Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գաղբան. —Տե՛ս Քաղբան և Մաղթ:

401. Գաղձ կամ Գաղձն.

Անպիտան բոյս և վնասակար այլոց, որոց հիւթը ծծելով և վրանին պլլըւելով կու չորցընէ. ըստ ոմանց է Գայլխոտ ն (զոր տե՛ս քիչ մի վարը)։ Վաստակոց գիրքն յիշէ (Գլ. ԼԴ. ՃԺԹ) և Գետի և Ծովու Գաղձ, և պարարտութեան աղբ շինելու համար՝ խրատէ, թէ. «Գաղձն, զոր ծովն ի դուրս ձգէ՝ լուա՛, որ աղիութիւնն ելանէ, և ի ներք խառնես. նոյնպէս և Գետի լինի»: Նոյնն հնձանի մէջ կոխուած խաղողին՝ անձրեւէ թրջըւելէն պահելու համար՝ խրատէ ձարձատած Գաղձ ձգել մէջը։ 

402. Գաղտիկ. Գաղտիկուռ կամ Գաղտիկուր. Գաղտնակոր

Այս անուանս ծագումն անյայտ է և կը թուի հին աւանդութենէ մի. բոյսն  կոչուի մեր լեզուաւ և Գառնալեզու, բայց աւելի հասարակ Ջղախոտ, մենք այլ այս ետքի անուան տակ բացատրեմք. այս տեղ միայն երկու անուանց հոմանիշ ըլլալն և առասպելական աւանդութեան մէջ յիշուիլը նշանակեմք, աղթարախառն Բժշկարանի մէջ գրուած աղցիփեղց խօսքով, իբր ի դեղ սունկ (տեսակ մի ուռեցք) ախտի. «Ա՛ռ խունկ և նոր դանակ մի, և գնա յառաջ ի Գաղտիկուռանն, և ա՛րկ զխունկն ի վերայ կրակին, զդանակն զա՛րկ ի տակն, և ասա. Հրաւիրած ես, Ջղախոտ, 365 ցաւոց դեղ, այս անուն մարդոյն սնկան», եւ այլն: Նշանելի է Գաղտիկուռան բառն, որ է Գաղտիկուռի արտ կամ ածու

Գալիենոսի բառից մէջ Գաղտիկուր դրուած է Առնոգղու, Առնուգղու խանգարած բառին առջեւ, որ է Arnoglossum, և թարգմանի Գառնալեզու։ Հայերէն բառն այլ խանգարած գրուած կայ Կխտըկուր. Լ: Plantago, Փ. Plantain. Ռ. Попутникъ Բժշկական գրոց և բառից մէջ յիշուի և

403. Գաղտիկուռ Բարակ

Որոյ համանիշ արաբերէնն՝ այլայլած անշուշտ՝ գրուի, Ասլունաթար ասափիլ? 

404. Գամանտրաշ.

Սալաձորեցոյն ծաղկանց երգոյն մէջ յիշուի

«Գամանտրաշ և Չատըր–ծաղիկն, Գօճակն ծաղկեր արտերուն»: Ուրիշ օրինակի մէջ Կամօտաշ գրուած է, թուի Գամուտաշն։ 

405. Գամբ

Փշեղէն բոյս մի թուի իր հետ յիշուած Տատասկ բառէն, բայց ըստ ոմանց է Անճիտայ. զոր տե՛ս ի թիւ 117։ 

406. Գամճակ. —Տե՛ս  Գոճամակ. 

407. Գամուտաշ

Կապոյտ ու սեւի զարնող խոտ մ’է. գուցէ, նոյն ըլլայ ընդ Գամանտրաշի, մանաւանդ որ զայս յիշողքն Կարնոյ կողմէն են, ուսկից և Սալաձորցին։ 

408. Գայիսոն ? 

Ծաղիկ, զոր յիշէ Քաջբերունի յարեւելեան սահմանս Կարսի. եթէ չէ Ար. Ղայսում ն, որ է Բարձուենեկ։ 

409. Գայլ. Գայլխոտ.

Հին Բժշկարանն կ’ըսէ. «յայգիքն լինի, որպէս Բաղեղ է»: Ար. անուանէ  Քշութր, զոր Ամիրտ. գրէ Քշուշ կամ Քշուս, այլ և Աքշուշ. և աւելի պարզէ Բաղեղի նմանութիւնը. «Ինքն ի յոր տեղ բուսնի՝ ի յայն տուփն (թուփն ?) կու փաթվի, և զգիճութիւնն կու քաշէ. և լաւն այն է, որ ի վերայ փշին բուսնի»։ Իր օգուտները կու գրէ նաեւ առանձինն իր հունտը յիշելով և կոչելով Ար. « Պզր ըլ-Քշուշ, որ Պ. Ըռահմուլ կու ասեն և Աքշուշ այլ կ’ասեն, և Ասորին Տինարքլուս ասէ»: Խոտին պատատուկ բնութիւնը (մանրիկ փուշերով ուրիշ բուսոց պլլըւելով) և սոսկ անունը՝ համառօտ գրէ ուրիշ մի. «Ա՛ռ զԳայլն, որ զորթով պատատէ», եւայլն։ Այս բնութեանս համար կոչուի եւս Բաթտուկ կամ Բադդկենի, ինչպէս որ տեսանք ի թիւ 277։ Լ. Cuscuta, Փ. Cuscute. Թէպէտ շատ հասարակ և անարգ խոտեղէն է, բայց բուսաբանք իրեն տեսակներ այլ որոշեր են, և Եւրոպական կոչուածն՝ C. Europea. ի Հր. Հայս նշանակած են

410. Գայլաբոխ.

Գելաբոխ ռամկօրէն, տեսակ մի Բոխի (տե՛ս թիւ 361). Յիշուի Սեւանայ ծովեզերքում

411. Գայլասխտոր. Տե՛ս Բծիծ. 

412. Գայլասոխ

Յիշուած է, այլ ոչ բացատրուած։ 

413. Գայլթաթ.

Տեսակ Մոլոշի. Լ. Alchimilla Vulgaris. Փ. Alchimille. յարմարի և Pied de Lion կամ Lapin կոչուածին (որ և Mantelet de dame). փոքրիկ քլաչափ բոյս մի, եօթն շերտ կամ մասն բաժնուած վայելչաձեւ տերեւներով։ Բայց բուն բառին նշանակութեամբ յունարէնէ առնուած անունն Լ. Lycopodium. Փ. Lycopode, տարբեր ցեղէ բոյս է, խոտեղէն, ճղճղած, և ասոր համար գայլու թաթի նմանցուցած, մանրիկ տերեւներով պարուրաձեւ որձային վրայ շարուած։ Այս ետքինս քանի մի տեսակ ճանչցուած է ի Պոնտոս, Ճիմիլ լ. Լեռնային կոչուածն L. Alpinum ի Թ-Հ։ 

414. Գայլթիւ? 

Թուի անպիտան բոյս մի, զի բանջարոց յատկութեան վրայ գրող Բժշկարան մի յիշելով զՍունկն՝ իբր գէշ ցաւ տուող. «Վատ կ’ըսէ), քան զԳայլթիւն»

415. Գայլու ականջ.

Որդնտակ կամ Սղանգ բոյսն է, զոր չորցուցած դեղ կ’ընեն ձիոց հին վէրքերու: Անունն առած է ձեւէն, որ է իբր սուր եռանկիւն. ծայրն երկայն, վարի կողմն երկու կլորիկ բաժնուած։ Պատկերս չորցած տերեւէ մի հանուած է։ 

416. Գայլու թուր. Գելութուր

Կանգնաչափ սոխարմատ բոյս մի սուր տերեւներով, հասկաւոր բաժակաձեւ շառագոյն ծաղկներով

417. Գայլուկ

ՅԵւրոպա շատ ծանօթ՝ գարէջուր զուգելու համար գործածուած խոտն է. Լ. Lupulus. Փ. Houblօո, որոյ թերեւս լաւագոյն հայերէնն է Հումել կամ Հմել ։ Տե՛ս զայս

418. Գայլվիզ.

Նշանակած է բառահաւաք մի՝ առանց բացատրելու

419. Գանգլեզ.

Նոյն բառահաւաքն զայս ալ նշանակէ առանց բացատրութեան։ Թերեւս ըլլայ Գունձ Գազն։ 

420. Գանի.

Նոճի կամ Մայրի ծառ է՝ ըստ գրոց Նոր Հայաստանի, իսկ ըստ Պետ. Կալհօկեցւոյ է Գի. լ. Juniperus Sabina. Փ. Génevrier Sabine

421. Գառան դմակ.

Տեսակ մի խաղողոյ է յԵրեւան՝ նմանցընելով այսպէս կոչուած։ 

422. Գառնադմակ. Գառնադմակիկ. Գառանդմակ. Գառանդմակիկ.

«Արաբն Հայ ըլ-յալամ ասէ և Ֆրանկն Սիմպերվիվում (Sempervipum. Փ. Joubarbe) ասէ, և Թ. Ղայա ղօրուղի ասէ, և ինքն երեք ցեղ է. մէկ ցեղին տերեւն տափակ է և թանձր. և մէկ ցեղն մանտր՝ զէտ ազոխ է, և մէկ այլ ի քարերուն վերայ կու բուսնի. և լաւն այն է, որ թաժայ լինի... Իպն. ասէ, թէ ցեղ-մն այլ կայ, որ ի վերայ պատերուն կու բուսնի. և թէ յանձինն շտերուն վերայ քսես՝ օգտէ… Եւ այս խոտիս Հայ ըլ-յալամ ասելուն պատճառն այն է, որ հանապազ կանաչ է և թաժայ, և ոմանք ասել են այսոր, թէ Պօստան աֆրօսն է. չէ ստոյգ։ Պատէհին ասէ, թէ այսոր Պարսիկք Ապրուն կու ասեն, որ հանապազ կանաչ է և կենդանի է, և իր տերեւն չի թոռմիլ։ Եւ ասեր է Դս. (Դիոսկորիտէս), թէ երեք ցեղ է, և ինքն ի շուք տեղեր և ի պատտըկեր շատ կու բուսնի. և իր որձան կարճ կու լինի, և ծաղիկն դեղին, և այն որ ածվոցն է՝ հաստ կու լինի` մատի-մն չափ. և երրորդ «ցեղին Պախլաթ ըլ-համզայ է ասեր  և կամ նմանցուցեր: Սնահաւատ բան մ’ալ աւելցընէ. «Ասած է, եթէ ուզես, որ երկու չարկամին ի մէջ սիրելութիւն ձգես, եփ որ երկուքն ի քուն լինին` զինքն չոր տրորես և ի վրան ցանես՝ սիրեն զիրար»: Վերոյիշեալ Պ. Ապրուն բառը՝ ուրիշ տեղ յիշելով Ամիր. նոր հայերէն անուն մ’այլ կու տայ բուսոյն. «որ է Վայրի Ազոխ »: Իսկ Թ. Ղայայ  ղօրուղին ՝ կ’անուանէ Փերփեր քարի. այս քարերու մէջ բուսած տեսակը յիշէ հին Բժշկարանն այլ՝ լատին անուան դիմաց. « Սիփիռոն (Sempervirum) Գառնադմակ, որ ի քար է»։ Ի Պինկէօլ լ. յատուկ տեսակ մի գտուած՝ անուանուած է Հայկական, Տ. Armenum. հօն տեսնուած է և Globiferum. (Գնտաձեւ) տեսակն։ Գառնադմակին մէկ օգուտն այլ է, ըստ Վաստակոց գրոց (Գլ. Ի. ) ընդեղինաց սերմերը ապահովել ի վնասէ, ցանուած ատեն. «Առ զԳառնադմակիկ խոտն, և ծեծեա ի սանդի, և զնոյն իւր ջրովն լից ի տաշտ, զսերմն այնով շփեա և մնշեա աղէկ և ցանեա, նա ո՛չ մուկն մերձենայ և ո՛չ թռչունք. և լինի բոյսն խիստ թորթոշ և լաւ»

423. Գառնադմակիկ փոքր

Պզտիկ տեսակ մ’է և աւելի քարերու մէջ բուսողն, որ կոչուի Լ. Sedum minus, և պարզապէս ալ Sempervivum. մինչ մեծ տեսակը կոչեն ոմանք Sempervivum arboreum, այսինքն՝ Ծառակերպ Յիշենք, որ Սալաձորցին իր գոված ծաղկներուն մէջ յիշէ զԳառին–դմակն եւս Ակընջուկի հետ, իբրև «Կարօտ մանուշկին տեսուն»

424. Գառնալեզու

Զայս նշանակէ և Ար. Լիսան ըլ-համալ ։ Տե՛ս, ինչ որ ըսինք Գաղտիկուռ բառին և պիտի ըսեմք Ջղախոտին համար։ Ամիրտոլվաթ Հ. Ար. բառերը յիշելով՝ նոյնացնէ վերոյգրելոյն հետ՝ ըսելով. «Եւ Գառնադմակիկ այլ կ’ասեն», սակայն տարբեր բոյնք են։ 

425. Գառնականջ. Գառան ականջ

Ըստ վկայութեան Ասարայ և այլոց` Թրթնջուկ ն է, և այս անուան տակ բացատրուի։ Բայց հօս յիշեմք, որ հինգ կամ աւելի տեսակ այս բուսոյ զանազանեն բուսաբանք, որոց մէկն կոչուի Limonion, Ամիրտոլվաթ յիշէ զայս բառս և կ’որոշէ. « Լիմունիոն ՝ Գառնալեզուին և Գառնադմակիկին խոշորն է, որ Թ. Ղուզու ղուլաղի ասէ (Գառնականջ), և տերեւն նման է Չքընտրի տերեւին, և որձան բարակուկ կու լինի, և տերեւն յերկան կու լինի և տասն կու լինի տերեւն, այլ աւելի այլ կու լինի։ Եւ թէ զմիրգն մանտր ծեծեն և Սերկեւլի շարապով խմեն՝ օգտէ աղեաց գաներուն (սուր ցաւեր) և հին լուծման», և այլն։ Ըստ ոմանց՝ Գառնականջն է Լ. Oxalis. Փ. Oxalide կոչուածն, որ յատկապէս է Թրթնջուկն։ 

426. Գառին ծաղիկ

Գալիենոսի բառից մէջ` այս բառս դրուած է Խիրի անուան դիմաց. թէ Պէյթար և թէ մեր Ամասիացին վկայեն, թէ սա շատ կամ «Վեց ցեղ է (այլ և այլ գոյներով). լաւն այն է, որ դեղին և անուշահոտ լինի... թէ զծաղիկն յաչքն քաշեն՝ ճլէ տայ աչաց… Օգտէ այն, որ կարմիր ծաղիկ ունի՝ ոսկրացաւին, թիրեաք է։... Իպն. ասէ, թէ որն սպիտակ, որն դեղին, որն կարմիր, որն խոտ, որն ծիրանի. լաւն այն է, որ դեղին լինի»: Պէյթարի թարգմանուած օրինակին մէջ միայն կարմիր, սպիտակ և դեղին գոյնքն յիշուին, ուստի տարակուսելի մնայ հեղինակին խոտ ըսածն ինչ գոյն է. գիտեմք, որ խոտոյ սովորական գոյնն է կանաչ, այլ այս բոյսս, որոյ արաբացի Խիրի անուան վրայ յունական անթոս (ծաղիկ) անունն այլ յարելով Լ. կ’ըսէն Chairanthus, Փ. Giroflée, Թ. Շէհպօյ, յորմէ յարմարեալ է հայերէնն Շահպրակ, միթէ կ’ըլլա՞յ և կանաչ

427. Գառնակերտ

Տարակուսական անուն, նոր բառահաւաքէ մի նշանակուած ի լրոյ կամ ծաղիկը տեսնելով, զոր թողլով ստուգելու, խորհրդածեմք` այսչափ Գառին անդամոց նմանութեամբ յարմարած անուանց վրայ, որք կարծել տան, թէ հովուութեան, որ է ըսել և մարդկութեան՝ առաջին դարուց մէջ հնարուած են, երբ հովուութիւնն հասարակաց արուեստ էր, մարդիկ դեռ քիչ մտաւոր գաղափարներ ունենալով՝ շատ հեղ իրենց ընտանի կենդանեաց (գառն, եզն, կով, ցուլ, էշ, ձիուղտ, աղաւնի, ճնճղուկ, աքլոր, եւ այլն), և երբեմն և վայրենեաց (առիւծ, գայլ, արջ, աղուէս, ինձ, ագռաւ, արծուի, և այլն) անուամբք՝ կամ անոնց անդամոց՝ կ’անուանէին իրենց նոր տեսած բոյսերը, երբ երկուքին մէջ ձեւոց նմանութիւն մի նշմարէին. վայրենեաց անուանքն աւելի եւս հաստատեն այս կարծիքս, հնագոյն ժամանակներ յիշեցընելով, երբ քաղաքականութիւնն զարգացեալ չէր, և դեռ գազանք շատւոր և մօտաւոր էին մարդկանց կիսաշէն կամ փորած անշուք բնակարանաց։ 

428. Գառուլիկ ? 

Վերոյիշեալ բառահաւաքն նշանակեր էր և զայս

429. Գարեկենի

Տեսակ անոյշ և փխրուն Խնձորոյ՝ ըստ Խոտուջրեցւոց

430. Գարի

Ծանօթ ընդեղէն, ուտելի մարդկան՝ այլ աւելի կենդանեաց. «որ Արաբն Շէր ասէ (կամ Շաիր ) և Պ. Ճավ, և Թ. Արփա ասէ . Hordeum. Փ. Orge. Ռ. Ячмень). և ինքն երկու ցեղ լինի. մէկն կեղև ունի, և մէկն չունի, մերկիկ է, և այսոր Սալաթ ասեն. և լաւն այն է, որ գէր լինի... Լաւ Գարին այն է, որ յԵգիպտոս լինի. և ազգ-մն այլ Գարի կայ, որ սեւգուն կու լինի, այն լաւ է և ուժով և ծանր, և գովելի է»։ Տարակոյս չկայ, որ ցորենոյ պէս մշակուած է Գարին մարդկութեան առաջին դարերէն, որոյ հնութեան մէկ նշանն այլ է՝ կշռոց միութիւն կամ տարր ըլլալն, Գարեչափ կոչմամբ. միւս՝ և սեւ նշան մ’այլ է՝ մոլար մտաց գարիով գուշակութիւն կամ կախարդութիւն ընելն՝ ցրուելով, համրելով, և այլն ( Արփա աթմաք ՝ ըստ Թուրքաց), որոյ ընողն Գարեդիւթ կոչուէր և կոչուի ինչուան հիմայ: Ըստ այսմ՝ դիւրին է գուշակել, թէ պատմութեան մէջ որքան յիշատակներ ունի Գարին, բայց ամենէն արժանին և ախորժելին է՝ «Հինգ նկանակն Գարեղէն», զոր Փրկիչն մեր օրհնեց, աճեցուց, 5000 մարդու կշտանալիք ըրաւ, և աշակերտքն «Լցին 12 սակառի զկոտորոցն՝ ի հինգ գարեղէն նկանակէ անտի, որ յաւելաւ ի կերողացն». (Յովհ. Զ. 13): Այդ անհատնում հինգ նկանակաց բաղդակից եղան երկու ձկունք այլ, կամ մանաւանդ ուտողքն

Դեղորէից մէջ այլ շատ գործածուի Գարին. «և թէ զգլուխն Գարեջրով լուանան՝ զմոռացկոտութիւն տանի, և գլխուն գիճութիւն տայ և մազն հաւսարէ (կ’ասէ Ամիրտ. ) և թէ զԳարին այրեն և աղ խառնեն և ակռան քսեն, սպիտակ առնէ և ճլէ տայ. և Գարէջուրն զկուրծքն կակղացընէ, և օգտէ հազին. և թէ սպեղանի առնես՝ օգտէ ճռանցաւութեան. և թէ յիրմէն մալէզ առնես՝ զստամոքն հովցընէ... Գարուն ջուրն օգտէ ամենայն տաք ջերմերուն... Իպն. ասէ, թէ Գինով խառնես զգարուն ալուրն և ի ձեռքդ զէտ հինա օծես, զտաք գլխացաւութիւն տանի. և թէ զինքն գիշերն թրջես ջրով և վաղն տաս, որ խմէ, օգտէ ջերմերուն և ամենայն տաքութեան, և զծարաւն այլ կտրէ»: Գարեջրոյ խմելու զօրութիւնն կամ օգուտն ու վնասն թողումք փորձողաց, բանասիրաց այլ նշանակեմք հայանման Յ. անունը Գարւոյ, Κρει. Վաստակոց գիրքն Գարի ցանելու հողոյ թանձրութեան համար խրատէ, որ միջաշաւիղ լինի, այսինքն՝ միջակ, «ոչ խորու լինի և ոչ նօսր»: Հին Բժշկարանն այլ գրէ. «Գարի, հով և չոր է և հալական, զայտոյցն ի ստամոքէն սրբէ, զայտոյցն հալէ, և՛ սրբական է. զանձն կերակրէ պակաս, քան զԲակլան, և՛ թեթև է, և Գարոյ ջուր լաւ է, քան զՑորենոյ, ղորկութիւն ունի, և Սպիտակն լաւ է, և որ ոչ նոր լինի կամ շատ հին. զինք փերճոկէ և կորկոտ արա, և մէկ զինք ու ԺԵ ջուր, և եփէ, որ ի ԺԵ չափէն մէկ մնայ. թէ մարդն գիջաբնութիւն լինի և պլղամիկ, պակաս մի աղ արկ ի ներս և տուր, և օգուտ է, զի Բագարատ գովէ, թէ զծարաւն կտրէ, զտաքութիւնն հահընդեցընէ, զստամոքն սրբէ, և ինք շոյտ գնայ ստամոքաց. և օգուտ ողջոյ և հիւանդի. ապա (բայց) Գարի հացն թեթեւ կերակրէ և գիրցընէ ոչ»։ Գարիի տեսակաց մէջ յիշուած է ի Բաբերդ Մանիշակայինն՝ H. Violaceum. Կոճղիզաւորն H. Bulbosum ի Սնճար լ. ի Հր. Կովկաս, Դիւրաբեկն՝ H. Fragile ի Բաբերդ։ 

431. Գարճին կամ Քարճին

Տեսակ մի վայրի Տանձի. այսպէս կոչուած է ի Հայս։ 

432. Գարնան ծաղիկ

Ոմանք համարին Հարսնու ծաղիկն. տես զայս և Պուտ. Բայց Թ. Պեհար.. թի՝ որ ճիչդ Գարնան ծաղիկ ըսել է, նշանակէ զԵրիցուկն, զԳետնախնձոր է 

433. Գարնան Հալուորիկ

Ի գարնան ծաղկելուն, և գունով ճերմակ ըլլալուն, միանգամայն և ծաղկին մազանման թելերով ձեւացած ըլլալուն համար՝ այսպէս կոչուած է. հասարակ վայրենի խոտեղէն մ’է, բանջարեղինաց նման ընդարձակ և անկիւնաւոր տերեւներով. պտուղն կամ պարկուճն (հունտերու ամանն) այլ՝ երկայնաձև և հնգէ ինչուան տասն կողմն կամ երես կ’ունենայ: Լ. Senecio, որ նոյնպէս հալուորութիւն կամ ծերութիւն նշանակէ. Փ. Senecon

434. Գաւարս

Ար. և Պ. ալ նոյնաձայն. Ճավարս, Ամիրտոլվաթ, ըստ Պէյթարայ, նոյն համարելով՝ գրէ. «Ճավարս, որ է Կորեկ. լաւն այն է, որ հատն մեծ լինի». բայց կ’աւելցընէ այլ, թէ. «գիտացիր, որ Կորեկն երեք ցեղ է, մեկին ասեն Տուխն ), և երկրորդին Կավարս, և երրորդին ասեն Արզան... Եւ ցեղ մի այլ պատմէ Պտ., թէ Կորեկն երեք ցեղ է, մէկ ցեղին Տուխն կ’ասեն, և այն Արզանն է, որ ի Շիրազ Ալում կ’ասեն. և երկրորդ ցեղն Ճավարսի Հնտին է, և այսքան երկու ցեղն մեծկակ և սպիտակ է. և ասոր Պ. Զուռռաթ կ’ասեն, և ցեղ մի այլ Ճավարս կ’ասեն, և ի Շիրազ Քալ ասեն. ամենուն բնութիւնն հով է և չոր, կապող է»։ Պէյթարի թարգմանն ալ Ճարսը հասարակ Կորեկ համարած է, Փ. Millet, բայց ծանուցանէ, թէ Արաբացւոյն յիշածը պէտք է ճանչնալ Լ. Panicum miliaceum, և ոչ պարզ Milium. Կորեկի և Գաւարսի զանազանութիւնն մեր լեզուի մէջ ալ ամենէն էին ազգային գրոց մէջ գտնեմք. «Գարին և Կորեակն և Գաւարսն», գրուած է յԱգաթանգելոս —ԲԺշկարանի մէջ փոխանակ Գաւարսի և Ճաւարսի` գրուած կայ և Կապարս [1]: Ասար բժշկապետ մեր՝ Գաւարսի և Զօռաթի զոյգ գրէ և Խոռմոյ Կորեկ, իսկ այդ զանազանիչ « Խոռեմն կամ Խոռում, ի՞նչ տեսակ է. նոյնպէս և

435. Գաւարսուկ

Որ լսուի ի Խոտուջուր, նոյն հասարակ Գաւա՞րսն է, թէ մանրահատիկ տեսակ մի։ 

436. Գեղաւեր. Գեղաւերակ. Գեղաւերիչ

Խոր արմատով արտորէից վնասող փշեղէն մի, որ իր գարնան հողը հերկելու ատեն կու բուսնի և կու հանուի. ոմանք կ’ուտեն հում։ Յիշուի ի Շիրակ, ի ծովեզերս Սեւանայ ’ի Փոքր Հայս

437. Գեղձ

Պատատուկ վնասակար բուսոց տեսակէն, այսպէս ճանչցուած ի հնուց. Ս. գրոց Նաւումի մարգարէութեան մէջ գրուած՝ ըստ մեր թարգմանութեան , 10). «Իբրեւ   զԳեղձ պատեալ կերիցի, և իբրեւ զԵղէգն լի երաշտութեամբ», ուրիշ թարգմանութեանց մէջ բացատրուի, Գեղձի պէս իրարու կը պլլըւիք կերուխումի ատեն։ Պիտոյից գրոց հեղինակն այլ կ’ասէ (ԺԹ). «Եթէ զԳեղձս քաղելով այժմ զբժշկութեան ծառ մաքրեալ՝ պտղաբեր կենաց կազմիցէք»: Ամիրտոլվաթ արաբացի անուամբ ստորագրէ այս բոյսս. « Ֆաշա, ( Ֆէշաղ ), որ է Չիթլամպուկ.   ինքն խոտ-մն է, որ ճղերն Յուլեխ ըլ-քալպին (Շան մորենի) ճղերն կու նմանին, և ի յայն ծառն կու փաթտվի, որ ի քովն լինի, և շատ ճղեր կ’ունենայ. և փուշերուն վրայ միրգն կուզ-կուզ լինի և կու բուսնի, և մանր և կարմրուկ կու լինի. և միրգն և տերեւն կ’օգտէ ամենայն մահացու դեղոց... և թէ ի մրգէն երեք դրամ առնուն և խմցընեն, ցեղ ու ցեղ երազ տեսցընէ մարդուն՝ գիշերն»: Պէյթար՝ ճիւղերուն նմանող բոյսը յոյն կամ լատին անուամբն կոչէ Ֆալիուրոս, Paliurus, որ տեսակ մ’է կորակոր ճղերով Դժնըկի. ասորերէն ալ Շապահի կոչուի կ’ըսէ: Իսկ Գեղձն է՝ ըստ Լ. և Փ. Smilax aspera. Անուամբ և բնութեամբ նման է այս բոյսս նախայիշեալ Գաղձի (թիւ 401), իբրեւ չարաճճիկ եղբայր և քոյր, բայց ոչ նոյն։ Բարձրաձիգ կոչուած տեսակն S. Excelsa շատ գտուի ի Պոնտոս, Հս. Կովկաս, Վրաստան։ 

438. Գեղձի

Սա ծառ է, և ըստ Ստ. Ռոշքեան. «մեծութեամբ և տերեւով նման Գիոյ. ունի պտուղ թունաւոր, մանաւանդ որ ի Հիսպանիա և յԱրկադիա լինի», բայց վկայութեամբք կու շփոթէ ընդ վերոյգրեալ Գեղձ բուսոյ, թէ լատին անուամբ այլ նոյն համարուին, վասն զի Գեղձին է Smilax Taxus. Փ. If. Պէյթար եւս Սմիլաքս, անուամբ ստորագրէ։ Ռոշքեանի բերած վկայութեանց մէջ յիշուի և Գեղձեայ անտառ: Եւրոպացի տեղագիրք յիշեն զԳեղձի ի հիւսիսային արեւմտեան Հայս, ի Սպեր, Խոտուջուր, Սօմխէթ, և թուի հասարակ կամ Հատեւոր տեսակն Taxus Baccata, ճանչցուած է նա և ի Ռ-Հ։ 

439. Գենգեն

Բժշկարանի մի մէջ գրուած է երկու ուրիշ անուանց հետ « Դիամաւրոն ՝ Թթենի, Գենգեն ծառ». թուին նոյնանիշք, զի յայտնի է Թութն Յ. Μορέα, Լ. Morus

440. Գենի

Տե՛ս Գի կամի Գիհի, վասն զի նոյն ծառն է

441. Գետափու ուռ

Նոյն համարուի ընդ Գազի ծառին (թիւ 393) կամ ընդ Մոշայի

442. Գետնաբաղեղ.

Սոյն բառերով կոչուի և Փ. Lierre de terre կամ terrestre, իսկ Լ. Glechoma, ի յունարէնէ Γλήκων, Ղլիխոն բառով, որ տեսակ մի Անանուխ է. վասն զի այս Գետնի բաղեղն այլ անոր նման բայց ծանր հոտ ունի, կապոյտ՝ երբեմն այլ վարդագոյն ծաղկով, երբեմն նաեւ ճերմակ։ Թէ և գետնի վրայ կու տարածուի, կ’երեւի նա և թփատեսակ կանգնած

443. Գետնաբուրդ

Թուի տեսակ մի Մամուռ կամ Գորտնբուրդ։ 

444. Գետնաթութ.

Կարմիր, քիչ անգամ ճերմակ՝ ելակ մ’է, շատ անուշահոտ, և զայս նշանակէ Լ. անունն Fragaria

445–446. Գետնախնձոր. Գետնի Խնձոր

Այս անունով հիմայ սովորաբար կ’իմացուի Ամերիկայի ընծայած կոճղէզն, հասարակօրէն Փաթաթ, Patate կոչուած. Լ. Tubera, որ Կոճ կամ Կոճղէզ նշանակէ։ Հին աշխարհի և մեր երկրի մէջ գտուած այս ցեղ Գետնախնձորն է Թ. Sօմալան կոչուածն, Ար. Քամահ, ինչպէս յիշեցինք Բողբոջ անուամբ. տե՛ս թ. 367։ Պէյթար կ’ըսէ, թէ համն աղած միս կու նմանի, բայց տաք ջրով աղիութիւնը կորուսցընէ, և թանձր ու կպչուն կ’ըլլայ, մինչ առաջ թոյլ էր։ Մէկ տեսակն  այլ կոչուի Քիշնիշ. ուղիղն՝ Քաշնուճ, որ ըստ Պէյթարի է Սունկ մի, նման Ղաւշանայ, և ըստ Էպու Սինայի՝ աւազոց մէջ կու բուսնի. շատ ախորժահամ է. առատապէս գտուի ի Խորասան և ի Մաւարաննահար: Փափագելի է քննել և ստուգել, թէ մեր երկրին մէջ գտուած Կոճղէզն կամ Գետնի–Խնձորն՝ այս յիշելոց ո՞ր տեսակին նմանի։ Տե՛ս և Հողկիթ։ Ասոնք ըստ այժմու իմացման Գետնախնձոր անուանին, այլ ըստ գրոց

Գետնախնձոր է շատանուն բոյսն և ռամկօրէն Երիցուկ կոչուած ծաղիկն, և շատ հեղ՝ Ար. բառով Բաբունաճ կամ Պապունիճ, որով ստորագրէ Ամիրտ. յիշելով. «Որ է Իրիցուկն, որ է Գետնի խնծորն, որ է Ֆռ. Փափաթիա (լաւ եւս՝ յունարէն). և ինքն սպիտակ կու լինի, և դեղին այլ կու լինի. և լաւն է, որ մէջն դեղին լինի և եզերն սպիտակ, և հոտն սուր, և Գարունն բուսնի… օգտէ ամենայն հով գլխացաւութեան. և թէ օծեն զըղեղն (ուղեղն) ուժովցընէ, և զաչից արցունքն կտրէ, և իր ձէթն օգտէ ակընջին ցաւութեան, որ ի հովութենէ լինի. և շոգին այլ զայն օգտութիւն կ’առնէ... Եւ Սահակն  ասէ, թէ փողացն զեն առնէ, և զիր չարութիւնն տանի մեղրն», և այլն։   Լ. Anthemis ըստ յունարէնի և Chamæmelum. Փ. Camomille. ըստ Պէյթարայ յատուկ Ար. անունն է Ախհուան, իսկ Բաբունաճ կոչումն Ափրիկիոյ կողմերում լսուի։ Իբրեւ աշխարհածանօթ և աշխարհաքաղաքացի ծաղիկ մի, թէ և հասարակ և անմշակ, այլ իր պարզութեամբն և առջինեկութեամբն ի գարնան՝ սիրելի ծաղկանց մեկն է, և ըստ այսմ՝ մեր լեզուով այլ այլեւայլ անուններ առած, վերը յիշուածներէ զատ՝ նաև Կոկոռճիկ, Կուծուռի, Օշօշ, Հոշոշիկ, Խնձոր-խոտ, Կաթնապուր, Շնփնածաղիկ, Գարնան ծաղիկ. աւելորդ է յիշել, որ թերեւս ծաղկին տեսակներն ալ անուանց շատութիւն պատճառեր են։ Եւրոպացի տեղագիրք յիշեն Cham. Pterigantha (Փետրածաղիկ) կոչուածը՝ ի Շիրակ. Cham. Pusilla (Փոքրիկ) Երեւանու կողմերը. C. Disciforme (Պնակաձեւ) և Փոքրագլուխն, C. Microcephalum ի Մուշ. C. Decipiens ի Կեսարիա, Խոյ. C. Heterocarpum ի Համշէն. C. Kochii ի Տայք. C. Oreades ի Բաբերդ, Ծանախ, Հր. Հայք. C. Monticolum ի Կարին, Բաբերդ, Պրիտ լ. Սիսուանայ, և այլն։ 

447. Գետնախնծորենի.

Ցած ծառ մի, ըստ Ստ. Ռոշքեան, զոր Լ. Arbatus կոչէ, իսկ սա համարի Մաթըզենի կոչուածն առ մեզ, զոր տե՛ս ի կարգին

448. Գետնամայր

Որ և Գետնի Փիճի, որ է թարգմանութիւն արաբերէնի Սանավպըր ըլ-արզ   ինչպէս գրէ և Ամիրտոլվաթ, Քամաֆատոս անուան տակ, առանց յիշելու զԳետնամայր, այլ բնիկ հայերէն անուն գրէ Ճանկխոտ, մենք ալ այս անուան տակ թողումք բացատրել։ 

449. Գետնամուշկ.

Ըստ ոմանց Գայլթաթն է . 413), բայց տարակուսական է։ 

450. Գետնամօրուք.

Վաստակոց Գիրքն (Գլ. ԿԲ) նորատունկ որթերը ծածկելու համար կ’ըսէ «Են ոմանք, որ ծածկեն զտակս տնկացուին այն իրօքն, զոր Պօլոնեացիքն կոչեն Գետնամօրուք և Սուրացիք Ռիպուս. և այս սովորական է մեզ փորձով, որ լաւ պահէ»։ Այս բանս յունարէն բնագրին մէջ չկայ. Ռիպուս բառին տեղ այլ ուրիշ օրինակի մէջ՝ մէզ գրուած է, որ կըրնար սէզ գրուած ըլլալ, և նշանակել մազմզուկ խոտ մի, յարմար գետնի մօրուք կոչուելու, և մատղաշ տունկ մի ծածկելով պաշտպանելու, քան թէ կարծել Ռիպէս Ribes, լատին անունը, որ Ծոր բոյսը նշանակէ։ 



[1] Իռլանտերէն Coirce, Cuirce, Curce կոչի Վարսակն. հին գերմ. Hirse, Hirsi Կորեակ: