Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՎԵՐՋԻՆ ԵՐԳԸ 
       Ո՜վ անվախճան, անդրդուելի անմա՜հ սէր
Կապոյտ կարօ՛տդ ամպերուն հաւասար
Սիրոյ օրրան, սիրտըս աւեր, հոգիս առ։ 
       Տարիները անցան։ Կու գամ ես դողդոջ
Մագլցիլ նորէն կածաններէդ վեր բողբոջ
Սրբավայրիդ ծերունի մո՜գն ինքնակո՜չ։ 
       Ահա շի՛ւղ, քա՛ր ինձ հին յուշեր կը խօսին։ 
Դո՛ւն, Գողգոթա՛, ուր ներա հետ միասին
Երբեմն ելայ, սիրոյ սեւ խաչն իմ ուսին։ 
       Դո՛ւն, Գողգոթա, ուրկէ օր մ’ալ գլխահակ 
Ես վար իջայ, սիրտըս մահով տրտմունակ
Մարդկայնօրէն, իմ սուգի հետ միայնա՛կ։ 
       Դեռ համբոյրին շուքն ունի հոս ամէն ինչ
Դեռ իր պատկերն ունի կարծես ջուրը ջինջ
Ու իր երգին շեշտը նորէ՛ն ինչպէս ոչինչ։ 
       Բայց ճահճի թաց կղզեակին մը վրայ հեռուն 
Ուշ մնացած ծեր գորտ մ’ահա կը կռայ 
Կը լսէ՞ք. զո՛ւր. վերջին երգն է սէրերուն…։ 
       Լօզան, 1 Յուլիս 1909