Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՓՆԱՑ ԵՐԿԻՐ

 

Ինչպես գիտենք կանխաւ, Լփնաց ցեղն բնակում էր եւ բնակում է այժմ Դաւաչի եւ Սուղայիդ գետերի, Կասպից ծովի եւ Կովկասեան մեծ- լեռնաշղթայի գագաթնագծի հիւսիսահաեաց լանջերի միջավայրերում: Լփնաց ցեղն այժմ կոչւում է Լահիճ եւ պահած է ցարդ իւր առանձին բարբառը, որի մասին յայտնած ենք առաջուց: Լփնաց երկիրն բաղկացած է լեռներից ու դաշտակներից: Լեռնամասերի արեւմտեան կողմերն գրեթէ կիսով չափ անպէտք ապառաժներ են, իսկ արեւելեան կողմերն շատ տեղերում կան պատուական վարելահողեր, խոտահարքեր, անտառներ, սքանչելի ամարանոցներ, նշանաւոր ջրեր եւ ամուր բերդեր եւ օգտակար հանքային ջերմուկ:

Համարեա թէ ջրարբի են դաշտային մասերն, որք են ծովի արեւմտեան ափերն: Բայց չորային եղած ամառներում պակասում են ջրերն եւ ցամաքում շատ հեղեղատներ: Դաշտային բերքերն են մետաքսի բոժօժ, բամբակ, որիզ, ցորեն, գարի, կորեկ, տանձ, խնձոր, ձմերուկ, վարունկ, եւն: Իսկ ընդհանրապէս գործում են գորգ, կարպետ, խուրջ եւ շալ:

Ճղբաց եւ Լփնաց գաւառներում կան մօտ 80000 բնակիչք, որոց նախնիքն եղած են հայադաւան:

Աղուանից Դ. ` իսկ Լփնաց Ա., բերդն գտնվում է Խալթան [1] մեծ գիղի հարաւային կողմի ձորում, ջերմկի ձորն սկիզբ առած է լանջի վերայ: Բերդս շինուած է կրաշաղախ ցեխով եւ խոշոր քարերով: Տակաւին կանգուն են պարիսպների շատ մասերն: Ամրոցս, որ իւր թիկունքը տուած է Կովկասեան մեծ եւ վերջին լեռնաշղթային, թէպէտ չունի ընդարձակ մեծութիւն, սակայն ունի ամուր դիրք, պատուական օդ ջուր եւ ախորժելի տեսարան: Շրջապատում երեւում են ապառաժ եւ քարեայ միապաղաղ լեռներ, մշտադալար գենի (գի) եւ ցրդնի ծառեր, սրածայր եւ ցից-ցից լեռներ:

Անյայտ են մեզ եւ բերդիս անունն եւ անցեալն:

Աղուանից Ե. ` իսկ Լփնաց Բ., բերդն գտնւում է Ալթի-Աղաճ անուն մալականի գիւղի արեւելահանդէպ եղած բարձր սարի գագաթի վերայ: Շամախուց Ալթի-Աղաճ 50 վերստ է: Փոքրութեան պատճառաւ կարելի է անուանել բերդակ կամ դղեակ, որ այժմ անուանւում է Ղըզ-Ղալա (Աղջկաբերդ): Արդարեւ փոքր է բերդակս, որ հիմնուած է քարուկիր շինութեամբ, բայց խիստ ամուր է եւ անառիկ: Ձուաձեւ բարձրացած եւ շրջապատից առանձնացած է բերդակակիր սարն, այնքան դժուարատար է բերդակի խիստ զառիվեր ուղին, որ հազիվ է կարողանում այցելուն բարշրանալ ոտով: Ունի հաստատուն պարիսպ, ապահով ամրութիւն: Հարաւային կողմերում տեսնւում են Սուղայիդ գետի լեռներն: Ալթի-Աղաճի ալեծածան արտօրայքն եւ խոտահարքերն, արեւելեան կողմում Աւշարան, հիւսիսային կողմում Ճղբաց եւ Լփնաց աղխաղխեալ լեռներն եւ արեւմտեան կողմում Ալթի-Աղաճի լեռներն եւ ամարանոցներն: Միայն հազար ափսո՜ս, որ չունի իւր մէջ խմելու ջուր: Չիմացուեցաւ անձրեւաջրով կառավարուած է բերդակս, թէ ունեցած է ստորերկրեայ ջրի ճանապարհ կամ գետնափոր յատուկ ջրամբար, որ այժմ անյայտնացած է` ծածկուելով փլատակով:

Քանդուած են իւր միջի շինութիւններն, որք եղած են միայն զօրանոցներ: Անյայտ է մեզ նմանապէս եւ դղեակիս իսկական անունն ու անցեալն:

 

ԼՓՆԱՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

 

Լփնաց մայրաքաղաքն, որի աւերակներն գտնւում են Շամախու հիւսիսային կողմում, իսկապէս Կովկասեան մեծ լեռնաշղթայի գագաթնագծի խոնարհած շարունակութեան վերայ, այժմ կոչւում է Ղըզ-Մեյդան, ուր բնակում են աղանդաւոր մալականներ:

Լփնիք ապստամբելով Աղուանից եւ Հայոց թագաւորութիւններից, յարում են պարսից եւ ձեռք բերում մի խախուտ եւ միայն անուանական թագաւորութիւն, որ փութով աներեւութենանում է ասուպ աստղի պէս: «Արշաւիր Արշարունի... հարկանէր եւ սատակէր զՎուրկն քաջ զեղբայր թագաւորին Լփնաց եւ զբազում համհարզս նորին ընդ նմին սատակէր» (Եղիշ. եր. 143):

Բայց հարկ է յայտնել, որ Լփնաց ամբողջ ժողովուրդն հաստատ մնացած էր իւր հայադաւան քրիստոնէութեան վերայ մինչեւ Է. դարի Գ. քառորդն, ինչպէս գրած է Կաղանկատուացին (եր. 189) (Իսրայել եպիսկոպոս եւ ճանապարհորդակիցք իւր) «Հասանէին ՚ի քաղաքն Լփնաց [2], ուր ընդ առաջ ելեալ նմա (եպիսկոպոսին) ամէնայն քաղաքացիքն` ընդունէին զնա խնդութեամբ ըստ կարգի եպիսկոպոսաց, մանավանդ զի մերձեալ էր տէրունական տօնն աստուածայայտնութեան. եւ մտանելով ՚ի քաղաքն երեկօթս արարեալ` անդէն կատարէին (զտօնն)»: Անյայտ է նաեւ քաղաքիս անունն:

 

ԱՒՇԱՐԱՆ

 

Աւշարանն իբրեւ երկրալեզու` հրուանդաձեւ մտած է Կասպից ծովի մէջ: Աղուանից երկրի այս մասն է միայն, որ ամբողջ մի աշխարհագրական աստիճան աւելի երկարած է դէպի արեւելք: Ծովն մտած երկրալեզուի ծայրն հասած է մինչեւ հիւսիսային 68 0, եւ արեւելային 40 1/2 աստիճանին Ֆէրրոյ կղզուց հաշուելով:

Երկրալեզուիս վերայ են Փայտակարանի Ալեւան, Եօթնփորակեան Բագին եւ Բագաւան գաւառներն, որոց մէջ բնակում էր հնումն Կասպից ցեղն: Ահա այս մի աշխարհագրական աստիճան տեղն է Աղուանից երկրի ամէնանշանաւոր կտորն, Բագուի փառքն ու պարծանքն եւ տէրութեան գանձարանի յորդառատ աղբիւրն: Երկրալեզուիս վերայ են աղահանքի լճակներն [3], նաւթահանքի հորերն եւ շինութեանց համար աժանագին կիր մատակարարող հրաբուղխներն: Տէրութիւնն նաւթային արդիւնաբերութիւնից ստանում է տարեկան 8, 000, 000 րուբլի մաքս: Բաց յայդցանէ տեղական բերքերն են նարինջ, լիմօն, ցորեն, գարի, խաղող, թուզ, քրքում (զափրան), ձմերուկ, վարունկ: Ընտանիքներն գործում են գորգ, կարպետ, չուալ, մափռաշ, խուրջ եւ շալ (արականաց վերնազգեստի համար), որք ստոր են Արցախի ոստայնանկութեան գործերից:

  Ալեւան գաւառն ընկած է երկրալեզուի ծովն մտած ծայրի վերայ, Եօթնփորակեան-Բագինն` միջնամասի վերայ, իսկ Բագաւանն` Եօթնփորակեան-Բագնի հարաւային եւ արեւմտեան կողմերի վերայ:

Ալեւան գաւառի ծովի մէջ մտած լեզուակի աջ ու ձախ կողմերում կան գեղեցիկ դաշտակներ, որք ընկած են ծովի եւ լեռների մէջ: Սոյն դաշտակներն թէեւ այժմ ծածկուած են պարտէզներով եւ ցանքսերով, այսուամէնայնիւ կորցրած չեն իւրեանց առանձնայատկութիւնը -բուսցնում են ինքնաբոյս գարի` ըստ ասելոյ Խորենացւոյն: Եւ ահա այս է պատճառն, որ դաշտակներս լի են վայրի սագերով, բադերով եւ այլ բազմատեսակ թռչուններով, զորս որսալով տեղաբնակ մահմետականներն` վաճառում են առատօրէն:

Խիստ բարեբեր եւ արգաւանդ են դաշտակներս ամէն տեսակ պտուղներով եւ բերքերով: Բնակիչք մահմետական են առհասարակ:

Ալեւանի լեզուակի ծայրն վերջացած տեղում հաստատուած է մի մեծ, ծովային լապտեր, որպէսզի գիշեր ժամանակ չվնասուին երթեւեկ նաւերն` զարնուելով լեզուակի սրածայր տեղին: Լապտերի մօտ կայ եւ առանձին հեռագրատուն, որ հաղորդակցութիւն ունի Բագուի եւ Դարբանդի հետ:

Եօթնփորակեան-Բագին գաւառի մէջ են հրաբուղխներն, նաւթահանքերն եւ աղահանքերն, որք կոչւում են Մասազի եւ Կուրդալան: Գաւառիս հարաւային կողմումն են Բզովնա հին գիւղատեղին, որը այժմ ամարանոց փոխած են բագուաբնակ մի քանի ունեւոր անձինք եւ տնկած գեղեցիկ այգիներ: Այստեղ կայ 2 հին մատուռ, քարեայ խաչարձաններ, քարից փորուած ցորենի հորեր, հնձաններ եւ հին հանգստարաններ: Կան արձանագրութիւններ, որոց թուականներն հասնում են մինչեւ հայոց Պ. [800] թիւն: Հայկական նշանններ երեւում են նաեւ գաւառիս մի քանի թրքաբնակ գիւղերում:

Սուղայիդ գետի ծովախառնրդից բաւական դէպի հիւսիս կայ Խտըր-Զնդան ապառաժ եւ հրաշակերտ լեռն` ցցուած ծովեզերքում: Խտըր-Զնդանի մի գագաթի վերայ եւս կայ մի հինօրեայ ամրոց: Այս է Աղուանից Զ. բերդն, որի անցեալն անծանօթ է մեզ:

Փայտակարանի Բագուան գաւառի մէջ է Բագու քաղաքն:

 

ԲԱԳՈՒ

 

Բագաւան գաւառի ծովեզերայ մասում շինուած է գաւառագլուխ Բագուն: Մօտ 30 տարի առաջ մի աննշան գաւառական քաղաք էր Բագուն: Բայց երբ սկսաւ զարգանալ նաւթահանութեան եւ սպիտակացնելու արուեստն, այնուհետեւ նահանգական քաղաք դարձաւ Բագուն: Այժմ Շամախին , Ղուբան եւ Սալեանն իւրեանց բոլոր գաւառներով ենթարկուած են քաղաքականապէս Բագուի նահանգապետութեան, իսկ հոգեւորապէս Շամախու առաջնորդութեան իշխանութեան: Նահանգագլուխ քաղաքի բարձրանալով Բագուն, շնորհիւ նաւթին, ընդարձակեց իւր հաղորդակցութեան ծաւալը ո՜չ միայն ամբողջ Ռուսաստանի հետ Կասպից եւ Սեւ ծովի միջոցաւ, այլ եւ Պարսկաստանի, Թուրքմանի, Բաթումի եւ արտասահմանեան երկիրների հետ` երկաթուղիների եւ ծովերի միջոցաւ: Բագուն այսպէս բարձրանալուց յետոյ ընդարձակուեցաւ բազմամարդ բնակիչներով եւ ընդարձակւում է օրէ ցօր: Աղեղնաձեւ եւ գոգաւոր ձգուած սարն ու ծովն իւրեանց մէջ ներփակած են Բագու քաղաքը, որի այժմեան երկարութիւնն է մօտ 8 վերստ` սկսեալ ռուսաց վերի եկեղեցուց մինչեւ Սեւ քաղաքի ծայրն եւ լայնութիւնն է 4 վերստից պակաս` ծովեզերքից մինչեւ լեռնալանջի վերջին բնակարանն: Բնակիչներն են հայ, ռուս, պարսիկ, թուրք եւն ու բազմաթիվ պանդուխտներ կովկասաբնակ ազգերից եւ մինչեւ անգամ արտասահմանեաններից:

Փայտակարանի Ա. եւ Աղուանից Է. բերդն է քաղաքիս ամրոցն, որ ունի կրկնապարիսպ բաւական մեծութիւն եւ ծովահայեաց դիրք: Սարահարթի վերայ շինուած բերդս է միակ հնութիւնն Բագաւան գաւառում եւ նոյն իսկ քաղաքում: Պարիսպների բարշձրութիւն է 4-5 սաժէն եւ հաստութիւնն` աւելի սաժէնից: Թէ բերդերի պարիսպներն եւ թէ բուրգերն շինուած են ամբողջապէս տաշած, տորոնագոյն քարերով: Արտաքին պարսպի հիւսիսային աւագ դրան արտաքին ճակատի վերայ զետեղուած է մի ցլագլուխ արձան. ինչպէս պարիսպների, նոյնպէս եւ քարարձանի գոյութիւնն շատ հին է: Երեւի թէ մնացած են հայոց Արշակունի առաջին թագաւորների ժամանակից:

Դարերի ընթացքում երբեմն-երբեմն նորոգութիւններ եղած են պարիսպների միւս մասերի վերայ, որպէս երեւում են հետքերիցն եւ նշաններից: Նշանաւոր հնութիւն է եւ բերդիս պալատն, որ բաղկացած է շատ սենեակներից, նոյնպէս եւ այն բարձրագոյն աշտարակն, որի գլխին եղած է, կայ եւ այժմ ծովային լապտեր եւ որի վերայ կայ արաբերէն արձանագրութիւն:

Քաղաքիս տիրած են հայք, աղուանք, պարսիկներ, արաբացիք, թաթարք, կրկին պարսիկներն, հուսկ յետոյ  ռուսներն 1808-ն: Բայց 1806-ին ռուսաց Ցիցիանով զօրավարն, որ եկած է լինում բերդս գրաւելու, սպանւում է բերդումս նստող պարսից Հիւսէյին-Ղուլի-խանի դարանագործութեամբ (Գաղտ. եր. 273):

Պարսիկներն, որք բնակում են բերդումս եւ քաղաքիս հարաւային կողմում, բոլորովին անկարգ եւ խառն ի խուռն շինած են իւրեանց բնակարանները եւ խանութները: Բարեկարգ եւ գեղեցիկ շինուած են հայոց տները, խանութները եւ իջեւանները:

Ծովեզերքն պարսպուած է, իբրեւ պատուար ընդդէմ ալեկոծութեան ծովի, ամէնամեծ տաշած քարերով: Շինուած են նաեւ գեղեցիկ նաւակամուրջներ եւ ծովային բաղանիսներ:

Քաղաքումս կայ 3 գործարան, որք նորոգում են շոգենաւեր եւ առագաստաւոր նաւեր: Կայ նաեւ 10 գործարան, որք թէ ձուլելով եւ թէ կռելով շինում են զանազան գործիքներ, այն է շոգենաւերի, նաւթահորերի, նաւթամաքրութեան եւ զտուած նաւթերը Բաթում փոխադրելու համար հարկ եղած գործիքներ, եւն: Սեւ քաղաք կոչուած քաղաքամասում կայ նաեւս 180 գործարան` միայն նաւթ սպիտակացնելու: Վերջին գործարաններս նաւթի մնացորդներից պատրաստում են բացի վառելու սպիտակ նաւթից, վեց տեսակ նաւթաիւղեր, որք գործ են ածւում ամէն տեսակ մեքենաների, գործարանների գործիքների համար եւն:

Ծովի վերայ երթեւեկող նաւթակիր շոգենաւերն 60-են թուով, 11-ն պատկանում է առանձնապէս հայոց, իսկ 49` միւս ազգերից: Կայ 285 հատ նաւթակիր առագաստաւոր, որից 25-ն պատկանում է միայն հայոց, իսկ մնացեալն` ուրիշ ազգերին: Բաց յայսցանէ կայ եւ 23 ապրանքակիր առագաստաւոր, որք պատկանում են այլեւ այլ ազգաց: Իսկ 68 հատ ապրանքակիր եւ մարդատար շոգենաւերից միայն 13-ն պատկանում են հայոց: Վերջապէս Բագուն նշանաւոր է եւ յաջող առեւտրով, վասնորոյ կարելի է համարել Կովկասեան կուսակալութեան առաջին քաղաքը:

Ամրան ծանր Բագուի օդն եւ կլիման եւ փոքր-ինչ աղահամ եւ անախորժ` ջուրն: Զորօրինակ հաղորդակցութիւն ունի Բագուն հեռագիրներով ամէն տէրութեանց երկիրների հետ, նոյնպէս ամէն նաւթահանք, ամէն գործարան, ամէն հիւրանոց եւ ամէն գրասենեակ հաղորդակցութիւն ունին միմեանց հետ թելերով:

Բագուի հայք ունին երկու քարաշէն եկեղեցի, մեծն` Ս. Լուսաւորիչ անուամբ, որ շինուած է հրապարակի վերայ եւ փոքրն ս. Աստուածածին անուամբ, որ շինուած է բերդի ստորոտում: վերջինս եղած է Բագուի հայոց միակ հին եկեղեցին, ինչպէս յայտնի է շինութեան ներքին եւ արտաքին ճարտարապետական ձեւից: Բայց յետոյ շինուած է ս՚ Լուսավորիչն տրօք ժողովրդեան:

Եկեղեցիներս ունին 2000 ծուխ, որոց մէջ կայ 3502 ար., 3835 իգ. եւ 5 քահանայ: Տարեկան լինում է 189 ար. ծնունդ, 206 իգ., 81 պսակ եւ 313 ննջեցեալ [4]: Կան նաեւ մօտ 3000 պանդուխտ հայեր, որք ծառայում են վարձքով նաւթահորերում, բոլոր գործարաններում, գրասենեակներում, հիւրանոցներում, խանութներում, տներում եւ բեռնակրութեան գործով:

Եկեղեցիներն ունին մի նորաշէն, եռայարկ եւ փառաւոր ուսումնարան:

Ա. յարկում կայ 8 սենեակ, որոց 5-ն դասարան է, 2-ն` ուսուցչանոց եւ 1-ն` մանկական գրադարան:

Բ. յարկն ունի 11 սենեակ, որոց 9-ն դասարան է, 1-ն` ուսուցչանոց եւ միւսն` մանկական գրադարան:

Գ. յարկն բաղկացած է 7 սենեկից, այն է` մի ընդարձակ դահլիճից եւ 6 տարբեր մեծութեամբ սենեակներից: Վերնայարկս ծառայում է իբրեւ թատրոն:

Ս. -Մեսրոպեան երկդասեան ուսումնարանում ուսանում են 184 աշակերտ, թոշակատու են 106 աշակերտ, իսկ ձրիավարժ` 78: 1 տեսուչ եւ 7 վարժապետ տարեկան ստանում են 4524 րուբ. ռոճիկ:

Ս. Հռիփսիմեան օրիորդաց երկդասեան ուսումնարանում ուսանում են 164 աշակերտուհի, թօշակատու 111 աշակերտուհի, իսկ ձրիավարժ` 53:

1 տեսուչ, 4 վարժապետ, 2 վարժուհի (մին` ձեռագործի) եւ մի վերակացուի ստանում են տարեկան 4080 րուբ ռոճիկ:

Թէ տղայոց եւ թէ օրիորդաց վարժապետների եւ վարժւոհիների ռոճիկներն վճարում են թօշակադրամներից, եկեղեցուց եւ ձեռագործների վիճակահանութիւնից:

Քաղաքում կայ եւ Մարդասիրական Ընկերութիւն, որ շինած է իւր ծախքով մի փառաւոր աղքատանոց, ուր պատսպարւում են խատ անտէր եւ անկար աղքատներ: Օրհնեա՜լ օժանդակութիւնը եւ խնամքը տարածում է նաեւ Աղուանից գաւառների աղքատ դպրոցների եւ այլ չքաւոր ուսանողների վերայ:

Մարդ. Ընկերութիւնն ունի եւ մի ճոխ մատենադարան, որի մէջ գտնւում են հայերէն, ռուսերէն եւ գաղղիերէն բազմաթիւ գրքեր:

 



[1] Այս 300 ծխից բաղկացած գիւղը, որ գտնւում է Դաւաչի գետի աջ կողմի բարձրութեան վերայ, շփոթելու չէ ամարանոց Խալթանի կամ Նովրի հետ:

[2] Որ է այժմեան աւերակ քաղաքատեղին:

[3] Գործածութեան մէջ եղած աղալճերն կոչւում են Քիւրդախանի, Չըխ եւ Մասազուր:

[4] Տեղական ննջեցելոց շարքում ՚ի հաշիւ առնուած է եւ պանդուխտ հայոց ննջեցեալները: