Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀՈՎԻՒԸ 
       Գնա՜ց, գնա՜ց փոքրիկ հովիւը գնաց 
Հազար գիշեր, հազար օր
Դէպի բլուրն հեռաւոր 
Ուրկէ կը ծնէր հովիւին լուսնակը աղուոր… 
Հազար գիշեր, հազա՜ր օր
Ցուպը ձեռքին մէջ բռնած 
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       Ու սարերով, ու ձորերով ան գնաց 
Ճերմակ, ճերմակ ուլ մ’ուսին
Իր շուքին հետ միասին 
Դէպի հեռու, կապոյտ բլուրը Լոյսին
Բոպիկ ոտքերն արիւնած
Լացը կրծքին տակ պահած
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       —Փոքրիկ հովիւ, փոքրիկ հովի՜ւ ուխտագնաց 
Ըսէ՝ որո՞ւ ձգեցիր 
Ոչխարներդ ցանուցիր
Դարձիր, դէպի հողէ հիւղակդ դարձիր… 
Բայց փոքր հովիւն ուխտագնաց 
Սիրտն իր ձեռքին մէջ բռնած 
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       Հազար գիշեր ու հազար օր երբ գընաց
Լուսնին բլուրը հասաւ
Հոն ծեր Աստուածը տեսաւ՝ 
«Հիւանդ եմ, Տէր, սիրտս հիւա՛նդ է , ըսաւ
—Չունի՞ս սիրոյ մի դարման…— 
Սակայն տըղու մը նըման 
Ծերուկ Աստուածը լացաւ…։ 
       Այն ատեն, փոքր, բարի հովիւն ուխտագնաց
Մորթեց իր ուլը ճերմակ 
«Վա՜խ », ըսաւ ուլը ճերմակ 
Ու իր վէրքէն ծնաւ արեան ո՜ւղխ համակ
Հովիւ, որ ուղխը խմեց 
Մեռաւ… Բայց սէրը մեծ 
Աշխարհն ամբողջ ողողեց…։ 
       18 Մայիս 1910