Հեղինակ

Բաժին

Թեմա

<«ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ» ԸՆԾԱՅԱԿԱՆԸ>

(էջ 71)

1857 թ. ապրիլին լույս է տեսնում Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի թարգմանությունը, որը Նալբանդյանը մեծ ակնածանքով նվիրում է Ստեփանոս Նազարյանին

Նալբանդյանի «Թափառական հրեայի» ընծայականը հավաստում է երկու ականավոր գործիչների վաղ շրջանի համագործակցության եւ մեծ բարեկամության իրողությունը: Դրվատանքի այն անկեղծ խոսքը, որով Նալբանդյանը դիմում է իր ավագ գրչակցին, զգացումների միակողմանի զեղում չէր եւ լիովին արտահայտում էր 1855–58 թթ. նրանց փոխհարաբերությունների էությունը: Դրանում համոզվելու համար պետք է թերթել նաեւ «Թափառական հրեա» վեպի թարգմանության առիթով Նազարյանի գրած «Կրիտիկան» (Կրիտիկա. «Թափառական հրեայ», գործ Էժեն Սյու ֆրանսիացու, հեղինակի «Փարիզյան գաղտնիքների» եւ այլ գրվածների: Պ. Միքայել Նալբանդյանցի աշխատութենով: Հատոր Ա. Մոսկվայի մեջ, 1857: Հոդված առաջին: (Տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, 10, էջ 315–334)

Նազարյանի այս հոդվածն այն կարեւոր փաստաթղթերից է, որոնք պարզաբանում են անցյալ դարի 50–60-ական թթ. հայ լուսավորական շարժման ակունքները: Հայտնի է, որ այդ շարժման անկյունաքարը աշխարհաբար գրական լեզվի եւ հայ նոր գրականու­թյան զարգացման մտահոգությունն էր. ուստի զարմանալի չէ, որ «Հյուսիսափայլի» առա­ջին տարիների համարներում տպագրված բոլոր գրաքննադատական հոդվածները այս կամ այն չափով պատասխանում էին առաջնահերթ այդ հարցին: Այսպես, Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առիթով գրած իր գրաքննադատական հոդվածում Նալբանդյանը աշխարհիկ գրականության ասպարեզի այդ նոր, արժեքավոր գրքի երեւան գալը ողջունում էր ոգու «գերապայծառ ուրախությամբ»: Նա՝ իբրեւ մեծ հաղթանակ, ավետում է, որ հանձին այդ գրքի հայ նոր գրականությունը, իր քաղաքացիական իրա­վունքները խլելով հնից, «հառաջ է խաղում մեծ-մեծ քայլերով եւ տանում է յուր հետ միասին եւ մեր ընթերցող ազգը» (տե՛ս սույն հատորում, էջ 142)

Նալբանդյանը հավատում էր Նազարյանի գործին, այն բանին, որ նրա գրչի տակ հայկական ժողովրդական լեզուն «կստանա առավել քաղաքացիություն եւ օր ըստ օրե կմոտենա յուր նպատակին գեղեցիկ եւ ընտիր գործիք դառնալու ժողովրդի դաստիարա­կության համար» (էջ 149)

Նազարյանն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրում է «Թափառական հրեայի» վրա, որպես մի գրքի, «որ հայկական զգեստով հանդես է հանել պ. Նալբանդյանցը» (էջ 319): Այս շրջանում նրանք ոչ միայն հանդես էին գալիս տոգորված միեւնույն խոհե­րով, այլեւ զարմանալի կերպով արտահայտվում էին միանման արտահայտչաձեւերով: Ահա մի օրինակ. խոսելով «Հանդես նոր հայախոսության» գրքի մասին, Նալբանդյանն իր «անպատմելի» ուրախությունն էր հայտնում, որ «ժողովրդական լեզուն ձեռք ու ոտք է ստացել եւ մեր նոր մատենագրության աղքատիկ գանձարանի մեջ երեւում է մտավորա­կան եւ կենսական շարժողություն» (էջ 149)

«Թափառական հրեայի» մասին գրած գրախոսության մեջ Նազարյանը հայտարարում է, թե «մեր կենդանի լեզվի գանձը օրե օր ճոխանում է նորանոր օգտակար գրվածներով, …մեր հայկական խոսքը օրե օր առավել մշակվում է, գեղեցկանում է եւ լինում է մի  մտածող ազգի լեզու» (էջ 315): Միանգամայն ուշագրավ է եւ այն, որ Նալբանդյանն իր ընծայականում Նազարյանին է դիմում «ո՛վ առաքինի, հոգիացած Ազգասեր» խոսքերով, իսկ Նազարյանն իր գրախոսության մեջ նրան համարում է իր ժամանակի «առաքինի եւ հոգիացած մարդերից մինը»

Մտածողության այս հարազատությունը մեծ չափով երեւան է գալիս «Թափառական հրեայի» մասին գրված Նազարյանի հոդվածում: Հավանաբար համոզված չլինելով, որ «Թափառական հրեա» վեպը կարող է հասնել ընթերցող լայն հասարակությանը եւ օգտվե­լով «Հյուսիսափայլի» հրատարակության առիթից, Նազարյանը վճռում է ամսագրի էջե­րում մասսայականացնել Նալբանդյանի ծրագրային առաջաբանը, որը նա համարում էր «շատ գեղեցիկ առաջաբան» եւ արժանի՝ «մեր ազգի բոլոր ուշադրության»

Համեմատությունից երեւում է, որ Նազարյանն անվերապահորեն ընդունելով Նալբանդյանի դրույթները՝ նոր լեզվի գնահատականի եւ դրա զարգացման ուղիների հար­ցում, իր հոդվածում գրեթե ամրողջությամբ մեջ է բերում Նալբանդյանի գրքի առաջա­բանը: Ընդ որում, այդ արվում է կամ ծավալուն մեջբերումների ձեւով եւ կամ Նազարյանը բառացի վերաշարադրում է առաջաբանի առանձին պարբերությունների բովանդակությունը:

Երկու հարցում միայն Նազարյանը առաջ է անցնում առաջաբանից եւ լայնորեն մեկնա­բանում՝ Նալբանդյանի առաջ քաշած դրույթները. գործնական այդ հարցերից մեկը ազ­գային դպրոցների հաստատման պահանջն է, իսկ մյուսը, որ գրված է զուտ նազարյանական գործիմացությամբ եւ կրքով գրավաճառության մի կանոնավոր սիստեմ ստեղծե­լու հարցը՝ Թիֆլիսում եւ Ռուսաստանի հայաբնակ կենտրոններում

Ինչպես երեւում է այդ գրախոսությունից, Նազարյանը ոչ միայն նպատակադրվել է հրապարակել Նալբանդյանի առաջաբանի հիմնական թեզերը՝ կապված հայ նոր գրա­կանության եւ լեզվի զարգացման հետ, այլեւ մասսայականացնել «Թափառական հրեային» կցված «Հիսուսյանք» հոդվածը

Խոսելով Էժեն Սյուի վեպի թարգմանության նպատակների մասին, Նազարյանն իր կողմից ամենախիստ արտահայտություններով դատապարտում է հիսուսյանների գործու­նեությունը: Նա ներկայացնում է Նալբանդյանի հոդվածի կառուցվածքն ըստ գլուխների եւ հայտնում ընթերցողներին, որ իր հոդվածի հաջորդ գլուխներում պետք է ոչ միայն հան­գամանորեն խոսի հիսուսյանների մասին, ծանոթացնելով ազգին Նալբանդյանի աշխա­տությանը, «այլեւ, եթե կարելի էր, տեղ-տեղ լցուցանելով նորա պակասորդքը» (էջ 334): Հաջորդ, [3-րդ], հոդվածով, Նազարյանը խոստանում է ընթերցողներին պատմել «Թա­փառական հրեայի» բովանդակությունը եւ ապա քննել «թարգմանչի գործի արժանավորությունը հայկական լեզվի կողմից, ամենայն զգաստությամբ միտ դնելով նորա պատվականութեններին եւ թերութեններին» (էջ 334)

Պետք է ափսոսալ միայն, որ 1858–59 թթ. «Հյուսիսափայլի» համար ստեղծված գրաքննական աննպաստ պայմանները խանգարում են ոչ միայն Նազարյանի արժեքավոր այս հոդվածի, այլեւ Նալբանդյանի «Մխիթար եւ Մխիթարյանք» հոդվածաշարի շարունակության տպագրությանը