Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՐԵՒՈՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ [1]

 

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ: Կասպից եւ Սեւ ծովերի մէջ` արեւելքից արեւմուտք, ձգուած է Կովկասեան հսկայ լեռն: Նոյն դիրքով սարիս հիւսիսային կողմից ձգուած են նաեւ պարք լեռնաշղթաների, որք աստիճանաբար ցածանալով մօտենում են ծովին: Ծովեզերքից նայողին թւում է, թէ մի բնութենաստեղծ վերելակ սանդուխ են այս աղխաղխեալ լեռներն, որ դրուած են հիւսիսից հարաւ, որոց վարի աստիճանն է ծովեզերքի փոքր լեռն, իսկ վերինն` վերջին ձիւնապատ սարն: Մէն մի լեռ ճիւղաւորուելով` կազմած է գրեթէ անհամար լեռնակներ, լեռնաբազուկներ, ձորեր եւ ձորակներ, կիրճեր եւ վիհեր: Բայց Հայաստանի լեռների նման անտառապատ եւ կանաչազարդ չեն Կովկասեան լեռների հիւսիսային լեռնաշղթաներն, այլ ամենաբարձրների գագաթներն ծածկուած են մշտապատ ձիւներով, իսկ մնացեալ մասերն եւ միանգամայն լեռներից եւ բլուրներից շատերն, լերկ, անզարդ, ապառաժ եւ ժեռ քարադէզեր են: Բայց տեղ-տեղ կան տարբեր մեծութեամբ հովիտներ, լեռնահովիտներ եւ սարահարթեր, որք երեւում են կանաչազարդ եւ սիզաւէտ: Միայն կայ մի դաշտ, որ տարածուած է ծովեզերքով Ղզլարի կողմից դէպի Դարբանդ, ուրեք-ուրեք լայն դիրք ստացած եւ ուրեք ուրեք նեղ դիրք: Ամենամեծ հովիտն է Թամիր-խան-Շուրայինը:


ՀՈՂ. Համեմատական ճիշտ հաշուով` Դաղստանի ամբողջ տարածութեան հարիւրից հինգ մասն միայն պիտանի հող է, իսկ մնացեալ 95 մասն` անպէտք եւ անօգուտ, վասն զի ապառաժոտ, աւազոտ եւ քարոտ լեռներ եւ ձորեր են: Արդիւնաբեր են միայն դաշտերի, ջրարբի հովիտների եւ սարահարթերի հողերն: Արդիւնաբերութեան քանակութիւնը իմ յարգելի ընթերցողաց եւ ազնիւ բանասիրաց ճշտիւ հաղորդելու համար` յայտնում եմ, որ ցորենի եւ գարու մի սերմը կամ մի հատիկը հողն աւելացնում է հնգից ո'չ նուազ եւ 15-ից ո'չ աւելի:


ԳԵՏԵՐ. Կան 3 գլխաւոր գետեր - Ղարա-Ղոյսու, Սալթի-Ղոյսու եւ Աւար-Ղոյսու, որ սկիզբ են առնում ձիւնապատ լեռներից, անօգուտ հոսում խոր-խոր ձորերով, միախառնուելով կոչւում Սուլակ եւ թափւում Կասպից ծովն: Գետերս ընդունում են իւրեանց աջ ու ձախ կողմերից օժանդակ գետակներ, վտակներ եւ առուներ: Հարկ է յայտնել, թէ բացի գետերիցդ կայ եւ 2 փոքր գետ. մին թափւում է ծովը Դարբանդի եւ Պետրովսկի միջով. իսկ միւսն հոսում է երկու Քեաֆուր-Ղումուխների միջով: Վերջինս է, որ դարձնում է շատ ջրաղացներ եւ ջրում պարտէզներ եւ բանջարանոցներ: Բայց դժուարանում ենք որոշել, թէ երկու գետերիցս ո՞րն է նախնիքներից Խազիր կամ Խազր կոչուած գետը: Ընդհանրապէս սակաւ է ջուրը շատ տեղերում. բայց լաւ են աղբիւրների ջուրերն առհասարակ:

ՓԱՅՏ. խիստ սակաւ են անտառներ եւ ծմակներ: Մայր ծառերի ընտիր անտառներ միայն գտնւում են ձիւնապատ լեռների հիւսիսային ստորոտներում եւ լանջերում. մանաւանդ Աւար-Ղոյսու գետի ակունքներում: Ինչպէս Կուր գետը սալերով շինութեանց համար փայտեղէն է մատակարարում Թիֆլիսին, նմանապէս Աւար-Ղոյսուն` Միջին-Դաղստանի մեծ մասին: Հազիւ թէ ուրեք-ուրեք երեւում են թուփեր եւ մացառներ, բացի յիշեալ անտառիցն: Սակայն հարկ է յայտնել, որ հովիտներում տեղ-տեղ աճեցնում են բարտի ծառեր:


ԿԼԻՄԱ. Բարեխառն է ամրան ծովահայեաց տեղերի օդն եւ կլիման. ծանր եւ վնասակար` մեծ հովիտների օդն եւ կլիման. գովելի եւ առողջարար` փոքր հովիտների եւ սարահարթերինը. խիստ եւ անախորժ` մեծ սարերինը:


ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ. Լեռնային Դաղստանում ճանապարհորդողն ստիպուած է շարունակ բարձրանալ օձապտոյտ եւ տաղտկալի ճանապարհներով լեռների գլուխներն եւ նոյնանման ճանապարհներով իջնել խոր-խոր ձորերի հովիտների մէջ: Ասես թէ անսպառ են աղխաղխեալ լեռներ եւ լեռնագօտիներ, խճճուած, մճճուած, խճողուած, կցկցուած, փաթաթուած, անջատուած եւ ճեղքուած լեռներ, լեռնակներ, բլուրներ, բլրակներ, թումբեր, ձորեր եւ ձորակներ: Ռուսաց տիրապետութիւնից յետոյ Պետրովսկից մինչեւ Ղունիբ եւ Խունձախ եւ Ղալի-Ղումուխ հարթուած են թումբեր, պատառուած լեռներ, լցուած ձորեր, շինուած երեւելի կամուրջներ եւ պատրաստուած արքունի պողոտայ եւ խնամքով շինուած խճուղի: Ընտիր են փոշտի ձիերն, ընտել` կառավարներն եւ վայելուչ` կայարաններն:


ԲԱՐԲԱՌՆԵՐ. Զորօրինակ Դաղստանում կան շատ տարբեր ցեղեր եւ զանազան ազգեր, նմանապէս կան եւ շատ տարբեր բարբառներ, որոնց գլխաւորներն են անտիական, աւարական, բոթլիխական, թոքիտական, ղումուխական եւ աղ-ղօշական բարբառներն: Այս բարբառներն այնքան զանազանւում են իրարից, մինչեւ անգամ չեն հասկանում միմեանց ասածները եւ խօսածները: Եւ զորօրինակ հայոց, վրաց եւ ուտեաց բարբառներում յաճախ գործածական են ծ, ձ, խ, ղ, հ, ճ, ջ, եւ ք ձայներն կամ տառերն, որք գրեթէ անգործածելի են եւրոպական շատ բարբառներում կամ գործածելի են սակաւ ուրեք, յաճախակի գործածական են Դաղստանի բարբառներում: Այս մերձաւոր նմանութիւնը քննելն արտաքոյ է մեր նպատակից, վասն որոյ թողնում ենք մասնագէտ լեզուաքննիչներին:


ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ. Դաղստանում աւանդութիւն կայ, որպէս թէ իւրեանց առաջին նահապետ Կովկասն եղած է Յաբեթի ցեղից եւ Հայկ նահապետի եղբայրն [2]: Այս պատճառաւ որպէս թէ լէկզիները պատուիրում են որդւոց որդի ո'չ վնասել հայոց, ո'չ սպանել հայ անհատ. բացառութիւն են վրէժխնդրութեան դէպքերն (անցեալն ապացուցանում է հակառակը): Որպէս թէ Հայկի եւ Կովկասի մերձաւորութեան պատճառաւ այնքան մօտ են հայոց, որ եղբօրորդի են անուանում հայերին: Որպէս թէ սոյն մերձաւորութեան պատճառաւ հայոց թագաւորներից մի քանիսն (Արտաշէս եւ Տրդատ) ամուսնութեան կապով յարգեցին նախնի արիւնակցութիւնը:


ԿՐՕՆ. Հաւանական է, որ Դաղստանի նախնի կրօնն եղած լինի տարրապաշտութիւն կամ կռապաշտութիւն, ինչպէս եղած էին իւր դրացի ազգերինն: Հիւսիսային Կովկասի նախնի ցեղերն (որոց մասին է մեր խօսքը) մերթ Եւրոպա արշաւելով եւ մերթ Ասիա, տեսնում էին այս երկիրների պաշտած առարկաները եւ ընդօրինակում, ինչպէս Հայաստանն եւ այլ երկիրներ` Յունաստանից: Դեռ Է. դարում լեռնականներս ունէին կռոց մեհեաններ, պաշտելի ծառեր, հսկայի արձան Թանգրի-խան-աստուած անուամբ, որին զոհում էին խորոված ձի: Ունէին նաեւ քրմապետներ, կախարդներ, վհուկներ եւ քաւդեայք: Բաց յայսցանէ պաշտում էին կրակ, կայծ, ջուր, լուսին, եւ այլն [3]: Կաղանկատուացին գրում է նոյն գլուխներում, թէ Աղուանից իշխանների խորհրդով ղըրկուեցաւ այս կողմերն Իսրայէլ եպիսկոպոսն, որ քարոզելով հաւատացնում է Քրիստոսին ժողովուրդը. կործանում կուռքերը, կտրել տալիս պաշտելի ծառը, շինել տալիս խաչեր, տնկել տալիս շատ տեղերում եւ տարածում հայադաւան քրիստոնէութիւնը:

Ը. դարում` 737-ին, արշաւում է այս կողմերն Եզիտ Բ. խալիֆայի զօրավար Աբու-Մսլիմն, որ թրի եւ քարոզի ուժով տարածում է մահմետական կրօնը: Լեռնային լէկզիներն աշակերտելով կոչւում են Ղազի-Ղումուխ, այս է` ախոյեան հաւատոյ ղումուխցիների դէմ. իսկ դաշտաբնակ եւ հովտաբնակ լէկզիներն -Բաշլի քաղաքի եւ շրջակայ գաւառների բնակիչներն, չընդունելով մահմետականութիւն` անուանւում են Քեաֆուր-Ղումուխ (անհաւատ Ղումուխ): Շատ ժամանակից յետոյ մահմետականութիւնն հետզհետէ տարածւում է` Դապասարան, Կայթաղ, Քեօբաչի, Աղ-Ղոշա եւ այլ գաւառներում եւս, որ եղած են հայադաւան եւ հպատակած Աղուանից կաթողիկոսութեան եւ միանգամայն համարուած Աղուանից երկրի գաւառներ: Այս է հներից Շրուան կոչուած երկիրը:

Մահմետական կրօնը թէեւ տարածուած է լինում Դաղստանում, սակայն բաժանուած է լինում շատ աղանդների: Ներկայ դարիս Բ. քառորդի սկզբում Շէյխ-Շամիլն, կամենալով ի մի ձուլել այդ բաժանուած աղանդները եւ հաւաքական ուժերով դիմադրել ռուսաց արշաւանքներին, հաստատում է միւդիւրական աղանդը: Շէյխ-Շամիլն հրաւիրում է բոլոր աղանդաւորների հոգեւոր գլուխները եւ աշխարհական երեւելիները եւ կազմում մեծ ժողով, որ Դաղստանի համար ընտրէ մի բանիմաց գլուխ: Եւ երբ միաձայն հաւանութեամբ շէյխ է ընտրւում ինքն Շամիլն, ասում է ժողովականներին. «Որովհետեւ իսլամների օրէնսդիր Մուհամատ մեծ մարգարէն ուղղակի աստուծուց իրաւունք ստացաւ օրէնքներ դնելու. որովհետեւ իւրաքանչիւր շէյխ սերուած է լինում նոյն մեծ մարգարէի յետագայ սուրբ սերնդիցն. եւ որովհետեւ անձիւր շէյխ յաջորդ է նոյն օրէնսդիր մեծ մարգարէին. ապա ուրեմն իւրաքանչիւր գլխաւոր շէյխ իրաւունք ունի ՚ի պահանջել հարկին դնել նոր օրէնքներ: Եւ որովհետեւ միաձայն հաւանութեամբ շէյխ ընտրեցիք զիս եւ ձեր ազատ կամքով գլուխ հաստատեցիք զիս, ապա ուրեմն ես եւս իրաւունք ունիմ սահմանել նոր օրէնքներ յօգուտ հայրենեաց եւ ՚ի պահպանութիւն մեր կրօնի: Բայց ինչպէս հնազանդուեցան մեր մեծ մարգարէի ասածներին զանազան աղանդաւոր ազգեր, ցեղեր եւ լեզուներ եւ նոյն իսկ մեր նախնիքն, դուք եւս նոյնպէս հնազանդելու էք իմ հաստատելիք օրէնքներին, որպէսզի լինինք մի սիրտ եւ մի հոգի եւ պաշտպանենք մեր ազատ հայրենիքը եւ կրօնը: Երբ ժողովականները միաձայն հաւանութեամբ արտայայտում են ընդունելութեան հաճութիւն, ապա Շէյխ-Շամիլն հաստատում է միւրդիւրական օրէնքը [4]:

  Շէյխ-Շամիլն, այսպիսով, յաջողում է միացնել դաղստանաբնակ աղանդները եւ զանազան ցեղերի սրտերը եւ նահատակ անուանել, որք սպանուելու են հայրենիքը պաշտպանելու պատերազմներում [5]:

  Արք եւ կանայք առո'ղջ, պնդակա'զմ, ժի'ր, աշխատասէ'ր եւ տոկո'ւն են: Շատ տեղերում, հողի եւ հարթ երկրի պակասութեան պատճառաւ ջարդած եւ կտրած են լեռներ, բլուրներ եւ ապառաժ քարալանջեր, հեռի թափած` հանուած քարակոյտերը, հող բերած ուրիշ տեղերից եւ լցրած կտրուած տեղերը եւ ցանած նոյն հողերի վերայ ցորեն, գարի, հաճար եւ եգիպտացորեն եւ ուրեք-ուրեք տնկած տանձի, խնձորի, դամոնի, ծիրանի եւ բարտի ծառեր: Այս տեսարաններն ներկայացնում են տեսնողներին ածուաձեւ սանդուխներ` դրուած ապառաժ սարերի եւ բլուրների լանջերին: Գետեզերքներում տեղ-տեղ մշակուած են եւ որթայգիներ. բայց թթու են լինում գինիներն` երկրի բարձրութեան եւ ցրտութեան պատճառաւ: Աւելի դիւրագրգիռ եւ զայրացկոտ են արականք, որք միշտ կրում են իւրեանց վերայ երկսայրիներ: Բայց յարգուած է սոցա մէջ հիւրասիրութիւնն իբրեւ սրբազան աւանդութիւն:


ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Իբր սրբութիւն յարգուած է բոլոր լէկզիների մէջ բարոյականութիւնն, ինչպէս նահապետական երկիրներում: Բայց այս յարգութիւնն ոչ եթէ յառաջանում է սրտի ազնւութիւնից եւ կրթեալ բանականութիւնից, այլ մահուան երկիւղից. որովհետեւ յաճախ սպանւում են անբարոյական արք եւ կանայք: Վերին աստիճան յարգուած է պատիւն. անպատւութեան դէպքերն բազմիցս լուծւում են սպանման վրէժխնդրութեամբ. այսինքն` պատիւ արատաւորողներն պատժւում են սպանուելով իւրեանց ոսոխներից: Միւս մահմետականաց նման` սովորութիւն չըկայ երես ծածկելու իգական սեռի մէջ (նամէհրամ), այլ քրիստոնէից նման ազատ են եւ արձակ ու համարձակ:

Համարեա' թէ լէկզիներն ընդհանրապէս չեն սիրում ուսում եւ կրթութիւն եւ դաստիարակութիւն (բացառութիւնն խիստ աննշան է): Գրեթէ իւրաքանչիւր ոք դաստիարակւում է միայն նորանով, ինչ որ տեսնում եւ սովորում է իւր ծնողներից, դրացիներից եւ ընկերներից: Ահա այս է ամեն ոքի ուսումնարանն, վարժոցն եւ կրթարանն, վասն որոյ վայրենի են շատ գիւղերի բնակիչներն: Միայն թէ սակաւ տեղերում հոգեւորականներն սովորացնում են տղայոց հասարակ կարդալ եւ արաբերէն լեզուով գրուած ղուրան: Հարկ է յայտնել, թէ խիստ սակաւ է ուսանողաց թիւն, զի կարդում են գրեթէ միայն նոքա, որք իբրեւ հոգեւորականների զաւակներ պատրաստւում են հոգեւորական լինելու ապագայում: Բայց Թամիր-խան-Շուրայում բացուած է տէրութեան ծախքով ռէալական եւ քաղաքական ուսումնարան (նմանապէս Պետրովսկում, Դարբանտում եւ մի քանի տեղերում`քաղաքական ուսումնարաններ), այսուամենայնիւ խիստ սակաւ լէկզի տղայք միայն են յաճախում: Քրէական յանցանք է համարուած լէկզիների մէջ իգական սեռի ուսում տալն, քանզի «կը փոխարկուին մարմնացեալ դեւեր... », Քեաֆուր-Ղումուխի օրիորդն, որ ուսանում է Պետերբուրգում, թէ ի՜նչ համարում ունի լէկզիների աչքում, թողում ենք ընթերցողաց իմաստասիրութեան:


ԱՐՈՒԵՍՏ. Դաղստանում ծաղկած են մի քանի ասիական արուեստներ: Արդէն շատ գիւղերում շինում են ասիական հրացան, ատրճանակ, երկսայրի, վառօդեղջիւր, վառօդշարան, դանակ եւ այլ գործիքներ: Շինում են նաեւ արծաթի զարդեր թէ' զինուց համար եւ թէ' արանց եւ կանանց համար: Մանաւանդ նշանաւոր է նրբագործ սաւատն եւ չիւթիշին` թէ' արծաթից եւ թէ' Վարշաւի արծաթից շինուած: Գաւառիցս են ելնում քեօբաչի կոչուած շալերն, որք ունին միխակի գոյն եւ թանկ արժողութիւն: Համարեա' թէ ամէն գիւղում կան դերձակներ, դարբիններ, կօշկակարներ, սափրիչներ, մուշտակակարներ, հիւսներ, որմնադիրներ, գլխակակարներ եւ այլն:

Հարկ է յայտնել, որ ամէն տեղ փայլում է իգական սեռի ճարտարութիւնն: Կանայք եւ օրիորդք մատնիլիկով մանում են ոչխարի, այծի եւ ուղտի բուրդ եւ գործում սպիտակ, երկնագոյն, մոխրագոյն, շագանակագոյն, սեւ, սեւագոյն, շիկագոյն, դեղանգոյն, եւն գուներով ընտիր շալեր, շինում են եափնջաներ, հիւսում գորգ, կարպետ, չուալ, խուրջ, գուլբայ եւ ձեռնոց: Որքա՜ն անխարդախ, ամուր, ընտիր եւ ազնիւ են մանաւանդ ծանրագին շալերն եւ երեւելի եափնջաներն: Հարկ է յայտնել, թէ Դաղստանի ոչխարն բոլորովին տարբերւում է իւր բրդի ազնւութեամբ եւ մսի քաղցրութեամբ Արցախեան, Արարատաեան եւ Շիրակեան գաւառների ոչխարներից. իսկ այծն` իւր մազերի փափկութեամբ եւ երկարութեամբ: Ոչխարի եւ այծի բուրդը եւ մազը ոչ թէ խուզում են ուրիշ տեղերի նման, այլ քաշում եւ հանում են ձեռներով:


ԶԳԵՍՏ. Բացի պաշտօնական արանց հագուստներից, որ ռուսաց ծառայութեան մէջ են, առ հասարակ տեղական ձեւով ձեւուած եւ կարուած են բոլորի զգեստներն: Արականները ծածկում են երկարածիլ եւ գեղագանգուր մազերով գառնենի գլխարկ, հագնում են շալ կէյմէ, կուրծքը կոճակներով միացած արխալուղ, չիթէ կամ կտաւէ շապիկ, նեղ անդրավարտիկ, սպիտակ կամ սեւ գուլպայ եւ պարզ տրեխներ կամ ոտնամաններ: Իգական սեռի հագուստն գլխովին տարբեր է միւս բոլոր մահմետական կանանց զգեստներից: Երկար շապիկ, երկար արխալուղ, փաթաթուած եւ լաչակներով ծածկուած գլուխներ -ահա կանանց զգեստներն, որք ըստ ամենայնի սերտ նմանութիւն ունին Արցախի կանացի զգեստներին: Թէ' արականք եւ թէ' իգականք ձմրանը հագնում են ոչխարենի երկար մուշտակներ եւ ամրանը` կարճ:


ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ. Թէեւ Դաղստանն համարուած է մասն Եւրոպայի ըստ աշխարհագրական բաժանմանց, սակայն իւր կերակուրներն ամենեւին նման չեն եւրոպականին, այլ գլխովին ասիականին, մանաւանդ հայկականին, բացի խնկալ կերակրից: Պարզ եւ նահապետական են լեռնականացս կերակուրներն, որք են թերախորով կամ խաշած ձու, ձուազեղ, եփած հաւ, վառեկ, կաթն, մածուն, պանիր, կարագ, կաթնաւ, թանաւ, չորթանաւ (քալակեօշ), խաշիլ, շփոթ, խաւիծ, խաշու ոտնագլուխ, հարիսա, խճողակ (տոլմա), կլոլակ, (քյուֆթա), խորոված, տհալ, փլաւ եւ այլն: Թոնրահաց, գաթայ, բլիթ, թերթերուտ, հասալի, լօշ (եուխայ) հալուա եւ այլն: Բայց պատուաւոր կերակուրն է խնկալն, որը եփում են չորս տեսակ` մսի կամ հաւի ջրով, որոց մէջ լինում են բռնաչափ խմոր, ընկուզաչափ խմոր, քառակուսի, բայց մատնաչափ հաստ խմոր եւ մանր ու բարակ ջարդած խմոր: Ոսկրահան են անում միսը` լաւ եփելուց յետոյ, մանր ջարդում նոյն միսը, խառնում իւր մսաջրի հետ, լցնում եւ խմորը (չորսից կամեցած տեսակը), եփում միասին եւ ապա ուտում ծեծուած սխտորով:

ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ. Համարեա' թէ ներկայ դարումս ոչ մի տեղում այնքան աւելի չէ որդեծնութեան աճումն, որքան Դաղստանում: Բնաւ մուտք գործած չէ այստեղ եւրոպական տնաւեր մոդան -ուշ ամուսնանալու սովորութիւնն եւ վերադիր դրամ կամ այլ ինչ տալու կանոնն: Այստեղ չկան 50 տարեկան ամուրի երիտասարդներ եւ 40 տարեկան օրիորդներ, որք (կորուսած լինելով որդեծնութեան ժամանակը` ապարդիւն է մնում ամուսնութիւնը) ըստ օրինի չեն ծառայում մարդկութեան աճելութեան նպատակին: Այլ այստեղ ամուսնանում են երիտասարդներն 20-25 տարեկան հասակում եւ օրիորդները` 15-17 տարեկան: Բացի ապահարզանի որոշեալ գումարից, որը ամուսնացող երիտասարդները շէրի կոչուած օրէնքով պարտաւոր են վճարել կնոջ` արձակած միջոցին, ամուսնանալու ժամանակ իբր բաշլըղ [6] վճարում են (ըստ կարողութեան) նշանուած օրիորդի ծնողաց նաեւ 15-80 ռուբլի, եւ ապա ամուսնանում: Աճելութեան պատճառն է բնութեան պահանջած ճանապարհով ամուսնանալը: Բազմակնութիւնը թէեւ ընդունած են շատ մահմետական ցեղեր, բայց ծաւալ չունի այստեղ: Հազիւ թէ գտնուի հարիւրից հինգ մարդ, որ ունենայ 2 կին: Աւելի յարգուած է միակնութիւնը:

 
ՄԱՔՐՈՒԹԻՒՆ. Տակաւին մուտ գործած չէ լէկզիների մէջ մաքրասիրութիւնն, որ մին է առողջապահութեան գլխաւոր պայմաններից: Ընդհանրապէս աղտոտ են գիւղացւոց տուները, որք շինուած են խիտ առ խիտ: Ամէն տեղ երեւում են ձախուծուռ եւ նեղ փողոցներ, անկարգ եւ անկանոն սրահներ եւ տձեւ ու անճաշակ հիւղեր: Անսարք եւ անկարգ են տնամիջի կահ ու կարասեաց դասաւորութիւնն, անօթների եւ գործիքների զետեղումն եւ անմաքուր` բնակարանների յատակները: Աւելի անմաքուր են անկողիններն եւ փոխնորդներն եւ բոլոր զգեստները: Ոչինչ չենք գրում բակերի եւ փողոցների դրութեանց մասին, զի ընթերցողք կարող են գուշակել:


ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ԵՒ ԳԻՒՂԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ. Չնայելով այս անմաքուր կենցաղավարութեան, սակաւ են հիւանդներ: Գոգցես լեռնասուն օդի զօրեղ մաքրութիւնն մաքրում եւ հալածում է անմաքրութեանց թունաւոր ներգործութիւնը: Եղած հիւանդութեանց գլխաւոր տեսակներն են` ծաղիկ, կարմրուկ, խաւարթ, փորահարութիւն, հազ, չուպան, սաթալջամ, եաթալաղ (տիֆ), պօկուռեցք, դող, ջերմ (հովիտներում) եւ այլն: Բժշկութիւնները կատարում են փորձառու արք, պառաւ կանայք եւ սափրիչք` զանազան միջոցներով: Բայց մահն տանում է իւր բաժինը:


ՀԱՅԿԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ. Ասես թէ Դաղստանում դեռ կենդանի՜ են հայկական յիշատակնե'ր, որք իբրեւ անմահ, բայց խօսուն արձաններ ողջունում են հայ այցելուաց: Հայոց Սմբատ Մամիկոնեան զօրավարի յիշատակն, որ Արտաշէս Բ-ի հրամանաւ արշաւեց հայկական զօրքով, գերեվարեց բազմաթիւ ալան գերդաստաններ եւ տարաւ Հայաստան (Խոր Բ., գիրք, ԾԲ. գլ. ): Դեռ անմահ է հայոց Վաղարշակ թագաւորի յիշատակն, որ անցնելով Ճորա կապանից հալածեց խազրաց զօրքը, թէեւ մեռաւ քաջութեամբ եւ զինքը զոհ բերաւ Հայաստանի համար (Խոր., Բ. գիրք, ԿԵ. գլ. ): Դեռ կենդանի է Խոսրով-Մեծի քաջագործութիւնն, որ իւր հօր մահուան վրէժը լուծելու նպատակաւ անցնում է Կովկաս սարից, լուծում իւր հօր մահուան վրէժը, առնում հարիւրից մին պատանդ եւ կանգնում հելլենացի գրով արձան (Խոր., Բ. գիրք, ԿԵ. գլ. ): Տակաւին գոգցես խօսում է Քաջն-Տրդատ թագաւորի դիցազնագործութիւնն, որ միջակտուր անելով Բասլաց թագաւորը` անցնում է Հոնաց երկիրն, իւր հետ միաբանում հիւսիսային ազգերը, առնում պատանդներ եւ դառնում յաղթանակաւ (նոյն գիրք ՁԵ. գլ. ): Նմանապէս Քաջն-Վարդան Մամիկոնեանի եւ Աղուանից Վաչէ Բ. թագաւորինն (Եղիշե. եր. 247 եւ 387): Կարծես թէ այս երկրում տակաւին լսւում են Աղուանից Գրիգորիս կաթուղիկոսի, Հոնաց Յունան եւ Իսրայէլ եպիսկոպոսների քարոզներն (Մով. Կաղ. եր. 30, 43 եւ 192):

Ասես թէ լեռների գլուխներին եւ ձորերի ու հովիտների մէջ դեռ լսւում են Կնեազ-Մատաթեանցի, Մովսէս Արղութեանցի, Յովհաննէս Եղիազարեանցի (Լազրեւի) եւ Տէր-Աստուածատրեանցի արձակած ահարկու հրամանների ձայներն եւ յաղթանակների փառաց համբաւները:

Վերադարձանք  Թամիր-խան-Շուրա, մի քանի քարոզներով մխիթարեցինք հայ ժողովուրդը, խորին շնորհակալութիւն յայտնեցինք գերազնիւկնեազ Նիկոլայ Ճաւճաւաձէին եւ ուղեւորուեցինք դէպի Դարբանդ: Շնորհակալութիւն յայտնեցինք նաեւ արժ. Գէորգ քահանայ Փարեմուզեանցին, որ օգնած էր մեզ այս գործում անձնուիրաբար:



[1]                Կարեւոր տեղեկութիւններն չէ վերաբերում միայն միջին_Դաղստանին, այլեւ բոլոր Դաղստանին:

[2]                Ստեփ. Օրբել. Ա գլ. եւ Վարդ. Բարձրբերդցի եր. 124 հաստատում են աւանդութիւնս, երեւի թէ Լէկզիներիցս առնելով: Սակայն Կ. Վ. Շահնազարեանն գրում է. «Տարաձայնութիւն մեծ է առ հին եւ նոր մատենագիրս ի մասին ստուգաբանութեան լերինս (Կովկասու): Նախնի Հայք` ըստ Եղիշէի (եր. 133. ) ըստ Սեբէոսի (եր. 64) եւ ըստ Մովսիսի Կաղանկայտուացւոյ . 2), Կապկոհ կոչէին զայն. որդիք յանուն Կովկասու` նորաստեղծ եղբօրն Հայկայ` Կովկաս անուանեն» յառաջաբանի Պատ. աղ. եր. 8): Իսկ Բ. հատ. եր. 78 գրած է նա. «Հայկ, որ ի սկզբանէ անտի միածին համարեալ էր հօր իւրում Թորգոմայ, յետ ի վերայ անցանելոյ 300 եւ աւելի ամաց` ստացաւ, ըստ վկայելոյ Ստ. Օրբելեանց եւ նմանեաց իւրոց, այլ եւս եղբայրս եւթ (եօթն)` Քարթլոս, Բարդաւս, Մովկան, Լեկան, Հերաւս, Կովկաս, Եգրէս»:

[3] Մով. Կաղ. հատ. Բ. գլ. ԼԹ. Խ. ԽԴ.:

[4]                Այս օրէնքով պարտաւորւում է իւրաքանչիւր արու անհատ (թէ' հոգեւորական լինի եւ թէ' մարմնաւորական), որ զինւոր լինի կրօնի եւ հայրենեաց պաշտպանութեան համար եւ մէն մի լեռնական աղանդաւոր ձուլուի ՚ի մի սիրտ եւ ՚ի մի հոգի:

[5]                Սպանուածներն ընդհանրապէս ամփոփուած են ճանապարհների աջ ու ձախ կողմերում, որպէս զի «Աստուած ողորմի» ասեն անցորդներն: Հաւատացնում են, որ պատերազմում սպանուածների թւում եղած են եւ պատերազմող կանայք, բայց առնացի հագուստներով:

[6]                Նահապետական սովորութեամբ սրբագործուած եւ դարերի ընթացքում աստուածադիր օրէնքի ոյժ ստացած է բաշլըղ տուրքը, որ կար եւ Հայաստանում: