Հեղինակ

Բաժին

Թեմա

. ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ> 

(Էջ 225) 

  Ինքնագիրը չի պահպանուել: Առաջին անգամ հրապարակել է Աշոտ Յովհաննիսեանը (տե՛ս Մ. Նալբանդեան‚ Անտիպ երկեր‚ Երեւան-Մոսկուա‚ 1935‚ էջ 7–26‚ Կոմենտարներ՝ էջ 341-387)։ Աշխատասիրողը ձեռքի տակ է ունեցել երկու ձեռագիր։ Դրանցից մէկը‚ որ պատկանում էր Ստ. Տէր-Աւետիսեանին‚ Նալբանդեանի նամակի սեւագրութիւնն էր‚ գրուած հեղինակի ձեռքով‚ իսկ միւսը՝ Մսեր Մսերեանի արտագրութիւնը՝ բնագրից: Աշ. Յովհաննիսեանը բնագիրը պատրաստել է ըստ Նալբանդեանի սեւագրութեան։ Ներկայ հրատարակութեան համար հիմք է ընդունուած «Անտիպ երկերում» հրապարակուած բնագիրը։ 

  1860 թ. սկզբին Նալբանդեանը համալսարանի աւարտական քննութիւններին զուգընթաց Պետերբուրգում ուսումնասիրում է Գ. Այվազովսկու «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատութիւնը‚ որի վերաբերեալ գրախօսութիւն է պատրաստում։ 

  Փետրուարի 11-ին այդ գրախօսութիւնն ուղարկելով կաթողիկոս Մատթէոս Չուխայեանին‚ Նալբանդեանը կից նամակում խօսում է հայ իրականութեան օրուայ յուզող հարցերի‚ մասնաւորապէս ազգապահպանման խիստ կարեւոր խնդրի մասին: Նա կանգ է առնում հայ հոգեւորականութեան հետ կապուած հարցերի վրայ‚ նշում նրա ապիկարութիւնը ժողովրդի դաստիարակութեան գործում‚ ընդգծում այն իրողութիւնը‚ որ հայ հոգեւորա/416/կանութեան հայեացքները չեն ներդաշնակում դարաշրջանի առաջադիմական գաղափարներին: Ընդհանրացնելով իր կարծիքն այս հարցի մասին‚ նա յայտարարում է‚ որ հոգեւորականները վարկաբեկել են իրենց՝ մշտապէս զբաղուելով զանազան դաւերով ու բանսարկութիւններով եւ տարուբերուելով կրօնական տարբեր ուսմունքների մէջ։ Իբրեւ ցայտուն օրինակ‚ Նալբանդեանը մատնանշում է Գաբրիէլ Այվազովսկու գործունէութիւնը եւ նրա «Վարդապետարան» աշխատութիւնը: Այդ գիրքը տպագրուել էր 1858 թ. Փարիզում եւ նախատեսուած էր իբրեւ արեւմտահայ դպրոցների կրօնական ձեռնարկ. Նալբանդեանը խօսելով գիրքը գրախօսելու շարժառիթների մասին‚ կաթողիկոսին յայտնում է‚ թէ պապականութիւնից լուսաւորչական եկեղեցու գիրկը վերադարձած Այվազովսկու գրքում այնքան շատ են վրիպումներն ու զանցանքները եւ այնքան մեծ շեղումները Հայ լուսաւորչական եկեղեցու սկզբունքներից‚ որ գիրքը կարող է դաւանաբանական հարցերում ապակողմնորոշել մանուկ սերնդին: Վկայակոչելով հայ ժողովրդի ազգապահութեան երկու վերջին գործօնների՝ լեզուի եւ կրօնի պաշտպանութեան կարեւորութիւնը‚ Նալբանդեանը յայտնում էր‚ որ իւրատեսակ այս գրախօսութեամբ ցանկացել է բացել ժողովրդի աչքը եւ դպրոցական սերնդին պահպանել պապականութեան վտանգից

  Հարց է ծագում. մի՞թէ‚ իսկապէս‚ անցեալ դարի 60-ական թուականների յեղափոխական իրադրութեան պայմաններում Նալբանդեանի համար այդքան առաջնահերթ էր կրօնա-դաւանաբանական հարցերի ոլորտներում նկատուած որեւէ ճեղքուածքի առկայութիւնը‚ որ նա իր քաղաքացիական պարտքն էր համարում ահազանգել այդ մասին կաթողիկոսին: Ո՛չ‚ իհարկէ: Այս հարցին նուիրուած իր ծաւալուն եւ մեծարժէք կոմենտարներոմ Աշոտ Յովհաննիսեանը հետեւեալ բացատրութիւնն է տալիս: «Գօտեմարտելով Այվազովսկու հետ կրօնական հնամաշ խնդիրների շուրջը՝ իսկապէս ամենից քիչ դաւանաբանական ֆորմուլների անաղարտութիւնն է Նալբանդեանի մտահոգութեան բուն առարկան: Փոխաբերելով այս դէպքին այն խօսքերը‚ որ ասել է Ֆր. Էնգելսը անցեալ դարի 40-ական թուականներին Գերմանիայում արծարծուած փիլիսոփայական գրչապայքարի մասին՝ կարող ենք ազդարարել. պայքարը մղւում էր աստուածաբանական զէնքով‚ բայց ոչ մի կերպ՝ վերացական-աստուածաբանական նպատակների համար» («Անտիպ երկեր»‚ էջ 341)։ 

  Պարզ է միանգամայն‚ որ այս դէպքում հարցը շատ աւելի խոր արմատներ ունէր՝ Նալբանդեանին անհանգստացնում էր այն բացառիկ դիրքը‚ որ գրաւում էր Գ. Այվազովսկին՝ իբրեւ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ‚ գործունէութեան այն մեծ շառաւիղը‚ որը տնօրինում էր նա՝ Խալիբեանի նիւթական օժանդակութեամբ: Ցարական բարձրաստիճան չինովնիկութեան հետ ունեցած այն հիմնաւոր կապերը‚ որոնց կարող էին մի օր աղետալից անակնկալներ հրամցնել դեմոկրատական շրջանակի հայ գործիչներին: Նալբանդեանին մեծ չափով անհանգստացնում էր եւ թշնամական այն դիրքը‚ որ բռնել էր Այվազովսկին «Հիւսիսափայլ» ամսագրի նկատմամբ: Սկսած 1858 թ. սեպտեմբերից‚ Գ. Այվազովսկին ակտիւ գործողութիւններ է ձեռնարկում «Հիւսիսափայլ» ամսագրի դէմ‚ փորձելով դադարեցնել տալ այն: Խաչատուր Լազարեանին ուղղած մի նամակում նա խնդրում է զգուշացնել Նազարեանին‚ որպէսզի վերջինս դադարի հայ հոգեւորականների դէմ անպատեհ յօդուածներ տպագրել: Այլապէս‚ իբրեւ թեմի հայ գրքերի գրաքննիչ‚ նա յայտնում է‚ որ ինքն ստիպուած կը լինի «պաշտօնական ճանապարհով» դիմելու ներքին գործոց մինիստրին։ 

Եւ մինչդեռ Լազարեանը Ն. Դելեանովին յանձնարարում է կապուել Նազարեանի հետ‚ որից ստացած բացատրագիրը չէր բաւարարել իրեն‚ եւ միաժամանակ այդ բացատրագրի պատճէնն ուղարկում է Այվազովսկուն‚ յուսալով‚ թէ նրանք ի վերջոյ կը հաս/417/կանան իրար‚ իսկ «Հիւսիսափայլի» աշխատակիցները կը վերանայեն իրենց գործունէութեան կերպը‚ Այվազովսկին առանց սպասելու Լազարեանի պատասխանին‚ դեկտեմբերի 7-ին շտապում է դիմել ներքին գործոց մինիստրին: Թեմակալ առաջնորդի շտապողականութիւնը բացատրւում է «Հիւսիսափայլ» ամսագրի վերահաս 11-րդ համարի տպագրութեամբ։ Այդ համարում հրատարակուած էր Նալբանդեանի նամակը Նոր Նախիջեւանի եկեղեցական գումարների մասին։ Դիմելով մինիստրին‚ Այվազովսկին ոչ միայն Նալբանդեանի այդ ելոյթը դիտում էր իբրեւ իր ղեկավարած հայ համայնքի մէջ գժտութիւններ եւ պառակտում առաջացնելու միտում‚ այլեւ յօդուածագրին մեղադրում էր հայկական կրօնի եւ բարոյական սկզբունքների դէմ կատարած մեղանչումների մէջ։ Եւ այսպէս‚ Այվազովսկին մէկ անգամ եւս շեշտելով ամսագրի‚ այսպէս ասած‚ հակակրօնական եւ անբարոյական ուղղութեան փաստը‚ մինիստրից խնդրում է դադարեցնել ամսագիրը‚ իսկ Նալբանդեանին պատժել օրէնքի ամբողջ խստութեամբ (տե՛ս Միքայէլ Նալբանդեան‚ Վավերագրերի ժողովածու‚ տեքստը պատրաստեցին‚ խմբագրեցին եւ ծանօթագրեցին Ա. Ինճիկեանը եւ Գր. Յարութիւնեանը‚ 1956‚ էջ 93–95)։ 

  Մէկ շաբաթ անց այդ գրութիւնից‚ Լազարեանին յայտնելով իր դիմումի մասին‚ Այվազովսկին խնդրում է նրա «գործարար օժանդակութիւնը»‚ եւ‚ միաժամանակ կարգադրում իր թեմի քահանաներին՝ արգելակել «Հիւսիսափայլի» տարածման գործը: Այս պարագայում յատուկ ուշադրութեան են արժանի թեմի քահանաներին ուղղուած հրամանի հետեւեալ տողերը. «Ընդհանուր ոգի եւ բազում ասացուածք այնր օրագրի մեծապէս վնասակար են ուղղափառ դաւանութեան Հայաստանեայցս եկեղեցւոյ եւ ուղիղ վարուց քրիստոնէութեան…» («Վաւերագրերի ժողովածու»‚ էջ 99)։ 

1858–1859 թթ. Այվազովսկին շարունակում է դիմել Խաչատուր Լազարեանին‚ յուսալով ստանալ նրա աջակցութիւնը՝ ամսագիրը դադարեցնել տալու հարցում։ Այդ ճնշումն այնքան արդէն ուժեղանում է‚ որ Լազարեանը Դելեանովի միջոցով յայտնում է Նազարեանին‚ թէ այնքանով‚ որքանով «Հիւսիսափայլով» զբաղւում են երկու մինիստրները‚ ինքը‚ հաւանաբար‚ պաշտպանել նրան չի կարողանայ։ Յայտնի է‚ որ ներքին գործոց մինիստրը յունուարի 28-ին Այվազովսկու գրութեան բովանդակութիւնը գրեթէ բառացի հաղորդում է լուսաւորութեան մինիստրին‚ որն իր հերթին‚ փետրուարի 18-ին դիմելով Ս. Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին‚ խնդրում է բացատրութիւն պահանջել «Հիւսիսափայլի» գրաքննիչ Բերոեւից («Վաւերագրերի ժողովածու»‚ էջ 104 105)

Այնուհետեւ սրան յաջորդում են «Հիւսիսափայլի» քննութեան հետ կապուած ծանր իրադարձութիւնները‚ որոնք յայտնի են բանասիրութեանը («Վաւերագրերի ժողովածու»‚ էջ 107–120)։ Եւ ահա՝ պաշտօնական իր դիրքով եւ քաղաքական կեցուածքով զանազան անախորժութիւններից յուսալիօրէն պաշտպանուած Այվազովսկուն Նալբանդեանը որոշում է հարուածել նրա կեանքի խոցելի մի օղակում՝ դաւանաբանական մեղանչումների մարզում։ 

  Նախընթաց էջերում արդէն խօսք եղաւ Այվազովսկու դաւանափոխութեան պատմութեան մասին: Ասացինք նաեւ‚ որ 1857 թ. վերադառնալով Ռուսաստան‚ Ալեքսանդր II-ի կողմից նա ստանում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդի պաշտօնը։ Ուղղագիծ այս նշանակումով ինչ-որ չափով անտեսւում էին Էջմիածնի Աթոռի իրաւունքները‚ բայց դրանից աւելի Այվազովսկին կաթողիկոսի դժկամութիւնն էր առաջացնում ցարական պաշտօնատար անձանց հետ ունեցած իր բարեկամական կապերով‚ մի բան‚ որ տրամագծօրէն հակառակ դիրքորոշում էր՝ «Պոլոժենիէի» վերաքննութեանը հակամետ /418/ Մատթէոսի քաղաքականութեանը: 1860 թ. սկզբին Նալբանդեանին քաջ յայտնի էր‚ որ մի շարք պատճառներով կաթողիկոսը չէր սիրում Այվազովսկուն։ Արդ‚ հարկաւոր էր բորբոքել այդ ատելութիւնը‚ կոնկրետ հակագործողութիւնների մղել հայոց կաթողիկոսին: Եւ ահա հաշուի առնելով այն‚ որ Այվազովսկին պատրաստւում էր վերահրատարակել իր «Վարդապետարանը»‚ այս անգամ արդէն արեւելահայ դպրոցների համար‚ Նալբանդեանը շտապում է կանխել‚ մանրամասն քննութեան ենթարկելով այդ ձեռնարկը։ Ուշադրութեան արժանի է այն հանգամանքը‚ որ այս գրախօսութեան մէջ Նալբանդեանը դիմում է ժուռնալիստական մի փորձուած հնարանքի՝ հակառակորդին խոցում է նրա իսկ զէնքով։ Այվազովսկին պայքարելով «Հիւսիսափայլի» դէմ‚ այդ ամսագրի մեծագոյն մեղքերից մէկն էր համարում‚ իբրեւ թէ, հայ լուսաւորչական դաւանութեան դէմ դրա էջերում տպագրուած յօդուածները: Ահա թէ ինչու‚ ձեռնարկելով իր գրախօսութեանը‚ Նալբանդեանը հարկ է համարում յիշեցնել. «Որ ամբաստաներն զինէն‚ եթէ քարոզեմ զկրօն ընդդէմ եւ զանբարոյական գաղափարս‚ ինքնին հրատարակէ այսօր զփոքրիկ եւ զվտիտ ինչ մատենիկ» եւ այլն (տե՛ս սոյն հատորի էջ 229)։ 

  Մինչ Նալբանդեանը‚ հայ գործիչներից այդ գրքի քննութեամբ արդէն զբաղուել էր Լազարեան ճեմարանի ուսուցիչ Մկրտիչ Էմինը‚ որի ռուսերէն գրաւոր կարծիքը հասել էր Այվազովսկու ձեռքը. «Մինչեւ ցայժմ մեք երկու գրուածք տեսել եմք Վարդապետարանին դէմ‚- գրում է Այվազովսկին 1880 թ. ‚- երկուքն ալ ձեռագիր. մէկը անանուն իմաստակի մի գրուածք ռուսերէն‚ իսկ միւսը յայտնի հակառակորդէ մը‚ այսինքն Նալբանդեան Միքայէլեն շարադրուած եւ կաթուղիկոսին յուղարկուած։ Այս երկրորդիս հերքումն ալ ունիմք՝ շատ զօրաւոր եւ գեղեցիկ կերպով գրուած ի Թիֆլիզ՝ չգիտեմք որո՛յ ձեռքով» («Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին ազգիս հայոց (1858–1871) շարադրեալ ի Գաբրիէլէ արքեպիսկոպոսէ Այվազեան»‚ Տփխիս‚ 1880‚ էջ 94)։ Թէ ո՞վ էր Նալբանդեանի գրախօսութեան «զօրաւոր եւ գեղեցիկ կերպով» հերքողը‚ տակաւին անյայտ է բանասիրութեանը‚ բայց Էմինի կարծիքի մասին Այվազովսկին իր պատասխան հայհոյական խօսքը հասցրել է տպագրել դեռեւս 1860 թ. «Մասեաց աղաւնու» էջերում. (տե՛ս «Մասեաց աղաւնի»‚ 1860‚ N 3‚ 6‚ 8‚ 9‚ 11‚ «Հայութիւն եւ Մխիթարեանը կաթոլիկութիւնը» յօդուածաշարը): Ի դէպ‚ այս յօդուածից երեւում է‚ որ «Վարդապետարանի» դէմ արտայայտուել են եւ Մխիթարեանները‚ որոնք իբր՝ «գտան Ռուսաստանի հայոց մէջէն քանի մը հոգի‚ իրենց մտքին եւ շահուն ձեռնտու‚ կամ ատելութեանը ուղղակի եւ անուղղակի գործադիր‚ եւ զանոնք դրդեցին ու գրգռեցին ծածուկ ընդդէմ «Վարդապետարանին» եւ անոր հեղինակին («Մասեաց աղաւնի»‚ 1860‚ N 8‚ էջ 12‚ տե՛ս նաեւ «Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին»‚ էջ 93)։ 

  Ստ. Նազարեանի արխիւում նոյնպէս‚ նրա մահից յետոյ‚ յայտնաբերւում է գրաքննութեան կողմից մերժուած՝ «Վարդապետարանի» գրախօսութիւնը‚ գրուած «Հիւսիսափայլի» համար («Անտիպ երկեր»‚ էջ 356)։ 

  «Վարդապետարանի» դէմ հայ իրականութեան մէջ ծաւալուող մտքերի այս բախումները ի վերջոյ գրքի վրայ են հրաւիրում կառավարութեան ուշադրութիւնը եւ ներքին գործոց մինիստրը կարգադրում է հանել շրջանառութիւնից «Վարդապետարանի» վաճառուած օրինակները» («Անտիպ երկեր»‚ էջ 342)»։

  Մ. Նալբանդեանն իր գրախօսութեան 16 հանգամանալից դիտողութիւններով հաստատում էր գրքի արմատական թերութիւնները եւ կրկնում այն միտքը‚ որ հայ աշակերտութեան համար նախատեսուած կրօնական այդ ձեռնարկը դէպի կաթոլիկութիւն կարող էր թեքել երիտասարդ սերնդին /419/ 

Միքայէլ Նալբանդեանը հասնում է նպատակին։ Մատթէոս Չուխաճեանը‚ որ այլեւայլ պատճառներով կասկածանքով էր նայում Այվազովսկու գործունէութեանն ու վարքագծին‚ նրան չի արտօնում վերստին տպագրել «Վարդապետարանը»: Ինչ վերաբերում է Նալբանդեանի սոյն քննութեանը‚ ապա‚ ի պատասխան այդ գրախօսութեան‚ հայոց կաթողիկոսի այն ստանալուց անմիջապէս յետոյ‚ մարտի 13-ին‚ օրհնութեան կոնդակ է ուղարկում Նալբանդեանին: Նա խրախուսում է Նալբանդեանի ազգանուէր գործունէութիւնը‚ իսկ Այվազովսկու գիրքը որակում է որպէս խարդախամիտ գրուած‚ մոլորական բան՝ յաւետ գաթակղեցուցիչ պարզամտաց («Անտիպ երկեր»‚ էջ 286)։ 

  Նալբանդեանի 16 դիտողութիւնները մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում ոչ միայն իբրեւ նրա անխոնջ աշխատասիրութեան մի նոր հաւաստիացումը կամ նպատակին հասնելու նրա հետեւողականութեան արտայայտութիւններից եւս մէկը‚ այլեւ խօսում են մեծ հրապարակախօսի հսկայական էրուդիցիայի նորանոր կողմերի‚ այս անգամ արդէն նրա աստուածաբանական գիտելիքների մասին։ 

  Էջ 227‚ տ. 12-13. «Աշակերտք հեղգք… զտեսութիւնն աստուածաբանք» Տե՛ս Մովսէս Խորենացի‚ Պատմութիւն հայոց‚ գիրք Գ‚ ԿԸ

տ. 14–16. …որոյ եւ ընդ նուիրական ոսկերս… ի գետ կամաց Խորենացու ոսկորները գերեզմանից հանելու եւ գետը թափելու առասպելի մասին տե՛ս սոյն հատորում՝ 369 էջի ծանօթագրութիւնը։ 

  Էջ 228‚ տ. 35. ի վաղիւ զկաթողիկոսական իշխանութենէ երազեաց Ակնարկում է այն իրողութիւնը‚ որ Ներսէս Աշտարակեցու մահից յետոյ Գաբրիէլ Այվազովսկին որոշակի քայլեր է կատարում կաթողիկոսական գահին հասնելու համար: Յիրաւի‚ ժամանակի բանասիրական գրականութեան եւ մամուլի էջերում քիչ ակնարկներ չկան‚ որոնք կապւում են Այվազովսկու փառասիրական այդ նկրտումների հետ։ Այսպէս‚ «Փարիզ» երկշաբաթաթերթի 1861 թ. մայիսի 15-ի համարում զետեղուած մի յօդուածում խօսելով հայկական թերթերի դէմ «Մասեաց աղաւնու» տպագրած սպառնալից արտայայտութիւնների մասին‚ խմբագիրն աւելացնում է. Սա՛ է «Մասեաց աղաւնու» հրատարակչի փափագը‚ «եւ եթէ ինք կաթուղիկոս լինէր‚ ինչպէս կը ցանկանար եւ կը յուսար‚ անշուշտ ատ բանը կընէր‚ եւ ուրիշ ատոնց նման շատ բաներ ալ»

  Նոյն թերթի 1861 թ. դեկտեմբերի 6-ի N 56-ում Ամերիկայից ուղարկած մի թղթակցութեան մէջ «Հայու տղան» . Օսկան)‚ զաւեշտի եղանակով առաջարկում է‚ որ իրեն Երուսաղէմի պատրիարք ընտրեն։ «Համեստաբար ըսելուս իրաւունք ունիմ‚- յարում է նա‚– ինչու որ պիտի տեսնէք‚ թէ Այվազեան վարդապետին պէս աչքս կաթողիկոսութեան չէ»

Իրականում տեղի էր ունեցել հետեւեալը. 1857 թ. մարտին Փարիզում գտնուող Յովհաննէս Այվազովսկին ծանօթանում է Դ. Դելեանովի մի նամակին‚ որով յայտնւում էր Ներսէս Աշտարակեցու մահուան լուրը: Այդ նամակում միաժամանակ խօսւում էր այն մասին‚ որ Լազարեանները կաթողիկոսական գահի համար մտածում են առաջադրել Այվազովսկու թեկնածութիւնը: Իմանալով այս ամենը‚ Յովհաննէս Այվազովսկին մի նամակով դիմում է Խաչատուր Լազարեանին եւ յայտնում‚ որ այդ լուրը սաստիկ յուզել է իր եղբօրը եւ շատ ուրախացրել իրեն: «Բայց միաժամանակ նամակից մենք կռահում ենք նաեւ դժուարութիւններ եւ նոյնիսկ անկարելիութիւն՝ կապուած եղբօրս հոգեւոր աստիճանի հետ։ Սակայն‚ եթէ ցանկութիւնը ընդհանուր լինի‚– շարունակում է Յ. Այվայզովսկին‚– ապա‚ ինչպէս ասում են‚ Էջմիածնի սինոդը իրաւունք ունի նրան եպիսկոպոս ձեռնադրելու‚ եթէ նա [ձայների] մեծամասնութեամբ ընտրուի կաթուղիկոս»: Այնուհետեւ /420/ Այվազովսկին հաղորդում է‚ որ իր ձեռքի տակ եղած տուեալների համաձայն‚ հայերը княжествах) մինչեւ վերջինը՝ Գաբրիէլի պարտիզաններն են։ Նրանց ոգեւորութիւնն անսահման է եղել‚ երբ իմացել է Դելեանովի նամակի մասին‚ եւ ամենքը շտապել են այդ լուրը հաղորդել Կ. Պոլսի‚ Մոլդաւիայի‚ Պարսկաստանի իրենց բարեկամներին։ Ի վերջոյ Յ. Այվազովսկին հասնում է բուն խնդրին. «կասկած չկայ‚ որ եթէ վերոյիշեալ պատճառներով արգելքներ չծագեն‚ ապա նա կ՚ընտրուի‚ եթէ մանաւանդ դուք միջնորդէք Պետերբուրգի եւ Անդրկովկասի (բարձր) շրջաններում»‚ (Մաշտոցի անուան Մատենադարան‚ Լազարեանների արխիւ թղթ. 104‚ գործ առանց համարի‚ վաւ. 78)։ 24 օր անց‚ ապրիլի 6-ին‚Յ. Այվազովսկին մի նոր նամակ է յղում Խ. Լազարեանին եւ յայտնում‚ թէ եղբօրը թերեւս հնարաւոր լինի եպիսկոպոս ձեռնադրել Կ. Պոլսում‚ եթէ դրա համար ցանկութիւն դրսեւորեն հոգեւոր ժողովը‚ պատրիարքը եւ Սսի կաթողիկոսը‚ որը կարող է հաստատել այդ ակտը: Այնուհետեւ Այվազովսկին աւելացնում է‚ թէ կաթողիկոսութեան համար չէ‚ որ Գաբրիէլին հարկաւոր է շտապով հասնել եպիսկոպոսի աստիճանին‚ այլ որպէսզի նա Քիշնեւում դառնայ թեմակալ առաջնորդ։ Այդ նպատակին հասնելուն դուք կարող էք շատ օժանդակել»‚- գրում է Յ. Այվազովսկին եւ խնդրում Լազարեանից‚ հայերէն լեզուով երկու նամակ ուղղել Կ. Պոլսի հոգեւոր ժողովին եւ պատրիարք Յակոբոսին: «Երբ նրանք բոլորը կը տեսնեն Ձեր շահագրգռուածութիւնը եւ օժանդակութիւնը՝ եղբօրս եպիսկոպոս ձեռնադրելու հարցում‚ ապա հաւանաբար կանեն ամեն հնարաւորը: Այստեղ‚ այդ՝ բոլորի համոզմունքն է»։ Նամակագիրը կրկին խնդրում է շտապել‚ որպէսզի երբ ինքը եւ եղբայրը հասնեն Կ. Պոլիս‚ Լազարեանի նամակները ստացուած լինեն տեղում: Յ. Այվազովսկին շարունակում է. «Երկրորդ խնդիրքն այն է‚ որ դուք միջնորդէք Պետերբուրգի [վարչական շրջանների] եւ Էջմիածնի Սինոդի առաջ‚ եղբօրս Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ նշանակելու‚ որը նա կարող է վարել եւ առանց եպիսկոպոս լինելու: Ինչ վերաբերում է կաթողիկոսութեանը‚ ապա այդ պէտք է թողնել իրերի բերմունքին‚ թէեւ բոլոր նամակներն ու լուրերը միանգամայն բարենպաստ են եղբօրս համար։ Սակայն նրան վախեցնում է թէ այդ [պաշտօնը) շատ ծանր կը լինի‚ ուստի աւելի շուտ ցանկանում է առայժմ դառնալ թեմակալ առաջնորդ»։ (Նոյն տեղում‚ վաւ. 79)։ 

  Ինչպէս ցոյց է տալիս հարցի պատմութիւնը‚ Լազարեանն իսկապէս զբաղուել է Այվազովսկի եղբայրների խնդրանքով: Հիմա արդէն բանասիրութեան համար պարզ է դառնում‚ թէ ի՞նչ պարագաներում է Գ. Այվազովսկին 1857 թ. Ռուսաստան գալուն պէս իսկոյն նշանակւում Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ։ 

տ. 35–37. …եւ եղբայրն… ի կաթողիկոսութիւն Նալբանդեանի ակնարկից պէտք է ենթադրել‚ որ Յ. Այվազովսկին հարցումներ է արել իմանալու‚ թէ արդեօք հայ եկեղեցու պատմութեան մէջ եղե՞լ են նմանօրինակ դէպքեր‚ երբ ցածրաստիճան հոգեւորականը միանգամից ընտրուէր կաթողիկոս։

Էջ 229‚ տ. 1. լուեալ Զաքարիայի դիպումն` ուրախ լիներ Ժամանակակիցներին հաւանաբար յայտնի էր դարձել ոչ միայն Գ. Այվազովսկու եղբօր այդ օրերի մտահոգութիւնը‚ այլեւ նրա ուրախութիւնը‚ երբ իր հարցին բաւարար պատասխան է գտել՝ ծանօթանալով Զաքարէ Ձագեցի կաթողիկոսի կենսագրութեանը: Վերջինս եղել էր հոգեւորական ստորին աստիճանի գործիչ (կամ նոյնիսկ աշխարհական)։ Մէկ օրում նրան ձեռնադրում են տիրացու եւ քահանայ‚ այնուհետեւ՝ եպիսկոպոս եւ իսկոյն ընտրում կաթողիկոս (855–876 թթ. ) /421/ 

Այվազովսկի եղբայրները շրջահայեացօրէն Լազարեանից առաջին քայլում խնդրելով միջնորդել թեմակալ առաջնորդի տեղի համար‚ միաժամանակ շարունակել են գործել իրենց յուզող բուն խնդրի իրականացման ուղղութեամբ: Այսպէս‚ Լազարեանների արխիւում պահւում է մի փաստաթղթի պատճէն‚ որը կազմել է Գաբրիէլ Այվազովսկին‚ հաւանաբար՝ Խ. Լազարեանի յատուկ յանձնարարութեամբ: Այդ մի բացատրագիր- ծանօթութիւն է այն մասին‚ թէ հայոց եկեղեցու պատմութեան ընթացքում որքան դէպքեր են եղել‚ երբ հոգեւոր ցածր աստիճան ունեցող եկեղեցականը միանգամից ընտրուել է կաթողիկոս

  Ցանկը կազմուած է Մ. Չամչեանի Հայոց պատմութեան նիւթերով եւ ներկայացնում է բացառութեան կարգով կաթողիկոս ընտրուած ութ անձանց օրինակները (տե՛ս Լազարեանների արխիւ‚ թղթ. 113‚ գործ 84‚ վաւ. 1‚ անթուական [1857]: Փաստաթուղթը կազմուած է 1856-1858 թթ. փաստաթղթերի հետ մէկ մատեանում)

տ. 2-3. Դաւաճանեալ զՄատթէոս արքեպիսկոպոսն կալաւ զաթոռ նորա Խօսքը վերաբերում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ Մատթէոս Վեհապետեանին‚ որն առանց Սինոդի հաճութեան եւ գիտութեան‚ թագաւորական հրամանով արձակուեց պաշտօնից‚ իսկ թեմակալ առաջնորդի Աթոռը հրամցուեց Գ. Այվազովսկուն

տ. 13-–14. …ի ձեռն բողոքանաց բովանդակ ազգին հայոց‚ բնակելոց ՚ի Նախիջեւան եւ ՚ի շրջակայ գիւղօրայս նորա Այժմ դժուար է ասել‚ նախիջեւանցիների ո՞ր բողոքագրի մասին է խօսքը‚ բայց որ դրանց թիւը շատ մեծ է եղել‚ հաստատում է եւ ինքը՝ Այվազովսկին: Այսպէս‚ Խալիպեան ուսումնարանի պատմութեան մէջ նա գրում է. «Նոր Նախիջեւանի ժողովուրդը Թիֆլիզու եւ Փեթերպուրկի ազգասէր անուանեալ երիտասարդներուն մէջտեղը կեցած‚ երկուքէն եւս կը գրգռուէին անդադար՝ որ իրենց առաջնորդին դէմ ելնեն՝ թեպետեւ ուրիշ պատճառներով‚ այսինքն եկեղեցական փողերուն պատճառանքովը։ Նոցայ մէջ եւս արդէն պատրաստ լինելով այն մասը՝ որ պ. Խալիպեանին դէմ անձնական հին թշնամութիւն ունէր‚ եւ անդադար կ՚աշխատէր զնա յաղթահարելու‚ դիւրաւ խաբուեցաւ այն երիտասարդաց խօսքերէն. աշխատեցաւ նոցա գրուածքները‚ «Հիւսիսափայլը»‚ «Մեղուները»‚ «Հիւսիսը» եւ այլն տարածելու նաեւ ձրիաբար այն խեղճ ու հանդարտ ժողովրդեան մէջ. եւ մէկ կողմանէ թուղթ թղթի վրայ‚ գանգատ գանգատի վերայ գրեց կաթուղիկոսին՝ իւր Առաջնորդին հակառակ» (էջ 215)

տ. 14–16. Յայտնեցից եւ ես… ընդ Մեծն Հայաստան յԵւրոպա –1860 թ. փետրուարին դէպի Եւրոպա կատարելիք ուղեւորութեան հարցը վճռռուած էր արդէն

  տ. 26-28. …խափանել զօրագիրն «Հիւսիսափայլ»… այլովք հանդերձ Ինչպէս երեւում է նամակից‚ Նալբանդեանն այդ պահին գիտէր Այվազովսկու բողոքի նամակի մասին՝ ուղղուած ներքին գործերի մինիստր Ս. Լանսկոյին‚ ամենայն հաւանականութեամբ նա ծանօթ էր նաեւ բուն նամակին: Մեզ թւում է‚ այդ օրերին Այվազովսկու նամակի բովանդակութեանը նրան կարող էր ծանօթացրած լինել արեւելագիտութեան մագիստրոս Կարապետ Եզեանը‚ որը 1858 թ. աւարտելով Պետերբուրգի համալսարանը‚ աշխատանքի էր անցել ներքին գործերի մինիստրութիւնում։ Բացառուած չէ այն‚ որ Լանսկոյի գրասենեակում Եզեանին յանձնարարէին Այվազովսկու բողոքի կրկնօրինակի՝ լուսաւորութեան մինիստրին ուղղուած գրութեան բնագրի պատրաստումը։

Էջ 230‚ տ. 10. …նախկին պատրիարքն Կոստանդնուպօլսոյ Այվազովսկու գրքի տպագրութիւնը թոյլատրել էր Յակոբոս Սերոբեան պատրիարքը (1839-1840‚ 1848–1858)‚ կրօնական ժողովի եզրակացութեան հիման վրայ‚ 1857 թ. դեկտեմբերին

  Էջ 234‚ տ. 19. զերիս ժողովս‚ որք են Նիկիոյ‚ Եփեսոսի եւ Կոստանդնուպօլսոյ –Նի/422/կիոյ տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թ. Եփեսոսինը՝ 431 թ. իսկ Կ. Պոլսի Ժողովը՝ 381 թ.:

տ. 27-29. Ի մասնաւոր ժողովս… ի Տրիտենդեանն Տրիդենտինեան ժողովը տեղի է ունեցել 1545-1563 թթ. ընթացքում:

Էջ 243‚ տ. 30–31. …փաստաբանութիւն Այվազովսքւոյ անագանեալ է. –Նալբանդեանն ակնարկում է Այվազովսկու ջանքերը‚ որը «Վարդապետարանի» օրինակները հաւաքել տալու մասին ներքին գործոց մինիստրի հրամանի առիթով տարածած իր շրջաբերականում փորձում էր արդարանալ‚ թէ քանի որ գիրքը տպագրուել է իր բացակայութեամբ‚ դրանում եղած մեղանչումները սոսկ տպագրական սխալներ են։ Կաթողիկոսին ուղղած նամակում Նալբանդեանը զաւեշտի է ենթարկում Այվազովսկու այդ յայտարարութիւնը‚ որը հետագայում ուղղում է եւ գրքի տպագրութեան հետ առնչութիւն ունեցած անձանց։ Այսպէս‚ տպարանատէր Ճանիկ Արամեանը «Փարիզ» թերթի էջերում յայտարարում է‚ թէ տպարանի աշխատակիցները չէին կարող խառնուել աստուածաբանական այդ շարադրութեան բնագրին։ Նա յայտնում է‚ որ տպարանի արխիւում պահւում են «Վարդապետարանի» ձեռագիրը եւ տպագրութեան համար ստորագրուած մամուլները‚ «եւ ո՛վ որ կայ մի‚ պատրաստ ենք ցոյց տալով ստուգելու‚ թէ տպարանէն դուրս ելածը իրենց ձեռագրոյն իսկ եւ իսկ նմանն է» («Փարիզ»‚ 1861‚ N 45)։ 

  Հէնց այս օրերին հրապարակ է իջնում «Երկու տող» պամֆլետը‚ որի տպագրութիւնից բառացիօրէն երկու շաբաթ անց‚ Այվազովսկին «Մասեաց աղաւնու» էջերում շտապում է իր խօսքն ասել «Երկու տողի» եւ «Վարդապետարանի» շուրջ ստեղծուած աղմուկի մասին։ «Թղթակցութիւն» կոչուած բաժնում նա‚ դիմելով Կ. Պոլսի իր անանուն հեղինակին . Յ. )‚ յայտնում է‚ որ նրանից ստացել է «աշխարհածանօթ շաղակրատի մը «Երկու տողը»‚ յորում եթէ երկու հարիւր ծռութիւն եւ ստութիւն կայ ըսեմք‚ չափազանցութիւն մը ըրած չեմք լինիր»: Մի կողմ թողնենք «Երկու տողում» արծարծուած այլեւայլ հարցերի վերաբերեալ նրա արտայայտած մտքերը եւ հետեւենք Այվազովսկու այն բացատրութեանը‚ որը նա տալիս է «Վարդապետարանի» առիթով: «Փարիզ տպուած «Վարդապետարանը» ոչ երբէք դատապարտութեան տակ ընկած է‚ ոչ Վեհափառ Կաթուղիկոսին կողմանէ եւ ոչ Ռուսաց տէրութեան կողմանէ։ Ինչպէս որ այս ճշմարիտ է‚ ճշմարիտ է եւ այն‚ որ տպագրութեանը ժամանակ‚ տպագրողաց‚ այսինքն հրատարակողաց‚ գերապատիւ Գալֆայեան Եղբարց ներելի եւ անմեղ անուշադրութեամբ‚ եւ ոչ թէ գրաշարին կամ տպողին կամ պարոն Արամին սրբագրութեամբը որոյ այսպիսի խնդիրներու մէջ մտնելու կարողութիւն չունենալը վաղո՜ւց յայտնի է մեզ քանի մը ամենաթեթեւ սխալներ սպրդեր են մէջը‚ եւ այն ոչ թէ Հայոց Եկեղեցւոյ ընդդէմ բաներ‚ ինչպէս որ կ՚ըսէ Երկու տողին հեղինակը‚ եւ միամտաբար կը կրկնէ պ. Ճ. Արամեան Փարիզ լրագրոյն 45 թուոյն մէջ: Ասոր վրայ ալ աւելի չեմք երկընցներ մեր խօսքը‚ վասնզի գիտեմք‚ որ արդէն կարդացած էք այն վարդապետարանին վրայ գրածնիս անցած տարուան Մասեաց աղաւնւոյն մէջ»։ («Մասեաց աղաւնի»‚ 1861‚ N 9‚ էջ 108)։

  Գաբրիէլ Այվազովսկին‚ իհարկէ‚ մեղմացնում էր հարցի սրութիւնը։ Ժամանակակիցներից նրանք‚ ովքեր կարդացել էին Այվազովսկու շրջաբերականը‚ չէին կարող հաւատալ նրա այն յայտարարութեանը‚ թէ ներքին գործոց մինիստրը չի դատապարտել «Վարդապետարանը»: Ինչ վերաբերում է կաթողիկոսին‚ ապա նա ոչ միայն չի թոյլատրում «Վարդապետարանի» երկու նոր հրատարակութիւնների տպագրութիւնը (Թիֆլիսում եւ Թէոդոսիայում)‚ այլեւ դրա փոխարէն ինքը շարադրում է մի նոր գրքոյկ եւ այն տպագրել տալիս Մոսկուայում‚ 1861 թ. («Ուղեցոյց քրիստոնէական ուղղափառ վարդապետու/423/թեան»)։ Տարիներ անց‚ «Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին» գրքում Այվազովսկին շարունակում է կրկնել հինը‚ քանի որ կաթողիկոսի յատուկ կոնդակով իր գիրքը չի դատապարտուել‚ ապա նրանում դաւանաբանական մեղանչումներ չկան (էջ 94)։ 

  Ինչեւիցէ‚ կաթողիկոսի վերաբերմունքը Այվազովսկու նկատմամբ մնում է անփոփոխ: 1863 թ. աշնանը Այվազովսկին մեկնում է Էջմիածին՝ բացատրութիւն տալու «Վարդապետարանի վերաբերեալ եւ եպիսկոպոս ձեռնադրուելու: Սակայն‚ Պետրոպաւլովեան ամրոցում փակուած Նալբանդեանի զինակիցները կանխում են նրան։ Այվազովսկու հետ միաժամանակ Էջմիածին է հասնում Նոր Նախիջեւանի համայնքի կողմից ուղարկուած մի ներկայացուցիչ՝ Անանիա Սուլթանշահը։ Կաթողիկոսը սառնութեամբ է ընդունում Այվազովսկուն‚ լսում նրա բացատրութիւնները «Վարդապետարանի» եւ այլ աշխատութիւնների մասին եւ‚ ինչպէս հետագայում պատմում է Այվազովսկին‚ «ըստ խորհրդոյ Սուլթանշահեան բժշկին‚ գուցէ եւ այլոց ոմանց»‚ հաշիւ է պահանջում Գաբրիէլ վարդապետից‚ նրա ղեկավարած թեմի եկեղեցական գումարների մասին։ Այվազովսկին ներկայացնում է մօտաւոր հաշիւներ‚ տալիս է անհրաժեշտ բացատրութիւններ‚ որոնք կաթողիկոսն անտարբերութեամբ է լսում եւ‚ հիւանդ ձեւանալով‚ չի շտապում նրան ձեռնադրել եպիսկոպոս։ Մի քանի օր անց նա իսկապէս հիւանդանում է եւ «Սուլթանշահեան բժշկէն զատ ուրիշ մարդ չէր ընդուներ քովը («Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին»‚ էջ 152 )

  Այվազովսկին վերադառնում է Նոր Նախիջեւան: Նրա մեկնելուց անմիջապէս յետոյ Մատթէոս կաթողիկոսը Նոր Նախիջեւան է ուղարկում Անդրէաս եպիսկոպոսին՝ քննելու վիճակի գործերը։ Որ Նալբանդեանը լաւատեղեակ էր այս անցուդարձին‚ երեւում է բերդից գրած նրա մի շարք նամակներից եւ «Բերդի յիշատակարանի» գրառումներից։ Իմանալով Անանիա Սուլթանշահի Էջմիածնում գտնուելու մասին‚ Նալբանդեանը հետեւում է նրա անցած ճանապարհին։ Այսպէս‚ 1863 թ. դեկտեմբերի 14-ին Նալբանդեանը «Բերդի յիշատակարանում» նշում է. «Նամակ ստացայ եղբօրիցս երեկուայ թուականով: Յայտնում է‚ թէ Սուլթանը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Թիֆլիսից»։ 16-ը դեկտեմբերի. «Այսօր իմացայ‚ թէ Սուլթանը դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Տաք ջուրից»։ 21-ը դեկտեմբերի. «Նամակ ստացայ եղբօրիցս‚ որով յայտնում է… Սուլթանի Նախիջեւան գալը» (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 291)

  Նալբանդեանն անկեղծ հետաքրքրութիւն է ցուցաբերում Անդրէաս եպիսկոպոսի առաքելութեան նկատմամբ եւ անհրաժեշտ ցուցումներ տալով իր բարեկամներին‚ ամեն կերպ ջանում է քննութիւնը դնել լուրջ հունի մէջ: Այսպէս‚ դեկտեմբերի 7-ին Յովհաննէս եղբօրը գրած նամակում եօթ կէտից բաղկացած յանձնարարութիւն է անում‚ որպէսզի նա իր անունից «դիմեր Անդրէաս արքեպիսկոպոսին եւ խնդրեր վերոյիշեալ գործի մասին՝ յանուն արդարութեան‚ խստապահանջ արդարութեան» (ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 237)։ 

1864 թ. յունուարի 22-ին դիմելով Գրիգոր եղբօրը‚ Նալբանդեանը գրում է. «Լսել եմ‚ որ դու լինում ես նորերում Նախիջեւան ժամանած Անդրէաս եպիսկոպոսի մօտ‚ հաղորդիր նրան իմ բարեւը: Ի սրտէ յաջողութիւն եմ ցանկանում նրան իր գործերում» (ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 244)։ 

  Սակայն հիմնաւոր ցուցումները նա տալիս է Անանիային‚ վերջինիս ուղղուած՝ 1864-ի յունուարի 1-ի թուակիր նամակում։ Հանգամանօրէն շարադրելով Նախիջեւանի իրադարձութիւնների վերաբերեալ իր նկատառումները եւ անուղղակիօրէն զինելով բարեկամին‚ Նալբանդեանը վերջում աւելացնում է. «Յայտնիր նրան [Անդրէասին] իմ ակնկալութիւ/424/նը: Յուսով եմ‚ որ ուրախ լուր կը բերես այս գործի վերաբերեալ‚ որի համար ես աւելի եմ մտածում‚ քան իմ թշուառ գործի մասին եւ որը‚ վերաբերուելով հասարակական շահին եւ հասարակական քաղաքակրթութեան գործի զարգացման գրաւականին‚ ըստ ամենայնի‚ աւելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրութեան» (ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 241)։ 

Իր հերթին Այվազովսկին նոյնպէս յուզւում էր։ Լսելով‚ որ կաթողիկոսը քննիչ է ուղարկել Նախիջեւան‚ նա կարգադրում է իր թեմի քահանաներին‚ տուեալներ չտալ նրան‚ եւ միաժամանակ դիմումներ է յղում բարձրաստիճան պաշտօնատար անձանց։ Իմանալով այս մասին‚ Նալբանդեանը հաւանաբար վճռում է հայութեան առաւել լայն շրջաններին իրազեկ դարձնել տեղի ունեցող անցքերին եւ հասարակական կարծիք ստեղծել Այվազովսկու մասին: Այս հողի վրայ էլ‚ հաւանաբար‚ ծնունդ է առնում «Կտոր մը Այվազովսքիաբանութիւն» պամֆլետը‚ որը տպագրւում է Յ. Սուաճեանի «Մեղու» թերթում. Նալբանդեանն այդ պամֆլետում համակողմանիօրէն ներկայացնելով Այվազովսկու գործունէութիւնը‚ հիմնաւորում է այն միտքը‚ թէ «Նախիջեւանցոց բողոքը եւ կաթուղիկոսի միջամտութիւնը ազգային ամենահարկաւոր կարիք մ՚էր‚ ուստի եւ քննիչ ղրկելը եւ այս ամեն չարագործութեան վերջ դնելը հազար եւ բիւր անգամ անհրաժեշտ» («Մեղու»‚ 1864‚ 5/XII‚ Յաւելուած ի «Մեղու»‚ էջ 1-8. տե՛ս նաեւ Աշ. Յովհաննիսեան‚ Միքայէլ Նալբանդեանի նորայայտ պամֆլետը‚ «Տեղեկագիր»‚ 1950‚ N 7‚ էջ 51–76)։

Այս իրադարձութիւնների առիթով Այվազովսկին 1865 թ. փետրուարի 19-ին կազմած մի շրջաբերականում բողոքում է Էջմիածնի դիրքից եւ նշում‚ որ 1863 թ. Էջմիածին ուղարկուած պատուիրակները ոչ միայն կարողանում են խափանել իրեն եպիսկոպոս ձեռնադրելու գործը‚ «այլեւ յաջողեցան՝ չգիտեմք որպէս» քննիչ եպիսկոպոս ուղարկել Նոր Նախիջեւան՝ առաջնորդութիւնն իր ձեռքից առնելու նպատակով։ Քննութիւնների ընթացքում‚ որոնք աւարտւում են միայն 1865 թ. վերջին‚ նորնախիջեւանցիների Մոսկուայի եւ Պետերբուրգի համախոհները բողոքներ են ուղղում թէ՛ կաթողիկոսին‚ եւ թէ ներքին գործոց մինիստրին։ 

Մինչ այդ‚ 1865-ի մարտին‚ կաթողիկոսն իր կողմից դիմում է յղում թագաւորին‚ խնդրելով Այվազովսկուն ազատել թեմակալ առաջնորդի պաշտօնից: Այլապէս‚ նա սպառնում է հրաժարուել իր աթոռից եւ մենանալ որեւէ վանքում (տե՛ս Վ. Միքայէլեան‚ նշուած աշխ. էջ 245): Հաւանաբար այս խառն իրադրութեան մէջ կառավարութիւնը վճռում է ի վերջոյ լուծել այդ կնճռոտ հարցը եւ 1865 թ. յուլիսի 16-ի հրովարտակով Այվազովսկին ազատւում է պաշտօնից։ Այս հրովարտակը հրապարակւում է օգոստոսի 22-ի թերթերում. ի դէպ‚ նոյն օրը‚ օգոստոսի 22-ին վախճանւում է Մատթէոս կաթողիկոսը

Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի առաջնորդական տեղապահ է նշանակւում Եղիազար արքեպիսկոպոսը։ 

ОБ ИЗУЧЕНИИ АРМЯНСКОГО ЯЗЫКА В ЕВРОПЕ И НАУЧНОМ ЗНАЧЕНИИ АРМЯНСКОЙ ЛИТЕРАТУРЫ 

(էջ 245) 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ  ԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ 

(էջ 254)

Ինքնագիրը (ռուսերէն) պահւում է Լենինգրադի համալսարանի գրադարանում. գրուած է 1880 թ. գարնանը‚ իբրեւ աւարտական շարադրութիւն՝ արեւելեան լեզուների թեկ/425/նածուի աստիճան ստանալու համար: Այն յայտնաբերել եւ առաջին անգամ հրապարակել է Աշոտ Յովհաննիսեանը՝ «Անտիպ երկերում» (էջ 29-36‚ հայերէն թարգմանութիւնը՝ 37-46): Արտատպւում է «Անտիպ երկերից»

  Դեռեւս 1853 թուականին‚ Լազարեան ճեմարանում մանկավարժական աշխատանքի անցնելու կապակցութեամբ‚ Նալբանդեանը եղել է Պետերբուրգում եւ հարցաքննութեան ենթարկուել՝ ստանալով հայոց լեզուի ուսուցչի իրաւունք։ Այնուհետեւ‚ ցանկանալով համալսարանական կրթութիւն ստանալ‚ 1854 թ. հոկտեմբերից‚ իբրեւ ազատ ունկնդիր‚ հաճախում է Մոսկուայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասերին: Այս համալսարանի հետ Նալբանդեանը կապուած է մնում մինչեւ 1858 թ. վերջը: 1859-ի աշնանը‚ վերադառնալով արտասահմանեան ուղեւորութիւնից‚ Նալբանդեանը նոյեմբերին փոխադրւում է Պետերբուրգ: Գ. Սալթիկեանին ուղղած նրա 18/XI 1859 թ. նամակից յայտնի է դառնում‚ որ հանդիպելով նիւթական դժուարութիւնների‚ Նալբանդեանը վճռել էր առժամանակ թողնել բժշկական ֆակուլտետը եւ էքստերն ձեւով քննութիւններ յանձնել Պետերբուրգի համալսարանի արեւելեան լեզուների ֆակուլտետում՝ թեկնածուի աստիճան ստանալու համար: Այդ պահին նրան անհրաժեշտ էր իր նիւթական վիճակն ինչ-որ չափով ապահովելու համար գիտական ցենզ ձեռք բերել: Ինչ վերաբերում էր բժշկական ֆակուլտետի դասընթացներին‚ ապա նա Սալթիկեանին յայտնում է‚ որ մտադիր է առաջիկայ տարիներին մեկնել Փարիզ‚ աւարտել ուսումը եւ բժշկական գիտութիւնների դոկտորի աստիճան ստանալ (տե՛ս Մ. Նալբանդեան‚ ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 65-66)

  Այսպիսով‚ 1860 թ. սկզբին Նալբանդեանն արդէն արձանագրուած էր որպէս Պետերբուրգի համալսարանի արեւելեան լեզուների ֆակուլտետի հայ-վրաց-թաթարական բաժնի կողմնակի ունկնդիր. (посторонний слушатель). ապրիլ-մայիս ամիսներին նա աւարտական քննութիւններ է յանձնում հայոց լեզուից եւ հայ ժողովրդի պատմութիւնից (ադիւնկտ Մ. Բերոյեանի մօտ)‚ վրաց լեզուից եւ պատմութիւնից . Չուբինովի մօտ)‚ ադրբեջաներէնից եւ ֆրանսերէնից (դասատուները չեն յիշատակւում)։ Իբրեւ աւարտական շարադրութիւն՝ նա ներկայացնում է «Об изучении армянского языка в Европе и научном значении армянской литературы» («Հայոց լեզուի ուսումնասիրութիւնը Եւրոպայում եւ հայ գրականութեան գիտական նշանակութիւնը») փոքրածաւալ ուսումնասիրութիւնը‚ որի մասին դրական կարծիք է տալիս համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան դասատու Մ. Բերոյեանը

Դեկանատը հաշուի առնելով Նալբանդեանի քննութիւնների գերազանց արդիւնքները‚ նրան ներկայացնում է թեկնածուի աստիճանի: Համալսարանի վարչութիւնը 1860 թ. յուլիսի 7-ին նրան շնորհում է արեւելեան բանասիրութեան թեկնածուի աստիճան (տե՛ս «Անտիպ երկեր»‚ էջ 388–397)

  Ֆակուլտետի դեկան Ա. Մուխինսկին Նալբանդեանին է յանձնում հետեւեալ վկայեականը. «Տրւում է սոյնը Սանկտպետերբուրգի համալսարանի արեւելեան լեզուների ֆակուլտետի հայ-վրաց-թաթարական բաժնի ազատ ունկնդիր Միքայէլ Նալբանդեանին‚ որ նա այս բաժնի համար քննութիւն տալով արժանացել է թեկնածուի աստիճանին՝ ըստ նրա ներկայացրած դիսերտացիայի: Ի վաւերացումն որի եւ տրուած է սոյն վկայականը՝ պատշաճ ստորագրութեամբ եւ համալսարանի կնիքի դրօշմամբ» (ԵԼԺ‚ հ. IV‚ էջ 314)։ 

Մ. Նալբանդեանի գրական ժառանգութեան գնահատականի առումով հետաքրքրական է նշել‚ որ նրա գրաւոր շարադրութիւնը կամ դիսերտացիան հայ բանասէրների կողմից արժանացել է զուսպ կամ վերապահ գնահատականների։ Այսպէս‚ յիշեալ յօդուածի յայտնաբերող եւ դրա առաջին կոմենտարիների հեղինակ Աշոտ Յովհաննիսեանը նկատում /426/ է‚ որ դրական գնահատականի արժանացած այդ շարադրութիւնը «խեղճ բովանդակութիւն ունի»։ Ընդ որում‚ գիտնականը հակուած է ենթադրելու‚ որ այդ պայմանաւորուած էր Պետերբուրգի համալսարանի արեւելեան ֆակուլտետի գիտական ցածր մակարդակով» («Անտիպ երկեր»‚ էջ 395)։ Աշ. Յովհաննիսեանը միաժամանակ քննադատում է դիսերտացիայի հեղինակի կողմից պատմական պրոցեսի ըմբռնումը‚ որը մեծապէս ազդուած է կրօնական-իդէալիստական նախապաշարումներից» (նոյն տեղում‚ էջ 396)։

Խորէն Սարգսեանը նոյնպէս տարակուսանք է յայտնում‚ որ Նալբանդեանն աշխատել է մնալ հայագիտական այն տեսակէտների մակարդակին‚ որոնք իշխում էին այդ պահին Պետերբուրգի համալսարանում։ Խ. Սարգսեանը‚ այնուհետեւ‚ համեմատելով դիսերտացիան Նալբանդեանի այդ ժամանակի աշխատութիւնների հետ‚ ընդգծում է‚ որ այն չի համապատասխանում ոչ միայն Նալբանդեանի յեղափոխական դեմոկրատիզմին‚ այլ անգամ նրա անցեալ շրջանի լուսաւորական գործունէութեան մակարդակին: . Саркисян, Микаэл Налбандян и вопросы язука, Ереван‚ 1955‚ cтp. 58–59‚ 62)։ 

  Սերգէյ Դարոնեանը‚ որ հանգամանօրէն զբաղուել է Մ. Նալբանդեանի դիսերտացիայի հարցով‚ առաջինն է ցոյց տուել‚ որ այն մեծ նմանութիւն ունի արեւելագիտութեան մագիստրոս Կարապետ Եզեանի մի յօդուածին՝ նուիրուած հայոց լեզուի‚ գրականութեան եւ պատմութեան ուսումնասիրութեանը Եւրոպայում (տե՛ս «Современное обозрение»‚ «Coвременник»‚ 1858‚ N 4‚ cтp. 257-264‚ տե՛ս նաեւ С. Даронян, Новые данные о диссертации М. Налбандяна, «Известия AH Apм. CCP»‚ 1963‚ N 1‚ стр. 79-83)։ Ս. Դարոնեանի կարծիքով՝ քանի որ Եզեանը պաշտպանում էր այն հայեացքները‚ որոնք այս պահին Պետերբուրգի համալսարանում իշխում էին հայագիտութեան մասին‚ Նալբանդեանը նոյնպէս չի շեղւում ընդունուած պաշտօնական տեսակէտներից: Աւելին‚ նա գիտակցաբար չի փորձել հակադրուել համալսարանում ընդունուած իդէալիստական այն մտայնութեանը‚ որով գնահատւում էին հայոց լեզուն‚ գրականութիւնն ու պատմութիւնը»։ Ահա թէ ինչու Նալբանդեանն արտայայտում է մտքեր (համաշխարհային քաղաքակրթութեան ասպարէզում Ասիայի‚ այդ թւում Հայաստանի դերի չափազանցում)‚ որոնք յատուկ չեն նրա աշխարհայեացքին եւ համոզմունքներին (տե՛ս С. Даронян, Микаэл Налбандян, Ереван, 1975‚ cтp. 197)

  Որ Նալբանդեանի ներկայացրած ուսումնասիրութիւնը հաւակնութիւն չունէր գիտական նոր աստիճանի հասցնելու հայագիտական մտքի դրուածքը Ռուսաստանում 60-ական թթ. այդ‚ իսկապէս‚ երեւում է ուսումնասիրութեան կառուցուածքից եւ ժամանակի գիտական մտքի հայեցակէտի՝ անվերապահ կրկնութիւնից: Այս առումով իրաւացի են թէ՛ Խ. Սարգսեանը‚ թէ՛ Ս. Դարոնեանը‚ որոնք հարցի նման դրուածքը համարում են ժամանակի պաշտօնական գիտական մտայնութեանը չհակադրուելու տակտիկական վարքագծի արտայայտութիւն։ 

  Սակայն‚ հարցն ունի իր երկրորդ կողմը‚ որի հետ հաշուի չնստել չի կարելի։ Նալբանդեանը‚ որ առանց համալսարանական դասընթացն անցնելու‚ էքստերն ձեւով‚ կարճ ժամկէտում պէտք է քննութիւններ յանձներ լաւագոյն շրջանաւարտի կոչմանն արժանանալու համար‚ ինչպէս նկատում է Աշ. Յովհաննիսեանը‚ բնականաբար‚ քիչ ժամանակ ունէր զբաղուելու շարադրութեան գիտական խորութեան հարցով եւ դրա անհրաժեշտութիւնը չէր զգում։ Չէ՞ որ XIX դարի երկրորդ կէսին յունական համալսարաններում թեկնածուի աստիճանը չէր չափւում դիսերտացիաներին առաջադրուող այժմէական պահանջների չափանիշով: Այն համարւում էր գիտական ցածր աստիճան‚ որը շնորհւում էր համալսարանի լաւագոյն շրջանաւարտներից նրանց‚ ովքեր ներկայացնում էին գրաւոր աշխա/427/տանք՝ իրենց ընտրած թեմայով (տե՛ս «Энциклопедический словарь»‚ Փ. A. Брокгауза и И. Е. Ефрона, том XIV‚ С. -Петербург, 1895‚ cтp. 281)։ Այս պարագաներում‚ հաւանաբար‚ ինչպէս նկատում է Ս. Դարոնեանը‚ դիսերտացիայի թեմայի ընտրութեան հարցով Նալբանդեանը դիմում է իր բարեկամին՝ Կ. Եզեայնին: Վերջինս հաշուի առնելով հայագիտութեան նկատմամբ առաջացած հետաքրքրութիւնը‚ նրան խորհուրդ է տալիս ընտրել այդ հարցի հետ կապուած մի թեմայ եւ թերեւս առաջարկում է օգտուել «Սովրեմեննիկում» տպագրուած իր յօդուածից։ 

  Նալբանդեանը‚ անկասկած‚ օգտուել է Եզեանի յօդուածից եւ նոյնիսկ երկու պարբերութիւն‚ որոնք յիշատակում է Ս. Դարոնեանը‚ համարեայ անփոփոխ մտցրել է իր դիսերտացիայի մուտքի խօսքի մէջ (տե՛ս С. Даронян, Микаэл Налбандян, cтp. 197-198)։ Նալբանդեանը հարազատ է մնացել Եզեանի յօդուածի նաեւ այն հատուածի ոգուն‚ որտեղ խօսւում է հայկական աղբիւրների նշանակութեան մասին՝ այլ ժողովուրդների պատմութեան ուսումնասիրման գործում։ 

  Ինչ վերաբերում է Ս. Դարոնեանի այն դիտողութեանը‚ թէ «Նալբանդեանի դիսերտացիան նրա ինքնուրոյն աշխատանքը չէ‚ այն գրուած է Գ. Ա. Եզովի օգնութեամբ» (նոյն տեղում‚ էջ 196)‚ ապա Եզեանի յօդուածի եւ Նալբանդեանի ուսումնասիրութեան համեմատութիւնը պարզում է հետեւեալը. Եզեան-յօդուածագիրն իր խնդիրն է համարում «ընթերցողներին ծանօթացնել եւրոպական գիտնականների մի քանի ձեռնարկումներին՝ հայ գրականութեան եւ պատմութեան ուսումնասիրութեան մարզում»։ Նա միայն թուարկում է եւրոպական հայագէտներին‚ հիմնաւորում հայ մատենագրութեան կարեւորութիւնը եւ ընթերցողներին ծանօթացնում երեք գիտնականների՝ Դիւլորիէի‚ Լանգլուայի եւ Այվազովսկու հայագիտական աշխատանքների ծրագրերի հետ։ 

Միքայէլ Նալբանդեանը նոյնպէս թուարկում է եւրոպական հայագէտներին‚ սակայն աւելի մեծ ընդգրկումով։ Նա միաժամանակ ծանօթութիւն է տալիս նրանց կատարած աշխատանքի բնոյթի եւ նշանակութեան մասին: Շեղուելով Եզեանի յօդուածից‚ Նալբանդեանը հանգամանօրէն խօսում է Հայաստանի հետ կապուած բիբլիական աւանդութիւնների մասին եւ դրանք հաստատում լեզուական ստուգաբանութեամբ: Նրա աշխատութեան մէջ միանգամայն ինքնուրոյն են հարեւան ժողովուրդների հետ ունեցած պատմական Հայաստանի շփումներին եւ բախումներին վերաբերող ակնարկը‚ Հայ-ասորական‚ հայ-բիւզանդական փոխյարաբերութիւններին նուիրուած հատուածները եւ որ կարեւոր է՝ հայ հին մատենագրութեան եւ թարգմանական գրականութեան արժէքաւորմանը նուիրուած միանգամայն լուրջ եւ ինքնուրոյն հարցադրումները։ Եթէ Եզեանի յօդուածը հիմնականում նուիրուած էր կոնկրետ մէկ հարցի՝ Եւրոպայում հայագիտութեան նորոյթներին‚ այն էլ միայն երեք գիտնականների գործունէութեանը‚ ապա Նալբանդեանը‚ բացի մի քանի նախադասութիւնից‚ չի անդրադառնում Լանգլուայի եւ Դիւլորիէի աշխատանքների քննութեանը‚ իսկ Այվազովսկու անունը առհասարակ չի տալիս

Այսպիսով‚ Եզեանի օգնութեամբ ճշտելով իր դիսերտացիայի թեման եւ համապատասխան ուղղութիւն ստանալով նրանից‚ Նալբանդեանը‚ թէեւ ոչ մեծ ծաւալի մէջ‚ շարադրել է իր աշխատութիւնը‚ մի ամփոփ եւ ինչ-որ չափով ընդհանրացնող գործ‚ որով նա մեկնաբանում էր եւրոպական հայագիտական դպրոցների ստեղծման դրդապատճառները եւ վեր հանում հայ մատենագրութեան նշանակութիւնը՝ հին աշխարհի եւ միջին դարերի մի շարք ժողովուրդների պատմութեան ճշգրտման եւ ամբողջացման գործում։ Ի վերջոյ‚ երբ խօսում ենք Նալբանդեանի դիսերտացիայի ծաւալի փոքրութեան կամ որոշ հարցերի լուսաբանման եւ շարադրանքի սխեմայականութեան մասին‚ ապա չպէտք /428/ է մոռանանք մէկ հանգամանք եւս‚ որի մասին խօսել են եւ Աշ. Յովհաննիսեանը‚ եւ Ս. Դարոնեանը. Պետերբուրգում համալսարանական քննութիւններին նախապատրաստուելու օրերին եւս Նալբանդեանը շարունակում էր իր գրական‚ հասարակական‚ քաղաքական զբաղումները։ Մասնաւորապէս յունուար-փետրուար ամիսներին նա գրում է Գաբրիէլ Այվազովսկու «Վարդապետարան Քրիստոնէութեան» աշխատութեան հանգամանալից եւ մանրազնին քննութիւնը։ Այդ ամիսներին‚ ինչպէս երեւում է կաթողիկոսին ուղղած Նալբանդեանի՝ 1860 թ. փետրուարի 11-ի թուակիր նամակից‚ նա «պարանոցաթաղ» լինելու աստիճան զբաղուած էր բազմապիսի գործերով («յաւէտ օգտակարս ե՛ւ մեզ‚ ե՛ւ ազգին»)

  Եթէ հաշուի առնելու լինենք եւ այն‚ որ 1860 թ. փետրուարին արդէն ծրագրուած էր նրա արտասահմանեան ուղեւորութիւնը‚ ապա կարելի կը լինի հաստատապէս ասել‚ որ համալսարանի աւարտական շարադրութիւնը նրա ընթացիկ գործերից սոսկ մէկն էր‚ որին նա ի վիճակի չէր առանձնայատուկ ուշադրութիւն եւ շատ ժամանակ նուիրել

  Էջ 255‚ տ. 33. …որը ղեկավարում էր Շահան Ջրպետը Շահան-Ջրպետ (Յակոբ Շահան Ջրպետեան‚ 1779–1837)‚ հայագէտ‚ ծնուել է Դիարբեքիրում‚ սկզբնական կրթութիւնն ստացել է Մուշի ս. Կարապետի վանքում‚ այնուհետեւ ուսանել է Հռոմում։ Նապոլէոնի կողմից նշանակուել է Փարիզի կայսերական ճեմարանի հայոց լեզուի եւ գրականութեան պատմութեան ուսուցիչ։ Դարասկզբին տպագրել է հայագիտական եւ արեւելագիտական մի քանի ուսումնասիրութիւններ։ 1814 թ. Շահան-Ջրպետը փորձում է աշխատանք ստանալ Լազարեան ճեմարանում‚ բայց այդ նրան չի յաջողւում։ 1894-ին Փարիզ այցելած վաճառական Գեւորգ Արծրունու միջնորդութեանն է դիմում՝ աշխատանքի անցնելու Ներսիսեան դպրոցում։ Ներսէս Աշտարակեցու հրաւէրով գալիս է Թիֆլիս եւ բնակութիւն հաստատում դպրոցի շէնքում: Սկզբնական շրջանում նա աշխատում էր մեծ եռանդով‚ բայց Ներսէսի Բեսարաբիա մեկնելուց յետոյ ոչ միայն թերանում է կատարել իր պարտականութիւնները‚ այլեւ դրամական մի անվերջանալի վէճ է բացում‚ լրացուցիչ գումարներ պահանջելով դպրոցի ղեկավարութիւնից: Այդ գործով հետագայում նա նոյնիսկ դիմում է Պասկեւիչին‚ առաջացնելով դպրոցի տնօրինութեան անբաւականութիւնը։ 

  1829-ից ներգրաււում է հայոց եկեղեցու «Պոլոժենիէն» կազմող յանձնաժողովի մէջ («Բարձրագոյն կարգադրութիւն (Պոլոժենիէ) Յաղագս կառավարութեան գործոց Լուսաւորչական Հայոց Եկեղեցւոյ ի Ռուսաստան»): Յանձնաժողովի կազմում էին Ջրպետից բացի՝ Բարսեղ (Վասիլ) Բեհբուդեանը‚ Սերովբէ վարդապետ Արարատեանը եւ լեհ աստիճանաւոր‚ կաթոլիկ Օզկինը։ Պասկեւիչի յանձնարարութեամբ Ջրպետը կազմում է հայոց եկեղեցու նախկին օրէնքների‚ սովորութիւնների ու վարչութեան պատմական տեսութիւնը։ (Տե՛ս Ներսէս Աշտարակեցու նամակը Խաչատուր Լազարեանցին‚ «Լումա»‚ 1899‚ գիրք Բ‚ էջ 259-260‚ Ալ. Երիցեան‚ Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք XIX դարում‚ մասն Ա‚ Թիֆլիս‚ 1894‚ էջ 562-564)

Էջ 260. տ. 11-20. Առաջին հայ կայսրը Մաւրիկիոսն էր… թագաւորել են 12 կայսր Բիւզանդական հայազգի թագաւորների ժամանակագրութեան եւ նրանց վերաբերեալ յիշուող փաստերի մէջ կան մի շարք անճշտութիւններ‚ որոնք անխուսափելի պիտի լինէին‚ եթէ հաշուի առնելու լինենք բիւզանդագիտութեան մակարդակը անցեալ դարի կէսերին: Ճշտումները կատարել է բիւզանդագէտ Հրաչ Բարթիկեանը։ 

տ. 11. Առաջին հայ կայսրը Մաւրիկիոսն էր… (583-602) Թէեւ պատմական գրականութեան մէջ նշւում է Մաւրիկիոսի հայ լինելը‚ բայց ուսումնասիրողները այդ չեն հաստատում։ Թագաւորել է 582-602 թթ. ։  /429/ 

տ. 13. Մեզիկուս Յունարէն՝ Միզիզիոս‚ հայերէն՝ Մժեժ։ Սիկիլիայում 668 թ. զօրքի կողմից կայսր է հռչակուել‚ բայց ենթարկուել է մահապատժի եւ չի թագաւորել։ 

տ. 13. …Վարդանի որդի Փիլիպպոսը Իրականում՝ Վարդան Փիլիպպիկոսն է

տ. 14. …Արտաւազդ (741-743) Արտաւազդը‚ Կոստանդին V-ի փեսան‚ նոյնպէս կայսր է հռչակւում զօրքի կողմից‚ ապստամբութիւն է բարձրացնում Կոստանդին V-ի դէմ‚ բայց կայսր չի դառնում:

տ. 14. …Կարլոս Մեծի ժամանակակից Նիկիֆորը Նիկեփոր I-ը (802-811) հայ չէր։ 

  տ. 15. …Լեւոն V հայազգին` Արծրունեաց տոհմից (813-820) Լեւոն V Հայկազն թագաւորի Արծրունեաց տոհմից սերելու մասին փաստեր չկան

  տ. 15–16. …Վասիլ Արշակունին… (876-896) Վասիլ I-ի (867-886) Արշակունի լինելու վերաբերեալ հաղորդումը կեղծիք է‚ որն ստեղծել է Փոտ պատրիարքը։ Դրանով նա ցանկանում էր ոչ միայն սքողել Վասիլ I-ի հասարակ ծագումը‚ այլեւ արաբական լծից ազատագրուող Հայաստանի իշխաններին վասալական կախման մէջ դնել Բիւզանդիայից:

տ. 16-17. …նրա որդիքը Լեւոն II (880-911) եւ Ալեքսանդր (912 ) Լեւոն VI-ը թագաւորել է 886-911 թթ. ։ 

տ. 17-18. …Լեւոն VI-ի որդի Կոստանդին Ռոմանը (959-963) Այստեղ անունների շփոթութիւն է ստեղծվել: Իրականում Կոստանդին-Ռոման հասկացողութիւնը երկու կայսրների է վերաբերում. Կոստանդին VII Ծիրանածին կայսերը եւ նրա որդի Ռոմանոս II-ին (959-963)։ Կոստանդին Ծիրանածինը թագաւորել է 913-959 թուականներին‚ ընդ որում՝ 920-944 թուականներին՝ հայ ուզուրպատոր Ռոմանոս I Լեկապենոսի հետ միասին

տ. 18. …նշանաւոր Յովհան Չմշկացին (969-976) Յովհան Չմշկիկ կայսրը հայազգի էր‚ որը չէր սերում Մակեդոնական դինաստիայից: Նա ուզուրպատոր էր‚ թագաւորել է 969-976 թթ. այն ժամանակ‚ երբ ապրում էին Ռոմանոս II-ի որդիներ Վասիլ II-ը եւ Կոստանդին VIII-ը: Ի դէպ‚ Ռոմանոս II-ի մահից յետոյ‚ 963 թ. թագաւորել է հայազգի ուզուրպատոր Նիկեփոր II Փոկասը‚ որին 969 թ. սպանեց Յովհան Չմշկիկը եւ տիրացաւ գահին

տ. 18-19. …Ռոմանի որդիքը Վասիլ II եւ Կոստանդին VIII (976-1025) Վասիլ II-ը («Բուլղարասպան») թագաւորել է 976-1025 թթ.: Նրա եղբայր Կոստանդին VIII-ը միահեծան թագաւորել է 1025-1028 թթ. ։ 

տ. 20. 212 տարուայ ընթացքում հայերից թագաւորել են 12 կայսր Ինչպէս երեւում է եւ յօդուածից‚ Կոստանդին VIII-ի մահով Մակեդոնական դինաստիան չի վերջանում։ 1028-1055 թուականներին բիւզանդական գահին տիրում են Կոստանդին VIII-ի դուստր Զոէի առաջին‚ ապա երկրորդ, երրորդ եւ չորրորդ ամուսինները‚ իսկ 1055-1056 թ. Կոստանդինի երկրորդ դուստր Թէոդորան: Վերջին կայսրն էր Թէոդորայի ամուսին Միքայէլ VI Ստրատիոտիկոսը (1057)‚ որի մահով վերջանում է Վասիլ I հայազգի կայսեր կողմից հիմնադրած Մակեդոնական դինաստիան (867-1057)

  Էջ 262‚ տ. 1. …Եւսեբիոսի ժամանակագրութեան նկատի ունի IV դարի յոյն նշանաւոր պատմիչ եւ եկեղեցական գործիչ Եւսեբիոս Կեսարացուն (260-339)‚ որի երկու նշանաւոր երկերը՝ «Եկեղեցական պատմութիւնը» եւ «Քրոնիկոնը» («Ժամանակագրութիւնը») V դարում թարգմանուել են հայերէն: «Քրոնիկոնի» յունական բնագիրը չի պահպանուել եւ այդ երկը գիտական աշխարհին յայտնի է միայն հայերէն թարգմանութեան շնորհիւ

  տ. 1. …Փիլոնի հատուածների Փիլոն Եբրայեցի‚ Աղեքսանդրացի‚ (20՝ մինչ մեր 

թուակ. 54 մեր թուակ. )‚ գիտնական‚ փիլիսոփայ‚ քրիստոնէական գաղափարախօսութեան սկզբնաւորողներից մէկը: V դարում թարգմանուած նրա 14 աշխատութիւններից 7-ը պահպանուել են միայն հայերէն թարգմանութիւնների շնորհիւ։ 

տ. 2. …Ս. Եփրեմի Եփրեմ Ասորի‚ IV դարի ասորի մատենագիր: Դեռեւս V դարում նրա գրեթէ ամբողջ ստեղծագործութիւնը թարգմանուել է հայերէն: Այդ գործերի մի մասը պահպանուել է հայերէն թարգմանութիւնների շնորհիւ։ 

տ. 2. …Յովհան Ոսկեբերանի (354-407) Նշանաւոր յոյն եկեղեցական գործիչ եւ աստուածաբան: V դարում հայերէն թարգմանուել են նրա գրեթէ բոլոր գործերը‚ որոնցից մի քանիսի յունարէն բնագրերը կորած են համարւում։

տ. 24-25. …Յակոբ Մծբնայ հայրապետի քարոզները Խօսքը Յակոբ Մծբնայ հայրապետին վերագրուած «Զգօն» կոչուած գրքի մասին է‚ որի իսկական հեղինակը IV դարի ասորի մատենագիր Ափրահատն է։ Գիրքը հայերէն է թարգմանուել V դարում։ 

տ. 26-27. …հայրենիքից վտարուած ասորական քահանաները Հաւանաբար խօսքը վերաբերում է այն ասորի նեստորական գործիչներին‚ որոնք թափանցել են Հայաստան եւ փորձել են տարածել նեստորական աղանդը

տ. 28. …թարգմանեցին Մանէսի Մանես անուան տակ հաւանաբար նկատի ունի մանիքէական ուսմունքի հիմնադիր Մանիին

տ. 28. …Թէոդորոս Մոպսուեստացու հերձուածական գրքերը աղանդաւոր Նեստորի ուսուցիչը‚ որի աշխատութիւնները քրիստոնէական եկեղեցին մերժել է միջնադարում։ Նրա աշխատութիւնների որոշ հատուածներ յայտնի են հակառակորդների գրքերի մէջ պահպանուած մէջբերումների ձեւով։ 

տ. 32. …Տիեզերական պատմութեան թարգմանութիւնը XII դարի գործիչ‚ Անտիոքի Յակոբիկ եկեղեցու պատրիարք Միխայէլ Ասորու «Տիեզերական պատմութիւնը» թարգմանուել է 1248 թ.: 

տ. 33. …խօսում Գրիգոր Աբուլ-Ֆարաջը Ասորի պատմիչ‚ որ ստեղծագործել է նաեւ արաբերէն

ՀՐԱՇԱՓԱՌ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ 

(էջ 264) 

Տպագրուել է՝ «Մեղու»‚ 1860‚ 10/XII‚ N 118‚ էջ 269-270‚ Ս. Շահբեգ ստորագրութեամբ: Առաջին անգամ մտցուել է Մ. Նալբանդեանի երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ. ։ Արտատպւում է «Մեղու» պարբերականից

  Այս յօդուածի գրութեան համար առիթ է ծառայել արեւմտահայ յետադիմական գործիչ Յովհաննէս Տերոյենց Չամուռճեանի «Ապացոյցք աւետարանական պատմութեան» յօդուածը‚ որի հեղինակը հայ ընթերցողին պարտադրում էր Քրիստոսի ուսմունքը ընդունելուն զուգընթաց հաւատալ նաեւ դեւերի եւ կախարդութեան գոյութեանը։ Խօսելով սուրբ վայրերի հետ կապուած աւանդութիւնների մասին‚ Չամուռճեանը տողատակի մեկնաբանութիւններում յայտնում է այն միտքը‚ թէ հրաշքներին չհաւատացողները չեն կարող ընդունել եւ սատանաների գոյութեան անվերապահ փաստը: «ԺԸ դարուն գաղղիացի փիլիսոփաները‚- գրում է նա‚- կախարդութիւնը սուտ եւ անհնար բան ըլլալ հրատարակեցին նէ‚ միտքերնին դիւաց գոյութիւնը ուրանալ‚ եւ ասով քրիստոնէական հաւատոյ ճշմարտութիւնը ի հիմանց խախտել էր» («Երեւակ»‚ 1860‚ 85‚ էջ 7): /431/

Ծանօթանալով այդ յօդուածին‚ Նալբանդեանը շտապում է իր վերաբերմունքն արտայայտել այդ ժամանակավրէպ փիլիսոփայութեան նկատմամբ: Նրա արտառոց հարցադրումն էր պատճառը‚ որ Նալբանդեանն իր յօդուածը գրում է կիսալուրջ‚ կիսազաւեշտական ձեւով‚ միջնադարեան սխոլաստիկ գաղափարախօսութեան ներմուծման Չամուռճեանի ջանքերը որակելով իբրեւ հոգեկան խանգարման արտայայտութիւն»։

  Սակայն Չամուռճեանը մտադիր չէր տեղի տալ եւ հանդէս է գալիս պատասխան յօդուածով։ Հաւանաբար նկատի ունենալով «Երեւակի» տպագրութեան անկանոնութիւնը եւ ընթերցողների նեղ շրջանակը‚ Նալբանդեանի դէմ գրած իր պատասխանը նա միաժամանակ տպագրել է տալիս եւ «Մեղուի» էջերում (տե՛ս «Խայտառակութեան քննութիւն»‚ «Երեւակ»‚ 1861‚ N 86‚ էջ 49-59‚ տե՛ս նաեւ «Մեղու»‚ 1861‚ N 123‚ էջ 20-22)։ Այս յօդուածում նա ծաղրում է Շահբեկ-Նալբանդեանին‚ նրա՝ ազգասէրի եւ իմաստունի համբաւը։ Այստեղ եւս պնդելով դեւերի գոյութեան մասին իր յայտնած տեսակէտը‚ Չամուռճեանն ապաւինում է աստուածաշնչեան դոգմաներին եւ Շահբեգին պարտադրում պատասխանել երկու հարցի. նա կամ պէտք է ընդունի դեւերի գոյութիւնը եւ կախարդութեան գործօնը եւ կամ խոստովանի‚ որ Վոլտերի եւ նրա գաղափարակիցների‚ ինչպէս եւ XVIII դարի «հոտած ու փտած փիլիսոփայութեան» հետեւողներից է (տե՛ս «Երեւակ»‚ 1861‚ N 86‚ էջ 59)։ 

Չբաւարարուելով սրանով‚ Չամուռճեանը Նալբանդեանի յօդուածի թողած ազդեցութիւնը հայ հասարակութեան վրայ չէզոքացնելու համար ասպարէզ է հանում նոր զէնքեր։ 1861 թ. սեպտեմբերից նա ձեռնարկում է Ժեհան դը Սեն Քլաւիանի ծաւալուն մի յօդուածի թարգմանութեան տպագրութիւնը. (տե՛ս «Դեւերուն գոյութիւնը եւ չարութիւնը» յօդուածը‚ «Երեւակ»‚ 1861‚ N 114-120 եւ 1862‚ N 121-132)։ 

  Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ յօդուածը։ Ֆրանսիացի հեղինակը փորձում էր ապացուցել‚ թէ բնական գիտութիւնները չեն մերժում հաւատալիքները եւ թէ պէտք է ուշադրութեան առնել այն փիլիսոփայութիւնը յատկապէս‚ որը ճանաչում է այս աշխարհի իրական գործերին խառնուող սատանաների եւ դեւերի գոյութիւնը։ Այդ անշօշափելի էակները‚ որ հրէշտակ կամ դեւ են կոչւում‚ պաշտպանում եւ կամ փորձում են մարդկանց‚ մի բան‚ որ հաստատում է եւ Սուրբ գիրքը։ Ի վերջոյ‚ հեղինակը յայտարարում է‚ թէ քրիստոնէութեան ամբողջ շէնքը կանգնած է բարու եւ չարի սիւների վրայ. «Փորձ մը փորձն այս երկու սիւներուն մէկը վերցնելու‚ հաւասարակշռութիւնն ո՞ւր մնալը կը տեսնես»։ Ղեկավարուելով այս «դրոյթով»‚ Չամուռճեանն իր հերթին գտնում է‚ թէ կատարեալ գիտութիւնն առաջնորդում է դէպի հաւատը‚ իսկ անկատարն ընդհակառակը՝ հեռացնում է դրանից։ 

  Այս պարագաներում էր ահա‚ որ Նալբանդեանը ձեռնոց էր նետում աստուածաբանական հաւատալիքներին եւ մենամարտի մէջ մտնում այդ հաւատալիքների խաւարամոլ պաշտպան եւ պրոպագանդիստ Չամուռճեանի հետ. Նալբանդեանի սոյն յօդուածով սկսուած բանավէճը բացայայտում էր արեւմտահա իրականութեան մէջ առաջացած հասարակական հոսանքների բեւեռացման երեւոյթը: Այս բանավէճը շարունակւում է Նալբանդեանի՝ «Մեղուի» խմբագրին ուղղած յաջորդ նամակից յետոյ եւս‚ որը նոյնպէս արժանանում է Չամուռճեանի յատուկ ուշադրութեանը (տե՛ս «Նալբանդեանցի մէկ նամակին վրայ» յօդուածը‚ «Երեւակ»‚ 1860‚ N87‚ էջ 83 -102)։ 

  Արեւմտահայ դեմոկրատական եւ յետադիմական ուժերի միջեւ ծաւալուող այս բանակռիւը Նալբանդեանի հետագայ գործունէութեան եւ‚ մասնաւորապէս‚ «Երկու տող» պամֆլետի շնորհիւ‚ դրւում է առաւել լայն հունի մէջ‚ ներառնելով ժամանակի արեւմտահայ իրականութեան ամենահրատապ սոցիալ-քաղաքական եւ էթիկական խնդիրները: /432/ 

Էջ 264‚ տ. 2. «Հաւատամք յարդիւնս Քրիստոսի.. դիւաց» Աստուածաբանի համբաւի հասած Չամուռճեանի նոր «դրոյթը» դեւերի գոյութեան մասին Նալբանդեանը ծաղրում է‚ նրան յիշեցնելով 15 դար անփոփոխ պահպանուած քրիստոնէական կրօնի հաւատոյ հանգանակը։ Առաւել ցցուն դարձնելու նպատակով Չամուռճեանի «նորամուծութեան» անպատեհութիւնը‚ Նալբանդեանն իր յօդուածը կառուցում է հաւատոյ հանգանակի շարադրանքի նմանութեամբ‚ որն սկսւում է հետեւեալ բառերով. «Հաւատամք ի մի Աստուած»‚ յաջորդ պարբերութիւնը՝ «Հաւատամք եւ ի սուրբ հոգին» եւ այլն (տե՛ս «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի»‚ Կոստանդնուպոլիս‚ 1851‚ գլ. ԼԳ)

տ. 6. Յովհաննէս Տէր-Կարապետեան… Պրուսացի Չամուռճեան Յովհաննէս Պրուսացի Տէր-Կարապետեան Տէրոյենց (1801-1888)‚ ծնուել է Բրուսայում‚ սկզբնական կրթութիւնն ստացել ծննդավայրում‚ ապա սովորել է Արմաշի վանքում։ 18-ամեայ հասակում վերադառնում է Բրուսա‚ զբաղւում ուսուցչական եւ թարգմանական աշխատանքներով: 1828 թ. փոխադրւում է Կ. Պոլիս‚ նախ աշխատում իբրեւ թարգմանիչ‚ ապա 1838-ից մինչեւ 1841 թ. մանկավարժական աշխատանք է կատարում Իսկիւտարի ճեմարանում (ռեկտոր‚ դասախօս‚ թարգմանիչ)։ Ճեմարանը փակուելուց յետոյ զբաղւում է թարգմանական աշխատանքով‚ ըստ որում մի շարք գրքեր վեր է ածում աշխարհաբարի։ Ճեմարանի վերաբացումից յետոյ‚ 1846-1849 թթ. աշխատում է իբրեւ տնօրէն‚ դասախօս‚ այնուհետեւ 1846-ին հիմնադրում է պատրիարքարանի առաջին թերթը՝ «Հայաստանը»‚ որի խմբագիրն էր մինչեւ 1848 թ. եւ‚ այնուհետեւ‚ 1850-1852 թուականներին: 1857-1866 թթ. հրատարակել է «Երեւան» երկշաբաթաթերթը‚ իսկ 1855–1857 թթ. հայատառ-թուրքերէն «Զոհալ» պարբերականը։ Այդ թերթերի միջոցով պայքար է ծաւալել ժամանակի առաջադիմական գործիչների‚ ինչպէս եւ բողոքականութեան դէմ‚ պաշտպանել է լուսաւորչական եկեղեցու աւանդական սկզբունքներն ու դոգմաները։ Լինելով ծայրայեղ պահպանողական‚ բազմիցս բանավիճել է զանազան գործիչների հետ‚ հայոց եւ հռոմէական եկեղեցիների տարբերութեան հարցի շուրջը Հ. Գաթրճեանի «Հիմնական տարբերութիւն» գրքի դէմ գրել է «Իրաւախոհ» գրքի երեք հատորները

  Լինելով ժամանակի գործիչների ամենայետադիմական թեւի պարագլուխը‚ Յ. Չամուռճեանը 1860 թ. մշտական պայքարի մէջ էր սահմանադրական շարժման կողմնակիցների‚ մասնաւորապէս «Մեղուի» շուրջ համախմբուած հայ գործիչների եւ Միքայէլ Նալբանդեանի դէմ։ 1878-ից հեռանում է գրական ասպարէզից եւ նուիրւում գրական գործունէութեան. աւարտում է 1861-ին սկսած «Եկեղեցական լիակատար պատմութիւնը»‚ որի 30 հատորների ձեռագիրը պահւում է Երուսաղէմի Մատենադարանում։ 

  Ժամանակակիցների վկայութեամբ՝ Չամուռճեանը շատ կարդացած եւ եռանդուն գործիչ էր‚ գիտէր բազմաթիւ լեզուներ: Նա գրել է 150-ի չափ աշխատութիւններ‚ իր ժամանակի համար գրեթէ կատարեալ աշխարհաբարով։ Հայ հասարակական խաւերի որոշ շրջանակներում եւ անգամ հակառակորդների մէջ՝ նա եկեղեցական հարցերում անվերապահ հեղինակութիւն էր‚ որի համար ստացել էր «Հայոց անվեղար կաթուղիկոս» անուանումը: Նրա կենսագիր Մրմըրեանը գրում է. «Հայ դպրութիւնը դեռ չէ ունեցած, քանի մը մեծ Մխիթարեաններէ զատ‚ Տէրոյենցի չափ թուղթ սեւցունող գրագէտ‚ իսկ անոր չափ թուղթ դարձունող թերեւս ա՛լ բնաւ չպիտի ունենայ» . Գ. Մրմըրեան‚ Ստուերք հին դէմքերու‚ Կ. Պոլիս‚ 1908‚ էջ 55)։ 

տ. 10. …1 յուլիս 30 նոյեմբեր‚ թիւ 85 Նալբանդեանը նկատի ունի «Երեւակի» իրա/433/ւական եւ փաստական հրատարակութեան օրերը (յուլիսի 1-ի տարեթուով լոյս տեսնելիք 85 համարը տպագրւում է նոյեմբերի 30-ին): Յատկանշական է‚ որ նրա պարբերաթերթի հետագայ համարները նոյնպէս տպագրւում են մեծ ուշացումով‚ երբեմն զաւեշտական վիճակի մէջ դնելով խմբագրին: Այսպէս‚ «Մեղուի» դեկտեմբերի 20-ի համարում տպագրուած Նալբանդեանի նամակին «Չամուռճեանը պատասխանում է օգոստոսի 1-ի թուականը կրող «Երեւակի» 87 համարում‚ որն իրապէս տպագրուել էր 1861-ի յունուարի վերջին‚ դառնալով Սուաճեանի ծաղրի առարկան (տե՛ս «Մեղու»‚ 1861‚ N 124)։ 

Էջ 265‚ տ. 28. …որի հիւանդութիւնն էր սիլլաների‚ քաջերի‚ դեւերի եւ կախարդութեան հաւատալ Ըստ Ղ. Ալիշանի‚ իւրաքանչիւր ազգի հին կրօնների մէջ յիշւում են բանական եւ հոգեղէն էակներ‚ որոնք քրիստոնեաների մօտ դասւում են հրէշտակների եւ դեւերի կարգը։ Հրեշտակներից են պայքը. սրանք պատկերւում են իբրեւ մարդանման էակներ՝ անասնական որոշ կողմերով (այծի սրունքներով եւ եղջիւրներով)։ 

Հայկական գլխաւոր կրօնական էակներից է քաջը‚ որի անունը գործածւում է յոգնակի ձեւով՝ քաջք եւ համապատասխանում է արաբական ջին կոչուածին։ 

  «Աւելի յատուկ եւ ծանօթագոյն անուն չարաց՝ յայտ է ամենուս մեր լեզուի մէջ դեւն‚ որ թէեւ նոյն համարի ընդ սատանայի՝ ի խօսս‚ բայց սա անոնց գլխաւորն է իբրեւ իրենց պաշտօնէից‚ եւ իշխան դիւաց կոչի» . Ալիշան‚ Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց‚ Վենետիկ‚ 1910‚ էջ 207‚ 227)։

տ. 33. .. Ջալալեան Սարգիս եպիսկոպոսի Տե՛ս սոյն հատորի ծանօթագրութիւնները‚ էջ 373։ 

  Էջ 266‚ տ. 1-2. Բացթողումը հեղինակինն է

տ. 18. …Նորին մռայլութեան Տէր Բեհեղզեբուղի Դեւերի իշխան (եբրայական Բաալ իշխան եւ զեբուբ ճանճ բառերից)‚ հրէական չար ոգին‚ դեւը. «Հրեայք բեհեղզեբուղ կոչէին յանուն փղշտացւոց չաստուածոյն‚ իբրեւ տէր աղտեղութեանց» . Ալիշան‚ նշուած աշխ. էջ 229)։ 

տ. 28. …Արուսեակի առաջին կարգի ասպետութիւնը Արուսեակ՝ Վեներա մոլորակի անուանումը (պահլաւերէն՝ սպիտակ‚ լուսափայլ)։ Փոխաբերական իմաստով նշանակել է նաեւ սատանայ‚ որը զրկուել է իր երբեմնի պայծառութիւնից (Լիւցիֆեր)։ 

տ. 35. …նոյնիսկ «Գործք Առաքելոցը» Նոր կտակարանի գրքերից մէկը‚ որտեղ պատմւում է առաքեալների գործերի մասին

էջ 267‚ տ. 5. Ասմոդէյ Չար ոգի‚ դեւ

տ. 7. Արտաւազդ Նկատի ունի հայ հին առասպելաբանութեան հերոս Արտաւազդին‚ որը‚ ըստ որոշ տարբերակների‚ ունէր դիւվային ծագում եւ ի վերջոյ շղթայակապ նետուեց Արարատ լեռան խորխորատները

տ. 11. Բացթողումը հեղինակինն է

 

ՆԱՄԱԿ «ՄԵՂՈՒԻ» ԽՄԲԱԳՐԻՆ 

(էջ 268) 

Տպագրուել է՝ «Մեղու»‚ 1860‚ 20/XII‚ N 119‚ էջ 273 –276‚ Մ. Նալբանդեանց ստորագրութեամբ: Առաջին անգամ մտցուել է Մ. Նալբանդեանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ. ։ Արտատպւում է «Մեղու» պարբերականից։ 

  Նամակի գրութեան շարժառիթը կապուած էր Վանի Կտուց անապատի նախկին առաջ/434/նորդ Պօղոս վարդապետ Միքայէլեանի անարժան վարքագծի եւ այդ հարցում կրօնական ժողովի բռնած անհետեւողական դիրքորոշման հետ։ 

  Դեռեւս մինչեւ Նալբանդեանի առաջին այցը Կ. Պոլիս‚ Վանի հասարակութիւնը բազմաթիւ դիմումներ էր յղել պատրիարքարան‚ նրա ուշադրութիւնը հրաւիրելով Պօղոս կրօնաւորի զանցանքների‚ ապօրինութիւնների եւ անբարոյական արարքների վրայ։ Պօղոսն առժամանակ հեռացուել էր պաշտօնից‚ ճեմում էր Կ. Պոլսում կամ մեկնելով Վան՝ ահաբեկում իր դէմ ստորագրութիւններ հաւաքող վանեցիներին: Նրա գործի քննութիւնը շարունակ ձգձգւում էր։ 

  1860-ի ամռանը Յ. Սուաճեանը «Մեղուի» էջերում հրապարակում է խմբագրութեան ստացած անստորագիր նամակներից մէկը («Վանեցի Պօղոս վարդապետը»)‚ որի հեղինակը պահանջում էր այդ կրօնաւորի հարցի քննարկման ժամանակ հաշուի առնել եւ այն բոլոր ամբաստանութիւնները‚ որոնք Վանի եւ շրջակայքի գիւղերի բնակիչները ուղարկել էին պատրիարքարան («Մեղու»‚ 1860‚ N 100)։ «Մեղուի» յաջորդ համարում տպագրուած «Վանեցւոց գործը» յօդուածում Սուաճեանը նկարագրում է Վանի իրադարձութիւնները՝ կապուած տեղի առաջնորդի ընտրութեան եւ Պօղոսի օգտին նրա կողմնակիցների ծաւալած գործունէութեան հետ: Նոյն թուականի հոկտեմբերի 10-ին «Մեղուն» կրկին անդրադառնում է վանեցիների հարցին եւ յայտնում‚ որ Պօղոսի գործի քննութեան համար Ազգային ժողովը խառն յանձնաժողով է կազմել («Վանեցւոց գործին վրայ»‚ «Մեղու»‚ 1860‚ N 112  

Սակայն‚ դեռ չէր հասցրել յանձնաժողովը քննել նիւթերը‚ երբ «Մեղուն» յայտնում է Կ. Պոլսից Պօղոս վարդապետի փախուստի լուրը (N 114‚ 30/X)‚ Սուաճեանն արդարացի զայրոյթով էր արտայայտւում քաղաքական եւ կրօնական ժողովների դանդաղաշարժութեան եւ անպատասխանատու ընթացքի մասին‚ որով հնարաւորութիւն էր տրուել հանցագործին‚ որ նա «ուզած կողմը փախչի» (էջ 233)։ 

  Յ. Սուաճեանը Պօղոս վարդապետի հարցին անդրադառնում է մէկ անգամ եւս‚ դեկտեմբերի 10-ին‚ երբ կրօնական ժողովն իր խօսքն ասել էր՝ Պօղոսին ժամանակաւորապէս արգելելով հոգեւոր պաշտօն կատարել: «Մեղուի» խմբագիրն ըմբոստանում էր այս անվճռական‚ կիսատ-պռատ որոշման դէմ‚ եւ ի մի բերելով իր ձեռքի տակ եղած փաստերը‚ մէկ առ մէկ թուարկում էր Պօղոսի կատարած հանցագործութիւնները: Աւելին‚ ելնելով ազգի շահերից‚ Սուաճեանի «Մեղուն» իր սեփական դատավճիռն էր արձակում նրա մասին։ Ըստ այդ վճռի՝ «Մեղուն» Պօղոսին զրկում էր եկեղեցական աստիճանից եւ եկեղեցիներում հոգեւոր պաշտօն վարելու իրաւունքից։ Միաժամանակ թերթը կոչ էր անում հայ հասարակութեանը՝ առաջիկայ տաս օրուայ ընթացքում իրենց ստորագրութիւնները դնել այդ վճռի տակ (տե՛ս «Վանցի Պօղոս եղբայրը» յօդուածը‚ «Մեղու»‚ 1860‚ N 118)

  Սուաճեանի այս մարտական ելոյթը դեմոկրատական իր հնչեղութեամբ եւ քաղաքացիական կրքով հայ հրապարակախօսութեան պատմութեան բացառիկ էջերից մէկն է: Այն խորապէս յուզում է արեւմտահայ հասարակութեան առաջաւոր գործիչներին եւ զայրացնում պատրիարքարանի ղեկավարութեանը։ Պատրիարքը բանադրում է համարձակ գործչին‚ որը յանդգնել էր Պօղոս վարդապետի վերաբերեալ հանած իր վճռով «յափշտակել» պատրիարքարանի իրաւունքը։ Իրերի դրութիւնն ստիպում է Սուաճեանին իր թերթի էջերում խնդրել պատրիարքի ներողամտութիւնը։ Սակայն‚ նա միաժամանակ աւելացնում է‚ որ եթէ‚ յիրաւի‚ կրօնական ժողովը եւ պատրիարքը Պօղոս վարդապետին թոյլատրեն կրկին երեւալ եկեղեցիներում‚ ապա «Մեղուն» նրան մարդ չի ճանաչի եւ Ազգային ժողովն ստիպուած կը լինի /435/ կատարած յանցանքների համար նրան դատել քաղաքացիական դատարանի օրէնքներով (տե՛ս «Մեղու»‚ 1860‚ 26/XII‚ «Յաւելուած ի «Մեղու»)։ 

  Այս աղմկայոյզ իրադարձութիւնների վերջին փուլին ականատես Միքայէլ Նալբանդեանը շտապում է ողջունել իր գրչակից բարեկամին՝ նրա սկզբունքային դիրքորոշման համար։ Նա Սուաճեանին ուղղուած մի նամակով հանդէս է գալիս «Մեղուի» էջերում‚ հանգամանօրէն վերլուծելով վանեցի Պօղոսի գործի շուրջ ստեղծուած իրավիճակը: Այդ նամակը հետաքրքրական է մի շարք կողմերով։ Նալբանդեանը «Յիշատակարանի» տպագրութիւնից յետոյ կրկին բարձրացնում է հրապարակախօսութեան նշանակութեան հարցը‚ ընդգծում՝ ազգի անդամներին համախմբելու‚ ակտիւացնելու եւ կազմակերպելու նրա մեծ ուժը. Նալբանդեանը մէկ անգամ եւս շեշտում է հրապարակայնութեան կարեւորութիւնը ազգի առաջընթացի գործում‚ խարանում այն կեղծ ազգասէրներին‚ որոնք ազգի թերութիւնները թաքցնելու իրենց պարսաւելի քաղաքականութեամբ մեղանչում են ազգային շահերի դէմ։ 

  Մեծարժէք այս յօդուածում Մ. Նալբանդեանը ֆրանսիական լուսաւորիչների ուսմունքի ոգով արծարծում է բնական օրէնքների անկասելի ուժի‚ տարբեր դասերի պատկանող քաղաքացիների իրաւահաւասարութեան‚ օրենսդրութեամբ նախատեսուող՝ այդ իրաւունք ների անձեռնմխելիութեան հետ կապուած մի շարք հարցեր։ 

XVIII դարի II կէսի խոշոր գործիչների‚ ֆրանսիական էնցիկլոպեդիստների ոգով Նալբանդեանն իր ընթերցողներին ուսուցանում է օգտուել այն բնական իրաւունքներից‚ որոնք ի վերուստ‚ ապա եւ օրենսդրութեամբ տրուած են մարդուն: Իր օրերի յեղափոխական իրադրութեան պահանջների խոր գիտակցութեամբ նա կոչ է անում հայրենակիցներին՝ անողոք պայքար յայտարարել իր դարն ապրած ամուլ եւ «տխուր անցածի» դէմ եւ հաստատուն կերպով ոտք դնել այն նոր սահմանագլխի վրայ‚ «ուր մանուկ առուգութեամբ ծածանում է յառաջընթացների դրօշակը»։ 

  Անվերապահօրէն հաւանութիւն տալով Սուաճեանի արձակած վճռին‚ Նալբանդեանն ամբողջ սրութեամբ քննում է հոգեւորականութեան արտօնութիւնների ժամանակավրէպ լինելու հարցը։ Նա նոյնպէս գտնում է‚ որ Պօղոս վարդապետը ոչ միայն պէտք է զրկուի քահանայութեան իրաւունքից‚ այլեւ կրի իր գործած քրէական յանցանքների պատիժը։ 

Նալբանդեանի նամակը եթէ զինում է տեղի դեմոկրատական ուժերին՝ ռէակցիայի դէմ նրանց վարած պայքարում‚ միաժամանակ բորբոքում է այդ հոսանքի յենարաններից մէկի՝ Չամուռճեանի զայրոյթը։ Վերջինս «Երեւակի» 1860 թ. օգոստոսի 1-ի 87-րդ համարում (որը տպագրւում է 1861-ի յունուարին)‚ զետեղում է «Նալբանդեանցի մէկ նամակին վրայ» բանավիճային յօդուածը‚ որտեղ խօսում է Նալբանդեանի մտքերի կարծեցեալ հակասականութեան մասին: Ուշադրութիւն հրաւիրելով մասնաւորապէս նրա այն ասոյթի վրայ‚ թէ բոլոր մարդիկ հաւասար իրաւունքներով են ծնւում‚ որը բնական օրէնքից զատ պաշտպանւում է եւ մարդկային օրէնքներով‚ նա յայտարարում է‚ որ այդ միտքը հակասում է սուրբ գրքի ոգուն. այնուհետեւ մատնացոյց է անում Նալբանդեանի հայեացքների աղբիւրը. նրա յօդուածի բուն էութիւնը‚ գրում է Չամուռճեանը‚ «Ռուսսոյ հռչակաւոր անհաւատ հեղինակին՝ «Պատճառք անհաւասարութեան վիճակաց ի մարդիկ» խորագրով շինած ճառէն է‚ եւ անցեալ դարուն վերջը եւ ներկայ դարուն կէսին (1848-ին) Գաղղիա եւ ետքը բոլոր Եւրոպա տակն ի վրայ ընող սոսիալիսդներուն կամ կարմիր հանրապետականներուն դրութիւնն է» (ընդգծումը յօդուածագրինն է‚ էջ 88)։ 

  Ինչ վերաբերում էր Պօղոս վարդապետին‚ ապա նա Նալբանդեանի եւ Սուաճեանի հարցադրումներին հակադրում է հոգեւորականների օծուած լինելու եւ անձեռնմխելիութեան /436/ իրաւունքի հարցը: Վանեցի Պօղոսին նա նոյնպէս խօսքով դատապարտում է‚ սակայն նրա գործի տնօրինութիւնը յանձնարարում է պատրիարքարանին։ Չամուռճեանն առհասարակ նպատակայարմար է գտնում‚ որ կրօնական ժողովն աւելի ձեռներէցութիւն հանդէս բերի եւ նման կնճռոտ հարցերն շտապի կարգադրել ժամանակին‚ որպէսզի դրանք չդառնան հրապարակայնութեան առարկայ

  Նալբանդեանին աւելի խոր խոցելու համար‚ «Երեւակի» խմբագիրն իր յօդուածին կից՝ «Մեղու Հայաստանի» թերթից արտատպում է մի առակ‚ որում ամենագռեհիկ ակնարկներով հայհոյւում էր Միքայէլ Նալբանդեանը («Այլ եւ այլք‚ առակ բարոյական»‚ էջ 104)։ 

  Նալբանդեանի պատուի նախանձախնդրութեամբ Յ. Սուաճեանը «Չքնաղ հիւրընկալութիւն» յօդուածով պատասխանում է Չամուռճեանին‚ նրա յօդուածի բուն պատասխանի իրաւունքը վերապահելով Միքայէլ Նալբանդեանին (տե՛ս «Մեղու»‚ 1861‚ 20/II‚ N 124)

  Նալբանդեանը չի ուշացնում իր պատասխանը: Նա այդ օրերին գտնւում էր Փարիզում եւ աշխատում էր «Երկու տող» պամֆլետի վրայ: Չամուռճեանի յօդուածը լրացուցիչ խորհրդածութիւնների նիւթ է տալիս նրան: «Երկու տողի» առաջին օրինակներն ուղարկւում են Կ. Պոլիս. այդ գրքոյկի վերաբերեալ ծանուցումը հրապարակւում է «Մեղուի» 1861 թ. 132-րդ համարում։ 

«Երեւանի» խմբագիրը սուր խայթուած «Երկու տողից»‚ պատեհ-անպատեհ առիթներով կշտամբում է Սուաճեանին՝ Նալբանդեանի հետ ունեցած կապերի համար (տե՛ս «Մեղուին» հրատարակչին քանի մը խրատներ» յօդուածը. «Երեւակ»‚ 1861‚ N 97)։ 

  Էջ 268‚ տ. 8. …չխորտակուէին «Մեղուի» զարկուածքից Խօսքը վերաբերում է Յարութիւն Սուաճեանի «Վանցի Պօղոս եղբայրը» յօդուածին‚ տպագրուած «Մեղուի» 1860 թ. 118-րդ համարում։ 

  Էջ 270‚ տ. 10- 36‚ էջ 271‚ տ. 1-7. Ոչ երբէք պիտի յառաջանա ազգը… Չէ կարելի ազատութիւն քարոզել եւ խղճմտանք բռնաբարել «Կոլոկոլի» 1860 թ. յունուարի 1-ի համարում (թերթ 60) լոյս է տեսնում Ա. Դ. Գերցէնի 1860 թուական յօդուածը‚ որտեղ նա‚ խօսելով կալուածատիրական գիւղացիութեան ազատագրութեան ուղիների եւ ձեւերի մասին‚ դատապարտում է Ալեքսանդր II-ի անվճռական դիրքն այդ հարցում։ 

  Արեւմտահայ լիբերալների երկդիմի քաղաքականութիւնը մերկացնող Նալբանդեանի յօդուածի մի մասը զգալի չափով յիշեցնում է «Կոլոկոլի» այդ յօդուածի երկրորդ գլխի մի հատուածը` թէ՛ բովանդակութեամբ եւ թէ՛‚ մանաւանդ‚ խօսքի կառուցուածքով: Հմմտ

А. И. Герцен‚ «…Каким Янусом ни будь‚ нельзя разом идти в две противоположные стороны»

  Նալբանդեան Չէ կարելի միեւնոյն ժամանակ երկու ճանապարհ գնալ‚ միմեանց հակառակ ուղղութեամբ՝ իսկ երկուսի մէջը մեզ երեւում է մի անթարգմանելի մոլորութիւն»5 

А. И. Герцен‚ «Нельзя начинать новую постройку и брать помощников из богодельни прошедшего»

  Նալբանդեան Չէ կարելի նորի շինութիւնը սկսանել եւ անցածի հիւանդանոցից օգնականք առնուլ . И. Герцен, Сочинения в 9 томах т. VIII‚ M. 1958‚ cтp. 312-313)։

Էջ 272‚ տ. 23-24. «…կոչէ (զայս անուն) սարկաւագ ՚ի սարկաւագութենէ ի քահանայութիւն» Տե՛ս Մաշտոց‚ Ձեռնադրութեան կղերիկոսաց‚ սարկաւագաց եւ քահանայից‚ Վաղարշապատ‚ 1876‚ էջ 40: Բնագրում՝ «կոչէ (զայս անուն) ի սարկաւագութենէ…»‚ այնուհետեւ ինչպէս շարունակութեան մէջ

տ. 26. …քարոզում է խարտաւիլակը Նալբանդեանի նամակի խարտաւիլակ (թղթա/437/պահ) բառը թերթում տպագրուել է խրտուիլակ ձեւով‚ Չամուռճեանին առիթ տալով ծաղրելու Նալբանդեանի գրելաձեւը։ «Նալբանդեանցի մէկ նամակին վրայ» յօդուածում անդրադառնալով «խրտուիլակի» հարցին‚ Չամուռճեանը նշում է‚ թէ ոմանք կարող են կարծել‚ որ Նալբանդեանը դիտմամբ է գրել խրտուիլակ‚ ծաղրելու համար թղթապահ հոգեւորականներին։ Այնուհետեւ մեծահոգաբար աւելացնում է‚ թէ ինքն այդ կարծիքին չէ‚ որովհետեւ նամակը չի կրում Շահբեգի ստորագրութիւնը‚ «վասնզի այդպէս անգամ կատակներուն այն ստորագրութիւնը կը վայլէ. Նալբանդեանցին ստորագրութիւնը գիտնական նամակներու տակ կ՚ըլլայ» («Երեւակ»‚ 1860‚ N 87‚ էջ 97): «Չքնաղ հիւրընկալութիւն» յօդուածում Սուաճեանն ստիպուած էր Չամուռճեանին երկրորդ անգամ յայտնել‚ որ թիւրիմացութեան պատճառը տպագրական սխալն է: Չամուռճեանի հեգնական տոնը Սուաճեանը համարում է ոչ տեղին‚ «քանի որ‚– գրում է նա‚– յայտնի է‚ թէ այն նամակին եւ անկէ զատ մինչեւ այսօր հայերէն վսեմ գրուածքներու հեղինակը խարտաւիլակ բառը չգիտցած չկրնար ըլլալ» («Մեղու»‚ 1861‚ N 124‚ էջ 34)։ Յայտնի է‚ որ Նալբանդեանը եւս «Երկու տողում» խօսելով վերոյիշեալ հարցերի շուրջը‚ տողատակի ծանօթութեամբ անդրադառնում է տպագրական այդ սխալին‚ որը Չամուռճեանը «մատին փաթեթ էր շինել» (տե՛ս ԵԼԺ‚ III հ. էջ 22)։ 

տ. 32–34. «Ես դնեմ ձեռս ի վերայ նորա եւ դուք ամենեքին աղօթս արարէք‚ որպէսզի արժանի լինիցի սա զաստիճան քահանայութեան անարատ պահել» Տե՛ս Մաշտոց‚ նշ. աշխատ. էջ 40։ Բնագրում՝ «Ես դնեմ զձեռս ի վերայ նորա‚ եւ դուք ամենեքեան աղօթք արարէք‚ զի արժանի լիցի սա…»‚ այնուհետեւ ինչպէս շարունակութեան մէջ։ 

  Էջ 273‚ տ. 21-22. «…ասասջիր եկեղեցւոյն եւ եթէ եկեղեցւոյն ոչ լուիցէ‚ եղիցի քեզ իբրեւ զհեթանոս» Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի‚ ԺԸ‚ 17: Բնագրում՝ «…ասասջի՛ր եկեղեցւո՛ջ: Ապա թէ եւ եկեղեցւո՛յն ո՛չ լուիցէ‚ եղիցի քեզ իբրեւ զհեթանո՛սն եւ զմաքսաւոր»։ 

տ. 27. «Մեղուն» խնդրում էր ազգի անդամների կարծիքը‚ իւր վճռի մասին –Նկատի ունի «Վանցի Պօղոս եղբայրը» յօդուածում Սուաճեանի հրապարակած դատավճիռը՝ Պօղոս վարդապետի մասին:

 

ՆԱՄԱԿ ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԷԼԻՆ 

(էջ 275) 

Տպագրուել է՝ «Հիւսիսափայլ» 1861‚ N 9‚ էջ 221-225‚ Ա. Ա. Ե… ստորագրութեամբ: Նալբանդեանին է վերագրուել եւ մտցուել նրա Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ.: Արտատպւում է նոյն հանդէսից։ 

Հետագայում‚ յենուելով լեզուական առանձնայատկութիւնների վրայ‚ կարծիք է յայտնուել‚ թէ յօդուածը չէր կարող պատկանել Նալբանդեանի գրչին‚ այլ գրել է Նալբանդեանին եւ «Հիւսիսափայլին» մօտ կանգնած գործիչներից մէկը‚ «որը Նալբանդեանի բացակայութեան շրջանում հակառակորդներին հարուածելու անհրաժեշտութիւնից դրդուած իրեն իրաւունք է վերապահել ազատ կերպով օգտուելու ոչ միայն մեծ հրապարակախօսի բանավիճային միջոցներից‚ այլեւ արտագրել է նրա ֆելիետոններից մէկի մի հատուածը» . Մխիթարեան‚ «Հիւսիսափայլ» ամսագիրը»‚ 1958‚ էջ 66)

Սակայն նամակի հանգամանալից քննութիւնը մեզ բերում է այն համոզման‚ որ իրաւացի է եղել Նալբանդեանի Երկերի լիակատար ժողովածուի նախորդ հրատարակութեան խմբագրութիւնը‚ այն վերագրելով մեծ հրապարակախօսին: Իսկապէս‚ բանավիճային պայքարի բովում ստեղծուած այդ նամակ-ֆելիետոնը գրուած է Նալբանդեան-բանավիճողին /438/ յատուկ կրքով ու տրամաբանութեամբ։ Հեղինակն օգտւում է այլաբանական պատկերների Նալբանդեանական հարուստ զինանոցից‚ ազատ կերպով օգտագործում է Նալբանդեանի գրական հնարքները‚ գրեթէ բառացի վերյիշում «Յիշատակարանի» զանազան հատուածները։ Նամակագիրը Կոմս Էմմանուէլին է դիմում Սերովբէ Խաչատուրեան Շահբեգի մտերմիկ եղանակով ու ինքնավստահութեամբ

Սակայն ինչո՞վ բացատրել այն‚ որ Նալբանդեանն անհրաժեշտ է գտել արտասամանեան ուղեւորութեան ճանապարհին‚ Անդրկովկասում գտնուած միջոցին‚ ի թիւս այլ կարեւոր գործերի՝ զբաղուել նաեւ այլաբանական այս նամակով։ Ինչո՞վ բացատրել նամակի տպագրութեան յապաղումը «Հիւսիսափայլում»‚ ինչո՞ւ էր Նալբանդեանը գրում կովկասեան՝ իր համար անսովոր խօսակցական լեզուով եւ մի փոքր «հասարակ» ոճով։ 

Այդ նամակի գրութեան անհրաժեշտութիւնը բացատրւում է այն անբարենպաստ մթնոլորտով‚ որն ստեղծուել էր «Հիւսիսափայլի» համար եւ որը գրեթէ սպառնագին է դառնում 1860 թ. վերջերին եւ 1861-ի սկզբին։ Ինչպէս արդէն խօսք եղաւ «Յիշատակարանի» ծանօթագրութիւնների բաժնում‚ բանավէճը ժամանակի թերթերի եւ «Հիւսիսափայլի» միջեւ 1870-ին հասնում է իր բարձրակէտին։ Հակառակորդ բանակի պարբերականները մեծ համերաշխութեամբ յարձակում էին ձեռնարկել Նազարեանի ամսագրի դէմ եւ մօտ էին այն դադարեցնել տալու՝ իրենց նպատակի իրագործմանը: Այդ յարձակումները‚ ինչպէս տեսանք‚ արտայայտւում էին եւ հրապարակախօսական յօդուածների‚ ե՛ւ բանավէճերի‚ եւ կառավարութեանն ու կաթողիկոսին ուղղուած դիմումների ձեւով։ Արդէն 1860 թ. ապրիլին‚ Գ. Այվազովսկին Հ. Խալիպեանին գրած նամակում յայտնում էր‚ թէ «Հիւսիսափայլը» դադարեցուած է կառավարութեան կողմից: Թէեւ նրա ստացած լուրերը հաւաստի չէին‚ բայց կարճ ժամանակից նման վտանգ իսկապէս սպառնում էր «Հիւսիսափայլին»: Ամսագրի քննութեամբ զբաղւում էին սինոդը‚ ներքին գործերի եւ լուսաւորութեան մինիստրութիւնները‚ Պետերբուրգի գրաքննական կոմիտէն: Իրենց հերթին ռէակցիոն լազերի զանազան գործիչներ քննութեան անուան տակ անդամահատում էին Նազարեանի գրքերի իւրաքանչիւր տողը‚ այլեւայլ գրչակներ‚ յետադիմական պարբերականների էջերում տպագրում էին այլաբանական ոտանաւորներ‚ երազներ ու տեսիլներ։ Այդ ելոյթները եթէ կրթուած ընթերցողների վրայ առանձին տպաւորութիւն չէին գործում‚ միջին մակարդակի ընթերցողների աչքում վարկաբեկում էին «Հիւսիսափայլը» եւ դրա խմբագրին։ 

  Այսպէս‚ «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. 4-րդ համարում Մանդինեանը տպագրում է բանաստեղծ Պետրոս Մադաթեանի (Սէյադ) «Տեսիլ» բանաստեղծութիւնը՝ ուղղուած Նազարեանի դէմ։ Պասկուիլային այս ոտանաւորի հեղինակը ծաղրում էր Նազարեանի գիտական աստիճանը‚ նրան համարում ազգուրաց եւ անսիրտ մի գործիչ‚ որն իբրեւ գիտնական լինելու նշան՝ դժոխքից նուէր էր ստացել մի աւանակի գլուխ: «Մեղուի» խմբագիրն անուղղակիօրէն յիշում է եւ Նալբանդեանին‚ այդ բանաստեղծութեան տողատակի ծանօթութեան մէջ ակնարկում‚ որ ծանօթ է «Սատանայի պաշտօնական մեծ հանդէսը» պամֆլետին. «Այս գիտնական բառը‚– գրում է Մանդինեանը‚- պրոֆեսոր է նշանակում եւ յուսամ‚ զի բարեմիտ ընթերցողք զիս արժանի ներողութեան կը համարեն‚ վասնզի որպէս արքայութիւնն‚ նոյնպէս եւ դժոխքն ունին զզանազան գիտնականս‚ որպէս վկայէ եւ քաղցրաբան Բարոն Բրամբէուսն» («Մեղու Հայաստանի»‚ 1860‚ N 4‚ էջ 28)։ 

  Այնուհետեւ Մանդինեանը պարբերաբար տպագրում է Զ. Մսերեանի թղթակցութիւնները Մոսկուայից‚ որոնց հեղինակը չարախօսում էր «Հիւսիսափայլի» հասցէին‚ հայհոյում Անանիա Սուլթանշահին‚ նրա «Հայոց ազգի լուսաւորիչքը» գործի առիթով‚ դատո/439/ղութիւններ անում Նալբանդեանի եւ Նազարեանի կարծեցեալ գժտութեան մասին եւ այլն։ Նոյն թուականին է‚ որ Մանդինեանը լայն ասպարէզ է տալիս ռէակցիոն գործիչ‚ գրաբարամոլ Յովսէփ Չերքեզեանին՝ իր մեծածաւալ յօդուածները տպագրելու Նազարեանի դէմ

  Երբ Միքայէլ Նալբանդեանն իր արտասահման ուղեւորութեան առիթով գալիս է Թիֆլիս‚ «Մեղուի» 7 համարներում շարունակաբար տպագրւում էր Չերքեզեանի «Նազարեանց եւ նորա նշանակութիւնը Հայոց գրականութեան մէջ» յօդուածաշարը (N 31-37)։ Այդ օրերին «Մեղուն» Նալբանդեանին մատուցում է եւ այլ անակնկալներ: «Հիւսիսափայլի» դէմ տպագրուած զանազան մանր-մունր յօդուածների կողքին‚ 43-րդ համարում Մանդինեանը զետեղում է Զ. Մսերեանի յօդուածը՝ «Հիւսիսափայլի» 10-րդ համարում տպագրուած Նազարեանի «Մենդելսոն‚ Լեսսինգ եւ Լաւատեր» յօդուածի մասին: Մսերեանի ահազանգից յետոյ‚ յայտնի է‚ որ մի կատաղի արշաւանք է սկսւում «Հիւսիսափայլի» դէմ: Այդ նոյն 43-րդ համարում տպագրւում է Յախ-վերդի Յախ-Նազարեանցի բանաստեղծութիւնը («Հայաստան‚ խեղճ իմ Հայաստան»)։ Որ բանաստեղծութիւնը բացայայտօրէն ուղղուած էր Նազարեանի դէմ‚ այդ երեւում է հէնց հեղինակի գրական կեղծանունից (Յախ-վերդի Յախ-Նազարեանց՝ թուրքերէն նշանակում է Նազարեանցի պարտքը վերադարձնող‚ այսինքն՝ Նազարեանցին պատասխանող)։ Բանաստեղծը կրկնում էր Նազարեանի այն ընդդիմախօսներին‚ որոնք գտնում էին‚ թէ Հայաստանի «անարժան որդիք»‚ այդ թւում եւ Նազարեանը‚ վարկաբեկում են իրենց «անբախտ հայրենիքը»‚ չեն գնահատում նրա պատմական եւ բնական արժանիքները‚ նուաստացնում են հայերին։ Մասնաւորելով խօսքը‚ «Մեղուի» հանգահիւսը ծաղրում է Նազարեանի աշխարհաբարով գրուած գրքերը‚ նրան մեղադրում օտարասիրութեան մէջ: Հէնց այստեղ էլ նա Նազարեանին հակադրում է հայ ազգի փառքի եւ վշտերի երգիչներին‚ «հայրենեաց որդիներին»‚ ի պատիւ որոնց «կեցցէ» է բացականչում

  Ահա այս պարագաներում է‚ որ Նալբանդեանը վճռում է պատասխանել Ստ. Մանդինեանին եւ նրա գործակիցներին: Դրան նպաստում էր նրա՝ Թիֆլիսում գտնուելու բարեպատեհ առիթը։ Դժբախտաբար‚ Նալբանդեանի կենսագրութեան թիֆլիսեան շրջանը շարունակում է մնալ մեր բանասիրութեան առաւել մութ հարցերից մէկը: Մենք շատ աւելի բան գիտենք նրա Կ. Պոլիս կատարած այցելութիւնների‚ այդ օրերի նրա կեանքի եւ գործունէութեան մանրամասների վերաբերեալ‚ քան Թիֆլիսում 1860 թ. աշնանը անցկացրած օրերի մասին

Ո՞ւմ հետ է հանդիպել նա Թիֆլիսում‚ որտե՞ղ է իջեւանել‚ ի՞նչ շփումներ է ունեցել ժամանակի գործիչների հետ‚ եւ նրանից ինչ ազդակներ են ստացել վերջիններս… Բացի մի քանի անորոշ եւ կցկտուր յուշերից‚ ոչինչ չի հասել մեր սերնդին։ Կարելի է միայն ենթադրել‚ որ Թիֆլիսի բարեկամների շրջանում Նալբանդեանը‚ ի թիւս այլ հարցերի‚ մօտիկից ծանօթացել է եւ «Մեղու Հայաստանի» թերթի խմբագրութեան գործերին‚ լսել է Մանդինեանի մանկավարժական անփառունակ գործունէութեան հետ կապուած որոշ պատմութիւններ‚ տեղեկութիւններ է ձեռք բերել Մանդինեանի թերթի աշխատակից‚ բանաստեղծ Պ. Մադաթեանի եւ այլոց մասին եւ այդ նիւթերն օգտագործել իր այլաբանական նամակում։ Ա. Ա. Ե. նամակը‚ այսպիսով‚ գրուած էր անհրաժեշտութեան բերումով եւ ընթերցողներին ցոյց էր տալիս «Հիւսիսափայլի» հակառակորդների մտաւոր բարոյական սնանկութիւնը

  Նամակի առաջին բաժնում Նալբանդեանը ծաղրում է Մանդինեան-մանկավարժի դպրոցի ուսուցման սխոլաստիկ մեթոդները‚ նրա տգիտութիւնն ու շահամոլութիւնը: Երկ/440/րորդ բաժինը փոքրիկ մի ֆելիետոն է‚ որը‚ իբրեւ ափի մէջ‚ «Մեղու Հայաստանին» ներկայացնում է որպէս գռեհիկ թամադաների մի հաւաքատեղի (այդ ֆելիետոնի վերծանումը տե՛ս Մ. Մխիթարեան‚ «Հիւսիսափայլ» ամսագիրը‚ էջ 66-67)։ 

  Նամակի տպագրութեան յապաղումը նոյնպէս հասկանալի է։ Նալբանդեանը Թիֆլիսում‚ ապա Էջմիածնում զբաղուած էր իր արտասահմանեան ուղեւորութեան հարցերով եւ յօդուածը եթէ նոյնիսկ գրել է Կովկասում գտնուած ժամանակ‚ հաւանաբար խմբագրել եւ Նազարեանին է ուղարկել Կ. Պոլսից։ «Ծոցատետրի նկատողութիւններից» յայտնի է‚ որ Նազարեանին նա նամակներ է ուղարկել Էջմիածնից՝ սեպտեմբերի 14-ին‚ Կ. Պոլսից՝ դեկտեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 20-ին‚ Լոնդոնից՝ 1861-ի յունուարի 17-ին։ Ո՞ր նամակի հետ է ուղարկուել յօդուածը‚ դժուար է իմանալ‚ բայց մինչ Նազարեանն այն ստանար եւ պատրաստէր տպագրութեան‚ դարձեալ ժամանակ էր պէտք: Ինչ վերաբերում է յօդուածի լեզուին‚ որը կարող է թիւրիմացութեան մէջ գցել‚ ապա չպէտք է մոռանալ‚ որ Նալբանդեանը մեծ հմտութեամբ համապատասխան իրադրութեան մէջ‚ ասելիքը շարադրում էր տուեալ միջավայրին յարմար լեզուաոճական միջոցներով: Յիշենք «Կտոր մը Այվազովսքիաբանութիւն» պամֆլետը‚ «Երկու տողի» եւ «Ազգային Թշուառութեան» արեւմտահայ կոլորիտը‚ «Վարդենիքի» գրաբար պարոդիան եւ այլն: Տուեալ դէպքում կովկասահայ իրականութեան պատկերները Նալբանդեանը‚ հաւանաբար‚ նպատակայարմար է գտել ներկայացնել տեղի խօսակցական լեզուով։ 

  Ի դէպ‚ հետաքրքրական է‚ որ «Հիւսիսափայլի» 1861 թ. 11-րդ համարում Նազարեանը զետեղել է Վահունու «Ազդ» բանաստեղծութիւնը՝ դարձեալ ուղղուած Սէյադի «Տեսիլ» բանաստեղծութեան դէմ։ Առանց բանաստեղծի անուան յիշատակութեան‚ Վահունին ակնարկներով խօսում է «զանազան խոստմունք‚ անարգ պարգեւներ» ստացած մի անարժան գործչի մասին‚ որն առանց նուիրական սկզբունքների‚ միայն իր քաղցած փորն էր կշտացնում։ Վահունին (Ստեփաննոս Տէր-Յովհաննիսեան‚ 1841-1869)‚ արձակագիր Գաբրիէլ Տէր-Յովհաննիսեանի եղբայրն էր‚ ժամանակի լուսաւորական շարժման գործիչներից։ Նա մասնակցել է հայ երիտասարդութեան կազմակերպած թատերական ներկայացումներին‚ գրել է պիեսներ‚ «Հիւսիսափայլում» տպագրել մի քանի բանաստեղծութիւն։

Էջ 278‚ տ. 13-14. «Այսուհետեւ լոյս եւ ճշմարտութիւն եւ ազատութիւն խաւարի բաբելոնեան գերութիւնից» «Հիւսիսափայլ» ամսագրի բնաբանի վերջը

  Էջ 277‚ տ. 12-13. …գեղեցիկ մեկնում էր այն սաղմոսի ծածկամիտ‚ առանց այբ եօթն տունը Վանական-եկեղեցական կենցաղային յատուկ երեւոյթներից էր‚ երբ ժամանցներին կազմակերպւում էին յատուկ մրցախաղեր‚ երգի ու նուագի հանդէսներ: Պէտք է ենթադրել‚ որ աշուղական պոեզիայում ընդունուած զանազան ձեւերով վերախմբագրուել են սաղմոսի որոշ տները եւ դրանք արտասանուել առանց ա (այբ) հնչյոնի

տ. 15-16. …նորա նման ուսուցիչները կտակ ունին Նոյ նահապետից Ըստ Աստուածաշնչի‚ Նոյը տնկում է խաղողի այգի‚ գինի է պատրաստում‚ արբում… (տե՛ս Աստուածաշունչ‚ Ծնունդք‚ Թ‚ 20-26):

Էջ 278‚ տ. 35. «պ. Մազյամ… պիտի դաստիարակուին» Խօսքը վերաբերում է Անանիա Սուլթանշահի «Հայոց ազգի‚ լուսաւորիչքը» կատակերգութեանը‚ որտեղ ծաղրւում էին Խալիպեան դպրոցի ուսուցիչները‚ լեզուագիտութեան կանդիդատ Մադամեանցը . Քանանեան) եւ դպրոցի հակամանկավարժական մեթոդները: Դպրոցի տնօրէնը կարգադրում է՝ անհնազանդ աշակերտներին ծեծել ծառից նոր կտրուած դալար ճիւղերով (տե՛ս «Հիւսիսափայլ»‚ 1859‚ N 10‚ էջ 777)։  /441/ 

Էջ 278‚ տ. 33-36‚ էջ 279‚ տ. 1-4. Ձեր համար ասում են… յիշատակարանը Հմմտ. «Յիշատակարանի» Ժ գլխի հետ (տե՛ս սոյն հատորում‚ էջ 133)։

տ. 23-24. Անցեալ 1960 թուականի յունուար ամսոյ 23-ին «Տեսիլ» բանաստեղծութիւնը տպագրուած է «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. յունուարի 23-ի 4-րդ համարում

տ. 24. Սատանի հայ Շումէ գիւղի մէջ Անոգրամ՝ «Մեղու Հայաստանի»

տ. 26. որի մուտը արժէր վեց կոպեկ «Մեղու Հայաստանի» թերթի մէկ տարուայ բաժանորդագինն էր վեց ռուբլի։ 

տ. 28-29. Փանտեսսոն Մատատինիոն Անոգրամ՝ Ստեփաննոս Մանդինեանը։ 

տ. 30-31. «Որսկան‚ դուրս արի՛ շուտ եւ պատմիր այս հանդիսաւորներին քո որսածները» «Տեսիլ» բանաստեղծութեան հեղինակի գրական կեղծանուան (Սէյադ) բառախաղը» Սէյադ՝ պարսկերէն նշանակում է որսորդ։ 

տ. 36. …ոմանք Շամախու նահանգի Ղաբալի ու անտառի արջ ասացին Պ. Մադաթեանը շամախեցի էր եւ երբեմն իր բանաստեղծութիւնները ստորագրում էր՝ «Սէյեադ Շամախեցի»

  Էջ 280‚ տ. 3 -4. …այդտեղ ինձ հաւատացրին‚ որ այդ կենդանին չորս լեզուի երգիչ է Նալբանդեանը հաւանաբար Պ. Մադաթեանին ծաղրում է՝ երեք լեզուների երգիչ Սայեաթ-Նովայի արական կեղծանունը իւրացնելու համար:

 

ՀՌՈՄԷԱԿԱՆ ՆԱՄԱԿ 

(էջ 281) 

Տպագրուել է՝ «Հիւսիսափայլ»‚ 1861‚ N 10‚ էջ 301-330, Ալֆոնզօ Ռաթթի ստորագրութեամբ։ Վերագրուել է Նալբանդեանին եւ մտցուել նրա Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ.: Արտատպւում է «Հիւսիսափայլ» ամսագրից։ 

  1954 թ. Ալ. Մարգարեանը յատուկ յօդուածով վիճարկեց խմբագրութեան այդ կարծիքը եւ յայտնեց այն միտքը‚ թէ «Հռոմէական նամակը» չի պատկանում Նալբանդեանի գրչին (տե՛ս ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր»‚ 1954 թ. N 11‚ էջ 79–82)։ Իր այդ թեզը Մարգարեանը հիմնաւորում էր նրանով‚ որ «Հռոմէական նամակը» գաղափարական իր միտուածութեամբ զիջում է Նալբանդեանի այդ շրջանի հրապարակախօսական երկերին‚ որոնք նրա «ռեւոլիւցիոն-դեմոկրատական հայեացքների զարգացման մի նոր աստիճանն էին»: Այնինչ‚ «Նամակի» հեղինակը սոսկ վերապատմում է ռէակցիոն լագերի գործիչների միմեանց դէմ լարած մեքենայութիւնները: Նամակը‚ ըստ էութեան‚ գրում է Մարգարեանը‚ «խղճուկ բովանդակութեամբ ու մանուածապատ լեզուով գրուած մի յօդուած է‚ որտեղ ամբողջապէս բացակայում է Մ. Նալբանդեանի բոցաշունչ քննադատութեան ոգին» (էջ 79)։ Բանասէրն այնուհետեւ «արմատական տարբերութիւն» էր տեսնում այդ փաստաթղթի եւ Նալբանդեանի լեզուի ու ոճի միջեւ։ Միւս կողմից՝ «Նամակում» արծարծուած հարցերը կապելով Պետրոս Շանշեանի՝ 1861 թ. հոկտեմբերի 21-ին կաթողիկոսին ուղղուած նամակի հետ‚ Մարգարեանն անուղղակիօրէն Շանշեանին է համարում յօդուածի հեղինակը:

Այդ կարծիքը‚ սակայն‚ մերժեց Աշոտ Յովհաննիսեանը՝ «Հաղորդման հեղինակը‚ գրում է նա‚– ելնելով Մուրադեանի սխալ ժամանակագրումից՝ կարծում է‚ թէ պամֆլետի հեղինակը այլ ոք չէ‚ քան պ. Շանշեանը: Սակայն ո՛չ պամֆլետի բովանդակութիւնը, ո՛չ նրա գրական ձեւը‚ լեզուն ու ոճը չեն մատնում ծանրախոհ Շանշեանի հեղինակութիւնը» (Աշ. Յովհաննիսեան‚ Նալբանդեանը եւ նրա ժամանակը‚ գիրք առաջին‚ էջ 339)։ Ա. Յովհաննիսեանը կարծում է‚ որ Նալբանդեանն այդ յօդուածը գրել է Ներսիսեան /442/ դպրոցում տեղի ունեցած իրադարձութիւնների թարմ տպաւորութեան տակ‚ միաժամանակ նպատակադրուելով ուժեղացնել Ջալալեանի դէմ այդ պահին սրուած պայքարի ճակատը։ Նա ենթադրում է‚ որ ինչպէս «Սատանայի պաշտօնական մեծ հանդէսը»‚ նրա այս յօդուածը նոյնպէս մնացել է անտիպ եւ տպագրուել է գրաքննական ճնշման համեմատական մեղմացման շրջանում‚ 1861-ին։ 

«Հռոմէական նամակի» հանգամանալից ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս‚ որ անուանի նալբանդեանագէտն իրաւացի էր։ Խորապէս զգայուն՝ ազգային կեանքի առաջընթացն արգելակող բոլոր երեւոյթների նկատմամբ‚ Նալբանդեանը մեծ ուշադրութիւն է նուիրել ժամանակի հայկական դպրոցների անմխիթար վիճակին‚ բազմիցս քննադատել ազգային դպրոցի հաւակնութիւններ ունեցող Ներսիսեան դպրոցի թերութիւնները եւ ցանկութիւն յայտնել այն տեսնելու առաւել մօտ՝ հայ ժողովրդի լուսաւորական պահանջների իրականացմանը։ Հէնց «Հռոմէական նամակի» մուտքի խօսքում նրա տուած գնահատականը Ներսիսեան դպրոցին եւ արտայայտած գաղափարները՝ իդեալական դպրոցի վերաբերեալ‚ նրա լուսաւորական-դեմոկրատական հրապարակախօսական ելոյթների տրամաբանական շարունակութիւնն էին։ Այս առումով էլ‚ երբ Նալբանդեանը «Հռոմէական նամակում» արտայայտւում էր հայ կեանքի կրթական գործում նկատուած աղաղակող թերութիւնների մասին‚ պարտադիր չէր‚ որ միաժամանակ յեղափոխական-դեմոկրատական գաղափարներ զարգացներ։ 

  «Նամակի» այլաբանական կառուցուածքը‚ որ պայմանաւորուած էր գրաքննական դժուարութիւններով‚ կարող էր ծրագրուել խմբագրական գործիչների նեղ շրջանակում։ «Նամակում» բերուած փաստերը‚ թէեւ հեղինակին յայտնի‚ ամենայն հաւանականութեամբ ստուգուել եւ ճշտուել են դէպքերի վայրում‚ Թիֆլիսում‚ 1860 թ. աշնանը‚ Նալբանդեանի Կովկասում գտնուած օրերին: Եւ որովհետեւ այդտեղից նա ուղեւորւում է արտասահման եւ նամակն ուղարկում ճանապարհից‚ այն‚ բնականաբար‚ տպագրւում է ուշացումով‚ 1861 թ. աշնանը

«Հռոմէական նամակը» այլաբանական մի պատում է‚ գրուած սիմվոլների ու խորհրդաւոր պատկերների միջոցներով։ Սիւժ-ն զարգանում է անսովոր իրադրութիւններում‚ ինչպէս «Յիշատակարանի» բազմաթիւ էջերում։ Որոշ հատուածներ ուղղակիօրէն առնչւում են Նալբանդեանի կենսագրական փաստերի‚ «Յիշատակարանի» զանազան գլուխների եւ հէնց հեղինակային վերաբերմունքի հետ՝ դէպի «Յիշատակարանը»: Այսպէս‚ ինչպէս նշել է Նալբանդեանի Երկերի լիակատար ժողովածուի ծանօթագրողը‚ «Հռոմէական նամակի» մուտքի՝ փոթորկի նկարագրութիւնը կապւում է Նալբանդեանի ճանապարհորդական տպաւորութիւնների հետ‚ երբ Միջերկրական ծովում ալեկոծութիւն է սկսւում‚ եւ նաւը‚ որում գտնւում էր նա‚ Մարսէլ գնալու փոխարէն կանգ է առնում Սիցիլիայի ափերին։

«Յիշատակարանի» Թ գլխում Շահբեգը գերութեան մէջ երազ է տեսնում: Նրան է մօտենում մի երիտասարդ‚ մելամաղձոտ եւ տխուր կերպարանքով. «…եւ‚ չնայելով նորա երիտասարդութեանը‚ արդէն խորշոմը դրել էր նորա ճակատի վերայ իւր կնիքը» (տե՛ս սոյն հատորում‚ էջ 127)։ «Հռոմէական նամակի» հեղինակի խօսակիցը մի խորհրդաւոր պատանի է‚ որի «պարզ երեսի վերայ տարածուած էր տրտմութեան վարագոյրը‚ զգեստը կիսամաշ եւ ինքը խորասուզած մտահածութեան անդունդի մէջ։ …Նա խոր հոգոց հանեց եւ ասաց…» (էջ 285)։

Թէ՛ առաջին‚ թէ՛ երկրորդ դէպքում երազում յայտնուած այս երիտասարդները տառապում են ազգի ցաւերով եւ մտահոգուած են նրա կեանքի վերանորոգման խնդրով։ Երկու  /443/ դէպքում էլ խորհրդաւոր այդ երիտասարդների պատմութիւնը պտտւում է շատ լուրջ առարկաների վրայ‚ թէեւ հեղինակը երեւակայական զրոյցի շղարշի օգնութեամբ գրաքննութեան ուշադրութիւնը փորձում է շեղել ազգային ցաւերի շուրջ արուող խորհրդածութիւններից

Ուշադրութեան արժանի է եւս մի մանրուք. գործարանի (Ներսիսեան դպրոցի) անցուդարձին ականատես խօսակիցը հետեւեալ զեղումով է սկսում իր պատմութիւնը. «Ով դու անմահ պատմութիւն‚ ասաց նա‚ եւ դաստիարակութիւն ամենայն մարդու‚ եւ անաչառ դատաւոր ամենայն գործերի‚ քե՛զ եմ յանձնում իմ խօսքերը‚ որ յաւերժացնես քո յիշատակարանների մէջ» (էջ 288)։ «Հռոմէական նամակը» նոյնպէս‚ ինչպէս Շահբեգի գերութեան տեսարանը‚ կառուցուած է երազի հենքի վրայ: Այս զուգահեռների մէջ դժուար չէ նկատել հեղինակային ձեռագրի նոյնութիւնը

  Ինչ վերաբերում է Նալբանդեանի լեզուի եւ «Հռոմէական նամակի» լեզուական առանձնայատկութիւնների հարցին‚ ապա այս դէպքում եւս չպէտք է մոռանանք Նալբանդեանի լեզուաոճական զինանոցի հարստութեան փաստը եւ ցանկացած դէպքում ցանկացած ոճով գրելու նրա մեծ հմտութիւնը։ Անցեալ դարի 60-ական թուականներին շատ քչերին կարելի է մատնացոյց անել‚ որոնք գրում էին կազմակերպուած գրական լեզուով: Դրանցից առաջիններից էր Ստ. Նազարեանը‚ բայց նա հանդէս էր գալիս միմիայն հրապարակախօսական յօդուածներով։ «Հիւսիսափայլի» միւս թղթակիցները ամսագրին ուղարկում էին գերազանցապէս «լուրջ» ժանրի գործեր: Տուեալ դէպքում պէտք է հաշուի առնել Նալբանդեանի եւ գրելաձեւը‚ եւ գրական հնարանքների՝ «Հիւսիսափայլից» եկող միջոցների օգտագործումը‚ որը լուրջ կռուան է «Հռոմէական նամակի» հեղինակի հարցը վճռելիս

  Մի քանի խօսք «Հռոմէական նամակի» գրութեան շարժառիթների մասին

Սարգիս Ջալալեանի առաջնորդութեան շրջանում‚ 1857 թ. Ներսիսեան դպրոցի տեսչի պաշտօնից հեռացւում է իր ժամանակի կրթուած անձանցից մէկը՝ առաջադէմ մանկավարժ Պետրոս Շանշեանը։ Նրա փոխարէն նշանակւում է մանկավարժական աշխատանքին խիստ անհամապատասխան մի անձնաւորութիւն‚ Ջալալեանի համախոհ Դաւիթ Արզանեանը։ Վերջինս մեծ եռանդով աշխատում է դպրոցի կեանքից ջնջել Շանշեանի գործունէութեան բոլոր հետքերը: Հետապնդում է այն աշակերտներին‚ որոնք համակրում էին նախկին տեսչին. հալածւում են «Հիւսիսափայլով» հետաքրքրուող աշակերտները‚ որոնց Արզանեանը «Նոր Նազարեանք» անունն էր տալիս: Կարճ ժամանակից` առաջնորդը‚ տեսուչը եւ դպրոցի հոգաբարձուները վճռում են դպրոցից հեռացնել նաեւ վերակացու Քաթանեանին‚ որն ամեն կերպ ջանում էր պահպանել շանշեանական մանկավարժական աւանդները։

Բարձր դասարանի աշակերտները‚ լսելով այդ մասին‚ խնդրում են առաջնորդին‚ Արզանեանին եւ հոգաբարձու Ալ. Թայիրեանին‚ իրենց չբաժանել սիրելի վերակացուից։ Բայց 1858 թ. նոյեմբերի 2-ին Քաթանեանն արձակւում է պաշտօնից. այդ օրը երեկոյեան նա մտնում է աշակերտների կացարանը եւ հրաժեշտ տալիս իր սաներին: Վերջիններն խիստ յուզուած կատարուածից՝ իսկոյն շտապում են տեսչի մօտ եւ պահանջում ետ կանչել Քաթանեանին: Աշակերտների գրգռուած տոնը զայրացնում է Արզանեանին‚ եւ նա սպառնում է պատժել նրանց: Աշակերտներն այդտեղից ուշ երեկոյեան մտնում են առաջնորդի մօտ‚ բայց կրկին սպառնալիքներ են ստանում: Վերադառնալով դպրոց‚ նրանք իրենց սենեակների դուռը փակ են գտնում. պարզւում է‚ որ ներսը ոստիկանական կւարտալնիները հաշուեհարդար էին տեսնում փոքրահասակ աշակերտների հետ: Տեսնելով «խռովարարներին»‚ Թայիրեանը կարգադրում է դրանցից հինգ հոգու տանել ոստիկանատուն‚ իսկ /444/ մնացածներին ծեծել: Վրդովուած քաղաքացիների միջամտութեամբ‚ առաւօտեան աշակերտներին ազատում են կալանքից‚ սակայն դրանով պատմութիւնը չի վերջանում։ Թայիրեանի պահանջով 14 աշակերտներ‚ որոնք իբրեւ թէ Շանշեանի եւ Նազարեանի հոգի ունէին‚ արձակւում են դպրոցից։ Հետագայում նրանց զրկում են այլ վայրերում իրենց ուսումը շարունակելու հնարաւորութիւնից եւ հետապնդում են՝ պահանջելով անպայման տիրացուներ դառնալ

Լսելով այս լուրը‚ Ստեփանոս Նազարեանը խնդրում է Թիֆլիսի իր բարեկամներին՝ ստոյգ եւ հանգամանալից տեղեկութիւններ ուղարկել իրեն‚ «Հիւսիսափայլում» յօդուած տպագրելու համար: Երկար ժամանակ նրան չեն արձագանքում. ի վերջոյ‚ 1859-ի աշնանը Նազարեանն ստանում է Գարեգին Մուրադեանի նամակը՝ Գարեգին Ստեփաննոսեան Փարսադանեանց Թիֆլիզեցի ստորագրութեամբ‚ ինչպէս եւ անստորագիր մի նամակ՝ Պետերբուրգից: Համադրելով այդ երկու փաստաթղթերը եւ առաւել հաւաստի գտնելով Մուրադեանի նամակը‚ Նազարեանն այն ներկայացնում է գրաքննութեան։ Գրաքննական կոմիտէն արգելում է յօդուածի տպագրութիւնը։ Նազարեանը դիմում է այլ միջոցի. Մուրադեանի նամակն իր մեկնաբանութիւններով նա 1859-ի նոյեմբերի 30-ին ուղարկում է Թիֆլիս՝ հասարակական գործիչներ‚ Ներսիսեան դպրոցի հոգաբարձուներ‚ բժշկապետ Յարութիւն Յովհաննիսեանին եւ Ռոմանոս Նադիրեանին: «Հիւսիսափայլի» խմբագիրը խնդրում է նրանց՝ գէթ ձեռագիր վիճակում «բարոյապէս գործ դնել այդ նամակը Թիֆլիսի մէջ‚ կարդալով բարեմիտ բարեկամների հասարակութեան մէջ եւ իմանալով իմ կարծիքը եւս այն անցքի մասին»

  Հրապարակախօսի՝ արդարացի զայրոյթով գրուած այս նամակում իր արժանի գնահատականն է ստանում Սարգիս Ջալալեանը: Նազարեանը շեշտում է‚ որ նա զուրկ լինելով «իմացական ու բարոյական արժանաւորութիւնից» եւ ամենեւին անհոգ՝ «իւր հոգեւոր խնամարկութեան տակ եղած դպրոցի բարեկարգութեան մասին»‚ այդ դպրոցը կառավարում է‚ ղեկավարուելով անձնական կոյր թշնամութեամբ» դէպի հայ գործիչները: Նամակում գնահատականի իրենց բաժինն են ստանում նաեւ տեսուչը («նաւաբեկուած» Արզանեանը)‚ հոգաբարձուն՝ «տգէտ եւ անուս» Թայիրեանը եւ այլք։ 

Յովհաննիսեանին ու Նադիրեանին ուղղած իր նամակի վերջում Ստ. Նազարեանը նոյն բուռն կրքով դատապարտում է եւ ազգի անդամներին‚ նրանց պասսիւութեան‚ նրանց «դատապարտելի համբերութեան» համար. «Ես ներում չեմ քեզ‚ մինչեւ այդ աստիճան մոռանալ քո մարդկութեան պատիւը‚- գրում է նա‚– քո զաւակների պատիւը‚ քո ազգի պատիւը։ Պատճառ‚ քո անպատւութեամբ‚ անպատւում ես դու եւ ինձ‚ եւ քո բոլոր անուանակից եւ ազգակից հասարակութիւնը բոլոր աշխարհի վերայ։ Պահանջում եմ ձեզանից մեր բոլոր հայկական ազգի անունով‚ որ դուք‚ իմ սիրելի թիֆլիզեցի եղբարք‚ օր մի յառաջ շտապէք քերել Ձեր վերայից այն անլսելի խայտառակութիւնը‚ որ հասել է Ձեզ անցեալ տարու նոյեմբերի 2-ին» (Ստ. Նազարեան‚ Նամականի‚ տեքստը կազմեց‚ ծանօթագրեց եւ առաջաբանը գրեց Ռուզան Նանումեանը‚ 1969‚ էջ 227)։ 

  Չբաւարարուելով սրանով‚ «Հիւսիսափայլի» խմբագրութիւնը‚ ինչպէս երեւում է‚ ծրագրում է շրջանցել գրաքննական պատնէշները եւ‚ այնուամենայնիւ‚ հրապարակել կարտարուածը‚ մի վերջին բարոյական հարուած հասցնել Կովկասում արդէն հեղինակազրկուած Սարգիս Ջալալեանին։ Այս պայմաններում է‚ որ ծնւում է այլաբանական կառուցուածքով եւ աւելի չափաւոր տոնով գրուած «Հռոմէական նամակը»

Ներսիսեան դպրոցի անցքերի շուրջ Նազարեանի ձեռնարկած միջոցառումները‚ ապա եւ «Հռոմէական նամակի» տպագրութիւնը՝ Նազարեան-խմբագրի ժուռնալիստական տա/445/ղանդի մի նոր արտայայտութիւնն էին: Այս դէպքերից յետոյ է‚ որ Թիֆլիսի հասարակութեան պահանջով Դաւիթ Արզանեանն արձակւում է պաշտօնից եւ նրա փոխարէն տեսչի պարտականութիւնները ձրիաբար ստանձնում է հայ գրաքննիչ Յովհ. Ղայթմազեանը։ 

  Ուշագրաւ է‚ որ իր՝ Թիֆլիսում գտնուած ժամանակ այս իրադարձութիւններով հետաքրքրուել եւ ողջ պատմութիւնն իր «Յուշիկներում» նկարագրել է Պերճ Պռօշեանը (տե՛ս Պ. Պռօշեան‚ Երկերի ժողովածու երեք հատորով‚ հ. III, 1954‚ էջ 473 –476)

Ի դէպ‚ Նազարեանի նամակը Մուրադեանի յօդուածով հանդերձ‚ հետագայում‚ թերեւս բժշկապետ Յովհաննիսեանի ձեռքով‚ յանձնուել է հայ պատմաբան Ալեքսանդր Երիցեանին եւ դարձել նրա հարուստ արխիւի նիւթերից մէկը (տե՛ս Մատենադարան‚ Երիցեանի արխիւ‚ թղթ. 150‚ վաւ. 49)։ Դարավերջին‚ 1896 թ. Երիցեանն այդ փաստաթղթերի մի մասը հրապարակում է «Արձագանք» թերթում (N 135)։ Մեզ անյայտ պատճառով շարունակութիւնը մնացել է անտիպ եւ ամբողջութեամբ լոյս է տեսել 1958 թ. (տե՛ս Մ. Մխիթարեան‚ «Հիւսիսափայլ» ամսագիրը‚ Յաւելուած‚ էջ 247–261‚ աւել ուշ՝ Ստ. Նազարեան‚ Նամականի‚ էջ 219–227)։ 

Էջ 288‚ տ. 8. Հիւսիսային Ամերիկայի Քուեպէք քաղաքում Վրաստանի Թիֆլիս քաղաքում

տ. 9. …Լաւրենտիոսի գետի վերայ Քուռ գետի վրայ:

տ. 9–10. հռոմայեցի գաղթականներ Հայեր։ 

տ. 10-11. …Հռոմի պապը… բաց արեց մի մետաքսի գործարան Ներսէս Աշտարակեցին բացում է Ներսիսեան դպրոցը։ 

Էջ 289‚ տ. 5. …Երկուքը եղել են պապի քահանաներից Հաւանօրէն նկատի ունի Կարապետ վրդ. Շահնազարեանին եւ Գաբրիէլ Քհն. Պատկանեանին:

տ. 21–23. Ֆրանսիայից բերել տուեց… նորան յանձնեց գործարանի վերակացութիւնը Խօսքը վերաբերում է Պետրոս Շանշեանի նշանակմանը։

տ. 27-28. Այս բանը շատ ընդդէմ թուեցաւ հոգատարներին Ներսիսեան դպրոցի հետահայեաց հոգաբարձուներից էին՝ Դաւիթ Թամամշեանը‚ Դաւիթ Խերոդինեանը եւ Գեւորգ (Յագոր) Մանդինեանը: 1853 թ. Թամամշեանի մահից յետոյ հոգաբարձու է նշանակւում Ալ. Թայիրեանը

տ. 30-31. Ամենից առաւել զայրացողը գործավարն էր Պէտք է ենթադրել‚ որ հեղինակը նկատի ունի Ներսիսեան դպրոցի վերակացու Երեմիա Իսահակեանին‚ որի կերպարը‚ ինչպէս դպրոցի չարիքի‚ պատկերել է Պերճ Պռօշեանը (տե՛ս Պ. Պռօշեան‚ նշուած աշխ. էջ 407-414)

տ. 35. …պապի սիրելի կարդինալը Խօսքը Սարգիս արքեպիսկոպոս Ջալալեանի մասին է

  Էջ 290‚ տ. 4. կարդինալը դարան է գործում եւ հանգցնում է նրա կեանքի լապտերը Ժամանակին տարածուած էր այն կարծիքը‚ թէ Ս. Ջալալեանը թունաւորել է Ներսէս Աշտարակեցուն: Այդ ասէկօսէները հերքուել են հետագայում

  Էջ 292‚ տ. 4. . նոքա ինչ որ քեզ առաջարկեն‚ այն եւս կը լցուցանես Յօդուածագրի այս տողերը համընկնում են Պ. Շանշեանի՝ Մատթէոս կաթողիկոսին ուղղած 1861 թ. հոկտեմբերի 21-ի նամակի հետեւեալ տողերի հետ. «Երբ որ նորին բարձր սրբազնութիւնը (իմա՝ Ջալալեան) թեմակալ առաջնորդութիւն ընդունեց‚ ես լսեցի‚ որ հարեւանցի պատմում է‚ որ մտադրութիւն ունի ուսումնարանումը նոր կարգադրութիւն առնել: Բայց որովհետեւ ուսումնարանի առաջին կարգադրութիւնը այս բոլոր դէպքերումը մնացել էր անխախտ‚ վասնորոյ ես համաձայն իմ ուղղութեան‚ այս հարեւանցի լուրերին չտուեցի ոչինչ /446/  նշանակութիւն‚ վասնզի ուղղակի եւ անձամբ անձին նոր Առաջնորդն չէր հաղորդում ինձ. նորին բարձր սրբազնութիւնը‚ կարծես‚ տեսնելով‚ որ նշանակութիւն չեմ տալի նրա հարեւանցի ասածներին ուսումնարանի փոփոխութեանց մասին‚ հոկտեմբեր 7-ին խորհրդակցութեան կոչեց իր մօտ յայտարարութեամբ Էջմիածնայ սինոդի պրոկուրոր պատուելի Միրաքեանցին‚ ինձ‚ հոգաբարձուաց եւ աւագ վարժապետաց։ Այս խորհրդի մէջ ուսումնարանի նախասահմանեալ կարգաց փոփոխութեանց համար‚ ես նրան յայտնեցի‚ որ իմ կարծիքով պէտք է հետեւել ուսումնարանի մէջ եղած կանոններին‚ որ տուել էին ինձ հոգաբարձութեան օրագրութեան պատճէնով‚ որպէս վերջին կամք հանգուցեալ կաթողիկոսի՝ մինչեւ նոր կաթողիկոսի ընտրութիւնը: Նա‚ կարծես թէ‚ մոռացել էր‚ ինչ որ ասել էր ինձ այս բանի համար: Չէ‚ նորին սրբազնութիւնը չէ կարող մոռանալ‚ ինչ որ ինձ պատասխանեց պրոկուրորի‚ հոգաբարձուաց եւ աւագ վարժապետաց ներկայութեանը‚ այնպիսի խօսքերը չեն մոռացուել‚ որպէս մէկ քար ընկած են նորա հոգւոյ վերայ: Նա ինձ ասաց. «Այն կարգադրութիւնները‚ որ նա հոգաբարձուաց հետ‚ լրագրութեան պատճէնի հետ տուել է ինձ‚ որպէս վերջին կամք հանգուցեալ կաթողիկոսի‚ ո՛չ թէ նրա կամքն է‚ այլ սուտ»: Չհաւատալով իմ ականջներին՝ նրան հարցրի. Սարգիս եպիսկոպոս‚ մի՞թէ այն թուղթը‚ որ տուիք ինձ հոգաբարձուաց հետ՝ որպէս վերջին կամք կաթողիկոսի‚ սո՛ւտ էր: Այո՛‚ պատասխանեց նա սաստիկ գունաթափուելով. «Այո՛‚ նա ո՛չ թէ կաթողիկոսի կամքն էր‚ այլ սուտ» (տե՛ս Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրատեան‚ Պետրոս Շանշեան‚ Թիֆլիզ‚ 1898 էջ 59-60)։ 

տ. 7. …իսկոյն հրաժարուեցաւ իւր պաշտօնից Ակնարկում է Շանշեանի հրաժարականի պատմութիւնը։ 

  Էջ 294‚ տ. 14–16. Այժմ բաւական հարստութեան տէր է… 20 000 եւս… տոմսակով Ջալալեանը կաշառակերութեամբ եւ այլ ճանապարհներով մեծ հարստութեան տէր էր դարձել։ Հեղինակը նկատի ունի գանձարանում պահուող նրա գումարները‚ որոնք հետագայում‚ ըստ Ջալալեանի կտակի‚ պէտք է գործադրուէին ազգային կրթական նպատակների համար‚ սակայն …սկսած 2004 թուականից։ 

տ. 25-26. …մի քանի խօսք… ծառայապետի համար Հաւանաբար‚ խօսքը դարձեալ Երեմիա Իսահակեանի (գործավար) մասին է‚ որը Ներսիսեան դպրոցում մի քանի պաշտօններ ունէր: Պռօշեանը գրում է. «Ամեն ինչ էր վերջինս դպրոցի համար՝ վերակացու‚ վարժապետ‚ գրադարանապետ‚ հանդերձապետ եւ այլն. չեմ սխալւում‚ եթէ ասեմ՝ հոգաբարձու‚ հոգաբարձութեան քարտուղար եւ տեսչի օգնական. առաւել լաւ՝ ասենք տեսուչ ու վերջացնենք» (էջ 409)։ Տուեալ դէպքում «Հռոմէական նամակի» հեղինակը նրան մեղադրում է եւ գողութեան մէջ: Պռօշեանը գրում է. «Գող՝ բառի բուն նշանակութեամբ. բացի մթերքներից‚ ծախքերից‚ ուխտատեղիներից եկած գանձանակներից‚ Երեմիան հետզհետէ չքացնում էր գրադարանի թանկագին գրքերը» (էջ 409)։

Էջ 295‚ տ. 17-18. …նորա փոխանորդ կարգեց գործարանումը Խօսքը վերաբերում է նոր տեսուչ Դաւիթ Արզանեանին։ 

Էջ 296‚ տ. 21-22. …մէկը բաւական հմուտ էր մետաքսագործութեան Անյայտ

տ. 22-24. …միւսը անաչառ եւ ազգի օգտի վերայ մտածող Նկատի ունի Ներսիսեան դպրոցի վերակացու‚ նկարիչ եւ փորագրիչ Յովհաննէս Քաթանեանին։

Էջ 297‚ տ. 19-20. …«Որ ուրասցի զիս… Հօր իմոյ‚ որ յերկինս է» Աւետարան ըստ Մատթէոսի‚ Ժ‚ 33։ 

Էջ 298‚ տ. 12. Նա …եկաւոր էր Անյայտ։

Էջ 302‚ տ. 5. …իւր քահանաներից մէկին Անյայտ /417/ 

տ. 34–35. սորան մետաքսի գործարանը բերեց Անյայտ:

Էջ 303‚ տ. 18. Այս մարդը հայրենի փառքին նախանձաւոր Անյայտ։

Էջ 304‚ տ. 13. Այս մարդու անբարոյականութիւնը եւ կարճմտութիւնը Անյայտ։

Էջ 305‚ տ. 10. Սա մի պատանի մարդ էր. Անյայտ:

տ. 29-30. …այն եռանդուն եւ կրակոտ երիտասարդի վերայ Անյայտ։ 

Էջ 306‚ տ. 17. Սա որդի էր մի հռոմէական վարդապետի Խօսքը Ներսիսեան դպրոցի հոգաբարձու Ալեքսանդր Թայիրեանի մասին է‚ որի մայրը հրաժարուելով աշխարհից‚ ճգնում էր Սեւանայ կղզում

տ. 31. …կարդացա՞ծ կը լինէք սորա անունը պատմութեան մէջ Գեւորգ (Յագոր) Մանդինեանը պրապորշչիկի զինուորական աստիճան ունէր։ 

Էջ 307‚ տ. 10. Սորան հանգուցեալ պապը արժանաւորութիւն տուեց Ակնարկում է հոգաբարձու Դաւիթ Խերոդինեանին

տ. 23-24. …Նա պաշտպան էր հանդիսացել այն գործավարին Երբ Երեմիա Իսահակեանի կատարած անբարոյական արարքների մասին բողոքում են կաթողիկոսին եւ հոգաբարձական ժողովը քննում է նրա հարցը‚ Խերոդինեանն իր պաշտպանութեան տակ է առնում Երեմիային (տե՛ս Պ. Պռօշեան‚ Երկերի ժողովածու‚ հ. III‚ էջ 412–414)

 

АРМЯНО-ГРЕГОРИАНСКАЯ ОБЩИНА В КОНСТАНТИНОПОЛЕ 

(էջ 313) 

ՊՈԼՍԱՀԱՅ ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ 

(էջ 320) 

Առաջին անգամ տպագրուել է Միքայէլ Նալբանդեանի «Անտիպ երկերում»‚ ըստ ռուսերէն բնագրի‚ որը գտնւում է Արտաքին գործերի մինիստրութեան արխիւում (фонд MИД‚ 1862‚ N 42): Այնուհետեւ զետեղուել է Նալբանդեանի Երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հատորում (1947): Սոյն բնագիրը պատրաստուել է Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում պահուող լուսանկար-պատճէնի հիման վրայ (Նալբանդեանի ֆոնդ‚ N: 7–I): Ինքնագրի ծաւալը 13 էջ է‚ չափը՝ 29x23‚5։ 

1860 թ. նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը եւ 1861 թ. նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը գտնուելով Կոստանդնուպոլսում‚ Միքայէլ Նալբանդեանը տեղում ծանօթանում է այն իրավիճակին‚ որ ստեղծուել էր Ազգային սահմանադրութեան ընդունուելուց յետոյ: Իր առաջին այցելութեանը նա ականատես է լինում նորահաստատ սահմանադրութեան առիթով ազգային կեանքում տիրող աշխուժութեանն ու խանդավառութեանը։ Մէկ տարի անց Կ. Պոլսի հայ համայնքը բոլորովին այլ պատկեր էր ներկայացնում։ Ազգային կեանքի ղեկավար գործերից մեկուսացուած կղերաամիրայական վերնախաւերի ներկայացուցիչները կարողանում են իրենց ազդեցութեան տակ գցել սահմանադրական պայքարի ղեկավար ուժերին‚ պոլսահայ լիբերալ գործիչներին‚ որոնք վախեցած ժողովրդական խաւերի վճռական պահանջներից‚ տեղի են տալիս եւ միանում հակասահմանադրական ռէակցիոն խմբաւորմանը։ 

  Իրենց անհետեւողականութեամբ ազգային այդ գործիչները նպաստում են յետադէմ տարրերի հակաժողովրդական պայքարին‚ որի հետեւանքով‚ միայն մէկ տարի գործելուց յետոյ‚ Ազգային սահմանադրութեան գործադրութիւնը կառավարութեան կողմից անորոշ ժամանակով կասեցւում է: Յայտնի է‚ որ կառավարութեան նշանակած յանձնաժողովների կողմից սահմանադրութեան վերաքննութիւնը տեւում է ամբողջ երկու տարի եւ այն՝ /448/ գործադրութեան մէջ է մտնում մի շարք աղճատումներով եւ նորամուծութիւններով‚ ի վնաս կանոնադրութեան՝ ի սկզբանէ ունեցած դեմոկրատական ուղղուածութեան։ 

1860-61 թթ. պոլսահայ լուսաւորչական համայնքում տեղի ունեցած խոշոր իրադարձութիւնները ըստ ամենայնի հասկանալու նպատակով‚ Թուրքիայում ռուսական դեսպան Ա. Բ. Լոբանով-Ռոստովսկին յանձնարարում է Կ. Պոլսում գտնուող Մ. Նալբանդեանին՝ կազմել մի տեղեկագիր այդ անցքերի մասին։ Նալբանդեանը գրում եւ 1861-ի դեկտեմբերի վերջին դեսպանին է ներկայացնում «Армяно-грегорианская община в Константинополе» («Պոլսահայ լուսաւորչական համայնքը») խորագիրը կրող ռուսերէն տեղեկագիրը‚ որում որոշակիօրէն դրսեւորուել է նրա զգայուն վերաբերմունքը արեւմտահայերի ծանր կացութեան նկատմամբ: Հաշուի առնելով նրանց դրութեան վատթարացումը Թուրքիայում եւ կաթոլիկ ու բողոքական միսիոներների գործունէութեան աշխուժացումը հայ լուսաւորչականների շրջանում‚ Նալբանդեանը‚ տեղեկագրի ընձեռած հնարաւորութիւնների սահմաններում‚ ձգտում է գէթ հնարաւորին չափ‚ ռուսական կառավարութեան բարեացակամ միջամտութեան ճանապարհով բարելաւել իր հայրենակիցների վիճակը: Այս առումով մեծ կարեւորութիւն է ներկայացնում նրա այն յայտարարութիւնը‚ թէ «Հայերը ամբողջ Թուրքիայում տրամադրուած են Ռուսաստանի օգտին‚ եւ եթէ ռուս կառավարութեան կողմից ցոյց տրուի նրանց թեկուզեւ ամենափոքր օգնութիւնը‚ այն ժամանակ ֆրանսիական եւ անգլիական կառավարութիւնները կը զրկուեն նրանց վրայ ներգործելու հնարաւորութիւնից‚ հետեւաբար եւ կանգ կառնի նրանց կրօնի եւ ազդեցութեան պրոպագանդը» (տե՛ս սոյն հատորի մէջ‚ էջ 326)։ 

  Լոբանով-Ռոստովսկին նկատի ունենալով Կովկասի հայութեան սերտ առնչութիւնները պոլսահայերի հետ‚ այլեւ այն պարագան‚ որ Կ. Պոլսի դէպքերը «նոյնիսկ մի յայտնի չափով ազդել [են) նրա վրայ»‚ տեղեկագրի մի օրինակը կից գրութեամբ ուղարկում է Կովկասի փոխարքայի տեղակալ իշխան Գ. Դ. Օրբէլիանիին։ Խօսելով Կ. Պոլսում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին‚ նա Օրբէլիանիի ուշադրութիւնը հրաւիրում է այդ դէպքերի վրայ‚ անվերապահ վստահութեամբ արտայայտուելով Նալբանդեանի գրութեան ճշմարտացիութեան մասին: Դեսպանը‚ սակայն‚ առարկելով Նալբանդեանի այն տեսակէտին‚ թէ Բ. Դուռը իր կամքն է թելադրել հայ գործիչներին եւ անուղղակիօրէն միջամտել համայնքում ծայր առած խառնակութիւններին‚ այնուամենայնիւ հաստատում է հետեւեալը. «Անկասկած է‚ որ Դուռը օգտուել է Հայ լուսաւորչական համայնքի ներքին անհամաձայնութիւններից եւ հոգեւորականութեան խժդժութիւններից‚ երկու տարի առաջ հաստատուած կանոնադրութիւնը ոչնչացնելու եւ իր տուած արտօնութիւնները ետ խլելու համար‚ բայց չի կարելի ասել‚ որ նա ինքն է յուզել ամբողջ խնդիրը («Անտիպ երկեր»‚ էջ 425)։ Տեղեկագրի երկրորդ օրինակը դեսպանն ուղարկում է արտաքին գործոց մինիստրութիւն‚ որտեղից այն յանձնում են Պետերբուրգի «Կովկասեան կոմիտէի» տնօրինութեանը։ Արտաքին գործերի մինիստրութեան ֆոնդերում՝ հետազօտողները չեն յայտնաբերել Օրբէլիանիի պատասխան գրութիւնը‚ բայց պահպանուել է «Կովկասեան կոմիտէի»՝ 1862 թ. յունուարի 17-ի թուակիր գրութիւնը‚ որի հեղինակ‚ կոմիտէի գործերի կառավարիչ Վ. Բուտկինը առաջարկում է սպասել Օրբէլիանիի պատասխանին: Սակայն‚ մինչ այդ‚ նա անհրաժեշտ է գտնում բնութագրել տեղեկագրի հեղինակին. «Նալբանդեանին ի մօտոյ ճանաչողները‚– գրում է նա‚- խոստովանում են նրա ընդունակութիւնները‚ բայց ցաւ են յայտնում‚ որ նա գործադրում է այդ ընդունակութիւնները ի վնաս իրեն եւ ազգին եւ դիմում ինտրիգների եւ այլ ոչ բարեվայելուչ միջոցների։ Ասում են‚ թէ նա սիրում է  /449/ միջամտել ուրիշի գործերին եւ շարունակ ձգտում է ազդեցութիւն ձեռք բերելու հայերի մէջ եղած այլ եւ այլ կուսակցութիւնների վրայ: Ուստի‚ թւում է ինձ‚ լաւ է նախազգուշանալ Նալբանդեանի տուած տեղեկութիւններին անպայման վստահանալուց» («Անտիպ երկեր»‚ էջ 427)։ 

  Այսպիսով‚ Նալբանդեանի կազմած տեղեկագիրը չի տալիս սպասուած արդիւնքը. ռուսական կառավարութեան կողմից որոշակի քայլեր չեն կատարւում արեւմտահայութեան շրջանում եւրոպական միսիոներների ազդեցութեան դէմ պայքարի ուղղութեամբ։ 

Էջ 321‚ տ. 19. …յիշատակութիւն անգամ չկար Խօսքը վերաբերում է արեւմտահայերի Ազգային սահմանադրութեանը‚ որն ընդունուել է 1860 թ. մայիսի 24-ին

տ. 26. …ներկայացնում էր ազգը. Այսինքն՝ ազգային ընդհանուր ժողովը‚ որը կազմուած էր 140 երեսփոխաններից‚ որոնցից 80 հոգին ընտրւում էր Կ. Պոլսի թաղերից‚ 20-ը՝ Կ. Պոլսի եկեղեցականներից‚ իսկ 40-ը՝ գաւառների ընդհանուր ժողովներից: Ազգային ժողով գումարւում էր երկու տարին մէկ անգամ‚ ապրիլի վերջին եւ աշխատում էր երկու ամիս շարունակ: Ժողովի խնդիրն էր պատրիարքի եւ կաթողիկոսի ընտրութեան անցկացումը‚ կրօնական եւ քաղաքական ժողովների անդամների ընտրութիւնը եւ դրանց աշխատանքների հսկողութիւնը‚ եւ այլն (տե՛ս Սարուխան‚ Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թուրքիայում (1860–1910)‚ Թիֆլիս‚ 1912):

տ. 33. բարձր հսկողութիւնը. Այսինքն՝ քաղաքական ժողովը‚ որ կազմուած էր 20 աշխարհական անդամներից: Ժողովը ղեկավարում էր ազգային քաղաքական [քաղաքացիական] ընդհանուր գործերը‚ ղեկավարում էր իր տնօրինութեան տակ գտնուող խորհուրդների աշխատանքները

տ. 36. …կրօնական գործերը. Այսինքն՝ կրօնական ժողովը. այն կազմուած էր 14 հոգեւորական պատգամաւորներից եւ ղեկավարում էր ազգային-կրօնական գործերը

  Էջ 322‚ տ. 2. …առանց սրա թոյլտւութեան Քաղաքական ժողովի ղեկավարութեամբ գործում էին մի շարք ազգային խորհուրդներ եւ հոգաբարձութիւններ. դրանցից էին՝ ուսումնական‚ տնտեսական‚ դատաստանական‚ վանորէից խորհուրդները‚ հիւանդանոցի‚ ելեւմտից հոգաբարձութիւնները եւ այլն։ 

Էջ 323‚ տ. 7-8. Այդ տարեգրութիւնը… 1779 թուին Հայ տպագիր գրքի մատենագիտական ցուցակներում բացակայում է Երուսաղէմում 1779 թ. որեւէ գրքի տպագրութեան փաստը։ Ինչ վերաբերում է Յովհաննէս Հաննային‚ ապա նա ապրել է XVIII դարում. Երուսաղէմի Գրիգոր Շղթայակիր պատրիարքի աթոռակալն էր: Գրել է Երուսաղէմի եւ նրա ուխտավայրերի պատմութիւնը (Գիրք պատմութեան սրբոյ եւ Մեծի քաղաքիս աստուծոյ Երուսաղէմիս)։ Հաննայի գիրքն ունեցել է մի քանի հրատարակութիւն. առաջինը՝ 1731-ին‚ վերջինը՝ 1782-ին

  Էջ 325‚ տ. 15. …Դռան ներկայացնելու համար Ազգային Սահմանադրութիւնը շրջանառութիւնից հանուեց 1861-ի յուլիսին եւ անցնելով «վերաքննութեան» բովից‚ խմբագրուած կամ Նալբանդեանի արտայայտութեամբ՝ «թլփատուած»‚ կիրառութեան մէջ դրուեց 1863-ի մարտի 17-ին

  Էջ 32. 15–17. Հայ կաթոլիկ հովուապետ Հասունեանը… միջամտութեամբ Հասունեան Անտոնը (1808–1884) հայ կաթոլիկ գործիչ էր‚ Կ. Պոլսի հայ կաթոլիկ համայնքի երկարամեայ պարագլուխը‚ որին յաջողւում է 1867-ին ստանալ Կիլիկիայի պատրիարքի եւ հայ կաթոլիկների ընդհանրական կաթողիկոսի տիտղոսը։ Իր բազմապիսի դաւերի‚ խարդավանքների եւ մատնութիւնների համար առաջացնում է ժամանակի ոչ միայն լուսաւորչական հայերի‚ այլեւ կաթոլիկ առաջաւոր գործիչների եւ Մխիթարեան/450/ների զայրոյթը։ Նրա գործունէութեան առաւել բուռն էտապները կապւում են Կ. Պոլսի Համազգեաց ընկերութեան հետապնդումների‚ հալածանքի եւ կործանման‚ Մխիթարեան Միաբանութեան վարկաբեկման հետ։ 

Մ. Նալբանդեանի ակնարկից պէտք է ենթադրել‚ որ Հասունեանը խառնուել է բուլղարական գործերին։ Դարեր շարունակ բուլղարացիները ենթարկւում էին Կ. Պոլսի յունական պատրիարքարանին։ XIX դարի կէսերին բուլղար ժողովրդի ազգային զարթօնքի շրջանում‚ երբ յունական պատրիարքարանն սկսում է հալածել բուլղարացիներին‚ իսկոյն ասպարէզ են իջնում հռոմէական քարոզիչները: Սրանք ազատութեան եւ ազգային պահպանութեան խոստումներով ձգտում են կաթոլիկութեան գիրկը նետել բուլղարներին: Պէտք է ենթադրել‚ որ Հասունեանն իբրեւ Հռոմի պապի երդուեալ զինուոր‚ այդ պայքարի առաջին շարքերում է գտնուել

  XIX դարի 70-ական թթ. հայ կաթոլիկ համայնքի մէջ հզօրանում է հակահասունեան թեւը‚ որի ներկայացուցիչներին յաջողւում է մեկուսացնել Հասունեանին եւ նրան հեռացնել տալ Կ. Պոլսից: Հետագայում‚ 1880-ին‚ Հռոմի պապի կողմից Հասունեանը կարդինալ է ընտրւում: Մեռնում է Հռոմում

տ. 35-36. …Դուռը ոչ միայն խախտում է Խաթթի Հիւմաիւնը Փարիզի կոնգրեսի բացման նախորդ օրը‚ 1855 թ. փետրուարի 18-ին‚ սուլթան Աբդուլ Մեջիդը հրատարակում է բարենորոգումների հրովարտակ‚ Խաթթը Հիւմաիւն‚ որով այլեւայլ բարենորոգումներ նախատեսելով երկրի համար‚ մի շարք արտօնութիւններ էր խոստանում նաեւ քրիստոնեայ հպատակներին

 

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՊՈԼՍԻ ՄԷՋ 

(էջ 328) 

Տպագրուել է՝ «Մեղու»‚ 1861‚ 20/XII‚ N 147‚ էջ 225-228‚ Մ. Նալբանդեանց ստորագրութեամբ: Նախապէս որպէս ճառ‚ արտասանուել է Կ. Պոլսում‚ Բերայ թաղամասի հայ թատրոնում‚ «Արեւելեան թատրոնի հիմնադրման առիթով։ Առաջին անգամ մտցուել է Մ. Նալբանդեանի երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ. ։ Արտատպւում է «Մեղու» պարբերաթերթից։ 

  Հնգամեայ նախապատրաստական աշխատանքներից յետոյ պոլսահայ առաջադիմական ուժերին յաջողուել էր Բերայի թաղամասում ձեռք բերել մի յատուկ շէնք‚ կահաւորել այն եւ ստանալ թատերական ներկայացումներ տալու արտօնագիր (տե՛ս Գ. Ստեփանեան‚ Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան‚ հ. I‚ 1962‚ էջ 213-232)

1861 թ. դեկտեմբերի 14-ին առաջին անգամ թատերախումբը բեմ է բարձրացնում Ռոթայի «Երկու յիսնապետներ» պիեսը եւ «Երկու մոռացկոտներ» զաւեշտը: Երեկոյին ներկայ էին պոլսահայ առաջաւոր մտաւորականութեան շատ ներկայացուցիչներ‚ ի թիւս որոնց եւ Յարութիւն Սուաճեանը՝ Միքայէլ Նալբանդեանի հետ։ 

Մ. Նալբանդեանը դրանից դեռեւս երկու տարի առաջ առիթ էր ունեցել «Հիւսիսափայլի» էջերում շնորհաւորելու արեւելահայ թատրոնի սկզբնաւորումը Մոսկուայում‚ թատերական ներկայացումները գնահատելով իբրեւ ազգը դաստիարակելու լաւագոյն միջոց։ 60-ական թթ. հայկական լուսաւորական շարժման այդ վճռական փուլում Նալբանդեանը թատրոնը համարում էր «մի նոր զարկ‚ մի նոր շարժառիթ յառաջադիմութեան (տե՛ս սոյն հատորում‚ էջ 111)։ 

Այժմ‚ մեծ ոգեւորութեամբ նա ողջունում է ազգային թատրոնի‚ «այդ մեծախորհուրդ /451/ գործի» ստեղծումը Արեւմտեան Հայաստանում եւ գոհունակութիւն յայտնում‚ որ ազգի բարոյական դաստիարակութեան ծանրակշիռ այդ գործն իրականացնում է հայ երիտասարդութիւնը։ Նալբանդեանը տեսականօրէն հիմնաւորում է թատրոնի‚ որպէս իւրայատուկ մի դպրոցի‚ անհրաժեշտութիւնը ազգի կեանքում‚ մատնանշում է դրա առանձնայատկութիւնները եւ թատերական գործիչների անելիքները: Այս ճառում նա յատուկ ուշադրութիւն է նուիրում հայ դերասանների անձնուրաց աշխատանքին‚ արժանին հատուցում առաջին դերասանուհիներին‚ որոնք յաղթահարելով նախապաշարումների պատնէշները‚ խիզախել էին բարձրանալ բեմ։ 

Կ. Պոլսի «Արեւելեան թատրոնը» մեծ յաջողութեամբ անցկացնելով իր առաջին տարեշրջանը‚ նիւթական եւ բարոյական դժուարին պայմաններում գործում է երկու տարի եւ փակւում 1863 թ. ապրիլի վերջին (այս մասին տե՛ս Գ. Ստեփանեան‚ նշուած աշխ. էջ 256-268)։ 

  Նալբանդեանի ճառը տպագրելով «Մեղու» թերթում‚ Յ. Սուաճեանն այդ համարում տպագրում է եւ իր յօդուածը՝ նուիրուած միեւնոյն հարցին (տե՛ս «Մեչուխեչային մեզի աչքի լոյսի գալը»‚ «Մեղու»‚ 1861‚ N 147‚ էջ 229-231)։ 

  Էջ 331‚ տ. 14-15. …Արուսեակ եւ Աղաւնի Փափազեանց արգոյ օրիորդների անունները Թէեւ նախորդ տարիներին Կ. Պոլսի թաղային թատրոններում խաղացել էին մի քանի սիրող օրիորդներ‚ բայց Արուսեակ (1841-1907) եւ Աղաւնի (1844-1913) քորերը՝ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհիներն էին

  Էջ 333‚ տ. 29. …«Երկու մոռացկոտների» ժամանակ Այս զաւեշտը‚ որ ժամանակին շատ է խաղացուել‚ կոչուել է նաեւ «Բունչինելլօ» եւ կամ «Տէրը ծառայ‚ ծառան տէր» (տե՛ս Գ. Ստեփանեան‚ նշուած աշխ. էջ 232)

Էջ 334‚ տ. 2-4. …անդուռն բերանով… դիմել մինչեւ ոստիկանութիւնը –Նալբանդեանը չի յիշատակում այն անձանց անունները‚ որոնք փորձել են տապալել նորաստեղծ թատրոնը եւ մատնութիւնների են դիմել‚ իրենց նպատակին հասնելու համար։ Գ. Ստեփանեանը յատուկ քննութեան առարկայ դարձնելով Նալբանդեանի յօդուածի վերոյիշեալ տողերը‚ յանգել է այն եզրակացութեան‚ որ «հայ նոր թատրոնը իր զարգացման արշալոյսին չունեցաւ ոչ մի այլ հակառակորդ այնքան կատաղի‚ այնքան մոլեգին‚ որքան Հ. Տերոյենցը»: Այնուհետեւ խօսելով «Արեւելեան թատրոնի» դէմ սկսուած պայքարի մասին‚ Գ. Ստեփանեանն աւելացնում է. «Չպէտք է տարակուսել‚ որ այդ շարժման գլուխ կանգնած էր սուլթանական կառավարութեան եւ հայոց պատրիարքարանի հետ սերտ կապեր պահպանող տխրահռչակ Տերոյենցը։ Նա նկատում էր‚ որ «մեղուականների» բացառիկ շահագրգռուածութիւնը ազգային թատրոն հիմնելու գործում‚ Միքայէլ Նալբանդեանի խորհրդաւոր այցը Կ. Պոլիս‚ նրա անձնական մասնակցութիւնը կազմակերպչական հարցերին‚ հետապնդում են քաղաքական նպատակներ» (էջ 218)։ 

Սակայն Տերոյենցը հասե՞լ է մինչեւ մատնութեան: Գ. Ստեփանեանը յենուելով Նալբանդեանի տողերի վրայ‚ այն համոզմունքն է յայտնում‚ թէ «աւելի քան թափանցիկ է Նալբանդեանի ակնարկը» (տե՛ս Գ. Ստեփանեան‚ նշուած աշխ. էջ 218‚ 219‚ 263)

տ. 23. …Վասպուրական անձնուրաց ընկերութեան հայախօս թատրոն –1861 թ. նոյեմբերի 18-ին Նալբանդեանը ժամանում է Զմիւռնիա եւ նոյն օրը մեկնում Կ. Պոլիս: Ինչպէս վկայում են նոր աղբիւրները‚ նա կարող էր Զմիւռնիայի մշակութային եւ հասարակական գործիչների հետ նոյն նոյեմբերի 18-ին «Վասպուրական ընկերութեան»  /452/ 

 

Յ Ա Ւ Ե Լ ՈՒ Ա Ծ 

(էջ 337) 

ՆԱՄԱԿ ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԷԼԻՆ 

Տպագրուել է՝ «Հիւսիսափայլ»‚ 1860‚ N 11‚ էջ 384–396‚ Սարգիս Տէր-Միքայէլեան Վարշամեանց ստորագրութեամբ: Արտատպւում է նոյն ամսագրից

Նալբանդեանին է վերագրուել եւ առաջին անգամ զետեղուել նրա Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մէջ 1947 թ. ։ Այդ հատորի ծանօթագրողը գտնում էր‚ որ նամակի թէ՛ գրութեան վայրը (Փայտակարան)‚ ե՛ւ թէ ստորագրութիւնը՝ մտացածին են»։ Նամակի հեղինակն անվերապահօրէն համարւում է Նալբանդեանը։ 

  Աւելի ուշ‚ 1964 թ. բանասէր Ռուզան Նանումեանը յայտնաբերելով Սարգիս Վարշամեանցի ինքնութիւնը հաստատող անառարկելի փաստեր‚ հերքեց այդ տեսակէտը։ Նա ապացուցում էր‚ որ այդպիսի մի գործիչ‚ իրօք‚ ապրել է Բաքւում‚ մասնակցել տեղի Մարդասիրական ընկերութեան աշխատանքներին‚ թղթակցել կովկասահայ թերթերին (տե՛ս «Մի կարեւոր փաստի վերականգնում» յօդուածը‚ «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1964‚ N 3‚ էջ 187-195)։ 

  Թւում էր առեղծուածը լուծուած է: Սակայն Վարշամեանցի նամակը‚ որ իր ժամանակի գիտական մտքի բարձրակէտից գրուած լեզուագիտական ծանրակշիռ փաստաթուղթ է‚ եւ դրա գրութեան հետ կապուած հանգամանքները նոր խորհրդածութիւնների առիթ են տալիս։ 

  Կոմս Էմմանուէլին ուղղած իր նամակում Վարշամեանցը քննարկում է աշխարհաբար լեզուի զարգացման վիճակը եւ ժամանակի հայ պարբերականների դերը այդ հարցում։ Մատնացոյց անելով «Ճռաքաղի» աշխարհաբար կոչուած ինքնահնար լեզուն‚ նամակագիրը նշում է‚ որ այդ անկանոն եւ խառնափնթոր «շիլափլաւը» կարող էր խանգարել մանուկ աշխարհաբարի բնականոն զարգացմանը։ Նա հանգամանօրէն վերլուծում է Մսեր Մսերեանի երերուն տեսակէտները աշխարհաբարի գնահատման հարցում եւ յայտնում այն վճռական կարծիքը‚ թէ յանուն հայ ազգի շահերի Մսերեանը պէտք է թողնի աշխարհաբարը եւ շարունակի գրել «հին բարբառով»։ Միւս կողմից՝ Վարշամեանցը պահանջում էր‚ որ աշխարհաբար գրական լեզուի զարգացմանը մեծ նպաստ բերած «Հիւսիսափայլը» ուշադրութիւն նուիրի եւ միւս պարբերականների լեզուին‚ ցոյց տայ դրանց արժանիքները եւ թերութիւնները։ 

  Նոր միայն տպագրուել էր «Հիւսիսափայլի» 11-րդ համարը‚ երբ Մսերեանները‚ հնարաւորութիւն չունենալով հանգամանօրէն պատասխանելու Նազարեանին‚ արդէն տպագրութեան պատրաստ «Ճռաքաղի» հերթական համարում մի քառատողով եւ դրան կցուած բարոյախրատական բնաբանով արտայայտում են իրենց զայրոյթը: Ահա այդ ելոյթը /453/

Առ ցոփն շրթամբք 

«Իւրաքանչիւր ծառ ՚ի պտղոյ իւրմէ

ճանաչի. զի ո՛չ եթէ ի փշոց քաղեն

թուզ‚ եւ ո՛չ ի մորենւոյ կթեն խաղող»

Ղուկ. զ. 44.

Տիրացուի շիլա-փիլաւ‚

Վարդապետի քալլա-փաչէ….

Յայս երկուքից թէ ո՞ րն է լաւ‚ 

Ճաշակառուն քա՛ջ ճանաչէ։

Որ քառատողն ուղղուած էր «Հիւսիսափայլի» դէմ‚ «Ճռաքաղի» խմբագիրներն այդ չեն թաքցնում։ Անկախ այն բանից‚ որ քառատողում շեշտուած տիրացու (Նալբանդեան) եւ վարդապետ (Նազարեան) բառերով նրանք թափանցիկ ձեւով ակնարկում էին «Հիւսիսափայլի» խմբագրին եւ գլխաւոր աշխատակցին‚ Մսերեանները տողատակում եւս նշում են քառատողում բերուած «շիլա-փլաւ» արտայայտութեան աղբիւրը («ի Հիւսիսափայլն‚ 1860 ամի‚ ամսատետր 11‚ էջ 385»)։ 

  Մէկ ամիս անց‚ «Ճռաքաղի» դեկտեմբերի առաջին կէսի ժգ համարում տպագրւում է Զ. Մսերեանի «Դարձուած բանից առ Սարգիս Տէր Միքայէլեան Վարշամեանց» յօդուածը‚ որով հեղինակը փորձում էր պաշտպանել «Ճռաքաղի» եւ իր հօր պատիւը: Նա կշտամբում է Վարշամեանցին‚ որը «Ճռաքաղի» լեզուի հարցով Մ. Մսերեանին դիմելու փոխարէն նամակ էր ուղարկել իրենց հակառակորդ ամսագրի խմբագրութեանը։ Մսերեանի յօդուածն անաւարտ էր։ Շուտով Մսերեաններն ստանում են հայ հասարակական գործիչ‚ բժիշկ Դաւիթ Ռոստոմեանցի՝ դեկտեմբերի 23-ի թուակիր նամակը. Բաքուի նամակագիրը տեղեակ էր պահում Մսերեաններին‚ որ Վարշամեանց ստորագրութեամբ տպագրուած յօդուածը բնաւ էլ նրանը չէ եւ որ՝ «նորա մէջ չկան» ո՛չ Վարշամեանցի բառերը‚ ո՛չ էլ նրա իմաստը‚ որի համար իրենք խնդրում են Մսերեանների ներողամտութիւնը (տե՛ս «Ճռաքաղ»‚ 1861‚ N Ի‚ էջ 331)

  1861 թ. յունուարի 18-ին Զ. Մսերեանն շտապով մի նամակ է ուղարկում Ս. Վարշամեանցին‚ նրան յանձնարարելով հանդէս գալ մամուլի էջերում եւ բացայայտել ճշմարտութիւնը։ Այլապէս‚ գրում է նա‚ ինքն ստիպուած կը լինի իր պատասխան խօսքն ուղղել նրան‚ ում ստորագրութեամբ «Հիւսիսափայլում» տպագրուած է նամակը. «Այստեղ պատասխանատու է պ. Նազարեանցը‚- գրում է նա‚- որ իւր շարադրած երգիծաբանական սուտ ու մուտ յօդուածները տպում է այլոց անունով» («Ճռաքաղ»‚ 1861‚ N Ի‚ էջ 331)։ 

  Վարշամեանցն անպատասխան է թողնում այդ մարտահրաւէրը‚ եւ Զարմայր Մսերեանն իրագործում է սպառնալիքը։ «Ճռաքաղի» հերթական համարներից մէկում (N ԻԲ) նա շարունակում է բանավիճային իր յօդուածի տպագրութիւնը‚ ձեւականօրէն ուղղուած Վարշամեանցի դէմ: Յօդուածը մնում է անաւարտ‚ քանի որ «Ճռաքաղը» դարձեալ ընդհատւում է։ 

  Զ. Մսերեանն այդ յօդուածով պատասխանում էր Մսեր Մսերեանի դէմ Վարշամեանցի նամակում բերուած մեղադրանքներին եւ միաժամանակ թափանցիկ ակնարկներով ցոյց տալիս‚ որ իրենց յայտնի է‚ թէ ով է յօդուածի իսկական հեղինակը։ Այդ ակնարկներից երեւում է‚ որ ո՛չ Վարշամեանցը‚ եւ ո՛չ էլ Նազարեանը չէին կարող լինել յօդուածի հեղինակը։ Իբրեւ այդպիսին՝ նա մատնացոյց է անում իրենց եւ «բազմաց յայտնի» մի երրորդ  /454/ անձնաւորութեան։ Ընդ որում‚ այդ միտքը կրկնելով մի քանի անգամ‚ նա ինչ-որ հաւաստիութիւն է տալիս խօսքին։ Այսպէս‚ Մսերեանը գրում է. «աստուած կեանք եւ կարողութիւն տայ ձեզ‚ պ. Վարշամեանց‚ եւ ձեզ‚ պ. թագ կացած հեղինակ». կամ՝ «պ. Վարշամեանցը եւ նորա քարտուղար հեղինակը»‚ «պ. Վարշամեանցը եւ նորա թագ կացած ընկերը»: Արդ‚ եթէ Նազարեանի հեղինակ լինելու հանգամանքը բացառւում է‚ «Հիւսիսափայլ» ամսագրի՝ Մսերեաններին եւ «բազմանց յայտնի» հեղինակը չէր կարող լինել մի երրորդական անձնաւորութիւն: Այդ օրերին «Հիւսիսափայլի» հանրաճանաչ հեղինակներից էր Միքայէլ Նալբանդեանը‚ որին եւ թերեւս նկատի ունէր Զ. Մսերեանը։ Այս ենթադրութիւնը‚ սակայն‚ չէր սպառի խնդիրը‚ եթէ առկայ չլինէր նամակ-փաստաթուղթը‚ այս բուռն վէճերի կենդանի պատճառը եւ առաջ քաշուող վարկածի հիմնական ապացոյցը։ 

  Վարշամեանցի ստորագրութեամբ տպագրուած ծրագրային նամակը թէ՛ ժամանակի լեզուագիտական մտքի մակարդակի‚ ե՛ւ թէ լեզուաոճական հնարանքների առումով այնքան ամբողջական մի փաստաթուղթ է‚ որ դժուար է հաւատալ‚ թէ այն կարող էր գրել Բաքուի գործիչներից մէկը: Թէկուզեւ առաջադէմ հայեացքների տէր ու կրթուած մի անձնաւորութիւն‚ «Հիւսիսափայլից» հեռու գտնուող թղթակիցը հազիւ թէ կարողանար այդպիսի խորութեամբ քննել «Հիւսիսափայլ»-«Ճռաքաղ» հակամարտութեան հիմքում ընկած առանցքային հարցերից մէկը՝ աշխարհաբարի զարգացման ուղիների խնդիրը

  Պէտք է ենթադրել‚ որ 1860 թ. «Հիւսիսափայլի» խմբագրութիւնն ստանալով Սարգիս Վարշամեանցի նամակը‚ որի հեղինակը հաւանաբար խնդրել էր պարզաբանել երկու պարբերականների լեզուական ուղղութիւնների հետ կապուած որոշ հարցեր‚ Նազարեանը եւ Նալբանդեանը վճռել են օգտագործել այն եւ հրապարակել իրենց տեսակէտները յիշեալ խնդրի մասին: Այս դէպքում երկու գործիչները հանդէս են եկել միասին‚ Մսերեանների լեզուական քաղաքականութիւնը հիմնովին մերկացնելու վճռականութեամբ: Բանն այն էր‚ որ աշխարհաբար գրական լեզուն‚ յատկապէս հիւսիսափայլեան գործիչների ջանքերով‚ բաւականաչափ ձեւաւորուել էր եւ «Ճռաքաղի» անմշակ ու աղաւաղուած աշխարհաբարը կարող էր ապակողմնորոշել հայ ընթերցողներին եւ խանգարել նոր գրական լեզուի հետագայ առաջընթացին:

Սակայն‚ որովհետեւ այս նամակում քննարկւում էին նաեւ այնպիսի խոշոր պրոբլեմներ‚ ինչպիսիք էին գրաբարի եւ աշխարհաբարի փոխյարաբերութեան‚ գրաբարի եւ ժողովրդական լեզուի հնութեան ու դրանց կրած փոխակերպումների հարցերը‚ Նալբանդեանի եւ Նազարեանի դրոյթները նոյնպէս որոշ հարցերում չեն համընկնում։ Տողատակի ընդարձակ ծանօթութիւններում Նազարեանը ներկայացնում է եւ ի՛ր դրոյթները‚ հանգամանօրէն մեկնաբանում առաջ քաշուած գիտական պրոբլեմները: Երկու լուսաւորիչների հարցադրումների հակասականութիւնը օրինաչափ երեւոյթ էր եւ պատմական ժամանակաշրջանի ոգու արտայայտութիւն: Նրանց քննութեան առարկայ դարձած խնդիրները այնքան ծանրակշիռ էին եւ բարդ‚ որ դեռ երկար տասնամեակներ պէտք է մնային լեզուաբանների ուշադրութեան կենտրոնում‚ առիթ տալով բազում վէճերի եւ քննութիւնների։ 

  Վարշամեանցի ստորագրութիւնը կրող նամակը գրուած է բանավիճային այնպիսի ցայտուն եւ ինքնատիպ միջոցներով‚ նոր զարգացող գրական լեզուի դատի պաշտպանութեան այնպիսի նպատակասլացութեամբ ու հրապարակախօսական կրքով‚ որ անկասկած է դառնում Մ. Նալբանդեանի ակտիւ մասնակցութիւնը նամակի վերջնական տեքստի «տեղծմանը։ (Այս մասին հանգամանօրէն տե՛ս Մ. Մխիթարեան‚ Նորից Սարգիս Վարշամեանցի նամակի առթիւ‚ «Պատմա-բանասիրական հանդէս»‚ 1981‚ N 3‚ էջ 243-253)։ /455/ 

Նկատի առնելով վերն ասուածը‚ ինչպէս նաեւ այն‚ որ նամակի մէջ‚ տողատակի ծանօթագրութիւնների ձեւով‚ մեծ տեղ են գրաւում Կոմս Էմմանուէլի եւ մանաւանդ Ստ. Նազարեանի ընդարձակ‚ երբեմն ինքնուրոյն յօդուածի ծաւալ եւ կշիռ ունեցող լրացումները‚ նպատակայարմար գտանք նամակը տպագրել հատորի վերջում‚ իբրեւ յաւելուած

  Էջ 338‚ տ. 2-3. Սկայորդու աքացի զարկելուց Սկայորդի՝ Զարմայր Մսերեանի գրական կեղծանունը:

Էջ 339‚ տ. 2-4. …«Ճռաքաղ» ամսագիրը պիտի վերստին ծնանի ներկայ 1860 ամի օգոստոսին‚ եօթն ամիս դադարելուց յետոյ «Ճռաքաղը» հրատարակուել է 1858–62 թթ. ։ 1858-ին լոյս են տեսել պարբերաթերթի քրեստոմատիկ նկարագրի երկու գրքերը: 1859-ին այն հրատարակւում էր երկու շաբաթը մէկ (հատոր առաջին)։ 1860-ի յունուարին թերթն ընդհատւում է եւ շարունակւում է յունիսից. այն մինչեւ 1861-ի յունիսը նոյնպէս հրատարակւում է իբրեւ երկշաբաթաթերթ (հատոր երկրորդ)։ Հետագայում հրատարակութիւնն ընդհատւում է եւ 1861-1862 թթ. նշումով միանգամից լոյս է տեսնում եւս մէկ գրքոյկ՝ երրորդ հատորը‚ որով աւարտւում է «Ճռաքաղի» հրատարակութիւնը

տ. 16. «Յիշատակարան Լազարեան տոհմի» Գրքի լրիւ վերնագիրն է՝ «Յիշատակարան կենաց եւ գործոց մեծանուն պայազատաց Լազարեան տոհմի»‚ շարադրեալ ի Մսերայ մագիստրոսէ եւ ասպետէ Գրիգորեան Մսերեանց‚ ի Մոսկուա‚ 1856։

Էջ 349‚ տ. 21-24. …ումեմն ի հոգւոյն տուեալ է… մի՞թէ ամենեքին թարգմանիցեն Տե՛ս Աստուածաշունչ‚ Առ Կորնթացիս‚ գլ. ԺԲ