Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՌԱՋԱԲԱՆ «ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ»

Սույն առաջաբանը զետեղված է «Թափառական հրեայի» 1857 թվականի հրատարա­կության (Մոսկվա) I–XIV էջերում: Արտատպվել է Փարիզում լույս տեսնող «Արեւմուտ­քի» 1859 թվականի № № 21, 22-ում: 

Ձեռնարկելով Էժեն Սյուի վեպի հայերեն թարգմանությանը, Նալբանդյանը նպա­տակ է ունեցել ոչ միայն աշխարհաբար լեզվով ընթերցանության հետաքրքիր նյութ տալ ժամանակակից երիտասարդությանը, այլեւ ծանոթացնել եզվիտների զործունեության հետ ընդհանրապես: Նալբանդյանն ինքն էլ է նշում այն կապը, որ կար մխիթարյանների եւ հիսուսյանների միջեւ: Այսպիսով, ֆրանսիական հեղինակի աղմուկ հանած վեպը ստանում էր նոր, լրացուցիչ մի նշանակություն հայկական իրականության համար: Միայն այս տեսակետից է հասկանալի դառնում հիսուսյանների մասին այն ծավալուն եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը, որ նա կցում է «Թափառական հրեայի» իր թարգմանության առաջին հատորին: Դա սոսկ պատմական մի տեղեկանք չէր բնավ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Մտնելով արտաքնապես դավանաբանական խճճված հարցերի մեջ, Նալբանդյանն, ի վերջո, որոշակի քաղաքական նպատակ էր հետապնդում. եզվիտ­ ների՝ մարդկության պատմության մեջ խաղացած ռեակցիոն դերը բացահայտելով՝ ցույց տալ կաթոլիկական պրոպագանդի էությունը, պայքարել մխիթարյանների ազդեցության դեմ: «Պետք է տեսնես, թե Ժիտը ինչ փառավոր տպվում է, — գրում է նա կատակով Գ. Սալթիկյանին 1857 թ. մայիսի 29-ին, — փիր փերվենտե եւ լավ հասկանալի լեզվով. կաթոլիկների մեջքը կոտրելու է այդ» (ընդգծումը մերն է, Ն. Մ. ):

Սակայն «Թափառական հրեայի» նշանակությունը դրանով չի սահմանափակվում: Այդ գրքի տպագրությունն իրենով նշանավորել է եւ աշխարհիկ գրական լեզվի ձեւավորման առաջին փուլի ձեռքբերումները: 

«Վերք Հայաստանի» վեպի տպագրությունից մեկ տարի առաջ, 1857 թ. Մոսկվայում հրատարակվում են Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի երկու հատորները եւ «Թափառական հրեա» վեպի I հատորի թարգմանությունը. մինչ այդ, արդեն հրապարակ էին իջել Նազարյանի երկու աշխարհաբար գրքերը եւ տպագրության էր պատրաստվել աշխարհաբարի դատի պաշտպանությանը նվիրված Նալբանդյանի «Ճառը», թեեւ գրա­բար: 1857 թվականն, այսպիսով, այն սահմանագիծն է, երբ վավերացվում են աշխար­հաբարի քաղաքացիական իրավունքները եւ ուղի է հարթվում 1858-ին «Հյուսիսափայլի» երեւան գալու համար: 

«Հյուսիսափայլին» հաջորդում է «Վերք Հայաստանի» վեպի տպագրությունը, որը մի ամբողջ հեղաշրջում է կատարում հայ իրականության մեջ: Սակայն այդ հեղաշրջումը, թերեւս հեշտությամբ տեղի չունենար, եթե դրա համար պատրաստի հող չլիներ. այդ հողը պատրաստվել էր 40–50-ական թթ. գործիչներ Գ. Պատկանյանի, հենց իր՝ Խ. Աբովյանի, Ս. Նազարյանի եւ Մ. Նալբանդյանի ջանքերով: 

Այսպես, 1850 թ. աշխարհաբարով հրատարակելով իր «Արարատ» շաբաթաթերթը, Պատկանյանն ընդգծում էր այն միտքը, թե «Կովկասի» ձախողումը պայմանավորված էր դրա գրաբար լեզվով: Նազարյանը տպագրելով «Հանդես նոր հայախոսության» գրքի I հատորը, ազդարարում էր «հայկական բանական հոգու» արթնացումը երկար դարերի թմրության վիճակից եւ ազգի անդամների ձգտումը լուսավորության գործն իրենց ձեռքը վերցնելու մասին: Այս ամենի ֆոնի վրա, երբ մանավանդ Նազարյանի եւ Գեղամյանցի միջոցով Նալբանդյանը քաջատեղյակ էր Աբովյանի գործունեությանը, թերեւս նաեւ «Վերքի» գոյության փաստին, նա ձեռնարկում է «Թափառական հրեայի» թարգմանության գործը, դրան կցելով մի ծավալուն առաջաբան: Դժվար է այժմ ասել, նրան հայտնի՞ էր արդյոք «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանի բովանդակությունը: Բայց որ իր առաջաբանով նա ընդառաջում էր Աբովյանի բարձրացրած հրատապ հարցերին, այս աներկբայելի է: 

Նալբանդյանի առաջաբանի մասին թեեւ խոսվել է մեր պատմագիտական եւ բանասիրական գրականության մեջ (տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գիրք առաջին, էջ 115–120), բայց այն կարիք ունի առավել մանրակրկիտ ուսում­նասիրության: Այդ մի փաստաթուղթ է, որն աշխարհիկ լեզվի զարգացման վաղ շրջա­նում յուրօրինակ մանիֆեստի դեր է կատարել: Չպետք է մոռանալ, որ այն թեեւ գրված է Աբովյանի վեպից հետո, տպագրվել է դրանից առաջ եւ ազդեցության իր ոլորտներով ընդգրկել է ճիշտ նույնպիսի շառավիղներ, ինչպիսին «Վերք Հայաստանի» վեպը: 

«Հյուսիսափայլի» հրատարակության նախօրյակին «Թափառական հրեայի» առաջաբանում քննարկվում էին խնդիրներ, որոնք հետագայում ամբողջ խորությամբ պետք է արծարծվեին ամսագրի հրապարակախոսական եւ բանավիճային հոդվածներում: Դրանք էին՝ աշխարհաբարի իրավունքների պաշտպանության հարցը, գրականության ժողովրդայնության խնդիրը, ժողովրդի ընդհանուր կրթության պահանջի առաջ քաշումը, լուսավորական շարժման բազմապիսի ուղիների եւ միջոցների մատնանշումը, ժամանակի սխոլաստիկ գրականության քննադատությունը եւ այլն: Առանձնապես հետաքրքրական է գրաբարին տված Նալբանդյանի դատավճիռը, իբրեւ իր դարն ապրած մի գործոնի, որն ապարդյուն կերպով հնամոլ գործիչները ցանկանում էին անցած 14 դարերի անդունդի վրայից քաշելով՝ բերել-հասցնել XIX դար եւ պարտադրել նոր ժամանակների հայ մար­դուն: «Ժամանակը վազում է հառաջ. ուրեմն եւ ժողովուրդը պիտո է վազե. այստեղ նա միջոց չունի, թեեւ ցանկանար, ետ դառնալ այնքան հեռի, տասն եւ չորս դարու ճանապարհ ժողովուրդը ուղեկից է ժամանակին եւ մնացել է եւ մնում է նորա ազդեցության տակ» (տե՛ս սույն հատորում, էջ 74): 

Ուշագրավ է, որ «Թափառական հրեայի» տպագրությունն անմիջապես չի կատար­վում. գրաքննիչ Բերոյանն այն արգելում է հետեւյալ պատճառաբանությամբ. «Թարգմա­նիչը չափազանց ազատ եւ անպատշաճ է արտահայտվում վենետիկյան այն աշխատասեր վանականների մասին, որոնք արդեն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց անմահ ստեղծագործություններով: …Նա մանրամասնորեն նկարագրում է ինկվիզիցիայի ողջ չարագործությունները եւ չափազանց համարձակ կերպով է անդրադառնում Հռոմի պապին՝ նրա կրոնական մոլորությունների կապակցությամբ»: 

Միայն այն բանից հետո, երբ Նալբանդյանը ստիպված է լինում հանել իր առաջաբանի այն մասերը, որոնց նկատմամբ գրաքննիչը 22 դիտողություններ էր արել, իսկ մնացած 7 դիտողություններին վերաբերող մասերը փոխել, Բերոյանը թույլ է տալիս հոդվածը եւ թարգմանությունը հանձնել տպագրության (ЦГИА СССР, фонд № 777, оп. 2, ед. хр. № 88: Հմմտ. Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երեւան, 1958, էջ 42): 

Շատ հետաքրքրական է վեպի վրա կատարված աշխատանքը: Նալբանդյանը տիրա­պետում էր ռուսաց եւ ֆրանսերեն լեզուներին: «Թափառական հրեան» նա թարգմանել է ռուսական հրատարակությունից, միաժամանակ ձեռքի տակ ունենալով ֆրանսերեն բնագիրը, որի համեմատությամբ կատարում էր անհրաժեշտ ճշտումներ: Այս մասին Ստ. Նազարյանը հաղորդում է հետեւյալը. «Թարգմանիչը, ինչպես երեւում է, [թարգմանել է] ռուսական լեզվից, օգուտ քաղելով եւ ֆրանսիական բնագրից, թեպետ ասած չէ գրքի ճակատումը» (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, № 10, էջ 319): 

Ինչպես հայտնի է, Նալբանդյանը մինչեւ վերջ չհասցրեց «Թափառական հրեայի» իր թարգմանությունը: Չգիտենք, աշխատե՞լ է նա հաջորդ հատորի վրա եւ ի՞նչ չափով. կասկածից վեր է միայն, որ այդ գործին նա այլեւս չէր կարող վերադառնալ: Հասունացող քաղաքական կյանքը, նոր բեղմնավոր ու լարված գործունեությունը «Հյուսիսափայլում» ոչ միայն անհնար, այլեւ որոշ չափով ավելորդ դարձրին այդ: 

Վերջերս այն միտքը հայտնվեց, որ «Հյուսիսափայլի» շապկանկարի գաղափարը Նալբանդյանը եւ Նազարյանը վերցրել են «Թափառական հրեա» վեպի հեղինակային առաջաբանից: Այդտեղ նկարագրված է «հյուսիսային փայլողության» ծնունդը Բերինգի նեղուցի վրա. ահա մի հատված այդ առաջաբանից. 

«Հորիզոնում երեւեցավ պայծառ կիսագունդ, որի բերանի կենտրոնից, դուրս էին բխում ահագին լուսեղեն սյուներ, որոնք բարձրանալով գունդի ամենայն կողմից, լուսա­վորում են եւ երկինքը, եւ գետինը, եւ ծովը: Հրեղեն փայլմունքը, որպես արշալուսից, ընկնում է եւ սահում է ձյունապատ դաշտի վերայից, բացարձակում է հիանալի լույս սառուցի սարերի մոխրագույն գագաթների վերա եւ փոքր-ինչ կարմրեցնում է եւ թեթեւ, ոսկու գույն է տալիս երկու ցամաքահողի սեւ-սեւ ահագին ապառաժներին»: 

Ամսագրի շապկանկարի համեմատությունը Էժեն Սյուի հիշյալ նկարագրության հետ, խոսում է այդ վարկածի հավանականության օգտին (տե՛ս Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագրի շապկանկարի շուրջը, «Սովետական գրականություն», 1979, № 2, էջ 145–147): 

Էջ 72, տ. 14. Եվժեն Սյու — ֆրանսիական ականավոր գրող (1804–1857), հեղինակ բազմահատոր «Փարիզի գաղտնիքները», «Թափառական հրեա» ( «Ագասֆեր») վեպերի: «Փարիզի գաղտնիքները» հիմնավոր քննադատության է ենթարկվել Կ. Մարքսի եւ Ֆ. էնգելսի «Սուրբ ընտանիքում», իսկ մի տարի առաջ, Բելինսկու կողմից, որի գրախոսու­թյունը տպագրվել է «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում: Էժեն Սյուի ստեղծագոր­ծության ուժեղ կողմերն արտահայտվել են նրա հակակղերական «Թափառական հրեա» վեպում: Բնութագրելով Է. Սյուի ստեղծագործությունը, Բելինսկին գրում է. «…Որպես ֆրանսիացի, Էժեն Սյուին խորթ չէ ընկածների եւ թույլերի նկատմամբ ցուցաբերվող հա­մակրանքը: Մարդկայնությունն ու մարդասիրությունը ֆրանսիացիների ազգային նկա­րագրի ցայտուն գծերից է (Полн. собр. соч., том. VIII, стр. 185): Միաժամանակ Բելինսկին նշում է եւ Սյուի թույլ կողմերը. չափազանցում, մելոդրամա, էֆեկտներ, թույլ խարակտերներ (Полн. собр. соч., том. X, стр. 307): 

Էջ 74, տ. 11. «Ուսումն նավուղղության» — տե՛ս Ուսումնասիրութիւն նաւուղղութեան յերիս գիրս բաժանեալ, աշխատութեամբ տեառն հ. Ղուկաս Վարդապետի Օղուլլուգեան Տրապիզոնցւո, 1809, Վենետիկ: 

Էջ 75, տ. 37, էջ 76, տ. 1. …հայերը օտարի լեզվով կարդում են յուրյանց սեփական հեղինակի գործը — Նկատի ունի, գլխավորապես, Խորենացու օտար լեզուներով, այդ թվում եւ ռուսերեն, թարգմանությունները. այդ ժամանակ պատրաստվում էր Խորենացու «Պատմության» երկրորդ հրատարակությունը՝ Մկրտիչ Էմինի թարգմանությամբ: 

Էջ 76, տ. 3–4 …հրահանգ քրիստոնեական վարդապետության — հավանորեն նկատի ունի 1825 թ. Տփխիսում լույս տեսած «Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան» գիրքը, որը պահպանվում է Նալբանդյանի անձնական գրադարանում: 

տ. 8. …իսկ մյուսի հոլովների կարգը այլ է բոլորովին — Նկատի ունի Չամչյանի, Խուդաբաշյանի, Սալլանթյանի, Ավետիքյանի, Հարություն Ավգերյանի եւ ուրիշների քերա­կանությունները: 

Էջ 78, տ. 37, էջ 79, տ. 1. …եթե մեր Մխիթարյան գերապատիվ հարք չեն կամեցել այս բանը հայերեն թարգմանել — Մխիթարյանների օրգան «Բազմավեպը» դեռեւս 1846 թ. Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի մասին գրած գրախոսականում այն բնութագրում է իբրեւ վնասակար գիրք (հմմտ, Ա. Բ. Կարինյան, Ակնարկներ հայ պարբերական մա­մուլի պատմության, հատոր 2, Երեւան, 1960, էջ 234):