Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՏՎԱԾՆԵՐ «ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

(Էջ 147)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Մ. Նալբանդյանի ֆ., 8-1/(7)։ Գրվել է 1863–64 թթ. ընթացքում Պետրոպավլովյան բերդում։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Լումա», 1900, գիրք 1, էջ 37–59։ Այնուհետեւ մտնել է ԵԼԺ III հատորը, ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը։

Պետրոպավլովյան բերդում Միքայել Նալբանդյանը սկսել էր մի ծավալուն լեզվաբանական աշխատություն, մասին չկարողացավ հասցնել ավարտին, Առաջին անգամ այդ աշխատության մասին հիշատակվում է 1863 թ. ապրիլի 8-ին եղբորը գրած նամակում. «Այժմ մտքումս, ասում է նա, մի ընդարձակ ծրագիր ունեմ, եւ որն արդեն, որքան հնարավոր է, մշակել եմ (իհարկե, մտովին), նույնիսկ ամենափոքր մանրամասնություններով՝ գրել «Մեր լեգվի արմատական բարեփոխության մի փորձ («Опыт радикальной реформы нашего языка»)։ Այնուհետեւ Նալբանդյանը ներկայացնում է իր աշխատության բովանդակությունը «... Շարադրել հնի քայքայման եւ նորի կազմավորման ընթացքը, եւ ըստ հնարավորության, նոր լեզվի երկու կարեւորագույն ճյուղերը հաշտեցնել միանգամայն հրաժարվելով ժողովրդի այժմ կենդանի լեզվում անգործածելի բոլոր ձեւերից, բացառությամբ, իհարկե, օտար բառերից՝ եթե ժողովուրդը գործածում է առանց կարիքի եւ առանց խտրության, շարադրել նոր լեզվի համեմատական քերականությունը՝ ըստ ինձ հայտնի տվյալների, զանազան տարեգրությունների եւ այն վայրերի հայերի լեզվի, որոնց բարբառները տեղական երանգ ունեն: Դրանից հետո գրել (հենց այստեղ) քերականության փորձ, որպես ձեռնարկ այն բոլոր դպրոցների համար, որտեղ լսվում է հայերեն խոսքը, (ԵԼԺ, հ. IV, էջ 189–190):

Այսպիսով, Նալբանդյանը ծրագրել էր ստեղծել երեք հիմնական մասերից բաղկացած միասնական մի աշխատություն, որը պիտի հետապնդեր ինչպես տեսական, այնպես էլ գործնական նպատակներ։ Նույն այդ 1863 թ. ապրիլի 8-ի նամակում նա գրում է. «Չգիտեմ, կհաջողվի՞ արդյոք ինձ շուտով այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն ստանալ, այնուամենայնիվ, վաղ թե ուշ, ես կկատարեմ այն՝ եթե միայն չմեռնեմ։– Այսպիսով, առաջին զբաղմունքը, որ ինձ սպասում է ազատվելուց հետո՝ հիշյալ աշխատանքն է։ Եվ մինչեւ որ չավարտեմ այդ խնդիրը՝ այնպես ինչպես ես եմ ցանկանում ավարտել՝ ոչ մի տող չեմ գրի, բացի, իհարկե, քննադատությունից եւ ինձ վրա եղած հարձակումների պատասխաններից, որոնց ես դեռ չեմ պատասխանել: Ես պարտքի տակ եմ» (ԵԼԺ, հ. IV, էջ 190)։

Նպատակը, որն իր առջեւ դրել էր Նալբանդյանը, այն է՝ գրել մի հանգամանալից, նոր հայերենի հիմնական պրոբլեմնեը ընդգրկող գիտական տրակտատ, անկասկած, դյուրին իրագործելի չէր։ Եթե հայկական լեզվաբանության մեջ հարուստ ավանդույթներ կային գրաբարի քերականության քննության ուղղությամբ, ապա աշխարհաբարի ուսումնասիրությունը տակավին նոր էր սկսվում։ Թե ինչպիսի բարդ ու աշխատատար գործ էր այդ, բանտային արգելափակման պայմաններում, կարելի է մակաբերել թեկուզ Նալբանդյանի 1863 թ. հունիսի 6-ին եղբորը գրեծծ նամակից. «Մի քանի օրից հետո, –ասում է նա, –ես կհասնեմ այն կետին, ուր եւ խարիսխ պիտի ձգեմ, որովհետեւ այս դեպքում ինձ հարկավոր կլինեն համարյա այն բոլոր գրքերը, որոնք մեր գրականության մեջ երեւացել են մեր պատմության, գրականության պատմության, եկեղեցական պատմության մասին եւ շատ ռուսերեն եւ եվրոպական լեզուներով գրքեր։ Մինչ այժմ գրածս մոտ 15 տպագրական թերթ է in , բայց հազիվ կազմի ներածության կեսը եւ քերականության քառորդը։ Ծանոթագրություններ դեռ բնավ չեմ գրել, որովհետեւ ձեռքիս տակ գրքեր չունեմ, իսկ այդ բոլորը դուրս գրելն անհարմար է եւ տաղտկալի։ Այն էլ պիտի ասել, որ քերականության վերլուծական մասը սկսած էլ չի կարելի այստեղ մշակել առանց նյութերի... եթե միայն երբեւիցե հաջողվի ինձ գլուխ բերել որոշած ծրագիրը, այս ամբողջ աշխատությունը 30–35 տպագրական թերթից in , պակաս չի լինի... » (ԵԼԺ, հ. IV, էջ 220):

Անհրաժեշտ նյութերի սուր պակասության հետեւանքով (չենք խոսում արդեն մյուս հանգամանքների մասին) Նալբանդյանը ստիպված է լինում որոշ չափով փոփոխել սկզբնական նախագծումները եւ սկսել «Աշխարհաբարի քերականությունից»։ 1863 թվականի ապրիլի 12-ին եղբորը հղած նամակում նա գրում է. «... Քանի դեռ մեզանում չկա քաղաքացիական լեզվի թեկուզ մոտավոր քերականությունը, ճշգրիտի մասին մտածելու անգամ դեռեւս անկարելի է. քանի դեռ այդ քերականությունը ուսուցիչների եւ աշակերտների ձեռքին չի լինի, նոր լեզվի գրականությունը ոչ մի առաջադիմություն չի ունենա»։ Երկու ամիս անց, Նալբանդյանը 1863 թվականի հունիսի 6-ին եղբորը գրած նամակում արդեն ավելի որոշակիորեն է խոսում «Աշխարհաբարի քերականության» վրա տարվող աշխատանքների մասին. «Դա կարելի է հրատարակել նաեւ առանձին, իբրեւ 8–10 թերթանոց գրքույկ, թեեւ առաջին հրատարակությունը լույս կտեսնի միանգամից, այսինքն, ներածություն, վերլուծական մասը եւ գրական քերականությունը»։ Եվ, ինչպես երեւում է այդ նույն նամակից, Նալբանդյանը սկսել էր ներածությունից—ընդհանուր տեսական մասից, որին նա մեծ նշանակություն էր տալիս։ Հենց այդ ներածությունից էլ մեզ են հասել որոշ պատառիկներ եւ Երվանդ Շահազիզը դրանք, իրավացիորեն, հրատարակել է «Աշխարհաբարի քերականության» ներածությունից» վերնագրով։ Ներածության բովանդակությունից արդեն երեւում է, որ այն նվիրված է եղել աշխարհաբարի քաղաքացիության իրավունքը հիմնավորելուն, մի բան, որ հուզել է Նալբանդյանին իր ամբողջ գրական-հասարակական գործունեության ընթացքում:

Միքայել Նալբանդյանը իր այս գործն ստեղծելիս աշխատել է մեծ ոգեւորությամբ։ Հայերեն գրքերի հետ միաժամանակ նրան հետաքրքրել են նաեւ ռուսերեն հրատարակությունները։ 1864 թվականի հունիսի 17-ին եղբորը գրած նամակում Նալբանդյանը խնդրում է իրեն ուղարկել էլոկվենցիայի (ճարտասանության) տեսության վերաբերյալ Վ. Կ. Տրետյակովսկու աշխատությունները։

Նալբանդյանի անձնական գրադարանում պահվում են մի շարք ռուսական լեզվաբանական աշխատություններ, որոնց թվում Ն. Գրեչի «Ռուսերեն քերականության սկզբնական օրենքները» (СПб., 1837), որի արժանիքները իր ժամանակին նշել է Բելինսկին, Վ. Նովակովսկու «Ռուս լեզվի ստուգաբանության դասընթացը» (СПб., 1858), որի աշխատությունները հայտնի էին մանկավարժական շրջաններում, գրախոսվում էին «Սովրեմեննիկում», հատկապես Դոբրոլյուբովի կողմից, քառահատոր ակադեմիական «Եկեղեցա-սլավոնական եւ ռուսերեն լեզուների բառարանը» (СПб., 1847), Ա. Կուբարյովի «Լատիներենի շարահյուսություն»-ը (СПб., 1837) եւ այլն։

Կան ենթադրություններ, որ Նալբանդյանը ծանոթ էր նաեւ Մ. Լոմոնոսովի «Ռուսերեն քերականության» հետ, որի հոբելյանական հրատարակությունը լույս էր ընծայվել 1855 թ., երբ Նալբանդյանը սովորում էր Մոսկվայի համալսարանում (տե՛ս X. Саркисян, Микаэл Налбандян и вопросы языка, Е., 1955, стр. 177–186): Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ էր նաեւ Բելինսկու «Ռուսերենի քերականության հիմունքները» աշխատության հետ, որը համարվում էր այդ ժամանակի լեզվաբանական լավագույն գործերից մեկը:

Նալբանդյանի լեզվաբանական հայացքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա ավանդույթները սերտորեն առնչվում են ռուսական առաջավոր լեզվաբանական գիտության ավանդույթներին, որոնց վրա հենվելով հայ գիտնականը ընթացավ ժողովրդի կենդանի լեզվով քերականություն ստեղծելու ուղիով:

Քերականության ներածության մեջ Նալբանդյանը շարունակում էր լեզվի զարգացման օրինաչափությունների քննությունը, մի հարց, որին նա անդրադարձել էր դեռեւս «Յաղագս հայկական մատենագրութեան ճառում»: Նա լեզուն դիտում է որպես մտածողության ձեւ, որը ծնվում եւ զարգանում է նրա հետ միասին, մատնացույց անում լեզվի օրենքների օբյեկտիվության վրա. «Հայտնի է թե լեզուն չի կարող կազմվել կամ փոխվել մի անհատի կամ խմբի ցանկությամբ եւ կամքով, լեզուն որպես ամբողջ ազգի սեփականություն կազմվում է կամ փոխվում է նույնիսկ այդ ազգի միջնորդությամբ, որ առանց պատճառի, առանց հարկի, առանց որեւիցե ազդեցության ոչ մի խոսք ավելացնում է եւ ոչ մի խոսք պակասեցնում կամ այլայլում, այլ լեզվի ամեն շարժողությունը, դեպի որ կողմը եւ լինի, լինում է որպես հետեւանք ներգործող պատճառի, որովհետեւ եւ տեսանելի առարկաների մեջ, որ ամեն օր մեր աչքի առջեւն են, շարժողությունը ինքը պատճառ չէ, այլ պատճառի հետեւանք»:

Իր «Ակնարկ 1847 թվականի ռուս գրականության խորագրով հոդվածում Բելինսկին ասում է. «Լեզվի ճակատագիրը չի կարող կախված լինել այս կամ այն անհատի կամայականություններից: Լեզուն ունի հուսալի եւ հավատարիմ պահապան: Այդ նրա սեփական ոգին է, սեփական հանճարը, այսինքն ինքը՝ ժողովուրդը» . Г. Бeлинский, Полн. собр. соч., т. X, стр. 282):

Այս աշխատության մեջ Նալբանդյանի լեզվաբանական մտածողության դեմոկրատիզմը երեւան է գալիս նաեւ բարբառների նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքից, որոնց նշանակությունը համընդհանուր ժողովրդական լեզվի զարգացման գործում նա առաջ թերագնահատում էր: Այդ խնդրում Նալբանդյանի տեսակետի փոփոխումը կապված էր հեղափոխական-դեմոկրատիզմի դիրքերին անցնելու, ինչպես նաեւ տեղական բարբառներով գրված գեղարվեստական գրականության, Խ. Աբովյանի, Պ. Պռոշյանի վեպերի գործնական փորձի հետ։

«Աշխարհաբարի քերականության» ներածությունը» դուրս է գալիս զուտ լեզվաբանական հարցերի սահմաններից: Այն չափազանց կարեւոր է նաեւ հեղինակի գեղագիտական հայացքների, մասնավորապես գեղեցիկի հասկացության ըմբռնման տեսակետից:

Գեղեցիկի մասին դատողությունները Նալբանդյանի լեզվաբանական աշխատության մեջ պատահմամբ չեն ծագել: Հարցը նրանում էր, որ գրաբարի կողմնակիցները փորձում էին իրենց բացասական վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ հիմնավորել հին լեզվի «գեղեցկությամբ», մշակվածությամբ, կատարելությամբ եւ նորի «կոպտությամբ», անմշակությամբ ու անկատարությամբ: Այսպես ծնունդ առավ գեղեցիկի հասկացության ընդհանուր գեղագիտական հարցադրման անհրաժեշտությունը, որը ենթարկված էր աշխարհաբարի կենսունակությունը առաջ քաշելու եւ հիմնավորելու խնդրին։ Նալբանդյանը բազմաթիվ փաստարկներով ապացուցում է գրաբարի կողմնակիցների տեսակետների անհամոզիչ լինելը. «... Գեղեցկություն խոսքը, –գրում է նա, —լոկ անզոր խոսք է, եթե գործ է դրվում հին լեզվի իրավունքը ջատագովելու համար», քանի որ լեզուն այլ պարտականություններ ունի, արվեստն այլ: Լեզուն ծառայում է մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում, նա սպասարկում է նրան իր բազմաձեւ գործունեության բոլոր ոլորտներում: Բավական չէ, - շարունակում է Նալբանդյանը, - որ Մխիթարյանները արվեստի կատեգորիան մեխանիկորեն փոխանցում են լեզվի կատեգորիային, նրանք գեղեցիկը մեկնաբանում են ինչպես մի բացարձակ, անփոփոխ հասկացություն: «Հայտնի է, ասում է նա, թե հին լեզվի գեղեցկության իրավունքը գեղեցկության եւ այս կատեգորիայով չե կարող հաղթել նոր լեզվի իրավունքին»:

Մխիթարյանների իդեալիստական հայացքների դեմ բանավիճելու ընթացքում Նալբանդյանը շարադրում է գեղեցիկի իր ըմբռնումը. «Գեղեցկության մոտավոր սահմանը, բնության մոտ լինելը կամ բնության նմանվելն է, ասացին. այստեղ բնությունը, ուրեմն, ստացավ չափի պաշտոնը... »: Արդեն նշվել է, որ վկայակոչելով «ասացին»-ը Նալբանդյանը ելնում էր Չեռնիշեւսկու նշանավոր բանաձեւումից՝ «Գեղեցիկը՝ կյանքն է» (տե՛ս  Արսեն Տերտերյան, Նալբանդյանի էսթետիկան, «Գիտ. աշխատություններ», Երեւանի պետական համալսարան, հ. X, 1939, էջ 104–105)։

Հետագայում Աշոտ Հովհաննիսյանը ընդունելով, որ «Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր Չեռնիշեւսկու էսթետիկական հայացքներին, այլեւ հաճախ արձագանքում էր դրանց», միեւնույն ժամանակ հնարավոր էր համարում, որ «ասացին» բառի տակ պետք չէ անպայմանորեն տեսնել մի որոշակի անհատի, այլ բոլոր այն գեղագետներին, որոնք այսպես կամ այնպես գեղեցիկի հասկացությունը կապել են բնության հետ: «Այս առումով, –շարունակում է Աշոտ Հովհաննիսյանը, Նալբանդյանը կարող էր նկատի ունենալ ոչ միայն Չեռնիշեւսկուն կամ Դոբրոլյուրովին, Գերցենին կամ Բելինսկուն, այլեւ էսթետիկայի ռեալիստական հոսանքի հին ու նոր ներկայացուցիչներին առհասարակ, որոնցից հիշեցեք Բուալոյի, Լեսսինգի, Դիդրոյի եւ ռուս գրական ռեալիզմի–նատուրալ դպրոցի–հանճարեղ հիմնադիրների ու տեսաբանների անունները» (Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գիրք 2, Ե., 1956, էջ 419–420):

Ընդունելով այս ճշտումը, համենայն դեպս, պետք է ընդգծել, որ Չեռնիշեւսկու ուսմունքը գեղեցիկի մասին իրենից ներկայացնում էր մատերիալիստական գեղագիտության զարգացման մի նոր փուլ, որն իր մեջ էր կուտակել համաշխարհային եւ ռուսական գեղագիտական մտքի բոլոր նվաճումները (տե՛ս Г. Соловьев, Эстетические воззрения Чернышевского и Добролюбова, М., 1974, стр. 58 и сл. ):

Եվ բնական է, որ Նալբանդյանը առաջին հերթին հենվում էր Չեռնիշեւսկու վրա, որի անունը ուղղակիորեն տալ չէր կարող գրաքննչական նկատառումներով, ինչպես այդ չէր կարող անել եւ իր «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատության մեջ, երբ մեջ էր բերում Չեռնիշեւսկու «Համայնական հողատիրության դեմ եղած փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատություն» հոդվածը:

Ըստ Նալբանդյանի, գեղեցիկը օբյեկտիվ կերպով գոյություն ունի բնության մեջ, այսինքն՝ իրականության, կյանքի մեջ: Բնությունը հանդիսանում է գեղեցիկի չափանիշը, նրա բարձրակետը: Գեղեցիկը այն է, ինչ արտացոլում է բնության օբյեկտիվ գեղեցկությունը:

Իր գեղագիտության մեջ Նալբանդյանը ելնում էր իմացության էության մատերիալիստական պատկերացումներից, մերձենալով մարքսիստական արտացոլման տեսությանը, օբյեկտիվ իրականության բարդ, դիալեկտիկական իմացության հայտնաբերմանը:

Գեղեցիկի բանաձեւի մեջ Նալբանդյանը «բնություն» ասելով հասկանում էր ամբողջ օբյեկտիվ աշխարհը, ներառյալ նաեւ մարդուն: Դիտելով մարդուն, որպես բնության մի մասնիկ, Նալբանդյանը, ինչպես եւ Չեռնիշեւսկին, կանգնում էր մարդաբանության դիրքերի վրա։ Այստեղից էլ հայ փիլիսոփայի մատերիալիզմի սահմանափակությունը, որը երեւան է եկել ոչ միայն նրա սոցիոլոգիական եւ տնտեսագիտական հայացքներում, այլ նաեւ գեղագիտության մեջ, որտեղ արվեստը չի բացահայտված որպես հասարակական գիտակցության ձեւ:

Սակայն, ի տարբերություն Լյուդվիգ Ֆոյերբախի, Նալբանդյանը մարդուն դիտում է ո՛չ իբրեւ վերացական օբյեկտի, ո՛չ որպես «մարդու ընդհանրապես», այլ որպես որոշակի ազգության, հասարակության, դասակարգի ներկայացուցչի:

Քերականության ներածության մեջ Նալբանդյանը հոգեկան, գեղագիտական պահանջները կախման մեջ էր դնում մարդու նյութական պայմաններից. «…Ամեն բանից առաջ եթե մենք պետքի քաղցը չկշտացնենք, մեր գոյության հավասարակշիռը կթեքվի եւ այնուհետեւ ոչ Ռաֆայելի Մադոննան կարող է փրկել մեր անձը եւ ոչ Բելվեդերյան Ափրոդիտեն… Պարզ է թե պետքը նախընտրելի է քան թե գեղեցկությունը, որովհետեւ կյանք չկա, եթե պետքերը չգոհացվին»:

Նալբանդյանը գիտեր, որ ժողովրդին օտար չէ գեղեցիկի զգացողությունը, սակայն շահագործական հասարակության մեջ ժողովուրդը «օտարվում է» արվեստից եւ միայն սոցիալ-տնտեսական առաջընթացը անխուսափելիորեն կներմուծի ժողովրդի մեջ հոգեկան պահանջների աճ ընդհանրապես եւ գեղագիտական՝ մասնավորապես։

Մարդը ծարավի է գեղեցիկի հենց իր կյանքի մեջ: Եվ այդ իսկ պատճառով նա ձգտում է վերափոխել կյանքը համաձայն իր իդեալների: Հենց այստեղ է գեղեցիկի մասին Նալբանդյանի ուսմունքի հեղափոխական-դեմոկրատական պաթոսը:

Էջ 147, տ. 7. «Առաջին անգամ մեր ժողովրդական լեզուն մամուլի տակ ընկավ  Թյուրքիո մեջ…»— 1727 թ. Մխիթար Սեբաստացին Վենետիկում հրատարակում է արեւմտահայ աշխարհաբարի առաջին քերականությունը («Դասն քերականության աշխարհաբառ լեզուին հայոցս»): 1752 թ. լույս է տեսնում Պաղտասար Դպրի «Բարեւա-գիրքը», որ պարունակում էր աշխարհարար նամակների եւ պայմանագրերի ձեւեր: 1760 թ. նույն Պաղտասար Դպիրը հրատարակում է «Գիրք քերականության» աշխարհաբար ձեռնարկը, գրաբարի ուսուցումը դյուրացնելու նպատակով:

Արեւմտահայ աշխարհաբարով են գրված Խ. Սյուրմելյանի «Համառոտ թվաբանությունը» (1788), եւ Ղ. Ինճիճյանի «Տեսություն համառոտ հին եւ նոր աշխարհագրության», (1791), երկուսն էլ տպագրված Վենետիկում:

XIX դարի առաջին կեսին Թուրքիայում եւ գաղթօջախներում լույս տեսնող հայերեն պարբերականների մեծագույն մասի լեզուն աշխարհաբարն էր՝ պոլսահայ բարբառը, որի հիմքի վրա հետագայում մշակվեց արեւմտահայ գրական լեզուն («Տարեգրություն», «Եղանակ Բյուզանդյան», «Դիտակ Բյուզանդյան», «Շտեմարան պիտանի գիտելյաց», «Արշալույս Արարատյան», «Մասիս», «Բազմավեպ», «Եվրոպա»:

Էջ 149, տ. 1. «Մեռնողին սիրողը պիտի նորա ժառանգին խնամ տանի…» Նկատի ունի Ստ. Նազարյանի «Հայկական լեզվի խորհուրդը» հոդվածը («Հյուսիսափայլ» 1858, 1). «…Հին լեզուն, որ յուր հյութը եւ ծուծը տվել էր նոր լեզվին, եւ այդպես լցուցել էր յուր մայրականությունքը դեպի մանուկը, այնուհետեւ թող մեռնի նա, կենդանի յուր մանուկի կենդանությամբ» (Ստ. Նազարյանց Երկեր, հ. 1, Թիֆլիս. 1913, էջ 37): Այդ մասին տե՛ս  Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1979, էջ 491:

Էջ 150, տ. 2. «Քան թե այն տունը, ուր Քրիոտոսի 79 թվականին վերջին անգամ ճաշ կերավ երեց Պիլինիոսը» Վեզուվի ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. 79 թ. օգոստոսի 24-ին. Նալբանդյանի մոտ ստացվում է այնպես, որ Պլինիոս Ավագը բնակվում էր Պոմպեյում, մինչդեռ նա այդ շրջանում զբաղեցնում էր Միզենյան նավատորմիղի պետի պաշտոնը: Վեզուվի ժայթքման ժամանակ բնության այդ ահեղ եւ հազվադեպ երեւույթը մոտիկից դիտելու նպատակով նա նավով մոտենում է ափին եւ զոհվում: Այդ իրադարձության մանրամասնությունները, ինչպես նաեւ Վեզուվի ժայթքման ու քաղաքի ավերման նկարագրությունը տե՛ս Պլինիոս Կրտսերի՝ Տակիտոսին գրված նամակում:

Էջ 152, տ. 12. «…եւ ոչ Բելվեդերյան Ափրոդիտեն» Նալբանդյանը սխալմամբ Բելվեդերյան Ապոլոն ասելու փոխարեն ասել է Ափրոդիտե։ Բելվեդերյան Ապոլոն է կոչվում Լեոքարոսի մեր թվարկությունից առաջ 350–340 թթ. ստեղծած բրոնզե Ապոլոնի հռոմեական մարմարե կրկնօրինակը, որը մի ժամանակ տեղադրված է եղել Վատիկանյան Բելվեդերում (բաց լոջայում, օթյակում), այստեղից էլ Բելվեդերյան անվանումը:

Էջ 153, տ. 22. «…կամ ֆլորենտացուն ստիպիլ, որ Դանթեի  Աստվածային կատակերգությունը  լատիներեն թարգմանե ու կարդա» Ֆլորենտացի հանճարեղ բանաստեղծ Դանթեն հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողը: Հիմք ընդունելով տոսկանյան բարբառը, նա այն հարստացրել է ուրիշ բարբառներից փոխ առնված արտահայտություններով, լատինաբանություններով եւ նորաբանություններով։

Նոր իտալերենով էր գրված ոչ միայն «Աստվածային կատակերգությունը», այլեւ Դանթեի ստեղծագործության առաջին շրջանի երկերը՝ սոնետներն ու կանցոնաները:

Էջ 155, տ. 4. «…Շամիրամը իր թալիսմաններով եւ առլեզներով չե կարանում Արայի նոր անշնչացած դիակը կենդանացնել» Ակնարկը վերաբերում է Մովսես Խորոնացու հաղորդած «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելին։

Էջ 156, տ. 3. «Իրավունք ունի Բեկոնը, մինչ ասում է… «Կարդալը հարստացնում է մարդու միտքը…» Մեջբերումը վերցված է անգլիական նշանավոր մատերիալիստ-փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլանտիդա, Փորձեր ու խրատներ բարոյական եւ քաղաքական» աշխատությունից (տե՛ս  Френсис Бекон, Новая Атлантида, Опыты и направления нравственные и политические, перевод З. Е. Александровой, М. 1926, стр. 131): Այդ մասին տե՛ս Ս. Դարոնյան, Շեքսպիրը Միքայել Նալբանդյանի եւ նրա ժամանակակիցների ընկալմամբ, «Շեքսպիրական», հ. 5, Ե., 1975, էջ 189։

Էջ 157, տ. 12. «Բայց, լսում ենք, այստեղ բարձրանում են ձայները, թե «նոր  լեզուն առաջացել է տաճկական տրամաբանության տակ…» Ակնարկը վերաբերում է Խորեն Գալֆայանին եւ Մարկոս Աղաբեգյանին; Գալֆայանը իր «Արշակ Բ» ողբերգության առաջաբանում գրել է. «Կարելի՞ էր ողբերգության դյուցազանց բերանը դնել այն աղճատjալ, օտար եւ խորթ բառերով ու բացատրությամբ լեցուն լեզուն՝ որ ռամկորեն անարգ անունը վերան կկրե։ Բարեբախտաբար մեր հայրենի հին լեզուն կեցած է. առատ՝ մանավանդ թե անսպառ հանք մը՝ ուսկից պետք է մեր նոր լեզուն իրեն կանոն, հարստություն ու զարդարանք փնտռե»։

Բանավիճելով Խորեն Գալֆայանի հետ, Մարկոս Աղաբեգյանը «Փարիզ» անուն կիսամյա լրագրին, երկրորդ տարվա 57, 58, 49 թվերումը, Բաթավիայից Ա. Պ. Աղանուր անուն ստորագրությամբ հրատարակված մի գրվածքին, «Հայոց Աշխարհի Կռնկան պատասխանը» հոդվածում գրում է. «Տաճկաստանու Հայոց խոսուն լեզուն զգալի կերպով տարբեր է գրավոր լեզվից, իրանց լեզուն ամեն մասամբ օսմանցվոց լեզվին վրա օրինակված է, իսկ գրավոր լեզուն իտալական, գերմանական, ֆրանսիական եւ անգլիական լեզուներ ու ուղղությամբ գրաբառ բառերով տաճկական բարբառին վրա հիմնված բոլորովին արհեստական բան է…

Թուրքաբնակ հայք, եթե ոչ ամենքը, գեթ մի մասամբ, կարծում են, որ բավական է այս մասին աշխարհաբառը գրաբառին մոտեցնելով գրել եւ այնպեսով կամաց-կամաց գրաբառին հետ ընտունենալով, աշխարհիկը դեն գցել եւ հիրավի իրանց դրվածքներու ուղղությունը դեպի այս ճանապարհին է դիմում. մենք այս ընթացքը մոլար ենք կարծում»: Եթե գեր. վարդապետին ասածին ականջ դնելու եւ օրինակին հետեւելու որ լինինք, պետք է, որ պոլսահայ բարբառը նախադասելի համարինք Հայոց աշխարհի բարբառներուն…» (տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, Գ տարի, թիվ Բ, էջ 661–670):

Էջ 158, տ. 28. «Հայտնի է թե Եհովան շատ վաղ էր մի այդպիսի ժողովրդի համար» Աստծու անունը հուդաիզմում, որը թարգմանվում է կամ «միշտ ներկա եղողը, կամ «ամեն ինչի ստեղծողը»: Այստեղ Նալբանդյանը օգտագործել է ինչպես միաստվածության գաղափար:

էջ 159, տ. 11. «…նաեւ մարդադիր եւ ժողովրդական կանոններ, որ հայտնի են  Թալմուդի անունով» Թալմուդ-հուդաիզմի կրոնա-էթիկական եւ իրավական օրենքների հավաքածու, որը ստեղծվել եւ հավաքվել է մեր թվարկությունից առաջ IV դարից մինչեւ մեր թվարկության V դարը: Բաղկացած է երեք մասից. 1. Միշնա, 2. Գալախա եւ 3. Ագգադա:

Թալմուդը ներծծված է մարդու՝ աստծուց կախման մեջ լինելու, սոցիալական պայմանների անփոփոխելիության եւ համբերատարության գաղափարախոսությամբ:

Էջ 159, տ. 25. «Մինչեւ Ֆրանկլինի շանթարգելը» Նկատի ունի 1752 թվականին Բենիամեն Ֆրանկլինի կողմից ստեղծած շանթարգելը:

Էջ 160, տ. 21. «Հայտնի է, թե հայոց ազգը գեդեոնյան բրդի, կամ մովսիսյան  մորենու սքանչելի որակությունը չէր կարող ունենալ…» Ըստ Աստվածաշնչի անկեղ մորենին վառվում էր հրով եւ չէր այրվում. «Երեվացաւ նմա (Մօսէս) հրեշտակ Տչ ի բոցով հրոյ ի միջոյ մորենւոյն: Եւ տեսանէր, զի մորենին վառեալ էր հրով եւ ոչ այրիւր մորենին» (Ելք, Գ, 2):

Ցանկանալով տեսնել աստծու հրաշքը: Գեդեոնը մի փաթիլ բուրդ է դնում կալի մեջ եւ ասում, եթե անձրեւը թրջի միայն բուրդը եւ չորս կողմը լինի ցամաք, այն ժամանակ ես կիմանամ, որ դու ուզում ես իմ ձեռքով փրկել Իսրայելը: Հրաշքը կատարվելուց հետո Գեդեոնը այս անգամ պահանջում է, որ բուրդը մնա չոր, իսկ չորս կողմի հողը ծածկվի անձրեւով։ Աստված արարում է այս հրաշքը եւս. «եթէ լինիցի անձրեւ ի վերա գզաթան միայն եւ ի վերայ ամենայն երկրի ցամաքութիւն… եւ եղեւ այնպէս… եւ եղիցի միւս անգամ ցամաքութիւն ի վերայ գզաթան միայնոյ. եւ ի վերայ ամենայն երկրի եղիցի անձրեւ… եւ եղեւ ցամաքութիւն ի վերա գզաթուն միայնոյ. եւ ի վերայ ամենայն երկրի եղեւ ցամաքութիւն ի վերա գզաթուն միայնոյ. եւ ի վերայ ամենայն երկրի եղեւ անձրեւ»: (Դատաւորք, գլ. Զ, 31):

էջ 161, տ. 18. «Chapeaux beaux degetent puriste» Ֆրանսերեն նախադասությունը գրված է սխալներով, պետք է լինի՝ «Les leaux chapeaux degoutent le puriste», որը նշանակում է «Գեղեցիկ գլխարկները զզվեցնում են  պուրիստին»: Պուրիստ էին կոչում  պուրիզմի  հետեւորդներին, որոնք ձգտում էին գրական լեզվից դուրս վանել բոլոր օտար տարրերը, փոխառությունները, բարբառային բառերն ու ոճերը, հնաբանությունները, օտարաբանությունները, նորաբանությունները։ Պուրիզմի հիմքում ընկած էին ոչ միայն լեզվաբանական ու գրական մտահոգություններ, այլեւ առաջին հերթին ազգային շահերի պաշտպանություն: Մինչդեռ պայքարը փոխառությունների դեմ ընդհանրապես չի կարելի արդարացնել, քանի որ լեզուների զարգացումը միշտ էլ ընթացել է փոխառությունների ճանապարհով: Լեզուն չի վախենում փոխառված բառերից, որովհետեւ վաղ թե ուշ դրանք դառնում են նրա սեփականությունը, ստանալով յուրահատուկ ազգային երանգ: Պուրիզմը մեծ մասամբ երեւան է գալիս ազգային լեզվի կազմավորման շրջանում: XIX դ. ռուսական դեմոկրատական քննադատության մեջ (Բելինսկի եւ մյուսներ)  պուրիզմ  տերմինը նշանակում էր լեզվի զարգացման նկատմամբ ձեւական եւ կոնսերվատիվ վերաբերմունքի արտահայտություն եւ ենթարկվում էր խիստ քննադատության։

Նալբանդյանի վերաբերմունքը պուրիստների նկատմամբ համընկնում էր ռուս հեղափոխական-դեմոկրատների դիրքորոշմանը:

Ամենայն հավանականությամբ՝ «գեղեցիկ գլխարկներ» արտահայտությունը նշանակում էր գեղեցիկ վերադիրներ, փոխառություններ:

Էջ 161 տ. 19. «Ալեքսանդրյան դպրոցի ծաղկյալ ժամանակը բանի վարդապետությունը ոչ զուտ տեղը մինչեւ այն աստիճան էր հասուցած» Հին հունական քաղաքների ուժի եւ անկախության անկման հետ միաժամանակ սկսեց անկում ապրել նաեւ հունական գրականությունը։ Գրական եւ գիտական կենտրոնը դարձավ Ալեքսանդրիա քաղաքը։ Ալեքսանդրյան դարաշրջանը իր հանրագիտարանային մշակույթով էապես տարբերվում էր հին հունականից։ Այդտեղ առանձնակի ուշադրություն էր դարձվում լեզվի (բանի, բառի) ուսումնասիրությանը: Այդ դպրոցի ներկայացուցիչները միաժամանակ եւ՛ բանաստեղիներ էին, եւ՛ քերականներ: Ալեքսանդրյան շրջանի ստեղծագործությունների լեզուն, չնայած իր ճշտությանը, մաքրությանը եւ նրբագեղությանը չուներ արդեն հին hունական պոեզիայի ոգին, ինչպես նաեւ իսկական ազգային երանգը, որն այնքան անհրաժեշտ էր ժողովրդի հետ հաղորդակցվելու համար:

Էջ 161, տ. 21. «Ի սկզբանէ էր բանն… նովաւ կեանք էր» Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Ա, 1–4։

Էջ 161, տ. 25. «Ախ՝ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի՝ մարդ ընչի՞ նման կըլի, աղաղակում է նահատակ Աբովյանը» Տե՛ս  Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Թիֆլիս, 1858, էջ 91:

Էջ 163, տ. 2. «Եւ խաւար նմա ոչ եղեւ հասու» Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլ. Ա, 5:

Էջ 167, տ. 1. «…եւ կախվում է խմորոցի որակությունից, հասարակաց լեզվի  վրա…» Այս անավարտ նախադասությամբ ընդհատվել է «Աշխարհաբարի քերականության» ներածության» ձեռագիրը։

Էջ 167, «Դ» եւ «Ե» հատվածները պատառիկներ են աշխատության երկրորդ՝ բուն քերականության մասից մնացած: Առաջին անգամ սույն պատառիկները հրատարակվել են 1940 թ. ԵԼԺ III հատորում: