Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵՋԱՐ ԳԱՒԱՌ

Գաւառս, որ ընկած է Փիր-սհաթ եւ Աղ-սու գետակների, դաշտաբերանի եւ Կուր գետի մէջ, ստացած է Հեջար, Համբասի, Հեճարի, իսկ այժմ` Ղոշունի կամ Քիւռ-Դամիր անունները: Գաւառս, որ կազմում է Աղուանից դաշտի ստորին, բայց ընդարձակ մասը, ունի միայն մահմետական բնակիչներ: Միեւնոյն են Քարադաշտ եւ Հեջար գաւառներիս տեղական բերքերն, ինչ որ էին Արաշ գաւառինն: Բայց տարբեր են երեքի օդն եւ կլիման եւ ամրան եղանակներում, այս է Հեջարի գաւառս աւելի տաք է Քարադաշտից եւ Քարադաշտն` Արաշից:

Չորքոտան ընտանի անասնոց նկատմամբ ամէնահարուստ են ստորին գաւառներս: Բնակիչներն իւրեանց անասուններով միասին շարժական են, ամէն տարի շարունակ չւում են ձմերանոցից ամարանոց եւ ամարանոցից ձմերանոց: Ապրիլի կիսից չւում են Կովկասեան լեռներն, վայելում լեռնասուն օդերը եւ պատուական ջրերը` ազատ ամրան արեգակի հրակեզ ներգործութիւնից: Իսկ ամէն սեպտեմբեր ամսի իջնում են ձմերանոցներն եւ ապրում հանգիստ, զի դաշտս գրեթէ ազատ է ձմրան խստութիւնից: Ամայի լեռներն պատրաստում են կոյս խոտեր անասնոց համար ամրան եղանակներում, իսկ դաշտերն, որ մնում են անմարդաբնակ, ուռճանում են խոտերով ՚ի դարման անասնոց եւ փետրուար ամսից սկսեալ հասցնում նոր խոտ: Այս պատճառաւ անհամեմատ առաւելութեամբ աճում են գաւառներիս սուրբ եւ անսուրբ անասուններն քան միւս բոլոր գաւառներինն:

Ամրան դաշտումս լինում են շատ թունաւոր օձեր, կարիճներ, քառասնոտանիներ եւ մորմեր, մանաւանդ Հեջար գաւառումս: Շատ անգամ մեռնում են մարդիկ սոյն սողունների հարուածներից:

Դաշտիս ամէնազուարճալի ժամանակն են փետրուար եւ մարտ ամիսներն: Ամէն կողմերում արածում խայտում, ոստոստում, կռւում են տաւարների եւ գոմէշների, որթերի եւ մոզիների նախիրներն, ոչխարների եւ այծերի, գառների եւ ուլերի հօտերն, ձիերի, աւանակների եւ քուռակների ջոկերն, ուղտերի եւ կոզռակների երամակներն: