Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1101. Խոզի մազ.

Այս այլ Ձարխոտի շատ անուանց մէկն է։ 

1102. Խոզի Փուշ.

Այսպէս թարգմանէ Ամիրտ. Յ. Ανάγυρος, Լ. Anagyris fœtida, Փ. Anagyris fétide. «Ինքն ծառ-մն է, որ խիստ պեղծ հոտ ունի, և միրգն երիկամ կու նմանի, և գունն ազգի-ազգի է, և խաղողին ատենն խիստ կու լինի, և յորժամ տերեւն թաժայ լինի, ծեծես և սպեղանի առնես և դնես պալղամի ուռէցին, օգտէ և հալէ, և թէ մէկ դրամ Ծորի շարպով խմցընես, օգտէ այն ցաւերուն... և թէ գինով խմցընես, զգլխուն ցաւն տանի»: Պէյթար՝ Խոզի եղջիւր թարգմանէ (Խարուպ ըլ-Խընզիր), պտղոյն ձեւին համար. Ամիրտ. այլ՝ այնպէս է կ’ըսէ՝ ըստ Եգիպտացւոց

Խոզկաղին. Տե՛ս Խոզակաղնի:

1103. Խոզմատ.

Թուի Բալում, այսինքն՝ վայրի Կաղնոյ պտուղ. Վաստակոց գիրքն (ԿԸ) Այգի տնկելոյ խրատից մէջ կ’ըսէ. «Ոմանք առնուն զԽոզմատն և զԿաղինն (կամ զԽոզմատ-Կաղինն) և կեղեւեն, և աղան խոշոր զերդ Բակլայ և այլ մանր, և երբ դնեն զտունկն, նա յիւրմէ ի տակսն լնուն ճանկ մի, և ապա զհողն ի վերայ ածեն», եւայլն։

1104. Խոզ-Մատիտեղն.

Յիշուած է ի Բժշկարանս, դեղ փորցաւի, թուլութեան, և արիւն գոզելոյ. անունն յայտնէ, որ Մատիտեղի վայրի տեսակ մի է։ 

1105. Խոզուկ.

Ջրային մամուռ է, սովորաբար Խօզ գրուի. տե՛ս զայն

1106. Խոզպանդուկ. Տե՛ս Խոզեպանրուկ ։

1107. Խոլորձ.

Ամենայն դաշտաց հասարակ բերք, անասնոց ուտելի. անունն այլ նոյնպէս հասարակաց ծանօթ մեր հին հարց, իսկ նորերուս՝ քիչ մի երկբայական, վասն զի ըստ ոմանց Առուոյտի տեսակ մի է, որոյ և նմանեաց հետ տեսանք յիշուած յառակախօսէն. «Գնդածաղիկք և Կորնգան և Խոլորձ, Առուոյտ կապոյտ և Սէզ և նմանք սոցին», եւայլն (տե՛ս Առուոյտս, թ. 158-9)։ Ըստ այլոց է Վիգն, Լ. Vicia, Փ. Vesce. տեսողք ու լսողք կ’ըսեն իբր երեք թզաչափ բարձրացող բարակ բոյս մի, փունջ-փունջ մանիշակագոյն ծաղկամբք և ոլոռնաձեւ սեւ հունտերով: Սալաձորցին իբրեւ աւելի աչքի զարնող ծաղիկ մի նկարագրէ

«Խոլորձըն ջահառեալ թըփին՝ պայծառանայ առաւօտուն», իսկ իրմէ՝ նա և քան զամէն ազգային նախնիս մեր էին բանաստեղծ Նարեկացին՝ իր նշանաւոր Սայլի երգոյն մէջ կ’ըսէ

  «Այն հարիւր բարդ Խոլըրձան՝ այն Նահապետքն են». բուսոյն միւս մասերն այլ Սրբոց ուրիշ դասուց նմանցընելով: Ըստ նոր բառհաւաքի՝ Սեբաստիոյ կողմանց՝ Խոլորձ կոչուի շամանաբեր խոտն

1108. Խոկարի ?

Վայրենի ծառ մի ի Հայ-Աղուանս (Մեղու, ԻԲ, 83)

1109. Խողլի.

Այսպէս կոչուի ի Մուշ՝ հասարակօրէն Ծխախոտ կոչուած աշխարհածաւալ բոյսն՝ բերնով ծխելու սովորութեամբ. Լ. Tabacum կամ Nicotiana, Փ. Tabac, Nicotiane. Թ. Թիւթիւն, որ լսուի ի բոլոր արեւելք, որոյ գործածութեան պատմութիւնը, թողլով բնապատում բանասիրաց, յիշեմք միայն ի՞նչ օտարոտի և անբանական բան երեւնալն՝ ի սկզբան (հիմայ ո՞չ). որ և խղճահաւատից մեղանչական երեւցաւ, և այնու մտօք շարժեալ ազգային քերդող մ’այլ յ’յԺԷ դարու՝ գրած է ոտանաւոր բան մի՝ Վասն Թիւթիւնի, զոր և ի Ս. Գրոց նզովեալ համարի է.

 

«Թէ Հարցանեմք ի սուրբ Գրոցն,
Գարշ և զազիր ասէ զԹութուն.
Որպէս մեղուն փախչի ի ծխոյն՝
Նոյնպէս հրեշտակն յայն պիղծ հոտոյն.  
Շատ մարդ շիւար կան ւ երերուն,
Ոչինչ ունին ի տան յանկիւն,
Փող մի չունին, որ տան հոգւոյն,
Երթան պարտօք գնեն զԹութուն…

Ծուխ կու հանեն ի քըթերոյն,
Ըզսեւ օձն ի բերանոյն
Վա՜յ է նոցա հազար հոգւոյն,
Որ կատարեն զկամքըն դեւոյն։...
Բայց դուք որդիք արքայութեան,
Մի՛ առնէք զձեզ տուն չարութեան՝
Խմելով զԹութունըն զազրութեան,
Ւ անմասն լինել Հաղորդութեան... »

 

1110. Խոճիկ. Խոճկորակ. Խոճկորիճ.

Սովորաբար իր հունտն յիշուի, Խոճկի ունտ, Խոճկորճի ունտ. Լ. Tussilago կամ Petasites, Փ. Tussilage կամ Pas d’âne. յատկօրէն այլ կոչուի Լ. Tussilago Farfare. այս անունս այլ պէսպէս կերպով է գրուած hայերէն ի Բառգիրս և ի Բժշկարանս, յաւելուածով ն տառի, Փալփալնա, Փարփանա, ռամկօրէն փոխան` Փռանկաց իշու ոտքի նմանցուցած անուան՝ կոչուի հայերէն Ձիու ըղունգ, ինչպէս կոչեն և իտ. Սոցhia cavallina, իսկ Թ. ուղտի ներթան, Տէվէ տապանը. Հայերէն կոչուի և Տատրակ, կամ այսպէս կարծուի: Պէյթար զանազան անուամբ բոյսեր յիշէ, զոր թարգմանիչն ստոյգ կամ տարակուսիւ՝ Խոճկորիճ (Tussilago) hամարի: Ամիրտոլվաթայ գրոց մէջ չեմ hանդիպած կամ չեմ ճանչցած անոնց մէկը և ոչ hայերէն անունները: Վայրի խոտեղէն բոյս մի է, ծաղկըներն կլոր տափակ ձեւով ճղերու ծայր, որ յետոյ աղուամազի պէս գունտ մի ձեւանան: Յեւրոպացի քննողաց յիշուած է ի կողմանս Կարնոյ

1111. Խոյի ?

Բառգիրք հոմանիշ գրեն զսա Զուփայի, որ է Զոպա . 718)։ 

1112. Խոյի ճմուռ.

Նոր բառհաւաք մի նշանած է զայս՝ առանց բացատրութեան։ 

1113. Խոշակ.

Վնասակար բոյս մի երեւցընէ զայս Սաղմոսամեկնիչն Դանիել Ասորի (Սաղմ. ԼԵ). «Իբրև զժանգ Ցորենոյ, և իբրեւ զԽոշակ անդաստանաց, այնպէս կռփի (կրիւք) հասկ հոգւոյն, և լինիցի առանց արդեանց»։ Հիմայ այլ լսուի այս բառս՝ Ցորեն՝ դատարկ հասկ նշանակելով։ 

1114. Խոպոպ Գարնան կամ Գարնան Խոպոպ.

Գեղեցիկ անուն մի, զոր արժան էր ստորագրել. լսուած է ի Սասնեցւոյ, գուցէ նոյն ըլլայ և

1115. Խոպոպիք կամ Խոպոպիկ.

Անշուշտ ոլորած կամ գռուզ մազերու ձեւով խոտ մի, որ յիշուի ի գաւառական բառս Սեբաստիոյ կողման:

1116. Խոռ. Խուռ.

«Խոռ, որ է Դաղձն», գրէ Հին Բժշկարանն, ուրիշ մ’այլ՝ Վայրի կամ Լեռնցի Դաղձ: Ըստ Ստ. Ռոշքեան է Լ. Chamæpitis, զոր համարի Լերդախոտ։ 

1117. ԽոռիՃ.

Այս այլ է Անջրդի Դաղձն ՝ ըստ նոյն հին Բժշկարանի։ 

1118. Խոռմոյ Կորեկ.

Ըստ Ասարայ՝ է Գաւարս. տե՛ս զայս: Բայց ստուգելի է ծագումն Խոռեմ անուան։ 

1119. Խոռն.

Յիշուած է ի նորոց. գուցէ վերոյգրեալն Խոռ ըլլայ

1120. Խոռնիկ.

Սալոր կամ սալորանման սեւկուկ անուահամ պտուղ մի՝ 3 կամ 4 կուտերով, աշնան վերջերը կու հասուննայ

1121. *Խոռնջան. Խօլջնան. Խուլջնան. Խօլնճան.

Ար. Բժշկարան մի կ’ըսէ. «Տաք դեղ է (Պղպեղ). Ար. Խուլնջան, Ֆռանկն՝ Կալանկէ», այսինքն՝ Galanga։ Ուրիշ մի. «Ինքն կարմիր տակ է, և անուշահոտ է, Փանի ն քօքն այ. մանրն է պիտանի: Հնդկաց Փանի տակն է»։ Ուրիշներ այլ կ’ըսեն՝ Խուլինջան, որ է Խոսրովուդարու կամ Խոսրովդարա ։ Ամիրտ. այլ. «Կարմիր տակ է խոտի, և ի Զանճապիլ կու նմանի. երկու ցեղ է, հաստ և բարակ է, տաք և չոր է երեք տարաճա, և նուրբ այնող է, և զբերնին համն աղէկ առնէ, և զերեսն պայծառ առնէ. զգինուն և զսոխին և զսխտորին հոտն ի բերնէն տանի, և զստամոքն յուժովցընէ, և զկերակուրն հալէ... և թէ գինով խմեն, գիրացընէ… Եւ ասեր են բժշկապետքն, թէ Խօլեջանին լաւն այն է, որ ի բազային բունն գտնվի»: Յայտնի է հիմայ, որ այս բոյսս կամ արմատս Կալանկա կոչուած, թէ և ի Հնդկաց կ’ըսուի, բայց ի Ճեաւայէ այլ կու գայ, նա և ի Չինաց. ետքինս փոքր կոչուի, միւսն՝ մեծ, երկուքն այլ լեղի և կծու են, բայց՝ համեմային, և պիտանի է դեղորայս

1122. Խոսկում. Խոստում. Խօսքիմ.

Կարոսի նման ուտելի բանջարեղէն մ’է՝ ըստ Խոտուջրեցւոց. Կարնեցիք Խրխնտուկ կոչեն։ 

1123. Խոտ.

Հասարակ անուն ամեն կակուղ անփայտ և յօդաւոր կամ անյօդ բուսեղինաց։ 

1124. Խոտի մէջ.

Այսպէս այլ կ’անուանի Գորտնբուրդն կամ Մամուռն, զատ յայլեւայլ անուանց

1125. Խոտոր.

Անուն տեսակ մի Խաղողոյ յԵրեւան:

1126. Խորասանի.

Տե՛ս Եղեւին ՝ առաջին նշանակութեամբ . 642)։ 

1127. Խորասանիկ. Տե՛ս Աղուիճակ . 65):

1128. Խորդենի կամ Խորտենի ?

Ծաղիկ մի է՝ ըստ Բրգնիքցոց (Պատկեր, Գ. 184)

1129. Խործիւ Այգւոյ.

Որթոյ բարակ ծիլերը կամ ճանկերը նշանակէ

1130. Խործովիլ. Խորձուիլ. Խորձւիլ.

Գալիանոսի բառից կարգին՝ ասոր զուգանիշ դրուած Է Բռնիան ? սխալ գրուած անուն մի հաւանօրէն, ոչ ամեն օրինակաց մէջ. նոյնպէս հաւանելի, որ ի Բժշկարանս, ուր Արմատ ն և հունտ ն յիշուի, ըլլայ յատուկ Խաւարծիլն և Գաբծիլն. տե՛ս զայս և զ Իշխուն. զի Կարնեցիք և այլք ոմանք այսպէս կ’անուանեն զԽաւարծիլ։ Սիմ. Կամարկապցին նոր նշանակութիւն մ’այլ կու տայ՝ Ձմերուկ, Մեղրապոպ գրելով։ 

1131. Խործօնօի տակ ?

Այսպէս գրուած է հին Բժշկարանին մէջ, և զուգուած Խամիրէ անուան. տակ բացատրութեամբն՝ յայտնուի թանձր արմատ ունենալն, իսկ Խամիրէ ՝ Ար. և Պ., ինչպէս և մեր լեզուաւ՝ Խմոր նշանակէ, բայց հարկ է, որ բուսեղէն մ’այլ ըլլայ, որ ինձ անծանօթ է:

1132. Խորոմ.

Լսուի ի Խոտուջուր. թերեւս վերոյիշեալ Խոռմոյ Կորեկն ըլլայ:

1133. Խորոտ ? Տե՛ս Հօրօտ ։

1134. Խորտակ Ծոթրին. Տե՛ս Մեղրածուծ:

1135. Խորփրըստ ?

Ծռած կամ սխալ գրուած կ’երեւի, բայց անտարակոյս զովացուցիչ և գիճային խաւարտ մ’է, ինչպէս կ’ըսէ Մխ. Հերացի (եր. 46), և նման Հազարի, Փրփրեմի, Դալար Գընձի։ 

1136. *Խուզամի. Տե՛ս Անճարակ. թիւ 116:

1137. Խուլէպ.

Ոչ է յատուկ բոյս, այլ խուրձ մի Կանեփի՝ ըստ Պոնտացւոց:

1138. Խունկեղէգն. Տե՛ս Եղեգնախունկ ։

1139. Խունկի.

Անուն տեսակ մի Խաղողոյ

* Խունսիաւշան.

Պարսկերէն նշանակէ Վիշապի արիւն. տե՛ս Աղբերաց արիւն։ 

1140. Խուշբինակ.

Թէպէտ տեսանք ի թիւ 245, որ Հին Բժշկարանն Արքայիկ խոտին տերեւը կու նմանցընէր Խուշբինակի, բայց այսոր ինչ ըլլալն չիմացուեցաւ

1141. Խուպազ. Խուպէզ. Խուպայզ. Խուպուզիկ.

Շատ հեղ յիշուի ի Բժշկարանս՝ փոխանակ Մոլոշի. տե՛ս զայս: Ար. հաց այ նշանակէ այս բառս

Խուռ. Տե՛ս Խոռ։

1142. Խուռամ.

Ամիրտ. իր բառագրոց մէջ` Ղարամֆիլ ծաղկան հոմանիշ գրէ. տե՛ս Շահոգրամ

Խուռնիկ. Տե՛ս Խոռնիկ ։

1143. Խուրձ.

Բաց ի հասարակ խոտի կապոց կամ չափ մի նշանակելէն, յատուկ բուսեղէն մ’այլ է՝ ըստ Խոտուջրեցոց. ինչպէսն՝ ինձ անծանօթ։ 

1144. Խպապի.

Այսպէս յԱրցախ կոչուի Լ. Taraxacum officinale, որոյ ուրիշ տեսակներն Հ. այլ ուրիշ անուն ունին: Տե՛ս Գաղտիկուր։ 

1145. Խպըլիկ կամ Խպիլիկ.

Ըստ ոմանց է Վայրի Որթ, բայց ըստ Տրապիզոնեցւոց՝ վայրի Յասմիկ ն է. Լ. Clematis. կոչուի և Հոտոտ, տե՛ս զայս

1146. Խռբու.

Ըստ անուանն խոշոր և անարգ բոյս մի պիտի ըլլայ, որովհետև արջու ախորժակի յարմարի, որոյ համար վկայէ Առակախօսն (ԽԷ), թէ երբ Արջնդեղէ չօգտեցաւ՝ փափագելով կ’ըսէր. «Ո՞ Խռթու և Ճանդի, որքա՞ն բարի էք որովայնի»: Տե՛ս Խրբուկ։ 

1147. Խռթիկ.

Բժշկարան մի գրէ. « Միշմիշ, Պ. Զէրտալու, և հայերէն Խռթիկ ասեն և Ծիրան »։ Տե՛ս զայս

1148. Խռնդատ.

Եզնագին է. տե՛ս զայս: Իգական բարդութեամբ այլ յիշուի՝ Իգախռնդատի տակ, Կամարկապցին կ’ըսէ. «Խռնդատն, որ ի լերինս լինի, մոխրագոյն է», իսկ Սալաձորցին.

«Խռնդատն է ծաղկեր ծառերով, ընկեր եղեր է Կոճղերուն»:

1149. Խռնջտակ. Խռնտակ.

Նման կամ նոյն են ընդ Խռնդատի, վասն զի Բժշկարանք՝ մէկը կոչեն Ար. Մահի զահրա, և Ամիրտ. կ’ըսէ. «Ինքն խոտի տակ է, Եզնագի ասեն», միւսոյն համար Բժշկարան մի գրէ. «Թ. Պալիղ օթի ասէ», Խռնդատն այլ, ինչպէս տեսանք՝ յԵզանագի՝ կոչուի Ձկան մահարար։ 

1150. Խռովխոտ.

«Վայրի խոտ, զոր դեղ առնեն վիրաց», գրէ Մանանայն (եր. 446)