Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

651. Կուրի Եղինճ.

Ի կողմանց Տրապիզոնի խաւրուած էր մեզ՝ այս անուամբ մեծկակ և իրարմէ հեռու տերեւներով, մանր շառագոյն կամ նռնագոյն ծաղկամբ մաս մի բուսոյ

652. Մեռեալ Եղիճ.

Ստ. Ռոշքեան համարի Լ. Lamium, բայց լաւ եւս և նոյն նշանակութեամբ ճանաչուի Փ. Ortie morte կամ Ortie des marais. Լ. Stachys palustris

653. Մշկան Եղինճ.

Ըստ Գալիենոսի բառից է Լեղակն

654. Սողնոց Եղիճ կամ Սողնոյ Եղիճ

Գլխու երակի կառուն դեղ գրէ Բժշկարան մի, առանց տեսակը յայտնելու

655. Եղնճամայր

Զայս յիշէ Ստ. Շէհրիման, իբրեւ Լ. Lamium galeopsis Փ. Lemier. Յիշուի ի Համշէն, ի Վարաժունիս, ի Տաւուշ։ 

656. Եղնճկտուկ. Եղիճկտուկ. Եղիճկտուտ. Եղնճկտակ. Եղինճկտակ

Մոլոշի բազմաթիւ անուանց և տեսակաց մէկն՝ հաւանօրէն Եղինճի նմանութիւն ինչ ունենալով

657. Եղին ականջ.

Ամիրտոլվաթ գրէ. « Եանմայ, որ Թ. Աղճա օթ ասէ Ջղախոտին, և Եղին ականջ ասեն խոտ մի կայ, այնոր ի մէջն կու բուսնի, և ի անոնցմէն փոքր լինի, և ի տերեւին ի միջէն որձայ ելնէ, մէկ թիզ երկայնութիւն կու լինի, և թէ հաստկեկ ծեծեն և ցանեն ի վերայ խոցերուն՝ բուսցընէ։ Եւ ի Շիրազ՝ Մուղլտարու ասեն»։ Պէյթար՝ ճերմակ բոյս մ’է կ’ըսէ այս, մազոտ տերեւներով, կէս մի Ջղախոտի կէս մի Շանլեզուի նման. ըստ թարգմանչին՝ է Լ. Hieracium Pilosella. Փ. Piloselle. նշանակուած է սա ի Հր. Կովկաս և ի Թալիշ։ 

658. Եղիտամն

Գալիենոսի բառից մէջ այս զուգուած է յունարէն Ղագոգիրաս կամ Ղադոդիրաս բառի, եթէ այս ետքինս ըլլար ( Լաղոթիրոս Λαγοθτρος): Նապաստակի որսորդ նշանակէր, եթէ Լաղոքիլոս ՝ Լ. Lagochilus, խոտեղէն բոյս մ’է ի Շրթնաձեւից ցեղէն, ծաղիկն նեղկուկ բաժակով՝ վկայուած Պարսկաստան, Թուրքաստան, Քապուլիստան։ 

659. Եղնակճիճ.

Ռոշքեանն՝ նախ Cantharida միջատը նշանակէ այս բառիւ, բայց կ’ըսէ, թէ. «է և Խոտ, որով որսորդք զնետս թիւնեն, (վասն որոյ) յոմանց Եղանց թոյն կոչի ». Լ. անծանօթ բառ մի զուգէ, Limeum ? 

660. Եղուարդի ծառ.

Ծանօթ Մշեցւոց, կարմրագոյն ծառ մի կարծր փայտով, երկայն տերեւներով, Ալոճի նման պտուղներով, որոյ ճիւղերէն կողով կու հիւսեն։ Այս է անշուշտ ի գիրս Եղրդի ծառ կոչուածն, յորմէ Եղրդուտ. տե՛ս զայն . 666)։ 

661. Եղջերուարօտ.

Կարծեմ Շէհրիմանեանն է զայս յիշողն և զուգողն Լ. Pastinaca Elaphoboscum ? անունն նշանակէ զԳազար, իսկ մականունն ի յունականէն Ελαφυβυςκος ճիշդ հայերէն թարգմանուածն է։ 

662. Եղջիւր. Եղջիւրի

Ըստ նմանութեան ձեւոյն և ըստ կարծրութեան՝ յարմարած անուն, տաք կլիմայի պտղոյ և ծառոյ, որ կերպով մի անմոռանալի ծանօթացեալ է Անառակ որդւոյ առակաւն (յաւետարանին Ղուկայ). Յ. Κέρας (եղջիւր) Լ. Ceratonia, իսկ Փ. Caroubier յասորի կամ յարաբ բառէ, յորմէ և հայերէն ալ Ն գիրն աւելցընելով, Խառնուպ. բուն Ար. է Եանպութ, որով բացատրէ Ամիրտոլվաթ. « Եանպութ, որ է Եղջիւրն, և Թ. Կէչի պույնուզի ասէ. և ինքն երկու ցեղ կու լինի. մէկ ցեղն զէտ փուշ է, և միրգն զէտ Խնձոր, և ի մէջն կարմիր հատկներ ունի. զփորն կապէ, և մէկ այլ ցեղն ծառ կու լինի մեծ, որպէս Խնծորի ծառ և տերեւնին Ծորի տերեւէն մանտր կու լինին, և միրգն նման է Ալուճին (!), և սեւակ լինի և խիստ քաղցր. և զկուտն՝ սառաֆնին ի գործ կու արկանեն՝ ոսկի և արծաթ կշռելու համար։ Թէ զտակին կեղեւն յակռան օծես, զցաւն տանի, և զակռան անվնաս շուտով հանէ։ Ասէ Պտ., թէ Եանպութն՝ Խառնուպի Նապտին է… Ի յանապատ և ի պարտէզն կու բուսնի, և իր պտուղն նման է գառին երիկամի, և գունն կարմիր, որ ի սեւութիւն քշտէ. և ի յԵգիպտոս այսոր Հապ ուլ-քլիայ ասեն, և իր հունտն նման է Եղջիւրի կըտին»: Տե՛ս և Խառնուպ

663. Եղջերենի.

Այսպէս կ’անուանի ըստ ոմանց՝ Ս. Գէորգի խոտ կոչուածն. տե՛ս թ. 476։ 

664. Եղջրիկ

Վայրի բուսոց կամ ծաղկանց հետ յիշէ Տէր-Աւետիքեան

665. Եղռջայ կամ Եղրճայ

«Բոյս վայրի, զոր արմատով հանեն և յաղջուր դնեն». գրէ Մանանայ, յիշէ և Երեմիա Եպիսկոպոս ի Հայրենասիրին (եր. 317)։ 

666. Եղրդուտի ծառ. Եղրդի.

Մեր եկեղեցւոյ աւանդական պատմութիւնն ի Յայսմաւուրս և ցանկ սրբազան նիւթոց՝ յիշեն անուշահոտ իւղոյ շիշ մի՝ իբր Քրիստոսի գլուխ թափուածին, զոր Թադէոս Առաքեալ «բերեալ եդ ի Ծառն Եղրդի, առ ստորոտով լերինն Տորոսի», Մշոյ կողմերում, ուր վանք մի շինուեցաւ ի յիշատակ պատուական իւղոյն կամ շիշին, և կոչեցաւ Եղրդուտի վանք ։ Արդեօք ըստ դիպա՞ց եղն և Եղրդի ծառն զիրար գտան, թէ ծառն եղի անուամբն կոչեցաւ։ Թէ աւելի կամ պակաս ստոյգ աւանդութիւն, միշտ քաղցր է մեզ, և ներել տայ քիչ մի հեռանալ մեր նպատակէն, մանաւանդ որ առանձին Պատմութիւն ալ գրուած կայ այսոր, և կ’ըսուի, թէ Աղուանից գրոց մէջ գտան և թարգմանեցին հայերէն. յորում պատմի, թէ Թադէոս երբ եկաւ ի Հայս, «առ ստորոտով լերինն Տորոսի գտանէ վայելուչ տեղի մի հարաւային կողմն. և էր անդ ծառ մի Եղրդի. և եդ անդ զիւղն աստուածային՝ հրամանաւ Ս. Հոգւոյն և աղօթիւք հարեալ զԳեղարդն աստուածային՝ բղխեցոյց ի տեղւոջէն աղբիւր գեղեցիկ և յոյժ յորդ և խիստ սառն, որ կայ մինչև ցայսօր»։ Յետոյ պատմէ, թէ երբ Ս. Լուսաւորիչ դարձաւ ի Կեսարիոյ և եկաւ ի Տարօն, հրաշալի լոյս տեսնելով՝ գտաւ սուրբ իւղը, և վանք մի հաստատեց հօն յանուն Ս. Յովհ. Կարապետի. «Եւ Իւղն այն աստուածային ոչ պակասի և ոչ թերանայ մինչեւ ցայսօր»: Թէ մինչեւ մեր օրերս այլ առատանա՞յ Իւղն, չեմ գիտեր, բայց Եղրդուտի վանքն պատուի ուխտիւ, իւղոյն սկիզբն այլ աւանդի՝ ի Մովսիսէ օրհնեալ ի Սինէական լերին, եօթնարփեան ծաղկօք, յորոց երկուքն Հայոց պանծալի ծաղկներէն են, և մեր գրուածին յարմար, Հազրէվարդն և Համասփիւռն ։ Այն անսպառ իւղէն օծուած կ’ըսուին թագաւորք և քահանայք Հրէից, և Քրիստոս ինքն մկրտութեամբ Յովհաննու, եւայլն:

Դառնամք հիմայ մեր բուսաբանութեան, և քննենք, թէ ի՛նչ տեսակէ էր Եղրդի ծառն: Հին բժշկարանն կ’ըսէ. « Խլէֆ ՝ մանր Եղրդի» ծառ է, ուրեն չէ Եղերդ բանջարն, իսկ Արաբաց Խլէֆ ն, որ և Խլեփ, է տեսակ մի ուռենի անուշահոտ. ինչպէս վկայէ մեր մեծ բժշկապետն Մխ. Հերացի, տաքութենէ պատճառած գլխացաւի դեղ գրելով. «Արկ ի վերայ գլխոյն Վարդի ձէթ, և Եղնրդի ձէթ, և Խլէփն՝ այն մանտր Ուռենիքն են, որ անուշ հոտ գայ յիւրմէն»։ Այս գրուածին կամ գրողին մէջ սխալ կայ. Եղնրդի տեղ՝ նախ Եղրդնի յարմարէր, յետոյ պակաս կ’երեւի կապ մի անոր և Խլեփին մէջ, իբր թէ, որ է Խլեփն, և Խլեփն՝ այն մանտր, եւայլն։ Տեսանք վերը, որ վաստակոց գիրքն զուգեց զԵղերդն անուշահոտ ընդ Խլէֆի. մեր օրերս այլ Նաթանեան վարդապետն (Արտօսր, 93)  վկայէ Խլեփի անուշահոտ Ուռի ըլլալը։ Հապա ի՞նչ կ’ըսէ մեր Ամասիացին. « Խլաֆ, որ Թ. Սօրղուն (կամ Սորկուն) կ’ասէ. լաւն այն է, որ դեղին ծաղիկ ունենայ... Իպն. ասէ, թէ զծաղիկն հոտ(ւըտ)ան՝ օգտէ տաք բնութեան մարդոյ, և զըղեղն ուժովցընէ, և թէ զծաղիկն ժողվես և Շուշմայով սնցընես և զեղն հանես, խիստ հովեղ լինի։ Ասէ Պտ., թէ այսօր տերեւին Սաֆսաֆ կ’ասեն. և Պ. Պէտ կու ասէ. և Պալխցիքն (Պահլաւ, Բահլ) Պահրամաճ կ’ասեն, և իր խէժն ի տերեւէն կ’ելնայ. և լաւն այն է, որ ի ջրեզերք լինի»։

Եղրդին ի բուսաբանից կոչի Եգիպտական Ուռենի, Լ. Salix Egyptiaca Փ. Saule d’Egypte. Իտ. Salice odorosa, այսինքն՝ Հոտաւէտ Ուռի: Գինին ազնուացնելու համար՝ Վաստակոց գիրքն խրատէ. «Ա՛ռ չոր Եղրդի փայտ, ջախջախեա և ի գինին ձգեա. լաւացուցանէ»

667. Եղրեւանի.

Այսպէս կ’անուանեն Ղրիմեցիք և Ռոշքեանն՝ Պարսկաստանի սեփական գեղեցիկ անուշահոտ և անուշագոյն ողկուզաձեւ ծաղկօք ծառը. Թ. Լէյլագ Ար. Փ. Lilas de Perse, Լ. Syringa persica. Յիշուի և ի Տաղստան: Տե՛ս և Արճուան

Եղրիկ. Տե՛ս Եզրիկ: 

668. Եռատերեւ. Եռատերեւուկ.

Երեք տերեւոց իրարու կիպ ըլլալով՝ այսպէս կոչուի և Լ. Trifolium, և յայլ լեզուս, ռամկօրէն. հասարակ անունն առ մեզ է Առւոյտ, որով և բացատրած եմք։ 

669. Երեսնակ

Շատ հասարակ բոյս մ’ըլլալով՝ այլեւայլ անուններ ունի մեր լեզուաւ, ինչպէս՝ Անիծած ծաղիկ. Դեղուտակ. Ձառատաղ կամ Ձեռնատաղ. *Ղաֆէթ։ Առյս ետքի անուամբ Ար. գրէ Ամիրտ. «Որ է հայերէն Երեսնակ ն, Անիծած ծաղիկ ն, որ Թ. Ղօյին պութրաղի ( Ոչխարի ծունկ ) ասէ, և տերեւն նման է Կանեփատի տերեւին, և ծաղիկն դեղին է, և լաւն այն է, որ ի Հոռմոց երկիրն լինի և բուսնի: Ասէ Պտ., թէ լաւն այն է, որ ի Պարսից աշխարհն բուսնի, ի Շիրազու բոլորն, և իր ծաղկին գոյն լաճվարդին գունովն լինի. և իր ճղերն բարակ յերկայնութիւնն, մէկ-մէկ թզէն մինչև մէկ կանգուն լինի, և իր ծաղիկն և ճուղն և տերեւն՝ ամէնն լեղի է, քան զՍապռն, և զիր չարութիւնն տանի Անիսոնն»:

Դարձեալ գրէ. «Ինքն խոտ է. մէկ թիզ է, կէս տերեւ է և կէս ծաղիկ, երեք ազգ է. աղէկն ծիրանի ծաղկնի ունի»։ Այս ծիրանեգոյն տեսակն յատուկ մականուամբ ալ կոչուի Լ. Eupatorium purpureum ըսել է, որ հասարակ անուն ազգին է Eupatorium Փ. Eupatoire, եւս Pimprenelle: Հին բժշկարանն թուի, թէ Poterium կամարի, զի գրէ. «Ղաֆէթ, որ է Երեսնակն, այլ ասեն Ղուuարա, և հոռմերէն Պատերիօն. խոտ է. թիզ մէկ երկայն՝ ի ծայրն ծիրանի ծաղիկ. յՈւռհա լինի. և քամուք այնեն»: Յունարէնն Ποτήριον նշանակէ Բաժակ։ Պարսկաստանի հիւսիսային կողմերում շատ գտուի, եւս և ի Շիրակ, Վարաժնունիք

670. Երեւանդ ? 

Այս անունս յիշողն թուի Շէհրիմանեանն. Լ. գրած է Crozophora tinctoria, իբր յունարէն (χρωςιφέρος) ներկաբեր նշանակելով. Թ. ալ Խարթուլ օթի գրուած էր։ Լ. անուամբն ծանօթ է բոյսն և ներկն

Երեքնուկ. Տե՛ս Եռատերեւ։ 

671. *Երիաս.

«Որ է Մրտին տակն»՝ ըստ Մխ. Հերացւոյ (եր145). Ստուգելի է։ 

672. Երիժնակ.

Կէս բժշկական, կէս աղթարական գիրք մի՝ դիւահարի և կատղածի դեղ կու գրէ Երիժնակի քօք (տակ). զոր ուրիշ մէկ մի բացատրէ. «Փշալից բանջար. որձայն անեփ ուտի. արմատն բժշկարար է վիրաց»: Ըստ Շէհրիմանի է Լ. Agrimonia. Փ. Agrimoine. կըրնայ մեր հայ անունն նոյն կամ լծորդ ըլլալ Երեսնակի, վասն զի ասոնցմով նշանակուած երկու բոյսքն այլ լծորդք կամ ազգակիցք են, և մէկ տեսակն կ’ըսուի Agrimonia Eupatoria. Ցած տեսակն A. Repens յիշուած է ի Բաբերդ, Մուշ, Պրիտ լ

673. Երիցանուկ

Ըստ Մանանայի (444 եր. Բանջար, զոր Պարսիկք կոչեն Քէշիշ Բէնչէրի ? 

674. Երիցի աղցան

Գուցէ նոյն ընդ վերնոյն։ Սա ծանօթ ուտելի բանջարեղէն է, անուշահոտ և անուշահամ, քարքրոտ և ամայի տեղուանք բուսնի ի գարնան։ Յիշուի ի կողմանս Արդուինու, և ուրիշ կողմեր այլ: Տե՛ս և թ. 689

675. Երիցուկ.

Իմաստն յայտնի է, ըստ Յունաց հոմանի Փափաս բառին, որով Փափաթիա կոչի ռամկօրէն, եւս և ի Թուրքաց. ուրիշ շատ անուններ ալ ունի հայերէն, զոր նշանակեցինք Գետնախնձոր բառիւ . 446)։ 

676. Երիցուկ Վայրի.

Առանձինն գրուի ի կարգի Գալիենոսի կամ Բժշկական բառից. այլ յունարէնն խանգարուած գրուած է Ալարտամէ ? Այսպէս տարակուսական է՝ թէ՛ յոյն, թէ՛ հայ հետեւեալ անունն 

677. Երկախարպուզ. ? 

Որոյ հոմանիշ ի բառս Գալիենոսի Յ. գրուած է Մակլոնի, որ նշանակէ ցանկապատ կամ բակ

678. Երկայն Զրեւանդ. Տե՛ս Զրեւանդ: 

679. Երկիպարի փայտ.

Այսպէս գրուած է տեղ մի, բայց հաւանօրէն սխալ է, և Կիպարի պիտի ըլլայ։ Տե՛ս Տապաղափ ։ 

680. Երկնմայր.

Հին բժշկարանն մէկ-երկու հեղ յիշէ. «Երկնմայրն ծեծէ՛, մանրէ՛ և քացխով երո՛», եւ այլն, կամ. «Զերկնմայրն չորցո՛, աղա և կովու եղով տապկէ, և յականջն կաթեցո՛»: Բայց ինչ տեսակ նիւթ ըլլալն չի յայտներ. կըրնայ ըլլալ և կենդանի արարած, յետագային պէս՝ որ է

681. Երկրմայր

Սա, ինչպէս ուրիշ տեղ ծանուցինք . 458) թէ՛ տեսակ մի բոյս նշանակէ և թէ՛ սողուն մի։ Տե՛ս Գետնի աղիք և Աքսար։ 

682. Երկրատակ

Անծանօթ է յիշողն, համարուած է տեսակ մի տակ կամ կոճղէզ նման Սիպեղի, և Լ. Bunium

683. Երնջակ. Երնճնակ. Երնջայ. Երնջան. Երինճան. Երինճակ։ 

Յ. Լ. և Փ. անուանքն ալ նման. Eryngium. Erynge այլև Panicaսt. Ռ. Перекатиполе. Ար. Գարսանաթ, կամ ըստ Ամիրտ. « Ղարսանաթ. «Իպն. ասէ, թէ ասոր Թ. Իպրէհիմ թիքէնի ասեն (հիմայ Պուղա թիքէնի այլ կ’ըսեն). ցեղուցեղ կու լինի. փշով խոտ է, և որուն ծաղիկն սպիտակ է. այնոր Ըղտու խնձոր կու ասեն. և տերեւն տափակ է: Հայք Երնջան կ’ասեն, և ինքն ի քարոտ և չոր տեղեր կու բուսնի, և ինքն ի փշերուն ցեղերուն է, և յորժամ՝ ի գետնէն ելնէ և բուսնի, յառաջն տերեւն ի գետինն կու ճապղի, և կանանչ և պինտ կու լինի, յորժամ մեծանայ, փուշ կու լինի սպիտակ. և երկայնութիւնն մէկ թիզ և այլ աւելի. և ծաղիկն սպիտակ կու լինի. և ծաղկին ծայրն ի սպիտակութիւն կու քշտէ. և ի բոլորն վեց փուշ ունի. և տակն ամուր է, և հաստութիւնն բըլթի մի չափ է. և երկայնութիւնն երեք չորս թիզ է. և մեղուն իւր ծաղիկն կու առնու և մեղր կու շինէ: Եւ տակն օգտէ կրծոց ցաւնի  և գազանահարին», և այլն։ Ուրիշ մ’այլ գրէ. «Երնջան փշոտ խոտ է... և ասոր տակն ի խորուկ է և չի գտուիլ. նա իմաստասէրքն այսպէս են հնարեր, թէ ա՛ռ կարաս մի և լից հողով, և ցանէ զդորա հունդն ի յերեսն, և ծառայէ տարիք, մինչեւ մեծանայ, ապա թափէ զհողն և առ զտակն, չորցու» եւ այլն։ Արմատէն վերի հաստ մասը կեղեւելով կ’ուտեն մեր երկըրցիք և Ստեպղինի համով է կ’ըսեն։ Երնջանի տեսակներէն յիշուին, Հասարակն և Կապուտակն ի Հր. Կովկաս (E. Vulgaris, E. Cæruleus). Հսկայաձեւն, E. Giganteum և E. Thyrsolideum ի Մասիս, Ճիմիլ լ. E. Billardieri, յԱրագած լ. E. Planum ի Հս. և Հր. Կովկաս. E. Glomeratum ի Մարաշ, Տարսոն: Այլեւայլ տեսակք Երնջանի նոյն անուամբ յիշուին մեր բժշկական գրոց մէջ, բայց իրենց օտար բառով զուգածքն երբեմն տարբեր տեսակ բոյսք են, ինչպէս՝

684. Որձ կամ Հոռոմ Երնջա. Էգ Երնջա կամ Իգաերնջայ

Հին Բժշկարանն կ’ըսէ. «Ջանդիանա (Gentiana) Երնջնանի տակ. ի Կրիտն լինի», ուրիշ մի Երնջայի տակը կոչէ Թ. Պուղա թիքէնի, զոր ոմանք կարծեն Լ. Sideritis montana կոչուածը: Էգ Երնջայն ալ, ըստ ոմանց, է Աւելուկ ն . 251)։ 

685. Ման Երնջան.

Գալիենոսի բառից մէջ գրուած կայ Ման Երնջնի տակ, որոյ հոմանիշ յունարէնն անորոշ բառ մ’է, Բադաւորդ ? կամ Բագաւորդ, եթէ յունարէն է, թերեւս Բատավարդ (տե՛ս թիւ 313)։ Ի Լեհաստան գրուած բառարան մ’այլ գրէ՝ Երնջակի-տակ ՝ Baccharis. ասոր Ար. է Զահրա, զոր տես։ 

686. Երնջանուկ.

Մեծատերեւ և փշոտ բանջարեղէն մ’է, կլորակ որձայիւ, անուշահամ, և աղելով պահուի (Աթանաս. 81. Մանանայի հեղինակն այլ յիշէ, բայց սոսկ Երնջնակ կոչէ)։ 

687. Երնջնականկառ. Երինճնականկառ

Թերեւս վերոյ գրեալն է կամ այնոր նման ուտելի բանջար մի

688. Երուսաղեմի Կորեկ

Երուսաղեմի ցորեն այլ կոչուի սովորաբար, Թ. Մսըր պուղտայ: Տե՛ս Մայծ ։ 

689. *Երպատուր.

Պէյթար կ’ըսէ, թէ յԱնտալուսիա՝ այսպէս՝ կ’անուանեն Լ. Peucedanum Փ. Peucédène կոչուած բոյսը, որ յոյն Πεύκη բառէն կազմած է, և մեր լեզուի մէջ Պեւկէս փոխուած, և նշանակէ զՍոճին։ Ամիրտոլվաթ այլ այդ  անտալուսիկ բառով գրէ. «Ինքն խոտ-մն է, որ տերեւն և որձան նման է Ըռազիանին, և շատ մազմզուկ ունենայ, և ի վերեւն ծաղիկ ունի, և տակն սեւ լինի, և հոտն ծանր, և ի վերեւ կպչտուկ լինի. ի լեառն և ի շուք տեղեր կու բուսնի, որ զտակն կու ճեղքեն և զջուրն կու հանեն, և ի շուքն կու չորացընեն... Եւ թէ ծխեն՝ ամենայն սողունք կը փախչին, թէ վարդի ձիթով խառնեն և ի յականջն կաթեցընեն՝ զցաւն խաղեցընէ, և թէ կերուած ակռանին կաթեցընեն՝ ամրացընէ», եւայլն։ Պէյթար այլեւայլ բոյսեր յիշէ Եարպատուր անուամբ, որոց վերոյիշեալ լատին անունը պատշաճեցընէ թարգմանիչն. նոյն իսկ Արաբ հեղինակն յիշէ այն անունը Պեվգատանուն գրելով. անոնցմէ մէկն այլ պատշաճի առ մեզ Կորդուախունկ կոչուածին, զոր տես իր կարգին. կարծուած է եւս, թէ Երիցու աղցանն այլ ասոնց տեսակէն է։ 

690. Զաբարակ կամ Զապարակ.

Լաւ եւս Սպարակ կամ Սպորակ. Հնդկաց Քրքում կոչուածն է, զոր բացատրեցինք Դեղին Կոճ անուամբն. տե՛ս թիւ 579

691. *Զահթեր ? 

Ի կարգի դեղոց՝ Զուֆայի հետ յիշուի ի Բժշկարանի. թուի Սաթիր Արաբաց. Տե՛ս Զամբուռ

692. *Զահրայ։ 

Ար. Լ. Baccharis, Բագոսի անունէն. «Ինքն խոտ-մն է, որ աղէկ և անուշ հոտ ունի, և ի Կիպարին ծառին ներքեւն կու բուսնի և խոշոր տերեւնի կ’ունենայ. նման է Մանուշկի տերեւին, և ծիրանի ծաղիկ ունի, որ ի սպիտակութիւն քշտէ, և երկայնութիւնն մէկմէկ կանգուն կու լինի։ Եւ ոմանք այսոր Վայրի Ղարանֆուլ կու ասեն. և տակեր կ’ունենայ, զէտ սև Խարպախ (Վրացի կոճ). և խոտն նման է Տարչինու»: Պէյթար է ըսողն, թէ Անտալուսիացիք Գարանֆուլիա կոչեն: Ըստ բուսաբանից գիտնոց՝ այս Յունաց յիշեալ բագոսական բուսոյ յատուկ տեսակն կոչուի Gnaphalium sanguineum, և գտուի ի Պաղեստին և ի ծովակողմանս Կիլիկիոյ

693. Զամբիւղ ծաղիկ.

Թ. Զէմպիլ չիչէկի, բայց այլեւայլ տեսակք են այս ռամկական անուամբ և նմանութեամբ կոչուած բուսոց. Մանանայն՝ Սիւմպիւլ է, կ’ըսէ, գուցէ անուանը նմանութեամբ. ըստ Աթանաս (եր. 67)՝ եղեգնանման տերեւներ ունի, կարմիր ու դեղին քշտող մեծ բոլորակ ծաղկներ՝ ի ծայր որձային, թեթեւ հոտ ունի, բայց Սալաձորեցւոյն հաճոյ է. զի կ’ըսէ

«Զամբիւղ ծաղիկն հոտով անուշ. ինքըն կարմիր պայծառագուն»

694. Զամբուռ. Զամպուռ.

Հին Բժշկարանն վկայէ, որ Ար. Հաշա Լ. Thymus, Փ. Thym. է. Ամիրտ. այլ այս անուամբ ստորագրէ. «Թուրքն այս խոտիս Տուկմալիճա Սուփուրկա ասէ, և ծաղիկն կարմրժեռ կու քշտէ, և տերեւն սպիտակ. և լաւն այն է, որ նոր լինի… Ասեր է Ըռօֆոսն, թէ այս խոտիս Խիլալի մամոն ? (Վաղմեռուկ) կ’ասեն, և Թումսա, և Սահթար ըլ-հիմար (Իշու Ծոթրին, Հ. կ’ըսուի Ձիածոթրին) այլ ասեն... և ճղերն բարակ և ծաղիկն սպիտակ է և կարմրժեռ, և ինքն ի լերունքն և ի բարձր տեղեր կու բուսնի, և ի լերանցն ի գագաթն և ի դաշտերն կու բուսնի. և ճուղն բարակ է որպէս Իթխիր (Վաղմեռուկ), և տերեւնին նման է Ճօտային (Նուիճ) և Վայրի Դաղձին»: Տե՛ս Ծայթրին։ 

695. Զամպ ? 

Սալաձորցին, ինչպէս կարդացինք և ուրիշ տեղ, կ’երգէ

«Բագռօշն և Սքօռնօշն, որ ջաջառին ի հետ Զամպուն». առջի երկուքին նման բոյս մի կըրնար երեւիլ, բայց օրինակ մի գրէ. «ի հետ ամբոյն». և դարձեալ՝ Զամպ նշանակէ մնացորդ ձեան լերանց վրայ, որոց մէջ կըրնայ կարծուիլ, թէ բացուին և փայլին Բագռօշն և Սքօռնօշն

696. Զանազան

Այս բառս սովորական իմաստէն զատ նշանակէ և գեղեցիկ, իսկ իբրեւ բոյս՝ գոյնզգոյն Մանիշակի սեփականեր են ոմանք. Լ. Viola tricolor

697. *Զանճապիլ. Տե՛ս Կոճապղպեղ.

Զապարակ. Տե՛ս Զաբարակ.

698. * Զառնաբ. Ար.  

Բժշկարանք մեր գրեն այսոր համար. «Դեղին խոտի տակ է անուշահամ և բարակ»: Ամիրտ. երկար գրէ այսոր համար. և նախ Թ. անուամբ Աճապ աճաղի. Ասէ Սինեայ որդին, թէ ինքն ծառ-մն է, որ տերեւնին Ուռու տերեւի պէս է, երեսն կանաչ և յետին սպիտակ, և մանրութիւնն Ստուխոտոսին (Եզնախոռն) տերեւին չաք է, և հոտն նման է Թուրնճին հոտին: Եւ գտայ զինքն ի Կոստնպօլիս. յածվենիքն կու բուսնի և ի վերայ քարերուն ալ կու բուսնի, և թէ տակովն հանես, ի յայլ տեղ տնկես՝ չի բուսնիր. և թէ զճուղն կտրես և տնկես՝ բուսնի։ Եւ Հոռոմն այսոր Անդրուլիանոյ ասէ, և Հելլենացիք այս խոտիս Լիվանատիս (Libanotis) կու ասեն. և լաւն այն է, որ հոտն անուշ լինի։ Ասեր է Պտ., թէ ինքն Ըռիճ ըլ-ճարտան է, և այս անունս անոր համար է, որ տերեւն ի մորեխին ոտքն կու նմանի. և Հնդիկքն Թապրահ ասեն. և Պ. Սուրու թուրքի և Սուրու Թուրքիստանի ։ Եւ ծաղիկն դեղին է և հունտն դեղին է և տափակ է. և տակն Մաղտանոսի տակ կու նմանի, բայց այլ սուր է և տաք է և հաստ է»։ Պէյթար այս բոյսս նմանցընէ քանի մ’ուրիշ հոտաւէտ բուսոց, բայց Ամիրտ. աւելի տեղեկութիւն կու տայ զանազան անուամբք, որով թերեւս դիւրին ըլլար արեւմտեան գիտնոց ստոյգ ճանչնալ, ինչ և որ ցեղի բոյս ըլլալն, վասն զի շատ կարծիք եղած է և չեն միաբանած. վերջերս (կ’ըսէ Լըգլէր) յամին 1878-ի Լոնտոն եղած բուսաբանական հանդիսագրութեան ատեն սահմանեցին կոչել կամ ճանչնալ Flacurtia cataphracta

699. *Զարեհ

Ար. «Ինքն խոտ-մն է, ըստ Ամիրտ., որ ի յաղի ծովուն եզերքն կու լինի. շատ կու գտվի և կու ձգվի, և թէ ջրով եփեն և դնեն ի վերայ ոսկրացաւութեան, օգտէ, և թէ զուգամին (հարբուխ) տէրն ծխէ, օգտէ»: Ինչ տեսակ ծովային խոտ ըլլալն անծանօթ է. Պէյթար կ’ըսէ, թէ ծովն ի խորէն դուրս կու նետէ զայս

700. Զարիր.

«Ինքն բոյս է և վարդ է, որ ի լերունքն կու բուսնի. և ներկրարնին իրմով դեղին կու ներկեն»: Տե՛ս Դեղին Կոճ