Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1701. Հնդակ ?

Որոյ սերմը բնութիւնը զօրացընելու դեղ գրէ Բժշկարան մի։ 

1702. *Հնդիկ Արմաւենի.

Պտուղն այլ Հնդկարմաւ, բայց ի նորոց յարմարած կամ թարգմանած է, զոր ամեն ազգք, ինչպէս և մեր Բժշկարանք, Ար. անուամբ կոչեն Թմր հինտի (որոյ բառակարգին կու վայլէր գրել). Լ. Tamarindus Indica. Փ. Tamarin, Tamarinier. իր եղջերաձեւ պտղոյն բժշկական գործածութեանն համար հիմայ հանրածանօթ բերք մ’է. լսենք մեր Ամասիացւոյն. «Թմրհնդի, ինքն ցեղ-մն է և յայտնի է. լաւն այն է, որ խիստ թթու լինի և նոր. հով է Բ տրճ. և չոր է Գ տրճ. (յիշէ օգուտները)... իր առնելուն չափն 15 դրամ, բայց կրծոց զեն է. և զիւր չարութիւնն տանի Խաշխշին շարապն, և իր փոխան Սալորն է, որ թթու լինի։  Ասէ Պտ., թէ Համր ասեն, և Սապստան այլ ասեն, և նուրբ է, քան զՍալորն, այլ գիտացիր, որ hազին և կրծոց զեն կ’առնէ, և զիր չարութիւնն տանի Մանուշակն, և իր շարապն և Նշի ձէթն»։ —Բնութեանն համար կ’ըսէ ուրիշ Բժշկր. մի. «Ինքն նօսր է, քան զԴամոնն, և այլ պակաս գիճութիւն ունի, և է հով Գ տրճ. և գէճ Բ տրճ. օգտէ որ կիծ և ծարաւ ունենայ, և տաքութիւններ և թալնալ, զսաֆրան լուծանէ և զարիւնն խաղաղէ»

1703. Հնդիկ Ընգոյզ.

Տե՛ս Ընկոյզ և Նարգիլակ։ Ուրիշ Հնդիկ մակդրով անուններն այլ տե՛ս իրենց բուսոց գոյական անուամբք:

1704. Հնդիպէ. Հնդուպա.

Տե՛ս Եղերդակ: Այս տեղ յիշենք հին Բժշկարանին գրածը. « Եղեգ, որ է Հնդիպէ, կայ յինք լեղութիւն և փոյթտութիւն, և լեղութիւնն է շատ, և լեղութիւնն ամառն լինի. և իր լեղութիւնն շատնայ՝ հովութիւնն պակսէ. այլ ձմեռն և գարուն՝ հովութիւն է շատ, և է ինքտ հովք Ա տրճ. և չոր ի մէջն, և եբ չորնայ, պակաս տաքութիւն լինի յինք. զլերդի ճանպահն բանայ, և զստամոքն սրբէ. իմաստունքն զինք հով ասացին, բայց փորձեցաք, որ ի ներս չորութիւն կայ»

1705. Հնդկոկի ունտ կամ Հնկոկի հունտ.

Յիշէ հին Բժշկարանն, մաճունի մի (Ասկօմիտ թագաւորի ?) բաղադրութեան մէջ` շատ այլեւայլ նիւթերով: Ուրիշ Բժշկարան մ’այլ զնոյն կրկնէ Հնկոկ գրելով, անծանօթ թագաւորին անունն այլ Ասկաւամիտ: Գուցէ նոյն ըլլայ ընդ վերոյիշեալ Հնդակի. թ. 1701։ 

1706. Հողի բուրդ.

Ոչ անյարմար անուն Մամուռներու, որ և Գորտնբուրդ կոչուին։ 

1707. Հողի Ճրագու.

Որ և Գետնի Ճրագու. ըստ ոմանց hողային նիւթ է, ըստ այլոց` տեսակ մի Քարաքոս: Տե՛ս Աղաւնոյ ծիրտ, թ. 51։ 

1708. Հողկիթ.

Եւ սա յարմար անուն ծանօթ Փաթաթ կոչուած Գետնախնձորի, որ և Ձուիտակ կոչի, ոչ ի գրոց, այլ ի նոր գրողաց, գուցէ գաւառական ծանօթ բառ ի կողմանս ինչ Հայոց

1709. Հողմախոտ.

Յիշէ Կամարկապցին, և Թ. գրէ Գարընճա եուվասի

1710. Հողմածաղիկ.

Անեմոն ըստ Յ. և Լ., զոր յիշած և բացատրած եմք Հարսնուծաղիկ կամ Հարսնուկ անուամբ։ 

1711. Հողմավարդ.

Տե՛ս Բատավարդ: Մխ. Հերացի գրած է. «Պատվարդ, որ է Հողմավարդ». ըսել է, որ Պարսից պատ բառէն բարդուած է, որ նշանակէ հողմ։ 

1712. Հողմափայտ.

Այս այլ բացատրուած է Կանթեղխոտ անուան տակ։ 

1713. Հողսունկ.

Այսպէս կոչէ Թաղիադեանն (Առաջն. Մանկանց եր. 125) ազնիւ գետնախնձոր կամ Հողկիթը, Truffe. Իր հնարած բա՞ռ է արդեօք, թէ՞ լսուած ի գաւառին:

1714. Հոմնի.

Հին Բժշկարանն փորլուծի դեղ գրէ. «Հոմնի. հա՛ն իր տակովն, սրբէ և կտրատէ զբազուկն, զջուրն ժողվէ, և եփէ քաջ. և քան ի ջրին կէսն գինի խառնէ և խմցո»։ Արդեօք շփոթուա՞ծ կամ նոյն Հունի և Հոնիի հետ

1715. Հոյն կամ Հուն. Հունի. Հընի.

Որոյ ազգակիցք կամ նոյնանունք են Զողալ, Չում, Կռ, Դավարա. զորս տես. Գալիենոսի բառք գրեն Կերասին ` Հոյն, իսկ Ամիրտ. « Ղարանիա, որ Հ. Չում և Կռ և Հոն ասէ, և Թ. Ղզըլճուխ և Սղալ (Զղալ) ասէ և Հռ. Ակրանեա ասէ. Ասէ գրոցս ժողովողն, թէ ինքն ծառ-մն է, որ ի լերունքն կու բուսնի ի հով տեղեր, և տերեւն Ազատրատխին տերեւն կու նմանի, և պտուղն նման է Ձիթապտղի, և յորժամ խակ է՝ նա կանանչ է, և յորժամ հասնի՝ կարմիր լինի որպէս արիւն, և համն տտիպ է և կապող է»։ Լ. Cornus. Փ. Cornouillier. Հայերէն կերպ-կերպ անուններն վկայեն, որ մեր երկրին հասարակ է այս վայրենի ծառն և պտուղն, թէ և տեղաքնինք յայտնի չեն յիշած, բայց ի Կովկաս և ի Պոնտոս

1716. Հոնի.

Գանձակայ կողմանց ծառոց մէջ յիշուի. հաւանօրէն վերոյգրեալ Հունի ծառն է. բայց Հոնի նշանակէ և Ծոթրինի տեսակ մի, մանաւանդ՝ Վայրին։ 

1717. Հոշի։

Վայրի ծառ մի՝ յիշուած ի Տարօն

1718. Հոշոշիկ.

Oշօշն է. տե՛ս Երիցուկ և Գնդածաղիկ։ 

1719. Հոչլի ?

Այս այլ վայրի ծառ մի՝ յիշուած ի կողմանս Գանձակայ, թէ սխալ չէ գրուած։ 

1720. Հոռմցի Ընկուզ.

Հասարակ ընկոյզն է

1721. Հոռմցի Կաղամբ. Տե՛ս Կաղամբ ։

1722. Հոռոմ Երնջնատակ.

Հին գրողն հոմանիշ գրէ Չնթիանայ, Gentiana: Տե՛ս Բոգ

1723. Հոռոմ Թաղթ.

Յիշէ հին Բժշկարանն: Տե՛ս Թաղթ։ 

1724. Հոռոմ Խունկ.

Ըստ ոմանց՝ է Ար. Հարբ, որ է Ջրկոտեմն, ըստ այլոց՝ շինծու է ի Լատանէ. տե՛ս զայս

1725. Հոռոմ՝ Ծաղիկ.

Միայն Սալաձորեցոյն երգով լսուած

  «Հոռոմ ծաղիկն է փոշոտեր, բուսեր հետ մոլին ? մորենուն». թերեւս փոխանակ մոլին ըլլար Մոշին։ 

1726. Հոռոմ Կորեկ.

Ըստ Ասարայ Գաւարս ն է

1727. Հոռոմ Սնֆուլ.

«Որ է Նարդին»՝ ըստ Բժշկարանի. տե՛ս Սնփուլ։ 

1728. Հոսի.

Հին Բառագրոց մէջ հոմանիշ դրուի Կոբատի ? որ ձայնիւ նման է Յ. Κοπάς, Κοπάδος ճեղքուած փայտի նշանակութեամբ, որոց քիչ մի յարմարի Դանիէլ Ասորւոյ (Սաղմ. Մեկն, ՁԳ) բացատրութիւնն. «Զոր օրինակ այրէ հուր զանտառս՝ զոչ պտղաբերս փայտից, և բոց կիզու զՀոսի, որ ի վերայ լերանց»: Հաւանօրէն նոյն կամ մին և միւսն սխալ գրած՝ է հետեւեալն

1729. Հոսնի.

Որ յիշուած է Ակքան փշեղենի անուան տակ. թ. 40: Տե՛ս և զՀոշի

1730. Հովախի ?

Աղստեւ գաւառի վայրի ծառոց հետ յիշուած է (Մեղու, ԻԳ, 85):

1731. Հովուաբիր. Հովուի բիր. Հովուի գաւազան.

Հին Բժշկարանն զուգէ. «Պարսիանդարու (արաբ. Հովվի Բիր, որ է Մատիտեղն», նոյնպէս Մխ. Հերացի « Բարսի-անդարու. ինքդ Հովուի բիր  կոչի, որ է Պտպտ : Ետքի անունս ստուգութեան կարօտ է, Ար. և Թ. անուանքն հայերէնի նոյնանիշ են Թ. Չօպան տայնակի: Հայերէն յատուկ անուն ունենալով՝ Մատիտեղն, ի կարգին բացատրուի։ 

1732. Հովուի խշտիկ.

Նոր բառահաւաք մի գրէ՝ առանց բացատրութեան

1733. Հովուի փող.

Այս այլ արեւելեան լեզուաց թարգմանութեամբ. Ար. Մէզմարի էր-ռայի Թ. Չօպան տուտուկի, ինչպէս գրէ Ամիրտ. «Տերեւն նման է Ջղախոտին տերեւին, և յերկայնութիւն մէկ-մէկ թիզ կու լինի և այլ աւելի, և գագաթն զէտ սնզլուխ կու լինի, սպիտակ ծաղիկ կ’ունենայ և ի դեղնութիւն կու քչտէ, և տակն Սեւ Վրացի կոճ կու նմանի, բայց անուշահոտ կու լինի. և թէ երկու տրամ ի տակէն գինով խմեն, օգտէ ամենայն գազանահարի, և թէ մէն և կամ իր չքօքն (չափով) Տղտով խմեն՝ զփորցաւութիւնն խաղեցընէ. և աղետ գաներուն և արգանդի ցաւուն օգտէ, և թէ զայս խոտն մէն խմեն՝ զփորն կապէ»։ Լ. Plantago Alisma, Փ. Fluteau. նա եւ Plantaine d’eau, Ռ. Частуха: Տե՛ս և Խարշափուն

1734. Հոտզուենի.

Բարձուենեկի անուն մի է, ի գիրս չեմ յիշեր գտած, բայց ծանօթ է անուամբն։ 

1735. Հոտիսոյ կամ Հօտիսոյ.

Այս անունը և համանիշքն յիշեցինք 117–8 թուերում, հօս այլ յիշենք դարձեալ անուան շփոթութիւնը կամ զուգուածն այլ և այլ բուսոց՝ օտար լեզուօք։ Բժշկարան մի կ’ըսէ. «Պռասիսն, որ է հայերէն Հօտիսոն ». Լ. Prasium. ուրիշ մի տարբեր հնչմամբ, « Ֆարասիօն ՝ վայրի Քարաւսն է»։ Ամիրտ. Անճիտա, որ է Հաշիշ ըլ-քալպն, և Հայն Հաւտիսաւ ասէ», յետոյ Ֆարասիոն անուան տակ գրէ. «Որ Թ. Իթ սիտիկի ասէ, որ է Շանշռելի ք, որ շունն ի վերայ խիստ կու շռէ, և ինքդ չորեքժեռէն խոտ-մն է, և մէջն հանգուսնի ունի, և տերեւն թանձր է, ծայրն սուր չէ և բոլոր է, և տերեւին երեսն խոշոր է, և ինքն ի փողոցնին կու բուսնի. և մէկ հեղ գարունն կու բուսնի, և մէկ հեղ՝ աշունն, և համն լեղի է, և տերեւն սպիտակ կու քշտէ, ինքն զՊատրանճի- պուային տերեւին խոշորութիւնն տանի: Երկու ցեղ կու լինի՝ Սեւ և Սպիտակ. և լաւն այն է, որ նոր լինի և կանանչ: Իպտ. ասէ, թէ զմէկ տեղ մի փորեն մարդաչափ, և ի ներքեւն աւազ լնուն և կրակ վառեն, որ տաքնայ, և զկրակն քաշեն և հանեն և ի տեղն այս խոտէս սփռեն, և հիւանդն, որ չկարէ շարժիլ, ի մէջն պառկեցընեն և ի վերան այս խոտէս ծածկեն և ի վերայ կապայ ծածկեն շատ, և այնքան շատ պառկի, որ տաքութիւնն երթայ. Աստուծոյ ողորմութեամբն յոտն ելանէ, ողջ և առողջ լինի. և ինքն փորձած է»: «Ֆարասիոն. ինքն երեք ազգ է և անուշահոտ. աղէկն չոր է... Ասէ Մահմատ Զաքարիայն, թէ ինքն Հոռմի անուն է, և օգտէ լերդին և փայծեղան ցաւոցն»: Այս երեք ազգի զանազանութիւնը յայտնեն հաւանօրէն այլ եւ այլ անուանք բուսոյն (որ են վերը յիշուածներէն զատ՝ Մեղրածուծ, Շանխոտ, Խորտակ Ծոթրին և այլն), զորս չեմ կարող որոշել և իւրաքանչիւրին սեփականել: Բուսասանք այլ թէ՛ նոյն, թէ՛ տարբեր համարին զ Ֆարասիոն ՝ Prasium և Marrubium. մէկը՝ հին, միւսը՝ նոր անուն գրելով, սակայն ի ստորագրութեան զանազանեն, և տեսակներուն մեծ մասն այս երկրորդ անուամբ յիշեն, մենք այլ անոր պահեմք Մեղրածուծ կոչումը։ 

1736. Հոտոտ

Հին Բժշկարանն գրէ. ՝ «Ինքդ քամուքս է». (ինչի՞ քամուքս): Ուրիշ Բժշկարան մ’այլ յիշէ իբրեւ դեղ՝ առանց բացատրելու. Ար. Ուտուտ ՝ Վայրի Յասմիկն է, զոր սովորաբար կոչեն Զիյան, այսպէս գրէ և Ամիրտ. «Զիեան, ինքն Եասամին է. լաւն այն է, որ նոր լինի. Իպն. ասէ, ինքն Վայրի Եասամին է, և Ուտուտ այլ կ’ասեն, և զէտ Վարդին փուշն՝ փուշ ունի, և կու լինի, որ Իթպուռնի կ’ասեն ծառ մի կայ՝ ի հօն կու փաթվի և կ’ելնէ, և տակն սեւ կու լինի, և թէ այրես և զտակն Թզով խառնես, սեւ ու սպիտակ պահակին (որ և պիսակ) օծես, օգտէ, և թէ քացխով տրորես և օծես՝ այլվի օգտէ այլ շատ օգուտներ)։ Եւ ցեղ-մն այլ կու լինի, որ տերեւն մանր և ի ծառերն կու փաթվի և զիր միրգն ջրով կամ գինով և կամ ավմալիով ? տրորես «և տաս որ խմէ, լուծէ զպալղամն և զսաֆրան, և թէ զտերեւն սպեղանի առնես և օծես բորին, օգտէ»։ Լ. Clematis, Փ. Clematite. քանի մի տեսակաց մէջ Արեւելեան կոչուածն Cl. Orientalis, տեսնուած է ի կողմանս Խարբերդու և Մելիտինոյ

1737. Հոտոտ մաքի կամ Յօզազմաքի ?

Յիշէ Ասար բժիշկ. իրն անծանօթ։ 

1738. Հոտոցուկ.

Անշուշտ ձեւէն առնուած անուն մի (եթէ Յօտոցուկ գրուի). առանց բացատրութեան յիշուած է նոր բառահաւաքէ։ 

1739. Հոտսան ? Հոտոսան ? Տե՛ս Նարմուշկ։

1740. Հոտվարդ. Տե՛ս Բատավարդ.

Հորբ. Հորփ. Հորֆ.

Տե՛ս Հարբ և Կոտեմ: Բառգիրք մի գրէ. « Հորփ ` Հալեւորկի հունդ»։ 

1741. Հորթուկ.

Նոր բառահաւաք մի յիշած է։ 

1742. Հորթու քիթ.

Ըստ Ար., Անֆահ ըլ-օճլ. «որ Թ. իր Հորթու քիթ ասէ. այնոր համար, որ միրգն հորթու քիթ կու նմանի, և թէ զայս խոտս եռցընես և զջուրն խմես, օգտէ ամենայն մահացու դեղոց, և թէ Սուսանի եղով խառնես և յերեսն օծես, ով տեսնու՝ ընդունի զինքն սիրով»: Լ. Antirrhinum. Փ. այլ քթի կամ ցռըկի նմանութեամբ կ’անուանի Muflier. Sաք և չոր երկիրներում կ’ըլլայ, նա և յԱսորիս, ի Յունաստան, ի Բիւզանդիոն: Տարեկան խոտեղէն է՝ անօթաձեւ պտղով և շատ մանր հատիկներով։ Նոր Բժշկարան մի գրէ. « Ղլիկօրիոզ, ինքն քաղցր արմատ է, որթու քիթ կու նմանի. դեղին»։ 

1743. Հորի Փերփեր. Տե՛ս Փերփեր, Փրփրեմ.

1744. Հուլաբ կամ Հուլապ.

«Ինքն մէկ թիզի մի չափ կու բուսնի. մանր և սպիտակ ծաղիկ ունի, թէ զինքն գարոյ ալրով սպեղանի առնես և դնես ի վերայ կոտրածի և ելածի և ջարդածի և թուլցածի՝ շատ օգտէ»: Այսպէս գրէ Բժշկարանն։ 

1745. Հուլպա.

«Որ է Պաւէն », ըստ Բժշկարանի, և ըստ այլում՝ «Թուրքն Պոյ ասէ». մէկն այլ գրած է. «որ է Մէհլէպն »։ Իսկ ըստ հին Բժշկարանի՝ է Հացհամեմն, ուր յիշած եմք. թ. 1666

*Հումայզ. Հումայտ. Տե՛ս Թթռկիճ:

1746. Հումել. Հմել. Հմուլ. Խմել.

Յիշեցինք . 417), որ Գայլուկ կոչուած է սա առ մերայինս: Գարեջուր զուգելու համար շատ կարեւոր և հռչակուած, Կանեփի ցեղակից դիմացկուն բոյս մի, ճկուն որձայով, արմաւաձև բլթակաւոր տերեւօք, հասկաձեւ ծաղկօք, որ հասունութեան ատեն կոնի ձև կ’առնուն, պտուղներն դեղին կամ ոսկեգոյն աւազ կամ փոշի մի ունին սուր հոտով, որ գարեջրոյ հիւթ կ’ըլլան. Լ. Humulus Lupulus, Փ. Houblon. Ասիոյ մէջ գտուի ի Պոնտոս, և Կովկասու երկու կողմերում, որով և ի Հայս խնդրելի է՝ հանդերձ անուամբն։ Ոմանք ի բուսաբանից Ար. Համուլը համարին Urticularia inflexa

Հունի. Տե՛ս Հոյն.

1747. Հուսամ.

Թուի Խուզամա, Ար. անունն տառադարձութեամբ՝ ըստ Պէյթ. և Ամիրտ. «Է Վայրի Խիրին, և ի Շիրազ Ատրանայ կ’ասեն... թէ ծեծեն և մաղեն և ալուրով շաղղեն և վերայ խոցին դնեն, ողջացընէ»: Խիր կամ Խիրի Ար. անունն Մեխակ նշանակէ, բայց Փ. թարգմանիչն ոչ զայն, այլ պէտք է իմանալ, կ’ըսէ, Լ. Lavanda Spica կոչուածը, զոր յիշած եմք Անճարակ բառի բացատրութեամբ, Թ. 116

1748. Հուրպ. Հուրփ.

Սպիտակ Մանանեխի հունտ է, ըստ Բժշկարանի միոյ, իսկ Ամիրտոլվաթի բառագրոց մէջ հոմանիշն կոչուի Տալյաթ ? 

Հոփի. Տե՛ս Յոփի ։

1749. Հռոմանի ? ծաղիկ.

Ըստ Պետ. Քալանթարեան՝ Երիցուկն է, թերեւս և Սալաձորեցոյն երգած Հոռմի ծաղիկն

1750. Հտուտ.

Թուի Հոտոտն վերոյիշեալ . 1737) Զաֆրանի և Ափիոնի hետ յիշուի ի դեղորայս

1751. Հրակ ծաղիկ.

Բժշկարան մի այս անծանօթ բոյսս յիշէ` ուրիշ անծանոթ և անանուն բոյս մի ստորագրելով. «Ծաղիկ մի կայ ծիրանի և կարմրագոյն է, ի մարգագետինն լինի, և ինքն նման է Հրակի ծաղկին, և տերեւն նորա որպէս Սխտորի, և զնճորն ? որպէս խաղի (թերեւս ըլլայ Խաղողի, բայց զընճորն ի՞նչ է), և այս զընճորին մէկն հին է և միւսն՝ նոր. զնորն ա՛ռ և տուր մեղրով», եւ այլն։ 

1752. Հրանուկ.

Ըստ Բաղիշեցւոց, գուցէ և այլոց՝ է Ցինկն

1753. Հրանունկ.

Նոր յարմարած բառ է տառադարձութեամբ Լ. Ranunculus, անուան։ Տե՛ս Խառածաղիկ։ 

1754. Հրիզոն.

Խորենացւոյ Աշխարհագրութիւնն Կորեակ է, կ’ըսէ, ի Տաբռոպանիա կղզին (Սէյլան). յայտ է, որ նոր տեսակ մի պիտի ըլլար յիշուելու արժանի, բայց առաջին անունն յունաձայն՝ լսուի Όριζον, որ է Որիզ, Բրինձ։ 

1755. Հրհրուկ ?

Չեմ յիշեր, ուր և որմէ գրուած է, Լ. Pilosella նշանակութեամբ, որ ըստ մեզ կոչուի Սպիտակ Բանջար ։ 

1756. Հրշակ. Հարշակ. Արշուկ.

Յիշուած է ի Բժշկարանս, բայց առանց բացատրութեան: Ար. նշանակէ Վայրի Կանգառ, բայց սա կարծուի, թէ Ծուաղ է, ինչպէս լսուի դեռ, ծառն այլ Արշըկի կ’ըսուի։ 

1757. Հրուկ ծաղիկ.

Հաւանօրէն Հիրիկն է, վասն զի եօթնագոյն կ’ըսուի Սասնեցւոց) և միւռոնի ծաղկանց մին

1758. Հօպօտ.

Հին Բժշկարանն օգտակար խոտոց մէջ դասէ զայս (0) տարակուսական նշանաւ. «Հօպօտն զօրութիւն ունի. տերեւն նման Ճակնդեղի կամ Գաղտիկրի, բայց խոշոր է և սեւ, ծաղիկն սպիտակ և դեղնգոյն: Զարմատն ծեծէ, դրամ մէկ և խմցո, մաղաս ի վեր բերէ. խառնի յաչից դեղuն, և զլոյսն պայծառցնէ. ընդ փոխինդ և մեղր խառնեալ՝ զճանճս կոտորէ, ալիւր նորա փնչալ տայ: Թէ երկնչի ոք վասն դարձուցանելոյ (փսխելու ?) և առնու զնա միայն կամ կերակրով, կամ առցէ և ի վերայ կերակուր ինչ կերիցէ, աներկիւղ մնասցէ: Եւ թէ մաղձդեղ առնուս զինք՝ զմաղձ և զմաղաս ի վայր հանէ». և այլ պէսպէս օգուտները գրէ, բայց այսչափս այլ թերեւս բաւական ըլլայ գիտուն բժշկաց՝ գուշակելու և ստուգելու այս նշանաւոր անունը և դեղը

1759. Հօրան ?

Խորասանիկն է. տե՛ս Վահշիժակ:

1760. Հիսոմն ?

Անունն չէ օտար ի հայկական է, բայց ստոյգ այնպէս կոչուիլն երկբայական. վասն զի Ամիրտ. Ս տառիւ անուանց շալակներուն կարգին գրած է. իբրեւ նոր անուն մ’այլ Մարդատակի, և բժշկական օգուտները յիշէ ըստ Ֆօլոսի

1761. Հօրօտ Մօրօտ. Հօրուտ Մօրում. Խորոտ Մորոտ.

Թուի իմն, թէ խեղեփ ծաղկներ են, և ի հնուց շատ ծանօթ ի Հայս, ուր մինչեւ հիմայ լսուի, սակայն լսողքն և ճանչցողք՝ չեն միաբան. ուրիշ տեղ այլ յիշեցինք, որ լեռնային ծաղկանց կարգումն էր՝ ըստ Առակախօսին մերոյ, որ և բաց տառերով գրած է Հաւրուտ Մաւրուտ, որով կ’իմացուի, թէ պէտք է գրել հիմայ օ տառիւ և ոչ՝ ո. Գալիենոսի բառգիրքն զուգէ ընդ Եղեբորոսի. օրինակաց մէջ գրուած է Եղեբորոքոս կամ Եղեբորոքորոս, հայերէնն այլ Հաւրօտ կամ Հարուտ ՝ փոխանակ Հաւրոտի: Իբրև ծանօթ յիշէ հին Բժշկարանն. «Թէ խոցն որդն է` (որդնոտի), Հօրօտ Մօրօտ ծաղկի տակ աղա մանր, մեղրով և քացխով շաղէ և դիր, թափէ զորդն»: Նոր ծանօթարարք մեր կ’ըսեն, թէ Թութիա ծաղիկն է սա՝ մանրիկ կապուտակ փնջաձեւ անուշահոտ, և աղբերաց եզերք գիտնւի, իսկ Ծաղկերգուն նշանակէ գոյնն այլ.

«Խօրօտ Մօրօտ մաւի ներկած ժանկառի նըման սուրմայուն

Աչեր հազար պիտի նայի, խառներ հետ Ախլայխնձորուն» . 31):

Այս և նորոց վկայութիւնն ցուցընէ. որ Մխ. Գոշէ քանի մի դար վերջը՝ Հօրօտ Մօրօտ և իր ցեղակից Ասպուզանն և նմանիքն իջեր են լեռներէն վայր ի  դաշտս, կամ լաւ եւս ըսել, ոչ միայն ի լերինս, այլ և ի բարձրաւանդակ դաշտագետինս այլ գտուին: Ըստ Շէհրիմ. է Hyacinthus Orientalis, Արեւելեան Յակինթ։ Հօրօտ Մօրօտի անունն գուշակել տայ առասպելական ծագումն, մանաւանդ երբ յիշուի ի Պարսից մէջ այլ լսուած աւանդութիւն մի. ըստ որում՝ Արոթ և Մարոթ երկու հրեշտակք էին, զորս խաւրեց Աստուած յերկիր՝ զխեղճ մարդիկ մխիթարելու համար, բայց կ’երեւի, թէ շատ վստահ չէր իր նուիրակաց վրայ, որոց խրատներ այլ տուաւ զգուշութեամբ վարուելու, սակայն անոնք (նման ի Ս. Գիրս յիշուած որդւոցն Աստուծոյ) հետեւեցան որդւոց մարդկան հեշտասէր բարուց, կամ զայս աւանդողներուն, որք քան զհրեշտակս՝ զԱստուած նուաստացընեն այսպիսի օրինակաւ։ 

1762. Ձագախոտ, Ձագխոտ. Ձագուխոտ.

Շատ Բժշկարանք համարին զայս միայն Փաղանգամուշկ կամ Ֆարընճամուշկ, բայց Ամիրտ. երկու տարբեր բոյս գրէ. մէկն՝ այս պարսիկ բառով, զոր տես ի կարգի Փ տառի, մէկ մ’այլ՝ Ար. Թուտարի «Ձագու խոտ, որ է երկու-երեք ազգ Թաւտարիքն. Ձագու խոտ-մն (այլ), որ է Ֆարանճամուշքն»: Մեր յիշելին և զուգելին ընդ Ձագխոտի է առաջինն. Ար. Լ. Erysimon կամ Erysimum, Փ. Vélar, Ռ. Полевая горчица. «Ինքն երկու ազգ է, մէկն՝ սպիտակ և մէկն՝ կարմիր, մէկն յածվենիքն կու լինի, մէկն ի լերունքն և ի դաշտերն կու բուսնի. և լաւն այն է, որ դեղնբար լինի. բացող և ճլէ տվող է, և թէ ծեծեն և մեղրով յաչքն քաշեն՝ զխոցն կ’ողջացընէ: Ասէ Պտ., թէ Թուտարնաճ կ’ասեն և Պաղր ըլ-ակավայ կ’ասեն այլ հինգ-վեց անուանք),   և Թուտարին չորս ցեղ է՝ Դեղին, Սպիտակ և Կարմիր, և կու լինի, որ բաց հալողի է, և լաւն դեղինն էր, թէ մեղրով և ջրով օծեն ուռեցին՝ օգտէ, և որոյ ականջթոռքն լինի ուռեցն՝ այնոր այլ օգտէ: Եւ այսոր Հ. Ձագախոտ կ’ասեն, և ի վերայ պատերուն և յածվենիքն այլ կու բուսնի»: Ձագխոտք շատ տեսակ ունին և Խաչաձեւից ցեղէն խոտեղէնք են. ոմանք դիմացկուն, հասարակօրէն վրանին գորշագոյն ճիւղի պէս մազմզուկ ունին, ամենէն ծանօթ տեսակն Լ. E. Officinale, Փ. կոչի Tortelle կամ Herbe aux chantres. յատուկ Հայկական տեսակ մ’այլ կայ E. Armeniacum ի Կարին և ի Պինկէօլ տեսնուած. մէկ գլխաոր տեսակն այլ է Սիսամբարեան, E. Sisymbroides, յԵրեւան, Ատրպատական. Ոսկետեսակն E. Aureum ի Ռ-Հ. Thyrsoideum, ի Մնձուր, Թէքտաղ. E. Uncinatifolium (կեռտերեւ) ի Մէկմանսուր, Ծանախ. E. Gelidum (սառնորակ) յԱրագած լ. Purpureum (ծիրանեգոյն) ի Հայք. E. Pulchellum (գեղաղէշ) ի Ռ-Հ. E. Leptophyllum ի Գարապաղ E. Gayanum և Pasgalense, ի Դավրէժ, Ուրմիա, եւ այլն, եւ այլն

1763. Ձագի դեղ.

Կըրնայինք նոյն կարծել ընդ վերնոյն, բայց այն հին Բառգիրքն, որ զՁագխոտ Փաղընգամուշկ գրէ, այսոր օտար հոմանիշ մի կու տայ, Աթրունջան, որ թուի Թրնջխոտն, վասն զի Բժշկարանք ոմանք զՓաղանգամուշկն Թ. Օղուլ օթի գրեն, որ է Melissa:

1764. Ձագի լեզու.

Որ և Ճնճղկալեզու. Ար. այլ նոյն նշանակութեամբ Լիսան ըլ-ասաֆիր, մեր բժշկական բառագրոց մէկն այլ Լ. թարգմանութիւնը գրէ Լինկոյա ավիս, այսինքն՝ Lingua avis, որ է Թռչնոյ լեզու. Փ. Langue de passereau. որչափ անունն կարծեցընէ նման բան մի, իրն բոլորովին տարբեր է. «Ինքն Տարտարին պտուղն է», կ’ըսէ Ամիրտ. և օտարք այլ այսպէս ճանաչեն, Փ. Fruit de Frène. «Պտին. ասէ, թէ ինքն ծառի մի միրգ է, որ Պ. Ահր կ’ասէ, և Ղուպանի քունճուշկ կ’ասէ... իր ծառին տերեւն կապող է, իր փոխանն կարմիր Թօտարին է և կարմիր Պահման ն, և Հայերն կ’ասեն, թէ այսոր Ձագու լեզու կ’ասեն, և իր ծառին Հացի փայտ կ’ասեն», զոր տե՛ս թ. 1662։ Կամարկապցին գրէ. «Ինքն ծառ է, և տերեւն միջէն հանէ զինքն»

1765. Ձառատաղ. Ձեռատաղ. Ձառատաղոյ տակ.

Տե՛ս Երեսնակ և Ծորենոյ տակ։ 

1766. Ձարխոտ.

Լաւ կ’ըսէ Բժշկարան մի. «Ձարխոտն շատ անուն ունի. յոր տեղ որ քարէն «ջուր ճռայ (կաթէ, հոuի), անդ բուսանի. Թ. Ղարայ պալտըր կ’ասէ, Հ. Մօրուք », բայց Հայն կ’ասէ նա և Ձար Պառվու, Դիւու ձար . Դէվ սախալի ), Սկէզօրի մազ. Գետնի ձար, Մարդգայլու ձար, Խոզի մազ, Գետնի խնձոր, Ջրհորի Գինձ, Քարափի քոչոր, Պառշաւոշան, որ է Պ. Փարսի եօշան. Գետնի ձարն այլ Ար. է Շարի ըլ–արզ Սկէզօրի մազն՝ Շար էլ-ճան, Խոզի մազն՝ Շար ըլ-Խընզիր, Ջրհորի գինձն՝ Քուզպարաթ իւլ-պէր. Յ. և Լ. ազնուանելով՝ Աստըղկան մազ կոչեր են, Capillus Veneris, Փ. պարզ Capillaire կոչեն։ Ամիրտ. յետ յիշելու այլ եւ այլ անուններ, կու բացատրէ. «Ինքն սեւ ու հաստ մազի պէս է, և տերեւն նման է Գնձի տերեւին, և տակն քիչ է, և բնութիւնն մուհթատիլ է և նուրբ է. զմազն յերկնցընէ և ուժովցընէ, և զտաքութիւն կու խաղեցընէ... Ասէ Պտ. (յետ տասնի չափ անուններ յիշելու), թէ լաւն այն է, որ սեւ լինի և տերեւն՝ կանանչ, և այլ աղէկն այն է, որ որձան ի կարմրութիւն քշտէ»: Ուրիշ Ար. անուամբ այլ գրէ Ամիրտ. « Լիհայ ըլ-Ղուլ, Թ. Դէվ սախալի, որ ինքն յերրորդում ? (կլիմայն) կու լինի. և ի գետնէն զէտ մազ կու ելանէ, և տերեւ ու ճուղ չունի. թէ այն մարդիկ, որ հետեւակ քայլեն՝ ի թեւն կապեն՝ չօգնեն»: Ար. բառն Ղուլ ճիւաղ նշանակէ, և բոյսն այլ տարբերի ի Ձագխոտէ. Լ. կոչուի Asplenium Trichomanes. Սա Կովկասու երկու կողմի գաւառաց մէջ գտուած է, որով և ի Հայս. յայտ է թէ և Ձարխոտն, որ ուսումնական անուամբ Լ. կոչուի Adiantum. Փ. Adiante, ի Յ. բառէ, որ նշանակէ անխոնաւ, անթաց. իբր թէ, երբ Աստղիկ ի ծովէն ելեր է, մազերն չոր մնացեր են. անոր համար կանայք շատ ի գործ ածէին այս բոյսս՝ մազերնին շատ և փայլուն պահելու համար։ Հին Բժշկարանն Ձագխոտի զուգէ Սաթառէճ արեւելեան անունը։ Բայց սա ճանչցուած է Նուարտակ: Բանասիրաց թողումք յայտնել, թէ ի՛նչ է պատճառ Ձարխոտի այսքան անուանց և մանաւանդ առասպելանմանից, և ո՛ր ազգի մէջ ծագած է, և ի՛նչպէս արեւելեայք և արեւմտեայք ընդուներ են

1767. Ձաւար.

Սովորաբար անթեփ և մանրած Ցորենն ու Գարին այսպէս անուանին. յետինն բարդութեամբ կ’ըսուի Գարէձաւար (Վաստկ. գիրք, ՅԺԴ)

1768. Ձիաբոշխ. Տե՛ս Բոշխ:

1769. Ձիալախուր.

Անունէն յայտնուի, որ Վայրի Լախուր է (տե՛ս զայս) Լ. Smyrnium, զոր գրեթէ նոյնպէս գրած է և Պէյթ., յորմէ և Ամիրտ. գրէ Սամուրնիոն, և Վայրի Կրաւսն (Կարոս) է, կ’ըսէ. Յ. այլ հայերէնի նշանակութեամբ փոխուած է ի Լ. Hipposelium, բայց այսոր տեղ վերոյգրեալ Զմիւռնիոն անունն գործածուի հիմայ, Փ. Maceron. Ութ կամ տասն տեսակք գտուին այս բուսոյ, մէկ-երկու տարի դիմացող խոտեղէնք, ձուաձեւ, բայց աւելի լայն, քան երկայն պտղով: Հասարակ տեսակն և մշակուածն Տm. Olusatrum կ’ըսուի. S. Perfoliatum, յիշուած է ի Գարապաղ. S. Cordifolium (սրտատերեւ) ի Տէյր Զաֆարան Մէրտինու

1770. Ձիածոթրին. Տե՛ս Զամբուռ:

1771. Ձիակորեակ.


Յարեւելս շատ ծանօթ և պիտանի ընդեղէն, ուտելիք մարդկան և անասնոց. Տուրրա կոչուած, որով կոչի և Լ. Holcus Durra, այլ և Panicum, Փ. Panic. Ար. սուր ձայնով Զուրրա լսուի, Ամիրտ. գրէ աւելի սաստկաձայն. « Զուռռա. ինքն ցեղ-մն է ի Կորեկէն, և յերկայնութիւն Ցորենի չափ կու լինի, և շատ տերեւնի կ’ունենայ տափակ, և աղէկն սպիտակ և ծանր լինի, և զլուծումն կու կտրէ, և թէ սպեղանի առնեն, ի դրուց դնեն՝ հովցընէ զփորոքն, և կապէ զփորն աղէկ»

1772. Ձիապոպոկ.

Չգիտեմ՝ ով հնարած է կամ ուստի գտած այն բառս, իբր հոմանիշ Լ. Fabago, Փ. Fabagelle. Լ. կոչուի նա և Zygophyllum, որ ըստ Յ. նշանակէ Զոյգտերեւուկ, որովհետև երկու յիրար կիպ տերեւներ ունի. փոքր թուփ և խոտեղէն է, 50-ի չափ տեսակներ ունի, տաք երկիրներու մէջ, մանաւանդ՝ Աստրալիոյ և Կանարեան կղզեաց։ Ծաղկին ձեւն կ’արդարացնէ hայերէն կոչումը, նմանութեամբն ձիոց գլխուն դրուած ցցունին, որ ռամկօրէն պոպոկ կոչուած է` իբր բբուկ։

1773. Ձիաստացի ունդ.

Ձիաստաց՝ ձին խայթող բոռ կամ ճանճ կիմացուի մեր լեզուով. արդեօք ասկէ առած է անունն, և որպիսի բոյս է՝ չէ յայտ։ Հին բժշկարանն յիշած է, փորկապի դեղ գրելով, «Ձիաստացի ունդն եփէ գինով, և խմցո»:

1774. Ձիու ագի

Նոյն նշանակութեամբ են Յ. Equisetum, Ար։ Զանազ ըլ-խայլ, որոյ hամար գրէ Ամիրտ. «Խոտ-մն է, որ երբ կատարեալ բուսնի՝ ի ձիու ագի կու նմանի, և լաւն այն է, որ կատարեալ հասնի. օգտէ ակռային մերուն, որ թուլացեր է, ամրացընէ և ուժովցընէ, և զարիւն թռնուլն կտրէ. և թէ սպեղանի առնես՝ օգտէ աղեց գաներուն, և հեշտութեամբ զխոտերն կու չորացընէ, եւ այլն։ Փ. Préle, կ’անուանի։ Քանի մի տեսակք կան այս բուսոյ, որ գտուին նա և ի Հար. Կովկաս։

1775. Ձիու ըղունկ. Տե՛ս Խոճիկ. Խոճկորակ ։

Բժշկարան մի այս անունս հոմանիշ գրէ Ար։ Ալֆար ըլ-թիս անուան, սխալմամբ, փոխանակ գրելու Դիւողունկ, ինչպէս գրէ Ամիրտ. և իմացընէ որ բոյս չէ, այլ ծովային խեցեմորթ, կըրնայ այլ կենդանաբոյս կոչուիլ. ըստ այսմ. և իբր հետաքրքրական՝ լսեմք գրածը. «Դիվու ըղունկն կենդանի է ծովային, յերկան, ի յատակ կու նմանի, և այս ըղընկնին զինքն ծածկել է՝ որպէս ձկան փող, որ խոշոր լինայ և երեք ցեղ կու լինի. և թէ (եփեն եւ) խմեն՝ զփորն չարժէ լուծելով. Իպն. ասէ, թէ ինքն Սատաֆի պէս կենդանու վրայ կու բուսնի որպէս հագուստ. և զայս ի յայն ծովուն կու թերեն՝ որ ի ծովեզերքն Սունդուլ կու բուսնի. և այս երկու ցեղ կու լինի. մէկն Ղուլզումի կու լինի, սպիտակ է, և մէկն Պապիլի կու լինի, և մանտր է և սեւուկ է, և լաւն այն է որ սպիտակ է, որ ի Եամանու կու գայ. Պտին. ասէ թէ Պ. այսոր Նախունի տեվ ասեն. և զիւր չարութիւնն տանի Հայկաւն: Լ. Strombus Lentiginosus. գ. Blattes de Byzance. Ծխելու և կարմիր ներկ հանելու այլ գործածուի:

1776. Ձիթենի.

Բուսականաց ամենէն նշանաորն ի գործ ածութեան և պէսպէս հռչակեալն՝ պետ Որթոյ, ի Ս. և յանսուրբ գիրս, և յառասպելս Յունաց. ըստ որոց՝ մինչ որին շռայլ ու շուայտ Բաքոսի նուիրուած էր, սա իմաստութեան՝ Աթենասայ։

Ամիրտ. գրածն պիտի ըլլայ Ած, որ ըստ Էպուսինայ՝ կարմիր ծովէն եկած տեսակն է, Պ - «Ես այլ՝ Բաբիլոնի կողմէն, որ սեւագոյն և պզտիկ է:

2. Ոչ միայն իրեն նուիրուած էր՝ այլև ինքն Աթենաս չնայեց բուuուց զՓիթենին, ըստ առաս. պելաց Յունաց, իր համանուն տիեզերահռչակ քաղաքին Աթէնքի ամրոցին վրայ. զոր չմտաբար յիշէ մեր Վանական Վ: Հանդերձ ազգային պանծալի յիշատակօք, որ թէ ստոյգ այլ չըլլան՝ պակաս մեր հայրենեաց սահմանէն գրեթէ դուրս մնայ: Հին աշխարհագիր մեր Ուտի նահանգին մէջ միայն յիշէ՝ տեղացի պատմիչն այլ Մովս. Կաղանկատուեցի կաւելցընէ, թէ գտուի հօն և անբաւ Ձիթենի. ոմանք նա և ի Մոկս կարծեն. գտուի նա և ի Տայս, Արդուին։ Ազնուութիւնն և յատկութիւնը վայելչապէս թացատրէ Առակախօս մեր (ԺԳ), Թթենւոյ հետ բաղդատելով, որուն կ՚ուզէր խնամենալ. և նա տնազ կ՚ընէր, իր պտղոյն քաղցրութեան և տերեւոցն մետաքսի նիւթ ըլլալուն վրայ պարծելով. իսկ Ձիթենին պարտ էր ի «յարազուարճութիւն (մշտականաչ ըլլալուն, և ի պտղաւէտութիւն իւր. մանաւանդ զի պտուղ նորա (ոչ միայն ուտելի է՝ հատիւն և հիւթով, այլ զի եւ) նիւթ է ձիթոյ, և ձէթ նիւթ է լուսոյ, և լույս լուծիչ խաւարի.. և ի տուընջեան, ոչ շիջանի՝ այլ յազգակիցն իւր խառնի,. և այսպէս յաղթ է և Հաւանեցընէ զՀակառակորդն է Յայտ է որ այսպիսի պատուական բոյս մի` մշակութեան մեծ խնամոց արժանի եղած է, ինչպէս և նիւթն՝ վաճառականութեան, զոր թողլով տնտեսականաց՝ յիշենք մեր վաստակոց Հեղինակին գրածը (ՄԻԷ). «Ձիթենիքն շատ ցեղք են. զի կայ Ձիթենի` որ Հաստակեղև է, և է որ նօսր, և է որ կանուխ չարժի, և է որ անագան. պարտ է զայն Ձիթենին որ հաստակեղև լինի՝ զճղապատրյան ընդ կեղեւն և ընդ փայտն ի մէջ դնել, առանց ճեղքելոյ. բայց զնօսրակեղեն պարտ է ճեղքել, և զփայտն օգնական առնուլ զի պահեսցէ. և մեզ այն որ ճեղ քելով պատրուսի՝ լաւ է թուեցեալ և ամուր քան զայն՝ զոր առանց ճեղքելոյ դնեն»։ 

Յետոյ խօսի պատրուսելոյ ժամանակին վրայ, ուրիշ տեղ յատուկ գովութեամբ գրէ (ՄՀԳ). «Արժան է զօգտակար և զ ամէնընդունելի և զ վայելուչ և զ օրհնեալ զՉիթենւոյ զդրութիւն և զսաէմանն՝ ընդ գրով արկանել. և ապա զբարե բուղխ պտղոյն զպարարտ և զօգտակար իւղոյն՝ վասն զբօսանաց մարդկան, որ պէս աւանդեցաւ մեզ ի Հնարագէտ իմաստնոցն, որք կամեցան յիւրեանց վաստակոցն վայելել զկենցաղս, և յայլոցն հրաժարել... Առաջին սահման է, որ մարդ (որ) սուրբ չլինի յախտից և ի մարմնական աղտեղութեանց՝ չմերձենայ ի ծառն, ոչ ի տնկել և ոչ ի քաղել զօրէնութեան պտուղս. այլ արժան է որ գործեն զսա մաքուր և սուրբ յամենայն աղտեղութեանց. թէ ոչ՝ վնասէ: Ա. ռաւել քան զքրիստոնէական՝ Հեթանոսական զգուշութիւն. «և ինքն այնպէս են ճշմարտել, որ Կիլիկիոյ երկիրն, եւս առաւել Անարզաբոյ թեմն՝ լաւ գովելի պտուղ և անուշահամ ձէթ ունի քան զայլ երկիր. և կայսերացն և մեծամեծաց՝ անտի բերէին վասն մարմնաւոր պիտոյից իւրեանց… Եւ զայս Յուլիանոս իմաստունն և բնութեանց գիտողն՝ եգիտ և ուսոյց մարդկան»: «Նօսր և փաղ գետինն և տասն պատշաճի Ձիթենւոյն. և վասն այսորիկ ի Կիլիկիայ և Անարզաբայ առաւել աճէ և զարգանայ քան յայլ գաւառ, զի Հողն և օդն այսպիսի է. նոյնպէս և սպիտակ է և գիջային, և այսպէս տայ բազում և շատ ձէթ պարարտաՀամ. և սև գետին թէ քարուտ և կոկնուտ լինի՝ աղէկ է, բայց ոչ զերդ սպիտակն. և աւազն աղէկ է թէ աղի չլինի... և Հաստ և կաղճին գետինն ամենեւին վատ է, զի պինս է և զերդ լերդ, և մասունքն ըմբռնեալ զիրարգք՝ և չտայ մտանել արեգական ջերմութեանն ի խորուն. և կարմիրն քան զամէնն վատ է, զի շատ ջերմանայ և խիստ պատառոտի, և աւերէ զծառն և զբերն։ Առանձին գլխովք գրէ և (ՄՀԵ), Վասն թէ որ օդ լաւն է Եղենեացն. և (ՄՀՋ) «Վասն թէ յոր աւուրս և ի ժամս պարտ է տնկել զԵղենին, այսինքն Ձիթենին։ Իսկ Ամիրտ. Ձիթենւոյ դեղորէից օգտութեանց վրայ խօսելով` ուելցնէ. «Յիշենք քիչ մի բան՝ որ ասեր է Պիտին վասն Ձիթապտղին, և այն որ Հասուն է՝ խիստ մուֆթատիլ է, և այն որ խակ է՝ որ չէ հասել՝ Հով և չոր է և կապող է. և այն որ կականչ է՝ լաւ է քան զամեն ազգն. բնութիւնն Հով և չոր է, և այն որ սեւն է` յուժն և կերակրութիւն աւելի է քան զկանանչն, և բնութիւնն տաք է և չոր է, և շուտ Հալի քան զկանանչն. և թէ կտով ուտես՝ օգտէ ամենայն ցաւոց որ ի թռքն լինի. և իր ուտելն տքնութիւն բերէ, և զքուն լինելն խափանէ և զգլուխն կու ցաւցընէ, և սավտայի խլտեր կու ընծայէ: և լաւն այն է որ ի մէջ կերակրին ուտեն. զստամոքն ուժովցընէ.. և այն որ վայրի Ձիթապտուղն է՝ տաք և չոր է.. և այն որ հասունն է՝ մուտթատիլն է.. և զկերակուրն մարսել կու տայ.. և այն որ կանանչ է՝ զբնութիւն կապէ և զստամոքն ամ: րացընէ և զկերակուրն մարսել տայ. և այն որ աղլի է՝ յուշ հալի և պիղծ կերակուր լինի. և այն որ քացխին մէջն լինի դրած՝ չուտ մարսէ և զփորն աղէկ կապէ... Թէ զիր կուտն և զմիսն ծեծես և օծես ըղ կան որ աւերել լինի՝ ձեռացն և ոտիցն ըղունգն, օգտէ, և այլն։ Ձիթոյ՝ այսինքն եղին վրայզք այլ առանձին գրէ. «ԶայP, որ է Պ. Ըրո: ղանի Զայթ. և այն որ քաղցր է՝ ի Հասած պտղէ է.. և այն որ վայրի է՝ մուֆթատիլ է, և այն որ ի կարմիր պտղէ է՝ միջակ է ի Հասունին և ի բակին մէջն. և այն որ խակ պտղէ է՝ այնոր Զայթին ձախ կու ասեն, և նման է վարդին ձիթին.. և այն որ Հին ձէթ է՝ ուժն Տիզկանեփտին պէս է, և այլն: Լ. Olea. Փ. Oliviet

1771. Ձիթուկ ?

Յիշած է բառհաւաք մի, իբրեւ բոյս. ինչպէսն անյայտ

1778. Ձիձի. Ձուձու.

Կանգնաչափ կամ կրկին բարձր խոտեղէն մի՝ ճերմակ ծաղկով (ըստ Աթանաս, եր. 90). մանր կանաչ փամփուշտներու մէջ հատիկներ ունի, տղայոց խաղալիկ

1779-82. Ձիւնծաղիկ.

Այս անուամբ կ’իմացուի սովորաբար կաթնագույն ծաղիկ մի՝ քանի մի բարակ մաշկի պէս երկայնաձև թերթերով, որ ձիւներն հալելու սկսած ժամանակ կ’երեւի, անոր համար Փ. Perce-neige կ’անուանեն. Սալաձորցին այլ վկայէ, թէ

«Նախ Ձընծաղիկն ու Չիգիտամեն… յառաջագոյն», քան զայլ ծաղիկս երեւնան. արմատն այլ կոճղեզի նման կուտուի։ Լ. Galanthus, Փ. Galanthine. Առակախօս մեր՝ ձեան մէջ բուսած փափուկ կազմը. ւածքը նկատելով, կ’ըսէ, որ արեգական Հարսանեաց գալով՝ ուրիշ ծաղկանց հետ, հանդիսի ատեն չերեւցաւ, վասն զի «խորշակահար եղեալ ցամաքեցաւ»։ Քանի մի տեսակքն չուին ի Վրաստան և ի Հար. Կովկաս, ի Կարին, Շիրակ, և այլն։ Կայ և ուրիշ ցեղ՝

Ձիւնծաղիկ. Որոյ գլխաւոր տեսակն կ’ըսուի Աշնանային, չնան ծաղ. կելուն համար, բայց չափով և տակով նման է առաջնոյն. ինչպէս վկայէ և Ամիրտ, Ար. անուամբ կոչելով Սորընճան կամ Սուրէնջան... «Խոտի տակ է սպիտակ, և նման է կաստանային, աղէկն առողջն է և նորն. բնութիւնն անհալ է և չոր է։ Դարձեալ գրէ ուրիշ Ար. անուն մ’այլ իշելով, «Որ է. Անքայ, ինքն խոտի տակ է զէտ Շապալուդ. սև է, կարմիր է, սպիտակ է, և լաւն այն է որ սպիտակ լինի.. ուժովցընող է, և զերեսն պայծառ առնէ, և զխակ պալղամն կու լուծ է.. Թ. Ակրի (ծառ) աստանայ կ’ասեն, և լաւն այն է որ յԵգիպտոս լինի, և կոտրիլն ամուր լինի, և այն որ կարմիր և սև է՝ գէշ է, և այլն։ լ. Colchicus. Փ. Colchique. Հին Բժշկարանն գրէ « Սօլընջան, որ է Ձոյն ծաղկի ն տակն է։ Ամիրտ, առանձինն յիշէ, Ար. « Ասապեհ ըլ-Հուրմուզ (Որմզդի մատունք) ինքն Uօրընճանին ծաղիկն է, դեղին կու լինի և սպիտակ այլ կու լինի. և անցել է գրոցս ժողովողն՝ թէ Շանպալիթն (Շահալուտ, Բալուտ) է այս Սօրինճանին, և այլ ասացել են՝ թէ Uօրընճանին տերեւն է:

Ձիւնծաղիկ կոչուի, տեսակ մ’այլ բարակուկ թելերով` տերեւի տեղ, և նոյնպէս բարակ կոթի ծայր կապոյտ կարմիր (որչափ որ գուչակուի չորցած էն) Թիթոյ նման ծաղկով, որ նոյնպէս ձեան հալելու ատեն երեւնայ, կ’ըսեն:

Ձիւնծաղիկ անուանած են նոր բանասէրք փ. Boule de neige. Թ. Գար թօփոս կոչուած մանր ճերմակ ծաղկանց գնտաձև խումբն, որ տեսակ մի է: Vibur num, Փ. Viorne թփոյ կամ ծառոյ, և թուի Հ. Գերմաստի կոչուածն . 471). և եթէ արդարև նոյն է սա և անուանեալ գնտակաձև Ձիւնծաղիկն՝ ընդ յիշեալ լատին Viburnum, այսոր մէկ տեսակն V. Opulus նշանակուած է ի կարին, ի Ծովեզերս Պոնտոսի. V. Lantana տեսակն կովկասու երկու կողմերում. - Ա րեւելեանն. V. Orientalis ի Ռ-Հ - ի վ իրս և Պոնտոս

1783. Ձխնի.

Ռոշքեանն գրէ. «Ծաղիկ՝ որ յաւազուտ տեղիս բուսանի, և ի տեղի տերեւոց փուշ ունի, մշտականաչ, որոյ պտուղն ծխի՝ ուր թանկ է խունկն, և մտանէ ի դեղu». և Լ. կոչէ Iuniperus, որ Գի ծառն է . 478), և այս ըսածն առած է ի Պլինիոսէ (ԺԳ. ԺԱ, Ժ)։ 

1784. Ձկան ածուենի. Ձկան ածուենիկ.

Գորտնբուրդի կամ Մամռոյ շատ անուանց կամ տեսակաց մէկն է, Ամիրտ. և այլ Բժշկարանք Ար. Տահլապ անուան զուգեն. «Որ է Գորտնբուրդն. լաւն այն է, որ ի քաղցր ջրի լինի.. և թէ զինքն չորցընեն և ի Բազկին տերեւն խառնեն և Մրտենուն, զերեսն կարմիր առնէ, և թէ յաղեցն ի վերայ սպեղանի առնես՝ զուռ էին կտրէ։ Պէյմար այս տեսակ Գորտնուրդը Ջրի Ոսպ կոչէ, Փ. Lentille d’eau, Լ. Lemma minor. Նշանակուած է այս տեսակս ի Կովկասեան գաւառս

1785. Ձկան խոտ.

Ար. բառի թարգմանութիւն է, Հաշիշ իւլ–Սամէք որ ըստ գիտնոց Թուրքաց՝ ջրի Շուշաններ ու տեսակ մի է, այսինքն՝ Նունուֆար, Nenuphar, և Սպիտակն Nympheq Alba կամ Nenuphar Luteum. Տե՛ս Հարսնամատն . 1655) և Կոկոռ . 1456). Նոր Բժշկարան մի ուրիշ նիւթոց հետ զայս այլ տենդի դեղ գրէ։ 

1786. Ձկան Մահարար. Տե՛ս Եզնագի և Խռնդատ:

1787. Ձղկի կամ Ձղկին.

Յիշուած է (որմէ) վերոյիշեալ Ձկանց խոտի նշանակութեամբ ջրային ծաղիկ մի. Փ. Souci d’eau կոչուածն, կամ Populage des marais, Լ. Caltha և Trollius pa lustris

1788. Ձմերուկ.

Հում՝ ուտելի խաւարտից ամենամեծ պտուղն, և ամենածանօթ. նշանաւոր է անունն մեր լեզուի մէջ, գուցէ ամառ ատեն զովացուցիչ ճաշակմանն համար. զարմանք  է, որ Վաստակոց գիրքն յիշելով զԴդում, Կօդայ և Պտեխ՝ որով իմանայ զՍեխ, չի յիշեր զՁմերուկ. ետքի անունն Ար. է, որով անուանեն Ձմերուկն այլ, բայց աւելցընելով հետը Հինտի անունն իբր Պտեխ Հնդկաց, այսպէս գրէ և Ամիրտ. ըստ Պէյթարայ. «Ձմերուկն՝ որ է Պատտիխի Զիխն, որ է Պատրիխի Հնդին, Հնդաստանու ասեն, և ի Շիրազ Խիարդ ֆուտու կ’ասեն, որ ջրի լինի և մոլիտ, օգտէ ամենայն ազգ ջերմերուն, բայց հով բնութեանց պիղծ ծարաւ կ’ընծայէ, և ի լերդն պալղամ՝ յաւելցընէ։ Լ։ Cucurbita Citrullus.. Melon d’eau կամ Pastèque. Մեծութեան համար յարմարցուցեր է Մխ. Գօշ զառակն ԾԸ «Մտեալ ոմն ի պարտէզ՝ կամեցաւ հարկանել զՁմերուկ և ուտել, և նորա զարբուրեալ ասէ. Զի՞նչ գործես այր դու. ոչ գիտես, թէ Ձու եմ ես փղի. եթէ տարցես զիս ի տուն քո և պահեսցես զգուշութեամբ՝ զի մի՛ բեկայց, ծնայց քեզ փղորդի՝ հազար դահեկանի, և ուրախ եղեալ տարաւ ի տուն. և յետոյ ընկէց զնա արտաքս, վիրաւորեալ և այսպիսեօք զերծեալ եղև ի սրոյ: Նարատացւոյ Երկրագործութեան գիրքն շատ երկար գրէ Ձմերուկի մշակութեան համար

1789. Ձմերուկ Վայրի

Սա կոչի Հանդալ, որ անուամբ ստորագրէ Ամիրտ. «Ինքն էգ և որձ լինի. և լաւն այն է որ դեղին լինի.. իր ձէթն ականջին խլութեան և ձայն հանելուն օգտէ, և զմորուաց մազն կու բուսցընէ... և տերեւն փսխել կու տայ աղէկ, և իր տակն օգտէ օձահարին և կարճահարին: Թէ զՁմերուկն ծակես և զհունտն հանես և ձգես, և ի մէջն Զամպախի ձէթ լնուս, զծակն խմորով կամ շոխով ամրացընես, ի վերայ կրակին դնես որ եռայ և հանես զձէթն, և սպիտակ մօրուքի քսես, սև առնէ և չթողու որ սպիտակի. և թէ (զկեղեւն) եռցնեն և զջուրն ի տունն ցանեն, զլուն և զոջիլն սպանանէ: Ասէ Պտ. թէ այսոր Ար. Քապատ կ’ասեն, և Պ. Կավատա կասեն, և Հոռ. Կօլովկիսա ասեն, և Լ. Կօլoկնդին (Colocynthis, Փ. Coloquinthծ), և ի Քիրման Խար-զահրա ասեն, և այլ բառով՝ Խարպոսզի ըռուպահ ասեն։ Ինքն էգ և որձ է. և այն որ էգ է՝ սպիտակ և թուլ կու լինի և շատ կու կոտրի, և քանի որ սպիտակ լինի` լաւ է, և կեղեւն դեղին լինի որ սպիտակութիւն քշտէ. և այն որ կապուտ գուն է՝ չէ աղէկ. և էգին Հաստի ասեն. և աղէկ թէպտիրն այն է որ զՀանդալն ի տաք աւուրքն և ի ցուրտ աուրքն մարդու չտան, և լաւն այն է, որ բարակ չի ծեծեն»: Թէպէտ և Ձմերուկի անուն և նման նութիւն ունի այս բոյսս, զօրութեամբ և գործածութեամբ շատ տարբերի. լեղի դեղ մ’է իր կեղեւն չորցուցած և վրայի մաշկն Հանած, տաք երկիրներու բերք է, մանաւանդ Եգիպտոսի և Ափրիկիոյ, բայց բարեխառն կլիմայից մէջ այլ մշակուի. կուտերն լեղի չեն և իւղային մասն ունի։ Ս. Գրոց մէջ . Թգր. Դ, 38-40) Եղիսէ մարգարէին համար պատմուածն, թէ սովի ատեն հրամեց աշակերտին, որ երթայ ի դաշտ՝ եփելու բան մի քաղէ, և նա «եգիտ որթ յանդին և քաղեաց ի նմանէ Ազոխ լի շալակա իւրով, և եկն և էարկ ի սան եփոյին, զի ոչ ճանաչէր (ուրիշ ուտելի խոտեղէն մի կարծելով, և ներողքն վնասւեցան, ու մարգարէին հնարքով մի ազատեցան), մեկնիչք համարին այս վայրի Ձմերուկն, որ եբրայերէն կ’ըսուի Փաքա կամ Փաքիոթ

1790. Ձնաբեր ?

Յիշուած է յօրագրի (Մշակ, ԺԸ, 88):

1791. Ձնձում.

Ընկուզի ամբողջ միջուկն է:

1792. Ձուիտակ կամ Ձուտակ. Տե՛ս Հողկիթ ։

Ձուձու. Տե՛ս Ձիձի . 1778):

1793. Ձունկ ?

Խոտեղէն մի Կարոսի նման տերեւներով

1794. Ղազտամպուռա.

Զէյթունցոց բարբառով նշանակէ Եղերդակ

1795. *Ղաթրանի ծառ Տե՛ս Ռետնի:

1796. Ղաթք ?

Սարմախ Պ. բառին զուգէ Բժշկարան մի, «Սարմախ՝ որ է Ղաթքն ածվոց և վայրի. լաւն այն է որ ածվոց լինի և դեղին լինի. իսկ Ամիրտ. գրէ. « Ղատֆ, որ է Սարմախ, որ է Հոռմի Սպանախն, և թէ ուտեն՝ զփորն կակղացընէ. և թէ եփեն և բորոտ մարդիկ զձեռն ի մէջն խոթեն, օգտէ. և թէ զհունդն՝ իր չքօքն շաքրով ծեծես և յաչքն քաշեն, զաչաց նորն տանի, և թէ մեղրով և աղով խառնել և ուտեն, օգտէ խռչակին ուռեցին, և զստամոքն յստակէ և զկուրծքն կու կակղացնէ. և թէ եփեն և ջրով զաղ տոտ ապրշումէ հալաւն լուանան, յստակէ և պայծառ առնէ։ Ար. կոչուի Քաթաֆ կամ Ղատաֆ. Լ. Atriplex, Փ. Arroche. Տե՛ս և Թայլ . 764) և Թսախոտ . 823)։ 

Ամիրտ. տեղ մ’այլ Չոր Առուոյտ գրէ զ’ Ղաթ

1797. Ղաժի. Ղաժքի.

Վայրենի ծառոց կարգին յիշեն նոր գրողք մեր և ստորագրողը Գուգարաց կողմանց, կամ Հաղբատայ վանաց (Արարատ, ԺԹ, 445. Մշակ, ԺԵ, 61. Մեղու, ԻԳ, 85)։ 

1798. *Ղալիոն. Տե՛ս Կտրածի խոտ ։

*Ղաղուլէ. Տե՛ս Կակուլէ ։

1799. Ղահվէ.

Իբրեւ ըմպելիք՝ անտարակույս աշխարհածանօթ կըրնամք ըսել, և բացատրելն աւելորդ, մանաւանդ որ օրագիրս այլ ծանուցուած է գիւտն, գործածութեան սկիզբն, և Հայոց ձեռքով մտնելն նախ ի մեծամեծ քաղաքս արեւմտից, (տ. Բազմավէպ Բ. 331)։ Բժշկարանաց մէջ, ԺԷ դարուն, ոչ իբրև դեղ այլ պատահաբար յիշուած է։ Յայտնի է. որ Արաբացիք ծանօթացուցին զայս՝ ուրիշ ազգաց, գոնէ արեւմտեայց, որք անոնց լեզուով Քուէհվա կոչածը՝ քիչ շատ ծռելով կ’անուանեն, ծառն այլ Լ. կոչուի Coffea, Փ. Caféier. ոմանք համարին  թէ ոչ ծառին, այլ Եթովպիոյ Գաֆէ քաղքին անուամբ կոչուած է, այլք՝ թէ ծառն իսկ կոչուէր Քախավէ. ԺԶ դարէն ի վեր լսուի այս անունս, անկէ առաջ կ’ըսեն Պուն կամ Պօն կոչուէր, կամ Պունք, բայց ոմանք այս անուամբ օտար  բոյս մի ճանչնան:

1800. *Դամալախ ?

« Ղարիկոն, Աղարիկոն (Յն. ), որ է Ղամալախին Սունկն, Թ. Ղաթրան կօպէկի կ’ասէ»: Այսպէս գրէ Բժշկարան մի: Տե՛ս և Թնօպի Սունկ

1801. *Ղամպիլ.

Տե՛ս Ապրանճ, թ. 143: Կամարկապցին կ’ըսէ. «Ղամպիլ՝ Թրմուտ. ինքն խոտ է, իրով եղ ներկեն, կարմիր հալաբուշտիկ է»

1802. *Ղայեալիոն ?

«Հելլենացւոց բառով է, և ինքն խոտ-մն է յԵրեւան. և օգտէ աղեաց գաներուն»: Այսպէս, Բժշկարան մի. յունագիտաց յանձնեմք ծանուցանել բառին ստոյգ անունը։ 

1803. *Ղայսում. Տե՛ս Բարձունեկ ։

1804. Ղանձիլ. Խանձիլ.

Պէսպէս ստորագրեն զայս նոր գրիչք և օրագիրք, բայց միաբանին, թէ վայրի Սխտոր մի կամ սխտորահամ՝ տակ մի է, և աղի դնելով թթու ուտելիք մի կազմեն։ Ըսուած այլ է թէ Թ. ԹԻքնե օթու կոչի։ (Աթանաս` 81. Մեղու Բ, 83. Արարատ, Ե, 23. Բարխուդար։ 244)

1806. *Ղար. Տե՛ս Դափնի, Կասլայ:

1806. Ղարաղաթի ?

Վայրենի ծառ մի ի կողմանս Հայ-Աղուանից (Մեղու, ԻԲ, 83)։ 

1807. *Ղարանֆիլ.

Թ. նշանակէ Շատոգրամ, բայց Սալաձորեցոյն երգածը.

  «Ղարանֆիլն մօռ է հագեր. հոտն անուշ, քան զամենուն», տարբեր ցեղով ու ձեւով փոքր բոյս մի է, նեղ երկայնկեկ փողաձև բաժակներ ունի, որոց միջէն կ’ելնեն չորս հինգ թերթով թանձր կապույտ կարմիր (մառ) քշտող ծաղկներ՝ փողին ներքև կան փնջաձև հաւաքուած մանրիկ տերեւք, իսկ եզերքն՝ ավելի մեծկակ սրաձև տերեւք։ Երգողին ըսած էն յայտ է գտուիլն ի կարին, ուստից մեզ այլ խաւրուած է։ 

1808. * Ղարաչալուի հունդ.

Յիշէ Բժշկարան մի, քարի ցավի դեղ. «Թէ զՂարաչալուին հունդն՝ որ ի Չաչմակ (տես զայս) կու նմանի, քիչ-մն խառնեն (Տատաշի ջրոյ հետ) նա զքարն կու կտրատէ և հանէ զտղայոց և մեծ մարդու, հինգ-վեց հետ երբ խմեն» Թ. այդ բառդ նշանակէ Դժնիկ։ 

1809. *Ղարասէ.

«Ինքն Վայրի Սալորն է, և ծառն փուշ է, աղէկն յանջրդի տեղ լինի և հասունն»: Այսպէս Սիմ. Կամարկապցին։ 

1810. * Ղարատ. Ղարազ.

«Աղաղիային ծառն է», ըստ Բժշկր.: Տե՛ս Ախախիա, թ. 28։ 

1811. *Ղարատին.

«Հայն Ուլկումի կ’ասէ (տես), և Թ. Տօնկուզէրիկի » (Բժշկարան)

1812. Ղարի.

Ռոշքեանն ասէ. «Ծառ, որ տերեւս Արմաւենւոյ նմանս ունի, յորոց Արաբացիք զգեստս ինքեանց առնեն. և Լ. գրէ Cyna, անծանօթ է սա հիմայ՝ ըստ անուանն կըրնար Համարուիլ Ղար

1813. *Ղարիկոն.

Յունալատին անուն է, Agaricus, Փ. Agaric. զոր Մխ. Հերացի այլ գրեր է (տպ. եր. 118), և ընդհանուր է Uընկոց. Փ. Champignone. Թ. Մանթար. Կամարկապցին որոշէ. «Ինքն սպիտակ է զէտ Մանթար՝ ի փայտն կու բուսնի, աղէկն` սպիտակն, կակուղն և անկուտն է, իսկ ըստ Ամիրտ. «Թ. Ղաթրան կօպակի ասէ, էգ և որձ է. լաւն այն է, որ սպիտակ լինի և կակուղ... այն որ սև է՝ պինդ է և ծանր է. չէ աղէկ, և այն որ սպիտակ և թեթև է և կակուղ է՝ լաւն այն է, և չէ պատեհ, որ ծեծեն, այլ ի մազն քսեն՝ որ ի վայր թափի, լաւ է»

1814. Ղարփուզ.

Այս Թ. անուամբ գրէ Մխ. Հերացի զՁմերուկն (եր. 50), զոր տե՛ս:

1815. Ղափեթ. Ղաֆէթ.

Առաջին կերպով գրած է Մխ. Հերացի (եր. 85). Ար. բառ է արաբ. «Ինքն խոտ է, և մէկ թիզ ու կէս տերեւ. լաւն ծիրանի ծաղիկ ունի». կ’ըսէ Կամարակապեցին։ Ինչ ըլլալը բացատրած եմք Հ: Երեսնակ անուամբ. թ. 669

1816. Ղեր.

Տե՛ս Գիմ: Ղեր կոչուին ոչ միայն Գիմն, այլ և ամենայն կակուղ ուտելի ծղօտք։ 

1817. *Ղեքս ? Տե՛ս Հիւժուկ, թ. 1695:

1818. * Ղըրքայ. Ղրֆա. Խըրքա.

 

Ար. Խարֆայ. Տե՛ս Անմեռուկ, թ. 123:

1819. Ղլըմպօզ.

Ռամկօրէն անուն մի Ճակնդեղի կամ Բազուկի՝ ըստ Բժշկարանի միոյ:

1820. Ղլկնդում ?

«Թութիա Հընդի». այսպէս մեկնուած է անծանօթ գրող։ 

1821. Ղըլղըղդանի ?

Այսպէս կոչուի Մայծն յԱրցախ

1822. Ղղուակենի. Ղղուաթենի, Ղղուիթի.

Որոյ պտուղն այլ Ղղուիթ կոչուի, շատ կուտերով, բաց գունով կարմիր պտուղ մի է, մանր վայրի Տանձի նման ձեւովն. և է լայնատերեւ կոչուած տեսակն Սին պտղոյն (տե՛ս զայս). Լ. Sorbus latifolius, np Le Pyros intermedia, Փ. Sorbier à larges-feuilles, Alisier de Fontainebleau. Գտուի ի Խոտուջուր և ի Ռ-Հ

1823. Ղողնուշակ.

Սեւակապոյտ գունով կլոր մեծ Սալոր մի է, կարմիր համեղ և մսով։ 

1824. *Ղուզապ. Տե՛ս Գետնադափնի.

1825. *Ղուլղաս. Տե՛ս Գենգեղ.

*Ղուլղուլ: Տե՛ս Գիլգիլ ։

1826. Ղուլպ:

Ար. «Որ է Հապ ըլ-Ղալաթ ն, որ է Մաշի Հնդին, և Թ. Թաշ քասան օթի ասէ, սպիտակ հունտ է, ի յարծաթ կու նմանի. և տերեւն նման է Ձիթենոյ տերեւին, բայց յերկանուկ և կակուղ և տափկուկ կու լինի, և ի պինտ և ի բարձր տեղ կու լինի. և ճղերն յերկան կու լինի և բարակ, եւ. Սէզի ճղի պէս յամէն ճղին մէջն մանր տերև կ’ունենայ, և յամէն տերեւի ներքև ամրկէկ հունդ կու լինի բոլոր, որպէս սպիտակ քար կու նմանի... Զործկալն տանի, և թէ Հնդէն երկու դրամ՝ սպիտակ գինով խմեն, զքարն հալէ, և այլն։ - Լ. Lithospermum, ի յունականէն, որ նշանակէ Քարասերմն, հունտերուն կարծրութեանն համար։ Փ. Gremil, կամ Herbe aux perles. Այլ և այլ տեսակներէն՝ Ածւոց ն L. Arvense և Sibthorpianum՝ յիշուին ի Կովկաս. Նրբածաղիկ ն Tenuiforum ի Միջագետս, յԱնթապ։ L. Oficinale, յԱտրպատական, Ծիրանէկապոյտն՝ L. Purpureo-oeruleum, ի Թ-Հ. և Պոնտոս. այլեւայլ տեսակք ի Կիլիկիա

1827. Ղում.

Այսպէս կոչուի Մսրացորենն կամ Մայծ, Mais, ըստ կարմիրքցոց. քննելու անուն մի, թերեւս ի վաղուց ըսուած և լսուած այդ կարեւոր ընդեղինին։ 

Ղուստ. Տե՛ս Կոստ:

1828. Ղուրահնար ?

Ո՛ւր և յորմէ գրուած է, չեմ յիշեր, բայց զուգած է Թ. Իպրահիմ թիքենի, Լ. Eryngium campestre. Փ. Panicaut champêtre hul Chardon Rolande, Barbe de Chevre. Տես Երնջակ։

1829. Ղռուփի.

Տեսակ մի է խաղողոյ:

Ղրտում. Տե՛ս Կրտին.

*Ղրֆա. Տե՛ս Ղըրքայ և Անմեռուկ.

1830. Ղօշի.

Այսպէս կոչուի Գօտեաց–ճանկի սերմն՝ ըստ Քալանթարեանի։

1831. Ղօպօլ ?

Խոտեղէն մի, Թ. Աորօշտայ ? ըստ Սեբաստացւոց:

1832. Ճագարխոտ.

Նշանակէ բառհաւաք մի՝ առանց բացատրութեան։

1833. Ճագոմ ?

Ամիրտ. գրէ Ար. Պանթումա կամ Պօնթոսմայ անուան տակ, «որ է Կօկա, որ է Ճագոմ, որ է Չաքամ, որ է Եազպրշ կօկօասի ?, որ Թ. Պոռն ասէ. Ձիթենոյ ծառին վրայ կու բուսնի՝ ինքն խոտ-մն է, որ տերեւն Ձիթենւոյ տերև կը նմանի, և խիստ կանանչ ճղեր ունի, և ի վերայ ձագերն առիթ կ’ածեն, և ի Նին և ի Տանձին ծառն այլ կու սուսնիւ և թէ զայս խոտս ծեծեն և զջուրն քամեք և խմեն, և ոսկրնուն կոտրածին վերայ (քսեն) և որ ի տեղացն ելնէ, և որ արիւն թքնու, օգտէ. և թէ թզով եփեն և զջուրն խմեն՝ օգտէ կազին: Պէյթար կ’աելցընէ, որ hայկաւ այլ խառնելով ջրին՝ կ’օգտէ ոսկրաբուժութեան: Ստորագրութենէն յայտնի՝ որ մակաբուսակ է, քիչ հեղ գետնի վրայ բուսնի, այլ ուրիշ ծառոց վրայ, կարմիր կամ դեղին ծաղիկ և Հատապտուղ բերէ։ Հարիւրաւոր տեսակներ ունի, որք միանգամայն կ’ըսուին. Lorenthus։ Loranathe, ի յունականէն որ կաշէծաղիկ»։ իսկ Ամիրտոլվաթի յիշած անուններն յիշուած չեն ի Պէյթար, և հետաքննելի է ծագումն Ճագոմ անուան:

1834, Ճաթ.

Կորեակ կամ տեսակ կորեկի՝ ըստ Մեսրոպայ Թաղիադեան։

1835. Ճաթուռի.

Նշանակէ տեսակ մի Ուռենի:

Ճալամ.

Խաչափայտն է՝ սխալ կարդացուած, ուղիղն կարդալու է Ճ ալամ, այսինքն՝ Հարիւրալամ

1836. Ճալղուզայ կամ Ճաղլուզա.

Ար. Հապի Սնօպար. Եղեւին ծառոց տեսակաց չոր պտուղն է, մէջն Պիստակի նման չափերով, Կամարկապցին գրէ. « Ճալղուզար. Սոնոպար. Ֆըստըք. ինքն փիչ ? մի, որ պտուղ տայ զէտ Նշի, աղէկն խոշորն է, Սահակ Մանուկեան կ’ըսէ. «Չամ՝ խօզալախի միջի Փըստըխն»։ Նուշի, Ընկուզի, Սպըստանի և նմանեաց հետ ուտել խրատէ Բժշկարանն՝ դողդոջոտ անձին: Տե՛ս և Ջալղուպա

1837. Ճակատ.

Աշորայի զուգանիշ է կամ Հաճարի, բայց յիշողն անյայտ

1838. Ճակն. Ճակնդեղ. Ճանկնդեղ.

Առանց բարդութեան սոսկ գրած է լաւ Բժշկարան. «Ճակն և Սոխ՝ մեղրաջրով եփած»: Ծանօթ և պիտանի բանջարոց մէկն, շատ տեղ Բազուկի հետ շփոթի. Ամիրտոլվաթ այլ խոստովանի զայս՝ ի կարգելն Ճակընդեղ անունը. «Ոմանք ասեն՝ թէ Չիքնտուրն է, և ոմանք ասեն թէ Բազուկն է. և երկուքն այլ խոստանայ յիշել այն անուններով։ Բազուկն կոչի Լ. Beta, Փ. Bete. Ար. Սիլխ, իսկ Ճակնդեղն է Լ. Beta rapa, Փ. Betterare, Ար. և Պ. Չքնտուր, Ճուղունտուր, Թ. Բանճար. և սա աւելի գործածուի տնտեսութեան մէջ. անոր համար մեր Առակախօսն վկայէ (Թ), թէ «կարգեցաւ հրամանատար ի թագաւորէն բուսոց և Ճակնդեղ՝ ի վերայ Բանջարոց. իբրև զտեւող յամարայնի՝ է ի կերակուր մարդկան, որոյ նախանձելով ուրիշ բանջարեղէնք՝ սկսան չարախօսել, «եթէ սաստիկ ամենեւին է և գոչող որովայնի, բայց թագաւորն ոչ միայն չի լսեց անոնց՝ այլ և պատժեց: Իրաւունք ունի եղեր թագաւորն այն, մանաւանդ, թէ թագաւորեցընող առակախօս վարդապետ մեր, գուցէ ծածուկ գուշակութեամբ մի, որ մեր օրերուս յայտնուեցաւ, այսինքն՝ է Ճակնդեղի գիրուկ երկայն իլիկաձև տակին՝ շաքարային հարուստ նիւթ ունենալն և ընծայելն, որով այդոր հին թագին վրայ՝ նոր և աւելի թանկ պսակ մ’աւելցաւ, տնտեսութեան և առեւտրի մէջ. և մշակութիւնն շատ տարածեցաւ։ Քանի մի տեսակացը մէջ յիշուին ի Հայս B. Trigina, B. Lonatogona, B. Macrorrhiza. այս ետքի տեսակս Հերայ (Խոյ) կողմերում։ 

1839. Ճակնբոյս.

Նոր բառհաւաք մի վերոյ և ներքոյ գրեալներէն զատ գրէ այսպէս, իբր տարբեր բուսեղէն

1840. Ճակնդեղուկ.

Ըստ Վաստակոց գրոց (ՅԻ)՝ «Վայրի Ճակնդեղուկ, և թէ ոչ՝ ընտանի՝ ծեծեա, և զջուրն ընդ բերանն խմցո», շողհար ոչխարի: Լ. Beta Sylvestris

1841. Ճակնխոտ

Նո՞յն, թէ տարբեր է ի վերոյգրելոցն, չէ՛ յայտ, նշանակած է բառհաւաք մի

1842. Ճաղճղուկ.

Շէհրիմանեանն կամ ուրիշ մի վկայած է այս անուան զույգ Լ. Gnaphalium, Փ. Gnaphale, Ար. Ֆիզզիյա. Ֆիզիեա, ըստ Ամիրտ., «Ինքն խոտ մի է, որ մանր ճղեր կ’ունենայ, և տերեւն նման է Մարզանկօշին տերեւին. և «ի վերայ սպիտակ զեդ զաղապ կու լինի, և կակուղ կու լինի. և թէ ծեծեն և սպեղանի առնեն և նոր խոցերուն վերայ ձգեն, օգտէ, և զարիւնն կտրէ, և միսն բուսցընէ. և թէ զտերեւն Սերկեւլի շարապով ամեն, օգտէ աղեց գաներուն և լուծման: Ըստ Պէյթարայ Ար. կոչի եւս Քաթիֆա, Լ. անունն, ըստ Յ. և Հ. յիշեցընէ զԿանեփ, որովհետև բոյսն և մանաւանդ ծաղիկն՝ որ աստղատեսակ է, ճերմակ և կակուղ ասուի նմանի, փոքրիկ բոյս մ՚ է, նուրբ և երկայնկուկ տերեւներով, եզերքն սղոցակերպ. գլխաւոր և շատ յարգի տեսակն կոչուի G. Leontopodium, որ ըսել է Առիւծոտն, նմանութեամբ ինչ, ՝ բայց և աստղակերպ ըլլալով՝ կոչուի և Filago stellata. աւելի յարգի է այն՝ որոյ ծաղկան վրայ արծաթագույն թանձր փայլուն թեփեր կան։ Քարոտ լերանց վրայ գտուին Ալպեայս, անոր համար կոչուի Փ. Immortelle կամ Perliere des Alpes կամ des neiges. բայց աւելի հռչակեալ անունն է գերմաներէն, Edelweiss (իբր Սպիտակափառ)։ Այսոր մեծ փափագանօք ամեն տարի փնտռելու կ’երթան, մանաւանդ կանայք, և հազուագիւտ ըլլալով՝ թանկ վաճառուի, զարդի և յիշատակի համար, և անթառամ պահուի։ Իտալիոյ և Փռանկաց քանի մի լեռնակողմերում այլ գտուի, բայց ի Զուիցերի գտուածն աւելի յարգի է։ Մեր երկրին ընդարձակ լեռնոտ կողմերէն այլ սպասուէր այս բոյսս, նորերս, Ֆրէշվիլտ Տուկլաս անգլիացին, որ Կովկասու շատ  լեռներ ելեր և զՄասիս այլ քններ է, ինչուան հիմայ կ’ըսէ այս Առիւծոտն Ճաղճղուկն չէ անդիպուած է բնիկն Կովկաս, բայց պտտէ՝ բնակ գերմանացին Տփղիսու՝ որ շատ հետազօտութիւն ըրած է Կովկասու այլ եւ այլ կողմանց և Հայոց, ըսեր է իրեն, որ ինքն գտեր է զուիցերական տեսակէն՝ Կարսի մօտ՝ Հայկական լերանց վրայ [1]: Հայ հողու, եթէ ներուի ըսել, պարծանք մ’այլ աւելցաւ. և սիրողաց՝ խնդրելի մ’այլ ի hայրենիս մեր, ուր կրնան բանասէրք՝ այս սպիտակ և փափուկ ծաղիկը hարսնացընել իրենց ծաղկանց թագաւորին՝ Աղբերաց արեան. փափագելի է որ ստուգուեր է տեղացեաց բնիկ անունն այլ, մինչև որ այն յայտնուի՝ մենք կոչեմք Ճաղճղուկ Հայկական: Պոնտացի բանասէր մի ըսեր է, թէ Բամբկու խոտ կոչուի, բայց թողումք քննութեան, որ չկարծուի շփոթել ընդ Բամբակ խոտի . 299), թէ և իրարու չեն նմանիր։ 

1843. Ճամբու խոտիկ.

Անունն յայտնէ հասարակ գետնի խոտ մ’ըլլալ, ձուաձև մանր, թանձր և խիտ տերեւներով, Souախի տերեւոց նման, այլ աւելի նեղկուկ և փոքրիկ

1844. Ճանակ. Տե՛ս Կղմուխ և Անտուզ.

1845. Ճանբակ.

Ս. Գրոց մէջ (Սիրաք, ԻԴ, 20. ) յիշուի Ճանբակ խնկոց, որոշ տեղ ուրիշ թարգմանութեան մէջ Զմուռս գրուած է. հաւանօրէն՝ է հոտաէտ նիւթոց զուգուած մի. Ար. Դարշիշան բոյսն . 565). Յիշենք Հնդկաց Չամբակա անուամբ բոյսը, Michelia Champaka ըստ գիտնոց, զոր շատ գովաբանեն՝ ոսկեգույն գեղեցկութեան և անուշահոտութեանն համար

1846. *Ճանդալ.

Հնդկերէն անուն է ( Ճանդանա ), նոյնպէս կոչուի և օտար լեզուս. Լ. Santatum, Փ. Sandal. Թ. Սանտալ ադամի, Ար։ Սանտալ, 3: 0. «Ինքն փայտ է. երեք ցեղ լինի, կարմիր և սպիտակ և դեղին. լաւն այն է որ մուղաuիր (բարակ ?) լինի. թէ սնուն առնես, զակռայքն ամրացընէ. և թէ ծխես՝ օգտէ նուզլային և տաք գլխացաւութեան՝ օծելով, և այլն։ Հնդկաստանի և կղզեացն ծառ կամ թուփ մ’է, որուն կեղեւին տակ որդեր կենան և կրծեն դեղին փայտը, որ զօրաւոր հոտ ունի և կծու համ. ուրիշ տաք երկիրներում այլ խնամքով մշակուի։ 

1847. Ճանդան.

Յիշուի յաշխարհագր. Խորենացւոյ, և ի Հնդիկս. գուցէ ըլլայ վերոյգրեալն

1848. ճանդարի:

Սօսի ծառն է Պ. լեզուաւ, յիշուած է ի Մեկն. Ծննդոց գրոց (Եղիշէի ?)

1849. Ճանդի. Ճանդուկ.

Տե՛ս ինչ որ ըսած է Մխ. Գոշ՝ Ճանդիի և նմանակից Խռբուի համար . 1146). հաւանօրէն է Ճանդուկ, որ հիմայ այլ լսուի և թուի Ստեպղին վայրի

1850. Ճանկ. Թաթիկ.

Այսպէս անուանեն ի Հայս հռչակեալ Երիքովի վարդ կոչուած բոյսը. ետքի անունս առնուած է ի Ս. Գրոց (Սիրաք, ԻԴ, 18), բայց ոչ Վարդի նմանութիւն կամ յատկութիւն մի կ’ընծայուի իրեն, այլ զարմանալի և անտեղի բան մի: Ըստ աւանդութեան և ըստ գիտնոց՝ կոչուի Anastatica Hierochuntina, Փ. Jérose (Համառօտութիւն Rose de Jéricho բառից) - փոքրիկ մոխրագույն տերեւներով հասարակ բոյս մ’է, Պաղեստինու և Արաբիոյ և Սիւէզի կողմերում. վարէն ի վեր կարճ ճղեր կ’արձըկէ վերի ծայրերն բերեն կարմիր ծաղիկ ու պտուղ, բայց հասուննալու ատեն ի գետին կու ճապղին. հունտն ձեւանալէն ետեւ՝ ճղերն կու ցամքին և գնտակի պէս կծկելով՝ կու փրթին, և հովահար անապատին մէջ քարշ կու գան. երբ ջրի մէջ ինկանան կամ անձրեւէ թրջուին՝ գնտիկներն կու թուլնան կու բացուին, հունտերն կու թափին և նոր բոյսեր կելնեն: Ոմանք այս կծիկները կու ժողվեն և ջրի մէջ ձգելով՝ պարզիլ կու տան. երբ ցամքեցընեն՝ նորէն կու կծկին։ Դայեակք և տղաբերք համարին՝ թէ երկանց ժամանակ երբ զայն ձգեն ի ջուր և բացուի՝ կու դիւրանայ ծնունդն. անոր համար ջանան բերել տալ ի Պաղեստինէ կամ գնել՝ թէ գտուի ծախող։ Ոմանք բարեպաշտ կամ թերապաշտ մտօք . կոյս) Մարեմայ թաթիկ կոչեն զայս յԵւրոպա, գերմ. Maria’s Hand

Ճանկ գոեց. Տե՛ս Գոթեց ճանկ, Գօտեաց ճանկ ։



[1]     No Edelweiss (Leontopodium Gnaphalium) has yet been met with in the Cau casus proper, but D. r Radde told me he had found the Swiss species in the Arme nian ranges near Kars. Աշխարհագրական Օրագիր Լոնտոնի, 1888, էջ. 697։