Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Արդէն ծանօթացանք Աղուանից երկրի բնակչաց, ազգութեանց եւ կրօնական կենաց, այժմ ծանօթանանք քաղաքական կենաց: Թէպետ քաղաքական գործերն ամենամեծ մասամբ թաղուած են անյայտութեան մէջ, սակայն համառօտ դասաւորում ենք` ինչ որ կարողացանք ձեռք բերել պատմութիւններից:

Աբրահամ նահապետն ԺԱ. ծնունդն էր Սեմից, իսկ Հայկազն Սիսակն` Ժ. ծնունդ Յաբեթից` ըստ Խորենացուն [1]   Մովսիսի օրով, Քրիստոսից մօտ 1600 տարի առաջ, Հրէից ժողովրդեան թիւն անցնում էր միլիօնից` արական եւ իգական միասին հաշուելով [2]: Այս աճումն եղած էր միայն 350 տարուայ միջոցում: Ենթադրում է հարցասէր միտքն, թէ այսչափ բազմացած լինելու էր եւ Սիսակի ցեղն նոյնչափ միջոցում :

Խորենացին, հետեւելով ս. Գրոց ոճին, Գունդ [3] է անուանում Սիսակի ցեղը. «Մոռացումն եղեւ մեզ յառաջին Մատենին յիշատակել զգունդն Սիսական, որ ժառանգեաց զդաշտն Աղուանից եւ զլեռնակողմն նորին դաշտի»(Խոր., Բ գիրք, Ը գլ. ):

Ա. Մօտ 1828 տարի Քրիստոսից առաջ Հայկազն Արամ նահապետը նուաճում է արեւելեան կողմերը (իմանալու է եւ Աղուանից երկիրը) եւ կարգում նուաճեալ ցեղերի վերայ իշխաններ Սիսական ցեղից (Խոր. Ա. գիրք ԻԴ. գլ. ):

Երկրորդ. Հայկազն` Տիգրան Երուանդեան, Փրկչից մօտ 550 տարի առաջ, Մարաց Աժդահակի դէմ պատերազմելու համար, հայ զօրաց հետ տանում է նաեւ վրաց եւ աղուանից «ընտիր զօրքերը» (Խոր. Ա. գիրք ԻԹ. գլ. ): Այս խօսքերից երեւում է նախ, որ Աղուանք հպատակ էին հայոց թագաւորութեան` սկսեալ Արամի օրից. եւ երկրորդ, որ Աղուանք ունեցած են ընտիր զօրք:

Երրորդ. հայոց Վաղարշակ թագաւորից կարգուում է կուսակալ Սիսական Առանն Աղուանից երկրի վերայ [4]: Ակներեւ է, որ Վաղարշակ թագաւորն` հետեւելով Արամի կարգադրութեան, վերստին յատկացնում է կուսակալութեան իրաւունքը Սիսակի ցեղին-Առանին: Կաղանկատուացին ընդարձակելով Խորենացու խօսքերը, գրում է. «Վաղարշակ արքայ հայոց, որ ի կարգել իւրում զհիւսիսայինսն` կոչեաց զվայրենի եկամուտ [5] ազգս, որ ի դաշտէն հիւսիսոյ (Վատնեան դաշտ) կամ որ զստորոտով Կովկասու, կամ որ ի հովիտս եւ ի խորաձորս զհարաւով մինչեւ ցմուտս դաշտին: Պատուէր առնէր` զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն թողուլ եւ հարկաց արքունի հնազանդ կալ: Ապա կարգեաց նոցա առաջնորդս եւ վերակացուս, յորոց գլխաւոր ոմն ի Սիսական տոհմէ Յաբեթական ծննդոց կարգի հրամանաւ Վաղարշակայ` Առան անուն, որ ժառանգաց զդաշտս եւ զլերինս Աղուանից»: [6] Յայտնի է, որ Առան անուանի էր եւ ամեն մտաւոր եւ հանճարեղ գործով առաջին մարդ: Բայց յայտնի չէ, թէ քանի՞ տարի վարեց կուսակալութեան պաշտօնը, ո՞վ յաջորդեց Առանին, քանի՞ կուսակալներ տեղակալեցին եւ ի՞նչ յատկութեան տէր մարդիկ էին: Բազմաշխատ Կ. Վ. Շահնազարեան (յառաջ. պատ. Աղուան. եր. 65-66) առնելով Հռով. պատմութիւնից, գրում է, թէ Հռովմայեցւոց Պոմպէոս զօրավարն 60-70 տարի Քրիստոսից առաջ սաստիկ պատերազմում է Աղուանից զօրաց հետ, բայց չկարողանալով յաղթել, կանգնեցնում է սահմանապահ լէգէոն:

Երբ զօրանում է Պարսկաստանի Արշակունեան թագաւորութիւնն, ապա հետզհետէ ծնում է Արշակունի թագաւորներ եւ թագաւորութիւններ Հայաստանում եւ Բագտրիայում եւ Աղուանքում եւ Վրաստանում: Դժուարին է գտնել Աղուանից թագաւորութեան ծննդեան տարեթիւը: Այսչափ միայն յայտնի է, որ փրկչական Ա. դարում Աղուանից մայրաքաղաքն էր Չողայ, ուր եւ նստում էր Աղուանից Արշակունի թագաւորն [7]: Աղուանից թագաւորութիւնն ծնւում է Ա Քաջն-Վաչականով [8] եւ վախճանւում Բարեպաշտ-Վաչական [9] Գ-ով Է. դարի առաջին քառորդում: Ահա թագաւորաց անուններն.

Քաջն-Վաչական Ա.

Վաչէ Ա.

Ուռնայր -    քրիստոնեայ

Վաչական Բ. »

Մրհաւան        »

Սատոյ                         » 

Ասայ    Քրիստոնեայ

Եսուաղէն       »

Վաչէ Բ.                        »

Վաչական Գ. »

Որպէս կանխաւ յայտնած ենք, Աղուանք Գ. դարից սկսեալ մինչեւ Ը. դարն ունեցած են եւ նախարարութիւն:

Վաչականեան թագաւորութեան անկումից յետոյ Աղուանից երկրի վերայ իշխում են Սասանեան Միհրան եւ իւր յետագայ սերունդն մինչեւ Թ. դարն, որոց ամենամեծ մասն եղած է քրիստոնեայ (ընդունած են հայադաւան քրիստոնէութիւն):

Ժ. դարում յարութիւն է առնում Աղուանից թագաւորութիւնն Համամ իշխանով:

Համամ թագաւոր (Ստ. Օրբել. ԾԵ. գլ. Մով. Կաղ. եր. 269)

Ատրներսեհ» (Յով. կաթ. եր. 273):

Փիլիպպոս կամ Փիլիպէ (Մատ. Ուր. եր. 4 եւ 279):

Սենեքերիմ (Մով. Կաղ. եր. 273 եւ Ստ. Օրբէլ ԿԱ. գլ. ):

Գրիգոր, որդի Սենեքերիմայ (Մատ. Ուր. եր. 279):

Կրկին անգամ յաւիտեան մեռնում է թագաւորութիւնն եւ թաղւում Գրիգոր թագաւորի գերեզմանում ԺԲ. դարում:

Այնուհետեւ Աղուանից երկիրն դարձեալ կառավարւում է իշխաններով:

ԺԵ. դարում Ջհան-Շահի հրամանաւ իշխանութիւնն փոխւում է մելիքութեան: Մելիքութիւնն մաքառելով` ըստ կարելւոյն, ամեն խոչնդոտների դէմ, պահպանում է իւր գոյութիւնը մինչեւ 1830 թիւն եւ ապա մեռնում:

Ոչ մի երկիր ենթակայ եղած չէ վերջին աստիճան ճնշման, սրածութեան, արիւնահեղութեան, սովի եւ գերեվարութեան, որքան Աղուանից երկիրն: Աղուանից երկիրն, լինելով հիւսիսից հարաւ եւ հարաւից հիւսիս անցուդարձ անելու միակ ճանապարհն կամ դուռն, բազմիցս ոտնակոխ է լինում յաճախակի անցուդարձ անող բռնաւորների հրոսակներից` մանաւանդ քրիստոնէութիւնը ընդունելուց յետոյ:

Փրկչական Ա. դարում Ալանները` միացնելով իւրեանց հետ բոլոր լեռնականները, հեղեղի նման խուժում են Դարբանդի դռնից եւ ոտնակոխ անում Աղուանից երկիրը: Միայն Արտաշէսի հուժկու սուրը տանում է յաղթութեան փառքը եւ յետ մղում հրոսակները [10]

Բ. դարում նոյն դռնից արշաւում են Խազրաց եւ Բասլաց միաբանեալ զօրքն եւ մարախի նման ծածկում Աղուանից երկիրը: Հասնում է հայոց Վաղարշ թագաւորն եւ ազատում երկիրը եւ կոտորելով հալածում նոյն դռնից [11]

Գ. դարում ներս են յորդում նոյն լեռնականներն եւ հեղեղի պէս աւերմամբ ողողում Աղուանից երկիրը: Դիմաւորում է իւր զօրքով Մեծն-Տրդատ եւ հալածում մինչեւ իւրեանց բնակած լեռները [12]:

Ե. դարում Աղուանից երկիրն ընկնում է հրապաշտ պարսից իշխանութեան ներքեւ, աւերւում է երկիրն, քանդւում են եկեղեցիքն, նահատակւում են բազմաթիւ եւ հաստատահաւատ քրիստոնեայք եւ ակամայ ընդունում հրապաշտութիւն թուլահաւատ ժողովրդականք:

Ե. դարում Հոնք, Զ. եւ Է. դարում Խազիրք լցւում են Աղուանից գաւառները. կողոպտում, կեղեքում, գերեվարում, այրում եկեղեցիները եւ մատենագրութիւնները, աւերում երկիրը եւ նահատակում շատ մարդիկ [13]:

Ը. դարում Աղուանից երկրին տիրում են Արաբացիք, գործ դնում մոլեռանդութեամբ սուր եւ տանջանք, շատերին բռնի ընդունել տալիս մահմետականութիւն եւ նահատակում չընդունողներից շատերը եւ Աղուանից իշխանները: Մանաւանդ Բուղա հրէշը լուանում է արիւնով երկիրը եւ բազմաթիւ Խազիրներ տեղափոխում եւ բնակեցնում Աղուանից Քուստի գաւառում, որի պատճառաւ այժմ կոչւում է Ղազախ այս գաւառը [14]:

ԺԱ. դարում Աղուանից երկիրն ընկնում է Սելճուկեան տիրապետութեան ներքեւ. ԺԳ. դարում թաթարաց եւ ԺԴ-ԺԵ. դարում Լանկ-Թամուրեան եւ Ջհան-Շահեան արշաւանաց: Խիստ դժուարին է պատկերացնել այստեղ այն սոսկալի սպանութիւնները եւ բազմաթիւ գերեվարութիւնները եւ աւերմունքները, զորս կրեց Աղուանից քրիստոնեայ ժողովուրդն այդ արշաւող բռնաւորներից: Ցանկացողներն թող բարեհաճին ականել Մով. Կաղ., Յովհ. Կաթ., Կիր. Գանձ., Թով. Մեծոբեցու պատմութիւնները:

ԺԷ. -ԺԸ. դարում Օսմանցւոց եւ Պարսից պատերազմավայր է դառնում Աղուանից երկիրն. երկու սրերի մէջ են մնում ողորմելի բնակիչները եւ մեծապէս վնասւում թէ կեանքով եւ թէ գոյքով:

ԺԸ. դարի երկրորդ քառորդում արշաւում է Նադր-Շահն Աղուանից երկիրն, կործանում Շամախի քաղաքն եւ դատարկում շատ գիւղեր եւ 700, 000 գերի հայեր եւ վրացիներ տանում Պարսկաստան [15]:

1712 եւ 1722 թուականներում լէկզիներն եւ խազիրներն յարշակւում են Շամախու, Շաքուայ, Արցախի եւ Գանձակի գաւառների վերայ, կողոպտում, կոտորում, կրակում բնակութիւնները եւ շատ հայեր գերելով փոխադրում իւրեանց երկիրներն (Եսայ. կաթ. եր. 23-26 եւ 35-40): 1796-1826 տեղի են ունենում երկրումս ռուս-պարսկական պատերազմներն, վերջապէս ռուսաց տիրապետութեան ներքեւ է ընկնում Աղուանից երկիրն: Այսչափ սպանութիւններն եւ գերեվարութիւնները դատարկում են խղճալի Աղուանից երկիրը, եւ հաւատափոխութիւններն նուազեցնում են ճռաքաղ եղածների թիւը: Աւերւում են եկեղեցիները, քայքայւում վանքերը եւ հետզհետէ իսպառ նուազում ուսումն ու ուսումնականութիւնը:

 



[1]                Խոր. Ա. գիրք Ե. եւ ԺԲ գլ.:

[2]                Թուոց Ա. 45_46. Գ. 39 եւ Ելից ԼԲ. 28:

[3]                Թուոց Գ. 18, 19, 20, 33 եւ այլն:

[4]                Խոր. Բ. գիրք Ը. գլ.:

[5]                Կարդացողն անշուշտ ըմբռնեց, որ «եկամուտ ազգերն» էին Կազպք, Լփնիք, Ճիղբք, Մազքութք եւ Եռանկիւնու մէջ բնակող ցեղերն:

[6]                Մով. Կաղ. եր. 6_7:

[7]                Մով. Կաղ. Ա. հատ. Զ. գլ. եւ Բ. հատ. ԼԹ. գլ.:

[8]                Մով. Կաղ. եր. 32_33:

[9]                Զարմանալի է, որ Կաղանկադուացին գրած չէ գովելի թագաւորիս մահը եւ թաղումը: Ստեփ. Օրբէլեան ԽԵ. գլ. գրում է. «ի դրան եկեղեցւոյն (Վահանայ Վանուցն) վիմարդեան մահարձանօք յորում հանգուցեալ կան ի շիրմի բազում թագաւորք եւ թագուհիք Աղուանից եւ Բաղաց»: Իսկ ԻԱ. գլխի վերջերում գրած է. «Ապա մեռան ի Բարկուշատ թագաւորն Վաչական եւ Աբլ_Աբաս (փեսայ իւր)»:

[10]              Խոր. Բ. Գիրք. Ծ. գլ.:

[11]              Խոր. Բ. գիրք. ԿԵ. գլ.:

[12]              Խոր. Բ. գիրք. ՁԵ. գլ.:

[13]              Մով. Կաղ. եր. 73_78, 91 եւ 104_129:

[14]              Տես Կ. Վ. Շահնազարեան յառաջ. պատ. Աղուանից:

[15]              Աբր. Կրետ. եր. 58