Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՐՕՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Յիսուսի Քրիստոսի ծննդից շատ տարիներ առաջ Աղուանից ժողովուրդն շրջապատուած է եղել տարրապաշտ դրացիներով:

Պարսկաստանն պաշտում էր հրապաշտութեան աղանդը, որի հեղինակն եղած է Զրադաշտն Ա. Դարեհի հայր Վշտասպի օրով: Թէեւ Աղէքսանդր Մակեդոնացին կործանած էր այս աղանդը Պարսկաստանում, սակայն վերստին նորոգւում է Սասանեան թագաւորների օրով:

Հայաստանի բնակիչներն պաշտում էին արեգակը եւ լուսինը: Արտաշէս Ա. Յունաստանից Հայաստան է բերում Յունաց չաստուածները -Եփեստեայ, Աթենասայ, Արամազդի, Ապողոնի, Հերակլեայ եւ Արտեմիդեայ արձանները եւ աւելացնում իւր ունեցած Անահիտ, Գիսանի եւ Վահագն կուռքերի վերայ:

Վրացիք պաշտում էին Ամպրոպային Արամազդի եւ Հայոց Վահագն թագաւորի արձանները:

Հիւսիսային ազգերն ունէին ծառապաշտական աղանդներ:

Այսչափ տարրապաշտ դրացիներով շրջապատուած Աղուանքն չէր կարող ազատ մնալ տարրապաշտութիւնից: Տակաւին ուրեք-ուրեք երեւում են կռատան նշաններ եւ նշմարւում են հետքեր:

Ա. Աղուանից կրօնական զգացմանց նուիրատեղին եւ գլխաւոր կենտրոնն եղած է Եօթնփորակեան բագինն Բագուի հիւսիսային կողմում, որ այժմ կոչւում է Սուրախանի: Այժմ չեն նշմարւում այստեղ հնութեան հետքեր, որովհետեւ շատ տարիներ առաջ Հնդկաստանից հրապաշտներ գալով նորոգած են շինութիւնը, որ ունի քառակուսի ձեւով պարիսպ: Պարսպիս ներսի կողմում շինուած են միաբանից կացարաններ, իսկ մէջ տեղին մօտ ննջեցելոց դիակներ այրելու վառարան: Հաւանական է, որ շինութեանց հիմքերն հնութիւն եղած լինին: Շինութեանս հարաւային հանդէպ եղած լեռնակից ստորերկրեայ խողովակներով բերուած է հրաբղխային շոգին եւ բաժանած մասերի: Մի մասն դիակ այրելու վառարանին յատկացրած են, մի մասն` կրօնապետի սենեկին եւ երրորդ` աւելի մեծ մասն, շինութեան ծովակողի դրան դիմաց եղած մեծ խողովակին: Վառ լուցկին խողովակների բերաններին մօտեցրած ժամանակ, իսկոյն վառւում են, իսկ քարով փակելուն պէս` անցնում:

Բ. բագինն շինուած է եղել Ղուբայի գաւառի Խինալղ կամ Խինալուղ գիւղի մօտերքում Աթաշկեահ կոչուած հրաբղխի մօտ, բայց իբր ամրան եղանակներում միայն պաշտպանման տեղի: Այստեղ նշմարւում են վաղեմի հնութեան հետքեր, որոց վերայ յետոյ Հնդկաստանից եկած հրապաշտներն շինած են շինութիւններ, (տես ՚ի շարս հրաբուղխների):

Գ. բագինն գտնւում է Ղուբայ գետի ձախ կողմում` Մալականի նորաշէն գիւղի ստորոտում: Բաւական ընդարձակ եղած է շինութիւնս, որի պատերից տեղ-տեղ փլած եւ ահագին կտորներն ընկած` մնում են դեռ անքակ: Դժուար է ճշտիւ որոշել շինութեան տարեթիւը, միայն թէ 2000 տարուց աւելի լինելու է սորա գոյութիւնն:

Դ. բագինն շինուած է Շամախու մօտ Սաղիանի վանքի հարաւային կողմում: Բայց այս մնում է տակաւին կանգուն եւ շինուած է քառակուսի ձեւով: Չորս անկիւններում ունի չորս միջակ սենեակներ, արեւելեան կողմից` մի դուռն եւ շինութեան վերայ` մի բոլորձի եւ բարձրագոյն գմբեթ: Տաշած քարերով շինուած այս կրաշաղախ շինութիւնն այն աստիճան ամուր է, մինչեւ անգամ հազարաւոր տարիներ դիմադրած է այն սաստիկ շարժերին, որովք քանիցս կործանուած է Շամախին: Ծխոտուած եւ մրոտուած են սենեակների պատերն, նամանաւանդ կամարակապ ձեղուններն:

Ե. Մեհեանն շինուած է եղել Շաքի քաղաքի Ղաբալա գաւառի Հոմէնք անուանեալ տեղում, Բում գիւղից վերեւ Կովկասեան սարից կախուած մի լեռնաբազկի վերայ: Այժմ հազիւ են նշմարւում շինութեան հետքերն: Աղուանից պատմիչը գրում է, թէ Եղիշա [1] առաքեալն «անցեալ ընդ դաշտակն Ձերգունի (Զարղունի) ի տեղի զոհարանի դիւցամոլ կռապաշտիցն` անդ էառ զնահատակութեան պսակն: Եւ անդէն ի գուբ մի մահապարտաց ընկեցան պատուական նշխարքն եւ ծածկեցան ՚ի տեղւոջն, որ կոչի Հոմէնք» (Մով. Կաղ. եր. 9):

Զ. Գտնւում է Շաքի քաղաքի արեւմտեան հանդէպ եղած սարի գլխին: Շինութեան ստորին մասն մնում է ամբողջապէս կանգուն. կառուցեալ է կրաշաղախ ցեխով եւ հոյակապ կամարներով:

Է. Զոհարանն գտնւում է Նուխու եւ Ճառի մէջ եղած Կախաւան գիւղաքաղաքի մօտ եւ կոչւում Քուրմուղխ (գուցէ բազմութիւն քրմաց): Այս մի ահագին եւ միապաղաղ քար է ցցուած. որի մէջն փորուած է եւ որ վերեւից ունի մի երդիկ իբր ծխնելոյզ, իսկ նեքեւից` մի փորուած դուռն: Փորուածքի պատերն սեւացած են մխով:

Բայց թէ Աղուանք ի՞նչ անուն կուռքեր կամ արձաններ էին պաշտում, յայտնի չէ որոշակի: Յայտնի է միայն, որ Սեւորդիք պաշտում էին բարտի ծառեր, արեգակն եւ լուսին, մինչեւ իւրեանց մկրտուիլն: Նոյնպէս բոլորովին անյայտ է եւ Արցախի հին կրօնն եւ պաշտամունքն:



[1]    Եղիշէ, որ ձեռնադրուած էր Տեառնեղբայր Յակովբոս Առաքեալից: