Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ԼԵՌՆԵՐ. Լեռներից ամենամեծն եւ ամենաբարձրն է Կովկասն, որ ընկած է Կասպից եւ Սեւ ծովերի մէջ, արեւելքից արեւմուտ դիրքով: Այս ահագին լեռն է, որ` իբր բնութենաստեղծ եւ յաւիտենական ամբարտակ եւ անփոփոխելի պատուար բաժանում է ինչպէս բնական սահման Ասիան Եւրոպայից: Լեռնաշղթայիս ամենաբարձր գագաթներն են Էլբրուս եւ Կազբեկ [1] արեւմտեան կողմում, իսկ Շահդաղ (լեռների թագաւոր), Թիֆան-դաղ եւ Շէյխ-Շալբրուս` արեւելեան կողմում, որոց գագաթներն ծածկուած են մշտապատ ձիւներով: Կովկասեան լեռնաշղթաներից ամենաբարձրն է հարաւայինն, որ բազմաթիւ սարաւանդներով, լեռնաբազուկներով, անդնդախոր ձորերով եւ ձորակներով, յանկարծ խոնարհած է բաղասական դաշտի եւ Զարղունի դաշտակի վերայ: Հիւսիսային կողմն, ինչպէս նկարագրած ենք Դաղստանի մասում, բազմաշղթայ է, որ աստիճանաբար կամ սանդղաձեւ ցածանալով, հասնում է ծովին եւ տեղ-տեղ` դաշտերին: Թէեւ անպակաս են եւ հիւսիսային կողմում սարաւանդներ, լեռնաբազուկներ, տարբեր խորութեամբ ձորեր եւ ձորակներ: Լերանս բարձր գագաթն սկսուած է Շամախու մօտից` Բաբա-դաղից, եւ շարունակուած դէպի Էլբրուս: Այս հսկայ լեռն հայոց պատմագիրներից (Ագաթ., տպ. Թիֆ., եր. 453. Խոր., տպ. Վենետ., եր. 19. Թովմ. Արծ., դպ. Պետ., եր. 175) անուանում են Կաւկաս, (Եղիշէն, Կաղանկատուացին եւ Սեբէոսն` Կապկոհ [2] ), իսկ մնացեալք Կովկաս. եւրոպացիք Կօկազ, լեկզիներն` Եալ-բուզ (սառցագագաթ), պարսիկները` Կոհկաֆ եւ արաբացիք` Քաֆքաֆ:

  Երկրորդն է Արցախի լեռնաշղթան, որ սկսուած է Երասխի ձախ ափից, անցած Արցախի, Գանձակի, Գարդմանի գլուխներով եւ միացած Գեղարքունեաց, Կայենի եւ Կանգարի լեռներին: Լեռնաշղթայիս բարձրագոյն գագաթներն են Մռաւ եւ Արութիւն` Գանձակից վերեւ, Քիրս` Շուշուց վերեւ, Դիզափայտ` Գտիչ վանուց վերեւ: Լեռնաշղթաս արձակած է դէպի հիւսիս, Արցախի Գանձակի եւ Գարդմանի դաշտի կողմերն հարիւրաւոր, բազմաճղի լեռնագօտիներ, սարաւանդներ եւ լեռնաբազուկներ, որք աղխաղխելով միմեանց կազմում են ուրեք-ուրեք անդնդախոր ձորեր եւ ահարկու վիհեր, սարսափելի կիրճեր եւ զարհուրելի նեղուցներ, օձապտոյտ ձորակներ եւ լերկ ապառաժներ, վիմահերձ քերծեր, խոխոմներ խրամներ եւ միանգամայն սագաձեւ, ձկնաձեւ, ձուաձեւ, թամբաձեւ եւ լիսեռնաձեւ լեռնակներ, բլուրներ, թումբեր եւ սեռեր:


ՓՈՔՐ ԼԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ. Այն երկարաձիգ լեռնաշղթան, որ ընկած է Վատնեան դաշտի, Կովկաս լերան, Աղուանից եւ Զարղունի դաշտերի մէջ, սկսուած է Դարբանդի գլխից, անցած Ղուբայի տակովը, հասած մինչեւ Բագու, ապա դարձած դէպի արեւմուտ, անցած Շամախու եւ Նուխու տակերով եւ հասած մինչեւ Թիֆլիս: Եւ ապա Թիֆլիսի տակով ծռուած դէպի Պարսկաստան, անցած դաշտաբերանով, միացած Գարդմանի, Գանձակի եւ Արցախի լեռնոտեաց եւ հասած Երասխի մօտերքը: Զանազան անուններ ստացած է փոքր լեռնաշղթաս, օրինակ` սկսած տեղերում կոչւում է Դարբանդի սար, Ղուբայի մօտ` Շաբրանի սար, ապա` Աւշարան եւ այլն: Շամախու մօտերքում ունի առանձին անուններ. իսկ Կոկիսոն գետակից մինչեւ Նուխու կողմերն ընդհանրապէս կոչւում է Բոզ-դաղ (Եսայ. Կաթ. տպ. Երուս. եր. 27 Պօզ): Որովհետեւ լեռնակիս այս մասն գրեթէ ամբողջապէս բաղկացած է մոխրագոյն եւ փխրուն հողից. այս է Բոզ-դաղ կոչուելու պատճառն: Դարբանդից սկսեալ մինչեւ Երասխ գետը տեղ տեղ ընդհատւում է լեռնաշղթաս նեղ եւ խոր ձորերով, որոց միջից անցնում են գետեր եւ գետակներ: Համարեա' թէ ամենուրեք կազմում է լեռնաշղթաս զանազան մեծութեամբ սարահարթեր, դաշտակներ եւ հովիտներ: Բայց Նուխու գաւառների մէջ ընկած մասն անպէտք է ամենամեծ մասամբ, վասն զի նախ զուրկ է բուսականութիւնից եւ երկրորդ` անմատչելի է ընտանի անասուններից: Այս մասում ամենուրեք երեւում են խռնեալ, խտացեալ, անջատեալ, աղխաղխեալ, շղթայաշարեալ մերկ-մերկ հողեայ լեռներ, սրածայր, ատամնաձեւ, սեպաձեւ, անզարդ սարակներ, բլրախմբեր, թումբեր եւ լիսեռնաձեւ լերկ սեռեր եւ անախորժ երեւոյթներ, մանաւանդ Աղուանից դաշտաբերանի կողմերում: Անթիւ եւ անհամար են անձրեւի հեղեղատներն, բայց բոլորովին անջրդի եւ տխրատեսիլ:


ԳԵՏԵՐ ԵՒ ԳԵՏԱԿՆԵՐ. Ամենամեծն է Կուր [3] գետն, որ Խրամ գետաբերանով մտնում է Աղուանից երկիրն, Արաշ գաւառի Քանդակ գիւղի մօտ կազմում մի ջրվէժանման փոքր ջրավազ, անխօս հարսի նման լուռ ու մունջ ոլոր մոլոր անցնում Աղուանից եւ Գարգարացւոց կամ Արցախի դաշտերի միջով եւ ապա թափւում է Կասպից ծովը: Բայց գորովագութ մօր նման ընդունում է իւր ծոցն իւր աջ կողմից Խրամ, Ձորագետ (յետոյ միացեալ), Աղստեւ, Հասան, Տաւուշ (կամ Թովուզ), Զակամ, Շամքոր, Բանանց, Գանձակ, Կուրակ, Սեւ (Ղարա չայ), Տրտու (Թարթար), Խաչէն եւ Գարգար գետակները, որք բղխում են Կանգարի, Փամբակի, Ծաղկունեաց, Գարուայ, Գարդմանի, Գեղարքունեաց, Ծարի, Գանձակի եւ Արցախի լեռների հիւսիսային եւ արեւելահայեաց լանջերից: Իսկ ձախ կողմիցն ընդունում է Ալազան, Կախաւան, Արջկան, Դուրկան, Կոկիսոն (Գեօգ-չայ), Գարդման (այժմ Գիրդեման), Սպիտակ (Աղ-սու) եւ Փիր-Սհաթ գետակները, որք բղխում են Կովկասեան լեռնաշղթայի հարաւային լանջերից, սկսեալ Բաղասական (Բալաքեանի) կողմից մինչեւ Շամախու մօտ Մազրա գիւղաւանի լեռներն: Ահա այս մեծ գետն հայերէն անուանւում է Կուր, վրացերէն` Մթկուարի, պարսկերէն եւ տաճկերէն` Քեուռ:

Երկրորդ մեծ գետն է Երասխ, որ Մեծ-Սիւնեաց սահմաններից մտնում է Արցախի դաշտն, ուրեք-ուրեք հոսում սրընթաց, գրկախառնւում եւ միանում իւր քոյր Կուր գետին, կարօտակէզ սէրը յագեցնելուց յետոյ բաժանւում եւ ճիւղաւորուած թափւում Կասպից ծովը: Երասխն իւր ձախ կողմից ընդունում է Հակարի գետակը եւ մի քանի փոքրիկ գետակներ, որք են Ղոզլու, Ղուրու-չայ (Թաղլարի գետակ) եւ Քէօնդալան: Առաջին գետակն հոսում է Մեծ եւ Փոքր Սիւնեաց սահմանից եւ բաժանում է Մեծ-Սիւնիքը Փոքր-Սիւնիքից: Իսկ մնացեալներն բղխում են Դիզափայտ սարի արեւելեան եւ հիւսիսային կողմերից: Այս գետն հայերից կոչւում է Երասխ, յոյներից` Արաքսիս, պարսիկներից եւ տաճիկներից` Արազ:

Կովկասեան լեռնաշղթայի հիւսիսային եւ արեւելեան լանջերից սկիզբն են առնում եւ Կասպից ծովն թափւում Դարբանդից մինչեւ Բագու` Րուբաս, Փոքր-Սամուր, Մեծ-Սամուր, Գուսար, Ղուբա, Աղ-չայ, Չաղաջուղ, Վալվալա, Շաբրան, Դաւաչի, Կիլհին, Աթա, Արբաթ եւ Սուղայիդ գետերը:


ԱՄԵՆԱՄԵԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ. Առաջին կարգի աղբիւրն, որ կարող է դարձնել երեք ջրաղաց, բղխում է Կովկասեան սարի հիւսիսային լանջից, Թիֆան-Դաղի եւ Ղարա-Դաղի միջից: Ունի պատուականագոյն, ցուրտ, քաղցրահամ եւ ախորժելի ջուր: Սաստիկ արտավիժելու պատճառաւ` ական մօտ փրփրում է ջուրն եւ եռացեալ կաթսայի նման շրջապտոյտ անելով գոգցես եռում, եփում, պճպճում եւ գոյացնում անհամար պղպջակներ: Այնքա՜ն ուշագրաւ են յորձանքի ձայնն, պղպջակների պատկերն եւ շրջապտուտի տեսարանն, մինչեւ անգամ մարդ կամենում է փոխ առնել երկու աչք եւ երկու ականջ եւս եւ նայել ու լսել անյագաբար: Ակից 40 քայլ հեռի դէպի վեր նստողն, ասես թէ գետնի տակից լսում է ուժգին փոթորկի, ահեղ որոտման եւ ահարկու երկրաշարժի ձայներ: Մանաւանդ աւելի սաստկանում են ձայներն, երբ մարդ ականջները մօտեցնում է գետնին: Երեւի թէ շատ բարձրից է շռշռում այս ստորերկրյա ջրվէժը: Ահա այս է Գուսար գետի ակն:

Երկրորդ աղբիւրն, որ մօտ երկու ջրաղացի ջրի չափ է, գտնւում է Շամախու Գարդման (Գիրդեման) գաւառում, Գիրկ գիւղի դիմաց` հարաւահայեաց հովտում: Անախորժ, ծանր եւ վնասակար է աղբերականս ջուրն, որ ունի մի տեսակ անբացատրելի գոյն, որ մօտ է երկաթի գոյնի:

Երրորդ աղբիւրն, որ դարձնում է մի ջրաղաց եւ մի ջրատինկ, գտնւում է Նուխու Ղաբալա գաւառի Խաչմաս գիւղի արեւելեան կողմում, Ուտիական աւերակ մի գիւղատեղի մօտ, մի խոր ձորում: Ազնուագոյն, գովական, ցուրտ եւ թեթեւ է աղբերականս ջուրն, որ ունի մարսեցուցիչ զօրութիւն: Բայց որովհետեւ ջուրս ելնում է մի ամենամեծ խողովակից, վասնորոյ հաւանական է, որ բերուած լինի մօտակայ Կովկաս սարի հարաւահայեաց լանջից: Խեցեղէն խողովակների մեծութիւնն, երկարութիւնն, հաստութիւնն եւ ամրութիւնն ապացոյց են խիստ հեռաւոր անցեալի բրտական արուեստի ճաշակին եւ ճարտարութեան: Իսկ քարացեալ կրացեխի ամրութիւնն, որ կարծես ի մի ձուլուած է խողովակների հետ, զարմացնում է տեսնողները` ժամանակի որմահիւսութեան վարպետութեամբ:

Չորրորդ աղբիւրն, որ դարձնում է մի ջրաղաց, գտնւում է Արցախի Տիգրանակերտ (այժմ` Թառնագիւտ) աւանի մօտ: Աղբիւրս, որ շատ հեռի չէ մեծ ճանապարհից, բղխում է մի մեծ սարի ստորոտից երկու ակից եւ միանում իսկոյն եւեթ: Եւ որովհետեւ հոսում է ջուրը սպիտակ քարերի միջով, վասնորոյ ունի արծաթափայլ եւ վճիտ գոյն, այսուամենայնիւ անախորժ է ըմպելեաց, հետեւապէս եւ անառողջարար, բայց սքանչելի է թէյի համար: Աղբերակիցս փոքր ինչ հեռի` ջուրն իւր երկու եզերքներում գոյացնում է կանաչագոյն, բայց լպրծուն բոյսեր, որոց նմաններն ընդհանրապէս տեսնւում են վատ ջրերի` առուների եւ առուակների ափերում եւ ճահճային տեղերում:


ԴԱՇՏԵՐ. Ամենամեծ է Գարգարացւոց կամ Արցախի դաշտն, որ լեզուակաձեւ սկսուելով Թիֆլիսի արեւելեան կողմերից եւ հետզհետէ լայնանալով տարածուած է Կուր եւ Երասխ գետերի եւ Արցախի, Գանձակի եւ Ղազախի փոքր-լեռնաշղթայի մէջ: Դաշտիս նշանաւոր մասն է Մուղանի դաշտ հռչակուածն, որ ընկած է Կուր եւ Երասխ գետերի մէջ եւ յայտնի է իւր պատմական անցեալով:

Երկրորդն է Աղուանից դաշտն, որ սուրանկիւնաձեւ սկսուած է Արաշ գաւառի Քանդակ գիւղի վերեւից, աստիճանաբար լայնացած եւ տարածուած Բօզ-դաղ լեռնաշղթայի, Կուր գետի ձախ ափերի եւ Կասպից ծովի միջեւ:

Երրորդն է Վատնեան դաշտն, որ երկարաձիգ եւ նեղ դիրքով ընկած է Կասպից ծովի եւ փոքր լեռնաշղթայի միջեւ` Դարբանդից մինչեւ Բագուի կողմերը: Չորրորդն է Զարղունի [4] դաշտն, որ տախտակաձեւ սկսուած է Կոկիսոն գետակի աջ եզրից, ընկած Կովկաս սարի եւ Բօզ-դաղ լեռնաշղթայի միջեւ, ապա Ճառի մօտ լայնանալով, հասած է մինչեւ Ալազան գետակն: Լայնացած տեղս է Բաղասական դաշտը:


ԴԱՇՏԱԿՆԵՐ. Ամենանշանաւորն է Սարուճա յորջորջուածն, որ ընկած է Բօզ-դաղի վերայ իւր երկարութեամբ, սկսուած Կոկիսոն գետակի աջ կողմի բարձրութիւնից, ընդհատուած Դուրկար եւ Արջկան գետակներով եւ վերջացած Նուխի տանող ճանապարհի մօտ:

Երկրորդն է Գարդման եւ Կոկիսոն գետակների եւ Կովկաս ու Բօզ-դաղ լեռնաշղթաների մէջ ընկածն, որը կարելի է անուանել եւ գեղեցիկ ու ընդարձակ հովիտ:

Երրորդն է Արաշ գաւառի Խանաւատ գիւղի դաշտակն` Արջկանի աջ ափում:

Չորրորդն է Գիրկ գիւղի դաշտակն, որ սկսուած է վերոյիշեալ մեծ աղբիւրի մօտերքից եւ հասած մինչեւ Աղ-սու գետակի աջ կողմն:

Հինգերորդն է Պաշնճաղ գիւղի մօտի դաշտակը: Բացի երկրորդ դաշտակիցդ, մնացեալք ընկած են Բօզ-դաղ լեռնաշղթայի մէջերքում:

Վեցերորդն է Կովկասեան լեռնաշղթայի եւ փոքր լեռնաշղթայի մէջ ընկած դաշտակն, որ սկսուած է Դարբանդի արեւմտեան կողմից դէպի Ախտու կողմերն եւ դէպի Ղասմ-Քեանդի կողմերն, ապա ընդհատուած, ապա Ղուբայի արեւելեան կողմից կրկին սկսուած եւ վերջացած Քիլուար գիւղի հիւսիսային հանդէպում:


ԱՆՏԱՌՆԵՐ. Նշանաւոր անտառներ տարածուած են Արցախի, Գանձակի Գարդմանի, Ղազախի եւ Սեւորդեաց Մեծ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերի վերայ: Նմանապէս Կովկասեան Մեծ լեռնաշղթայի ստորոտից մինչեւ կէսն ծածկուած են անտառներով, այնպէս որ Ալազանից մինչեւ Շամախու մօտերքն սարիս հարաւահայեաց, իսկ Ալթի-Աղաջից մինչեւ Ղուբայի արեւմտեան կողմերն` հիւսիսահայեաց լանջերն ծածկուած են անտառներով: Կան կաղնի, սղոցի, ընկուզի, հաճարկի, թեղի, լայնատերեւի, տխկի, կռզնենի, հացի, բեխի, ճղանի, լորենի, սզնի, կիչի (վայրի կեռասի), գենի (գիհի), ցրդնի, մայրի (սակաւ), ճըռ-տանձի, ճըռ-խնձորի, տկողնի (արքայակաղնի), զկռի (զղեարի), ծտի տանձի, մոխրի տանձի, սալորի, լկրթնի եւ թքեռնի (միայն Արցախի կողմերում) ծառեր:

Նշանաւոր են նաեւ այն անտառներն, որք ընկած են Կուր գետի աջ ու ձախ ափերում, սկսեալ Քանդակ գիւղից դէպի վար` ծովակողը: Բացի վերոյիշեալ ծառերի տեսակներից, այստեղ կան նաեւ սաղուզի [5], սուտ ընկուզի եւ կարմիր ծառեր, որք կոչւում են տեղական բարբառով եալանղոզի եւ ղըզըլ-աղաճ: Այսպէս են եւ Վատնեան դաշտի եւ ծովեզերքի միջեւ տարածուած անտառներն, միայն սաղուզի չկայ այստեղ: Նմանապէս եւ Գուսարի, Ղասմ-Քեանդի եւ Զարղունի դաշտի անտառներն առատ են եւ գեղեցիկ, նոյն տեսակ ծառերով:

  Իսկ Բօզ-Դաղ լեռնաշղթայի վերայ ընդհանրապէս բուսնում են միայն գենի, ցրնդի, սաղուզի եւ սակաւ ուրեք` կաղնի եւ սզնի ծառեր. նմանապէս եւ Ղուբայի Շաբօրան գաւառի լեռնամասում` Խալթան գիւղի շրջանակներում:

Փոքր լեռնաշղթայի վերայ` Արցախի, Զամակի եւ Ղազախի կողմերում, անպակաս են մացառուտներ, շամբեր, ծմակներ եւ թաւուտ թուփեր, որոնց մէջ կան դժնիկ, մասրի, գերմասրի, մորենի, ցախաւելի, թբլղի եւ այլ թուփեր:

Կուր գետի աջ ու ձախ կողմերում անտառանման կանգնած են մի քանի տեսակ եղեգներ եւ զանազան լայնատերեւ եւ երկայնաձիգ խոտեր, նոյնպէս եւ Նուխու եւ Շամախու գաւառներում ուրեք-ուրեք եւ Վատնեան դաշտի ծովակողմերում: Բայց այժմ չկան Կաղանկադուացու ակնարկած ձիթենիքը:

Պակաս չեն եւ ընտանի ծառոց անտառներ կամ միայնակ բուսած ծառեր, ինչպէս են կաղամախի, սօսի, բարտի եւ ուռի, մանաւանդ Արցախի դաշտային մասում, Գանձակում եւ Նուխու Ղաբալա գաւառում: Աղուանից երկրի ամենահաստ ծառն, որ կամղաախի է, գտնւում է Ղաբալու Վարդաշէն գիւղաքաղաքում: Ծերունազարդ ծառս, որ տակաւին շատ առոյգ է ըստ երեւոյթին, մօտ է հայոց եկեղեցուն: Ծառիս բնի հաստութիւնն է քսան եւ չորս (24) արշին ռուսի` շրջապատից չափելով: Եթէ յայտնէր իւր ծննդեան տարեթիւը, գրելու էի թէ քանի՞ տարեկան է ծառս, որ այնքան ուշագրաւ է եւ փառաւոր իւր տեսքով:


ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐ. Աղուանից երկիրն հարուստ է եւ ամառանոցներով: Դարբանդի, Ղուբայի, Բագուի, Շամախու, Նուխու եւ Ճառի (Զաքաթալա) գաւառաբնակ ժողովրդոց հովուական դասակարգի ամառանոցներն են Կովկաս սարի հիւսիսային եւ հարաւային գագաթներն եւ սարահարթերն, ձորակներն եւ սարալանջերն: Լերանս գագաթնագիծն տարուան բոլոր եղանակներում գրեթէ ծածկուած է մշտասառոյց ձիւնով, միջի մասերն արօտատեղի են առանց անտառի, իսկ ստորին մասերն ծածկուած են թանձր անտառներով թէ' հիւսիսային եւ թէ հարաւային կողմերից: Լերանս միջնամասերն գարնան ամիսներում, գոյնզգոյն գործած գորգերի նման, զարդարուում են հազարագոյն եւ երփներանգ ծաղիկներով եւ խոտերով: Հարկ է յայտնել, որ Կովկաս սարիս հարաւահայեաց լանջերի համարեա' թէ կէս մասերն ապառաժ քարեր են` ցցուած եւ հետեւապէս անմատչելի եւ անբոյս, այսու ամենայնիւ իբր ամառանոց բաւական են անասուններ դարմանելու:

Արցախի, Գանձակի, Գարդմանի եւ Սեւորդեաց ամառանոցներն են իւրեանց լեռներն, որք չունին այնքան ապառաժ եւ անզարդ տեղեր Կովկասի պէս, այլ հիանալի են դալարագեղ սարահարթերով, հարթակներով, հովիտներով, ձորերով, լանջերով, գերազանց ականակիտ եւ առատ ջրերով:


ՁՄԵՌԱՆՈՑՆԵՐ. Արցախի, Գանձակի, Ղազախի եւ Սեւորդեաց անասնադարման ժողովրդոց ձմեռանոցներն են Կուր գետի աջ ափերն կամ այսպէս կոչուած Մեծ դաշտն` Խրամ գետակից մինչեւ Երասխ:

Նուխու, Շամախու եւ Բագուի գաւառների ձմեռանոցներն են Աղուանից դաշտն, իսկ Ղուբայի եւ Դարբանդինն` Վատնեան դաշտն:

Շատ տարիներ այս դաշտերում ձիւնը չէ զօրում մնալ նստած, այլ շուտով հալւում է եւ անհետանում: Վասն որոյ դաշտերս ունին անասուններ աճեցնելու ամեն տեսակ յարմարութիւններ եւ դարմանելու միջոցներ, այն է` շատ տարիներ ձմռան եղանակում անգամ ոչխարներն արածելու խոտ են գտնում արօտներում:


ՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՒ ԹՌՉՈՒՆՆԵՐ. Առատ են որսալու կենդանիներ Կովկասեան եւ Արցախեան անտառներում եւ ամառանոցներում, ինչպէս են քօշ, եղջերու, եղնորթ եւ կինճ, մացառուտներում` նապաստակ, փասեան, կաքաւ, սալամն, մոշահաւ եւ դաշտերում` հօտերով այծեամն, կատակ հաւ, լորամարգի, հաւփալ, աղաւնի եւ տատրակ: Կուր գետի անտառներում եւ եղեգնաշամբերում խիստ առատ են մանաւանդ կինճ եւ եղջերու. իսկ ջրերում եւ լճակներում` վայրի սագ եւ բադ:


ԳԱԶԱՆՆԵՐ ԵՒ ԱՆՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆՆԵՐ. Առիւծ, վագր, յովազ, ինձ (Կովկաս լեռներում), իսկ ամեն անտառներում` արջ, գայլ, լուսեմն, աքիս, դաշտերում եւ մացառներում` աղուէս, չաղալ [6], գիշերի եւ սեւականջ (տեղական բարբառով` Ղարա-ղուլաղ):


ԳԻՇԱԿԵՐ ԹՌՉՈՒՆՆԵՐ. արծիւ, անգղ, գառնաբարձ, լաչին, բազէ, կարմիր բազէ, ուրուր, ցին, հողմահար, ճայ, ձկնկուլ, ղույ, բու, ագռաւ, կաչաղակ եւն.:


ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ. Գոմէշ, եզն, կով, ոչխար, այծ, ուղտ, ձի, ջորի, աւանակ: Ականաւոր են Արցախի ոսկեգոյն նժոյգներն:

 



[1]                Եւրոպացի արդի մատենագիրներից ոմանք հետեւեցնում են, թե Կօկազ անունն ծագած է Կազբ ազգանունից, օրինակ, Կասպից ցեղ, Կասպից ծով, Կազբեկ լեռ, վասն զի Կազբից ժողովուրդն, որ բնակած էր Բագուի սահմաններում, ապա Դարբանդի կողմերով եւ ծովեզերքով անցնելով` բնակած էր Կազբեկ լերան հիւսիսային կողմում:

[2]                Եղիշե, եր. 145. Մով. Կաղ. եր. 89 «Կապիկու» Սեբ. եր. 37.

[3]                Չենք նկարագրում լեռների, գետերի եւ դաշտերի այն մասերը, ակունքները եւ շարունակութիւնները, որք արտաքոյ են Աղուանից երկրիցն եւ յայտնի գրականութեան:

[4]                Բոլոր Յասմաւուրքներն եւ Ղ. Վ. Ինճիճեան գրած են Զարղունի դաշտ: Նիժ գիւղաքաղաքի մօտ կայ մի գիւղ, որ ցարդ եւս կոչւում է Զարղուն: Երեւի ընդօրինակողների սխալ է Պատ. Աղուան. տպ. ի Մոսկ. Ձերգունի եւ տպ. ի Փար. Զերգունի անունն:

[5]                Ամենակարծր, խիստ ծանր եւ անփութ եւ անպտղատու ծառ, որ փշոտ է եւ ունի նեղ_նեղ տերեւներ: Բաւականին հաստանում է ծառն, բայց շատ չէ բարձրանում:

[6] Ճագար չէ այս, այլ նմանութիւն ունի աղուէսի թէ' մեծութեամբ եւ թէ' կերպարանքով: Մազերն տորոնագոյն են եւ անազնիւ, գործ են ածում մուշտակի համար: Իսկ գիշերու մորթուց շինում են հրացանի պատեան