Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀՈՎԻՒԸ 
       Գնա՜ց, գնա՜ց փոքրիկ հովիւը գնաց 
Հազար գիշեր, հազար օր , 
Դէպի բլուրն հեռաւոր 
Ուրկէ կը ծնէր հովիւին լուսնակը աղուոր… 
Հազար գիշեր, հազա՜ր օր , 
Ցուպը ձեռքին մէջ բռնած 
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       Ու սարերով, ու ձորերով ան գնաց 
Ճերմակ, ճերմակ ուլ մ’ուսին , 
Իր շուքին հետ միասին 
Դէպի հեռու, կապոյտ բլուրը Լոյսին , 
Բոպիկ ոտքերն արիւնած , 
Լացը կրծքին տակ պահած , 
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       —Փոքրիկ հովիւ, փոքրիկ հովի՜ւ ուխտագնաց 
Ըսէ՝ որո՞ւ ձգեցիր 
Ոչխարներդ ցանուցիր. 
Դարձիր, դէպի հողէ հիւղակդ դարձիր… 
Բայց փոքր հովիւն ուխտագնաց 
Սիրտն իր ձեռքին մէջ բռնած 
Գնա՜ց , գնա՜ց…։ 
       Հազար գիշեր ու հազար օր երբ գընաց , 
Լուսնին բլուրը հասաւ. 
Հոն ծեր Աստուածը տեսաւ՝ 
«Հիւանդ եմ, Տէր, սիրտս հիւա՛նդ է , — ըսաւ. 
—Չունի՞ս սիրոյ մի դարման…— 
Սակայն տըղու մը նըման 
Ծերուկ Աստուածը լացաւ…։ 
       Այն ատեն, փոքր, բարի հովիւն ուխտագնաց , 
Մորթեց իր ուլը ճերմակ 
«Վա՜խ », — ըսաւ ուլը ճերմակ 
Ու իր վէրքէն ծնաւ արեան ո՜ւղխ համակ. 
Հովիւ, որ ուղխը խմեց 
Մեռաւ… Բայց սէրը մեծ 
Աշխարհն ամբողջ ողողեց…։ 
       18 Մայիս 1910