Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1151. Խռուկ.

Նոյն հեղինակ (Մանան. 146) և ուրիշ մ’այլ (Աղբիւր, Զ, 333) կ’իմացընեն բանջարեղէն ըլլալը, բայց որպիսութիւնն՝ ոչ, իբրեւ ծանօթ իրենց կողմերում։ 

1152. Խռտիշ.

Հին բժշկարանն հոմանիշ գրէ զսա և զՀոռոմ Սմֆուլ կամ Ասարոն. տե՛ս ի Մրուանտակ։ 

1153. Խռտուկ.

Այս այլ բանջարեղէն մի՝ ըստ Մանանայի (եր. 446)

1154. Խստոր.

Որ ռամկօրէն Սխտոր կոչուի՝ ծանօթ ի տնտեսութեան՝ Սոխի հետ [1], մանաւանդ զօրաւոր ստամոքաց. Լ. Allium, Փ. Ail. Ար. Սում, այս բառով սկսի գրել Ամիրտ. «Ածւոց լինի և վայրի լինի, լաւն այն է, որ մեծգլուխ լինի». շատ օգուտներն և դեղերը յիշէ, նա և՝ թէ. «զմարդուն գոյնն պայծառ և կարմիր առնէ». մեր Առակախօսն այլ (ԾԳ. ) վնասն և օգուտը միանգամայն. «ԶԽստոր՝ Գալիանոս՝ թիւրակէ կոչէր շինականաց. և լուեալ մշակի միոյ՝ առեալ եկեր կայթիւ (մեծ չափով), և խելագարեալ կուրացաւ»: Այս բնական զօրութիւնն այլ, ինչպէս և իր հարազատ Սոխին՝ առակէ (ԺԵ. ). «Ի հրապարակս ճոխաց ի միասին Սոխ և Խստոր՝ ընդ բանջարս կամեցան գնալ ծածկել զինքեանս, և ոչ կարացեալ, զի ի հոտոյ ռընգունքն լցան, և աչքն արտասուեաց բազմականին, վասն որոյ և բնաւքն արտաքս անկան»։ Վաստակոց գիրքն առանձին գլխով (ՄԿԵ. ) գրէ Սխտորի մշակութեան խրատ. «Սխտորն զսպիտակ և զփաղ գետինն սիրէ, որ չլինի կաղճին, և ի դեկտեմբերի ԺԱ օրն է իւր դնելն մինչեւ ի փետրվարի եօթն, և որ զինքն ի փուլն (լուսնի) դնէ և ի փուլն ժողովէ, նա ով ուտէ՝ հոտ չգայ ի բերանոյն... Օձահարի և կորահարի և կատաղի խածածի օգտէ», եւայլն։ Հին Բժշկր. գրէ. «Սխտոր՝ տանոյ և վայրի, տաք են, բայց վայրի՝ բնական տաք է, քան զտանոյ (ածւոց), և ինքդ հով բնութեան և պլղամիկ մարդոյ ախորժ է, և տաք բնութեան ահոկէ... Գաղիանոս՝ զինքտ Շինական Թրէակ ասէ»։ 

1155. Խստոր վայրի.

Ար. Սումի Հայլայ կամ Սումի Պարրի, թէ այս անուամբ յիշէ Ամիրտ. և թէ Յ. և Լ. Scordium (տառից շարուածքն տարբեր, բայց նոյն Հ. անունն յայտնուի)՝ զայս գրելով Շկուրտիոն, որ է Իսղուրտիոն ն, որ է Վայրի Սխտոր ն. խիստ կարմիր՝ զէտ արիւն ծաղիկ ունի, և՛ համն, և՛ հոտն Սխտոր կու նմանի, և տաքցընող է», և յետ յիշելու այլեւայլ բժշկական օգուտները, կ’ըսէ. «Թէ մեռելի յանձն օծեն և կամ ի փորն լնուն, նա իսկի չփտի, և զայս զրուցնին՝ առաջին բժշկապետքն եկան և մեզի պատմեցին։ Իպն (ասէ). Խոտ-մն է, որ տերեւն ի Քամարիոնի ն ? տերեւն կու նմանի, բայց Քամարիոնն ճղեր չունի, և այս խոտս ունի, և այս ճղերուն ծայրն կարմրժեռ ծաղիկ ունի, և տերեւին վերայ զաղապ ունի... և իր տերեւին գունն խիստ կանաչ չէ, և Թ. այս խոտիս Եըլան օթի ասէ, և յոր տեղ որ այս խոտս կու բուսնի` օձն ի յայն չի բնակել, կու փախչի: Եւ մեզի պատմեցին հին բժշկապետքն և ստուգեցին և ասացին, թէ յանկարծակի պատերազմունք եղեւ ի Հելլենացւոց երկիրն, և շատ մարդիկ ջարդեցան ի դաշտի մի մէջ, և ի յայն դաշտն ի յայս խոտէս շատ էր բուսեր, և այս մեռելնին ի վերայ յայս խոտիս պառկել էին, և կային այլ մեռած մարդիկ, որ պառկել էին, և այս խոտս չկայր ի նոցա ներքեւն և ի բոլորքն, նա կամօքն Աստուծոյ այն մարդիկն, որ ի վերայ այս խոտիս էին պառկեր, չի փտեցան. այն մարդկացն, որ այս խոտս ոչ ի ներքեւն  և ոչ ի բոլորքն էր, նա ամէնն փտեցան և աներեւոյթ եղան. և այս պատճառովս իմացան, որ քան զառաջի Սկուրտիոնն այս լաւ է և ուժով է և պատուական է, և զայս ի բան տարան»: Առանց որոշ անունն ըսելու՝ Ամիրտ. ստորագրեց յատուկ Օձի Սխտոր կոչուածը, որ է Լ. Teucrium Scordium, Փ. Germondrée Scordone: Ասոր համար կ’ըսէ Վաստակոց գիրքն. « Վայրի Սխտոր, որ է Սկօրդօն, չափ ուժով է, քան զ’տանունդ, և ի թրակիuին և ի մեծ մաճունն խիստ մտանէ, և զվերի (Սխտորի) օգտակարութիւնս ունի, և այլ աւելի»

1156. Խստորամայր.

Այսպէս կոչուի, ըստ ոմանց, սխտորահոտ բոյս մի Խաչաձեւից (Crucifère) ցեղէն, մութ կանաչ գունով, ողկուզաձեւ ճերմակ ծաղկօք. հասարակ անմշակ գետնի վրայ կու բուսնի. Լ. Alliaria, Փ. Alliaire. կոչուի նա և Erysimum

1157. Խստորապրաս.

Լ. Scordoprasum. Ար. Սում Քորաթի. բարդեալ անունն ցուցընէ բնութիւնը կամ տեսակը, և ինչպէս կ’ըսէ Ամիրտ. «Մէջ Սխտորին և Քուռաթին «(Պրաս) է». և Վայրի Պրաս համարի։ 

1158-59. Խստորուկ կամ Խստորակ.

Գալիենոսի բառից մէջ սա նշանակէ թէ՛ ելեփանդական ըսուած ախտն կամ՝ բորոտութիւնը և թէ՛ անոր դեղ համարուած բոյս մի, Elephantodon, որ հիմա կոչուի Dioscorea bulbifera, վասն զի արմատն սոխ կամ կոճղէզ մ’ունի ուտելի, տերեւներն այլ ջերմահալած համարուին: Խստորուկ կոչուի նա և տեսակ մի Խաղող։ 

1160. Խստորուկ վայրի.

Ըստ բառին նշանակութեան է Վայրի Սխտոր, Փ. Ail sauvage, բայց հին Բառգիրք մի այսոր համանիշ գրէ Դաղձի կամ Ծոթրինի ցեղէն բոյս մի, զոր ասորի բառով Պէյթար և Ամիրտ. կոչեն Մուշկտամշիր կամ Մուշքաթարամաշիր, որ Պարտիզի Դաղձ նշանակէ, և ըստ այսմ՝ շատ հեռի է ի Սխտորէ, մենք այլ այդ օտար բառը ղրկեմք մեր Ողկուզակ բառին, որ անուշահոտ բոյս մի նշանակէ, նոյն կամ նման Դեղուկի, զոր յիշած եմք . 583)

1161. Խտուտ.

Ըստ ոմանց՝ Արծուաճանկն է, զոր յիշած եմք (թիւ 213) Լ. Scolopendium, բայց աւելի հաւանօրէն է Asplenium Trichomanes, Փ. Doradille. Ար. Լիհա էլ-ղուլ, զոր Ամիրտ. կոչէ Թ. Տիւ սախալի, այսինքն՝ Դիւի մօրուք, բայց գրէ Լիհայ ըլ-Ղուզուլ. «Ի գետնէն զէտ մազ կու ելանէ, և տերեւ ու  ճուղ չունի. թէ այն մարդիքն, որ հետեւակ քայլեն, ի թեւն կապեն՝ չ’յօգնին»: Բժշկարան մ’այլ գրէ. «Աչք, որ արիւն ունենայ. Նռան կեղեւն այրէ և դիր ի վերայ աչացն՝ Խտուտ խոտի կաթով»: Այսոր համաձայնի մեր Մէհէրեան Մշեցի Հայրն, բայց ոչ Ամիրտոլվաթի նկարագրին, զի կ’ըսէ, նման է վայրի Հնդիպէի, երեք կամ չորս ծղօտ ունի, դեղին ծաղկով, կաթնային hիւթով, որ աչից դեղ է, քարքարոտ տեղուանք բուսնի։ Այսպէս է և Կարնեցւոց ճանչցածն և ցուցածն

1162. Խրէն ?

Օրագրի մի մէջ . Դար, 105) համարուած է դգալանման տերեւներով բոյսն Cochlearia, ի ցեղէ Խաչաձեւից, որ ծովու և գետոց եզերք կու բուսնի, և սկորբուտ հիւանդութեան դեղ կ’ըլլայ

1163 Խրխնտուկ. Տե՛ս Խոստում.

1164. Խրուկ.

Բանջարեղէն մի, որոյ տեսակներն գունոյն համեմատ կոչուին Սեւախրուկ, Սպիտակախրուկ. ծանօթ արեւելեան Հայոց (Մեղու, ԻԲ, 83. Մշակ, ԺԹ, 41)

1165. Խրփուկ.

Անուամբ մօտ ի Խռթու, Թորթի տեսակ մի է. Լ. Bromus Secalinus, Փ. Brome des Seigles

1166. Խփւուկ.

Գիշերը տերեւներն ամփոփուելուն համար՝ այսպէս կոչեն Տրապիզոնի կողմերում քանի մի տեսակ Երեքնուկ կամ Առուոյտ Մարգաց Լ. կոչուածն, Trifolium Pratense, և Առ. Բժշկական, Tr. Medicum. Դարձեալ նոյնպէս կոչեն Առուոյտի նման, բայց տարբեր դեղնած աղիկ բոյս մի, Լ. Argyrolobium calycicum (Արծաթբլթակ)։ 

1167. Խօզ.

  « Ջրիմուռ ն է, կ’ըսէ Բժշկարան մի, և այլ ասեն Գորտաբուրդ». կանգնած ջրերու և ճահիճներու վրայ տարածուած Մամուռն է, զոր մեր պատմիչն Ղազար Փարպեցի՝ ջրային հաւուց ուտելիք ճանաչէ. «Խօզակեր ջրասուզակ հաւք»՝ կոչելով Փոր, Թանձր, Սագ։ Գալիենոսի բառից մէջ դրուած է Ատրկա բառի դիմաց՝ Խոզուկ. հաւանօրէն Alge, Փ. Algue. Վաստակոց գիրքն՝ Ձիթենի դարմանելու խրատուց մէջ գրէ (ՄՁԱ). «Թէ սպիտակ հող և կու՝ չաղախ առնես, և Գետի Խօզ. չոր ի ներքս խառնես, և ի տակն ածես, օգտէ»

1168. *Խօլօրա.

Ցորենը հորին մէջ պահելու համար պատուիրէ Վաստակոց գիրքն (ԼԷ). «Ա՛ռ զխոտն, որ կոչի Ար. Խօլօրա, և թոշմեցո զնա, և տարածեալ մեկնեա ի յատակն հորոնին, և զցորեանն ի վերայ ա՛ծ» եւ այլն։ Այս խոտս Լուադեղն է. տե՛ս թ. 927։ 

1169. Խօսակ ?

Բժշկական բառգիրք մի գրէ. « Դարինիճ՝ Վրացի Խօսակ »։ Երկու անուանքն եւս անծանօթ. գուցէ Խոստում կամ Խօսիմ կոչուածն ըլլայ, եթէ ոչ և Դառնիճ կամ Վրացի Կոճակ ? 

1170. Խօսողի ձուք.

Այսինքն՝ Աքլորի. թարգմանութիւն է Ար. բառի, Խօսաթ էտ-տիք, ըստ Ամիրտ. Խուսաթ ըլ-տէկ. «Սպիտակ բոլորկեկ hատիկներ լինայ, և ինքն ի Կեռասին կուտն կու նմանի, և թէ սպեղանի առնես և դնես ի վերայ պինտ ուռէցնուն, օգտէ»: Շնխաղողի կամ Մորմի տեսակ մի կարծուի:

1171. Խօրժի կամ խօրճի.

Ռոշքեանն Գալիենոսի բառից մէջ գտնէ զայս և բացատրէ, Շուշան ժանգառագոյն, և Լ. Verbenaca, որ հիմայ Verbena կոչուի, Փ. Verveine. Տե՛ս Աղաւնարօտ (թիւ 50)

1172. Ծաթրին. Ծայթրին. Ծոթրին. Ծոթոր. Ծեթրոն.

Այսչափ ծըռմըռկիլ անուանն թերեւս շատ հասարակ և մեր երկրի մէջ ամեն կողմ ծանօթ ըլլալը յայտնէ, նմանապէս և համանունութիւնն յԱր. Սահթէր կամ Սայթէր, և Լ. Satureja, որ յատուկ է Կորդիւն կոչուած տեսակին, իսկ հասարակն կոչուի Serpyllum, Փ. Serpolet, Ամիրտ. Ար. բառիւ ստորագրէ. « Սայթար, որ է Ծոթրին ն, և ինքն երկու ազգ է. մէկն՝ Վայրի և մէկն Ածուոց, և լաւն այն է, որ Ածւոց լինի. օգտէ հով ականջին ցաւուն, և զակռային ցաւն տանի, և թէ յաչքն քաշեն, զգիջութիւն տանի, և զքամին յանձնէն հանէ, և զճիճիքն սպանանէ: Եւ այն, որ Վայրի է, նա՛ սավտա կու լուծէ, և թէ հոտվտան, զերեսին գոյնն պայծառ առնէ, և զքրտինքն կու չորացընէւ… Իպտ. ասէ, թէ լաւն այն է, որ տերեւն ի Զուֆայի տերև նմանի, և թէ զինքն եփեն գինով և տան Գազանահարին, զվնասն տանի... և թէ ծեծեն և մեղրով խառնեն և զէդ լուու (լօղապ) առնեն և տան այնոր, որ հազ ունի, օգտէ։ Եւ ցեղ մի այլ կու լինի, որ սպիտակ կու լինի, և տերեւն՝ նման Զուֆային... Ասացել են բժշկապետքն, թէ ինքս զմարդուն միտքն և զգայութիւն յաւելցընէ»։ 

Ածուոց կոչուած տեսակն կոչուի և Տան Ծոթրին, որոյ զոյգ օտար անուն մի գրէ հին Բառգիրքն, Սաթարփէոս, թերեւս Satureja• իսկ Վայրի Ծարրին կոչուի Գալիենոսի բառից մէջ՝ Եպիթեմոն, Լ. Epithymum Cuscuta. Բժշկարան մ’այլ գրէ. « Նատր, Վայրի Ծաթրին. Քէքլիկ օթի», բայց յետինս ուրիշ տեսակ խոտ է, տե՛ս Կաքաւարօտ ։ Դարձեալ ուրիշ մի գրէ. « Հոնի, որ է Վայրի Ծոթրինն». Հոնի, ըստ մեզ, ուրիշ բոյս նշանակէ, զոր տե՛ս ի կարգին

1173. *Ծալիկա

Այսպէս կոչեն Արդուինցիք զՑինգ, վրացերէն բառիւ, եթէ Վիրք այլ չեն առած ի Հայոց:

1174. Ծամուկ.

Ըստ Բրգնիքցոց է Կակաջ վայրի կամ Ծափկոտրուկ: Տե՛ս զայս և զ Պուտ

1175. Ծառանց պտուղ.

Բժշկարան մի այսպէս կոչէ զԱքլիլ մէլիքն Արաբաց, զոր տեսանք Հ. անուամբ Թագաւորապսակ . 748), և որ ուրիշ անուններ այլ ունի. մէկն այլ Սատանի Ծառ ՝ ըստ Ասարայ։ Տե՛ս և Իշկորնգան . 869)։ 

1176. Ծառիկ.

Կամարկապցին կ’երեւի զուգել զսա՝ Գղթորի, վասն զի գրէ. «Անծակ Գխտոր՝ Անծակ Ծառիկ »

1177. Ծառկանգառ.

Ըստ անուանն, անշուշտ, վայրի Կանգառ մ’է փշոտ, որուն ճիւղերը կեղեւելով կ’ուտեն։ 

1178. Ծարուր.

Ոչ սովորական իմաստով սնգոյրն, այլ ըստ Կամարկապցոյն « Կանաչ Ծարուր (է) Հօրուտ, (որ) Կանաչ Թութիայ ն է, որ է ծաղիկ, Կարինոյ սարն լինայ»։ Գուցէ ըլլայ և հետեւեալն (Ծարուրիկ): Ծարուր կոչուին և վնասուած Ցորենի և Գարւոյ հասկերուն ծայրերն

1179. Ծարուրիկ.

Սալաձորեցինն երգելով կ’ըսէ

«Ծիլն ու Ծլվայն ու Ծարուրիկ, սուրմայ են քաշեր աչերուն», որով յայտնի, թէ ծաղիկն աչաձեւ է կամ ծարուրի գունով եզերք մ’ունի։ 

1180. Ծափ.

Զայս այլ յիշէ նոյն երգիչն.

«Ծափն ու Ծափծափն ու Ծափկոտրուկ, որք կու բացվին կարգն Խնկուկոյն»

1181. Ծափծափ.

Ահա տեսանք Ծափին հետ յիշուած ի Սալաձորցոյն, որ դարձեալ կ’ըսէ

«Ծափծափ ծափ տայ, ծիծաղի լծափին ծըլուն թելերուն»:

1182. Ծափկոտրուկ.

Ծափ՝ մեր լեզուաւ նշանակէ և հողեղէն աման, պտուկ, ուստի այս ծաղիկս կ’ըսուի նոյնպէս և Պտուկկոտրուկ, Կճըճակոտրիկ, այլ և Հաւկուր ծաղիկ, եւ այլն, բայց պէտք է գիտնալ և որոշել, ինչպէս և մեր Ամասիացին կ’ըսէ, որ ինքն «Մանր է և խոշոր է, ինքն վայրի լինի և ածուոց լինի, և այն, որ ծաղիկն մեծ լինի՝ այնոր Լալա կ’ասեն. և ցեղ մի այլ կայ, որ ինքն Շաղայիղ էն է, Ազարիոն կ’ասեն։ Յիշած ենք զայս ի թիւ 13, ուր, ինչպէս և հօս կու յայտնէ, մեծ տեսակ ծաղիկն կամ բուն Ծափկոտրուկն՝ է Ար. Շագայիկ կոչուածն. շատ մեծ և գեղեցիկ վարդաձեւ կարմիր բարդ ծաղիկ, որ կարծես, եթէ կարելի ըլլար ամանի մէջ մտցընել, աճելով պիտի ճաթեցըներ, կոտրեր ամանը, և այսոր համար այսպէս կոչուած է. Լ. Pæonia, Փ. Pivoine: Տեսանք եւս, որ այսպիսի ծաղիկ մի չէր կըրնար վրիպիլ մեր նախնի ազգայնոց աչքէն, այլ և երեւակայութենէն, զոր և շատ փառաւոր անուամբք կոչեցին, և յիշեցինք Խաչափայտ անուան կարգին, ուր դարձընեմք մեր ընթերցողը։ Իսկ մանր տեսակ ծաղկիս՝ է hասարակօրէն Հարսնուկ կամ Հարսին ծաղիկ ըսուած վայրի պարզ կարմիր ծաղիկն, որ և յոյն անուան թարգմանութեամբ՝ Հողմածաղիկ ` կոչուի առ մեզ, այլ և Պուտ։ Տե՛ս այս ետքի անունները։ 

1183. Ծերոց Գաւազան.

Ար. Ղուզապ. Տե՛ս թ. 455, Գետնատափ անունը։

1184. Ծեփիկ.


Այսպէս կ’անուանեն Պոնտացիք իրենց երկրին բնական և ծանօթ գոյնագեղ ծաղկօք ծածկուած ծեփուած ծառը, որոյ համար երբեմն բուսաբանք յոյն անունով կոչէին Anthodendron, այսինքն՝ Ծաղկածառ կամ Ծառուծաղիկ. հիմայ կոչեն  Azalea, ուրիշ յոյն բառով, ’Αζαλέος, որ ցամաք նշանակէ, ծառին այնպիսի չոր ու ցամաք տեղերում բուսնելուն համար, որոց շատ վայելուչ զարդ է. եւրոպացիք այլ խնամեն իրենց պարտիզաց մէջ։ Մեր երկրին ամէն կողմին յարմար չէ այս բոյսս, և ո՛չ Ամիրտ. յիշէ և ո՛չ Պէյթար, բայց Ճորոխի գետահովտին մէջ գտուի, տեսնուած է և Կորճայից մէջ ի Հարաւային Հայս։ 

1185. Ծըւծըւուկ.

Այսպէս կոչեն Պոնտացիք Լ. Silene կոչուած հասարակ խոտեղէնը, որ առանձնակ կամ փունջով հինգթերթեան ծաղիկ ունի (թերթերն այլ երկու շրթունք բաժնուած), պտուղն այլ գլխիվայր շիշաձեւ, ծայրն 3-6 ակռայի ձեւով։ Շատ տեսակներ ունի, որոց ոմանք պարտիզաց զարդի յարմարին, ոմանք ուտելի են, ոմանք դեղ կ’ըլլան: Այլեւայլ տեսակք ճանչցուած և յիշուած են մեր կողմերում, ինչպէս Sil. Noctiflora (գիշերափթիթ) ի Թորթում. S. Viscosa, որ փսխեցուցիչ է, ի Թորթում, Բաբերդ, եւ այլն. S. Compacta, և Squamigera ի Մարաշ. S. Humilis ի Ծանախ, Քէօփրիւ պաշի. S. Leyseroides ի Նախճաւան. S. Ampullata ի Խարբերդ: Տ. Otites ի Բաբերդ. Տ. Olympica, ի լերինս Պինկէօլի և Փալանտէօքէնի։ S. Dianthoides, ի Կարին, Բաբերդ, Ծանախ, Սիւնիք. S. Canescens Cephalanta ի Կարին. S. Aucheriana, ի Վան. S. Sisiana ի Սիսիան Սիւնեաց. Տ. Arguta Armena, ի Կարին. և ուրիշ 30 տեսակք այլ Կարնոյ, Բաբերդի, Պինկէօլի, Պարսկահայոց և Կապադովկոյ կողմերում

1186. Ծիածան.

Անունը յիշէ նոր բառահաւաք մի, այլ ոչ որպիսութիւնը։ 

1187. Ծիթրայ.

Գալիենոսի բառից մէջ գրուած է. «Պիւթէս՝ Ծիթրասին», որ հաւանօրէն է Յ. Πυδίων, Լ. Phyteuma, Փ. Raiponce. Ար. ըստ այսմ, բայց կարծուի սխալմամբ գրուած ի Պէյթարայ՝ Գութումա, ըստ որում և Ամիրտ. գրէ. « Ղուդումայ, որ է Վայրի Ազարիոնն», սակայն հիմայ բուսաբանք զանգակաձեւ ծաղիկ մի համարին զնա. Campanula persicifolia, ոմանք ալ Կանչխոտ մի, Reseda Phyteuma

1188. Ծիլ և Ծիլվա.

Ծանօթք Սալաձորեցւոյն, որ հաւնած է անոնց ծարրեալ աչից

«Ծիլն ու Ծլվայն ու Ծարուրիկն՝ սուրմայ են քաշեր աչքերուն»

1189. Ծիլամբուռ.

Բանջարեղէն մին է, ծանօթ յարեւելեան Հայս

1190. Ծիլծափ կամ Ծափծիլ.

Նմանանուն բուսոց կամ ծաղկանց հետ երգուած ի Սալաձորեցւոյն

«Ծիլծափն ծաղկեր ծիրանի, խիստ գեղեցիկ ու վախվախ սիրուն». կամ 

«Ծիլծափն սպիտակ է հագեր, դեղին քաշեր վերայ փորուն»

1191. Ծիծակ.

Կանաչ Պղպեղն է՝ ըստ Բախտամենի (եր. 240)։ 

1192. Ծիծեռնադեղ. Ծիծեռնիկի դեղ. Ծիծռան խոտ. Ծիծեռնիկի խոտ.

Ծիծռան ծաղիկ.

Յունարէնէ առնուած անուն է, որպէս և Լ. Chelidonium, Փ. Chélidoine, և Ար. Խալիտունիուն. Տե՛ս ինչ որ ըսինք Դեղին Կոճ անուան բացատրութեամբ . 579)։ 

1193. Ծիծռան բոյն.

Կաթով տրորելով՝ գոզարգելի դեղ գրուի, և վերոյգրելոյն ու ներքոյ գրելոյն պէս բոյս երեւի։ 

1194. Ծիծռան կօշիկ.

Վերինէն տարբեր բոյս կ’երեւի, ինչպէս ըլլալն՝ ինձ անյայտ. արուեստաբան նական գրուած մի կ’ըսէ. «զԾիծռան Կօշիկն քաղէ, զծաղիկն չորացո և կաթամբ թրջէ, և կռիզով գրէ»։ 

1195. Ծիմել. Ծիմիլ.

Հին բառագիրք կամ Գալիենոսի բառք, որ զուգած են զայս Յ. Վլիտօնի, Լ. Blitum, Փ. Blite կամ Bléte, ինչպէս և Մխիթար Հերացի գրէ, վրացերէն այլ Ցիմիլ կ’ըսեն։ Ծանօթ բանջար է, ուտելի, նման՝ և ըստ ոմանց նոյն ընդ Շոմինի. հին Բժշկարան մեր օտար անուան հետ զուգէ. « Բարբուզնo ՝ «Ծիմիլ». տե՛ս՝ ինչ որ ըսուած է Բարբիւզակ անուամբ . 315), ըստ, բայց սխալ կարդացուած է, պիտի ըլլար Եարպուզ կամ Ճարպուզ, զոր Պէյթար նոյնանիշ գրէ Պախլաթ ըլ-Եամանիէ անուան, որով գրէ և Ամիրտ. և կ’ըսէ. «Կանանչ և կարմիր այլ կու լինի որձան. և ի յԱմասիա՝ այս խոտիս Թ. Փրփրեմ օնաշի (վայրենի) կ’ասեն, և լաւն այն է, որ դեռ հունտ չէ բռնել, և հունտն սեւ և մանր և պսպղուն լինի... Թէ զիր քամուքսն վարդի ձիթով խառնես և օծես, օգտէ այն գլխացաւութեան, որ  ի արեգական տաքութենէ լինի, և տաք ուռէցնին, որ ի յականջն լինի՝ օգտէ», և այլն: Ամիրտոլվաթի յիշած կարմիր տեսակն, Bl. և յատուկ զանազանեալն Bl. Rub, subintegrum. Rubrum յիշուած է և ի Հայս, նոյնպէս ուրիշ տեսակ մ’այլ Bl. Virgatum, թէ ի Թ-Հ. և թէ ի Ռ-Հ:

1196. Ծինկարի.

Այսպէս կոչուի ի կողմանս Պոնտոսի Կաղմըխի վայրի ծառն, կամ անոր մէկ տեսակն. Լ. Carpinus Duiniensis, Փ. Charme, զոր տեղաքնինք տեսած և նշանակած են ի Պոնտոս, և Կովկաս, ի Փոքր և Մեծ Հայս։ 

1197. Ծիպան. Ծիպանուկ.

Դեղին բաժակաձև կամ շրթնաձև ծաղկով խոտ մի է, երկայն կոթով տերեւներ ունի Որթոյ նման և այլ աւելի ճղած երեք մասի, Ցինկի նման, զոր ճմլելով մարմնոյ վրայ կը դնեն, երբ պէտք ըլլայ խարան բանալ

1198. Ծիրան.

Յատուկ Հայկական պտուղ, և այսպէս կոչուած ի բուսաբանութեան, Armeniaca կամ Prunus Armeniaca (Հայկական Սալոր), և յայտ է ի պատմութենէ, որ Հռովմայեցիք երբ մտան ի Հայաստան՝ Արշակունի Տիգրանայ և յաջորդացն հետ կռուելու, իրենց լաւագոյն աւար այս պտուղը մտուցին յԵւրոպա՝ ոչ միայն համովն, այլ և հոտովն զմայլած, ինչպէս կ’իմացընէ Պլինիոս [2]. անունն այլ անթառամ պահեցին, Փ. Abricot, Abricotier. Ի. Armellino, Albicocca. Ռ. Абрикосъ Արաբացիք այլ իրենց ծանօթ պտղոյ անուամբ (ինչպէս Լատինք՝ Սալորոյ) Հայկական Խնձոր կոչեցին, Թուֆահ ըլ-Էրմանի, (ինչպէս հիմայ այլ Նապոլիի կողմերում՝ Ոսկի խնձոր կոչեն), բայց առանձին անուամբ այլ կոչեն Միշմիշ, որով ստորագրէ և Ամիրտ. ՝ յիշելով ուրիշ անուններն այլ. «Պ. Զարտալու, և Հ. Խռթիկ ասեն, և Ծիրան ասեն, և ինքն շատ ցեղ լինի, լաւն այն է, որ խոշոր և դեղին լինի. թէ ուտեն՝ օգտէ պուխարին (գոլոշիք հարբըխի). և թէ զտերեւն եփեն և խաղաչ առնեն, օգտէ խնախին (փողացաւ), և իր կըտին եղն օգտէ ականջին գոռալուն, և զորդն այլ հանէ յականջէն... և իր խէժն զհերքունն տանի, և լաւն այն է, որ չոր թրջեն և ապա ուտեն։ Ասէ Պտին., թէ լաւն այն է, որ քաղցր լինի, և Պ. ղայսի կ’ասէ, և Հռ. Արմինիաղին (Armeniacum), և՛ լաւն, և՛ աղէկն ի Հայոց երկրին լինի։ Ասէ Դս(Դէոսկորիտ), թէ քան զԴեղձն՝ ամենայն դիմօք աղէկ է, և ստամոքին այլ լաւ է. և թէ զչորն յորժամ ծամես և թրջես և զջուրն խմես, զծարաւն կտրէ, և ստամոքսն հովցընէ. և սուր ջերմերուն օգտէ»։ Հին Բժշկր. այլ Միշմիշ անուամբ յիշէ զԾիրան, և հովութեանն ու գիճութեան պատճառաւ կ’ըսէ. «Ընծայէ ի մարդ գէշ ցաւեր հով և թանձր, որպէս Դեղձն՝ ի յերակսն և ի լերդն, և եբ օրեր անցնի, ջերմնոտ առնէ, և կայ յինք ղորկութիւն. և յետ ուտելոյն զինք՝ մազտաքէ ծամէ կամ Անիսոն, կամ զԲան ? հետ իրաց, և ապա գինի խմէ, զոր չամչով և մեղրով շինեն. և իր գործն այն է, որ խիստ ջերմային ախտեր ընծայէ»

Ի հնուց մինչեւ հիմայ Ծիրանն հայկական՝ իր յարգը պահած է, մանաւանդ երկրին հարաւակողմանը, ուր աւելի մեծ և անոյշ կ’ըլլայ, քան ի հիւսիսակողման, ուր թուի, թէ մեր առակախօս մեծ Վարդապետին քմաց դպած էր, վասն զի Սալորի և Դամոնի հետ ամբաստանուեցան կ’ըսէ (ԺԵ. ), թէ ուտողին ակռայն կ’առնուն (զատամունս հարուն), և որովայնի վնասիչ են, թէպէտ և կամաւ այսպէս կ’ընեմք, կ’ըսէին պտուղքն, որ չափէն աւելի չուտեն։ Յայտնի է, որ Ծիրանն թէ՛ հում, թէ՛ եփած և թէ՛ չիր (չոր) ուտուի, և՛ թէ շաքարով սնած։ Վերոյիշեալ անուններէն զատ կոչուի առ մեզ և՛ Շարուկ, և՛ Պարկուկ. այս ետքի անունս լսուի և՛ առ Արաբացիս, և՛ առ արեւմտեայ գրիչս, ինչպես տեսնուի ի կարգին

1199. Ծիրանի ծաղիկ.

Բժշկր. մի յիշէ. «Ցեղ մի այլ ծաղիկ կայ, որ իւր անունն Ծիրանի ծաղիկ ասեն, հա՛ն զինքն և տուր մեղրով ուտել՝ կապած մարդուն»։ 

1200. Ծիֆին.

Թուփ մի է յիշուած, բայց որպէսն ինձ յայտնի չէ, գուցէ ըլլայ Ճփնին

1201. Ծլագարի.

Ռոշքեանն յիշէ ի բառգիրքն և վկայութիւն բերէ թարգմանեալ աշխարհագրութենէ. «Գարեջուրն ի Ծլագարւոյ և ի Բաղեղէ եփի». և զուգանիշ գրէ անծանօթ Լ. բառ մի Ryne ? 

1202. Ծլեր.

Բժշկարան մի գրէ. « Փուկեահի Օթխոր, որ է Ծլերն»։ Ամիրտ. բառագրոց մէջ «գրէ Ֆուխահ–իխթիր ինքն Իխթիրին ծաղիկն է. լաւն այն է, որ անուշահոտ լինի... (բայց) թէ շատ հոտվրան՝ զգլուխն ծանր առնէ և քուն կու բերէ, և զարիւնն թանձր առնէ»։ Իխթիր, Իթխիր, Օխթոր կամ Աւթխոր, ամենն այլ նոյն Ար. բառն է, որ նշանակէ զՎաղմեռուկ։ 

1203. Ծծանի.

Հայ-Աղուանից կողման վայրի ծառոց հետ յիշուած է։

1204. Ծծմոր.

Եզնալեզուն ճանաչուի ռամկօրէն այսու անուամբ, թէպէտ ոմանք համարին կապոյտ Տերեփուկը, Լ. Centaurea Cyanus, Փ. Bluet կամ Bleuet. Ռ. Василекъ Բժշկարան մի գրէ. «Որ աչքն վիրաւորեալ է ի մաղասոյ և արիւն ուննայ կամ այտոյց, զԾծմորն եփէ, լեսէ, և արկ ի վերայ աչիցն»: Թ. Փէյղամպէր չիչէկի (Մարգարէի ծաղիկ)։

1205. Ծծուկ, որ և Ծծումբ.

Կարմրագույն ծաղիկ մի է, որ անոյշ հիւթ ունի, զոր ծծելուն համար՝ այս անունն առած է. ճանչցուած է ի Խոտուջուր (Յիշուած և ի Նոր Դար, Է 102), Ազգակից է Եղեսպակի, որ և Մեղրթեր. տե՛ս զայս։ 

1206. Ծկու.

Գալիենու բառից մէջ այսոր զուգանիշն է Դրեմիսին, որոյ նոյնաձայն կայ Drimys կամ Drymis բոյս մի, բայց նորագիւտ աշխարհաց Ամերիկոյ և Աւստրալիոյ, սակայն կայ և Drymenia բոյս, Carox կոչուած Պրտուեղինաց տեսակներէն։ 

1207. Ծղօն.

Յատուկ բոյս մի թուի ի Խոտուջուր, հասարակօրէն Որթոյ ծիլերուն պէս պլլըւող կամ Խիբ կոչուած մասեր այլ նշանակէ։ 

1208. Ծղօտիկ.

Յայտնի է, որ նոր բուսած խոտից և նմանեաց ծիլերն և բողբոջն Ծղօտ կոչուի, բայց սա յատուկ տեսակ մի բոյս է. ստուգելի։ 

1209. Ծմախոտ.

Յարմար անուն յիշուած ի բառհաւաքէ, փափագելի է բացատրութիւնն։ 

Ծմել. Տե՛ս Ծիմել:

1210. Ծնէբեկ.

Զոր թերեւս աւելի իմաստասիրաբար Ծնելբեկ գրէ Մխ. Հերացի (Ջերմ, ԼԲ), ըստ ոմանց՝ ճղերուն կակղութեան և տկարութեան համար այսպէս կոչուած, ըստ որում և Թ. Գուշ գօնմազ, իբր թէ վրան թռչուն մի չի կըրնար կենալ: 3. բառիւ կոչուի Լ. Asparagus, Փ. Asperge. Ռ. Спаржа, զոր Պէյթար՝ Ասֆարաճ գրէ, բայց ուրիշ Յ. անուամբ ստորագրէ. զնոյն յիշէ և Ամիրտ. «Որ է Հալիոնն. ինքն երեք ցեղ է, Ածվոց և Վայրի լինի, և լաւն այն է, որ ածվոց և մատղաշ լինի... զգլուխն շուրջ ածող է, և թէ զտակն եփեն և մազմատայ այնեն՝ զակռային զցաւն տանի, և թէ զտակն սպեղանի առնեն՝ զմանն ի յերեսացն տանի... և թէ եփես և զջուրն շունն խմէ՝ յայն պահն մեռնի»: Վաստակոց գիրքն երկար խօսի (ՄԿԷ). «Վասն Հիլիոնի, որ է Ծնեբեկն. Զպարարտ գետինդ ախորժայ և զարեգակնակոխն. և զսիկն և զանտառախիտ վայրսն։ Եւ իւր ցանելն այսպէս. ի մարտին կամ յապրիլին փոսեր արա խորու երեք մատն, և յամէն փոս ի Հիլիոնին հընտէն եօթն հունտ, և ծածկեա նոյն հողովն...  յետ երկու տարւոյն ի գարնանային ժամն փորեա զտակսն, և սակաւ մի աղբ ա՛ծ, որ հերիք լինի. և ի յերրորդ տարին կանուխ յառաջ, որ ծլէ, փորեա և քաղհան արա զտակսն, աղբ մի՛ լնուր, տեսանես յետ ամսոյ միոյ, որ ծլէ և ուրախացուցանէ զքեզ», եւայլն։ Յետ այլ խրատուց գայ զարմանալիքն. «Եւ օգտութիւն մը կայ ի սա, զոր արժան համարեցաք գրել, թէ և դժուարաւ հաւատայք զարմանալի բանիս, զի թէ չէաք փորձիւ հաստատեալ՝ ոչ էաք ընդ գրով արկեալ։ Ա՛ռ խոյի եղջիւրք մեծ և անարատ, և արա յիւրեան փոքր ծակ մի, թէ զինքն՝ որպէս նշան տուաք՝ դատարկ (թողուս) առանց հընտի, նա յիւրմէ բնութեամբ Հիլիոն ծլէ՝ անհնար» (անվրէպ)։ Աւելի հաւատալի բան մի զարմանալով գրէ ուրիշ մի. «Լսեցաք ի բազում մարդկաց, որ զայս տակն անեն և լուանան, և մանտր մանտրեն և ի գարին խառնեն. յամէն գիշեր երեք տրամ մինչեւ ի հինգ գիշերն ձիուն տան, սըրաճայն չորցընէ և չըքէ. շատ մարդիկ փորձած է»։ Այս տնտեսութեան մէջ պիտանի և ինքնակերպ ուտելի բոյսս շատ տեսակներ ունի, որոցմէ տեսեր և նշանակեր են բնախօսք ի Հայս. As. Trichopyllus (կտըրտած տերեւով), As. Officinalis ի գետահովտի Ճորոխի, ի Բաբերդ, Կեսարիա. As. Maritimus, ի Հար. Կովկաս, որոյ մէկ զանազանեալն, As. Breslerianus, ի Նախճավան և Խոյ. As. Filifolius, Եփրատայ եզերքում և ի Միջագետս. As. Verticillatus ի Գարապաղ կամ Սիւնիք, իսկ Վայրենի տեսակն իբրև հասարակ խոտ կ’աճի Հայաղուանից դաշտերում

1211. Ծնծեղ.

Թուի մի, բայց տեսակն ինձ անծանօթ

1212. Ծնծղար.

Ըստ Ասարայ՝ է Թալղ, որ եթէ Տալխ ն է, ապա Գետնի աստղ է. տե՛ս զայս, թ. 459

1213. Ծնկածաղիկ.

Այսպէս կոչեն Պոնտացիք (թարգմանօրէն Քարկոտրուկ) Լ. Saxifrage, Փ. Saxifrage կոչուած ծաղկանց տեսակ մի. Sax. Cymbalaria, որ գտուի ի Թ-Հ. այլ, իսկ ի Ռ-Հ. Sax. Muscoides տեսակն. S. Sibirica ի Պինկէօլ, Ծանախ. Տ. Rotundifolia ի Սպեր, Ճիմել. S. Huetiana, ի Մուշ, ի Պոնտոս, եւ այլն։ Բազմաթիւ և իրարու աննման տեսակներ ունի Ծնկածաղիկն, որ պարզ խոտեղէն մ’է, մանր և ընդհանրապէս դեղնագոյն ծաղկներով, կան այլ ճերմակ և վարդագույն, բայց ի գործածութեան շատ պիտանի չեն

1214. Ծոթոր. Ծոթրին. Տե՛ս Ծաթրին:

1215. Ծոն ?

Բժշկարան մի ստէպ յիշէ զ Ծոն Բժշկաց, Ար. այլ Թայճ ըլ-հօքէօմայ կամ Թայճ ըլ-հէօքէմէն, գրուած է եւս Թայ ըլ-հէօքէմէն, բայց բոյս, թէ այլ ինչ ըլլալն ինձ անծանօթ է։ 

1216. Ծովու ժանկ.

Ար. Մուլուխ կամ Մըլուխ, Բժշկարան մի գրէ. «Մուլուխ, որ է «Ծովուն ժանկն, և ոմանք ասեն, թէ ի Մորենի կու նմանի, ծառ-մն է, բայց փուշ չունի. տերեւն նման է Ձիթենոյ տերեւին, և ի ծովեզերքն կու բուսնի»։ Ըստ յոյն բժշկապետաց՝ է ’Άλιμος կոչած ծովային բոյսն. Լ. Atriplex halimus

1217. Ծովու խոտ. Տե՛ս Զարեհ:

1218. Ծոր.

Որ կոչուի և Զրիշկ, Կծոխուր կամ Կոծոխուր. Լ. Փ. Berberis, զոր գիտէ և Ամիրտ. «Ծոր, որ է Պարպարիս ն, որ է Ամիրպարիս ն, որ է Զրիշք ն, ինքն սեւ և կարմիր կու լինի, և լաւն այն է, որ կարմիր լինի և նոր. Թ. Ղարամուխ ? և Խաթուն տուզլուղի ասէ, և լաւն այն է, որ հասուն լինի և նոր և գէր լինի և կարմիր, որ ի սեւութիւն քշտէ»։ Վայրենի թթուաշ և ջրոտ պտղոց ցեղէն ըլլալն յայտնի է, և այլեւայլ տեսակներ ունենալն, յորոց B. Densiflora (թանձրածաղիկ) կոչուածն տեսնուած է մեր Արարատ լերանց ստորոտում. B. Cratægina տեսակն ի Թ–Հ. Հասարակ տեսակն՝ B. Vulgaris, ի Կովկաս և յԱտրպատական։ 

1219. Ծորի տակ.

Առանձին անուամբ յիշուի, ըստ Պէյթարայ՝ Աարղիս կամ Այարղիս ? յոյն բա ռով, զոր «Ի Դամասկոս Յօտի Ըռէհ այլ ասեն»            ՝ ըստ Բժշկարանաց մերոց

1120. Ծոր Հնդկցի.

Այսինքն՝ Հնդկաստանի, յիշուած է ի հին Բժշկարանի, բայց ոչ բացատրուած

1221. Ծորենի.

Հասարակ Ծորէն տարբեր ծառ մ’է, զոր հին Բառգիրք յիշեն յոյն Սքինոս Σχίνος, նոյնանիշ բառիւ, որպէս կոչի և Լ. Schinus, Փ. Molle, Բեւեկնեաց կամ Հերձի ծառոց ցեղէն։ Այս Փ. անուամբ հիմայ ճանչցուի հասարակօրէն Ամերիկոյ Տանձ կոչուածն։ 

1222. Ծորենոյ տակ.

Այս այլ տարբեր բան նշանակէ, այսինքն՝ Ձեռատաղոյ տակ, որ է Երեսնակ, տե՛ս զայս: Կամարկապցին յիշէ և Ծորենտակի պտուղ։ 

1223. Ծործորակ ածուի.

Ըստ Շէհրիմանի՝ է Շամղիտակն, զոր տե՛ս։ 

1224. Ծուածեղ ?

Նշանակած է բառհաւաք մի։ 

1225. Ծուաղ. Ծուաղենի.

Պոնտացւոց ծանօթ ծառ և պտուղ, զոր Թ. կոչեն Գարա եմիշ ։ Լ. Prunus Laurocerasus, Փ. Laurier-Certise. վայրենի պտղատու ծառոց կարգէն է, մանր սեւեկուկ պտղով, ախորժելի, մանաւանդ տղայոց, զոր և կու չորցընեն, և Չամչարակ կամ Վռուզ կոչեն։ Փ. կոչուի եւս Laurier Amandier, զի նշային համ կ’ունենայ կուտն, երբ խառնուի ի կաթն։ 

1226. Ծուծ կամ Ծուծք. Տե՛ս Մեղրածուծ և Թորթիկ:

1227. Ծուռգմուկ.

Ի խոտուջուր և ի Մուշ ծանօթ բանջարեղէն մի, տեսակ Գմուկի, զոր տե՛ս թ. 476

1228. Ծուռ Ցախ. Տե՛ս  Գրքոր, թ. 539։

1229. Ծպեխի. Ծպիխի. Ծոպեխի.

Վայրենի ծառ կամ թուփ, ծանօթ է Տարօն և մերձաւոր կողմեր, որոյ կեղեւներէն սեւակարմիր ներկ մի հանեն, մորթ և կաթի տիկեր ներկելու։ 

1230. Ծտապաշար. Ծտիպաշար.

Բանջարեղեն կամ աղցան, խիտ երկայն և գետնատարած սղոցաձեւ տերեւներով. ըստ Շէհրիմանի Լ. Bursa Pastoris (Հովուի քսակ) ըսուածն է

1231. Ծտի աչք.

Յիշուած է յԱղբիւր օրագրի , 333)՝ առանց բացատրութեան:

1232. Ծտի Լեզու. Տե՛ս Ճնճղկալեզու:

1233. Ծտըխնձոր կամ Ծտի-Խնձոր.

Հաստրակօրէն Սին կոչուած պտուղն է, Լ. Sorbus

1234. Ծտի-ճինգի.

Գայլխոտն է ըստ Արցախեցւոց, Լ. Cuscuta.

1235. Ծտի-Տանձ. Տեսակ մի Տանձի։

1236. Ծրդի. Ծրդենի. Ծրդենիկ:

Վայրի թուփ է փոքրիկ, որոյ՝ Բառգիրք մի հոմանիշ գրէ Արտըճի և Փիճի. տե՛ս զյետինս, այլ և Արտիճ, Արտուճ . 237-8). հաւանօրէն տարբեր գրով կամ ձայնով գրուած է, այլ նոյն է ընդ Ցրդի, զոր տե՛ս ի կարգին

1237. Կազ. Կազի ծաղիկ.

Այսպէս կ’անուանեն Կարնոյ կողմերում Լ. Veronica, Փ. Véronique կոչուած ծանօթ ծաղիկը, ի պատիւ նոյնանուն Սրբուհւոյն. շատ տեսակներ ունի, յորոց յիշուին ի Կարին Եռատերեւուկ կոչուածն, Լ. V. Triphyllos և Փ. V. Digitée. յատուկ Հայկական՝ V. Armena կոչուածն ի Թէքտաղ. V. Pedicularis ի Պինկէօլ և ուրիշ կողմեր։ V. Microcarpa ի Նախճաւան, Պայէզիտ. V. Multifida tenuifolia, ի Խարբերդ, Կեսարիա և ուրիշ լեռնոտ կողմերում. V. Orientalis ի Ռ-Հ. V. Tenuifolia (Նրբատերեւ) ի Բաբերդ, Ամիդ, եւ այլն. V. Kurdica Ի Պինկէօլ, Արտահան, Ատրպատական, V. Cinerea ի Մեծ և Փ. Հայս և ի Կիլիկիա. V. Chamædrys ի Թ-Հ. V. Teucrium, ի Կարին, Բաբերդ, Թորթում. V. Austriaca ի Հիւս. Հայս. V. Telephifolia, Թանթռնիկի տերեւով, զոր Դուռնըֆոր նախ տեսաւ ի Մասիս և գովէ գեղեցկութիւնը. մէկ զանազանութիւնն այլ (Pilosula) նշանակուած է ի Կարին, Պորժոմ, Լիվանէ. V. Gentianoides, ի Ռ. և Թ-Հ. V. Serpyllifolia ի Ռ-Հ.   V. Longifolia ի Հար. Հայս, Մուշ. V. Verna, ի Մեծ և Փ. Հայս. V. Viscosa ի Հար. Հայս, Մէրտին. V. Acinifolia, ի Ծանախ, Միջագետք. V. Hispidula, ի Կարին, յԱրագած. V. Amæna, ի Շամախի, Պագու, Վրահայք. V. Biloba և V. Camphylopoda ի Ռ-Հ. և Թ-Հ. V. Filiformis ի Սպեր, Ճիմիլ լ. V. Cimbalarioides, ի Սնճար լ., եւ այլն։ Անշուշտ ուրիշ տեսակներ ալ կան, և ասոնց մեծագոյն մասն գտուին և ի Կիլիկիա։ 

1238. Կազմոր.

Ըստ Ստ. Ռոշքեան՝ «Թուփ է ցած, տերեւս ունի Մրտոյ նմանս, յարմար ի ցանկս և ի կապել զորթս». Լ. Acasos կոչէ, անսովոր բառ մի, այլ լաւ եւս է Ruscus, Փ. Fragon. Բժշկարանաց և Գալիենոսի բառից մէջ տարբեր նշանակութիւն ունի նոյնանունն կամ նմանանունն

1239. Կազմորէ. Կազմուրէ. Կազմորենի.

Հին Բժշկարանն գրէ. «Նարդ, որ է Կազմուրէ» և դարձեալ « Խռտիշ, Կազմարէ, կամ Հոռոմ Սնֆուլ կամ Ասարօն »: Բառգիրք մ’այլ փոխանակ Ասարօնի գրէ Ակարոն ՝ Վայրի Նարդին, Կազմորի տակ»: Այս ետքի անունս Գալիենոսի բառից մէջ զուգուած է Մազմազիկի ։ Ամեն անուանքն կամ շատն մի և նոյն բոյսը նշանակեն, զոր բացատրեմք Մրուանտակ անուամբ։ 

1240. Կաթնախնձոր.

Տեսակ մի Խնձորի. Փ. Pomme d’aôut

1241. Կաթնապուր.

Երիցուկի կամ Գետնախնձոր ծաղկան բազմաթիւ անուանց մէկն է՝ ըստ Ղրիմեցւոց:

1242. Կաթնբանջար.

Այսպէս կոչեն Շիրակացիք զԱքլորուկն . 265)

1243. Կաթնբեկ.

Ըստ Ռոշքեանի՝ է «Որպէս Ծնեբեկ, խոտ փշուտ անկիւնաւոր, որոյ ծիղն ի ներքս է ունայն. ի բեկանելն շատ կաթն հոսէ»։ Բժշկարան մ’այլ յիշէ. «Ա՛ռ զԿաթնբեկ խոտն, և նորին կաթամբ օ՛ծ զխոցն»: Շատ ցեղ կաթնաւոր խոտոց մէջ սա հաւանօրէն է Լ. Sonchus, Փ. Laitron. թէպէտ այս Լ. անուամբ քանի մի տեսակ բոյսք նշանակուին, զորս յիշէ Ամիրտ. Հարկուլուս անուան տակ (զոր Հէրֆուլուս կարդայ թարգմանիչն Պէյթարայ՝ արաբ. ). «Որ է Պախլաթ ըլ-Եահուտիա, և ինքն ի Հնտուպէին ցեղերուն է, որ է վայրի, և ոմանք ասեն, թէ Շիխարի ն (Իշու Խիար) ցեղերուն է, և Շարիֆն [3] ասէ, թէ Ղըրսանա ն է (Երինճնակ) եւ այլն

1244. Կաթնխոտ.

Ըստ նշանակութեանն է Յ. և Լ. Polygala, զոր Պէյթար գրէ արաբ., յորմէ և Ամիրտ. « Պուլուղալին, որ է Պուլղան. այս դեղիս Թ. Սուտ օթի ասեն, և տերեւն նման է Ոսբան տերեւին. և մէկ թիզ երկայնութիւն ունի, և ով ուտէ, կաթն կու շատնայ»: Կաթնաւոր խոտոց վրայօք՝ տե՛ս ինչ որ ըսուած է յԱփարփիոն . 257)։ Այլեւայլ տեսակք Կաթնխոտի նշանակուած են ի Հայս, որպէս Արեւելեանն P. Anatolica՝ Վանայ և Բաղիշու կողմերում. P. Alpina, ի Խարբերդ. P. Floribunda (Ծաղկաւէտ) ի Բաբերդ, Կարին. P. Major, ի Ծանախ. P. Pruinosa, ի Ծանախ, Մարաշ. P. Supina, յԱրեւմտ. Հայս. P. Hohenackeriana, ի Նախճաւան, Գանձակ. P. Paucifolia, ի կողմանս Կեսարիոյ. P. Papilionacea, ի Կարին, Վան, Բաղէշ, եւ այլն. P. Vulgaris, ի Գարապաղ. P. Hybrida, ի Կոտայք, Վարաժնունիք։ Նոյն երեւի և

1245. Կաթնծաղիկ.

Որ ի Տարօնոյ կողմանս լսուի, և վկայուի կոտրած ատեն կաթ հանելը։ 

1246. Կաթնկոռնի.

Ըստ Արցախեցւոց՝ է Գաղտիկուր . 402) կամ Ջղախոտ բոյսն։ 

1247. Կաթնուկ.

«Կաթնուկ ծաղիկն է դեղին, գունն է գլուխ դեղիններուն»՝ ըստ Սալաձորեցւոյն, բայց հասարակ վայրի խոտ է, և ըստ ոմանց նոյն է և Իշկաթնուկ (տե՛ս թ. 868, և Կանչող). և դարձեալ նոյն համարուի և Խէժուկ կոչուածն՝ ըստ Թ. Եմալիկ ? 

1248. Կաթնտերեւի.

Մեծ թուփ մի է, որոյ կաթոտ տերեւներն այծուց ախորժելի ուտելիք են. Բիծխի կամ Sխկի կոչուած ծառոց ցեղէն է, յատկապէս Լ. Acer Platanoides, Փ. Plane (Սօսիակերպ Տխկի) տեսակն, որ Գարապաղի (Սիւնեաց) մէջ ճանչցուած է որպէս և ի Պոնտոս, ուր Թ. Ագ աղաճ կոչեն

1249. Կաթնփուղրի.

Ըստ Պոնտացւոց՝ Փուղրն ուրիշ կողմերում Տատրակ կամ Խոճկորիճ կոչուածն է (տե՛ս զասոնք), իսկ Կաթնփուղրին ուրիշ ազգ է, բայց ոչ հեռաւոր, և անունն այլ համեմատ է Լ. անուան Mulgedium, Փ. Mulgéde, որ կթել նշանակէ, բուսոյն կաթոտ ըլլալուն համար, և է խոտեղէն մի կակուղ երկայն (երկու-երեք թիզ) ճղերով, նոյնպէս երկայն կոթով եռանկիւնաձեւ և եզերքն կեռկեռ տերեւներով, ծայրերնին փունջ մի մանր բաժակաձեւ բարակամաշկ ծաղկանց՝ քիչ մի կարմրաճերմակ։ Այլեւայլ տեսակներէն նշանակուած են M. Macrophyllum (երկայնածիլ) ի Ռ-Հ. Տփղիսու մօտերում և Սարիալ լեռներում. M. Albanum, ի Կարին, Ծանախ, Թէքտաղ, Ճիմիլ լ. M. Prenanthoides, Տփղիսու և Կովկաս լեռներում. M. Cacaliæfolium, ի Պոնտոս, ի Վիրս, Քութայիս. M. Burgæi և M. Dubium, Տրապիզոնի մօտերում. M. Salicifolium, ի կողմանս Տայոց։ 

1250. Կաժ.

Կոչուի և Կասկած. Ար. Սատէճ արաբ., որով անուամբ ստորագրէ Ամիրտ.   «Սատէճ, որ է Սատէճ-Հնդի ն, ի Հնդկաց կու գայ. անուշահոտ, և լաւն այն է, որ հոտն սուր լինի, նուրբ այնող է, և չթողու, որ մազն ի վայր գայ, և զբերնին համն անուշցընէ, և քուն կու բերէ: Ասէ Պտ., թէ... այն, որ Հնդիկ է՝ Մահիստան կու ասենև Մալաշրուն այլ կու ասեն, և Մալաթրուն այլ կու ասեն (որ Լ. անունն Malathrum). ինքն տերև է, նման է Ընկզի տերեւին, և ի ջրի երեսն կու լինի. և ինքն տակ ունի որպէս Ոսբան, որ ի ջուրն կու բուսնի. և լաւն այն է, որ թաժայ լինի. և մէկ երեսն ի դեղնութիւն քշտէ, և այն, որ հոտն ուժով է և գոյնն սեւ է՝ որպէս Ղարանֆիլին գունովն է, որ թէ ծեծես և ի վերայ հալաւին ցանես, զոջիլն սպանանէ, և թէ ի լեզուին ներքեւն դնես, զբերնին համն անուշ առնէ և զակռատակերն ամրացընէ»։ Ատեն մի Եւրոպացիք Կաժը Հնդկաց տերեւ կոչէին՝ Folium indicum: Մեր հին Բժշկարանն կ’ըսէ. « Սատէճ Հընդի, ի Հնդկաց գայ. զէտ Կասլայի տերեւ է»: Նոյնպէս և Ամիրտ. «Սատէճ Հնդի. ինքն Հնդկաց Կասլային տերեւն է. աղէկն համովն է… Ասէ Յեսու բժիշկն, թէ օգտէ աչացաւութեան, որ խոց լինի, աղէկցընէ, և օգտէ կոպերուն թուլութեանն»։ 

1251. Կաժկժիկ.

Ծաղկի պատշաճ անուն. փափագելի էր, որ բառհաւաքն յայտնէր մեզ տեսակը։ 

1252. Կալախար.

Փոքրիկ բոյս մի, քլաչափ, աւելի հունտի նման փոքրիկ հատակներով, որ իր ծաղիկն են։ Թուի Անձխոտի ցեղէն։ 

1253. Կալհմար. Տե՛ս Իշաշինգղ։

1254. Կախմըխի.

Տե՛ս Կաղամախ, որոյ տեսակ մի է, թերեւս Լ. Carpinus, Փ. Charme կոչուածն

1255. Կածակ. Կածուկ.

Աղթարական բժշկաբանութեանց մէջ յիշուի, հիմայ այլ լսուի յԱրցախ. վայրի Կանգառն է, կամ Ըղտափուշ

1256. Կածըլփուշ.

Ըստ Սեբաստացւոց՝ Թ. Չագըռ թիքէնի ըսուած փշեղէնն է։ 

1257. Կակալ. Կակլի.

Ընգոյզ. Ընկուզենի՝ ըստ Խոտուջրեցւոց. գուցէ հին Պոնտացւոց բառ ըլլայ

1258. Կակաւիլ.

Խաչափայտի անուանց մէկն է. տե՛ս թ. 1009։ 

1259. Կակաւիկ:

Անունն միայն վերջի տառիւն որոշուի վերինէն, բայց բնութեամբ տարբեր թուի. միայն հին Բժշկարանի մէջ յիշուած գիտեմ. «Կակաւիկն կծու է. զջուրն ի քիթ ա՛ծ, մաղաս հանէ, և զխելք սրբէ. քաղցր իրօք եփէ և ի վերայ այտոյց աչաց դիր»

1260. Կակաջ.

Ծանօթ, շատ տեսակ և շատ գեղեցիկ գոյնզգոյն ծաղիկ. գարնան երախայրեաց մէկն, ոչ միայն պարտիզաց, այլ թերեւս աւելի) անմշակ տեղեաց, մի ի գլխաւոր վայրենի ծաղկաց, մինչեւ կարծել ոմանց, թէ սա ըլլայ Քրիստոսի Տեառն մերոյ ցուցած Շուշանն վայրենի: Զանազան գունոցն համար երգէ Սալաձորցին

« Կարմիր Կակաջ, ալ և դեղին, մօռ և մախմուր ՝ զարկեր թեւերուն»:

Որչափ որ գունոց և ձեւին համար գովելի և ցանկալի է, ոչ ինչ կըրնայ ըսուիլ օգտին համար, որով և չի յիշուիր ի Բժշկարանս, մանաւանդ որ ասոնց գրութեան ատեն այնքան բազմացած չէր Կակաջից տեսակն, հեռաւոր կողմերէ այլ բերուելով, և թէպէտ Պէյթար և Ամիրտ. յիշեն անոր արեւելեան Լեալէ անուամբ բոյս մի, բայց օտարացեղ և անծանօթ. «Խոտ-մն է, որ ի Մաքայու կողմանէն կու գայ, օգտէ Սնկան, թէ զմիրգն ծեծես, օգտէ ստամոքին ցաւերուն և խաղեցընէ զցաւն, ասէ Պտին. Թէ խմեն, զարունն կապէ»: Լ. Tulipa, Փ. Tulipe, Ռ. Тюльпанъ, որ Պ. Տիւլպէնտ բառէ առնուած կ’ըսուի, որովհետեւ այն կողմերէ` ի Թուրքաց կամ ի Թաթարաց բերուած է Եւրոպա ի ԺԶ դարուն: Իսկ մեր հայերէնն զուտ ազգային է, որով յայտնուի ծաղկին տեղացի ըլլալն, և անունն այլ կրկնակ ձայնիւ նման կարկաջանաց, փայլփլուն կամ գոյնզգոյն ըլլալը իմացնէ: Զանազան տեսակներէն յիշուին ըստ Լ. Oculus Solis ըսուածն (Արեւակն) ի Սնճար լերինս. Լեռնային կոչուածներուն մէջ յատուկ մէկ մի կայ Հայկական T. Armeniaca, նշանակուած ի Վան, Բաղէշ, Կարին, Եփրատայ եզերք և ուրիշ կողմերում. T. Gesneriana Minor, ի Կարին, Ծանախ եւ այլն. T. Eichleri, ի Շամախի. T. Suaveolens ի Կովկաս. T. Pulchella (Գեղազան) ի բարձունս Կիլիկիոյ 6500–8000՛ բարձրութեան։ T. Violacea (Մանիշագոյն) ի Թալիշ Կազբից։ T. Bibersteiniana, Տփղիսի մօտերում։ Առանց յատուկ տեսակի յիշելու (որ այն ատեն դեռ որոշուած չէր) անցեալ դարուն սկիզբները՝ Ճեմելլի իտալացի տեղագիրն՝ զմայլմամբ յիշէ Բասենոյ Մժնկերտ և Խորասան աւանաց մօտերում՝ տեսած Կակաջները, որ եւրոպական պարտիզաց վայելուչ զարդ կրնային ըլլալ, կ’ըսէ: Սալաձորեցւոյն յիշած գուներով այլ իբր առանձին տեսակներ յիշեն մերայինք հիմայ՝ Կարմիր կակաջ, Մօռ Կակաջ, նա եւ Սիւթմա Կակաջ, որ չգիտեմ՝ ինչ նշանակէ

1261. Դեղին Կակաջ.

Կոչուած է ի Հայս՝ ձեւով աննման վերոյգրեալ ծանօթ Կակաջից. կարծրկեկ կոթի ծայր մեծկակ բոլորշի դեղնասպիտակ կէս գնտաձեւ բազմաթիւ մանր թերթերով ծաղիկ մի, որոյ չափն և տերեւոց ձեւն յայտնի չէ ինձ

1262. Կակժիրակ. Կակճիրակ. Ծակժիրակ.

Ըստ Բժշկարանաց՝ զարմանալի Փենունային անուանք են. տե՛ս Խաչափայտ (1009) և Ծափկոտրուկ (1182): Բայց Ամիրտ. գրէ. «Ասացել է գրոցս ժողովողն, թէ այսոր (Ղրտումի) Պ. Հասաքտանա կ’ասէ, և Հայք Կակճիրակ ասեն, և Ասփուրի հունտ ասեն: Գալիենոսի բառից կարգին գրուի. « Կնոկոն ` Կակծիրակ, որ է Խիարիշամբ» կամ «Կնիկոն՝ Կակժիրակ»։ Տե՛ս Ասփուր, Գովաղակ և յետոյ Կրտիմն և Կասիա, որ յատկապէս այլ Կակժիրակ կոչուի՝ Cassia

1263. Կակղի.

Այսպէս կոչուի կամ կարծուի յոմանց Tilia ծառն, զոր յիշած եմք Թըմբի և Լորի անուամբք . 795 և 926)։ 

1264. Կակուլ.

Ամիրտ. ի Բառգիրքն կ’ըսէ՝ Հոռմցի Ցորեան ն է. Ի՞նչ տեսակ է։ 

1265. Կակուլա.

Որ է Ղաղուլէ Արաբաց, և այլեւայլ անուններ ունի, յորոց տե՛ս Մալախ և Հիլ ։ Բժշկարան մ’այլ գրէ. «Քէքուլէ, որ է Դժնկի պտուղ»

1266. Կակվորդիկ.

Լեհահայոց բառագիրք մի այսոր զուգէ Չապուռ ն, որ է Ճապուռ կամ Չաման

1267. Կաղաբոյս.

Այսպէս անուանին՝ ըստ նորոց՝ սոխային տակք. Լ. Bulbus. Տե՛ս Արանդ . 190) և Կոճողի։ 

1268. Կաղաղ.

Կանաչ Ընգոյզ՝ ըստ Արցախեցւոց: Տե՛ս և Կակալ։

1269. Կաղամախ.

Ընտիր օրինակ մի բառից Գալիենոսի գրէ Կաղամահ ։ Վայրենի ծառոց մէջ նշանաւորներէն մէկն է ձեւովն և բարձրութեամբն, և շատ տեղ ծանօթ. Լ. Populus, Փ. Peuplier, և ձեւոյն համար յատկացեալ P. Pyramidalis (Բրգաձեւ). գունովն այլ զանազանեն բուսաբանք ի Սպիտակ P. Alba, Փ. P. Blanc, Ռ. Тополь. և ի Սեւ, P. Nigra, Փ. P. Noir, Ռ. Осокорь, նա և Ձիւնատեսակ, P. Nivea, Փ. P. Cotonneux, թերեւս մեր երկրին մէջ գտուին ասոնք և իրարմէ տարբեր անուամբք կոչուին. Սպիտակ տեսակն կոչուի Ա. Հաուէր, արաբ., ըստ Ամիրտ. « Հավր. ծառ-մն է, որ ի Հոռոմոց երկիրն կու բուսնի, և ես գտայ ի գիրք-մն այլ, թէ Հավրն ծառ-մն է, որ Թ. այս ծառիս Ղայրին աղաճի ասէ (ոմանք այլ Կիւրկէն աղաճի ասեն), և ինքն ի հով և ի չոր տեղրանք կու բուսնի, և ինքն չորացնող է, և թէ զիր միրգն մեղրով յաչքն քաշես՝ սրացընէ, և այն, որ ի Հոռոմք բուսնի, զմիրգն քացխով խմես, օգտէ Ըխտաւորին» եւ այլն։ Մեր երկրին մէջ այս ծառիս (թէ և ոչ շատ բարձր տեսակն) շատ գտուելուն յայտարար է և Կաղմխուտ անունն. հին հեղինակք (ինչպէս Կուրտիոս) Սօսեաց հետ յիշեն Երասխայ հովտին Կաղամախները. Դուռնըֆոր յիշէ Ղարսի և Հասանկլայի միջոց Սեւ Կաղամախ. ինչուան Կարնոյ բարձրաւանդակին վրայ այլ տեղ-տեղ տեսնուին Կաղամախք։ Բարձր տեսակը, բարձրաձաղկ կոչելով, Սօսի և Կաղնեաց հետ յիշէ մեր Սարգիս մեկնիչ  վարդապետն (Յուդ. Բ. ), յիշեն և ուրիշ հեղինակք մեր և Ս. Գիրք շատ տեղ: Նոր տեղաքնինք Դողդոջուն կոչուած տեսակը՝ P. Tremula, Փ. Tremble, յիշեն Ի Պոկլան մօտ ի Մուշ, ուր մերայինք յիշեն զԿաղմխուտ տեղն. Եփրատական, P. Euphratica, Եփրատայ և Տիգրիսի միջոց (Միջագետք), ի Մարաչ. Սեւն ի Հս. և ի Հր. Կովկաս։ Բրգաձեւն է Մեծ և Փ. Հայս։ 

1270. Կաղամբ.

Մեծագոյնն և բոլորակ ի բանջարեղէնս, և քանի մի քիչ շատ նման տեսակօք, որք թէ և անուամբ զանազանին, այլ շատ հեղ և շփոթին իրարու հետ. հայերէն անուանն նման են հնդիկն՝ Քալամպա, և Պ. Քալամ, Ար. Քարնապ, արաբ. Լ. Brassica Oleracea, Փ. Chou commun կամ Potager, Թ. Լահանա. Ամիրտ. յիշէ Ար. անուամբ, և թէ «Երեք ցեղ է, Նապտի է, Հոռմըցի և Շամի է... կակղացընող է և եփող է... և լեզուն կու չորցընէ, և թէ զջուրն ի քիթն կաթեցընես, զգլուխն յստակէ, և զան ուռէցնին, որ ի յականջթոռքն լինի՝ կու եփէ, և իւր ճիւղն քացխով՝ օգտէ, լուծումն կու առնէ, և իր միսն կապող է». ըստ այսմ՝ մեր Առակախօսն այլ գրէր (ԿԱ), թէ. «Ի բժշկութիւն որովայնի զինքն քարոզէր Կաղամբ, եթէ կերեալ ոք հում, զորովայնն լուծանեմ, և եփեալ՝ պնդեմ, և բազում ինչ ստութեամբ բարբառէր», եւայլն: Կաղամբի տեսակաց համար այլ կ’ըսէ Ամասիացին՝ Պատէհինի վկայութեամբ. «Ածւոց լինի (Քարմն և Քալամ), և այն, որ Հոռմցի է՝ Ղաննապիթ կ’ասեն և՛ ծովային (Chou marin), և՛ Վայրի (այլ լինի), և այն, որ ջրային է, Նապտի ասեն. լաւն այն է և լաւ է, որ պօստանի լինի»: Դարձեալ զանազանէ ըստ Բժշկապետաց. «թէ Քարնապն երկու ցեղ կու լինի. մէկ՝ Նապտի և մէկ՝ Խոզի, և այն, որ Նապտի է, յայտնի է, և այն, որ Խոզի է, տերեւն թանձր է և պինտ է»: Այս ըսելէն ետեւ կու գրէ Ար. Քարնապ ըլ-մայ, որ Ջրային Կաղամբն պիտի ըլլար, ըստ վերոյգրելոյն, բայց ինքն գրէ. «Որ է Նիլուֆար ն»: Վաստակոց գիրքն առանձին գլխով գրէ վասն Կաղամբի, որ «զաղէհամ հողն ախորժէ, և վասն այնորիկ պարտ է, որ երբ Կաղամբն չորստերեւան լինի, նա առնուս լեսած նաղրուն կամ աղի հող, և ի մէջ տերեւոյն լնուս պտղամբդ, նա խիստ արքինացուցանէ, և փայտ չտայ առնել տակին, և փուխ լինի… Եւ զինքն արձակ-արձակ և յետ ի յետ ցանես, որ հանել չպիտենայ, նա արքինի լինի... Գիտել պարտ է, որ Կաղամբն եւս առաւել վատնի ի թրթրէն, քան զայլ բանջար. և ի վերայ ամենի իւր դեղն այս է, որ Թզենի կրակաց մոխրաջուր առնես, և զունդն ի ներքս պահ մի ի թրջոց արկանես և ապա ցանես, այլ թրթուր չմերձենայ անդ, և թէ այդ չլինի արած և թրթուր կենայ, զմոխիրն մանր մաղած ի վերայ ցանես, ողջանայ Կաղամբն և զամէնն սատակէ»

Հոռմցի Կաղամբ կոչուած է Թ. Ղաննապիթ արաբ., (Քառնապիթ), Լ. Brassica Botrytis, Փ. Chou-fleur, Ի. Brocoli, որոյ տերեւոց փոխան ծաղիկն է ուտելի, որ թանձր մարմին մ’է։ Ամիրտ. գրէ. « Ղաննապիտ, որ է ինքն ի Կանբոսի ? ցեղերուն ազգ-մն, և լաuն այն է, որ դեղին լինի. չորացընող է, և չի թողուր, որ մարդ շուտ հարբենայ. օգտէ հազին և կակղացընէ, և հունդն զճիճին և զօձն հանէ, բայց զաչքն մթընցընէ: Լաւն այն է, որ աղէկ եփեն գէր մսով որ զիր չարութիւնն տանի»: Դարձեալ գրէ. «Քարնապ. ինքն երկու ազգ է, մէկն գլուխ բռնէ և մէկն Կապստան է. աղէկն այն է, որ գլուխ բռնէ»: Գլուխ բռնողն կոչուի Լ. B. Oleracea Capitata, Փ. Chou Cabus. միւսն (որոյ կոչումն փռանկ Cabus բառին ձայնակից է) հարկ է թէ ըլլայ Անգլուխ, Լ. Br. Acephala, Փ. Ch. sans tête. Անգլուխի փոխան յիշուի հայերէն հին Բառագրոց մէջ և Անտակ Կաղամբ, բայց մեկնուի՝ Քարնաբ ալ–Նափատի, որ վերոյգրեալ Նապտին է։ Հին բժշկր. խրատէ. «Թէ եփես ու զջուրն ձգես և ապա ուտես, լաւ է. ինք կապ է, և ջուրն լոյծ. տերեւն լաւ է, քան զինք, և թէ զինք ծեծես ու զջուրն խմցընես, զտափակ ճիճին հանէ, և ունդն զսաւտա շատցընէ ի մարդ... Իրմով խախաճ այնել՝ զզանգկիկն (լեզուիկն) պնդէ և թաշմեցընէ. ատամնացվի, որ ի տաքէ, օգտէ, թէ ի վերայ Խուրսի ածես, օգտէ»։ 

1271. Կաղին. Կաղինի.

Անոյշ կամ ուտելու կաղինն է, որոյ ծառն Արքակաղնի կոչուի ըստ գրոց, և ի կարգին բացատրած եմք (տե՛ս թ. 242) որպէս և պտուղն Կաղին Արքայական

1272. Կաղճ.

Ինչ ըլլալը գուշակում այս կարճ յիշատակութենէն ի Գիրս Թղթոց. «Կաղճ վնասակար և որոմն ապականիչ, որ իմաստիւ այլ ձայնիւ այլ մօտ է Գաղձի. տե՛ս թ. 401։ 

1273. Կաղնի.

Անտառային կամ վայրի ծառոց թագաւորն կամ գերագոյնն կըրնայ կոչուիլ թէ՛ իր մեծութեամբն և թէ՛ բազմապատիկ սրբազան և առասպելեալ յիշատակօք և պաշտամամբք հեթանոսաց, մինչեւ մէկ տեսակն Հնդկաց լեզուաւ Տէվադարա (Deodara) կ’ըսուի, այսինքն՝ Աստուածածառ։ Ի Ս. Գիրս շատ տեղ յիշուած է, սկսեալ Կաղնւոյն Մամբրէի, առ որով Աստուած երեւեցաւ Աբրահամու, Փիլոն Եբրայեցին զայս յիշած ատեն, ըստ մեր թարգմանչին, կ’ըսէ. « Ստեղնատունկն ՝ վայրենի է, իսկ պտուղն նորա Կաղին՝ ընտանի», սակայն վայրենի Կաղնեաց պտուղն այլ, որ Թ. Փէլիտ կամ Բալուտ կոչուի, վայրենի է, այսինքն՝ լեղի և անասնոց ուտելի: Կայ տեսակ, որոյ ծառն այլ կոչուած է ի մերոց՝ Լեղի Կաղին, և սա համարուի Որդնաբերն, ինչպէս գրէ Ամիրտ. «Ղրմըզ (որդն), որ է Կօկազ, ինքն կենդանի է, որ ի Լեղի Կաղնուն տերեւին վրայ կարմրուկ-կարմրուկ ոսբան չափ հատակներ է, և թէ չժողվեն, կու թռչի և կ’երթայ, իրք մի չի մնար, և ներկրարնին կու ժողվեն, և զապրչումն և զբուրդն անով կու ներկեն, և զպրօնն [4] (այծու մազ) այլ այսով կու ներկեն, և ոմանք ասեն, թէ ի փշերուն վրայ կու լինի. և մեծնալով Սիսռան չափ կու լինի... և թէ ի կարմիր ապրշումն օծես և ջերմն բռնողին ի վիզն կախես, կտրէ: Ասէ Պտ., թէ Ֆաղիս կ’ասեն և ի Թ. երկիրն Կօկազ կու ասեն»: Յոյն բառն պիտի ըլլայ Φηγός, որ նշանակէ նա եւ Փիճի, իսկ Կաղնին՝ Վալանոս Βάλανος կոչուի. Լ. Quercus, Փ. Chêne. Ար. Պալլուս, արաբ. թէ՛ ծառն, թէ՛ պտուղն, որ ըստ Ամիրտ. յատկապէս Մոմոչ կոչուի առ մեզ, և անոր նման վայրենի պտղոց սեռական անուն է. «Թ. Փէլիտ ասէ. մանր և մեծ այլ կու լինի. լաւն այն է, որ մեծ լինի և քաղցր լինի... օգտէ լնտերուն և ակռային, որ ցաւի, և արիւնն կտրէ. և իր դուրսի կեղեւն՝ ի մազի ներկերն կու մտնէ և կու սեւացընէ և պայծառ կու առնէ. և օգտէ արիւն թքնելուն և թոքին խոցերուն», եւայլն։ Բժշկարան մի կ’իմացընէ, որ «Աղէկն ի մայիս ամսոյն քաղվի»։ Հին Բժշկարանն այլ կ’ըսէ. «Զհում Կաղնին, թէ ծեծես և ի վերայ դնես, օգտէ թունաւորաց խածմանց և զայտումն նստցընէ, և թէ ի չար ախտից լինի այտոյցն և խառնես ընդ հին խոզտի և ի վերայ դնես, բժշկէ»:

Կաղնեաց տեսակներէն մեր լեզուաւ յիշուին Խոզկաղնի, զոր յիշած եմք . 1093) Շանկաղին, որ է Շահբալուտ, Մատնկաղնի, Սարկաղնի, որ համարի Գղթորաբերն, կոչուի և Նզազ, Փշակաղնի, զորս տես ի կարգի անուանցն: Մեր երկրին հիմակուան վիճակն, մանաւանդ՝ հիւսիսային մասն, մեծամեծ Կաղնիներ չի բերեր. ի հարաւակողմն գտուին, թէ և ոչ մեծք, այլ քանի մի տեսակ, յորոց ճանչցուածքն կամ մեզ ծանօթք են, Qu. Pedunculata և Pinnatipartita ի Տարօն. Բուն Հայկական կոչուածն՝ Q. Armeniaca, ի Պոնտոս. Q. Sessiliflora ի Գարապաղ, ի Բաղէշ և ի Մոկս, ուր և Q. Cedrorum զանազանեալն. Q. Mannifera, Մանանաբերն, որ է Գազպէն, ի Տարօն, Ծանախ, ուր և Ճորոխային կոչուածն, Q. Schorochensis, որ գտուի և ի Տայս. մէկ զանազանեալն այլ Q. Pubescens կամ Սպերացին Q. Ispirensis ի Սպեր. Q. Macranthera, ի Գարապաղ, Նախճաւան. Q. Pontica, ի Պոնտոս. Q. Lusitanica genuina, ի Թ-Հ, ուր և տեսակակիցն Q. Boissieri. Q. Brantis ի Բաղէշ. Լիբանանու Կաղնի, Q. Libani, կոչուածին մէկ տեսակն այլ՝ Vesca ի Բաղէշ։ Յիշեցընեմք, որ Աւստրիացին Քոչի Kotschy թերեւս ծանօթ մերայոց իր բուսաբանութեամբն ի կողմանս Սիսուանայ, թէ՛ հօն և թէ՛ ի կողմանս Վանայ և Պինկէօլի և ի Կիպրոս, երկար տարիներ քննելով՝ 40 տեսակ Կաղնեաց զանազաներ և ստորագրեր է:

Ծանօթ է ամենուն Կաղնեաց փայտի ամրութիւնն և գրեթէ անփտութիւնն, որոյ համար առասպելախօս Յոյնք իրենց դիցահօր Արամազդայ նուիրած էին, և սա, երբ ուզեց վարձատրել զՓիլեմոն, որ միայն իրեն հիւրըկալ եղաւ ի Փռիւգիա, յետ երկար ծերությանը փոխարկեց ի Կաղնի, նոյն վայրկենին անոր պառաւն այլ (Բաւկիս, Baucis) ի Լորի! Գր. Մագիստրոս իր խրթնախօս ծառաբանութեան մէջ (Թղթ. ԺԱ) զսա կամ ուրիշ պառաւ մ’այլ յիշէ Արամազդայ և իր ծառին հետ. «Կաղնի պառաւեալն Կիրրայի, յոր աւազս? (որ յաւազս?) պատուեալ յանապատին, և գերակատար գագաթանն Արամազդայ տապ ժամու`՝hովանաւորեալ պարածածկէր ի բեզիկեան տապոյն»։ Նոյն բանը ուրիշ տեղ (ԿԸ) գրէ. «Ոչ Արամազդեանն Կաղնին պառաւեալ տայր պտուղ, յորում աւազան պատուիւր»: Ասոր հետ յիշէ նա և ուրիշ զարմանալի Կաղնիներ, ինչպէս Ոլիմպիոսեանն Ապողոնի, որուն մէկ ճիւղէն մէկ գիշերուան մէջ Կիզիկոն քաղաքն շինուեցաւ, և ծառին վրայ նորէն ճիւղեր բուսան  

1274. Կաղնոյ Բուրդ. Տե՛ս Օշնայ:

1275. Կաղնոյ Խնձոր.

Այսպէս կոչուած է Գղթորն՝ ձեւին նմանութեամբ։ 

1276. Կաղնծնի.

Շէհրիմանեանն յիշէ զայս և կոչէ Լ. Dentaria Orobanche. Ար. Էզպար իւլճէն ։ Այդ լատին անուամբ բոյսն Ջրկոտեմի ազգէն է և վրան ակռայի ձեւով թեփեր ունենալուն այդպէս ըսուեր է, իսկ տեսակն՝ Orobanche, հիմայ չի յիշուիր, այլ ուրիշ տեսակներ՝ D. Pinnata, Digitata, Bulbifera. գուցէ այս յետինս ըլլայ Շէհրիմանի Կաղնձնին, և վկայուած է ի նոր քննողաց, որ գտուի յԱտրպատական, D. Quinquefolia: Հինգտերեւեան տեսակն այլ ի Թ-Հ, իսկ ի Կովկաս և Վիրս D. Bipernata և D. Microphylla տեսակքն։ 

1277. Կաղնչան կամ Կաղջնան. Կաղնշան. Կաղնչնան. Կաղնճնան.

Բնիկ և օտար ուրիշ անուամբք այլ կոչուի Մեղմերդ, Շպրիմ կամ Շբրամ, Քռեկան, ըստ ոմանց նոյն և Ժախ . 832). Լ. Tithymalus, Փ. Tithymale. Ամիրտ. գրէ. «Շիպրիմն, որ է Կաղընճանա, որ է (Թ) Սութլիկէն (կամ Սութլուճէ). ինքն խոտ-մն է, նօսր կեղև ունի և կաթն ունի, և ինքն յԵթող ներուն է . 623), կարմիր և թեթեւ լինի. լաւն այն է... Ասցել է Պտ., թէ ինքն բուս-մն է, որ ի պարտիզնին կու բուսնի և ի գետեզերքն այլ կու բուսնի և ի դաշտերն այլ կու բուսնի, և իրենն Ար. Ղաթիլ ըլ-պախար ասէ, Հ. Կաղընչնայ, և ասցել է գրոցս շինողն, թէ զինքն պախրէն ուտէ` այն պահն մեռնի, և թէ ոչխարն ուտէ՝ չի մեռնիր, և զէն այլ չի անել, և լաւն այն է, որ թեթև լինի, և ճղերն կարմիր լինի. այն որ ի Պարսից գայ՝ չէ աղէկ… Թէ զիր կաթն՝ չոր և դալար հերքունին օծես, օգտէ, և քանի մի հեղ փորձած է, և ամենայն Եէթողներուն կաթն զայս խասլիաթն» (ունի)։ Հին Բժշկարանն կ’ասէ. «Շպրուն՝ Կաղընչանի տակ, և անվնաս Մծեբնցին է», ուրիշ մի բացատրէ զայս. «Անվասն ի Մծբնու գայ, և աղէկն այն է, որ տերեւն բոլոր լինի զէտ դրամնի»։ Ասոնցմէ առաջ Եզնիկ վարդապետ գրած էր, թէ. «Կաղանչանան ազգ ինչ առանձինն սպանող է, և խառնեալ ընդ այլ դեղոյ՝ մաղձադեղ է բուժիչ ի մահուանէ»

1278. Կաղշնակ.

Բժշկարան մի զուգէ զայս Ակնդում բեռի, որ է անշուշտ Լ. Acanthium, նոյնպէս գրուած և ի Պէյթարայ, արաբ. զոր ոմանք Ծերոյ-գլուխ կոչեն, կ’ըսէ Ռաս էլ-Շիյխ, արաբ., և նման է Բատավարդի . 313): Ըստ բուսաբանից ոմանց՝ այս բոյսս է Onopordum Acanthium կոչուածն, որ յիշուեցաւ ուրիշ անուամբ . 874):

1279. Կաճապ.

Նուիկ կամ Նուիճ կոչուած բոյսն է, զոր տե՛ս ի կարգին. և զոր ինչուան հիմայ սոյն անուամբ Կաճապ Բանջար կոչեն ի կողմանս Հայ-Աղուանից՝ ըստ Շէհրիմանի։ Ասար գրէ իբր համանիշս. «Կաճապ, Լֆա . 943), Ֆիլճուղ »։ 

Կաճկիրակ. Կաճկրակ. Տե՛ս Կակժիրակ ։

1280. Կաճուտ.

«Որ է Շուշման, որ է Սուսամն», գրէ Բժշկարան մի։ Սուսամն շատ ազգ ծաղկանց և բուսոց նշանակէ, Շուշմային համար այլ տրուած է այդ անունն, բայց սա յատկապէս մեր Կաճուտն և Կնջիթն է, և այս ետքի անուամբս բացատրեմք։ 

1281. Կաճրար.

Լայնատերեւ բանջարեղէն մի՝ ըստ Մանանայի (եր. 446). սպասեմք, որ ուրիշ ծանօթ մ’այլ մեզի աւելի ծանուցանէ։ 

1282. Կամբ. կամ Կամբի. Կամփի.

Անծանօթ ծառ կամ կաթոտ բոյս մի, զոր իմացընէ Բժշկարան մի, միայն այս քանի մի բառով, քամիէ պատճառած ըխտաւորութեան ցաւու դարման գրելով, փոր լուծելու համար, շատ ուրիշ դեղէ. «Կամբի ծառ կաթով». կըրնար այլ կարդացուիլ այս տողիկս, Կամ Բիծառի կաթով, եթէ Բիծառ բառ մի յայտնուած ըլլար իբրեւ կենդանի մի քան թէ բոյս: Յիշած ենք Հոռմցի Կաղամբի ստորագրութեան մէջ ստուգելի Կամբոս ն այլ։ 

1283. Կամբոս ?

Տե՛ս, ինչ որ յիշուեցաւ ի Կամբ և ի Կաղամբ . 1270. 1282)

1284. Կայծխոտ.

Եղերդի տեսակ մի է՝ ըստ նոր բառահաւաքի։ 

1285. Կայծու.

Վնասակար խոտոց տեսակ մ’է՝ ըստ Ագաթանգելի գրոց։ Թերեւս այս երկուքէն մէկն՝ մանաւանդ առաջինն՝ ըլլայ Կամարակապեցւոյն գրածն։ 

1286. Կեծոկի ծաղիկ, իբր Կայծակի.

Եթէ Ար. բառի մի թարգմանութիւն չէ, ինչպէս Պէյթար Դարշիշանի . 565) համար կ’ըսէ, թէ յԱփրիկէ ասոր Կայծակի ծառ կ’ըսեն, Աուտ էլ-պարագ արաբ. ասոր յարմար է նաեւ

1287. Կայծուկ փուշ.

Զոր լոսելով՝ հերքունի դեղ պատուիրէ Բժշկարան մի։ 

1288. Կայռ.

Ըստ Շէհրիմանի՝ առանց տերեւի սպիտակածաղիկ խոտեղէն մ’է մակաբուսից ցեղէն. Cynomorium Orobanche, է Յ. Χυνομοιρσν, այն է Շանձուքն. տե՛ս զայս։ 

1289. Կանաչաց Թագաւոր.

Անձխոտն է. ի՞նչ պատճառաւ կամ աւանդութեամբ թագ ընծայուած է այս բուսոյ. փափագելի է գիտնալ։ 

1290. Կանաչկենի.

Տեսակ մի Խնձորոյ այսպէս կոչուի։ 

1291. Կանգառ. Կանկար.

Վայրի և ընտանի ծանօթ փշեղէն բոյս մի, որ փշեղինաց մէջ պատուականագոյնն կըրնայ ըսուիլ, տնտեսութեան մէջ տուած ճաշակով. Ամիրտոլվաթ Ար. Հարշաֆ, արաբ. բառով կու ստորագրէ. «Երեք ցեղ է, լաւն այն է, որ թաժայ լինի… օգտէ և շան խածածին այլ, և քրտինք բերէ, զհոտն անուշ առնէ, և իր խէժն զխոցերն չորացըն է, բայց ըղեղան զէն է… Իր բնութեան վերայ ազգի-ազգի խօսք են ասեր, և Պ. այսօր Քանկար կ’ասեն»: Ինքն այս խօսքերուն քանի մի օգուտները միայն յիշած է. Պէյթար այլ երկար չի խօսիր: Յիշեցինք, որ Հ. Թաղիկ այլ կոչուած է, ռամկօրէն՝ նա և Արտիճուկ, կամ ի Փ. Artichaut, և Ի. Articiocco առած, կամ ասոնք մեզմէ. Լ. կոչուի Cinara, ըստ Յ. Κινα’ρα

1292. Կանգառ Վայրի.

Նման է ընտանւոյն, միայն տերեւոց ձեւով և փշերով զանազանի. Լ. Cinara Cardunculus, Փ. Cardon կամ Cardonette. Տարբեր տեսակ մ’է

1293. Ծառկանգառ.

Աւելի փշոտ կանգառ մի, որոյ ճիւղերն կ’ուտուին: Ծանօթ է Պոնտացւոց։ 

1294. Կանգառի խէժ.

Այսպէս կ’անուանեն և Փ. Gomme d’ Artichaut, բայց Ամիրտոլվաթի և Պէյթարի յիշածն՝ Կանգառէն տարբեր բույս է, զոր կոչեն « Ղինապարի, արաբ. ինքն խոտ-մն է, որ ի ցորենին մէջն կու բուսնի, և լաւն այն է, որ կանանչ լինի, և ինքն նման է Ղանդարիոն ին (Տերեփուկ), բայց ծաղիկն մանր է խիստ և սպիտակ, տերեւն նման է բարակ Ղանդարիոնին, և այլ մեծկակ. և յարտերուն և ի ցորենուն մէջն կու բուսնի, և ի փլփլած տեղեր այլ կու բուսնի և տակն այլ ի Ղանդարիոն կու նմանի, և քան զամենայն կանուխ կու բուսնի ի գարունն: Իպն. ասէ, թէ փշով խոտ-մն է, և տերեւն նման է Քօսնի կամ Քասնի Մառօլին տերեւին, և այլ մանր. և ծաղիկն սպիտակ է և տերեւն փշկներ ունի զերտ Մորմենու փուշ, և ի շողխոտ (տղմոտ) տեղեր կու բուսանի, և գարունն շատ կու բուսանի», եւ այլն։ 

Յատուկ Կանգառի խէժն ըստ Պէյթարայ՝ Ամիրտ. գրէ « Քանկարզատ, արաբ., «Ինքդ Հարշաֆին խէժն է, հով է. փսխել կու տայ հեշտութեամբ (թէ) տաք ջրով և Սքնճպինով խմեն և մեղրով»։ Տարօնոյ կողմերը ծանօթ է այս փշոտ բոյսս, իբր երկու թզաչափ բարձր կանաչ կամ դեղին, որ աւելի լաւն է. ուսկից սպիտակ հիւթ մի հանեն և ծամելիք ձութ. յիշուած է և ի Կարմիրք։ 

1295. Կանդանա.

Ամիրտ. Ուրուր հաւու վրայ գրած ատեն կ’ըսէ, եթէ անոր ուղեղը «Կանդանայով խառնես և կամ մեղրով, և տաս այն մարդուն, որ սունկ կամ նիգ ունենայ, օգտէ յորժամ խմեն»: Պէյթարի թարգմանութիւնն Պրաս գրած է Կանդանայի տեղ։ Բժշկարան մ’այլ կ’ըսէ, «որ է Քուռաթ Շամի ն, և նապտի է և վայրի է»։ 

1296. Կանեփ կամ Կանափ. Կանեփատ.

Տնտեսութեան մէջ պիտանեգոյն և ամենածանօթ ի հին ժամանակաց, թէ՛ զգեստու, թէ՛ դեղերու՝ եւս և ուտելու պիտանութեան համար. անունն այլ գրեթէ նոյն է յամենայն լեզուս և ազգս. Յ. Κάνναβις, նոյնպէս և Լ. Cannabis, Փ. Chanvre. Ար. Քանապ, արաբ., զոր Ամիրտ. գրէ. « Ղանապ. ինքն երեք ցեղ է, «ածւոց և վայրի, աղէկն ածւոցն է: Ասէ Հուննայն, թէ զինքն ծեծես և քամես  և քիչ մի յականջն կաթեցընես, զակնջին ցաւն տանի: Եւ Կանափին հնտին ոմանք Չատանա կ’ասեն»: Այս անունս, որ և գրուի Շահտանաճ կամ Շահտանիզ, Ար. Շահդանէք, արաբ., կամ արաբ. Կանեփին հունտը նշանակէ, որ առ մեզ կոչուի Կանեփատ, և կ’ուտուի, բայց աւելի իր եղն է պիտանի տնտեսութեան և բժշկութեան համար, որոյ օգուտներն երկար գրէ մեր Ամասիացին. «Թէ զհունտն տապկեն և ուտեն, զեն քիչ լինի, և լաւն այն է, որ ի վերայ Սքնճպին խմեն, թէ շատ ուտեն՝ գլուխ կու ցաւցընէ և զաչքն կու մթացընէ, և դեղն այն է, որ ի վերայ պաղ ջուր խմեն։ Եւ Վայրի Կանեփատն զէտ Տուղտ կու լինի, բայց կարճ կու լինի... Ասէ Պտ., թէ Կանափն երեք ցեղ է. մէկն Ածուոց լինի և մէկն՝ Վայրի և մէկն՝ Հնդի, և այն, որ Վայրին է, որձան նման է Տղտին որձային և սեւ կու լինի խիստ. և Հնդուն այլ տերեւն ի յածւոցի  տերեւ կը նմանի. և Հնդուն տերեւն քիչ մի պինդ է, և այն, որ Ածուոց է, սեւութիւնն պակաս է, և սպիտակութիւնն յաւելի է, և ծաղիկն՝ կարմիր, և պտուղն ի Պղպեղ կու նմանի. և իր Հնդին անունն Շահդանաճ կու ասեն: Այն, որ Հնդի Կանափն է՝ ի Շիրազ Պանկ ասեն, և Ար. Հաշիշ կու ասէ, և ոմանք Ճուզվի յատամ կ’ասեն... և ինքն զմարդն խեւ կու առնէ, և թէ շատ ուտեն, կու սպանանէ, և ցեղ մի այլ կայ, որ մուֆարեհ (զուարթարար) է. կու խնդացընէ և ուրախացընէ, և շատ կերակուր ուտեցընել կու տայ և շուտ մարսեցընել կու տայ: Եւ ցեղ-մն այլ կայ, որ զսիրտն տրտմեցընէ, և իր միրգն պիղծ քրվտաք ընծայէ», եւ այլն:

Վաստակոց Գիրքն (ԻԶ) Կանեփ ցանելու համար կ’ըսէ, թէ ընտրելու է «զթանձր և զգէջ գետինն, և պարտ է զինքն ի փետրվար ամսոյ 26 օրէն ցանել մինչեւ ի 24-ն մարտի, և զԿտաւատն, որ է Քթան, պարտ է ծիրանեգոյն գետինն ցանել... ԶԿանեփն ծեծես, ի պարկն լնուս, զբերանն կապես, ի տաք ջուրն ձգես, փայտով մի թրես, եղն ի դուրս ժողովի»։ Հին Բժշկր. Կանեփ չի գրեր, այլ Կանեփայտ, և կ’ըսէ. «Որ շատ ուտէ՝ գլուխն ցաւի, և յուշ երթայ ի ստամոքէ, թէ ականջ ի տաքէ ցաւի՝ ձէթն օգտէ: Աղնծած լաւ է ուտել, քան հում, և թէ զտերեւն ծեծես և այնիւ զգլուխն լվանաս, օգտէ գլխացաւի և մազկերի՝ անուամբն Աստուծոյ»

1297. Կանեփխոտ.

Անունն Կանեփի է, բայց ինքն տարբեր ցեղի խոտեղէն է, գէջ դեղեր կու բուսնի, ծաղիկներն դէմ առ դէմ շարուած ատամնաձեւ բաժակաւ և հինգթերթեան պսակաւ, չորս կամ հինգ տեսակ միայն գտուի այս բուսոյս, որ կ’ըսուի Լ. Lycopodus (Գայլոտն), տերեւներուն ձեւէն. սովորական է Եւրոպական կոչուածն L. Europeus, որ համեմային հոտ այլ ունի, և լուծողական է: Այս անուամբ ճանչցուի ի Պոնտոս, գտուի և ի Հայս

1298. Կանեփուկ.

Յիշէ զայս մեր ոսկեգրիչ հայկաբանն Եզնիկ և կ’ըսէ. «Թուփ ինչ է, որոյ սերմն նորա դեղ է, և նոյն դարձեալ կասեցուցիչ ցանկութեան»: Այսպիսի զօրութիւն շատ բոյսերու կ’ընծայուի, որով այսոր տեսակն անստոյգ մնայ. մեր նոր գրչաց մէկն կարծէ զԳոթեաց ճանկն, Vitex Agnus Castus . 509)։ 

1299. Կանթափ ?

Թեթեւ, դեղնագոյն քրտնաբեր ըմպելիք մի տուող ըլլալը՝ յայտնէ օրագիր մի, այլ ինչ ցեղ ըլլալն՝ ոչ: . Դար, Է, 102)

1300. Կանթեղխոտ.

Որ կոչուի և Հողմափայտ և Մամիրան Ար. անուամբ  արաբ., որով ստորագրէ և Ամիրտ., յիշելով և ուրիշ անուն մ’այլ՝ Տովայի Խատատիֆի. նա և ուրիշ շատ անուններ կան առ Պէյթարայ, զորս թարգմանիչն նոյն Լ. անուամբ Chelidonium կոչէ, որ է Ծիծռան խոտ ն, զոր յիշած եմք նոյնպէս և Դեղին կոճն . 579), ուր և իմացուցեր եմք, որ այլ և այլ տեսակք ըլլալով այս կամ նման բուսոյն՝ շփոթեն և գիտնականք։ Այս Կանթեղխոտ-Մամիրան տեսակին համար գրէ մեր Ամասիացին. «Բարակ տակեր է դեղին, որն ուղղորդ է, որն ծուռ. Չինի և Խորասանի լինի... Ասէ Պտ., թէ մթնագոյն է, ի կանանչութիւն կու քշտէ, և ինքն բարակ տակ է խոտի, և հանգուսնի ունի, և Հողմափայտ ասեն. աղէկն նորն է, և օգտէ ջղացաւութեան և գլխացաւութեան», եւ այլն:

1301. Կանկատունկ.

Փիլոն եբրայեցի իր Նախախնամութեան գրոց մէջ յիշէ՝ ըստ հայ թարգմանութեան, և ըսածէն գուշակուի կառաբոյս մի ըլլալ. գրոց մեկնիչն այլ վկայէ, թէ «Դժնիկ է, կամ փուշ մի, որ Կանկատ ասեն»։ Ըստ Յ. Լ. և Փ. Acanthe կոչուածներուն տեսակ մի։ Տե՛ս և Քսուկ

1302. Կանկըրթռուկ.

Բարձրկեկ Կանգառի տեսակ մի է ուտելի, կարմիր ծաղկով, քանի որ դալար է։ Խանէն կոչուի ի Մշեցւոց. ծանօթ է և ի Խոտուջուր։ 

Կանկուկ. Ուղիղն Կռնկուկ կ’երեւի, տե՛ս զայս:

1303. Կանճրակ. Կանրճրակ.

Մանանային հեղինակն գրէ (եր. 447). «Փշաբոյս մշակեալ, որ ունի ծաղիկս նման Զաֆրանի և հասկը կազմէ, որոյ հատիկներ նման են Արեւածաղկի հատին, զորս խաչեն, ծեծեն, կաթ հանեն, և պահոց կերակրոց ի պէտս գործածեն»:

1304. Կանչխոտ կամ Կանանչխոտ.

Լ. Փ. Reseda. Ար. Ճէպէլ հանգ կամ Ճէլպէ հանգ. արաբ. առջի կերպով կարդայ և գրէ Ամասիացին. « Ճապալհանգ, որ Հռ., Կասկուտ ? ասեն, և Հ. Կանչխոտ. ինքն մանր հունտ է, երկու ցեղ կու լինի. մէկն՝ դեղին, մէկն՝ կարմիր... և ասէ գրոցս շինովն, թէ ասոր Ճա(պա)լհանկ, կ’ասեն, և ինքն դեղին հունտ է և փուշ ունի իր խոտն, և իր տակն դեղին Թրպութ ն է, և ասացած եթէ Սեւ Տանտին հունտն է, և իր հունտին ուժն՝ նման է Խարպախի ուժին, և լաւն այն է, որ Հնդի լինի, և Հալողի գոյն ունի, և խիստ մանտր լինի, և երկայն լինի, և ինքն փսխեցընող է խիստ», եւ այլն։ Դարձեալ գրէ մեր բժշկապետն. « Ճապալհանգ, ինքն Բողկին հունտն է, աղէկն ի ջրի տեղ լինի։ Ասէ Ապուճարեհ, թէ ինքն զսիրտն խառնէ և դարձընէ, և զաչքն մթացընէ, և այլոք ասեր են, թէ զսաֆրան և զպլղամն ի յանձնէն վարէ, յորժամ առնուս կէս տրամ, բայց դիժար է և վնաս»: Եթէ և Բողկին հունտն այլ Ճապալհանգ կ’ըսուի արաբերէն, սակայն Կանչխոտն (Reseda) տարբեր բույս է՝ համեմային և համեմիչ ուտելեաց. շատ տեսակներ այլ ունի, որոց մէկն յատուկ Հայկական կոչուի, R. Armena, և նշանակուած է ի Թ-Հ, իսկ ի Ռ-Հ հաւանօրէն R. Phyteuma. R. Truncata ի Ծանախ. R. Luteola, յԱմիդ. R. Tomentosa Եփրատայ կողմերում Ա. Հայոց. R. Microcarpa, յԱտրպատական

1305. Կանչող. Կանչուխ.

Կաղնչանն է, զոր յիշեցինք . 1277). տե՛ս և Իշկաթնուկ, թ. 868։ Որոց վրայ աւելցընեմք մեր Տարօնեցին Մէհէրեան Հօր գրածը. «Կանչուխ. լինի դեղին և կանաչ, լաւն՝ դեղին, ուտի եփեալ և անեփ, արմատն բղխէ հիւթ կաթնային՝ յորմէ գործեն ձիւթ կամ կիւ. բոյսն փշալից և բազմոստեան է, երկթզաչափ բարձր գնտագլուխ»։ Եթէ ոչ մեր բացատրեալ Կաղնչանի համանման է, կըրնայ մէկ տեսակն ըլլալ, կըրնայ և տարբեր, բայց համանուն

1306. Կանտող.

Տես, ինչ որ ըսուած է Գլանտորի համար, թ. 494։ Յիշենք հարեւանցի արեւելեան Հնդկաց նմանանուն բոյսը՝ Gandole, Շոմինի նման։ Նոյն երկրում Քանթուլ Kanthul անուն ծառ մ’այլ կայ, որ Լ. Artocarpus (Հացապտուղ) կոչուի, Փ. Dufrène

1307. Կանտորի.

Թուփ մի կամ Ցախ, որ ի գետեզերս կու բուսնի, և որոյ ճիւղերէն աւել շինեն. ծաղիկն հոտաւէտ է, համն լեղի՝ Օշինդրի պէս: Ճանչցուած է ի Տարօն

1308. Կաշ ?

Տէր Աւետիքեանն յիշէ Գեղաքունոյ գաւառի բուսոց և ծաղկանց հետ (եր. 48)։ 

1309. Կաշկա ?

Կտաւատի տեսակ՝ լսուած յարեւելեան Հայս, կամ Վիշապագլուխ (Dragocephalum) կոչուած բուսոյ ազգակից, Լ. Lalemantia Iberica (ըստ Զելենսքեայ)

1310. Կապարասի.

Ըստ հին Բժշկարանի՝ է այն բոյսն կամ տակն, որ սովորաբար Քուշտ կամ Կոստ ըսուի յարեւելս, և ի Հնդկաց՝ Քուշթա սրբազան բոյսն, ուսկից կու գայ այսոր լաւն կամ ի հնուց ճանչցուածն. Ար. այլ Ղուստ կամ Գուսթ արաբ. Լ. Costus: Երկու տեսակ կ’ըլլայ. մէկն՝ լեղի, որ աւելի գործածականն է և կ’ըսուի Դառն-Քուշտ, Լ. Costus amarus, միւսն՝ Քաղցր, Լ. C. Dulcis. առաջինն Կոճապղպեղի ցեղակից համարուած է։ Մեր հին Բժշկարանի բառն՝ Կապարասի՝ համարելով անուն ընդհանուր տեսակին, յիշեմք Ամիրտոլվաթայ զանազանելով գրածը. « Ղուստ, որ է Քուշտ, ինքն թանձր տակ է և անուշահոտ. Քաղցր և Լեղի է, և լաւն այն է, որ սպիտակ լինի և իլի... զոր զօդուած (մարմնոյ) որ ուզես՝ կու տաքցընէ, և զծաղկին տեղն և զխոցին տեղն և զպիսակին այլ ճլէ կու տայ, և թէ ծխես ոջլի համար և ամենայն գազանահարի՝ օգտէ... Ասէ  Պտ., թէ Հոռոմն Կոստաս ասէ, և ինքն շատ ցեղ է, և հինգ ցեղ լինի. մէկ ցեղն Արապի է, այնոր Ղուստի պահրի (ծովային) ասեն, և ինքն սպիտակագոյն է, և մէկ ցեղն Հնդի է, սեւգոյն է, այնոր Ղուստի մուռ ասեն. և Պ. Ղուստի թալխ ասեն, և ինքն խիստ լեղի լինի և թեթեւ լինի։ Իպն. ասէ, թէ Ղուստի Հնդին սեւ և քաղցր լինի, և Ղուստի պահրին սպիտակ և լեղի լինի. և ստոյգն այն է, որ լեղի է, և Սպիտակ Ղուստն քաղցր է, և այն որ Սեւ է` Հնդի է: Եւ ցեղ մի այլ կայ, որ ի սեւութեան մօտիկ է և զէտ սապոն հոտ ունի. լաւն այն է, որ նոր և սպիտակ լինի և գէր լինի, և այլ սեւ թեթեւ։ Ես ասացեալ է գրոցս շինողն, թէ Ղուստի Հոռոմոց ինքնաքաղցր է, և Սուսանին տակն յիր տեղն է, և սնուցած Մանուշակին մէջն կու դնեն, և զչորեք դիհն կու կտրեն, և ինքն զուգծու է, և լաւն այն է, որ ի լի լինի և թաժա, և զլեզուն մարդոյ խածնէ, և այն, որ զուգծու Ղուստն է, նա Անտուզին տակն է, ամուր և պինտ լինի, բայց Անտուզն զլեզու չի խածներ. և անոր համար կու բաժանի ի մէկմէկէ. հանց իմացիր։ Ղուստ՝ ինքն խոտի տակ է և լեղի է, աղէկն ի Հնդկաց գայ:... Ղուստի Շամի, որ է Ռասանն» (Անտուզ)։ Գիտնականք ոմանք Գալիենոսի և Պլինիոսի յիշած Քաղցր Կոստն համարին Alpinia Galanga կոչուած տակը

1311. *Կապէնդաքտիոն.

Հին Բժշկարանն գրէ. «Խոտ մի կայ Կապէնդաքտիոն [5] ասեն, ինքն որձ և էգ է, ծաղիկն՝ ծիրանի, և տակն՝ նման Կաղնոյ և Բեւեկնոյ, և տակն խոր լինի և երկու. մէկն՝ պինտ և մէկն՝ թույլ, զպինտն չորցո և աղա, և յիրիկունն բնաւ իրք չուտէ (hիւանդն) քան զայդ դեղդ, գինով և կամ ջրով առնու»: Յունարէն բարդած բառ ըլլալն յայտնի է, այլ ինձ անծանօթ, թերեւս և խանգարեալ. Կա՛պնիոս Κάπνιος նշանակէ մոխրագոյն կամ ծխագոյն Որթ (այգի):

1312. Կապնդեղ.

Հոռմցի Անճիտան ըսուածն է, կամ Քաշիմի Ռումի, որ յիշուած է Անճիտան անուան տակ . 118), և այս է լաւագոյն հայերէն անուն։ 

1313. Կապոյտ Ծաղիկ.

Նոր գրողաց մէկն յիշէ ի Գեղարքունիս, գտուի և ուրիշ տեղ փոքրիկ բոյս մի է սլաքաձև մանրիկ տերեւներով, երկայն բարակ կոթով և կապուտիկ ծաղկանց փունջերով։ 

1314. Կապուի.

Մէկն է շատ հոմանիշ անուանց Բեւեկնի և Բտումի, տե՛ս զանոնք։ 

1315. Կապուտ աւել կամ Կապուտիկ աւել.

«Տաճիկն Ավշան oթի (Եօշան) ասէ. զհունտն մեղր խառնէ և խմէ», ի դեղ ճճուի. այսպէս պատուիրէ աղթարական գրիչ մի։ Ծանօթ է հիմայ այլ ի կողմանս Սեբաստիոյ. կարծուի տեսակ մի Դաղձ, Լ. Pulegium L. Mentha

1316. Կապուտակ ծաղիկ.

Թուի նոյն Կապուտն. յիշէ Մշակ օրագիրն (ԺԸ. 86), և ուրիշ բառհաւաք մի

1317. Կապուտակադեղ.

Հին Բժշկարանն՝ Հոռոմի ձիթոյ հետ դեղ կարգէ լուսն իջած աչքի և այտուցի, եւ այլն

1318. Կապտախոտ.

Գուցէ Լեղակն է։ Վերիններէն զատ յիշէ Կապոյտ ծաղիկ յիշողն՝ ի նոյն կողմանս

1319. Կապպար. Կապար. Կապրացախ, Քապրցախ.

Յետին անունս հայացեալ է, եթէ առաջինն օտար է. վասն զի նոյնպէս կոչուի Ար. Քապար, արաբ., Թ. Կէպէրէ կամ Քիփրի օթի. Լ. Capparis, Փ. Câprier. համեմային հատիկներ կամ ծաղկներ բերող բոյս մի: Ամիրտ. Ար. բառով գրէ. «Կապար, որ է Հ. Կապրցախ ն. լաւն այն է, որ ի լի լինի. կտրող և նուրբ այնող է, և տերեւն զմազն կու սեւցընէ, և զակնջին զորդն սպաննէ, թէ սպեղանի առնես՝ զխոզքն (կոկորդի ուռէցք) կու հալէ, և տակն օգտէ ակռային ցաւուն, և աղածն օգտէ փայծաղան, քան զամենայն դեղերն լաւ է, և զօձն և զճիճիքն սպաննէ և ի փորուն հանէ, և թէ տերեւովն զշտերն շփես՝ տանի: Ասէ Պտ., թէ Հռ. Ֆիարիս ասէ, և ի Շիրազ Կօրաք ասեն. ինքն միրգ ունի որպէս հապ, և այլ միրգ ունի որպէս Խաղուարտ, և թէ զինքն ի գինուն կարասն ձգեն, զ’եռն խաղեցընէ, և Մաննեխն այլ զայս գործս կ’առնէ, և զգինին չի թողուր, որ եփի և գինի լինի. և լաւն տակին կեղեւն է... Ասէ Դս. (Դիոսկորիտ), թէ զիր պտուղն և զիր ճղերուն զծարերն քացխով թրջեն և աղով՝ որ կենայ, և տաս փայծղան տիրոջն, երեսուն օրն հալէ զփայծաղն, յօրն երկու դրամ տուր, և ի վերայ գինի խմէ… Լաւ թտպիրն այն է, որ զիր ճիւղն ի աղի ջուրն թրջես և փոխես շատ հեղ, և քաղցր ջրով լվանաս, և ապա ի քացախն թրջես և դնես, աղէկ լինի, մինչեւ քառասուն օր»։ 

Շատ գրոց մէջ յիշուած է Կապարն. Սողոմոնի Ժողովողի խօսքն (ԺԲ, 5). «Ծաղկեսցի Նշին, տարածեսցի Կապարն», մեկնելով մեր վարդապետաց մէկն՝ գրէ. «Զի խոտն Կապար՝ տարածանի ընդ երկիր և ոչ բարձրանայ», նոյնպէս ուրիշ մի. «Խոտ է դաշտի, որ ընդ երկրաւ տարածանի և ոչ կարէ բարձրանալ և է ժահահոտ և դառն և փշաբեր»։ Բարոյախօսք այլ, Սողոմոնի ըսածը ծերութեան նկարագիր համարելով, տարածեալ Կապար՝ կ’իմանան անոր ծաղկանց թափթըփիլը ծերոց մազերու նման, ոմանք այլ ասոնց լեզուին համ չառնուլը, զի Կապարն համեմող է։ Մխիթար Հերացի յիշէ « Կարմիր Կապարի տակ », որ է Քապարի: Վաստակոց գիրքն Կապարի յարգը կամ գործածութիւնը յայտնէ առանձին գրելով (թէ և կարճ). «Յաղագս Քապրցախի և Թրմըզի». զայս պէտք է ցանել, կ’ըսէ, իսկ «Քապրցախն հակառակ է սմա, զի ինքն ըստ ինքեան բուսանի»: Նոյնն՝ բորոտած շան դեղ գրէ (ՅԻԸ). «Թէ առնուս Քապրցախի տակ և այրես, և առնուս զմոխիրն և խոզտուով խառնես, և երբ պիտենայ՝ մոխրաջուր արա և լուա զբորն և օ՛ծ, օգտէ»: Այս յիշատակութիւններէ և նորոց այլ վկայութեամբ՝ յայտնուի Կապարի ծանօթ ըլլալն ի մեր կողմանս

1320. Կապռաշ կամ Կապրաշ. Կապռաշենի. Կաւրաշ.

Թուփ է՝ շիտակ բարձրացող, կլորակ և թանձր տերեւներով, փայտն՝ սպիտակ կամ դեղնագոյն, կեղեւն՝ կարմիր, ուսկից հանեն նարընջագոյն ներկ, որով հաւկիթ այլ ներկեն։ Գտուած տեղեաց մէկը յայտնէ բազմահմուտ Վանական Վարդապետն մեր՝ հարցընելով. «Լօքն ի՞նչ է. Կռէզ է: Թուփ կայ՝ Կապռաշենեաց չափ, ի Սասունք լինի, ուր Գազպէն իջանէ»

1321. Կապրենի.

Զայս յիշէ հին Բժշկարանն՝ ախտի մի դեղ գրելով. «Կապրենոյ զտակն կեղեւէ, և զկեղեւն չորցո և աղա, և բարակ մաղէ, և կաթն լից ի վերայ, եռցո «և խմցո»: Թուի, թէ վերոյիշեալ Կապարն է. գուցէ նոյն ըլլայ և

1322. Կապրուկ.

Որ յիշուի ի փառս Գալիենոսի, և իրեն յոյն զուգանիշ դրուի Իրէս

1323. Կառ.

Բժշկարան մի կ’ըսէ Թ. Տէֆնի եէմիշի է, այսինքն՝ Դափնոյ հատիկներն, բայց հասարակօրէն

1324. Կառ կամ Կառն.

Է վայրի Կանկառի նման փշեղէն, Լ. Carduus, և յատկաբար C. Nataոs, Փ. Cardon Թ. Ղալղան թիքէնի, ըստ Բժշկարանի միոյ՝ ցօղուն կամ ճիւղ չունեցող տեսակն կոչուի Լ. C. Acaulis. շատ մազ կամ բուրդ ունող տեսակն՝ C. Eriophorus կամ Lanսginosus, ախորժելի է գրաuտուց և պաճարաց, ինչպէս վկայէ և մեր առակախօս Վարդապետն (ԼԴ). «Խոկացեալ բուսոց թէ ո՛ արդեօք յառաջապահ մեզ կացցէ, և խրոխտացեալ Կառի և նորին նմանեաց, ասեն, թէ  մեք հարկանող գոլով՝ մեզ արժան է։ Եւ ի կարգին՝ եկեալ էշք և ուղտք կարեալ և առաթուր հարեալ՝ գօսացեալք և տարեալք ի հողմոց եղեն»: Կայ տեսակ Կառին, որոյ ճիւղերն կեղեւած կ’ուտուին: Բոլորաձեւ գլուխը կամ ծաղիկը Բազմածիղ կոչէ Բժշկարան մի, և բոլորն մէկ տեղ ըստ ձեւոյն՝ Անիւ կոչուի, ինչպէս կ’ըսէ Վարդան Վ. (Մեկն. Ծննդոց), «Անիւ կոչի փուշն, որ ի ծայրս Կառինն չորացեալ անկանի». այսոր նման է և Անիւն, զոր ասորի Վ. Դանիէլ Այաւզնուէ . 87) կոչելով ցուցուց հովէ տարուբերեալ:

Ուր որ շատ բուսած է Կառն, տեղն Կառնուտ կ’ըսուի, ինչպէս յիշէ Վաստակոց գիրքն (ՄՀԲ)։ Թէ և Կառն հասարակօրէն անասնոց ուտելի և անարգ բոյս մի համարուի, բայց բուսաբանք ընտրած և զատած են անոր այլեւայլ տեսակներ, որոցմէ վերոյիշեալ բրդոտն (Lanսginosus) նշաներ են Կարնոյ կողմերում, նոյն տեղ գտուի և C. Natans տեսակին մէկ կերպն շատ փշոտ մանր տերեւներով, բուն Հայկական կոչուած, C. N. Armenսs, նոյնպէս և ի Բաբերդ, Սպեր, Ծանախ, Մարաշ. C. Onopordioides (իշոց ախորժելին) ի Գանձակ. C. Humulosus, ի Կարին և ուրիշ կողմեր։ C. Olympicus, ի Կեսարիա կամ Առգէոս լերան ստորոտքը. C. Adpressus, ի Համշէն, C. Flavescens, յԱրտահան. C. Crispus (Գռուզ) ի Մարիէնֆէլտ Վրահայոց. C. Pycnocephalus (Կունտ գլուխ) ի Շահպուլագ Գարապաղի, Պագու, եւ այլն C. Nervosus (Ջղուտ) յԱշտարակ՝ մօտ յԷջմիածին. Argentatus, ի Պոնտոս, Միջագետք. C. Imoleus, ի Մարզուան

1325. Կառաբոյս.

Անուամբ և նմանութեամբ բոյս, այլ էութեամբ կենդանի, կամ միջասահման և միջնորդ բուսեղինաց և շնչաւորաց. անոր համար կոչուի և Կենդանաբոյս կամ Կենդանատունկ, Փ. Zoophite. Ծովային բուսաձեւ նա և ճիւղաւոր արարածք, որոց համար մեր Ս. Գրոց մեկնիչք այլ կ’ըսեն. «Ել հրաման (յԱստուծոյ) ի ջուր և յերկիր վասն կենդանեաց, սկսեալ ի Կառաբոյսս և ի Սպունգս» (Վարդան), Յայսմաւուրքն ալ (Արեգի ԺԳ). «Ետ Աստուած զնշան կենդանութեան ի Կառաբոյսս և ի Խեցեմորթս»: Իբր գրաւորական զբօսանք՝ լսենք՝ ինչ կ’ըսէ այս երկացեղ էակաց վրայօք Առաքել եպիսկոպոս Սիւնեաց՝ քեռորդին Գր. Տաթեւացւոյ, ի մեկնութեան Սահմանաց Գրոց Արիստոտելի. «Կենդանաբոյսն, այսինքն՝ Կառաբոյսն, որ ի ծովեզերքն լինի, որ բուսեալ է ի քարն և արմատացեալ է ի նմա, որ շօշափական զգայութիւն ունի, բայց անդամք և զգայարանք ոչ ունի, և յորժամ զձեռն տանին՝ թէ կտրեն, յերեսն փռթէ զջուրն և կծկի: Այս է, որ իբրեւ զչեչաքար փուշ-փուշ է, և որպէս զթոք կակուղ, զոր Սպունք ասեն, զոր Գրոց կազմողքն ունին, որ զսեկն թանան, զոր ասեն, թէ Ամպ ծերացեալ, և այլք, թէ Փրփուր ծովուն է քարացեալ, և սուտ ասեն, զի այն Կառաբոյս կենդանի է, զոր Սպունք կոչեն»

1326. Կառան.

Բժշկարանք վկայեն, որ Վայրի Փեգենա է և գրեն Ար. Զուֆայրա կամ Զուֆրի, արաբ. Ամիրտ. կ’ըսէ. «Սազապին ցեղերուն է, որ Վայրի է և գէշ հոտ  ունի, ծաղիկն դեղին է, և թէ զտերեւն ծեծեն և խմեն՝ օգտէ ակռացաւութեան և Ըռիպ ջերմանն և լերդացաւութեան»: Ուրիշ մի հայ անւամբն հանդերձ գրէ. «Զուֆայրա՝ որ է Կառան, և է ինքն նման Սազապի կերպովն և զօրութիւնովն, և այլ կոչի Ֆաթֆս ?, որ է Վայրի Սազապն, և ունի վատ հոտ, թվի թէ Մաշմ ն խոտն է»։ Այս վատ հոտին համար՝ Ծանրահոտ կոչի Լ. Ruta graveolens. Փ. Rue fétide. Արաբացի անունն կերպ-կերպ գրուի և այլեւայլ նշանակութիւն ունի. Ամիրտ. Զուֆրի գրէ Կառանի համար, իսկ Զուֆայրա կոչէ՝ աղէկ զանազանելով, ուրիշ տեսակ բոյս մի, զոր յիշենք Չ տառիւ։ 

1327. Կառշուկ.

Վարսակ նշանակէ. յիշողն՝ անյայտ

1328. Կասբ ?

Բժշկարան մի փորացաւի դեղ գրէ։ Ա՛ռ Վարդ և Կասբ, միատեղ եփէ։ 

1329. 1330. Կասիա.

Այլ և այլ նշանակութիւններ ունի, որոց գլխաւորն է Ս. Գրոց մէջ ստէպ յիշուածն, որ անոնց բնագրին (Եբրայական Քէծիօթ ) բառէն առնուած է, որով կոչեն և Յ. Κασία, Լ. Cassia, Փ. Casse, որ, ըստ միոյ գրչաց մերոց, «Ազգ մի ծաղիկ է դեղին, ի ծառն բուսնի, և հոտն Ամպերի է», բայց Ս. Գրոց յիշեալն Դարիճենիկն է (տե՛ս թ. 561), արեւելեան Հնդկաց բոյս և հոտոյն համար փափկութեան նիւթ մի: Հիմայ սովորաբար յարեւմուտս Կասիա կոչուի, առ մեզ Կակժիրակ կոչուածն (տե՛ս թ. 561), թէ և այսոր այլեւայլ նշանակութիւնք տրուած են, և է յարեւելս Ար. և Թ. Խիար շէմպէ կամ Խիար շանպար արաբ. կոչուածն, զոր և Հնդկաց Խառնուպ կոչեն, այն տեղէն գալուն և եղջիւրաձեւ պտղոցն համար. դեղոց և գործածութեան մէջ շատ կարեւոր և պիտանի նիւթ մ’է. «Ինքն ի Քապիլ և ի Պասրա և ի Հնդուստան կու լինի՝ ըստ մեր Ամասիացւոյն. լաւն այն է, որ սեւ և հասուն լինի և մեղրով լինի, հալող և կակղացընող է, զփորուն ուռէցնին տանի և բանայ», եւ այլն։ 

1331. *Կասիմոն.

Կասիայի նման կամ նոյն բուսեղէն մի գուշակուի, վասն զի Դարիսենիկի հետ յիշելով Խորեն. աշխարհագրութիւնն ի Ճենաստան, կ’ըսէ. «Եւ Կասիմոն ի Կասիա լեռնէ»։ 

1332. Կասլա.

Այս է հասարակօրէն Դափնի կոչուած մշտադալար և առասպելայիշատակ ծառն, յոյն բառիւ, ինչպէս յիշած եմք . 567), նոյնպէս Եզրեղի կոչուիլն այլ . 621). կոչուի եւս ի մեր լեզու՝ Սարդենի, Շար և Հոփի. մեր երկրին կլիմային ընդունակ չըլլալով՝ զարմանք է, որ այսչափ անուններ ստացեր է առ մեզ. գուցէ այլ և այլ նահանգաց բնակիչք, տեսնելով զայն ի Յունաստան կամ ի Փ. Ասիա, իրենց հողուն մէկ ծանօթ ծառոյ անուամբ կոչեր են։ Լ. Laurus, Փ. Laurier, Թ. Տէֆնէ. Ռ. Лавръ. Ար. Ղար, արաբ., որով ստորագրէ Ամիրտ. «Ղար, որ Ֆռ. Լայուրի ասէ, և Հ. Կասլայ ասէ, և Հոռ. Տաֆնի ասէ, և Դարսենի այլ կ’ասեն, և իր պտուղն սեւ հատկներ է... ամենայն մահացու դեղոց թիրեաք է և կարճահարի... և թէ ծեծեն և սպեղանի առնեն և օծեն այն տեղացն վերայ, որ մեղուն է խայթել, օգտէ, և թէ հացով կամ ալուրով սպեղանի առնես և դնես ի վերայ տաք ուռէցին, օգտէ... և թէ ի տերեւէն մէկ կտոր կտրես և ի գետինն չի ձգես, և ակընջին յետեւն կպցընես, քանի որ գինի խմէ՝ չի հարբենայ մարդն (զգո՛յշ կաց): Եւ թէ ի փայտէն մէկ կտորիկ ի տղակներուն յորոցքն կապես, չի կանչեր, և ի քուն լինի։ Եւ թէ ի ջուրն թրջեն և զան ջուրն ի տունն ցանեն, ճանճերն փախչին։ Եւ թէ զտերեւն քացխով եփես և ի բերանդ բռնես, օգտէ ակռային ցաւուն»: Հին Բժշկարանն այլ գրէ. «Պտուղն նորա ջերմին է, քան զտերեւն, թէ աղաս զնա և մեղրով խառնես և տաս (այնոր), որ ելունդ կայ ի փորն կամ թառանչ, կամ ի կործքն մաղաս, օգտէ։ Որ գինով խմէ՝ զպիսակն սրբէ։ Ձէթն դորա խառնել ընդ վարդեղ և ընդ հին գինի և յականջ ածել, օգտէ, որ վատ լսէ, և յամենայն տաք օծանելիք աղէկ է խառնել զդա, և կեղեւն ծառին դորա տալ, որոց քար է ի փաղաբշտին, փշրէ, և լերդացաւի օգնէ»։ Դաշմուզտայ ՝ Կասլայի պտուղ», գրէ Հին Բժշկարանն. ի՞նչ լեզուով ? յիշեն ուրիշներն այլ՝ Եզրեղի պտուղ և Շարի պտուղ կոչելով, որ Լ. Bacchæ Lauri. Ասկէ տարբեր է՝ 

1333. Կասլապտուղ.

Ձիթենւոյ տեսակ մի, որոց պտուղն «Կասլայի պտղոյն է նման և յայն ձեւն է»՝ ըստ Գրոց Վաստակոց (ՄՀԸ)։ 

1334. Կասլիկ.

Գուցէ Կասլա անուան նուազականն ըլլայ: Վանական Վարդապետն է յիշողն, թթու Նուռն անուշցընելու համար գործածուած. «Փայտն, որ յարմատ թթու Նռան հարկանեն, որ քաղցրանայ, կէսք Կասլիկ ասեն, ա՛յլ կայ, Տաճիկն Կասափ ասէ, բայց Մրտին է»։ Անծանօթ է ինձ Ար. Կաuափն, եթէ չէ Ղասապ, որ է Եղէգն Վաստակոց Գիրքն (ՄԼԸ) Նռնենւոյ ծակին զարնելու փայտը կամ ցիցը, ինչպէս կ’ըսէ, Սոնոպրի կամ Գէր Մարխ ցուցընէ

1335. Կասկ.

Երկու նշանակութիւն ունի բառս. մին՝ «Գարի կամ Գարեջուր», զի այսպէս մեկնէ լուծողն Եւագրի բանից. «Սակաւ մի Կասկ ընդ արմաւաջուր խառնեալ»։ Միւսն 

1336. Կասկ. Կասկենի.

Պտուղ մ’է, զոր Թովմաս Վ. յիշէ Կիլիկիոյ յատուկ պտղոց հետ. գուցէ ըլլայ Կաuտանայն, բայց բժշկարար պտղոց կարգին յիշուի, իսկ Մխ. Գոշ կ’ըսէ յառակս (ԻԳ), թէ անուշ Նշենին, իր անհարազատ եղբօր դառնութենէն նեղուած, «արար իւր բարեկամ և եղբայր զԿասկենին՝ բարոյակից զնա գտեալ ըստ երկուց որակաց (ո՞րք են), և ի բազմաց մեղադրեալ՝ ասաց. Որ ըստ կամաց իմոց է՝ նա է իմ եղբայր: Եւ ոչ ոք կարաց ասել նմա ինչ»

1337. Կասկած.

Զոր ուրիշ օրինակ գրոց (բժշկարան) Կարկաժ գրէ, և յիշուի տերեւն՝ Կասկածի տերեւ. և է Սատէճն Հընդի, Լ. Malabathrum. Ըստ Ամիրտ. ՝ «Սատէճ, արաբ., որ է Սատէճ Հնդին՝ ի Հնդկաց կու գայ, և լաւն այն է, որ հոտն սուր լինի... Ասէ Պտ., թէ. այն որ Հնդի է՝ Մահիստան կու ասեն, և Մալաշրուն այլ կու ասեն, և Մալա(պա)թրուն այլ կու ասեն: Ինքն տերեւ է, նման է Ընկըզի տերեւին, և ի ջրի յերեսն կու լինի, և ինքն տակ ունի որպէս Ոսբան, որ ի ջուրն կու բուսնի, և լաւն այն է, որ թաժայ լինի, և մէկ երեսն ի դեղնութիւն քշտէ, և այն, որ հոտն ուժով է և գոյնն սեւ է, որպէս Ղարանֆիլին գունով, և իր խասիաթն այն է, որ թէ ծեծես և ի վերայ հալաւին ցանես, զոջիլն սպանանէ, և թէ ի լեզուին ներքեւն դնես, զբերնին համն անուշ առնէ, և զակռատակերն ամրացընէ»

1338. Կասկամոն կամ Կաստամոն.

Յայտ է յունական ձայն անուանն, բայց ինչ ըլլալն ոչ նոյնպէս. Պիսիդեայ քերդուածէն առնըլով՝ յիշէ Վարդան Վ., թէ Նոխազ, զԿաստամոն ուտելով, բժշկի։ 

1339. Կաստանայ. Կաստանոն.

Յունական բառ է ծանօթ համանուն պտղոյն, որով կոչուի նա եւ Թ. որպէս և Շաբալութ կամ Շահբալութ. և թէպէտ Խորեն. աշխարհ. Կաստանոն անուամբ յիշէ ի Տուրուբերան Հայոց, այլ հայերէն ընտիր անունն համարուի Մաշկամիրգ. տե՛ս զայս

1340. Կատաղի.

Այս բառիս բացատրութիւնը տե՛ս ի Նշօշ ։ Խոտաջրեցիք այլ կու ճանչնան Կատղենի բոյս մի, բայց տարբեր պիտի ըլլայ

1341. Կատատուկ. Տե՛ս Կտատեակ:

1342. Կատաւան.

Գալիենոսի բառից մէջ գտուի այս՝ նշանակութեամբ Զուիրակի . 72)

1343. Կատղած շան խոտ.

Այսպէս կոչուած է Վառվռուկն. տե՛ս զայս

1344. Կատուախաղող.

Նոյն որ ինչ Շնախաղողն. տե՛ս զայս, այլ և Պապկէպլոր

1345. Կատուակ խոտ.

Հին Բժշկարանն պատուիրէ դեղ «Մամացի, զ Կատուակ խոտն հա՛ն, և հաւով եփէ քաջ, որ զոսկերքն դգալով հանես, և ձգէ՛ ի ներս Աղբղբըկի . 52) ունտ, և ուտէ յանօթից»: Հաւանօրէն է Վայրի Դաղձ մի, Լ. Nepeta Cateria, Փ. Chataire. Փռանկք՝ Կատուախոտ Herbe aux chats, կ’անուանեն Ծովային Զարօշը

1346. Կատուականջ.

Բժշկական Բառգիրք մի այսոր զուգած է Ար. Ադանալփար, այսինքն՝ Էզան ըլ-ֆար, որ է Մկնականջ, իսկ Կատուականջն է ըստ Ամիրտ. Ար. « Ազան ըլ-զըթ, որ է Քէտի ղուլակի, որ է Զրաւանտի մուտահրաճին խոտն, որ Զրավանտ մուտավար կ’ասեն, և Չիկ թիրեաք և Ղազմա թիրեաք. օգտէ օձահարին»։ Մուտավար և Մուտահրաճ արաբ. նշանակեն կլորած տեսակն Զրեւանդի, զոր և Էգ Զրեւանդ կոչեն. (տե՛ս թ. 778)։ 

1347. Կատուակծկունծ. Տե՛ս Կատուի դեղ ։

1348. Կատուահատ.

Հում կամ եփած՝ յիշուի ի Բժշկարանս. թուի Կտաւահատն։ 

1349. Կատուելիշ ?

Անպիտան խոտ մի կոչուի, ի կողմանս Սեբաստիոյ, բայց անունն ստուգելի:

1350. Կատուի դեղ. Կատուի խոտ. Կատուակծկունծ.

Թէ և ռամկական բառ է, բայց աւելի հայկական համազգային, քան զ Փու կամ Ֆու, որ օտար է, և Ար. այլ արաբ. և է բժշկութեան կամ դեղագործութեան մէջ ծանօթ բոյսն Լ. Valeriana, Փ. Valériane, Ռ. Булдырьяхъ և ըստ Պէյթ. և Ամիրտ. «Է Վայրի Սնպուլ. մանր տակեր է՝ անուշահոտ որպէս Սմպուլ, և լաւն այն է, որ նոր լինի, և հոտն սուր լինի... Իպն ասէ, թէ տերեւն նման է Գարաւիսի տերեւին և այլ մեծ, և որձան կանգուն մի է, և այլ երկայն և կոկ լինի, և գոյնն նման է Ֆիրի ? և այն, որ խիստ hաստ լինի և հաստութիւնն քան ճկըթի մի չափ է, և տակն անուշահոտ է, և ուժն որպէս Սնպուլ է»։ Շատ տեսակներ ունի այս բոյսս, յորոց յիշուին Valer. Alliariæfolia, յայլեւայլ կողմանս արեւմտեան և Փ. Հայոց. V. Alpestris ի Պոնտոս և ի կողմանս Կարնոյ. V. Phu ի Ռ-Հ. V. Sisymbriifolia ի Կարին, Պինկէօլ Գարապաղ։ V. Officinalis, ի Կարին, Բաբերդ, եւ այլն. V. Dioscoritis, ի Ծանախ. V. Leucophæa ի Պինկէօլ, Պայէզիտ, Նախճաւան: Դարձեալ այլ և այլ տեսակք անզանազանք յիշուին յԵրասխայ հովտին, ի Շիրակ, Վանանդ, յԷջմիածին, Կոտայք, Կողբ, Խաղտիք։ 



[1]     Հասարակաց ծանօթ է այս, և իբրև առակ յիշուին մէկտեղ Սոխ և Սխտոր. այս զարմանք չէ, և ոչ այլ Հրէից Եգիպտոսի անոյշ Սոխերը յիշելով՝ փափագելնին նորէն դառնալու հօն. այլ զարմանք է Եգիպտացւոց աստուածային իմն համարելն և երդնուլն ի Սոխ և Սխտոր, որոյ համար լատին բանաստեղծն Յուբենալ ծաղրելով ըսած է.

«Ո՜վ սուրբ ազանց՝ որոց պարտէզ

Բուսուցանէ աստուածս այսպէս»:

[2]     Պլին. Բնախօսութիւն. ԺԵ, ԺԲ. Ab extrema gente Armeniaca, quæ sola et odore commendatur.

[3] Թուի Շէրէֆ էտտին իպն էլ-Ռահապի գիտնական բժիշկն, որ Սինայի որդւոյն գրոց լաւ ծանօթութիւններ գրած է։

[4] Աստի մեր Բ Կոստանդին կաթողիկոսն Կեսարացի՝ կոչուած է Պրօնագործ:

[5]     Թերեւս դաքտիլոն պէտք էր գրել, որ յունարէն մատ նշանակէ, δάχτυλος, և միւս (Կապնիոս) բառին հետ՝ ճիշտ մեր Այգուամատնի ըսուածին զուգուի: