Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՉՈՂԱ  Ա  ՄԱՅՐԱՔԱՂԱՔ  ԱՂՈՒԱՆԻՑ

 

Թէպէտ Դարբանդն է Աղուանից երկրի նախադուռն եւ հիւսիսային սահմանի ծայրն, որից հարկ իսկ էր սկսել, սակայն կարեւոր համարեցինք նախադասել Չողան, վասն զի քաղաքիս անուամբ ճանաչուած է ի հնումն Դարբանդ բերդաքաղաքն. օր. ` Դուռն-Ճորայ, Կապան-Ճորայ, [1] Պահակ-Ճորայ, [2] քաղաք-Չողայ, Դուռն-Չողայ [3] եւ այլն:

Դարբանդից մօտ 1 1/2 ժամ ճանապարհ դէպի հարաւ, Վատնեան դաշտի վերայ, եղած է Աղուանից Ա. մայրաքաղաքն Չողայ մի գետակ ի աջ եզերքում: Այժմ քաղաքիս տեղը մի շէն է Մոլլա-Խալիլ անուամբ, որ բաղկացած է 6 մահմետական տներից: [4] Այսու ամէնայնիւ բոլորովին անհետացած չեն քաղաքի նշանների հետքերը: Մոլլա-Խալիլից մինչեւ Հրէից աւանի գլուխն, 3 1/2 վերստ տարածութեան վերայ նոյն գետակի աջ եզերքով, երեւում են տնատեղերի բակերն եւ շինութեանց հետքերը, բայց ծածկուած խիտ անտառներով եւ թանձրամած մացառուտներով: Երեւի թէ քաղաքս ունեցած չէ պարիսպ Դարբանդի հրաշալի բերդաքաղաքի մօտաւորութեան պատճառաւ: Հրէից աւանն, որ աւելի է 150 ծխից, շատ տուներ շինուած են աւերակիս քարերով, նմանապէս եւ մերձակայ տաճկաբնակ գիւղերի տներից շատերն:

  Ա. դարում Եղիշ Առաքեալն քաղաքիցս սկսեց իւր քարոզութիւնը. «Մտանէ ՚ի Մազքութս (Եղիշա)... եւ սկիզբն առնէ քարոզութեան ՚ի Չողայ» (Մով. Կաղ. եր. 8): Քաղաքիս մօտ` գետակի ձախ ափում, նահատակուած է ս. Լուսավորչի թոռն եւ Աղուանից Ա. կաթուղիկոսն Գրիգորիս` Մազքթաց Սանեսան թագաւորի հրամանով (Մով. Կաղ. եր. 30): Նահատակութեան տեղի` հին մատրան տեղում բարեպաշտուհի եւ ազնուափայլ տիկին ոմն ի հրամանէ շինել տուած է սրբատաշ քարով եւ կրաշաղախ ցեխով մի գեղեցիկ եւ հոյակապ մատուռ, որի գլուխը ծածկել տուած է հաստ եւ կանաչաներկ թիթեղով: Մատուռս ունի մի փոքրիկ, բայց գեղեցիկ խորան, երկու խորհրդանոցներ, վէմ եւ օծեալ սեղան, վայելուչ բեմ, երկաթեայ ճաղերով անջատուած դասեր եւ հինգ լուսամուտ: Խաչաձեւ են եւ փորուած միակտուր քարերից արեւելեան եւ արեւմտեան լուսամուտներն. իսկ նեղ եւ ե'րկար են երկու հարաւային եւ մի հիւսիսային լուսամուտներն: Վերնակամարից կախուած է մի փոքրիկ վայելուչ եւ բիւրեղազարդ ջահ ժողովրդատեղի եւ ատենի մէջ տեղում: Մատրանս դրան ճակատակալ քարն (արեւմտեան կողմում) կրում է հետեւեալ արձանագրութիւնը.

«Ես Տիկին Եղիսաբէթ Կաճկաճեանց կառուցի մատուռս ՚ի յիշատակ իմ եւ ամուսնոյս: Տէր յիշէ մեզ, յորժամ բանք սպառին եւ գործք թագաւորեն, ՚ի 1879թ. Ք. (թուին Քրիստոսի)»: Օրհնեա՜լ լինի Տիկնոջ յիշատակն Սիօնի մէջ:

Մատրանս հարաւային կողմում կայ մի տապանաքար, որի վերայ փորագրուած է. «Այս է Սրբին ծառայող Խաչատուր Աղսախկալովին (տապանն) 1857թ. »: Հանգուցեալս, ըստ վկայութեան բազմաց, մօտ 40 տարի սպասաւորած է ս. Գրիգորիսի մատրանն եւ այս իսկ տեղում վախճանուած ու թաղուած:

Մեծ ուխտատեղի է մատուռս, ուր գալիս են ամէն տարի ուխտի մեծ բազմութիւն ո'չ միայն հայերից, այլ եւ լազկիներից, ձիաներից եւ սիւննուներից: Տարին երկու անգամ պատարագ է լինում մատրանս մէջ:

Որ այս տեղում եղած է Զորայ կամ Զողայ կամ Ճողայ եւ կամ Ճորայ թագաւորանիստ քաղաքն եւ ս. Գրիգորիսի նահատակութեան տեղին, վկայում է ականատես Կաղանկատուացին գրելով. (Իսրայել եպիսկոպոս եւ ընկերք իւր) «երթեալ ՚ի վաղնջուց ՚ի թագաւորանիստն, հասանէին կայանսն` յայն տեղին, ուր վկայեաց սուրբն Գրիգորիս կաթուղիկոսն Աղուանից: Անտի յետ աւուրց ինչ հասանէին ՚ի Դուռն Չողայ»: Մինչեւ Փրկչ. 551 թուական Աղուանից կաթողիկոսները նստում էին երբեմն այստեղ եւ երբեմն Դարբանդում, բայց «Յետ այսորիկ գերեցաւ ՚ի Խազրաց աշխարհս Աղուանից, հրկէզ եղեն եկեղեցիք եւ կտակարանք... յորժամ սկիզբն հայ թուականին եղեւ, ՚ի սոյն ամի փոխեցին զաթոռ հայրապետութեանն Աղուանից ՚ի Չողայ քաղաքէն ՚ի մայրաքաղաքն Պարտաւ վասն հինահալած արշաւանաց թշնամեաց Խաչին Քրիստոսի» (Մով. Կաղ. եր. 91):

 

ՀԱՆԳՍՏԱՐԱՆ ՉՈՂԱՅ ՔԱՂԱՔԻ

 

Հանգստարանս այժմ ճանաչւում է Պօղոս-Բուլաղ անուամբ: Հայանուն կրող աղբիւրս գտնւում է յիշեալ Հրէայ աւանից վերեւ եւ Ղուլլար կայարանից եւ մահմետականաբնակ գիւղից ներքեւ, Վատնեան դաշտի վերայ: Մի ծերունազարդ կաղնի ծառի արմատների միջից բղխում է բազկաչափ հաստութեամբ ցուրտ, քաղցրահամ եւ վճիտ աղբիւր: Աղբերականս աջ ու ձախ կողմերից, մի-մի քայլ հեռի, բղխում են երկու բարակ աղբիւրներ եւս, նոյնպէս երկու ծառերի տակից: Ահա այս է Պօղոս-բուլաղն, որոց վերայ բուսած տերեւախիտ ծառերի թանձր հովանիներն փայլ են տալիս աղբերականց վերայ եղած հարթին, որ իւր դալարագեղ եւ երփներանգ ծաղկունքներով, գոգցես ներկայացնում էր մի բնութենաստեղծ եւ միապաղաղ գորգ:

Պօղոս-Բուլաղի աջ ու ձախ կողմերում կան լայնատարած հանգստարաններ` զարդարուած հայերէն արձանագրութիւններով: Տապանաքարերից շատերը կլանած է երկիրն եւ անյայտացրած իւր ծոցում: Շիրմաքարերից շատերը ծածկած եւ անյայտացրած են վաղեմի անտառն եւ թանձրամած ծմակն եւ մացառուտն: Տեղ-տեղ երկճղի կաղնի ծառերն փոքրութիւնից բուսնելով տապանաքարերի երկու կողմերից եւ հետզհետէ մեծանալով, մարդաչափ եւ աւելի բարձրացրած են գետնից մի քանի քարեր: Իսկ տապանաքարերից ամէնամեծ մասը տարած են շրջաբնակ մահմետականներն, շինած բնակարաններ եւ շարած արքունի ճանապարհի կամուրջների վերայ` Դարբանդի մօտերքից մինչեւ Մեծ-Սամուր գետն, մօտ 35 վերստ տեղ: Այդ ամէնը տեսանք մեր իսկ աչօք եւ շատ ցաւեցանք:

Աղբերականց ձախ կողմում եղած են Աղուանից թագաւորների, կաթողիկոսների եւ թագաւորազունների գերեզմաններ: Շատերնի վերայ շինուած են եղել յատուկ մատուռներ եւ քարուկիր հանգիստներ, ինչպէս յայտնի երեւում է նշաններից: Սրբատաշ քարերն անյայտացրած են մահմետականաց անգութ ձեռներն. բայց հողերն գոնեա իբրեւ գորովագութ մայրեր` դեռ պահած են իւրեանց ծոցում մատրանց հիմքերը եւ գերեզմանների նշանները:

Իսկ աղբերականց աջ կողմում ամփոփուած են վարդապետաց, քահանայից եւ ժողովրդոց մարմիններն: Որպէսզի կարողանայինք ստուգիւ իմանալ թէ ո՞ր թուականից մինչեւ որ թուականն ամփոփուած էին այստեղ հայեր, ամբողջ հինգ ժամ հաւաքագրեցինք արձանագրութիւնները: Ութն կացնաւոր մարդիկ եւ եօթն բահաւոր անձինք շարունակ կոտորում էին հարկ եղած տեղերի ծառերը եւ մացառները եւ փորելով հանում հողում անյայտացած տապանաքարերը: Մեր գտած արձանագրութիւններից երեւեցաւ որ հայոց Ի թուականից մինչեւ ՌՄԽԴ. (571-1796 փրկչ. ) անընդհատ ամփոփուած են ննջեցեալներ: Այս մի հաստատ ապացոյց է, որ Աղուանից թագաւորական եւ կաթողիկոսական աթոռներն Չողայիցս Պարտաւ փոխադրուելուց յետոյ` Չողայաբնակ ժողովուրդն մնացած է իւր տեղում: Իսկ 1796-ին Դարբանդի եւ Ղուբայի քաղաքներում եւ գաւառներում բնակուող բոլոր հայերն ռուսաց Զուբով զօրավարի հետ գաղթում են Ռուսաստան եւ բնակութիւն հաստատելով մնում այնտեղ:

Ի յարգանս ազնիւ բանասիրաց մէջ ենք բերում մեր հաւաքագրած արձանագրութիւններից միայն հետեւեալը, որպէսզի ծանօթանան նաեւ ժամանակի անուններին:

«Պայեաթ թվ. հայոց Ի»:

Սավալան » » Լ»:

«Վարդան » » Խ»:

«Հասան » » Հ»:

Վախթանգ » » Ճ»:

Ըռստակէս երէց թ. հ. ՃԾ»:

«Տէր Մուքայէլ թ. հ. Մ»:

«Նազար թ. հ. ՄԾ»:

«Պետրոս վարդապետ թ. հ. Յ»:

«Բուլբուլ տիրացու թ. Ն»:

«Վահան է թ. Շ»: «Տրթադ է թ. ՈԱ»:

«Այս է տապան Նազարին թ. ՉԺ»:

«Այս է տապան Նշանգային (կնոջ գերեզ. ) թ. ՉՀ»:

«Յիշատակ է առ Աստուած Առաքելիս(Խաչարձանի շուրջն) թ. ՊԺԲ»:

«Այս է հանգիստ Մկրտիչ աբեղային թ. ՊԺԳ»:

«Խոջա Ստեփան ՊՀԷ»:

«Աւսալ

«Սուլթան

«Տէր Իսրայէլ յիշեցէք ՚ի Քրիստոս թ. Ջի»:

Գորգի տապան է թ. ՋՀԵ»:

«Այս է տապան Ամիրջանին թ. ՌՃԾ» (տապանաքարիս երկարութիւնն է 10 թիզ):

«Այս է հանգիստ Օրտուխանին թ. ՌՃԾ»: (Իսկ սորա վերայ կայ արեգակի եւ 4 ջրափարչի պատկեր):

«Այս է հանգիստ Թաթար-Խանին թ. ՌՃՀ»:

Սբ. խաչս յիշատակ է Պուճային»:

«Հանգիստ տէր Սարգսին (անթուական):

«Այս է հանգիստ Պօղոսին... » (ջնջուած է թուականն, գուցէ սորա անուամբ կոչուած է «Պօղոս-Բուլաղ»):

Աղուանից կաթուղիկոսներին ուղղած նամակների երեսներին գրում էին «Աղուանից, Լփնաց եւ Չորայ կաթուղիկոսի»: Ինչպէս տեսանք, վասն որոց հարկ է յիշեցնել, թէ «Չորայ» անուամբ հասկանում էին եւ Եռանկիւնում բնակող ժողովուրդը, որք հայադաւան էին այն ժամանակ։

 



[1] Խոր. Բ. գիրք ԿԵ. գլ.:

[2] Եղիշ. եր. 19 եւ 178 եւն:

[3] Մով. Կաղ. եր. 8 եւ 91 եւն:

[4] Ս. եպ. Ջալ. «տունք աւելի քան զհարիւր»