանդյանի գրչից եւ կոչումից ընդդեմ Պալասանյանին այս օրերումս հետ դարձուց ինձ ցենզուրյան կոմիտետը, պահանջելով, որ ռուսերեն թարգմանած դորան ուղարկեն նորան. ըստ որում այլապես կարող չէր ցենզուրյան կոմիտետը վճռել գրչագրի տպագրությունը... Նալբանդյանի գրվածը լինելով մի մեծապարունակ ճառ, համարյա թե հինգ թերթ, անկարելի էր ինձ ձեռնամուխ լինել այդ գործի ռուսերեն թարգմանությանը.. Հեղինակը լինելով այժմուս Թեմզի վերա Լոնդոնումը, հետ ուղարկեցի նորան յուր գրվածը, խնդրելով տպել նորան Արեւմուտք օրագրի մեջ, որ Փարիզումը հրատարակվում է պ. Ոսկանյանի ձեռքով» (Ստ. Նազարյան, Նամականի, 1969, էջ 207)։  Նալբանդյանի հիշյալ պատասխանը Արեւմուտքում չի տպագրվել, եւ նրա ճակատագիրը մեզ անհայտ է:

Էջ 83, տ. 16. «... ուղարկիր պ. Նազարյանցին, նա «Արեւմուտքի» հրատարակողի ձեռքով ինձ կհասուցանե » Խոսքը հրապարակախոս Ստեփան Ոսկանի մասին է, որ այդ ժամանակ Փարիզում հրատարակում էր «Արեւմուտք» կիսամսյա հանդեսը (1859– 1863)։ 

Էջ 83, տ. 26. « Սահակին հանձնել եմ... » Խոսքը վերաբերում է նորնախիջեւանցի վաճառական Մանուկ Ալաջալյանի որդուն, որը բժշկություն էր ուսանում Մոսկվայում

Էջ 83, տ. 29. «... թող պ. Շամիլը յուր Խալիլ Նայիբին մին հոգոց ասե »։ «Հյու սիսափայլում» 1859–ի N 2–ում տպագրված «Հիշատակարանում» Շամիլ եւ Խալիլ Նայիբ անունների տակ Նալբանդյանը նկատի է ունեցել Գաբրիել Այվազովսկուն եւ Խալիբյանին

 

42. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1859 Թ. ԱՊՐԻԼԻ 23/5 ՄԱՅԻՍԻ. ՓԱՐԻԶԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 74 (62) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 97–98, ապա ԵԼԺ, IV, էջ 62–63: Նամակի աջակողմյան վերին անկյունը պատռված է եւ որոշ բառեր մնում են բաց։ 

Էջ 84, տ. 19. « Այվազը այս կողմերը խայտառակված է եւ «Արեւմուտք, անուն օրագիրը սաստիկ խայտառակում է նորան »: Նալբանդյանը նկատի ունի «Արեւմուտքի 1859 թ. NN 4, 5, 6–ում Ստ. Ոսկանի հոդվածները Գաբրիել Այվազովսկու դեմ, հատկապես N 6–ի «Հավելված» խորագրով հոդվածի մերկացումները։ 

  «Երեսուն տարի սուրբ Ղազարու վանքին մեջ մոլորիլ. հոն ամենեն հետադեմ կարծիքներու արձագանք ըլլալ, անկե ելնել սատանությամբ Բարիզ գալ, հայր Սարգիսը պաշտոնեն գլորելու աշխատիլ, եւ այս միտքով զրպարտության մ՚առջեւ չընկրկիլ. երբեմն ազատությունը շոյել, երբեմն բռնության ոտքը իյնալ. օր մը Հռոմայի սյուներուն փարիլ, ուրիշ օր մը դեպի Էջմիածին հակիլ եւ օրմն ալ Լուտերի կարծիքներուն հարիլ, գիշեր մը Կալիքան ննջել, առավոտյան հիսուսյան զարթնուլ. գաղտնի. հռոմեականությունը բամբասել, բազմության մեջ հերձամիտները ծաղրել, փառասիրութենէն շարժված՝ ուխտ մը ոտքի տակ առնուլ, երեք մայրաքաղաքի մեջ հռոմեական ժողովուրդը գայթակղել, տանիքներու վրա՝ «մինչեւ ի մահ կաթոլիկ պիտի մնամ» ըսել եւ Արթին պեյին պաշտպանությունը խնդրել... Քիչ մը ոսկիի խոշյունը լսել եւ «օրհնյալ է աստված» ըսելով երեք անգամ իր ավազանը ուրանալ։ Հայու վեղարը դնել եւ երկրորդ օրը աշխատիլ կաթողիկոս ըլլալ եւ լուսավորչին հաջորդիլ. այս մտոք անանկ մարդերու դիմել, զօրս քանի մը օր առաջ պախարակելեն չէր հագեր։ Օսմանյան դեսպանատունեն ելնել, Թեոդոսիա երթալ եւ տեսնելով, որ կաթողիկոսության անհնար է հասնիլ, կայսեր բարեկամներու օգնությամբ Բեսարաբիայի առաջնորդը վար նետել եւ անոր տեղը անցնել Հայաստանյայց եկեղեցվո բոլոր օրենքներու դեմ, եւ այս կերպով սովորեցնել օտարին, որ իշխանություն ունի ուզած մարդը առաջնորդ կարգել մեր թշվառ ազգին կրոնական իշխանությունը հիմնաջինջ կործանել եւ փառավորվիլ ազգին առջեւ... 

Ահա Գ. Այվազովսկիին կրոնասիրությունը, ահա ճշմարիտ կրոնավորին շավիղը, ուրկե դուրս փրկություն չկա... » («Արեւմուտք», 1859, N 6, մարտի 15, էջ 45)։ 

Էջ 84, տ. 27. «... ես հույս ունիմ, որ դուք բոլոր մեր ճշմարտասեր եւ ազնվամիտ հայրենակիցք ինձ օգնական եւ ձեռնտու կլինիք, եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլը» նորից ուրիշ տեղ... վերանորոգելու... » Ամենայն հավանականությամբ Նալբանդյանի 1859թ. արտասահմանյան ուղեւորության հիմնական նպատակը «Հյուսիսափայլի» արգելվելու դեպքում արտասահման փոխադրելու հարցը կարգավորելն էր։ «Հյուսիսափայլը փակելու վտանգը Այվազովսկու լրտեսագրերի հետեւանքով խիստ սպառնալից էր դարձել։ 

Նալբանդյանի այդ մտադրությունը, ինչպես հայտնի է, չիրագործվեց

 

43. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1859 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ հատվածաբար տպագրվել է՝ «Կենսագրություն», էջ 89–21, ապա լրիվ՝ «Վտակ», 1901, էջ 215–217, այնուհետեւ «Դիվան», էջ 103–106, ԵԼԺ, IV, էջ 63–65։ Պատճենը պատվում է՝ ԳԱԹ. ՄՆՖ, 75 (64) II, մեկ այլ պատճեն, թերի՝ 77 (65) II, եւս մեկ պատճեն՝ 81 (72) II:

Էջ 86, տ. 13. « Այժմ գնում եմ Պետերբուրգ կանդիդատի քննություն տալու » Նալբանդյանը կանդիդատական քննություն տվեց 1860 թ. մայիսին Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետում, միաժամանակ իբրեւ գիտական շարադրություն ներկայացնելով «Об изучении армянского языка в Европе и научном значении армянской литературы» հոդվածը «Հայոց լեզվի ուսումնասիրությունը Եվրոպայում եւ Հայ գրականության գիտական նշանակության մասին», տե՛ս ԵԼԺ, II, 330–337): Նույն թվականի հունիսի 7–ին Պետերբուրգի համալսարանը, նկատի ունենալով քննության հաջող արդյունքները, ինչպես նաեւ ներկայացված գիտական շարադրության մասին ռեցենզենտ Մ. Բերոյանի դրական գնահատականը, Նալբանդյանին տալիս է արեւելյան լեզուների կանդիդատի գիտական աստիճան։ 

էջ 86, տ. 28. «... ինչ որ օտար աշխարհից բերած՝ տվել էի «Հյուսիսափայլին», պիտի տպվի հոկտեմբերի տետրակի մեջ... » «Հյուսիսափայլի» 1859 թ. հոկտեմբերի ամսատետրակում (N 10) լույս տեսան Նալբանդյանի երկու նամակը՝ Ծատուր Պողոսյանց եւ Մարտիրոս Սառաֆյանց ստորագրություններով (տե՛ս սույն հրատարակություն, հ. 11, էջ 363 —377)։ 

Էջ 86, տ. 29. «... եւ այնուհետեւ բարյավ մնա հայոց ազգը » Հակառակ այս հուսահատական որոշման, ինչպես եւ՝ հակառակ այն տարաձայնություններին ու բախումներին, որ գոյություն ունեին Նալբանդյանի եւ Նազարյանի միջեւ, այնուամենայնիվ Նալբանդյանը հետագայում եւս շարունակում էր աշխատակցել «Հյուսիսափայլին»: Պետերբուրգից նա «Հյուսիսափայլին» է ուղարկել իր «Հիշատակարանի» վերջին գլուխները (1860, NN 5, 6), Ի դեպ, պատասխանելով բոլոր նրանց, ովքեր չարախնդում էին նրա՝ «Հյուսիսափայլից» հեռանալու առթիվ, նա «Հիշատակարանում» գրում է. «Մեք միշտ «Հյուսիսափայլի» հետ ենք եղել եւ կմնանք, «Հյուսիսափայլի» դավանությունը  է եւ մեր սրտի խոստովանությունը: Եվ եթե պատահի մեզ. ո՛վ գիտե, ճանապարհորդությամբ կամ այլ զանազան, մեզանից չկախված պատճառներով ավելի երկար լուռ մնալ, այնուամենայնիվ անբաժան ենք « Հյուսիսափայլից... (սույն հրատ., Հ. III, էջ 221)։ «Հյուսիսափայլի» հետեւյալ համարում (1860, N 7) Նալբանդյանը հրատարակում է «Մանկության օրեր» բանաստեղծությունը, ապա արտասահմանից ուղարկում «Հոմեական նամակ» հոդվածը («Հյուսիսափայլ, 1861, N 10), «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը («Հյուսիսափայլ», 1861, N 11), «Հայտարարություն» («Հյուսիսափայլ», 1862, N 5)։ 

1861 թ. հունիսի 26–ի . տ. հուլիսի 8–ի) նամակում Նալբանդյանը խնդրում է Ա. Սուլթանշահին գեթ մի հատ ազատամիտ բան թարգմանել» «Հյուսիսափայլի» համար, շեշտելով, որ «ինչեւիցե այդ օրագիրը մեր թախըմի օրգանն է, եւ իր չգրելը բացատրում հետեւյալ կերպ. «Ամենեւին ձեռնհաս չեմ «Հյուսիսափայլի» համար աշխատելու. եղանակը, դատաստանական զբաղմունքը, պանդխտության դժնդակ ծանրությունը խլում են ինձանից իմ վերջին հնարները»։ 

Հետագայում բանտից նա «Հյուսիսափայլի» համար գրում է «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան», «Ազգային թշվառությունը», Սվաճյանին նվիրված «Ուղերձը» եւ ամսագրի պաշտպանությանը նվիրված «Մի քանի խոսք թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնավարության մասին» հոդվածը։ 

1865 թ. մայիսին Հայաստանի քարտեզի տպագրության առթիվ գրած նամակը եւ հայտարարությունը նա հարկադրված տալիս է «Մեղու Հայաստանիին», որովհետեւ «մեր «Հյուսիսափայլը» լռած է»։

 

44. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ, 1859 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 76 (62) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Կենսագրություն», էջ 85–86, ապա «Դիվան», էջ 99–102, ԵԼԺ, IV, էջ 65–66։ 

էջ 89, տ. 4. «... որ Փարիզի Ակադեմիայի մեջ ավարտեմ իմ գիտություն ուսանելու ընթացքը » Փարիզի Ակադեմիայում սովորելու ցանկությունը չի իրագործվել։

էջ 89, տ. 18. «... ըստ որում Ստռոգոնովը, ինչպես գրել է, հավաքում է ծանոթությունք » Խոսքը վերաբերում է Նովորոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ–նահանգապետ Ալեքսանդր Գրիգորեւիչ Ստռոգոնովին (1795 —1891)

էջ 89, տ, 21. « Հարկ կլինի կայսեր խնդիրք տալ, ուրիշ դուռը չկա, ինչպես հարցուցի իրավագետ եւ զորեղ մարդերից »։ Նկատի ունի Նոր Նախիջեւանի հասարակության հարուցած խնդիրը՝ Ռոստովից անկախ ոստիկանություն ունենալու մասին (տե՛ս «Դիվան», էջ 103)։

 

35. ԼՈՒՍԵՂԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1860 Թ. ՄԱՐՏԻ 30, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 33 (50) II: Առաջին անգամ լույս է տեսել «Դիվան», էջ 118, ապա ԵԼԺ, IV, էջ 67

 

46. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՅԱՆԻՆ, 1860 Թ., ԱՊՐԻԼԻ 10,

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անտիպ երկեր», էջ 27–28, ապա ԵԼԺ 11, էջ 328–329. Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել վերջին տպագրությունը։ 

 

47. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ, 1860 Թ. ԱՊՐԻԼԻ 20, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա», 1920, N 18, ապա «Դիվան», էջ 119, ԵԼԺ, IV, էջ 67–68, որտեղից եւ արտատպվում է:

Էջ 92, թ. 21. « Ինձ պ. Հովհաննես Պատկանյանցը հանձնել էր 100 հատ պատկեր մեր վեհափառ կաթողիկոսի... » Խոսքը վերաբերում է Ռափայել Պատկանյանի ավագ եղբայր, նկարիչ Հովհաննեսին, որը նկարել էր կաթողիկոս Մատթեոս Չուխաճյանի լիտոգրաֆիական դիմանկարը։ Ներկայումս այդ դիմանկարը պահվում է Երեւանի կերպարվեստի թանգարանում։ 

 

48. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1860 Թ. ԱՊՐԻԼԻ 30, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ԻՖքնագիրը պահվում Է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 13 (157) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Լույս» շաբաթաթերթ, Նոր Նախիջեւան, 1914, NN 23, 24, ապա «Դիվան», էջ 122–130, ԵԼԺ, IV, էջ 68–73, ուղղումներով։ 

էջ 93, տ. 12. «... Ձեր խորհուրդները եւ որոշմունքը Հնդկաստանի ազգային ժառանգության մասին » Նկատի ունի XVIII դարի վերջին մի քանի հնդկահայ վաճառականների՝ Նոր Նախիջեւանի անունով թողած կտակները։ Այդ կտակների հարցը «Հյուսիսափայլում» արծարծողը եղավ Նալբանդյանն ինքը («Հյուսիսափայլ», 1859, N 5, էջ 379—404)։ «Ազգային ժառանգությունք» հոդվածում Նալբանդյանն անհետաձգելի խնդիր էր համարում ձեռք բերել տասնամյակների ընթացքում կուտակված գումարները եւ դրանք օգտագործել առաջին հերթին Նոր Նախիջեւանում մի բարեկարգ դպրոց հիմնելու համար. «... Հիմնելու մի այնպիսի բարեկարգ դպրոց, որ առաջինը լիներ եւ տասն տարու մեջ ամենայն հայ մարդ պարծանքով եւ զմայլանքով դարձուցաներ յուր աչքը այդ դպրոցի վերա։ Մի այդպիսի ազգային աշխարհական բարեկարգ դպրոց, նախ եւ առաջ կլիներ մի լուսավորության առողջ ծննդարան մեր ազգին. երկրորդ, Նախիջեւանի փառք եւ պարծանք, իսկ բարեգործ ազգասեր հանգուցյալ կտակավանդներին անմահ հիշատակի արձան»։ 

էջ 94, տ. 2. « Ես «Հյուսիսափայլի» մեջ գրել էի... » Նկատի ունի «Ազգային ժառանգությունք» հոդվածը («Հյուսիսափայլ», 1859, N 5, էջ 383)

էջ 87, թ. 9. «... մեք օրինակ ունինք հ. Սարգիս Թեոդորյանի ինն տարի այնտեղ մեռելկոխ լինելը, մինչեւ կարողացավ Մուրադյան արծաթագլուխը կորզել եւ տանել ձգել Մխիթարյանց ձեռքը »։ Խոսքը վարղապետ Սարգիս Թեոդորյանի մասին է, որի միջոցով ձեռք բերվեց Վենետիկի Մխիթարյան վանքին հնդկահայ վաճառական Սամուել Մուրատի կտակած գումարները, որոնցով հետագայում հիմնվեց Մուրատյան վարժարանը։ 

 

49. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ, 1860 Թ. ՄԱՅԻՍԻ 1, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՄՈՍԿՎԱ 

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ լույս է տեսել «Հայաստանի կոոպերացիա», 1920, N 18, ապա «Դիվան», էջ 119–120, ԵԼԺ, IV, էջ 74։ 

Էջ 101, տ. 24. ... որ Օրոգինեսը 3 դարում Նկատի ունի աստվածաբան եւ փիլիսոփա Օրիգինես Ալեքսանդրիացուն (185–254), որի բազմաթիվ աստվածաբանական աշխատություններից հայտնի է Աստվածաշնչի համահավաք տեքստը, այսպես կոչված հեկզապլը ։ 

Էջ 101, տ. 20. «... գրում եմ մի հոդված, քննելով մեր Աստվածաշունչի թերությունքը »: Արդեն օրակարգի առաջնահերթ հարց դարձած հնդկահայ կտակների գործը, ամենայն հավանականությամբ, Նալբանդյանին հնարավորություն չտվեց ավարտելու իր հոդվածը։ Այդ խնդիրը Նալբանդյանին զբաղեցրել է նաեւ բանտում։ 

 

50. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՅԱՆԻՆ, 1860 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7,

ԷՋՄԻԱԾՆԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 61 (88) II. Առաջին անգամ տպագրվել է «Դիվան», էջ 130–131, ապա ԵԼԺ, IV, էջ 75–76։ 

էջ 102, տ. 22—30. «... արգոյ պատգամաւորք վաւերական թղթով իւրեանց կացուցին զնուաստութիւնս երեսփոխան առ ի պաշտպանել զիրաւունս ազգին անտեսեալ ի Գաբրիէլ վարդապետէ Այվազովսքւոյ »: Նալբանդյանը Էջմիածին էր եկել թե՛ հնդկական կտակների գործով՝ 1860թ. հուլիսի 15–ին Նոր Նախիջեւանի հասարակական ժողովում ընտրված լինելով լիազոր ներկայացուցիչ (երեսփոխան), եւ թե՛ տարիներ շարունակ Խալիբյանի ձեռքում գտնվող եկեղեցական գումարների խնդրով, դարձյալ ընտրված լի նելով իբրեւ լիազոր ներկայացուցիչ: Այդ խնդրի առթիվ կողմերի միջեւ (Հայրապետյան եւ Խալիբյան) հօգուտ Խալիբյանի՝ Գաբրիել Այվազովսկու կայացրած հաշտությունը համարելով ապօրինի, հանձնաժողովը լիազորում է Նալբանդյանին Էջմիածնում զբաղվելու նաեւ եկեղեցական գումարների խնդրով (հանձնաժողովի գրությունը տե՛ս «Դիվան», էջ 133–134)։

 

51. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1860 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, ԷՋՄԻԱԾՆԻՑ  ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 14 (187) 1I: Առաջին անգամ տպագրվել է ԵԼԺ, IV, էջ 76—77։ Նամակի վրա Հայրապետյանի ձեռքով գրված է «ընկալայ ի 5 նոյեմբերի 1860 ամի»։ 

էջ 103, տ. 27–28. « կաթողիկոսն ամ. հայոց տէր Մատթէոս հաճեցաւ այսօր հաստատել զթուղթ երեսփոխանութեան իմ եւ արգոյ Աջեմեանցի... » Հարություն Աճեմյանը, որ Նոր Նախիջեւանի հասարակական ժողովի կողմից, 1860թ. հուլիսի 15–ին Նալբանդյանի հետ միասին ընտրվել էր որպես երեսփոխան, մի կիսագրագետ եւ շահամոլ վաճառական էր, ինչպես համոզիչ կերպով ցույց են տալիս նրա ինքնագիր նամակները (ԳԱԹ, ՄՆՖ, N 123 (187)։ Պարզ է, որ Նալբանդյանին չէր կարող հաճելի լինել նման մեկի ընկերակցությունը, որը ոչ միայն իրեն չէր կարող օգնել, այլեւ ըստ ամենայնի պիտի խանգարեր: Հավանորեն այս հանգամանքը նկատի ունենալով, Հայրապետյանը համաձայնել է, որ Նալբանդյանը մենակ ճանապարհորդի, առանց սպասելու վաճառականական գործերով Նոր Նախիջեւանից բացակայող Հարություն Աճեմյանին։

էջ 104, տ. 26. «... նորին վեհափառութիւնն ընդ փոյթ գրելոց է զառանձին զթուղթ առ պայծառափայլ փոխարքայն Կովկասու... » Մատթեոս կաթողիկոսի՝ Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկուն ուղղած գրության ռուսերեն բնագրի հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Նալբանդյանը եւ ստորագրել, այնինչ ռուսերենը գրված է այլ ձեռագրով եւ տարակուսանքի տեղիք է տալիս, թե դա եւս Նալբանդյանի գրածն է, ինչպես կարծում է Երվանդ Շահազիզբ («Դիվան», էջ 148)։ 

 

52. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, 1860 Թ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, ԷՋՄԻԱԾՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 15 (81) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 135––141. 2 ապա ԵԼԺ, IV, էջ 70–81։

էջ 106, տ. 9. « Ի վերա հիման երեսփոխանական գրութեան Ձերոյ... » Տե՛ս N 50 նամակի էջ 102, տ. 22–30 ծանոթագրությունը։ 

Էջ 109, տ. 15. «... պատրաստեալ էի զթուղթ մի յանուն վեհափառ կաթողիկոսին, ութն պարբերութեամբ, զորոյ զպատճէն վաղ ուրեմն հասուցեալ կամ աո Ձեզ... » Նկատի ունի սեպտեմբերի 7–ին, Մատթեոս կաթողիկոսին ուղղած իր «Հայտարարությունը», որտեղ ներկայացնելով Խալիբյանի յուրացրած գումարների գործը վարելու համար Նոր Նախիջեւանի հասարակության՝ իրեն տված հավատարմագիրը, պաշտոնական գրությամբ հայտնում է վեհափառին, որ պատրաստ է թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր պարզաբանել գործը՝ հանուն ազգի իրավունքների պաշտպանության (տե՛ս N 50 նամակը)։

Էջ 110, տ. 8. «... ի վերա լերանց կատարել առաւել քան զ700 վերստ, որ է ճանապարհ աւուրց իբր տասնից կամ աւելի եւս »։ Նկատի ունի իր անցնելիք ճանապարհը Էջմիածնից մինչեւ Թիֆլիս եւ այնտեղից Փոթի։ Թիֆլիսում նա փոխարքայի գրասենյակում պիտի ձեւակերպեր անհրաժեշտ գրությունները եւ մեկներ Փոթի` նավ նստելու համար

 

53. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1860 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, ԹԻՖԼԻՍԻՑ  ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 16 (87) II. Առաջին անգամ տպագրվել Է՝ «Դիվան», էջ 116–117, ապա ԵԼԺ, IV, էջ 81–82: Նամակի վրա Կ. Հայրապետյանի ձեռքով գրված է՝ «ընկալայ ի 4 նոյեմբերի 1860 ամի»:

Էջ 111, տ. 20. «... ժամանել ց8 նոյեմբերի ի Փոթի, յորում աւուր շոգենաւն նաւելոց է ի Տրապիզոն » Ըստ «Ծոցատետրի նկատողությունների» Նալբանդյանը Փոթի է մտել 1860 թ. նոյեմբերի 7–ին, նույն ամսի 14–ին եղել է Բաթումիում, իսկ 15–ին՝ Տրապիզոնում։

 

54. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՎԱՃՅԱՆԻՆ, 1960 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, ՆԵԱՊՈԼԻՑ  ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու», 1871, սեպտեմբերի 9, N 54, ապա «Գրական թերթ», 1941, ԵԼԺ, IV, էջ 82–86։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել առաջին տպագրությունը։ Սվաճյանին գրած Նալբանդյանի բազմաթիվ նամակներից միակն է սա, որ փրկվել է կորստից։ Տպագրելով այս նամակը «Մեղուում», Սվաճյանը կցել է հետեւյալ ծանոթագրությունը՝ «Նշխարք Մ. Նալբանդյանի» վերնագրով. «Այն վաղամեռիկ մարդուն, այն իրավամբ գիտուն եւ ստուգիվ ազգասեր չնաշխարհիկ անձին՝ Նալբանդյանցի վարքը գրել, զոր պարտք մը սեպած եմ ինձի՝ իր մտերմագույններէն մին ըլլալու պատիվն ու բախտը ունեցած ըլլալուս համար, տակավին բավական ժամանակի կարոտ ըլլալով՝ սպասված այլեւայլ տեղեկությանց պատճառով, միտք ունիմ մերթ ընդ մերթ անոր մէկ քանի մանր գրություններեն հրատարակել, ուր իր հոգին կփայլի, ուր իր իղձերն կխոսին

Իր առ իս գրած շատ մը նամակներեն հազիվ մեկ քանին ազատած են հրդեհեն, սա ազատվածներն գոնե անկորուստ պահելու փափագով կհրատարակեմ ահա այսօր մին՝ ընթերցողներուս ուշադրությունն հայն հրավիրելով»

Սույն նամակը չափազանց կարեւոր է նրա գարիբալդիականների հանդեպ ցուցաբերած հիացական վերաբերմունքի տեսակետից, որոնց հետ նա, անկասկած, հանդիպումներ է ունեցել Իտալիայում։ Մի շարք կողմնակի փաստեր գալիս են հաստատելու այն վարկածը, թե նա կապեր է հաստատել Ջուզեպե Գարիբալդիի հետ (տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ. I, 1955, էջ 445–446)։

էջ 116, տ. 11. « Աղեքսանդր Տյումա (հայրը) գտանվում է այստեղ... » Ալեքսանդր Դյուման ուղեկցում էր Գարիբալդիին սիցիլիական արշավանքի ժամանակ։ Նեապոլի ազատագրումից հետո Գարիբալդին Դյումային նշանակեց Ազգային թանգարանի տնօրեն եւ հնարավորություն տվեց հրատարակելու ”L'Jocej endent e" («Անկախություն») թերթը։ 

 

1 8 6 1

55. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 12, ԼՈՆԴՈՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 17 (87) II. Առաջին անգամ տպագրվել է՝ ԵԼԺ, IV, էջ 87–89։ Ինքնագրի վրա Հայրապետյանի ձեռքով գրված է «ընկալայ ի 9 ապրիլի 1861 ամի»։ 

էջ 117, տ. 12–15. «... ի մասին հնդկական հրիտակացն արդեն գրեալ ծանուցեալ եմ Ձեզ ի Թիֆլիսէ պաշտօնական գրութեամբ »: Նկատի ունի 1860 թ. հոկտեմբերի 28–ին Հայրապետյանին գրած պաշտոնական գրությունը։ 

 

56. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 13, ԼՈՆԴՈՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 18 (82) II։ Նախորդ գրության սեւագիր պատճենն է, որ տրվում է որպես տարբերակ։ Առաջին անգամ տպագրվել է «Դիվան», էջ 144–147, ապա ԵԼԺ, IV, էջ 90—92։

 

57. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, ԼՈՆԴՈՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 19 (187) 11, սեւագիր պատճենը՝ 20 (83) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 152 –154, ապա ԵԼԺ, IV, էջ 92—94։ Պատճենի տարբերությունները տրվում են տողատակին, ուղիղ փակագծերում վերականգնվում են ջնջված բառերը։ Նամակի վրա Հայրապետյանի ձեռքով գրված է «ընկալայ ի 28 փետրվարի 1861 թուականի»։

էջ 123, տ. 30. « Վերջին պաշտօնական թուղթն առ յինէն առաքեցաւ ի Լոնդոնէ, յանուն Ձեր, ի 13/25   յունվարի այսր ամի »։ Տե՛ս սույն հատորի N 56 նամակը

 

58. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 22, ԼՈՆԴՈՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 21 (187) II, սեւագիր պատճենը 22 (84) II: Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 155—157, ապա ԵԼԺ, IV, էջ 94–96։ Պատճենի տարբերությունները տրվում են տողատակին։ 

էջ 125, տ. 5. « Յուսամ, թէ զտնօրինութենէ ազգին յայսմ մասին տաջիք ինձ պաշտօնական տեղեկութիւն » Գաբրիել Այվազովսկին Նալբանդյանի գործը՝ հնդկական կտակների վերաբերյալ, ձախողելու նպատակով մի քանի յուրայինների ստորագրությամբ Սպահանի եւ Հնդկաստանի թեմակալ առաջնորդ Թադթեոս եպիսկոպոսի անունով երեսփոխանական մի գրություն է ուղարկում, սակայն ոչ մի դրական արդյունքի չի հասնու։

 

59. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԿՅԱՆԻՆ, 1861 թ. ՀՈՒՆԻՍԻ 12, ԿԱԼԿԱԹԱ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 6 (79) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 169–171, ապա ԵԼԺ, IY, էջ 96–98։ Սեւագիր պատճենի տարբերությունները տրվում տողատակին։ 

 

60. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12, ԿԱԼԿԱԹԱՑԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 23 (187) 11, սեւագիր պատճենը՝ 24 (85)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 161–169, ըստ սեւագիր պատճենի, որոշ անճշտություններով, ապա ԵԼԺ, IV, էջ 99–107, ըստ ինքնագրի։ Սեւագիր պատճենի տարբերությունները՝ առանց փակագծերի եւ ջնջումները՝ ուղիղ փակագծերում տրվում են տողատակին:

 

61. ՎԱՐՎԱՌԵ ԷԼԻԱԶԻՆ, 1881 Թ. ՀՈՒՆԻՍԻ 14, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ԿԱԼԿԱԹԱ

  Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 5(91)II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 174, ապա ԵԼԺ, IV, էջ 107:

Էջ 142, տ. 2. « Մեծարու տիկին » Նալբանդյանը կամեցել է անձամբ հանդիպել Նոր Նախիջեւան քաղաքի կտակարար տիկին Կատարինե Խոջամալյանի եղբոր՝ Էլիազ Մինասյանի որդու՝ Հովհանջանի տիկնոջը՝ Վարվառե Հովհանջան էլիազին, որի ձեռքին է գտնվել կտակված գումարը

 

62. ՊՈՂՈՍ ՊԱԼԻՆ, 1861 Թ. ՀՈՒՆԻՍԻ 22, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ԿԱԼԿԱԹԱ

  Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 64(92)II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 172, ապա ԵԼԺ, IV, էջ 108։

Էջ 142, տ. 22. « Առ մեծարու պարոն Պալ » Նամակը ուղղված է հնդկահայ իրավաբան Պողոս Պալին, որին Նալբանդյանը հանձնել էր վարելու հնդկահայ կտակների գործը

էջ 142, տ. 23. «... ի գործոց յանձն եղելոց ինձ ի քաղաքական կառավարութենէ Նոր Նախիջեւանայ » Խոսքը վերաբերում է ժառանգության վավերականներին, որոնք պահվում էին քաղաքի «Հայկական մագիստրատի» դիվանում։ Նալբանդյանը ընտրվելով «լիակատար երեսփոխան», ստանում է քաղաքագլխից այդ վավերականները եւ տալիս ստորագրություն դրանք ստանալու վերաբերյալ:

Ստորեւ բերում ենք այդ փաստաթուղթը, գրված 1860թ. օգոստոսի 13–ին Նոր Նախիջեւանում։ «Համաձայն եզրակացութեան արարելոյ ի հնգետասաներորդ աւուր նախընթաց ամսեանն յուլիսի յազգային պաշտօնական ժողովի գումարելոյ ի նախագահութեան արգոյ քաղաքական գլխոյ. պ. Հայրապետեանցի ի մասին հնդկական հրիտակացն, մեք ընտրեալ եւ հաստատեալ երեսփոխանքս բովանդակ ազգին հայոց բնակելոց ի Նոր Նախիջեւան քաղաքի ընկալաք յարգոյ քաղաքական գլխոյ ի պարոն Հայրապետեանցէ

1) Զթուղթ մերոյս լիակատար երեսփոխանութեան վաւերացուցեալ բազմութեամբ բնակչաց քաղաքին Նախիջեւանայ եւ հաստատեալ ի քաղաքական մագիստրատի նորին յութերորդ աւուր այսր օգոստոսի։ 

2) Զվաւերական պատճէն եզրակացութեան ազգային պաշտօնական ժողովի գումարելոյ ի 15 նախընթաց յուլիսի, վկայեալ յարգոյ քաղաքական գլխոյ եւ որոշմամբ կնքոյ Նախիջեւանայ։

3) Զպատճէն կտակի Մասեհ Բաբաջանեանի,

4) Ջպատճէն կտակի Եղիա Յակոբեանի

5) Ջպատճէն նամակի էլիազ Մինասեանի, որ զկտակակատարութենէ քեռ իւրոյ Կատարինեայ Խօջամալ։ 

6) Ջպատճէն նամակի տէր Յարութիւնի Շմաւոնեան, որ զկտակակատարութենէ Սարգսի Ծատուրեան։ 

7) Զպատճէն հաշուոց եկամտից եւ ծախուց տանն Բաբաջանեանի, մինչ ց1824  ամն։

8) Զպատճէն միոյ անստորագիր նամակի գրելոյ ի Պօլսոյ

9) Զպատճէն նամակի Պօղոսի Որդանանեան, ի մասին հրիտակացն,

10) Զպատճէն նամակի Տէր Յովսեփայ Ստեփանեան,

11) Զպատճէն նամակի Գէորգեայ Փանոսյան Բարաղամեան,

12) զ ի ռուս լեզու թարգմանութիւն միոյ կտակի Բաբաջանեանի,

13) զ ի ռուս լեզու թարգմանութիւն միւսոյ կտակի նորին

14) զ ի ֆրանսիական լեզու թարգմանութիւն այսր կտակի,

Ի վաւերական հաստատութին որոց ստորագրեմք զթուղթս, մերով սեպհական ձեռնագրով. յամի 1860, ի 13 օգոստոսի ի Նոր Նախիջեւան։ 

Երեսփոխան Միքայել Նալբանդեանց, կանդիդատ Արեւելեան լեզուագիտութեան կայսերական համալսարանի Ս. Պ. Բուրգայ (Տե՛ս «Դիվան», էջ 173)։ 

 

63. ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ, 1861 Թ. ՀՈՒՆԻՍԻ 26, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինքնագիրը չի պահպանվել։ Տպագրվում է պատճենից՝ ԳԱԹ, ՄՆՖ, 78(70)11, մեկ այլ պատճեն՝ 81(72)1I: Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 157–160, ապա ԵԼԺ, IV, էջ 108–109

Էջ 143, տ. 29 « Ադեն քաղաքի առջեւ » Քաղաք եւ նավահանգիստ Արաբիայի հարավային ափին, Հնդկաստանի ճանապարհի վրա: Ներկայումս Հարավային Եմենի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը։ 

Էջ 149, տ. 31. « Իհարկե հիշում ես Անթարը » 1859 թ. «Հյուսիսափայլի» N 1–ում լույս է ընծայվել Սենկովսկու «Անթար» վիպակը Նալբանդյանի թարգմանությամբ «Գ. Հ. Պախալյան» ստորագրությամբ: Ամենայն հավանականությամբ Նալբանդյանը այդ է հիշեցնում Անանիային (տե՛ս Դարոնյան Ս., Միքայել Նալբանդյան, 1907, էջ 216)։

Էջ 144, տ. 1. «... ուր երբեմն ճիզվիթները գնացել էին, երբ այս դժոխային կարգը նոր էր հիմնվում »։ ճիզվիտների կարգը հիմնադրվել է 1534թ. Փարիզոմ՝ իսպանացի Իգնատիոս Լոյոլայի կողմից եւ հաստատվել 1540թ. Հռոմի պապ Պողոս III–ի օրոք: Արդեն XVI դարի երկրորդ կեսերին ճիզվիտները ոչ միայն հաստատվեցին Եվրոպայում, այլեւ ներթափանցեցին Հնդկաստան, Ցեյլոն, Ճապոնիա, Չինաստան եւ Ֆիլիպիններ։ 

էջ 144, տ. 5. «... ամիս ու կես կամ երկու ամիս դեռեւս կմնամ այստեղ » Նալբանդյանը Կալկաթայում մնաց մինչեւ 1861թ. սեպտեմբերի 27–ը։  

Էջ 144, տ. 22. « Ամենեւին ձեռնհաս չեմ «Հյուսիսափայլի» համար աշխատելու » –Այնուամենայնիվ Նալբանդյանը 1861թ. «Հյուսիսափայլին» է ուղարկում «Նամակ կոմս Էմմանուելին», «Հռոմեական նամակ» («Հյուսիսափայլ», NN 9, 10) հոդվածները, առաջինը Ա. Ա. Ե... ստորագրությամբ, իսկ երկրորդը՝ Ալֆոնզո Ռաթթի եւ «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը (N 10)։ 

 

64. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1861 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Սեւագիր ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 25 (86) II։ Ջնջումները տրվում են տողատակին սուր փակագծերում: Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան, էջ 175–184, որոշ անճշտություններով, ապա ուղղված՝ ԵԼԺ, IV, էջ 110–116։

Էջ 145, տ. 10. «... պաշտօնական գրութեամբ ի Կալկաթայէ ի 12 հունիսի տե՛ս սույն հատորի N 60 նամակը։ 

Էջ 145, տ. 17. « Առ պահանջողութիւն իմ ի պ. Հագէ » Չարլզ Սվինտոն Հագը հանդիսանում էր Կալկաթայի քաղաքային վարչության նախագահը, որի իրավասության տակ էին գտնվում Մասեհ Բաբաջանյանի կտակած տունը եւ խանութները։ 

Էջ 152, տ. 3. « Այլ ոչ իւիք կարողացայ համոզել զտիկինն, որ պարզապես զլացաւ տալ զհրիտակն առանց հրամանի դատարանին »: 1861թ. սեպտեմբերի 26–ին Կալկաթայի դատական ատյանը կայացնում է իր վճիռը՝ հօգուտ Նոր Նախիջեւանի։ Նալբանդյանը տարել է ե՛ւ Մասեհ Բաբաջանյանի, ե՛ւ Եկատերինե Խոջամալյանի գործերը եւ կտակավանդած գումարը ստացել ամբողջությամբ։ 

Էջ 153, տ. 7. « թե փախստական Կարապետ Շահնազարեանց » Կարապետ վարդապետ Շահնազարյանը (1810–1865) 1848թ. նշանակվում է Ներսիսյան դպրոցի տեսուչ: Մեկ տարի անց դրամական ինչ–որ զանցառության համար կրելիք պատժից խուսափելու համար փախչում է Կ. Պոլիս: 1855թ. հաստատվում է Փարիզում, հիմնում հայկական տպարան եւ ձեռնարկում հայ պատմագիրների շարք հրապարակելու գործին: Հավանորեն հենց այս շրջանում է, որ հետամուտ է եղել կտակները ձեռք բերելուն։ 

էջ 153, տ. 8. «... հայրապատիւ ընկեր Յովհաննու վարդապետի Բեկնազարեանց » Նալբանդյանի հակառակորդներից Նոր Նախիջեւանում:

էջ 153, տ. 9. « գործակցութեամբ պ. Յակոբայ Կրճիկեանց... » Պոլսեցի մեծահարուստ Հակոբ Կրճիկյանը 50–ական թվականներին ծառայում էր Փարիզի Օսմանյան հյուպատոսարանում եւ աջակցում էր Կարապետ Շահնազարյանին հնդկական կտակները ձեռք բերելու գործում։ 

 

65. ԿԱՐԱՊԵՏ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻՆ, 1861 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 17, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ԿԱԼԿԱԹԱ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 85 (23) JI. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 187, որոշ անճշտություններով, ապա ուղղումներով՝ ԵԼԺ, IV, էջ 117

էջ 154, տ. 15. « թէ յորո՞ւմ վայրի իցէ թաղեալ, զայդմանէ մեծապէս կարօտիմ տեղեկութեան » Նալբանդյանը գոհացուցիչ ցուցմունք է ստացել երեցփոխ Կարապետ Վրթանեսյանից գերեզմանատեղի մասին եւ Նոր Նախիջեւանի քաղաքապետարանը հետագայում գերեզմանաքար է դնել տվել գերեզմանի վրա, փորագրել տալով պատշաճ տապանագիր։

 

66. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, 1861 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ԿԱԼԿԱԹԱ

Սեւագիր ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 1 (77) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 187—189. Նամակին կից՝ NN 1–14 դիտողություններ գործի առթիվ ստացված գրությունների մասին: Այս դիտողությունները տպագրվում են առաջին անգամ։

 

67. ՍԵԹ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ, 1861 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, ԿԱԼԿԱԹԱՅԻՑ ԿԱԼԿԱԹԱ

Սեւագիր ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 2 (67) II. Առաջին անգամ լույս է տեսել՝ «Դիվան», էջ 189, ապա ԵԼԺ, IV, էջ 117։

 

68. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՅԱՆԻՆ, 1862 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 20,

ԼՈՆԴՈՆԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Սեւագիր ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 62 (89) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 191–196, որոշ անճշտություններով, ապա ԵԼԺ, IV, էջ 118–122, ուղղված: Ջնջումները տրված են տողատակին, ուղիղ փակագծերում։

 

69. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՅԱՆԻՆ, 1862 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 20,

ԼՈՆԴՈՆԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, 63 (90) II: Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 190, ապա ՀՍՍՀ Մատենադարանի «Գիտական աշխատությունների ժողովածուի» N 1–ում, 1941, էջ 200 201, ԵԼԺ, IV, էջ 122 –123։

 

70. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԿՅԱՆԻՆ, 1862 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 3, ԼՈՆԴՈՆԻՑ ԿԱԼԿԱԹԱ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 7 (80) II. Առաջին անգամ տպագրվել է՝ ԵԼԺ, IV, էջ 123 —124

Էջ 165, տ. 19. «... ուղարկել եմ հունվարի 20–ին մի առանձին նամակով » Տե՛ս սույն հատորի N 68 նամակը:

Էջ 166, տ. 10. «... եւ թշվառացյալ Ջուղան ազատվի բարբարոսության ձեռքից » Նկատի ունի Ջուղայի եւ Սպահանի առաջնորդ Թադթեոս Բեկնազարյանցի շահատակությունները իր թեմի ժողովրդի նկատմամբ (տե՛ս N 68 նամակը)։ 

Թադթեոս արքեպիսկոպոսի այդօրինակ շահատակությունների դեմ ըմբոստանալու համար Կալկաթայի ավագ քահանա Հովհաննես Խաչկյանը հալածանքի ենթարկվեց, որի պաշտպանությունը իր վրա վերցրեց Նալբանդյանը (տե՛ս «Արկածք տեառն Յովհաննու Խաչկեան աւագ քահանայի եւ ասպետի յերկուամեայ դժուարին դատին իւրում ընդ հանգուցեալ Թադթէոս արքեպիսկոպոս, առաջնորդին Նոր Ջուղայու», 1863, Կալկաթա։ Այդ խնդրի կապակցությամբ Նալբանդյանի անունը հիշատակվում է գրքի 38, 193 եւ 201 էջերում)։ 

 

71. ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ, 1862 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 79 (71) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 198 200, ապա ԵԼԺ, IV, էջ 124–125։ 

էջ 167, տ. 4. «... այդ մասին տեղեկություն կտա Ձեզ հայտարարությունս »: «Հայտարարությունը» տպագրվել է «Հյուսիսափայլի» 1862 թ. N 5, էջ 235–240։ Այն վերաբերում է Հայաստանի աշխարհագրական քարտեզի հրատարակությանը, որը ձեռնարկել էր Միքայել Նալբանդյանը Պետերբուրգում, 1862թ. հունիսին, արտասահմանից վերադառնալուց հետո: Այդ հրատարակությունը չիրականացավ, քանի որ նա «Հայտարարության» լույսընծայումից հետո անմիջապես, 1863թ. հուլիսի 14–ին, ձերբակալվեց եւ արգելափակվեց Պետրոպավլովյան բերդում։ 

Էջ 167, տ. 15. « Ձեր ներկա եղած քաղաքից դուրս... » Անանիա Սուլթանշահը այդ շրջանում գտնվում էր Նիժնի Նովգորոդում, եւ Նալբանդյանը նրան «Քարտեզի» բաժանորդագրության գործակալ էր նշանակել «Նիժնի Նովգորոդի վաճառատան» մեջ, Մակարիայի տոնավաճառ ժամանած հայերի մեջ բաժանորդագրություն տարածելու նպատակով

 

72. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1862 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13, ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 27 (187) II: Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 200–201, ապա ԵԼԺ, IV, էջ 126։ Նամակի վրա Կարապետ Հայրապետյանի ձեռքով գրված է «ընկալայ ի 13 հուլիսի 1862 ամի»

էջ 168, տ. 17. «... տալ նմա զկարեւոր տեղեկութիւնս եւ զգումար հրիտակին, զոր յաջողեցաւ ինձ ի ձեռս բերել » Նալբանդյանը հնարավորություն չունեցավ Նոր Նախիջեւանի հասարակությանը իր հաշվետվությունը տալու, որովհետեւ սույն «Հայտարարությունը» գրելու հաջորդ օրն իսկ ձերբակալվեց

 

73. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1862 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 34 (73) II. Առաջին անգամ թարգմանությունը տպագրվել է՝ «Նորք», 1924, էջ 152–155։ 

Բերդից գրած նամակների մեծ մասը առաջին անգամ թարգմանել եւ տպագրել է Երվանդ Շահազիզը «Նորքում» եւ «Դիվանում», մանրամասն եւ բովանդակալից ծանոթագրություններով, առանց ռուսերեն բնագրերի: Ռուսերեն բնագրերը եւ նրանց թարգմանությունները միասին առաջին անգամ տպագրվել են ԵԼԺ 1V հատորում։ 

Այս նամակով սկսվում է Նալբանդյանի բանտից գրած նամակների շարքը։ Բանտում Մ. Նալբանդյանին թույլատրված էր նամակագրություն ունենալ միայն ռուսերեն եւ միայն եղբոր՝ Ղազարոսի հետ, սակայն Նալբանդյանի նամակները կարդում էին նրա ընկերներն ու գաղափարական համախոհները։ Նկատի ունենալով այս հանգամանքը, իր նամակներում հրապարակախոսն արծարծում էր հասարակական–քաղաքական, գրական, գիտական բազմապիսի հարցեր: Ավելին. նամակներով Նալբանդյանը շարունակում էր պայքարն իր գաղափարական հակառակորդների դեմ՝ որքան այդ հնարավոր էր բանտային պայմաններում:

էջ 173, տ. 19. « Սեղմում եմ Հովհաննես եղբոր ձեռքը » Խոսքը վերաբերում է Հովհաննես Սահրատյանին, նորնախիջեւանցի բանաստեղծ եւ երաժշտագետ, Նալբանդյանի երկար տարիների մտերիմը։ Աշխատակցել է Ռ. Պատկանյանի «Գամառ–Քատիպաներին»։ Նալբանդյանը միշտ խրախուսել է նրա երաժշտագիտական աշխատանքները: Այդ խրախուսանքի արդյունքն է Սահրատյանի կատարած Վերդիի «Տրովատորի» հայերեն թարգմանությունը «չափածո ոտերով եւ այս ամենը գրված յուրյանց պատշաճ ձայնավոր խաղերի տակ» («Հյուսիսափայլ», 1862, N 11, էջ 256)։ «Տրովատորի» հայերեն թարգմանությունը լույս տեսավ Պետերբուրգում 1864 թ. Ռ. Պատկանյանի տպարանում եւ նվիրաբերված էր Միքայել Նալբանդյանին։

Էջ 173, տ. 34. « Surghum Saccharatum » Շաքարի սորգո, «նեգրավարսակ», սեզավոր բույս, որ վայրի ձեւով աճում է Արեւելքում, հատկապես արեւելյան Հնդկաստանում։ Մշակվում է շաքար ստանալու համար։ 

էջ 174, տ. 23. « de facto » փաստորեն, իրապես (լատ. )

էջ 174, տ. 28. «... թող նա ուղարկի Կարպ Մակարովիչի անունով » Խոսքը վերաբերում է Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Կարապետ Հայրապետյանին

էջ 174, տ. 30. «... կարող է գրել փեսային` Իվան Մինաեւիչին » Խոսքը վերաբերում է Հովհաննես Բերբերյանին, որ Անանիա Սուլթանշահի քրոջ՝ Բերսաբեի ամուսինն էր: Նորնախիջեւանցի բժիշկ Հովհաննես Բերբերյանը (1838–1917) մտերմական հարաբերությունների մեջ էր Նալբանդյանի Հետ, որը հավանորեն, սկսվել էր Մոսկվայի համալսարանում ուսանելու տարիներին։ Խալիբյան–Նալբանդյան պայքարի տարիներին հանդիսանում էր Նալբանդյանի ջերմ պաշտպաններից մեկը»։ 

էջ 175, տ. 30. «... ե՞րբ կլինեն թղթերը » Հավանորեն նկատի ունի այն համախոսականը, որ Նոր Նախիջեւանում Նալբանդյանի բազմաթիվ համակրողները կազմել էին նրան բանտարկությունից ազատելու կամ գոնե վիճակը թեթեւացնելու նպատակով եւ ներկայացրել սենատ։ Ինչպես հայտնի է, այդ համախոսականն անհետեւանք մնաց։ 

 

74. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, 1863 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 8. Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 34(73) II: Թարգմանությունը առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 312–315, ապա ԵԼԺ, IV, էջ 136–138։ 

Էջ 179, տ. 30. « Իմ խնդրանոք իշխանությունը հանձնել է իմ եղբայր Ղազարոսին հնդկական այդ գործին վերաբերող թղթերը » Այդ թղթերը Ղազարոս Նալբանդյանը ստացել է III բաժանմունքի գրասենյակից եւ ուղարկել Կարապետ Հայրապետյանին Նոր Նախիջեւան։ Ստորեւ բերում ենք դրանց ցանկը. 1) Կալկաթայի դատարանի վճռի պատճենը Մասեհ Բաբաջանի գործի մասին, 2) Ընդհանրական ադմինիստրատոր Հագի ընդհանուր հաշիվը Մասեհ Բաբաջանի գործի վերաբերյալ, 3) Տոկոսաբեր արժեթղթերի հաշիվները, 4) Նույնը Կատարինե Խոջամալյանի գործի վերաբերյալ, 5) «Աբգար եւ ընկ. » հաշիվը Կատարինե Խոջամալյանի գործի մասին, 6) Կալկաթայի դատարանի վճռի պատճենը Կատարինե Խոջամալյանի գործի մասին։ 

Պահպանված ցանկի տակ Ղազարոս Նալբանդյանը մատիտով գրել է հետեւյալ ծանոթությունը. «Եղբօրս տուած թղթերուն տեսակներն խրկեցի Նախիջեւան պատուելի պ. Հայրապետովին եւ տվի ձեռագիր 3 ադելինին» (տե՛ս «Դիվան», էջ 316):

էջ 180. տ. 14. « Իմ ականջիս է հասել, որ պ. Ալաջալյանը ( իսկ գուցեեւ ընկ. [երությունը] Դեգտյարնի նրբանցքից») թույլ է տվել իրեն կասկածել Կալկաթայի փողերը իմ կողմից բերելու նկատմամբ... »   Խոսքը վերաբերում է Խալիբյանի ազդեցիկ կողմնակիցներից մեկին, նորնախիջեւանցի հարուստ վաճառական Սիմավոն աղա Ալաջալյանին: Նրա հարցապնդումը քաղաքագլխին քաղաքի պաշտոնական ժողովում հետեւանք է եղել այն անհիմն լուրերի, որ իբր թե Նալբանդյանը Հնդկաստանում հաջողություն չի ունեցել, չի կարողացել ստանալ կտակավանդած գումարները եւ իզուր միայն ծախսել է հասարակությունից հավաքած մեծագումար ճանապարհածախսը, գնել է մի ռնգեղջյուր եւ այլն

Ռուսերեն բնագրում («իսկ գուցեեւ ընկ. [երությունը] Դեգտյարնի նրբանցքից») գրված է из Дёгтярного пейеулка սխալ ձեւով, որով Նալբանդյանը ծաղրում էր Խալիբյան կուսակցության այն կիսագրագետ աղաներին, որոնք լավ չիմանալով ռուսերեն, միշտ աղավաղել են բառերը։ 

էջ 181, տ. 12–13. «... նրանց իդեալը, նախատիպը, կիսաստվածը 12 տարի կառավարել է քաղաքը առանց վերահսկողության, առանց որեւէ հաշվետվության... » Խոսքը վերաբերում է Հարություն Խալիբյանին։

 

75. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 35 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1924, N 4, էջ 155–158, ապա «Դիվան», էջ 238–242, ԵԼԺ, IV, էջ 141–144։

Էջ 185, տ. 15. « Սկսեմ իմ սիրելի բարեկամ Անանիայից » Խոսքը վերաբերում է Մ. Նալբանդյանի ս: մենամտերիմ ընկերոջը՝ Անանիա Սուլթանշահին (1832–1898), որի հետ ուսանել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա միասին մարտնչել հակախալիբական պայքարում։ Բանտից գրած նամակների մեջ Նալբանդյանը հաճախակի է հիշում Անանիա Սուլթանշահին կամ ուղղակի նրան դիմում զանազան հանձնարարություններով

էջ 185, տ. 21. « mentre un grido » Այդ ժամանակ մի ձայն (իտալ. ):

էջ 186, տ. 9–10. « Ինձ ուղարկած հանրագիտական բառարանի նմուշը ցածր է ամենայն միջակությունից » Նկատի ունի 1861–1863թթ. նախ Ա. Ա. Կրաեւսկու, ապա  Պ․ Լ. Լավրովի խմբագրությամբ լույս տեսնող հանրագիտական բառարանը՝ Энциклопедический словарь, составленный русскими учеными и писателями. Հրատարակվեց միայն 6 հատոր, որից 1–5 հատորն ընդգրկում էր Ա տառը։ 6–րդ հատորով, որը ընդգրկում էր մինչեւ Ե տառը, հրատարակությունը դադարեց։ Հրատարակությունը դադարել էր բանաստեղծ–հեղափոխական Մ. Լ. Միխայլովի ձերբակալության պատճառով, որը բառարանի հեղինակներից մեկն էր։ Ա. Հովհաննիսյանի կարծիքով, Նալբանդյանի քննադատակլան վերաբերմունքը բառարանի նկատմամբ առաջացել էր նրանից, որ «Կրաեւսկին տխուր հռչակ ուներ որպես գրական կոմերսանտ, որպես Բելինսկուն շահագործող, որպես Չեռնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի գլխավորած «Սովրեմեննիկի» բացահայտ թշնամի։ Նա լիբերալ–կոնսերվատիվ «Օտեչեստվեննիյե Զապիսկի» ամսագրի խմբագիրն էր։ Նալբանդյանի տողերը նրա հանրագիտարանի մասին իրենց վրա կրում են ռեւոլյուցիոն դեմոկրատիայի համառուսական դիրքերին ընդառաջող պարտիականության կնիք»։ ( Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, Հ. II, 1956, էջ 500)։ 

էջ 186, տ. 12. « Sprach » Լեզու (գերմ. )

Էջ 186, տ. 19. «... էժան չէի նստեցնիլ պ. Պատկանյանին » Խոսքը Քերովբե Պատկանյանի մասին է, որը հիշյալ հանրագիտարանի համար գրել էր «Հայաստանի աշխարհագրությունը», «Հայաստանի պատմությունը», «Հայաստանի գրականությունը» եւ «Հայոց լեզու» գլուխները։ Դժվար է ասել, թե ինչից էր դժգոհ Նալբանդյանը, քանի որ Քերովբե Պատկանյանի հիշյալ հոդվածները գրված են գիտական բարձր մակարդակով: Առաջին անգամ տրված է հայ գրականության գիտական պարբերացումը, հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հայոց լեզվին նվիրված գլուխը, իսկ պատմության բաժնում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում հայ ազատագրական պայքարի այնպիսի փաստեր, ինչպիսին էր Դավիթ Բեկի ապստամբությունը, Պետրոս Մեծի արեւելյան արշավանքի ընթացքում հայերի ցուցաբերած օգնությունն ու սխրագործությունները, ռուս–պարսկական պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած դերի եւ հայ ժողովրդի՝ նրա ազատագրական առաքելությանը մեծ հավատով ու նվիրվածությամբ ընդառաջ գնալը։ Քիչ չէին նաեւ այդ հոդվածներում քննադատական մի շարք նկատողություններ ցարական Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, որը պատշաճ ուշադրություն չի դարձնում ազգային կրթությանը, հնարավորություն չի ընձեռում ընդլայնելու տպագրական գործը եւ այլն (տե՛ս Э. Акопян, Керопэ Патканян, 1975, c. 82–83, 152)

Էջ 186, տ. 23. « Buone notta » Բարի գիշեր (իտալ.  

Էջ 186, տ. 24. « Լիտուխինի գիրքը... » Նկատի ունի “Из зanucok o военных действиях Эреванского отряда“  գիրքը, տպագրված Պետերբուրգում, 1883թ. ։ 

Էջ 187, տ. 3. «... Ֆ. Մ. Ռուդնեւի մահը... » Ռուդնեւ Ֆեոդոր Մաքսիմովիչ, Նալբանդյանի Մոսկվայի ռուս բարեկամներից մեկը։ Ծառայել էր Մոսկվայի նահանգապետ Ջակրեւսկու մոտ, որպես առանձին հանձնարարությունների չինովնիկ։ 

Էջ 187, տ. 12. « venit mors... et nemini paratui » Գալիս է մահը եւ ոչ ոքի չի խնայում (լատ.  

էջ 187, տ. 17. « Այդ գիտե մինչեւ անգամ Համլետը » Հմմտ. «Համլետ», արարված V, տեսարան I: Հորացիոյի hետ խոսելիս Համլետն ասում է. «Ալեքսանդրը մեռավ Ալեքսանդրը թաղվեց, Ալեքսանդրը փոշի դարձավ։ Փոշին հող է, հողից կավ են շինում. ինչո՞ւ այդ կավով, որ Ալեքսանդրի մարմնից է շինված, չի կարելի գարեջրի տակառը խցկել» եւ այլն ( Շեքսպիր, Համլետ, իշխան Դանեմարքայի, ողբերգություն հինգ արարվածով, թարգմ. Հովհ. Մասեհյանի)։ 

Էջ 187, տ. 17. « A propus » Ի դեպ (ֆր. ):

Էջ 187, տ. 17–18. «... այսօր նորին գերազանցություն Սեմյոն Գրիգորեւիչի անվանակոչության օրն է » Խոսքը վերաբերում է Անանիայի հորեղբորը, գեներալ Սուլթանշահին, որը մտերիմ էր Նազարյանի, ապա եւ Նալբանդյանի հետ, որի հետ ծանոթացել էր 1856թ. Մոսկվայում։ Ուներ ծանոթություններ ազդեցիկ շրջաններում, մասնավորապես Լազարյանների հետ: Հետագայում գեներալի տունը ժամադրավայր էր Եզյանի, Սահրատյանի, Նալբանդյանի, Անանիա Սուլթանշահի եւ Ս. Նազարյանի համար, սրանց Պետերբուրգում եղած ժամանակ։ Ղ. Աղայանի վկայությամբ, Նալբանդյանը 1865թ. բերդից դուրս գալուց հետո Պետերբուրգում մնաց մի քանի ամիս գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ

Էջ 187, տ. 27. « Հենց որ դու որեւէ լուր ստանաս ռնգեղջյուրի մասին... » Խոսքը Կարապետ Հայրապետյանի ծախսով Հնդկաստանից Նալբանդյանի բերած ռնգեղջյուրի մասին է, որ հետո Նալբանդյանի առաջարկությամբ նվիրաբերվեց Մոսկվայի կենդանաբանական այգուն։ 

Էջ 188, տ. 4. « Եզյանից խնդրիր Շլոսսերը » Խոսքը վերաբերում է գերմանացի պատմաբան Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսսերի (1776–1861) 8 հատորանոց «XVIII եւ XIX դարերի պատմությունը մինչեւ ֆրանսիական կայսրության անկումը» աշխատությանը, որի ռուսերեն թարգմանությունը լույս էր ընծայվել Պետերբուրգում 1853–1860թթ. ընթացքում։ 

Էջ 188, տ. 5. « Գտիր ինձ համար Մակոլեյի երկերի լիակատար ժողովածուն » –Նկատի ունի Մակոլեյ Թոմաս Բաբինգտոնի (1800–1859) «Անգլիայի պատմությանը Հակոբ II–ի գահակալությունից սկսած» բազմահատոր աշխատությունը: Ռուսերեն Մակոլեի ստեղծագործությունները տպվել են 1860–1865թթ. ընթացքում (СПб., 1860–1865 изд. Н. Tиблена)։ 

Էջ 188, տ. 9. Tartarus stibiaticus կամ stibio, kaliuin tartaricum փսխաքար (դեղանյութ)։ 

 

76. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 17, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 36 (73) II։ Թարգմանությունը առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1924, N 4, 152–162, ապա «Դիվան», էջ 242– 250, ԵԼԺ, IV, էջ 149–154։ 

էջ 194, տ. 19. «... եւ որ ամենից շատ ինձ ուրախացրեց՝ Ֆոշեի գիրքն էր » Նկատի ունի Լեոն Ֆոշեի «Ակնարկներ Անգլիայի մասին» գրքի Դեմենտեւի եւ Խլեբնիկովի ռուսերեն թարգմանությունը («Очерки Англии», СПб, 1862), որի մի օրինակը պահվում է Նալբանդյանի անձնական գրադարանում (ԳԱԹ, Նալբանդյանի գրադարան, N 260)։ 

Էջ 195, տ. 3–4. «... մի մոռանար հաղորդել ինձ ձեր հետապնդումների արդյունքները ռնգեղջյուրի համար », Հնդկաստանում եղած ժամանակ (1861թ. մայիս–սեպտեմբեր) Նալբանդյանը Հայրապետյանի դրամով գնած ռնգեղջյուրը որպես ընծա ուղարկում է Մոսկվայի օդընտելացման ընկերությանը՝ բացվելիք կենդանաբանական այգու համար: Երկար ճանապարհ կտրելով, ռնգեղջյուրը միայն տեղ է հասնում 1863թ., Նալբանդյանի ռնգեղջյուրի մասին, որին կոչել էին «Մոնկա» եւ որը ապրել մինչեւ 1873թ., գրել է Մոսկվայի կենդանաբանական այգու առաջին դիրեկտոր, Կ. Ռուլյեի աչքի ընկնող աշակերտ Ս. Ա. Ուսովը «Պրիրոդա» ամսագրում (1873թ. ), իսկ հետո իր երկերում . 1, 1888, cтp. 193–210)։ Այժմ այդ հսկա ռնգեղջյուրի պաճուճապատանքը գտնվում է Մոսկվայի համալսարանի կենդանաբանական թանգարանում (տե՛ս Ռ. Գաբրիելյան, Մ. Նալբանդյանը եւ բնագիտությունը, Ե., 1966)։

էջ 196, տ. 10. « Այդ ի՞նչ Դանիելի «Աշխարհագրություն է... » Ըստ երեւույթին խոսքը վերաբերում է գերմանացի աշխարհագրագետ Դանիելի «Աշխարհագրության համառոտ ձեռնարկ» գրքի ռուսերեն առաջին հրատարակությանը (երկրորդ հրատարակությունը Ա. Կորսակի թարգմանությամբ, 1865, Մոսկվա)։ 

էջ 196, տ. 12. «... այստեղ Գլազունովի մոտ կա, Սադովայա փողոցում »։ Հայտնի գրքավաճառ Պետերբուրգում, որի խանութը այցելում էին 50–60 թթ. Չեռնիշեւսկին եւ Դոբրոլյուբովը։ 

էջ 196, տ. 21–22. « Արդյոք ե՞րբ կլսեմ «Տրովատորից » իմ սիրած երգը»։ Խոսքը վերաբերում է Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերային: Դեռեւս 1859 թ. «Հիշատակարանում» («Հյուսիսափայլ», N 1, էջ 70) Նալբանդյանը գրում էր. «Այդ ողբերգությունը պ. Վերդի երաժշտի բոլոր երաժշտական գործերից պատվականն է»։ Նալբանդյանի ջերմ վերաբերմունքը Վերդիի ստեղծագործության նկատմամբ ավելի հասկանալի կլինի, երբ նկատի ունենանք, որ Վերդին իր քաղաքական հայացքներով հարում էր Իտալիայի ազգային–ազատագրական շարժմանը: Հայտնի է, որ Վերդին 1848թ. «Հնչում է փողը» հեղափոխական հիմնը գրեց Մաձձինիի առաջարկած տեքստով։

էջ 196, տ. 23. « Հիշո՞ւմ ես, դու ինձ ասում էիր, թե Ռ. Պատկանյանը ցանկանում է ինչ–որ թերթ հրատարակել »։ Նկատի ունի 1863–64թթ. Պետերբուրգում Ռ. Պատկանյանի խմբագրությամբ լույս տեսնող «Հյուսիս» երկշաբաթաթերթը։ 

էջ 196, տ. 25–26. « Շատ ցավում եմ, որ մեր «Հյուսիսափայլը» արդեն գոյություն չունի, եւ ասպարեզը մնացել է գրական գաճաճներին » «Հյուսիսափայլի» հրատարակությունը ընդհատվեց 1863–ին: 1864–ին նորից վերսկսվեց եւ 1865–ին դադարեց ընդմիշտ։ «Գրական գաճաճներ» ասելով Նալբանդյանը նախ եւ առաջ նկատի ունի «Հյուսիսափայլի» գաղափարական հակառակորդներին՝ «Արշալույս Արարատյանը», «Համբավաբեր Ռուսիոն», «Երեւակը» եւ ուրիշները։ 

էջ 197, տ․ 6–7. «... նա նրանց մեջ տեսնում է սոսկ միայն հնամոլությունը, քանի որ վիգերի եւ տորիների գոյության մասին է խոսում »։ Քաղաքական կուսակցություններ Անգլիայում, որ գոյությում ունեին XVII դարի վերջից։ Եթե վիգերի կուսակցությունը արտահայտում էր ֆինանսական վերնախավի եւ առեւտրա–արդյունաբերական բուրժուազիայի շահերը, ապա տորիները հանդիսանում էին խոշոր հողատերերի–աբսոլյուտիզմի ներկայացուցիչները։

էջ 197, տ. 12. «... այն ժամանակներից քաղաքական փիլիսոփայությունը... » –Հմմտ.   Очерки Англии, сочинение Леона Фоше, пер. Дементьева и Хлебникова, СПб., 1862, 7)։ 

Էջ 197, տ. 27. Մի՞թե նա մատնացույց կանի Վերսալը Ֆրանսիական քաղաք, որտեղ 1660 թ. Լյուդովիկոս XIV–ը կառուցեց իր պալատը։ Նալբանդյանն այստեղ ակնարկում է այն շքեղությունն ու փարթամությունը, որին հասավ Վերսալը Լյուդովիկոս XIV–ի ժամանակ։ Վերսալից ստացած իր տպավորությունների մասին Նալբանդյանը գրել է «Հիշատակարանում» (տե՛ս սույն հրատ., հ. III, էջ 54)

Էջ 197, տ. 33. «... եթե չենթարկվեց այն սատուրնալիային... » Այսպես է կոչվում հին հռոմեական կրոնական տոնակատարությունը ի պատիվ Սատուրն աստծու։ Սատուրնալիայից է ծագել հետագայում կարնավալը: Այստեղ բառը գործածված է տակնուվրայության, խառնակության, վայրիվերումի իմաստով։

Էջ 198, տ. 4–5. «... ես զզվանքով երես եմ դարձնում քաղաքական–վիրաբուժական բոլոր գործողություններից » Ինքնին հասկանալի է, որ բանտի ցենզորներին շփոթեցնելու համար է Նալբանդյանը գրել այս տողերը։ Ընդամենը մեկ տարի առաջ «Երկրագործության» մեջ ճորտատիրական կարգերը վերացնելու համար նա ցույց է տալիս կացնի, այսինքն՝ գյուղացիական հեղափոխության ուղին (հմմտ. սույն հրատարակություն, հ. IV, էջ 54):

Էջ 199, տ. 7. «... թող հիշատակեր Նիցցայի եւ Սավոյայի մասին այդ դեռ տեղի չէր ունեցել » 1861թ. մարտին Տուրինում առաջին համաիտալական պառլամենտը Սարդինյան եւ նրան միացված հողերը հայտարարեց իտալական թագավորություն: Իտալական նոր թագավորությունը միավորեց 22 միլիոն մարդ, սակայն Վենետիկի մարզում դեռեւս մի քանի միլիոն իտալացիներ շարունակում էին մնալ ավստրիական տիրապետության ներքո, իսկ գերազանցապես իտալացիներով բնակեցված Սավոյան եւ Նիցցան 1860թ. միացվեցին Ֆրանսիային, որպես վարձատրություն Իտալիայի միավորման գործին Նապոլեոն III–ի ցուցաբերած օգնությանը

էջ 199, տ. 8 « ex post facto » Փաստը կատարվելուց հետո (լատ. )

էջ 200, տ. 2. Ни богу свечка, ни чорту кочерга Ոչ աստծուն մոմ, ոչ սատանային կրակխառնիչ (ռուս.

Էջ 200, տ. 22. «... ուղարկիր ինձ Ա. Բուտկովսկու „Весталки“–ն Տե՛ս Александр Бутковский, „Весталки“ римские непорочные девы M., 1862

 

77. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 37 (73) II. Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նոր ուղի», 1931, N 3, էջ 140–142, ապա «Դիվան», էջ 317–321, ԵԼԺ, IV, էջ 157–160:

Էջ 205, տ. 10–12. «... եւ գոռոզ կեսարը իջնում է իր Կապիտոլիումի բարձունքից, որպեսզի փրկություն փնտրի Գողգոթայի ստորոտում » Խոսքը վերաբերում է հռոմեական կայսր Հուլիանոսին (331–363), «ուրացող» հորջորջմամբ, որը պայքարում էր քրիստոնեության դեմ, նպատակ ունենալով վերականգնել դիցապաշտությունը։ Ըստ ավանդության, մեռնելիս Հուլիանոսն ասել է՝ «Դու հաղթեցիր, գալիլիացի», խոսքն ուղղելով Քրիստոսին:

Էջ 207, տ. 3. « coup de baton » Գավազանի հարված (ֆր. ):

 

78. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 38 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ « Նորք», 1924, N 4, 163 –166, ապա՝ «Դիվան», էջ 250–256, ԵԼԺ, IV, էջ 163–167

Էջ 21, տ. 2. « Nocturna » Գիշեր (լատ.

Էջ 211, տ. 4. «... Շլոսսերի երկրորդ հատորի... » նկատի ունի Շլոսսերի «XVIII եւ XIX դարերի պատմությունը մինչեւ ֆրանսիական կայսրության անկումը... » աշխատությունը՝ Չեռնիշեւսկու թարգմանությամբ, ութ հատորով։ Նալբանդյանը ձեռքի տակ է ունեցել այդ թարգմանության առաջին հրատարակությունը (I եւ II հատորները, 1858թ. Շլոսսերի առաջին հատորը լույս է ընծայվել Ն. Չեռնիշեւսկու առաջաբանով, որը Պետրոպավլովյան բերդում շարունակում էր թարգմանել այն։

էջ 211, տ. 5. « Մակոլեի երկրորդ հատորի... » Մակոլեի երկերի ժողովածուն 10 հատորով ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել 1860–65թթ. ։ 

էջ 211, տ. 5. «... Դերվինուսի առաջին պրակի հետ... » Նկատի ունի Գերվինուսի (1805–1871) «XIX դարի պատմության» առաջին պրակի ռուսերեն թարգմանությունը: Այդ աշխատությունը բերդում թարգմանում էր Ն. Սերնո–Սոլովեւիչը։ 

Էջ 211, տ. 23. «... տրամադրելով Վինկելմաններին, Բեկերին... »–Վինկելման Իոհան Իոախիմ (1717–1768), գերմանացի հնագետ եւ արվեստի տեսաբան: Հեղինակ «Հին աշխարհի արվեստը» ուսումնասիրության, որտեղ քարոզվում էր անտիկ աշխարհի արվեստի պաշտամունքը (1764)։ Իր հանրահայտ «Լաոկոոն» տրակտատոմ Լեսսինգը (1766) բանավիճում է նրա հետ եւ սուր քննադատության ենթարկում Վինկելմանի իդեալիստական հայացքները։ 

Բեկ Խրիստիան Դանիել (1747–1832), գերմանացի բանասեր եւ պատմաբան։

էջ 212, տ. 4–5. « Հրեաների եւ Եգիպտոսի մասին հոդվածներում... » Նկատի ունի Կրաեւսկու եւ Լավրովի հանրագիտական բառարանը։ 

Էջ 212, տ. 23. «... այդ բոլորն ուղիղ մեր սիրելի Անանիայի աղբահորը նետելու բաներ են... » Ըստ երեւույթին այստեղ Նալբանդյանը նկատի ունի «Աղբահոր» անունով ուսանողական ձեռագիր երգիծական ամսագիրը կամ լրագիրը, որի խմբագիրը Անանիա Սուլթանշահն էր (տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, 1979, էջ 96 եւ հետո)։ 

էջ 213, տ. 2. « Ինչ վերաբերում է հայերի համակրությանը... » Ըստ երեւույթին նկատի ունի այն համախոսականը, որ Նախիջեւանի հասարակությունից Նալբանդյանի բազմաթիվ բարեկամներն ու համակրողները ներկայացրել էին սենատ՝ բանտարկյալ հրապարակախոսին ազատելու կամ նրա վիճակը թեթեւացնելու նպատակով

էջ 213, տ. 10. «... հրեա գիտնական հայր Ֆիրկովիչին... » Հրեա հնագետ եւ գրող (1786—1874), որը 60–ական թվականներին հրատարակել էր հին կտակարանի Ղրիմի Չուֆուտ–Կալեում գտած տեքստը, հատուկ հին եբրայական կետադրությամբ: Հավանորեն Նալբանդյանին հետաքրքրել էր հենց այս հրատարակությունը»։ 

Էջ 213, տ. 25. « Եթե Անանիան Ուստիմովիչին կամ Կովալսկուն նամակ գրի » Բժիշկներ, Նալբանդյանի ուսանողական շրջանի ընկերներից։ 1866 թ. Մոսկվայում լույս տեսավ Դ. Կովալսկու «Մարդու եւ կենդանիների տեսակային կյանքի ֆիզիոլոգիայի ակնարկներ» աշխատությունը, որտեղ նա պաշտպանում էր Դարվինի եւ Ռուլիեի մատերիալիստական տեսությունը։ Նրանց անունները շոշափվում էին Նալբանդյանի հարցաքննությունների ժամանակ։

Էջ 213, տ. 29. « Այժմ որտե՞ղ է ծառայում Ալաջալյանը... » Իսահակ Ալաջալյանը Նոր Նախիջեւանում հայտնի Ալաջալյան ընտանիքից էր, Մանուկ Ալաջալյանի որդին եւ Նալբանդյանի Գրիգոր եղբոր կնոջ՝ Ֆլորայի ազգականը: Ավարտել էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը եւ աշխատում էր Մոսկվայի բանվորական հիվանդանոցում։

Էջ 213, տ. 32. « Մոսկվայից իմ մեկնելու ժամանակ Մ. Ն. Պանովայի հետ նա այն քան էլ լավ հարաբերությունների մեջ չէր » Դերասանուհի Պանովան եղել է Մ. Նալբանդյանի ընկերոջ, այդ շրջանում արդեն վախճանված Ֆեոդոր Մաքսիմովիչ Ռուդնեւի մտերմուհին, որի հետ Նալբանդյանը ծանոթ է եղել 1857 թվականից։ Նալբանդյանի եւ Պանովայի փոխհարաբերության բնույթի եւ մտերմության աստիճանի մասին ճշգրիտ տվյալներ չկան։ Երվանդ Շահազիզը ենթադրում էր, որ տիկնոջ նկատմամբ Նալբանդյանը «յուր սրտի խորքում ավելի ջերմ զգացմունքներ է տածել, քան որ պահանջում էր սովորական բարեկամական պատվի ու հարգանքի արտահայտությունը» (տե՛ս «Դիվան», էջ 216)։ 

Էջ 214, տ. 1. « Ինչպե՞ս է Գրիշան » Նորնախիջեւանցի վաճառական Սարգիս Ալաջալյանի որդին, որի վաղահաս մահը հնարավորություն չտվեց նրան ավարտելու բժշկական բաժինը։ 

էջ 214, տ. 2. « ex officio » Ի պաշտոնե, ըստ պարտավորության (լատ.  

էջ 214, տ. 13. « Կյանքի մայիսը մի անգամ է ծաղկում » Նալբանդյանը քաղվածքը բերում է Ֆ. Շիլլերի «Հրաժարումն» բանաստեղծությունից։ 

Էջ 214, տ. 26–28. « Ուրախ եմ «Տրովատորի» եւ «Ռիգոլետոյի» մեջ Հովհաննես եղբոր կատարած վարժությունների համար » Խոսքը վերաբերում է Հովհաննես Սահրատյանին։ 

Էջ 215, տ. 4. « Այդ Պենելոպեի ձեւն է, երբ նա Ոդիսեւսի վերադարձին էր սպասում »: Այսինքն՝ ձգձգում էր ձեռագործի ավարտը՝ գիշերները քանդելով այն, ինչ գործել էր ցերեկը։ Նալբանդյանը այս իրադրությունը համեմատում է իր նամակը երկարացնելու ձգտումով նորանոր հարցեր մեջ բերելու հետ։ 

էջ 215, տ. 13. « in modo crudo » Հում ձեւով (լատ. ):

 

79. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 24, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 39 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1924, N 4, էջ 166–169, ապա՝ «Դիվան», էջ 256–261, ԵԼԺ, IV, էջ 170–173։ 

Էջ 219, տ. 5. «... կարդալով «История цивилизации»–ն ինձ ուղարկելու մտադրությանդ մաuին » Նկատի ունի Թոմաս Բոքլի (1821—1862) «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» գիրքը։

Էջ 219, տ. 7. «... երբ ես արդեն կարդացել եմ Գիզոյի նույնանման պատմությունը » Հավանորեն Նալբանդյանը նկատի ունի Գիզոյի «Եվրոպայի քաղաքակրթության պատմություն» գիրքը, որը ռուսերեն էր թարգմանվել 1860թ. ։ Գիզոն խոշոր բուրժուազիայի գաղափարախոսն էր, նա դասակարգային տարբերությունները հանգեցնում էր միայն ունեցվածքային հարաբերությունների, առանց տեսնելու անտագոնիստական դասակարգերի միջեւ մեկի շահագործումը մյուսի կողմից։ 

Էջ 220, տ. 23. «... քան թե քաշ գար ինչ–որ Անանյանի նախասենյակում » Մոսկվաբնակ խոշոր վաճառական։ Կան ենթադրություններ, որ իր «Մեռելահարցուկ» վեպում Նալբանդյանը որպես Հովնաթանյանի նախատիպ օգտագործել է Անանյանի (Հովնանյան Հովհաննես) որոշ գծերը

Էջ 221, տ. 23. « Ի դեպ կառքը, որ ես թողել էի Մոսկվայում եւ որն այժմ գտնվում է Կամենշչիկովի մոտ, նորոգման կարիք ունի »: Նալբանդյանը ձերբակալության ժամանակ հրաժարվել է նստել ոստիկանական կառքը՝ «սեւ կառետը» եւ Մոսկվա է ուղեւորվել Եկատերինոսլավի վրայով իր սեփական «տարանտասով»։ Ոստիկանապետի եւ նահանգապետի թույլտվությամբ, կառքը թողնելով Արբատի ոստիկանատանը, ինքը մեկնել է Պետերբուրգ։ Նորնախիջեւանցի վաճառական Կամենշչիկովը «հայրապետյան» կուսակցությունից էր, որին եւ հանձնարարել էր Նալբանդյանը վերանորոգել կառքը եւ հանձնել հարազատներին։ 

Էջ 222, տ. 11. « որովհետեւ Դոն Չեզար դե Բազանի հետ կրկնում եմ... » Խոսքը վերաբերում է ֆրանսիացի դրամատուրգ Դը էններիի համանուն դրամայի հերոսի մենախոսությանը

 

80. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՄԱՐՏԻ 2, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 

Ռուսերեն ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ, 40 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1924, N 4, էջ 169–172, ապա «Դիվան», էջ 261– 266, ԵԼԺ, IV, էջ 176 –180։ 

Էջ 226, տ. 11. « cornage » փողհարություն (ֆր.  

Էջ 226, տ. 26. « Ծիածանի» եւ «Մասյաց աղավնու» պաթոլոգիական վիճակն ինձ զարմացնում է »։ Խոսքը վերաբերում է Թեոդոսիայոմ Գաբր. վ. Այվազովսկու խմբագրությամբ հրատարակվող «Մասյաց աղավնի» եւ «Ծիածան Հայաստանյայց» կիսամյա հանդեսին, որ այդ ժամանակ անկանոն էր լույս տեսնում։ 

էջ 226, տ. 27. «... ասենք մյուս ամսագրերը ձախողվեցին գերազանցապես գրպանի թոքախտի պատճառով »: Նկատի ունի գլխավորապես «Հյուսիսափայլը» եւ «Կռունկ Հայոց աշխարհին», որ այդ ժամանակ բավականաչափ բաժանորդներ չունենալու պատճառով դադարել էին։ 

էջ 227, տ. 6. « bronchitis si bplex » բրոնխիտ։

էջ 227, տ. 6. « copilbalis » –Բրոնխների բորբոքման բարդ տեսակը

էջ 227, տ. 7. « puenmonia » Բրոնխիտի մի այլ բարդացումը, երբ բորբոքումն ընդգրկում է ոչ միայն մանր եւ խոշոր բրոնխների լորձաթաղանթը, այլեւ թոքերի ալվեոլները։ 

էջ 227, տ. 23. « Ամիսներն անցնում են, հույսերը թռչում են Տա աստված, որ մինչեւ զատիկ սենատը վերջ տա իմ այս վիճակին »: Սենատը Նալբանդյանի դատավճիռը կայացրեց միայն 1864թ. դեկտեմբերի 10–ին (տե՛ս «Տարեգրություն», էջ 291)։

էջ 228, տ. 8. «... վերջիններից ես խուսափում եմ այնպես, ինչպես Պուշկինը սեմինարիստներից » Նալբանդյանը նկատի ունի Պուշկինի «Եվգենի Օնեգինից» հետեւյալ տողերը. ՝ 

Не дай мне бог сойтись на бале

Иль при разъезде на крыльце

С семинаристом в жёлтой шале

Иль с академиком в чепце.

Қак уст румяных без улыбки

Без грамматической ошибки

Я русской речи не люблю

(гл. 3, стр. XXVIII) 

  1. C. Пушкин, Изб. Соч. в. 2–x т., т. 2, М., 1980, cтp. 54.

Էջ 229, տ. 5. « Ի՞նչ եղավ հավատարմագիրը, որ պետք էր Հնդկաստան ուղարկել »: Խոսքը վերաբերում է այն հավատարմագրին, որ Նոր Նախիջեւանի հասարակությունն ի դեմս քաղաքագլխի, պետք է ուղարկեր Կալկաթայի «Աբգար եւ ընկ. » առեւտրական տանը, որով վերջինս լիազորված կլիներ հնդկահայ կտակների տոկոսները ստանալու եւ Նախիջեւան ուղարկելու

էջ 229, տ. 6. « Հայրապետյանը ստացա՞վ, արդյո՞ք, այն թղթերը, որ քեզ էի տվել »։ Հավանորեն հնդկահայ կտակներին վերաբերող փաստաթղթեր եւ հաշիվներ

Էջ 229, տ. 8. Ինչպես է M–le Madelaine–ի առողջությունը Հնարավոր չեղավ պարզել հիշյալ օրիորդի անձնավորությունը։

էջ 229, տ. 13. «... ուղղակի չեմ կարող մի քանի խոսք չասել «Համբավաբեր Ռուսիո»–ի վախճանի մասին » Խոսքը վերաբերում է Միխայիլ Կատկովի խմբագրությամբ Մոսկվայում լույս ընծայվող «Pyccкий вестник» ամսագրին, որը ընդհատվել էր 1862թ. վերջերին եւ վերսկսվել 1863թ. սկզբներին, դարձյալ Կատկովի խմբագրությամբ եւ «Mocковские ведомости»»–ի հետ միասին դարձել ռուսական ռեակցիայի խոսափողը

Էջ 229, տ. 18. «... որ նրա (այսինքն, տեր Մովսեսի) համար վատ կլիներ, եթե նրա հարեւաններր չդադարեցնեին իրենց պարբերականները » Այսինքն՝ «Ճռաքաղը» եւ «Ռուսսկի վեստնիկը»։ Այստեղ խոսքը վերաբերում է Մոսկվայի եկեղեցու ավագ երեց Մովսես Ալամխանյանին, որի հետ մտերիմ էր Նալբանդյանը, քանի որ քահանան պատկանում էր «Հյուսիսափայլի» պաշտպանների թվին, աջակցում էր Ստ. Նազարյանին, Մատթեոս Վեհապետյանին: Անձնական բարեկամությամբ կապված էր նաեւ Մոսկվայի եկեղեցիների երեցփոխ Մելքոն Փանյանի հետ, որը նույնպես «Հյուսիսափայլի» ջերմ պաշտպաններից էր: Թե՛ Կատկովը, թե՛ Մսեր Մսերյանը եւ թե՛ Մովսես Ալամխանյանը բնակվում էին Արմյանսկի նրբանցքում, Լազարյան ճեմարանի դիմացը գտնվող տանը։ Ամենայն հավանականությամբ Մսեր Մսերյանը, որը Մովսես Ալամխանյանի թշնամիներից էր եւ դեռեւս 1857թ. իր օրագրությունների մեջ ակնարկում էր, թե Ալամխանյանի, Նազարյանի եւ Նալբանդյանի «գաղտնի նպատակը» այն է, որ իր ձեռքից առնեն Լազարյան դպրոցի կրոնի եւ հայոց լեզվի դասերը եւ, տերտերի հետ կռվելուց հետո, տնով տեղով դադարել էր հաղորդվելուց Մոսկվայի եկեղեցում, մի ինչ–որ տեղեկություն էր հաղորդել Կատկովին ճեմարանում տիրող տրամադրությունների եւ հենց Ալամխանյանի մասին, որը եւ շտապել էր տպագրել այդ իր պարբերականի մեջ: Անհավանական չէ, որ այդ լուրերը կա՛մ հաղորդել, կա՛մ տարածել է վաճառական Խալաթյանը ` «Կոմս Էմմանուելի հիշատակարանի» Բեգզադեն, որից խոստանում է վրեժ լուծել Նալբանդյանը ազատվելուց հետո (Խալաթյան Բեգզադեի մասին մանրամասն տե՛ս սույն հրատարակության Հ. III, էջ 361, 370 եւ հետո)։ 

Էջ 229, տ. 30. « Շնորհավորում եմ M–lle Mari Sultan–Schah–ի անցած ծննդյան տարեդարձը » Խոսքը վերաբերում է Անանիա Սուլթանշահի քրոջը։

 

81. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՄԱՐՏԻ 29, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ, 41 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1924, N 41, էջ 172–173, ապա՝ «Դիվան», էջ 266–267, ԵԼԺ, IV, էջ 181–182

Էջ 231, տ. 36. « Երեկ չէ մյուս օրը վարչությունից խնդրել եմ, որ գոնե զատկին թույլ տան տեսակցության » Ինչպես երեւում է Նալբանդյանի «Բերդի հիշատակարանից» 1863թ. ապրիլի 1–ին նա տեսակցություն է ունեցել եղբոր եւ այլ անձանց հետ (տե՛ս ԵԼԺ, IV, էջ 285)։ 

 

82. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ԱՊՐԻԼԻ 8, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 42 (73) II. Առաջին անգամ կրճատոuմներով տպագրվել է՝ «Ղազար Փարպեցու թուղթը... », էջ XVI–XVIII, Միք. Տեր–Գրիգորյանցի թարգմանությամբ, ապա՝ «Դիվան», էջ 268–274, ԵԼԺ, IV, էջ 186–190

էջ 237, տ. 17. « Շնորհակալություն նորին գերազանցությանը... » Նկատի ունի գեներալ Սիմեոն Սուլթանշահին:

էջ 237, տ. 31. «... բոլորը բաժանվեցին, մեկը կորած, մյուսը բանտարկված » հմմտ․ A. C. Грибоедов, , Горе от ума", действие 4, явкение 6, Ռեպետիլովի խոսքերը․

Все врознь, не говоря ни слова,

Чуть из виду один, гляди–уж нет другого

Իր նամակում Նալբանդյանը, հավանորեն, վերջին բառերը՝ «մեկը կորած, մյուսը բանտարկված», դիտավորյալ ավելացրել է՝ ակնարկելով իր վիճակը

էջ 240, տ. 21. « Իսկապես, ինչո՞ւ հատկապես Տիգրանյանին մերժեցին » Խոսքը վերաբերում է Սարգիս Տիգրանյանին (1812–1877), Ռասինի «Գորդիայի» թարգմանչին, որն այդ տարիներին լինելով Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի տեսուչ, ցանկացել  էր ամսագիր հրատարակելու թույլտվություն ստանալ: Ինչպես հայտնի է դառնում Նալբանդյանի նամակից, Տիգրանյանին այդ իրավունքը չի տրվել: Նալբանդյանը Տիգրանյանի հետ ծանոթ էր դեռեւս Նոր Նախիջեւանից եւ ջերմությամբ էր արտահայտվել նրա մասին իր «Հիշատակարանում» («Հյուսիսափայլ», 1859, N 1)։ 

էջ 240, տ. 17. « Երեւի Անանիան մոռացել է հայր Մովսեսին հաղորդել իմ շնորհավորանքը՝ նրա հարեւանի գրական ժողովածուն ընդհատվելու առթիվ » –Խոսքը վերաբերում է Միխայիլ Կատկովի «Pyccкий Becтник»–ին (տե՛ս 80–րդ նամակի ծանոթագրությունը)

Էջ 240, տ. 31. « Ո՞ւր է այժմ Սադա Դավիդովիչը » Խոսքը վերաբերում է վաճառական Սադա Ալեքսանդրյանին։

  էջ 241, տ. 12. « Այժմ մտքումս մի ընդարձակ ծրագիր ունեմ գրել «մեր լեզվի արմատական բարեփոխության մի փորձ » Աշխարհաբար լեզվի տեսական եւ գործնական խնդիրներին նվիրված Նալբանդյանի այս երեք աշխատությունն էլ մնացին անավարտ։ Թե ինչպիսի եռանդով էր Նալբանդյանը ձեռնամուխ եղել գործին եւ ինչպիսի արդյունավետությամբ էր աշխատում, ցույց է տալիս միայն այն փաստը, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում (ապրիլի 8–ից մինչեւ հունիսի 6–ը) նա գրում է աշխարհաբարի քերականության ներածությունից 15 մամուլ եւ քերականության մի քառորդը՝ 2–3 մամուլ, ընդամենը 17–18 մամուլ: Դժբախտաբար, Նալբանդյանի այս կարեւոր աշխատությունները, թեկուզ անավարտ վիճակում, որքան որ նա գրել էր, մեր ձեռքը չի հասել: Պահպանված առանձին հատվածներ տպագրվել են նախ «Լումայում» (1900, N 1), այնուհետեւ Նալբանդյանի երկերի 1903–1906 թթ. Ռոստովյան հրատարակության II հատորում (էջ 462–501), ԵԼԺ, III հատորում (էջ 321–341) եւ սույն հրատարակության IV հատորում (էջ 147)։ 

 

83. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ԱՊՐԻԼԻ 12, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն բնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 43 (73) I1: Առաջին անգամ տպագրվել է՝ «Ղազար Փարպեցու թուղթը», էջ 77–80, Միք. Տեր–Գրիգորյանի թարգմանությամբ, որոշ կրճատումներով, ապա՝ «Դիվան», էջ 274–278, ԵԼԺ, IV, էջ 193—196։

էջ 245, տ. 29 30. « Այս գրքոյկը պարունակում է ոմն Մադաթյանի անպետք ոտանավորները » Խոսքը վերաբերում է «Ճռաքաղի» աշխատակից, ցարական բանակի կապիտան Պետրոս Մադաթյանին, որը գրում էր բանաստեղծություններ աշուղական ոճով եւ կրոնաբարոյախոսական բովանդակությամբ: Սխալմամբ ուղարկված գիրքը ուներ հետեւյալ վերնագիրը՝ «Սեյեադ, զանազան երգք պ. Պետրոսի Տ. Հովսեփյան Մադաթյանց շամախեցվո Սայեադ մականվանյալ։ Ի լոյս ընծ. Ոսկան Տ. Գեւորգյան Հովհաննիսյանց Երեւանայ, Մոսկվա, տպ. Վոլդեմարու Գոթիե, 1857թ. »։

  էջ 246, տ. 12. « Սայաթ–Նովան» կարգին գիրք է, տպագրված Մոսկվայում 1853 կամ 1854 թվին » Սայաթ–Նովայի երգերի առաջին հրատարակության տարեթիվն է 1852–ը . Ախվերդյանի խմբագրությամբ եւ ծանոթագրություններով)։ Իր «Յաղագս հայկական մատենագրութեան ճառում» (1854–1855թթ. ) Նալբանդյանը միակողմանի մոտեցում էր ցուցաբերել Սայաթ–Նովայի վերաբերյալ, բնութագրելով նրա լեզուն որպես «զխառխարեալ եւ զխառնակեալն եկամուտ օտարաձայնութեամբ (սույն հրատ.,  հ. 11, էջ 49): «Աշխարհաբարի քերականության» վրա աշխատելու ընթացքում նա փոխել էր իր կարծիքը Սայաթ–Նովայի լեզվի վերաբերյալ, քանի որ փոխվել էր եւ նրա վերաբերմունքը բարբառների նկատմամբ, որոնց նշանակությունը համաժողովրդական լեզվի զարգացման գործում նախկինում թերագնահատվում էր նրա կողմից (տե՛ս Х. Саркисян. Микаел Налбандян  и вопросы языка. Ереван, 1955:

Էջ 247, տ. 1–2. « Ահա արդեն տասը տարի է անցել այն օրից, երբ այդ լեզվով լույս տեսավ առաջին գիրքը » Նկատի ունի Ստ. Նազարյանի «Վարդապետարան կրոնի  հասարակաց հայախոսությամբ» գիրքը, տպագրված Մոսկվայում, 1853թ. ։ 

Էջ 249, տ. 4—5. « Խնդրում եմ աշխատես քեզ հետ բերել «Սոս եւ Վարդիթերն» ու «Վերք Հայաստանին » Նալբանդյանը բարձր էր գնահատում Աբովյանի եւ Պռոշյանի այդ վեպերը: Այդ վեպերը նա մեծ չափով օգտագործում էր բանտում՝ հատկապես աշխարհաբարի քերականության ներածությունը շարադրելիս։ Ինչպես հայտնի է, Նալբանդյանը «Սոս եւ Վարդիթերը» նյութ դարձրեց հատուկ ուսումնասիրության («Կրիտիկա)։ «Վերք Հայաստանի» վեպի՝ Նալբանդյանի ձեռքի տակ եղած օրինակը իր նշումներով պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում (N 382)։ 

 

84. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ԱՊՐԻԼԻ 14, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 44 (73) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ղազար Փարպեցու թուղթը», էջ 81–84, Միք. Տեր–Գրիգորյանի թարգմանությամբ որոշ կրճատումներով, ապա «Դիվան», էջ 279– 285, ԵԼԺ, IV, էջ 200–204։

էջ 253, տ. 29. « ex post facto » Կատարված փաստից հետո (լատ. ):

էջ 253, տ. 33. « Ինձ համար շատ հետաքրքրական կլինի մի օր կարդալ «Կռունկում» մատնանշված հոդվածները » Հավանորեն նկատի ունի «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրի 1862թ. N N 7, 9 եւ 12–ում տպագրված Մարկոս Աղաբեգյանի «Բանաքննական» հոդվածաշարը, որոնց մեջ հեղինակն արծարծում է աշխարհաբարի զարգացման խնդիրները։

էջ 253, տ. 34. «... իսկ առայժմ հանգուցյալ Ախվերդովի կարծիքի մասին, թե «Տարոնի գավառում ավելի շատ, քան մի այլ տեղ, պահպանվել են լեզվի լավագույն ձեւերը » Հմմտ. «Սայաթ–Նովա», լույս գցած աշխատասիրութենով Գեորգա Ախվերդյան, Մոսկվա, 1852, Հառաջաբան, էջ ԻԳ։

էջ 256, տ. 31. «... որովհետեւ հայերը Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ժամանակներից առեւտրական որոշ կապեր են ունեցել ռուս կառավարության հետ »։ Ցար Ալեքսեյ Միխայլովիչի օրոք (1629–1676) զարգացում ապրեցին հայ–ռուսական տնտեսական հարաբերությունները: Այսպես, 1667թ. առեւտրական պայմանագիր կնքվեց Ռուսաստանի եւ Նոր Ջուղայի հայկական առեւտրական ընկերության հետ, որի զորությամբ հայ առեւտրականներին թույլ էր տրվում ազատ առեւտուր անել Ռուսաստանի հետ, այլ նաեւ Ռուսաստանի վրայով անցնել Արեւմտյան Եվրոպա

էջ 257, տ. 3. «( այստեղ ես հիշում եմ Դովրիտովին Անհայտ:

Էջ 257, տ. 11. « Satis est » բավական է (լատ.  

Էջ 257, տ. 11. « Ecce homo » ահա մարդը (լատ. ):

Էջ 257, տ. 32. « ես նյութեր եմ պատրաստում ֆիզիկո–ֆիզիոգիական, պատմա–աշխարհագրական մի մեծ աշխատության ներածության համար դրանով ես պարտական եմ Բոքլին »։ Նալբանդյանը իր այդ նյութերը օգտագործեց «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» աշխատության մեջ

Էջ 258, տ. 10. « նույնիսկ իր գերմաներեն Dnnner Wetter–ը » Գերմաներեն՝ «որոտ եւ կայծակ», վրդովմունքի եւ զայրույթի բացականչություն:

Էջ 258, տ. 12–13. « Հույս ունեմ, որ արդեն ստացել ես 12 թվակիր նամակս »։   Տե՜ս 83 նամակը:

Էջ 258, տ. 17. «... երիտասարդ Նազարյանցն այս ամառ կմտնի՞ արդյոք համալսարան » Խոսքը վերաբերում է Ստ. Նազարյանցի ավագ որդուն՝ Ֆրեդերիկոսին, որ 1863թ. պատրաստվում էր մտնել Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը

 

85. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ԱՊՐԻԼԻ 19, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 45 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 240–242, ապա՝ «Դիվան», էջ 285– 289, ԵԼԺ, IV, էջ 207–209։ 

Էջ 261, տ. 16. «... ինչպես ասում էր Լազար Իլիչը » Խոսքը վերաբերում է նորնախիջեւանցի վաճառական Ղազարոս Խաֆաֆյանին, Լազար Իլիչ Խաֆաֆովին, որը Կարապետ Հայրապետյանի առեւտրական գործակիցն էր Պետերբուրգում։ Նալբանդյանը նրա հետ ծանոթ էր մանկուց: Բակունինը Խաֆաֆյանի հասցեով էր ուղարկել «Երկրագործության» տասը օրինակը

Էջ 261, տ. 17–18. « Բոքլի գիրքը բոլորովին տարբեր հրատարակություն է, նախկինը տպագրված էր տանելի տառերով »։ Г. Т. Бокль, «История цивилизации в Англии, т. I, часть I, перевод К. Бестужева–Рюмина, изд. Николая Тиблена, СПб. 1863. «Նախկին» ասելով Նալբանդյանը նկատի ունի 1860–1862 թթ. ընթացքում «Отечественные записки» ամսագրում տպագրված Բոքլի գրքի հատվածական թարգմանությունը։ Նալբանդյանը բանտում ձեռնարկեց Բոքլի գրքի թարգմանությունը, որից միայն մի հատված է մեր ձեռքը հասել (1 հատորի XI գլխի սկիզբը)՝ «Հոգաբարձության համակարգությունը Լուդովիկոս XIV ձեռքով ներս է բերվում դպրության մեջ։ Այսպիսի դաշնակցության՝ մտածող դասակարգերի եւ կառավարող դասակարգերի մեջ հետեւանքի քննությունը» (հմմտ. Г. Т. Бокль, «Ист․ цивилизации в Англии, т. I․ часть I, 2–е исправ. изд. 1864, стp. 507–508): Բոքլին Նալբանդյանը նվիրել է իր «Հենրիկու Բոքլի հիշատակին» բանաստեղծությունը, որը գրված է հավանորեն հենց 1863թ. (տե՛ս սույն հրատ., հ. 1, էջ 121–123, 440)։ 

էջ 262, տ. 5–6. «... մոտ օրերս հավանորեն լույս կտեսնի Իլենկովի տեխնիկական քիմիայի երկրորդ հատորը Проф. П. Ильенков, Курс химической технологии, 2–е изд., т. 2, СПб., 1862. Այս աշխատության առաջին հատորը պահվում է Նալբանդյանի գրադարանում (N 22)

Էջ 262, տ. 14. « Սաշայի վերաբերյալ հայտնեցեք պ. Սանասարյանին » Խոսքը վերաբերում է Նալբանդյանի հորեղբորորդուն՝ Ալեքսանդրին։ Մկրտիչ Սանասարյանը (1818–1890) հայ խոշոր վաճառական էր, զբաղվում էր բարեգործությամբ, հովանավորսմ էր հայ ուսանողներին, մտերիմ էր Կարապետ Եզյանի հետ եւ հոգում էր Պետերբուրգի ազգային–պահպանողական խմբակցության գործունեության բոլոր ծախսերը։

էջ 262, տ. 21–22. «... Եթե պ. Եզյանցը ցանկանում է ինձ տեսնել» Խոսքը վերաբերում է Կարապետ Եզյանին, 60–ական թվականների պետերբուրգաբնակ հայ ազգային–պահպանողական խմբակցության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, որը մեծ ազդեցություն ուներ ազգայնորեն տրամադրված հայ երիտասարդության վրա: Նալբանդյանի հետ մտերմացել էր 1859 թվականից, երբ վերջինս եկել էր Պետերբուրգ թեկնածուական քննություններ հանձնելու։ Արգելափակման տարիներին նա այցելում էր  Նալբանդյանին

էջ 262, տ. 32. « t ête a tête գլուխ գլխի, երես առ երես (ֆր. )

էջ 263, տ. 23. «... որպեսզի առաքյալի նման ասի. «երիցս քարկոծ եղէց » Հմմտ. «Երիցս ձաղկեցայ։ Մի անգամ քարկոծ եղէ»։ Թուղթ առ կորնթացիսն, Բ, ԺԱ, 25

էջ 264, տ. 1. «... ես մեծ բավականությամբ տեսնվեցի մեր հարգելի «հավետ ազնիվ» բարեկամ պ. Նազարյանցի հետ »: Նալբանդյանի տեսակցությունը Նազարյանի հետ տեղի է ունեցել 1863թ. ապրիլի 16–ին։

էջ 264, տ. 13. « Անանիան հաջողությամբ կարող է խնդրել ամենաբարի Մարիա Նիկոլաենային, որ նա օժանդակի այդ բարի գործին »։ Խոսքը վերաբերում է դերասանուհի Պանովային, որը կարող էր համոզել Գրիգոր Ալաջալյանին շարունակելու ուսումը։ 

 

86. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՄԱՅԻՍԻ 1, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 46 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 242—245, ասլա՝ «Դիվան», էջ 289–294, ԵԼԺ, IV, էջ 213–216։ 

էջ 289, տ. 9. «... նոր վախճանված նշանավոր Սենտ Իլյեր Ժոֆրուան » Ֆրանսիացի հայտնի կենդանաբան Ժոֆրուան վախճանվել էր 1861թ. ։ Նրա գրչին են պատկանում կենդանաբանության գործնական կիրառման եւ օդընտելացման վերաբերյալ մի շարք հետազոտություններ, ինչպես նաեւ ընտանի կենդանիների ծագմանը նվիրված աշխատություններ»։ 

էջ 269, թ. 12–14. «... որ անհապաղ ընթանալով Ս. Ի. Ժոֆրուայի ուղիով, Կ. Ռուլյեն օդընտելացման առաջին հիմքը դրեց » Նալբանդյանի՝ բժշկական բաժնում սովորելու ժամանակաշրջանում առանձնապես մեծ ժողովրդականություն էր վայելում պրոֆեսոր Կարլ Ֆրանցեւիչ Ռուլյեն (1814–1855), Մոսկվայի համալսարանում կենդանաբանների դպրոցի հիմնադիրը, ականավոր կենսաբան–էվոլյուցիոնականը, փայլուն դասախոսը: Իր հայացքներով նա մոտ էր կանգնած հեղափոխական–դեմոկրատներին, աշխատակցում էր «Սովրեմեննիկին»։

 

87. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, ԵՎ ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ, 1863 Թ. ՀՈՒՆԻՍԻ 8 ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 47 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 246–248, ապա «Դիվան», էջ 295–298, ԵԼԺ, IV, էջ 219–221։

Էջ 277, տ. 9–10. OL. Hyosciamt spirit. salis ammoniaci. tinctura opi Դեղանյութ, որ օգտագործվում է որպես արտաքին քսուք, ցավազրկող:

Էջ 277, տ. 12. Из кулька в рогожку Համապատասխանում է հայկական առածին՝ «Մրից ելա, մրջուրն ընկա»:

Էջ 278, տ. 33. « Ե՞րբ, վերջապես, լույս կտեսնի Ռ. Պատկանյանի վաղուց խոստացած լրագիրը, որի մասին դու գրում ես »։ Խոսքը վերաբերում է Ռ. Պատկանյանի «Հյուսիս» շաբաթաթերթին, որը պետք է լույս ընծայվեր 1861 թվականին, սակայն պարբերական հրատարակությունների վերաբերյալ ստացվող նոր որոշումների հետեւանքով, որոնցից հետո միայն հնարավոր կլիներ քննել այդ հարցը, մերժվում է, եւ թույլտվությունը ստացվում է միայն 1863 թ. սեպտեմբերին

էջ 278, տ. 34. « Շատ ուրախ եմ Րեստենի վերաբերյալ » Րեստեն՝ Քերովբե Պատկանյանի գրական կեղծանունն էր։ 1863թ. նա պաշտպանել էր դոկտորական դիսերտացիա «Հայոց լեզվի կազմության մասին» թեմայով, որի առթիվ եւ իր գոհունակությունն է հայտնում Մ. Նալբանդյանը։ 

Էջ 278, տ. 35. « Խնդրում եմ բարեւս հաղորդես Կովալովսկուն եւ շնորհավորես նրա դիսերտացիայի վերահաս հաջողությունը » Դ. Կովալսկու «Մարդու եւ կենդանիների տեսակային կյանքի ֆիզիոլոգիայի ակնարկներ» աշխատությունը, որն ավարտվել էր 1863թ., լույս ընծայվեց 3 տարի անց, 1866–ին, երբ Նալբանդյանն արդեն կենդանի չէր

Էջ 279, տ. 7–8. « Նա ինձ ուղարկեց Բոկը՝ «Առո՛ղջ եղեք » Նկատի ունի Բոքի այդ երկի ռուսերեն թարգմանությունը՝ «Будьте здоровы!», СПб., 1862: Այս գիրքը Նալբանդյանն օգտագործել է «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան» գրելիս: Մի օրինսկը պահվում է Նալբանդյանի գրադարանում։

 

88. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 48 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նոր ուղի», 1931, N 3, էջ 142–145, ապա՝ «Դիվան», էջ 322–326, ԵԼԺ, IV, էջ 224–227

էջ 283, տ. 9—10. « Ինձ թվում է, որ այդ այնքան էլ մեծ չէ, թեեւ Ռոստովի բանսարկուն իր գիշատիչ աչքերն ագահորեն հառել է նրա վրա »։ Խոսքը վերաբերում է «Սեւերնայա պչելա» թերթին, որը տպագրվում էր Պետերբուրգում 1825թ. մինչեւ 1864թ. ։ Սկզբնական շրջանում այն խմբագրում էր Ֆ. Բուլգարինը, ապա 1831թ. հետո Բուլգարինը եւ Գրեչը, իսկ 1860թ. հետո Պ. Ուսովը: Թերթը աչքի էր ընկնում իր հետադիմական ուղղությամբ: 1863թ. թերթի Ռոստովի թղթակիցը մի վարկաբեկիչ հոդված էր  տպագրել Նոր Նախիջեւանի եւ նորնախիջեւանցիների մասին, չափազանցնելով քաղաքի եկամուտները

էջ 285, տ. 1–3. «Պ. Մորոզովը թող տպագրէ իր պատասխանը, ես չեմ կարող շուտով վերջացնել, որովհետեւ իմ անիծյալ հիվանդության հետեւանքով ինձ համար շատ դժվար է աշխատելը »։ Ռոստովի թղթակցի հիշյալ հոդվածին պատասխանել է Նոր Նախիջեւանի հայկական մագիստրատի ատենադպիր Մկրտիչ Մորոզովը, բայց նախիջեւանցիները չէին բավարարվել նրա պատասխանով եւ դիմել էին Միքայել Նալբանդյանին նրա եղբոր՝ Ղազարոսի միջոցով, որ նա մի ավելի զորեղ պատասխան գրի։ Ամենայն հավանականությամբ նյութերի սակավության եւ իր առողջական վիճակի վատթարացման  պատճառով Միքայել Նալբանդյանը ի վիճակի չեղավ գրել այդ պատասխանը:

էջ 285, տ. 7. «... իսկ տեսակցության ժամին, գոնե, վերջ կդնենք իտալական 5%–անոց տոմսակներին վերաբերող գործին »։ Խոսքը վերաբերում է հնդկական ժառանգությանը: Նալբանդյանը գումարը բերել է Նոր Նախիջեւան 18 իտալական 5 տոկոսաբեր տոմսակներով: Տոմսակներից 10–ը եղել են 1000–ական լիրե արժողությամբ, 1–ը՝ 500 լիրէ, 2–ը՝ 100–ական եւ 5–ը՝ 50–ական։ Բոլոր տոմսակների արժեքը եղել է 10, 950 լիրե։ 

էջ 285, տ, 10 −11. «... Զմյուռնիայից ժառանգության գործի համար եկած հայազգի Բաղդասարը, «Արշալույս Արարատյան» թերթի խմբագիրներից մեկը »։ Խոսքը վերաբերում է «Արշալույս Արարատյանի» խմբագիր Ղուկաս Բաթազարայնի որդուն, որը, որպես պատգամավոր Զմյուռնիայի եւ Մանիսայի հայ հասարակություններից, եկել էր Պետերբուրգ՝ 1848թ. Տրիեստում վախճանված ռուսահպատակ Գրիգոր Գուլասպյանի կտակով Զմյուռնիայի եւ Մանիսայի հայոց հիվանդանոցների օգտին կտակած 34 հազար ռուբլի գումարը ստանալու համար (տե՛ս «Արշալույս Արարատյան», 1867 թ., NN 714, 813)։ 

էջ 285, տ. 12–13. « Արշալույս Արարատյանը» մի անարգ թերթ է, որ պատիվ չի բերում հայ մամուլին.. ». Սկզբնական շրջանում Նալբանդյանը դրական կարծիք է ունեցել «Արշալույս Արարատյանի» մասին, իր «Մեռելահարցուկի» մեջ անվանելով այն «Զմյուռնո պատվական եւ անդրանիկ օրագիր», սակայն արտասահմանյան ճանապարհորդությունից եւ մասնավորապես Պոլսում լինելուց հետո, փոխել էր կարծիքը նրա խմբագրի՝ Ղուկաս Բալթազարյանի եւ թերթի մասին։ 

էջ 285, տ. 28. « pour amour propre » Ինքնասիրության, արժանապատվության համար (ֆր.  

Էջ 286, տ. 4. « idem » նույնը (լատ. )

 

89. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1863 Թ. ՀՈՒԼԻՍԻ 18, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 49 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 248—250, ապա «Դիվան», էջ 208–301, ԵԼԺ, IV, էջ 229–231։ 

Էջ 288, տ. 30. « Մի հոդված անգամ, մեր քաղաքի մասին, չեմ կարողանում գրել... » Նկատի ունի « Սեւերնայա պչելա» թերթին գրվելիք պատասխանը։ 

Էջ 289, տ. 1. « Kali yodatum » Դեղանյութ, որ անցյալում իբրեւ օծանելիք գործածվել է լյարդի հիվանդությունների ժամանակ

Էջ 290, տ. 17. « Խոստովանում եմ, որ չեմ կարող չզարմանալ Ռափայելի անհաջողությանը իր ձեռնարկած գործում » 1863 թ. հունվարին. Պետերբուրգում հրդեհի ճարակ դարձավ Ռափայել Պատկանյանի կնոջ մոր՝ տիկին Սանդուխտ Ամիդիի ծխախոտի ֆաբրիկան, որ ապահովագրված էր բավականին մեծ գումարով: Կասկածելով, որ հրդեհը սարքված էր ապահովագրական գումարը ստանալու նպատակով, տիկին Ամիդին դատի է տրվում, սակայն մեղադրանքը չի ապացուցվում, եւ տիկինը շահում է դատը։ Ահա դատին նախորդած այդ օրերին տիկնոջ պարտքերի դիմաց քիչ էր մնում, որ վաճառքի հանվեր նաեւ ծխախոտի ֆաբրիկային պատկանող տպարանը, որտեղ պետք է տպագրվեր «Հյուսիսը»։

Էջ 290, տ. 22. « Իսկ ի՞նչ եղավ ծխախոտի խանութը, գոլորշիացա՞վ »։ Բացի ֆաբրիկայից տիկին Ամիդին ուներ նաեւ ծխախոտի խանութ, որի տնօրինությունը հանձնված էր տիկին Ամիդիի եղբոր դուստր Մաքրուհու ամուսնուն, Ռափայել Պատկանյանի ավագ եղբայր Հովհաննեսին։ 

 

1 8 6 4

90. ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ, 1864 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 80 (73) II: Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 250–255, ապա՝ «Դիվան, էջ 301–310, ԵԼԺ, IV, էջ 237–242

էջ 296, տ. 35. « Ինձ շատ հետաքրքրում է Անդրեաս սրբազանի Նախիջեւան գալը... » Էջմիածնի Սինոդի անդամ Անդրեաս եպիսկոպոսը Մատթեոս կաթողիկոսի հանձնարարությամբ 1863 թ. դեկտեմբերին գնացել էր Նոր Նախիջեւան՝ եկեղեցական գումարների խնդիրը քննելու համար։ 

էջ 297, տ. 13. « Տնային եւ, օրենքի առաջ ոչ մի զորություն ու իմաստ չունեցող, վավերագիրը, որ սարքել է Գաբրիել Այվազովսկին... » Խոսքը վերաբերում է 1858թ. ամռանը խալիբականների եւ Հայրապետյանի համախոհների միջեւ կնքված «հաշտության» պայմանագրին, ըստ որի հայրապետյանները հրաժարվում էին Խալիբյանին առաջադրած դրամական հին պահանջներից: Շուրջ 185 հազար պարտքի դիմաց Խալիբյանը մուծելու էր միայն 62 հազար։ Դրա փոխարեն ստանձնելու էր Թեոդոսիայում բացվելիք իր անվան դպրոցի եւ տպարանի ծախսերը եւ այդ նպատակով նվիրաբերելու միանվագ 50 հազար ռուբլի։ 

Էջ 297, տ. 26. Aqua fontanea cuni saccharil aloi in flisis pulmonum բառացի՝ «աղբյուրի ջուրը եւ սպիտակ շաքարը թոքախտով հիվանդ թոքի մեջ»  գործածված է անօգուտ մի բանի իմաստով։ 

էջ 298, տ. 35. «... սեփական իրավունքներով եւ սովորություններով » Նկատի ունի Եկատերինա II–ի 1779 թ. նոյեմբերի 14–ի հրովարտակը նախիջեւանցիներին, որի ռուսերեն բնագիրը, թարգմանությամբ հանդերձ, Նալբանդյանը մեջ է բերել իր «Հիշատակարանում» («Հյուսիսափայլ», 1858, N 8, էջ 138–145)։

Էջ 200, տ. 4. par suffrage universale " Քվեարկության ընդհանուր իրավունք (ֆր.  

էջ 301, տ. 4. «... սպանեց ճանճին եւ իր անճոռնի թաթի միեւնույն հարվածով ջախջախեց տիրոջ գանգը » Նկատի ունի Կռիլովի «Անապատականը եւ արջը» առակը

էջ 301, 302, տ. 35, 1. « Նախիջեւանը պարտավոր չէ Թեոդոսիայում անկելանոց պահել, որտեղ ինչ–որ մի Խորենի վճարվում է տարեկան 2000 ռ. » Նկատի ունի Խալիբյան ուսումնարանը եւ Խորեն Նար–Պեյին, որը դասավանդում էր այնտեղ։

Էջ 302, տ. 4. «... այնուհետեւ թող նրանք թեկուզ համբուրվեն, մեզ ի՞նչ փույթ »։ Նկատի ունի Այվազովսկուն, Խալիբյանին եւ նրանց արբանյակներին

էջ 302, տ. 14. He все коту масленица Համապատասխանում է հայկական առածին՝ ամեն օր պապը գաթա չի ուտի։ 

 

91. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1864 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 22, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 50 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Նորք», 1925, N 5–6, էջ 255 N 256, ապա՝ «Դիվան», էջ 310– 311, ԵԼԺ, IV, էջ 243 –244;

 

92. ԲԱՆՏԻ ՊԱՐԵՏԻՆ, 1864 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անտիպ երկեր», 1935, էջ 635–636, ապա՝ ԵԼԺ, IV, էջ 245–246։ 

էջ 307, տ. 5–6. « Թույլ եմ տալիս ինձ խոնարհաբար հուսալու, որ Ձերդ գերազանցությունը չի մերժի իմ ամենախոնարհ խնդիրը »։ Ձեւականորեն Նալբանդյանին թույլատրվում է գրական աշխատանքով պարապել, սակայն փաստորեն ցարական կառավարությունն ամեն կերպ արգելակում է նրա հոդվածների տպագրությունը։ «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկայի» ձեռագրի վրա ցարական պաշտոնյաներից մեկը մակագրել էր. «Այս հոդվածը պետք է թողնել երրորդ բաժանմունքի գործերի մեջ, մինչեւ Նալբանդյանի դատական գործի ավարտը (տե՛ս «Անտիպ երկեր», էջ 634–637):

 

93. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1864 Թ. ՀՈՒՆԻՍԻ 17, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 51 (73) 11. Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է` «Պատմության եւ գրականության ինստիտուտի տեղեկագիր», 1938, N 1, էջ 236–237, ապա ԵԼԺ, IV, էջ 247–249։

Էջ 309, տ. 8–9. « Ինձ համար անհրաժեշտ է, որպեսզի նա չկարծի, թե եղբայրս այդ արել է իմ ներշնչմամբ... » Նալբանդյանի ավագ եղբայրը՝ Գրիգորը ամուսնացած էր Հարություն Խալիբյանի կողմնակիցներից եւ մտերիմներից մեկի՝ Սիմավոն աղա Ալաջալյանի եղբոր դստեր՝ Ֆլորայի հետ, որի հետեւանքով մտերմություն է ունեցել Խալիբյանի եւ Այվազովսկու հետ։ Ալաջալյանների խորհրդով նա դիմել էր Խալիբյանին եւ Այվազովսկուն՝ օգնելու բանտում տառապող Միքայելին։ Պահպանվել է Անանիա Սուլթանշահի՝ Միքայել Նալբանդյանի պատվերով Գրիգորին ուղղված նամակը, որտեղ նա գրում է. «Նախիջեւան, Երեցփոխյանին տունը, երբ Այվազր ճաշի է եղած Խալիբի եւ մյուս զենգիններու հետ, մեծ մարդ կարծելով նրանց կամ, Ալաջալովենց կարծիքին, խելքին հավատալով, խնդրվիլ ես, որ Խալիբը եւ Այվազը տերություն անին Միքայիլին, Ղազարոսին ալ կգրես, որ նա եւս Պետերբուրգ խնդրվի Այվազին այդ մասին: Կճանչնա՞ս արդյոք արած հիմարությունիդ չափը եւ արժեքը․ ասա՛, խնդրեմ, ո՞վ քեզ խնդրիլ էր, ո՞վ հրամայիլ էր այդ տեսակ քու աղեկությունդ, որ ամեն գեշութենեն գեշ է։ Ամոթ չէ՞ քեզ, որ դու այն զեւզեկներուն դիմաց քո եղբոր պատվական անունը ոտքի տակ առիր եւ նոցա, նորա թշնամիներուն խնդալու տեղիք տվիր, քո խելոք եղբորդ օրը հիմարներու ձգեցիր (Ամբողջ նամակը տե՛ս «Դիվան», էջ 333–335)։ 

Էջ 309, տ. 12–13. « Առանց ավելորդ երկարաբանությունների, այդ բոլորը ես կշարադրեմ նրան որքան կարելի է դյուրըմբռնելի » Նալբանդյանը գրե՞ց, արդյոք, Խալիբյանին իր եղբոր արարքի պատասխանը թե ոչ, մեզ հայտնի չէ։ Սակայն պետք է ենթադրել, որ նա այնուամենայնիվ գրել է այդ նամակը, քանի որ տասն օր անց Գրիգոր Նալբանդյանին գրած նամակում ասում է. «Դու ինձ հարկադրեցիր բողոք գրել նրան․ իսկ ես չէի կամենա որեւէ հարաբերության մեջ մտնել նրա հետ»։

Էջ 309, տ. 28. « Ես պահած ունեի Tinctu[ra] Belladonae » Օգտագործվում է ուժեղ ցավերի ժամանակ, որպես ցավազրկիչ:

էջ 309, տ. 30–31. «Սպասում եմ խոստացած ընդարձակ նամակիդ՝ ըստ Տրեդակովսկու պերճախոսության տեսության »: XVIII դարի բանաստեղծ Տրեդյակովսկու (1703–1769) աշխատությունները աչքի էին ընկնում իրենց դժվարամատչելիությամբ եւ երկարաբանություններով ։ 

Էջ 309, տ. 32–33. «... մոռացաք բերել Շերրիի վաղուց ի վեր խնդրածս գիրքը » Նկատի ունի Շերրիի՝ «Ընդհանուր գրականության պատմություն» աշխատության ռուսերեն թարգմանությունը («Всеобщая история литературы», որը լույս էր ընծայվել Պետերբուրգում 1863թ. ։ Այս գրքի մի օրինակը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում, Նալբանդյանի գրադարանում)։

Էջ 310, տ. 4–5. « Լո՞ւյս է տեսել արդյոք Պրուդոնի «Պատերազմ եւ խաղաղություն» գրքի երկրորդ հատորը » Խոսքը վերաբերում է 1864թ. Պետերբուրգում լույս ընծայված՝ Պրուդոնի «Война и мир», сследование о принципе и содержании международного права» աշխատության II հատորին

Էջ 310, տ. 12. « Իսկ ի՞նչ եղավ Տրովատորի տեքստի սրբագրությունը »: Խոսքը վերաբերում է Հովհաննես Սահրատյանի թարգմանությամբ լույս ընծայված Վերդիի «Տրուբադուր» օպերայի հրատարակությանը։ 

Նալբանդյանի արխիվում պահվող գրքի օրինակի վրա կա թարգմանչի ինքնագիր մակագրությունը. «Ազնիվ պարոնի Միքայելի Նալբանդյանց, այս թարգմանության տված բարի խորհուրդին համար նվիրում է թարգմանիչն»

 

94. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1864 Թ. ՀՈՒՆԻՍԻ 24, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսերեն ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 53 (73) II։ Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 331–333, ապա ԵԼԺ, IV, էջ 250 –252:

էջ 313, տ. 6. « Սերովբե եղբայրը կմնա. ես նրան խնդրել եմ այդ մասին ես այդ կանեմ, որպեսզի մորս պաշտպանեմ վիրավորանքից »: Պետք է ենթադրել, որ ինչ–որ տարաձայնություններ կային հոր՝ Ղազարոս Նալբանդյանի առաջին ամուսնությունից ունեցած Գրիգոր Նալբանդյանի եւ մոր հետ Ղազարոս Նալբանդյանի տուն եկած, մոր առաջին ամուսնությունից ունեցած Սերովբե Նալբանդյանի միջեւ, ժառանգության հարցում։

 

1 8 6 5

95. ՀԱՅՐ ԱԹԱՆԱԳԻՆԵԻՆ, 1865 Թ. ՄԱՐՏԻ 22, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՎԵՆԵՏԻԿ

Ինքնագիրը չի պահպանվել։ Նամակի հատվածը տպագրված է՝ «Կենսագրություն», էջ 153–154։ Ժամանակը վկայված է տողատակին արված ծանոթագրությունից. «Այս նամակի պատճենը մենք գտանք հանգուցյալի թղթերի մեջ. սա գրված է 1865թ. մարտի 22, Ս. Պետերբուրգից»։ 

Նամակը ուղղված է Մխիթարյան վարդապետներից մեկին՝ հայր Աթանագինեին, որով Նալբանդյանը հայտնում է վարդապետին իրեն ուղարկված գրքերը ստանալու մասին։ Ստացած գրքերը, որոնք հիշատակել է «Կենսագրության» մեջ Եր. Շահազիզը, հետեւյալներն էին. 1. Ներսես Շնորհալի «Ճառք եւ նամականի», Գրիգոր Տղա «Նամականի», Ներսես Լամբրոնացի «Նամականի», «էկլեզիաստիկե», «Մատենագրութիւնք Մովսիսի Խորենացու, Ղ. Ինճիճյան, «Նոր Հայաստան», Քաջունի «Հին Հայաստան», Իգնատիոս Լոյոլա «Հոգեւոր Վարժությունք»

96. [ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ] (?), 1865 Թ., ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է «Գաղափար, Լոնդոն, 1894, N 2, էջ 156, ապա «Անտիպ երկեր», էջ 687, ԵԼԺ, IV, էջ 255։ 

Ենթադրվում է, որ նամակն ուղղված է Անանիա Սուլթանշահին։

 

97. Ն. Մ. ՄԵԶԵՆՑՈՎԻՆ, 1865 Թ. ՀՈՒԼԻՍԻ 17, ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գրական ժառանգություն», 1938, Առաջին գիրք, էջ 57–58։ 

Էջ 316, տ. 10. «Ուստի դիմելով Ձերդ գերազանցությանը» Նալբանդյանի այս դիմումը մերժվեց։ 

 

98. «ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻԻ» ԽՄԲԱԳՐԻՆ

Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու Հայաստանի», 1865, N 25, էջ 196 –197, ապա՝ ԵԼԺ, IV, էջ 254։ 

Էջ 316, տ. 22. «... հայտարարությունս աշխարհագրական քարտեզի տպագրության մասին » Նկատի ունի «Հյուսիսափայլում» 1862թ. N 5 տպագրված հայտարարությունը

 

99. ՍԵՐՈՎԲԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1865 Թ. ՀՈՒԼԻՍԻ 26, ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 53 (68) II: Առաջին անգամ տպագրվել է «Դիվան», էջ 336, ապա ԵԼԺ, IV, էջ 255։ 

1865թ. մայիսի 31–ին Նալբանդյանը դուրս եկավ Պետրոպավլովյան բերդից եւ մինչեւ նոյեմբերի վերջը ապրում էր Պետերբուրգում, Ղազարոս Խաֆաֆյանի բնակարանոմ՝ Васильевский остров. Биржевой переулок, дом Мекяева

 

100. Ք. Տ. –ԻՆ, 1865 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15/3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԿԱՄԻՇԻՆԻՑ–?

Ինքնագիրը չի պահպանվել: Ուրիշի ձեռքով արտագրված պատճենը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 86 (76) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ղազար Փարպեցու գրած թուղթը», էջ XIX—XX, ապա «Դիվան», էջ 337, ԵԼԺ, IV, էջ 256: Պատճենը արտագրված է առաջին տպագրությունից։

Նամակը գրված է, ինչպես հայտնում է Նալբանդյանի առաջին կենսագիր Միքայել Տեր–Գրիգորյանը, իր բարեկամներից մեկին, սակայն ո՞վ է այդ բարեկամը, անհայտ է: Նամակի ամսագրի եւ թվականի կողքին դրված են Ք. S. տառերը, որոնք, հավանորեն, այդ բարեկամի անվան եւ ազգանվան սկզբնատառերն են։

էջ 317, տ. 16. «... ճանապարհին քաշածներս անտանելի էին իմ վիճակում... » –Երվանդ Շահազիզը «Դիվանում» (էջ 338) զետեղել է ոմն Մելքոն Աչոկովսկու նամակը, գրված Գրիգոր Նալբանդյանին Կամենկո կայարանից՝ 1865 թ. դեկտեմբերի 8–ին, Նալբանդյանի Կամիշին հասնելուց մեկ օր հետո։ «Հայտնեմ Ձեզ, գրում է նամակագիրը, որ ամսուս 6–ին եղբորդ Մուխալին ժանդարմով տեղեu անցուցել են, եւ պետք է կենա Կամիշին: Փոստի կայարանի վերակացուի ասմունքեն կերեւա, որ նա պիտի ըլլա. նա ասաց, որ չափազանց հիվանդ եղած է՝ չեխոտկա, հազիվ–հազ եւ շատ դժվարությամբ կերթա եղեր»

էջ 318, տ. 1–2. «... եւ ուր բժիշկ Նայդենովը կումիս է խմացնում տկարներին ». Նայդենով Դ. Ի. (1835–1884) Բժիշկ Կամիշինում, Նալբանդյանի համալսարանական ծանոթներից։ 

 

1 8 6 6

101. ԱՆՀԱՅՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ, 1866 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ, ԿԱՄԻՇԻՆԻՑ–?

Ինքնագիրը չի պահպանվել։ Ուրիշի ձեռքով արտագրված պատճենը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 86 (76) II: Առաջին անգամ նույն պատառիկը տպագրվել է՝ «Ղազար Փարպեցու գրած թուղթը», էջ II, ապա «Դիվան», էջ 339, ԵԼԺ, IV, էջ 260. Պատճենը արտագրված է առաջին տպագրությունից։ 

էջ 319, տ. 5–7. «... ուստի ինձ հարկ եղավ ամսույս 15–ից վաղօրոք խնդիրք զրել առ գավառապետն, որ հրաման հանե կամ ինքը տա մայիսի 1–ից մինչեւ օգոստոսի 15 երթալ Սամարի գավառը... » Նալբանդյանի սույն դիմումին 11I բաժանմունքի պետը փետրվարի 15–ին ներքին գործերի մինիստրին հայտնում է իր համաձայնությունը՝ Նալբանդյանին իր դիմումի համաձայն կումիսի բուժավայրը մեկնել թույլատրելու մասին։ (Տե՛ս «Տարեգրություն», էջ 311)։ 

 

102. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, 1866 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, ԿԱՄԻՇԻՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 54 (48) II. Առաջին անգամ տպագրվել է՝ «Նոր դար», 1892, N 96, էջ 3, ապա «Լումա», 1904, N 5, էջ 74–76, «Դիվան», էջ 340–341, ԵԼԺ, IV, էջ 257–258, ուղղումներով

Էջ 320, տ. 5. «... եւ բնավ սիրտ չունիմ ձեր անճոռնի կռիվները մտիկ անելու » Խոսքը վերաբերում է հոր՝ Ղազարոս Նալբանդյանի մահից հետո մնացած ժառանգու թյան հարցում եղած տարաձայնություններին։

 

103. ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, 1866 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 11, ԿԱՄԻՇԻՆԻՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ, 55 (46) II։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Դիվան», էջ 341–344, ապա ԵԼԺ, էջ 258–259։

էջ 321, տ. 12. «... թե որ անցյալ փոշտի եղբորս Ղազարոսին գրած գիրիս մեջ... » Այդ նամակը չի պահպանվել։

էջ 321, տ. 14. «... ինչու որ ան թերմաշ խնդիրը գրեցի Մագիստրատ » Խոսքը վերաբերում է նույն օրը, փետրվարի 11–ին Նոր Նախիջեւանի մագիստրատին՝ հոր ժառանգության շուրջը եղբայրների հարուցած վեճի առթիվ գրված խնդրագրին։ Այդ խնդրագիրը չի պահպանվել։ 

Էջ 321, տ. 20. «... պատասխանը հատուկ քո անունովդ գրիլ եմ հունվարի 28–ին » Այդ նամակը չի պահպանվել:

Էջ 321, տ. 26. «... թեեւ կելերլի կիդերլի է » Այսինքն՝ փոփոխական (թուրք. )

էջ 322, տ. 1–2. «... բռնածն ալ առաջվան չափ էջելմիշ չանիլ » այսինքն՝ չի տանջում (թուրք. ):

էջ 322, տ. 9. « Թե որ ապրիլի մեջ ճիճայիս ինձի տեսության գալը... » Խոսքը վերաբերում է Նալբանդյանի ավագ քրոջը՝ Վարվառե Մյասնիկյանին

Էջ 322, տ. 22. «... Մագիստրատ տված թուղթիս մեջ քեզի ալ եւ մամայիս ալ գրիլ եմ, ասիլ եմ, որ հորս մեռնելեն ետքը 3 աղբար, 1 քուր եւ մայրս մնաց » Նոր Նախիջեւանի մագիստրատին գրված խնդրագրի մեջ նշված է, որ ժառանգության նկատմամբ իրավունք ունեն ինքը՝ Միքայել Նալբանդյանը, Գրիգոր եւ Լուսեղեն եղբայրները. մայրը եւ քույրը՝ Գայանե Խաչատրյանը։ (Տե՛ս «Տարեգրություն», էջ 311)

Էջ 322–23, տ. 34 եւ 1. « Մամայիս արդխ բան ալ չեմ գրիլ, ինչու, որ չի հասկանալ, կասիք » Որդու բանտարկությունից հետո հոգեկան հավասարակշռությունը կորցնում են թե՛ հայրը՝ Ղազարոս Նալբանդյանը, թե՛ մայրը՝ Մարիանե Նալբանդյան–Չերչենյանը։ 

  «Հոր մահից հետո խելագարվում է նորա մայրը, գրում է Եր. Շահազիզը, եւ այդ դրության մեջ ականատես է լինում որդու թաղման հանդեսին: Պատմում են, որ երբ տնեցիք թաղումից վերադառնալով, տանը եւս շարունակում են լաց լինել, նա հարցնում է նոցա՝ «Ինչո՞ւ կուլաք»: Նոքա պատասխանում են՝ «Մենք կուլանք, որովհետեւ դուն հիվանդ ես»: Այն ժամանակ նա էլ սկսում է արտասվել: Եվ երբ նորան հարցնում են՝ «Ապա դուն ինչո՞ւ կուլաս, պատասխանում է, ինչպես չլամ, հանա տիրացու որդուս առին տարին, քարով զարկին գլուխը պատռեցին, արունը կվազեր... »: Խեղճ հիվանդը ոչ մի տեղեկություն չունենալով որդուց, կարծես, ինչպես որ ասում է այս մանրամասնությունները մեզ պատմող հանգուցյալի քույր Գայանեն, հոգով է վկայում նորա մահվան մասին» (տե՛ս «Կենսագրություն», էջ 111–112 ):