Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓՈՓՈԽՄՈՒՆՔ

 

Այսչափ քաղաքական եւ կրօնական փոփոխութիւններն յառաջ են բերում Աղուանից երկրում մեծամեծ փոփոխութիւններ: Երկար դարերի հոլովումն, տիրող կառավարութեանց փոփոխութիւններն եւ հնչիւնների տարբեր ձայներն եւ այլ եւ այլ պատմագրաց գրիչներն հետզհետէ դրոշմում են միեւնոյն տեղանուան վերայ տարբեր անուններ: Օրինակ Գարգարացւոց բնակութեան տեղին, որ սկզբում կոչուած էր Գարգար [1], հետզհետէ ընդունում է Արցախ [2], Փոքր-Սիւնիք [3] Խաչենք, եւ Ղարաբաղ [4] անունները:

Ահա այսպիսի փոփոխութեանց ենթարկուած են նաեւ բոլոր գաւառների, քաղաքների, աւանների եւ գետերի անուններն եւս: Մեր յարգելի բանասէրները եւ ազնիւ ընթերցողները ծանօթացնելու համար այսչափ բազմափոփոխ տեղանուանց հետ, պարտք համարեցինք կրել տաժանելի, բայց համբերատար նեղութիւն եւ դասաւորել այստեղ գաւառների եւ քաղաքների նախկին, փոփոխեալ եւ այժմեան անունները:

Բայց նախ հարկ է կանխաւ պարզել մի խնդիր, որն ո'չ միայն ցարդ մնացած է մթութեան մէջ, այլ եւ պատճառած է մեծ շփոթութիւն: Որպէսզի մեր յարգելի բանասէրք եւ ընթերցողք ազատ լինին շփոթութիւնից, կարեւոր համարեցինք նախ բացատրել շփոթութեան շարժառիթները եւ ապա դասաւորել գաւառների փոփոխեալ անունները: Ահա շփոթութեան պատճառը: -Աղուանից երկրում կայ երկու Գարդման գաւառ: Ինչպէս միւս պատմաբանները, նոյնպէս եւ Կաղանկատուացին եւ շարայարողն անխտիր գործ դրած են Գարդման գաւառ անունը առանց զանազանելու մէկը միւսից: Որովհետեւ երկու գաւառներս հեռի են իրարից երեք աւուր ճանապարհաւ. որովհետեւ երկոցունց մէջ եւս նստած են ջոկ-ջոկ ցեղերից իշխաններ, եւ որովհետեւ երկոցունց մէջ եւս կատարուած են պատմական գործեր եւ իրողութիւններ, վասն որոյ պարտք համարեցինք որոշակի մատնանիշ անել տեղերը: Արդէն յայտնի է Արցախի Գարդման գաւառի տեղին, որի մէջ միշտ գահակալած են հայազուն իշխաններ, ինչպէս տեսանք Դ. դարի իշխանաց շարքում «Գարդմանայ տէր»-ը:

Այժմ ծանօթանանք միւս Գարդման գաւառին, որ մին է Շամախու գաւառներից եւ գտնւում է սոյն քաղաքի արեւմտեան կողմում եւ որն այժմ կոչւում է Գիրդիման: Գարդմանիս նախկին իշխաններն էին Առանի իշխանական տոհմի յետագաներն, որք յորջորջւում էին Առանձահիկ կամ Եռանշահիկ տիտղոսով: Գրում է Կաղանկատուացին. Զ. դարում Սասանեան «Միհրանն այն ազգային Խոսրովու (արքային պարսից)... առեալ երդս իբրեւ երեսուն հազար, անցանէ ՚ի կողմն Աղուանից... կամէր մտանել ՚ի Խազիրս եւ յաւելուլ ՚ի թշնամիսն (Խոսրովու): Նա (Խոսրով). իսկ եւ իսկ առնէ գիր... զկնի Միհրանայ, թէ «Եղբա'յր իմ եւ հարազատ, մի' լիցի քեզ հեռանալ յինէն թշնամութեամբ... ուր հրովարտակդ իմ հասանէ, երկիրդ այդ քեզ լիցի ՚ի բնակութիւն...: Եւ ի գալ հրովարտակին պատահի նմա ի սարոտն գաւառին Գարդմանայ, զոր առեալ ընթերցաւ եւ լի եղեւ ուրախութեամբ: Եւ տեսեալ զբարեխառնութիւն աշխարհին` հաճեցաւ ՚ի նմա լինել բնաբար. եւ շինեաց յիւր անուն քաղաք մի` [5] կոչելով զնա Միհրաւան: Իսկ ՚ի գալ գարնանային աւուրցն ելանէ ի վեր կոյս Գարդման գաւառին, դաւով առ ինքն կոչէ ՚ի գլխաւորացն արս երկոտասան, սրով բառնայ զնոսա եւ տիրէ աշխարհին... Լինի սորա (Միհրանայ) որդի Արմայէլ, որ ծնաւ զՎարդ, Վարդ ծնաւ զՔաջն-Վարդան, որ շինեաց զբերդն Գարդմանայ զերիս ամս, եւ ՚ի նենգելն ՚ի սիրտ իւր` զնախնական ազգս Հայկազնեայց զԵռանշահիկս... կոչէ որպէս ՚ի ճաշ... եւ ՚ի ճաշի անդ արեամբ նոցա արար գլխատումն արանց վաթսնից... Այսպէս եղեւ նոցայն տիրել Աղուանից: Նաեւ (Քաջն Վարդան)զվայրասուն ազգն Կովկասու հնազանդեցոյց ինքեան» (Մով. Կաղ. եր. 135-136):

Այժմ պարզուած է մթութիւնն: Այսուհետեւ գործ կածենք Շամախու Գարդման եւ Արցախի Գարդման տեղանունը, որպէսզի այլեւս տեղի չտայ տարակուսութեան, շփոթութեան եւ երկմտութեան:

Հաւանական է երեւում մեզ, որ աճած լինին Արցախի Գարդմանի բնակիչներն, որոց մի մասն` տեղի նեղութեան պատճառաւ, տեղափոխուած եւ իւր նախկին գաւառի անունը դրօշմած լինի Շամախու Գարդմանիս վերայ: Նմանօրինակ դէպքեր անպակաս եղած են ամեն երկիրներում, որոց մասին աւելորդ ենք համարում բերել օրինակներ:

Աղուանից բուն գաւառներն իւրեանց բնական դիրքով բաժանուած են երեք մասի` ստորին, միջին եւ վերին: Անհրաժեշտ է հետեւել բնութեան սոյն բաժանմանց:

Ա. Ստորին գաւառներն, որք ամբողջապէս դաշտային են, ընկած են Կուր գետի ձախ ափերի եւ Բօզ-դաղ լեռնաշղթայի մէջ` Կասպից ծովեզերքի կողմից մինչեւ Քանդակ գիւղը:

Բ. Միջին գաւառներն ընկած են Բօզ-դաղի վերայ` սարիս շարունակութեան դիրքով:

Գ. Վերին գաւառներն ընկած են Բօզ-դաղի եւ Կովկասեան ամենաբարձր լեռնաշղթայի գագաթնագծի շարունակութեան մէջ` Շամախու արեւելեան կողմից մինչեւ Ալազան:

 



[1] Ցարդ եւս Գարգար է կոչւում այն գետակն, որ սկիզբն է առնում Զառիստ գաւառի լեռներից, բաժանում Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում գարգարացւոց դաշտի միջով եւ խառնւում Կուր գետին:

[2] Խոր. Գ. գիրք. Գ. գլ.: Ասող. եր. 65 եւն:

[3] Մով. Կաղ. եր. 272: Ասող. եր. 107, եւն:

[4] Առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որը գործածած է Թովմ. Մեծոբ. (եր. 20) 1388 թուին:

[5] Այժմ քաղաքատեղին կոչւում է Աղ_սու, որ գտնւում է Շամախուց 36 վերստ ներքեւ սարի ստորոտում: Թէեւ գիւղ է Աղ_սուն, սակայն դեռ երեւում են քաղաքի պարսպի մնացորդ հետքերն