Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1051. Խէժուկ. Տե՛ս Կաթնուկ:

1052. Խթուս.

Յիշուի ընդ Քիմոնի, Անիսոնի, Գընձի և Ակքանի, եթէ ասոնց նման բոյս մի չէ, թերեւս անպիտան Խիթըկ բոյսն ըլլայ, զոր այրելով՝ փոշիէն տեսակ մի լուանալիք շինեն (Մանան. 446)։ 

1053. Խիար. Տե՛ս Վարունգ:

1054. Խիարուկ. Տե՛ս Իշավարունգ։

1055. *Խիարշամբար. Տե՛ս Կասիա:

1056. Խիթըկ. Տե՛ս Խթուս:

1057. Խինդ.

Միայն բառագրոց մէջ գտուի այսպէս պարզ անունն, այլ ի գործածութեան գրոց միշտ բարդութեամբ Մոլէխինդ, Խնդամոլի, Խնդակոթ. այս յետին անուամբ բացատրեմք, բայց պարզ անունն կըրնայ կարծել տալ, թէ ընտանի կամ ոչ շատ լեղի բոյս մ’ալ ըլլայ

1058. Խինձ.

Հին անուն, բայց լսուի և հիմայ ի Հայս, և նշանակէ զԵղրդակն վայրի, որ և Խանդարեկ, այս երկու անուամբք այլ յիշած եմք, զորս տես, այլ և զԽենձեղէն թ. 1048։ 

1059. *Խիր.

Արաբերէն նշանակէ Մանուշակ, և յատկապէս՝ սպիտակն: Տե՛ս զայն

1060. *Խիրի.

Այս այլ ըստ Արաբ. է Մեխակն, նաեւ Շահպրակն։ 

Խիրի վայրի. Տե՛ս Հուսամ:

1061. Խիրու ծառ.

Ամիրտ. զուգէ զայս Ար. Քամքամ , կոչուածին. «Խիրուն ծառն է, և կամ կեղեւն է, և տաք է, և ասացած է, թէ իր խէժն է»: Փռանկ թարգմանն զՔամքամ համարի Térebenthine, որ է Բեւեկնի։ Յիշուի և Խիրու Ձէթ, որ կամ նոյն է ընդ խէժին կամ վերոյգրեալ ծաղկանց հիւթն։ 

1062. Խլալ կամ Խաղալ.

Տե՛ս Աքսար . 266) և Ագռաւիճանկ . 7)։ 

1063. Խլել.

Վերինէն տարբեր կ’երեւի, որովհետեւ նա բանջարեղէն է, իսկ ասոր համար Քիմիական գիրքն պատուիրէ. «Առ Խլէլի փայտ և փաթութէ» եւայլն, թուրի մուխ տալու համար

1064. Խլեփ. Խլէֆ.

Ար. Խիլաֆ, Լ. Salyx Egyptiaca կամ Salice odorosa, Փ. Saule d’Egypte. Ըստ Ամիրտ. Թ. Սօրղուն կ’ասէ. Հայն Ուռի ասէ (բայց հոտաւոր Ուռի). լաւն այն է, որ դեղին ծաղիկ ունենայ…իր հոտն զսիրտն յուժովցընէ, և իր ձէթն զստամոքն յուժովցընէ... Ասէ Պտ., թէ ասոր տերեւին Սաֆսաֆ կ’ասեն և Պ. Պէտ, կու ասէ, և Պալխցիքն (Պահլաւք) Պահրամաճ կ’ասեն, և իր խէժն իր տերեւէն կ’ելնայ, և լաւն այն է, որ ի ջրեզերք լինի։ Մեր նոր գրողք, այլ և տեսողք (Նաթան. 93) վկայեն, որ Խլեփն անուշահոտ Ուռի է։ Հին Բժշկարանն՝ Մանր Եղրդի այլ անուանէ զԽլէֆ նմանցընելով Եղրդի ծառին կամ Եղրդուտի (տե՛ս թ. 666) կամ նոյնացընելով։ Մխ. Հերացի այլ յիշէ (եր. 67)՝ ցաւած գլխոյ դեղ գրելով: «Արկ… Խլեփն. այն մանտր Ուռենիքն են, որ անուշ հոտ գայ իւրմէն, և Վարդի ջուր», եւայլն: Իսկ Վաստակոց գիրքն (ՄԸ) ըստ Հին Բժշկարանի նոյնացընէ ընդ Եղրդոյ, երբ Կանկառը անուշահամ ընելու համար խրատէ անոր հունտը դնել՝ զատ յայլոց, ի ջուր «Եղրդոյն, այսինքն՝ ի Խլէֆին, երեք օր յաշունն ի թրջոց դիր». եւ այլն: Ամիրտ. Խլէփի տերեւին համար ըսաւ, թէ կոչուի Սաֆսաֆ, սակայն ոմանք ի բուսաբանից զծառն այլ այնպէս կոչեն, Լ. Salix Safsaf

1065. Խլէզագի.

Անունն յայտնէ, որ մողէսի ձետի (պոչ) նման բոյս մի ըլլայ, զոր բառագրողն լեհարէն գրէ Choszeza (Խօշէզա). Բժշկարան մ’այլ յիշէ. «Խոտ մի կայ, որ անունն Խլէզագի ասեն. զայն խոտն ծեծէ», եւայլն, ցաւոտ և շարժուն ակռայի դեղ, նաեւ ուսացաւի։ 

Խլթիթ. Տե՛ս Հլթիս:

1066. Խլրդուկ.

Նոր բառահաւաք մի նշանակէ՝ առանց բացատրութեան։ 

1067. Խլօպուզ. Տե՛ս Ձիւնծաղիկ:

Խմէլ. Տե՛ս Հումել։

1068. Խմի.

Բարձրկեկ բոյս մի է երկայն և փետրաձեւ տերեւներով, հովանոցաձեւ հոտաւոր ծաղկօք, որ դեղի գործածուին, և (մէկ տեսակն) շաքարով անոյշ շինելու, եւրոպական անուամբ Հրեշտակապետային, Archangelica, կոչեն այս տեսակս, իսկ հասարակ տեսակները (որ շատ չեն)՝ Հրեշտակային, Լ. Angelica, Փ. Angelique. Թ. Սիւմպիւլի Խիթայի ։ Ի Կովկաս և ի Վրաստան տեսնուած, հաւանօրէն և ի Հայս գտուի

1069. Խմորուկ.

Տեսակ Ելակի՝ կարմիր ու սպիտակ, տերեւներն կամ ճղիկներն գետնի վրայ կու տարածուին, պտուղներն հետզհետէ հասնուննան: Խմորուկ կոչուին նա և Ծորի տեսակ (Ribes) որթանման թուփք մանրիկ խաղողներով։ 

1070. Խմրախոտ. Խմրխոտ.

Բժշկարան մի Սինամաքիին համար կ’ըսէ, թէ «Ոմանք Խմրայխոտ ասեն»: Բայց ի Հայս ծանօթ բոյս մ’է Ծնեբեկի նման, որձայն ոտնաչափ մի միայն բար ձրանայ, գարնան սկիզբները կ’աճի, և իբրեւ աղցան ուտուի։ Թուի Լ. Anthoxanthum Փ. Flouve կոչուածն

1071. Խնդակ.

Բժշկարան մի շատ հանրաբար և անորոշ բացատրէ. « Խնդակ քօք ն, որ ի լերինս լինի, մոխրագոյն է»: Կարծուի տեսակ մի Զուիրակի. Լ. Origanum Amaracus կամ Dictamus Creticus: Տե՛ս և Անճարակ, թ. 116։ 

1072. Խնդակոթ. Մոլեխինդ. Խնդամոլի. Խնդամոլիկ.

Այս բարդեալ բառից նախատիպն է Խինդ, զոր քանի մ’անուն առաջ յիշեցինք . 1057), իսկ ասոնց առաջինն վերջի երկուքէն արդեօք տարբե՞ր է, թէ նոյն, կամ թէ կըրնար զանազանիլ՝ մէկը յարմարցընելով Լ. Conium, Փ. Cigüe, Ռ. Омегъ կամ Болиголовъ կոչուածին, միւսն կամ միւսսները՝ Cicuta, Փ. Cicutaire, Ռ. Водлной омегъ կոչուածին, փափագելի էր որոշել և սահմանել։ Բայց մեր նախնեաց գործածութեան մէջ անզանազան կ’երեւի՝ մանաւանդ երկու տեսակքն այլ համացեղ ըլլալով (Հովանեկաւորաց ցեղէն), թէ և գիտնականք կու նշմարեն տարբերութիւններ ի ձեւս և ի մասունս. մէկու պըտուղն աւելի կլորկեկ է, միւսն՝ աւելի երկայնաձեւ, երկուքն այլ՝ դըրսէն շերտ-շերտ: Ի գիրս նախնեաց Ոսկիբերանի Եսայեայ մեկնութեան թարգմանիչն գրէ (եր. 424). «Իբրեւ թմբիր ինչ առեալ կամ Կոնիոն . Κώνειον), որ է Խնդակոթ». այսոր տեսակն որոշելու համար Փ. Grande Cigüe կոչեն, հարկաւ միւս մ’այլ Petite Cigüe. Վանական Վ. իր Հարցմանց մէջ կ’ըսէ. «Մոլեխինդն խոտ է, ցօղուն առնէ որպէս այն, որ Սպանդ են յասել (Peganum), պտուղն որպէս զմանր Պատինճան. մահադեղ է մարդոյ»: Եւ ո՞ր պատմագէտ չի յիշեր Սոկրատայ մահը, որոյ յիշատակէն անբաժան է այս մահառիթ բոյսն, և ո՞ր հայագէտ իր մեծ պատմըչին ըսածը (Խոր. Բ. ՂԲ), իրենց մեծագոյն և սրբագոյն թագաւորին (Տրդատայ) համար, որոյ ապերախտ պաշտօնեայք. «տան արբումն, որպէս անդ ուրեմն ի հինսն Աթենացիքն՝ Սոկրատայ՝ զՄոլեխինդն»: Հին բժշկարան մեր, որ շատ կանոնաւոր և ուղիղ գրուած է, զարմա՛նք, այս անուան մէկ գիրը (թերեւս հնագոյն օրինակի մի այլաձեւ գրութեան հետեւելով՝ կու գրէ. «Կոնիոն, Խնգամոլի, Փրիփա և ուրիշ տեղ այլ իբրեւ գիտութեամբ նոյնպէս գրէ Խնկամոլոյ տակ »: Թողլով զայս անոր՝ տեսնեմք՝ ինչ գրէ մեր  Ամասիացին։

Սա Ար. Շուքրան, բառին ներքեւ կ’ըսէ. « Շավքարան, որ է Հուշտուտն ? (կամ Հուղտուտ) և Հելենացոց բառովն՝ Միղոնիոն Յ. Միգոն Μήκων, Խաշխաշ նշանակէ: «Շավքարան-մն այլ, որ Թ. Պաշտրան ասէ կ’աւելցընէ թուրքերէն, թէ ցօղունն Ռազիանի նման ծունկ-ծունկ կամ կապ-կապ է, տերեւն՝ բարակուկ) և իր հունտն ի Նանխու կու նմանի. լաւն այն է, որ նոր լինի, զմարդն հարբեցընէ, և իր քամուքն զմանն կու տանի յերեսէն... և թէ զմազն փետեն և յայն տեղն Շավքարան քսեն, և կամ տիմէտ առնեն, ի յայն տեղն այլ մազ չի բուսնի... Իպն ասէ, թէ ինքն խոտ-մն է, որ իր ծառն (բոյսն) Ըռզիանի ծառ կու նմանի, և ծաղիկն սպիտակ կու լինի, և խիստ խորուկ չի մտնուր ի գետինն, և հունտն յԱնիսոն կու նմանի,   և տակն փուճ կու լինի… Եւ բժշկապետքն ասեր են, թէ այս խոտէս ոչ ուտեն և ոչ խմեն, որ զխելքն կու տանի և զմարդն կու սպաննէ, և կու պիտի որ Օշինդր և Պղպեղ և Կղբու ձու և Սազապ խմեն (որ) զվնասն խաղացընէ»: Իրմէ հազար տարի առաջ գրէր մեր մեծ վարդապետն Եզնիկ. «Մոլախինդ, որ առանձինն ի յայտնի ինչ ժամանակի սպանող է, նովիմբ զմաղձս հնացեալս՝ հնարին բժշիկք՝ հատանել»: Անշուշտ, աւելի անվնաս տեսակն պիտի ըլլայ թափառկոտ Թաթարաց անապատներուն մէջ, զոր իտալացի տեղագիրն ԺԲ դարու՝ Յովսէփ Բարբարոյ, անոնց հացի տեղ ծառայէ կ’ըսէ, և թէ չգտնէին, անօթութենէ կու մեռնէին։ Ինչպէս շատք ի բուuոց, այս այլ ունի իր Իգախնկամոլին. (տե՛ս թ. 849)։ 

1073. Խնդեղի կամ Խնդեղնի.

Ոմանք ի նորոց այսպէս կոչեն զԹանթրուենի . 766)։ 

1074. Խնդէ.

Շրէշին անուններէն մէկն է. տե՛ս Թաղաղու . 757)։ 

1075. Խնծադեղ.

Նոր բառահաւաք մի նշանակած է. անծանօթ է իսկութիւնն. տե՛ս և Խնձնի

1076. Խնկածաղիկ. Խնկողկոյզ. Խնկողկուզակ. Խնկողկուզուկ.

Այս հոտաւէտ անուններէն գերագոյն կոչում մ’այլ ունի այս բոյսս, Աստուածամօրն. Մարեմխոտ կամ Մարեմախոտ, Մարեմայ խոտ, Մարիմախոտ, Մայրամխոտ. այսպէս այլեւայլ կերպով գրուած՝ ըստ ոմանց կոչուի և Ս. Գրիգորի խոտ, այլ և Անթառամ, և օտար և երկբայելի անուամբք՝ Գովէզ, Մահուզ, Հազպայ և այլ եւս, զոր յիշեցընէ մեր Ամասիացին, Ար. Ճօտա յ կամ Ճատա բառիւ «Որ է Մարեմխոտն, որ է Խնկողկզուկն, և Թ. Ղօյուն եավշանի ասէ. լաւն այն է, որ սպիտակ լինի. օգտէ ակռացաւութեան, և զյօնաց զմազն կու բուսցնէ՝ օծելով, և թէ իր քամուքն մեղրով յաչքն քաշեն, սրացընէ և զմթնալն տանի, և զմոռացկոտութիւնն տանի, և զճճիքն և զօձն ի փորուն հանէ, և զտափակն այլ հանէ. և զնոր խոցերն կու եփէ և զչոր խոցերն կու չորացընէ, և թէ զինքն ծխեն, զգազանքն և զսողունքն ի տանէն փախցընէ... Ասէ Սահիպ Ճամեհն, թէ մարդ զինքն ի ներքն փռէ կամ ծխէ, ի յայն բոլորքն սողունք և թռչունք փախչին... Եւ ասէ Պտ., թէ այս խոտիս Պ. Ղուլիոն կ’ասեն և Ֆիuիրկօզ ? կ’ասեն և Քիսու կ’ասեն. ինքն երկու ցեղ է՝ մեծ և փոքր, և Պ. Անպարպէտ այլ կ’ասեն, և լաւն այն է, որ փոքր լինի և շամի լինի, և վայրի և սպիտակ լինի»։ Այս հոտաւէտ և համեմային գովանի բոյսս, որ «Աղաղակէր երբեմն, թէ ես պատճառ եմ սրբութեան քահանայից»՝ ըստ (ԼԱ) առակի Մխ. Գոշի, և ի դեղորայս պիտանի եղած է միշտ, կոչի Լ. Polium montanum կամ Teucrium Polium, ևս Teucrium montanum, Փ. Pouliot de montagne Ռ. Полéй. Որձայն մեծութեամբ ծաղիկն այլ գոյնով զանազանին։ Հին բժշկարանն փորլուծութեան և աղէցաւութեան դեղոց կարգին՝ զայս այլ գրէ. «Խոտ մի Խնկածաղիկ ասեն, չորցո, աղա, և պախրի ճրագվով խաւիծ շինէ, ցանէ ի վերայ զդեղս, և ուտէ՛»։ Թէ ի Մեծ և թէ ի Փոքր Հայս գտուի Խնկածաղիկն՝ վկայութեամբ բուսաբանից, վերոյգրեալ լատին անուամբք։ Սակայն կըրնայ շփոթուիլ ուրիշ բուսոց հետ, որոց նոյն անունն տրուի, ինչպէս Տրապիզոնի կողմերը Խնկածաղիկ կոչեն նա եւ տեսակ մի երկայն ճիւղերով և գետնաճապաղ դեղնածաղիկ Առւոյտը, որ է Լ. Trifolium Procumbens. Հ. անունն Խնկածաղիկ՝ յարմարի իր ցեղակից Խնդակի (Amaracus կամ Origa num Mayorana). ըստ յունական առասպելաց Կիպրոսի թագաւորի մի արբանեակ՝ իրեն Խնկի ամեն մի տանելու ատեն, ձեռքէն կ’ինկնայ կու կոտրի, մանուկն այլ վախէն և շփոթութենէն կու մարի կ’ինկնայ, և իսկոյն փոխարկուի յ’այս խնկահոտ բոյս և կոչուի Ամարակ ։ 

1077. Խնկասինձ.

Այսպէս կոչեն Սեբաստացիք դեղին Սինձ ը, տե՛ս զայս

1078. Խնկատերեւ.

Գալիենոսի բառք նոյնանիշ գրեն զսա, Ար. Հապ ըլ-փակ և Փանջանկուշտ, որ է անշուշտ Ար. Ֆէրէնճէմուշկ «, ըստ Ամիրտ. « Ֆարանճամուշք, որ Հռ. Ֆլուսկուն և Ռահանի Ղարանֆիլի կ’ասեն, և հոտն օգտէ զուգամին, և զքթին կալուածն կու բանայ: Ասէ գրոցս շինովն, թէ ինքն Վայրի Դաղձերուն ցեղերուն է, և իր բուսն ի ջրարբի տեղեր կու բուսնի, և ի մէկ հետէն ի տակէն մէկ հետ ճղեր կու ելնէ, և տերեւն նման է Ըռահանի տերեւին, և յորժամ բարձրանայ և յերկանանայ՝ զէտ Ըռահան գլուխ կու բռնէ, և ծաղիկն ծիրանի է ի սպիտակութիւն կու քշտէ, և քանի երթայ կու սպիտակի, և հոտն սուր է»։ «Ասէ Յեսու բժիշկն, թէ սրտին խնդում բերէ և զստամոքն զօրացընէ, և զբերնին հոտն անուշցընէ, և բանայ զգլխուն և զըղեղին կալուածն»: Այս բոյսս Դիոսկորիտէս կոչած է Acinos, զոր ոմանք յաւելուածով կոչեն հիմայ Thymus Acinos, և այլք Ocymum pilosum. Փ. Calament Acinos

1079. Խնկողկուզակ. Խնկողկուզուկ. Տե՛ս Խնկածաղիկ։

1080. Խնկուկ։

Այսպէս գրէ օրինակ մի Սալաձորեցւոյն Կռընկուկ գրածը ուրիշ օրինակի մէջ. տե՛ս զայս։ 

1081. Խնձնի կոթ.

Յիշեցինք . 1058) զԽինձ, ուսկից ծագած կ’երեւի թէ այս կոթն և թէ Խենձեղինոյ տակն (թիւ 1048)։ Ասար բժիշկն է ըսողն. « Խնձնի կոթ, որ չորացնեն»

1082. Խնձոր. Խնձորենի.

Լ. Malus. Փ. Pommier, Pomme. Ամենածանօթ, թերեւս և ամենապատուական պտուղ և ծառ, որ կամ իբրեւ ամենայն պտղոց ներկայացուցիչ և հասարակ անուն, կամ իր ձեւոյն և գունոյ գեղեցկութեանն համար՝ թագաւորաց թագի և գաւազանի զարդ ընտրուած է ի հնուց, և նոյն իսկ սրբազան խաչից ներքեւ դրուած գունտն այլ Խնձոր կոչուի։ Այս պատիւը նշանակէ և մեր Առակախօսն (ԺԱ)՝ իրեն եղբայր և նախանձորդ կոչելով զՏանձ, որ չքաշելով անոր պատիւը՝ կ’ըսէր. «Թէ հարազատ մեք (լինելով) զիա՞րդ թագաւորք զօրինակ քո արարեալ ոսկի՝ ի ձեռին նկարեն, և նա ասէ, զի բոլորատեսակ եմ և անուշահոտ, և թէ ոչ նախանձիս, առնեմ լինել և քեզ ընդ իս ի սեղան ճոխից, թէ և նշանակն ոչ լինի ոսկի»: Բանաստեղծից, վիպասանից և տարփածուաց՝ արեւելեայց և արեւմտեայց, թողլով Խնձորոյ պէսպէս նշանակութիւնները և զօրութիւնները, Եսպերիտեան պարտիզաց ոսկի Խնձորներէն սկսած՝ մինչև Վանայ կամ Արտամետի հռչակեալ Խնձորը, (որ օրիորդէ մի խածուած Նարկիս ծաղկի նման երեւեցաւ արաբացի քերթողի մի) [1], Վանայ ծովուն դրացի Խլաթայ Խնձորներն այլ թէ՛ համով, թէ՛ մեծութեամբ անուանի են։

Ար. Թոֆֆահ կամ Թուֆահ կոչուի Խնձորն. այս անուամբ ստորագրէ Ամիրտ. ՝ յիշելով նախ տեսակները. «Քաղցր լինի և մուզ լինի և թթու, լաւն այն է, որ քաղցր լինի և անուշահոտ, և թէ զԽնձորն եփեն և ծեծեն և դնեն ի վերայ աչիցն, զաչքն յուժովցընէ և զցաւն տանի, և զսիրտն յուժովցընէ և ուրախ առնէ... Իպն. ասէ, թէ զգարնան Խնձորն ուտեն, զսաֆրան յաւելցնէ և մոռացկոտութիւն բերէ, և թէ զթթու Խնձորն ուտեն, զմարդն յուլ կ’առնէ, և զքաղցր Խնձորն հոտվրալն լաւ է, քան զուտելն… Այլ ասած է վասն Խնձորին, թէ լաւ ատենն Խնձոր ուտելուն այն է՝ որ ի վերայ գինի խմէ, և ամենայն մահացու դեղոց թրիաքն է և գազանահարացն, և այն Խնձորն, որ խակ լինի, չէ պատեհ, որ ուտվի, հանց գիտացիր, որ... ջերմեր կու բերէ», եւայլն։

Հին բժշկր. աւելի ամփոփ գրէ. «Խնծոր, ազգեր են, Քաղցր, Թթու, Մուզ, Փոթոթ, և է որ բնաւ համ չունի, Փոթոթն թանծր ցաւեր ընծայէ յանձն, և Թթուն՝ հով ցաւեր, և Նօսրն ու Մուզն լաւ է, քան զայլն: Քաղցրն տաքութիւն ունի, և այն, որ համ չունի, գիջութիւնն յոլով է։ Հով բնութեանն քաղցրն է լաւ, և տաք բնութեանն թթուն, որ վասն կապութեան ուտէ, փոթոթն լաւ է։ Եւ զԽնձորի ըմբելին եբ թթու Նռան գինով այնես խառնած կամ Ազոխ ջրով, շատ օգտէ լոյծին ի սաֆրայէ և որձկալոյ, և զստամոք ուժովացընէ, և շատ ուտելն ջղացաւութիւն այնէ»։

Վաստակոց գիրքն այլ խնամով գրէ (ՄԽԴ). Խնձորին տնկելու և դարմանելու վրայ, որ «զհովային և զսեւակ գետինն ընդունի, և թէ ոք զՄկնսոխն շուրջանակի տակուցն տնկէ, ճիճեկեր բնաւ չիտայ լինել, և ոչ թողու, որ բնակի  յինքն. Խնձորին՝ բերկրի քան զամէն ծառ ի գոզէն (երբ ի տակն ածես)… Եւ թէ ուզես, որ Խնձորն քաղցր լինի, քաղցր գինւոյ մրուր ած ի տակսն՝ ի շարժսն, երբ կամենայ ծաղկել, նա զծաղիկն արգիլէ և քաղցր առնէ զԽնձորն: Եւ թէ ուզես, որ կարմիր լինի, ցըցեր զարկ շուրջանակի ծառին՝ արձակ, և զճիւղսն նոյն Խնձորովն իջո, և ի ճիւղսն կապեա, որ ի վերայ գետնին ցածանայ, և ներքև փոսեր արա, և երբ ի խայծ լինի Խնձորն, ջուր լից ի փոսերն, նա դիպի արեւն ի ջուր և ծուխ հանէ, և այն ծուխն, որ ի Խնձորն հասանի, կարմրացուցանէ զԽնձորն։ Եւ թէ բնութեամբ ուզես, որ կարմիր լինի, ի Մաթըզի ծառի տակն պատրուսեա զԽնձորենին, նա լինի Խնձորն կարմիր և քաղցր... Եւ թէ արճըճայ գօտի շինես և ծառին կապես զերդ երկու թիզ հողն ի վերեւ, շատ Խնձոր տայ առնել և ի պինդ ունենալ։ Եւ թէ ուզես, որ Խնձորն չնեխի և թրթուր յինքն չմերձենայ, երէ մի կայ, որ իւր անունն սարու կ’ասեն (կանաչ մողէզ), զտակռիճսն՝ նորա լեղեաւն օծ»: Պտուղներն այլ երկար ատեն պահելու համար խրատէ (ՄԺԶ). «Քաղեա ձեռօքդ, և ի տուն, ուր ծուխ չհասանի, գարէ յարդ լից, և ինքն ի վերայ ամբողջ մնայ, քանի տունն հով լինի. լաւն այն է։ Եւ թէ առնու ոք Ընկուզի սղոցուք կամ Կվենւոյ կամ գէր Մարխի, և լնու ի կարաս անձիւթ, և զԽնձորն ի ներք թաղէ, ամբողջ մնայ, բայց զբերանն ամուր ծեփեա, որ օդ չմտանէ։ Սակայն այս է լաւն, քան զամենայն. ա՛ռ Խնծոր ամբողջ ի ծառէն և ի վերայ փայտին խամ կապեա, և ա՛ռ Ընկուզի ցախ և ի վերայ Խնձորին փաթաթեա, որ աղէկ ծածկէ Ցախն զԽնծորն, և այնու կախեա յանծուխ և ի հով տուն, ամբողջ պահէ… Եւ թէ ի մուստառ դնես, անուշանայ ինքն և անուշացուցանէ զգինին, և շէն մնայ, բայց զմիրգն այլահամ ուտես»:

Խնձորն շատ տեսակ ունող պտուղներէն մէկն է ի Հայս 50 տեսակի չափ կ’ըսուի, որոցմէ մեզի ծանօթք անուամբ` հռչակեալ Խաշխաշի Խնձոր ն Արտամետի. Դառնիճ, որ և զատ թթու պտուղ մի ճանաչուի. Խաչախնձոր կամ Խաչորկէն. Կաթնախնձոր. Կանաչկենի ՝ ըստ գունոյն. Կարմրկէն. Հարշ. Մաճուռակ. Մեղրախնձոր. Մլըտիկ. Շաքարկենի. Պահունի. Ջրոտկէն. Վարդախնձոր. Տոտրիճ (Վայրի Խնձոր). Փացի, որ և Թեփուկ խնձոր ։ Տեղ մի գրուած էր Եզնկայի Խնձորենեաց Թ. անուններն, Սագի, Թավ շան, Սինապի, Եաշ-գըշ էլմաuի, Կէլին էլմասի (Հարսին խնձոր)։ Գանձակի լերանց վրայ այլ զտուի կարծր ու կարմիր փայտով, ծաղկով ու պտղով Խնձոր մի, զոր կակղելու համար հողի տակ թաղեն, և ի Զատկի հանեն ուտեն, որոյ համար  Թ. կ’ըսուի Գուզու կէօրէն

Յիշած եմք, թէ Ալոճն այլ կ’ըսուի Վայրի Խնձոր . 22), Սինձն այլ

1083. Խնձորակ. Խնձորակ խոտ.

Մշեցի ծերունի մի ստորագրէ զայս, փոքր, բայց ծառաձեւ բոյս մի՝ գետնատարած ու աղուամազոտ տերեւներով, ընկուզաչափ խնձորաձեւ կանաչ պտղով, որ և կ’ուտվի՝ բաւական անոյշ ըլլալով։ Նոյնն կ’ըսէ, որ սովի ատեն ասոր հունտերը ուրիշ վայրի բուսոց հունտերու հետ աղալով՝ հաց կ’ընէին և կ’ուտէին: Լօշտակի ծանօթութեան մէջ յիշեցինք զՄանրագոր՝ անշուշտ այս Ս. Գրոց մէջ յիշուածն և Խնձորակն նոյն են, որ թէ վերոյգրեալ բացատրութենէն և թէ Նարեկի Լուծմունք հին գրողի մի խօսքէն հաստատուի. «Ազգ մի Խնձոր կայ վաղահաս, Մանրագոր ասի կամ Լեառնախնծոր, ուստի քաղեաց Ռուբէն». Ս. Գիրքն այլ (Ծննդ. Լ. 14 Խնձոր ) Մանրագորաց կոչէ զայն, զոր անդրանիկն Յակովբայ «եգիտ և եբեր յանդի առ Լիա մայր իւր», և նախանձ ձգեց անոր և իր մօրքրոջ մէջ: Տե՛ս և Լօշտակ և Մանրագոր: Հին բառգիրք մ’այլ կ’ըսէ. «Մանրագոր՝ « Խնձորի Խոտ կամ Մորի»։ 

1084. Խնձորխոտ։

Ուրիշ է վերինէն, և նշանակէ զԳետնախնձորն . 446), այսինքն՝ զԵրիցուկն

1085. Խնձործաղիկ.

Յիշուի ի Բժշկարանս ուրիշ ծաղկանց և տերեւոց հետ, ինչպէս. «Անթառամն ծաղիկ և Ջղախոտ և Խնձործաղիկ». ծանօթ է և հիմայ, բայց ոչ ինձ

1086. Խնձորկոտիկ.

Զայս յիշէ Հին Բժշկարանն, ուրիշ շատ խոտոց և բուսոց հետ՝ իբրեւ դեղ մարմնոյ պաղած մասանց։ 

1087. Խնձորկուլ. կամ Խնձորակուլ ?

Երկբայութեամբ յիշեմք զայս, որ Գալիենոսի բառից մէջ՝ Իարէին ? անուան զուգուի, և թերեւս ոչ բոյս, այլ կենդանի ըլլայ (ինչպէս Ոսկրկուլն)

1088. Խնձորուկ.

Տեսակ Առուոյտի, տերեւքն ըստ Երեքնուկի, տանձաձեւ, իսկ ծաղիկն կլորակ գեղեցիկ կարմիր, զոր Խնձորի նմանցընելով՝ այդ անունը տուած են։ 

1089. Խնճլուզ. Խնճլոզ. Փունջուլօզ.

Բանջարեղէն մի՝ տերեւներն մէկ կարգի վրայ շարուած, Բասենոյ կողմերը առատ գտուի (Մանան. 446., Նոր Դար. Դ, 62)։ Այս է կամ այսպէս կոչուի Ձիւնծաղիկն, Փ. Galantine

1090. Խնճորակ.

Շան Թութ այլ կոչուի, Հաղարջի նման պտուղ է, թուի վերոյիշեալ Խնձորակն, և բառգրոց Մորի գրածն

Խշր. Տե՛ս Խաշար:

1091. Խշրիկ.

Բժշկարան մի նոյնանիշ համարի զսա ընդ Թութիայի

1092. Խոզակ.

Այսպէս կոչուի անտառային ծառոց կլորակ չուտուելու պտուղն։ 

1093. Խոզակաղնի. Խոզկաղնի.

«Որ Թ. Պալամուտ ասէ՝ ըստ Ամիրտ., որ է մեծ կեղեւ կաղնին»։ Ուրիշ բժշկարան մ’այլ կ’ըսէ. «Պլութ (Պալուտ), որ է Խոզին կաղինն»։ Քանի մի տեսակ Կաղնեաց նշանաւորներէն մէկն է բարձրութեամբ և հաստութեամբ. Լ Quercus Aegilops (Այծակն), կամ Cerrus. Փ. Chêne Velani, պտուղն կամ Բալուտն ՝ ըստ առասպելաց՝ մարդկան ուտելիք էր, երբ դեռ վայրենութեան վիճակի մէջ էին։ Տե՛ս Կաղնի, ուր յիշուին հասարակ և այլ տեսակք։ Քիմիաբանութեան գիրքն փոլատ (պողովատ) շինելու մէկ նիւթն ալ դնէ զԽոզկաղին

1094. Խոզատանձ.

Գալիենոսի բառք այսոր հոմանիշ գրեն (ըստ այլեւայլ գրչաց) Ագրակէզ, Ագրակէս, Ագրագես, որ է Յ. Αχράκις, Լ. Pyrus silvestris: Անունն յայտնէ, որ Վայրի Տանձ է, որոյ պնդութեան համար նոյնպէս կոչուի և կոկորդի մէջ գոյացած ելունդն կամ ուռէցքն, հասարակօրէն Խոզք կոչուած առ մեզ (Scrofules)

1095. Խոզեպանրուկ.

Ճերմակ և կլորիկ արմատով բոյս մ’է ուտելի` շագանակի hամով, այլ մեծութիւնն և ձեւն ինձ անծանօթ։ 

1096. Խոզի Բակլայ.

Ամիրտ. շատ տեսակ Բակլայ գրէ, բայց զայս՝ ոչ: Շէհրիմանեանն է զայս յիշողն՝ իբրև նոյն ընդ Բանգի. տե՛ս զայս . 304), թէպէտ նման չերեւիր

1097. Խոզիթ.

Մանր խոտեղէն մի բթաչափ երկայն և կեռ-կեռ տերեւներով: Բժշկարանք յիշեն և Խոզիթ Վայրի ? դեղ ցաւոյ աղեաց, շուքի մէջ չորցուցած և ծեծած։ 

1098. Խոզի ծաղիկ.

Անուամբ բոյս է, իրօք աղային նիւթ մի. Ար. Զահրաթ ըլ-Մլհի, ըստ Ամիրտ. «Այն իրքն է` որ իՆիլէն կու ելանէ, ի փոս տեղեր, ուր որ ջուր կայ, ի հոն կու բուսնի, և գունն ի Զաֆրան կու նմանի, և հոտն ի ձկան հոտ կու նմանի»

1099. Խոզի կաշի ?

Ստ. Ռոշքեան գրէ, թէ այսպէս կոչուի Չամանն, թուի թէ Լեհահայոց մէջ։ 

1100. Խոզի հաց.

Թաղթի շատ անուններէն մէկն է, տե՛ս զայս և Արջտակ . 236, 759)։ 



[1] Յունաց առասպելեալ Եսպերեան պարտիզաց պահապան երից քերց՝ առաջինն Արիթուսա կոչուէր. այս անուամբ բանասէրք հին հեղինակաց Արեթուսայ լիճը ճանչնան աւելի, քան զՎանայ ծովակն՝ անոր մօտ Նազուկ լիճը: