Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

901. Լեղ հ ամ ծաղիկ.

Վաստակոց գիրքն ուրիշ երեք բուսոց հետ պատուիրէ հեռացընել զայս այլ մեղուներու փեթակաց մօտէն, որ չի վնասուին. յոյն կամ լատին բնագրին մէջ վեց բոյս յիշուին, որով չ’իմացուիր, թէ որն է Լեղուահամ ծաղիկն. երեքին վրայ մնայ հաւանականութիւնն, որք են Thapsia, Tithymalus և Veratrum, որոց հայերէն ուրիշ անուններ կան և ըստ կարգի յիշուին։ 

902. Լեղնտրուկ.

Քան զԾխախոտի տերեւն՝ լայն տերեւներով և դեղին ծաղկով խոտ-մն է՝ քանի մի թիզ բարձրութեամբ, լեղուահամ։ Յիշուի ի Տարօն: Տե՛ս և Վարսաման։ 

903. Լեղրդակ.

Եղրդակն է (տե՛ս թ. 635)՝ ըստ Բժշկարանի միոյ, որ այլեւայլ տեղ զուգէ Հնդուպէի, Քասնոյ, Sարշաղուշի, տեղ մ’այլ գրէ. « Անիպէս ?, որ է Լեղրդակ»։ 

904. *Լեպեդիս.

Հին Բժշկարանն ուրիշ բուսոց հետ յիշէ՝ ակընջի դեղ, թերեւս ըլլայ Lepidium, որ է ըստ մեզ՝ Նուարտակ:

905. Լեվշոր.

Մահլապի ծառն կամ պտուղն է, տե՛ս զայս և զ Շշի ։ 

906. Լերդախոտ.

Այլեւայլ անուններ ունի այս բոյսս հայ լեզուաւ՝ Զարօշ, Կենարար, Գետնի Կաղնի, եւ այլն: Հին Բժշկարանն գրէ. « Սահրկապուրա ? Լերդախոտ, Զարօշ»: Ուրիշ մի յունական բառիւ, « Քամատարիոս ն (Χαμαίδρης), որ է Սէնէվպար « ուլ-հարզ ն». Լ. Teucrium Chamedrys. Փ. Germendrée, այլ և Petit-Chène vert. Թ. Եէր Փալամուտու: Յունական անուամբն ստորագրէ Ամիրտ. ըստ Պէյթարայ, « Քամատարիոս, որ է Պալուտ ըլ-յարզ (Գետնի Կաղնի), ճղկներն և տերեւնի է որպէս Կաղնու տերեւի, և ծաղիկն ծիրանի է... ոմանք Տուֆարիս ասեն (Teucrium): Հ. Լերդախոտ ասէ, Թ. Ղսաճուխ Մահմուտ, որ է Գետնի Կաղնի. և ասել են, թէ Օշային ճիւղն է և տերեւն է, և չէ ստոյգ. ասացել է գրոցս շինողն, թէ խոտ-մն է կանաչագոյն և խիստ լեղի, և՛ տերեւն, և՛ ճիւղն Կաղնուն տերեւին նման է, և ի Շիրազ այս խոտիս Թալխ կ’ասեն, և լաւն այն է, որ թաժա լինի»: Լատին անուամբն այլ ստորագրէ հանդերձ զանազանութեամբ տեսակին. « Տուղարիոս (Teucrium) ըստ Պէյթ »: Ինքն ազգ-մն է ի Քամատարիոսէն. և այսոր Թ. Sալախ օթի ասէ, և տերեւն նման է Սիսռան տերեւին»։ Շատ տեսակներ կան Լերդախոտի. Արեւելեանն T. Orientale. գտուի ի Ռ. և Թ-Հ. ի Կեսարիա. T. Parviflorum ի Թ-Հ. Միջագետք. T. Chamædrys, ի Պոնտոս, Թ-Հ. Սոմխէթ. T. Polium ի Հր. Հայս, Միջագետք. ուրիշ շատ տեսակք այլ ի Կիլիկիա, յԱյնթապ և Մարաշ։ 

907. Լերդածաղիկ.

Նշանակուած ի բառհաւաքէ. թուի վերոյիշեալն

908. Լէբլէբուկ.

Յիշուած յօրագիրս, թերեւս ըլլայ Լապլապն։ 

909. Լէզ.

Բոյս ծանօթ Խոտուջրեցւոց, բայց որպիսութիւնն անյայտ է ինձ

910. Լիբանոն. Լիբանոս.

Սուրբ Գրոց մէջ այս անուամբ կ’իմացուին երկու տեսակ բնական բերք. մէկն անուշահոտ խէժ կամ խունկ մի, յունարէն Λίβανον, միւսն նշանակէ Լիբանանու մայր ծառերը, որ իբրեւ մեծութեան նշանակ յիշուին, ինչպէս մարգարէն (Ովսէէ) կ’ըսէ Հրէից ազգին համար, երբ դառնայ առ Աստուած, նորէն պիտի աճի. «Եւ արձակեսցէ զարմատ իւր իբրեւ զԼիբանոս, արձակեսցին ոստք նորա»։ 

911. *Լիբանովիտ կամ Լիբանովտան.

Այս այլ վերոյիշեալ յոյն բառէն առնուած է, որպէս և Լ. Libanotis, խնկեղէն կամ անուշահոտ նշանակութեամբ, սակայն շատ տարակոյս և կարծիք եղած է գիտնոց այս անուան վրայ և այսոր հոմանիշ համարուած արաբացի անուանց. նոյնպէս և մեր լեզուի մէջ այլ այս և շատ անուանք յոմանց նոյնանիշ համարուեր են, ինչպէս Խնկի ծառ, Խնկունի, Մարիամի ծառ, Լուացտակի ծառ, Հազրեվարդ. այս վերջի անունս զուգէ Ռոշքեանն   Լ. Rosmarinus, Փ. Romarin անուշահոտ բուսոյ, սակայն նախնեաց յիշատակութիւնք ցուցընեն, որ Հազրեվարդն ոչ միայն հոտով, այլ և տեսլեամբ գեղեցիկ ծաղիկ էր, որպիսի չէ այդ Ռոզմարին կոչուածն, որոյ յարմարագոյն է Լուացտակի ծառ ըսուիլն։ Ամիրտոլվաէ այլ կ’իմացընէ այս զանազանութիւնը կամ չփոթութիւնը՝ գրելով. « Լիպանուտաս, և յունարէն Լիվանուտաս կ’ասեն, և ոմանք ասեն, թէ Խնկին ծառ ն է, և ոմանք ասեն, թէ Խնկին ծառն չէ, հապա կու նմանի և ձութ կ’ունենայ, և հոռմերէն Անդրու-Լիվանու ? կ’ասեն: Ինքն ծառ-մն է, որ Ուռի ծառի կու նմանի, և տերեւն նման է Պիլիսկի ին (գտնես զայս ի կարգին), բայց՝ կոկ և մեկ երեսն սպիտակ է, և մէկ երեսն կանանչ է, և ոտն նման է Խնծորին ծառին, և յածվենիքն կու բուսնի, և թէ տակովն հանեն և ի տեղ-մն տնկեն, չի բուսնիլ, և թէ զճուղն կտրեն և տնկեն, կու բուսնի… Եւ ոմանք ասեր են, թէ ծառերուն քովն կու բուսնի, և տերեւն նման է Հազրին տերեւին»: Այս բացատրութեանց նման գրէ դարձեալ ուրիշ արաբ. բառով մի, որ է « Զառնապ Թ. Աճապ աղաճի: Ասէ Սինեայ որդին, թէ ինքն ծառ-մն է, որ տերեւնին տերեւի Ուռու պէս է, երեսն կանանչ և ետեւն սպիտակ, և մանտրութիւն Ստուխոտոս ին (տե՛ս Աբեղախոտ) տերեւին չաք է, և հոտն նման է Թուրունճին հոտին։ Եւ գտայ զինքն ի Կ. Պօլիս, յածվենիքն կու բուսնի, և ի վերայ քարերուն այլ կու բուսնի, և թէ տակովն հանես և ի յայլ տեղ տնկես, չի բուսնիլ, եւ այլն. և Հռ. այսոր Անդրուլիոնոյ ? ասէ, և Հելլենացիք այս խոտիս Լիվանատիս (Libanotis) կու ասեն, և լաւն այն է, որ հոտն անուշ լինի։ Ասել է Պտին, թէ ինքն Ըռիճ ըլ-ճարտան է (Մորեխի սրունգ). և անունս անոր համար է, որ տերեւն ի մորեխին ոտքն կու նմանի, և Հնդիկքն Թապրահ ասեն և Պ. Սուրու Թուրքի ասեն և Սուրու Թուրքիստանի ։ Եւ ծաղիկն դեղին է և տափակ է, և տակն մաղտանոսի տակ կու նմանի, բայց այլ սուր է և տաք է և հաստ է»: Պէյթարի թարգմանիչն, յիշելով այլեւայլ գիտնոց կարծիքը Զառնապ բուսոյ համար, բան մի հաստատած չէ։ 

912. Լիլածաղ.

Բառհաւաք մի նշանակած է առանց բացատրութեան

913. Լիլիկ կամ Լոլոկ.

Ոչ է յատուկ բոյս, այլ մասն բուսոյ. Գի ծառոյ և նմանեաց պտուղն կամ խոպոպաձև ծաղիկն:

914. *Լիլուփար. Լիլուֆար.

Այս անուամբք շատ հեղ յիշէ Մխ. Հերացի (եր. 9. 18. 24. եւ այլն), միանգամայն իր Ձէթ ն և Շարապ ն։ Հասարակօրէն Ն տառիւ գրուի, Նոնոփար, տե՛ս զայս

915. Լիմոն. Լիմոնի.

Փ. Limonier. Ար. հանրածանօթ ծառ և պտուղ պիտանի, ոչ սոսկապէս յուտել, այլ ի համեմել զուտելիս, որոց ոմանց այնպէս կարեւոր է, որպէս աղն, իսկ գործածութեամբ ի դեղ և ի տնտեսութեան՝ իր ամեն մաuերով՝ անթիւ օգուտ և դարման ընծայող, որոց վրայօք Պէյթար այլ երկայն գրէ, իսկ Ամիրտ. ՝ համառօտ. «Լիմաւն. Լաւն այն է, որ խիստ դեղին լինի և մեծ, և այն, որ աղի է, տաք և չոր է, զսաֆրան կտրէ և գինու խումարին օգտէ, և թթուն՝ զմանն տանի, և թէ յաչքն քաշես, աչից սպիտակին ճլէ տայ, զմորուքն շատ կու բուսցընէ, զստամոքսն ուժովցընէ և զկերակուրն մարսէ», եւ այլն։ Մեր երկրին կլիմայն անյարմար է այս պատուական ծառին և պտղոյն, բայց Սեւ ծովու ափունքն, ինչպէս Տրապիզոն, կ’ընդունին, եւս առաւել Միջերկրականի եզերքն, ուր և Կիլիկիա, առատապէս՝ հանդերձ անոր նմանեօք, զորս յիշէ և Վաստակոց գիրքն (ԾԳ)՝ պատուիրելով ի հոկտեմբեր ամիս. «զ Թրնջիք ն և զ Նումայիք ն և զ Լիմնիք ն ծածկել. և զԼիմոնեաց ճիւղքն փաթթէ, և զտերեւսն ի վերայ ղորդէ, որ ծածկէ զծառսն, և չառնէ նոցա պարզկայն այլ բնաւ ոյժ», այսինքն՝ գիշերուան ցուրտ օդն չի վնասեր։ 

916. Լիմունիոն. Տե՛ս Գառնականջ:

917. Լծափն.

Ծլուն թելերով ծաղիկ մի է՝ ըստ Սալաձորեցոյն, որ տարբեր օրինակաց մէջ Ծիլծափ գրուած է, բայց լաւագոյն օրինակի մէջ երկուքն այլ առանձին յիշուած են. մնայ գիտնալ, թէ ի՞նչ ձեւ, ի՞նչ գոյն ծաղկունք են։ 

918. Լկռի.

Տեսակ մի Խաղողոյ անուն է։ 

919. Լկրթնի.

Արցախոյ կողմերու վայրի ծառոց մէջ յիշուի (Բարխուրդար. 54. 201)։ 

920. Լղպոր կամ Լղմոր.

Այս այլ տեսակ մի Տանձի անուն է

921. Լոզ։

Ջրային մամուռ տարածուած լճակաց և առուակաց երեսին։ 

922. Լողակի ծաղիկ ?

Եթէ չէ Լեղակ՝ յիշուած է Գեղաքունեաց ծաղկանց կարգին

923. Լողարի ?

Յիշուած յանծանօթէ և զուգուած Felandriumի ? որպիսի անուն հիմայ չկայ բուսաբանութեան մէջ, այլ Phyllantherum, որ կոչուի և Tryllium, Փ. Paris կամ Parisette. խոտեղէն դիմացկուն բոյս է ի Շուշանային ցեղէ

924. Լոյս ?

Ծանօթ անուն, անծանօթ բոյս, յիշուած ի նոր բառհաւաքէ. կ’արժէր այս անուամբ բարդեալ կամ կազմեալ շատ անուններ ունենալ ծաղկանց, բայց չեն յայտնուած։ 

925. Լորախոտ,

Հասարակ գետնի խոտ է՝ ըստ Աթանաս. (եր. 89), բայց եթէ թուրքարէնի թարգմանութիւն է Պըլտըրճըն օթի, նշանաւոր և թունաւոր բոյս մի կ’ըլլայ, որ Ար. Պէշ կամ Պիշ կոչուի: Տե՛ս Բէշ, թ. 341

926. Լորի, Լորենի,

Ի գրոց չէ, բայց առ նորս ճանչցուած է Լ. Tilia, Փ. Tilleuil կոչած. Թ. Օխլամուր, ըստ ոմանց՝ Ֆլամպուլ աղաճի:

Ոչ միայն անունն, այլ և ոչ բոյսն ուրիշ անուամբ չեմ գտած յիշուած ի Պէյթարայ և Ամիրտոլվաթայ, և ոչ Թմբի անուամբ թ. 795: Կարմիր կոչուած տեսակն T. Rubra յիշուի ի կողմանս Սիւնեաց և Արցախոյ (Գարապաղ) և այլ կողմանս Ռուսահայոց:

927. Լուադեղ. Լուախոտ. Լուխոտ, Լուիխոտ.

Լ. Conyza Inula կամ Inula pulicaria. կամ լաւ եւս մինակ Pulicaria. Փ. Conyze, Ար. Թօպպագ: Ռ. Комарникъ. Անգիտաց անպէտի մէջ այս Պէյթարայ բառը չկայ, այլ անոր ուրիշ բառի մի տակ, որ է Տուխաս, յիշէ. « Տուղաս, որ է Հաշիշաթ ուլ-պարաղիոն ? որ Թ. Պուրա օթի (փիրէ) ասէ, Հ. Լվի խոտ. ինքն խոտ է, և տերեւն Ըռզիանի տերեւ կը նմանի, և գագաթն ի Գինձ կու նմանի, և ծաղիկն սպիտակ է, և միրգն այլ սպիտակ է, և ի  վերայ մազկներու պէս կայ, և գետնէն ի վեր մէկ թիզ կու ելանէ: Եւ մէկ ազգն որպէս Կարոս կու լինի, և ցեղ մի այլ լինի, որ տերեւն ի Գինձ կու նմանի, և գագաթն ի Սամիթ կու նմանի»: Այս Ար. տարբեր տեսակ Տուղաս կամ Տուխաս Լուախոտին՝ Լ. կ’ըսեն Athamanta Peucedanum. ոմանք ի մերոցս կարծեր, են թէ Լուախոտն ըլլայ Լ. Pulegium, զոր տեսանք Դաղձ վայրի (տ. թիւ 545) և որ հայերէն ուրիշ անուններ այլ ունի. հին բառագրոց մէջ այլ Լուադեղի զուգուած է Այիզոն (Aizon)։ Լուախոտն (այսպէս ուզելով կոչել զ’Coniza) յիշուի ի տեղագրաց այլեւայլ կողմանս Հայոց, աւելի ի hիւսիսայինս Սպեր, Խոտուջուր, Արտահան, Լօռի: Իսկ Լուախոտն Pulicaria շատ տեսակներ ունի, որոց մին Հայկական, P. Armena, ի Կարին, ի Կիւմկիւմ Տարօնոյ, P. Dysenterica. Ի Կարին և ի Հր. Կովկաս. Հասարակն P. Vulgaris ի Հր. Կովկաս. Արարականն այլ P. Arabica ի Միջագետս

928. Լուածաղիկ.

Իբրեւ Լուախոտէն տարբեր յիշուի Երեւանի կողմերում և համարուի Alchimella Matricaria, որ Մոլոշի բազմազգի ցեղէն է։ Տե՛ս Գայլթաթ (թիւ 413)

929. Լուակ ?

Բժշկարան մի խարտէշ մաղձի դեղ գրէ. «Ա՛ռ Դեղին Հալիլայ և Լուակ և Դամոնի չիր Բ Բ բաժին, մին քաղցր և մինն թթու, խառնէ իրար», եւ այլն: Փափագելի է ստուգել, կարծուի իր հետ յիշուածներուն նման պտուղ մի

930. Լուացտակի ծառ. Լուսնատակի ծառ.

Տե՛ս ինչ որ յիշեցինք Լիբանովտի մասին . 912)՝ համարելով զսա Լ. Rosmarinus, Փ. Romarin. Ռ. Рмозаринъ. Ար. Էքլիլ էլ-ճէպէլ. Ամիրտ. Աքլիլ մէլիքը . Թագաւորապսակ, թ. 748) յիշած ատեն կու յարէ. «Իպն ասէ, թէ ցեղ-մն այլ Աքլիլ-մէլիք կայ, որ ի լերունքն կու բուսնի, և յերկայնութիւնն մէկ կանգուն կու լինի, տերեն յերկան-յերկան կու լինի, և գոյնն սեւութիւն կու քշտէ, և փայտին մէջն փուճ կու լինի և պինտ, և գլուխ կ’ունենայ, և յորժամ միրգն հասնի և կու բացուի, միջի հունդն Մանեխի չափ է, հատկներն բոլորկեկ, և զիր հատն որսորդնին կ’առնուն և իրենց որսած մսին մէջն կու դնեն, որ չի հոտիր... Ասէ Պտին, թէ այս խոտիս Պ. Քիւհի ղայըար կ’ասեն, և լաւն այն է, որ դալար և հասուն լինի, և գունն ի դեղնութեան և սեւութեան մէջն լինի, և թէ ճղքեն, հատին մէջն դեղին լինի»:

Ամիրտ. և ուրիշ Բժշկարանք ոմանք նոյն համարին զԼուացտակն և զՄարիամի ծառն, զոր մենք առանձինն յիշենք, վասն զի և Պէյթար զատ յիշէ՝ Շաճար ըլ-Մէրիէմ անուանելով. թարգմանքն այլ տարբերին կարծեօք է

931. Լուբիա կամ Լուպիա. Լովիաս.

Ծանօթ պարարտ ընդեղէն և շատ մշակեալ տնտեսութեան համար հին Հնդկ. այլ Լոբիա (Lobhya), Ար. Լուպիէ Լ. Phaseolus, Փ. Haricot, Իտ. Fagioli. Ռ. Бобъ Турецкий, Фасоль, հայերէն երկրորդ կոչմամբն՝ Լովիաս (որ կարծուի Յ. Λοβός Փեճեկ նշանակութենէն առնուած), յիշեն առ մեզ՝ նախ երկու Մխիթարք, Հերացին և Գոշն. սա իր Առակաց մէջ (ԽԴ. ԽԵ) Ոսպի հետ վիճել տալով՝ նկարագրէ. « Սպիտակ մարմնով և սեւ բերանով», որոյ համար Սեւ պորտիկ կոչուի ի ռամկաց մէկ ազգն, ինչպէս յիշուեցաւ ի Դկուղ . 592), իսկ Հերացին, հակառակ Գոշի, յիշէ զ Կարմիր Լովիաս (եր. 84), իբրեւ վերաբերութեան դեղ, անոր ջուրն՝ ուրիշ նիւթոց հետ խառնուած: Ամիրտ. զերկուքն այլ մէկ տեղ յիշէ. « Լուպիայ, որ է Լուպիասն, որ Թ. Պօկլըճայ ասէ, Կարմիր և Սպիտակ լինի, և լաւն այն է, որ կարմիր լինի, և չլվացվի. գլուխ շուրջ կ’ածէ, և զերեսն պայծառ կ’առնէ, և զգունն կ’իստըկէ, և զմանն և զսպին կու տանի, և խոցերուն ճլէ տուող է... Ասէ Պտին. թէ ինքն Ասմիրն ? է, և ինքն քան զՄաշն լաւ է մարսելութեան և Բակլան, և լաւն այն է, որ կարմիր լինի», և այլն։ Բժշկարան մ’այլ գրէ. «Լուվիաս՝ Խարակօզն է. Ար. Լուպիէ. Լ. Ֆասուլի », Խարակօզն նշանակէ Լովիային աչքի նման սեւ նշանն ի փորին, զոր տեսանք և Փ. Dolic à l’œil noir ըսուած . 592)

932. Լուիկ.

Նշանակուած ի նոր բառհաւաքէ. թերեւս ըլլայ հետեւեալն

933. Լուիճ.

Տե՛ս Նուիճ: Գուցէ նոյն է և Լուինճ. նշանակուած է բառհաւաքէ։ 

934. Լուկուան ?

Վայրի Ստեպղինի հունտ է, կ’ըսէ հին հաւաքում մի բառից

*Լուպահ ? Տե՛ս Լուֆ։

935. Լուպնի. Տե՛ս Միաւորակ։

936. Լուսնակ ?

Յիշէ նոր բառահաւաք մի՝ առանց բացատրելու

937. Լուսնատակի ծառ. Տե՛ս Լուացտակի ծառ . 930)։

Լուսնի թուփ. Տե՛ս Թուփ լուսնի (թիւ 819):

938. Լուսնի ծաղիկ.

Ար. Ղամէր կամ Գամէր, և Թ. Ղամէր չիչէկի, ըստ Կամարկապեցոյն և ուրիշ նոր հեղինակաց։ Թերեւս նոյն ըլլայ Թուփ Լուսնին, բայց քիչ մ’այլ աւելի կու ստորագրէ Բժշկարան մի. «Ունի մէկ արմատ, կ’ըսէ, և արձակէ բազուկն մէկ, լայն ճուղք, և բարձրանայ թիզս երկու, և հաստութիւնն իլիկի չափ է, և տերեւն կարմիր յորդան գունով, և ի վերայ գլխուն դեղնագոյն ծաղիկ, և տերեւք նորա զհետ լուսնի ընթանան, զի առաջին օրն լուսնի մէկ տերեւ ստանայ, և յերբ լուսինն փլէ, նորա տերեւքն թափին, և զիր ծաղիկն ի վերայ գլխուն պահէ, և հանապազ այդ է իւր բնութիւնն. ի նոր սկսանի(լն) տերեւն արձակէ, և ի բուսանելն՝ մին-մին թափի»: Ուրիշ գրող մի տարբեր անուններ այլ յիշէ. «Թ. Մուպարէք օթու ասեն, և ոմանք Միլաճիայ ասեն, և ոմանք Աշըգլար օթու: Սորա ծաղիկն Մշկի ծաղկի կը նմանի, և տերեւն որպէս Զէյթունի տերեւ և Օշնայի տերեւ է.... Ամէն օր մէկ տերեւ կ’թափի, և կ’մնայ մէկ տերեւ. այսպէս ԺԲ ամիս ԺԲ հեղ կ’նորոգուի, և ԺԲ անգամ կ’թափ: Այս խոտս կ’բուսանի ի Մսրայ երկիրն, և ի լերինքն և ի գետեզերն, և Մուսայ տէրեասին (Կարմիր ծով ?) և յԵրուսաղեմայ երկիրն»

939. Լուսնոտ.

Նշանակած է բառհաւաք մի՝ առանց բացատրելու որպիսութիւնը։ 

940. Լուտաս.

«Որ է Հանդաղուղի պօստանին », այսինքն՝ Ածուոց Առուոյտն (տե՛ս Առուոյտ)։ Բայց «Ոմանք ասեն (Ամիրտոլվաթայ է խօսքս), թէ Նիլուֆար ն է, և իր ցեղերուն է և ի յԵգիպտոս Ճազայիր կ’ասեն, և այն ցեղ-մն այլ Նիլուֆարն է, և Ար. Լուտուս, և Սիթրին (Ծոթրին) ցեղերուն է, այս չէ ընդունելի», իսկ թե ո՞րն է ընդունելի, փոխանակ քննելու կամ երկարաբանելու. «Եւ փառք Աստուծոյ» ըսելով՝ կու վերջացընէ։ Լուտուս ըսածն է յայտնի և հռչակաւորն Յ. Λωτός, Լ. Lotus, ջրի եղեգանց թագուհին, յատուկ Լ. Nymphæa Lotus, Ար. Պէշնին ։ Ըստ յունական առասպելաց՝ Լովտոս դուստր էր Նեպտոնի, և Պրիապու, յափշտակութենէն փախչելով, յանկարծ փոխարկուեցաւ յայս բուսեղէն։ Ուրիշ համանուն ( Լուտաս ) ծառ մ’այլ կայ, կ’ըսեն, անուշահամ պտղով, կամ ըստ Աշխարհագրութեան Խորենացւոյ՝ «Բանջար ինչ Լաւտաս անուն, զոր թէ ոք ուտէ, զհայրենիսն մոռանայ՝ ասէ Հոմերոս». այսպէս եղաւ, կ’ըսէ բանաստեղծն, այն իր Ոդիւսեւս դիւցազին, որոյ նաւն մրրկէ քշուած Ափրիկիոյ այն կողմը, ուր մոռացաբեր բոյսն կ’աճէր, և իր երկու լրտեսներն ուտելով անոր պտղէն՝ մեռցան իրենց առաջին կեանքը և շատ դժուարութեամբ կըրցաւ Ոդիւսեւս հանել զանոնք այն երկրէն։ Յատուկ Լուտուսն ի Նեղոս գետ փնտռելու է, բայց կան տեսակներ այլ, որ գտուին նա և մեր երկրում ի Ռ-Հ, ինչպէս L. Strictus, L. Corniculatus, L. Uliginosus, իսկ L. Gebelia ի Խարբերդ, Խոյ, Հր. Հաք. L. Solphoreus ի Միջագետս

941. Լուտուտ կամ Լտուտ.

Այսպէս կոչուած է ուրիշ անուններէն զատ Բռինչն. տե՛ս զայս և զԲտում . 387-88) և զԼդդենի . 892)։ 

942. Լուք կամ Լոք. Տե՛ս Դոճ:

943. Լուֆ. Լուֆա. Լուֆահ.

Յետին անուամբ կ’ըսէ Կամարկապցին. «Խոտի տակ է, որ զմարդն կու թմրեցնէ»: Բայց Լուֆ սովորաբար նշանակէ զ Նուիկ, զոր տես: Լուֆա Ար. նշանակէ տեսակ մի Քօշմօրուաց, զոր Պէյթ. կոչէ և երիցու մորուք, Ազան էլ-քէշիշ: Դարձեալ, նոյն լեզուէ առած Լ. և Փ. Luffa նշանակէ բազկաձեւ երկայն Դդումի . Գոլ գապաղը) կերպ մի, որոյ մէջն բրդի պէս մարմին մի կ’ըլլայ և Սպունգի տեղ ի գործ ածուի։ Բժշկր. մի գրէ. «Էպոհ, որ է վայրի Լուֆակն (կամ Լուպակն )»։ Ար. Լէպախ   նշանակէ Պերսէի ծառը, զոր տե՛ս ի կարգին։ 

944. Լռնի.

Գանձակայ կողմերում այսպէս կոչուի Լորին կամ Թմբին

945. Լսեռնիկ կամ Լսեռկէն.

Տեսակ մի Տանձի. Թ. Տէկիրմէն արմուտի

946. Լսընտորի.

Տեսողք ի կողմանս Կարնոյ և Խաղտեաց կ’ըսեն, փոքր ծառ մի է, տերեւներն նման Կաթնտերեւի կոչուածին, բարակ ու բոլորակ իւղոտ բաճիճներ կու բերէ, որ շատ ախորժելի է այծից. Թ. Ագճա աղաճ ։ Ըստ ոմանց՝ սա է Լ. Cercis, Փ. Gainier կոչուածն, բայց ըստ այլոց՝ Dipsacus, Փ. Cordère. զայս նոյն և տարբեր անուամբ այլ յիշէ Ամիրտ., ըստ Պէյթարայ՝ մին՝ Լէհիանի, որ է Տիպսաղուն » ( Տինսաղուն գրուած), միւսն է այս, զոր մեր բժշկապետն՝ (Ֆ) կամ տառը կարդալով փոխանակ Պ) գրէ «Տինղասուս, որ է Տինսաղուս, որ է Տիսաղուս. Թ. Տարախլի ասէ և Չօպան տայաղի ասէ». այս ալ սխալ գրուած է, պէտք է ըլլայ Չօպան տարաղի (Հովուի սանտր), վասն զի Չօպան տայաղին է Հովուի բիր, ըստ Հայոց այլ, և սա է Մատիտեղն, իսկ հովուի սանտրն (որ չի լսուիր մեր լեզուաւ), ինչպէս անուանէ և Պէյթար, Մէշթ էլ-ռայի, և նոյն ինքն Ամիրտ. քիչ մի վերջը կ’ըսէ. «Ասէ Պտին., թէ ինքն Խաս ըլ-քալպն է, որ Մուշտի–ըռային փուշն է, և Հարամղայ այլ ասեն, և ինքն ի փշերուն ցեղերուն է, և ի Շիրազ՝ այնոր Տարսաք կու ասեն և իր որձայն յերկան է և փշով է, և իր տերեւն նման է Հազրին տերեւին, և պատմութիւն (պատճառ) Տինեաղուս ասելուն՝ փռընքտացընող ասել է. և յորժամ չորնայ, սպիտակ լինի գոյնն, և ի մէջն մանր որդկներ կու լինի։ Եւ թէ զանոր միջի որդկներն ի մէկ մորթի մի կապես, և ի վիզն և կամ ի թեւն կապես, ըռիպ (չորեքօրեայ) ջերմն չի առնէ, և զայլ ցեղ ջերմնոտի։ Եւ թէ զծաղիկն՝ թէ չոր և թէ դալար, ի մէկ սուրբ կտաւ մի կապես և ի կաթին մէջն տրորես, և ի յայն լաթն իսկի իրք չի մնայ, և յետեւ առնուս զայն կաթն ի մէկ պնակ կաթն խառնես, յայն պահն մակըրդէ, և թէ եփեն և սպեղանի առնեն և յայն տեղացն ի վերայ դնեն, որ կտրելու է, թմրեցընէ, որ զկտրելն չիմանայ և չի ցաւի, եւ այլն։ Վայրենի տեսակ Լսընտորին D. Sylvestris գտուի ի Հր. Հայս. Մազոտն՝ D. Pilosus ի Տրապիզոն, Պոնտոս. D. Strigosus ի Կարին։ 

947. Լօդ կամ Լօզ.

Տեսակ Դեղձի, որ չի ճղքուիր կամ երկու բաժնուիր։ 

948. Լօլօզ Պղպեղ.

Ըստ բժշկարանի միոյ՝ այսպէս կոչեր են ոմանք զԴարապղպեղն . 559)։ 

949. Լօշ.

Ըստ Գալիենոսի բառից՝ է Թաղթն կամ Արանց ծաղիկ, տե՛ս զասոնք: Բայց հասարակօրէն Բժշկարանք արաբացի Քարամի պարրի անուամբ գրեն. « Վայրի Խաղող, որ է Լօշն, յերկայն-յերկայն ճղեր ունի, նման է այգու ճղերուն, և կեղեւն ի վրայէն կեղեւած, տերեւն նման Յանապ ու-սայլապին (տ. Աղուէսու խաղող, թ. 62) տերեւին. ծաղիկն նման կարմիր Հինայի ծաղկին տերեւին, միրգն մանր է, կուզ-կուզ կու լինի, և կարմիր՝ յորժամ «հասանի»: Յիշուի և Լօշի պտուղ ՝ Ցրդու պտղոյ և ուրիշ բուսեղինաց հետ՝ դեղոց պատրաստութեան մէջ, բայց ամենէն նշանաւոր այլ և նշանագործ մասն (ըստ ռամկաց) է արմատն, կամ տակն, որ այլեւայլ յարմարական կամ երեւակայեալ անուամբք կոչուի, և է յատկագոյն

950. Լօշտակ.

Տակին կամ արմատին կէս, իրաւ կէս կարծեցեալ ձեւով, իբրեւ մարդու նման՝ կոչուած և Մարմնատակ կամ Մարդատակ, որ և Մարդայատակ, Մարդախոտ, Մարդածաղիկ, և ստուգապէս Մանրագոր. Լ. Mandragora Bryonia Alba կամ Փ. Mandragore, Ար. Սարաճ ըլ-Ղուտրուպ. Այս անուամբ ստորագրէ Ամիրտ. ՝ հայ և յոյն անուններէն զատ յիշելով. «և Պ. Եապրուհի Սանափ » կ’ասեն, և Եապրուհ ըլ-վախհազ այլ կու ասեն, եւ լաւն նոր լինի»: Իսկ այսոր հասարակաց ծանօթ և կիսածանօթ զարմանալեաց համար լաւ կ’ըսէ, թէ. «Շատ խօսք կայ ի հոս. և ասցել են, թէ խոտս Սողոմոն Իմաստնոյ ծառն է, Սիւլէյման աղաճի և իր մատանուն ներքեւ էր այս ծառէս, այնոր ամենայն գազանք և սողունք և [1], ի նորա հրամանն էր, և իշխանութիւն կու  առնէր ամենայն գազանաց և անասնոց։ Եւ այլ ասացել են, թէ Աղեկսանդր թագաւորն զթագաւորութիւնն այս ծառովս ունէր, և զայս փայտն ի հետն ունէր, և այս խոտովս շատ բան և թագաւորութիւն վարէր։ Եւ այս փայտիս կերպն այսպէս է, և այսոր տակին պատմութիւնն այսպէս է, և իր ամենայն զօդուածն ի մարդ կու նմանի, և ի յոտիցն ի վերայ կու կանգնի, և տերեւն ի գետնին վերայ կու պառկի, և տերեւն նման է Իթպուռնուն (Շանխաղող) տերեւին, և կարմրուկ մրգեր ունի, և հոտն նման է մեղրի հոտին, և ի յէգեստանն և ի լերունքն կու լինի։ Եւ այս խոտիս հանելուն ատեն յայն ժամն է, որ Մարեխն (Հրատ մոլորակն) ի Խոյն լինի և կամ ի յԱյծեղջիւրն լինի, և օրն երեքշաբթի լինի, և արեւն ի ցայթել ժամն լինի, յայն ժամ փորեն զչորեք դեհն, և հանց որ ինքն ի կախ մնայ, և մէկ քանի օր քաղցած մնացած շուն լինի, բերեն և ի վիզն չուան կապեն, և զչուվնին զմէկ ծայրն ի յայն խոտին տակն կապեն, որ փորել էիր, և ի հեռու տեղ երթաս, և այն շանն ձայն տաս, և այն շունն քաշքշվի, և զտակն է տեղացն հանէ, և շունն սատկի [2] ։ Եւ այս խոտիս տակն մարդակերպ է ամենայն դիմօք, և առնուն ի սպիտակ նոր կտաւն փատթեն և պահեն»։ Ստորագրելէն ետեւ կու սկսի պատմել հրաշալի ներգործութիւններն բժշկական զօրութեամբք և ծիծաղական հնարքներով, ինչպէս.

«Թէ ի ծաղկէն, որ դեռ չէ բացվել և պլպլուկ է, առնուն և ի քթան կտաւ լաթն փաթտեն, և եօթնգուն ապրշմով կամ դերձանով փաթտեն, և ըխտաւոր (լուսնոտ) տղին ի վիզն կապեն, քանի որ այս կապած լինի, ըխտաւորութիւնն անհոգ լինի և խալսի... Եւ թէ ի տակէն ի կրակն ծխես, դեւքն և ստանայքն փախչին: Եւ խելքն ցրվածին և ձրի զրուցողին (զառանցող) թէ ծխես, օգտէ և փարատի... Եւ Բժշկապետքն ասցել են, թէ այս խոտիս նշանն այս է, որ յորժամ գիշերն լինի, այս փայտիս տերեւնին և կեղեւն զէտ կրակ կու այրի և կու փայլէ, և թէ չորնայ, այլ չի փայլէ, և թէ թրջեն և ի լաթն փատթեն, այլվի պսպղայ: Եւ այլ ասցել են Բժշկապետքն (ըսողն Պէյթար է), թէ կտոր մի Կիպարուն տակն առի, տան ի մէկ քունճն ձգեցի, և կէս գիշերուն զարթեայ և տեսայ, որ տանն մէջն լուսով լցուեր էր, և զարմացայ յոյժ պայծառութեանն, ասացի, թէ այս ի՞նչ է զարմանալի, և տեսայ, որ այս փայտս էր, և յորժամ չորացաւ պայծառութիւնն գնաց… Եւ Ղաֆիսզեն ասէ՝ ցեղ մի կայ, որ Սարաճ ըլ-Սուլայմանի ասեն, և ինքն բուս-մն է, որ ի քթանի արտին մէջն կու բուսնի. և ցեղ մի այլ ասէ, և իր ծաղիկն նման է կարմիր Վարդին, և տակն նման է Ընկըզի, և ինքս այլ ի գիշերն կու փայլի։ Եւ այլ շատ խօսք… Եւ գիտացիր, որ շատ հակառակ բաներ են ասցել ի վերայ այսոր, և չեն կարեն ստուգել, թէ ինչ իրք է»։

Ուրիշ Բժշկարան մի կ’ըսէ. «Դեղ մի կայ՝ Մարդածաղիկ ասեն. լինի բարձր և ծմակ տեղիք, և ծաղիկն իւր սպիտակ է կամ կարմիր վարդագոյն կամ կապուտ, բայց վարդագոյնն լաւ է, որ զերդ հուր վառի, մանաւանդ թէ զկարմիրն գտնես, և նման է տակն նորա մարդոյ՝ առն կամ կնոջ. երբ գտանես, փորէ զտակովն շուրջ բոլորն, և հար աման մի, խնկէ հետ խնկով, և փորէ շուրջ զտակովն, և պատրաստ կաց, որ չկտրի տակն, և երեք օր պարտ է զարդարած աղջիկ մի ի հետ տանել, որ առաւել պայծառանայ, և յետ երեք աւուրն գնա դու և աղջիկն, և շուն մի հետ ձեզ տարէք, կապէ զշունն տոռամբ զվիզն, և մէկալ տակն չուանին կապէ ի ծաղկին տակն և գնա դու զատէ (հեռու), կանչէ զշունն ի քեզ, և նա վազվազ գայ առ քեզ, և զտակն հանէ [3], և շունն սատակի, յայնժամ դու առ զնա. յամենայն ուրեք պիտանի է… Հայք՝ Լօշտակ, Պարսք՝ Ղօստի Թալխ, Արապք՝ Գարմաթ ըլ-պաղա... Հելլենացիք զդորա անունն Ամռոտանթոս ասեն»: Չեմ կարծեր, որ հիմայ այսպիսի անուն լսուի, բայց եթէ ստոյգ գրուած է, կըրնար նշանակել Անմասն ծաղիկ. ուրիշ օրինակ մի աւելի օտար կամ այլայլեալ գրէ Մզամռռոտանթոս ?   Ուրիշ յոյն անուն մ’ընծայեն Բժշկարանք կամ աղթարաբանք. «Վասն Խոտին, որ Լօշտակ ասեն ոմանք, յոյնն Ապիասլեղի ? կոչէ, և յատկութիւնն է չորս կերպիւ. նախ, թէ մարդ առնու զսորա տակն և վերայ այն մարդոյն դնէ, որ ջիղն քաշվել է, նա օգտակար է», եւ այլն. և երեսունէ աւելի օգուտները յիշէ այլեւայլ ցաւոց, և կնքէ զխօսքն. «Թագաւորն Կպրիանոս (կախարդաց թագաւորն) զայս խոտս թագաւոր է անուանել ամենայն խոտի. և շատ խասիաթ ունի՝ ուտելով, ըմպելով և հետ պահելով, շատ ողորմութիւն առնու յԱստուծոյ, և խոտիս բան տանողին) միտքն բացվի, կարէ գիտել զերկնայինն և զերկրաւոր յատկութիւնս» Լաւ և ստուգագոյն գրէ ուրիշ մէկն. «Այս Լօշտակիս նշանն այս է. և է տերեւն որպէս Դդում (այսոր համար Թ. կոչուի Եապան գապաղը ), և ինքն ի Շարմաշուղին (Բաղեղան) ցեղէն է, ճղերն, թելերն և տերեւն. և փաթութի սա ի թփերն և փշերն։ Երկու ազգ է՝ Սպիտակ և Սեւ, և նման են միմեանց, զի մկրատնի ունին և կու փատտուին. հերն զէտ Ձմերկի լինի, պտուղն կարմիր և սեւ, խակն կանաչ ի վերայ սեկացն ? գործի, զէտ զէգ է պտուղն (էգ կամ այգի) և ճռերն: Ի մայիս՝ զտակն և զծիլն քաղէ, և օգոստոս՝ զպտուղն, երբ կարմրել և հասել լինի»: Թողլով ուրիշ և ուրիշներուն ըսածները՝ նորագոյն հեղինակի մ’այլ գրածը տեսնեմք, որ է Յակովբ Վ. Սիմոնեան կամ Այուբեանց, անցեալ դարուն երկրորդ կիսուն, որոյ գրած Հէյտէր Ալի խանի պատմութիւնը ծանօթացուցեր է  Ազդարար օրագիրն Մատրասի. գրած է սա և Երգ երգոցի մեկնութիւն, յորում ի յիշելն զՄանրագոր՝ կ’ըսէ. «Լօշտակն ամենայն ուրեք գտանի, որ միշտ տեսանեմք և հանապազ արմատ նորին ի գործ ածեմք ի դեղորայս, և զիւղն ոստոցն խարշեալ յաւուրս պահոց աղիւ համեմեալ ուտեմք, և յայլ աւուրս իւղով տապակեալ ախորժելի կերակուր առնեմք, զի է ախորժելի յոյժ և օգտաւէտ ազնիւ բանջար, որոյ պտուղն է հանգոյն Շնխաղողոյ՝ մանրիկ: Այլ այն է իսկապէս Մարմնատակ, որոյ ականատես մեք եղաք, զի էր ստոյգ նման նորածին մանկան, ամենեւին անզանազան ի կերպարանաց մարդոյ, բոլոր անդամօքն՝ անթերի և անպակաս, գլուխ՝ հերօք և վարսիւք, եւ այլն, եւ այլն։ Որ լինի ի Յունաստան, ուստի բերեն ի Կ. Պօլիս՝ ի պէտս բժշկաց, բայց զոստն, զեղէգն, զճիւղն, զտերեւն և զպտուղն՝ ոչ եմ տեսեալ, զի զստոյգն գրիցեմ, և այլ միայն զարմատն, զոր պատմեցի: Եւ տաճիկ բժշկաց հարցի, թէ դուք զի՞նչ կոչէք անուն սորա. պատասխանեցին, թէ Ապրիսէլամ (Ապրուսանէմ) ասեմք մեք։ Եւ ոմն ի մերայնոց հաւատարիմ բժշկաց պատմեաց մեզ, թէ հանդիպելով իմ սոյն արմատոյ՝ ուստի հատեալ կտոր մի փոքրիկ ի չափ փոքր բակլայի, առեալ բերանս, սկսայ ծամել և կլանել. յայնժամ իսկոյն սկսայ լինել որպէս ցուցանքաւոր ոմն, զի կարմրացայ դիմեք յոյժ, մեծացաւ գլուխ իմ հնգապատիկ, քան զառաջինն, որպէս թուէր ինձ, նմանապէս և բոլոր անձն իմ մեծացաւ, և եղէ որպէս արբեալ ի գինւոյ, և տեսողքն զիս ծիծաղէին զինեւ, և տեւեաց աւելի քան ժամ մի, ապա և իմ անճարացեալ մատն արկի և փսխեալ դադարեցայ»։ Վկայեն նա և բնախօսք այս բուսոյ լեղութեան և թմրեցուցիչ բնութեան, բայց կարեւոր է գիտնալ, որ կայ զանազանութիւն Լօշտակի և Մանրագորի մէջ. առաջնոյն սեփական է վերագրեալ լատին կոչումն Bryonia Alba, Փ. Brione, միւսոյն նմանաձայնն և յօտար լեզուս՝ Mandragora, զոր և մենք ի կարգին պէտք է յիշեմք այս և Խնձորակ անուամբ՝ թողլով այլ շատ խօսքն, որով թերեւս մենք այլ մեղադրիմք, սակայն հարկ է Լօշտակի մարդանմանութեան առակը պարզել՝ բուսոյն արմատը կամ տակը պատկերելով, ուր միայն մարմնոյ երկու բաժնուած մասին նմանութիւն կայ, իսկ միւս մասանց կամ անդամոց նմանութիւնքն խաբեբայից արուեստով ձեւացած են մեր Այուբեանց վարդապետն այլ խաբած), և այս ոչ միայն առ մերայինս կամ յարեւելս հիմայ, այլ և հին ատեններ և առ Եւրոպացիս։ Լօշտակն (B. Alba) գտուի Կովկասի երկու կողմն այլ. B. Dioica կոչուածն ի Բաբերդ, ի Հր. Կովկաս. B. Macrophylla ի Պոկլան՝ մօտ ի Տարօն։ 



[1]     Օրինակաց մէջ պարապ թողուած է և կեսկատար գրուած է և ճ ի ն:

[2]     Ինչուան հիմայ ճիշդ այսպէս կ’ընեն, ըստ վկայութեան իտալացի գիտնոց, իրենց Ապպրուցցի կոչուած հարաւային գաւառի գիւղացիք. ուրիշ կողմ՝ փոխանակ շան՝ կաղնի փայտ մի կապեն լօշտակին և չուանով քաշեն: Գրեթէ այսպէս խրատէ ընել և բազմահմուտն Պլինիոս (ԻԵ, ԺԳ), Քրիստոսի Ա դարու հեղինակ, իրմէ հիներէ առած:

[3]     Ուրիշ օրինակ գրէ. «Հանէ զծաղիկն ի տակէն»: