Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ԳԱՒԱՌՆԵՐ

 

Գրած է Խորենացին (եր. 609-610) «Փայտակարան յելից կայ Ուտիոյ առ Երասխաւ. գաւառս ունի երկոտասան, զոր այժմ Ատրպատական ունի, Հրաքոտպերոժ, Վարդանակերտ, Եւթնփորակեան բագինք, Ռոտիբաղա, Բաղանռոտ, Առոսպիժան, Հանի, Աթլի, Բագաւան, Սպանդարանպերոժ, Որմսդպերոժ, Ալեւան: Լինի ՚ի նմա բամբակ անբաւ եւ գարի ինքնաբոյս»: Հարկ է յայտնել, որ մի քանի ձեռագրերում գրուած են. «Հրաքոտ Պերոժ, Վարդանակերտ, Եւթնփորակեան բագինք, Ովտիբաղա, Քաղանոստ, Բուռոս, Պիճանհանի, Աթշի, Բագաւան, Սպանդարան Եպերոժ, Որմզդեպերոժ, Ալաւան»: Վերջին հաշւովս լինում է 13 գաւառ: Այս սխալն իսկոյն երեւում է Սպանդարան, Եպերոժ անջատեալ անունների մէջ, որ է սխալ գրչագրի, ուղղագրութիւնն է Սպանդարան-Պերոժ կամ Սպանդարանէպերոժ, ինչպէս է Որմզդէպերոժն: Ուրեմն այս հաշւով վերստին լինում է 12 գաւառ: Փայտակարան էր կոչւում ամբողջ նահանգն Փայտակարան քաղաքի անուամբ: Կուր եւ Երասխ միախառնուելուց յետոյ` բաժանւում են վերստին եւ այնպէս թափւում ծովը: Երկու գետերի եւ ծովի մէջ ընկած չորն ձեւացած է եռանկիւնի կղզեակ: Ահա կղզեկիս վերայ եղած է Փայտակարան քաղաքն, որ այժմ կոչւում է Սալեան:

Փայտակարանի այն գաւառներն, որք ընկած էին Երասխ գետի աջ ափերի վերայ մինչեւ Կասպից ծովն, ինչպէս են Հրաքոտպերոժ, Առոսպիժան, Սպանդարանպերոժ, Որմզդ պերոժ, Աթշի եւ Պիժանհանի [1] (Ատր-Պեջան), արտաքոյ են Աղուանից երկրի սահմանից, հետեւապէս եւ մեր հետախուզութիւնից: Մենք միայն կը խօսենք այն գաւառների մասին, որք գտնւում են Աղուանից հողի վերայ:

  Մնացեալ վեց գաւառներից որոշակի յայտնի են մեզ Վարդանակերտն, որ այժմ կոչւում է Ջաւատ, Փայտակարանն, որ անուանւում է Սալեան, Բագաւանն` Բագու, Եօթնփորակեան բագինն` Սուրախանի, Ալեւանն` Աւշառան:

 



[1] Գաւառներիս անունները տեսնել ցանկացողն կարող է գտնել Ղեւոնդ պատմագրի եր. 101: