Հայ գրականութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը. ԴԱՍ
ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Արտուճի [1] թփերով պատած մի շրջանի [2] մէջտեղում, արմատախիլ փշերի դէզով կազմել էին մեծ խարոյկ եւ նրա շուրջը թափուել, ընկել էին գաղթականները:

Մօտ երեսուն հոգի էին, կին, տղամարդ, մանուկներ, բոլորը` խղճալի, պատառատուն հագուստով, գրեթէ ոտաբոպիկ [3] եւ գլխաբաց։ Տղամարդկանց [4] վրայի բաճկոնները կտրտուած, բացուած ամէն կողմից, ցեխոտ ու աղտոտ:

Կանանց հագուստն էր՝ միակ երկար պարեգօտ [5] մը որ ծակոտիներովը ցնցոտի էր եղել, եւ ցրտի առջեւ պարզում էր մերկ անդամներ։ Էլ ձեռք չէր մնացեր առանց կապտուելու [6], ուռելու, կարկամելու [7]: Փչում էին ձեռքերի մէջ, ոտները վեր-վար /34/ անում ձիւնի վրայ կանգնած, շփում էին ականջները, քթերից ծորում էր [8], աչքերից հոսում…։

Հաւաքուել, ընկել էին խարոյկի շուրջը: Ոմանք փռուել, մէջքը կրակին էին տուել: Քունը ընկճել էր կանանց եւ մանուկներին։ Որդիք իրենց ծնողների գրկում կուչ էին եկել [9], եւ այդպէս կոյտ–կոյտ, միմեանց գալարուած՝ պարզուել էին ցեխի ջրի մէջ, որ գոյացել էր կրակի դէմ հալւող ձիւնից:

Լսում էին երբեմն խուլ [10], խոր հառաչներ ու գանգատներ.

Օ՜, ի՛նչ ցուրտ է, ինչ ցուրտ:

Քաղցա՜ծ եմ, մայրիկ:

Եաման [11] Աստուած, կանչում էր մի կին, հոգիս ա՛ռ՝ պրծէր…։

Որդին էր որ տանջում էր նրան, կրկնապատկում վիշտը: Փոքրիկ արարածի ձայնը կտրուել էր, բայց նա բերանը մօրը ուսին կպցրած՝ կոկորդից խուլ, խռչոտ [12] աղաղակներ էր արձակում, որ ով գիտէ, գուցէ վերջին շունչն էր:

Տէր Աստուած… մռմռում էր մի տղամարդ, մեր մեղքն ի՛նչ էր որ այս օրին էլ հասցրիր…։

Կրակի շուրջը նստոտած հինգ վեց տղամարդիկ չէին քնել, կուչ եկել էին եւ պպզել [13]. առուակներ էին վազում նրանց տակից. ցուրտը սառեցնում էր նրանց մէջքը:

Չէին քնել. աշխատում էին արթուն մնալ: Նրանցից մեկը՝ մի ծերունի, ցուպը գոգին ու գլուխը ծնկներին կռթնեցրած, խօսում էր յոգնած ձայնով: Լսում էին, բայց ոյժ տալով խօսում էր ծերունին, բայց որքա՞ն ակամայ, որքա՞ն ուժասպառ.. ։

 

(Հատուած մը ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ անտիպ վէպից)

ՎՐԹԱՆԷՍ ՓԱՓԱԶԵԱՆ [14]

 

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Կարաւան մը։

1. Մասնաւորել (մարդ, կենդանի, զինուորական արշաւախումբ, գաղթական, նահանջողներ: Ամէնուդ տրուած Է հանդիսատես ըլլալ այս տեսարաններէն մէկուն։ Վերյիշել զայն, կենալով՝ 1. Արտաքին պայմաններուն վրայ (տեղ, դիրք, օդ, հալածանք, անփոյթ յառաջխաղացք որն ալ ըլլայ, կը բաւէ, որ իրականութիւն ըլլայ)։ 2. Հոգեկան վիճակներու վրայ (ասիկա սերտօրէն կապ է արտաքին ազդակներուն)։ 3. Ընդհանուր տարողութեամբ իրողութեանց վրայ (ջուրի պակաս, հացի պակաս, ահ (panique), յոգնութիւն, փոշի, յուսալքում, յոյս, փրկութիւն, կորուստ: Այս ամէնը միանալով կը կազմեն ձեր կարաւանին հոգին)։ 4. Մասնաւոր դիտողութեանց վրայ (ինչ որ տեսած էք միայն դուք, մասնաւորաբար ձեր ներսէն)։

2. Կեդրոնանալ (ներկայացնել կարաւանը իր ամէնէն վճռական ընդլայնումին մէջ, երբ անիկա դէպքերուն բերումովը իր ճակատը կը պարզէ լիովին։

3. Վերջացնել (վերադարձ մը ներկային։ Բարեխառնել անցեալին այդ ոգեկոչումը արդի իրականութեամբ)։



[1]       Արտուճ (թուրքերէն) = մշտադալար տունկ, սուր ու մանր, փշաձեւ տերեւներով։ Կ՚ախորժի ժայռուտ գետինները, թուփեր կազմելով աւելի, քան անջատ ծառեր (դէպի հարաւ կը հասնի մեծ բարձրութեան)։ Պտուղները՝ կլոր, սիսեռի մեծութեամբ, կարմիր ռետնային հիւթ մը կը պարունակեն: Փայտը նմանապէս ռետնային։

[2]       Շրջան = հոս գործածուած է շրջանակի իմաստով։

[3]       Ոտաբոպիկ = բոկ, բոկոտն, բոպիկ:

[4]       Տղամարդ = երիտասարդ։ Արեւմտահայերը ունին աւելի ընդհանուր բառ մը էրիկմարդ:

[5]       Պարեգօտ = պար՝ մասնիկ մը, կը նշանակէ շուրջ: Պարեգoտ՝ զգեստ  մը որ մարմինը կը շրջապատէ, շուրջանակի կլոր մը ստեղծելով ոտքերուն վերեւ։ Հիներուն մէջ՝ ներքնազգեստ:

[6]       Կապտուիլ = կապուտնալ։

[7]       Կարկամիլ = կծկուիլ, քաշուիլ։

[8]       Ծորում էր = ենթական՝ լռելեայն, շոգին` որ քիթէն ելած պահուն հեղուկի կը վերածուի ու կը ծորի պուտ պուտ:

[9]       Կուչ գալ = կծկտիլ։

[10]     Խուլ = ա. Չլսող՝ բ. Ամբողջ կամ մասով հնչականութիւնը կորսնցուցած, գ. Անգութ։

[11]     Եաման = ամա՜ն (թրքերէն)։ Արեւելահայերը օտար բառեր կ՚ընդունին լեզուին մէջ, արդարացնելով զիրենք հարազատութեան, ժողովրդական մնալու մտահոգութիւններով։

[12]     Խռչոտ = ունինք խռպոտը՝ համիմաստ։

[13]     Պպզիլ = կծկտիլ ծունկերուն վրայ, մինչեւ կէս մէջքը։

[14]     ՎՐԹԱՆԷՍ ՓԱՓԱԶԵԱՆ։ Արեւմտահայ ծագումով բայց արտայայտութեամբ ու գործով Արեւելահայ գրագէտ։ Արտադրած է ամէն ուղղութեամբ։ Հէքեաթներ, վէպեր, պատմուածքներ, ուսումնասիրութիւններ, մանկական գրականութիւն, հրապարակագրութիւն, բոլորն ալ փորձուած են իրմէ։ Ոչ մէկ սեռի մէջ անոր չտրուեցաւ կատարեալ գործ մը ձգելու բախտը: Ոճը պարզ է եւ տժգոյն։