Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

301. Բամիկ ? 

Արտասուակաթ աչքի դեղ գրէ Բժշկարան մի. «զԲամկին Կուտ ն այրէ՝ և դիր»: Կուտէն գուշակուի պտղատեսակ բոյս մ’ըլլալ։ 

302. Բան

Խորենացւոյ Աշխարհագրութիւնն յիշէ յԵրջանիկ Արաբիա, և համարուի Լ. Myrobolanum. Փ. Myrobolan. Ա. Հալիլա կամ Հլէլիճ, 81. ծանօթ է աւելի իր համեմաւոր սալորանման պտղով՝ քան իր ծառովը։ Պէյթար չորս տեսակ կու յիշէ՝ Դեղին, Սեւ, Հնդիկ և Փոքր սեւ կամ Քապուլի։ Ամիրտոլվաթ յիշէ զՍեւն Հնդկին հետ և զՔապուլին. ասոր համար գրէ. « Հալիլայի Քապիլի. լաւն այն է, որ գէր լինի, և թէ ի ջուրն ձգես՝ ի տակն նստի», և այլն։ Իսկ Սեւին համար, «Պարսիկն Հալիլա Սիահ ասէ, և Ար. Հալիլամ ըլ-ասվատ ասէ. լավն այն է որ Հնդի լինի. և երկուքին այլ օգուտները կու գրէ։ Ուրիշ Բժշկարան այլ գրէ ասոր համար. «Ինքն ի Հնդկաց գայ, նման է սեւ Չամչի. աղէկն առողջն ի բան մտնէ»: Ուրիշ տեղ յիշէ և զԴեղինն. «Որ Ար. Հալիլաճի ասվատ կ’ասեն, և Պ. Հալիլայի զարտ, և Թ. Սարու Հալիլա կ’ասէ. լաւն այն է, որ գէր լինի և մսլի... Եւ ասեր են, թէ Հալիլայքս մէկմէկի փոխան են, և շատոք կու վկայեն այս բանիս»:

Հին Բժշկարանն անծանօթ անուն մի գրէ. « Բանի պտուղ, որ է Աղըզանտի հունտ », եթէ չէ Աղըշբանկ, ինչպէս գրուած է Բանկի համար (տե՛ս թիւ 304)։ 

Այժմու բուսաբանք Բանին մէկ ազգը կու կոչեն Terminalia կա. Dracæna

303. Բանբուշ

Այսպէս գրուած է Սալաձորեցւոյն ծաղկանց երգոյն մէկ օրինակի մէջ, որ կըրնար ըլլալ վերոյգրեալն . 300), բայց ստուգագոյն թուի Բաքռօշ ։ 

304. Բանգ կամ Բանկ

Երեք-չորս զանազան ցեղէ բոյսք կոչուած են այս անուամբ. մին՝ նոյն կամ նման յիշուած Աղուէշբանկի, որպէս կ’ըսէ մեր Հերացի բժշկապետն այլ. «Բանկի  հունդ, որ է Աղվէշբանկ». Ար. Պէնկ կամ Պէնճ: Մէկ մ’այլ նշանակէ « Հնդի Կանեփն, որ է Ասրար », ըստ բառագրոց Ամիրտոլվաթի, զոր հաստատեն և ընտիր բառգիրք Փռանկաց (Լիտրէ). նոյն դարձեալ ի շալակ բառից Ա. տառի գրէ. « Առաւենդաւ ? որ է Պանճն »։ Ուրիշ տեղ այլ կ’ըսէ, թէ Պէնճ Թ. Պանք օթի կ’ըսուի, և շատ մի օգուտները յիշէ։ Եւ դարձեալ. « Պանճ. ինքն խոտ է, և հունտն ի պտկներու մէջն է. երկու ազգ է, Սպիտակ և Սեւ. աղէկն սպիտակ հունտն է։ Ասէ Գալիենոս, թէ օգտէ սաֆրային, և զարիւնն պակսեցընէ, և զանձն հովացընէ. և թէ զինքն ծեծես և մեղրով խառնես՝ զկիծն տանի. և թէ յերեսն քսես՝ զմանն տանի, և զմարդն թմրեցընէ»: Այս ամենէն տարբեր և նշանաւոր Պանկ մ’ալ կայ, որոյ համար գրէ Ամիրտ. ըստ Պէյթարայ. «Ինքն կեղեւնի է, Եամանու կու գայ, և ի Մրտենու ճիւղն կու բուսնի, և հոտն անուշ կու լինի. տաք է և չոր է ի մէկ տարաճէն. կապողութիւն կայ ի յինքն, և իւր հոտն զըղեղն կ’ուժովցընէ, և օգտէ այն գլխուն ցաւուն, որ ցուրտ անցած լինի, և ստամոքին և լերդին լաւ է... Ասացել է Պտ., թէ ինքն Ումիղալիանին տակէն կու ելնէ. լաւն այն է, որ դեղին լինի և թեթեւ. և այն, որ սպիտակ է և գէր է` չէ աղէկ»։ Ում կամ Օմ-ղիյլեան ն՝ 82 է Լ. Mimosa gummifera, իսկ այս Եմէնի կամ Հնդկի Պանկն, զոր հին բժշկապետք Յունաց Նա՛սկաֆթոն, Ναςκαφθον, կոչեն, նոր գիտնոց քննութեան տակ ընկած է, բայց դեռ չեն կըրցեր ստուգել ինչ ըլլալը։ Վերոյիշել Սեւ ու Սպիտակ խոտեղէնն է անշուշտ, որ իբր ախորժաբեր՝ վարդապետի մի բարոյական գրուածի մէջ կու հարցուի. «Բանկ կերա՞ր՝ վասն շատ ուտելոյ»: Թերևս այս ըլլայ և

305. Բանկէխոտն

Զոր Ասար բժիշկ համարի Ղարամֆիլի պօստանի կոչուածն, որ թէ ըստ Պարսից և թէ ըստ մեր Բժշկարանաց՝ է Ֆարանճամուշկ ն, ի մեզ անդրադարձեալ Փաղանգամուշկ, որով և յիշեմք, բայց հարկ համարիմ այս տեղ յիշեցընել, որ Բժշկարանք մեր միաբան կ’ըսեն, թէ Դաղձն է. նոյնպէս կ’ըսեն, թէ և Ձագխոտն է. յայտ է, թէ նոյն ցեղի այլևայլ ազգք կամ տեսակք են. ինչպէս վկայէ և մեր հեղինակն Դաղձին համար, թէ երեք տեսակ է։ Մեր լեզուաւ շատ բառեր կան Դաղձի և Ձագախոտի համանիշք կամ քիչ զանազանեալ բոյսք, որոց դժուար է պատշաճեցընել օտար լեզուաց անունները, այլ ինչ որ հաւանական երեւի՝ նշանակեմք ի կարգի բառիցն. Բանկէխոտին յատուկ համարելով արեւելեայց Ղարամֆիլի պօստանին, իբրև տեսակ մի Ֆարանճամշկոյ։ Անունով նոյն, բայց տարբեր բոյս թուի 

306. Բանկի Ծաղիկն

Յիշուած ի կողմանս Աղուանից, և նշանակէ Աղուաշբանկ

307. Բանկուլակ

Լուպիա հասարակ կամ տեսակ մի՝ ըստ Խոտաջրեցոց

308. Բանպօտ. Բօնպօտին. [1] 

Երկբայելի կ’երեւէր անուանս ստուգութիւնն, եթէ ուրիշ նման անուն մ’այլ զայն չհաստատէր. Ամիրտ. գրէ. «Բանպօտին տակն, որ է Պասպայիճ ն, և «Հոռոմք Պոլուպոտիոն ասեն». երկու յոյն անուանքն եւս ոչ միայն համաձայն, այլ և համանիշ կըրնան ըլլալ, Յ. բառերով, Լ. Polypodium, Փ. Polipode, որ նշանակէ Շատոտուի, ինչպէս թարգմաներ և գրեր է Ստ. Ռոշքեան։ Ամիրտոլվաթ՝ Ար. Պասպայիճ բառին (83) ներքեւ կու ստորագրէ. «Ինքն խոտի տակ է կարմիր և ճուկումուկ (ծուռումուռ), և համն քաղցր է. աղէկն ֆստուխ լինի»։ Դարձեալ, Պէյթարի գրածէն համառօտելով կ’ըսէ, թէ «Ասոր Թաշթիոն կու ասեն (Բարբարոսաց լեզուաւ, Թէշթիուան 83), և Ասրաս ըլ-քալապ քօք (արմատ) է զէտ Ակիր (տե՛ս թիւ 41). և ի մէկ քովն ի վար ճղեր ունի սէզ (մազի նման), և ի մէկ դին չէ, և լաւն այն է, որ Ղարամֆիլին համովն լինի. և ինքն քառսուն ոտվօք . Գըրք այագ) սողուն կու նմանի. և ինքն մեծ և փոքր այլ կու լինի. և լաւն այն է, որ կանանչ լինի և հաստ»: Այս բոյսս Պտերներու տեսակէն է (Pteryx, Fougère), որ ծառոց կոճղերու և քարերու վրայ կու բուսնի, քլաչափ մի բարձրութեամբ, վրան գծեր ունի, ուսկից այն 40 ոտուի ճճոյն նմանութիւնն և անունն կ’առնու` ըստ Պէյթարայ 44 ոտուի։ Շատ տեսակ բժշկական օգուտները յիշեն հին բժիշկք, որոց հետ մեր Ամասիացին այլ, որ և վերը յիշուածներէն զատ՝ առանձին անունը կրկնելով կու գրէ. «Լաւն այն է, որ երբ կոտրես, մէջն դեղին լինի, և հաստ լինի, քան զճկոյթ. եփէ գարեջրով կամ մեղրաջրով, և տուր»: Այս Բազմոտուի բուսոյ հասարակ տեսակն Pol. Vulgaris, Կովկասու երկու կողմ այլ գիտուի։ 

309. Բանջար. 

Զատ ընդհանուր ուտելի տունկերէն, որք Բանջարեղէն կ’ըսուին, ռամկօրէն կամ ըստ Թ. այսպէս կ’անուանի Ճակնդեղն ։ Յատուկ Բանջար կոչուի և թեթեւ ու արմատով մազանման բարակ ծիլերով բոյս մի, զոր չորցընելով կերակրոց համեմ կ’ընեն. Շոռոթեցիք իրենց լերան անուամբ Ալանկի Բանջար կոչեն։ 

310. Դառն Բանջար. Տե՛ս Դառնիճ

311. Բաշխ. Բաշխտակ. Բաղշտակ

Այս է հայերեն անուն Ակիրի ն, զոր յիշեցինք (թիւ 41) Լ. Acorus. Փ. Acore, իսկ Ա. սովորաբար Ուաճ անուանեն, զոր մեր բժիշկք այլ Վաճ կամ Ոճ կու գրեն, նա և Վաշտ. Թ. Էկիր օթի ։ Ամիրտ. հայերէն անուամբն ստորագրէ՝ արաբացի անուններն այլ յիշելով. «Բաղշտակ. ինքն սպիտակ և թեթեւ» տակ է, և ջրին մէջն կու բուսնի. լաւն այն է, որ իլի լինի և թանձր լինի և անուշահոտ լինի... Եւ թէ խմես և թէ սպեղանի առնես՝ զերեսին զգունն «յիստակ առնէ, և պիսակին և կերուածին օգտէ»: Հին Բժշկարանն այլ կ’ըսէ. «Որ ի կողն վ’ի կուրծքն խէթ կայ կամ աղիքն ցաւի կամ ոլրի, կամ փայծաղն ցաւի, հալէ… զտակին ջուրն յաչքդ դիր, լուսաւորի»: Անուշահոտութեանն և ջըրի մէջ կամ եզերք բուսնելուն համար՝ Եղէգ ալ կ’ըսուի Լ. Acorus calamus, և Acorus aromaticus: Իտալացիք այլ կ’ըսեն՝ Canna odorifera. Ի Բառս Գալիենոսի գրուի Բաշխէ = Ակարոն

312. Բառեղ կամ Բարեխ

Գալիենոսի Բառից մէջ գրուած է Եղկեսինէ (Helxine) = Բառեղն. ըստ Ասարայ է հասարակ Բաղեղն (տե՛ս թ. 292), բայց հիմայ գաւառական այս անուամբ կոչեն այն գետնի վրայ նաև ծառոց վրայ գրեթէ կպած և ճապաղ բոյսը, ճերմակ և կարմրանիշ բաժակաձեւ ծաղկամբ, որ կոչուի Լ. Convolvulus arvensis. Փ. Lizeron des champs. Թ. Չատըր չիչէկի ։ Պէյթար Լէպլապ կ’անուանէ, և բաղեղան նման՝ այլ փոքր տերեւներով։ Յիշուած է ի Պարսկահայս։ 

313. *Բատավարդ կամ Պատավարդ

Ըստ Ար. Յ. Սպիտակ փուշ կոչուի, Λκανθα λευκη, յորմէ և Լ. Spina alba. Ամիրտոլվաթ ասոր ուրիշ արաբերէն անուն մ’այլ յիշէ. «Պատավարդ, որ է Շավքաթ էլ-պաղա. ինքն փշով խոտ-մն է, մեծ տերեւներ ունի. նման է Ասփըրի հնտին. և լաւն այն է, որ տերեւն սպիտակ լինի»։ Շատ տեսակ բժշկական օգուտներն այլ յիշէ. ինչպէս. «Իպն (Պէյթ. ) ասէ, թէ զհունտն, որ տղակներն քսեն, օգտէ տղայոց ցաւուն, և ամենայն գազանահարին, որ վնաս առնէ, և թէ զայս խոտն ի տունն կախ առնեն՝ ամենայն վնասակար գազան փախչի ի տանէն…։ Ասէ Պտ., թէ ինքն ի լերունքն և ի աւազոտ տեղեր կու բուսնի. և իր որձային հաստութիւնն մատի չափ լինի և այլ հաստ լինի. և իր երկայնութիւնն մէկ-երկու կանգուն լինի, և այլ աւելի և պակաս լինի. և գունն սպիտակ լինի, և ծաղիկն մանուշակին գունովն լինի, և հունտն նման է Ասփրին հնտին. և փուշ ունի. և լաւն այն է, որ տերեւն սպիտակ լինի»։ Ուրիշ Բժշկարան մի համառօտ կ’ըսէ. «Տերեւն մեծ և փշոտ, ծաղիկն նման Ասփուրի. ջրի տեղ լինի աղէկն. փուշն (պտուղն) հաւկըթի նման»: Այլեւայլ բժիշկք կամ բժշկարանք զանազան բուսոց զուգեն զԲատավարդ, կամ զանազան անուն կու տան. Հերացին (Մխիթար) կ’ըսէ. «Պատվարդ, որ է « Հոտվարդ, որ է Վայրի Երնջակին տակն »

Բատկենի. Տե՛ս Բաթկենի: 

Բատրխան. Տե՛ս Պատրխան

314. Բարաբբի ? 

Այս անծանօթ կամ անստոյգ բառս գտուի գուսանական երգոյ մի մէջ

«Գիշեր ցորեկ չունիմ դադար.

Միշտ կը շրջիմ սարէ ի սար.

Ո՞ւր գըտանեմ մի անգին քար,

Որ քեզ լինի Բարաբբի ծառ »:

315. Բարբիւզակ. Բարբիւզնակ. Բարբուզան. Բարբուզնա

Բժշկական բառգիրք կ’ըսեն. «Որ է Վիլտուն և ինքն Ծիմել ն է», զոր տես ի կարգին։ Բայց հիմա այս անուամբ ի Վան և ուրիշ կողմեր ծանօթ է տեսակ մի Վարունգ կամ՝ Վարընգի նման բանջարեղէն մի։ 

316. Բարդոց ? 

Յիշուի ի Խոտուջուր. խնդրեմք ստուգել։ 

317. Բարիբոյս.

Աղքատի Ժախի նման բոյս մի՝ ըստ գաւառականաց. ի սկիզբն գարնան բուսնի և բանջարեղինաց պէս ուտուի, ըստ վկայութեան տեսողի, որ չէ բացատրած ձեւը, այլ կ’ըսէ, թէ Թ. Պահար օթի կոչուի

318. Բարկածոր. 

Ոչ ի գրոց, այլ ի լրոյ. վարդաձեւ հոտաւէտ և իւղային ծաղիկ և համեմ, Թ. Ճէննէթ կիւլիւ. Պ. Նէվրուզի Խուտէ (Աստուծոյ նոր օր), Ար. Թապանայ միuկ ? Գեղեցիկ անուններ, այլ ստուգութեան կարօտ, որպէս և բոյսն իսկ։ 

319. Բարկժատ

Ոչ բոյս, այլ բուսեղինի հիւթ. տե՛ս Մաղթ

320. Բարկի կամ Բարկու

Լեռնային հոտաւէտ ու գոյնզգոյն պզտիկ ծաղիկ մի, որ Մեռոնի պատրաստութեան մէջ կու յիշուի ուրիշ ծաղկանց հետ. Թ. Փէլէսէնկ չիչէկի, որով տեսակ մի Բալասան ալ կըրնար կոչուիլ։ Յիշուի Աղուանից կողմերում, ի Նուխի։ 

321. Բարձմանեակ. Բարձուենեկ. Բարձուինեակ. Բարձումենեկ. Բարձնակ. Բացուենեկ. Բացմենակ. Բըրթվինակ. Համբարձում

Այսչափ զանազանութիւն անուանն կամ բառին՝ յայտնեն հասարակ և ծանօթ բոյս մ’ըլլալը՝ նա և մեր երկրի շատ կողմերում, ինչպէս յիշեն եւրոպացի տեղագրողք այլ, և աւելի յարեւմտակողմն, ի Տայս, Արդուին, Խոտուջուր, Թորթում, Կարին, Սօմխէթ, Երասխայ դաշտ, և այլն։ Տեսակ մ’է Գնդածաղկի (Artemisia), կոչուի Լ. Abrotanum, Փ. Aurone. Ար. Գայսում կամ ըստ  Ամիրտ. Ղայսում. որ և գրէ. «Որ է Բացվենեկն. ինքն մանր և մեծ կու լինի, և Դեղին և Սպիտակ այլ կու լինի ծաղիկն... Ասացած է, թէ ինքն ի Պարանճիֆի ճապալուն ցեղերուն է, և իւր ծաղիկն, քան զՕշինդրին ծաղիկն, լաւ է»: Դարձեալ գրէ. « Ղայսում. ինքն խոտ է, երկու ազգ է. մէկին ծաղիկն Սպիտակ է, մէկին՝ Դեղին. աղէկն դեղին և անուշահոտն է. բնութիւնն տաք է և չոր է երկու տարաճան», և այլն։ Ուրիշ տեղ ալ գրէ. «Թուրքն՝ զայս խոտս Զուան չիչակի անուանէ, և Հոռոմն Այիստանա ? ասէ»: Գոյներուն զանազանութեամբն օտար անունները զանազանեն բժշկարանք մեր։ «Պարանճասիֆն» (զոր ուրիշ մի գրէ Բրնջաս ) է Դեղին Բացուենեկն », որ է Արտեմիսիայն ըստ Ամիրտ., իսկ Սպիտակ Բացուենեկի յարմարի Լ. Artemisia argentea Փ. Armoise argentée. Սալաձորցին կ’երեւի, թէ գոյներուն չի հաւնիր։ 

«Բարձրուենեկին գունն է պակաս», կ’ըսէ։

Ծաղկին գոյնէն զատ բուսոյն սեռն ալ զանազանեն հին բուսաբանք. մէկն Որձ Բարձ. Լ. Artemisia Abrotanum, միւսն Էգ Բարձ. Artemisia Pontica, Փ. Armoise pontique. Մեր հին Բժշկարանն այլ յիշէ զանազանութիւնը, հանդերձ յատկութեամբք. «Բարձվենեկ երկու ազգ է. Կարմիր ն էգ է, և Սպիտակ ն՝ որձ։ Զծաղիկ նորա եփէ ջրով, և նոյն ջրովն լեսել և տալ՝ օգնէ թառանչի, ջարդածի, որ ի փորին ինչ հատել է, քամակցվի, դժվարամիզի: Յում մահու դեղ տան՝ գինով խմէ, նա դեղթափ է, և զամենայն ինչ արգելու. և զով թունաւոր գազան խածէ կամ կարիճ և մոր, Սերկեվլով զինք ծեծես և հացով՝ և ի վերայ դնես, օգտէ. և խառնել ընդ ձէթ և օծել՝ զսողունս փախցընէ»։ 

Ուրիշ Բժշկարան մ’այլ այլեւայլ բուսոց հետ Կարմիր Բարձուենեկը մաղասկաթի դեղ գրէ

Շատ տեսակ Բարձուենեկ կայ, որոցմէ յիշուին՝ Դաշտայինն Ar. Campestris canescens ի Ռ–Հ. A. Scoparia, ի Գարապաղ, Հր. Կովկաս, Մելիտինէ. Անուշահոտն՝ A. Fragrans, ի Թ–Հ. յԵրեւան. A. Fasciculosa ի Թ–Հ. Վրաստան, Ատրպատական. A. Austriaca ի Բաբերդ, Կարին, Մուշ. A. Procera ի Թ–Հ. A. Chamæmelifolia ի Ռ–Հ. Գարապաղ. Հասարակն, A. Vulgaris, ի Կարին, Հր. Կովկաս, Ամիդ. A. Annua ի Գարապաղ. A. Tournefortiana, ի Կարին, Խարբերդ, Վան. A. Absinthium ի Թ–Հ. A. Splendida ի Մասիս, ի Թ–Հ. մեզի աւելի նշանաւոր է հայկականն՝ A. Armeniaca, ի Կարին, յԱրագլի գլուխ լ. Սիւնեաց։ 

322. Բարձուկ

Այս անուամբ բոյս մի ծանուցանէ քեզ ոմն, բայց ինչպէս ըլլալը չ’ասեր. գուցէ վերոյգրեալ Բարձուենեկն ըլլայ։ 

323. Բարտի

Վայրենի և շատ տեղ գտուող բարձր ծառերէն մէկն. Թ. Ղավախ աղաճի ճանչցուած յարեւելս. Ար. Ղարէպ կամ Ղուրպ երկու կերպով ալ գրէ մեր հեղինակն. « Ղուրպ, որ է Ղարապ ն, որ է Ղաւախ ն, որ է Բարտին, երեք ցեղ կու լինի լաւն այն է, որ թաժայ լինի... Ասէ Պտ., թէ Ղարապն ծառ-մն է, և միրգ չունի, և ոմանք ասեն խէժ-մն է, որ կու ճեղքեն և կու հատանեն... Թէ զծառին տերեւն այրեն և քացղով տրորեն և սպեղանի առնեն և օծեն ի վերայ կոծիծներուն՝ օգտէ, զշտերն կակղացընէ. և թէ դալար կեղեւն և կամ զտերեւն տրորեն և նռան կեղեւով յականջն կաթեցընեն, զցաւն տանի. և թէ եփեն և զջուրն յամառան աւուրքն նիկրիսին ոտքն օծեն, օգտէ. և թէ այս ջրովս զգլուխն լուանան, զթեփուկն տանի. և թէ զտերեւն չորացընեն և ծեծեն և դնեն ի վերայ խոցին, որ նոր լինի՝ օգտէ և բուսուցանէ... և թէ կեղեւն եռացընես ջրով և զմազն այնով լուանաս, սեւցընէ»: Պէյթար՝ այս Ղուրպ կամ Ղարէպ անուամբ ծառն շատ ծանօթ է ըսելով, համառօտ կու ստորագրէ. և միայն մազին ներկելը կամ սեւցընելը յիշէ՝ Ամիրտոլվաթայ համաձայն. թարգմանիչն (Լըգլէր) Ուռենի (Saule) համարեր է այս ծառս. մեր բանասէրք այլ չեն միաբան Բարտիի եւրոպական անուանց. ըստ ոմանց է Populus Tremula, Փ. Tremble, զոր այլք Կաղամախի ճանչնան, այլք ուրիշ ծառ. ինձ թուի, թէ ըլլայ Լ. Alnus. Փ. Aune կամ Aulne. Ռ. Ольха. Ստ. Ռոշքեան այս անուամբ ծառը հայերէն Լաստենի կոչէ։ Անտառային կամ վայրենի ծառք՝ ծաղկանց և բանջարեղինաց պէս շատ կամ շատերու ծանօթ չըլլալով՝ իրենց քիչ-շատ իրարու նմանութեամբն դիւրաւ կըրնան շփոթուիլ յանուանս. այսպէս եղած են Բարտի, Կաղամախի, Յոփի, և այլն։

Բարտի ծառն մասնաւոր յիշատակ մ’այլ ունի. մեր կիսակրօն ազգային Արեւորդիք՝ սրբազան կամ պատուելի համարէին զսա. պատճառն և զգուշանալու խրատը կու տայ մեր Շնորհալի հայրապետն. «ԶԲարտի ծառն՝ մի՛ աւելի պատուէք, քան զՈւռին և զԿաղամախին և զայլս ի ծառոց. և մի՛ կարծէք, թէ փայտ խաչին Քրիստոսի Բարտի էր»։ Նոյն դարձեալ յիշեցընէ, որ. «Այդ ծառ, որ Բարտի անուանի՝ ի կռապաշտութեան ժամանակն՝ ի պաշտօն առեալ էր նոցա»։ Այս պաշտօն կամ պատիւն նուիրեալ էր և Կաղամախի, զի ըստ առասպելաց Յունաց՝ Արեգական և Կլիւմենեայ երեք դստերքն (Լամպետիա, Փեթուսա և Փեբէ) իրենց Փայեթովն եղբօր մահուան վրայ անմխիթար կու լային չորս ամիս. չաստուածք գթալով` զանոնք այլափոխեցին ի Կաղմխի ծառս, արցունքնին այլ յ’Ամբար (ambre)։ Ոմանք համարին. թէ այս ծառիս տրուած պատիւն իրեն ձեւին համար ըլլայ, որ նեղկուկ բարձր ու երկայն կու վերանայ յօդս, շատ հեղ ի ջրեզերս: Քանի մի տեսակք կան Բարտեաց, յորոց յատուկ յիշուի Խիժայինն A. Glutinosa ի Հր. Հայս, ի Կորճայս։ 

324. Բարփ

Ըստ Սալաձորեցւոյն՝ մէկն է այն չորս ծաղկըներէն, որ յառաջ քան զայլս ի սկիզբն գարնան կու բացուին, ու

«Ձայն ածեն (դեռ չերևցած ծաղկըներուն).

Ծաղկո՜ւնք, զարթիք ի խոր քընոյն

Քանի՞ պառկիք ներքեւ հողոյն»:

Երգոյն ուրիշ օրինակաց մէջ Բարդ կամ Բարթ գրուած է փոխանակ Բարփի։ 

325. Բացգառի ? 

Միջակ մեծութեամբ ծառ մի, կ’ըսուի, սեւագոյն, փշոտ տերեւներով, որ անասնոց կեր կ’ըլլան ի ձմերան (Արարատ Օրագ. ԻԵ, 430)։ 

326. Բաւեղ

Այսպէս կ’անուանեն հին բառգիրք և Ստ. Ռոշքեան, Լ. Phlomis կոչուած բոյսը, Ֆլոմպոս, Յ. φλογμος բառէն, որ բոց ըսել է. վասն զի անոր բարակ ճիւղերէն պատրոյգ կը շինէին: Շատ տեսակներ ունի, թէ՛ խոտեղէն, թէ՛ թուփ՝ գեղեցիկ հինգթերթեան ծաղկըներով, որոյ համար և պարտիզաց մէջ կը դարմանուի, Շրթնատեսակաց ցեղէն է (Labiée). Այլեւայլ տեսակներէն յիշուած են Հայկականն, Ph. Armeniacus ի Կարին, Բաբերդ. P. Bruguierii. յԱմիդ, Մարտին. Արեւելեանն P. Orientalis ի Մուշ։ P. Linearis ի Հր. Հայս. P. Rigida ի Կիւմկիւմ, Մարաշ. P. Herba-venti (Հողմախոտ) ի Բաբերդ. P. Tuberosa ի Կարին, Բաբերդ

327. Բաքռօշ

Մի ի վերոյիշեալ (թիւ 303) չորս գարնանաբեր ծաղկըներէն՝ ըստ Սալաձորեցոյն, որ ուրիշ օրինակաց մէջ գրուած է Բամբուշ, Բեբղօշ

Բդում. Տե՛ս Բտում: 

Չաթլանղուճն է, գրէ Ասար։ Տե՛ս Բեւեկ։ 

Բդրաղ. Տե՛ս Փիթրախ։ 

328. Բեբկի. Տե՛ս Բեւեկնի։

Բեբղօշ. Տե՛ս ի վեր (327) Բաքռօշ: 

329. Բեզա կամ Պեզա. 

Մէկ-երկու թզաչափ բարձր բոյս մի, նեղ ու սուր տերեւներով, ծայրը մանր-մանր դեղին ծաղկներէ փունջ մի ձեւացած. որձայն իբր մատնաչափ հաստ: Բոլորն այլ թթուեցընելով պատեն ուտելու։ Յիշուի և

330. Հայոց Պեզա.

Իբրև յատուկ տեսակ մի, ի նոր բառհաւաքէ

331. Բեխի

Աղուանից կողմերում այսպէս կոչուի այն բոյսն, որ ուրիշ տեղ Բոխ կամ Բոքի, ևս և Պողիկ ։ (Բարխուդար. եր. 207)։

332. Բեկոն

Այսպէս կոչուած գրէ նոր ոմն՝ Հաճարի ծառը։ Տե՛ս զայս

333. Բեհեզնիկ

Գեղեցիկ անուն, զոր այլ նոր ոմն յիշէ՝ առանց որպիսութիւնն իմացընելու։ 

334. Բեմնա կամ Բիմնա

Նոյնպէս և այլ ոմն ի կողմանց Սեբաստիոյ՝ գրէ այս անուամբ բոյս մի։ 

Բեպկի. Տե՛ս Բեբկի, Բեւեկ։ 

335. *Բերեզատ

«Որ ինքն խոտ է», կ’ըսէ հին Բժշկարանն. Արաբերէն կամ պարսկերէն Պարզէտ, է Մաղթն, որ և Քաղբան, Չարհոտ, եւայլն, և մերձաւոր անուամբ Բարկժատ (թիւ 319)։ 

336. Բերկրիճ

Հին Բժշկարանն պատուիրէ. «Ծեծէ զԲերկրիճն դալար կամ չոր», դեղի համար: Հարազատ հայ բառ ըլլալով՝ աւելի փափագելի է գիտնալ ինչ ըլլալը։ 

337. Բեւեկ. Բեւեկնի. ռամկօրէն Բեբկի, Բեպկի

Հին Բժշկարանն յիշէ ի կարգի պտղոց, և կ’ըսէ. «Տաք է յերկու տարաճայն՝ ոռքն, և չոր՝ ի մէջն. յուշ հալի. չէ ախորժական. և ձէթն օգտէ պլղամի»։ Իսկ Ամիրտ գրէ. «Բեւեկ, որ Թ. Մանակօշ ասէ և Ար. Պուտմ   և Յելք ասէ. ինքն էգ և որձ լինի. և լաւն այն է, որ խոշոր լինի և թաժա»: Ուրիշ Ար. բառով այլ գրէ. « Հապ ըլ-Խազրայ, որ է Պուտմն... և ես այլ յիշեմ քիչ մի, որ է Բեւեկին միրգն, որ է Պարսինապան, և ինքն երկու ցեղ է. և մէկ ցեղին Շահպուն կ’ասեն, և ան մանտր և նուրբ է, և կեղեւովն կ’ուտվի. և մէկայլ ցեղն Պուն ասեն. և լաւն այն է, որ թաժայ լինի և մեծ լինի և կեղեւն կանաչ»: Բառգիրք մ’այլ տարբեր կու ստորագրէ. «Է փշոտ և մշտականաչ, ի դեռընձիւղ ծայրից սորին կազմեն թթւենի, զոր Թուրքք Ֆիլիզ թուրշուuի ասեն. պտուղն է կարմրագոյն, ռամկօրէն Ղզվան, Չատանայ, Չաթլաղուշ ): Պ. Ֆլֆուլի քիւհի (Լերան Պղպեղ), Սագըզ աղաճի »: Թուի, թէ երկու ոչ նոյն այլ նման ծառոց նկարագիր է այս. մէկն բուն Բեւեկնի, Լ. Terebinthus, Փ. Terebinthe, միւսն Հէրձի, կամ յատուկ ձութ տուողն (ծամոն, Մազդիկ ծառն, Թ. Սագըզ աղաճի  

Առաջինէն կ’ելնէ Բեւեկնոյ խէժն, զոր ի Հայս Վանի Խէժ կ’անուանեն. յայտ է  ուրեմն ծառոյն այն կողմերում գտնուիլն։ Պտուղն կամ հատերն՝ թէ և կարծր բան մ’է, ոմանց ուտելի կամ ծամելի է՝ համեմային ըլլալով։ Վաստակոց գիրքն Մազտաքէին ծառն որոշէ ի Բեւեկնոյ, միանգամայն նմանութիւնն այլ իմացընելով, երբ գինւոյ կարասները ձիւթել խրատէ. «Են որ Մազտաքէին ցախովն ձիւթեն, կամ Պանին ցախովն, և են որ Բեւեկնի ցախովն, կամ այլ անուշահամ ծառոց»: Բժշկարանք յիշեն Բեւեկնոյ օգուտներն իբրեւ դեղ. մշակութեան մէջ ալ մէկ օգուտը։ Ս. Բարսղի Վեցօրէից մեկնիչն, անոր ըսածն աւելի պարզելով. «Թթու Նռնենին և Լեղի Նշենին, թէ Բեւեկնի սեպ տան յատակն ի վայր, նա քաղցրանայ»։ Այս ծառս Ս. Գրոց մէջ շատ տեղ յիշուած է, և ամենահին ժամանակ Ասորւոց, Արաբացւոց և Պաղեստինոյ կողմերում իբրև նշանական արձանի տեղ ճանչցուած, թերեւս անապատի սահմաններն քիչ ծառ ունենալով, նշանաւոր բան մի երեւէր, կամ ոմանք այլ մեծութեամբ աչքի զարնէին։ Աբրահամ նահապետի ատեն, երբ չորս թագաւորք հինգ թագաւորաց դէմ պատերազմի ելան, եկան «ի լեռնէն Սէիրայ մինչև ցԲեւեկնի ձորոյն, որ է յանապատի անդ». (Ծննդ. ԺԱ, 6)։ Յակոբ նահապետ՝ իր կանանց և ծառայից կռապաշտական բաները «Ծածկեաց ի ներքոյ Բեւեկնոյն ի Սկիմ» (նոյն, ԼԵ, 4). Յեսու՝ ի յիշատակ իր մեծամեծ գործոց և պատուիրանաց՝ «Առ վէմ մի մեծ և կանգնեաց զնա ի ներքոյ Բեւեկնոյն, առաջի Տեառն (Յես. ԻԳ, 26): Եղիա Յեզաբելէն փախչելով կ’երթայ յանապատ, կու նստի ընդ Բեւեկնեաւ . Թգր. ԺԹ, 4), և ձանձրացած այնպիսի թագուհւոյ և անոր արժանի թագաւորի (Աքաաբու) և ժողովըրդեան անկարգութենէն, այն մենաւոր ծառին տակ մեռնիլ կ’ուզէ. «Շատ է արդ, Տէր, առ զոգի իմ յինէն», բայց Աստուած կարծուածէն աւելի կը պահէ անոր հոգին, և հրեղէն կառօք ողջ-ողջ յափշտակէ յերկինս։ Եսայի մարգարէ` ոչ միայն զԲեւեկնի՝ անապատի հետ կու լծորդէ, այլ և զծառն անապատացեալ կու ցուցընէ, երբ կ’ըսէ. «Բեւեկնի տերեւաթափ». կամ «Իբրև զԲեւեկնի և իբրեւ զԿաղին թօթափեալ յիւրաքանչիւր պատենից»։ Չեմ ուզեր ծառապաշտ երեւնալ այս վկայութիւններով, Բարտին պատուողներուն նման, այլ որչափ հին և հեռաւոր, այնքան քաղցր են այսպիսի յիշատակք սրբազան անձանց: Բեւեկնոյ Խէժն, որ իր պիտանեգոյն մասն կամ բերքն է, կ’ըսուի եւս Ձէթ, ինչպէս Բժշկարան մի. «Բեպկի և Տաֆնի ձէթ». Թուի Տաֆնիի, Դափնոյ։ 

338. Բզէզավարդ. Բզէզի վարդ.

Ստ. Շէհրիման կու յիշէ զայս իբրեւ բոյս մի ոտնաչափ բարձր, հերձոտած տերեւով եղջիւրաձեւ, ծիրանեգոյն ծաղկով, ածուոց մէջ աճող. արմատն կ’ըսուի Բոլորդեղ կամ Կոլորդեղ ։ 

339. *Բզրկատուն կամ Պզրկատուն.

Տե՛ս Կտաւախոտ կամ Կտուախոտ և Գաղտիկուռ

340. Բզրուկ

«Խոտ, զոր ոմանք Մկնականջ կոչեն, ի ճախին տեղիս լինի. Alsine». այսպէս գրէ Ստ. Ռոշքեան: Գալիենոսի բառից մէջն այլ գրուած է Բզրկի տուտն ՝ Alopecurus. Լ. բառն ի յունականէն նշանակէ Աղուեսու տուտն (ագի). ըստ այսմ՝ Բզրուկն այլ աղուէս պիտի նշանակէր. այս յայտ է, որ թէ՛ տուտ, թէ՛ ականջ` ի նմանութենէ մասանց բուսոյն կոչուած են։ Կայ և Բզրուկ վայրի, որոյ հոմանիշ գրեն Բժշկարանք՝ Ասփոշի կամ Ասֆայօշ, որ թուի, թէ պիտի ըլլայ Ասպաղօլ կամ Ասպաղուլ, որոց ամենն ալ նոյն և մի համարին ընդ Պզըրկատունի։ Այս վերջը բառին համար պարսկերէն բառագիրն կ’ըսէ. « Իսփէղուլ, է խոտն այն, որ կոչի արապերէն Պիզրիգադունա, թուրքն Գառնիեարըգ, և այս անուն տուեալ է վասն նմանելոյ նորա ականջաց ձիոյ, քանզի ղուլ նշանակէ ականջ, և իսպ ՝ ձի.. ։ Ոմանք մեկնեն զսա, թէ նշանակէ Պուղա եափրաղի »: Բզրըկի կամ Աղուիսու տուտն՝ զանազան տեսակներով գտուի ի Պոնտոս, ի Կովկաս. Եղեգնակերպն այլ A. Arundinaceus ի Թ–Հ. Պոնտոս, Արգիաս լ. A. Gerardi ի Թէքտաղ լ. յԱրգէոս լ. A. Glacialis ի Համշէն, Ճիմիլ, Պորճոմ. A. Aucheri, յԱրագլիգլուխ լ. Սաւալան լ։ 

341. Բէշ. Բիշ.

Հին Բժշկարանն գրէ. «Ի հետ Բէշի կու բուսնի Ճատվարն»։ Նոյն է անշուշտ Պէյթարայ յիշածն Բէշ կամ Բիշ, զոր Ամիրտ. կոչէ « Պիշ, ինքն խոտ-մն է որ Հնդկաց աշխարն կու լինի. երկայնութիւնն մէկ կանգուն կու լինի. և տերեւն ի Հազրի տերեւ կը նմանի, և Քասնու տերեւ (այլ) կու նմանի. և երեք ցեղ է. լաւն հալահիլ լինի, որ է լեղի. և ինքն ի մահացու դեղերուն է. հանց զահր (թոյն) է, որ թէ ծառին տակն բուսնի, նա այն ծառն այլ պտուղ չի տայ... Ասէ Իպն., թէ Խոտ-մն է, որ մէկ թիզ երկայնութիւն կու լինի, եւն. և հանապազ զինքն, Պլտըրճին կ’ասեն Թուրքքն՝ ձագ մի կայ, զինքն կ’ուտէ, և այն պատճառին համար Թ. այս խոտիս Պլտըրճին օթի կ’ասեն. և մուկն այլ զայս խոտս կ’ուտէ. և թէ մարդն զինքն յանձն օծէ՝ զմիսն ուտէ, և թէ կէս մթխալ յիրմէն ուտէ, զմարդն կու սպանանէ... քան զթիւնաւոր օձն աւելի վնասող է. և թէ խմեն՝ զգլուխն ի շուրջ կ’ածէ, և ուխտաւորութիւն (ցնորք) կու բերէ մարդուն. և իր թտպիրն այն է, որ շատ փսխել տան շողգամի հընտի ջրովն և պախրու կարագ եղովն, որ խմցընեն օգտէ Աստուծով… մինչեւ որ չի փսխեցընեն զմարդն՝ չի ազատիր... և ոմանք ասացեալ են, թէ իր թրիաքն Կապարին տակին կեղեւն է»։

Բէշի նման և անուանակից բոյս մ’այլ յիշէ Ամիրտ. Պէշմուշիա, որ է ըստ Պէյթարայ Բիշմուշբիշա. «Ինքն խոտ-մն է, որ ի Պէշին քով կու բուսնի, և Պէշն, որ ցեղն որ յոր ծառի մօտ բուսնի՝ այն ծառն միրգ չի տար. և այս խոտս այլ զՊէշի զօրութիւնն ունի... և այսոր անունն Պէշմուշ է՞ր եղեւ. և այնոր համար Պէշմուշ ասացին, որ անասուն մի կայ Պէշմուշ անուն, ի մուկն կու նմանի. ի յայս խոտիս տակն կու կենայ... ամենայն մահացու դեղոց թիրիաքն է։ Այս անասունն Բէշկ մշկոյ ըսուածն է, ինքն և խոտն իրարմէ առած կ’երևան անուննին։ Բուսաբանք թէ և տարակուսին այս խոտերուն ստուգիւ ինչ ըլլալուն, բայց առաջինը հաւանօրէն կոչեն Acoոitum ferox (Բարկ Ընձախոտ), երկրորդը Acoոitum Napellus. Բէշի մահացու զօրութիւնը յիշած է հեղինակ մեր հին Աշխարհագրութեան (Խորեն. ). «ի Հնդիկս, ուր կան, կ’ըսէ. «Մկունք, որ կոչին Բէշմաշկ, յաղագս Բիշ մահացու արմատ ուտելոյ, որ լինի անդեղեայք»:

342. Բէշկ-ուռի կամ Փոկուռի

Ըստ Ստ. Շէհրիմանի՝ Ասորւոց ըսուած Ուռենիի տեսակն է. Լ. Salix siriaca

343. Բէջար կամ Բէչար

Յիշէ Սալաձորցին, և վկայէ, թէ «Հոտն անուշ է»։ 

344. Բթակ ? 

Բժշկարան մի դեղոց նուսխայ գրէ. «Առ Բթակ ու Սատաֆի տերեւ չորս դրամ», ևայլն։ 

345. *Բիան

Թուրք անուն Մատուտակի։ 

Բիբերդ. Տե՛ս Փիփեռթ։ 

346. Բիբկան

Բժշկարան մի խրատէ. « Բաբկանի խէժ արա և ի կերակուրն խառնէ»: Թերեւս Բեւեկնին ըլլայ

347. Բիծխի կամ Պիծխի

Այլ և այլ ծառոց հետ յիշէ Վաստակոց գիրքն (Գլ. ԿԱ). յոյն բնագիրն է Սֆէնտանոս Σφένδανος, որ է Լ. Acer. Փ. Erable. հայերէն աւելի յատուկ կ’երեւի Տխկի. տե՛ս զայս

348. Բիճուռի

Այս ալ Ուռենւոյ տեսակ մի յայտնուի անունէն, բայց մեզ անծանօթ է. անունէն զատ բան չի յիշեր Բժշկարան մի։ 

349. Բինդ ? 

Աստր կը զուգէ այս անունս Բէսէդի հետ, երկուքն ալ անծանօթ ինձ, բոյս ըլլալն ալ, վասն զի յետին անունն կըրնայ ըլլալ արաբերէն, որ Բուստ նշանակէ։ 

350. Բիպիկ

Պղպեղի հատի նման և աւելի փոքր և իւղային է, որ կու սեւնայ, երբ հասուննայ. խարկելով՝ կերակրոց համեմ կ’ընեն, Զէյթունի կողմերում (Ուլնի, 180)։ 



[1] Օրինակ մի գրոցն սխալ գրէ. «Բօնբօնին տակն, որ է Սորընջանն»: