Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԱՐԲԱՆԴ

 

Աղուանից երկրի նախադուռն է Դարբանդն, որ հիմնուած է Կովկասեան փոքր լեռնաշղթայից դէպի ծովն կախուած մի լեռնաբազկի վերայ, արեւել. 42 եւ հիւս. 66 աստիճանի վերայ:

Բերդաքաղաքս երկու միջնապատերով բաժանուած է եղել երեք մասի եւ միացած` երկու զուգահեռական պարիսպներով, որոց արեւմտեան ծայրերն նեղանալով հպած են վերնաբերդին, որ կոչւում է Նարին-Ղալա, իսկ արեւելեան ծայրերն միացած են եղել ծովի մէջ: Այսպէս ուրեմն Դարբանդն բաժանուած է եղել չորս մասի -ծովային բերդ, ստորին քաղաք, միջին քաղաք եւ վերին բերդ: Ա. ծովամասի համար գրած է Խորենացին. «աշտարակ ի ծովուն կացեալ» (եր. 605): Արաբացի Էդրէս անուն ոմն աշխարհագիր գրած է, թէ ծովի մէջ մտած մասն ներկայացնում էր մի ամուր նաւահանգիստ` նաւերի պաշտպանութեան համար: ԺԶ. դարում ճանապարհորդ ոմն Անգղիացի գրած է թէ, կէս մղոն (3 վերստաչափ) ծովի մէջ մտած էր պարիսպների շարունակութիւնն նոյն ամրութեամբ եւ ծովի մէջ միացած ահագին բուրգերով: Բայց այժմ բոլորովին քանդուած է այս մասն: Այսու ամէնայնիւ տակաւին նշմարւում են ծովամասնեայ պարսպիս հետքերն նաւակով հետազօտած ժամանակ, վասնորոյ շոքենաւերն խիստ հեռի են կանգնում ծովեզերքից, որպէսզի չվնասուին պարիսպների հիմունքներին զարնուելով:

Բ. մասում, որ սկսուած է ծովեզերքից, բնակում են հայերն եւ ռուսներն: Մասումս են եւ վաճառանոցներն:

Գ. մասում բնակում են մահմետականներն -Շիա եւ Սիւննիւ:

Դ. մասում, որ է Նարինղալան, բնակում են քաղաքապահ զինուորականներն իւրեանց մեծաւորներով միասին:

Բ. եւ Գ. մասերն ունեցած են 8 դռներ, որից 3-ն հիւսիսային պարսպից եւ 5-ն հարաւային պարսպից: Հիւսիսային դռներն ծովեզերքից սկսեալ Ա. անուանւում է Դաշ-Ղափու (Քարեդուռն), Բ. -ն` Ղրխլար-Ղափու (Քառասնից դուռն), Գ-ն` Ջառչի-Ղափու (Մունետկի դուռն), որք ցարդ մնում են կանգուն: Հարաւային պարսպի վերայ ծովեզերքից սկսեալ Դ-ն` Դուպարա-Ղափու (կրկնադուռն), Ե-ն` Ենի-Ղափու (Նոր-դուռն), Զ-ն` Օրթա-Ղափու (միջնադուռն), Է-ն` Բայեաթ-Ղափու (հին-դուռն), Ը-ն` Ղալա-Ղափու (բերդի դուռն): Ամբողջ մնում են հիւսիսային պարիսպն` ծովեզերքից սկսեալ, իւր 3 դռներով, մնում են եւ հարաւային 2 դուռն, որք են Բայեաթ-Ղափու եւ Ղալա-Ղափու: Բայց գեներալ Երմոլովի ժամանակ քանդուած են Բ. մասի միջնապատն եւ հարաւային պարիսպն իւր 3 դռներով: Բոլոր դռների ճակատակալ քարերն ունին արաբերէն եւ պարսկերէն լեզուներով արձանագրութիւններ:

Բոլոր բերդերի այժմեան շրջապատն է 5 վերստ, երկարութիւնն` 2-ից աւելի, լայնութիւնն` 1 վերստից պակաս, պարիսպների բարձրութիւնն` 4-5 սաժէն եւ հաստութիւնն` 1 սաժէն:

Աղուանից թագաւորական պալատն, կաթուղիկոսական վեհարանն եւ մայր եկեղեցին գտնւում են Գ. մասում, կից միմեանց: Այժմ պարսիկներն վեհարանը փոխած են մոլլաների բնակարաններ, պալատը փոխած են ուսումնարան, իսկ մայր եկեղեցին` աղօթատեղի, որ կոչւում է Ջումա-մէչիտի: Եկեղեցիս իւր մէջ ունի 40 հաստաբուն սիւներ, որք ապացոյց են խիստ հեռաւոր հնութեան` նոյնպէս եւ չորս պատերն: Միայն թէ քանդած են խորանի եւ երկու աւանդատան ներսի պատերը եւ կամարները եւ ցածացրած ձեղունը: Այս նորոգութիւնները արած են տաճկաց 1116-ին: Բաւական ընդարձակ է եկեղեցին, երեւի թէ հայադաւան մեծ բազմութիւն եղած է քաղաքումս: Աւելի ընդարձակ եւ գեղեցիկ է եկեղեցու, վեհարանի եւ պալատի բակն, որ արդէն մի եղած է հնուց: Արաբացիք Դարբանդի պարիսպները քանդած ժամանակ` անքակ պահած են Աղուանից Կաթուղիկոսարանը, «Եւ հարիւր ութսուն թուականին Հայոց (732-ին) դարձեալ Մսլիման շինէ զԴարբանդ յանուն Տաճկաց (Արաբացւոց), այլ զկաթուղիկոսարանն Աղուանից ո'չ աւերէ, որ դեռ եւս կայ նմա» (Մով. Կաղ. եր. 259):

Դ. Բերդն , որ է Նարին ղալան, շինուած է լեռնաբազկի դիրքով, այսինքն լայն է բերդիս արեւելեան կողմն, նեղ ու եռանկիւնաձեւ` արեւմտեան կողմն, իսկ խորանդունդ ձոր` պարսպի հիւսիսային կողմն: Բերդս եւս ունի նոյն հաստութեամբ եւ բարձրութեամբ ամրագոյն պարիսպ, հաստատուն բուրգեր եւ երեք դուռն արեւելեան, հարաւային եւ արեւմտեան կողմերից եւ մի մեծ, խոր եւ խաչաձեւ ջրամբար: Որովհետեւ ջուր եղած չէ բերդումս, վասն որոյ ստորերկրեայ ականով եւ խեցեղէն խողովակներով բազկաչափ ջուր բերած են 2 վերստ հեռաւորութիւնից, այժմ եւս վազում է ջուրն: Ընթերցողը գուշակեց, որ կամարակապ ջրամաբարն շինուած է ՚ի պաշար պատերազմի: Բերդս այժմ զինուորանոց է ռուսաց:

Նարին-ղալայիս վերի ծայրից սկսուած է նոյն հաստութեամբ պարիսպ եւ շարունակուած դէպի Կովկաս մեծ լեռն: Բռնեցինք պարսպիս հետքը, որն թէեւ շատ տեղերում քանդուած է, բայց ամէնուրեք երեւում է հիմքն, եւ գնացինք մօտ 4 վերստ դէպի արեւմուտք Փոքր-լեռնաշղթայի վերայով: Վերջապէս հասանք մի դղեկի, որ ունի 12 սաժէն երկարութիւն, 10 սաժէն լայնութիւն, 4-5` բարձրութիւն, մի եւ կէս սաժէն` պարսպի հաստութիւն, 4 բուրգ` չորս անկիւններում եւ մի դուռն արեւելեան կողմից: Այս դղեակն, որ ամբողջապէս շինուած է տաշած քարով, իւր խիստ հեռաւոր հնութեամբ բոլորովին զանազանւում են Դարբանդի բոլոր բերդերից:

Այն շղթայաձեւ պարիսպն, որ շարունակուած է Նարինղալայից եւ միացած դղեկիս, շարունակուած է եւ դղեկիցս դէպի արեւմուտք միեւնոյն հաստութեամբ եւ բարձրութեամբ: Շարունակութիւնն նախ իջնում է Դապասարանեան հովտի մէջ, ապա բարձրանում է դէպի Կովկաս մեծ լեռն եւ անյայտանում Սինեւ սարի ձորում: Որքան կտրում էին մեր աչքերի տեսութիւնն եւ դիտակի մօտեցնող առաձգութիւնն, պարզ երեւում էր շարունակութիւնն: Պարսպի շարունակութեան վերայ, զանազան հեռաւորութեամբ շինուած են ամուր բուրգեր, որք թէ' ծառայած են պարսպի հաստատութեան եւ թէ իբր պահականոցներ` պարսպապահ զինուորականների համար: Թէեւ տեղ-տեղ խրամատուած է պարիսպը, սակայն դեռ կանգուն է ամէնամեծ մասամբ: Պարսպիս շարունակութիւնը, մեծ սարին հպելուց յետոյ, անցած է լեռնաշղթաների գլուխներով, իջած Կախաւանից վերեւ Կովկաս մեծ սարի հարաւակողմն, ապա լանջերի ստորոտներով հասած Ճառն եւ այս տեղից նոյն ուղղութեամբ մինչեւ Ալազան: Պ. Ի. Բերեզինա . հատ. եր. 21-23) ասում է, թէ կնեազ-Կանդեմիրն պարիսպս ամբողջապէս կանգուն գտած է իր հետազօտութեան ժամանակ. ծովեզերքից մինչեւ Ալազան մօտ 400 վերստ տարածութիւն ունի պարիսպս: Ահա այս է այն հանրահռչակ պարիսպն, որ գրաւած է պատմութեանց եւ ճանապարհորդական գրուածոց մէջ նշանաւոր էջեր:

Պարսպիս հիւսիսային կողմով, ծովեզերքից մինչեւ Կովկասի հիւսիսահայեաց լանջերն, ընկած են երեք գաւառներ -Կայթաղ` ծովեզերքից սկսեալ, Քէօբաչի` միջին գաւառ, Ղումուխ` վերին կամ լեռնային գաւառ: Արաբացւոց պատմաբան Մասուդին գրում է, թէ ղումուխ գաւառի բնակիչները քրիստոնեայ էին եւ այն ժամանակ կառավարւում էին քրիստոնեայ տանուտէրներով:

Ս. Լուսավորչի, Ս. Գրիգորիսի եւ Ս. Մեսրոպի ցանած աւետարանական սերմերն բոլորովին չորացած չէին. նմանապէս Չողայում նստող կաթուղիկոսներինն: Դեռ ցայսօր քրիստոնէական նշանի հետքերն անհետացած չեն Ղումուխի գաւառից: Քրիստոնաէաձեւ գերեզմաններ, նոր մկրտեալների պարանոցներից կախած փոքրիկ խաչեր, հին արծաթեայ անարձանագիր բուրվառներ եւ եկեղեցական իրեր տակաւին երեւում են Քեօբաչի եւ Ղումուխ գաւառներում:

Վերստին դառնանք դէպի Դարբանդ:

Կովկասեան սարով հիւսիսից հարաւ անցնելու համար կայ մի քանի անցքեր, որոց

Առաջինն է Սեւ ծովի եզերքով, բայց այս անցքն ունեցած չէ պատմական եւ քաղաքական մեծ նշանակութիւն:

Երկրորդն է Դարիալ կիրճն, որ այժմ կոչւում է Վլադի-կաւկաս եւ բանում է շարունակ:

Երրորդն է Բալաքեանի կիրճն, որ տանում է դէպի Աւար-Ղոսյու գետն եւ դէպի Ղումուխ գաւառը:

Չորրորդն է Ճառի կիրճն, որով եկած էր Շէյխ-Շամիլն մեծ զօրքով Ճառի վերայ իւր անձնատուր լինելուց առաջ:

Հինգերորդն է Շաքի քաղաքի արեւելակողմն եղած կիրճն, որը ռուսաց կառավարութիւնն հարթելով շինած է ճանապարհ, որով լեկզիներն իւրեանց վաճառքները փոխադրում են Շաքի ծախելու: Բայց այդ կիրճն անցնում է պարսպի խրամատուած տեղով:

Վեցերորդն, որ անցնում է Աղուանից երկրիցն Աղուանից երկիրը, Թիֆան-դաղի ուղին է: Այս ուղին բանում է միայն յունիս, յուլիս եւ օգոստոս ամիսներում: Դարբանդի, Ախտու եւ Ղուբայի կողմերից անցնում են Թիֆան-դաղով եւ իջնում Ղաբալու Ղութղաշէն աւանի վերայ: Թիֆան-դաղի սարահարթի վերայ շինուած են մօտ առ մօտ ապաստարաններ, որպէս զի պատսպարուին բուքից նեղեալներն, իսկ սարիս հարաւային լանջում շինուած է մի ընդարձակ եւ սրբատաշ քարով կառուցեալ կամարակապ իջեւան, ուր անվարձ պատսպարւում են ճանապարհորդներն: Իջեւանս շինել տուած է 130 տարի առաջ Ղաբալեցի Ամր-Ալի-Բաբա մահմետականն իբր յիշատակ: Մօտ 25 տարի յառաջ Թիֆան-դաղիս վերայ բուքից խեղդուած են 164 մահմետական ճանապարհորդներ: Քանի՜ առատ են այստեղ որսալու քօշեր եւ ուլեր, որք հօրաններով վազվզում են աջ ու ձախ:

Եօթներորդն, որ ունի հանգստատար ճանապարհ հիւսիսից հարաւ անցնելու եւ ստացած է պատմական եւ քաղաքական հանրահռչակ նշանակութիւն, Դարբանդի անցքն է: Ինչպէս տեսանք` ամրափակուած է եղել անցքը ծովեզերքից մինչեւ Բալաքեան չինական պատուարի նման ամուր պարիսպներով, անմատչելի բուրգերով, երկաթեայ դռներով եւ ամրագոյն պահակներով: Անցքս մերձաբնակ ազգերի, քաղաքի, ամրութեան եւ դռների անուններով ստացած է զանազան դարերում այլ եւ այլ անուններ, ինչպէս են «Դրունք Ալանաց» [1] «Դրունք Կասպից» [2] «Դուռն Ճորայ» [3] Կապան Ճորայ» [4] «Կապան Չողայ» [5] «Պահակ ճորայ» [6] «Դրունք Չողայ, Դուռն Չողայ». [7] «Դուռն Աղուանից, Դուռն Խազրաց, Դուռն Հոնաց» «Կապանք, Դարբանդ» [8] «Դուռն երկաթեայ (Դեր-Բէնտ))» «Բաբ-էլ-աբուաբ (դրունք դրանց)» «Դամուր-ղափու» [9] եւ այլն:

Համարեա թէ Հայաստանի, Վրաստանի եւ Աղուանից երկրի եւ մինչեւ անգամ Պարսկաստանի ապահովութիւնն հիւսիսային ազգերի արշաւանց նկատմամբ կախուած էր սոյն բերդերի, պահակների եւ դռների ամրութիւնից: Քանի որ ողջ էին հայոց Արտաշէս, Մեծն-Խոսրով եւ Մեծն-Տրդատ թագաւորներն, Աղուանից թագաւորութիւնն եւ Ջուանշիր-իշխանն, չէին համարձակւում հիւսիսային ազգերն աներկիւղ արշաւանք գործել դէպի Աղուանից եւ Հայոց երկիրն: Բայց երբ մեռան սոքա, այնուհետեւ երբեմն պարսից եւ երբեմն յունաց Հերակլի դրդմամբ արշաւում էին հիւսիսայինք եւ մեծամեծ վնասներ պատճառում Աղուանից եւ Հայոց երկրներին: Այս դռներով յաղթանակաւ անցան Ալանաց, Խազրաց, Բասլաց եւ Հոնաց երկիրներն` հայոց Սմբատ զօրավարն եւ Վաղարշ, Մեծն-Խոսրով եւ Մեծն-Տրդատ թագաւորները:

Դարբանդ քաղաքի գոյութիւնն աւելի է 2000 տարուց եւ միանգամայն հռչակաւոր` իւր պատմական եւ քաղաքական անցեալով: Քաղաքիս երկար ժամանակ տիրեցին հայերն, Ա. դարից մինչեւ Ե. դարի սկիզբն` աղուանք, Ե. դարում` պարսիկները, Զ. դարում` խազիրք, Է. դարում վերստին պարսիկները, Ը. դարում` արաբները, ԺԱ. -ԺԲ. ` Աղուանից Սենեքերիմ եւ Գրիգոր թագաւորներն, ապա Լանկ-Թամուրն, ապա պարսիկներն եւ հուսկ ուրեմն` ռուսներն:

Մեծ տարաձայնութիւն կայ Դարբանդի եւ իւր պարիսպների հիմնադրի մասին: Ահագին պատուարով ամրափակել եւ բոլորովին խզել Եւրոպայի հիւսիսային հաղորդակցութիւնը Ասիայից: Այսպիսի մի նշանաւոր հանճար յատկացնում են ոմանք միայնԱղէքսանդր Մակեդոնացուն: Այս կարծեաց նպաստում են եւ հայոց պատմագիրներից ոմանք: Ագաթանգեղոս (եր. 26) գրած է. «Սկսանէր Խոսրով Ա. թագաւորն հայոց... բանալ զդրունս Ալանաց եւ զիւրոյ պահակին, հանել զզօրս Հոնաց»: Յայտնի երեւում է խօսքերիցս, որ Վաղարշի եւ Խոսրովի ժամանակ արդէն կային թէ' Դարբանդի բերդերն եւ թէ' երկարաձիգ պարիսպն պահակներով հանդերձ: Այդպէս է վկայում եւ Խորենացին «ուր ածեալ է զպարիսպն Դարբանդայ աշտարակ ահագին ի ծովուն կացեալ»: Իսկ Ղեւոնդ պատմագիրն (եր. 40-41) գրած է. «Զօրավարին Մսլիմայ... եկեալ եւ մարտ եդեալ ընդ զօրս հոնաց, որ ՚ի Դարբանդ քաղաքի` հարին զնոսա եւ հալածեցին, եւ քանդեալ աւերեցին զդղեակապարիսպ ամրոցին: Եւ մինչդեռ քանդէին զպարիսպ ամրոցին` գտին վէմ մի մեծ ՚ի հիմունս նորա, որ ունէր վերնագիր դրօշմեալ օրինակ զայս. «Մարկիանոս [10] ինքնակալ կայսր շինեաց զքաղաք եւ զաշտարակս զայս բազում տաղանդօք յիւրոց գանձուց. եւ ի յետին ժամանակս որդիքն Իսմայէլի քակեսցին զսա եւ յիւրեանց գանձուց վերստին շինեցին»: Եւ իբրեւ գտին զդրօշմ գրոյն... դադարեցին ՚ի քանդելոյ զպարիսպն եւ կացուցեալ գործավարս ՚ի վերայ` վերստին շինեցին զկործանեալ պարիսպն»: [11] Մի քանի տարի առաջ Օդեսայի «ընդհանուր պատմութեան եւ հնախուզութեան» անդամ Կարայիմ Ֆիրկովիչն փորել է տալիս Դարբանդի հարաւային կրկնապարսպի դրան ներսի կողմը եւ գտնում է մի մեծ քար յունարէն արձանագրութեամբ, որոց սկզբնատառերն եղած են A. M: Ռուսաց ճանապարհորդ պ. Ի. Բերեզինան . հատ. եր. 22) գրում է. «Ես տեսայ աչքերովս Գ. Բուչկիեւի մօտ . . վաղեմի հնութիւն Դարբանդի վերաբերեալ, մահից պաշտպանուելու գործիք (թուր), որ կարդացուեցաւ A. եւ M (Աղեքսանդր Մակեդոնացի)»: Վերջապէս պ. Ի. Բերեզինան յենլով այդ երկու փաստերի վերայ (քարի եւ թրի արձանագրութեան) Ալեքսանդրեան դղեակ եւ Ալեքսանդրեան պարիսպ է անուանում փոքրիկ դղեակը եւ երկարաձիգ պարիսպը:

Իսկ ժամանակակից Եղիշէն (եր. 247) եւ ականատես Կաղանկաjուեացին (եր. 105) պարիսպներիս շինութիւնը յատկացնում են պարսից թագաւորներին: «Որպէս եւ յոյժ իսկ տրտմեալ էր թագաւորն (Չարն Յազկերտ), ո'չ միայն ընդ աւեր աշխարհացն եւ ընդ անկանիլ զօրացն, եւ եւս առաւել ընդ աւերել պահակին, զոր ՚ի բազում ժամանակաց հազիւ ուրեմն կարացին շինել, որ եւ այնմ ժամանակի դիւրաւ առաւել քանդեցաւ (՚ի քաջն Վարդանէ Մամիկոնեան)»: «Բազում ծախիւք թագաւորանց պարսից մաշեալ էր զաշխարհս իւրեանց` գումարելով ճարտարապետս եւ հնարելով ազգի ազգի նիւթս ՚ի շինուածս մեծասքանչ գործոյն, որով փակեցին աղխեցին ընդ լեառն Կովկաս եւ ընդ մեծ ծովն արեւելից»: Սեբ. (եր. 28) գրում է. «Այս Խոսրով Նուշիրաւան . . . կապեաց զպահակն ճորայ եւ Աղուանից»:

Այդ հատուածները մէջ բերելով բնաւ նպատակ չունինք ձեռնամուխ լինել այս կնճռոտ խնդրին, որ ցարդ անլուծանելի մնացած է ամէն ազգի հետազօտողներից, այլ միայն ներկայացնել ազնիւ բանասիրաց մի քանի հեղինակների գրածները, մինչեւ որ պարզէ ինքն ժամանակն այս մթութիւնները:

Բայց անտարակուսելի ճշմարտութիւն է, որ հայոց Վաղարշ, Խոսրով եւ Տրդատ թագաւորների ժամանակ արդէն կային Դարբանդի բերդերն եւ պահակների երկարաձիգ պարիսպն: Ճշմարիտ է նաեւ որ, ըստ Եղիշէի եւ ըստ Կաղանկատուացաւ, պարսից թագաւորներն հիմնաւոր նորոգութիւններ արած են Դարբանդի բերդերին եւ պարսպին: Ստույգ է, որ Արաբացիք եւս քանդած եւ վերստին շինած են: Այդ բոլոր նորոգութիւններն ակներեւ նշմարւում են պարիսպների եւ բերդերի վերայ, բացի դղեկից, որի գոյութիւնն խիստ հին է եւ մնացած է ամփոփոխ: Իսկ մնացեալ բերդերի եւ պարիսպների վերայ որոշակի երեւում են տարբերժամանակների, տարբեր քարերի եւ տարբեր ճարտարապետութեանզանազանութիւններն: Ապացուցանում են այս ամէնը պարսկերէն եւ արաբերէն արձանագրութիւնները եւ առիւծի անդրին: Անյայտ է մնում, ուրեմն, միայն սկզբի հիմնադիրն քաղաքիս եւ բերդերիս:

Դարբանդի Բ. բերդի հիւսիսային պարսպի արտաքին որմի վերայ, Պ. Անդրէաս Զաքարեանի պարտիզում, գտանք մի քանի տառեր, որք սերտ նմանութիւն ունին Մեսրոպեան գրերի ձեւերին: Հաւանական է, որ լինին Աղուանից լեզուի գրերից, զորս նույնութեամբ ընդօրինակելով դնում ենք  այստեղ:

 

  

Արտաքոյ քաղաքին` Քառասնից դրան հիւսիսային կողմում, կայ Ղրխլար կոչուած արաբական հանգստարանն, ուր ամփոփուած են 40 արաբներ, որպէս թէ պատերազմում մեռած: Տապանաքարերն, որոց երկարութիւնն է 10-12 թիզ, զարդարուած են արաբերէն արձանագրութիւններով: Սոցա անուամբ կոչուած է դուռն, որ ասւում է Ղրխլար-Ղաբու (դուռն քառասնից):

Վերնաբերդի արեւելեան դրան հարաւակողմում կայ երեք գերեզման, նոյնպէս արաբական արձանագրութեամբ, յորոց մին է Սպանդիար-Նայիպին, միւսն` Մուհամմատ-Համզային, իսկ երրորդն` Շէյխ-Աբու-Իսախին:

Ինչպէս Դարբանդում ծնած էր Աղուանից թագաւորութիւնն Ա. Վաչականով, նոյնպէս Դարբանդում մեռնում է Աղուանից թագաւորութիւնն Գրիգոր թագաւորով ԺԱ. դարի վերջում կամ ԺԲ-ի սկզբում:

Դարբանդում կայ 150 ծուխ հայ, որի մէջ են 310 արական եւ 314 իգական: Տարեկան միջին հաշւով լինում է 39 ծնունդ (19 արական, 20 իգական) 5 պսակ եւ 15 ննջեցեալ: Հայերն գաղթած են մեծ մասամբ Արցախից, Շամախուց եւ Ղզլարից: Ծանր է ամրան Դարբանդի օդն եւ կլիման:

Հայք, որ բնակում են Բ. մասում, ունին նոյն մասում մի նորաշէն, խաչաձեւ, միջակ մեծութեամբ եւ սրբատաշ քարով շինուած եկեղեցի` Ամէնափրկիչ անուամբ: Տաճարիս հիմքը ձգած է ծխական ժողովուրդն հին եկեղեցուն եղած գումարով եւ գետնից բարձրացրած մօտ 3 կանգուն: Իսկ մնացեալ մասերը ամբողջապէս աւարտած են իւրեանց սեպհական ծախքով` բարեպաշտ Սարգիս եւ Ստեփան եղբայրք Կաճկաճեանցներն: Իսկ ոսկեզօծ եւ գեղեցկագոյն խաչկալը եւ մեծ կաթուղիկէն շինել տուած է բարեպաշտուհի տիկին Կաճկաճեանցն: Զանգակատունը իւր վայելուչ կաթուղիկէովն շինել տուած են պատուարժան Առաքել Բաբայեանց եւ Յովհաննէս Փանեանց: Արձանագրութիւններն տակաւին փորագրուած չեն, միայն եկեղեցու հարաւային կողմում` վերեւի քիւին մօտ, մի քարի վերայ գրուած է «Կառուցաւ 1869-ին»:

Եկեղեցին ունի միայն մի քահանայ` արժ. Տէր-Աբրահամ Սպանդունի, եւ 2250 րուբ. դրամագլուխ, որից 1800 րուբ. բանկային տոկոսաբեր եւ ներքին փոխառութեանց արժէթղթեր են, իսկ մնացեալն` պատրաստի դրամ: Ունի նաեւ միդասեան ծխական վարժոց «Մարիամեան» անուամբ, ուր ուսանում են 5 աշակերտ եւ 19 աշակերտուհի, մի կրօնուսոյց, մի աւագ ուսուցիչ, մի վարժուհի, մի ընթերցարան մօտ 500 կտոր գրքերով եւ 2300 րուբ. դրամագլուխ: Ընթերցարանն ստանում է տարեկան 10 լրագիր, օրագիր, եւ շաբաթաթերթ` հայերէն եւ ռուսերէն լեզուներով:

Պ. Կ. Մելիք-Շահնազարեանցի մօտ կայ մի հայրապետական կոնդակ ղրկուած Կարնեցի Ղուկաս կաթուղիկոսից 1782-ին: Գեղեցիկ եւ դիւրաւ վերծանելի է նոտրագիրն եւ յղկուած` թուղթն: Սոյն կոնդակով հայրապետն յայտնում է Դարբանդցի Մահտեսի-Վարդանին, թէ աթոռապատկան գործերը կարգադրելու համար ղրկում է Էջմիածնից «Յակովբ հանճարաշատ վարդապետը»:

Դանակերտցի պ. Սարդար Իսաղուլեանցի մօտ տեսայ նաեւ մի ոսկեայ, բոլորշի, ճակատակալ կանացի զարդ, որի ծանրութիւնն է 7 մսխալ: Կանացի զարդիս վերայ փորագրուած են խորհրդաւոր նշաններ: Մի երեսին քանդակուած են ոմն երիտասարդ եւ ոմն օրիորդ նշանուողների երկու միացեալ աջ  ձեռներն: Ձեռների վերայ վերեւից նայում է ամէնահայեաց ակն աստուածային, որի շուրջն փորագրուած է «Նախախնամութիւն աստուածային»: Միացեալ ձեռներից ներքեւ կայ երկու կլորաձեւ եւ մի քառակուսի սեղան, որից միոյն վերայ դէմադէմ կանգնած եւ կտուց կտցի տուած են երկու սիրատու աղաւնիներ: Միւս սեղանից ցոլանում է լուսաճաճանչ, բայց խորհրդաւոր հուր: Իսկ մէջտեղի քառակուսի սեղանի վերայ դրուած է մի պատարագի սկիհ, որից բարձրանում է վէտ ՚ի վէտ աստուածային սուրբ կրակ:

Իսկ միւս երեսին փորագրուած են երկու պսակուողների պատկերներն, որք կանգնած են եկեղեցում ձեռք-ձեռքի տուած: Վերեւից ինքն Աստուածութիւնն օրհնում է պսակադրութիւնը սոյն խօսքերով. «Սուրբ ամուսնութիւն եւ եղիցին երկուքն ՚ի մի»: Փեսայի ոտների տակ կան Գ. Ո. Լ., իսկ հարսի ոտների տակ` միայն Հ. տառն: Երեւի թէ առաջին գրերն փեսայի անուան եւ ազգանուան սկզբնատառերն են, երկրորդն`միայն հարսի անուան: Երկոցունց մէջ կան Ո Մ տառերն, որ է հայոց ռմբ. եւ Փրկչական 1753 * թուականն եւ մի սեղան` որ վառուած է սուրբ սիրոյ կրակով ՚ի նշան հաւատարիմ ամուսնութեան: Ներքեւ գրուած է. «Լաւ են երկու քան զմի» «Մին մինին. իմ կատարեալ... » [12]

Ոսկեայ զարդիս շրջապատն զարդարուած է եղել թանկագին քարերով, որք թէեւ չկան այժմ, բայց որոշ յայտնի են ջարդուած տեղերն: Պարոն Իսաղուլեանցին ծախողն եղած է Գուրի խանութեան յետագաներից, այս է` Իւսուֆ-Խանի թոռներից ոմն: «Մին մինի» բառերն յաճախ գործ են ածում Արցախի եւ Մեծ-Սիւնեաց բնակիչներն եւ այս տեղերից այլ եւ այլ տեղեր գաղթող ժողովուրդն: Հետաքրքիր միտքն ենթադրում է, որ յատկապէս շինուած զարդս եղած է կամ Արցախեցի եւ կա'մ Մեծ-Սիւնեցի ոմն իշխանի հարսին ճակատակալն: Դեռ մինչեւ ցայսօր Արցախի եւ Մեծ-Սիւնեաց կանայք համանման ոսկի զարդեր կախում են շարած ոսկիների մէջ, որ կոչւում է տեղական բարբառով ճակատակալ կամ միջանոց ոսկի: Երեւի թէ պատերազմների ժամանակ կողոպտուած է զարդս կամ գողացուած եւ ծախուած է Գուրի խանին:

Կայթաղ Տապասարանի պ. գաւառապետ Կնեազ-Մակաեւի մօտ տեսայ հետեւեալ հնութիւնները.

Արծաթ դրամներ

 

8 հատ միատեսակ, մուրաքւոր. թագաւորի պատկերով խիստ հին անգիր եւ անթուական դրամներ:

7 » միատեսակ, սիւնաւոր եւ անթուական դրամներ:

3 » Հայոց Լեւոն թագաւորին, որոց մի երեսին գրւոած է «Ողորմութեամբն աստուծոյ» եւ միւս երեսին «Լեւոն թագաւոր Հայոց»:

3 » միատեսակ Քիւֆի դրամ:

1 » գեղեցիկ պատկերով եւ եւրոպական տառերով գրուած «Լէօբօլդ 1677»:

1 » Ա. Շահ-Աբասի օրով կտրուած:

2 » մեծ դրամ Շահ-Սուլթան-Հիւսէյինի օրից:

 

Պղինձ դրամներ

 

35 հատ պնձեայ դրամներ, որոց մեծ մասն անգիր եւ անթուական, բայց մին միայն կրում է ս. Գէորգի պատկերը:

Դարբանդի տեղական նշանաւոր բերքն եղած է տորոն ներկի արտահանութիւնն: Մինչդեռ մի քանի տարիներ առաջ տորոնի փութն ծախուած է 9-11 րուբլի, վասնորոյ եւ մշակուած եւ լայնածաւալ գետիններ: Յանկարծ իջնում է 1 փութ տորոնի գինն 1-2 րուբլի, վասն որոյ սնանկանում են բազմաթիւ անձինք եւ տորոններն ցարդ մնում են հողերի տակ: Գների անկման պատճառ եղած է ալէզար կոչուած եւրոպական հանքային ներկն:

Այժմ տեղական գլխաւոր բերքն է գինի: Տորոնից զրկուած ժողովուրդը մի քանի տարի առաջ սկսած է զբաղուիլ այգեգործութեամբ. այնպէս որ այժմ 7 քառակուսի վերստ տեղ տարածութիւն ունին փառաւոր մշակուած այգիներն: Գինիներն, որ բաւական լաւ են եւ դուրալի, ծախւում են թէ' իւր իսկ տեղում եւ թէ' Ռուսիայում:



[1] Ագաթ., եր. 26 եւ 624:

[2] Խոր., Բ. Գիրք ՁԶ. գլ.: Ղեւոնդ եր. 160:

[3] Խոր., Բ. ԿԵ. գլ.:

[4] Խոր., Բ. ԿԵ գլ.:

[5] Խոր., Գ. Գիրք ԺԲ. գլ.:

[6] Եղիշ., եր. 19, 178 եւ 387: Եւ Ղեւոնդ եր. 41 եւ 101: Սեբ. եր. 28 եւ 69:

[7] Մով. Կաղ., եր. 110 եւ 148:

[8] Մատ. Ուռ., եր. 278:

[9] Առաք., Վարդ. եր. 68:

[10] Մակեդոնացի են գրում ոմանք, ինչպէս է Վարդան աշխարհագիրն:

[11] Միեւնոյն խօսքերը կրկնում է եւ Կիրակոս (եր. 37). բայց գրում է «Մակւոն կայսր»: «Մակւոն» է գրում եւ Ասողիկն:

* Բնագրում` 1751 (ծան. հրատ. ):

[12] Բառն մնաց մեզ անընթեռնելի: