Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

701. *Զարու. Տե՛ս Հերձի։ 

702. *Զարուր.

Խնձոր նշանակէ արաբերէն՝ թէ՛ ընտանին, թէ՛ վայրի Խնձորն, կամ Ալոճի. նա եւ որդնաբեր Կաղնին։ 

703. *Զարրին տրախտ.

«Ասեն, թէ Թուռինճին ծառն է. ասացեալ է Պտին, թէ ի Պարսից երկիրն և Արզրում կու լինի շատ. տերեւն նման է Ձիթենու տերեւին, ծաղիկն նման զեդ ոսկի հայլի է. ի խաղողին ատենն կու ճղքի, և տերեւն կանանչ կու լինի. ծեծեն և զջուրն քամեն և խառնեն ի մայի փութխաճն (բժշկական եփած ըմպելիք) և խմէ… Իր փոխանն բարակ Ղանդարիոնն է»։

Այսպէս գրէ լաւ Բժշկարան մի. Պ. անունն Ոսկի-ծառ նշանակէ, բայց Արզրումի կլիմայն չընդունիր զԹուրինջի ծառը. հարկ է, որ ըլլայ Թուրինջխոտն կամ օտար բոյս մի։ 

704. Զարօշ Տե՛ս Լերդախոտ. 

705. *Զաֆրան.

Տե’ս Քրքում և Սպարակ։ Սալաձորցին այս բառով գովէ ծաղիկ մի, որ թերեւս սովորաբար իմացուած Քրքումն չըլլայ. օրինակ մի երգոյն գրէ «hետ ճգնաւորնուն». իբր թէ ճգնաւորաց պէս լերանց վրայ առանձնացած ըլլայ

«Բարձր լեռներ կու բուսանի Զաֆրանն հետ Ճկնաւարուն»:

706. Զելիխա.

Թուի Սալիխա, զոր տե՛ս ի Ս. Գրիգորի ծառն . 537)։ 

707. Զեֆին ?

Ինչ ցեղէ բոյս ըլլալն ծանօթ չէ ինձ, փոքր տերեւօք է կ’ըսուի, և մութ կարմրագոյն թերթերով վայելուչ ծաղիկ ունի

Զիմել. Տե՛ս Ծիմել

708. Զինջարակ. Զինջուփր. Զնճպիլ.

Գալիենոսի բառից մէջ առաջին երկու անուանց դիմաց տարօրինակ կամ այլայլեալ անուն մի գրուած է՝ Եղուրոտ կուզ ? Տե՛ս Կոճապղպեղ։ 

709. *Զիր.

Որոյ հունտն յիշէ Բժշկարան մի և Խաշխաշի կեղեւով՝ հիւանդը քնացընելու դեղ խրատէ. ուրիշ Բժշկարան մ’այլ յիշէ Զիր-տակ ։ Արաբացիք Զիր անուանեն (ըստ Մատթիոլի՝ իտալացի բուսաբան բժշկի) փսխեցուցիչ կոճողը կամ սոխը (Bulbe vomitique կամ Emitique), որուն սովորաբար Ա. կ’ըսեն Պասալ ըլ-քէյ, իսկ Զիրէ ՝ Չաման նշանակէ

710. Զիւան.

Որոման նման, և ձեւով՝ չոր մեխակի, իւղային հունտ մի, որ բորոտած անասնոց դեղ կ’ըլլայ. յիշուի Մշոյ կողմերում:

711. Զլեխ.

Ճախնային կարմիր խոտ մ’է՝ մանրիկ հունտի պէս ծաղկներով, և գործածուի մանածներ ներկելու։ 

712. Զղեար. Զկեռ. Զկռի.

Պարտիզաց կամ այգւոյ Խնձոր` ըստ Ար. « Զարուր պօստանի, որ Թ. Մուշմուլա ասէ. և մէջն երեքզռէն և գունն կարմիր. ի Շիրազ Քէլի սուրխ ասեն. լաւն այն է, որ հասուն լինի, և բնութիւնն տաք և չոր է. և ասած է, թէ պալղամ ընծայէ», եւ այլն։ Ծանօթ պտուղ է. Լ. Mespilus Փ. Nêfier

713. Զմռնենի. Զմուռն

Որչափ որ ծանօթ և հռչակեալ է իր բերքն, անուշահոտ և անփուտ պահող հիւթն կամ խէժն, Սողոմոնի՝ Հարսին ու Փեսային և անկէ առաջ նահապետաց մարմնոց օծուելով պահուելէն և քահանայական պաշտամանց նիւթ ընծայելէն, մինչեւ յընծայաբերութիւն Արեւելից մոգուցն առ նորածին արքայն Հրէից՝ առ ամենաթագաւորն մեր Քրիստոս, «Ոսկի, Կնդրուկ և Զմուռս », և իր անապական մարմնոյն օծումն. այնքան և անծանօթ կըրնայ ըսուիլ ծառն, որ հրէարէն Մոռ կոչուելով՝ ամենայն ազգք այլ այլայլելով կոչած են. և նախ Յ. Μύρρα կամ Σμίρυα, Լ. Myrra. Փ. Myrrhe. թէ և Յոյնք, ըստ իրենց սովորութեան, ամեն բան առասպելաբանելով՝ իրենց յատկացընեն. զայս ալ նախ Կիպրոսի Կինիւրաս թագաւորին դուստր կ’ընեն՝ Միւռա անուամբ, որ յԱրաբիա փախչելով կ’այլափոխուի ի Զմռնենի: Հիներն համարէին, թէ Զմուռսն կու բերուէր յԱրաբիոյ և յԵթովպիոյ. յետոյ ոմանք յԱսորիս այլ կ’ըլլայ ըսին, նա և յԱփրիկէ ճանչցուած է:

Զմռնենին, Կասիայի նման փշոտ թուփ մի է: Պէյթար այլեւայլ տեսակ Զմռնենեաց յիշէ, իսկ Ամիրտ. միայն բերքը՝ « Մուռայ կոչելով, որ է Զմուռն. ինքն կարմիր խէժ-մն է, շուտ կու փշրի և լեղի է, և լաւն այն է, որ յիստակ լինի, և կարմիր լինի. տաք է Գ տրճ. բացող և հալող է, քուն կու բերէ, և զերեսն կակուղ կու առնէ և կարմիր կու առնէ», եւ այլն. յիշէ պէսպէս օգուտներն և յատկութիւնները, ստոյգ և անստոյգ՝ ըստ աւանդութեան Ար. հեղինակաց։ Վանական Վ. մեր յիշէ և

714. Զմուռն Ծովային.

« Եղէգն լինի (կ’ըսէ) ի ջրումն, այնց, որ փարջ լինի, այնոր կռէզն է»

715. Զոխ կամ Զօխ.

Համաձայն Բոխի հետ յիշեն Աբովեան Վէրք Հայաստանի, եր. 28), և Բամբակ գաւառի, տեղագրողք (Տաշիր)։ 

716. Զողալ-ենի.

Վայրենի և ծանօթ պտուղ մի, որ թերեւս շատ տեղ գտուելուն համար ի Հայս, այլեւայլ անուններ ունի, կամ իրարմէ քիչ տարբեր տեսակներ ըլլան. և են Չում. Հոյնի. Կռի. Դավարա. ետքինս յիշած եմք (թիւ 558), Լ. Cornus Mascula. Փ. Cornouiller. Ար. Գարանիա, Թ. Գզըլճըգ ։ Ար. անուամբ ստորագրէ Ամիրտոլվաթ. « Ղարանիա. ինքն միրգ է կարմիր, և ի մէջն կուտ ունի. աղէկն հասունն է: Ասացին Հոռոմոց իմաստասէրքն, թէ իր բնութիւնն և գործաւորութիւնն՝ մօտ է Ծորին, և զսիրտն հովցընէ և զփորն կապէ, և ստամոքսն սուր առնէ, և օգտէ լերդին տաքութեան. և տղայոցն լաւ է»: Կովկասու երկու կողմերում այլ գտուի այս ծառս [1] ։ 

717. Զողլապատ.

Բանջարեղէն, զոր այլոց հետ յիշէ Կռուածաղիկ վիպասանութեան հեղինակն (Փորձ, Բ. Բ. 81)

718. Զոպա. Զուփա. Զուֆ.

Լ. Hyssopus. Փ. Hysope. ամենն ալ հրէարենէ առած, Ար. Հիսսէլ, կամ Ճէսմի. Բժշկարանք պէսպէս գրեն կամ մեկնեն անունը. մէկն կ’ըսէ. «Զուֆա, և յոմանց ասի Մշտիկ, Ար. Զուֆա. Լ. Իզօբոյս ». ուրիշ մի (հինն). Զուֆա խոտ է, ի Կաւալա լինի, մօտ ի Կօն» (Իկոնիոն, Ղոնիա): Ուրիշ մի, «Զուպայն կանաչ Ծոթորն է»։ Այսպէս Բարսեղ վարդապետ մեկնիչ Մարկոսի աետարանին կ’ըսէ. «Մշտիկ Զոպայի, որ է տրցակ Ծայթրնի»:

Բայց գրեթէ ամենքն ալ միաբանին երկու տեսակ Զոպա կամ Զուփա ճանչնալու, Դալար և Չոր, սակայն շփոթեն իրարու հետ և նա և բոյսը օտար նիւթի մի հետ. աւելի որոշ կ’ըսէ մէկն. « Զուֆ, որ է հայերէն Զուփայ, և ինքն երկու ազգ է՝ Չոր և Դալար. Դալարն այն աղտն է, որ ժողովի ի վերայ ոչխարին բրդին անդամնոյն ի մէջն, և Զուֆայ Չորն այն է, որ այն այլ երկու ազգ է՝ Վայրի և Ածվոց, և իր երկանքն թիզ մի է, որ իր տերեւն զէտ Մարզանկօշի է, և ճղերն՝ փուշք-փուշք, ոստկներն (ճիւղերն) զէտ ճիւ՝ կուծն է»: Ամիրտ՝ Դալարը՝ Գէճ Զուֆա կ’անուանէ. և խառնուած է, կ’ըսէ, այսինքն՝ բաղադրութիւն մի, որ գոյանայ ոչխարին դմակին ներքեւ, երբ արածի Ֆարասիոնի (Մեղրածուծ) վրայ. «Այլ ասացած է, թէ ի հորթերուն ագին կու ժողովին այն խոտերն, որ կաթ ունին, որպէս Եէթողնի, և կաթին աղտն ի ագին կու ժողովի, և կ’առնուն և կ’եփեն և ի ղվամ կու բերեն, և այս ալ դալար Զուֆան է»: Իսկ Չորին համար գրէ. «Ար. Զուֆայի Եապիսն և Հ. Մշտիկ ասէ, և ինքն ի յածվենիքն կու բուսնի... Ասէ Պտ., թէ ինքն խոտ-մն է, որ տերեւն ի Հինայի տերեւ կու նմանի, և լաւն այն է, որ ի յԵրուսաղեմայ լերունքն կու բուսնի, և խիստ աղէկն ի յԵգիպտոս լինի, և ի Հռոմայ երկիրն այլ կու լինի, և մէկ-մէկ գունտկներ ունի ի մէջ տեղն, և ծաղիկն կապուտ է, և երկայնութիւնն մէկ թիզ է»։ Թիզէ շատ աւելի երկայն այլ կ’ըլլայ, և ճիւղերն և ծաղիկներն խիտ առ խիտ ըլլալով (կամ «խիտ և ուռուցուկ», ինչպէս կ’ըսէ Սարգիս վարդապետն մեկնիչ Կաթողիկեայ թղթոց) միանգամայն և անուշահոտ, հին ատեն կրոնական պաշտամանց մէջ ջուր կամ արիւն սրսկելու գործածէին, քանի մի հատ մէկտեղ կապելով, որով կ’ըլլար տրցակ մի, կամ Մշտիկ մի. ասկէ մեր մէջ մտած է Զոպային այլ Մշտիկ ըսել, և թերեւս պաշտամանց մէջ մտնելէն Մշտիկ և Մաշտոց զոյգ կրօնական իմաստն ունենան: Ամենայն քրիստոնեայ յիշէ առ Տէրն մեր Քրիստոս՝ խաչին վրայ աւանդման մօտ՝ քացախ և լեդի մատուցանելն Մշտկաւ Զոպայի ՝ եղեգան մի ծայր դնելով: Չի մոռցուիր Սողոմոնի համար ըսուածն այլ, թէ գրած ըլլայ բուսաբանութիւն՝ Լիբանանու մեծամեծ Մայրերէն մինչեւ պատի վրայ բուսած Զոպայն, զոր ոմանք Մամուռ կամ Քարաքոս կ’իմանան, ոմանք՝ Կապպար բոյսը, այլք՝ ուրիշ բոյս։ Ինչուան քսան կարծիք եղած է այս Ս. Գրոց մէջ յիշուած Զոպային վրայօք, զոր աւելորդ է մեզ քննել, այլ մի անգամ եւս յիշենք, որ շատք այլ մեր վերոյիշեալ հեղինակաց նման՝ Ծոթրին համարին: Ար. Զուֆա այլ նշանակէ տեսակ մի Կոտեմ, Cresson alénoe

719. Զոպայի ծառ.

Յիշուի և նոր գրողէ Հայ-Աղուանից կողմերում, այլ թէ ինչ նմանութիւն ունի հասարակ Զոպայի, ստուգելի է. Բառաւաք մ’այլ նշանակած է առանձին

720. Ծագ-Զոպայ և Ծագ-Մշտիկ.

Որք գուշակուին նշանակել տեսակք Զոպայից։ 

721. Զուիրակ.

Տնտեսութեան մէջ ծանօթ և պիտանի բոյս մի, որ այլեւայլ անուններ ալ ունի մեր լեզուաւ, ինչպէս, Կատաւան, Իշկորնգան կամ Իշկորուրան, և նմանեաց հետ շփոթելով անոնց անուններն այլ կ’առնու, ինչպէս Փիլոնի գրոց լուծմունք գրողն կ’ըսէ. «Զուիրակ կամ Մարեմայ խոտն », ուրիշներ այլ Ծոթրինի զուգեն, որոյ յարմարի Ար. Սայթար անունն, որով ստորագրէ Ամիրտ. «Ինքն երկու ազգ է, մէկ Վայրի և մէկն Ջրի, բայց անուշահոտ է. աղէկն Վայրին է և զօրաւորն»:   Լ. Origanum. Փ. Origane. Քանի մի տեսակք կան Զուիրակի, յորոց՝ Բոլորատերեւ կոչուածն O. Rotundifolium գտուի յԱրդուին, Պաթում, Ծանախ. Հասարակն O. Vulgare ի Պոնտոս, և Թ–Հ։ 

722. Զուկի ձէթ.

Տե՛ս Միաւորակ, ուր յիշուի և Լուսնի ծառն, ուսկից կ’ելնէ ձէթն կամ խէժն. և ըստ այսմ՝ թուի, թէ Զուկ ըլլայ Հ. անուն ծառոյն

723. *Զուռռայ.

Ար. որ և Տուռռա, նոյնպէս այլ գրուած Փ. Dourra կամ Duraհ, որ է Լ. Sorghum vulgare, Փ. Sorgho. այս յետին անուամբ կոչեն ուրիշ Եւրոպացիք այլ. «Ինքն ցեղ-մն է, կ’ըսէ Ամիրտ. ի Կորեկէն, և երկայնութիւնն Ցորենի չափ լինի, և շատ տերեւնի կ’ունենայ՝ տափակ, և աղէկն սպիտակ և ծանտր լինի։ (Իբրև դեղ) զլուծումն կու կտրէ, և թէ սպեղանի առնեն, ի դրուց դնեն, հովցընէ զփորոքն, և կապէ զփորն աղէկ»: ՅԱփրիկէ, նա եւ յԱսիա՝ ցորենի պէս Հաց կ’ըլլայ:

724. Զուսպ.

Հին բժշկարանն զուգէ զսա Յունապի հետ. տե՛ս զայս։ Ունի նմանութիւն ինչ Լ. Zizyphus կոչման

725. Զուրիկ.

Սամթի նման խոտ մ’է ապառաժ տեղերու, անասնոց ախորժ ուտելի։ 

726. *Զուրպաթ.

Բժշկարան մի՝ ոչ հին՝ գրէ. «Մէկ մեծ ծառ է. Սէօյիւտի ն մէկ սoյն է, հոտաւէտ». եթէ չէ ներքոյգրեալ Զրմբատն

*Զուփա. Զուֆ. Զուֆա. Տե՛ս Զոպա.

*Զպսթան. Տե՛ս Սպըստան

727. Զրմբատ. Զրնպատ. Զրումպատ. Զուրումբատ. Զուրբատ. Զրոբատ

Գրուած է և Ցընդվար ի Ստ. Ռոշքեան. յայտնի է Պ. և Ար. անուն ըլլալն, որով կոչի և Լ. Curcuma Zerumbat: Բժշկարան մի կ’ըսէ. «Քեաֆուրի քէօքն է». Ամիրտոլվաթ աւելի բացատրէ. «Հնդի լեզուաւ Քաճուր կ’ասեն, և ի յայլ լեզուս Տարաք, և յորժամ դալար է, դանկով կու կտրտեն և կու եռցընեն. գիճութիւնն պակաս կու լինի, և այն, որ չէ կտրած, լեղի է… Ասցած է, թէ Քեաֆուրին տակն բոլոր և յերկան այլ կու լինի», եւայլն։   Ասար բժիշկ կ’ըսէ. «Զրումպատ լոլոր (եթէ չէ բոլոր) և ձիգ տակ է»։ Հին բառագիր մի. «Զրնբատ՝ Զնջըբիլ »: Կամարկապցին՝ «Ինքն նման է Գխտորի և Գրնկածինի ? ունի»

728. Զրեւանդ. Ար.

Թէ և յատուկ հայերէն անուններ ունի այս բոյսս, Որդնտակ և Սղանգն, ինչպէս Մխ. Հերացի այլ գրէ. « Զըռեւանդ յերկայն, որ է Սղընկան տակն». այլ յաճախ այս պարսիկ անուամբ գրեն բժիշկք մեր և Բժշկարանք, եւս առաւել, երբ իր տեսակները կ’որոշեն Երկայն Զրեւանդ, Բոլոր կամ Կարճ Զրեւանդ, Որձ կամ Էգ Զրեւանդ անուամբք. երբեմն այլ իրարու հետ շփոթելով կամ մի և նոյն համարելով: —Յունարենէ առնուած է Լ. անուն Aristolochia, զոր Ամիրտ. գրէ Արաստուլուխիայ ըստ Պէյթարայ, Փ. Aristoloche, Ռ. Карказоиъ, Թ. Տուճուկ տիպի ՝ ըստ Բժշկարանի միոյ. ըստ Ամիրտ. Ղուռթլուճա ։

Հին բժշկարանն, ինչպէս և այլք, զանազանէ երկու տեսակ. «Զրեւանդ՝ Որդնտակ, կամ Բոլո ր կամ Երկայն ». ըստ այսմ զանազանելով ստորագրէ Ամիրտ. Երկայնը (Aris. Lunga) Զրեւանդ ն Ար. կոչէ Տաւիլ կամ Թօյիլ «որ է Շաճրի Ըռուստամ ն. և Անդալուսցիքն Մուսթամիղար ասեն. (Պէյթ. Մասէքար և Մասէմքարան ), և լաւն այն է, որ գունն Բոլորին գունովն լինայ, քան զմատն հաստ լինայ. և աղէկն Որձ ն է», եւ այլն։ Բոլոր (Կլոր) Զրեւանդն . Rotunda) կոչուի Ար. « Զէր Մուտրահաճ, որ Պ. Զրեւանտ Մուտավար ասեն, և լաւն Շամցի լինի և Էգ, և լաւն այն է, որ Քաճար կ’ասեն, և Զրնպատին ալ Քաճար կ’ասեն Հնդի լեզուաւ, և լաւն այն է, որ գունն Զաֆրանի գունովն լինի, և գէր, քան զԵրկայնն՝ այս լատիֆ և ուժով է»:

Բժշկարան մի Բոլոր Զրեւանդին համար կ’ըսէ. «Որ է հայերէն լեզուաւ Խաշնդեղն», բայց մենք տեսանք (թիւ 393), որ Խաշնդեղն Գաբի տակն է։ Այլեւայլ տեսակներէն՝ A. Clematitis կոչուածն գտուի ի Պոնտոս, Կովկաս, Վրաստան A. Maurorum ի Ծանախ, Ասորիք. A. Pontica ի Ռիզէ. A. Iberica ի Մծխէթ, յԻմերէթ։ Ուրիշ տեսակներ այլ շատ գտուին ի Փ. Ասիա, Ասորիք և Կիլիկիա

729. Զրիշկ կամ Զրեշկ.

Պարսիկ անուն է Ծորի. տե՛ս զայս: Ըստ ոմանց է Սրափուշն:

730. Զօխօ ?

Կամարկապցին յիշէ զայս՝ ըսելով. «Ինքն խոտ մի է... Նշանք այս է՝ որ կաթոտ լինի, տերեւն՝ Սպանախի և Բողկի նմանի»:

731. Էգաբացուենեկ. Տե՛ս Բարձմանեակ:

732. Էգադաղձ. Տե՛ս Դաղձ:

Ասար գրէ. « Էգաթաղ, կարմիր Դաղձ »

733. *Էգիր կամ Էկիր. Տե՛ս Բաշխ: 

*Էթրէնճ. Տե՛ս Թուրինջ:

734. Էշխրտուկ.

Վայրենի փշոտ բոյս մի: Իշոյ անուամբ զուգուած բուսաբառերը տե՛ս Իշ սկիզբով։ 

Էրեւանդ. Տե՛ս Երեւանդ:

*Էքլիլ մէլիք. Էքլիլ իւլ-մէլիք. Տե՛ս Աքլիլ մէլիք և Կորնգան:

735. Ըղընգան Խոտ.

Արաբերէն Զաֆրայ, ըստ Ամիրտ. լաւ եւս Զէօհրէ կամ Զէհրէ. խոտ մի՝ «որ ի վերայ գետնին կու փռվի և կու բուսանի, և բոլորկեկ և մանտր տերեւ ունի. ի յըղունկ կու նմանի. և դուրսի դեհն կանանչ և մէջն կարմիր կու լինի, և ի գագաթն դեղնուկ ծաղիկ ունի, և թէ զտերեւն և զտակն չորացընեն, և ծեծեն և ի վերայ պիղծ խոցերու կերվածին ցանեն, օգտէ նասուրին, և կոծիծներուն այլ օգտէ և քալ (կունտ, անմաշ) գլխուն ալ օգտէ»: Պէյթարի թարգմանիչն տարակուսանօք համարի այս բույսը Լ. Hieracium Pilosella. Փ. Epervière Piloselle. Մեր ազգային Թուրքահայոց բժշկաց մին ըսաւ Eupatorium Canabinum, Փ. Eupatoire Chanvrine

736. Ըղտափուշ. Ըղտու փուշ

Թարգմանութիւն արաբերէն բառի. Պէյթար, յորմէ և Ամիրտ. ստորագրեն պարսկերէն բառով՝ Ուշթարղար կամ Ուշթուրխար «որ Թ. Տավա թիքանի ասէ, և ոմանք Եանտախ այլ ասեն. և իր օգտութիւնն այն է, որ զսիրտն ի վեր բերէ: …Ասէ Պտ., թէ ինքն Զանճապիլ յաճամ ն (Պարսիկ Կոճապղպեղ), որ Ար. լեզուաւ Շաւքի (Շէվքէթ ) ճամալ ասուի, որ թարգմանի Ըղտու փուշ, և ինքն Անճիտանին տակն է, որ Խորասանի է, և Վայրի Անճիտանն ինքն ի Ըռաֆթային ? ցեղերուն է. և այս երկու ցեղն այլ ի Հոռոմոց երկիրն կու լինի, լաւն հոռոմցին է, որ Անճիտանի Ըռումի ասեն… Եւ ասէ Սինեայ որդին, թէ դորա քացախն օգտէ ստամոքին և ուժովցընէ և կերակուր կերցնէ», եւայլն: Պէյթարի թարգմանիչն գրէ Փ. Racine de Magydaris, ի յունականէն Μαγίδαρις, զոր հիմայ կոչեն Lasærpitium, ըստ մեզ՝ Ուպան ։ Մեր Բժշկարանաց մէկն յատուկ նկարագրական հայ անուն մի ընծայէ Ըղտափըշոյ, Շատծլուի: Կամարկապցին այլ ռամկաբար գրէ. « Պուղա թիքէնի ն այն փուշն է, որ մատղաշ իքէն ՝ հասակին կեղվեն, դանկով քերեն վրայի խապուխն և ուտեն, ոմանք Տէվէ թիքէնի ասեն»։ Ըստ այսմ՝ յարմարի Լ. Cynare Cardunculus

737. Ըղտու աչք.

Յիշուի Բժշկարանի մի մէջ՝ առանց բացատրութեան. վերոյգրելոյն նման թուի։ 

738. Ըղտու լեզու.

Պէյթար և Ամիրտ. Յ. անունը թարգմաներ են այսպէս, Ελελίσεφακον, զոր և գրէ առաջինն մերս՝ «Ալիսֆաղին, որ այսոր Թուրքն Ըղտու լեզու կ’ասէ, և ինքն յերկան-յերկան կու լինի և կու բուսնի, և շատ ճղեր ունի, և փայտն չորեքզռէն կու լինի և սպիտակ, և տերեւնին Սերկեւիլի տերեւ կու նմանի, բայց երկայն կու լինի և բարակ։ Եթէ զայս խոտիս զճուղն տերեւովն եփես և զջուրն... խմցընես և թէ օծես, զսպիտակ մազն սեւ առնէ, և զխոցերն կու բուսցընէ, և զշտերն այլ կու աղէկցընէ, և թէ եռցընեն և խմեն, զլեզուին ծանրութիւն կու տանի և քաղցր զրուցընել կու տայ, և թէ ջրովն լուացվին, զկինն տանի»: Անշուշտ, յոյն բառը լաւագոյն, քան զԱմիրտոլվաթ՝ նոր բանասէրք մեր հայացուցեր և Եղեսպակ կոչեր են, զոր և յիշեցինք ի կարգին՝ ծանուցանելով, որ է Լ. Salvia, Փ. Sauge

739. Ըղտու Խնձոր.

Այսպէս կոչուած է սպիտակածաղիկ Երնջանն։ Տե՛ս զայս, թ. 683։ 

740. Ըղտու Կակաջ.

Որչափ տգեղ է այս կենդանին, այնքան՝ գեղեցիկ ծաղիկն, և հրաշալի եւս ըստ ազգային կամ ռամկական աւանդութեան, որ ընծայեր է անոր շատ վայելչագոյն անուններ, զորս յիշենք իրենց կարգին և բացատրեմք Խաչափայտ կամ Փենունա անուանց ներքեւ

741. Ըղրի.

Քննութեան արժանի անուն և բոյս, զոր կարծեմք ծանօթ կամ արժանի ծանօթութեան բուսաբանից, մենք, ցամքած ծաղիկն և ճիւղը տեսնելով, համարիմք  թուփ կամ ծառ, իրարմէ հեռու երկայն կոթի ծայր հինգ-վեց տերեւով, հասարակ դափնոյ տերեւին կէս մեծութեամբ, նոյնպէս երկայն կոթի ծայր փունջ-փունջ դեղին շրթնաձեւ ծաղկօք, երկայն առէջներով և մանրիկ հունտերով։ 

742. Ընկոյզ. Ընկուզի.

Թերեւս իւղապտուղ ծառոց մեծագոյնն, և անունն այլ նոյն ի Հ. և յԱ. Ճավզ կամ Ճուզ, որ Եբր. Էկօզ. հին Գերմ. Hnuz. Ամիրտ. գրէ. « Ճավըզ, որ է Ընկուզն, լաւն այն է, որ կեղեւն նօսր լինի և թաժա և ի լի լինի», եւ այլն. յունարէն անուամբն այլ գրէ. Արղիս, որ է Աղիրաս. այսոր ձէթն լաւ է, քան զՆշի ձէթն, և փոխանն Մանուշկի ձէթն է», եւայլն։ Լ. Nux Juglans, Փ. Noyer, Noix. Հասարակաց ծանօթ ըլլալով ծառն և պտուղն՝ աւելորդ համարիմ նկարագրութիւնն, բայց ի բանասիրական զբօսանս յիշենք Մխ. Գոշի առակն (ԺԷ), իբր թէ Տունկք բամբասէին զնա, թէ «Ռիշտ (ագահ) ես ամենեւին և տմարդի, կծու և չար, (զի) զպտուղ քո բերես անուտելի։ Որոց պատասխանեալ ասէ. Ո՞չ ապաքէն նման ձեզ առնեմ, զի ո՞ ոք ի   ձէնջ նախ քան զժամանակն տայ զպտուղն իւր յուտել, սակայն և արդ ամենեցուն ընդարձակ եմ (առատ), մարդկան և թռչնոց՝ ոչ նման ձեզ անկարգաբար տալով… ամբողջ՝ անուտելով ի ժամու մերկանամ զռըշտութիւն»: Կծու և անուտելի կոչուիլն յայտնէ իր դրսի պատեաններն և կեղեւները, և ըստ այսմ՝ նշանաւոր է Ընկուզի մասանց զանազան անուններ ունենալն, ինչպէս՝ Ոզոխ, Կղէզ և Կաղաղ դրսի կանաչ կճեպն, ուսկից թերեւս բոլոր ընկուզին Կակալ կոչուն. Կորճ ՝ ներսի պինտ և երկու բաժնուող ու պարպած կեղեւքն. Փուր ՝ ներքին մաշկն. Ձնձում ՝ ամբողջ անկճեպ ընկոյզն. Փառակ և Կթուն ըստկած Ընկոյզ. Ոտիփ ? անծանօթ մաս մի: Զանազանին և տեսակքն՝ ըստ Խոտուջրեցւոց. Բոբոշ ՝ մեծ և ազնիւ. Կրկիտ ՝ կարծր. Չունուզ ՝ մէջը պարապ. Փուտուկ ՝ փտտած. Ունուկ ՝ առողջ Ընկոյզ

743. Սուտ Ընկուզի.

Թ. Եալան Ղօզ, յիշէ Բարխուդարեան ի կողմանս Աղուանից (Աղու. Երկ. եր. 54). թուի, թէ վայրի և ոչ ուտելի պտղով ծառ մ’է։ 

744. Հայ Ընկոյզ.

Անունն հրապուրիչ է քննութեան, մանաւանդ որ դեռ լաւ չէ ճանչցուած, Պէյթար կ’անուանէ Ճաւզ Արմանիոս, Փ. Noix arménienne. և թզաչափ փոքր բոյս մի է, կ’ըսէ. տերեւներն նման Փեգենայի, բայց աւելի լայն, ծայրն ալ սպիտակ ծաղիկ մի՝ համն կծու, և կարծէ այն բոյսն, որ կ’ըսուի Մօխլեսա, կամ Մուխալլասա, զոր յիշեցինք ի թիւ 23 (Արուճ), բայց ստորագրութիւնն (զոր խոստացանք յիշել ի կարգի) Մ. տառի, չերեւիր նման Հայկական Ընկուզի համար գրածին։ Այն անուամբ Ընկոյզս յիշէ աշխարհագիրն Կոզմաս  Հնդկանաւորդ (Cosmas Indicopleustes) ի Զ դարու. և քաղելու ժամանակն այլ յԵգիպտոս, կ’ըսէ, Բայինի ամսոյն մէջ կ’ըլլայ, որ է յունիս, և Ձիթապտղի նման է կ’ըսէ։ 

745. Հնդիկ Ընկոյզ.

Վաստ. Գիրքն յիշէ (ՃԿԲ) Հնդի Ընկոյզ, որ է անշուշտ ծանօթ Մշկընկոյզն, Լ. Nux muscate, բայց ըստ Ամիրտ. է Նարճիլ. տե՛ս Նարգելակ և Ճօզպէ։ Տարբեր ծառ և պտուղ է Հնդկային Փսխեցուցիչ Ընկոյզն, Լ. Strychnus, Փ. Vomiquier

746. Ընձախոտ. Ունծի խոտ.

Բժշկարան մի գրէ. «Ընձախոտն, որ է Անթառամ ծաղիկ ն», սակայն այդ ծաղկին անուան մօտ անունէն շփոթած կ’երեւի, զի Գալիենոսի բառից մէջ գրուի. «Կապլիոշան ? Թառակ, որ է Ընձախոտ», ըսել է, որ հոմանիշ են այս երկու անուանք։ Ամիրտոլվաթ հայ անունն այլ կու տայ, բայց արաբերէնովն ստորագրէ. « Խանիղ ըլ-նամր, որ Թ. Ղափլան օթի ասէ, և Պայլըխ այլ կ’ասեն, և թէ սպեղանի առնես և դնես ի վերայ կոծիծնուն, օգտէ,. և հանէ ի տեղացն, և Աստուծոյ համար, չլինի որ խմես, կու սպանանէ, թէ զտերեւն ծեծես ճրագի իւղով և հացն խառնես, և տաս աղուէսին, և շան, և ղափլանին, և գայլուն, և խոզին, յայն պահն կու անկնի ի վայր. և թէ սպեղանի առնես և դնես ի վերայ պինտ ուռէցին, յայն պահն հալէ… Ասեր են, թէ ինքն ի Մազարիոնին ցեղերուն է, և ոմանք ասեր են, թէ Մկնսոխ ն է կամ Խարպախ ն (Վրացի Կոճ), և ինքն չէ ստուգ, և Հայք այս խոտիս Ունծի Խոտ կ’ասեն»: Լ. Doronicum Pardalianches կամ պարզ Acoոitum, Փ. Aconit.

Այս խոտին հետ յիշեն Պէյթար և Ամիրտ, ուրիշ մ’այլ՝ Խանիղ ըլ-զէպ կամ զիպ, որ Ար. նշանակէ Գայլխոտ, բայց չէ այն հայերէն Գայլխոտն, զոր յիշած եմք (թիւ 409), այլ կոչուածն Լ. Acoոitum Napellus. վերոյիշելոյն նման է, կ’ըսէ Ամիրտ. «Եւ ինքն զգայլն կու սպանանէ շուտով, և ինքն ոտուգ Խարպախն է»։ 

747. * Ըռասան.

Պարսկերէն անուն է հայերէն Կղմուխ կոչուածին

748. Թագաւորապսակ.

Այսոր հոմանիշ գրէ Ասար Նշանիս. յետնոյս համար ուրիշ Բժշկարան մի գրէ. «Նշանիս, որ է Քլիլմէլիք ». այս Ար. բառն, որոյ ուղղագոյն է Իքլիլ իւլ-մէլիք, զնոյն նշանակէ, այսինքն՝ թագաւորի պսակ, նոյնպէս և Լ. Fritillaria imperilis, Փ. Fritillaire impériale. Այս գեղեցիկ անունն տրուած է խիստ հասարակ և անասնոց կեր խոտի մի, Կորնգանի տեսակ, որ և տգեղաբար կոչի Իշկորնգան. ոչ աւելի աղուոր անուն մ’այլ ունի Թ. ըստ Ամիրտ՝ Ղօչ պույնուզի (խոյի եղջիւր). «Եւ ինքն խոտ-մն է, որ մէկ աւուր լուսին կու նմանի, և սպիտակ ու դեղին կու լինի, լաւն այն է, որ նոր և դեղին լինի և պինտ… Իպն. ասէ, թէ ցեղ-մն Աքլիլմէլիք կայ, որ ի լերունքն կու բուսնի, և յերկայնութիւն մէկ կանգուն կու լինի, և տերեւն յերկան-յերկան կու լինի, և գունն սեւութիւն կու քշտէ. և փայտին մէջն փուճ կու լինի և պինտ, և գլուխ կ’ունենայ, և յորժամ միրգն հասնի և կու բացուի, և միջի հունդն Մաննեխի չաք է, հատկներն բոլորկեկ, և զիր հատն որսորդնին կ’առնուն և իրենց որսած մսին մէջն կու դնեն, որ չի հոտիր... Ասէ Պտին, թէ այս խոտիս Պ. Քիահեղայըսար ? կասեն, և լաւն այն է, որ դալար և հասուն լինի, և գունն ի դեղնութեան և սեւութեան մէջն լինի, և թէ ճղքեն, հատին մէջն դեղին լինի»: Այս նկարագիրս վերոյիշեալէն շատ տարբեր բոյս մի ցուցընէ. Պէյթար այլ վկայէ, որ այս անուամբ շատ տարբեր բոյսեր կ’իմացուին և կու շփոթին, մեզի բաւական ըլլայ հաւաստելն, թէ ըստ բառին և նշանակութեան՝ նոյն են Թագաւորապսակն և Էքլիլ իւլ-մէլիքն։ Շատ տեսակք կան այս բուսոյ, որոց մէկն կոչուած է Հայկական. F. Armena, ի լերինս Կարնոյ և ի Ծանախ. Նոյնպէս կոչեր են ոմանք F. Sibtorpiana ըսուածն այլ. F. Lutea տեսնուած է ի Մասիս. F. Crassifolia ի Թէքտաղ Կարնոյ, ի Պոնտոս— F. Kurdica և Minuta ի Վան և Բաղէշ. F. Persica ի Մասիս։ 

749. Թագաւորասպրամ. Թագաւորասպրակ.

Ինչ տեսակ բոյս ըլլալը չըսեր Բժշկարանն, այլ անոր փոխան, երբ պէտք ըլլայ՝ գործածելու է կ’ըսէ Մեղրածուծը, որով կ’իմացընէ կամ ասոր ազգակից, կամ նման յատկութիւն և զօրութիւն ունենալը։ Թերեւս պարսիկ բառով Շահասպրամն ըլլայ

750. Թագկալ ?

Օրագրի մի մէջ յիշուած է առանց բացատրութեան (Մշակ, ԺԸ, 88 ?)։ 

751. Թագուհւոյ խոտ.

Բժշկարան մի ոչ հին, դեղի նուսխայ գրէ. «Կա՛լ. զբուռն մի տերեւս Խոտոյն Թագուհւոյն կամ Նիկօցիանի ». Nicotiana, ծխախոտի բոյսն է, Nico Փռանկի անուամբն, որ նախ մտուց զայն ի Փռանկաստան, այլ թէ արդեօք մեր գրողն այլ զա՞յս իմանար, կամ ո՞վ այն հրապուրական (Թագուհւոյ) անունը ընծայեր է այդ ծխոտ-մխոտ խոտին։ 



[1]     Զողալի կարմիր հիւթը կամ ջուրը արեան նմանցընելով՝ առասպելեցին Յոյնք և Լատինք, թէ նա երբեմն դժբաղդ Պրիամու կրտսեր որդին էր՝ Պոլիուդոր, զոր հայրն յուսահատած իր և Տրոյիոյ բաղդէն, մահուանէ ազատելու և իրեն ժառանգ թողլու համար, ղրկեց Թրակացւոց Պոլիմնեստրէս թագաւորին. սա ագահութեամբ անգթացաւ և սպաննել տուաւ պատանին, որ ինչքը ժառանգէ. Ապողոն գթալով փոխարկեց զնա ի Զողալենի, կամ՝ Չըմենի, ինչպէս գրէ, մեր Վիրգիլիոսի հայ թարգմանիչն (Հիւրմիւզեան, Վրոյր). լատին բանաստեղծն կ’ուզէ հաւատացընել, թէ Ենէաս, փախչելով Յունաց ձեռքէն յետ աւերման Տրովադայ, եկեր է ի Թրակիա և ուզեր է բերդաքաղաք մի շինել, ինչպէս յետոյ պատմէր Դիդէ դշխոյի, թէ.

«Մերձ ի տեղւոջն ըստ դիպուածոյ էր բլրակ,

Զոյր Չըմենիք ծածկէին թուփք ըզդիտակ

Եւ յոգնախուռն ըuտեղամբք խիտ մըրտենի.

Մատեայ զթըփուտն անտի խըլել դալարի.

Եւ ի կորզել յերկրէ ըզթուփըն նախկին...

Կայլակէին շիթք արեան թուխք անդըստին…

Ողբք ի խորոց բլրոյն եղեն լըսելի.

Եւ ձայն առ իս աղիողորմ բարբառի.

Հի՞մ, Ենէաս, ըզհէքըս զիս կեղեքես.

Խընայեա յիս. և կա՛ց ի բաց ի չիրմէս…

Փախի՛ր, աւա՜ղ, ի զօշաքաղ ծովափնէս.

Ահա ես ինքըն Պողիոդոր խօսիմ քեզ,

Զոր աստ տապաստ նետից արկ խոց երկաթեաց

Եւ ի սըլաքըս սայրասուրս ընձիւղեաց»:

Ենէաս գերեզման կու շինէ Պողիւդորի և, պաշտօն կատարելով, կու փախչի մինչեւ ի Լատիոն: —Նոյն առասպելախօսք կամ վիպասանք կ’ըսեն, որ Յունաց ի Տրովա մատուցած փայտեղէն մեծ ձին այլ Զողալենիներով շինուած էր: