Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

451. Գետնանոճ.

Որ է թարգմանութիւն Chamæcypressus Յ. և Լ. անուան, ըստ Ստ. Ռոշքեան որ կոչէ զսա «Խոտ, որ գինւով արբեալ՝ ընդդէմ թիւնից օձից և կարճաց զօրէ»: Լատին բառն պէտք է ուղղել Chamæcyparissus, որ հիմայ խափանուած է, և բոյսն, որ թուփ է հիւսիսային կողմանց՝ Santolina կոչուի. պտուղներն 2-5 անկիւնի ձեւով են . 445)։ 

452. Գետնաշագանակ.

Ի նորոց յարմարցուցած Փաթաթի (Patate) համար, զոր այլք կոչեն Գետնախնձոր. զոր տե՛ս։ 

453. Գետնառիւծ

Վերոյիշեալ Ռոշքեան զայս այլ նշանակէ իր բառագրոց մէջ՝ ըսելով. «Խոտ ինչ խայթոցաւոր, որ զանազան տերեւս ունի, և ըստ գետնոյն զգոյնս փոխէ. Chamæleon, Chardapastum»: Այսպէս գրէ լատին անուններն ալ, որոց յետինն անծանօթ է հիմայ, իսկ բոյսն անշուշտ է Chamæleon Carlina, և աւելի ընդունելի կոչմամբ Atractylis gummifera. Հին յոյն հեղինակք երկու տեսակ Գետնառիւծ փշոտ բոյս ճանաչէին, Սեւ և Սպիտակ. ետքինս կ’ըսուի Ար. Իշխիս, կամ՝ ըստ Ամիրտ. « Իuխիս, որ Թ. Սախիզ տիքանի ասէ. եթէ զտակն ծեծես և Սերկեւելի շարապով խմես, զտափակ ճիճին հանէ, և թէ գինով յօրն երկու տրամ խեւցած մարդուն խմցընես, օգտէ... և թէ օձահարն և կարճահարն խմեն օգտէ. և թէ ալուրով խառնես ջրով և հոռոմ ձիթով, շներն և խոզն և մուկն ուտէ՝ մեռնի», եւայլն։ Հիներն այս բոյսս սաստիկ թունաւոր գրեն, բայց Արաբացիք հիմայ աղցանով կ’ուտեն

454. Գետնասօս

Chamæplatanus. Զայս այլ յիշէ Ռոշքեանն ի մեկնութենէ Ծննդոց գրոց. լատին անուան տեղ, որոյ թարգմանութիւն է հայերէն, հիմայ բուսաբանք կոչեն Viburnum Opulus. փոքր ծառ կամ թուփ մ’է կակուղ ճիւղերով՝ ուսկից կողով կու լինեն, և անկէ առնուած է նոր Լ. անունն. Փ. Viorne, սղոցաձեւ տերեւներով, սպիտակ կամ վարդագոյն ծաղկօք

455. Գետնատափն.

Ըստ Հին Բժշկարանի՝ ճիշդ թարգմանութեամբ Chamædaphne բառի, փոխանակ գրելու Գետնադափնի. «Նման է Կասլայի, այլ նօսրգոյն է, եբ ի բերանդ դնես՝ նա բերանը շողնայ և զփողքդ կսկծեցընէ. ծաղիկն սպիտակ է. պտուղն եբ հասնի՝ սեւ է, գտանի ի լերինս և ի լանջ տեղս: Զտերեւն չորցո և մեղրով խառնէ, և տուր եղկ ջրով. զմաղձն ի վայր հանէ ու զմաղասն ի վեր բերէ, և զիր հունդն ԺԵ հատ մաղձնդեղ տալ՝ ազնիւ է»։ Հիմայ բուսաբանք փոխանակ հին այդ լատին անուան՝ կոչեն Vinca major. Փ. Grande Pervenche, Ար. Ղուզապ., որ Թ. Ծերոց գաւազանին մեծն է, ասէ. և ոմանք «ասեն, թէ խոտ-մն է, երբ բուսանի, գետինն կու ճապաղի և կու բռվի. բարկուկ և երկայն ճղեր ունի, ի սէզի ճիւղ կու նմանի, և մանր տերեւ ունի. նման է Տաֆնու տերեւին, և այլ մանր կու լինի. և յանկից (թէ) զմէկ տերեւն ճղովն ուտեն-խմեն՝ զլուծումն արգիլէ... և թէ քացախով խառնեն և խմեն, օգտէ վիշապին խածածին, և թէ գինով խմես, զփորն կապէ, և օգտէ աղեց գաներուն»

456. Գետնատօսախ.

Յոյժ ցած Souախ. Chamæacte՝ ըստ Ստ. Ռոշքեան. հիմայ կոչուի Լ. Ebulus. Փ. Yéble կամ Hiéble, այլ և Sureau, որով կ’իմացուի Թանթրուենի ծառն, զոր տես

457. Գետնարմաւ.

«Ծառ նման Արմաւենւոյ՝ ըստ Ռոշքեանի, բայց լայնագոյն տերեւս ունի»: Լ. Chamædactylis. բուսաբանք ոչ ծառ, այլ խոտեղէն ճանչնան այս անուամբ, Սիզոց ցեղէն (Graminées Cynosurées)

458. Գետնի աղիք

Որ և Գետնի պտուղ. Գուցէ լաւ եւս համարուի Երկրմայր անունն հայերէն, որոյ համար Բժկարանն կ’ըսէ. «Խոտ է. երկու ազգ է, մէկին ծաղիկն կարմիր և մէկին ծիրանի` զէտ կապուտ»։ 

459. Գետնի աստղ. Գետնի աստղուկ. Գետնի աստղունք

Ըստ Արաբ. Քավքապ իւլ–արզ, «Ասացած է (ըստ Ամիրտ. ), թէ Քավքապի ղլմունի ն է (Քիմուլիա). և Ըռազին (բժիշկն) ասէ, թէ Տաղլ ն է. և Իպնի Սամհուն ասէ, թէ ծառ-մն է, որ գիշերն լոյս կու տայ, և ասացած է (յայլոց), թէ քար է, որ գիշերն լոյս կու տայ. և ինքդ Sախլն է»: Ուղղագոյն գրէ յետոց Տալխ, ինչպէս կոչուի հիմայ այլ յԵւրոպացւոց, Talc, թէ և թափանցիկ և շերտ-շերտ քարն իմացուի այս անուամբ. հիներն այլ տարակուսէին էութեանը վրայ, ոմանք լուսաւոր քար մի, ոմանք բոյս կ’ըսէին. ստուգիւ երկուքն այլ, և ամենայն լուսափայլ նիւթ այս անուամբ կոչուէր: Ամիրտոլվաթ իբրեւ քար ստորագրէ  զՏալխ, և թէպէտ կու յիշէ, թէ. «Ասէ Ըռազին, թէ ինքն Գ ցեղ է, մէկին Պահրի կու ասեն, և մեկին Եամանի, և մէկին Ճապալի կու ասեն, և Ալին [1] ասէ, թէ Գ ցեղ է, Եամանի, Հնդի և Անդալիսի, բայց ոչ քար կոչէ և ոչ բոյս. յետոյ դարձեալ նոյն Տալխ անուամբ գրէ. «Ինքն որպէս քար է, ի գետնէն ելնէ, աղէկն սպիտակն և յիստակն է, եւայլն»: Իբրեւ բոյս Գետնի աստղն համարուի Լ. Asperula odorata, Փ. Asperule odorante, կամ Petit Muguet, այլ և Hépatique étoilée, Reine des bois. հոտաւէտ և փայլուն տերեւներով խոտեղէն, որ տեսնուած է և ի Ճիմիլ լ. Պոնտոսի: Յիշենք այս տեղ, որ Գետնի աստեղ նման Գետնի ճրագու այլ կայ, Ճաւզի ճանդում ըստ Ար. հող է և ոչ բոյս։ 

460. Գետնի Դաղձ.

Կոչուի և Առուի Ռեհան ։ Տե՛ս Դաղձ անուան ներքեւ։ 

461. Գետնի խնձոր. Գնտակ խնձոր

Զատ ի Գետնախնձորէ, զոր յիշեցինք (թիւ 446), նշանակէ և Ձարխոտը

462. Գետնի Ձար

Վերոյգրեալ Ձարխոտն է։ 

463. Գետնի Պտուղ։ Տե՛ս Գետնի աղիք: 

464. Գետնի Ռեհան. 

Որ և Գետնի Դաղձ. տե՛ս Դաղձ։ 

465. Գետնի Վարդ.

Յիշուի ի կողմանս Վանայ:

466. Գետնի Փիճի. Տե՛ս Ճանկխոտ

467. Գետոյ պտուղ

Բժշկարան մի հոմանիշ գրէ զսա և զ Ալոյգ ? և Հոլ ։ 

468. Գերերի

Խորենացւոյ Աշխարհագրութիւնն Սիւնեաց երկրի բերոց մէջ յիշէ «Մուրտ և Գերերի և Նուռն», զոր Սէն Մարտէն Փռանկ թարգմաներ է Geranium: Հին բժշկարանն զուգէ. «Գերերի՝ Քիմէ». նոյնպէս և Ամիրտ. Քիմէ ն, որ է Գերիէ՝ փոխանակ գրելու Գերերի։ Ռոշքեանն, ր տառի տեղ տ կարդալով, Գետերի գրէ, և ըստ իմաստին (մօտ ի գետ) համարի Potamogeton, Փ. Potamon, բոյսը, եւ կ’ըսէ. «Ազգ Բալասանի, բարձրագոյն քան զայլս, թաւ կեղեւով. Eumecest : Մերոց յիշեալ Քիմէն թուի Քամահն Արաբաց, զոր տեսանք Գետնախնձոր կամ Տոմալան: Բայց այս ամենայն կ’ունայնանան, եթէ փոխանակ գ տառի դ կարդանք Դերերի, զի այս անուամբ կոչեն Արաբացիք ուրիշ բոյս մի, Aristida obtusa, ի ցեղէ Սիզոց

469. * Գերիոն. —Տե՛ս Եղամա: 

470. Գերմաստ կամ Գերմաստի

Հին Բժշկարանն և Բառգիրք զուգեն զսա օտար անուան մի, Աստբան, կամ Ալստաբան, որ թերեւս ըլլայ Astepanus, Ասկլեպիադեան (Asclepiadæe) կոչուած թփատեսակ կաթոտ բոյսերէն. Գալիենոսի բառից մէջ Գերմաստի զուգուած է Թերմոկելոն բառի, որ եթէ է Thermocœlium, տեսակ մի Ջրիմուռ է (Algսe). ոմանք համարին, թէ յունական Թերմոն ն է, Θέρμος և Լ. Lupinus, Փ. Lupin, արեւելեայց Թրմուզ ն, կամ Եգիպտական Բակլայ ։ Ուրիշ Բժշկարան և բառգիրք մի գրէ Գերմաստի Թ. Կէրմէշիկ ։ Բառագրոց մէկն այլ յիշէ Գերմաստոյ պտ ուղ։ Դարձեալ, ուրիշ Բժշկարան յիշէ Գերմաստի ուռ, Գերմաստի փայտ ։ Հաստատութեամբ ստուգել մէկը կամ մէկայլը՝ մնայ հմտից կամ ժամանակի։ Եւ եթէ գրի սխալ չէ՝ ի նոր գրողէ յիշուի՝ մէկ գրով զանազանեալ հետեւեալն

471. Գերմասրի

Ի կողմանս Աղուանից, նման Մասրի և Ցախաւելի թփոց

472. Գերսէն

Ըստ Սեբաստացւոց կամ Բրգնիքցոց՝ նոյն է ինչ որ Գամբ . 405)

473. Գզիր

Թուփ մի է բազմաթիւ բարակ ճիւղերով, ուսկից կողով կու հիւսեն

474. Գզմազ. Գզմազիճ. Գզմաստ

«Մոշոյ պտուղն է»՝ ըստ Բժշկարանաց, այսինքն՝ Մոշի ծառոյ. աւելի յատկութեամբ գրէ մէկն. «Մաքային ճամբուն Մոշուն պտուղն է». Գզմազիճ կամ Քէզմազիք պարսկերէն է, արաբերէն Հապպ էլ–աթէլ ։ Ոմանք Գազի հունդ կոչեն. վասն զի, ըստ Ամիրտոլվաթայ. «Ասէ Պատէհին, թէ Կազ կ’ասեն (ծառին) և իր պտուղն Կազմազուն է, և Իսլ կ’ասեն և իւր պտուղն Հապ ըլ-իսլ ն է». զայս գրէ Տարֆա անուան ներքեւ, որ է Մոշայն. տե՛ս զայս ի կարգին և զԳազ։ Մանուկեանն ալ գրէ Իլղին ադաճի եէմիշի ։ 

475. Գէշուր.

Ստեպղինն է՝ ըստ Պոնտացւոց կամ Տրապիզոնցւոց

476. Ս. Գէորգու խոտ կամ Խոտիկ.

«Որ երկան լինի, կ’ըսէ Բժշկարան մի. և դեղ աչաց, որ նասուր ելանէ»։ Ուրիշ մի գրէ. « Մեծ Ս. Գէորգու Խոտ. հոռմերէն Սիրինկոյ». այս բառս Եղէգ նշանակէ. նոյնը կ’ըսէ և Գրիգորի Ծառի համար, շփոթելով, վասն զի սա Սալիխա կոչուի. Ամիրտոլվաթ ի բառգիրքն գրէ. «Սալիխայ Հոռմի, Սիրինգա, և է ինքն Մեծ Ս. Գէորգու խոտ ին տակն, որ ի բակերն լինի»: Ըստ քննողաց ոմանց Ս. Գէորգի խոտն է Կատուախոտն Valeriana sativa: Իսկ որոշելով խոտի տեղ Տակ ըսուածն այլ՝ Լ. Dentaria, Փ. Dentaire, որոյ Հնգտերեւեան կոչուած տեսակն՝ D. Quinquefolia նշանակուած է յԱտրպատական. Սոխաբերն D. Bulbifera ի Թ–Հ

477. Գըմուկ.

Մեծ բանջարեղէն մի է թփաձեւ, բարակ և մազոտ, խիտ առ խիտ փունջ-փունջ բաժակաձև կամ հովանոցաձեւ մանր հոտաւէտ ծաղկըներ ունի. արմատն այլ  կոճղէզ է կոնաձեւ, թէ հում կ’ուտուի և թէ խաշած աղջրով: Յիշուի ի Մուշ, ի Շիրակ։ Երեւի թէ անունն Գիմ բուսոյ նուազականն է։ 

478. Գի. Գիհի. Գենի.

Լ. Juniperus. Փ. Genévrier. Բառգիրք մի գրէ. «Գիհի, Արտուճ, Ցրդի». միջին բառն Թ. է. ուրիշ հայերէն հին գրքի մէջ կարդամք. «Գի ծառ է անփուտ և անթառամ, բոլորոստ և տերեւաւոր, արեւ և անձրեւ ի տակն չանկանի»։ Ծանօթ է ծառս և ի Ս. Գրոց, ինչպէս Սողոմոնի համար կ’ըսէ Թագ. Զ. 31), թէ տաճարին դաբիրային դռները շինեց «ի փայտից Գիոց». Ագաթանգելոսի մէջ ալ յիշուի ուրիշ ծառոց հետ

Ամիրտոլվաթ Ար. Արար անուամբ գրէ, « Յարար, որ է Վայրի Սարվ ն» (Նոճ) տերեւն այլ նմանցընէ Թ. Իլղուն ծառոյն (Մոշի). «մեծ կու լինի և փոքր այլ կու լինի, և լաւն այն է, որ կարմիր լինի… քնքուշ այնող է. իւր հոտն օգտէ ըխտաւորին, և պիղծ պուխարն ի գլխոյն տանի, և չի թողուր, որ յաւելնայ. և իր ձէթն չի թողուր, որ ականջն ծանրանայ. և իր հոտն օգտէ կրծոց ցաւուն. և թէ ծխես՝ ամենայն գազանահարի (օգտէ)»:

Մեր երկրին անտառային կողմերում գտուի այս ծառս, և հին դարերէ յիշուած է գործածութիւնն շինութեան համար: Գր. Մագիստրոս, իր թղթոց մէկին մէջ ծառոց վրայ գրելով, յիշէ Սեւանայ ծովուն հարաւային արեւելեան կողմը՝ Ծար աւանին եկեղեցւոյն շէնքն՝ այս տեսակ փայտերով. «Մակաբուսեալն վաղնջուց գեղեցկուղէշն Գի, յորմէ սիւնս ոչ սակաւս՝ հզօրս և ստուարս ի կոչարանում՝ անդ տեսեալ մեր. և գերանք գերակատարք և երկայնաձիգք, որ է վկայարան Սրբոյն Յակովբայ. ամենայն կահք տաճարին գերակայ, տախտակք և խոյակք և խարիսխք, և զթակաղակք և զդրունս և զսեամսն՝ հանդերձ բարաւորօք, և ներքոյ զատակս կազմեալ ի միոջէ ծառէ յայնմանէ Գիոյն գոլ ասեն զնա»: Մեծամեծ ծառոց վրայօք խօսելով՝ կըրնայ կարծուիլ, թէ ի միոջէ ծառէ ըսածն՝ մի և նոյն մէկ Գի ծառ էր, թէ և կըրնայ եւս իմացուիլ, թէ միայն Գի ծառի տեսակէն էր։ Հին Բժշկարան մեր գրէ. «Գի. զտերեւն չորցո և աղա մանր, կամ զդալարն ծեծէ և մեղրով շաղէ, և յաղտեղի վիրին վերայ դիր, մաքրէ, զայտոյցն նստցընէ, զսեւութիւնն սրբէ, զչար կեղն ի բաց հատանէ... Զարմատն եփել և ի ջուրն դնել՝ զմսածն ու զայրածն բժշկէ զտեղն. Քոսի և Խաղվրտի՝ թէ զտերեւն ծեծես և ընդ Սարտակ խառնես և դնես ի վերայ, զվէրն արագ կրցցէ»: Ըստ ռամկական աւանդութեան մերայոց՝ այս ծառս Քրիստոսի յատուկ օրհնութեամբ անթառամ և անուշահոտ եղեր է, որովհետեւ այնոր տակ պահուըտեր է անգամ մի՝ ի Հրէից հալածուած, կամ յԵգիպտոս փախչելու ատեն. ի Գերմանիա այլ Գիոյ ճիւղերն դիւահալած կամ չար ոգիներէ պահպանող համարուին

Ուրիշ յիշատակներ ալ կըրնամք գտնել այս Հայոց սիրող կամ սիրելի ծառին, բայց ամենէն սիրելագոյնն և սրբագոյնն է` իրենց Լուսաւորչին զարմանալի մահիճ և կամ տապան ըլլալն. վասն զի ինչպէս աւանդեն պատմիչք մեր և երգողք, այս իրենց «Հովուին հսկողի՝ ճշմարիտ և քաջ հովուին պատկերի՝ հետեւող «հովիւք», գտին յետ ժամանակաց մովսիսական անտեսաբար վախճանելոյն մարմինն՝ «ի փորուած Գիոյ միոյ», կամ ըստ Առաքեալ Գանձասացի

  «Ի լեառըն Սեպուհ ելեալ                   Հրեշտակք յերկնից նըմա առաքեալ

Եւ ի Գիհոյ ծառին աղօթեալ.               Եւ զմաքուր հոգին անդէն աւանդեալ»։

Այս է աւանդութիւնն, թէ, մահուանէն հաւանօրէն շատ տարի ետեւ՝ հովիւներ գտան Լուսաւորչի մարմինը, մեծ Գի ծառոյ մի հնութենէ բացուած փորոյ մէջ, կռթընած կեցած, գաւազանն ի ձեռին. և հօն անարուեստ գմբեթակերպ գերեզման մի ձեւացընելով՝ թաղեցին։ Տեղաքնինք յիշեն Հասարակ և ցած տեսակ Գի ի Թ-Հ. J. Communis depressa. Բարձրը J. Excelsa ի Գարապաղ, Պոնտոս. նոյնպէս և Հոտածը, J. Fætidissima. J. Oxycedrus ի լերինս Մասեաց 8000՛ բարձրութեան վրայ. աւելի բարձր կարծուի (իբր 9000՛) ի Շահեօլ լեռնանցս։ 

479. Գիմ

Կոճղէզ մի է, որոյ բոյսն Ղեր կ’ըսուի, և դալարութեան ատեն կ’ուտուի։ Յիշուած է ի կողմանս Խոտուջրոյ, ի Կարմիրք, այլ և ի Բարդող լ. (Թաքեալդու)

480-1. Գինածաղիկ. Գինէծաղիկ

Որ է թարգմանութիւն յունական անուան, οινάνθις, որով և Լ. և Փ. Օenanthe. ծաղկին ձեւոյն և կոտոյն համար այսպէս կոչուած. ընդհանրապէս թունաւոր բոյս է, ի ցեղէ Հովանեկաձեւոց. այլեւայլ տեսակ, խոնաւ և ջրոտ տեղերում, ճերմակ կամ բաց դեղին գունով։ Նարդոսային կոչուած տեսակն Oe. Ferulacea տեսնուած է ի Վարդոյ, ի Չմշկածագ: Կոչուի և Այգոյ Ծաղիկ ։ 

482. Գինարբ կամ Գինարփ

Երկայն որձայով բոյս մ’ է դեղին փընջաձեւ մանր ծաղկըներով, զօրաւոր հոտով՝ ոմանց անոյշ, ոմանց անհաճոյ. ճերմակն այլ կայ ըստ ոմանց. «Փորացաւի դեղ է», կ’ըսէ գրիչ մի։ Յիշուի ի Տարօն, Սասուն, Վարագ, Կարին, որոյ ծաղկաբան երգիչն կ’ըսէ գովութեամբ.

«Գինարբին հոտն է գովական. շատոնք հասրաթ են նորա հոտոյն.

Ծաղիկն փունջ-փունջ է եղել, մարդ չի յագիլ իւր կարօտոյն»։ 

Թէ՛ զգեստուց մէջ կու դնեն անոյշ հոտ տալու համար, թէ՛ ծխախոտի հետ խառնեն: Այս Սալաձորեցոյն երգոյն մէկ օրինակն Գինարբի տեղ Գինեվարդ գրէ։ 

483. Գինարբու.

Եթէ նոյն չէ, նմանութիւն մը ունենալու է վերնոյն հետ, բայց զերկուքն այլ  առանձին յիշէ նոյն գրիչն (Մանանայ, 443), և ետքինիս ծաղիկն կապտակարմիր կ’ըսէ. ուրիշ մ’այլ (Միրախորեան) «մեր երկրի սիրուն ծաղիկ, և վեհ թագուհի բոլոր ծաղկանց» կ’անուանէ։ 

484. Գինել, Գինելկոթ կամ Գինեկոթ

Փոքր բանջարեղէն մ’է նեղ տերեւներով, ծանօթ մեր գաւառականաց, զոր տապկելով կ’ուտեն։ Ոմանք իրարմէ տարբեր համարին այս երկու անուամբք կոչուածները, և ոմանք Թթուաշ կոչեն։ 

485. Գինեխաղող

Լաւ գինի շինելու խաղող՝ ըստ Վաստակոց գրոց (ՄԺ)

486. Գինեղէգն.

Գալիենոսի բառից մէջ Պիկրի, Πικρός, յոյն բառին զուգուած է, որ նշանակէ կծու կամ թթու. և թուի Լ. Picris. հասարակ տեսակն կոչուի եւս Scorzonera picroides. ուրեմն Սինձ բանջարին տեսակ մ’է. տե՛ս զայս: Այլեւայլ տեսակք են Գինեղէգի, յորոց Picris Stricta յիշուած է ի Բաբերդ. P. Glomerata, յԱկունս Եփրատայ. P. Strigosa ի Մարաշ, Այնթապ։ 

487. Գինձ.

Ծանօթ բոյս մանրիկ անոյշ խաղողանման հատերով կամ չամչով. Ամիրտ. յիշէ շփոթելով օտար անունները. «Որ է Քիշնիճ ն (Քիշմիշ) որ է Քուզպարա, որ Ֆռանկն Կօլիանդրում (Coriandrum) ասէ. ածվոց և վայրի լինի. և լաւն այն է, որ ածվոց լինի». շատ ու շատ բժշկական օգուտները կու համրէ, վկայութեամբք Հիպոկրատայ, Գալիենոսի, Ռուփոսի և այլոց. յիշէ և վնասը. «Իր ջուրն սպաննող է. զչարութիւնն ի լերդն կու հասցընէ, և խելքն կ’անցնի և արուն կ’երթայ. որպէս հարբած կու լինի». կ’աւելցընէ, «թէ հետ մահացու դեղին լինի՝ մահացու է. և թէ հետ բանճարնուն ուտվի` բանճար է»: Բայց այս ամենն այլ ոչ է Քիշմիշ կոչուած Գինձն, որ անուշահամ, ախորժելի և անվնաս է, այլ Քուզպարա կոչածն, որոյ վրայօք Պէյթար աւելի երկար գրէ: Գնձին գովեստն՝ ինքնին կու տայ առակագիր Վարդապետին գրչով (Մխ. Գոշի), ընդդէմ մեծ՝ այլ անպիտան խոտոց, զի թէ եւ քիչ և փոքր է՝ իրեն քանի մը նմանեաց պէս, բայց «եփեալ՝ զօրութիւն տամք կերակրոց. և իբր զպատուական ակունս՝ ի վարշամակի ծրարիմք»։ Կըրնար այլ պարծիլ, որ Իսրայելացւոց համար՝ երկընքէն իջած մանանայն Ս. Գիրք նմանցընեն Գընձի։

Գընձի բնութեանն համար հին Բժշկր. կ’ըսէ. «Հով ու չոր է, հով շատ է, քան չոր, և ի ներս քիչ գիճութիւն կայ, զի իր վաստակն ի գիճութենէ է. և քիչ լեղութիւն և փոթտութիւն. օգտէ ջերմի և սաֆրայի, որ ուտէ» եւայլն։ Գընձի C. Tordylioides կոչուած տեսակն ճանչուած է ի Սեւերակ։ 

Գնձի անուամբ ուրիշ բոյսեր ալ կան՝ կամ տեսքով, կամ ցեղով տարբեր, ինչպէս

488. Գինձ լերան

Ար. Ուէսսիճ կոչուած, ըստ Ամիրտ՝ «Վասիթիճ (որ գուցէ լաւագոյն գրուած ըլլայ), ոմանք այսոր Լերան Գինձ կ’ասեն. և տերեւն նման է Գնձին տերեւին, և ի քարերուն մէջն կու բուսնի, և ճղկներն բարկուկ կու լինի, և տակն ի Կիպեռիս կու նմանի, և պօղուն-պօղուն կու լինի, և համն տտիպ կու լինի որպէս Գղթորի. և թէ զայս տակս չորցընեն և լոսեն կէս դրամ, և ըռօֆօտօն հաւկըթով ուտեն, զկրծոց տախտակին զկոտրածն բուսցընէ. և թէ ծեծելուն և ընկնելուն՝ ոսկրն կոտրի, բուսցընէ շուտ»: Կու մնայ գտնել այս տեսակ Գինձը, որ Պէյթարի Փռանկ թարգմանչին այլ անծանօթ է։ 

489. Գինձ Վայրի.

Ար. « Պարպինա, որ է Վայրի Գինձ. ինքն խոտ-մն է, որ երկան տերեւ ունի, և գոյնն խիստ կանաչ է, և չորեքզռէն ճղեր ունի, և մէկ-մէկ կանգուն երկայն է, և ի ծայրերն ծաղիկ ունի, նման է Գնձին ծաղկին». այսպէս գրէ Ամիրտ. ՝ ըստ Պէյթարայ

490. Գինձ ջրհորի. Տե՛ս Ձարխոտ։ 

491. Գիշախոտ։

Վաստակոց Գիրքն (Գլ. ՅԳ), այս խոտիս տակն և Թեղոյ տակ ու Բադկենոյ հերը (մազը)՝ լաւ եփելով դեղ կազմէ՝ ձիոց ցաւած ջիղերը օծելու և բժշկելու

492. Գիշերածաղիկ.

Ոմանք ի նորոց այսպէս կ’անուանեն Թուրքաց Կէճէ սէֆա կոչածը. Լ. Mirabilis Jalapa, Փ. Belle-de-nuit, բայց մեր երկըրցիք ուրիշ ծաղիկ մի ճանչնան այս անուամբ, որ ինձ անծանօթ է։ 

493. Գիշերավար.

Գալիենոսի բառից մէջ զուգած է Աստորիգէ ? անուան։ Մերձաւոր նմանութեամբ կան բուսաբանական անուանք, Asterochæte, խոտեղէն մի, Asterochiton, Մոլոշներու ցեղէն։ 

494. Գլանտոր կամ Գլընտոր. Կլընտոր

Նոյն կամ տեսակ մի Կանտողի, որ ծանօթ է Մշեցւոց. և է սա փոքրիկ ու մանրատերեւ բոյս մի, զոր աղցան ընելով կ’ուտեն, բայց աւելի պատուական համարին իր տակը կամ կոճղեզը, որ գետնին բաւական խորը կ’իջնէ, շագանակի նմանի և հում կ’ուտուի. ճերմակ և կաթոտ է։ Սիմ. Կամարակապցին յիշէ բոյս մի Գանտի անուն, Ար. Լըֆթ, Թ և Պ. Չելէմ. և կ’ըսէ. «Ինքն հունտ է, կու բուսնի, կու լինի տակն Շողգամ»

495. Գլկիլ.

Մսրացորենի (Maΐs) նման բազմահատ բոյս մի է։ Ըստ անուանն կըրնար հին Գղգիղն ըլլալ, զոր տես քիչ մի վար: Պէյթար յիշէ ուրիշ բոյս մ’ալ Գիլգիլ անուամբ, զոր Ամիրտ. կարդայ Ղուլղուլ, մենք այլ թողումք ի կարգ բառից Ղ տառի:

496. Գլճղուկ կամ Գճղուկ

Փոքրիկ բոյս մի է, բայց ծառաձեւ, ճերմակ ծաղկով, և անուշահոտ հունտով, զոր չորցուցած՝ համեմեն ի կերակուրս։ Ծանօթ է ի Տարօն։ 

497. Գղգիղ

Հին Բառգիրք յունարէն Կիւամոս բառի զուգեն, որպէս կոչի և Լ. Cyamus, այլ և Nelumbium. Փ. Nélumbo. Այս անուամբք ծանօթ բոյսն է Վայրի Բակայ ն, զոր նշանակեցինք ի թիւ 285. տե՛ս հօն. կոչի հասարակօրէն Եգիպտոսի կամ Ղփտի բակլայ, Ար. Պաքիլայի Գըպթի: Ըստ Դիոսկորիտեայ՝ կոչուէր և յանուն Պոնտոսի, եթէ գտուէր այս տեղ, վաղուց ծանօթ պիտի ըլլար Հայոց, որք և իրեն սեփականեր են այս Գղգիղ անունը, յորմէ կարծեցինք և հիմկու Գլկիլ կոչուածը։ Մեր հին Բժշկարանն այլ յիշէ, Սնգան (երեսի վրայ սունկի պէս ելած վէրքի) դեղ՝ « Գղգղոյ տակ ծեծէ մանր, մարդոյ կաթամբ խառնէ և դիր ի վերայ, մաշէ և հանէ»

498. Գղթոր. Գխտոր կամ Գխթոր

Աշխարհածանօթ զարմանալի բերք մի Կաղնի ծառոց, իր տուած ներկին համար, զոր ոչ ծառն ինքնին բերէ, այլ մանր որդեր տերեւները  ծակելով՝ կու պատճառեն պտղի նման ուռոյց մի. Լ. Galla. Փ. Noix de Galle. Ար. Աֆս, Թ. Մազո ւ. Ռ. Чернильный орешекъ, Ամիրտ. արաբերէն անունը Յաֆուզ գրէ, և «Լաւն այն է, կ’ըսէ, որ կանանչ լինի և խակ... Ինքն երեք ազգ է, սեւ և կանանչ և սպիտակ. աղէկն կանանչն է... Քացխով՝ օգտէ ակռացաւութեան, զքթին արիւնն կու կտրէ, և զմազն կու երկընցընէ և որոյ պռկունքն ճխքի՝ օգտէ, և զքթին զաւելի միսն տանի և ուտէ», եւայլն, եւայլն։ 

499. Գղթոր ծաղիկ.

Նոր բառհաւաք մի գրած է Կխդոր ծաղիկ, համարիմ, թէ պիտէր Գղթոր գրել, բայց ծաղիկն անծանօթ

Գմուկ. Տե՛ս Գըմուկ. 

500. Գնգեղ կամ Գոնգեղ.

Մշեցիք Գնկեղ կ’ըսեն տրցակ մի Կանեփի թելոց, բայց հին գրուածոյ մէջ Գոնգեղ կոչուի յատուկ բոյս մի, զոր յիշէ մեր բազմահմուտ Վարդան վարդապետն ի բանաստեղծական բանից Պիսիդիոսի. «Ուղտ՝ զայրեցած մաղձ փսխէ՝ Գոնգեղ ուտելով», բայց հին թարգմանիչն ըստ յոյն հեղինակին գրած է. «Դալար տերեւով Կաղնւոյ մաղձադեղով՝ ուղտ փսխէ զմաղաս այրեցած»: Հաւանօրէն է Վայրի Շաղգամն. ինչպէս նշանակէ յունարէնն ալ Γονγυλις, Ղոնղիլիս. Լ. Rapumrotondum



[1] Ալի անուամբ շատ Արաբացի բժիշկք կան, որք մականուամբք կ’որոշուին մէկմէկէ. հարկ էր և զսա այսպէս որոշել: