Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԻԼՎԱՐ

 

Շնորհակալութեամբ հրաժեշտ տուինք եւ հեռացանք Թալաբուց, որ Ճղբաց երկրումն է, բայց բնակիչք խօսում են որպէս թէ Լփնաց բարբառով: Արդէն անցած էինք Աղ-չայ, Ղարա-չայ եւ Չաղաջուխ գետերով. անցանք նաեւ Վալվալա եւ Շապօրան գետերով եւ բարձրացանք Քիլվար գիւղն:

Այս գիւղն հիմնուած է Կովկասեան Մեծ-լեռնաշղթայից Փոքր-լեռնաշղթայի վերայ կախուած է մի լեռնաբազկի վերայ` որի հիւսիսային կողմով հոսում է Շապօրան գետն:

Բարեխառն են գիւղիս օդն եւ կլիման, հաճոյական` դիրքն եւ տեսարանն, ցուրտ եւ բարեհամ` ջուրն, բերրի եւ արդիւնաւոր` հողն. միայն ծանր է լինում օգոստոս ամիսներում. տօթակէզ եւ տաղտկալի օդն պատճառում է տենդաբեր հիւանդութիւն:

Գիւղիս շրջակայքն ծածկուած են տանձենեաց, խնձորենեաց եւ թթենեաց գեղեցիկ պարտէզներով: Տեղական բերքերն են ցորեն, գարի, բայց ոչ ծախելու: Իսկ նշանաւոր բերքն է տանձի եւ խնձորի չիրն, որ լաւ գնով ծախւում է:

Ահա ժողովրդեան զբաղմունքն:

Քիլվարում կայ մօտ 100 ծուխ միայն հայ բնակիչ, 220 արական եւ 200 իգական: տարեկան լինում է 15 արական եւ 11 իգ. ծնունդ. 10 պսակ եւ 10 ննջեցեալ: Ունի մի քահանայ, որ պատրաստում է մի քանի փոխասաց:

Գիւղիս եկեղեցին երեք անգամ շինուած է ՚ի հիմանէ. Ա. Աղուանից Գրիգորիս Ա. կաթուղիկոսի հիմնարկութեամբ, Բ. հայոց ՌՁԶ. -ին` Աղուանից Թովմայ կաթուղիկոսի օրով: Գ. 1877-ին` ամբողջապէս թրծեալ աղիւսով եւ ընդարձակ, 4 սեան վերայ:

Ա. եւ Բ. անգամ շինուած են տեղական ժողովրդեան տրօք, իսկ Գ. անգամ կառուցեալ է հանգանակութեամբ պ. Միրզաջան Յովհաննիսեանի, որ իրաւունք ստանալով հանգանակած է Ղզլարի, Հաշտարխանի, Դարբանդի, Ղուբայի եւ Բագուի բարեպաշտ հայերից: Միրզաջանի մահից յետոյ հանգանակութիւնը շարունակում է Արցախի Խաչեն գաւառի Սէյդիշէն գիւղացի Ներսէս-բէկ Սարումեանցն եւ աւարտում եկեղեցու շինութեան թերին` կաթուղիկէն եւ տանեաց թիթեղամածը:

Օծուեցաւ 1890 թիւ մայիս 27-ին խորանն յանուն ս. Գրիգորիսի Աղուանից Ա. կաթուղիկոսի, իսկ եկեղեցին` յանուն ս. Գրիգոր Լուսաւորչի: Օծման հանդիսին ներկայ էին գաւառապետ բարձ. մահմետականներն:

Քիլվարցիք եւս խօսում են, ըստ ասութեան իւրեանց, Լփնաց բարբառով. երեւի թէ ճիղբք ունեցած չեն առանձին բարբառ կամ կորած է: Այժմ Ղուբա գետից մինչեւ Աւշարան խօսում են ընդհանրապէս նոյն բարբառով: Սակայն ամէնքն գիտեն եւ տաճկերէն: Տիրող աղանդն է շիա կրօնն:

Բայց առանց մի քանի խօսք ասելու կարելի չէ հեռանալ Քիլվարից: Գիւղիս ժողովուրդը հանգիստ խղճով կարելի է անուանել կենդանի նահատակ: Ճղբաց ցեղիցը միայն մնացած է հայադաւան Խաչ-մասն եւ Քիլվարն: Հարկ է ի նկատի ունենալ, որ Խաչ-մասի հայութիւնը պահպանած են Բալա-Ղազարն, իւր որդին եւ թոռներն: Բայց Քիլվարի ժողովուրդն ինքնին պաշտպանած է ցարդ իւր հայութիւնը: Քիլվարի շրջապատի բնակիչներն մահմետական են ամբողջապէ'ս, եւ գիւղս հեռի է Ղուբայի հայերից 35 վերստ տարածութեամբ: Քիլվարի հայն բազմիցս զոհ տուած է իւր նիւթական կարողութիւնը, իւր վարելահողերի մի մասը եւ որ մեծն է` իւր զաւակները, մահմետականաց բռնութեանց եւ բռնաբարութեանց, այսուամէնայնիւ իւր քաջութեամբ անխախտ պահպանած է իւր դաւանութիւնը, հաւատը եւ եկեղեցին: Վերջապէս մեծ գովութեան արժանի է գիւղիս ժողովուրդն, բայց այժմ` կարօտ մխիթարութեան, խրախուսութեան, քարոզի եւ քաջալերութեան: Այս պարտակատարութիւնն վերաբերում է Շամախու թեմի առաջնորդութեան:

Բարձ. Անդրէյ Միխայէլովիչն [1] ահարկու հրամաններով սաստիկ պատուիրեց շրջաբնակ մահմետականների հոգեւոր եւ մարմնաւոր գլուխներին, որք ներկայ էին, երբէք չվնասել որեւէ անկարգութեամբ Քիլվարի հայոց եւ ապա, գոհութեամբ հրաժեշտ տալով գնաց Ղուբա:

Քիլվարի խեղճ ժողովուրդն ամբողջ 15 տարի կարօտ մնացած էր պատարագի... եկեղեցու թերութեան պատճառաւ: Թէ որքա՜ն մխիթարուեց պատարագներ տեսնելով եւ հաղորդուելով եւ 10 օր շարունակ քարոզներ լսելով (ստիպուած էի տաճ. լեզուաւ խօսել, որպէս զի հասկանային):

 

ՔԻԼՎԱՐԻ ՇՈՒՐՋԸ

 

Քիլվարի արեւմտեան կողմում, 3 վերստ հեռի, կայ Զէյուա անուն մի գիւղ, որի բնակիչներն հայադաւանութիւնից դարձած մահմետական են: Գիւղիս գլխին, մի մեծ կաղնի ծառի տակ կայ մի սագաձեւ տաշուած մահարձան, որի երկարութիւնն է մօտ 10 թզաչափ: Թէեւ հեռաւոր ժամանակի խարտոցն խարտած, լափած եւ եղծելով թափած է արձանագրութիւնը, սակայն քարի աջ կողմում մնացած են Տ եւ Յ գրեր:

Գերեզմանից վերեւ` ճանապարհի երկու կողմերով, ամփոփուած են շատ հին ժամանակիս ննջեցեալներ: Այս մի ընդարձակ հանգստարան, է որի միջոցով հնուց եղած է փոքր կածան: Զառիվայր կածանովս հետզհետէ հոսած են անձրեւի հեղեղներ, այնպէս, որ այժմ կածանն ձեւացած է 2-3 սաժէն լայնությամբ եւ սաժէնից աւելի խորութեամբ մի ահագին խրամ: Խրամիս երկու կողմերում երեւում են հարիւրաւոր կմախքներ, որք ամփոփուած են շերտաքարերից յատուկ շինուած արկղների մէջ: Օրինակ 1 շերտաքար գետնամած, 2 կողակալ, 1 գլխակալ, 1 ոտնակալ եւ մի կափարիչ: Հեղեղները տարած են շատերի գլխակալ եւ շատերի ոտնակալ քարերը, վասն որոյ ամբողջապէս երեւում են կմախքներն, մանաւանդ ահագին կմախքներ եւ չափազանց մեծ գլուխներ: Գոնէ մենք կարծում ենք, որ կռապաշտ դարերից մնացած է հանգստարանս, մահմետականներն շատերի միջից հանած են հին դրամներ եւ առնացի եւ կանացի զարդեր, բայց որքան աշխատեցինք տեսնել, անկարելի եղաւ, զի ոչ միայն գաղտնապահ են, այլ եւ վախենում են կառավարութիւնից յայտնել:

 

ԽԱՇՆԻ ԱՒԵՐԱԿ ԳԻՒՂ

 

Քիլվարից մի ժամ հեռի հիւսիսային կողմում կայ Խաշնի անուն մի աւերակ գիւղատեղի, որի մէջ դեռ մնում է եկեղեցու աւերակն: Եկեղեցու ընդարձակութիւնից երեւում է, որ բազմամարդ եղած է գիւղս, որի մօտ է հանգստարանն. բայց տարած են տապանաքարերի ամէնամեծ մասը, իսկ տաճարի քարերից բերած են Քիլվարի նոր եկեղեցու հիմքերը լցնելու համար:

 

ՈՒԼՎԱՐ

 

Քիլվարի հարաւ-արեւմտեան կողմում, 4 վերստ հեռի կայ Ուլվար անուամբ մի աւերակ փոքր գիւղատեղի, որի մօտ տակաւին երեւում են ե'ւ եկեղեցու աւերակն ե'ւ հանգստարանն: Տապանաքարերի վերայ կան արձանագրութիւններ: Զէյվացիք գրաւած են ուլվարցւոց գետինները եւ այգիները, այսու ամէնայնիւ գետիններն եւ պարտէզներն ցարդ պահած են նախորդ տէրանց անունները, ինչպէս են` Ստեփան երի, Օհան երի, Արթիւն երի, Ստեփան բաղի, եւ այլն:

 

 

ԴԻ-ԽԱՆ ԿԱՄ ՕՀԱՆ-ԽԱՆ

 

Քիլվարից դէպի արեւելք մօտ մի ժամ հեռաւորութեան վերայ կայ մի աւերակ գիւղատեղի Դի-Խան անուն: Որոշակի երեւում են տնատեղերն եւ հանգստարանն: Բայց արձանագրութիւն կրող քարերից շատերը տարած են մահմեդականք եւ տանում ե'ն հետզհետէ...:

Քիլվարցի Գաբրիէլեան Օհանի հարիւրամեայ մայրն` Մարգարիտն, որ ականատես եղած է (այժմ վախճանուած է), պատմած է բազմիցս, թէ` Դի-խանն եղած է Արցախեցի Օհան-խանն: Հայազգի Օհան-խանիս Դի մականունը տուած են չգիտեմ ի՞նչ յատկութեան պատճառաւ: Միայն հաստատ գիտեմ, որ Օհան-խանն Արցախից իւր հետ բերած էր մօտ 100 ծուխ եւ բնակութիւն հաստատած գիւղումն, որ իւր անուամբ կոչւում է Օհան-խան: Օհան-խանն տիրապետած էր շրջաբնակ թուրքերի (մահմեդականաց) գիւղերը իւրանց հողերով: Բայց Թալաբի, Խաշնի, Ուլվար եւ ուրիշ գիւղացւոց հետ գնացին Ռուսաստան [2]:

 

  ՇԻՀԱՐ-ԵՐԻ` ՑՌԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ ՃՂԲԱՑ

 

Կովկասեան մեծ լեռնաշղթայից դէպի արեւելք թեքուած մի բարձրագոյն սարահարթի վերայ կայ մի աւերակ քաղաքատեղի Շիհար-երի անուամբ, որ մօտ 4 ժամ հեռի է Քիլվարից: Պարիսպներն շինուած են եղել արտաքոյ սովորականի հաստ հաստ լայն-լայն եւ երկար-երկար թրծեալ աղիւսներով: Թէեւ այժմ կործանուած են պարիսպներն, սակայն մնում են հիմքերն, որից երեւում է, որ քաղաքս շատ մեծ եղած չէ: Պատերի թանձրութիւնն եղած է մօտ 1 սաժեն:

Քաղաքիս մէջ բուսած են ահագին հաստութեամբ եւ բարձրութեամբ կաղնի եւ հաճարկի ծառեր, որոց հաստաբուն արմատներն քանդելով տների հիմանց պատերը` դուրս թափած են բեկորները: Տներն եւս շինուած են եղել կրաշաղախ ցեխով եւ աղիւսներով: Պարսպիս մէջ անպակաս են արջ, ինձ եւ յովազ գազաններ եւ կինճեր, եղջերու եւ քօշ, վասն որոյ առանց հրազինի վտանգաւոր է մերշենալ: Շինութիւններից երեւում է, որ խիտ առ խիտ եղած են բնակարաններն, որոց մէջ նշմարւում է եկեղեցու աւերակն: Մի քանի տարի առաջ ուժգին հողմից արմատախիլ տապալուած են մի քանի հաստ ծառեր, որոց արմատներն գետնի տակից դուրս հանած են երկու մեծ, պղնձեայ կաթսաներ, ինչպէս պատմում են ականատեսներն: Հիանալի՜ է տեղիս օդն, սքանչելի՜ տեսարանն եւ գերազա՜նց ջուրն եւ ամուր` դիրքն:

Հաւանական է, որ այս է Ճղբաց Ցռի բերդաքաղաքն, վասնզի բացի սորանից Ճղբաց գաւառներում չգտանք ուրիշ աւերակ կամ շէն քաղաքատեղի, որ համաձայն լինէր Կաղանկատուացու գրածին: Այստեղ հիմնած էր Գրիգորիս Ա կաթուղիկոսն Աղուանից եկեղեցի, ուր եւ ամփոփած էր Պանդալեոն վկայի մասունքը, որն յետոյ գտնուեցաւ Վաչական բարեպաշտի օրով (Մով. Կաղ. Ա հատ. ԺԹ գլ. ):

Ահա այս է Աղուանից Գ. բերդը:

 

ԽԱԼԹԱՆԻ ԱՄԱՐԱՆՈՑ

 

Բերդաքաղաքիս արեւելահարաւ կողմում է Խալթանի ամարանոցն, որ կոչւում է Նովուր-Ճլակ: Միեւնոյն լեռնաշղթայի շարունակութեան վերայ, արեւելահայեաց լանջի ստորոտում շինուած է մի փոքր գիւղ, որի բնակիչք են մահմետականք: Գիւղիս տեղն մի կանաչազարդ, բարձրահայեաց սարահարթ է, որի արեւմտեան, հարաւային եւ արեւելեան կողմերն աղեղնապատ, գոգաւոր եւ ծաղկազարդ լեռներ են, իսկ հիւսիսային կողմն` բաց եւ խորանարդ ձոր: Գիւղիս մօտ են լճակներն, որոց մասին գրած ենք արդէն: Գիւղիս միջովն է ճանապարհն, որ տանում է Շամախի, իսկ Ճղբաց եւ Լփնաց սահմանագլուխն է Դաւաչի գետն, որ հոսում է գիւղիս արեւմտեան կողմից, աղեղնաձեւ շրջան անում հարաւից եւ հետզհետէ ընթացքը ուղղում դէպի հիւսիս: Գետիս եւ Խալթանի ամարանոցիս մեջ է այն երկար զառիվայրն, որ կոչւում Էշշակ-եօխուշի: Լանջովս մինչեւ գետն իջնելն տեւում է ամբողջ մի ժամ, իսկ գետիցս ամարանոց ելնելն` երկու ժամից աւելի: Ամարանոցիս սարահարթը Վարդէգրուակ անուանում Կաղնկատուացին . հատ. ԼԹ. գլ. ): Սարաւանդիս վերայ բուքի բռնուած են Իբրայէլ եպիսկոհոսն եւ իւր ընկերներն:

 

 

 



[1] Լեհացի է այս պատուական անձն:

[2] Ճղբաց երկրից Ռուսաստան գաղթողներն բնակութիւն հաստատած են Մոզդոկի կողմերում Ղուրա եւ Մաջառ եւ Ղզլարի Սարաֆան գիւղերում: Գաղթականներն ցարդ պահպանած են իւրեանց հետ տարած լեզուն, հայերէնի հետ միասին: