Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇԱՔՈՒԱՅ ԳԱՒԱՌՆԵՐ

 

ՀՈՂԻ ԳԱՒԱՌ

 

Գաւառն, որ ընկած է Բօզ-Դաղի հարաւային եւ հիւսիսային լեռնաշղթաների, Կոկիսոն եւ Արջկան գետակների մէջ, զանազան դարերում ստացած է Խողմաղ, Հողմաղ, Հողի եւ Դաշտակ անունները եւ նշանաւոր է իւր առատ եւ ընտիր ցորենով ու գեղեցիկ դաշտակով: Գաւառիս հայաբնակ գիւղերն են.

ա. Գիրդադիւլ գիւղ, հիմնուած է Կոկիսոն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ Բօզաւանդ գիւղի դէմուդէմ: Տեսարանն` հաճելի, դիրքն` բերդանման, օդն եւ կլիման անվնաս եւ ջուրն ոչ այնքան ախորժելի: Հողն բէկապատկան եւ բազմարդիւն. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ եւ խաղող, լուբիա եւ բակլայ, բնակչաց նախնիքն գաղթեալ ամբողջապէս ԱՐՑԱԽԻ Խաչեն եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին Ս. Աստուածածին, վերնամասն փայտաշէն, որ ունի 2 քահանայ [1], 60 րուբլի դրամ եւ սոյն արձանագրութիւնը. «Շինեցաւ Ս. Աստուածածնայ եկեղեցիս ՚ի հասարակութենէ Գիրդադիւլեցւոց 1881»: Գիւղումս մի տան մէջ կայ սրբատփի նման մի արծաթեայ անօթ, որի մէջ է Թադէոս առաքեալի մասունքից մի մեծ կտոր: Անօթի վերայ փորագրուած է հեռաւոր հնութեան ձեւի տառերով այս հակիրճ արձանագրութիւնն. «Թադէոս առաքեալ, պաղատել անյիշաչար Յիսուս Քրիստոս»: Մասունքս գտած է տան տիրոջ երեխան 3 տարի առաջ գիւղի արեւելեան կողմի ձորով հոսող վտակից: Յորդառատ անձրեւի հեղեղներն քանդում են հողեայ այրերը եւ թափում հեղեղատի մէջ, որից գտած է երեխան մասունքս: Երեւի թէ ուրիշ եկեղեցական անօթներ եւս թաքցրած են եղել նախնիք հողայրումս, բայց անյայտացրած են հեղեղներն: Յորդորեցինք, որ մասունքը յանձնէ եկեղեցուն եւ չպահէ իւր տան մէջ:

Ծուխ 140, ար. 531, իգ. 454, ար. ծն, 25, իգ. 15, պսակ 10, ար. ննջ. 6, իգ. 4, երկար կեանք 80-90:

Գիւղիս հանգստարանում կան շատ հին ամփոփեալներ, զետեղում ենք այստեղ արձանա-գրութիւններից մի քանիսը:

Մի մեծ տապանաքարի վերայ քանդակուած է մեծ հնաձեւ խաչ, նախշեր եւ միայն «Հ» տառս, որ գուցէ թուականն է:

«Աստուած ողորմի Սողոմոնին թվ. ՃԳ»:

«Օվանէս թվ. ՌՃԽԸ»:

բ. ՉԱՆԱՂ-ԲՈՒԼԱՂ գիւղ. շինուած է Դուկան գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ, գիւղի տեղն ստացած է ամրոցի ձեւ, հիւսիսային, արեւելեան եւ արեւմտեան կողմերն խոր ձորեր են, եւ հարթ` հարաւային կողմն: Ամրան ծանր օդն եւ կլիման, բայց բարեհամ ջուրն: Հողն արքունի եւ սակաւ արդիւնաւէտ, բայց խոտաւէտ եւ խնամածու սուրբ անասնոց. բնակիչք զբաղւում են երկրագործութեամբ եւ խաշնարածութեամբ, գովելի են ոչխարն, կովն, եզն եւ գոմէշն: Բնակչաց նախնիք գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից, իսկ մի քանի տնուոր միայն Վարանդայից: Եկեղեցին ս. Աստուածածին, կիսով չափ փայտաշէն, որ ունի 100 րուբ. եւ մաքուր չէ, հոգեւոր հովիւն գալիս է Գիրդադիւլից:

Ծուխ 100, ար. 386, իգ. 310, ար. ծն. 25, իգ. 12, պսակ 8, ար. ննջ. 5, իգ. 3, երկար կեանք 70-75:

Գիւղիս մօտ կայ հին հանգստարան:

գ. ԱՄՈՒՐ-ԱՒԱՆ գիւղ. շինուած Կոկիսոն գետակի աջ ափի բարձրութեան վերայ` Վանքաշինի հանդէպ: Դիրքն` ամուր, տեսարանն հիանալի, օդն, կլիման եւ ջուրն` նշանաւոր: Հողն` արքունի եւ լիարար, բնակչաց նախնիքն ամբողջապէս գաղթած Արցախի գաւառներից: Բացի վերոյիշեալ բերքերից` խաղող, որիզ եւ խանծիլ [2]: Եկեղեցին նորաշէն, Ամէնափրկիչ, ձեղունն` փայտաշէն, որ ունի մի քահանայ:

Տղայոց միդասեան ուսումնարանն Գէորգեան, ուսանող աշակերտք 46, ամէնքն ձրիա-վարժ: Վարժապետի ռոճիկն է 300 րուբլի, որից 200 րուբլին վճարում է Մարդ. Ընկերութիւնն, իսկ մնացեալը` եկեղեցին:

Ծուխ 150, ար. 515, իգ. 426, ար. ծն. 20, իգ. 14, պսակ 14, ար. ննջ. 9, իգ. 6, երկար կեանք 90:

 

Հին հանգստարաններ

Ուզուխի հանգստարան, գտնւում է այս գիւղիս հիւսային կողմի Ձմեռանոցի մօտ, դարձեալ ծածկուած անտառով եւ մացառներով: Ընդարձակ գերեզմանատանս ամփոփուած են ննջեցեալներ հայոց ՃԻ. թուից մինչեւ ՋԿԱ թուականն, որի մօտ է եւ աւերակ եկեղեցին ու գիւղատեղին:

«Թվ. ՃԻ Սոտումաւկ»:

«Թվ. Մ ԲԱՅՈՒՄ»:

«Թվ. ՇԻԲ Ջոնտար»:

«Թվ. ՉԽ Աստուած ողորմի Խոտբաշխի հոգուն»:

«Թվ. Ջ Աստուած ողորմի Ասլանին»:

«Արտաշիր Ջուշերի որդի թվ. ՋԼԲ»:

«Թվ. ՋԿԱ Աստուած ողորմի Ճուանշիրի հոգուն»:

 

Հետաքրքիր անուններ

«Էաղիլա, Խդիրշ, Միրասոն, Շխբանդա, Ովաքշա» եւն

 

Պառաւի բաղի հանգստարանում

«Հանգիստ Ուստա Մուրատին թվ. ՉԱ. »:

«Թվ. ՊԵ. Սութան Շահ»:

«Աստուած ողորմի Ղուբաթիս թվ. հայոց Ջ. »:

«Թվ. ՋԺԵ. Աստուած ողորմի Տէր Ովանէսին. խիստ բարի մարդ էր»:

«Բափադար, Եարաջ, Խասխաթուն, Խպլա, Սուրվար, Ճաշ, Վասխոտ, Ոսաղա» եւն. անուններ:

դ. Բլեղ շէն. ունի միեւնոյն դիրքն, տեսարանն, օդն եւ կլիման, բայց ամրան վնասակար է ջուրն, զի չունին աղբիւր, վասնորոյ խմում են Սեւ առուի ջրից: Հողն բէկական եւ բերրի, տեղական բերքերն նոյն. բնակչաց նախնիքն գաղթած են Վարանդա եւ Խաչեն գաւառներից: Եկեղեցին ս. Մինաս, կիսով չափ փայտաշէն, որ ունի մի քահանայ եւ 800 րուբլի:

Ծուխ 42, ար. 156, իգ. 145, ար. ծն. 8, իգ. 6, պսակ 6, ար. ննջ. 4, իգ. 3, երկար կեանք 70 տարի:

ե. ԲԷԿԼԱՐ-ՔԵԱՆԴ, շինուած միեւնոյն շարունակութեան վերայ. միեւնոյն են օդն, կլիման եւ ջուրն, հողն` բէկապատկան, բերքերից նշանաւորն են գինին, բնակչաց նախնիքն գաղթաց են Խաչեն, Ջրաբերդ եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին` ս. Ստեփանոս, ծածքն` փայտաշէն, բայց վտանգաւոր կերպով վնասուած, եւ ունի 500 րուբ.: Քահանան գալիս է Բլեղից: Ս. Մեսրոպեան միդասեան ուսումնարան, աշակերտք 42, տարեկան վարժապետին 300 րուբ. 150-ը վճարում է Մարդ. Ընկերութիւնն, մնացեալը` եկեղեցին:

Ծուխ 142, ար. 418, իգ. 335, ար. ծն. 26, իգ. 19, պսակ 18, ար. ննջ. 10, իգ. 8, երկար կեանք 75-80:

Գիւղիս հանգստարանում կան շատ հին տապանաքարեր, որոց վերայ կան միայն հնադարեան գլխակալ խաչքարեր: Այսպէս նաեւ Շուլղուրի ձոր կոչուած հանգստարանինն եւ գիւղիս հիւսիսային կողմի ծմակում եղած հանգստարանինն, որք չունին արձանագրութիւն:

զ. Սիրթենգիջա. շինուած միեւնոյն լեռնաշղթայի շարունակութեան վերայ (լեռնաշղթայիս գագաթնագիծն է սահման Հողի եւ Կապաղակ գաւառների): Տեսարանն` պատուական, օդն, կլիման եւ ջուրն` սննդարար, հողն` բէկապատական եւ բարեբեր. այգիներն` ջրարբի, տեղական բերքերն` նոյն. բնակչաց նախնիքն գաղթեալ խաչեն, Ջրաբերդ եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին ս. Գէորգ, որ ունի 500 րուբ., հոգեւոր հովիւն գալիս է Սոլթան-Նուխուց:

  Ծուխ 50, ար. 140, իգ. 105, ար. ծն. 8, իգ. 5, պսակ 5, իգ. 2-3, երկար կեանք 80-85:

Գիւղիս հանգստարանում կան խիստ հին տապատանաքարեր` գլխակալ խաչարձաններով միասին. ժամանակի երկար ժանիքներից քերուած են արձանագրութիւններից շատերը. գետնից հանուած մի քանի քարերի գրերը դժուարաւ կարողացանք կարդալ: Մի գլխակալ խաչքարի վերայ. «ՀԳ. թվ. Աստուած ողորմի Շողաքաթին»: «Սուրբ Սարգիս... » տառերն հին եւ տձեւ, եղծուած թուականն: Բայց թէ ի՞նչ սուրբ Սարգիս է, -անյայտ:

Գիւղիս արեւելեան կողմի ձորում, ջրի աջ կողմում, այգիներից վերեւ, կայ մի անտաշ տապանաքար, որի երկարութիւնն է 2 1/2 խանի գազ: Երկար ժամանակ գետնի տակ անյայտ մնացած է քարս: Բայց երկու տարի առաջ յորդում է սաստկագին անձրեւ, քանդում եւ տանում է հող եւ խրամ բանալով երեւան հանում քարս, որի վերայ քանդակուած է մի մեծ եւ հնաձեւ խաչ եւ սոյն գրերը «ԹՈՄԱ ԺԲ ԹՎՈՒԶ»: Մենք կարդացինք Թոմաս ժբ թվւոջ [3]:

  Է Ծիրիկ շէն. շինուած է դաշտակի հիւսիսային կողմում, ամրան ծանր օդն եւ անախորժ ջուրն, հողն` բէկական եւ բարեբեր, տեղական բերքերն են ցորեն, գարի, կորեկ, խաղող, դեղձ, սերկեւիլ, կեռաս, դամոն, ընկուզ, բնակչաց նախնիքն գաղթեալ Դիզակ եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին:

Ծուխ 25, ար. 81, իգ. 64, ար. ծն. 5, իգ. 4, պսակ 1, ար. ննջ. 2, իգ. 1, երկար կեանք 60-70:

 

Գեօմ-Մուրատ ուխտատեղի

Գիւղիս հիւսիս-արեւմտեան կողմի բարձր սարի վերայ կայ մի ուխտատեղի. որը շրջակայ ժողովուրդն անուանում է Գեօմ Մուրատ: Մի մեծ կաղնի տակ դրուած է մի վաղեմի խաչարձան, որ չունի ո'չ թուական եւ ո'չ գիր: Միայն աւանդութեամբ ասում են, թէ Եղիշ Առաքելի երեք աշակերտներից մին նահատակուած եւ ամփոփուած է Նիժ գիւղաքաղաքում, երկրորդն` այստեղ եւ երրորդն` Վարդաշէնում [4]: Շրջակայ գիւղերից ոչ միայն հայք, այլեւ մահմետականք մեծ բազմութեամբ յաճախում են ուխտ անելու:

ը. ԹՈՍԻԿ շէն. շինուած է Դուրկան գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ, օդն եւ կլիման ճնշուած շրջապատող լեռներից, հողն բէկական. բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին ս. Աստուածածին. քահանան գալիս է Խոշկաշինից:

Ծուխ [5] 20, ար. 71, իգ. 61, ար. ծն. 3, իգ. 3, պսակ 1, ար. ննջ. 2, իգ. 1, երկար կեանք 60:

թ. ԽՈՇԿԱՇԷՆ գիւղ. հիմնուած Դուրկան գետակի աջ կողմի բարձրութեան վերայ եւ բաժանուած 2 թաղի: Պատուական օդն եւ կլիման, բայց ստոր է արեւելեան թաղի ջուրն` արեւմը-տեան թաղի ջրից: Հողն բէկապատկան, դաշտային եւ լեռնային, նշանաւոր բերքն ցորեն, բնակչաց նախնիքն գաղթեալ են 1721-ին Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից: Արեւելեան թաղի եկեղեցին, ս. Եղիշէ, արեւմտեան թաղինն ս. Աստուածածին. երկուքն եւս քարաշէն, որք ունին մի քահանայ:

Ծուխ (երկու թաղում միասին) 77, ար. 268, իգ. 222, ար. ծն. 11, իգ. 6, պսակ 5, ար. ննջ. 5, իգ. 4, երկար կեանք 90-100 տարի:

Արեւելեան թաղի արեւելեան կողմի ձորում վաղուց հիմնուած է մի վանք Եղիշ-Առաքեալ անուն: Փոքր տաճարս, որ կառուցեալ է 2 սեանց վերայ, շինուած է ամբողջապէս տաշուած չիչ քարով: Խորանի տակ կայ գաղտնի պահարան, մուտքն ձախակողմեան աւանդատնից: Ասում են աւանդութեամբ, թէ գաղտնի պահարանումս ամփոփուած է յիշեալ Առաքեալի գագաթն: Հարաւային դրան վերեւ գրուած է. «՚Ի Քրիստոս Յիսուս յիշեալ մաղթեմ զՎլաս վարդապետս ՌՃԱ»: Հարկ է յայտնել, որ այս թուական ոչ թէ սկզբի հիմնարկութեան, այլ վերաբերում է նորոգութեան, քանզի շատ հին է խորանի տակի շինութիւնն: Իսկ արեւմտեան դրան առաջ նոյն քարով շինուած գաւթում. (որի գլուխն խոնարհած է) կան եպիսկոպոսների եւ վարդապետի գերեզմաններ. մի տապանաքարի վերայ. «Հանգիստ Յովհաննէս վարդապետին Պաշնճաղցի ՌՃԾԵ»: Գաւթի հարաւային կողմին կից, շարքով շինուած է եղել միաբանից խուցեր, որք աւերակ են այժմ: Խուցերիցս ներքեւ կայ երկար եւ կիսաւեր շինութիւն, որի կէսն ծառայած է իբր տնտեսատուն եւ միւս կէսն` իբր ուսումնարան: Վանքս ունի պատուական, բայց խիստ բարակ աղբիւր: Այժմ ամէնայն ինչ քայքայման վիճակի մէջ է:

ժ. ՓՈՔՐ-ՍԵՕԳԻՒԹԼՈՒ գիւղ. միեւնոյն հողն, օդն, կլիման, տեսարանն եւ ջուրն: Նշանաւոր է ցորենն եւ բամբակն: Բնակչաց նախնիքն գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից վերոյիշեալ թուականում: Եկեղեցին ս. Լուսաւորիչ, որ ունի 50 րուբ. եւ մի քահանայ:

Ծուխ 70, ար. 266, իգ. 218, ար. ծն. 14, իգ. 10, պսակ 4, ար. ննջ. 4, իգ. 3, երկար կեանք 85-90:

ժա. ՄԵԾ-ՍԵՕԳԻՒԹԼՈՒ գիւղ. շինուած Կապաղակ գաւառի հարաւային սահմանագլուխ սարի հարաւահայեաց լանջի վերայ, տեսարանն սքանչելի, օդն եւ կլիման` պատուական, ջուրն` անվնաս, հողն` բէկապատկան, անջրդի, բայց բազմարդիւն եւ ըստ ս. աւետարանի` ընդունած մի հացահատիկը հարիւրաւոր աճեցնող եւ վաստակաբեկ մշակը վարձատրող: Ահա այս դաշտակն է, որի ցորենն ազնիւ հռչակուած է, պատուական է եւ բամբակն: Բնակչաց նախնիքն ամբողջապէս գաղթած են Խաչեն գաւառից 1721-ին, ինչպէս վկայում է ժամանակակից պատմիչն [6], բայց յետոյ 1798-ի նախածանօթ սովի եւ ժանտախտի պատճառաւ եկած եւ յարած են Ջրաբերդից մի քանի ընտանիքներ: Եկեղեցին սուրբ Աստուածածին, ձեղունն փայտաշէն, որ ունի միայն 100 րուբլի, մի քահանայ եւ հետեւեալ արձանագրութիւնը. «Կառուցաւ ս. Աստուածածնայ եկեղեցիս ՚ի հայրապետութեան (Էջմիածնի) Տեառն Յակովբայ եւ ՚ի կաթուղիկոսութեան Տեառն Սիմէօնի [7] եւ յառաջնորդութեան Վլաս վարդապետն Շամախեցւոյ թվ. ՌՃԻ»: Եկեղեցուս արեւմտեան կողմում շինուած է մի գեղեցիկ զանգակատուն սոյն արձանագրութեամբ. «Այս յիշատակը Սիմօն Յովսէփեանի Դաւիթեանց, իւր կին է Նախշուն, որ (եւ) որդիքն է Ավանէս (եւն) 1890»:

Աւագ խորհրդանոցում մի խաչքարի վերայ «թվ. ՋԼԱ»: Եկեղեցու արեւմտեան որմի վերայ, «թվ. ՋԼԱ»:

Խորանի աջ կողմում. «Ես Տէր Յովսէփս, որ լուսաւորեցի (մաքրեցի) սուրբ Աստուածածնայ եկեղեցիս՚ է. (7) թիզ աղբ կար, որ է ժամանակ Հաճի (Չալաբու) թվ. ՌՄ»:

Եկեղեցումս կայ երկու գրչագիր աւետարան, գրուած բամբակեայ թղթերի վերայ: Գեղեցիկ չեն չորս աւետարանչաց պատկերներն, ծաղիկներն եւ թռչնագրերն, բայց գեղեցիկ են մանր գրչագրերն:

Ա. ձեռագիրն գրած է Արցախի Ծար գիւղաքաղաքում Սարգիս անուն վարդապետ ոմն, թաթարաց հրոսակների [8] խուժած ժամանակ թվ. ՊԼԶ. Գրիչն ասում է. նախ հալածուելով փախայ Վակունիս գաւառ. ապա Ղարաբաղ, Ծափանիս [9] գիւղաքաղաք, հուսկ ուրեմն վերստին եկի բնիկ երկիրս Ծար:

Բ. անյայտ է աւետարանիս գրողն. թուականն եւ կիսատ` յիշատակարանն: Կիսատ տեղին շարայարած է Վրդանէս անուն վարդապետ ոմն թէ` գնեցի ս. աւետարանս հալալ արդեամբս հայոց ՌԽԵ թուին:

Գ. գրչագիրն գտնւում է քահանայի տանն: Նոյնպէս անյայտ է գրողի անունն եւ թուականն. միայն յայտնի է. «Եւ արդ` ես Մատթէոս էրեցս' որ եմ ՚ի Դաշտ երկրէն Բարտայու եւ ՚ի գեղջէն Հասան Ղալայու, ստացայ եւ գնեցի հալալ արդեանց ընչից եւ ստացուածոց իմոց զայս սուրբ մատեանքս եւ գրեանքս, որ է սուրբ աւետարանս, մէկ ժամագիրք, մէկ քարոզգիրք [10] իշատակ ինձ եւ ծնողաց իմոց»

Անմաքուր է եկեղեցին ամէնայն պարագայիւք:

Զարմանալի է, որ այս մեծ գիւղն չունի ուսումնարան: Այս սառնասրտութիւնն պատիւ չէ բերում գիւղացւոց...:

Ծուխ 350, ար. 1170, իգ. 937, ար. ծն. 53, իգ. 40, պսակ 20, ար. ննջ. 20, իգ. 18, երկար ապրող մարդն Բաբա-քովխա 100 ամաց, իսկ Թոխի անուն պառաւն 115 ամաց, կենդանի են երկոքեան եւս:

Գիւղիս հանգստարանում գտանք գլխակալ խաչքարերի վերայ միայն այս հնութիւնները հողի տակից. «ԻԶ»` քանդակուած խիստ հնադարեան տառերի ձեւով:

«Ես Սանասի թվ. ՈԵ»:

 

Ձեռնաւոր ուխտատեղի

Գիւղիս արեւելեան կողմի բարձր սարի գագաթի վերայ կայ երկու քարեայ խաչարձան, որք ունին մարդաչափ բարձրութիւն: Իսկ մին ունի սոյն արձանագրութիւնը. «Ես Սարգիս շինեցի խաչս այս տակիս թվ. ՊՅԳ» (Այս է` շինեցի արձանագրութեանս տակի խաչը: Անծանօթ է մեզ նահատակիս պատմութիւնն:

Մի այլ ուխտատեղի եւս գտնւում է գիւղիս արեւմտեան-հիւսիսային կողմի սարի գլխին` ար-դաղ անուն: Մի գետնափոր աւերակ է այս, որ նման է երդիկաւոր տան տեղի. մէջ տեղում նըշմարւում են կրակատեղի եզերքի չորս քարերն, ինչպէս շինուած են սովորոաբար հին գետնափոր տներն: Ահա այս օճախն է ուխտատեղին. նմանապէս անյայտ է եղելութիւնն:

Կան հին գիւղատեղիներ եւ հանգստարաններ եւ Էօլմազ եւ Պապիկ կոչուած տեղերում: Վերջնոյս գերեզմանատան մէջ միայն գտանք հետեւեալը. «Այս է հանգիստ Մահեզարին թվ. ՌՃԾ»:

Ժբ. Եաղուբլու գիւղ (Յակովբայ գիւղ). հիմնուած նոյն լեռնաշղթայի շարունակութեան հիւսիսահայեաց լանջի վերայ` մի լայնագոգ եւ դէպի Կապաղակ գաւառն թեքուած հովտում: Վատ չէ վերին թաղի տեսարանն, օդն, կլիման եւ ջուրն, բայց ամրան փոքր-ինչ ծանր է ստորին թաղինն: Հողն` բէկապատական եւ բազմարդիւն եւ նոյն` նշանաւոր բերքերն, բնակչաց նախնիքն ամբողջապէս գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից (4 տուն Խաչենի Խանածախ եւ մի տուն Տաթեւ գիւղերից): Եկեղեցին` ս. Մինաս, Վերնամասն` փայտաշէն, որը կառուցած են հնոյն հիման վերայ. բայց փորած է նորն, որ ունի 100 րուբ. եւ մի քահանայ:

Ծուխ 155, ար. 485, իգ. 440, ար. ծն. 45, իգ. 35, պսակ 20, ար. ննջ. 25, իգ. 18, երկար կեանք 85-95:

Կան հին հանգստարաններ թէ' գիւղիցս վերեւ եւ թէ' գիւղամիջում: Վերջնոյս ստորոտում, ճանապարհի միջում սաստիկ հեղեղն քանդելով ճանապարհը` երեւան է հանում մի հին գերեզման: Քանդակեալ խաչերով զարդարուած են գլխակալ, սրտակալ եւ ոտնակալ քարերն: Սրտակալ քարի վերայ փորագրուած է. ԹՎ

«Սուրբ խ... րէխաւսէ Ըրս... կաթուղիկոսին է»: Ըստ երեւութին մենք կարդացինք. «Սուրբ խաչս բարեխօս է Ըրստակէս Աղուանից կաթուղիկոսին է»: Եղծուած են կէտադրեալ տառերն եւ բուն տարեթիւը ցոյց տուող գրերն, վասն որոյ կարդացւում է մեծ դժուարութեամբ: Աղուանից կաթուղիկոսաց շարքում եղած են երեք արիստակէս:

Ա-ն վախճանուած է 1477-ին,

Բ-ն գահակալած է 1511-ին, բայց անյայտ է մահն:

Գ-ն վախճանուած է 1592-ին:

Երեքիցս որի՞ գերեզմանն է այս, -դժուարին է որոշել:

Ժգ. ԹՕՓԵՐ շէն, դիրքն` հիւսիսահայեաց, միջակ օդն եւ կլիման, բայց անախորժ ջուրն. հողն` բէկական եւ այգեւէտ, բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից: Եկեղեցին` ս. Ատուածածին, ամբողջապէս քարաշէն, որ ունի 15 րուբ. քահանան գալիս է Զառափ գիւղից:

  Ծուխ 40, ար. 110, իգ. 95, ար. ծն. 5, իգ. 4, պսակ 2, ար. ննջ. 4, իգ. 3, երկար կեանք 70-75:

Ժդ. Զառափ գիւղ. այգիներն մօտաւորութեան պատճառաւ կցուած Թօփերի այգիներին. դիրքն` արեւելահայեաց. օդն, կլիման եւ ջուրն` պատուական, հողն` բէկապատական եւ այգեւէտ. գլխաւոր բերքն` ցորեն եւ գինի. բնակչաց նախնիքն ամբողջապէս գաղթած Խաչեն եւ ջրաբերդ գաւառներից: Եկեղեցին` ս. Գէորգ, հոյակապ, որ ունի 25 րուբլի եւ մի քահանայ:

Ծուխ 140, ար. 427, իգ. 332, ար. ծն. 24, իգ. 18, պսակ 13, ար. ննջ. 10, իգ. 12, երկար կեանք 90-100:

Գիւղիս հարաւ-արեւմտեան կողմում կայ հին գերեզմանատուն, գիւղապտեղի, հին եւ փոքր եկեղեցի` ս. Յովհաննէս անուն, փայտաշէն ծածկով, որը նորոգելով արած են ուխտատեղի: Բեմի ժողովրդահայեաց երեսին դրած են 3 մեծ, հին եւ անարձանագիր խաչեր: Հանգստարանում փորագրուած է մի քարի վերայ. «Այս է տապան Իթափդուողի որդի Մովսէսին թվն ՌՄԽԵ»:

ժե. ՉԱՅ-ՔԵԱՆԴ (Գետաշէն). շինուած Արջկան գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ. գեղեցիկ օդն, կլիման եւ տեսարանն. անախորժ չէ գետաջուրն. միեւնոյն հողն եւ տեղական բերքերն. բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից եւ մի քանիսն` Վարանդայից: Եկեղեցին հին, հողաշէն, ծածքն` փայտաշէն, ս. Աստուածածին անուն, որ ունի մի քահանայ:

Ծուխ` 100, ար. 308, իգ. 266, ար. ծն. 25, իգ. 17, պսակ 7, ար. ննջ. 13, իգ. 8, երկար կեանք 80-85:

ժզ. ՂԱՅԱ-ԲԱՇԻ գիւղ. շինուած նոյն գետի ձախ ափի բարձրութեան վերայ. օդն ամրան փոքր-ինչ ծանր, բայց անվնաս, միեւնոյն ջուրն, հողն՚ բերքերն եւ զբաղմունքներն. բնակչաց ծնողներն գաղթած Պարսկաստանի Խոյ քաղաքից եւ գաւառներից 1807-ին: Եկեղեցին նորաշէն, ս. Ստեփաննոս, համակ քարաշէն, 4 սիւնով եւ ընդարձակ, բայց դեռ անաւարտ, որ ունի 1000 րուբ. անձեռնմխելի դրամագլուխ եւ երկու հոգեւոր հովիւ: Հարկ է յայտնել, որ Խոյեցիք այստեղ գալուց առաջ` արդէն եղած է գիւղումս հայ բնակիչ եւ եկեղեցի, որպէս ապացուցանում է նախկին տաճարի նորոգութեան արձանագիրն, որ պահուած է ցարդ, ահաւասիկ. «Նորոգեցաւ արդեամբք ժողովրդոց ս. Ստեփաննոս եկեղեցիս Ղայաբաշի գեղջ յամի Տեառն 1830 10 ապրիլի»: Փորագրուած է մի այլ քարի վերայ. «խոյեցիք որ եկին յերկիրն Շաքի, էր թուին հայոց ՌՄԾԶ, եւ յամի Տեառն 1807, եւ այս Ղայաբաշի գիւղս գալն էր թուին Հայոց ՌՄՀԳ. եւ յամի Տեառն 1824»: Այժմեան եկեղեցիս, որ կառուցեալ է ՚ի հիմանէ, կրում է նորոգութեան արձանագրութիւնը, միայն փոխուած է թուականն «1890»: Ատենի ժամագրքին մի պարապ երեսին գրուած է. «Խոյեցի Ջափար Ղուլի խանն` որ եկաւ Շաքի խան նստեց, էր թվին ՌՄԾԶ. ՌՄԿԳ-ին մեռաւ»: Կայ եւ մի գրչագիր աւետարան, գրուած բամբակեայ թղթի վերայ, որի յիշատակարանից ընդօրինակում ենք միայն հետեւեալը. «Արդ գրեցաւ սա յերկիրն Մոկաց ՚ի գիւղաքաղաքն Նանենց, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ սուրբ Սարգիս զաւրավարին եւ որդոյ նորա Մարտիրոսին, գրեցաւ սուրբ աւետարանս ՚ի թուականութեան հայոց ՌՃԽԴ. ձեռամբ սուտանուն Աբրահամու»:

Ունին միդասեան տղայոց ուսումնարան. Ս. Ներսիսեան անուն, ուր ուսանում են 62 աշակերտներ, որոց 60-ն թոշակատու եւ 2-ն ձրիավարժ. վարժապետի միամեայ ռոճիկն է 400 րուբլի:

Ծուխ [11] 226, ար. 789, իգ. 649, ար. ծն. 55, իգ. 45, պսակ 30, ար. ննջ. 15, իգ. 10, երկար կեանք 85-90:

Գիւղիս հարաւային կողմի դաշտակի բերանում կայ հին գիւղի եւ եկեղեցու աւերակ եւ ընդարձակ հանգստարան, որի տապանաքարերն անտաշ, կոպիտ եւ անարձանագիր են: Այս տեղն կոչւում է Շինատեղ:

 

Գաւառիս բերդերն

ԺԶ. բերդն Աղուանից, որ կոչւում է Խոսրով, գտնւում է Բօզ-Դաղի հարաւահայեաց բարձրութեան վերայ, Խոսրով թրքաբնակ գիւղից վերեւ: Անմատչելի եւ բարձրաբերձ քերձեր են բերդիս չորս կողմերն, միայն հիւսիսային կողմից մի թրաձեւ սեռով կցուած է նահատակի սարին եւ նոյն կողմից ունի մի դժուարատար ելք` բերդս մտնելու: Ամրոցիս մէջ շեղջ-շեղջ դիզուած են թըրծեալ աղիւսի բեկորներ: Այս երեւոյթն ենթադրել է տալիս, որ բերդաքաղաք եղած է այս. մանաւանդ շատ տեղերում նշմարւում են շինութեանց խիտ հիմունքներն: Ամրոցիս մակերեւոյթի տարածութիւնն, որ զգալի ձեւով թեքուած է դէպի հարաւ, հազիւ թէ լինի այժմ կէս քառակուսի վերստ: Բայց հարկ է յայտնել, որ գուցէ ունեցած է վերստաչափ մեծութիւն. սակայն ժամանակի մշտագործ մուրճն հետզհետէ ամէն կողմերից քանդելով փլցրած է հողեայ քերձերը եւ հասցրած այժմեան դրութեան: Քերձերի եզերքներով պարսպուած է եղել` մարդ ընկնելու վտանգից ազատ մնալու նախազգուշութեամբ. այժմ թափուած են ամրոցիս շրջապատի ստորոտներում նոյն պարսպի բեկորներն:

Ելքի երկու կողմերում կան հողափոր այրեր, որոց մէջ մտնողն կարծես թէ տեսնում է նպարավաճառների խանութներ-աչք-աչք շինուած պահարաններ` վաճառելի զանազան նիւթեր լցնելու համար, որպիսին շատ կայ եւ Անի քաղաքի շրջապատում:

Բերդի արեւելեան կողմից արտաքուստ կայ մի մութն եւ խոր ական` յատկապէս շինուած, որ տանում է դէպի բերդի տակն: Մեր հասկացողութեամբ ականս ծառայած է իբրեւ ջրուղի` մօտակայ վտակից ջուր փոխադրելու բերդն, որի մէջ չկայ ջուր: Հետաքրքիր եւ անզուսպ միտքն չէ բաւականանում միայն ականի մուտքը զննելով, այլ կամէնում է անյապաղ ներս մտնել, տեսնել, հետախուզել, յագուրդ տալ բաղձանաց եւ ապա դուրս ելնել: Թէեւ բաւական լայն է ականն եւ կարողանում է դիւրաւ մտնել հետազօտողն, սակայն տեսքն անգամ սարսափ է ազդում, վասն զի գետնի բռնաշունչ շոգին ոչ միայն անցուցանում է մոմերը, այլ եւ լապտերները` փոքր-ինչ յառաջ գնալուց յետոյ: Պատճառն այն է, որ փակուած է ականիս վերի բերանն: Այդ ժամանակ մարդ զինքը գտնում է թանձրամած խաւարի եւ սրտատրոփ ահուդողի եւ անբացատրելի երկիւղի մէջ: Հետեւապէս ակամայից ստիպւում է մարդ յետ դառնալ խարխափելով եւ պաշարուած տագնապով:

Կարեւոր է յայտնել նաեւ, որ արդէն նշանաւոր ամրութիւն է բերդիս արեւելեան, հիւսիսային եւ արեւմտեան կողմերի 4 վերստ տեղի տարածութիւնն: Հարաւային կողմից ունի միայն մի կիրճ, արեւմտեան կողմից` 2 կիրճ, իսկ հիւսիսային` մի սոսկալի կիրճ, որ յար եւ նման է Գարդման բերդի կեարդանային: Ընթերցողն դիւրաւ կարողացաւ պատկերացնել, որ արտաքին բերդս անգամ դժուարամատչելի է թշնամեաց, թող թէ ներքին բերդն:

 

Նահատակ

Ձուաձեւ տնկուած եւ շրջապատի լեռներից աւելի բարձրացած եւ թրաձեւ սեռով ներքին բերդին կցուած մի սարի գագաթի վերայ կայ միայն կալաչափ տափարակ: Այստեղ յայտնի երեւում է հին մատրան հիմքն եւ սենեակների աւերակներ. յայտնի է նաեւ, որ մեծ ուխտատեղի է Չանաղ-բուլաղցւոց համար, որոց պատկանում են բերդերս իւրեանց շրջանակներով եւ այստեղ են պահում աշնան եւ ձմրան եղանակներում իւրեանց անասունները: Երեւի թէ այստեղ` մատրանս մէջ, ամփոփուած է եղել նահատակի մարմինն, որի տեղն յայտնի չէ որոշակի: Միայն մի անկիւնում մի քանի հասարակ քարերի վերայ երեւում են մոմերի հետքեր եւ ծխուած խնկի մնացորդներ: Ուխտատեղիս բարձրանալու համար կայ միակ ճանապարհ, որ հիւսիսային կողմից մանուածոյ եւ նեղ հովիտներով տանում է դէպի արեւելք, ապա օձապտոյտ եւ խիստ զառիվեր կածանով հանում ուխտատեղին: Ուխտատեղիս կոչւում է Խոսրովի նահատակ: Մարտիրոսուողի անունն Խոսրով եղած է, թէ բերդիս անուամբ կոչուա՞ծ է Խոսրովի նահատակ-անյայտ է մեզ, անյայտ է եւ նահատակիս պատմութիւնն:

Նմանապէս բերդերս հայոց Մեծն-Խոսրով թագաւորից շինուած եւ սորա անուամբ Խոսրով անուանուա՞ծ է, թէ պարսից Խոսրով թագաւորի՞ եւ թէ Աղուանից Ջուանշիր-իշխանի եղբօր-Յեզուտ-Խոսրովի՞: Բերդերիս հարաւային ստորոտում եղած գիւղի Խոսրով անունն կարծել է տալիս, որ բերդերս վերաբերում են վերջին Խոսրովիս:

Բայց որքա՜ն ուշագրաւ է ուխտատեղուս տեսարանն: Արեւելեան, հիւսիսային եւ արեւ-   մտեան կողմերում երեւում են մշտադալար գենի (գի) ծառերով զարդարուած լեռներ եւ լեռնակներ, շորեր եւ ձորակներ, սրածայր բլրակներ եւ բազմախումբ բլուրներ, սոսկալի խոռոչներ եւ ահարկու ծերպեր, աղխաղխեալ լեռնաշղթաներ եւ անդնդախոր ձորեր, անջրդի հեղեղատներ եւ թրաձեւ, լիսեռնաձեւ սեռեր, նեղ-նեղ եւ ոլոր-մոլոր կիրճեր եւ միանգամայն հողեայ քերձեր: Իսկ հարաւային կողմում պատկերանում են Աղուանից եւ Արցախի դաշտերն եւ լեռներն Կուր գետով միասին:

Նահատակի սարիս հիւսիս-արեւմտեան կողմում կայ հանգստարան, գիւղատեղի եւ եկեղեցատեղի:

ԺԷ. բերդն Աղուանից, որ կոչւում է Ջրագող, գտնւում է Գիրդադիւլ գիւղի անդում, Կոկիսոն գետակի աջ ափի բարձրութեան վերայ: Մի եւ կէս վերստ մեծութիւն ունեցած է բերդս, որի գետակի կողմն անմատչելի եւ բարձր քերձ է, հիւսիսային, արեւմտեան եւ հարաւային կողմերով քանդուած են եղել խրամներ, որք թէեւ հերկուելով լցուած են, այսուամէնայնիւ դեռ նշմարւում են հետքերն: Այստեղ եւս ցան եւ ցիր եղած չէ եւ այժմ եւս չկայ այստեղ, վասնորոյ բերդիցս մինչեւ գետակի բերանն շինուած է կրացեխով եւ թրծեալ աղիւսով գեղեցիկ եւ լայն ական, որ սանդղաձեւ աստիճաններով իջնում է մինչեւ գետակն: Բայց հետզհետէ ցածացած է գետակն եւ այժմ մնացած ականի վարի բերանն:

ԺԸ. բերդն Աղուանից, որ գտնւում է Ջրագողի եւ Ամուր-աւանի մէջ, անուանւում է Ղալա-բոյուն: Բերդիս տեղն, որ ընդարձակ է, ստացած է սուրանկիւն ձեւ, այս ընկած է Կոկիսոն գետակի եւ Սեւ-ջուր վտակի խառնրդի բարձր քերձերի մէջ, իսկ հիւսիսային կողմն` վտակից մինչեւ գետակն, փորուած է խոր եւ լայն խրամ: Բերդիս ջուրն բերուած է Սեւ ջրից, այժմ որոշակի յայտնի է ջրանցի տեղն: Գեղեցիկ տափարակ են երկու բերդերիս տեղերն, բայց աւելի ապահով է վերջնոյս ամրութիւնն:

ԺԹ. բերդն Աղուանից, որ կոչւում է Ղըզլ-ղայա, գտնւում է Ղարա-Ղոյունլու թրքաբնակ գիւղից ցած, Սրջկան գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ: Ամրոցիս պարիսպն ամբողջապէս շինուած է չիչ տաշուած քարով եւ կրացեխով, նոյնպէս եւ միջի բոլոր շինութիւններն: Պարսպի եւ շինութեանց վերնամասի քարերը քանդած եւ տարած են: Այս քարերով շինուած են Չոմախլու կոչուած կայարանի բոլոր շինութիւններն, Հաւարիկ գիւղի եկեղեցին եւ շատ տներ: Սակայն դեռ մնում են գետնամասի շինութիւններն` գեղեցիկ, կամարակապ, ամրաշէն սենեակներ, նկուղներ եւ պահարաններ մնում են ծածկուած հողերի տակ: Այս բերդն եւս իւր մէջ ունեցած չէ ջուր, վասնորոյ շինուած է մեծագործ ական բերդիցս մինչեւ գետակի եզերքն: Ականս եղած է ջուր փոխադրելու միակ ճանապարհն: Բայց այժմ դժուարին է մտնել եւ հետազօտել ականս, վասն զի լի է թունաւոր իժ եւ քարբ օձերով: Անյայտ են մեզ եւ բերդերիս անցեալն, շինութեանց տարեթիւն եւ կատարուած քաղաքական դէպքերն:

 



[1] Աւագ քահանան աշակերտած է Արցախեցի գիտնական Յովսէփ վարդապետին:

[2] Բոյսս բուսնում է մեծ_պասին, որ ունի սխտորի հոտ եւ ուտւում է միայն եփուած:

[3] Բայց թէ այդ թուականում գործածակա՞ն էին այս ձեւ սղագրութիւնն եւ տառերն:

[4] Աղուանից պատմիչն գրած է. «Անտի (՚ի Չողայէ) եկեալ (Առաաքելոյն Եղիշայ) յՈւտի գաւառ ՚ի Սահառն քաղաք երիւք անձամբք աշակերտելովք` որոց անօրէնք ոմանք զկնի եկեալ` մի յաշակերտացն ընկալաւ ՚ի նոցանէ զնահատակութեան վախճան, եւ երկուցն թողեալ զերանելին Եղիշա գնացին զկնի խողխողիչ արանցն» (Մով. Կաղ. եր. 8):

[5] Առաջ շէնս շինուած է եղել այժմեանի հիւսիսային կողմում, ուր տակաւին կանգուն մնում է եկեղեցին, օդի վնասակարութեան պատճառաւ փոխադրած են այստեղ:

[6] Էս. կաթ. Աղուանից եր. 25:

[7] Ըստ Գաղտնիքի Ճըռ կաթուղիկոս:

[8] Լանկ_Թամիւրի ժամանակ:

[9] Անծանօթ տեղանուն: Արդեօք ա՞յս է Ս. Օրբելեանի Սոթ գաւառի Ծափաթաղ գիւղն (եր. 264):

[10] Բացի աւետարանից չկան միւսներն:

[11] Ժողովուրդն ցարդ պահպանած է իւր հետ բերած բարբառը, սովորութիւնները, իւր նախկին երկրի հագուստը, հացի եւ կերակուրների տեսակները, եւն. եւն: