Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԱՉ-ՄԱՍ

 

Ղուբայից մինչեւ գիւղս 4 ժամ ճանապարհ է, 2 ժամ ուղղակի արեւելք ընթանալով ձիով եւ 2 ժամ` հիւսիս-արեւելք: Ճանապարհի երկու կողմերն Ղուբայի ստորոտից սկսեալ մինչեւ 20 վերստ տեղ դաշտի վերայ տորոնացանքսեր են անգործ մնացած. իսկ մինչեւ Խաչ-մաս գիւղն 15 վերստ տեղ, թանձր անտառներ եւ մացառուտ են: Խաչ-մասն ամբողջապէս շրջապատուած է վաղեմի անտառներով, հետեւապէս եւ որջ արիւնարբու աւազակների: Գաւառապետի կարգադրութեամբ իւր օգնական մեծապատիւ Բահրամ-Բէկ Գեօգջաեանցն մեզ հետ դրաւ 15 զինեալ ձիաւորներ ապահովութեան համար:

Խաչ-մաս գիւղն հիմնուած է Վատնեան դաշտի շարունակութեան վերայ, մի գեղեցիկ դաշտահովտում: Գետակի աջ ափում բնակում են հայերն, իսկ ձախ ափում` սուննու եւ շիա մահմեդականները: Ջրարբի են անդերը, գեղեցիկ մշակուած են որթայգիներ, տանձենեաց, խնձորենեաց, թթենեաց, նռնենեաց եւ ընկուզենեաց պարտէզներն ու ցորենի, գարու եւ որիզի արտօրայքն եւ ածուներն: Տեղական բերքերն են մետաքսի բոժոժ, բրինձ, խաղող, գինի, ընկոյզ, նուռն, դեղձ, սերկեւիլ, թուզ, ցորեն, գարի եւ բրինձ, որք են բնակչաց զբաղմանց առարկաները:

Հայք ունին մի նորաշէն եկեղեցի, որ տակաւին օծուած չէ: Եկեղեցին շինուած է ամբողջապէս թրծեալ աղիւսով եւ կրացեխով, որ գեղեցիկ է եւ բարձրաշէն, միայն կաթուղիկէն ցած է: Եկեղեցու արեւմտեան կողմում, ներքուստ շինուած են յատկապէս երկու փոքրիկ խորաններ` դրան աջ ու ձախ կողմերում: Հիւսիսային խորանումն ամփոփուած է Յովսէփ-Բէկ Ջաւատ-Բէկեանի մարմինն: Մարմարիոն տապանաքարի վերայ հիանալի նմանութեամբ քանդակուած է Յովսէփ-Բէկի պատկերն իւր չեչանեան հագուստներով, զէնքերով եւ վառօդշարաններով: Տապանաքարի միւս մասերի վերայ փորագրուած է հետեւեալ արձանագրութիւն:

«Աստ հանգեաւ երեւելի եւ մեծանուն Նոր-Խաչ-մազու կալուածատէր Հայկազն տոհմին Ղազարեանց Յովսէփ-Բէկն Ջաւատ-Բէկեան, որ թշնամեաց գաղտնի դարանագործութեամբ փոխեցաւ իրա (իւր) ատրճանակով Ղլէզի իջեւանում Ղուբայ նահագիս: Ծնունդն 5 մայիսի 1824 թիւ. մահ նորա 1 սեպ. 1862 թիւ»:

 

«Պարծիր տապան քաջազանց,

Կրում ես ծոցիդ ո'չ զայլ ոք,

Զայր հուժկու բանիւք, զինովք

Առ թշնամիս անողոք,

Դիւցազն մի Քրիստոսեան,

Զքաջ հայասէր Աղուանեան,

Որ թշնամեաց ածէր սարսուռ,

Ազգիս կացեալ պատնէշ կուռ,

Որ աղքատաց օրն ՚ի բուն,

Պաշտպան լինէր աննկուն

Որ դրօշմեց զանմահ անուն

Խոր սրտերում անջինջ, անբեկ,

ԶՋաւատ-Բէկեան Յովսէփ-բէկ:

Դո'ւ, ո՜վ, որ յամէնայնի կացեր ան

յաղթ,

Միայն յաղթեալ քոյդ հրազինօք ՚ի

դարանի,

Թէ եւ ննջես քուն յաւիտենի,

Չեն քեզ պակաս սիրակէզ

Եւ ո'չ մրմունջք աղեկէզ»:

 

Իսկ հարաւային խորանում ամփոփուած է եկեղեցիս իւր ծախքով կառուցանող Պետրոս-Բէկի մարմինն, որ հարազատ եղբայր է նոյն Յովսէփ-Բէկին: Բայց դեռ պատրաստ չէ Պետրոս-Բէկի տապանաքարն:

Կարեւոր համարեցինք տալ մի տեղեկութիւն այս իշխանազն տոհմի մասին:

Շատ ժամանակ առաջ գիւղումս բնակած է բնիկ Աղուանցի, իշխանազն, Ղազար անուն մի քաջ տղամարդ: Սա, ինչպէս իշխանազն եւ պապենական կալուածոց միակ ժառանգ, իշխում է Խաչ-մասի եւ ինն մահմետական գիւղերի վերայ: Շրջաբնակ մահմետականները բազմիցս յարձակումներ են անում սորա վերայ, սակայն միշտ ետ են մղւում յաղթուած եւ կորագլուխ, վասն որոյ դրօշմում են սորա վերայ Բալա-Ղազար մականունը, որ է Փորձանք-Ղազար: Բալա-Ղազար-իշխանն, ցմահ անյաղթ մնալով եւ ամէն տարի գիւղերից իւր հարկերը եւ հողային տասանորդներն առնելով, թողնում է Ջաւատ-Բէկի անուամբ միակ որդին, կտակում սմա իւր քաջութիւնը եւ փոխւում առ Աստուած:

Համանման հօրն քաջութեամբ եւ բարի համբաւով հեռանում է աշխարհիցս եւ Ջաւատ-Բէկն` թողնելով երեք որդի Բալա-Բէկ, Յովսէփ-Բէկ եւ Պետրոս-Բէկ: Սոքա եւս վախճանուած են թողնելով առաքինի եւ քաջ անուն: Թէեւ վախճանուած են սոքա ամէնեքեան, սակայն տակաւին կենդանի եւ խօսուն են սոցա անուններն, քաջութիւններն, առաքինութիւններն եւ բարեպաշտութիւններն ամբողջ Դարբանդի եւ Ղուբայի գաւառաբնակ ժողովրդոց մէջ:

Բարեհամբաւ տոհմիցս միայն կենդանի են Պետրոս-Բէկի ամուսին Կատինկայ տիկինն, որ Մելիք-Բէկլարեանների ցեղիցն է, եւ իւր միակ ժառանգ օրիորդ Հռիփսիմէն, որ նոր ամուսնացած է պ. բժիշկ Միքայէլ-Զալեանցի հետ:

Եկեղեցու մօտ դատարկ մնում է ուսումնարանն` առանց աշակերտի, իսկ գիւղն` առանց քահանայի, վասն զի անցեալ տարի քահանան սպանուած է անխիղճ աւազակներից: Շատ զարմանալի է, որ վիճակիս գեր. առաջնորդն անհովիւ թողած է գիւղիս ժողովուրդն, որ մաքառելով հազարաւոր տարիներ պարսից կրակների եւ արաբացւոց եւ լէկզիների սրերի եւ բռնութեանց դէմ, ճղբաց ամբողջ ցեղից միայն պահպանած է իւր հայ դաւանութիւնը եւ եկեղեցին: Այժմ տաճկերէն է խօսում ժողովուրդս, վասն որոյ ճարահատեալ մի քանի քարոզներ խօսեցի տաճկերէն լեզուով եւ մխիթարեցի: Ողորմելի ժողովուրդն շարունակ արտասո՜ւք էր թափում մինչեւ քարոզների վերջն. փառաբանում էր զԱստուած, որ արժանի արաւ զինքը քարոզ լսելո՜ւ...

Գիւղումս կայ 32 հայ ծուխ [1], 110 արական եւ 84 իգական: Տարեկան լինում է 12 ծնունդ, 4 պսակ, 8 ննջեցյալ:

Ամրան խիստ անտանելի է տեղիս հեղձուցիկ օդն եւ եղանակն:

Գիւղիս արեւելեան կողմում կայ երկու հանգստարան, փոքրն` կէս վերստ գիւղիս հեռի, իսկ մեծն` մի վերստ: Երկուսն եւս ծածկուած են անտառախիտ ծառերով եւ թանձրամած մացառներով: Մեծ հանգստարանի տարածութիւնն է մօտ մի վերստ, իսկ փոքրինն` պակաս: Տապանաքարերից մեծ մասն անյայտացած է հողերի մէջ, մի մասն` կիսով չափ, կէս մասն` մամռապատ եւ կէս մասն` թագնուած շամբերում: Ամբողջ երկու օր հետազօտեցինք 16 բահաւոր, կացնաւոր եւ ցակատաւոր մարդիկներով, ուր ներկայ էր եւ գիւղապետն:

Արձանագրութիւններից երեւում է որ փրկչական 573-1890 թիւն ամփոփուած են ննջեցեալներ: Հեռաւոր ժամանակաւ ամփոփելոց շիրմաքարերի վերայ չկան արձանագրութիւններ, այլ քանդակուած են նետ, աղեղն, վահան, թուր, երկսայրի, ձիաւոր հեծեալ, գուդան, պատերազմի պատկերներ եւն: Շատերի վերայ փորագրուած են հանգուցելոց արուեստների յայտարար նշաններն,. որք են դերձակի, կօշակակարի, պայտառի, հիւսան, գուդանակապի, հացագործի, եւն եւն գործիներ եւ սազ, սանթուր, քեամանչայ, շեփոր, փող, տնկլբազ եւն նուագարաններ:

«Այս է հանգիստ Սողոմոն քահանային թվ. ԻԲ. »: «Այս է հանգիստ Եսային, որ փոխեցաւ ՚ի Քրիստոս թվ. ՀԲ. »: «Այս է հանգիստ Կարեստանտ Խոջա Ացատուրին թվ. ՄԴ. »:

Հին անուններ           արական      իգական

                           Թարխան,    Եթար

                           Հասան,        Հաւիշ

                           Ուլուխան    Եազկուս

                           Սաւալան     Գլըստան

Մեծ հանգստարանումն է եւ «Բալա-Ղազարի» գերեզմանն:

Երեք օր ամէն ճիգ թափեցինք եւ ամէն ջանք ի գործ դրինք գտնել Սենեքերիմ թագաւորի տապանաքարը, որի մասին գրած է Ս. եպ. Ջալալեանցն. «Այս է տապան Սենեքերիմ արքայի», բայց անհնարին եղաւ գտնել: Ապա գիւղից բերել տուին պառաւ կանայք, որք աներկբայ գիտէն թագաւորի մահարձանի տեղը: Բայց որքա՜ն մեծ եղաւ պառաւների զարմանքը, երբ տեսան, որ անյայտացած էր թագաւորի մահարձանն: Իսկոյն զարմանքն փոխուեցաւ լացի եւ լացն` արտասուաց: Խեղճ կանայքն լալով պատմեցին.

«Ամէն տարի մեռելոցի օրերում գալիս էինք գիւղովին, օրհնել տալիս Սենեքերիմ թագաւորի գերեզմանը. ապա եղերերգ երգելով, լալով արտասուք էր թափում կանանց դասն. եւ ապա բաց էինք անում սուփրաներ, տալիս թագաւորի անունը եւ խմում ողորմաթասը [2]: Բայց մի քանի տարի է որ ղաչաղների [3] երկիւղից չենք կարողանում գալ հանգստարանս, երեւում է որ տարել են թագաւորի քարը... »:

  Արդարեւ տեղ-տեղ երեւում է մեծ եւ փոքր հանգստարաններում [4], որ գողացած եւ տարած են տաշած քարերից, որոց տեղերն մնացած են փոսեր միայն:

 



[1] Ս. եպ. Ջալ. գրած է 50 տուն:

[2] Սովորութիւն կայ Աղուանից երկրում մեռելոցի օրերում գնալ հանգստարան կերակուրներով, գինով եւ օղիով: Տխուր եղանակով լալուց յետոյ օրհնել են տալիս հանգիստները, խումբ խումբ նստոտում խոտերի, կամ գետնի վերայ, վայելում են կերակուրը եւ «Աստուած ողորմի' այս ինչ անուն ննջեցեալի հոգուն» ասելով խմում բաժակները, ահա այս է ողորմաթասը:

[3] Մարդասպան աւազակներ, տէրութիւնից ապստամբ:

[4] Հայկական արձանագրութիւններով եւ սրբատաշ մահարձաններով զարդարուած հանգստարաններ կան նաեւ Պարախում` թրքաբնակ գիւղի մօտ, որ 3 ժամ հեռի է Խաչ_մասից դէպի արեւելք ծովի մօտ, Վէլէմիւր գիւղի մօտ, որ շատ հեռի չէ Պարախումից, Բոստանչի գիւղի մօտ, որ նոյպէս շատ հեռի չէ Վէլէմիւրից: Հանգստարաններիս թուականն սկսած է Փրկչ. 580_1796: Երեւի, թէ սոքա եւս գաղթած են Զուբովի ժամանակ:

Ցաւալի է տեսնել, որ աւերիչ մահմետականներն տարած են եւ տանում են տապանաքարերից շատերը: Այս տեղերում չկան քրիստոնեայ բնակիչներ, այլ մահմետական են ամբողջապէս: Զարմանալի~ երեւոյթ, քրիստոնեայ ննջեցեալք անգամ կողոպտւում են իւրեանց նուիրական քարերից...: