Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹԱԼԱԲԻ

 

Ղուբայի գաւառապետ բարձ. Անդրէյ Միխայէլովիչ Ստափչանսկին այցելեց մեզ Ղուբայում եւ հարցուց. Արդեօ՞ք հանգիստ եւ անվնաս գնացիք եւ վերադարձաք»: - «Այո', Ձերդ բարձրապատւութեան զգուշաւոր հոգատարութեան շնորհիւ բոլորովին հանգիստ եւ անվնաս: Ուրեմն բարեհաճեցէք ընդունել ամէնախորին երախտագիտութեանս հաւաստին»:

Ի միջի այլ հարցերի յայտնեցինք հանգստարանների դրութիւնը եւ խնդրեցինք պատուիրել մահմետականաց, որ գոնէ այսուհետեւ անխղճաբար չկողոպտէին ննջեցելոց քարերը (ինչպէս խնդրած էինք Գուրի գաւառապետի օգնական ազնիւ Օհանջան-բէկից): Խոստացաւ իսկոյն եւեթ կատարել մեր խնդիրը: Ապա յուսադրեց զմեզ, թէ Քիլվարի ճանապարհն երկիւղալի չէ, այսու ամէնայնիւ ՚ի պատիւ Ձեր այժմ Ձեզ հետ կ՚ղրկեմ երկու արքունի, զինեալ, քաջ ձիաւորներ: Վերստին յայտնեցինք մեր խորին յարգանքը: Փոխադարձ այցելութիւն տուած ժամանակ բարձր. գաւառապետն ցանկութիւն յայտնեց ներկայ գտնուիլ Քիլվարի եկեղեցու օծման հանդիսին: Մեծ սիրով ընդունեցինք այս առաջարկութիւնը եւ արտայայտեցինք խորին շնորհակալութիւն այն զգացմանց համար, զորս ունէր առ հայոց ժողովուրդն եւ եկեղեցին: Բայց խնդրեցինք, որ սպասէր եւ խոստացանք օծումից 3 օր առաջ հրաւիրել նամակաւ նորին բարձրապատւութիւնը:

Խօսելով հրաժարական քարոզը հեռացանք Ղուբայից, որից մինչեւ Քիլվար, ասացին, 35 վերստ է վերի ճանապարհով: Համարեա' թէ շարունակ անցանք տանձենեաց եւ խնձորենեաց պարտէզների միջով: Այս ճանապարհն անցնում է փոքր-լեռնաշղթայի եւ կովկասեան մեծ-լեռնաշղթայի միջեւ ընկած հովիտների միջով: Բնակիչք առհասարակ մահմետական են: Ճանապարհի կիսումն է Թալաբի գիւղն: Իջանք գիւղիս հոգեւոր գլուխ Ահմատ-Աղա-Ախունդի տունն, որ մի յարգելի անձնաւորութիւն է եւ բաւականին զարգացած: Թալաբին կրկին է` Վերին եւ Վարին: Ախունդն առաջնորդեց մեզ անձամբ հանգստարանն, որ շատ հեռի չէ Վարի-Թալաբուց: Գտանք միայն հետեւեալ արձանագրութիւնները` եւ այն գետնից փորելով եւ հանելով.

«Աստ փոխեցաւ ՚ի Քրիստոս... թ. ՇԷ»:

« Այս քար, Աստուած ողորմի... թ. ՈՂ»:

Աստուած ողորմի Մխիթարիս... թ. ՋՀԸ [1] »:

Մի կիսատ քարի վերայ քանդակուած է նետ եւ աղեղն: Քարերը կրկին թաղել տուինք հողում: Աւելորդ է կրկնել, թէ տարած են հանգստարանիս քարերի ամէնամեծ մասը, միայն մնում են այժմ հողով ծածկուածներն:

Վերին եւ Վարի-Թալաբներն մօտ են իրարու. բայց եկեղեցին շինուած է Վերի-Թալաբում: Կիսաւեր է եկեղեցին, որ ցանկապատուած է դժնիկ փուշերով, աւերակը մաքուր պահելու համար:

Պատմեց ինքն Ախունդն, թէ «ոմն մահմետական մի քանի տարի առաջ կամէնում է սեղանի ետեւից քարեր քանդել եւ տանել, բայց իսկոյն ծռւում է պարանոցն եւ սկսում է սաստիկ տագնապիլ: Այս պատճառաւ մորթում են մատաղներ եւ վառում մոմեր, ապա վերստին ուղղւում է պարանոցն, վասնորոյ նոյն մահմետականն ամէն տարի ամրացնում է ցանկապատը եւ շատ հիւանդներ տանում եւ վառում են հաւատով մոմեր եւ առողջանում»:

Եկեղեցուցս փոքր-ինչ հեռի կայ լայնատարած հայ հանգստարան, որոց մէջ կան նաեւ շատ քահանայից գերեզմաններ: Գրեթէ մահարձան քարերից կէս մասը տարած են...:

Վերադարաձանք մեր հիւրընկալի բնակարանն, Ահմատ-Աղա Ախունդն, որ ՚ի պատիւ մեր ոչխար մորթել տուած եւ կերակուր պատրաստել տուած էր, ճաշի վերայ, մեր խնդրանօք, սկսաւ պատմել. «Անցեալ տարիներում վախճանուեց 110 տարեկան ոմն ծերունի, որ յաճախ պատմում էր, թէ. «Գիւղումս 500 հայոց տուն կար եւ 5 քահանայ: Խեղճ հայերն, ձանձրանալով լէկզիների յաճախակի աւարառութիւններից եւ նեղութիւններից, մօտ 100 տարի առաջ (Զուբովի ժամանակ) փակեցին եկեղեցու դռները, մեծ, փոքր լալով համբուրեցին նորա սեմերը եւ գնացին Ռուսիա: Բայց ութը գերդաստանն յետ բերին` աղաչելով եւ թախանձելով: Այս 8 գերդաստանը յետոյ բռնի մահմետական դարձրին, որք աճելով բազմացան այսչափ: Եկեղեցին մնում էր միշտ կանգուն եւ մեզանից շատերն գաղտնի գնում էինք, մոմեր վառում եւ հայերէն աղօթքներ անում: Եթէ գիւղերումս դեռ լսում եք հայերէն անուններ. «Արթին ուշաղի, Բաղդասար ուշաղի, Օհան օղլի» եւն, պատճառն այն է, որ դոցա հայրերն եւ պապերն, հայ եղած են»: Այժմ երկու գիւղերումս կայ 330 տուն, որ բազմացած է 8 տնից: Եկեղեցին շարժից փլած է: Ահա այս է գիւղիս հայոց մասին ճշմարիտ տեղեկութիւնն»:


[1] Եղծուած էին կէտադրեալ տեղի բառերն: